Vakhtang Ananyan
Հովազաձորի գերիները
5
Գլուխ յոթերորդ. Թե ինչպես մեր պատանիները երազում էին նախամարդու հզոր բազուկներն ունենալ
Արդեն հոգնե՞լ էր, թե հուսահատությունից՝ Սարգիսը տեղից չէր շարժվում։
Գուցե կրակ չենք ստանում, ինչի՞ իզուր տեղը վառելիք հավաքենք, բողոքեց նա։
Այդպես է կարգը, առաջ պետք է լուծը առնել, հետո՝ եզները, Շուշիկին աչքով անելով բացատրեց Գագիկը և Աշոտի հետևից դուրս ելավ այրից։
Աշոտը մագլցեց մի կաղնու ու սկսեց ջարդել նրա չորացած ճյուղերը։ Ձյունը խռռոցով թափվեց ծառի տակ՝ իր ահագին հասակով մեկ տնկված Սարգսի գլխին։
Գնա էն ցածրիկ եղևնու ճյուղերը կտրիր, ի՞նչ ես ցցվել շամփուր կուլ տվածի նման, վերևից գոչեց Աշոտը։
Մինչ Սարգիսը դժկամ կշարժվեր, Հասոն մագլցեց վեր, եղևնին արմատահան արավ ու քարշ տվեց այրը։
Շուշիկը չարչարվում էր մի մամխի թփի վրա, բայց մի ոստ անգամ չկարողացավ պոկել նրանից։ Սառը ձյունը այրում էր նրա բարալիկ ու նիհար մատները։
Դա պինդ է, խուշկե՛ Շուշիկ, դա թո՛ղ… մատներդ կծակի, մեղմությամբ համոզում էր Հասոն։ Հետս արի։ Առ էս ճյուղը, սա էլ առ, քարշ տուր-տար էրի առաջ թափիր։
Հովիվ Հասոն, որ ամբողջ կյանքն անց էր կացրել հանդերում, իր տարերքի մեջ էր։ Նա մագլցում էր ձյունոտ ժայռերը, փշրում էր նրանց ծերպերում բուսած գանգրահեր, գաջաջ կենու և գիհի ճյուղերը, ցած էր նետում ու հետն էլ գոչում.
Խուշկե Շուշի՛կ, եկա՜վ…
Գագիկը կոխ էր բռնել մի հին կոճղի հետ, քրտնքի մեջ մտած չարչարվում էր ու ինքն իրեն փնթփնթում.
Հիմի կպարզվի՝ տղամա՞րդ եմ դառել, թե ոչ…
Այդ ո՞ւմ հետ ես խոսում, հետաքրքրվեց Շուշիկը։
Հե՛չ, քոթուկի՛… դիմադրելու փորձեր է անում, համոզում եմ, որ վերջ տա անիմաստ դիմադրությանը՝ չի լսում։
Այնպես էլ կոճղը չլսեց նրա խորհուրդը, և Գագիկն ստիպված եղավ խուզարկել քարերի խոռոչներն ու երևան հանել այնտեղ թաքնված չոր տերևները։
Գնանք ծառայեցեք-տաքացրեք բնության թագավոր մարդ, արարածին, ի՞նչ եք մտել ծակուծուկ, ասում էր նա և տերևները լցնում թևքերն ու վիզը կապած, տոպրակ դարձրած իր բլուզի մեջ։
Այսպես, ամեն մեկը մի բան բերելով, անձավը լցրին և՛ չոր, և՛ թաց վառելիքով։ Միայն Սարգիսն էր մոլոր կանգնել շեմքին, նա ոչ մի բան չէր հաջողացրել գտնել։
Երբ արդեն վառելիքի կույտը բավական բարձրացել էր այրի պատն ի վեր, խումբը նստեց խորհրդակցության։
Ինչպե՞ս, ինչո՞վ կրակ ստանալ։
Հո պատահաբար ոչ մեկիդ մոտ լուցկի չի՞ մնացել, հարցրեց Աշոտը։
Բոլորն էլ լուռ խուզարկեցին իրենց գրպանները՝ ոչինչ չկար։
Ա՜խ, իմ հեր ջան, մի անգամ ծխելու փորձ արի, մռութս քաղաքավարի ջարդեց… Դե որ թողնեիր ծխեմ, հո հիմի ցրտից չէի՛ սրթսրթա, գանգատվում էր Գագիկը։
Բոլորն էլ լուռ էին։
Աշո՛տ, երդվում եմ բոլորի առաջ, չեմ մատնի։ Թե թաքուն ծխում ես՝ լուցկիդ հանիր, անսպասելի ասաց Գագիկը և խուզարկու նայեց ընկերոջ աչքերի մեջ։ Սա շփոթվեց, կարմրեց։
Հիմար բաներ մի ասի… լսողն էլ կհավատա, կմկմաց նա։
Բա որ ծխող չես, ի՞նչ հույսով ես առաջ փայտ հավաքում, հետո մտածում վառելու մասին…
Դե, մթնում էր…
Ուրեմն թաքուն ծխող չե՞ս… Ափսո՜ս։
Ապա քիչ մտածելուց հետո ավելացրեց.
Գուցե նախամարդու նման կրակ ստանանք, հը՞… էն որ նկարած է մեր դասագրքում։
Հա՛, ստիպված դա՛ պիտի փորձենք… Դե՛հ, գիհի չոր ճյուղերը քսեցեք իրար, տեսնենք ով շուտ կրակ կստանա։
Ձեռքով կրակ հանել կլինի՞, տատանվեց Շուշիկը։
Աշոտը խեթ-խեթ նայեց նրան։
Իսկ ձեռքով փլավ կուտվի՞, որ ուտում ես։ Կրակն ի՞նչ է, որ չհանենք, պարծեցավ նա ու այդպես էլ ինքնավստահ գործի կպավ։
Մինչ նրանք գետնին նստոտած աշխատում էին կրակ ստանալ մեր նախնիների պարզ ու դժվարին եղանակով, Հասոն պտրտեց իր տոպրակը, գտավ մի կտոր ղավ, որ օրեր առաջ պոկել էր մի կոճղից, չորացրել տաք մոխրի մեջ և պիտի ծեծեր-աբեթ դարձներ ու հանձներ հորը։
Դե՛հ, դուք ձե՛ր իմացած ձևով կրակ արեք, ես՝ իմ, հայտարարեց նա և սկսեց զբաղվել իր չորացած ծառասունկով։
Նախ քարի տակ դրեց ծեծեց, փափկացրեց։ Ապա այրի խորքից մի կտոր կայծքար գտավ, հետո եղևնու չոր ու յուղոտ արմատից բարակ տաշեղներ տաշեց։ Այդ էլ բավական չհամարելով, նա քանդեց իր պիջակի աստառը, բամբակ հանեց և այրի մի անկյունում, երեսը դենը պպզած, սկսեց կրակի պատրաստություն տեսնել։
Պտտի՛ր, Սարգի՛ս, ուժե՛ղ պտտիր, այդպես կրակ չի ստացվի, հորդորում էր Շուշիկը, բայց Աշոտի քրտնած ճակատին և արագ-արագ բարձրացող ու իջնող կրծքին նայելով, բոլորովին հույսը կտրեց, թե շփելով կարելի է կրակ ստանալ։
Բան չի դուրս գալիս, վերջապես հևալով խոստովանվեց Աշոտը, առանց Շուշիկի կողմը նայելու։ Անհարմար բան ստացվեց. գոնե չպարծենար աղջկա առաջ…
Այո՛, մածուն ուտելուց դժվար է, համաձայնեց Գագիկը։ Եվ լրջանալով շարունակեց։ -Նախնադարյան մարդու նման կրակ ստանալու համար նրա բազուկները պիտի ունենալ… մի դեսը նայեցեք, այնքան գրիչ ենք բռնել, որ գրչակոթի նման բարակ են մնացել, ցույց տվեց նա իր բարակ-երկար մատները։
Նրանք նստել էին լուռ ու հուսահատ։
Խոնավ քարանձավի մի անկյունում դանդաղ կաթում էր, որից հասկացվում էր, որ ձյունը հալվում է ու դրսում տաք է։ Բայց այդ մռայլ ու մութ խորշում այնպես սառն էր, որ Շուշիկը դողում էր ամբողջ մարմնով։
Աղջամուղջի մեջ, այդ բորբոսնած և խորդուբորդ պատերին պսպղում էին խխունջների թողած հետքերը։
Աշոտը վեր կացավ տեղից և գլորելով այրից դուրս նետեց ինչ-որ ժամանակ առաստաղից պոկված-ընկած քարը։ Մթնում խարխափելով նա դարձյալ քարեր գտավ և նյարդային շարժումներով դուրս նետեց, պարզ էր, որ վրդովված էր կրած անհաջողությունից։
Չխ՛կ, չխ՛կ, լսվում էր այրի մի անկյունից։
Ի՞նչ ես անում, Հասո՛, չեղա՞վ, հարցրեց Աշոտն անհամբեր։
Չէ, մեղավորի տոնով պատասխանեց Հասոն։ Կայծքարն անպետք է…
Երկար մնացին այդպես լուռ և բոլորի գլխում էլ նույն տանջող հարցն էր. ինչպե՞ս, ի՞նչ հնարքով կրակ ստանալ։ Նրանք լիովին գիտակցում էին, որ ամեն բանից առաջ իրենց կրակ է հարկավոր, որ առանց կրակի իրենք կոչնչանան։
Ա՜խ, գոնե մի հատիկ լուցկի մնացած լիներ մեկն ու մեկի գրպանում.., Ո՞ւմ մտքով կանցներ, որ կգա ժամանակ, երբ իրենց կյանքը կախված կլինի մի լուցկուց…
Պարապ նստելով չի լինի, շարունակեցեք փայտերն իրար քսել, ասաց Աշոտը, երկու չոր ճյուղ վերցրեց և մի գաղտագողի հայացք գցելով Շուշիկի կողմը՝ ամբողջ թափով նորից սկսեց կիսատ մնացած գործը։
Բոլորն էլ ուժասպառ եղան՝ ոչինչ չի ստացվում։ Աշոտի մարզված բազուկների տակ գիհի յուղոտ ճյուղը փոս ընկավ իրար քսելուց և այդ փոսիկից սկսեց հազիվ նկատելի ծուխ բարձրանալ ու այրվածահոտ բուրել։
Հը՞, ստացվո՞ւմ է, թե՞ չէ, Շուշիկի կողմը մի հաղթական հայացք ձգելով հոխորտաց Աշոտը։
Այրվածահոտը գնալով ուժեղանում էր։ Մի առ ժամանակ դա ոգեշնչեց պատանիներին և նրանք փոխն ի փոխ շարունակեցին իրար քսել այդ փայտի կտորները։
Բայց բոլորի ջանքերն էլ ապարդյուն անցան։
Հևալով և ուժասպառ, նրանք նստոտած էին այրի քարե սառը հատակին։
Այդպես կրակ կստացվի՞… հենց մեծ-մեծ խոսել գիտեք, լսվեց Սարգսի դժգոհ ձայնը։
Իսկ նախամարդը ինչպե՞ս է ստացել, սրտնեղած պատասխանեց Աշոտը. նրա բազուկները տնքում էին հոգնածությունից։
Նախամա՜րդը… տես ո՜ւմ հետ է համեմատվում… Ֆիզիկա չե՞ս անցել։ Ապա մի բացատրիր ֆիզիկայի օրենքներով, թե ինչո՞ւ շփումից ոչ մեկս կրակ չստացանք, և ինչ պիտի անենք, որ ստանանք։
Այդ հարցից Աշոտը անակնկալի եկավ, իսկ ինքը կարծում էր, թե Սարգիսը ֆիզիկայից բան չգիտի։ Նա լուռ էր, ի՞նչ պատասխաներ։ Եթե անձավում լույս լիներ, Աշոտը կնկատեր այն հեգնական հայացքը, որ Սարգիսը ուղղեց նրան։
Փայտերի շփման մակերեսը լայն է, դրանից տաքանում է, բայց կրակ չի ստացվում, բացատրեց Սարգիսը նեղացածի տոնով։ Գոնե ընկերներիդ հարցրու, հետո վճիռ արձակիր, հրամաններ տուր…
Դիտողությունը տեղին էր, բայց Աշոտը իսկի կընդունե՞ր որ։
Իսկ մեր դասագրքի նկարը ի՞նչ է ցույց տալիս, տաքացավ նա։
Ցույց է տալիս, որ դու կրակ հանելու ձևը չգիտես, շպրտեց Սարգիսը։ Ցույց է տալիս, որ պետք է մի հարթ փայտի վրա փոս փորել, ձողի սրած ծայրը մտցնել այդ փոսի մեջ ու երկու ձեռքով արագ պտտել ձողը։ Այն ժամանակ փայտերի շփման մակերեսը հինգ անգամ փոքր կլինի քո ստեղծած մակերեսից, ուրեմն և հինգ անգամ արդյունավետ կլինի շփումը… իմացա՞ր։ Հիմի համոզվեցի՞ր, որ նախամարդը քեզնից լավ գիտեր ֆիզիկան… Ոչ թե գրքերից, այլ՝ գործով…
Աշոտը այս անգամ կուլ տվեց վիրավորանքը։
Ինչ է, հիմի քեզ համար ես հարթ փայտ որտեղի՞ց ճարեմ, փնթփնթաց նա փայտի կտորները զննելով։ Գոնե մի դանակ լիներ տաշեինք-հարթեցնեինք… Թո՛ւհ, ոչինչ չկա ձեռքներիս… ինչի ենք պետք առանց դանակի… Հասո՛, ի՞նչ ես անում
այդտեղ…
Իսկ Հասոն կուզեկուզ ինչ-որ բան էր փնտրում։ Նա այրի հատակից քարի կտորներ հավաքեց, տարավ մեկ-մեկ զննեց այրի մուտքի լույսի տակ, դեն նետեց և դուրս եկավ այրից։ Ու՞ր գնար, որ կողմ շարժվում էր՝ մինչև գոտին խրվում էր ձյան մեջ։
Ի՞նչ ես ուզում, ասա՛, նրա հետևից գոռաց Աշոտը։
Սատանի եղունգ… սուր անկյուններով…
Դե այդպես ասա։ Գագի՛կ, հետս արի։ Շուշի՛կ, դուրս արի այրի շեմքին կանգնիր, արևի տակ…
Շուշիկը տաքանում էր մայր մտնող արևի տակ, իսկ տղաները իրար հետևից շարք կազմած ընթանում էին ժայռերի ստորոտով։ Մի տեղ ժայռը կռացել էր, ուստի նրա տակը չոր էր։ Այդտեղ տղաները թափ տվին իրենց շորերը և սկսեցին խիճերը խուզարկել։
Սա՞ է կայծքարը, մի սև քարի կտոր Հասոյին մեկնելով հարցրեց Աշոտը։
Չէ, սատանի եղունգը սև շուշի նման կոկլիկ է, նրա նման պսպղում է ու բարակ շերտերով է լինում՝ ծայրն ու բերանը դանակի նման սուր։
Սարգիսը դեղնաճերմակ մի քարի կտոր էր վերցրել և ուշադիր զննում էր։
Քեզ ասացին սևը փնտրիր, կոշտ դիմեց նրան Աշոտը։
Սարգսի վրա մի՛ բարկանա, Աշո՛տ, մեղմությամբ դիտեց Հասոն, դա էլ է չախմախաքար։ Իսկական կայծքարը դա է։ Տուր մի էն մթնում փորձեմ…
Քարե ծածկոցի մութ խորշում, դեմքով դեպի պատը չոքած, պողպատի կտորով նա խփեց Սարգսի գտած քարին և գոչեց.
Իսկական չախմախաքար է, գնա՛նք…
Վերադարձի ճամփին ձյունը տրորված էր, ուստի Գագիկն առաջ էր ընկել և կուրծքը դուրս ցցած գնում էր դեպի Շուշիկը այնպիսի ցույցով, կարծես վերադառնում էր հաղթական կռվից։
Ի՞նչ կա… ի՞նչ գտաք, հետաքրքրվեց Շուշիկը։
Հետո կիմանաս, խորհրդավորություն տվեց Գագիկը, և խումբը հանդիսավոր մտավ անձավ։
Հասոն գնաց խորքը և չոքեց իր պատրաստած չոր խռիվի կույտի մոտ։ Ի՞նչ է անում այդքան երկար ու բարակ… Գոնե երեսն այս կողմ լինի, մարդ աշխատի դեմքից մի բան գուշակել….
Տղաները բոլորովին անհամբեր էին դարձել, երբ այրի անկյունից չրխկոցներ լսվեցին, և աղջամուղջի մեջ կայծեր ցրիվ եկան։
Ջա՜ն, ճչաց Շուշիկը։
Կա՛ց, նրա ձեռքից բռնեց Գագիկը. կարծես վախենում էր, որ կայծերը կփախչեն-կչքանան իրենց ձայնից։
Չ՛խկ, չ՛խկ, չ՛խկ, պողպատի կտորով Հասոն անընդհատ խփում էր քարին և կայծեր ցրում այրի աղջամուղջի մեջ՝ մերթ հատուկենտ, մերթ փոքրիկ խրձիկներով։
Տղաները նրա հետև պպզած և վիզներն առաջ մեկնած սպասում էին։ Նրանք շունչները պահել էին և լարված նայում էին Հասոյի աջ ձեռքի հատու շարժումներին և փուշիի ծոպերին, որ ամեն հարվածի հետ թեթև թափահարվում էին ու զարնվում տղայի թուխ վզին։
Ա՜խ, կրակ ստանայի՜ն, գոնե ցրվեր իրենց սառն՛ ու անհրապույր բնակարանի այս մռայլը… Պաշտելի բան է եղել կրակը, իսկ իրենք նրա կարևորության մասին չեն էլ մտածել մինչև այս ցուրտ ու խոնավ անձավն ընկնելը։ Չէ՜, մեր նախնիներն իզուր չեն պաշտել կրակը…
Հասոյի համար կարծես այդ պահին աշխարհը գոյություն չուներ, գոյություն չունեին և ընկերները։ Ո՛չ, հենց ընկերների համար էր նա մոռացել իր շրջապատը և իր ամբողջ էությանը կենտրոնացրել աննկատելի ծուխ արձակող այդ աբեթի կտորի վրա… Նա գիտեր, որ իր և իր ընկերների կյանքը այդ չորացած սունկի կտորից է կախված…
Մի կտոր չոր փայտ վերցրեց, աբեթը դրեց նրա փտած ճեղքի մեջ ու փչեց այնպես դանդաղ և զգուշությամբ, որ ծնվող կրակը չմեռնի իր շնչից, այլ օդի մի քանի թեթև ալիք ստանալով բորբոքվի։
Հը՛, ի՞նչ, եղավ, անհամբեր գոչեց Աշոտը։
Հասոն այնպես էր կլանվել իր գործով, որ մի պահ մոռացել էր իր շրջապատը։ Նա ցնցվեց այրի կամարների տակ կրկնապատկված ձայնից, ցած դրեց ձեռքին ծխացող փայտը ու մեղմությամբ պատասխանեց.
Սպասի՛ր, հիմի կլինի…
Եվ երբ ձեռքը նորից տարավ ծխացող փայտին, դողաց. կրակը հանգել էր դեռ չծնված…
Հիմի կերա՞ր… Ա՜խ, քո այդ գոռալդ… սրտնեղած շպրտեց Շուշիկը և դուրս եկավ այրից։ Նրա հետևից դուրս եկան խմբի մյուս անդամները և բոլորից վերջում՝ Հասոն, գլուխը կախ, մթագնած։ Կրակը նա արդեն ստացել էր, ստացել էր մեծ լարումի գնով, բայց խանգարեցին իրեն, չթողեցին գործը մինչև վերջ տանի։ Հիմա իրեն համար հասկանալի է, թե ինչու ֆերմայի մեխանիկ Գարեգինը ոչ մի գործիք չի նորոգում պատվիրատուի ներկայությամբ։
Կգաս վաղը այսինչ ժամին կտանես, ասում է նա ու մենակ փակվում իր փոքրիկ արհեստանոցում։
Հը՛, հուսահատվեցի՞ր… Ինչո՞ւ չես շարունակում խփել քո կայծքարին, հարցրեց Աշոտը խեթ նայելով Հասոյին։
Չի լինում, մաշվեց… էլ սուր անկյուններ չունի, պատասխանեց տղան՝ ձեռքի քարը ցույց տալով։
Խումբը նորից գնաց մեզ ծանոթ ծածկի տակ կայծքար փնտրելու։
Ի՜նչ անհասկանալի բան է եղել կրակը, երբ զուրկ ես այն ստանալու միջոցներից։ Այն կրակը, որ այնքան էժան ու առատ է աշխարհում…
Մի գիշեր ևս իրար հպված դողացին մեր պատանիները, այրի դռնից ներս էր խուժում ձյան սառնությունը։
Գիշերը Հասոն դուրս ելավ և քարերով փակեց այրի մուտքը։ Երբ վերադարձավ իր տեղն ու գրկեց իր անբաժան ընկեր Բոյնախին, լսեց Շուշիկի տնքոցը։ Քուրդ պատանու սիրտը ճմլվեց։ «Գոնե էս աղջիկը չլիներ մեգ հետ…», մտածեց նա և իր հաստ աբան զգուշությամբ գցեց Շուշիկի թիկունքին։ Աղջիկը իր շեկ գլուխը դրել էր Գագիկի ոտքին ու քնել։
Այրի խորքից լսվում էր անհայտ ջրի ծլթոցը, իսկ դրսում բուքն էր ոռնում։
Ինչո՞ւ գիշերն այնքան երկար է լինում անքուն մարդու համար…
Գլուխ ութերորդ. Թե ինչպես պետք եկավ բնության մեջ ձեռք բերած փորձը
Մեր պատանիները առավոտյան վեր կացան ծանր տրամադրությամբ և ծանրացած գլուխներով։
Հասոն լուսադեմին աղջկա վրայից զգուշությամբ վերցրել էր իր աբան («Թող վրան չտեսնեն, անհարմար է…») և հագնելով դուրս էր սողացել անձավից ու մռայլ դիտում էր շրջակայքը։ Ծանր ու սառն ամպերը չոքել էին Հովազաձորի ժայռերին և ձյան նոսր ու կարծր հատիկներ էին մաղում ցած։ Դրանք ավազի հատիկների նման ցավեցնում էին տղայի սառած ականջները։
Հը՛, օրը բացվելու միտք չունի՞, լսվեց թիկունքից. Աշոտն էր։
Չէ՛, չի բացվելու… Ոչ մի նշան չկա…
Աշոտը գլխաբաց ու մոլոր մտածում էր։ Եղանակը չի լավանում՝ լա՛վ, դա բնության գործն է, իսկ ինչո՞ւ գյուղից մարդ չերևաց։ Ով գար-չգար՝ իր որսորդ հայրը հանդերը ման գալով անպայման կհասներ Հովազաձոր։ Սա ի՞նչ հանելուկ է։ Ուրեմն, է՞լ պիտի սպասեն այս սառնամանիքին, առանց կրակի, առանց սննդի… Թե՞ ճամփան բացելու մի հնար մտածեն։
Նրանք ցած ձայնով խորհրդակցում էին, սակայն ելք չգտնելով, որոշեցին շարունակել կրակ ստանալու ձախողված փորձերը։ Հասոն աբեթը և փտած փայտի կտորը լուսադեմից տաքացրել չորացրել էր իր ծոցում, ուստի ավելի հույս ուներ հաջողության հասնելու, քան նախորդ օրը։ Նա դրսից մի բուռ կայծքար ճարեց և ներս գալով, նորից չոքեց իր անկյունում՝ երեսով դեպի պատը։
Երբ ընկերները հետաքրքրությունից մղված նորից հավաքվեցին նրա թիկունքին, Հասոյին պատեց անհանգստությունը։ Նրա ձեռքը դողում էր, չէր կարողանում կենտրոնանալ գործի վրա, որ շատ զգուշություն և ուշադրություն էր պահանջում, քանի՜ քանի վտանգավոր աստիճաններ է անցնում կայծը, մինչև կրակ դառնալը։ Նախ աբեթը պիտի վառվի, ապա նա կրակը պիտի տա բամբակի կտորին, սա էլ իր հերթին պիտի վառի փտած փայտը, իսկ փտած փայտը սովորաբար ինքն իր մեջ այրվում է, ծխում, բայց բոց չի արձակում։ Բոցը պիտի ստանալ արդեն չոր տաշեղների միջոցով։ Դե եկ փտած փայտի մեջ նվվացող-ծխաթաթախ կրակը փոխանցիր տաշեղներին և նրանցից բոց ստացիր։ Ըստ որում փչելդ կարող է կամ հանգցնել, կամ բոցավառել, նայած ինչ հեռավորությունից և ինչ ուժի ես փչում։ Մոտիկից, օրինակ, թոքերիցդ եկող ածխածինը վնասակար է թույլ կրակին, կխեղդի նրան։ Բայց երբ հեռվից ես փչում, այն էլ թույլ, քո շնչով դեպի մարող կայծն ես հրում թթվածնով հարուստ օդը և շունչ տալիս նրան։
Իր արհեստի այս բոլոր նրբություններն ինչպե՞ս հասկացներ Հասոն ընկերներին, երբ ինքն էլ այդ մանրուքը բացատրել չէր կարող։ Մանավանդ որ իր քաշվող բնավորության պատճառով չէր ուզում որևէ դիտողություն անել գյուղից եկած այդ «ուսումնական մարդկանց», որոնց նկատմամբ նա հատուկ ակնածանք ուներ։ Դե նրանք դպրոցականներ էին, հո կատակ բան չէր…
Լավ ժամանակին վրա հասավ Շուշիկը, որ իր սեռի դիրքերից ավելի համարձակորեն կարող էր խոսել Աշոտի հետ։
Դե, երեկվա խաղը չխաղաք տղայի գլխին։ Հեռացե՛ք, ի՞նչ եք բկին չոքել, գոչեց նա և բոլորը հնազանդությամբ հեռացան Հասոյի թիկունքից։
Բայց ո՜վ կարող էր աչքը կտրել քուրդ պատանու ռիթմիկ շարժումներից և փուշիի թափահարվող ծոպերից։
Չխ՛կ, չխ՛կ, չխ՛կ, խփում էր նա քարին ու կայծերի խրձիկներ ցրում այրի աղջամուղջի մեջ։ Իսկ խումբը լարված սպասում էր։
Տղան մի պահ դադարեցրեց հարվածները և լուռ ինչ-որ բանի էր։
Աշոտը ջահել ձիու նման դոփում էր տեղում, բայց հանդիպելով Շուշիկի խիստ հայացքին, զսպեց իրեն։
Հազիվ նկատելի ծխի մի շիթ բարձրացավ Հասոյի ականջն ի վեր, և պարուրվեց ճերմակ քոլոզի շուրջը։ Պատանիները շունչները պահեցին և երբ առան այրվող աբեթի սուր հոտը, թվաց, թե ժամանակը դանդաղեցրեց իր ընթացքը։
Իրենց փոքրիկ կյանքում նրանք ոչ մի բանի այդպես անձկությամբ, այդպես լարված չէին սպասել, ինչպես թույլ բոցի այն շիթին, որ վերջապես երևաց մթնշաղի մեջ։ Այդ բոցը հետզհետե մեծացավ և ցոլաց Հասոյի բրոնզագույն պարանոցին, աջ ականջի թուխ բլթակին, ապա մութը պատռելով սկսեց կարմիր խալերով ցոլցլալ ու երերալ այրի խորդուբորդ պատին։ Չոքած տղայի հետևից սկսեց երկարել նրա ստվերը։
Երբ նա շուռ եկավ ու խնդագին ժպտաց, սալի վրայի տաշեղների փոքրիկ կույտը մխում էր, ճարճատում և բոցի լեզվակներ արձակում։
Ուռա՜… կարծես հրամանով գոչեցին մեր պատանիներն ուրախացած և այրի կամարների տակ դմբդմբաց Բոյնախի խլացուցիչ հաչոցը, նա չէր ըմբռնում, թե ինչ է կատարվել, բայց ուրախանում էր իր տերերի ուրախության վրա։
Ուռա՜, իրենց ծանր վիճակը մի պահ մոռացած, խնդագին բացականչում էին պատանիները։ Նույնիսկ Սարգսի դեմքը շողում էր։
Այդ ի՞նչ է ձեռքինդ… Ինչո՞վ էիր խփում կայծքարին, հետաքրքրությունից վառվում էր Աշոտը և գուցե սիրտը մի քիչ էլ ճմլվում այն բանից, որ իրեն չհաջողվեց կրակ ստանալ։
Հովիվ պատանին բարեսրտորեն ժպտում էր և կրակի թույլ լույսի տակ կրակներ էին ցոլանում սև խաղողի նման սև աչքերի մեջ։
Ի՞նչ է… հրահան է, ի՞նչ է… Ամեն չոբան էլ սրանից ունի։
էդ լավ է, պահի՛ր, պետք կգա։ Փչի՛ր, փչի՛ր, կրակդ հոգեվարքի մեջ է…
Նորից խանգարեցին Հասոյին, նորից նրա ուշադրությունը կտրեցին կրակից։ Ա՜խ այս ուսումնականները, որ փոքր անհաջողությունից գլուխները կորցնում են, իսկ չնչին հաջողությունից հանկարծ ուրախանում, գլուխն օրորում ու ներողամտորեն մտածում էր հովիվ Հասոն։
Այդպես, ուրեմն, մեր պատանիների ուրախությունը երկար չտևեց, կրակը գրեթե հանգավ։
Բայց Հասոն, ինչպես և մեր երկրի յուրաքանչյուր հովիվ, կարող էր անձրևի տակ, փոթորկի ժամին անգամ կրակ վառել, ո՜ւր մնաց քամիներից պաշտպանված քարայրում։ Նա վառված տաշեղների կարմիր ծայրերն իրար մոտեցրեց, պառկեց և թշերն ուռցնելով սկսեց օդի ալիքներով հանդարտ և զգույշ շոյել հանգչող կրակը։ Ծուխն ուժեղացավ, լցվեց նրա աչքերը, արցունքներ քամեց, դարձյալ ուժեղացավ, քուլա-քուլա բարձրացավ դեպի առաստաղը, տարածվեց-ամբարվեց նրա տակ, իսկ Հասոն շարունակում էր փչել, այս անգամ հետզհետե ուժեղացնելով, քանի որ հետզհետե ինքը կրակն էր ուժեղանում։
Եվ հանկարծ բռթկոց լսվեց, բոցը խանձեց նրա հոնքերն ու փուշիի ծոպերը և կարմիր շատրվանի նման նետվեց դեպի առաստաղը…
Ոչ ոք ծպտուն չհանեց, վախենում էին նորից հանգչի։ Միայն շեկ շողքերի տակ նկատելի էր, թե ինչպես արագ բարձրանում և իջնում են հուզմունքից ալեկոծված կրծքերը, իսկ դժվար երկունքով ծնված կրակը մեղմ ցոլանում էր նրանց աչքերի մեջ…
Քիչ անց խումբն արդեն բոլորել էր խարույկի շուրջը, որի բոցերը, ճարճատելով, լիզում էին այրի պատն ու հասնելով առաստաղին՝ ծխի հետ թեքվում դեպի դուրս։
Մինչ պատանիները, այնքան դողալուց հետո, վայելում էին կրակի դուրեկան ջերմությունը, Հասոն դարձյալ ինչ-որ գործի էր։
Աշո՛տ, ծարավ եմ, երեխայի նման թնկթնկաց Շուշիկը։
Ծարավը տանջում էր բոլորին էլ, ավելի շատ, քան քաղցը։ Միշտ այդպես է, մարդ ծարավից ավելի է տանջվում, քան քաղցից։
Ջո՞ւր… ջրի բանը դժվար է, մտախոհ ասաց Աշոտը։ Դեռ քանի ձյուն չէր եկել ես լավ նայեցի ձորին, ջրի ոչ մի նշան չկա…
Ինչի՞ց գիտես… չկա՜, չկա՜, երեխավարի, խռովածի տոնով հարցրեց Շուշիկը։
Որ լիներ, գոնե մի քիչ կհոսեր դեպի ձորը։ Գոնե մի քիչ կանաչ կամ եղեգ կլիներ մոտը… Գոնե…
Լա՛վ, համոզվեցինք, էլ պատճառաբանություններդ մի շարունակիր, մեջ մտավ Գագիկը։ Դու այն ասա, ինչի՞ մեջ ձյուն հալենք։ Գուցե մի փոս քար գտնենք…
Ինչպիսի փոս քար պիտի ճարեին, որ ամանի տեղ ծառայեր։ Իսկ ձյունն առանց հալելու ուտելը վտանգավոր էր, մանավանդ Շուշիկի համար, որը հաճախ էր հիվանդանում անգինայով։
Հասո՛, դո՛ւ ի՞նչ կասես, դարձավ Աշոտը երեսը դենը ինչ-որ բանով զբաղված տղային։
Ե՞ս… ես ի՞նչ ասեմ… տեսնում եք, որ ջուր եմ պատրաստում… Շուշիկի համար…
Ասաց ու իր համարձակության վրա կարմրեց։
Ջո՞ւր… ո՞ւր է ջուրը…
Հիմա կբերեմ, խուշկե Շուշիկ…
Նա հավաքեց, քոլոզը լցրեց ընկույզի, դեղձի, ծիրանի մեծության քարեր, բերեց թափեց խարույկի մեջ և դուրս գնաց։
Կրակը թեժացնելու համար է… էլի քար լցնենք, տղերք, աչքով արավ Գագիկը։
Քարով կրա՞կ կթեժացնեն, չէ՜, երևի ուրիշ մտադրություն ունի Հասոն, որ հիմա դրսում ինչ-որ գործի է։
Նա ներս եկավ՝ իր գլխից մեծ մի ձնագունդ ձեռին, որը ձվի ձև ուներ, վերևը՝ բութ, ներքևը՝ սուր։
Երբ քարերը կարմրեցին, նա մեկ-մեկ հանեց-դրեց ձնագնդի բութ ծայրին ու սկսեց ձյունով ծփծփել շիկացած քարերը։ Լսվեց թշթշոց, գոլորշի բարձրացավ ինչպես դարբնոցում, երբ շիկացած երկաթը գցում են ջրի մեջ։ Ձնագունդը օդում վեր պահած, Հասոն շարունակում էր մոխրոտ քարերը դնել նրա վրա։
Վերջապես ձյունը հալվեց, մոխիր ու քար մնացին վերևը, իսկ ներքևի սուր ծայրից սկսեց հոսել զտված-մաքրված ջուրը։
Խուշկե՛ Շուշիկ, բերանդ պահիր, քաշվելով ասաց տղան և ջրի ծորակը դեմ արավ։ Աղջիկը բերանը պահեց վերևից ծլլացող ջրի տակ և սկսեց ագահությամբ կուլ տալ կենարար հեղուկը։
Երբեք այդքան դուրեկան, այդքան ցանկալի չէր եղել ջուրը։ Երկու օր տոչոր մնալուց հետո, Շուշիկը կլանում էր սառը ձնաջուրը և չէր կարծում, թե վերջ կլինի իր ծարավին, վերջ կունենա այն անպատմելի բավականությունը, որ բերում է այդ հեղուկը ծարավ մարդուն։
Սրանից հետո էս է լինելու մեր ջուրը, ասաց Հասոն՝ հալվող ձնագունդը ցույց տալով։
Եվ երբ հերթով բոլորն էլ հագեցրին իրենց ծարավը, նա իր տոպրակից մի կտոր հաց հանեց, բաժանեց հինգ հավասար մասի և ամեն մեկի բաժինն իրեն հանձնելով, ասաց.
Նեղ օրվա համար էի պահել։ Ափսո՛ս, քիչ է…
Կարծես մեղավոր էր, որ տոպրակում մնացած հացը շատ չէր։ Այդ հացի ներկայությունը երեկվանից հանգիստ չէր տվել տղային. գիտնականների ասած «պայմանական ռեֆլեքսները» այնպիսի իրարանցում էին առաջ բերում նրա ստամոքսում, որ քիչ էր մնում գիշերը գաղտնի ոչնչացնի իրեն այդքան տանջող մթերքը։
Բայց ընկերը Հասոյի համար ամեն բանից բարձր էր, նա առանց ընկերոջ հաց չէր ուտի։
Չոր, թուխ հացը բոլորին էլ գաթայից համեղ թվաց։ Ի՜նչ գաթա. Շուշիկը չէր հիշում իր կյանքում, որ այդքան համեղ պատառ կերած լիներ։
Այս հացի միակ պակասությունն այն էր, որ քիչ էր, սրախոսեց Գագիկը, գետնին ընկած փշուրը խնամքով վերցնելով և բերանը գցելով։ «Ափսո՜ս, մայրս հաց տվեց, ինչո՞ւ չվերցրի» մտածեց Շուշիկը, երբ շեմքից լսվեց Հասոյի մեղմ ձայնը.
Խուշկե՛ Շուշիկ, արի էս փետը ներս տար…
Երբ աղջիկը դուրս եկավ անձավից, քուրդ պատանին, անհարմարությունից քրտնելով՝ մեկնեց իր բաժին հացի կտորն ու շշնջաց..
Վերցրո՛ւ, ես կուշտ եմ… շատ եմ կերել…
Ու գնաց դեպի ծառերը՝ վառելիք հայթայթելու։
Այդպես անցավ մի սրտամաշ օր ևս։
Քաք գիրքա