Vakhtang Ananyan
Հովազաձորի գերիները
11
Գլուխ տասնիններորդ. Թե ինչպես գնդակը գտնում է վախկոտին, որտեղ էլ որ պահած լինի նա իր գլուխը
Գերության տասնմեկերորդ օրը…
Հովազաձորում փակվելու պահից սկսած այդ օրը ամենից ուրախն էր մեր պատանիների համար։ Նրանք այժմ զինված էին ոչ միայն քարե գործիքներով ու պարսատիկներով, այլև դիպուկ խփող նետ-աղեղներով։ Իսկ թե նետ-աղեղն ինչ զենք է, դրա մասին վկայում են անձավի անկյուններում ցրված սև փետուրները… Բայց ոչ, ամենից ուրախալին այն էր, որ…
Լավ, հերթով։
Լույսը բացվելուն պես նրանք վեր էին կացել, ձյունով «լվացվել», կրակը թեժացրել և այժմ նայում էին պատի այն խորշին, ուր Հասոն խնամքով պահել էր գիշերվա իրենց որսը՝ ագահ Բոյնախից ազատելու համար։ Հիմա նա խորշից ճնճղուկները մեկմեկ նետում էր Շուշիկի փեշը ու հարցական նայում Աշոտին.
Հերի՞ք է, թե էլ գցեմ…
Ո՞ւմ ես հարցնում, մթերքի պահեստապետը ես եմ, մեջ մտավ Գագիկը և, Հասոյին մի կողմ հրելով, ձեռքը մեկնեց ճնճղուկներին։
Ճիշտ է, ուտելիքի գործում մեզնից ոչ ոք չի հասնի Գագիկին, համաձայնեց Աշոտը։ Նա էլ կլինի մեր խմբի տնտեսվարը…
Ինչ տնտեսվար, կտրեց Գագիկը, ասա՝ տնտեսական գործերի վարչության պետ…
Եվ կուրծքն առաջ ցցեց։
Նախաճաշի համար ամեն մեկիդ հասնում է յոթանասունհինգ գրամ թռչնամիս, իսկական սանատորիայի նորմա, հայտարարեց նա։
Դե յոթանասունհինգ գրամս ուղիղ կշռիր տուր ինձ, դիմեց Շուշիկը ծիծաղելով։
Բնությունն ինքն է կշռել. հայկական ճնճղուկը քսանութ գրամ մաքուր միս ունի։ Դա՝ աքլորը։ Մարին կշռում է… կշռում է քսանչորս գրամ, իսկ վառեկը՝ քսանմեկ գրամ։ Չե՞ս հավատում՝ ստուգիր։ Իրար վրա միջին հաշվով՝ քսանչորս ու կես գրամ։ Ուրեմն ստացեք ամեն մեկդ երեք ճնճղուկ։ Պահեստը պարտք է մնում յուրաքանչյուրիդ մեկ ու կես գրամ միս։
Այսպես շաղակրատելով, Գագիկը Շուշիկի փեշից վերցրեց ճնճղուկները և բաժանեց ընկերների միջև։
Իսկ քեզ ինչո՞ւ ես չորսը վերցնում, բողոքեց Աշոտը։ Գագիկը լուռ հանեց գլխարկը և խոնարհվելով ցույց տվեց գլխի ճանկռվածքը։
Մոռացե՞լ ես…
Հա՜, գլխիդ խփելու համար իսկապես մի ճնճղուկ ավելի խոստացանք… Դե՛հ, Գագի՛կ, կատակները մի կողմ դնենք և որոշենք մեր անելիքը…
Մենք ամենից առաջ կավ պիտի գտնենք և մի վառարան շինենք մեզ համար, ախր ծխից խեղդվեցինք, շտապեց իր պահանջը ներկայացնել Շուշիկը։ Հա՛, նաև ջուր պահելու հարմարություն…
Դուք ի՞նչ կասեք…
Նիզակներ շինենք, երկար պոչերով նիզակներ…
Եվ Գագիկը ցույց տվեց, թե ինչպես կարելի է հեռվից նետել որսի վրա։
Նիզակ դժվար թե մեզ պետք գա, առարկեց Աշոտը։ Ձյունը նստելուց հետո Հովազաձորում միայն թևավորներն են մնացել։
Ի՛նչ լավ է, ուրեմն ոչ մի գազան չկա՞, ուրախացավ Շուշիկը։
Կա՛… Կարող է լինել… կմկմաց Հասոն՝ զույգ փայլուն աչքերը հիշելով։
Նրան չհարցրին, թե ինչ հիման վրա է այդպես կարծում։
Էհե՜, չեղա՜վ, գոչեց Աշոտը։ Ինչպես տեսնում եմ, դուք պատրաստություն եք տեսնում այստեղ ձմեռելու։ Իսկ իմ միտքն ուրիշ է։ Իհարկե, այդ բոլորը պետք է, բայց եկեք դրանց վրա ժամանակ չկորցնենք։ Քանի ուտելիքի պաշար ունենք, եկեք գնանք մեր փակված ճամփան բացելու։
Ասաց և հարցական նայեց ընկերներին։ Իրոք, ի՜նչ ծուխ, ի՜նչ բաց դռնից ներս խուժող սառնամանիք, հարկավոր էր ձորից դուրս գալու միջոց գտնել։
Քարոտ տեղերից ձյունը վեր է կացել, իսկ մնացած տեղերում՝ իջել։ ժամանակն է, որ մենք այստեղից դուրս գալու փորձ անենք։ Վերցրեք գործիքները գնանք, կրկնեց իր առաջարկը Աշոտը։
Նա դեռ իր տեսած երազի ազդեցության տակ էր. դեռ մտքում բոցեղեն վիշապը ֆշշոցով հալեցնում էր Դիվային կածանի կուտակված ձյունը։
Բոլորն էլ ուրախ եղան նրա առաջարկին, նույնիսկ Սարգիսը, որը ստացած բարոյական ապտակներից այժմ ուշքի էր եկել ու մեկ ընդունում էր, որ ընկերներն իրավացի են իր նկատմամբ, մեկ էլ վրդովված մտածում էր. «Հասոյի հե՜տ են համեմատում…»։ Օրեր առաջ, երբ նրան ասացին, որ ինքը, այդքան երկար հասակ ունենալով, մի քանի գլխով ցածր է այդ «չոբանից», Սարգսի մեջ սկսեց խոսել վիրավորված ինքնասիրությունը։ Առավոտյան շուտ նա ընկերներից ծածուկ իջավ ընկուզենու տակ, բաց արավ փոքրիկ չորքոտանու շտեմարանը (խե՜ղճ կենդանի…) և առանց խղճի խայթ զգալու, սկսեց խժռել ընկույզները։
Բայց նոր էր սկսել սիրած զբաղմունքը, երբ էլի այդ աներես շունը՝ պուպուստ՝ տնկվեց առաջը և կարմիր լեզուն հանած՝ սկսեց պոչով ավլել խաշամը։
Անասելի ատելությամբ լցվեց նա այդ անմեղ կենդանու նկատմամբ, բայց ճարն ինչ, պիտի հոր նման վարվեր, չպիտի բռնվել, որ բռնվել ես գողության տեղում, բարի եղիր կիսելու քեզ բռնողի հետ…
Եվ մեղրածոր ժպիտ դեմքին խաղացնելով (դե ինչ աներ՝ «աչքը տեսածից կվախենա», այդ հիմար կենդանին մեկ էլ տեսար էլի գնաց խուզարկողներ բերեց…) մի քանի ընկյուզ կճպեց ու գցեց շան առաջ՝ հոգին էլ հետը։
Կենդանին, որ արդեն վարժվել էր բուսական սննդին, ախորժակով խփշտեց ստացած պարգևը և նորից պահանջեց։
Այն ժամանակ Սարգիսը ամուր փակեց իր պահեստի դուռը և գնաց-միացավ ընկերներին։ Տեսավ բարակ ոտքերի վրա երերող Շուշիկին (որը կողմնակից չէր, որ իր հետ կոպիտ վարվեն), խղճաց և կգնար կբացեր իր «պահեստի դռները», եթե…
«Ի՛նձ ինչ, թող ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի…», մտքում կրկնեց նա այն, ինչ մի քանի անգամ բարձրաձայն ասել էր ընկերներին։
Այս անգամ էլ նրա վրա նայող չեղավ, նույնիսկ աշխատելու չեն կանչում։ Դե եկ, համբերիր։
Բայց ինչու աշխատանքի չէին հրավիրում նրան։ Այդ հարցը կոլեկտիվը քննել էր արևածագին, երբ Սարգիսը գնացել էր սկյուռի շտեմարանից օգտվելու։ Նրա բացակայությամբ Շուշիկը պահանջեց բոյկոտը վերացնել։
Մինչև մեղա չգա կոլեկտիվի առաջ, չենք վերացնի, իրենը պնդեց Աշոտը։
Իսկ մեղա գալ չէ՞ր, երբ գիշերը ճնճղուկներ էր որսում։ Դա գործով մեղա գալ է. դա աշխատա՛նք է…
Մե՞ծ աշխատանք է, ծաղրեց Աշոտը։
Իսկ քոնը մե՞ծ է, տաքացավ Շուշիկը։ Ինչ գիտես, մթնում գուցե նա քեզնից շատ է ճնճղուկ խփել… Ես դեմ եմ այդպիսի խստության…
Խիստ ենք, որովհետև մեր պայմաններն են խիստ, արդարացավ Աշոտը։ Ինչո՞ւ զղջման խոսք չի ասում, ձայնը բարձրացրեց նա։
Մի փոքր վիճեցին և որոշեցին մի օր էլ համբերել և տեսնել, թե ինչպես է իրեն պահում Սարգիսը այնպիսի կարևոր գործում, ինչպիսին ճամփա բացելն է։ Եվ որովհետև որոշել էին փորձել, ուստի աշխատանքի չհրավիրեցին։ Հետաքրքիր է, կուզենա՞ կամավոր կերպով աշխատել, առանց հարկադրանքի։
Սարգիսը խմբի հետևից քայլեց դեպի փակված արահետը։
Երբ անցնում էին այն տեղով, ուր նապաստակն էր թաքնվել, Աշոտը կանգ առավ և մի պահ մտածեց, թե ինչո՞ւ պիտի այդ շլդիկը, ժայռերի ապահով փչակները թողած, թաքնվեր այդ բաց տեղը, ձյունի տակ։ «Այստեղ մի բան կա, երևի կեր է գտել, դրա համար է թունել բացել ձյան մեջ»։ Ահա թունելն էլ դեռ մնում է։ «Բայց հետաքրքիր է ի՞նչ կեր… Մեզ հարկավոր չի՞ գա նրա, կերը», մտածում էր տղան։
Նա մի քանի քայլ արավ դեպի դիմացի անցքը, բայց մինչև, ծնկները խրվելով հալ ընկած, թաց ու ծանր ձյան մեջ, կանգ առավ, ուժ չուներ առաջ գնալու։
Գիտեմ, գիտեմ, սիրտդ չի կտրվում լուսահոգի շլդիկից… Ո՜նց փախավ երկու կիլո փափուկ խորովածացո՜ւն…
Աշոտը սիրտ չուներ արձագանքելու Գագիկի կատակին։ Նա ձեռքը թափ տվեց, շուռ եկավ և գնաց ցած, դեպի այն չարաբաստիկ արահետը, որ խաբեությամբ ներս թողեց անմեղ պատանիներին ու անմիջապես փակվեց նրանց հետևից…
Քանի ժայռը դեռ բարձր չէր, նրանք «իծաշար» իրար հետևից հանգիստ ընթանում էին «Դիվային կածանով»։ Բայց երբ անդունդն սկսեց խորանալ նրանց ոտքերի տակ, սիրտներն ահ ընկավ։ Դե ինչպես ահ չընկներ, երբ ոչ մեկի տակ ամուր ու հաստատուն ոտք չկար… Ո՜ւր էին չքացել այն ոտքերը, որոնցով նրանք տրտնգի էին տալիս, ցատկում իրար վրայով…
Տեղ-տեղ արահետը բոլորովին բաց էր, իսկ մեծ մասամբ՝ ծածկված թե՛ տեղացած և թե՛ քամու բերած ձյունով։ Բայց ի՜նչ ձյուն, հալվել, շիլա էր դարձել։
Խումբը կանգ առավ, նրանք ուշադիր նայում էին փակված ճամփին։ Ձորից նա ժայռոտ լանջի լայնքով ձգվում էր մինչև Հովազաձորը ձախ կողմից եզերող ժայռապատի ուսը։ Այնտեղ, ուր կածանը լայն էր, նման էր ձյունով ծածկված դարավանդի, որի ներքին պռունկը հազիվ նկատվում էր։ Իսկ տեղ-տեղ էլ քամին այնքան էր ձյուն լցրել, որ լանջը լրիվ հավասարեցրել էր և արահետի հետքն անգամ չէր երևում։
Կածանը նեղ է, միայն մի մարդ կարող է աշխատել։ Դե՛հ, դուք տաքացեք արևի տակ, ես սկսեմ…
Եվ Աշոտը իր ձեռքի մահակով սկսեց ցած թափել թաց ձյունը։ Արևի ճառագայթները շողշողում էին ձյան շեղջերի վրա, անդրադառնում և ջերմ ալիքներով զարնվում պատանիների դեմքերին։ Դրանից էր, թե արագ աշխատելուց, Աշոտը շուտով շոգեց և իր գորշ վերարկուն հանելով, հանձնեց Հասոյին։
Քուրդ պատանին վերարկուն վերցնելու փոխարեն առաջ -ընկավ։
Հերթն իմն է, կարճ հայտարարեց նա և գործի դրեց իր մահակը։
Սրանով բան չի լինի, ես գնամ թիակի նման մի բան շինեմ, ասաց Աշոտը շուռ գալով։
Խնդրեմ, դու էլ իմ ֆունկցիաների մեջ չմտնես, զգուշացրեց Գագիկը և շտապեց դեպի ետ։ Գնում էր «թիակներ» շինելու անձավ-բնակարանում։
Ամենից առաջ նա մատիտի հաստության դալար շիվեր կտրեց և կույտ արավ օջախի մոտ։ Ապա նրանցից սկսեց գործել լաստի նման մի բան, բայց շատ փոքր ծավալով։ Երկար տևեց նրա այդ աշխատանքը, հավանաբար մի ժամից ոչ պակաս։ Եվ երբ գործը վերջացրեց, հիացմունքով նայեց իր «լաստին», և թարեքի ճնճղուկները տեսնելով գլուխն օրորեց. «Ափսո՜ս, պետն այստեղ լիներ գոնե երկու ճնճղուկ պարգև կտար…»։
Եկա՜վ, թիակը եկա՜վ, այրից դուրս գալուն պես իր շինած գործիքը գլխից վեր ճոճելով ցած էր վազում ու գոչում Գագիկը։
Թփերի մեջ մուկ փնտրող Բոյնախը նրա գոչյուններից ոգևորված սկսեց ձորը դմբդմբացնել իր հաչոցով և վազեց տղայի հետևից։
Այդպես աղմուկով տեղ հասավ Գագիկը և իր նիհար կուրծքը դուրս ցցելով, հարցրեց.
Բերի՛, թե չէ…
Ուռի ճյուղերից գործած թիակի թաթի նման մի բան էր նրա ձեռքին, որն ամրացրին մահակի կոթին ու նրանով սկսեցին քերել-ցած թափել արահետի ձյունը։ Գործը հեշտացավ և որքան առաջ էին գնում, այնքան ավելանում էր «լույս աշխարհ» դուրս գալու հույսը։
Այսպես չեղավ, ընկերնե՛ր, մի մասը թող աշխատի, մյուս մասը գնա ուտելու բան ճարի, լրացնի մեր ուտելիքի պաշարը, առաջարկեց Աշոտը։ Առանց այն էլ կածանի վրա բոլորիս կանգնելու տեղ չկա։
Խմբի մեջ ոտքից թեթև և ամենից ճարպիկ քարագնացները Գագիկն ու Հասոն էին, նրանք էլ գնացին ժայռի ծերպերը։ Մասրուտի մասուրը վերջացել էր, նրանք ստիպված եղան հատապտղի նոր թփուտներ փնտրել և խիստ հոգնեցին։ Վերջապես հեռավոր, մի անկյունում, հաջորդ ժայռի բարձունքում, կարմրին տվեց մասրի մի թուփ։ Գագիկը քիթը վեր տնկած նայում էր թփին ու մրմնջում իր քեռու տղա Գրիգորի «ոճով».
Ա՛խ, ես քո ցե վիտամիններին մատաղ, կա՛ց, գալիս եմ…
Հասոն կարծեց, թե ընկերը զառանցում է. դե նա ինչ իմանար ինչ բան է «ցե վիտամինը» և ինչպես հարուստ է նրանով մեր արևոտ երկրի մասուրը։
Մինչ նրանք մասուր էին հավաքում, Աշոտն ու Շուշիկը փոխնիփոխ մաքրում էին արահետը։
Իսկ Սարգիսը լուռ կանգնած նայում էր և սիրտ չէր անում առաջարկել իր օգնությունը։
Դու գնա կրակի մոտ, Շուշի՛կ։ Եվ իզուր էլ եկել ես, չէ՞ որ խումբը քո մասին որոշում ունի, ասաց Աշոտը։
Կրակի մո՞տ…. Ես ո՞նց մնամ կրակի մոտ, երբ դուք, ամեն մեկդ մի գործ եք անում, և՛ խղճահարված և՛ բողոքի շեշտով ասաց Շուշիկը։ Նա թափում էր ձյունը ժայռի ճակատով, ցած էր նայում անդունդը գլորվող ձյան կոշտերի հետևից և երեխայաբար հրճվում.
Ջա՜ն, շուտով այստեղից կազատվենք չէ՞, Աշոտ… Մերոնք ինչքա՜ն կուրախանա՛ն…
Սարգիսը զգում էր, թե ինչպիսի մեծ հաճույք են ստանում իր ընկերները, երբ աշխատում են և տեսնում իրենց արած գործի արդյունքը։
Միայն ինքն էր զուրկ այդ բավականությունից…
Իրեն քաջալերելով, նա մոտեցավ Շուշիկին և ձեռքը մեկնեց.
Տուր մի քիչ էլ ես մաքրեմ…
Շուշիկը ժպտաց և մեկնեց թիակը, բայց Աշոտը խլեց նրա ձեռքից և սկսեց արագ ու նյարդային շարժումներով քերել ձյան կույտերը։ Նրա ամեն շարժումից վրդովմունք էր կաթում և Սարգիսը զգում էր, որ իր ներկայությունն է վրդովեցնում նրան։
«Վա՛հ, արդեն ատելի՞ եմ դառել…»։ Եվ այդ մտքից Սարգսի արյունը կարծես կանգ առավ երակներում…
Գործը շատ դանդաղ էր առաջ գնում (դե Շուշիկն ի՛նչ օգնական էր Աշոտի համար)։ Բայց երբ կերան ընկերների բերած մասուրը և մի փոքր էլ հանգստացան, նոր ուժեր զգացին իրենց մեջ, և դա ոչ այնքան ստացած սննդից, որքան այն հույսից, որ զորեղանում էր նրանց մեջ՝ մաքրած կածանը երկարելու հետ միասին։
Այդպես փոխնեփոխ նրանք աշխատեցին մինչև կեսօր և հաշվեցին տեսան, որ մաքրել են ճանապարհի մոտ մի քառորդ մասը։
Ճիշտ է, քանի գնում ժայռը դառնում էր ուղղահայաց, նույնիսկ տեղ-տեղ կռացած անդունդի վրա, իսկ կածանը հատող խորխորատները դեռ հետո էին գալու, բայց գործն այդպես ընթանալու դեպքում կարելի էր վեց-յոթ օրում բոլորովին մաքրել կածանը և մնաս բարի ասել Հովազաձորին։ Եթե, իհարկե, մինչ այդ նորից ձյուն չտեղար… Եվ եթե նրանք ամեն օր այնքան սնունդ ստանային, որ ուժները վերջնականապես չդավաճանեին իրենց։
Վերջապես, երբ բոլորն էլ խիստ հոգնել էին, Շուշիկը ցած ձայնով և նախատինքի շեշտով հարցրեց.
Աշո՛տ, ինչի՞ ես թարսվել, ինչի՞ չես թողնում Սարգիսն էլ աշխատի…
Սարգիսը հեռու նստած ձորին էր նայում։
Եվ դու կարծում ես, որ թույլ տվի, նա գո՞րծ կանի։
Կանի՛, բոլորիցս լավ կանի։ Չե՞ք տեսնում ինչպես է զղջում։
Զղջում է, որովհետև տեղը նեղ է։ Դու միամիտ ես, նրան լավ չես ճանաչում։ Երկու թիակ ձյուն կգցի ցած, կգնա գյուղում կպարծենա, թե ինքն է մեզ ազատել։
Այդքան խիստ մի լինի, Աշո՛տ…
Լավ, փորձենք… Գնա աշխատանքի հրավիրիր…
Շուշիկն ուրախ-ուրախ առաջ գնաց և ձայնեց.
Սարգի՛ս, եկ դու էլ մեզ հետ աշխատիր, օղակավարը ինքն է խնդրում…
Սարգիսը քիչ մնաց հեգնանքով պատասխանի՝ «Հա՞ա, վերջապես խելքի՞ եկավ…», բայց զսպեց իրեն։
Առաջին րոպեներին նա հաճույք զգաց աշխատանքից։ Բայց շուտ հոգնեց, այնպես հոգնեց, որ հետզհետե թիակը գործածելը նրա համար դարձավ տանջանք։ Չէ՜, նա սովոր չի իր ուժը լարելու, սովոր չի քրտնելու…
Լավ էր, Գագիկը շուտով եկավ նրան փոխարինեց, թե չէ թիակին զոռ տալով մարդու շունչը կկտրվի…
Պատանիները հանգստացան և նոր թափով գործի կպան։
Աշո՛տ, ինչ ես կարծում, Շուշիկին չուղարկե՞նք մեր սիրելի ճնճղուկներին օգնության կանչի, համեստորեն հարցրեց Գագիկը։
Դե այդպիսի «օգնությանը» ո՞վ դեմ կլիներ։ Շուշիկին ուղարկեցին ճաշ պատրաստելու, իսկ տղաները շարունակեցին հերթով աշխատել։
Արեգակն արդեն թեքվել էր դեպի Հայկական Պարը, երբ Շուշիկը վերադարձավ՝ խորոված ճնճղուկները փայտե շամփուրներին շարած։ Բոյնախը երջանիկ վնգստոցով և շրթունքները լիզելով ուղեկցում էր նրան։
Յուրաքանչյուրն ստացավ իր շամփուրը՝ երեքական ճնճղուկ վրան շարված, և նրանք ճաշեցին աշխատած-դադրած մարդու ախորժակով։ Իզուր Բոյնախը պպզած ոսկորի էր սպասում, ոսկո՞ր կազատվեր ջահել ատամնաշարքերի տակից…
Է՛հ, կարծես օրն էլ ավելի պայծառացավ, աշխարքն էլ վարդագույն դարձավ…
Դե՛հ, արծվի ճուտեր, վեր կացեք, հրահանգեց Աշոտը։ Աշխատանքը նոր թափով առաջ էր գնում։
Մի բան վատ էր, որ Սարգիսը նորից գլուխ էր պահում։ Նա շուտ էր հոգնում և շուտ էլ ձանձրանում աշխատելուց, իսկ երբ հերթը հասնում էր իրեն, արդեն դժկամությամբ էր թիակը ձեռքը վերցնում։ Ճիշտ է, ոչ մի բանի չէր հակառակվում և այլևս առաջվա նման թշնամական հայացքներ չէր ուղղում իր «հակառակորդներին»։ Իսկ օրվա վերջին արդեն գերադասեց նորից քարշ գալ խմբի պոչից, օղակավարի աչքից հեռու…
Պոչում ոչ միայն գործ չկար, այլև ապահով էր. նրա ոտքի տակ շարունակ մաքրված, բացած շավիղ էր։ Վտանգն առջևում էր, ուր նեղլիկ կածանի վրա թին խրում էին ձյան կույտերի մեջ և ուժ տալիս մեջքին ու ծնկներին։ Մեկ էլ տեսար հավասարակշռությունդ կորցրիր ու ցած գնացիր։ «Չէ՜, Նազարը կռիվ գնացողը չի… Ի՜նչ գործ ունես…»։
Բայց ինչպես որ պատերազմի դաշտում թշնամու գնդակը հաճախ իր գլուխը խրամատներում թաքցնող վախկոտին է գտնում, այդպես էլ Սարգսին պատահեց։ Նա, որ բոլորից շատ էր հոգ տանում իր կյանքի համար, հանդիպեց այն ձախորդությանը, որից շատ էր զգուշանում։
Աշոտը վաղուց էր գլխի ընկել Սարգսի ոչ այնքան էլ խորամանկ քաղաքականությունը, այնպես ցույց տալ, որ իբր թե աշխատում է։ Նկատելով, թե ինչպես ծույլ ու անսիրտ է նա շարժում ձեռքի փայտը, Աշոտը սկսում էր վրդովվել։ Վերջապես համբերությունից դուրս գալով, գոչեց.
Սարգի՞ս, մի դեսն արի… Արի իմ տեղը գործ արա, ինչ ես անտեղի փետդ շարժում։ Առ թիակը…
Ի՛նչ աներ Սարգիսը, հրաժարվե՞ր։ Այդ դեպքում հենց նոր վերացված բոյկոտը նորից կմտներ ուժի մեջ։ Նորի՛ց մենակ մնար… Հիշելով վերջին օրերի սրտամաշ մենակությունը, սարսռեց։ «Լավ է վեճի մեջ չմտնեմ…», մտածեց նա և հենվելով ձեռքի փայտին, սկսեց շատ զգուշությամբ առաջ շարժվել։ Ահա անցավ Շուշիկին, որ նրան ճամփա տալու համար հպվել էր ժայռի պատին, ահա և Գագիկը, որ սրբում էր քրտինքը, երբ հանկարծ… Ախ անիծված քար… Սարգիսը չուզեց, որ ընկերները նկատեն իր վախկոտությունը ու անհաստատ քայլվածքը։ Նա մի վայրկյան աչքը կտրեց կածանի մեջտեղ ցցված քարից ու գլուխը վեր բարձրացրեց։ Հենց այդ վայրկյանին ոտքը քարին առավ, հավասարակշռությունը կորցրեց և գլորվեց անդունդը… Ներքևից փափուկ թրմփոց լսվեց, ժայռին զարնվող քարի չրխկոց և ամեն ինչ լռեց։
Շուշիկը ճչաց և նստեց տեղում, իսկ Բոյնախը սկսեց տագնապահար հաչել։
Վա՜յ, էս ինչ սոսկալի բան եղավ, ծնկները դողդողալով ասում էր Գագիկը։ Նա բռնեց շավիղի պռնկից ցած նայող Աշոտին։
Ե՛տ կանգնիր, հիմա դու էլ ցած կգլորվես, գոչեց նա սփրթնած։
Գագիկի նախազգուշացումը տեղին էր. ձյունոտ ու սառած արահետի վրա մի անզգույշ շարժում՝ և կարելի էր սայթաքել ու գահավիժել ձորը։
Աշոտը կես քայլ ետ կանգնեց և մռայլ ու կենտրոնացած ցած նայեց, դեպի անդունդն ուղղահայաց իջնող ժայռի լանջը չէր երևում, միայն նրա հատուկենտ քիվերից մեկին, ժայռի նեղ գոգի վրա, կանաչին էր տալիս գանգրահեր ու փոքրիկ մի եղևնի՝ հաստ և ծուռումուռ բնարմատով, ինչպես լինում են անջուր ժայռերում աճած ծառերը։
Սարգի՜ս, ցած կռանալով կանչեց Աշոտը։
Նրա ձայնն արձագանքեց ժայռերում և լռեց։ Պատանիները ամբողջովին լսողություն էին դարձել, բայց շրջապատում մեռելային անդորր էր տիրում։
Այն ժամանակ Աշոտը նստեց շավիղին և գլուխն առավ ափերի մեջ։
Այս ինչ սարսափելի բան էր… Այս ինչ արի ես…
Ընկերները սսկվել էին. ահավոր լռություն էր տիրում, միայն երբեմն լսվում էր Շուշիկի թույլ հեծկլտոցը։
Գնաց, ժայռերի տակ փշրվեց իրենց նեղ օրերի ընկերը, իր թերություններով, եսապաշտ իր հոգեբանությամբ, բայց և այնպես՝ Ընկերը։
Եվ դա այն ժամանակ, երբ սկսել էր դարձի գալ, երբ առաջին քայլերն էր անում դեպի կոլեկտիվը, դեպի մարդկայնությունը…
Գլուխ քսաներորդ. Թե ինչպես ամբողջ երկիրն էր փնտրում կորածներին
Այգեձորը, որ մինչ այդ անհայտ մի գյուղ էր մեր ընդարձակ երկրում, մի քանի շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ ամբողջ Սովետական Միությանը։ Արամն ու Արշակը Հեռավոր Արևելքի թերթերում հայտարարություններ էին հրապարակել կորած երեխաների մասին։ Ռադիոն էլ իր հերթին հաղորդել էր գույժը։ Եվ որովհետև ոչ մի պատնեշի ու սահմանի առաջ կանգ չի առնում ռադիոալիքը, ուստի և մեր մեծ աշխարհով մեկ տարածվել էր Այգեձորի հինգ պատանիների խորհրդավոր անհետացման լուրը։
Հետաքրքրությունը այդ առեղծվածի շուրջը գնալով մեծանում էր։ Հեռավոր հյուսիսի Պիոներ կղզու մի խումբ բևեռախույզներ ռադիոյով հարցնում էին Հայաստանի ԼԿԵՄ Կենտկոմին, թե արդյոք չե՞ն գտնվել կորած պիոներները։ «Դեռ փնտրում ենք», պատասխանել էին Երևանից։
Փոստատար Մուրադը հանգիստ չուներ այդ օրերին, եթե առաջ ըստ «գյուղական կապի կանոնների» նա երկու օրը մեկ անգամ պիտի գնար շրջկենտրոն փոստ բերելու, այժմ օրական երկու-երեք անգամ էր գնում, միշտ այն հույսով, որ վերջապես «աչքալուսանք» կբերի կորած պատանիների վշտահար ծնողներին։ Բայց բարի լուրի փոխարեն ծերունին բերում էր կապոցներով հեռագրեր ու նամակներ, որ ստացվում էին Սովետական Միության բոլոր ծայրերից և ամենից շատ՝ Հեռավոր Արևելքից, ուր կոմերիտականներից կազմվել էին «Այգեձորցի պատանիներին փնտրող ջոկատներ»։
Ուրալի պիոներները գրում էին, որ իրենք ևս իրենց քաղաքներում ու գյուղերում հարցուփորձ են անում հայ պիոներների մասին, որովհետև ենթադրում են, որ Աշոտի նման բորբոքուն երևակայության տեր պատանին կարող է հանքեր գտնելու հույսով հրապուրված՝ Ուրալ գնալ։ Կարագանդայի միջնակարգ դպրոցի աշխարհագրության դասատու Աննա Վինոգրադովան գրում էր.
«Գտնվեցի՞ն արդյոք ձեր որդիները։ Գտնվելուն պես խնդրում եմ հեռագրով տեղեկացնեք մեզ, որ մենք ևս՝ ձեր հեռավոր բարեկամները՝ ուրախանանք»։
Խարկովշչինայի մի գյուղից ուկրաինացի մի կին՝ Լեսյա Զախարովնան իր ցավակցությունն էր հայտնում կորած պատանիների մայրերին, սիրտ էր տալիս նրանց և իր համոզմունքը հայտնում, որ երեխաները անպայման կգտնվեն, քանի որ իր երեխան ևս այդ հասակում անհետացել էր ընկերոջ հետ, լացացրել իրեն, բայց վերջը գտնվել էր Արևմտյան Կարպատներում… «Իմ խենթուկը գնացել էր աշխարհ տեսնելու։ Այդպես պատահում է, մի՛ հուսահատվեք…»։
Իսկ Վոլգոգրադի մարզի Կարպովկա գյուղից կոլտնտեսական Տիխոն Միխայլովիչը գրում էր.
«Այգեձոր գյուղ, կորած պատանիների ծնողներին։ Իմ հեռավոր կոլխոզնիկ բարեկամնե՛ր, առաջին իմպերիալիստական պատերազմի ժամանակ ես եղել եմ ձեր չքնաղ երկրում, խմել եմ Արարատյան դաշտի անմահական գինին և հայերի հետ միասին կռվել եմ տաճկական ֆրոնտում։ Մի կատելյոկից եմ ճաշ կերել ես հայերի հետ, մի խրամատում քնել, լա՜վ, ընկերասեր մարդիկ են։ Վիրավորվել եմ ես նրանց երկրի համար և նրանք էլ փաթաթել են իմ վերքերը, շալակով դուրս հանել կրակի տակից և Արարատյան դաշտի մի գյուղում հյուր եմ մնացել, մինչև որ բուժվել են իմ վերքերը։ Ձեր աղ ու հացը, ձեր հյուրասիրությունը ես չեմ մոռանում և հիմա ուզում եմ դա ցույց տալ գործով։ Սիրելի կոլտնտեսականնե՛ր, այս տարի մենք առաջին անգամ ջուր ստացանք Վոլգա-Դոն ջրանցքի վրա կառուցված Ցիմլյանսկի ջրամբարից (Ի՜նչ ջրամբար, ձեր Սևանի չափ մի ծով է…)։ Այդ ջրով մենք ոռոգեցինք մեր խոպան հողերը և այնքան հաց վերցրինք, որ կրելով չէր վերջանում։ Իմ աշխօրերի դիմաց այնքան եմ ստացել, որ երեք տարի հերիք է իմ ընտանիքին։ Ուրեմն և ինձ համար դժվար չի մասնակցել այն ծախսերին, որ դուք կատարում եք ձեր կորած երեխաներին փնտրելիս։
Ձեզնից իրավունք եմ խնդրում՝ իմ լուման մուծելու այդ գործին։ Ասացե՛ք, ո՞ւմ հասցեով ուղարկեմ դրամը, և ինձ իրավունք տվեք այդ բանն անելու, չէ՞ որ ես էլ երեխաների տեր եմ, ես էլ եմ ծնող…»։
Սիրանը կարդում էր այդ նամակներն ու հեռագրերը, սիրտը մորմոքվում էր, բայց և զգում էր, որ հեռավոր, սակայն հարազատ ձեռքեր հոգատարությամբ սպեղանի են դնում իր հոգու վերքին։ Ամբողջ երկիրն է ապրում իր որդու կորուստով, դրանից էլ մեծ մխիթարություն կարո՞ղ է լինել մայր արարածի համար։
Մենակ մեր անսիրտ նախագահն է մի կողմ քաշվել, լալով գանգատվում էր նա հարևանուհիներին։
Մեջն օգուտ ունենա՞, տես ոնց կհետաքրքրվի, պատասխանում էին նրան՝ գլուխներն օրորելով։
Ուշացումով ստացվեց և Լճավանի պատանի բնասերների կարճ ու գործնական նամակը.
«Պատանի բնասերների մեր ֆոնդից դրամ ենք փոխադրում, օգտագործեցեք պատանիներին որոնելու համար։ Մեր խումբը կազմ ու պատրաստ է որոնելու Այգեձորի կորած պիոներներին։ Հեռագրով հադորդեցեք մեզ ո՞ւր գնանք և որ շրջանում փնտրենք։ Կամո, Արմեն, Գրիգոր, Հասմիկ, Միրուք Ասատուր»։
Հարևան Մեյլու գյուղի պիոներները ևս ամեն օր խումբ-խումբ գալիս էին Այգեձոր և ամեն անգամ «Եղբայրության ծառուղիով» անցնելիս մորմոքով էին հիշում իրենց հայ ընկերներին, որ այնպես սրտանց էին իրենց հետ տնկել այդ տունկերը։ Եվ որովհետև այլևս չկար Աշոտն իր ընկերներով, թվում էր, տունկերը որբացել էին և նույնպես տխուր սվսվում էին ցրտաշունչ քամու առաջ։
Այսպես, օրերն անցնում էին ծանր ու սրտամաշ և դեռ ոչ մի նշան չէր երևում։
Սիրանը աչքը ճամփին սպասում էր փոստատար Մուրադին և երբ երևում էր ծերունին արագ ու մանրաքայլ մոտենալիս, կնոջ սիրտը թպրտում էր և ջանում էր հուսատու նշաններ կարդալ նրա դեմքին։
Չէ՛, էլի երեսիս չի նայում… քոռանա մերդ, Աշո՛տ, ծնկներին խփելով մրմնջում էր կինը՝ իր մայրական բնազդով դեռ հեռվից անսխալ որոշելով, թե ինչ լուր է բերում փոստատարը։
Իսկ սա նոր նամակների կապոցը դնում էր սեղանին, շոյում էր նոսր բեղերն ու հանդիասվոր ասում.
Մի կարդա տես ինչե՜ր են գրում պիոներները։ Աշխարհով մեկ ցրված ընկերներ ունի քո Աշոտը… Էս նամակը Ռիգայից է, էս՝ Տաշքենդից, էս՝ Բաթումից, էս՝ Աղստաֆից… Կարծում ես ամեն կնիկ էլ էդ պատվին կարժանանա՞…
Ա՜խ, իմ երեխեն գտնվե՜ր, ես աշխարքից ուրիշ բան չեմ ուզում…
Կգտնվի՛, անպայմա՛ն կգտնվի… Էդքան մարդ որ նրան է ման գալիս, ասեղ էլ լինի՝ չի կորչի, կգտնվի…
Այնպիսի համոզմունքով էր ասում ծերունին, որ Սիրանը մի պահ խաղաղվում էր։
Ապա փոստատարն ասում էր մի քանի սրտապնդող խոսքեր ևս ու վեր էր կենում.
Դե՛հ, ես էլի գնամ փոստ, գուցե մի նոր լուր եկած լինի։
Կաց, գոնե մի գավաթ գինի խմի՛ր, քեռի Մուրադ, աչքերը սրբելով թախանձում էր Սիրուշը։
Խե՜ղճ ծերուկ, ցրտին ու բքին շարունակ ճանապարհներին է. նա էլ է մաշվել, իսկ դեմքի ճերմակած մազերը երկարել են, երևի ժամանակ չի գտնում սափրվելու…
Կխմե՛նք, ժամանակը գա՝ կխմենք։ Էնպես մի քեֆ եմ անելու քո տանը, Սիրա՛ն, էնպես պար եմ գալու, որ առաստաղից հող թափվի։ Սպասիր մի լավ տեղեկություն բերե՞մ…
Այսպես անհոգ էր խոսում ծեր Մուրադը ու իր անհոգությամբ սրտապնդում վշտաբեկ մորը։ Բայց հենց դուրս էր գալիս բակից, չքանում էր անհոգությունը նրա դեմքից, քայլերը դառնում էին դանդաղ ու մոլոր և կսկիծով մտածում էր. «Յարաբ կգտնվե՞ն էն երեխեքը…»։
Իսկ երբ նրա սուր աչքը դեռ հեռվից նկատում էր կորած երեխաներից մեկն ու մեկի հարազատին, իսկույն նորից անհոգ դեմք էր ընդունում, արագացնում էր քայլերը և հասնելով, հարցնում էր անփույթ.
Երեխեքից տեղեկություն չստացա՞ք։ Չէ՞։ Ոչինչ, կստանա՛ք։ Էս է ղշի թևով գնում եմ շրջկենտրոն, աչքալուսանքը պատրաստեցեք, կարող է մի լավ լուր բերեմ։
Ու միշտ լավատես, միշտ խրոխտ քայլերով շտապում էր շրջկենտրոն՝ մի թաքուն իղձ իր բարի սրտում.
Ա՜խ, յարաբ կուրախացնե՞մ ես էն դարդոտ մայրերին…
Քաք գիրքա