Hakob Paronyan

Մեծապատիվ մուրացկանները

Թ

Աբիսողոմ աղան բերանը քիչ մը բան դնելու համար վար իջավ, բայց երբ տեսավ, որ քանի մը հոգիներ նոր եկած էին զինքը տեսնելու, անոնց ձեռքեն խալսելու համար տունեն դուրս ելավ․ եթե այսպես չըներ և ամեն այցելություններն ընդունելու ըլլար, ժամանակ պիտի չունենար ոչ ուտելու, ոչ քնա­նալու և ոչ արթննալու։

Աբիսողոմ աղան դեռ Պոլիս չեկած՝ իմացած էր, թե Բերա գաղիական ճաշարան մը կար և երևելի մարդերը հոն կերթային ճաշելու․ ուստի տունեն դուրս ելնելուն պես միտքը դրավ հիշյալ ճաշարանն երթալու։

Հազիվ թե քանի մի քայլ առավ, հիսուն տարեկան նիհար և պատռտած հագուստներով մեկը դեմն ելավ։

Կարծեմ Աբիսողոմ աղա հրամանքնիդ եք։

Այո՛, ես եմ։

Քանի մի վարկյան ձեզի հետ տեսնվիլ կը փափագեի։

Է։

Նոր եղանակով, նոր դասագիրքեր հանած եմ, անոնցմե հարյուրի չափ ձեզի տալ կուզեի․ ներեցեք համարձակությանս, ի՞նչ ընենք, այս համարձակու­թյունը մեզի տվողն ազգն է, որ չքաջալերեր յուր դասատուներն և թող կուտա, որ անոնք խեղճ վիճակի մեջ ապրին։ Ա՜հ, եթե այսօր դասագիրքերը չկարենամ քշել, տպարանապետը բանտը պիտի դնե զիս․ դեռ տպագրության և թուղթի ծախքը վճարած չեմ իրեն, և ամեն օր կսպառնա ինծի։

Դասագիրքն ի՞նչ պիտի ընեմ ես։

Ձեր բարեկամներուն կուտաք․ կաղաչեմ, խնդիրքս մի մերժեր․ վեցական դահեկանեն վեց հարյուր դահեկան կընե, և այդ գումարն ալ ձեզի համար մեծ բան մը չէ։

Գաղիական ճաշարանն ո՞ր կողմեն կերթցվի։

Ասկից կերթցվի, սիրով կառաջնորդեմ ձեզի հոն։ Շնորհակալ կըլլամ։

Կը քալենք և կը խոսինք։ Դասատուներն ազգին ծառաները համարված են և ամենուն երեսեն ինկած, մինչդեռ անոնք ազգին տերերն են։ Ազգ մը անոնցմով առաջ կերթա․ բայց ի՞նչ օգուտ, մեր մեջ քաջալերություն չկա։ Դասատու մը այսօր դպրոցի մը պաշտոնի կը կոչվի և քանի մ՚ օրեն կը ճանփվի, վասնզի հոգաբարձուներեն մեկուն գետնեն բարև չէ տվեր։ Եթե քանի մը ամիս պաշտոն վարե և ամսական ուզե․ կը վռնտվի՝ ամսական ուզած ըլլալուն համար, և միշտ սա խոսքերը կը լսե․ «Ազգին ստակովը կապրիք, ազգին վրա բեռ եղած եք․ գացե՛ք, կորսվեցե՛ք»։ Ա՜հ, Աբիսողոմ աղա, չեք գիտեր, թե ինչ կը քաշեն Պոլսո դասատուները․ խեղճության զենիթը բարձրացած են․ չեմ կարծեր, որ ասոնք իմանալեն ետքը դասագիրքերես հարյուր օրինակ չառնեք։

Այդ ճաշարանն ասկից շատ հեռո՞ւ է։

Չէ, մոտեցանք։ Միայն դասատուները չեն, որ այս վիճակի մեջ են․ խմբագիրները, հեղինակները, տպարանապետները, գրավաճառներն, վերջապես անոնք, որ գիրքով կզբաղին, թշվառությամբ կը զբաղին։ Հառաջիմություն կը պոռանք և ետ ետ կերթանք, լույս կը պոռանք և դեպի խավար կերթանք, աջ կը կոչենք և դեպի ձախ կերթանք, ապագա կըսենք և դեպի անցյալը կը վազենք։ Ո՜հ, մեծ մեծ խոսքեր, իսկ մեծ գո՞րծ․․․

Ո՜հ, մեծագործություն․․․

Ո՜հ, մեծախոսություն․․․

Կերակուրներն ի՞նչպես են այն ճաշարանին։

Աղեկ են։ Հարյուր դասագիրքը տունը ղրկե՞մ, թե․․․

Պատասխանը քանի մ՚ օրեն կուտամ․․․

Երկու բանակիցներն խոսելով հասան ճաշարանին առջև։

Հրամմեցե՛ք, մտե՛ք, Աբիսողոմ աղա։

Աբիսողոմ աղա կը մտնե ճաշարան և չորս կողմը հայելիներե ուրիշ բան չտեսնելով՝

Սխալ եկանք, կըսե, հոս հայելի կը ծախեն։

Չէ, չէ։

Երկու, բարեկամներն կը նստին սեղանի մ՚ առջև։

Մանչուկը կը բերե կերակուրներու ցուցակը։

Աբիսողոմ աղա թուղթը կառնե, վրան կը նայի, կը դարձունե, ետևի կողքմն ալ կը նայի և սեղանին վրա կը դնե։

Ի՞նչ պիտի ուտեք, կը հարցունե դասատուն։

Միսով կերակուրը կուտեմ ես։ Դասատուն մանչուկը կը կանչե և կերակուր կապսպրե թե՛ Աբիսողոմ աղային համար և թե՛ իրեն համար։

Ահա այսպես, Աբիսողոմ աղա, դասատուներուն այս վիճակը լսելով չե՞ս ցավիր։

Չցավիլն ալ խո՞սք է։

Կը վայլե՞ ազգի մը այսպես մուրացկանի պես ապրեցնել յուր վարժա­պետները։

Չվայլեր։

Եթե կուզեք, գիրքերս այս գիշեր տունը ձգեմ։

Հիմակու հիմա թո՛ղ մնա, ուրիշ օր մը խոսինք ասոր վրա։

Մանչուկը կերակուրները կը բերե․ Աբիսողոմ աղան երեսը խաչակնքելով՝ երկու պատառ կընե և կը կլլե իրեն բերված խորոված միսը․ ետքը բարեկամին դառնալով կըսե․

Կտոր մը միսով մա՞րդ կը կշտանա․ զրուցե՛ սա անպիտանին, որ քիչ շատկեկ բերե։

Մանչուկը կը կանչվի, և բիլավ կապսպրվի։

Այս միջոցին միջահասակ և գիրուկ երիտասարդ մը կը մտնե ճաշարան՝ ի ձեռին ունենալով ծրար մը և ուղղակի Աբիսողոմ աղային առջև կուգա։

Կարծեմ, կըսե, Աբիսողոմ աղան տեսնելու պատիվը կը վայելեմ։

Աբիսողոմ աղա բան մը չհասկնալով նոր եկողին երեսը կը նայի անբար­բառ։ Քովի բարեկամն ալ ձայն չհաներ։

Կարծեմ, կը կրկնե, այն մեծ մարդուն առջև գտնվելու բարեբախտությունն ունիմ, որ մայրաքաղաքս եկած է մեկենաս անվանվելու համար։

Աբիսողոմ աղան, որ այս ձևերուն տեղյակ չէր, գդալը կառնե և կսկսի ուտել բիլավն, զոր նոր բերած էր մանչուկը։ Սեղանակիցն ալ նոր գրագետի մը գալն իր գործույն արգելք համարելով՝ չուզեր անոր պատասխանել։

Կարծեմ, կ՚ երեքկնե, այդ ազնիվ անձին քովը գտնվելու բախտը կը վայելեմ, որուն անունը քանի մը օր առաջ լրագրի մը մեջ կարդացի։

Աբիսողոմ աղան, որ բիլավով կզբաղեր, դարձյալ պատասխան չտար, և նոր եկողը կստիպվի պարզել յուր խոսքն ըսելով.

Աբիսողոմ աղան հրամանքնիդ եք կարծեմ։

Այո՛, ես եմ։

Նոր եկողն աթոռ մը կառնե և կը նստի։

Մանչուկը կուգա հարցնելու վերջեն եկողին, թե ի՞նչ կուզե ուտել։

Եղի մեջ հավկիթ, կը պատասխանե՝ ձեռքի ծրարը քովի աթոռին վրա դնելով։ Աբիսողոմ աղան բիլավն ալ կը հատցունե և կասկարայի ձուկ կապսպրե։

Էհ, Աբիսողոմ աղա, կըսե նորեկը, մեծ պատիվ, մեծ բախտ կը համարեմ ինծի ձեզի պես բաբեսիրտ անձի մը սեղանակից գտնվիլս։ Ծառադ՝ ազգային գրագետներուն ամենեն ետինն եմ, գրեթե քիչ մ՚ ալ բանաստեղծ եմ․ քանի մը ողբերգություն գրած եմ և կուզեմ․ որ անոնց յուրաքանչյուրեն քսանական օրինակ ձեզի նվեր ընեմ․․․

Օ՜օօ, Աբիսողոմ աղա, կըսե երրորդ մը խնդում երեսով Աբիսողոմ աղային մոտենալավ, բարի եկած եք։

Բարի տեսանք։

Ես ազգային փաստաբաններեն եմ և ձեր գալն լսելով փութացի իմ խոնարհ հարգանքներս ձեզի մատուցանել և միանգամայն հայտնել, թե ձեր դատերն ինծի հանձնեք։

Ես դատ չունիմ։

Եթե դատ չունիք, ինչո՞ւ ուրեմն եկաք հոս։

Ուրիշ գործի մը համար։

Անկարելի է, որ ձեզի պես մարդ մը դատ չունենա․ ոչ միայն անկարելի է, այլ անպատվություն ալ է․ ձեզի պես մեկը հարյուրներով դատեր ունենալու է, և ձեր շնորհիվ քանի մը փաստաբաններ ապրելու են։ Եթե դուք դատ չունենաք անգին աղքա՞տը պիտի ունենա։

Մեկու մը հետ դատ չունիմ։

Զարմանալի բան․ մեկու մը դեմ դատ բանալու ալ միտք չունի՞ք։

Բնավ, դատ բանալու պատճառ մը չունիմ։

Դատ բանալու համար անպատճա՞ռ պատճառ մը ունենալու է․ մեկու մը դեմ դատ կը բանաք, կը լմննա կերթա։

Է, ի՞նչ կը շահիմ։

Դուն չես շահիր, բայց փաստաբանը կը շահի․ քեզի համար աղոթք կընե։ Մեծ մարդերն հիմա այնպես կընեն․ փաստաբաններն ապրեցնելու համար՝ իրենց դեմն ելնողներուն դեմ պատվո դատ կը բանան։

Ես անանկ խայտառակություններ չեմ սիրեր։

Ես կատակ ըրի, Աբիսողոմ աղա․ բայց կատակը մեկդի դնենք և լրջորեն խոսինք, ըսավ փաստաբանը ծանր կերպարանք մ՚ առնելով․ լսեցի, որ շոգենավուն մեջ մեկու մը հետ քիչ մը առեր, տվեր եք, և այն մեկը ձեր պատվույն դեմ ծանր խոսքեր ըրեր է։

Ամենևին։

Թե դուք ալ անոր քանի մը խոսք ըրեր եք․․․

Բնավ։ Թե վերջը ծեծկվուքի ելեր եք․․․

Անանկ բան մը բնավ եղած չէ։

Թե դուք անոր գլխուն զարկեր եք․․․

Սուտ է։

Թե անիկա ալ ձեզի ապտակ մը տվեր է․․․

Բոլորովին սուտ։

Թե երրորդ մը մեջ մտեր է․․․

Երկրորդ չկա, որ երրորդ ըլլա։

Թե քու թևեդ քաշեր է․․․

Սխալ։

Թե անոր ալ ձեռքը բռներ է․․․

Սուտ։

Թե ասանկով զձեզ բաժներ է։

Բնավ տեղ չկա։

Թե դուք այս բաժանումեն գոհ չըլլալով՝ դատ բանալ ուզեր եք։

Որչա՜փ սուտ։

Թե վարպետ փաստաբան մը փնտրեր եք․․․

Ամենն ալ սուտ։

Թե զիս կանչել տալ ուզեր եք․․․

Ամենևին։

Որպեսզի ձեր դատը պաշտպանեմ․ և ես ալ ասոր համար եկա։

Ատանկ բան մը չկա։

Այս խոսակցության միջոցին երկու երեք հոգի ևս կուգան՝ ամենն ալ Աբիսողոմ աղային կամ գիրք նվիրելու կամ լրագրի մը բաժանորդ գրելու դի­տավորությամբ, և ամենը պատվական ճաշ մ՚ ալ կընեն իրենց առաջարկությունները ներկայացնելով։

Աբիսողոմ աղան հազար անեծք կարդալով ճաշարանն եկած ըլլալուն վրա՝ մանչուկը կը կանչե և հաշիվը կուզե։

Մանչուկն անմիջապես կը բերե հաշիվն, որու գումարն էր քառասուն ֆրանք, զոր տաճկերեն դրամի կը թարգմանեն և կըսեն Աբիսողոմ աղային հայրուր յոթանասուն և վեց դահեկան։

Հարյուր յոթանասուն և վեց դահեկա՜ն․․․ ես այնչափ բան չկերա։

Այո՛, դուք չկերաք, բայց ձեզի եկող հյուրերն ալ կերան, ըսավ փաստաբանն, որու կը վերաբերեր այս դատին պաշտպանությունը։

Իրավ որ մեծ պզտիկություն եղավ, որ Աբիսողոմ աղան վճարե մեր ճաշը, ըսավ մին։ Այո, ես շատ ամոթով մնացի, մեր պարտականությունն էր անոր կերակուր հրամցնելն, կրկնեց երկրորդ մը։

Ներեցեք մեր անքաղաքավարությանն, ըսավ չորրորդ մը, ուրիշ անգամ մենք ձեզի կը հրավիրենք ճաշի։

Աբիսողոմ աղան առանց պատասխանելու՝ ստակները համրեց և ճաշարանեն դուրս նետեց ինքզինքը՝ որոշելով, որ մեյ մ՚ ալ ճաշարան չմտնե։

Be the first who will comment on this

Other parts of "Մեծապատիվ մուրացկանները"

Yatuk Music
Masquerade - Waltz
Aram Khachatryan

Masquerade - Waltz

Portrait of an old man, 1883
Portrait of an old man, 1883
Play Online