Vakhtang Ananyan
Հովազաձորի գերիները
4
Գլուխ հինգերորդ. Թե ինչպես հույսն ու հուսահատությունը պարբերաբար հաջորդում էին իրար
Մի գիշերվա մեջ մեր պատանիները զգալիորեն նիհարել էին. մինչև լույսը բացվելը նրանք աչք չէին փակել։
Լուսացավ, իրար երես նայեցին, փորձեցին ժպտալ, անհոգ ձևանալ, դե անհարմար էր հուսահատության նշաններ ցույց տալ ընկերների մոտ։
Կարգին հով էր, չէ՞, առաջինը խոսեց Գագիկը։ Ձեր արևը, իսկական ամառանոց ենք ընկել, օդը սա՜ռը, մաքո՜ւր… Ամբողջ Հովազաձորում մի հատիկ միկրոբ չեք գտնի…
«Թե գյուղ կգնա՜նք, ես ձեզ ամառ… ամառ… ամառանոց ցույց կտամ», զնգր-զնգր դողալով և արցունքոտ աչքերը բռունցքով տրորելով մտքի մեջ սպառնաց Սարգիսը։
Աշոտը խորշից դուրս եկավ և իսկույն ընկավ փոթորկի մեջ։ Քամին առատությամբ նրա դեմքին էր խփում ձյան չոր հատիկները։ Արար-աշխարհ կորել էր թափվող ձյան մառախուղի մեջ։
Նա նորից խորշը մտավ և հանդիպեց ընկերների հարցական հայացքներին։ «Հը՛, հույս կա՞…» ասում էին այդ հայացքները։
Պիտի սպասենք, մռայլ ասաց նա, ապա տոնը փոխեց. Ա՜յ քեզ արկա՜ծ… հիմի իմ որսորդ հայրը ամբողջ գյուղը ոտքի է հանել, սարերն ընկած մեզ են փնտրում։
Ու ժպտաց անհոգ, կարծես բավականություն էր ստանում այն մտքից, որ «ամբողջ գյուղը սարերն ընկած» իրեն է փնտրում։
էդ լավ է, մեզնից ով սիրելի չէր, հիմի սիրելի դարձավ, արձագանքեց Գագիկը, օ՜ֆ, ինչ կլիներ, որ քարն էլ փափուկ լիներ բրդի նման…
Ինչ կլինե՞ր։ Նրանից ոչ տուն կշինվեր, ոչ կամուրջ, ինչ պիտի լիներ… Ա՜խ, հիմի իմ խեղճ մայրը աղի-աղի լաց է լինում. Աշո՛տ, կարո՞ղ է պատահել, որ մնանք այստեղ փակված։
Շուշիկը հուսադրող խոսքի էր սպասում։
Չենք մնա, մի՛ վախենա, հիմի ուր որ է ձյունը կդադարի, կգնանք…
Բայց ձյունը դադարելու մտադրություն չուներ։
Կեսօրի մոտ նա արդեն լցրել էր սեպ-սեպ քարերի արանքները և ամեն ինչ հավասարեցրել խորշի առաջ։
Հասոն դուրս եկավ, նայեց պղտորված-խառնված բնությանը և բացասաբար շարժեց գլուխը։ Ապա ձեռքը բռնեց թափվող ձյան տակ և տնտղեց նրա կոշտ, սառը հատիկները։
Հը՛, ի՞նչ եզրակացության եկար, հարցրեց Աշոտը, երբ քուրդ պատանին նորից տեղավորվել էր։
Երկար է գալու… շա՛տ երկար… Ու շատ խոր…
Թո՜ղ, հիմի կկտրվի-կգնանք, ձեռքը թափ տվեց Աշոտը։ Տե՛ս, ինչքան մանրացել են հատիկները։
Խորքի աղջամուղջում ճերմակին տվին Հասոյի ատամնաշարքերը։
Հենց վատն էլ էդ է, որ մանր է գալիս։ Եթե խոշոր փաթիլներով գար՝ շուտով կկտրվեր, ասաց նա վստահ։
Դե ով-ով, Հասոն է՞լ չհասկանար «ձյան գործերից»։
Հասոյի այդ խոսքից փուլ եկավ Շուշիկի ամբողջ հույսը։
Ուրեմն փակվա՞ծ ենք մնալու…
Եվ նա սկսեց լուռ լալ։
Աշոտը, որ քիչ առաջ լավատեսորեն էր տրամադրված, նորից մռայլվել էր։ Նրան վրդովեցնում էր բնության «համառությունը», սպասում ես, սպասում, մի ժամ, հինգ ժամ, չի կտրվում, թափվում է միալար։ է՛, Աշոտն այդքան համբերությո՞ւն ունի։
Լաց լինելն արգելվում է, չոր և կտրուկ հայտարարեց նա։ Լռենք և սպասենք, տեսնենք ինչ մտադրություն ունի բնությունը… Շուշի՛կ, դու Բոյնախի մոտ նստիր… Այդպե՛ս, մեջքդ դեմ արա նրա փափուկ կողին, մեջքդ որ տաք մնա, չես հիվանդանա…
Լռեցին։ Ձյունը շարունակում էր թափվել առատությամբ, բուքը չէր դադարում։ Գյուղում, տաք բնակարաններում նրանք երբեք չէին զգացել բնության արհավիրքը, նրա կործանարար ուժը։ Այստեղ, զուրկ այն զենքերից, որոնցով մարդս պայքարում է բնության դեմ՝ զուրկ բնակարանից, տաք հագուստից, սննդից, գործիքներից, նրանք միանգամից զգացին տարերքի դաժանությունը, զգացին, թե ինչքան անճար է լինում մարդս բնական աղետների դեմ, երբ մնում է մերկ ձեռքերով։
Ի՞նչ հոգ քարայծերին։ Հիմա իրենց անձավներում նստած՝ հանգիստ որոճում են, իսկ երեկոյան դեմ դուրս կգան արոտի, կճղակներով կքանդեն ձյունը, կբացեն փափկած խոտը կհագեցնեն իրենց քաղցը։ Նապաստակները թփեր կկրծեն։ Սկյուռը իր շտեմարանից կսկսի սնվել, արջն ու գորշուկը քուն կմտնեն ու առանց կերի կանցկացնեն ամբողջ ձմեռը։
Նրանց բանը հեշտ է, նրանք բոլորն էլ հարմարվել են բնության խստություններին։ Ի՞նչ անեն անզեն ու անփորձ պատանիները…
Այսպիսի մռայլ մտքեր էր առաջ բերում թափվող ձյունը մեր պատանիների մեջ, բայց և հույսը դեռ չէր լքել նրանց։ «Հիմի ուր որ է դրսից կգտնեն մեզ», մտածում էին նրանք և դա համբերություն էր տալիս։
Շատ սպասեցին այդպես լուռ, բայց ոչ ձյունը դադարեց, ոչ նրանց փնտրողները երևացին։
Օրն անցավ, ձյունը տեղում էր հա տեղում, քաղցն ու ծարավը գլուխ էին բարձրացնում և մռայլ մտքեր առաջ բերում։ Ոչ մեկի մոտ ժամացույց չկար։ Օրվա ո՞ր ժամն էր. մառախուղը չոքել էր ժայռերին և շարունակ իրիկնադեմ էր թվում։ ժամանակն անցնում էր ծանր, սրտամաշ…
Տեսա՞ր մեզ ուր հասցրեց այդ քյալլագյոզը, վրդովված քրթմնջում էր Սարգիսը։ Նրա դեմքի աղվամազը բիզ-բիզ կանգնել էր, իսկ մաշկը կարծես փետրած հավ լիներ։
Աշոտը, որ շուտ-շուտ խորշից դուրս էր գալիս եղանակն ստուգելու, դարձել էր անհամբեր։
Հերի՛ք կռկռաս, նեղացավ նա, տղամարդը ձյան տակ էլ կընկնի, ժայռերում փակված էլ կմնա։ Սովորե՛լ ես կոլխոզի տաք պահեստին…
Աշոտը խոսում էր արտաքին զայրույթով։ Էապես նա աշխատում էր իր խղճի ձայնը լռեցնել, իրոք, ծանր կացության մեջ գցեց ընկերներին իր ցնորամիտ բնավորության պատճառով։
Վերջը լավ կլինի, հույս էր տալիս Գագիկը, բայց սոսկում էր այն մտքից, որ կարող է իրականանալ Աշոտի սպառնալիքը Սարգսին՝ կարող են փակված մնալ ձորում։
Միայն Հասոն էր, որ իր ընկեր Բոյնախի վիզը գրկած, թիկն էր տվել ապառներին ու անքթիթ նայում էր դրսում առատորեն թափվող ձյունին։ Թեթև, հազիվ նկատելի հեգնանք կար դրոշմված նրա բրոնզագույն դեմքին, «է՛հ, ձյուն է էլի՛, ինչ եք գլուխներդ կորցրել», կարծես ասում էր նրա հայացքը։
Թաղիքե կլոր գլխարկին փաթաթած փուշիի աբրշումե ծոպերը իջնում-ծածկում էին նրա կոպերը և տղան իր սև աչքերով նայում էր այդ ծոպերի արանքից։ Դա առանձին խորհրդավորություն էր տալիս կարծես Արաբիայի անապատներում կիզված նրա դեմքին։
Խուշկե՛ Շուշիկ, Բոյնախին փաթաթվիր, Բոյնախը տաք է, այդ ցրտին անգամ կարմրելով դիմեց նա աղջկան։ Ապա ինքն իրեն ասաց քուրդ հովիվների առածը. Հեյ վա՜խ, ո՞ւր ես, ամա՛ռ… ամառը չոբանի հարազատ ծնողն է։
Այնուհետև, առանց Շուշիկի կողմը նայելու, կամաց ու դուրեկան ձայնով քթի տակ երգում էր քրդական տխուր մի երգ.
Լո, լո, լո, լո, լո…
Քուրդիստանի խուլ գյուղերից
Լաց ու հառաչ եմ լսո՜ւմ.
Քուրդ հովիվը անհուն վշտից
Տխուր խաղեր է կանչո՜ւմ…
Քեռի Ավդալը առանց շաքարի ու թութունի կարո՞ղ է մի օր էլ դիմանալ, չգիտես լուրջ, թե կատակով հարցրեց Գագիկը։
Կդիմանա՛։
Հա՞, դե լավ է։ Որ դիմանա՝ վերջը լավ կլինի, էգուց տանը կլինենք։ Դե, որ էգուց տանը կլինենք, բերեք մաքրազարդենք ուտելիքի մնացորդը։
Այո՛, ուտելիքը մեջտեղ բեր, ժամանակն է, համաձայնեց Աշոտը։ Նա պայուսակից հանեց լավաշն ու պանիրը, բաժանեց վեց հավասար մասերի և յուրաքանչյուրի բաժինը հանձնեց իրեն։
Երբ Բոյնախը ևս ստացավ ու իսկույն խփշտեց իրեն հասանելիք բաժինը, հովիվ պատանու աչքերը լցվեցին ջերմությամբ, և եթե նա բնավորությամբ քաշվող չլիներ, շնորհակալություն կհայտներ Աշոտին իր այդ մեծահոգության համար։
Նա պանրի փշրանքը շարեց լավաշի մեջ, փաթաթեց-«դուռում արավ» և սկսեց կծել նրա մի ծայրից՝ հովվի անհատնում ախորժակով։
Նույն կերպ «դուռումներ» էին արել և լուռ ուտում էին նաև մյուս պատանիները։ Իսկ Բոյնախը, նրանց առաջ պպզած, կարմիր լեզուն հանած հերթով հարցական նայում էր մեկ սրա, մեկ նրա աչքերի մեջ…
Կերան, քաղցները հագեցրին, բայց աղի պանիրը սաստկացրեց նրանց ծարավը։ Բուռ-բուռ ձյուն վերցրին կերան, իրար զգուշացնելով, թե սառը կարող է վնասել։ Զգուշացնում էին, բայց ամենազոր ծարավը հարկադրում էր գաղտագողի մի բուռ ևս վերցնել…
Երևի դրսում քամին դադարեց, դրանից էր օրը տաքացավ, թե՝ կշտանալուց։ Եվ տաքությունը թմբիր բերեց, նախորդ անքուն գիշերից հետո այժմ բոլորի կոպերն էլ ծանրացել էին։
Այդպես թմրած ննջելով նրանք անցկացրին հավանաբար մեկ-երկու ժամ ևս։
Հանկարծ լսվեց Աշոտի ուրախ ձայնը.
Վե՛ր կացեք, ձյունը դադարել է…
Պատանիները վեր թռան, տրորեցին իրենց աչքերը և առաջին բանը, որ տեսան՝ իրենց պատսպարանի դռանը կիտված ձյունն էր՝ ճերմա՜կ, փափո՜ւկ, նոր հավաքած և կույտ կազմած բամբակի նման։
Շարժվեցին, հորանջեցին, ձգեցին իրենց մարմինների սառած ու թմրած անդամները։ Լսվեցին ճրթճրթոցներ, մեկի տնքոցը։
Օ՜ֆ, այս ծակոցներն էլ… ժամանակ են գտել, գանգատվեց Գագիկը։ Ո՞վ է հիվանդացել, թող մատ բարձրացնի։
Բոլորի մարմիններն էլ ջարդվում էին, նրանք ծակոցներ էին զգում իրենց թիկունքներում, ոմանք հարբուխ էին ընկել, բայց զարմանալի բան, ոչ մեկը լրջորեն չէր հիվանդացել։ Սովո՞ր էին, թե՞ այդպիսի դեպքերում օրգանիզմը մոբիլիզացնում է իր «ներքին ռեսուրսները» ցրտի ու կոշտության դեմ։
Վատ էր միայն Սարգսի վիճակը։ Շունչ քաշելիս կողն էր ծակում, իսկ թիկունքը «տախտակ էր դարձել», ինչպես մրսած թիկունքի մասիս պատկերավոր արտահայտվում էին այգեձորցիք։
Քիթս ու գլուխս այնպես է բռնվել, կարծես մրսած ոչխար լինեմ, գանգատվում էր Աշոտը։
Հա՛, այծը լավ ժամանակին փախցրեց գլխարկդ, հաստատեց Գագիկը։ Ոչի՛նչ, հով գլխով մարդիկ ավելի պարզ են մտածում։ Մի դուրս գանք այս արջաբնից, տեսնենք ի՞նչ կա աշխարհում։
Առաջինը Աշոտը փորձեց դուրս գալ խոռոչից, բայց հենց ոտքը դուրս դրեց՝ մինչև գոտին խրվեց ձյան մեջ։ Նայեց ձորին, Արարատներին և ստիպված էր կկոցել աչքերը, ամե՜ն, ամեն ինչ, ողջ տեսանելի աշխարհը ծածկված էր ճերմակ սավանով…
Նրա հետևից դուրս սողացին ընկերները, տրորեցին, տափակացրին ձյունը և նայեցին իրենց շրջակայքին, լո՜ւռ, կենդանության ոչ մի նշան, կարծես ձյունը իր տակ քար ու կապանի հետ թաղել էր և բոլոր շնչավոր արարածներին։ Թփերը բոլորովին կորել էին ձյան տակ, իսկ ժայռերի արանքներում բուսած մանր ծառերը իրենց ճյուղերը խոնարհել էին գետին։
Արահետը, որով եկել էին մեր պատանիները, բոլորովին չէր երևում…
Գլուխ վեցերորդ. Թե ինչպես կարիքն առանց հապաղելու սկսեց բախել նրանց դուռը
Այո, փոթորիկն անցել էր, բայց մնացել էր ձյունը, սառը և խոր ձյունը…
Ո՞ւր գնալ, դեպի ետ՝ ձո՞րը, թե դեպի առաջ, դեպի ազատություն։
Վերջինը գրավիչ էր. բայց անհնարին։ Պատանիները հայացքով զննում էին Դիվային կածանը, խոր ձյան տակից միայն նրա նշաններն էին երևում, տեղ-տեղ՝ կածանի ներքին պռունկը եզերող քարերը և այն տեղերը, ուր շավիղը լայնանալով փոխվում էր տափակ դարավանդի։
Մառախուղ չկար, բայց օրը գորշ էր, երկինքը՝ անուրախ։ Բոլոր նշաններից երևում էր, որ օրը մոտենում է իր վախճանին։
Ետ գնանք, մի հարմար այր գտնենք, առաջարկեց Աշոտը։
Տուն չե՞նք գնալու… էլի քարերի վրա՞ ենք քնելու… Ծարավ եմ, Աշո՛տ…
Գիշերելու տեղ գտնենք, վաղը տեսնենք ինչ ենք անում…
Մի՛ հուսահատվիր, Շուշի՛կ, մի գիշեր էլ որ դիմանանք, էգուց, կամ մենք ճամփան կբացենք, կամ գյուղից կգան կգտնեն… Դե՛հ իրար ձեռքից բռնեցեք։ Գնացինք…
Բոյնախը հասկացավ պատանիների մտադրությունն ու առաջ ընկավ։ Նրա հետևից իր մահակով կածանը շոշափում և զգուշությամբ առաջ էր շարժվում Հասոն։ Մնացածների համար արդեն դժվար չէր քայլել նրա հետքերով։
Հասան կածանի վերջը, ցած թռան զառիթափի գլխից և տափարակի վրա հաստատուն կանգնելով, ազատ շունչ քաշեցին, այժմ արդեն անդունդ չկա նրանց ոտքերի տակ։
Բայց ո՞ւր գնալ։
Գնանք քարե ծաղիկների վրա մեկնվենք, հեգնախառն առաջարկեց Գագիկը։
Իսկապես, Հասո՛, ծաղիկը պահե՞լ ես, հետաքրքրվեց Շուշիկը;
Իսկի կգցե՞մ որ… քեզ համար եմ գտել, ասաց քուրդ պատանին և իր համարձակ խոսքից խիստ կարմրեց։
Չէ, քո ծաղկոտ մարգագետինը շատ կոշտ է, գնանք մյուս այրը, որի ճակատից օձ գցեցինք ցած։
Խումբը համաձայնեց Աշոտի այս առաջարկին։ Իրոք, Օձի այրը (ինչպես նրանք կոչեցին նրան) բավական խոր էր և հարմար բնակության համար։
Ձյունը ճեղքելով՝ խումբը ընթանում էր դեպի վեր, ժայռերի տակ կուչ եկած նոսր ու գաջաջ անտառակը։ Առջևից խոր ձյան մեջ ալիքաձև լողում էր Բոյնախը։ Նրա հետևից, իր երկար մահակի վրա հենվելով, խմբի համար ճամփա էր բացում Հասոն։
Սարգիսը քայլում էր վերջից։ Եվ թեև իրենից առաջ ընթացողները արահետ էին բացում նրա համար, սակայն այդ արահետը բոլորովին էլ նման չէր իր անցած ճանապարհներին՝ խորդուբորդ էր, նրա հատակում թաքնված քարեր կային, որոնք «քոռ քոռ» ընկնում էին ոտքերի տակ և հարկադրում, որ տղան շուռ գա և իր ահագին հասակով մեկ պառկի սառը ձյան մեջ։
Այդպիսի դեպքերում նա զգուշանում էր բարձրաձայն «օֆ» ասելուց, որպեսզի իրենից առաջ ընթացող Շուշիկը չզգա իր անճարությունը։ Չորս կողմ նայելով՝ թափ էր տալիս վրայի ձյունը, բայց, այնուամենայնիվ, մտքում մի «օֆ» էր անում, մի «ախ» քաշում և մի զույգ էլ անպարկեշտ խոսք շպրտում Աշոտի հասցեին, որը, նրա կարծիքով, կործանման դուռը հասցրեց ամբողջ խմբին։
Արագ քայլեցեք, որ ծակոցներդ կտրվեն, հրահանգեց Աշոտը։
Իրոք, լարվելուց և ջանքեր թափելուց մեր պատանիները շուտով տաքացան, քրտնեցին, աշխուժացան, սակայն ծարավը տանջում էր բոլորին։
Ձյուն ուտելն արգելվում է, լսվեց Աշոտի ձայնը։ Համբերեցե՛ք, շուտով ջուր կգտնենք։
Հասան ձորը թիկունքից պատնեշող ժայռերի ստորոտին, ուր ծուռումուռ ճյուղերով կաղնիներ էին կանգնած՝ ձյան կույտերն իրենց ճյուղերի վրա, որով նրանք ավելի շուտ ճերմակ ու անճոռնի տաղավարների էին նմանվում, քան ծառերի։
Օձի անձավը նայենք, առաջարկեց Աշոտը՝ ծառերից վեր ժայռի մութ երախը ցույց տալով։
Ձյունը ճեղքելով հասան, ներս մտան։ Շատ հարմար էր բնակության համար այդ անձավը. բարձր առաստաղ, ողորկ պատեր, նեղ մուտք, կոկ հատակ։ Խորքում մի նեղ անցք գնում էր դեպի ժայռի ընդերքը։ Հասոն սողաց-խցկվեց այդ անցքն ու այնտեղից ձայն տվեց.
Ջուր եմ գտել, տղե՛րք, պինդ կացեք։
Բայց ջրի ձայնը՝ ծ՛լթ, ծ՛լթ, ծ՛լթ, գալիս էր հեռու՝ գետնի խորքից և այնպես էլ Հասոն չկարողացավ հասնել նրան։ Առաջ մեկնեց իր մահակը և ետ քաշեց, չոր էր։
Նստոտեցին այրի պատերի տակ և մի պահ մնացին լուռ։ Բոլորն էլ պահանջ էին զգում քննարկելու իրենց վիճակը։ Նրանք Աշոտին էին նայում։
Եկեք անկողիններ պատրաստենք գիշերվա համար, որ չմրսենք։ Մեր առաջին գործը դա է լինելու, ասաց նա ծանր-ծանր։ Հանգստացա՞ք, դե վեր կացեք։
Ոչ ոք չհարցրեց, թե ինչից պիտի պատրաստեն «անկողինները». դժվար չէր հասկանալ, որ երեկվա քամին զգեստահան է արել ծառերը և չոր տերևները խցկել ժայռերի ճեղքերը և որ հիմա այդ տերևները պիտի գտնել և հավաքել։
Աշոտը նրանց չառաջնորդեց դեպի խաշամի «պահեստները», այլ կանգ առավ եղևնու ընտանիքին պատկանող «գիհի» կոչվող մի ցածլիկ ծառի մոտ։ Գիհու բունը կարճ է ու բարակ, բայց արմատից սկսած մինչև գագաթը պատած է մշտադալար փարթամ ճյուղերով։ Հեռվից նայելիս այդ ծառը խոտի կանաչ բլրակի է նման։ Աշոտը թափ տվեց նրա վրայի ձյունը և սկսեց ծալել-ջարդել ճյուղերը։
Սրանք մեզ համար դառնալու են զսպանակավոր մահճակալներ… Հասկացա՞ք.. Դե՛հ, ջարդեցեք։
Յուրաքանչյուրն իր ուժի ու շնորհքի չափ, մեկը շատ, մյուսը քիչ՝ ճյուղեր ջարդեցին-կրեցին անձավը և փռեցին նրա քարե հատակին։ Այդ նպատակին չորս ծառ զոհ գնաց։
Երբ արդեն պատրաստ էին «մահճակալները», հերթը հասավ «ներքնակներին»։
Ժայռերի ճեղքերը խուզարկելիս Շուշիկը, որ սկզբում սվսվում էր ցրտից, ճչաց.
Հասո՛, արի՛, այնքան տերևներ եմ գտել…
Քարե բնական ծածկի տակ տերևները այնպես չոր էին մնացել, որ ձեռք տալիս խշխշում էին։ Շուշիկը ջանում էր գիրկը լցնել տերևներով, բայց չէր ստացվում, թափվում էին։
Կա՛ց, խուշկե Շուշիկ, էդպես չի լինի, մեղմությամբ միջամտեց Հասոն։ Առ լցրու իմ պենջակի մեջ, իսկ ես հիմա բլուզս տոպրակ կշինեմ…
Հիսունչորս հատ տերև եմ գտել, Աշո՛տ, ուղիղ հիսունչորս, հաշվել եմ, քո արևը, ներքևից լսվում էր Գագիկի ուրախ ձայնը։
Կրում էին պատանիները ինչ ձեռքներն էր ընկնում՝ տերև, չորացած խոտ, միամյա բույսերի ցողուններ ու փռում էին «մահճակալների» վրա։
Այս զբաղմունքն այնպես ոգևորեց նրանց, որ մի պահ մոռացան և՛ քաղց, և՛ ծարավ, և՛ ձորում փակվելու վտանգը։
Նրանք այնքան տերև կուտակեցին, որ երբ Գագիկը փռվեց իր «անկողնուն»՝ նրա լղարիկ մարմինը կիսով չափ թաղվեց «ներքնակի» մեջ։
Ա՞յ հրաշալի տեղ, Աշո՛տ, ինձ համար ճարիր կրակ, ջուր ու հաց և ես էստեղից գնացողը չեմ… Ձեր արևը, արդեն ես մաթեմատիկայից փախչելու միտք ունեի…
Կրա՛կ, ջո՛ւր, հա՛ց…
Լավ ձևակերպեց Գագիկը մեր խմբի անդամների ամբողջ հոգսը։
Կրա՛կ, ջո՛ւր, հա՛ց…
Վայրկենական ոգևորությունն անցել էր և մնացել էր ապրելու նվազագույն պահանջը. իսկ եթե օգնությունն ուշանա՞, իսկ եթե օրեր տևի ճամփա բացե՞լը, ինչպե՞ս ապրեն առանց կրակի, ջրի, հացի…
Այդ օրը նրանք մի քիչ կերել էին, դեռ կարելի էր համբերել։ Իսկ ինչպե՞ս դիմանալ ցրտին, ծարավին։
Աշոտը պառկեց-խցկվեց այրի խորքի անցքը, որտեղից ջրի ծլթոց էր լսվում։ Ա՜խ, այդ հեռավոր ծլթոցը…
Չէ, այդ ջուրը շատ հեռու է մեզնից, ասաց նա վերադառնալով։
Իսկ եթե անցքը փորենք-լայնացնե՞նք, հարցրեց Շուշիկը, որ, ըստ երևույթին, բոլորից շատ էր տանջվում ծարավից։
Հատակը քար, կողքերը քար, ո՞նց կփորես… Չէ, ուրիշ բան պիտի մտածել։ Եթե կարողանանք կրակ ստանալ, ջուր էլ կունենանք։ Քանի բոլորովին չի մթնել, շտապ կարգով պետք է վառելիք հավաքենք… Դե՛հ, մի՛ հուսահատվեք… Շարժվեցե՛ք, ի՞նչ եք նոթներդ կախել…
Դե իհարկե կշարժվեն, ո՞վ կարող է տեղում հանգիստ նստել, երբ բոլորի համար էլ պարզ է, որ իրենց կյանքը կրակից է կախված և որ առանց կրակի նրանք կոչնչանան…
Քաք գիրքա