Hakob Paronyan

Մեծապատիվ մուրացկանները

ԺԲ

Տիկին Շուշան, զոր ընթերցողն մոռցած չէ անշուշտ, Աբիսողոմ աղային տունեն տեղեկացած էր, թե․․․ քահանան Աբիսողոմ աղան գտնելու համար պ․ Դերենիկի գործատունն գացած էր։ Ուստի որսն քահանային հափշտակել չտալու համար՝ հևալով կը վազեր դեպի ի պ․ Դերենիկի գործարանը, ուր կը հասներ ճիշտ այն վայրկենին, որում քահանան սափրիչն վարպետությամբ ճանփելե հետո՝ Աբիսողոմ աղային կբարեխոսե հետևյալ կերպով․ «Ներեցեք, որ քիչ մ՚ ուշացա ճշմարտությունն ձեզի հայտնելու սափրիչի մասին։ Այս սափրիչը աներես մարդ մ՚ է, բոլոր Պոլիս եկողներուն օձիքեն կբռնե և անոնցմե ստակ կորզելու կաշխատի։ Անպիտանին մեկն է։ Իմ պարտքս է, որպես խոստովանահայր, գգուշացնել զձեզ այս կարգի մարդերեն, որք միմիայն քանի մը ոսկի հափշտակելու նպատակով կը մոտենան հարուստներուն։ Ո՜րքան կատեմ այդ մարդերը։

Շնորհակալ եմ ձեր բարեսրտութենեն և մարդասիրութենեն։

Երես մի՛ տաք այդ մարդոց։

Ո՛չ,

Տեր պապա, դու ի՞նչ գործ ունիս Աբիսողոմ աղային հետ, կը հարցնե տիկին Շուշանն, որ, ինչպես ըսինք, հևալով հասած էր։

Պզտիկ գործ մը։

Ոչ, բնավ գործ պիտի չունենաս դուն անոր հետը․ դուք ձեր պարտքը կատարեցեք և թող տվեք, որ մենք ալ մերինը կատարենք․ ալ խպնեցե՛ք քիչ մը։ Երթանք, Աբիսողոմ աղա։

Ո՛չ, դուք խպնեցեք քիչ մը, մենք Աբիսողոմ աղային հետ պզտիկ գործ մ՚ ունինք․ երթանք, Աբիսողո՛մ աղա։

Եվ քահանան Աբիսողոմ աղային ձախ թևեն կը քաշե։

Տեր պապայի մը չվայլեր ըրածդ։

Լռե՛։

Չպիտի լռեմ։

Թո՛ղ տվեք թևերս։

Թող՛ չեմ տար, կը պաաասխանե տիկին Շուշան, իմ իրավունքս է։

Ոչ, իմ իրավունքս է։

Քանի մը հարյուր դահեկան առնելու համար կուզես, որ խեղճ մարդը թշվառ ընես․ դուն աղջիկ չես ճանչնար։

Մի՛ պոռար․ պիտի թողում, որ կողոպտեք այս ազնիվ մարդն, այնպես չէ՞։

Ինչո՞ւ կռիվ կընեք, ամոթ չէ՞․․․ ես չեմ ուզեր աղջիկ։

Չըլլար, կը պատասխանե տիկին Շուշան, մենք քեզի աղջիկ մը պիտի գտնենք․ բայց թե որ տեր պապային ձեռքով աղջիկ փնտրես, գիտցած եղիր, որ պատիվդ մեկ ստակի կըլլա։

Ընդհակառակն, քահանայի ձեռամբը աղջիկ փնտրողն է պատվավորը։ Երթանք, Աբիսողոմ աղա։

Թող չեմ տար։

Երթանք, Աբիսողոմ աղա։

Թող չեմ տար, որ երթա․ ես անոր աղջիկներ պատրաստած եմ, աոջիկտեսի պիտի երթանք։

Այս տեսարանը տեղի կունենար պ․ Դերենիկի գործատան առջև, և անցնողներեն պզտիկ խումբ մը հանդիսականի պաշտոն կը վարեր անդ, երբ Մանուկ աղան ստիպված Աբիսողոմ աղան անպատճառ գտնելու՝ եկավ հոն, տեսավ Աբիսողոմ աղան, որուն մեկ թևեն քահանան և մյուս թևեն տիկին Շուշան կը քաշեր, և մեկդի քաշելով զայն՝ քանի մը ծանր խոսքեր ուղղեց քահանա­յին և տիկին Շուշանին և հեռացուց զանոնք։

Ա՜հ, ըսավ Մանուկ աղան Աբիսողոմ աղայի դառնալով, հանցանքը ձերն է, ամենուն երես կուտաք․ ասոնք միմիայն քեզմե օգտվելու համար կը մոտենան քովդ։

Իրա՞վ կըսեք։

Ինչո՞ւ սուտ պիտի զրուցեմ։ Կարգվիլ կուզես, լավ․ ես գտնեմ քեզի աղջիկներ, ընտրե և ուզածդ առ։

Աղեկ ըսիր։

Պատվավոր ընտանիքե աղջիկներ ցուցնել տամ քեզի։

Ցուցո՛ւր:

Միջնորդով աղջիկ փնտրելու ժամանակը անցած է հիմա։

Այդպե՞ս է։ Մինչև անգամ ամոթ է։

Ամոթ է նե, չուզեր։

Ես քեզի աղջիկ կը հավնեցնեմ։

Շնորհակալ եմ։

Տուր ինծի դուն սըկեց հիսուն ոսկի։

Սա ի՞նչ ըսել է։

Տուր դուն ինծի հիսուն ոսկի։

Ի՞նչու տամ։

Ա՜լլահ, ա՜լլահ, տուր կըսեմ կոր նե, հարկավ բան մը գիտեմ կոր․ տեր ողորմյա, պիտի առնեմ, չպիտի փախչիմ յա։

Չպիտի փախչիս, բայց․․․

Կը վախնա՞ս կոր ինծի հիսուն ոսկի տալու, արդեն այքան գումար մը պահանջող եմ ես քեզմե, ձեզի համար այնքա՜ն ծախքեր ըրած եմ։

Այնքան ծախքե՜ր․․․ ի՞նչ ծախքեր են անոնք․․․

Մեկիկ մեկեկ չպիտի գրենք ա՛, տիկինը գիտե։ Բայց թողունք այդ խնդիրը հիմա։

Ո՛չ, չթողունք այս խնդիրը․ հիսուն ոսկի․․․ քա՞նի օր եղավ որ․․․

Մեկու մը պարտք ունեի, այսօր եկավ, նեղը խոթեց զիս, և եթե այդ գումարը չվճարեմ, տունեն պիտի հանեն մեզի։ Ասիկա ինծի համար ամոթ է, քեզի համար ալ պատվաբեր բան մը չէ։ Տուր սա հիսուն ոսկին, հաշիվը կը կարգադրենք վերջը։

Ի՞նչ խայտառակություն է աս․․․

Աղջիկ գտնամ նե, միջնորդեք չպիտի ուզեմ ես քեզմե․ տուր սա հիսուն ոսկին։

Ինչո՞ւ տամ․․․ ի՞նչ ըրի ես քեզի․․․

Կցավիմ, որ խոսք չեք հասկնար կոր․ քեզի ինչ կըսեմ կոր նե, ան ըրե․ ինչո՞ւ չէս տար կոր սա հիսուն ոսկին։

Չեմ տար, տունեդ ալ կելնեմ, կերթամ։

Եվ խոսելով դեպ ի տուն կը քալեին։

Հիսուն ոսկին ալ մեծ բան մ՚ ըլլար, որ չեք ուզեր կոր տալ։ Իրավ որ ես ձեզմե չէի հուսար։

Հուսացե՛ք։

Ձեր քիպարությանը չէի ձգեր, որ հիսուն ոսկիի խոսքն ընեք։

Սնդուկներս կառնեմ, կերթամ ես։

Կրնաք երթալ, բայց հիսուն ոսկին տալեն ետքը։

Չեմ տար։ Կուտաք։

Կհասնին Ծաղկի փողոց, ուր եկած էին նաև քահանան, սափրիչն ու տիկին Շուշան։

Գնացե՛ք, մեկդի գացեք, երեսնիդ տեսնել չեմ ուզեր, պոռաց Աբիսողոմ աղան տեսնելով զանոնք։

Հետո դուռը զարկավ, ներս մտավ և սկսավ սնդուկները կապել ի զարմացուﬓ տան տիկնոջ։

Ինչո՞ւ կը ժողվըվիք կոր, Աբիսողոմ աղա, հարցուց տան տիկինը։

Երթամ պիտի, պիտի երթամ։ Միտքս փոխեցի․ չպիտի կարգվիմ։

Բարկացուցի՞ն ձեզի։

Ո՛չ,

Ինչո՞ւ ուրեմն բարկացած եք։

Բարկացած չեմ։

Քուզում Աբիսողոմ Աղա, Մանուկ աղան հիսուն ոսկի պիտի ուզեր քեզմե, ուզե՞ց։

Ուզեց։

Սխալմունք մ՚ է եղեր։

Սխալմո՞ւնք է եղեր։

Այո՛, հիսուն ոսկի չպիտի ըլլա, այլ հարյուր հիսուն ոսկի։ Սա բարությունն ըրե՛ մեզի։ Դուն քիպար մարդ ես։ Մենք ալ քու սայեյեդ պարտքե կազատինք։

Աբիսողոմ աղան սնդուկները կապելն, փողոց ցատկելն, երեք բեռնակիր բերելն ու սնդուկներն դուրս հանելն մեկ կընե։

Սափրիչը, քահանան, տիկին Շուշան և Մանուկ աղան կը հետևին իրեն մինչև․․․ հյուրանոցի դուռը։ Ուսկից կը մտնե Աբիսողոմ աղան, և կհեռանան իրեն հետևողները։ Բացի Մանուկ աղայեն, որը կընկերանա Աբիսողոմ աղային հաշիվները կարգավորելու համար։

Այն օրեն ի վեր Աբիսողոմ աղան տեսնող չեղավ․ միայն թե քանի մը շաբաթներ նույն հյուրանոցին դռան առջև կտեսնվեին խմբագիրք, հեղինակք, բանաստեղծք՝ իրենց թևի տակը թղթյա ծրարներ ունենալով։

Այսպես ուրեմն, կարգվելու նպատակավ Պոլիս եկողն աղջիկ մ՚ իսկ տեսնե­լու ժամանակ չունեցավ և, ինչպես կըսեն, բուրդ ու բապուճ փախավ մայրաքաղաքես։ Բայց անջնջելի հիշատակ մը թողուց գրական մարդոց մտքին մեջ։

Երբ երկու երեք հեղինակք մեկտեղին, «ինտոր փախցուցինք սա Աբիսողոմ աղան» կըսեն ու կը խնդան քիչ մը։

Իսկ երբ դրամական տագնապի մեջ գտնվին, «աստված, Աբիսողոմ աղա մը ղրկե մեզի» կըսեն և իրենց մտքով ալ կը հավելուն. խնդրեցեք զ Աբիսողոմ աղան, և ամենայն ինչ հավելցի ձեզ»։

Մեծատուններն ալ կհիշեն Աբիսողոմ աղան, երբ գրական մարդ մը անոնց մեկենասությունը խնդրե։

Աբիսողոմ աղա չենք մենք, կըսեն։

Իսկ մենք, որ ներկայացած չենք Աբիսողոմ աղային, կը հրատարակենք սույն գործն ոչ այնքան մեղադրելու նպատակավ ազգային խմբագիրներն, հեղինակներն, բանաստեղծներն և այլն, որքան ներկայացնելու համար ապագա սերնդյան՝ ժամանակիս գրագետներու ողբալի կացությունն և գրականության մասին ազգային մեծատուններու սարսափելի անտարբերությունը։

Be the first who will comment on this

Other parts of "Մեծապատիվ մուրացկանները"

Yatuk Music
Dreams
Arno Babajanyan

Dreams

Portrait of an old man, 1883
Portrait of an old man, 1883
Play Online