Vakhtang Ananyan
Հովազաձորի գերիները
29
Գլուխ տասնհինգերորդ. Թե ինչպես Հասոն չէր հասնում այն բանին, ինչին որ ձգտում էր, այլ հասնում էր նրան, ինչին որ չէր ձգտում
Աղբյուրի շրջակայքում ոչխարների թարմ հետքեր չկային, պարզ էր, որ վայրենացած կենդանիները չէին համարձակվել ցատկելու արահետի հանգած խարույկի վրայից և մնացել էին ծարավ։ Բայց դա Հասոյին չէր անհանգստացնում, նա որոշել էր հենց ջրով էլ գրավել նրանց։ Նա մի կավե ամանով ջուր վերցրեց ու զառիվերով բարձրացավ դեպի ժայռերի մյուս երեսի ձորակը։ Արահետում մոխրի տակ նվաղող կրակ էր մնացել։ Հասոն ածխակոթերն իրար մոտեցրեց, փչեց, ծուխ բարձրացավ։ Ապա նստեց քարին ու փչեց իր սրինգը՝ միշտ հայացքը հառած այն այրի մուտքին, որին տղաները Փարախ էին կոչել։
Նվագում էր պատանի հովիվը Թուխիկին ծանոթ եղանակները և շուտով նկատեց, որ այրի աղջամուղջում մի կենդանու գլուխ երևաց։ Երևացին և ոլորապտույտ եղջյուրներ, ու ոչխարները վախվխելով դուրս եկան իրենց թաքստոցից։
Այն ժամանակ Հասոն ջրով լի ամանը ձեռքին ընդառաջ գնաց նրանց և ի ցույց դրեց մի սալ քարի։ Խոյն ու գառը խրտնած փախան։ Քիչ հետո դիմացի ծերպից նրանք կասկածանքով նայում էին մարդուն, բայց Թուխիկը տեղից չէր շարժվում։
Հասոն վերադարձավ կրակի մոտ և շարունակեց նվագել։ Ոլոր-մոլոր ու դանդաղ բարձրացող ծուխը, սրնգի նվագը անասելի ուժով կենդանուն քաշում էին դեպի իրենց։
Դունչն առաջ մեկնած-հիպնոսացած նա քարացել էր տեղում, երբ սրինգը հնչեց ջրի գնալու եղանակը։ Ոչխարի մարմնով հաճելի դող անցավ։ Այնպես վառ կերպով վերակենդանացան անցյալի պատկերները կենդանու ուղեղի ծալքերում, որ նրան թվաց, թհ տեսնում է իր հազարավոր ընկերներին լանջից ջրի իջնելիս և լսում է առվի խոխոջյունը։ Շատ էր ծարավ Թուխիկը, և նվագի կախարդիչ զորությամբ շարժվեց դեպի ջուրը, որի ներկայությունը զգում էր հեռվից։ Հասավ ամանին, զգուշությամբ դունչը մեկնեց, ապա փռռացնելով ետ քաշվեց խրտնած։ Բայց ջուրը գայթակղեցնում էր նրան։ Համոզվելով, որ վտանգ չկա, նա վերջապես խմեց, կշտացավ և շուռ գալով բայուն արձակեց, երևի ձագերին էր հրավիրում։ Ասենք, նրա հրավերը հարկավոր էլ չէր. ձագերից ավագը վախվխելով առաջ էր գալիս, ամեն վայրկյան ետ փախչելու պատրաստ։ Շատ հավանական է. որ երազի նման նա ևս հիշում էր խարույկի ծուխը, մարդ արարածին կամ նրա նվագը…
Բայց նա շատ առաջ չեկավ, իսկ գառը նույնիսկ իր բարձունքից չիջավ լանջը։ Հասոն դանդաղ մոտենում էր Թուխիկին և ձեռքն առաջ մեկնած, շրթունքներով «պռու, պռու, պռու» ձայներ էր արձակում, որով հասկացնում էր, թե ափի մեջ աղ կա. այդպես են հովիվները գրավում և բռնում ոչխարներին։ Բայց աղը չէր գայթակղեցնում Թուխիկին, ամեն օր ջրի հետ նա աղ էր ընդունել և ժամանակի ընթացքում կորցրել աղի հետ կապված այն ռեֆլեքսները, որոնք այնքան զարգացած են բոլոր խոտաճարակ կենդանիների մեջ։
Ամբողջ օրը նստեց Հասոն խարույկի մոտ, նվագեց, հազաց, խոսեց ինքն իրեն։ Այդպիսով կենդանիներին վարժեցրեց իր ներկայությանը և նրանց մեջ վստահություն առաջ բերեց իր նկատմամբ։ Նրանք տեսան, համոզվեցին, որ խաղաղ արարած է այդ երկոտանին և նրանից ոչ մի վնաս չի գալիս իրենց։
Այնուամենայնիվ, գոյության դաժան կռվի փորձը նրանց թելադրում էր զգույշ լինել, ո՜վ գիտի, թե ի՛նչ դավադիր մտադրություններ կան քողարկված այդ գրավիչ դայլայլի տակ…
Երեկոյան դեմ Հասոն, դատարկ ամանը վերցնելով, քայլեց դեպի տուն։ Վերադարձի ճամփին նա շրջեց Հովազաձորի վերին դարավանդներում, կուզեկուզ արավ կաքավների հետևից և մի արևկող բաց տեղում հասկավոր խոտերի պատահեց։ Տրորեց բռի մեջ հասկերը՝ երկար, սուր-սուր և լղարիկ հատիկներ դուրս եկան, որոնք կապտավուն գույն ունեին։ Գցեց բերանը, համը տեսավ և ինչքան ուժ ուներ գոռաց.
Աշո՜տ, Գագի՜կ, ցորեն եմ գտել, եկե՜ք, եկե՜ք, ցորեն եմ գտե՜լ…
Այդ լուրը կայծակի ազդեցություն ունեցավ անձավաբնակների մեջ։ Ցորե՜ն… Դա հո մուրազ է, դա այն է, որի պահանջը նրանք զգում էին իրենց բոլոր նյարդերով։ Հացի սովոր մարդու համար ավելի անտանելի բան չկա, քան միայն մսով սնվելը։
Դարձել ենք իսկական էսկիմոսներ, գանգատվում էր Աշոտը, բայց նպատակն ուրիշ էր. այսինքն՝ եթե էսկիմոսները կարող են միայն մսով ապրել, ուրեմն իրենք ևս կարող են ապրել առանց հացի։ Բայց այդ ուժեղ և քաջառողջ պատանին անգամ խիստ նեղվում էր հացի բացակայությունից։ Կիսահում խորովածից և գիշերները մրսելուց նրա ստամոքսն անգամ հիվանդանում էր։ Այդ գործում բուժիչ դեր էին կատարում ուռենու տակից գտնված անանուխը, վայրի մրգերը, մանավանդ զկեռը և մամուխը, որոնք իրենց մեջ ստամոքսը բուժող նյութեր ունեն և որոնցից Շուշիկը միշտ դեղի համար ուներ թաքցրած։
Գալիս ենք, գալի՛ս, ներքևից ձայն տվեց Աշոտը և շտապեց դեպի վեր։ Նրան հետևում էին Գագիկն ու Շուշիկը, իսկ Սարգիսը քարշ էր գալիս խմբի հետևից, ցորեն գտնելու լուրը նրան ևս հանել էր իր տաք տեղից։
Հևիհև տեղ հասան, փռվեցին խոտերի մեջ։
Ես ձեր լղարիկ հասկերին մատաղ, որտե՞ղ եք, ախր ձեր կարոտից մեռանք, վայրի տարեկանի նվազ հասկերը շոյում ու իր հանգի կատակում էր Գագիկը։
Փշրում էին նրանք հասկերը, փչում մղեղը և բարալիկ ու մանր հատիկները բերանները գցում։
Չեղա՛վ, ընկերնե՛ր, հում-հում չի կարելի…
Ախ այդ Աշոտը, սպանեց էլի իր կարգ ու կանոնով, չի թողնում, որ մարդ ապրի իր ուզածի նման։ Դե հիմա եկ թուքդ զսպելով հասկ հավաքիր։ Այդքան համբերություն ո՞վ ունի։
Բայց քանի որ առաջին օրից խոսք էին տվել կատարել իրենց պետի պահանջները, ուրեմն և առարկել չէր կարելի։
Հասկեր քաղեցին ո՛վ ինչքա՛ն կարող էր, և երբ մութն ընկավ՝ իջան անձավն ու, օջախի մոտ նստած, սկսեցին մեկ-մեկ տրորել, հատիկահան անել։ Ապա ինքնարար կավե ամաններից մեկը դրին կրակին և սկսեցին նրա մեջ բովել վայրի ցորենը։
Շոռ ջուր խառնենք՝ համը տեղը գա, առաջարկեց Գագիկը։ Դե սննդի ու համի գործից նա ավելի էր հասկանում, քան մյուսները, ուստի նրան չառարկեցին։
Եվ քիչ անց մեր պատանիները խորին բավականությամբ ծամում էին համեղ աղանձը, այնքան համեղ, որպիսին առատ ու լի կյանքում երբեք չի պատահում։
Հիմի որ հասանք լուսահոգի ճգնավորին՝ սննդի որակի գործում… խե՜ղճ մարդ, տեսնես ի՞նչ վախճան է ունեցել…
Երևի մեռել է այրում և մեր տեսած արջի պապը գտել ու դուրս է տարել, իր կարծիքը հայտնեց Աշոտը։
Ինչի՞ց գիտես։
Դրսի թփերում մի գանգ կա ընկած…
Վա՞յ, գա՞նգ, վախեցած շեմքին նայեց Շուշիկը. կարծես հիմա գանգը ներս պիտի մտներ։
Դե լա՜վ, ուրիշ բանից խոսեցեք, մեջ մտավ Հասոն։
Լռեցին։ Ի՞նչ անել, ինչո՞վ զբաղվել։ Զարմանալի բան, հենց լռում էին ու տարվում իրենց մտքերով, թախիծն սկսում էր պատել նրանց։
Օրվա պարենը հայթայթելու հոգսով տարված, մեր գերիները քիչ ժամանակ էին ունենում մտքով վերադառնալու իրենց հարազատների մոտ։ Իսկ այժմ, երբ արդեն շատ թե քիչ ապահովված էին ձմռան պաշարով, իրենց հոգու թևերով տեղափոխվել էին որը՛ Այգեձոր, որը՛ ֆերման ու պատկերացնում էին, թե ի՞նչ բերկրանք պիտի զգան իրենք ու իրենց հարազատները, երբ վերջապես դուրս կգան այս զնդանից։
Միայն Սարգիսն էր, որ այդ զգացմունքը չուներ, նրան այժմ ա՛յլ մտքեր էին հուզում, մտովին նա ա՛յլ կերպ էր պատկերացնում իր հանդիպումը հոր հետ և ա՛յլ բաներ էր ասում նրան…
Բայց ի՜նչ հանգիստ էին քնելու այդ գիշեր…
Գագիկը շուտով քուն մտավ, և Աշոտը ազատ մնալով նրա հսկողությունից, սկսեց խրատ կարդալ Շուշիկի գլխին.
Կեցցե՛ս, ամենածանր պւսյմաններում էլ մարդ պետք է բարձր մնա։ Կեցցե՛ս։ Վաղը մենք բաղնիք էլ կունենանք, լավ ես մտածել։ Ես այդ բանը կկազմակերպեմ…
Գլուխ տասնվեցերորդ. Թե ինչպես մի խեղճ կենդանի գերի գնաց իր մայրական զգացմունքներին
Մյուս օրը Հասոն գնում էր իր Թուխիկին գտնելու։ Անհամբեր և ուրախ սրտով էր գնում։ Գնում էր այն մեծ հուզումով, որով համակված է լինում քուրդ հովիվը կորած կենդանին փնտրելիս։ Նրա հայրն էլ էր հովիվ, պապն էլ, պապի պապն էլ հովիվ էր եղել։ Նա իր էությամբ խաշնարած էր։ Աչքը բացել էր՝ գառ ու ոչխար էր տեսել, նրանց հետ էլ պիտի ապրեր մինչև խորին ծերություն։ Քուրդն այդպես է, նրա համար ուրիշ կյանք, ուրիշ զբաղմունք գոյություն չունի։ Քրդերն այսպիսի մի առած ունեն. «Թե որ ուզում ես տղադ մա՛րդ դառնա, չոբա՛ն դարձրու»։
Սարերի սիրահար է քուրդ հովիվը։ «Քո սիրո համար ես ամեն ինչ կանեմ։ Կուզե՞ս սարից իջնեմ չոբան դառնամ ձեր շոգ գյուղում», ասում է նա իր սիրած հայ աղջկան։
Սարից իջնել Արարատյան շոգ դաշտը… Դա այնպիսի զոհողություն է, որ միայն սիրածի համար կարելի է անել, քրդին եթե կուզես ծանր պատիժ տալ, իջեցրու իր սիրած սարերից, ծաղկոտ մարգագետիններից, շաղոտ սարալանջերից։
Հիմի պա՞րզ է, թե ինչ հոգու տեր կարող էր լինել պատանի Հասոն։ Վեց շաբաթ էր, որ նա կտրվել էր իր սիրած հոտից։ Դա հո մի ամբողջ հավիտենականություն է քրդի համար։ Այնպե՜ս էր կարոտել Հասոն ֆերմայի հոտին… Հիմի ոչխարներն սկսել են ծնել, հիմի փարախում անհաստատ ու թույլ ոտքերով շրջում ու բայում են չալտիկ գառները… Գոնե հաջողվեր Թուխիկին բռնել։ Իր ձեռքով կծնեցներ նրան, կխնամեր ու կարոտը կառներ։ Այդ Աշոտն էլ բոլորովին մարդ չի ճանաչում։ Ոչխարները վերին ժայռերում են, իսկ նա Հասոյին ուրիշ գործի է դնում։ Թող նրան պատվիրեն գիշեր-ցերեկ Ոչխարանոցում մնա և նա գոհ կլիներ։ Եթե չկարողանա բռնել վայրենացած կենդանիներին, գոնե հեռվից կտեսնի, կլսի նրանց անուշ ձայնը…
Դուրս եկավ նա Ոչխարանոցի դիմաց, հայացքով խուզարկեց նրա անկյունները, թփերը և գոտուց հանեց իր սրինգը։
Ահա դիմացի չորացած մոլախոտերի միջից մի զույգ եղջյուրներ բարձրացան։ Երևաց և գառը՝ եղնիկի նման ականջները սրած, ամեն վայրկյան փախչելու պատրաստ։ Իսկ Թուխի՞կը։
Լո՛, լո՛, լո՛, լո՛, երկար նվագեց Հասոն, նույնիսկ ջրի գնալու եղանակը փչեց, բայց Թուխիկը չերևաց։
Հա՛, ես գիտեմ ի՛նչ է պատահել, -հանկարծակի ուրախացավ տղան և գնաց ուղիղ Փարախը։
Հենց ներս մտավ, աղջամուղջից դուրս թռավ Թուխիկը և շուռ գալով, սկսեց տագնապահար մայել։
Բալա ունես, հա՞, ուրախ հարցրեց հովիվն ու խարխափելով առաջ գնաց։ Նրա աչքերը հետզհետե վարժվեցին քարանձավի մութին, երևացին անհրապույր, խորդուբորդ պատերը։ Ահաբեկված մայրը շարունակում էր մայել, կանչել, ահաբեկված ո՛չ իր կյանքի համար, այլ այն փոքրիկի, որ այժմ, հավանաբար մի անկյուն խցկված՝ դողդողում էր բնազդական երկյուղից, այդ երկյուղը նրան ներշնչում էին մոր տագնապալի կանչերը։ Բնազդը նրան թելադրում էր մնալ լուռ և անշարժ։ Բայց դա նոր բնազդ էր, որ մայրը ձեռք էր բերել երկու տարում և փոխանցել իր ժառանգին։ Իսկ հին, վաղուց արմատացած ոչխարային բնազդը ասում էր. «Հենց մայրդ կանչեց, արձագանքիր նրան»։ Եվ նա արձագանքեց մի թույլ մայոցով։ Հասոն գնաց ձայնի ուղղությամբ, պատերը շոշափելով գնաց։ Վերջապես նրա ձեռքի տակ խլրտաց դեռևս խոնավ արարածը։
Բռո՛ւ, բռո՛ւ, բռո՛ւ, մեղմ օրորի նման ասում էր Հասոն և գրկի մեջ տաքացնում ու շոյում նորածնին։ Նա դուրս ելավ այրից և քայլեց դեպի արահետի օջախը։ Թուխիկը բարձր կանչերով հետևում էր նրան, ո՞ւր են տանում իր սիրասուն ձագին…
Եթե մեկը բարձրանար Ոչխարանոցի դիմաց, քիչ անց այսպիսի տեսարան կբացվեր նրա առաջ, դանդաղ ու ոլոր-մոլոր ծուխ է բարձրանում ժայռի ճակատին ձգվող արահետից։ Կրակի մոտ նստել է Հասոն, սև դնչով ճերմակ գառը գրկին։ Խաղաղված մայրը կանգնել է կրակի մոտ, տաքանում է և դունչը մեկնած՝ լիզում իր ձագին։ Ճիշտ է, Հասոյի ամեն շարժումից նա խրտնում է ու ետ ցատկում։ Բայց ո՞նց հեռանա ձագից և ո՞նց չվստահի այն մարդուն, որ այնպես սիրալիր փայփայում ու տաքացնում է իր բալիկին։
Հասոն ամանով լիքը ջուրը դրեց Թուխիկի առաջ. ծննդկան կենդանին սովորաբար խմում է ագահությամբ, տոչորված սրտով։ Խմեց Թուխիկը և ինքն էլ զգաց, որ մտերմանում է այդ մարդու հետ։ Նրա ձեռքից «թոփալախոտ» հափշտակեց ու կերավ։
Դունչը դեմ արավ, որ շոյեն իրեն… Րոպե առ րոպե վերականգնվում էին իր նախկին սովորությունները, իր կորցրած մտերմությունը մարդու հետ։
Դե՛հ, թող ծծեցնեմ քեզ, Թուխի՛կ, ախր մեղք է բալեդ, համոզում էր Հասոն։ Բայց Թուխիկը դեռ լիովին չէր վստահում նրան, իր մյուս ձագերին նա պայքարով էր պաշտպանել։ Ճիշտ է, Հովազաձորում չէր հանդիպել իր ցեղի սարսափելի թշնամուն՝ գայլին, բայց երբեմն ժայռաշարքի մյուս երեսից անծանոթ հոտ էր առնում և զարհուրում։ Երևի դա այն ժամանակ, երբ հովազ էր մտնում ձորը։ Այդ գարշելի հոտը և հեռվից եկող մռնչյունը նրան զգոն էին պահում։ Ամեն աշնան արջ էլ էր երևում Հովազաձորում։ Բայց Թուխիկը նրանից մեծ ահ չուներ, տեսել էր, որ նա ծառերի տակ միրգ հավաքելով է զբաղված։ Իսկ արծիվներից նա սարսափում էր։ Լուռ ու անշարժ նստած ժայռերին, նրանք հայացքով հետևում էին, որ գառը հեռանա մորից…
Լո՛, լո՛, լո՛, լո՛, մեղմ ու թախծոտ հնչում էր Հասոյի սրինգը և բոլոր տագնապները վանում կենդանու միջից, հանգստացնում, խաղաղեցնում նրան։
Վերջապես շոյելով ու համոզելով, Հասոն գառանը գցեց մոր տակը, և սա սկսեց ծծել, փոքրիկ պոչը արագ-արագ շարժելով։ Նա դժվարությամբ էր կանգնում ոտքի վրա, սրունքները դեռ փափուկ էին ու թույլ, իսկ կճղակների տակ դեռ լպրծուն ճերմակ շերտ կար կպած, որ պիտի հետզհետե չորանար ու ամրանար։
Երբ ծծեց կշտացավ, Հասոն, ինչպես որ կարգն էր, կապ գցեց ու կտրեց գառան պորտը, ապա կրոլինի լուծույթի փոխարեն մոխրի լուծույթով դաղեց-ախտահանեց, որպեսզի վարակ չանցնի կենդանու որովայնը, և գրկելով նրան, առաջ ընկավ։
Թուխիկը դունչը առաջ մեկնած և երբեմն էլ բայելով հետևում էր նրան, բայց և իր ուշադրության կեսը մնացել էր հետևում։ Նրա ավագ որդիները զարմացած նայում էին ու չէին կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ մայրը լքում է իրենց և հնազանդ հետևում այդ անծանոթ ու կասկածելի արարածին։
Այնուամենայնիվ, հեռվից հեռու, զգուշությամբ նրանք քայլեցին Հովազաձոր տանող կածանով և ժայռի գլխից տեսան, որ իրենց մայրը կանգ առավ մի այրի մուտքի առաջ, շուռ եկավ, երկար բայուն արձակեց (կանչո՞ւմ էր իրենց, թե՞ հրաժեշտ էր տալիս…) և մարդու հետևից մտավ ներս…
Երկար նայեցին կենդանիները վերևից և անմեկին թախիծ պատեց նրանց։ Եվ եթե փոքրը լեզու ունենար, լացակումած կասեր մեծին. «Մաման գնա՜ց… մենք որբ մնացինք…»։
Իսկ «մաման» հանգիստ խոտ էր ուտում օջախի մոտ և սիրատոչոր հայացքներ ձգում կրակի մոտ տաքացող իր ձագի վրա։
Այրում ոչ ոք չկար, երբ Հասոն ներս մտավ, տղաները գնացել էին վառելիք հայթայթելու, իսկ Շուշիկը ուռենու մոտից բավականաչափ գիլ հանելուց հետո, շիվեր էր կտրում թփուտներում։ Նա ներս մտավ մի խուրձ ոստեր ուսին, մի գունդ գիլ ձեռքին ու անակնկալի եկած կանգ առավ շեմքում։
Վա՜յ, ինչ լա՜վն է, ճչաց նա դեպի գառն շտապելով։
Մայրը երկյուղով վեր ցատկեց և իր վզի տակ առավ ձագին, այնպես, ինչպես անում էր անգղի հարձակման ժամանակ։
Կամա՛ց, Շուշի՛կ, մի՛ խրտնեցրու… Արի մի փափուկ տեղ պատրաստենք գառան համար։
Նրանք խաշամից ու խոտերից փափուկ բույն պատրաստեցին և գառին դրին նրա մեջ։ Մայրը, որ սկզբում անհանգստացել էր նրանց այդ արարքից, վերջապես հասկացավ և գոհ մնաց։ Այժմ իր բալիկը ապահով է թե՛ ցրտից , թե՛ թշնամուց։
Հիմի, քո՛ւր ջան, քեզ էնպես մի բան ուտեցնեմ, որ կյանքումդ կերած չլինես։ Առ էս փուչիկը մաքուր լվա, ասաց Հասոն՝ աղջկան հանձնելով «ոչխարի ծին» կոչված բարակ ու թափանցիկ պարկը, որ հետը բերել էր Փարախից։
Լվացի՞ր, դե չոքիր ու պահիր ոչխարի տակ։
Թուխիկը շատ դժվարությամբ թողեց կթել իրեն, բայց երբ Հասոն մատների վարժ շարժումներով սկսեց կթել, կենդանին «շեքը» դեմ արած հանգիստ կանգնել էր. լիքը կուրծը նեղում էր նրան և հաճույք էր զգում, երբ դատարկում էին այն։ Այդպիսի հաճույք նա մեկ էլ երկու տարի առաջ էր զգացել, որ հիմա հետզհետե վերականգնվում էր նրա պղտոր հիշողության մեջ։
Գառնուկին բան չթողեցիր, բողոքեց Շուշիկը.
Սա դալն է, սրանից շատ չեն տա, փորհարինք կընկնի, բացատրեց հովիվը, պարկի միջի դեղին ու թանձր կաթը ցույց տալով։ Դե հիմի տես ինչ եմ անելու։
Նա կապեց պարկի բերանը, ստացվեց խաղագնդակի նման կլոր և նրա չափ մի բան։
Կաթով լիքը փուչիկը տղան թաղեց կեծացած մոխրի մեջ և ծածկեց։
Վա՞յ, հիմա կվառվի, կաթը կթափվի, անհանգստացավ Շուշիկը, որ կաթի տեսքից դարձել էր անհամբեր ու դյուրագրգիռ։
Արդեն չորս կողմից պանրի նման պնդվեց, չի թափվի, ժպտալով հանգստացրեց Հասոն։
Նրանք մի պահ լուռ նայում էին կրակին։
Հասո՛, քո եղբոր փոքր աղջիկն ինչքա՞ն դառավ, լռությունը խզեց Շուշիկը։
Ադլայի՞ն… Երկու տարեկան, ջերմությամբ հիշեց Հասոն։
Հիմի ճիպոտը ձեռքին վազում է գառների հետևից… Ու մեկ-մեկ էլ երևի հարցնում է մորը՝ ո՞ւր է մեր Հասոն…
Ասաց և զղջաց, տղայի աչքերում արցունքներ երևացին։
Հա՛, կարոտել եմ լակոտին… Ախր չգիտես, թե ի՜նչ անուշ բալիկ է… Հիմիկուց ոչխարի գլուխը բռնում է ու մորս ասում՝ կթի, կթի…. Լա՜վ կթվոր կդառնա..,
«Լա՜վ կթվոր կդառնա»… Դա արդեն ամենամեծ գովասանքն է, որ կարող է ասել քուրդը իր հարազատի մասին։
Ասում է, դա՛յե , մածունը խառնիր կաթին՝ տուր ուտեմ։ Խառնում են դնում առաջը։ Ոտը գետին է խփում, թե՝ հիմի էլ կաթը մածնից ջոկեցե՛ք…
Շուշիկն անձայն ծիծաղում էր, նուրբ շրթունքների հետևից ցույց տալով իր ճերմակ ատամնաշարը։
Մի պահ երկուսն էլ լռեցին և նայում էին կրակին։
Իսկ ինչո՞ւ է անունը Ադլայի։ Այդպիսի անուն կարծեմ քրդերը չունեն, հարցրեց Շուշիկը։
Չունեն, ճիշտ է, նոր անուն է դա։ Ադլայի, նշանակում է՝ խաղաղություն։ Հիմի Ալագյազի քրդերից շատերն իրենց երեխաների անունը Ադլայի են դնում…
Լա՜վ անուն է, գեղեցի՛կ, իմաստալի՛, հավանություն տվեց Շուշիկը և քիչ մնաց հարցնի՝ «չբացե՞նք», բայց զսպեց իրեն, անհարմար էր, նա հո բկլատ Գագիկը չէ՞ր։ Բայց Հասոն հասկանում էր, թե ինչ է կատարվում աղջկա հետ. դե որ կրակի մեջ «դալ» լինի եփելիս, ո՜վ կարող է հանգիստ նստել օջախի մոտ…
Է՞լ ինչ խոսեին, մինչև դալը եփեր։
Իսկ ինչպե՞ս եք դուք մեր գյուղն ընկել, Հասո՛։
Մենք հայերի հետ գաղթել ենք է՜ն մեր դիմացի սարերից, Մասիսի փեշերից։ Մենք եզդի՛ քուրդ ենք, կան և մուսուլման քրդեր։ Թուրքերը մուսուլման քրդերին հանեցին հայերի դեմ, իսկ մեր պապերը հայերին պաշտպանեցին, մենք միշտ հայերի հետ ախպեր ենք եղել։ Թուրք փաշաները հայերի հետ մեզ էլ սկսեցին կոտորել։ Մենք էլ հայերի հետ փախանք։ Արազն անցկացանք, ռուս զորքի թևի տակ մտանք, ազատվեցինք յաթաղանից։ Դե ես դրանք չեմ տեսել, հերս է պատմում։ Հիմի մերոնք հայերի գյուղերում ցրված, նրանց հետ ախպերացած, չոբանություն են անում ֆերմաներում ու լավ էլ պատիվ ունեն։
Բա ձեզ իսկի գյուղեր չունե՞ք։
Գյուղեր էլ ունենք, դպրոցներ էլ, բանաստեղծներ էլ։ Քրդերեն գրքեր էլ են տպում։ Մենակ, ափսոս, իմ ուսումը մնաց կիսատ, դե մենակ մեզ համար հո դպրոց չեն բացելու։
Ոչի՛նչ, Հասո՛, դու էլ հայերեն սովորիր, հայերեն տառերն արդեն գիտես, հայի նման ես խոսում, ի՞նչ է մնում որ… մնում է մի քիչ պարապես։ Կսովորե՞ս, ես քեզ հետ կպարապեմ։
Բա չե՞մ սովորի… էնպե՜ս եմ ուզում սովորե՜լ… Բայց մենք հո միշտ էստեղ չենք մնալու, որ դու ինձ գիր սովորեցնես…
Ոչի՛նչ, ես ամեն կիրակի մեր օղակի հետ ֆերմա եմ գալու, մենք հո չենք թողնում հորթերի շեֆությունը։ Մինչև կիրակի մայրս կպարապի հետդ, կիրակի օրերը ես կգամ կստուգեմ ու դասդ կփոխեմ… Լա՞վ…
Լա՛վ, աչքի՛ս վրա, ձեռքն աջ աչքին խոնարհաբար դնելով ասաց Հասոն։ Կուզեր նաև ասեի որ ինքը շատ է շնորհակալ Շուշիկից՝ նրա սրտալի, ջերմ վարմունքի համար, բայց ամաչեց։
Իմ էլ աչքի վրա, Հասոյի նմանությամբ ձեռքը աջ աչքին դնելով ասաց Շուշիկը և ծիծաղեց։ -Քրդավարի՞ դուրս եկավ, թե հայավարի…
Քրդավարի՛, ծիծաղեց Հասոն։
Է՞լ ինչի մասին խոսեին, որ ժամանակն անցներ։
Բայց մեզ մոտ քրդեր չկան, հայրդ քո մորը որտեղի՞ց է բերել։
Չի բերել, գնել է, ծիծաղեց Հասոն։ Կարծեմ, քսան ոչխար է տվել, մի ձի ու բերել Ալագյազի գյուղերից…
Երկուսն էլ ծիծաղեցին։
Հիմի որ ժամանակն է…
Այդ ասելով, Հասոն ձեռքի փայտով օջախի բլրակը քանդեց ու նրա միջից խանձված ու շագանակագույն մի գնդակ հանեց։
Վա՜, դա կուտե՞ն որ… Ամբողջը մոխիր ու մրճեղ է, -ետ քաշվեց աղջիկը։
Տղան բարեսրտորեն ծիծաղեց։
Հո էսպե՞ս չեն ուտելու։ Կա՛ց, ես պատրաստեմ, կտեսնես, որ ամենամաքուր բանն է։ Մի տետրակ տուր դեսը…
Նա կեղևահան արավ այդ գունդը և կլպած ձվի նման մի բան դրեց տետրին ու միջից կիսեց դանակով։
Դե կեր։ Մենք սրան սուլուղ ենք ասում, ու միշտ հանդում պատրաստում ենք սրանից… Համը տե՞ս, սրա նման համով բան չկա։
Իրոք, սքանչելի էր հովվական այդ պարզ կերակուրը, և եթե Շուշիկը չամաչեր բոլորը կխփշտեր։
Իսկ դո՞ւ… Դու էլ կեր, խնդրում էր նա։
Է՜հ, ես էնքա՜ն եմ կերել։ Գարունքն ամեն օր հանդերում սուլուղ եմ անում։ Կե՛ր, դո՛ւ կեր…
Եվ իր ներկայությամբ աղջկան չընկճելու համար այրից դուրս գնաց ճիպոտներ կտրելու պատրվակով։
Բայց Շուշիկը հո այնքան եսապաշտ չէր, որ միայն իր մասին մտածեր։ Նա խիժը հինգ հավասար մասերի բաժանեց, իր բաժնի վրա աղաջուր ցանեց ու կերավ, իսկ մնացածը թողեց ընկերներին։
Երբ քիչ հետո Հասոն մի կապ ճիպոտներ թևի տակին ներս մտավ, Շուշիկը ծիծաղելով հարցրեց նրան.
Էն մյուսները չե՞ն ծնելու… Ի՜նչ համով բան էր…
Չէ՛, նրանցից մեկը թոխլի է, մյուսը՝ ղոչ, նրանք չեն ծնելու, ծիծաղելով պատասխանեց Հասոն։ -Բայց ես քեզ ֆերմայից միշտ բաժին կուղարկեմ, ավելացրեց նա ջերմությամբ։
Չէ՛ հե՜, ԽԾԲ եք անում իրար հե՞տ, այրը մտնելով գոչեց Գագիկը։ Պա՛հ, Թուխիկ ջա՞ն, մեզ տեսությա՞ն ես եկել…
Թուխիկը վայրենի «փռշտոցով» ետ ցատկեց, ապա վազեց իր ձագի մոտ։
Կամա՛ց, կամա՛ց, ձեռքը բերանին դրած՝ ներս մտնողներին զգուշացնում էր Հասոն։
Տղաներն իրենց բերած փայտը կույտ արին այրի մի անկյունում և նկատելով իր բնի մեջ առոք-փառոք տեղավորված ճերմակ արարածին, ուրախացան։ Է՛հ, կարգավորվում է իրենց կյանքը, գառը տակին ոչխար էլ ունեցան…
Ուրեմն, կա՞թ ենք ուտելու, վա՛յ ես քո հոգուն մատաղ, քուրդ ախպեր… ու Գագիկը Հասոյին գրկելով սկսեց պտտեցնել։
Չէ՛, կաթի անուն չտաք, գառի բաժնից ես մի կաթիլ էլ չեմ տա ձեզ։
Ինչի՞, ախպեր ջան, ինչի՞ Ռոբինզոնը կարող էր օտար լամային կթել, մենք մեր հարազատ ֆերմայի ոչխարին կթել չենք կարող։
Հասոն իհարկե ոչինչ չհասկացավ Գագիկի ասածից, միայն ժպտալով լրացրեց իր միտքը.
Եթե մորը լավ ուտացնենք՝ կարող ենք օրական կես բաժակ կթել… Շուշիկի համար…
Շան քուրքը՝ Շուշիկին, տաք տեղը՝ Շուշիկին, համեղ պատառը՝ Շուշիկին… Երանի ես էլ աղջիկ ծնվեի, կարգին խանմություն կանեի ձեր գլխին։ Դա՞ ինչ է, պանի՞ր։ Չէ՛, ուրի՛շ համ ունի, կարծես խիժ լինի։ Հիանալի բան է։ Միակ պակասությունն այն է, որ քիչ է. վայ թե իսկի տեղ էլ չհասավ…
Գլուխ տասնյոթերորդ. Թե ինչպես նյութական ապահովությունը նոր, կուլտուրական պահանջներ է ծնում մարդուս մեջ
Այսպես, մեծ տանջանքների և մեծ ջանքերի գնով մեր պատանիները հասան ցանկալի խաղաղության և ապահովության։ Եղանակը բարեհաջող էր, բայց նրանք բոլոր գծերով պատրաստ էին դիմադրելու և վատ եղանակին։ Վառելիքը կար, սնունդը՝ նույնպես, իսկ բնակարանը տաք էր ու հարմար։ Հիմա թող Փոքր Կովկասը որքան կուզե իր բուքն ուղարկի Հովազաձոր…
Աշոտը արջի կարկատած մորթին ներքնակի տեղ գցել էր Շուշիկի տակ։ Գազանի ճանկերը չռված էին, երախը՝ բաց։ Թուխիկը վայրենի փնչոցով ետ-ետ էր քաշվում այդ սարսափելի ներքնակից և ձագին առնում իր դնչի տակ այնպիսի լուրջ տագնապով, կարծես իրոք հիմա դատարկ փոստը շունչ պիտի առներ ու պատառոտեր իր սիրասուն բալիկին։
Աշոտը դարձավ ընկերներին.
Օրը տաք է, իսկական բաղնիքի օր… Սկսում ենք։ Շուշի՛կ, դու այրի մոտերքից մանր քարեր կհավաքես։ Հասո, դու ճյուղեր կտրիր և ամեն մեկիս համար մի ավել պատրաստիր, որ ծեծելու ենք մարմիններս։ Ես ու Գագիկն էլ ջուր կկրենք։
Հիմի որ կորանք… թոքերի բորբոքում ենք ստանալու, փորձեց լողանալու գործը խափանել Գագիկը։
Ոչինչ չի լինի, մի՛ վախենաք, ես ամեն բան ծանր ու թեթև եմ արել, հանգստացրեց Շուշիկը։ Մենք ռուսական բաղնիք կսարքենք։ Գիտե՞ք որն է ռուսական բաղնիքը։
Այո՛… Որ ասես՝ կիմանանք…
Օջախի մեջ մանր քարեր են կարմրացնում, ջուր լցնում վրան՝ տունը լցվում է գոլորշիով… Եթե դռան ճեղքերը լավ փակենք, կարելի է մեր անձավը գոլորշիով տաքացնել։ Դե՛հ, էլ ոչ մի առարկություն, դրսում ձյունը հալվում է, բոլորդ էլ պիտի լողանաք…
Շուշիկ ջան, ավելի լավ է ինձ ուղարկես էն սատկած արջի հետ կռվելու, քան թե ստիպես, որ լողանամ։ Հիմի ես ասեմ ձեզ իմ բնավորությունը, մայրս ինձ կռվով է ուղարկում բաղնիք։ Առաջ, որ գյուղում բաղնիք չկար, գործս լավ էր, դուրս էի պրծնում։ Բաղնիք կառուցեցին՝ արևս խավարեց։ Հիմի ամեն շաբաթ օր մայրս սպիտակեղենը ձեռքս է տալիս ու կարգադրում՝ գնա լողացիր…
Այդպիսի ծանր պարտականությունը ո՞նց ես կատարում, հեգնեց Շուշիկը։
Կարծում ես կատարո՞ւմ եմ որ, խորամանկ աչքով արավ Գագիկը։ Հանգիստ կաց, դրա հնարն էլ եմ գտել, ամառը գնում եմ այգիները, իսկ ձմեռը, գոմը, մի թաքուն տեղ սպիտակեղենս փոխում եմ, նորը հագնում, հինը բերում դնում մորս առաջ։ Մի ծիծաղ բան է, երբ տուն մտնելուն պես մայրս քաղցրությամբ ասում է՝ բաղնիքդ անո՜ւշ, Գագիկ ջա՜ն…
Ընկերները ծիծաղեցին, բայց Շուշիկը լրջորեն դիմեց Աշոտին.
Ստիպի՛ր, որ լողանա։ Եթե հրաժարվի՝ հարցը դիր օղակում, պատժենք…
Այդպես էլ կանենք։ Գագի՞կ, այդ մասին ոչ մի խոսք։
Ախպեր, ձեր ջուրն էլ կբերեմ, քարն էլ, փայտն էլ, միայն թե ինձ ազատեցեք այդ պատժից։ Իսկի գյուղում ինձ չեն կարողացել լողացնեն, Հովազաձորի սառնամանիքո՞ւմ եք լողացնելու։
Բայց տեսնելով, որ Շուշիկն անդրդվելի է մնում իր որոշման մեջ, ճարահատյալ համաձայնեց.
Ինչ արած, պաշտոնի ենք դրել, պիտի ենթարկվենք։ Աշո՛տ, սա թող քեզ խրատ լինի, իմացի՛ր, որ կինարմատին պաշտոնի դրի՞ր՝ քեզ օր ու արև չի տալու։
Մի գործ էլ ինձ հանձնա…
Ո՛չ, Սարգի՛ս, դու հանգիստ կաց, դեռ ցավող տեղեր ունես, նրա խոսքը կտրեց Աշոտը։
Դե որ այդպես է, ավելները ես կպատրաստեմ, թող Հասոն Շուշիկի հետ քար հավաքի…
Կեցցե՛ս, խելոք առաջարկ է։ Դե՛, մենք գնացինք ջրի…
Բաղնիքի պատրաստությունները երկար չտևեցին։ Մեկ-երկու ժամ անց արդեն ջուրն էլ էր եռում, քարակույտն էլ էր շիկացել, անձավն էլ էր տաքացել թեժ կրակից։
Դե՛հ, դուք հանվեցեք, ես վազեմ մի քիչ էլ բերեմ, ասաց Գագիկը և դուրս գնաց։
Շուշիկը մի արևկող տեղ արածեցնում էր Թուխիկին, իսկ գառնուկը տաքանում է նրա գրկում։ Աղջիկը լողանալու էր երկրորդ հերթին, բայց երկար սպասեց, հերթը ոչ մի կերպ իրեն չէր հասնում. երևի ինչ-որ դեպք էր տեղի ունեցել քարայրում։ Դեպքս այն էր, որ տղաները արդեն լողացել-վերջացրել էին, իսկ Գագիկը դեռ գիլ պիտի բերեր նրանց համար… Աշոտն ստիպված եղավ իջնել Ուռանոց։ Այնտեղ նա Գագիկին գտավ մի քարի հետև թաքնված ննջելիս։
Ամոթ է, տո, ո՞ւր ես կորել, գոչեց նա վրդովված։
Գագիկը, որպես աղաչանքի նշան, իր «մորուքն» էր բռնել։
Դե լավ, էլի՛, Աշոտ շան, հենց ինչքան դժվար բան կա ինձ ես հանձնարարում։
Դժվարը ո՞րն է։
Լողանալը…
Աշոտը դեմքը խոժոռեց։
Սարգսի պակասությունների մասին խոսում ես, նրան փոխելու մասին խոսում ես։ Նույնիսկ ինձ չես խնայում… Իսկ դու կարծում ես փոխվելու կարիք չունե՞ս։ Թե՞ դու արտոնյալ ես…
Փոխվեմ, ախպեր, ի՛նչ կերպ կուզեք փոխվեմ՝ միայն թե ինձ լողանալու անուն մի տա, էս ցրտին ես շոր հանողը չեմ. Կուզես առաջս մի շամփուր խորոված դիր՝ հոգիս դուրս գալով ուտեմ։ Ամոթ ինձ, թե հրաժարվեմ։ Միայն թե ինձ մոտ լողանալու անուն մի տա…
Ինչպե՞ս վարվես այս ծաղրածվի հետ, ծիծաղե՞ս, թե՞ բարկանաս։
Աշոտը դիմեց վերջին միջոցին.
Ամո՛թ է, Գագի՛կ, չէ՞ որ դու առաջին օրը խոսք ես տվել՝ չխախտել մեր կարգ ու կանոնը։ Չէ՞ որ դու պիոներ ես, պիոները ինչպե՞ս կարող է այդքան անկուլտուրական լինել։
Այդ խոսքերն էլ չազդեցին։
Այն ժամանակ Աշոտն ուժի դիմեց, ուղղակի շալակեց Գագիկին մի պարկ կարտոֆիլի նման ու զայրացած քայլեց դեպի ճգնավորի այրը…
Գլուխ տասնութերորդ. Թե ինչ օգուտ կարող էր քաղել երկիրը մեր պատանիներին հասած դժբախտությունից
Իրենց գոյության համար պայքարելով բնության խստասիրտ տարերքի դեմ, մեր պատանիները կարևոր գյուտեր էին արել, որոնք մեծ օգուտ կարող էին բերել երկրին։ Արել էին ակամայից, առանց մտածելու, առանց այդ նպատակն ունենալու։ Ինչպես որ ջուր փնտրելիս ընկան ոչխարների հետքի վրա, այնպես էլ գյուտերը կատարել էին առանց դրանց մասին մտածելու, ուղղակի սնունդ փնտրելիս։
Նույնիսկ այժմ, երբ օրեր էին անցել, նրանք դեռ գլխի չէին, թե ինչ մեծ օգուտներ կարող էր քաղել երկիրը այն բանից, որ իրենք փակված մնացին Հովազաձորում։ Միայն Աշոտը իր մեջ որոշ եզրակացություններ էր հանել և այնքան լուրջ էր համարում դրանք, որ խաղաղ դադարի էր սպասում, որպեսզի հանդիսավոր կերպով խոսք բացի այդ մասին։
Վերջապես հասել էր հարմար ժամը։ Բոլորն էլ լողացած մաքրված, մարմնով ու հոգով թեթևացած՝ շրջապատել էին խարույկը։ Երբ Շուշիկն էլ Հասոյի հետ պարապեց և փոխեց նրա դասը, Աշոտը հայտարարեց, որ հիմա իրենք պիտի քննեն վերջին օրերի նորությունները։
Սկսենք Թուխիկից, ասաց նա։
Դե ոչխար է, ծնել է, գառան հետևից եկել, այդտեղ ի՞նչ քննելու բան կա, դեռ զրույցը նոր սկսված՝ արդեն ձանձրացավ Գագիկը։ Ավելի լավ չի՝ քննենք հետևյալ հարցը, ինչպե՞ս պահենք արջի միսը, որ թարմ մնա մինչև գարուն…
Չի փչանա, դու մի՛ վախենա, դիր այն անկյունը, որտեղ ջուրը սառչում է, մինչև գարուն կմնա։ Իսկ դու կարո՞ղ ես ասել, թե ինչու է Թուխիկը հիմա ծնվել և ոչ թե ուրիշ ժամանակ։
Է՛, ինձ համար մեկ չի՞։
Ո՛չ, մեկ չի։ Եթե Հասոն վրա չհասներ, թաց գառը ցուրտ անձավում սատկելու էր, որովհետև նա ծնվել է անժամանակ։
Հասոն գլխի շարժումով հաստատեց։
Հա, -ասաց նա, Թուխիկին գնել են Զանգեզուրի մի ֆերմայից։ Էնտեղի ֆերմաները ամեն ձմեռ գնում են Մուղան, իսկ էնտեղ ձմեռ չկա։ Դեկտեմբերին չորս կողմդ կանա՜չ, ոնց որ մարտ ամսին, մարդիկ կոների մեջ են ապրում… Դրա համար էլ էնտեղ ամեն տարի ղոչախառնուրդը ոչ թե աշնանամտին են անում, այլ ամառվա կեսին, որ ծինը շուտ սկսվի՝ դեկտեմբերին։ Դրանից էլ նրանց ոչխարները սովորել են ոչ թե գարունը ծնել, այլ՝ դեկտեմբերին։ Խեղճ Թուխիկը գլխի չի, որ սա Մուղանը չի, էստեղ ձմեռը ծնվածը չի ապրի…
Կեցցե՛ս, հիմի իմացա՞ք ի՛նչ է նշանակում հովիվ լինել, ոգևորվեց Աշոտը։
Բնության գործերին տեղյակ մարդիկ նրան սիրելի էին, նրա աչքում ավելի հեղինակություն ունեին։
Հիմա ասա, Հասո՛, իսկ ինչպե՞ս է եղել, որ Թուխիկի մյուս գառն ապրել է, ձմեռը չի ոչնչացել ցրտից։
Մյուսը գարունքն է ծնվել… Ես հենց հեռվից որոշել եմ, որ նա ութ ամսական է… Իսկ թե ինչու է գարունքը ծնվել և ոչ թե սրա նման դեկտեմբերին, դա էլ գիտեմ, և եթե մտածեք՝ դուք էլ գլխի կընկնեք…
Նույնիսկ Աշոտը անակնկալի եկավ այդ ակնարկից։ Իսկապես, ինչո՞ւ Թուխիկն իր մի գառին աշխարհ է բերել մարտին, մյուսին՝ դեկտեմբերին, տարեկան երկու ծնո՞ւնդ…
Բոլորն էլ մտածում էին այդ երևույթի մասին, իսկ պատանի հովիվը բարեսրտորեն ժպտում էր. նրա հայացքն ասում էր. «Դա ինչ դժվար բան է, որ չեք հասկանում…»։
Վերջապես խմբի ղեկավարին «կոտր չգցելու» համար նա շտապեց բացատրել.
Էդ բանը Աշոտն էլ կգիտենա։ Ո՞նց կարող էր էն գառը անցյալ դեկտեմբերին ծնվել, երբ նրա հայրը անցյալ ամառ դեռ վեց ամսական էր…
Լավ, հասկացա՛… էդ ի՜նչ էր որ, դու էլ նորությո՜ւն ասացիր, բացականչեց Գագիկը, թեև ոչինչ չէր հասկացել Հասոյի «հովվական հաշիվներից»։
Բայց Թուխիկի գառները մեծ օգուտ կտան մեր ֆերմային։ Սա, Աշոտը ձեռը մեկնեց դեպի նորածինը, արդեն ոչխարի նոր ցեղ է, այնպիսի ցեղ, որ ձմեռը ցրտից չի ոչնչանում և ձյան տակից կեր է ճարում…
Հասոն նրա այդ խոսքից այնպես հանկարծակի ուրախացավ ինչպես սովոր են ուրախանալու պարզ մարդիկ։
Էդ հո… Մի հնարքով մյուսներին էլ բռնենք… Նոր ցե՜ղ… էդ հո իմ հերը կգժվի ուրախությունից…
Ուրախանալ կարելի է, բայց գժվել հարկավոր չի… Աշոտ, զրույցդ չի՞ վերջանում, ախր էն միսը…
Համբերի՛ր, Գագի՛կ, դեռ նոր ենք սկսել։
Աշոտի սկսած բնասիրական զրույցը իսկի վե՞րջ կունենա որ։ Նրան որ թողնես մինչև լույս գազանների մասին կխոսի։
Այդ մե՛կ նվաճում, հանդիսավոր հայտարարեց նա, ուրեմն մենք արդեն ունենք ցրտադիմացկուն ոչխարի ցեղ։ Անցնենք մեր մյուս կարևոր գյուտին։ Իսկի մտածե՞լ եք, որ ժամանակից շուտ եկած ձյունը շատ մեծ վնաս տվեց մեր կոլխոզին, հարցրեց նա։
Հա՛, բամբակի մի մասը մնաց ձյան տակ, ո՞նց չմտածենք։
Ո՛չ, Շուշի՛կ, բամբակը դեռ կարելի է գարնանն էլ հավաքել (թեև որակը նույնը չի լինի), բայց այգիները բաց մնացին, ձյունը ժամանակ չտվեց վազերը թաղեն։ Հիմի դրա հետ կապված մի հարց պիտի պարզենք։ Գնա՛նք, դեռ օր կա, գնանք մեր խաղողի այգին, այնտեղ կարևոր գործ կա անելու, այնտեղ էլ կպարզեմ իմ միտքը…
Երբ հասան այգուն, ցրիվ եկան, փորփրեցին ձյունը, պառկած վազերը վեր քաշեցին և նրանց տակ թափթփված խաղողի հատիկներ գտան, որոնք գիշերվա սառնամանիքից պնդել էին կաղինների նման։
Անցա՜ն էն երանելի օրերը, երբ «ոսկեհատի» ճութեր էինք ուտում, ախ քաշեց Գագիկը։ Ասա, ինչի՞ համար ես բերել մեզ այստեղ։ Որ հիշենք ու տանջվե՞նք…
Բերել եմ, որ կտրոններ կտրտենք ու թաղենք հողի մեջ։ Հասո՛, դանակը դեսը տուր, իսկ դուք կացնով փորեցեք հողը երկար առվի նման…
Հետո՞…
Հետո կասեմ…
Երբ բավականաչափ կտրոններ կտրտեցին և պահ տվին հողին, Աշոտը նստեց մի թմբի ու բացատրեց իր միտքը.
Մենք շատ նեղ օրեր քաշեցինք այս ձորում փակված։ Բայց միայն այս կտրոնների համար կարելի էր երկու այդքան նեղություն կրել։ Այս կտրոններից այնպիսի այգի կգցենք մեր՛ կոլխոզի համար, որի վազերը աշնանը չեն թաղում և գարնանը չեն բացում։ Սրանք սառնամանիքին սովոր վազեր են ու ձմեռը չեն փչանում։
Հասոն զարմանքով տեսավ, որ Աշոտի այդ խոսքից անպատմելի ուրախություն պատեց իր ընկերներին։ Միշտ ոչխարի հոտի հետ լինելով, նա չէր կարող հասկանալ, որ Աշոտի գյուտը մեծ հեղաշրջում է առաջ բերելու Արարատյան դաշտի այգեգործության մեջ։ Իսկ այդ բանը, նրանից բացի, բոլորն էլ գիտեին, որովհետև այգեգործական գյուղի զավակներ էին։ Նրանք գիտեին, թե ի՜նչ մեծ տանջանքների ու ծախսերի հետ է կապված ամեն աշնան այգիները հողով ծածկելը և ամեն գարնան նորից բացելը։ Դա գուցե Արարատյան դաշտում միակ գործն էր, որ մեքենայացման չէր ենթարկվում, դե խաղողի ծուռումուռ, չռված-փռված թփերը մեքենայով ծածկե՞լ կլինի։ Եվ ամեն աշուն հենց վազերը ազատվում էին իրենց բերքից, կոլխոզը ոտքի էր հանում իր բոլոր մարդկանց, նույնիսկ լեռնային շրջաններից օգնական ուժեր էր վարձով բերում, որ մինչև ձյունը գալը հողի տակ թաղի վազերը։ Իսկ երբ ձմեռը հանկարծ շուտ էր վրա հասնում հերվա ձմռան նման, հնարավոր չէր լինում բոլոր այգիները ծածկել հողով և որը բաց էր մնում՝ ցրտահարվում էր։
Այդպիսի դեպքերում կոլտնտեսությունը երկու տարի զրկվում էր խաղողի բերքից, մինչև նոր շիվերը աճեին և դառնային բերքատու։
Հովազաձորի վայրի այգին այդ մեծ հոգսից կարող էր ազատել մեր կոլտնտեսություններին։ Այդտեղի վազերն էլ էր մարդը տնկել։ Բայց անթաղ մնալով՝ նրանք ցրտահարվել-փչացել էին և մնացել էին ու բերք էին տալիս միայն այն վազերը, որոնք դաժան բնության մեջ հարմարվել էին ցրտին, երաշտին։
Նրանք այլանդակվել էին, քանի որ չկար խնամող ու ձևավորող մարդը։ Բայց մի կարևոր հատկություն էին ձեռք բերել տասնամյակների ընթացքում. Դիմանում էին դաժան տարերքին։ Նրանք դիմացկուն էին դարձել նաև հիվանդությունների դեմ։ Որովհետև չկար նրանց բուժող մարդը։
Մանկուց այգեգործությանը քաջ ծանոթ մեր պատանիներն այդ բոլորն առանց ասելու էլ գիտեին, ուստի մեծ ոգևորությամբ փոսեր փորեցին, նրանց մեջ թաղեցին մեծ քանակությամբ կտրոններ այնպիսի հոգատարությամբ, ինչպես եթե գանձ լինեին թաքցնելիս։
-Ա՞յ գործը… Մեր այս վազերի համար դեռ գիտությունների ակադեմիայից էլ մարդիկ կգան Հովազաձոր… Միայն թե այստեղից դուրս պրծնեինք։
Երբ աշխատանքը վերջացրին, ձորն արդեն կուլ էր գնացել աղջամուղջին, և խորխորատներում թանձրանում էր խավարը։ Քրտնած էին։
Է՛հ, հեղեղի մեջքը կոտրի, իմ աբան չտաներ, հիմի հագիցս կհանեի Շուշիկի մեջքին կգցեի, ընկերներին աչքով անելով ասաց Գագիկը։
Հասոն, որպես պատասխան, իր մահակը ցույց տվեց։
Իսկապես, բաղնիք ենք ընդունել, կմրսենք, գնա՛նք, հրահանգեց Աշոտը։ Աչքով չտամ, տղե՛րք, ի՛նչ բան է, նույնիսկ գրիպ էլ չենք ընկնում։
Հովազաձորի օդին գրի՞պ կդիմանա։
Այո՛, Գագի՛կ, կատակի մի տա. Ես մի պրոֆեսորի գրքույկ եմ կարդացել գրիպի մասին, նա նույնն է ասում։ Գրում է, թե չելյուսկինցիներից ոչ մեկը բևեռի սառույցների վրա գրիպ չի ընկել, քանի որ այնտեղ գրիպի բացիլներ չկան։
Այո, ցուրտը դեզինֆեկցիա է արել Հովազաձորը, դրանից էլ չենք հիվանդանում, եզրակացրեց Գագիկը։ Գնա՛նք։
Հիմա մենք կարող ենք ասել, որ անտեղի չեն անցել մեր օրերը Հովազաձորում, խորին բավականությամբ ասաց Աշոտը, երբ խումբը վերադառնում էր քարայր։ Նրա բոլոր մտքերը դեռ վայրի խաղողի կտրոնների հետ էին։
Նոր հույսերով ու գաղտնի ուրախություններով լի նրանք սպասում էին այն օրվան, երբ գյուղ կվերադառնան և կասեն իրենց ծնողներին, ուսուցիչներին, իրենց կազմակերպությանը.
Մի տեսեք ինչե՜ր ենք բերել Հովազաձորից…
Կասեն, որ ժայռերում փակված, մահվան դեմ կռվելիս անգամ իրենք մտածում էին երկրի մասին, նրան որևէ բանով հարկավոր գալու մասին…
Քաք գիրքա