Hakob Paronyan
Մեծապատիվ մուրացկանները
Է
Կան մարդեր, որ ցցունել կուզեն, ինչ որ չունին. կան ալ, որ ցցունել չեն ուզեր, ինչ որ ունին․ կան նաև որ ցցունել կուզեն, ինչ որ ունին։ Աբիսողոմ աղան վերջիններեն էր․ կը փափագեր, որ բոլոր աշխարհ իմանա ագարակներ ունենալը, և յուր փափագն իրացնելու համար ստակ ալ չէր խնայեր։ Այսպես, երբ ըսին իրեն, թե մեծ մարդերն իրենց պատկերներն ունին, հավանեցավ, որ ինքն ալ իրենն ունենա, բայց կասկածելով, թե խաբված ըլլա և պարապ տեղը ստակե ելլա, Դերենիկին մեկնելեն անմիջապես ետքը հարցուց Մանուկ աղային․
Եթե պատկերս քաշել չտամ, զիս մարդու տեղ չե՞ն դներ։
Քավ լիցի, բայց քանի որ ձեր աստիճանի մարդերը իրենց պատկերները հանել տված են, ձեզի ալ կը վայելե, որ անոնց պես ընեք։ Երբ մեկն ձեր պատկերն ունենալ կը փափագի, և դուք պատասխանեք, թե պատկերս քաշել տված չեմ․․․
Ի՞նչ կըլլա։
Բան մը չըլլար․․․ բայց․․․
Բայց ի՞նչ․․․ ագարակներս կառնե՞ն ձեռքես․․․
Ամենևին։
Ոչխարներս, կովերս կը հափշտակե՞ն։
Բնավ․․․ բայց․․․ խավարյալ մարդու տեղ կը դնեն ձեզի, չեն ըներ այն պատիվն, որ կուտան մեծ մարդու։
Հասկցա, ի՞նչպես հանել տալու եմ ուրեմն պատկերս, որ տարակույս չմնա, թե պզտիկ մարդ չեմ, վասնզի ըսիք, թե պզտիկներն ալ իրենց պատկերներն կը հանեն։
Ձեր պզտիկ մարդ չըլլալը հասկցնելու համար մեծ պատկեր հանելու եք թիկնաթոռի մը վրա նստած։
Նոր հագուստներս հագնելու եմ, այնպես չէ՞։
Այո՛։
Ժամացույցս ալ կախելու եմ հարկավ։
Տարակույս չկա։
Սանկ ծխփող քաշելով և երկու մարդ ալ դեմս բարև բռնելով և մեկն ալ ետևես ձիս բռնելով։
Այո՛, այո՛։
Դեռ ուրիշ ի՞նչ պետք է փառավոր երևնալու համար։
Այսչափ բավական է։
Կուզեի, որ սպասավորներս երկուքն ալ չախելով դիմացես վռնտեի, և անոնք ալ գլուխնին ծռած դուրս ելնեին․ վերջապես սանկ բաներ չը՞ կրնար ըլլալ․․․ կամ թե մեկը ծեծեի․․․ օրինակի համար, մեր ագարակներուն վերակացուին երեսն ի վեր պոռայի․․․ «մա՛րդ, քեզի քա՞նի անգամներ հրամայեցի, որ մշակներու հետ քաղցրությամբ վարվիս, կովերուս հետ սիրով երթաս, վար ու ցանը ժամանակին ընես, քանի որ ասոնք չըրիր, ես ալ քեզի կը վռնտեմ»։ Վերակացուն ալ թաշկինակովն աչերը սրբելով՝ ոտներուս իյնա, աղաչե և պաղատե ըսելով․ «զավակներուս սիրույն համար ներե՛ հանցանացս․ այսչափ տարիներե հետե ձեր հացը կուտեմ, դուք իմ բարերարս եք, ես ձեզ գրկերուս մեջ այնչափ գրկած ու պտտցուցած եմ, երբ դեռ պզտիկ էիք»․․․ վերջապես սըվոր նման բաներ չե՞նք կրնար դնել պատկերին մեջ։
Ատոնց վրա վաղը կը խորհինք․ մենք հիմա սկսինք մեր երեկվան պատմության, որ կիսատ մնաց։ Մելքոն աղան զիս տեսնելուն պես․․․
Կամ թե սանկ կռնակի վրա պառկիմ, և սպասավորներս ալ բանթալոնս քաշեն․․․
Զիս տեսնելուն պես մոտեցավ ինծի և․․․
Նարկիլեյով ավելի փառավոր չըլլա՞ր․․․
Մոտեցավ ինծի և ձեռքերս բռնելով ըսավ․ «Թե այսօր չաշխատինք, մեր չուզած մարդերը թաղական պիտի ընտրվին»։
Սանկ տասը կանգուն երկարությամբ մարբուճ մը․․․
Անոնք վաղվան գործ են, Աբիսողոմ աղա, թող տվեք, որ սա պատմությունս լմնցնեմ։ Մելքոն աղան թևես բռնելուն պես քաշեց զիս ազգային ընթերցատունն, ուր երիտասարդները նստած թուղթ կը խաղային։
Ես ալ կըսեմ, որ մարբուճը եթե կարճ ըլլա, ավելի աղվոր կերևնա պատկերին մեջ։
Կյանքիս մեջ հարյուր անգամեն ավելի հանդիպած եմ այս տեսարանին, ուր երկու դերասաններ խոսքն իրարու բեռնեն հափշտակելով, յուրաքանչյուրը կը փափագի առաջ յուր խոսքը մտիկ ընել տալ։ Այո՛, հարյուր անգամ ներկա գտնված եմ․ երկու անգամ ընկերություններու մեջ և իննսունը ութը անգամ Ազգային երեսփոխանական ժողովո մեջ։ Հարյուր մեկերորդ անգամն էր այս, և սատանան կը դրդեր զիս ըսելու այս երկուքեն մեկուն․ «Թո՛ղ տուր դիմացինիդ լմնցնել յուր խոսքն և վերջը խոսե»։ Բայց որովհետև ուրիշ անգամներ այսպես խոսած ըլլալուս համար մեկուն կամ մեկալին սիրտը կոտրած եմ, որոշեցի չեզոքություն պահել, թող տալ իրենց՝ փոխասացություն ընել և սպասել տեսնելու համար, թե ինչպես պիտի վերջանա այս տեսարանն, որ Ազգային երեսփոխանական ժողովո մեջ գրեթե միշտ կռիվով կը վախճանի։
Իրավունք ունիք, պատասխանեց Մանուկ աղան, կարճ մարբուճը շատ աղեկ կերևա պատկերին մեջ, բայց և այնպես մաքուր և շիտակ ըլլալու է թաղական ընտրվող մարդ մը։ Դուք աղեկ կը ճանչնա՞ք։
Իմ ճանչնալս մինակ օգուտ չըներ, քվեարկությամբ կընտրվի։
Քվեարկությա՞մբ։
Այո՛, ըսր Սահմանադրության, քվեարկությունը կընտրե։
Ի՞նչ կըսեք, թաղեցին քվե՞ պիտի տա հիմա աղեկ մարբուճ մը ընտրելու համար։
Թաղականի վրա է մեր խոսքը։
Թաղական ո՞ւսկից հանեցիր․ մարբուճի վրա է մեր խոսքը։
Մի՛ բարկանաք, Աբիսողոմ աղա, այնպես ըլլա։
Ինչո՞ւ բարկանամ պիտի․․․ վաղը կերթանք, հատ մը առնենք։
Կառնենք։
Այս պահուն սենյակի դուռը բացվեցավ, և կնկան մը գլուխ երևցավ։
Այս կինը Շուշան կը կոչվեր, և յուր արհեստն ալ սիրո միջնորդություն էր․ այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով յուր աշխատության վարձքը կընդուներ։ Երբեմն ալ այրը կինեն կը զատեր և դարձյալ յուր աշխատության փոխարենը կառներ։ Տարիքն, եթե հարցունես, երեսունվեց է, իսկ եթե հարցունես ինծի, որ միշտ սովորոթյուն ունիմ կնկան մը խոստովանած տարիքին վրա տասն ավելցնել, քառասունվեց է։ Ծաղկի հիվանդությունը յուր նշանները ձգած է անոր երեսը։ Սև և երկար դեմք մը, որուն կեսը կը կազմեր ծնոտը, և որուն մեջ տեղը երկնցած էր քիթ մը, որ բարձր և ճոխ հանգ մ՚ ուներ, կը կրեր յուր վրա երկու փոքրիկ և սև աչեր, որ ամեն վայրկյանին չորս կողմը կը պտտեին։ Հազիվ երկու մատ լայնությամբ ճակատ մ՚ ուներ․ ընքվիները հիվանդութենե թափած էին։
Տիկին Շուշան գլուխը դռնեն ներս խոթելեն ետքը դուռը բացավ և ներս մտավ ըսելով․
Եթե գաղտնի խոսք մը ունիք, դուրս ելնեմ։
Ո՛չ, պատասխանեց Մանուկ աղան, թաղականի վրա կը խոսեինք։
Գետնին տակը անցնի այն թաղականի խնդիրն, ըսավ տիկին Շուշան և ծանրությամբ գլուխն Աբիսողոմ աղային ծռելով՝ գնաց բազմոցի մը վրա նստելու։
Բարի եկաք, տիկին, ըսավ Մանուկ աղան։
Բարի տե՛սանք։ Դուք ալ բարի եք եկեր, Աբիսողոմ աղա․ քաղաքն ի՞նչպես գտաք, նայինք՝ հավնեցա՞ք։
Հավնեցա, շատ աղեկ է։ Այս կողմերը ի՞նչ գործ ունիք, հարցուց Մանուկ աղա, դարձյալ նշանտո՞ւք մը կա, ի՞նչ կա։
Հրամմեր եք, սա դիմացի տունը եկա, և անգամ մ՚ ալ ձեզի հանդիպիմ, ըսի։ Սա Անթառամին աղջիկը դիմացինիդ տղուն կուզեմ շինել․ գործն ալ լմնցածի պես էր, բայց տիկին Մարթան յուր աղջիկը տալ ուզելուն համար Անթառամին աղջկանը վրայոք խել մը խոսքեր ըսած է մանչուն, ան ալ քիչ մը պաղած է։ Այսօր եկա, որ զինքը տեսնեմ և համոզեմ, բայց դուրս ելած ըլլալուն՝ վաղը պիտի գամ։
Աղջիկ մ՚ ալ մեր Աբիսողոմ աղային չգտնա՞ս։
Աբիսողոմ աղան ժպտեցավ։
Տիկինն արդեն իմացուց ինծի վարը, թե Աբիսողոմ աղան կարգված չէ, և ես ալ շիտակը անոր համար վեր ելա, պատասխանեց տիկին Շուշան ճերմակ թաշկինակովն քիթը սրբելով։
Անանկ միտք մը ունիմ, ըսավ Աբիսողոմ աղան տեղեն ելնելով և սիգար մը հրամցնելով տիկին Շուշանին։
Եթե անանկ միտք մը ունիք, քեզի ալ կրնանք ձեր ուզածին պես աղջիկ մը գտնել․ քսան տարիե ի վեր այս գործին մեջն եմ, ամենքն կը ճանչնամ։ Հրամանքնիդ ի՞նչպես աղջիկ կուզեք, անգամ մը ան հասկանալու եմ ես։
Մանուկ աղան տեսնելով, որ Աբիսողոմ աղան տիկին Շուշանի հետ խոսքի բռնվեցավ, դուրս ելավ՝ ուրիշ անգամի պահելով թաղականի պատմությունն, զոր չէր կրցած ավարտել։
Աղվոր աղջիկ մը կուզեմ, պատասխանեց Աբիսողոմ աղան խնդալով։
Գիտեմ, որ աղվոր աղջիկ կուզես․ ուզած աղջիկդ հարո՞ւստ ըլլալու է։
Այո՛։
Պարկեշտ։
Հարկա՛վ։
Տասնվեց տասնութ տարեկան։
Ճիշտ։
Դաշնակ զարնել գիտնա։
Գիտնալու է։
Աղեկ պարե։
Հրամմեր եք։
Շատ լավ, ասանկ աղջիկ մը կա ձեռքիս տակը, բայց այս տեսակ աղջիկները գործ չեն տեսներ տունը. առտվնե մինչև իրիկուն ծունկ ծունկի վրա կը դնեն և կերգեն, կը պարեն և կամ բոլոր օրը կը պտտին․ հիմակվընե ըսեմ, վերջեն ինծի պատճառ չբռնես. աղեկներն ալ կան, բայց գտնելը շատ դժվար է։ Քու ըսած աղջիկներուդ մեջ անանկներ ալ կան, որ իրենց ուզած մեկը կը սիրեն և շատ անգամ անոր հետ գեղ մը կը փախչեն, և դուն ալ կսպասես, որ կինդ գա։
Ի՞նչ կըսեք։ Եթե այդպես է, չեմ ուզեր։
Բայց կան ալ, որ վրադ կխենդենան։
Եթե այսպես է, կուզեմ։
Բայց կան ալ, որ ամիս մը իրենց սիրածին հետ կապրին և քու անունդ բնավ չեն տար։
Եթե այնպես է, չեմ ուզեր։
Բայց կան ալ, որ վայրկյան մը քովեդ չեն բաժնվիր։
Եթե այսպես է, կուզեմ։
Ասոնք ըսելուս համար ինծի բան մի՛ ըսեր․ վասնզի կան անանկներ ալ, որ թող կուտան իրենց կինը ուրիշի մը հետ սիրահարություն ընել և աղջկան հորմեն քիչ մը դրամ առնելով աչք գոցել։
Իրա՞վ կըսեք․ անանկ էրիկ մարդ կը գտնվի՞ աշխարհիս վրա։
Մազես շատ։
Եվ այն տեսակ էրիկ մարդերու և կիներու երեսը ո՞վ կնայի։
Ամեն մարդ․ կինը կարդարացնեն՝ ըսելով, թե սատանայե խաբված է, էրիկն ալ կը սրբացնեն՝ ըսելով, թե խեղճը չգիտեր յուր բռնած ընթացքը։
Է՜, հիմա կը ճաթիմ․․․ չեմ ուզեր, չեմ ուզեր, թող մնա՛, իմ քաղաքս կը կարգվիմ։
Բայց և այնպես անանկներ ալ կան, որ քեզի համար իրենց հոգին անգամ կուտան։
Անանկ մեկն եթե գտնեմ, կը կարգվիմ։
Ես անանկ մեկը պիտի գտնեմ քեզի․ իմ հարցունելս սա է, որ ձեր ինչ տեսակ աղջիկ ուզելը հասկնամ։
Ես ալ իրավունք կուտամ տիկին Շուշանին․ վասնզի ամեն օր այնպիսի ամուսնություններ կը տեսնենք, որք մարդուս զարմանք կուտան։ Ատեն մը հետաքրքրության համար կարգված մարդու մը սիրո կրկնատոմարը գրեցի և տարեգլխուն հաշվեկշիռը հանելով տեսա, որ մարդը սնանկացած էր բարոյականության մեջ։ Բարևս կտրեցի իրմե և սակայն մեծ զարմանքով տեսա, որ այդ մարդը մեծ պատիվ կը գտնե ընկերություններու մեջ և իբրև բարոյականի տեր անձ մը ամեն կողմե հարգանք կընդունի։ Հետաքրքրությունս ավելցավ․ հաշվեկշիռս նորեն աչքե անցուցի և դիտեցի, որ կինն, զոր ես այդ մարդուն ընկեր նշանակած էի, մայր հաշվույն մեջ դրամագլուխի կողմ անցած է էրկանը տետրակին մեջ։ Եթե օր մը սիրո տոմարակալություն մը հրատարակեմ, մեծ հուզմունք պիտի պատճառեմ հաշվագետներու մեջ․ վասնզի ես շատ էրիկ մարդիկ գիտեմ, որոնք կինն իրենց սիրո հաշվույն մեջ ընդհանուր ծախքի կողմ կանցունեն, շատերը կարասիքի հաշվույն տակ կը գրեն, ոմանք ընդհանուր ապրանքի կարգը կանցունեն, ոմանք վճարելի թուղթերու և ոմանք ընդունելի թուղթերու հաշվույն մեջ կը նշանակեն։ Խիստ քիչ են այն նախանձելի ամուսնություններն, որոնց մեջ կինը էրկանը ընկեր կարձանագրվի սիրո տետրակին մեջ։
Կարգվիլը շատ անուշ բան է, հարեց սիրո միջնորդն, քեզի հարմար աղջիկ մը գտա՞ր, ամեն օր արքայության մեջ ես․․․
Ես ալ ասոր համար է, որ կարգվիլ կուզեմ։
Կինդ բնավորությանդ չհարմարեցավ, ամեն օր դժոխքի մեջ ես, կրակներու մեջ կերիս։
Ես ալ ասոր համար է, որ կարգվելու կը վախնամ:
Նայեցե՛ք, ձեզի բան մը ըսեմ, աղա՛, հրամանքնիդ հարկավ մեծ տեղե մը աղջիկ կուզեք առնել, վասնզի դուք ալ մեծ մարդ մ՚ եք։
Այո՛, այո՛, մեծ տեղե կուզեմ։
Ես ալ քեզի մեծ տեղե մը աղջիկ կը գտնեմ, բայց հրամանքնիդ ֆրանսերեն գիտե՞ք։
Մեծ տեղե աղջիկ առնելու համար անպատճառ ֆրանսերե՞ն գիտնալու է։
Այո՛, վասնզի մեծ տեղի աղջիկներն ֆրանսերեն կը խոսին, և երբ կին մը յուր էրկանը չգիտցած լեզվով ուրիշի մը հետ կը խոսի, տակեն նախանձ կելնե։
Ես ալ կը սորվիմ ֆրանսերեն։
Բացի ասկից, երջանկությունը շատ քիչ կը գտնվի այն ամուսնության մեջ, ուր կնիկն էրիկեն ավելի բան գիտե։
Այնպես է, ես ալ այն կարծիքին եմ։
Հրամանքնիդ եվրոպական եղանակներեն բան մը կը հասկնա՞ք։
Ամենևին բան մը չեմ հասկնար և մանավանդ թե կը ձանձրանամ։
Ի՞նչ պիտի ընես ուրեմն, եթե կինդ ժամերով դաշնակի առջեվն անցնի և այդ նվագարանի վրա եվրոպական խաղեր զարնե։
Թող չեմ տար, ես ձանձրույթ կիմանամ։
Ան հաճույք կզգա։
Կին մը ի՞նչ իրավունք ունի յուր էրկանը գլուխ ցավցունելու։
Էրիկ մը ի՞նչ իրավունք ունի յուր կինն զվարճութենե զրկելու։ Եթե գործը մինչև աս տեղվանքը պիտի գա, չեմ կարգվիր։
Չկարգվիլ չըլլար, միայն եթե պիտի ստիպվիս կնկանդ ճաշակին հարմարելու համար դաշնակ սորվիլ։
Ես կրնա՞մ սորվիլ։
Ինչո՞ւ չէ, մանավանդ թե ավելի դյուրին է քեզի դաշնակ զարնել սորվիլ, քան թե կնկանդ դաշնակ զարնելը մո՛ռնալը։
Եթե այդպես է, ատոր ալ ճամփան գտանք ըսել է։
Ասոնք ըսելուս պատճառն ան է, որ ես հոգիս սևցունել չեմ ուզեր․ ամեն բան առաջուց կըսեմ, որ վերջեն ինծի պատճառ չբռնեն։ Իմ ձեռքիս տակ ամեն դասե աղջիկ կա․ բարձր դասեն, միջին դասեն և ստորին դասեն․ այս երեք դասեն ալ ծախու ապրանք ունիմ․ հրամանքնիդ ձեր քսակին հետ խորհրդակցեցեք և ինծի ըսեք՝ սա դասեն կուզեմ։ Հայտնի է, որ բարձր դասը շատ սուղ է, միջինն՝ նվազ սուղ և ստորինն՝ աժան։
Ես շատ աժան չե՛մ ուզեր։
Շատ լավ․ աղջիկը ճերմա՞կ գույն ունենա, թե քիչ մը թուխ։
Ճերմակ կուզեմ։
Աչքերը սև՞, թե կապույտ։
Եկու, տես, որ սևն ալ կը սիրեմ, կապույտն ալ․․․
Կամ մին պիտի ըլլա, կամ մյուսը․ վասնզի չկրնար ըլլալ անանկ աղջիկ մը, որուն մեկ աչքը կապույտ ըլլա, մյուսը՝ սև։
Կապույտ ըլլա թո՛ղ։
Շատ լավ։ Հասակն և մազերը․․․
Երկար, երկար։
Մեջքը․․․
Մեջքը բարակ ըլլա, բայց տկար չեմ սիրեր․ կուզեմ, որ քալած ժամանակը միսերը շարժին։
Կը հասկնամ, այսչափը հերիք է․ ճիշտն ուզածիդ պես աղջիկ մը կա, որ շատ ալ պարկեշտ է և իրեն էրկանը համար հոգի տալ կերևա։
Ես ալ անանկ մեկը կուզեմ։
Թերևս վաղը քու անունդ իրեն ըսելուս պես վրադ սեր կապե։ Պատկերդ տուր, որ իրեն անգամ մը ցցունեմ։
Պատկերս վաղը հանել պիտի տամ։
Վաղը՞․․․ վաղը հանել տալու որ ըլլաք, ութը օրեն կառնեք, և ութ օր սպասե՞նք։
Ինչո՞ւ սպասենք, վաղը կերթանք․ մեծ տեղե՞ն է աղջիկը։
Այո՛։ Հայրը հարո՞ւստ է։
Շատ հարուստ է, բայց հարստությունը չցցուներ։
Շատ խանութնե՞ր ունի։
Քսանի չափ։
Տո՞ւն։
Քառասունի մոտ։
Շատ աղեկ, վաղը չէ մյուս օր կերթանք այդ աղջիկը տեսնելու։
Գլխուս վրա․ ցերեկին կուգամ, և մեկտեղ կերթանք։ Մնաք բարով, Աբիսողոմ աղա, սիրտդ հանգիստ բռնե․ ես քեզ չեմ խաբեր, ուրիշներու կրակե շապիկ հագցնողներե չեմ։ Կեցեք բարով, վաղը չէ, մյուս օր։
Տիկին Շուշանը կը մեկնի։