Hakob Paronyan
Մեծապատիվ մուրացկանները
Ժ
Հետևինք ուրեմն Աբիսողոմ աղային, որմե վայրկյան մը չբաժնվեցանք մինչև հոս և բաժնվելիք ալ չունինք մինչև պատմությանս վախճանը։ Ազնիվ ընթերցողն մինչև հոս տեսնելով գրեթե միօրինակ տեսարաններ, որք բնավ հարաբերություն չունին իրարու հետ, քանի մը անգամ մտքեն անցուց անշուշտ, թե ինչո՞ւ միայն Աբիսողոմ աղային օձիքը բռներ կերթանք և մյուս անձերն, անգամ մը ներկայացնելեն ետքը, բոլորովին կը մոռնանք։ Այս պակասությունը, եթե երբեք պակասություն է, մեր վրա գրելու չէ, այլ նյութին բնությանը։ Ամեն նյութ բնություն մ՚ ունի։ Նյութ կա, որուն բնությունն է լալ, նյութ կա, որուն բնությունն է խնդալ, նյութ կա, որուն բնությունն է համոզել, նյութ կա, որուն բնությունն է հուզել, դարձյալ նյութ կա, որուն բնությունն է արձակ, ինչպես նաև կա, որուն բնությունն է ոտանավոր, վերջապես նյութ կա, որուն բնությունն է կրկնություն․․․ Յուրաքանչյուր նյութ իրեն հատուկ ընդհանուր բնութենեն զատ ունի նաև մասնավոր բնություններ։ Եվ որովհետև մենք հոս ճարտասանության դաս տալու պաշտոն չունինք, համառոտիվ մեր միտքը բացատրենք և անցնինք։ Մոլիերի Միզանթրոբն ալ կատակերգություն է, Լե Ֆաշեոն ալ, բայց ասոնց յուրաքանչյուրն իրարմե այնքան տարբեր մասնավոր բնություններ ունին, որ Մոլիեր չէր կարող Լե Ֆաշեոյի տեսարաններով Միզանթրոբ մը շինել, ոչ ալ Միզանթրոբի տեսարաններով Լե Ֆաշեոն գրել։ Կարծեմ կրկնություն է ըսել, ես ալ ուրիշ վեպերու տեսարաններով չէի կարող գրել Մեծապատիվ մուրացկաններս, որոնց բնությունն է աներևույթ ըլլալ Աբիսողոմ աղային անգամ մը ներկայանալեն ետքը։ Կը խոստովանիմ, որ եթե սույն նյութը Օվրատիոս առներ, երգիծանք մը կը շիներ, և եթե Մոլիեր ձեռք անցուներ, կատակերգություն մը կը հորիներ․ բայց մենք, որ ապրելու պետք ունինք, ստիպված ենք ժամանակին հարմարիլ, շատ անգամ բանթալոնեն բաճկոն և երգիծանքեն վեպ շինելով։ Այս համառոտ բացատրութենեն ետքը դառնանք Աբիսողոմ աղային։
Աբիսողոմ աղան, ինչպես կը հիշե ընթերցողն, տուն դարձավ՝ շարունակելով յուր բարկությունն, զոր զգացած էր ճաշարանի մեջ ունեցած ինքնահրավեր սեղանակիցներուն վրա։ Տուն դառնալուն պես իմաց արվեցավ, որ քսանի չափ նամակներ ղրկված էին իրեն։ Վեր ելավ, նամակները մեկիկ մեկիկ բացավ, կարդաց, պատռեց և գետինը նետեց։ Սենյակին մեջ քանի մը անգամ դառնալեն ետքը հանկարծ կանգ առավ և պոռաց․
Ասոնք զիս քթես բռնելով կողոպտե՞լ կուզեն։ Սա քաղաքը գալես ի վեր վայրկյան մը ինքս իմ գլխուս չմնացի․ հազիվ մեկը կերթա, մյուսը կուգա, ստակ կուզե․ ես աս տեղ ամենուն ստա՞կ տալու համար եկա։ Ի՞նչ աներես մարդեր են․․ այսչափ աներեսություն ոչ լվսած բան է, ոչ ալ տեսնված։ Եթե վռնտեմ ըսես, ո՞ր մեկը վռնտելու է, ո՞ր մեկուն հասնելու է․ օրականով չորս հինգ հոգի վարձելու է, որ ուրիշ գործ չունենան, միայն եկողները վռնտեն․․․։ Եթե վռնտելու ելնես, այն ատեն ալ բոլոր քաղաքին մեջ պիտի բամբասեն զիս՝ ըսելով, թե անքաղաքավար մարդ է, թե ստակ չունի։ Չեմ ալ ուզեր, որ վրաս գեշ խոսվի․․․ Աս ի՞նչ փորձանք եկավ գլխուս, տեր աստված․․․ Բարով խերով ոտք չկոխեի սա քաղաքը։ Գլուխ ելնելու բան չէ, շուտով աղջիկ մը գտնելու է, շոգենավ մտնելու և փախչելու է․ ասոնք պիտի սնանկացնեն մարդը․․․ Քաշվելու բան չէ սա․․․ ճաթելու բան է։ Աշխատե, արյուն քրտինք թափե, քիչ մը ստակ վաստակե և հոս եկուր վարժապետներուն, բաներուն ցրվե․ ո՞ւր լսված բան է սա․․․
Կարծեմ այս իրիկուն բարկացած եք, ըսավ Մանուկ աղան սենյակին դուռն կամացուկ մը բանալով և ներս մտնելով։
Բարկությունն ալ խո՞սք է․ իմ տեղս եթե ուրիշ մը ըլլար, մինչև հիմա բարկութենե ճաթած էր։
Ի՞նչ եղավ, հոգի՛ս։
Ի՞նչ կուզես, որ ըլլա․ վայրկյան մը հանգիստ չեն թողուր․ տուն կը նստիմ, վրաս կը թափվին, ստակ կուզեն․ փողոց կելնեմ, չորս կողմս կպաշարեն, ստակ կուզեն․ ճաշարան կերթամ, բոլորտիքս կը շարվին, ստակ կուզեն․ և ես ասոնց ձեռքին խալսելու համար տունեն փողոց, փողոցեն տուն կը վազեմ։ Կաղաչեմ, ասոնց ձեռքեն խալսելու համար ո՞ր ծակը մտնեմ, ըսե՛ ինծի։
Իրավունք ունիս․ ես չե՞մ հասկնար․ ինծի ալ թող տվի՞ն, որ սա թաղականին գործը պատմեմ։
Քսան նամակ դեռ հիմա պատռեցի։
Ի՞նչ ըսած էին այդ նամակներուն մեջ։
Ըսած էին, թե հետս գալ կուզեին տանս վարժապետություն ընելու համար, թե գիրք մը ինծի պիտի նվիրեն եղեր, և ասոր համար քսան ոսկի տալու եմ եղեր, թե լրագրի երկու բաժանորդ գրվելու եղեր, թե․․․ ի՞նչ գիտնամ, ո՞ր մեկը համրեմ, ո՞ր մեկն ըսեմ, դիմանալու բան չէ։
Անոնք ալ աղքատ են խեղճերն, ինչ ընեն։
Ապրելու համար թող ուրիշ գործ մը փնտրեն, արհեստ մը սորվին, վերջապես ընեն, ինչ որ կուզեն․ ես ի՞նչ հանցանք ունիմ, որ կուգան գլուխս կը թափվին, եղբա՜յր․ ունեցածս չունեցածս հանեմ, անո՞նց տամ։
Ի՞նչու անոնց տաս։
Մարդս քիչ մ՚ ալ ամչնալու է․․․․ չճանչցած մարդուս երթամ և բարև, աստծու բարին, ինծի ստակ տուր, ըսեմ․․․ դուն կրնա՞ս ըսել։
Աստված ան օրը չցցունե։
Սենյակին դուռը նորեն բացվեցավ, և քսանհինգ տարեկանի մոտ միջահասակ պատանի մը դողդողուն քայլերով ներս մտավ և նամակ մը հանձնեց Աբիսոդոմ աղային, որ նամակը չբանալով հարցուց բարկությամբ․
Ի՞նչ կուզես, մարդ։
Մեջը գրված է, պատասխանեց պատանին թոթովելով։
Դուրսը մեջը քեզի ըլլա, ի՞նչ կուզես, ըսե։
Վաղը իրիկուն ներկայացում մը պիտի տամ իմ հաշվույս համար, և ձեր ազնվության օթյակի մը տոմսակ բերի։
Ես չեմ ուզեր, պատասխանեց Աբիսողոմ աղան՝ նամակը պատանվույն երեսը նետելով։ Բռնությամբ գործ ալ չըլլար, ըսավ Մանուկ աղան։
Տասը տարիե ի վեր, ըսավ պատանին, թատերական բեմին վրա կը քալեմ․․․
Թող նստեիր, պոռաց Աբիսողոմ աղան։
Եվ ազգին ծառայություն կընեմ։
Աղայություն ընեիր թո՛ղ, ինչո՞ւս պետք իմին, ատոնք պարապ խոսքեր են։
Իրավունք ունի, ատոնք պարապ խոսքեր են, կրկնեց Մանուկ աղան։
Տասը տարիե ի վեր է, որ բարոյական դպրոցի մը մեջ ազգին վարժապետություն կընեմ։
Ի՞նչ փույթ ինծի։
Ի՞նչ փույթ անոր, արձագանք տվավ Մանուկ աղան։
Եվ իրավունք ունիմ, կարծեմ, ինծի համար տրվելիք ներկայացման ձեզի պես ազնիվ մեկն ալ հրավիրել։
Ես պետք չունիմ։
Ան պետք չունի կրկնեց Մանուկ աղան։
Եթե դուք օթյակ մը չեք ընդունիր, որո՞ւ ուրեմն տամ օթյակի տոմսակներն։
Ուր ուզես, հոն տար․ ատ իմ խառնվեու բանս չէ։
Ատ իր խառնվելու բանը չէ, տղա՛ս, ըսավ Մանուկ աղան։
Կաղաչեմ, մի՛ մերժեք այս տոմսակն․ եթե մերժելու ըլլաք, զիս փողոցներու մեջ խայտառակ ընելու պատճառ պիտի տաք։
Գնա՛ բանդ, ես ձանձրացա այդ տեսակ խոսքեր մտիկ ընելե։
Ան ձանձրացավ այդ տեսակ խոսքեր մտիկ ընելե, հարեց Մանուկ աղան։
Ա՛հ, եթե ասկից ձեռնունայն ետ դառնամ, իմ մահս պիտի տեսնեմ։
Քեզ մտիկ ընելու ժամանակ չունիմ։
Քեզ մտիկ ընելու ժամանակ չունի, ըսավ Մանուկ աղան։
Մեկ ոսկիի բան է, ընդունեցե՛ք զայն, կաղաչեմ, մեծ հուսով եկած եմ հոս, պարապ ետ մի դարձունեք զիս։
Դուրս ե՛լ, գնա՛, աստվածդ սիրես, քե՞զ մտիկ պիտի ընենք հոս։
Սենյակին դուռը նորեն բացվեցավ, և մազերու մեջ ճերմակ ինկած՝ հիսունը անցած մարդ մը ներս մտավ հանկարծ և յուր խոսքերն Աբիսողոմ աղային ուղղելով՝
Չե՞ս խպնիր դուն, հարցուց։
Ինչո՞ւ պիտի խպնիմ, պատասխանեց Աբիսողոմ աղան շվարելով։
Ինչո՞ւ խեղճ տղան երկու ժամե ի վեր հոս կսպասցնես։ Ո՞վ կապասցունե, ո՞վ կուզե, որ սպասե, կը վռնտեմ, չերթալ։
Կը վռնտես, բայց առանց մի ոսկի պարտքդ տալու։
Ո՞վ պարտք ունի անոր։
Դուն ունիս․ և եթե ան չըսեր ինծի, թե քեզմե առնելիքն այս իրիկուն պիտի առներ և ինծի պիտի տար, ես չէի տպեր այդ տոմսակներն և ներկայացման ազդերը։ Երկու ժամ է, որ վարը դռան առջև կսպասեմ, որ իջնա և պարտքը տա, և դուն հոս կը խաղցունես խեղճը։
Աս ի՞նչ է, ես անոր պարտք ունենա՜մ․․․ ամենևին․․․
Ամենևին, ըսավ Մանուկ աղան։
Ես անպատճառ առնելիք ունիմ չըսի քեզի, պարոն տպարանապետ, ըսավ դերասանը, այլ ըսի, թե օթյակի տոմսակ մը պիտի տամ, ոսկի մը պիտի առնեմ։
Ինչո՞ւ ուրեմն խաբեցիր զիս, ստախո՛ս։
Որպեսզի ծանուցումները ետ չմնան։
Ես քու խաղալի՞քդ եմ։
Ան քու խաղալի՞քդ է, ըսավ Մանուկ աղան։
Ինչո՞ւ խաղալիքս ըլլաս։
Թշվառակա՛ն, խայտառա՛կ, անամո՛թ, աներե՛ս․․․
Ատոնց ամենն ալ դու ես։
Դո՛ւ ես։
Ես չեմ, դու ես․
Ես չեմ, դու եսի վրա ծեծկվուք կը ծագի դերասանին և տպարարանապետին մեջ տեղ, Աբիսողոմ ու Մանուկ աղաները մեծ դժվարությամբ կը հաջողին զանոնք իրարմե բաժնել։
Վա՛ր իջեք, պոռաց Աբիսողոմ աղան զանոնք զատելեն ետքը, վար իջեք և հոն կռվեցեք։
Դուն մեր կռվույն խառնվելու ի՞նչ իրավունք ունիս․ դուն զիս չես կրնար վռնտել․ ես առնելիքս կուզեմ և ինծի պարտական եղողն ուր որ գտնեմ, հոն կրնամ մտնել։
Դուն վար իջիր, ըսավ դերասանին Աբիսողոմ աղան։
Ի՞նչպես իջնամ․ տեսար, որ աչքիդ առջև ինչեր ըրավ։
Մինչև որ ան չիջնա, ես քայլ մը չեմ առներ, կրկնեց տպարանապետը։
Մինչև որ ան չհեռանա, ես չեմ կրնար փողոց ելնել, ըսավ դերասանը։
Մենք իջնանք ուրեմն, Մանուկ աղա, ըսավ Աբիսողոմ աղան։
Դերասանը Աբիսողոմ աղային ծունկերուն փաթթվելով աղաչեց, որ ոսկի մը փոխ տա գոնե։ Աբիսողոմ աղան շատ ընդդիմացավ, բայց հետո տեսնելով, որ անոնց ձեռքեն ուրիշ կերպով փրկվելու ճար չկա, ակռաները կրճտելով հանեց բարկությամբ, ոսկի մը տվավ տպարանապետին, որ շնորհակալություն հայտնելով դուրս ելավ։ Դերասանն ալ ներումն խնդրելով վար իջավ և գնաց։
Ասոր ի՞նչ կըսես, Մանուկ աղա։
Ըսելիք չմնաց, Աբիսողոմ աղա։
Հրամանքդ վար իջիր, դուռը գոցե և ապսպրե, որ չբանան դուռն։
Շատ լավ։
Որպեսզի այս գիշերը գոնե հանգիստ անցունենք և մեր ի՞նչ ընելիքին վրա խորհինք։
Իրավունք ունիս։
Շուտ ըրեք, վասնզի հիմա մեկիկ-մեկիկ կուգան։
Հիմա կերթամ։
Մանուկ աղան վար գնաց իրեն տված հրամանները կատարելու, և Աբիսողոմ աղան գլուխը բարձի մը վրա դրավ քիչ մը հանգստանալու համար։