Vakhtang Ananyan

Հովազաձորի գերիները

3

Գլուխ երրորդ. Թե ինչպես մեր պատանիները հարթ ճանապարհները թողած՝ ընթանում էին դիվային կածաններով

Այն երկար ժայռաշարքերը, որոնց մեջ մտան մեր պատանիները, վերևից չեն երևում։ Բայց երբ ցած ես նայում, ինչպես տափակ կտուրից, գլուխդ շշմում է. ներքևում ահռելի անդունդներ են։

Հեղեղները մի տեղ ճեղքել էին ժայռի պարիսպը։ Այդ ճեղքով Աշոտն իր ընկերներին իջեցրեց ցած։

Ժայռի ատամից բռնիր… Ոտքիդ տեղ արա… Կամա՛ց… զգուշացնում էր նա։

Այդ երկրի ժայռերը բոլորը կրաքարից են կազմված և ծեր մարդու ճակատի կնճիռների նման զուգահեռ շավիղներ, դարավանդներ ու «կառնիզներ» ունեն իրենց ճակատներին։

Մեր ճանապարհորդներն ընկան այդ նեղ շավիղներից մեկն ու առաջ գնացին ժայռի երկայնքով, որպեսզի ցած իջնելու մի այլ հեղեղատ գտնեն։

Թող ե՛ս առաջ ընկնեմ, ես քարափներով էծի նման եմ գնում, առաջարկեց Հասոն, որ գոտին դրել էր շան վզին և օգնում էր կենդանուն անց կենալու դժվարին տեղերը։

Աշոտը խեթ-խեթ նայեց նրան, այսինքն՝ որ դո՛ւ ես առաջնորդելու, էլ ես ո՞ւր եմ ապրում…

Այն ժամանակ Հասոն սկսեց օգնել Շուշիկին, որը թեև ճկուն էր, բայց անդունդին նայելիս սոսկում էր։

Ցած չնայեք, հրահանգում էր Աշոտը։ Ապա կանգ առավ, ետ նայեց և կատակեց.

Կարծես նման չի պահեստի ճամփին, հը՞, Սարգի՛ս…

Ոչ ոք չհանդիմանեց Աշոտին այդ ակնարկի համար, որովհետև Սարգիսն ամբարտավան էր, թեև այստեղ, դժվարին կացության մեջ խեղճացել էր։

Իր վիճակը գիտակցելով՝ նա լուռ կուլ տվեց վիրավորանքը, սրբեց ճակատի քրտինքն ու շարունակեց քայլել խմբի հետևից։

Կարծես վայրէջքը հաջող էր ընթանում, բայց մի զվարճալի դեպք պատահեց Աշոտին, որ արժե այստեղ հիշատակել։

Աշնան արևն ընկել էր ժայռերին, թեև նոյեմբերի սկիզբն էր, բայց շոգ էր։ Պատանիները հանեցին իրենց պիջակները և թևներին գցած զգուշությամբ առաջ էին գնում։ Նրանց վերև ժայռն էր դիք պատի նման վեր բարձրանում, իսկ ներքևում նույն ժայռի շարունակությունն էր ուղղահայաց անդունդն իջնում։ Կածանի վրա, որով ընթանում էին, շեղջերով հին ու նոր կտիտ կար թափթփված իսկ շավիղի ափին, ժայռի մեջ, նույնպիսի կտիտով լիքը խոռոչներ ու փոքրիկ անձավներ կային։

էս բոլորը վիրու էծերն են արել… էս ծակերն էլ նրանց բներն են, շշուկով ասաց Հասոն։ Նա իր բնազդով զգում էր որսի մոտիկությունը և հենց ուզում էր զգուշացնել ընկերներին, այդ պահին մի արու քարայծ հանկարծ դուրս թռավ մոտիկ խորշից, ուր հավանաբար ննջում էր նա, և վազեց խմբի առաջից քայլող Աշոտի վրա։

Կենդանին կամ պիտի շուռ գար փախչեր դեպի Հովազաձոր, կամ գահավիժեր անդունդը, կամ տրորեր-անցներ իր ճամփան փակող տղային, ուրիշ ճանապարհ չուներ։

Չգիտես ինչու, այծը ընտրել էր վերջին միջոցը։ Աշոտը անակնկալի եկավ և ժամանակ չունեցավ կշռադատելու իր անելիքը։ Երբ վայրի նոխազը գլուխը ցած կախած և վիթխարի եղջյուրները սպառնագին առաջ մեկնած վրա վազեց, տղան մեջքը հենեց ժայռին և, գլխից վերցնելով իր ականջավոր գլխարկը, նրանով բնազդորեն խփեց կենդանու գլխին։ Եղջյուրի ծայրը մտավ գդակի մեջ, տղան քաշեց, որ ազատի, բայց այծն էլ իր հերթին փնչոցով թափ տվեց գլուխը, գլխարկը պատռվեց և խրվեց եղջյուրի մեջ մինչև նրա արմատը… Կենդանին խրտնած ու սարսափահար փախավ՝ հափշտակած գլխարկն օդում թափահարելով… Աշոտը կորցրեց հավասարակշռությունը և հավանաբար անդունդը գլորվեր, բայց այդ ակնթարթին մեկն ամուր բռնեց նրա ձեռքից և դեպի ետ հրելով, ականջին գոչեց.

Նստի՛ր…

Աշոտը տեղն ու տեղը նստեց, իսկ Հասոն օդում ֆռռացրեց իր երկար մահակը, բայց արդեն ուշ էր. նոխազը քարից-քար ցատկելով, հեռացավ։

Բոյնախը ձորը դղրդացնելով փորձեց վազել փախչող նոխազի հետևից, բայց Հասոն ամուր քաշեց նրա վզի գոտին.

Ո՞ւր ես զոռում, տո սատկած… Դու էդ սատանի կածանով գնացո՞ղ ես…

Երբ վտանգն անցավ և տղաներն ուշքի եկան, սկսեցին ծիծաղել։ Իսկ Հասոն գլուխն օրորում էր ու ասում.

Փափախդ ջհանդամը, անտերը քեզ ձորն էր գլորելու… Բա էդպես ռիսկ կանե՞ն… Դա հո մեր տանու էծը չի, չտեսա՞ր գլխի մեծությունը, նա մի արջառի ուժ կունենա։

Գլխարկդ գնա՜ց վայ տեր կանչելով, ասում էր Գագիկն ու կամաց ծիծաղում։

Իմ գլխարկը նրա գլուխը կուտի, սիրտը հովացնելու համար պատասխանեց Աշոտը։

Չհավատա՛ս, քմծիծաղ էր տալիս Գագիկը, քո գլխարկը նրան փրկեց, հիմի ոչ մի գայլ նրան չի մոտենա։

Անակնկալից և զարմանքից Աշոտը դեռ լրիվ ուշքի չէր եկել. «Մեզ տեսնելուն պես այծը պետք է շուռ գար ու փախչեր ետ՝ դեպի Հովազաձոր, այդ ինչպե՞ս էր, որ ուղիղ քշեց դեպի ինձ… Ախր մարդը սարսափելի է ամեն վայրի կենդանու համար, նա չպիտի դեպի ինձ գար, մտածում էր Աշոտը։ Սա ի՞նչ հանելուկ է… Թե՞ հետևում ավելի սարսափելի թշնամի կար… Մարդուց սարսափելի ի՞նչ կարող է հիմա լինել այս ձորում…»։

Դեհ, շարունակենք արկածներով լի մեր ճամփան, ձայնեց նա։

Քարայծի դեպքը այնպես էր շարժել տղայի երևակայությունը, որ արյան հոսքն զգում էր քունքերում։ Դե ինչպես չոգևորվեր, այդպիսի դեպք հավանաբար ոչ մի որսորդի հետ պատահած չլիներ։ Ա՜յ թե գյուղում պատմելու նյութ է հա՜… Այդ դեպքի նկարագրությունը կարելի է նույնիսկ տպագրել տալ «Ավանգարդ» թերթի «Պատանի բնասերի անկյունում»։ Բայց լավ է իջնել, ուշ է… Տեսնես իրենց համար է՛լ ինչ անակնկալներ կան պահված Հովազաձորում։

«Դիվային կածանը» գնալով դառնում էր դժվարին ու վտանգավոր։

Երեսներդ դեպի պատը… Միայն պատին նայեցեք ու եկեք, կողքահանց, ինձ նման, շավիղի ամենանեղ տեղը հրահանգեց, Աշոտը։ «Ի՜նչ տեղեր են», ահով, բայց և հրճվանքով մտածում էր նա. «Իսկի Կամոն այսպիսի տեղերով գնացած չի լինի…»։

Այդ մտքից նրա սիրտը թնդաց։

Մի տեղ հեղեղը կիսել էր կածանը։ Աշոտը կանգ առավ այդ խորխորատի ափին։

Եթե բնածին պատվասիրությունը և ամոթի զգացումը ուժեղ, չլինեին այդ պատանու մեջ և եթե իրեն ակնարկած չլինեին Կամոյի սրտոտության մասին, շուռ կգար և կհրահանգեր ետ դառնալ։ Բայց ամոթից թաքցրեց իր երկյուղն ու ցատկեց ճեղքի մյուս ափը։ Ընկերները տեղ հասան, կանգ առան և ահով նայեցին խոր ճեղքին, որի հատակը աղջամուղջի մեջ չէր երևում։

«Չէ, սա բոլորովին իմ տեղը չի, էս ո՞ւր է տանում ինձ», երկյուղով մտածեց Գագիկը։ Ահը պատել էր նրան, բայց դե ինչպե՞ս ասեր զգացածը։ Գոնե խմբի հետ աղջիկ չլիներ…

Նա ուժ գործադրեց իր վրա, շինծու ժպիտ առաջ բերեց դեմքին և նույնիսկ փորձեց կատակել.

Ա՛յ հրաշալի վեր ընկնելու տե՜ղ։ Իսկի ճչալու ժամանակ է՝ չես ունենա…

Հասոն քմծիծաղով նայում էր նրան։

Եթե ձեր դռանը մի գերան լինի ընկած, կարո՞ղ ես վրայով վազել, հարցրեց նա։

Լա՜ավ…

Հո վեր չե՞ս ընկնի։

Երբե՛ք…

Իսկ եթե էդ գերանը գցված լինի գետի կամ ձորի վրա՞…

Դժվար է…

Դժվար բան չկա։ Մտքիցդ հանիր, որ ներքևում գետ է կամ ձոր… Տե՞ս…

Եվ Հասոն, առանց ցած նայելու, այնպես հանգիստ ցատկեց նեղլիկ անդունդի այն կողմը, ինչպես եթե հարթ ճանապարհին մի ճեղք կամ առու պատահեր։

Հասկացա՞ր, հարցրեց նա։

Ես հասկացա, դու թե կարող ես ոտներիս հասկացրու…

Իրոք, Հասոյի նման դատելիս վերանում էր խորխորատի վրայով ցատկելու դժվարությունը։ Իրար օգնելով նրանք բոլորն էլ անցան վիհը, ապա, երբեք ցած չնայելով՝ այնպես հանգիստ գնացին, ինչպես կգնային, եթե շավիղը չձգվեր անդունդի եզրով։

Ամբողջ ճանապարհին Գագիկը միայն մի բանի մասին էր մտածում, ինչպե՞ս անի, որ ընկերները չնկատեն իր վախը։ Այդ նպատակով նա ամեն քայլափոխի հոխորտում էր ու սիրտ տալիս ուրիշներին.

Ի՜նչ եք դողդողում, տո՛, սա հո ասֆալտած մայթ է…

Կամ՝

Թռի՛ր, գալիս եմ կրնկակոխ, չվախենա՛ս…

Կամ՝

Կա՛ց, Աշո՛տ, ձեռքդ բռնեմ, որ վեր չընկնես…

Աշոտը նրան նայեց վերևից, արհամարհանքով, ինչպես սովոր էր երբեմն նայելու իրենից թույլերին։

Բայց դողում ես, առանց խնայելու մատնեց նա։

Ոչի՛նչ, հուզմունքից է, մի կերպ տակից դուրս եկավ Գագիկը։ Այդպես, նա վարպետությամբ կարողացավ քողարկել իր երկյուղը, մի բան, որ չհաջողվեց Սարգսին։

Քրտնամխած ու անսիրտ, նա քարշ էր գալիս խմբի հետևից և առաջին անգամ պարզվեց, որ նա այն չէ, ինչ երևում էր գյուղում։

Եվ երբ գործով տեսավ, որ «չոբան Հասոն» անգամ իրենից և՛ ճարպիկ է, և՛ համարձակ, և՛ սրտոտ, Սարգիսը փոքրացավ ինքն իր աչքում։

Փոքրացավ, բայց և լցվեց անզոր կատաղությամբ իր դպրոցական ընկերների դեմ, որոնց հետ այժմ ակամայից իջնում էր Հովազաձոր…

Գլուխ չորրորդ. Թե ինչպես բնությունը բոլորովին էլ նկատի չառավ, որ պատանիները պիտի ժամանակին վերադառնան տուն

Ահա և մենք հռչակավոր Հովազաձորում ենք, ժայռերից, իջնելով և ոտքը արևից խանձված շագանակագույն հողի վրա դնելով՝ հայտարարեց Աշոտը։

Ուռա՜ա… Իսկ ո՞ւր են խոստացածդ այծերը, դե գնա բեր նայեմ…

Համբերի՛ր, Գագի՛կ, համբերի՛ր, ցերեկով նրանք հանգստանում են այրերի մեջ։ Վեր բարձրանանք, ցույց կտամ։ Հիմա ես ձեզ մի քանի տեղեկություններ տամ այս ձորի մասին, որ լսել եմ իմ հորից։ Սա քարայծերի ամրոցն է. տեսե՛ք, այնպես է շրջապատված, որ այստեղ ոչ մի գայլ չի կարողանում մտնել։ Ինչո՞ւ։ Որովհետև…

Որովհետև գայլը ձեռքեր չունի, որ քարերից բռնի իջնի, վրա բերեց Գագիկը։

Իսկ արջը՞, հարցրեց Շուշիկը։

Արջին ի՜նչ կա որ, արջը ծառ էլ է բարձրանում։ Հա՜, քարայծերը միայն այստեղ են իրենց ապահով զգում գայլերի վտանգից, շարունակեց Աշոտը։ Իսկ նրանք հեշտությամբ են իջնում ժայռերի ճակատներով, որովհետև այծի կճղակի տակը փափուկ ու կպչուն է ռեզինի պես…

Դու տեսե՞լ ես, խումար աչքերը տղայի խոշոր ու սև աչքերին հառած՝ հարցնում էր Շուշիկը։

Տեսել եմ, իհարկե։ Մի անգամ, երբ հայրս քարայծ խփեց, ցույց տվեց կճղակները, փափո՜ւկ…

Քարերին նստոտած, մեր ճամփորդները հայացքով հետազոտում էին այն ձորը, ուր միայն որսորդ Արամն էր այցելում իր երկու ընկերների հետ, այն էլ մի քանի տարին մեկ անգամ։

Ձորի կողքերից ու թիկունքից շիկակարմիր ժայռեր էին բարձրանում ատամնավոր ու աշտարակներով պարիսպների նման։ Իսկ ձորի ներքևը, որ նայում էր Արաքսի հովտին, բաց էր, այնպես բաց, որ ցանկացողը կարող էր հեշտությամբ գահավիժել այն խորխորատը, ուր ամեն գարնան գոռում-գոչյունով թափվում էին լանջերից հոսող հեղեղները։ Ժայռերի ծերպերին և նրանց ստորոտներում կարճ ու գանգուր եղևնիներ կային, կենու մանր ու փշատերև ծառեր, թփուտներ, մի քանի տասնյակ ծուռումուռ ծառեր (ինչպիսիք լինում են պապակ վայրերում աճած ծառերը), որոնք իրենց հզոր արմատները ապառաժների ճեղքերով ցած մեկնած՝ մնում էին անսասան փոթորիկների դեմ և սնունդ էին ստանում ժայռերի խորքերից։

Հովազաձորը և նրա լանջերը ծածկված էին արդեն չորացած փետրախոտով և սիզախոտով։ Վերջինս պարարտ փոսերում ու դարավանդներում այնպես բարձր էր, որ երբ Բոյնախն ուրախ հաչոցով վազվզում էր նրա մեջ, մեջքն էլ չէր երևում։

Լավ ձմեռային արոտ էր այդ ձորը վայրի այծերի համար, միայն ցամաք էր ու չոր և հայտնի չէր, թե որտե՞ղ են իրենց ծարավը հագեցնում այդ կենդանիները։ Բայց որ նրանք շատ էին այդ ձորում, դա երևում էր Աշոտին ծանոթ նշաններից։ Նրանք խիտ խոտը ճեղքել, կածաններ էին բացել աջ ու ձախ. տեղ-տեղ նստել էին որոճել և իրենց տակ ճխլել-տափակացրել խոտը։ Մյուս ապացույցն էլ այն էր, որ սուր զգայարաններով օժտված հովիվ Հասոն այդ ձորից պարզ առնում էր այն հոտը, որ բնորոշ է թե՛ վայրի և թե՛ ընտանի այծերին, քանի որ վայրի այծերը մեր այծերի նախահայրերն են և նրանցից քիչ են տարբերվում իրենց տեսքով, կենցաղով, հոտով։

Երբ մեր պատանիները մի լավ հանգստացան և կերան իրենց ճամփի պաշարի մի մասը, Աշոտը վեր կացավ.

Դե հիմա գնանք փնտրելու այծերի բնական փարախները…

Ձորի հատակով, հեղեղատի հունով նրանք բարձրացան-հասան Հովազաձորը թիկունքից փակող ժայռերի տակ։

Վերելքը դժվարին էր և երկար տևեց։

Այդտեղ մի փոքր հանգստացան և մագլցեցին վեր, ուր ժայռի հակատին, իրար զուգահեռ, դարավանդներ էին ձգվում, կածաններ ու նրանց եզրերին երևում էին այրերի մթին երախները։

Շունը որսի հոտից գայթակղված՝ վազվզում էր ժայռերի ծերպերում և երբեմն էլ հաչում։

Նրա ահարկու ներկայությանը չդիմանալով՝ դիմացի ժայռի խոռոչներից դուրս թափվեցին մի խումբ քարայծեր և վազեցին դեպի վեր։ Խմբի առաջից վազում էր ծեր նոխազը՝ ահագին եղջյուրները պատյանի մեջ դրված զույգ սրերի նման օդում ճոճելով։ Չգիտես ինչու, նա ստեպ-ստեպ կանգ էր առնում ու ետ նայում։ Կանգ էին առնում և որսորդի համար հիանալի թիրախներ դառնում նաև մյուս արու այծերը։ Իսկ մայր այծերը վազում էին դանդաղ, սպասում էին իրենց ուլերին։

Հոտի ղեկավարը, երբ հասավ ժայռի ատամնավոր բարձունքին, մի պահ կանգ առավ և հորիզոնի վրա հիանալի նշան դարձավ։

Ա՜խ, թե հրացան կլիներ ձեռքի՜ս, ալեկոծված ու վառված ասում էր Աշոտը։

Գագիկը խլեց Հասոյի մահակը, բարձրացրեց և օդում ճոճելով՝ բարձր կանչեց.

Գնացե՜ք, ձեր կյանքը ձե՛զ բախշեցի, գնացե՜ք…

Ընկերները ծիծաղեցին, իսկ Բոյնախը ծմրում էր, հաչում և սրտապատառ դեպի վեր ձգտում, բայց ի՞նչ աներ, քարայծի հետքով էլ գնա՞լ կլինի։

Ի՜նչ լավն են, ի՜նչ լավն են… մրմնջում էր Շուշիկը։

Տեսա՞ք թաքաները ոնց են կանգնում ետ նայում։ Հասկացա՞ք, հարցրեց Աշոտը։

Տղաները լուռ էին։

Երևի վերելքը դժվար էր, հանգստանում էին, իր կարծիքը հայտնեց Շուշիկը։

Վայրի այծի համար դա ի՜նչ վերելք է որ… Ուզենային կես րոպե չքաշած սարն անց կկենային… Ետ էին նայում, տեսնեն ինչ եղան իրենց ընկերուհիները…

Այո՛, իրենց զավակների մայրերը, հաստատեց Շուշիկը։

Ապրե՛ս, հենց էդպես էլ կա… Կանգնում է տեսնի ո՞ւր մնաց իր զավակների մայրը։ Բա՞, չասեք թե անասուն են, սիրտ չունեն, ավելացրեց Աշոտը՝ բնության գաղտնիքներին ծանոթ մարդու տոնով։

Ոչ թե սիրտ, այլ բնազդ, ուղղեց Շուշիկը։

Ես սիրտ կասեմ, դու բնազդ հասկացիր…

Քարից-քար թռչկոտելով այծերը հեռանում էին դեպի ձորի արևելքից եզերող ժայռերը։ Նրանք երբեմն անհետանում էին քարքարոտ լանջի ծալքերում, երբեմն հազիվ գորշին էին տալիս գորշ կածաններում։

Ի՜նչ լավն են… Ի՜նչ լավ են… ձեռքը ճակատին՝ տարված, շշնջում էր Շուշիկը։ Իր կյանքում նա առաջին անգամ էր վայրի այծ տեսնում և դրանից էլ ալեկոծված էր։ Ասենք, քիչ չէին հուզված նաև տղաները։

Տեսնելով, որ ոչ ոք իրենց չի հետապնդում, քարայծերը խաղաղվեցին, կանգ առան և սկսեցին խոտ պոկել գետնից և երբեմն էլ զգոն նայել դեպի հետ. հո վտանգ չկա՞ այդ անկոչ հյուրերից։ Բայց հենց նոր խաղաղված կենդանիները հանկարծ, չգիտես ինչու, նորից խուճապի մատնվեցին և գլխակորույս սլացան-անցան սարի հետևը։

Այս ի՞նչ բան էր, զարմացած ինքն իրեն շշնջաց Աշոտը։

Տեսա՞ք, տեսա՞ք, մի շեկ բան երևաց քարերի արանքում, մատն առաջ մեկնելով շնչակտուր ասաց Սարգիսը։

Պատանիները որքան լարեցին իրենց տեսողությունը, բացի մռայլ ու գորշ ժայռերից ոչինչ չէր երևում։

Այն ժամանակ Գագիկն սկսեց հեգնել.

Տղայի աչքին բաներ են երևում… Շատ սրտոտությունից կլինի, հը՞… Սրտոտ մարդկանց հետ դա պատահում է…

Բայց Աշոտը այս անգամ Սարգսին հեգնելու հիմք չուներ։

«Ի՞նչը կարող էր այդպես խուճապահար անել այծերին… Այս ձորում ոչ գայլ կա, ոչ որսորդ…», մտածում էր նա տարակուսած։ Եվ, չգիտես ինչու, այդ պահին նա հիշեց իր գլխարկը փախցնող այծին։ «Նա էլ էր խուճապահար… Բայց ո՛չ մեզնից… Ուրիշ պատճառով…»։

Քարայծերի անհետանալու հետ աստիճանաբար անցավ և պատանիներին համակած հուզմունքը։

Դե՛հ, գնանք տեսնենք ուրիշ ինչ հետաքրքիր բաներ կգտնենք այս ձորում, սթափվելով ձայն տվեց Աշոտը և պատանի բնասերների խումբը նրա հետևից շարժվեց նեղ շավիղով դեպի վերին ժայռերը։ Լուռ ու քրտնաթոր նրանք քայլում էին և յուրաքանչյուրի մտապատկերի մեջ դեռ այն գողտրիկ կենդանիներն էին փախչում նազանի թռիչքներով…

Գագիկը սրբեց ճակատի քրտինքն ու կանգ առավ։ Նա հևում էր խմբի մյուս անդամների նման։

Աշո՛տ, արի կլինի համաձայնիր, որ դեպի ցած գնալն ավելի հեշտ է, քան դեպի վեր, ասաց նա ամենայն լրջությամբ։

Ի՛հ, բա քիչ առաջ աքլորանում էիր… Գնա՛, մի՛ վսվսա… Ապա նայեց արեգակին և միտքը փոխեց. Լա՛վ, կեսօրն անց է, իջնենք։

Բայց Գագիկը շուտով համոզվեց, որ այդ ժայռոտ վայրում դեպի ցած գնալը նույնքան դժվար է ու տանջալի, որքան դեպի վեր գնալը։ Նրա բարակ սրունքները տնքում էին, ոտքերի տակը կարծես այրված լիներ։

Շեկ ժայռերի տակ սևին էր տալիս մի լայն երախ։ Խումբն այդտեղ կանգ առավ, մութ ու խոր անձավ էր։ Նրանից ինչ-որ ժամանակ ջուր էր դուրս հորդել և, քարերը մաշելով՝ ցած էր գնացել։

Երևի խորքից գարնանը աղբյուր է բխում, շտապեց իր կարծիքը հայտնել Գագիկը։

Սա աղբյուրի բան չի… մի լայնքը տե՞ս… Կարծես գետ է գնացել, մտախոհ պատասխանեց Աշոտը և ներս մտավ։

Այրի հատակը նույնպես մաշված-փորված էր։ Մի՞թե դա ևս ջրի աշխատանքն է։ Որքա՞ն ջուր պիտի դուրս հորդեր այդ անձավից, որ մեկ-երկու քայլ լայնությամբ փորեր այրի քարե հատակը…

Բան չեմ հասկանում… գլուխն օրորեց Աշոտը։

Սարգսի բերանի անկյունում հազիվ նկատելի հեգնական ժպիտ էր խաղում, որ կարծես ասում էր. «Քեզ գիտուն բնասեր ես հայտարարել, դե բացատրիր է՞…»։

Օձը՛… օձը՛, ճչաց Շուշիկը ընկրկելով։ Տափակ գլխով, հաստ ու կարճ մարմնով մի գորշ գյուրզա պոչը փաթաթել էր անձավի ճակատին «քյաքուլի» նման ցցված թփից և մարմնով ցած կախվել։

Քարերո՛վ, քարերո՛վ…

Արարատյան դաշտի բնակիչ լինելով, նրանք գիտեին, որ գյուրզան իժերի մեջ ամենաթունավորն է։ Գյուղի անասուններից ամեն տարի մի քանիսը զոհ էին գնում այդ զզվելի սողունին։ Ուստի հասկանալի է այն ահն ու բուռն ատելությունը, որով համակված մեր պատանիները քարկոծեցին և ցած գցեցին օձին։

Աշոտը հանում էր սողունի շապիկն ու հետն էլ ցույց տալիս։

Տեսե՛ք, շապիկով նույնիսկ աչքերն են ծածկված։ Օձը նայում է իր շապկի միջով, դրանից է, որ վատ է տեսնում…

Սպասի՛ր, ուրեմն կոպեր չունի՞, աչքը չի՞ թարթում, հետաքրքրվեց Շուշիկը։

Չէ, չի թարթում, դրանից է նրա հայացքը այնպես սառը և ազդու… Այս լավ եղավ, կհանձնենք դպրոցի թանգարանին… Վա՞յ, այս ի՞նչ ոսկորներ են, սպասիր մի որոշեմ…

Աշոտը վերցրեց շավիղից ներքև ընկած ոսկորը, ծալեց և նրա միջից դուրս պրծած ծուռումուռ վեգից որոշեց, որ զոհ գնացածը քարայծ է եղել։

Նա ոսկորը դեն նետեց և առաջ անցավ։ Իսկ Շուշիկի գլխում հետևյալ միտքն էր ծնվել, եթե գայլ չի մտնում այս ձորը, ապա ո՞ր գազանին է զոհ գնացել այծը։

Աշո՛տ, կա՛ց, ձայն տվեց նա և իր կասկածը հայտնեց։ Ուրեմն, դու ճիշտ չես, գայլ է մտնում այս ձորը։

Ոնց ճիշտ չեմ, շիկնեց Աշոտը։ Իսկ դու կարծում ես արծիվը փոքր քարայծ չի՞ ուտում։

Նրա ինքնավստահ տոնը դուր չէր գալիս Սարգսին։ «Ոչ մի բանում չի հարցնում ընկերների կարծիքը։ Ու իրեն թվում է, թե ամեն բանի բացատրությունը գիտի անսխալ», մտածում էր նա։ Սարգիսը շատ կուզենար, որ իր «հակառակորդը» գոնե մի բանում սխալվի։ Ուստի ետ գնաց, զննեց թափթված ոսկորները և վեգն ու պատյանից հանված եղջյուրները ձեռքին ետ եկավ։

Սրան արծի՞վ կմոտենա, բարկացած ցույց տվեց նա բերած նշանները, որոնք, անշուշտ, խոշոր և արու քարայծի պիտի պատկանելիս լինեին։

Աշոտը կմկմաց. առարկելու հիմք չուներ, թեև շատ էր ցանկանում առարկել։

Երևի սատկել է, փնթփնթաց նա։

Սարգիսը լուռ ցույց տվեց ժանիքների քերծած հետքեր ոսկորների վրա։ Այդ նշաններից անորոշ երկյուղ ծնվեց Շուշիկի ա Գագիկի սրտերում։ Բոլորն էլ լուռ էին և հավանաբար բոլորի գլխում էլ նույն հարցն էր. «Ուրեմն գազա՞ն կա այստեղ, Հովազաձորում…»;

Լա՜վ… երևի հին բան է… անհոգ ձևանալով կանչեց Աշոտը և քարայծի գլուխն առնելով Սարգսի ձեռքից, առաջ անցավ։

Սա էլ կտանք բնագիտական կաբինետին… խխունջների պատյաններ հավաքեցեք, պա՛հ, ինչքան կա…

Իսկ սա ի՞նչ խեցի է, Աշո՛տ, ժայռի ճեղքից իր ձեռքի ափի մեծության մի ոսկրե պատյան հանելով, ցույց տվեց Շուշիկը։

Աշոտը զննեց և դեն նետեց։

Լա՜վ բնասերների ղեկավար ես, ծաղրեց Սարգիսը խեցին վերցնեով։ Սա գին չունի, իսկ դու շպրտում ես։

Որ անգին է, քեզ լինի, տար ձեր սնդուկում պահիր…

Սարգիսը չպատասխանեց։ «Ի՞նչ ասես այդ մեծամտին, մտածում էր նա, չի հասկանում, որ ծովային խեցի ենք գտել ժայռերում… Ու չի հասկանում, թե ինչ է նշանակում դա… Ի՜նչ ասես…»։ Նա խեցին խնամքով թաքցրեց գրպանում։

խումբը լանջին ցրված պտրտումների մեջ էր, ամեն մեկը ցանկանում էր մի բան տանել դպրոցական թանգարանին, այնպիսի աչքի ընկնող բան, որ արժանանա գովասանքի։

Աշոտը արծվի մեծ-մեծ թևեր գտավ և իսկույն պարծեցավ իր գյուտով։ Գագիկը մի քար գտավ՝ մեջը լիքը պսպղան հատիկներով և լրջորեն երդվեց, որ դա ալմաստի հանք է։ Շուշիկը, երեխայի նման հրճվելով, խխունջների պատյաններ ու բոժոժներ էր հավաքում։ Իսկ Հասոն գտածը սուսուփուս և աննկատելի հանձնում էր Շուշիկին՝ անգղի մեծ փետուր, կաքավի կարմիր կտուց, իսկ մի այրից մի ծաղկեփունջ հանեց, որ բազմաթիվ գույներով հուրհրատին էր տալիս արևի տակ, բայց հոտ չուներ, որովհետև… քարից էր…

Քարե ծաղիկների փո՞ւնջ… Որտեղի՞ց գտար – շփոթված, շառագունած հարցրեց Շուշիկը։

Տղաները խմբվեցին նրա շուրջը, ծանր ու անհոտ «ծաղկեփունջը» ձեռքից-ձեռք անցավ։

Փողփողում էր նրբերանգ ու տարօրինակ այդ «ծաղկեպսակը» և զարմանք պատճառում մեր պատանիներին։ Հասոյի հետևից նրանք մտան նեղ մուտքով մի անձավ և քիչ առաջ գնալով՝ կանգ «առան ապշահար, այրի հատակը ծածկված էր քարե ծաղիկների գույնզգույն գորգով… Այրի մի ճեղքից արեգակի շողերի մի հաստ խուրձ ներս էր ընկել և նրա շեկ-ծիրանագույն լույսի տակ հուրհրատին էր տալիս քարե ծաղիկների այդ հեքիաթային աշխարհը…

Ահով ու զարմանքով նայում էին մեր պատանիները այդ չքնաղ ու անբացատրելի տեսարանին և մի պահ ոչ մեկը չէր համարձակվում շարժվել։

Անձավի առաստաղից կարծես սառցե լուլաներ էին կախված, որոնք նույնպես շողշողում էին և շքեղություն տալիս այդ ստորերկրյա աշխարհին։ Փորձեցին մի քանի «ծաղիկ» պոկել՝ չհաջողվեց. բոլորը կպած էին իրար իրենց քարե թերթիկներով ու ցողուններով։ Խումբը լուռ դուրս եկավ։ Աշոտը գլխահակ էր. նրա համար ծանր էր խոստովանել, որ բացատրություն չի գտնում, թե ինչ էր իրենց տեսածը։ Բայց եթե մեր պատանիները բնության զարմանալի երևույթները հասկանալու համար բավականաչափ փորձ և գիտություն ունենային, իսկույն կհասկանային, որ իրենց տեսած «ծաղիկներն» էլ, «սառույցի լուլաներն» էլ ոչ այլ ինչ են, եթե ոչ ստալակտիտներ՝ հանքային նյութերի գոյացումներ, որ պատահում են առանձնապես կրաքարային կազմություն ունեցող անձավներում։ Իր մեջ կրաքար լուծած ջուրը առաստաղից կաթում է դանդաղ՝ ծը՜լթ… ծը՜լթ… ինքը գոլորշիանում է, իսկ լուծույթը նորից քար է դառնում՝ սառույցի, ծաղիկների, թփերի, երբեմն նույնիսկ «անտառի» ձևեր ընդունած։ Այդ բանը չգիտեր Աշոտը և իր շփոթությունը թաքցնելու համար նա աղմուկով ցած վազեց.

Զկե՜ռը… զկե՜ռը…

Մինչ պատանիները կողոպտում Էին զկեռի ոչ բարձր ծառը, Հասոն անհանգիստ հայացքով խուզարկում էր հյուսիսում, լեռան գագաթին կուտակվող ամպերը և, քիթը ցցած, խոր ներս էր ծծում հանկարծակի Հովազաձոր խուժած օդի հոսանքը, կարծես նրա հոտից, սառնությունից ցանկանում էր ինչ-որ բան հասկանալ։

Օդը հանկարծ ցրտեց, թփերի վրայի դեղնած տերևները սկսեցին սվսվալ որբ ճուտերի նման։ Վատ բան գուշակելով, Հասոն համարձակվեց շտապեցնել ընկերներին.

Շուտ արեք, գնանք, ուշ է։

Բայց մեր պատանիները այնպես Էին տարվել հասուն զկեռները խփշտելու գործով, որ ոչ ոք Հասոյին ուշադրություն չդարձրեց։

Իսկ երբ ծառի վրա այլևս ոչ մի պտուղ չմնաց, Աշոտը ասաց.

Մեկ էլ ո՞վ գիտի մենք Հովազաձոր կընկնե՞նք որ… Եկեք գնանք տեսնենք մյուս ժայռաշարքի տակ ինչ կա։

Հասուն նայում էր շան անհանգիստ շարժումներին, հասկանում որ կենդանին իր նուրբ բնազդով բնական աղետ է զգում։ Եվ որովհետև հանդում Բոյնախը նրա համար միշտ «ծանրաչափի» դեր էր կատարել և այժմ ինքը ևս մոտալուտ փոթորկի նշաններ էր զգում, ուստի հարկ համարեց մի անգամ ևս զգուշացնել ընկերներին։ Բայց սրանք այնպես էին ոգևորվել, երեխայացել իրենց խուզարկություններով և «նշանավոր ու աննշան գյուտերով», որ Հասոյի խոսքը տեղ հասավ միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ էր։ Բայց այդ մասին՝ հետո։ Իսկ այժմ մեր պատանիները զանազան դիրքերով նստոտել էին քարերին։ Մայր մտնող արևի ցոլքերի տակ հրդեհվում էին նրանց կարմիր վզկապները և վառվում հուզմունքից ու թարմ օդից շիկնած նրանց դեմքերը։

Աշնան մեղմ քամին խաղում էր նրանց վարսերի հետ, շոյում էր այրվող դեմքերը։ Ի՜նչ լավ էր այստեղ, բնության գրկում… Նրանք զգում էին, թե ինչպես ժամ առ ժամ հանգստանում են դասերից հոգնած իրենց նյարդերը։

Գոհ էին մեր պատանիներն իրենց ճամփորդությունից, գոհ էին, որ դպրոցի բնասերների ղեկավար Աշոտը իրենց ցույց տվեց հայրենի բնության հրաշալիքներից մեկը՝ Հովազաձորը, իր զարմանալի կենդանիներով։

Գնանք, լսվեց Աշոտի ձայնը։

Մինչ խումբը կիջներ ձորի հատակը և ոտք կդներ այն շավղին, որը նրանց «լույս աշխարհ» պիտի հաներ, երկինքը ծածկվեց ամպերով և մի ուժեղ քամի բարձրացավ, այնքան ուժեղ, որ մեր պատանիները մի քիչ գնալուց հետո կանգ առան։ Ասենք, նրանց անցած «Դիվային կածանից» անդունդը գլորվելու համար չէ ուժեղ, թույլ քամին էլ բավական էր, ուստի նստոտեցին արահետի եզրին այն հույսով, որ քամին կդադարի։ Բայց նա շնկշնկում ու ոռնում էր ժայռի խոռոչներում, զգեստահան էր անում, մերկացնում ծառերն ու թփերը, և չոր տերևները առաջն արած, սրբում-տանում խցկում էր ժայռերի ճեղքերը։

Տեղ է բաց անում ձյան համար, ահով ասաց Հասոն և նրա այդ մի հատիկ խոսքը երկյուղ առաջ բերեց մեր պատանիների մեջ։

Հասոն սխալվել չէր կարող, Հասոն քամու լեզուն անգամ հասկանալ կարող էր, այնքան հաճախ էր գործ ունեցել նրա հետ…

Շատ երկար թվացին այն մի քանի տասնյակ րոպեները, որ մեր պատանիները անցկացրին սառը քամու դեմ նստած։ Ցերեկով, շեկ պալատների նման արևի շողերով ողողված ժայռերը այժմ դարձել էին մռայլ ու ահարկու։ Ձորում հետզհետե թանձրանում էր աղջամուղջը և անդունդներից լսվում էր քամու վայնասունն ու հեծեծանքը…

Շուշիկը ահով հպվել էր Աշոտին և երբ ուժեղանում էր շառաչյունը ժայռերում, նա դողդողում էր ամբողջ մարմնով։

Քարայծերի մի խումբ խուճապարար եկավ-անցավ պատանիների մոտով և Դիվային կածանով սլացավ առաջ։ Քիչ անց վերջին այծը երևաց դիմացի «քյանարին», մի պահ կանգ առավ, ետ նայեց դժոխքի նման փոթորկվող Հովազաձորին և անցավ լեռան մյուս երեսը։

Այո, նույնիսկ քարայծերը այլևս չեն ուզում մնալ այս ձորում… Դա արդեն լավ նշան չէր…

«Որ ձյուն գա՝ փակված կմնան… Դրա համար էն փախչում…», անցավ Աշոտի գլխով և նա այդ մտքից սարսռեց։

Սա դադարելու միտք չունի, վեր կացեք փորձենք առաջ գնալ, ասաց նա։ Այդ պահին մի քար պոկվեց և շխկրտոցով գլորվեց անդունդը։ Իսկ ժայռի արանքից վեր ելնող գիհի ծառը իր գանգուր գլուխը խոնարհում էր գետնին ու հեծեծում…

Նստի՛ր, Աշոտի փեշից քաշեց Շուշիկը։ Նստիր, թե չէ քամին քեզ ձորը կշպրտի…

Գնա՛նք, իրենը պնդեց Աշոտը։ Իրար ձեռքից ամուր բռնեցեք-շղթա տվեք…

Խումբը քսան քայլ հազիվ կարողացավ գնալ շղթա տված։ Հասնելով շավիղի նեղ տեղը, պատանիները կանգ առան և որպեսզի ցած չգլորվեն, իսկույն տեղն ու տեղը նստեցին։

Ի՞նչ անել։ Աշոտը հայացքով խուզարկում էր ժայռը, բայց մոտերքում անձավ չէր երևում։

Ետ գնանք, գոչեց նա։ Բայց ընկերները չհամաձայնեցին. վախենում էին վեր կենալ, վախենում էին քայլել։ Մթնում էր, մի անզգույշ քայլ՝ և մեկն ու մեկը կարող էր զոհ գնալ գիժ տարերքին։ Այն ժամանակ Աշոտի հայացքը կանգ առավ քիչ հեռու, ժայռի պատին սևին տվող խորշի վրա։ «Ճար չկա, այդ փոսում ենք կուչ գալու… Բայց ինչպե՞ս հասնենք», մտածում էր նա և սպասում քամու թուլանալուն, որպեսզի խմբին առաջնորդի այդ պատսպարանը։

Բայց իրար խառնված տարերքը ոչ մի րոպե խաղաղվելու մտադրություն չուներ։

Չոքեչոք եկեք հետևիցս, գոչեց Աշոտը և չորեքթաթ, քարերից բռնելով շարժվեց դեպի առաջ, դեպի իր նշան արած խորշը։

Իրենց արմունկներն ու ծնկները քերծելով՝ մեր պատանիները դժվարությամբ հասան կածանի ձախ պռնկին, ժայռի պատի մեջ խորացած կիսանձավին և մտան նրա մեջ։ Մտան, իրար հպվեցին, դարձան կենդանի կծիկ։ Ափսոս, այդ խորշը խոր չէր և նրա մուտքը ավելի լայն էր, քան ներսը. քարայրեր կերտող բնություն ճարտարապետը նոր միայն սկսել էր այդ ապագա անձավը փորել…

Այնուամենայնիվ այդտեղ լավ էր նրանով, որ քամին խփում էր միայն դիմացից, թիկունքից և կողքերից նրանք պաշտպանված էին քարե պատերով։

Աշոտը իր բարակ, բայց լայն վերարկուն փռեց և նրանով դրսի կողմից ծածկեց մարմինների կույտը։ Այդպես լավ էր, այդպես կարելի էր դիմանալ մի գիշեր։

Համբերեք, լույսը բացվի դուրս կգանք ձորից, սիրտ էր տալիս ընկերներին։

…Մթնեց, ժայռերը դարձան ահավոր, քամու ոռնոցը՝ չարագուշակ։ Վերևում, երկնքի ֆոնին, հազիվ նշմարվում էին բարդբարդված ապառաժները, իսկ ներքևում ձորն էր՝ իր ահավոր երախը բաց արած։

Սկզբում կարծես ոչինչ, իրար սեղմված նրանք նույնիսկ մի քիչ տաքացան։ Բայց տակից և թիկունքից քարի սառնությունը հետզհետե ներծծվեց մինչև նրանց ոսկորները և մեր պատանիները սկսեցին դողալ։

«Ա՜խ, կրա՜կ… մի թեժ կրակ լինե՜ր…»։ Եվ յուրաքանչյուրը մտովին սառած ձեռքերը պարզում էր խարույկին… Այո՛, կրակը կյանք է, առանց կրակի կյանք չկա…

Գագիկը ստիպված իր գլխարկը դրեց տակը։ «էլ ո՞ր օրվա համար եմ պահել խուճուճ մազերս, որ գլուխս չեն պաշտպանելու», յուրովի մտածում էր նա։ Այդպես լավ էր, գլխարկը չէր թողնում, որ քարի սառնությունն անցնի մարմնին։

Սարգիսը որքան ջանում էր կուչ գալ, չէր հաջողվում, նրա երկար ոտքերի ծայրերը դուրս էին մնում խորշից։ «Չէ, երկար բոյն էլ մի բան չի… Ա՛խ, այս քյալլագյոզը ո՞ւր հասցրեց մեզ…», մտածում էր նա դառնացած։ Իսկ Հասոյի խիղճը տանջում էր այն մտքից, որ մի քնքուշ ու թույլ աղջիկ ստիպված է սրթսրթալ այդ չոր քարերի վրա…

Քրդերը միշտ սարում են, քրդերը հաճախ են գիշերում բացօթյա։ Այդ է պատճառը, որ նրանք միշտ տաք են հագնվում, նույնիսկ ամռանը։ Պատանի քուրդը իր հագին կոշտ աբայից բացի, մեջը բամբակ դրած պիջակ ուներ և ոչ մի ցուրտ չէր զգում։ Նա շատ կուզենար իր պիջակը հագցնել Շուշիկին, բայց քաշվում էր. «Ով գիտի, ինչ կասեն…»։

Շուշիկը մտքով իրենց տանն էր, իրենց արևոտ ու տաք բակում, ուր ծառերի վրա փոքրիկ արևների նման վառվռում էին հասուն դեղձերը։ Թմբիր էր իջել նրա վրա և քաղցր նիրվանայի մեջ Արարատյան դաշտի ջերմ ու անուշ աշունն էր երազում… Կարծես յոթ սարի, յոթ ձորի հետևից լսվում էր Աշոտի հուսատու ձայնը. «Մի քիչ էլ դիմանանք՝ լույսը կբացվի, նորից արև կլինի ու մենք երգելով գյուղ կգնանք…»։

Կես քուն կես արթուն այդ միտքն էին գուրգուրում մեր պատանիներն իրենց մեջ և այդ հույսով էլ անցկացրին գիշերը։

Իսկ երբ ծանր ու ահալի գիշերից հետո վերջապես լուսացավ, սկսվեց ձյան փոթորիկը և արար աշխարհ խառնվեց իրար։

Ճիշտ էր գուշակել քուրդ պատանին, քամին նախապես երկիրը սրբում-մաքրում էր, որ տեղ բացի ձյան համար…

Այդպես է սկսվում ձմեռը մեր լեռնային երկրում…

avatar
Azat Chobanyan

Քաք գիրքա

26 August 2024

Other parts of "Հովազաձորի գերիները"

Yatuk Music
Aria and Toccata for violin and piano
Ghazaros Saryan

Aria and Toccata for violin and piano

Constantinople
Constantinople
Play Online