Hakob Paronyan

Մեծապատիվ մուրացկանները

Գ

Բավական երկար տարիներե ի վեր սովորություն եղած է, որ շատերը ուսում առնելու համար Ֆրանսա կամ Գերմանիա երթալեն ետքը մայրաքաղաքս կուգան կին առնելու համար, և ընթերցողն ալ գիտե արդեն, որ Աբիսողոմ աղան ալ ուրիշ նպատակով եկած չէր Կ. Պոլիս։ Ընթերցողս չմոռցավ նաև, թե այս ամուսնության խնդիրն ո՛րչափ միտքը գրաված էր Աբիսողոմ աղային, որ առջևեն եկող էշերը չտեսնելով՝ անոնց միույն դեմ բախեցավ։ Թերևս հարցվի, թե Աբիսողոմ աղային դեմ բախվող ավանա՞կն ալ ամուսնության վերաբերյալ գործ մ’ուներ, որ յուր առջև չտեսավ Աբիսողոմ աղային պես խոշոր մարդ մը։ Անոնք, որ պատմության քիչ կամ շատ ծանոթություն ունին, գիտեն, որ էշերը, որոնց նախահայրերեն մին ժամանակավ հրեշտակ տեսած է, բնավ կարևորություն չեն տար մահկանացուներուս և կուզեն, որ միշտ մենք ճամփա բանանք իրենց։ Աբիսողոմ աղան եթե պատմության տեղյակ ըլլար, կամ կին առնելու խնդիրով միտքն չզբաղեցուներ, անշուշտ ճամփա պիտի բանար այդ արարածներուն, որք իրենց ականջներով Միդաս թագավորին ներկայացուցիչներն ըլլալու պատիվն ալ կը վայելեն։

Արդ, Աբիսողոմ աղան էշերեն բաժնվելեն ետքը Ծաղկի փողոցը գտնելու համար անոր ասոր հարցումներ կուղղեր․ վասնզի ինքն առաջին անգամ էր, որ Պոլիս կուգար, և Տրապիզոն բնակվող բարեկամներեն մին խորհուրդ տված էր իրեն, թե հանգիստ ուտելու և պառկելու համար հիշյալ փողոցը, հիշյալ թիվը կրող տունն իջնելու էր։ Այդ բարեկամն շաբաթ մը առաջ Մանուկ աղային ալ նամակով իմացուցած էր, որ Աբիսողոմ աղան իրեն տունը պիտի բնակեր։ Աբիսողոմ իրեն տրված տեղեկություններուն համեմատ մեկ փողոցեն կը մտներ, մյուսեն կելլեր, երբեմն ալ սխալմամբ անել փողոցներու մեջ կը մտներ, կը բարկանար, ետ կը դառնար և մեկ կողմեն ալ կը կասկածեր, որ բեռնակիրներն իրեն անկողինն և սնդուկներն առնելով չփախչեին, թեպետ և անոնց հավա­տարմությունն շատերեն լսած էր։

Ժամու մը չափ Բերայի փողոցները չափելեն ետքը՝ Աբիսողոմ աղան հաջողեցավ վերջապես գտնել Ծաղկի փողոցն, զոր շփոթելու չէ նույն անունը կրող փողոցին հետ, որ Բերայի հրդեհեն մոխիր դարձած էր հազար ութը հարյուր յոթանասունը չեմ հիշեր քանիին։ Այս փողոցն Ծաղկի փողոց կանվանվեր սա պատճառով, որ հոն բոլոր տուներուն պատուհաններուն առջև միշտ ծաղիկ­ներ կը գտնվեին։

Երկու թիվն ո՞րն է, հարցուց, առանց գիտնալու, Մանուկ աղային կնոջը, որ դռան առջև յուր էրկանը գալստյան կսպասեր։

Աս է հրամմե՛ցեք, Աբիսողոմ աղա, պատասխանեց տիկինը։

Անկողինս և սնդուկներս բերի՞ն։

Բերին, Աբիսողոմ աղա․ վեր հրամմեցե՛ք, Աբիսողոմ աղա, եթե կուզեք, քիչ մը հոգնություն առնելու համար սա պզտիկ սենյակը նստեցեք, ըսավ կինը գետնահարկի վրա պզտիկ խուց մը ցույց տալով։

Շատ հոգնած եմ, քիչ մը հոս կը նստիմ։

Ձեր կամքն ինչպես որ կուզե, այնպես ըրե՛ք, Աբիսողոմ աղա․ տունը ձերն է Աբիսողոմ աղա․ ձեր տունին պես հանգիստ ըրե՛ք։

Շնորհակալ եմ։

Աբիսողոմ աղան պզտիկ սենյակը մտավ առաջնորդությամբ տիկնոջ, որ ղամբար մը բռնած էր, որուն կազը հատնելու վրա էր։

Ի՞նչպես եք, Աբիսողոմ աղա, տունեն ի՞նչպես են, աղե՞կ են։

Աղեկ են։

Թող աղեկ ըլլան, ձեր զավակներն ի՞նչպես են, Աբիսողոմ աղա, դպրոց կերթա՞ն։

Զավակ չունիմ։

Ձեր տիկինն ի՞նչ կընե, աղե՞կ է, Աբիսողոմ աղա։

Տիկին չունիմ դեռ։

Կարգված չե՞ք, Աբիսողոմ աղա։

Չէ։

Շատ լավ, հոս աղվորիկ աղջիկ մը գտնենք ու պոլսեցի ընենք քեզի, Աբիսողոմ աղա։

Անանկ միտք մը ունինք, պատասխանեց Աբիսողոմ աղան․ բայց աղջիկեն առաջ ես կերակուր կուզեմ, վասնզի առտվնե ի վեր բերանս բան դրած չեմ։

Շատ աղեկ, Աբիսողոմ աղա, շատ աղեկ․ հիմա կը բերեմ ձեր կերակուրն։

Տիկինը դուրս ելավ և դուռը բանալով սեմին վրա կայնեցավ՝ սպասելու համար Մանուկ աղային, որ, ինչպես կը հիշեն ընթերցողները, դայակ փնտրելու գացած էր։

Աբիսողոմ աղան սենյակին մեջ միակ մնալով՝ բարձի վրա դրված Զեն Հոգևորն առավ և թղթատել սկսավ զայն․ բայց որովհետև մարդս անոթի եղած ժամանակ գիրք չկրնար կարդալ, ինչպես նաև չկրնար գիրք գրել, նորեն բարձին վրա դրավ Զեն Հոգևորն, վասնզի փորն կիմացուներ իրեն, թե Զեն մարմնավորին պետք ուներ, և սկսավ սենյակին մեջ պտտելու։

Կաղաչեմ, Աբիսողոմ աղա, որ ձեր տունին պես հանգիստ ընեք, ըսավ տիկինը սենյակը մտնելով։

Անհանգստության պատճառ մը չունիմ, միայն թե անոթի եմ և կերա­կուր ուտել կուզեմ։ Կերակուրդ պատրաստվելու վրա է, հիմա պիտի բերեմ, ըսավ տիկինը և դուրս ելավ նորեն դռան առջև էրկանը սպասելու համար։

Ի՞նչ տեսակ կնիկ է այս, ըսավ Աբիսողոմ աղան, երբ առանձին մնաց, զիս անոթի կը պահե և կը պատվիրե, որ հանգիստ ըլլամ․ անոթի մարդը հան­գիստ կրնա՞ ըլլալ․․․

Սեպե՛ թե ես ալ քու քույրդ եմ կամ աղջիկդ եմ, ըսավ վաթսունամյա տիկինը դարձյալ ներս մտնելով, եթե բան մը կուզես, մի՛ քաշվիր, ըսե ինծի, որ բերեմ։

Շնորհակալ եմ։

Ես կուզեմ, որ իմ տունս եկող հյուրերր չնեղվին։

Կը հասկնամ․ հիմակուհիմա կերակուրեն ուրիշ բան չեմ ուզեր։

Կերակուրը պատրաստվելու վրա է, հոգ մի՛ ընեք․․․

Տիկինը դեռ պիտի շարունակեր յուր բանակցությունն, բայց դուռը զարնվելով՝ դուրս վազեց շուտով, որպեսզի դուռը բանա, էրիկը դիմավորե և բերած պաշարներն առնե ու կերակուր եփե։

Ողջույն, տիկին, ըսավ մեկը դուռը բացվելուն պես։

Հարկ չկա ըսելու, թե եկողը կրոնավոր մ՚էր, ինչու որ անոնք միայն կը գործածեն ողջույնը։

Օրհնյա՛ տեր, պատասխանեց տիկինը։

Ի՞նչպես եք, աղե՞կ եք, տիկին։

Փառք աստծո, տեր հայր։

Մանուկ աղան հիմա դեմս ելնելով իմացուց, որ հյուր մը եկած է ձեզի այսօր, ես ալ եկա, որ հետը տեսնվիմ։

Շատ աղեկ ըրեր եք, ներս հրամմեցեք, տեր հայր, ըսավ տիկինն՝ ցույց տալով խուցն, որուն մեջ Աբիսողոմ աղան յուր անոթությամբը կզբաղեր։

Քահանան ներս մտավ։

Աբիսողոմ աղան ոտքի ելավ։

Ողջո՛ւյն, Աբիսողոմ աղա։

Օրհնյա՛, տեր հայր։

Մեղավորս ձեր բարեպաշտության գալն իմանալով՝ աճապարանոք եկա ձեր ջերմեռանդության պատվական որպիսությունը հարցնելու, ի՞նչպես եք, Աբիսողոմ աղա։

Աղեկ ենք։

Միշտ աղեկ ըլլա՛ք, տեր աստված ձեր մեռելոց արքայություն և կենդանյաց ավուրս երկարս պարգևեսցե։

Շնորհակալ եմ․ դուք ի՞նչպես եք, տեր հայր։

Մեր աղեկությունը մի հարցունեք․․․ ժամանակիս աղեկությունը․․․ Տեր աստված զձեզ համենայն փորձանաց և ի չարե ազատ պահեսցե․ ժողովուրդն երբ աղեկ ըլլա, քահանաներուն ալ երեսը կը խնդա։

Այնպես է, տեր հայր,– պատասխանեց Աբիսողոմ աղան՝ յուր աչերն չզատելով բնավ խուցին դռնեն, ուսկից կերակուր կը հուսար։

Օրհնա՛ծ, ժամանակը շատ գեշ է․ ժողովուրդը շատ նեղություն կը քաշե, այս պատճառավ ջերմեռանդությունն ալ օր ըստ օրե պակսելու վրա է։

Իրավ է։

Բայց ի՞նչ պիտի ընենք, ի՞նչ կուգա մեր ձեռքեն՝ համբերելեն զատ․․․ Սուրբ գիրքը կըսե․ որ համբերեսցե իսպառ, նա կեցցե։

Այնպես է։

Եթե չհամբերենք, բարկանալ պետք է, և մարգարեն կըսե․ բարկանա՛յք և մի՛ մեղանչեք։

Ճիշտ է, պատասխանեց Աբիսողոմ աղան, որուն ականջը բնավ չէր մտներ քահանային խոսքերը և որ քահանային ներկայութենեն նեղություն կիմանար․ վասնզի, ինչպես գիտեն ընթերցողները, կերակուրեն ուրիշ բանի պետք չուներ։

Զի ո՛չ հացիվ միայն կեցցե մարդ, այլ բանիվ տյառն։

Քահանան քթախոտի տուփը ծոցեն հանեց և երկու մատներովը քթախոտ լեցուց քթին ծակերուն մեջ և հետո, տուփը Աբիսողոմ աղային երկնցնելով՝

Հրամմեցե՛ք, օրհնա՛ծ, ըսավ։

Աբիսողոմ աղան շնորհակալությամբ առավ տուփն և քիչ մը քթախոտ քաշեց։

Քիչ քաշեցիք, Աբիսողոմ աղա, կաղաչեմ, անգամ մ’ ալ քաշեցեք, քթախոտը վնասակար բան մը չէ։

Աբիսողոմ աղան անգամ մ’ ալ քաշեց, որպեսզի խոսքը չ’երկարի և հյուրը մեկնի։

Ինչո՞ւ աղեկ մը չեք քաշեր, Աբիսողոմ աղա, կրկնեց քահանան, շատկեկ քաշեցե՛ք։

Շնորհակալ եմ, տեր հայր, սովորություն չունիմ։

Կը խնդրեմ, մեղավորիս խոսքը մի՛ կոտրեք, քիչ մ’ ալ քաշեցե՛ք։

Ա՛լ չի քաշվիր, ըսավ Աբիսողոմ աղան մեկուսի և քիչ մ’ալ քաշեց։

Դավիթ մարգարեն կըսե, որ՝ մարդո որպես խոտո են ավուրք յուր․․․

Քթախոտին համա՞ր կըսե։ Չէ, մեզի համար կըսե․․․ և մենք ալ աշխատելու ենք, որ այս վաղանցուկ կյանքի մեջ ուրիշներուն բարիք ընենք, աղքատ տնանկները խնամենք և երբեմն ալ մեր ննջեցելոց հոգվույն համար աղոթենք։

Այնպես է։

Պատրաստ գտնվելու ենք, որ կանչվելնուս պես երթանք։

Իրավ է։

Մեղավորս պիտի համարձակիմ խնդիրք մը ընել ձեր բարեպաշտությանը և կը հուսամ, որ չեք մերժեր, վասնզի ձեր բարեպաշտությունը և ջերմեռանդությունը շատ աղեկ կը ճանչնամ մեղավորս։

Հրամմեցե՛ք։

― Տեր աստված յուր անսպառ գանձը միշտ բաց պահե հրամանոցդ պես ջերմեռանդներուն։

Շնորհակալ եմ։

Մեկուն տեղ հազար տա, հազարին տեղ միլիոն տա ի շինություն սբ․ եկեղեցվո և ի փառս ազգին։ Խնդիրքս սա է, որ առաջիկա կիրակի կուզեմ ձեր ննջեցելոց հոգուն համար պատարագ մատուցանել։ Ներեցե՛ք համարձակությանս, բայց իմ պարտքս է միշտ իմացունել, որ ննջեցյալները մոռնալու չէ։

Իրավունք ունիս, տեր հայր։

Արդ, եթե կուզեք, ըսեք, որ ես ալ անոր համեմատ կարգադրություն մը ընեմ։ Չկարծեք, թե ծախքը մեկ մեծ բան մ’ է․ երկու ոսկիով կը լմննա։ Նույն օրը հատկապես ծանուցում ալ կընենք եկեղեցվո մեջ, որ վասն հոգվոցն ննջեցելոց Աբիսողոմ աղային է նույն ավուր սուրբ և անմահ պատարագը։

Շնորհակալ կըլլամ։

Բան մը չէ, մեր պարտքն է։

Հրամմեցե՛ք, երկու ոսկին առե՛ք, ըսավ Աբիսողոմ աղան՝ քսակեն երկու ոսկի տալով քահանային։

Թող այսօր մնար․․․ ինչո՞ւ աճապարեցիք,– պատասխանեց քահանան ձեռները բանալով։

― Չէ, առե՛ք։

― Որովհետև կ’ստիպեք, ես ալ կառնեմ սիրտդ չկոտրելու համար։ Օրհնյալ ըլլաք․ տեր աստված ձեր տունը միշտ շեն պահե, ձեր քսակը միշտ լեցունե․ ինչ որ ունիս սրտիդ մեջ, տեր աստված կատարե․ գործերուդ հաջողություն տա և ամեն փորձանքներե ազատ պահե։

Քահանան բարեմաղթությունները լմնցնելուն պես մնայք բարյավ ըսելով դուրս ելավ։

Վերջապես խալսեցա, ըսավ ինքնիրեն Աբիսողոմ աղան, սա մարդուն ձեռքեն․ սա ինչ փորձանքներ են, որ կուգան գլուխս այսօր՝ Պոլիս ոտք կոխելես ի վեր։ Շոգենավեն հազիվ դուրս ելած էի, խմբագիրին մեկը երկու ժամ գլուխս ցավցուց․ անկից զատվեցա և մինչև որ տունը գտա, հազար նեղություն քաշեցի։ Տուն եկա, որ քիչ մը շունչ առնեմ և կերակուր ուտեմ, տանտիկինը զիս անոթի կը պահե և միշտ ներս կուգա, կաղաչե ինծի, որ բան մը հոգ չընեմ և հանգստությանս նայիմ։ Աս ալ հերիք չէր, և ահա այս մարդը կուգա, բռնի քթախոտ քաշել կուտա ինծի և Դավիթ մարգարեեն խոսք բանալով՝ երկու ոսկի կառնե, կերթա․ երթա բարով։ Այս ամենը քաշեցինք անոթի փորանց․ բայց սա կերակուրս ինչո՞ւ համար չեն բերեր․ այս գիշեր անոթի՞ պիտի պահեն զիս․․․ աս ի՞նչ խայտառակություն է․․․

Այս հարցումներն կուղղեր Աբիսողոմ աղան, և ահա գազն, որ արդեն հատած ըլլալով տկար լույս մը կուտար, կը մարի և մութի մեջ կը ձգե հյուրը։

Բայց քաշվելու բան չէ աս, կը շարունակե խոշոր մարդը, կամ ուրիշ տեղ մը երթալու է և կամ կինը կանչելով քանի մը խոսք ըսելու է։ Ես իմ քաղաքիս մեջ երկու սպասավոր ունեի, որ դեմս բարև կը բռնեին․ սեղանը կանուխ կը պատրաստեին և իմ գործերս կը տեսնեին․ սպասավորներով վարժված մարդ մը ինչո՞ւ այս նեղությունն քաշե հիմա։

Աս ի՞նչ է, գազը մարա՞ծ է․․․ հարցուց տիկինը սենյակին դուռը բանալով։

Այո՛, մարած է, պատասխանեց Աբիսողոմ աղան՝ զսպելով յուր զգացած նեղությունն, որ ավելնալու վրա էր։

Դուն հանգիստ եղիր, Աբիսողոմ աղա, այդ բաները նայիլը մեր գործն է։

Այո՛, բայց ես անոթի եմ և սպասելու կարողություն չունիմ։

Ես ի՞նչ ըսի քեզի, դուն սիրտ մի՛ հատցուներ․ ամեն բան ինծի ձգե՛, ես կը հոգամ։

Տիկինը շուտ մը դրացվույն տունը վազեց և անոր գազն բերելով լուսավորեց Աբիսողոմ աղային խուցը։

Be the first who will comment on this

Other parts of "Մեծապատիվ մուրացկանները"

Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

Portrait of an old man, 1883
Portrait of an old man, 1883
Play Online