Vakhtang Ananyan

Հովազաձորի գերիները

10

Գլուխ տասնյոթերորդ. Թե ինչն էր այնքան թանկ Աշոտի համար

Երեկոյան, երբ օջախի շուրջը բոլորած նրանք զրույց էին անում և հեքիաթ պատմելու հերթը հասել էր Աշոտին, սա հայտարարեց, որ ինքը հիմա հավաքույթում պետք է խոսի մի հարցի՝ ընկերասիրության մասին։

«Ի՞նչ հավաքույթ, ի՞նչ բան… Հովազաձորում է՞լ ազատ չենք հավաքույթից…», մտածում էր Գագիկը և ուզում էր բողոքել բարձրաձայն, բայց Աշոտն արդեն սկսել էր։

Վախենում եմ էլի քարոզներ կարդաս գլխներիս, առանձին, այնպես որ Շուշիկը չլսի, այնուամենայնիվ զգուշացրեց Գագիկը։

Իսկ զրույցը հավաքույթում դու պատկերացնո՞ւմ ես առանց խրատի, առանց դատողությունների, վրդովվեց Աշոտը։ Քեզ որ մնա հավաքույթներում անեկդոտներ կպատմես…

Ախր, Աշո՛տ…

Ոչ մի ախր, նստիր ու ականջդ կախ լսիր, ինչ որ ասում են։ Եթե ինձ եք ընտրել, ապա բարի եղեք ենթարկվել և ոչ թե բան սովորեցնել…

Եվ Աշոտը սկսեց իր զրույցը՝ իրեն հատուկ վերամբարձ և պաշտոնական ոճով։ Է՛հ, ի՞նչ աներ, նա համոզված էր, որ հավաքույթում հենց այդպես էլ պետք է խոսել…

Ընկերը նեղ օրերին կճանաչվի, ասել են մեր իմաստուն պապերը, սկսեց նա։ Եվ իսկապես, այստեղ՝ նեղության մեջ՝ մի քանի օրում մենք իրար ավելի լավ ճանաչեցինք, քան դպրոցում, թեև այնտեղ ահա յոթ տարի է, որ ընկերություն ենք անում…

Աշոտն այս ասելիս Սարգսի կողմը չէր նայում, բայց սա լավ գիտեր, թե ում են ուղղված այդ խոսքերը, ուստի 3ը կախ նայում էր ձորին, բայց ուշադրությունը խոսողի կողմն էր։

Դու էլ՝ ընկե՛ր, ընկե՛ր… Մեկից որ օգուտ չկա, նրա հետ ի՞նչ ընկերություն անես, Սարգսի կողմն աչքով անելով՝ տեղից վրա բերեց Գագիկը։

Սարգիսն այդ ևս հասկացավ և կուլ տվեց։

Հիմի տեսեք ես ինչպես եմ հասկանում ընկերասիրությունը, շարունակեց Աշոտը։

Նա ասաց, որ երբ պատվիրում են, թե՝ սիրիր ընկերոջդ, նվիրված եղիր նրան, դա հենց այնպես, քաղցր-մեղցր խոսք չի։ Դա կյանքի պահանջն է, ապրելու պահանջը։ Դա հո այնպես վերացական բան չի։ Կոնկրետ, եթե ընկերական սիրով կապված լինեն իրար հետ, կապրեն՝ իրար օգնելով, իրար սիրտ տալով, ցուրտ ժամանակ իրար տաքացնելով, քաղցի ժամանակ իրար համար ուտելիք գտնելով, վտանգի դեպքում իրար պաշտպանելով։ Կենտ-կենտ ընկնեին Հովազաձորի նման տեղեր, նույնիսկ կրակ չէին ունենա ու ցրտից կոչնչանային։ Եթե նույնիսկ ամեն բանն էլ առատ լինի մարդ մենակությունից կխելագարվի…

Ուրեմն, ընկերասիրությունը հենց այնպես, վերացական բան չի։ Նա մեծացնում է մարդկանց ուժը, անհաղթելի է դարձնում նրանց՝ բնության դեմ մղվող պայքարում։ Եթե չլիներ ընկերասիրությունը, դաշտում ինչպե՞ս պիտի հարյուրավոր մարդիկ աշխատեին միասին…

Առանձնապես այստեղ, Հովազաձորում, մեզ օդի ու ջրի նման հարկավոր է ընկերասիրությունը, քանի որ առանց ընկերոջ այստեղ մեզնից ոչ ոք ապրել չի կարող և ոչ ոք չի կարող մենակ բացել ճամփան ու դուրս գալ այս բերդից, ներշնչում էր Աշոտն ընկերներին։ Այդ բանը օղ արեք ձեր ականջներին։ Իսկ ով այդքան գիտակից չի լինի՝ իրեն դուրս կդնի կոլեկտիվից և այնպես կտուժի, որ կզղջա։ Անպայմա՛ն կզղջա։ Այդ պատճառով էլ ես իմ պատմությունը նվիրում եմ այդ հարցին։ Ուզում եմ պատմությանս նյութը հենց բնությունից էլ վերցնել։

Ինչպես գիտեք, մեր յայլաղում ջուր քիչ կա։ Երաշտ տարին եղած մի քանի աղբյուրները ցամաքում են և սարվորներն սկսում են ջուր կրել լեռան կատարի Կապույտ լճից։ Այս ամառ երկու շաբաթ ես սարում մնացի։ Գնում էի լճի ափին ծաղիկների մեջ պառկում ու գիրք կարդում, մեկ-մեկ էլ քար էի նետում բադերին։

Արդեն ցրտել էր, առավոտները երկինքը կանաչի վրա եղյամ էր դնում։ Ադրբեջանցի հովիվներն ասում էին՝ Ղույրուղը ծնվել է, քոչելու ժամանակն է, թեև, ճիշտն ասած, Հասո՛, ես չհասկացա, թե ինչ բան է այդ Ղույրուղը և եթե նա ծնվի, ինչու պետք է մենք մեր սիրուն սարերը թողած՝ իջնենք տխուր ձորերը։

Ստվերի մեջ Հասոյի ճերմակ ատամները պսպղացին։

Դա իմ հերն էլ է ասում, ինձ էլ ցույց է տվել, ասաց նա։ -Ղույրուղը աստղ է, վառ աստղ, «Շամփուր-կշեռքի» ծայրին։ Դա որ ծնվում է, այսինքն իրիկնադեմին երկնքում երևում է, սարում գիշերները միանգամից ցրտում է։ Ու մեզ հետ ընկերություն անող ադրբեջանցի չոբանները հենց այդ աստղը տեսնում են երկնքում, մյուս օրը վրանները հավաքում են քոչում… Հա՛, հետո՛, խոսքդ ասա…

Ասեմ։ Որ Հասոյի ասած այդ աստղը երևաց երկնքում, ադրբեջանցիները սկսեցին քոչի պատրաստություն տեսնել, մենք էլ հետները։

Մորս հետ վերջին անգամ Կապույտ լիճը ջրի գնացինք, մեկ էլ երկնքից ձայն լսվեց։ Վերև նայեցինք, տեսանք կռունկները շարվեշարան հյուսիսից գալիս դեպի հարավ են գնում։ Նրանցից մեկը նկատեց ջուրը և խմբից ջոկվելով, իջավ։ Այդ որ տեսավ, ընկերը նույնպես անջատվեց երամից, եկավ լճի վրա պտույտներ գործեց, ճչաց-կանչեց՝ ոչինչ չօգնեց, ընկերը փռվել էր լճի ափին, մեզնից քիչ հեռու ու խղճալի ձայն էր հանում։ Չհասկացանք՝ թև՞ն էր վնասվել, հիվա՞նդ էր, թե ուժասպառ էր եղել երկար ճանապարհորդությունից։ Վերևում պտտվող կռունկը մնացել էր մոլորված՝ խմբի՞ն հետևի, թե՞ իջնի ընկերոջ մոտ… Նա, իհարկե, գիտեր, որ երամը սարն անցկացավ՝ իր բանը վերջացած է, մենակ ո՞ւր պիտի գնա։ Բայց չուզեց հիվանդ ընկերոջը մենակ թողնի ու իջավ մոտը։

Մենք թողեցինք հեռացանք։

Յայլաղից Կապույտ լիճը չի երևում, բայց մենք մինչև ուշ գիշեր լսում էինք կռունկի ձայնը, նրանցից ո՞րն էր ձայն հանում, ի՞նչ էր ուզում…

Առավոտյան կոլխոզի ավտոները եկան, բայց ուշքս-միտքս կռունկների կողմն էր, իսկի քոչի հետ կգնայի՞ որ… Ղանձիլ քաղելու պատրվակով սարը պատ տվի ու դուրս եկա Կապույտ լճի վերևը։ Էլի՛ ճչում է, էլի՛ ծվում է… Նայեմ ի՛նչ տեսնեմ՝ առողջ կռունկը կտուցով վեր է քաշում իր թուլացած ընկերոջը ու ձայն է տալիս, մղկտում, երևի համոզում է, որ իր հետ օդ բարձրանա, միասին թռչեն-գնան հասնեն իրենց երամին…

Շատ մնացի ես այդ լանջին նստած, աչքս լճի ջրերին, ականջս կռունկի ձայնին։ Երեկոյան դեմ ստիպված եղա հեռանալ։ Ու քանի հեռանում էի լճից, այնքան հեռանում էր և իր ընկերոջ համար երամից ետ մնացած կռունկի ձայնը… Գնում էի ու ցավով մտածում, թե մեզ մոտ մարդիկ կան, որ հազար անգամ խելոք ու գիտակից են այն կռունկից, բայց սիրտ չունեն, ընկերոջ համար իրենց կյանքը վտանգի չեն ենթարկի, ինչպես այն անլեզու թռչունը…

Հետո՞, հետո՞, ինչ եղավ, ընկերոջը հետը տարա՞վ, անհամբեր հարցրեց Շուշիկը, որ շատ էր ազդվել այդ պատմությունից։

Չգիտեմ, ես այլևս սար չբարձրացա, և չգիտեմ գոնե ինքը գնա՞ց հասնելու երամին, թե՝ մնաց մեռնող ընկերոջ մոտ։ Միայն երբ ձյուն եկավ սարում, հովիվներից մեկը պատմել էր իր ընկերներին, որ Կապույտ լճի մոտ շատ փետուրներ է տեսել ցրված, աղվեսները թռչուն էին հոշոտել…

Պատանիները մի քանի րոպե լուռ մտածում էին։ Ի՛նչ քնքուշ սրտի տեր արարածներ կան աշխարհում…

Հերթն ի՞մն է, թե՞…

Ու Գագիկը նայեց Սարգսի կողմը։

Նրանն է, բայց նա մեզ բան չունի ասելու։ Պատմի՛ր, խստությամբ շպրտեց Աշոտը, թեև դրա համար Շուշիկից մի հանդիմանական հայացք ստացավ։

Լա՛վ, պատմեմ։ Այս ամառ, ոնց որ գիտեք, ես էլ գնացի Շահալվի պիոներական ճամբարը։ Իմ բախտն ինձ հետ է. իմ քեռու տղա Գրիգորի նման ուր գնում եմ համեղ ուտելիքի եմ պատահում. անտառում վայրի մեղվի մի ընտանիք գտանք։ Անիրավ մեղուները ծառի փչակը լցրել էին մեղրով, ի՜նչ մեղր, որ արևի տակ ծորում էր, ոնց որ ադամանդներ թափվեին ցած։

Փչակը մաքրազարդեցինք, խեղճ մեղուները մնացին առանց պաշարի, իսկ մի մասն էլ զոհ գնաց, դե կողոպուտը հո առանց զոհի չի՛ լինի…

Բայց դա էժան չնստեց մեզ։ Դրանից հետո մի ամիս մնացինք Շահալվում ու մի ամիս շարունակ այդ մեղուները անտառում ում որ պատահում էին մեր ճամբարից՝ վրա էին հասնում խայթում։ Որ ասեմ այդ մի ամսվա մեջ ճամբարի բոլոր պիոներներին էլ խայթեցին անտուն մնացած այդ միջատները՝ հավատացե՛ք։ Մի ծեր մեղվաբույծ ասում էր՝ բա հե՞շտ է դրանց հանրային սեփականությանը ձեռք տալ… Համ էլ, ասում էր, իրենց սպանված ընկերների վրեժն են հանում… Վրեժ էին հանում, ճիշտ է, բայց խայթողը մեռնում էր… Մեռնում էր կոլեկտիվի՛ համար, ընկերո՛ջ համար, ձայնը բարձրացրեց Գագիկը և մի շանթող հայացք նետեց Սարգսի կողմը։

Տիրեց անհարմար լռություն։ Երեք օրվա բոյկոտից հետո բոլորն էլ, կարծես խոսքները մեկ արած՝ Սարգսին էին նստում։

Սա չդիմացավ այդ հայացքներին, վեր կացավ և մռայլ ու մոլոր դուրս գնաց։

Ի՞նչ եք կարծում, տե՞ղ է հասնում, թե չէ, դեպի անձավի շեմքն աչքով անելով՝ հարցրեց Աշոտը։

Կաց, պապիս առածով պատասխանեմ, գայլի գլխին ավետարան էին կարդում, ասաց՝ շուտ արեք, ոչխարը սարն անցկացավ…

Չար ես դու և չար կատակներ ես անում, վրդովվեց Շուշիկը։ Ինչո՞ւ համար են քո այդ…

Նրա խոսքը կիսատ մնաց. Սարգիսը ներս մտավ և զգալով, որ իր մասին են տաք-տաք վիճում, շեմքին կանգ առավ։

Այրում տիրում էր նույն անհարմար լռությունը, ինչ քիչ առաջ։ Եվ այդ լռությունը արճճի նման ճնշում էր տղային։

Ի՛նչ ծանր բան է եղել մենակությունը…

Եվ նա նախանձեց նույնիսկ հովիվ Հասոյին, որին ընկերներն այնպես սիրալիր են նայում, իսկ իրեն՝ արհամարհանքով։

Կա՞ աշխարհում ավելի ծանր բան, քան այն, երբ ընկերներդ երես են դարձնում քեզնից…

Գլուխ տասնութերորդ. Թե ինչպես, այնուամենայնիվ, մարդս գտնում է կենդանուն խաբելու և նրան իր ստամոքսին ծառայեցնելու հնարը

Այդ երեկո, քնելուց առաջ, Հասոն հարցրեց Աշոտին.

Գիտե՞ս արևը մտնելիս որտեղ էի…

Իսկապես, դու մի ժամանակ անհետացար, թփերում մասո՞ւր էիր ուտում։

Ես ընկերից թաքուն բան չեմ ուտի, արժանապատվությամբ և բոլորի համար էլ անսպասելի խստությամբ կտրեց Հասոն։ Ոչ ոք չնկատեց, թե նրա այդ խոսքից ինչպես ցնցվեց իր տեղում դեմքը դեպի առաստաղը պառկած Սարգիսը. նրա կողմը ոչ ոք չէր նայում։

Ապա Հասոն տոնը մեղմացրած շարունակեց.

Նայում էի, թե ճնճղուկները որտեղ են թառում։

Հետո՞… տեսա՞ր…

Տեսա։ Կաքավի քարի տակ մի խոր զաղա կա, մտան նրա մեջ։

Շա՞տ էին, վրա նստեց Աշոտը։

Շա՜տ… Ամեն կողմից եկան լցվեցին։ Ի՞նչ հնար կա նրանց բռնելու, չգիտե՞ս…

Վա՛հ, այ տղա, բա ինչո՞ւ շուտ չես ասում։ Վե՛ր կացեք….

Եվ Աշոտը այնպես հապճեպորեն վեր կացավ տեղից, կարծես եթե մի քիչ էլ ուշանար՝ ճնճղուկները կչքանային։

Դանակդ տուր, իսկ դուք էս խոտից փաթաթեցեք փայտերի գլուխը…

Նա արագ դուրս գնաց և քիչ անց հետը քարշ տալով բերեց արմատից կտրված մամխի թփերը։ Դրանք իրար խճճված խիտ ճյուղեր ունեին, որոնք ծածկված էին բազմաթիվ փշերով։

Աշոտը դանակով տաշեց-մաքրեց այդ թփերի կոթերը, բռնելու տեղ պատրաստեց և ընկերներից յուրաքանչյուրին մի-մի ճյուղ հանձնելով, պատվիրեց.

Հետևիցս եկեք…

Է, Գագիկը մինչև չհավաստիանար գործի հաջողության մեջ, տեղից կշարժվե՞ր…

Մի՛տքդ բացատրիր, համառորեն պահանջեց նա։

Դմբո՛, ձմեռը մարագում ծիտ որսած չկա՞ս, բարկացավ Աշոտը։

Գագիկը գլուխը բացասաբար շարժեց.

Նրանք ի՜նչ քաշ ունեն, որ ժամանակ կորցնեի որսայի…

Քաշ չունեն, բայց ծտի շորվան հրաշալի է, իսկ փլավը՝ անմահական։ Լսիր, թե ոնց է դրանց խփելու ձևը. հենց որ ցրտին լցվեցին ներս՝ դարմանի մեջ տաքանալու, մարագի դուռը կիսաբաց արա ու դեմը մամխի ճյուղը շարժիր օդում։ Խրտնած ծտերը դուրս են թռչում, իսկ դու օդում հա՛ թափահարիր ձեռքիդ ճյուղը։ Գնա՛նք… Հասո, շունը կապիր թող մնա…

Նրանք վերցրին երկու վառվող ածխակոթ, իրենց պատրաստած խոտի «ջահերը» և դուրս եկան այրից։

Մի «ջահ» և մի մամխի ճյուղ էլ ինքը վերցնելով, Սարգիսը առանց հրավերի հետևեց նրանց։

Դրսում խավար չէր, պարզ երկնքից աստղերը նայում էին ճերմակ ձյան սավանին ու ցրում մութը։ Մի տեսակ գորշ գիշեր էր, կարծես արևը վաղուց մայր էր մտել, բայց դեռ չէր մթնել։ Շուրջը քնած էր ամեն ինչ խաղաղ քնով, կարծես նիրհում էին և սեպ-սեպ ժայռերը, երկնքի ֆոնին ուրվագծված իրենց ֆանտաստիկ աշտարակներով…

Հասոյի հետևից ընթացող խումբը անձայն տեղ հասավ և կանգ առավ մի անձավի մութ երախի առաջ։ Զարհուրելի էր նրա ներսը. հետաքրքիր է, ի՞նչ է Աշոտի միտքը, պիտի ջահերո՞վ մտնեն, թե՞… Չէ՛, ջահերը նա վերցրեց ընկերների ձեռքից և դրեց մի կողմ, ածխակոթերը նույնպես՝ ծխացող ծայրերն իրար դեմ արած։ Ապա Գագիկին մի կողմ տարավ, ականջին ինչ-որ բան փսփսաց ու իր վերարկուն հանձնեց նրան։ Ձեռքի փշփշոտ ճյուղը առաջ մեկնած, նա մտավ անձավը և նշան տվեց արագ հետևել իրեն։

Երբ ընկերները լուռ, չարքերի նման կուլ գնացին անձավի խավարին, Գագիկը բացեց ձեռքի վերարկուն, նրանով փակեց անձավի մուտքը և նրա հետևն անցած՝ պահեց բաց առագաստի նման. վերարկուի հետ միասին նրանք մի ծուռումուռ դուռ էին կազմել, որով և փակել էին անձավի մուտքը։

Հենց նա մուտքը փակեց, ներսից աղմուկ լսվեց և բազմաթիվ թևերի շափշափյուն։ Քնահարամ եղած և սարսափահար ճնճղուկները պատեպատ էին դիպչում, բնազդով թևածում էին դեպի դուռը և վերարկուին խփվելով՝ ետ էին փախչում ու տագնապալի պտույտներ գործում մթին քարայրում… Իսկ մեր «որսորդները»։ Նրանք ոչինչ չէին տեսնում և տեսնելու կարիք էլ չկար, օդը լիքն էր թռչող արարածներով, հարկավոր էր միայն փշոտ ճյուղը գլխից վեր պահած պտտել ուժգին…

Շատ ճնճղուկներ թափվեցին այդ կույր հարվածներից, շատերն էլ մտան այրի ճեղքերը, բայց ահարկու գոռում-գոչյուններից նորից դուրս պրծան սարսափահար և զոհ գնացին օդում շեշտակի դես-դեն հարվածող փշոտ թփերին։

Հետաքրքրությունից մղված Գագիկը իջեցրեց վերարկուն և գլուխը ներս խոթեց։ Այդ պահին մեկն իր փշով հարվածեց նրա բաց գլխին, մթնում ինչ հասկանաս գլո՞ւխ է, թե՞ քար…

Տղան ետ ցատկեց։

Այ մարդ, ճնճղուկները վերջացրիք հիմի էլ ի՞նձ եք որսում, գոռաց նա։

Հարվածողը փորը բռնած ծիծաղում էր, իսկ կենդանի մնացած թռչունները դուրս էին փախչում։

Փակի՛ր, Գագի՛կ, դուռը փակիր, ներսից գոչում էր Աշոտը։

Չէ՛, ախպեր, ես հանդում գտած ձրի գլուխ չունեմ, որ հասնողը խփի… Օ՜ֆ… մի լույս վառեցեք..

Ածխակոթերը փչեցին, նրանց վրա դրված «ջահը» բոցավառվեց։ Չէր կարելի նայել Գագիկի ճանկռված ճակատին և չծիծաղել։ Նա իր գլխի սև «քյաքուլի» միջից մի ջարդված փուշ հանեց և Աշոտին մեկնելով նեղացած արտասանեց.

Համա որս ես անում հա՜… Դրա համա՞ր ինձ շեմքին կանգնեցրիր, որ սուտ շշկլվես կարկաջիս հասցնես…

Ոչի՛նչ, Գագի՛կ, քեզ մի ծիտ ավելի կտանք։ Շուշի՛կ, ջահդ ներս բեր, տեսնենք ինչ է իրենից ներկայացնում մեր պատերազմի դաշտը։

Իսկապես որ պատերազմի դաշտ… Այրի որմե հատակին այստեղ-այնտեղ թափթփված էին փշերին զոհ գնացած ճնճղուկները։

Շուշիկի սիրտը չդիմացավ, նա շուռ եկավ։

Վերցրեք ջահը, ես դուրս եմ գնում… Դուք խիղճ չունեք…

«Պատերազմում» տաքացած տղաների գլխին կարծես սառը ջուր լցրին։ «Իսկապե՜ս, այս ի՞նչ բարբարոսություն էր…»։ Եվ բնասերի իր ապստամբած խիղճը հանգստացնելու համար, Աշոտը մռթմռթաց.

Լենինգրադի պաշարման ժամանակ մարդիկ իրենց մեծացրած կատուներին էին մորթում… Ի՞նչ անեին, իրենց կյա՞նքն էր թանկ, թե՞ կենդանունը…

Տղաները հավաքեցին իրենց որսը, լցրին գլխարկները և ճամփա ընկան դեպի տուն։

Խմբի վերջից այս անգամ ընթանում էր Հասոն։ Այդպես էր նա. տնից հանդ գնալիս՝ ավանգարդում, վերադառնալիս՝ արյերգարդում, այսինքն միշտ վտանգի առաջին գծում։

Շատ են զարգացած բնության մեջ մեծացած մարդու զգայարանները, այդ թվում գիտության համար անգամ դեռ անորոշ «վեցերորդ զգայարանը»։ Դրա շնորհիվ չէ՞ր, որ Հասոյին թվաց, թե մի զույգ աչքեր հետևից շեշտակի նայում են իր ծոծրակին։ Նա շուռ եկավ և նկատեց, որ թփերի մեջ ֆոսֆորային սառը շողով մի զույգ աչքեր շողացին և անհետացան։

«Գազա՜ն էր…», անցավ տղայի մտքով և նա ձեռքի ածխակոթը օդում շարժելով արագացրեց իր քայլերը։

Այդ դեպքի մասին նա ոչինչ չասաց ընկերներին. «Կվախենան, լավ չի…»։

«Ի՞նչ գազան կարող է լինել այստեղ… Որտեղի՞ց և ո՞նց է եկել…», գիշերը մտածում էր նա։

Մի բան նրա համար պարզ էր, որ գայլ չէր իր տեսածը, գայլի աչքերը նա ճանաչում էր…

«Գայլը չի կարող էս ձորը մտնել… Նա ուրի՛շ բան էր…», մտածում էր տղան կեսգիշերին, երբ ընկերներն արդեն քնած էին, երջանիկ իրենց հաջող որսով։

Բայց Աշոտին այլ մտքեր էին հուզում այդ գիշեր։ Մինչև հիմա նրանք փակված ճամփան բացելու փորձ չէին անում, որովհետև քաղցը ժամանակ չէր տալիս, նա հրամայողաբար պահանջում էր սնունդ ճարելուց բացի ուրիշ ոչ մի բանի մասին չմտածել։ «Հենց որ կշտացանք և մեկ-երկու օրվա սննդի պաշար ունեցանք, կարելի է սկսել…», նախորդ օրերին ասել էր Աշոտն ընկերներին և ստացել նրանց հավանությունը։ Այժմ սնունդը կա, էլ ինչի՞ն էին սպասում։

«Վաղը փորձում ենք բախտներս… Բայց ինչո՞վ… Գործիք չունենք… Դանակով թիա՞կ կշինվի… Մեր բակում ընկած էն կոտրած թիակն էստեղ լիներ…»։

Քունը վրա հասավ և այնպես էլ Աշոտը չկարողացավ որոշել, թե ինչով կարելի է բացել փակված ճամփան։ Երազում այդ հարցը ինքն իրեն լուծվեց, բոցամուղը (ֆարսունկա) ձեռքին թեժ բոցի հոսանքը նա ուղղում էր կուտակված ձյուներին և Դիվային կածանը հալվում-բացվում էր անհավատալի արագությամբ։

Հետևիցս եկեք, անզուսպ ուրախությամբ գոչում էր նա՝ բոցի հետևից արագացնելով ընթացքը։ Ընկերները՝ շարք կազմած՝ իր հետևից գնում էին դեպի ազատություն թե՜թև, ուրա՜խ…

Աշոտը ետ նայեց՝ հո Սարգիսը էլի ետ չի՞ մնում։ Չէ՜, «Հիմի ե՞տ կմնա որ», ներողամտորեն ժպտաց նա։

Իսկ բոցամուղը հրեղեն վիշապի նման իր ռունգներից ծուխ ու հուր արձակելով հալեցնում-ոչնչացնում էր իր ճամփին պատահած ամեն բան։

Դեպի տո՜ւն… Դեպի տո՜ւն…

avatar
Azat Chobanyan

Քաք գիրքա

26 August 2024

Other parts of "Հովազաձորի գերիները"

Yatuk Music
The sky is cloudy
Komitas

The sky is cloudy

Constantinople
Constantinople
Play Online