Hakob Paronyan

Մեծապատիվ մուրացկանները

Զ

Աբիսողոմ աղան աղվոր քուն մը քաշեց նույն գիշերը, վասնզի շատ հոգնած էր և թերևս հետևյալ օրն ալ չէր բանար աչերն, եթե փողոցի վաճառականներն առավոտուն իրենց ահարկու ձայներովս չխռովեին անոր քունը, մահվան այդ կտրոնն, որ ոչ միայն հոգնած մարդերու հանգստարանն է, այլև շատ մշտնջենա­կան ցավերու առժամանակյա դարմանն է։ Երանի՜ անոնց, որ կը քնանան և ուշ կարթննան կամ բնավ չեն արթննար, վասնզի անոնք բնավ չեն զգար կամ գոնե քիչ կզգան այն ցավերն, որք հալ ու մաշ կընեն մարդս։ Բայց Պոլսո մեջ քնանալու ազատություն ալ չկա․ գիշերները պահապաններն այնքան ուժով գետին կը զարնեն իրենց փայտերն, և առավոտուն փողոցի վաճառականներն այնքան բարձր ձայնով կեղանակեն իրենց ապրանքներն, որ քունն կը շվարի, կը մնա, թե ո՛ր կողմ փախչի։ Եթե վերջին դատաստանին օրը Գաբրիել հրեշտակապետը չհաջողի յուր փողովն մեռյալներն արթնցնել, ես պիտի առաջարկեմ, որ այդ պաշտոնը Պոլսո փողոցի վաճառականներուն կամ գիշերային պահապաններուն հանձնվի։ Աբիսողոմ աղան ալ, որ փողոցի վրա սենյակի մը մեջ կը պառկեր, ստիպվեցավ կանուխ արթննալ։ Աչերը բանալուն պես անկողինեն ելավ, սնդուկը բացավ և ճերմակեղենները փոխեց, հետո լվացվեցավ և հագվեցավ։

Տան տիկինն, որ իմացած էր հյուրին ելած ըլլալն, վեր ելավ և զարդարուն սենյակ մը հրամցնելով զայն՝ իմաց տվավ, թե մեկն կսպասեր վարը և զինքը տեսնել կուզեր։

Թո՛ղ հրամմե, ըսավ Աբիսողոմ աղան։

Շատ լավ, կաղաչեմ, ըսե՛ք ինծի․ խահվեն կաթո՞վ կը խմեք, թե առանց կաթի։

Կաթ կը խմեմ առանց խահվեի։

Կաթ բերեմ ուրեմն։

Այո՛, կաթ բերե՛ք։ Տիկինը վար գնաց։

Տեսնենք ո՞վ է աս մարդը, ըսավ ինքնիրեն խոշոր մարդը,– թերևս աղջիկ ունի կարգելու և իմ Պոլիս գալս իմանալով՝ առավոտուն կանուխ հետս խոսելու եկած է։ Բայց ես մինչև որ չստուգեմ աղջկան ինչ բնության տեր ըլլալը, խոսք չեմ տար․ նախ ամեն բան հասկնալու եմ, աղջիկը քննելու եմ, վերջեն հորս հարցնելու եմ․ վասնզի իմ սիրելս բավական չէ, պետք է որ հայրս ալ սիրե իմ կինս․ ոչ թե միայն հայրս, այլ ամեն մարդ հավնելու է․․․

Բարև, վսեմափայլ տեր, ըսավ երեսնամյա և վառվռուն երիտասարդ մը սենյակ մտնելով և արագաքայլ Աբիսողոմ աղային վազելով՝ անոր ձեռները սղմելու համար։

Աբիսողոմ աղան տեղեն ելավ և ձեռները հանձնեց այդ երիտասարդին, որ ուզածին պես սղմե և թոթվե զանոնք՝ հազար ու մեկ հարգանքներ մատուցանելով։

Նստեցե՛ք, Աբիսողոմ աղա՛, կաղաչեմ, չվայլեր, որ ոտքի ելնեք, ըսավ երիտասարդն՝ տիրոջը դարձնելով իրեն հանձնված ձեռներն և կոտրտվելով ետ ետ գնաց, թիկնաթոռի մը վրա նստավ։

Աբիսողոմ աղան բազմոցին վրա բազմեցավ։

Արդարև մեր պարտքն էր երեկ գալ և ձեր գալուստը շնորհավորել, բայց ուշ իմացանք ձեր գալն․ ասոր համար հատկապես ձեր ներողությունը կը խնդրենք, ըսավ երիտասարդն ձեռներն իրարու շփելով։

Այսօր գալով պակասություն մ’ ըրած չեք ըլլար, որ ներողություն խնդրեք։

Ձեր քաղաքավարությունն է, որ այնպես խոսել կուտա ձեզի, բայց մենք մեր պակասությունը միշտ կը ճանչնանք։ Արդարև մեծ պակասություն մ’ է մեր ըրածը․ ձեզի պես երևելի մարդ մը մայրաքաղաքս գա, և պատկերահան մը անմիջապես բարի եկարի չերթա, պակասություններու պակասությունն է, որ և ոչ մեկ կերպով մը կրնա պակասություն ըլլալե դադրիլ։

Ամենևին պակասություն մը չէ, եթե բնավ չգայիք, դարձյալ պակա­սություն մը չէր համարվեր ինծի համար։

Շատ վեհանձն եք։

Ամենևին վեհանձն չեմ։

Թող այնպես ըլլա, ատոր համար հիմա վիճաբանության մտնելու հարկ չեմ տեսներ․ միայն ինքզինքս ձեր տրամադրության տակ կը դնեմ և ձեր հրամաններուն կսպասեմ, եթե կուզեք, հոս քաշել տվեք, եթե կը փափագիք, մեր գրասենյակը պատվել հաճեցեք, և հոն հանենք․ ինծի համար միևնույն բանն է դուք ինչպես որ կախորժեք, այնպես ընելու պատրաստ եմ։ Ի՞նչ պիտի քաշել տանք․․․ իմ ակռաներըս աղեկ են։

Գիտեմ, որ ակռաներդ աղեկ են, ինչպես նաև դուք ալ աղեկ եք․ ես կը փափագիմ ձեր լուսանկար պատկերը քաշել։

Ես մինչև հիմա պատկերս բնավ քաշել տված չունիմ և քաշել տալու հարկ մ’ալ չեմ տեսներ, վասնզի ամեն օր հայելի կը նայիմ և ինքզինքս կը տեսնեմ։

Եթե ձեր պատկերը մեկու մը ղրկելու ուզեք, հայելին կրնա՞ք ղրկել, Աբիսողոմ աղա։

Հայելին ինչո՞ւ ղրկեմ, ես կերթամ։

Շատ աղեկ կը խոսիք, բայց ես մինչև որ ձեր պատկերը չհանեմ, չեմ կրնար հանգիստ ըլլալ․ ինծի համար պզտիկություն մ’է ձեր պատկերը չհանելը, թող որ ձեզի համար ալ այնպես է։

Ինչո՞ւ։

Լսված բա՞ն է, որ ձեզի պես երևելի մարդ մը Պոլիս գա և պատկերը քաշել չտա․ աշխարհ արարատ ձեր վրա պիտի խնդացնե՞ք։

Ինչո՞ւ։

Պատճառը հայտնի է, մեծ մարդերը բնականաբար մեծ բարեկամներ կունենան․ դուք մեծ մարդ մ’եք և այսօր կամ վաղը պիտի սկսեք մեծ մարդե­րու այցելություններն ընդունել։ Ասոնցմե շատերն իրենց պատկերներն մեյմեկ հատ պիտի նվիրեն ձեզի, և դուք ալ պիտի ստիպվեք ձերինեն մեյմեկ հատ տալ անոնց։

Եվ եթե չտամ, կը խնդա՞ն իմ վրա։

Խնդալն ալ խո՞սք է, ընկերություններու մեջ մատի վրա կառնեն քեզի։

Զարմանալի բան․․․

Լսված բա՞ն է, որ ձեզի պես ազնվական մը պատկերը հանել չտա․ մեծ ամոթ է․․․

Մե՞ծ ամոթ․․․

Այո, շատ մեծ ամոթ է․ անվարտի պտտիլն այնքան ամոթ չէ, որքան իրեն պատկերն չունենալը։

Ես չէի գիտեր։

Քաղաքակրթյունը և լուսավորությունը պարտք կը դնեն մեր ամենուս վրա, որ մեր պատկերներն ունենանք։

Լրագիրները պիտի գրե՞ն, որ Աբիսողոմ աղան յուր պատկերը քաշել տված է։

Լրագիրներու վերաբերյալ խնդիր մը չէ աս․․․

Ըսել է թե եկեղեցիներու մեջ ծանուցում ալ չպիտի ըլլա։

Ծանուցումի ի՞նչ հարկ կա, Աբիսողոմ աղա, կը ծաղրե՞ք զիս։ Ծաղրե՞լ, ատոր շատ դեմ եմ ես․․․ ի՞նչ իրավունք ունիմ ուրիշ մը ծաղրելու․․․

Մի՛ բարկանաք․․․

Չէ, կը բարկանամ, ես բնավորություն մը ունիմ, որ ամեն բան շիտակ կուզեմ։

Շատ լավ․ ի՞նչ դիրքով հանել կուզեք ձեր պատկերը։

Միտք չունիմ պատկերս քաշել տալու, վասնզի անօգուտ բան մը կերևա ինձի։

Ի՞նչ կըսեք, ասկից ավելի օգտակար ի՞նչ կա․ եթե ձեր բարեկամներեն մեկուն այցելություն մը տալ ուզեք և ժամանակ չունենաք, ձեր մեկ պատկերը կը ղրկեք, կը լմննա, կերթա։ Եթե կարգված եք, ձեր ամուսնուն կը ղրկեք, որ ձեր բացակայությանն ատեն անոր վրա նայելով կարոտը կառնե․ եթե ամուսնացած չեք, շատ աղջիկներ ձեր պատկերը կը տեսնեն և ձեր ով ըլլալը կը հասկնան, որով ընկերություններու մեջ ձեր անունը կը խոսվի։ Լուսանկար պատկեր մը այս օրվան օրս հացեն ավելի պետք է մարդուս․ կաղաչեմ, որ համոզվիք, և ժամ առաջ երթանք ձեր պատկերը քաշենք։

Աղջիկներն ի՞նչպես և ո՞ւր պիտի տեսնեն իմ պատկերս․․․

Չէ՞ որ ձեր բարեկամներուն պիտի տաք, անոնք ալ իրենց տունը պատկերներու հատուկ գիրքի մը մեջ պիտի անցունեն և ամենուն պիտի ցուցնեն։

Ցուցնելով ի՞նչ պիտի ըլլա։

Ի՞նչ կուզեք, որ ըլլա․․․ միշտ կը հիշվիք․․․

Եթե չհիշվիմ, ի՞նչ կը կորսնցնեմ․ հոգս էր իմին, թե զիս պիտի հիշեն․ կուզեն՝ հիշեն, կուզեն՝ չհիշեն, ես անանկ դատարկ բաներու ստակ չեմ տար և քու խոսքերուդ ալ չեմ հավատար։

Ասիկա պզտիկ էնսյուլթ մ՚ է։

Էնսյուլթն ո՞վ է։

Տեր, գիտեք որ արտիստ մը վիրավորեցիք ծանրապես։

Ե՞ս վիրավորեցի։

Այո՛, դուք․․․

Պատկերս քաշել չտալուս համար զրպարտության սկսա՞ր․․․ ես մինչև հիմա մեկը վիրավորած չեմ։

Այսօր զիս վիրավորեցիք։

Գնա՛ ոստիկանության իմաց տուր, պարապ խոսքեր մտիկ ընելու ժամանակ չունիմ։

Ոստիկանության երթալու հարկ չկա․ կը խնդրեմ, որ ձեր բերնեն ելած խոսքը հաշտեցունեք ձեր քաղաքավարությանը հետ։ Ես կռվի մեջ չեմ մտներ, գնա, դուն հաշտեցուր, եթե կռիվ ընողներ կան։

Մանուկ աղան Աբիսողոմ աղային նախաճաշը կը բերե և եռոտանի սեղանի վրա դնելեն վերջը՝

Հրամմեցե՛ք, ձեր կաթը խմեցե՛ք,– կըսե։

Աբիսողոմ աղան աթոռ մը կառնե, սեղանին առջև կը նստի և կսկսի կաթը խմելու։

Ի՞նչ որոշեցիք նայինք, Աբիսողոմ աղային պատկերը կե՞ս մեջքեն պիտի քաշեք, թե ոտքի վրա, կը հարցունե Մանուկ աղան։

Ոչ կես մեջքեն, ոչ ալ ոտքի վրա, կը պատասխանե Աբիսողոմ աղան։

Աթոռի մը վրա նստած ամբո՞ղջ պիտի քաշեք։

Ո՛չ։

Պառկա՞ծ պիտի հանեք։

Ոչ։

Քովընտի՞։

Ո՛չ։

Ի՞նչպես որոշեցիք ուրեմն։

Որոշեցինք, որ մեր պատկերը բնավ քաշել չտանք։

Ատ չըլլար․ ատիկա մեծ պզտիկություն է, Աբիսողոմ աղա՛․ հիմա պզտիկներեն բռնե, միչև մեծերը գնա, ամենն ալ տարին քանի մը անգամ պատկերնին քաշել կուտան․ երկու ամսու տղաներն անգամ իրենցն ունեն, միայն իրենց մորը արգանդին մեջ գտնվողները չունին իրենց պատկերը, եթե անոր ալ դյուրին մեկ ճամփան գտնեն, անոնց ալ պիտի հանեն։

Ես չկրցի համոզել Աբիսողոմ աղան, որ կարծեց, թե զինքը խաբելու համար եկած եմ հոս, ըսավ պատկերհանը։

Զէ, չէ, մեր պատկերհանն անանկ մարդ չէ, ավելցուց Մանուկ աղան։

Ըսի, թե Աբիսողոմ աղային պես մեծ և երևելի մարդ մը իրեն պատկերն անպատճառ ունենալու է։

Այո՛, ունենալու է, և քանի մը տեսակ։ Օրինակի համար․ տասներկու հատ պզտիկ, տասներկու հատ միջին, տասներկու հատ մեծ, տասներկու հատ ոտքի վրա, տասներկու հատ աթոռի մը վրա բազմած, տասներկու հատ քովընտի նստած, տասներկու հատ շիտակ նստած, տասներկու հատ ոտք ոտքի վրա դրած, տասներկու հատ ձեռք ձեռքի վրա, տասներկու հատ գլուխը ձեռքին կռնթած, տասներկու հատ ձեռքը սեղանի մը վրա դրած, տասներկու հատ պառկած, տաս­ներկու հատ ձեռքը գավազան բռնած, տասներկու հատ խնդումներես, տասներկու հատ տխուր դեմքով, տասներկու հատ ալ ոչ խնդումերես և ոչ տխուր դեմքով։ Այո՛, Աբիսողոմ աղա՛, աս ըսածներես հատ մը եթե պակաս ըլլա, ձեր պատվույն վնաս կուգա։

Իրա՞վ կըսեք, հարցուց Աբիսողոմ աղան։

Սուտ խոսելու բնավ պարտականություն չունիմ․ եթե ասոնք չունենաս, քու վրադ աղեկ աչքով չեն նայիր․ բոլոր մեծ մարդերն ասոնք ունին։

Մեծ մարդերն ունի՞ն․ աղեկ գիտե՞ս։

Այո, ունին։

Պզտիկներն ալ ունին՝ ըսիր հապա։

Պզտիկներն այս չափ չունին, անոնք կամ երեք հատ և կամ շատ շատ վեց հատ հանել կուտան։

Բնավ մտքես չէր անցներ, որ պատկերին այս չափ կարևորություն կը տրվի հոս։

Այո՛, կարևորությունը հիմա միայն պատկերներուն կը տրվի, և որքան աղեկ քաշված ըլլան, այնքան ավելի կարևորություն կառնեն։

Քանի որ ամեն մարդ յուր պատկերն ունի, իմ մեծ մարդ ըլլալս ինչե՞ն պիտի հասկցվի․ միայն մեծ մարդերը քաշել տալու էին, որ այն ատեն․․․

Բայց մեծ մարդերունը ուրիշ տեսակ է, խոշոր դիրքով և փայլուն թուղթի վրա կը հանեն։

Չկրնա՞ր ըլլալ, որ սպասավորներս ալ առջևս բարև բռնած հանենք։

Շատ աղեկ կըլլա։

Իրա՞վ կըսեք։

Այո՛։

Օրինակի համար ես ագարակներ ալ ունիմ, որոնց մեջ շատ մը կովեր, ոչխարներ, ձիեր, սագեր, բադեր կան, անոնք ալ կարելի չէ՞ պատկերին մեկ կողմը դնել։

Ատոնք կարելի չէ, սպասավորներդ կրնաս առնել, այնպես չէ՞, պարոն Դերենիկ։

Այո՛, այնպես է, պատասխանեց պատկերհանը։

Չկրնա՞ր ըլլալ, որ, հարցուց նորեն Աբիսողոմ աղան, պատկերին տակը գրվի, որ այս մարդն ագարակներ, ձիեր, կովեր, էշեր ունի։

Ատ չգրվիր․ կրնա գրվիլ, բայց մինչև այսօր սովորություն եղած չէ։ Սակայն ի՞նչ հարկ կա զանոնք գրելու, արդեն ամեն մարդ շուտով կիմանա։

Ձիու վրա նստած կրնա՞նք հանել։

Այո՛, պատասխանեց Դերենիկը։

Ձին վազցունելով սակայն։ Ատ դժվար է։

Շատ լավ, վաղը կը նայինք

Եթե կուզեք մեքենան հոս բերեմ վաղը։

Այո՛, այո՛, հոս բերե՛ք, կրկնեց Մանուկ աղան, վասնզի չվայլեր, որ Աբիսողոմ աղան ձեր սենյակը գա։ Մեծ մարդերը միշտ իրենց տուներուն մեջ քաշել կուտան պատկերնին։

Գլխուս վրա, ըսավ Դերենիկն և ձեռները շփել սկսելով ոտքի վրա ելավ և կոտրվիլ սկսավ այնպես, որ խոսք մը ըսել կուզեր և կը քաշվեր։

Հայտնի է, թե այն մարդն, որ բան մը ըսել կուզե և կը քաշվի, անպատճառ ստակ պիտի ուզե։

Վաղը մեքենան հոս բե՛ր, ըսավ Աբիսողոմ աղան։

Շատ լավ, պատասխանեց պատկերհանը միշտ կոտրտվելով և ձեռները շփելով։

Վաղը մեքենան հոս բե՛ր՝ ըսինք ա՛, կրկնեց Աբիսողոմ աղան տեսնելով, որ պատկերհանը չերթար։

Այո, հասկցա, մեքենան վաղը հոս պիտի բերենք, պատասխանեց նորեն Դերենիկը, բայց սովորություն մը ունինք մենք, որ․․․ ներեցե՛ք սակայն։

Ըսե՛ք։

Բայց կաղաչեմ, ծանր չգա ձեզի։

Ծանր չգար ինծի։

Սովորություն մը ունինք, որ եթե մեքենան մեկու մը տունը տանել հարկ ըլլա, կանխիկ գումար մը կառնենք․․․ ոչ թե վստահություն չունենալուս համար, այլ սովորություն մը հարգելու համար։

Ատ ի՞նչ գեշ սովորություն է․․․

Վերջապես սովորություն մ՚ է։

Շատ լավ․․․ երկու ոսկի կը բավե՞։

Այո՛, կը բավե։

Աբիսողոմ աղան երկու ոսկի տվավ պատկերհանին, որ դուռը բանալն և աներևութանալն մեկ ըրավ։

Be the first who will comment on this

Other parts of "Մեծապատիվ մուրացկանները"

Yatuk Music
Cello Concerto
Arno Babajanyan

Cello Concerto

Portrait of an old man, 1883
Portrait of an old man, 1883
Play Online