Րաֆֆի

Խաչագողի հիշատակարանը

2 - Ա

ԵՐՈԻՍԱՂԵՄԻ ՆՎԻՐԱԿԸ

1840 թվականն էր։

Անցել էր հինգ տարի այն օրից, որ մենք թողեցինք Պարսկաստանը։

Ռուսաստանի հյուսիսային, հեռավոր գավառներից մեկում, անապատի մեջ ցրված գյուղերի միջով, անցնում էր մի ծածկված կառք։ Հինգ միագույն ուժեղ ձիաներ տանում էին նրան։

Այդ կառքը, այնպես ծածկված, անցել էր շատ նահանգներ, շատ գավառներ և ամեն տեղ, որտեղ հայտնվել էր նա, ժողովուրդը խորին ջերմեռանդությամբ հանդիպել էր նրան և նրա փոշին սրծել էր իր համբույրներով։ Այժմ կառքը շարժվում էր դեպի մի մեծ գյուղ, որ չորս վերստ հեռավորության վրա էր; ճանապարհի ամբողջ երկարությունը, որ տանում էր դեպի հիշյալ գյուղ, պատած էր մարդիկներով։ Ծեր, մանուկ, այր և կին կոխ էին տալիս միմյանց, առաջ էին մղվում, որ տեսնեն անցորդին։ Բայց անցորդը չէր երևում, ծածկված կառքի լուսամուտների վարագույրներն անգամ ցած էին թողած։

Կառապանի տեղը նստած էր և կառավարում էր ձիաները մի աբիսինիացի խափշիկ՝ նիհար դեմքով և բաց ղահվեի գույնով։ Սառը հյուսիսը կարծես փոքր-ինչ փոխել էր տաք աշխարհի որդու բնական գույնը և խլել էր նրա սևությունը։

Կառքի ետևում նստած էր մի երիտասարդ արևելյան թուխ դեմքով և երկայն, գանգրահեր մազերով։ Այդ մազերը սև սաթի նման փայլում էին։ Նրա ամբողջ հագուստը նույնպիսի սև գույն ուներ, որպես գլխի մազերը։ Պատրաստված էր կոշտ բուրդից։ Այսպիսի հագուստ արևելքում կրում են անապատական աբեղաները միայն, որոնք աշխարհ չեն մտնում, մարդկանց երես չեն տեսնում, այլ, առանձնացած իրանց խցիկներում, աղոթում են կամ սուրբ գրքեր կարդում։

Կառքի մեջ նստած էր մի անձնավորություն միայն։ Նրան ոչ ոք չէր տեսնում։

Երբ կառքը մոտեցավ գյուղին, սկսեցին զանգակները հարկանել։ Այդ ժամանակ միայն կառքի փոքրիկ լուսամուտների վարագույրները բարձրացան, և աջ կողմի լուսամուտը բացվեցավ։ Այստեղից դուրս պարզվեցավ մի ձեռք և սկսեց խաչակնքել և օրհնություն տալ ամբոխին։

Ձեռքի երեսը և բազուկը (որ բոլորովին մերկ էր) դրոշմված էին մուգ կապտագույն նկարներով, որոնք ներկայացնում էին սերովբեներ, քերովբեներ և մի վանքի պատկերը, զարդարված խաչերով։ Մուժիկները մոտենում էին և ջերմեռանդությամբ համբուրում էին այդ խորհրդավոր ձեռքը։ Նրա շագանակի գույն ունեցող կաշուց երևում էր, որ կրողը ծնվել է տաք կլիմայի տակ, ուր մարդկանց կաշին արևի ջերմության ներքո կորցնում է իր սպիտակությունը։

Կառքը մտավ գյուղը։

Այդ կառքը ամեն գյուղ, ամեն փոքրիկ քաղաք, ուր որ հասնում էր, կանգնում էր կա՛մ եկեղեցու դռանը, եթե այնտեղ կար հարմար իջևան, կա՛մ հոգևոր առաջնորդի դռանը և կամ ավագ քահանաների դռանը։ Նա իրան հեռու էր պահում աշխարհականների բնակարաններից։ իսկ այսօր նրան ընդունելու համար պատրաստված էր գյուղի հարուստ կալվածատիրոջ տունը։

Կառքը դանդաղ էր շարժվում։ Ուժեղ ձիաները, հակառակ իրանց կամքի, գնում էին համընթաց քայլով։ Որովհետև նրանք իրանց ընթացքը պիտի հարմարեցնեին ահագին ամբոխի շարժման հետ, որ շրջապատել էր կառքը։ Երևում էր, այդ խելացի անասունները այնքան սովորած էին այդպիսի բազմության, որ բնավ չէին խրտչում, այլ մի առանձին կամակատարությամբ այնքան կամաց էին գնում, որ ամբոխը որքան կամենում է նայե և բավականացնե իր փափագը։

Փողոցները, տների լուսամուտները բռնված էին մարդիկներով։ Կնիկները, իրանց երեխաներին գրկած, անց էին կենում ձիաների երասանակների տակով։ Շատերը փորձում էին անիվների տակով անցնել։

Կառքը կանգնեց գյուղի կալվածատիրոջ տան դռանը։ Նրա ետևում նստած գանգրահեր երիտասարդը ցած ցատկեց և, շուտով բաց անելով նրա դռնակը, օգնեց նստողին դուրս գալու։ Գյուղի երկու քահանաները և կալվածատեր պարոնը մտան սրբազան հյուրի թևքերի տակը և համարյա ձեռքերի վրա նրան ներս տարան։

Թեև երեկո էր, բայց տակավին բավական լույս կար։ Այսուամենայնիվ, բազմությունը դարձյալ զուրկ մնաց նրա դեմքը տեսնելուց։ Որովհետև երեսի վրա ձգած ուներ մի տեսակ խիստ օտարոտի քող, որի վրա նկարված էր վերջին դատաստանի սոսկալի պատկերը։

Երբ նրան ներս տարան իր համար հատկապես պատրաստված սենյակը, երեսի քողը վեր առեց։ Հայտնվեցավ մի պատկառելի դեմք փառահեղ սպիտակ մորուքով, երկայն ալեխառն մազերով։ Արդարությունը, հոգևոր խաղաղությունը, լուսավորված ջերմ հավատքով, դուրս էին ցոլանում նրա երեսի մեղմ գծերից։

Տունը գեղեցիկ կերպով զարդարված էր։ Նրա տերերը այն տեսակ ազնվականներից էին, որոնք իրանց կյանքի առույգ տարիները մայրաքաղաքների զեխության, շռայլության և անբարոյական շվայտությունների մեջ մաշում են, սպառում են և, երբ մոտենում են գերեզմանին, այնուհետև հոգնած, ձանձրացած, վերադառնում են դեպի հեռավոր գավառը և անձնատուր են լինում կրոնական բարեպաշտության։

Առանձնանալով մի հեռավոր գյուղի խուլ անկյունում, այդ տեսակ մարդիկ չեն զլանում, հին հիշողությունները պահպանելու համար, շրջապատել իրանց այն զարդարանքներով, այն խայտաճամուկ առարկաներով, որոնց մեջ մի ժամանակ լողում էին։ Այդպես զարդարված էր և հիշյալ կալվածատիրոջ տունը։

Մի գեղեցիկ դիվան, պատած մանիշակագույն ատլասով, սպասում էր, որ հարգելի հյուրը նստեր նրա վրա։ Երբ տան տերը հրավիրեց նստել, հարգելի հյուրը կանգ առեց գեղեցիկ դիվանի առջև և, մի տեսակ զարմացական հայացք ձգելով նրա վրա, արտասանեց այդ խոսքերը.

Մեր տեր Հիսուս Քրիստոսը Բեթղեհեմի մսուրի մեջ ծնվեցավ և առաջին անգամ աղքատ, խղճուկ հովիվների հետ տեսնվեցավ։ Այնուհետև շատ գիշերներ անց էր կացնում բացօթյա, մերկ գետնի վրա պառկելով։ Այժմ նրա անարժան աշակերտին ի՞նչ կվայելե այսպիսի փառավոր գահավորակի վրա բազմել։ Այդ խոսքերը արտասանեց նա հունարեն լեզվով, իսկ գանգրահեր երիտասարդը թարգմանեց ռուսերեն։

Տան տերը չգիտեր՝ վիրավորվե՞լ, թե՞ ամաչել իր, քրիստոնեական սակավապետության հակառակ, շռայլ կենցաղավարության համար։

Գանգրահեր երիտասարդը, մասնավորապես ծանոթացնելով տան տիրոջը «վշտալի հոր» սովորությունների հետ, հայտնեց, թե ավելի հարգած կլինեին, եթե թույլ կտային նրան չշեղվել իր կյանքի սովորական եղանակներից։ Այդ խոսքերի հետ գանգրահեր երիտասարդը տարածեց դիվանի մանիշակագույն ատլասի վրա մի մաշված կապերտի կտոր, որ «վշտալի հոր» գործածական օթոցն էր։ Նրա վրա է՛ նստում էր նա, և գիշերները քնում էր։

Նա իր ծանր հողաթափները հանեց դիվանի առջև և ասիական կերպով ծալապատիկ բազմեցավ նրա վրա։ Այդ հոդաթափները, երկու մատնաչափ հաստ տակերով, նույն ձևը ունեին, որպես մեր քահանաները հագնում են սուրբ սեղանի վրա պատարագ մատուցելու ժամանակ։

Նրա անշուք, անպաճույճ զգեստը իր վրա աոանձին ուշադրություն էր դարձնում։ Դա կոշտ մազից գործված մի տեսակ մուգ մոխրագույն հագուստ էր, որը անապատներում կոչում են «խարազն», իսկ հագնողներին՝ «խարազնազգեստ»։ Այդպես հագնվում են միայն իրանց անձը ամենախիստ ճգնությունների ենթարկող անապատական աբեղաները։ Գլխին կրած ուներ մուգ-լաջվարդի գույնով ֆես՝ փաթաթած սև ապարոշներով, որոնց ծայրերը իջնում էին մինչև ուսերը։Վերնազգեստը արևելյան կրոնավորների ֆարաջայի նմանությունն ուներ, մինչև կրունկները հասած լայն փեշերով և բավական ընդարձակ թևքերով։ Մեջքը սեղմված էր սև կաշուց պատրաստված լայն գոտիով։ Մի ահագին երկաթյա խաչ զարդարում էր նրա կուրծքը, որ կախված էր նույնպես երկաթյա հաստ շղթայից։ Գլխի և երեսի մազերը այնքան աճել էին, որ կարծես երբեք մկրատի և ածելու հետ ծանոթ չեն եղել։ Այդ տալիս էր նրա դեմքին դերվիշի տպավորություն։

Այդ աբեղան Երուսաղեմի վանքի նվիրակ էր, իսկ գանգրահեր երիտասարդը, որ իր հագուստի ձևերով շատ չէր տարբերվում իր վարդապետից, նրա սարկավագն էր։

Մինչև այդ տունը հասնելը, աբեղայի մասին ռամիկ գյուղացիների մեջ տարածվել էին շատ առեղծվածային պատմություններ, շատ առասպելներ։ Ասում էին, որ նա ոչինչ չէ ուտում, ոչինչ չէ խմում, այլ միայն աղոթքով է կերակրվում։ Ասում .էին, որ նա կույրերի, կաղերի, հիվանդների վրա բժշկություններ է անում, և ուրիշ շատ այսպիսի բաներ էին ասում։ Բայց ինչ որ ճշմարիտ էր, այն էր, որ նա չափազանց պարզ և սակավապետ մարդ էր. խորշում էր ամեն տեսակ վայելչությունից, որոնք թուլացնում են հոգին, իսկ սնուցանում են մարմնականը և անասնականը մարդու մեչ։

Երբ աբեղան ծալապատիկ նստեց դիվանի վրա, գյուղի երկու քահանաները և տան տերը դեռ կանգնած էին նրա առջև, չէին համարձակվում նստելու։ Նա խնդրեց, որ նստեն, ասելով.

Դուք նստեցեք, որպես սովոր եք։

Տան տերը տեղավորվեցավ բազկաթոռի վրա, իսկ երկու քահանաները նստեցին հեռու աթոռների վրա։

Հյուրանոցում, ուր գտնվում էին նրանք, տիրում էր մի տեսակ ծանր լռություն։ Տան տերը, չնայելով որ բավական զվարճախոս և մինչև անգամ շատախոս մարդ էր, ինչպես լինում են առհասարակ շատ ման եկած, շատ բան տեսած և շատ բան լսած ծերունիները, այսուամենայնիվ, չգիտեր ի՞նչ առարկայի վրա խոսել իր տարապայման հյուրի հետ։ Նա գտնվում էր մի տեսակ երկյուղածության մեջ, որ տիրում է մարդու սրտին, երբ զգում է գերբնական էակների ներկայությունը: Իսկ քահանաները վախենում էին խոսել ավելի այն պատճառով, որ ցույց չտան իրանց տգիտությունը։

Վերջապես կից սենյակի դռնից ներս մտավ տան տիկինը իր զավակների ահագին խումբով, և հյուրանոցի լռությունը փոքր-ինչ փարատվեցավ, փոքր-ինչ կենդանացավ։

Ամուսին այրը կանգնեց, սկսեց ներկայացնել նախ իր տիկնոջը, հետո իր աղջիկներին և որդիներին։ Բոլորը հերթով մոտեցան համբուրեցին աբեղայի աջը և օրհնություն առին։

Տիկինը նստեց աբեղայի դիվանի մոտ, մեծ աղջիկները և մեծ որդիները տեղավորվեցան մյուս կողմում, իսկ փոքրիկները մի քանի րոպե ոտքի վրա մնացին, ձանձրացան և դուրս գնացին։

Հարգելի հյուրը, ինչպես երևում էր, կանանց զբաղեցնել չգիտեր և, կարծես թե, նրանց ներկայությունից նեղվում էր։ Այդ երևում էր այն անախորժ արտահայտությունից, որ նկատվում էր նրա տխուր դեմքի վրա, որը ամենայն ջանքով աշխատում էր թաքցնել։ Դա կուսակրոնի սովորական վրդով մունքն է, երբ հանդիպում է կնոջ։ Բայց ի՞նչով բացատրել այդ։

Ձեր սրբազնությունը երևի շատ հեռվից է գալիս, Տան տիրուհին սկսեց խոսակցությունը։

Աբեղան դարձավ դեպի գանգրահեր սարկավագը, որ կանգնած էր նրա մոտ։ Թարգմանը պատասխանեց.

Այո՛, հեռվից, շա՛տ հեռվից։ Ամբողջ երեք ամիս ճանապարհ ենք անցել, մինչև հասել ենք այստեղ։

Այդ միջոցին ֆրակով և սպիտակ ձեռնոցներով ներս մտան երկու սպասավորներ և արծաթյա մատուցարանների վրա տվեցին թեյ։

Աբեղան հրաժարվեցավ ընդունելուց, ասելով, որ սուրբ տաճարի սպասավորները իրանց հեռու են պահում անուշ ըմպելիքներից։ Տան տիկինը երկար աշխատում էր բացատրեի համոզել նրան, թե դա հասարակ թեյ է, ուրիշ ըմպելիք չէ, թե դրան գործ են ածում իրանց երկրում մինչև անգամ էգզարխները։

Չկամենալով վշտացնել տան տիկնոջ բարեսրտությունը, աբեղան ընդունեց մի բաժակ և սկսեց առանց շաքարի խմել։Երկու քահանաները հետևեցին նրա օրինակին և, հակառակ իրանց սովորության, սկսեցին իրանք էլ կծովի խմել։

Տիկինը հետաքրքրվեցավ գիտենալ, թե ի՞նչ նպատակով է ճանապարհորդում «նորին սրբազնությունը»։ (Տիկինը միշտ նրան« սրբազնություն» էր կոչում, թեև հարգելի հյուրը եպիսկոպոս չէր, այլ Երուսաղեմի վանքի հունաց միաբանության աբեղաներից էր)։

Աբեղան համառոտ կերպով հայտնեց իր ո՛վ լինելը կամ ի՞նչ միաբանության կողմից իրրև Երուսաղեմի նվիրակ ուղարկված լինելը, հայտնեց իր ճանապարհորդության նպատակը։ Այնուհետև խիստ ցավալի կերպով սկսեց նկարագրել «սուրբ տաճարի» թշվառ դրությունը, նկարագրեց փրկչի սուրբ գերեզմանի հալածանքը մահմեդականներից, նկարագրեց միաբանների կրած նեղությունները թուրքերից, նրանց աղքատությունը և ողորմելի վիճակը։ նրա ամբողջ պատմությունը այնքան ազդու և ցավակցական էր, որ տան տիրուհին լսելու ժամանակ անդադար խաչակնքում էր իր երեսը, վերջը նա այլևս դիմանալ չկարողացավ, թաշկինակը տարավ աչքերին, սկսեց դառն կերպով հեկեկալ։

Աբեղան, նկատելով այդ, մխիթարեց նրան՝ ասելով.

Սուրբ տաճարի բոլոր թշվառություններին դարման կարվի բարեպաշտ հավատացելոց նվիրատվությամբ։ Ես ուխտել եմ այնքան ժամանակ չուտել, չխմել, չքնել, և այդ երկաթե շղթան (նա ձեռքը տարավ դեպի հաստ շղթան, որից քարշ էր ընկած ահագին երկաթյա խաչը նրա կուրծքի վրա) միշտ իմ պարանոցին կրած պիտի ունենամ, մինչև բարեպաշտ հավատացելոց օժանդակությամբ չհավաքեմ այնքան նվերներ, որոնցով կարելի լինի փրկչի սուրբ գերեզմանը գերությունից ազատել։

Մի՞թե գերության մեջ է նա, Բացականչեց տիկինը։

Այո՛, գերության մեջ է, անօրենների ձեռքում... Վանքը պարտքի տակ է ընկած... սրբությունները գրավ են դրված...

Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, Բացականչեց տիկինը, դարձյալ թաշկինակը տարավ դեպի աչքերը։

Տիկնոջ օրինակին հետևեց և նրա ամուսին այրը։ Երկու քահանաները նույնպես փորձեցին զգացված ձևանալ։

Թեյի երկրորդ բաժակը ընդհատեց այդ տխուր խոսակցությունը.սպասավորները արծաթյա մատուցարանները ձեռքներում կրկին ներս մտան։

Բոլոր ժամանակը աբեղան խոսում էր հունարեն, իսկ գանգրահեր երիտասարդը թարգմանում էր նրա ասածները։ Այդ վերջինը ռուսերեն նույնպես շատ փոքր գիտեր, և այդ ավելի հետաքրքրական էր դարձնում նրա խոսքերը, երբ շատ բաներ մնում էին անհասկանալի։

Թեյի երկրորդ բաժակից հետո խոսակցությունը ընդունեց ուրիշ ուղղություն։ Տան տերը հարցրեց,

Երուսաղեմի մեջ այժմ ի՞նչ սրբություններ են մնացել։

Շատ սրբություններ են մնացել, պատասխանեց աբեղան, Որոնց թվումն է Հիսուս Քրիստոսի օրորոցը։ Իսկ այդ սուրբ օրորոցը վաղուց է, որ թուրքերը խլել են մեզանից, պահվում է Օմարի մեչիդում։ Երբ մի քրիստոնյա մտնում է այնտեղ, սուրբ օրորոցը սկսում է ինքն իրան օրորվել։ Այդ պատճառով քրիստոնյաներին թույլ չեն տալիս, որ այնտեղ մտնեն։

Անիծյալնե՛ր... Բացականչեցին երկու քահանաները, որ բոլոր ժամանակը լուռ էին։

Այլևս ի՞նչ կա, Հարցրեց տան տերը։

Հուդայի վիրապը, պատասխանեց աբեղան, կարծես թե դա էլ սրբությունների կարգումն էր։

Հուդայի վիրապը, կրկնեց տան տիրուհին երեսը խաչակնքելով։

Այո՛, Հուդայի վիրապը։ Անիծյալ Հուդան դեռ կենդանի է այն խոր վիրապի մեջ։

Ի՞նչպես չէ դուրս գալիս, Հարցրեց տան տերը զարմանալով։

Խորի բերանը աստծո հրամանով հավիտյան ծածկված է ահագին ժայռով։ Երբ գալիս է ավագ ուրբաթ գիշերը, այսինքն՝ այն գիշերը, որ անիծյալը մատնեց մեր տեր Հիսուսին, խորի միջից լսվում են սարսափելի ձայներ, լսվում են նրա տանջանքի հառաչանքները...

Երևի սատանաները չարչարում են անիծյալին, մեջ մտավ երկու քահանաներից մեկը։

Այո՛, չարչարում են.,, նա միշտ կչարչարվի և այնպես կմնա մինչև Հիսուս Քրիստոսի սոսկալի դատաստանի օրը։

Անիծյա՜լ Հուդա... դարձյալ կրկնեցին ամեն կողմից:

Այլևս ի՞նչ կա, Հարցրեց տիկինը։

Մի սուրբ աղբյուր, որ գոյացած է Մարիամ Մաղդաղենացու արտասուքներից։ Կույրերը բժշկվում են, երբ լվացվում են նրա ջրով։

Ուղարկենք այնտեղ մեր Ֆեդկային, Ասաց տիկինը, դառնալով դեպի իր ամուսինը։

Ֆեդկան նրանց փոքրիկ որդին էր, որի աչքերից մեկը ծաղկից փչացել էր.

Բժշկության համար հաստատ հույս և հավատ պետք է, նրանց խոսքը կտրեց աբեղան։

Աբեղայի պատմությունները Երուսաղեմի նվիրական տեղերի մասին հետզհետե ավելի և ավելի հետաքրքրական էին դառնում։ նա խոսեց «թափառական հրեայի» մասին, նա խոսեց «անբան մարգարեի» գերեզմանի մասին, նա խոսեց «պիթենյաց լեոան» և «Գեթսեմանի ձորի» մասին, նա խոսեց «Վա՜յ-Վա՜յ-Գոլի» կոչված լճակի մասին և այլն։

Այդ ի՞նչ լիճ է, հարցրեց տիկինը։

Դա այն լիճն է, պատասխանեց աբեղան, Որի մեջ Հիսուս Քրիստոսը մանուկ հասակում մի անգամ լողանում էր ուրիշ շատ երեխաների հետ։ Չար երեխաները տանջում էին նրան։ Փոքրիկ Հիսուսը վեր առեց մի բուռ ավազ, ցրեց չար երեխաների վրա, նրանք բոլորն էլ գորտեր դարձան և մնում են մինչև այսօր, անդադար աղաղակելով «վա՜յ-վա՜յ», այդ պատճառով էլ այդ լիճը կոչվում է «Վա՜յ-վա՜յ-Գոլի», որը նշանակում է վայ Վայի լիճ։

Զարմացած տիկինը դարձավ դեպի իր որդիները, ասելով,

Լսո՞ւմ եք, զավակներս, թե ինչպես է պատժվում չարությունը։

Նրանք կարմրեցին։

Սեղանատանը պատրաստված էր ճոխ ընթրիք։ Տան տերը մտավ այնտեղ տեսնելու՝ միգուցե մի բան պակաս լիներ։ նա կանչեց գանգրահեր երիտասարդին նրա հետ խորհրդակցելու։

Ներեցե՛ք, խնդրեմ, Հարցրեց նրանից, ձեր հայր սուրբը որպիսի գինիներ, որպիսի՝ նախաճաշիկներ ավելի շատ է ախորժում։

Գանգրահեր երիտասարդը աչք ածեց հարուստ պատրաստության վրա, մի առանձին ափսոսանքով պատասխանեց.

Այդ բոլոր գեղեցիկ պատրաստություններից իմ հայր սուրբը ոչինչ չէ կարող ոչ ուտել և ոչ՝ խմել։

Երևակայեցեք, պատվելի, Ասաց տան տերը ներողություն խնդրելով, մենք համարյա անապատների մեջ ենք ապրում, հազարավոր վերստերով մեծ քաղաքներից հեռու գտնվելով, ամեն բանից զրկված ենք։ Ինչ որ տեսնում եք այստեղ, այն ևս հազիվ կարելի է գտնել, մենք բերել ենք տվել Մոսկվայից։

Ներեցեք, տեր իմ, պատասխանեց երիտասարդը։ Ես լավ չկարողացա հասկացնել իմ միտքը։ Այդ բոլորը շատ գեղեցիկ է, չափազանց է և մինչև անգամ արքայավայել է, բայց իմ հայր սուրբի համար չէ։

Ինչո՞ւ։

Նա ամբողջ տարին պահեցողությամբ է անցկացնում, համարյա աղ ու հացով, իսկ այստեղ պահոց ոչինչ չկա։ Ուտում է միայն սուրբ Հարության զատկին և սուրբ Ծննդյան տոնին, այն ևս ոչ միս, այլ սակավ ինչ յուղեղեն։ Իսկ գինիներ ամենևին չէ խմում, միայն պարզ ջուր է գործածում։

Այդ զարմանալի է, շատ զարմանալի։ Հյուրընկալը սաստիկ դժվարության մեջ ընկավ։

Գանգրահեր երիտասարդը նկատելով այդ ասաց նրան.

Սուրբ գերեզմանի պաշտոնյաները բոլորը այդպես են։ Դուք ավելի հարգած կլինեք ձեր հյուրին, եթե թույլ կտաք նրան իր սովորություններին հետևել։ Մի պնակ խաշած սիսեռը խիստ ճոխ ընթրիք է նրա համար։ Եթե այդ էլ չգտնվի, նա շատ գոհ կլինի, եթե ցամաք հացով կկերակրվի։

Չնայելով ժուժկալության այդ բոլոր խստություններին, տան տերը պատվիրեց պահոց մի քանի տեսակ կերակուրներ, որոնք աբեղային բավական տհաճություն պատճառեցին, թեև նա այդ մասին քաղաքավարությամբ լռեց։

Ընթրիքը վերջացավ ավելի զվարճությամբ, քան թե սպասվում էր։ Հայր սուրբը շատ նոր և հետաքրքիր բաներ պատմեց Երուսաղեմի վանքի մասին, աբեղաների խիստ ու աշխարհազուրկ կենցաղավարության մասին, ուխտավորների տոնական հանդիսակատարությունների մասին և այն հրաշքի մասին, թե ո՛րպես սուրբ Հարության զատկի օրը երկնքից լույս է իջնում փրկչի գերեզմանի վրա և սուրբ տաճարի բոլոր ջահերը, բոլոր մոմերը միանգամից վառվում են։

Նրա պատմությունները լցնում էին լսողների սրտերը կրոնական ջերմեռանդությամբ, վառում էին նրանց հավատքը և մի առանձին հոգեզմայլությամբ նրանց սրտերը ձգում էին դեպի այն հեռավոր բիբլիական աշխարհը, ուր ծնվել էին աստծո մարգարեները, ուր տիեզերքի փրկիչը կատարել էր նոր ուխտի աստվածային պատգամները։

Ընթրիքից հետո, որովհետև հայր սուրբը հոգնած էր, իսկույն սկսեցին մտածել նրա հանգստության համար։ Բարեպաշտ տան տիկինը ինքն անձամբ առանձին խնամք էր տանում նրա անկողնի պատրաստության մասին։ Այդ զանազան վարագույրներով, բազմաթիվ մեծ և փոքրիկ բարձիկներով, տեսակ-տեսակ վերմակներով և դրոշակներով կազմված փափուկ, փետրային անկողինը կարծես թե պատրաստված լիներ Մորփեոսի ձեռքով։ Եվ որպեսզի նույն անախորժությունները տեղի չունենային, ինչ որ ընթրիքի ժամանակ կերակուրների վերաբերմամբ, տիկինը կանչեց քնարանում գանգրահեր սարկավագին, տեղեկանալու համար նրա հայր սոլրբի քնելու սովորությունների մասին։

Այդ ի՞նչ է, հարգելի. տիկին, Բացականչեց գանգրահեր երիտասարդը զարմանալով. դուք, երևի, մտածել եք իմ հայր սուրբին մեղքի մեջ ձգել, ավելի շուտով նա հանձն կառնի պառկել Սադայելի գրկում, քան թե այս փառավոր անկողնու մեջ։

Տիկինը վիրավորվեցավ երիտասարդի երկմտանի նկատողությունից։ Երիտասարդը շուտով ուղղեց իր սխալը, ավելացնելով.

Երուսաղեմի խստակյաց աբեղաները մեղք կհամարեն այս տեսակ փառավոր անկողինների մեջ քնելը։ Իմ հայր սուրբը ունի իր առանձին անկողինը, որ միշտ իր հետ է ման ածում, նրա մեջ կպառկի։

Այդ խոսքերի հետ երիտասարդը մտավ այն սենյակը, ուր դրած էին իրանց իրեղենները և բերեց այնտեղից կոշտ մազից պատրաստված մի վերմակ և մի փոքրիկ բարձ, մեջը լցրած խոտով ու երեսը պատած սև սաֆիանով: Դրանց հետ էր այն մաշված կապերտի կտորը, որ տարածված էր գեղեցիկ դիվանի մանիշակագույն ատլասի վրա, և որին հայր սուրբը գործ էր ածում և իբրև օթոց, և իբրև դոշակ քնելու ժամանակ։

Ահա նրա մահճի բոլոր պարագայքը, Ասաց երիտասարդը, ցած դնելով ցնցոտիները, Այդ տեսակ մահիճը լավ է այն կողմից, որ նրա մեջ դժվար է երկար քնել, և այդ իմ հայր սուրբի համար շատ հարկավոր է։ Իսկ այն փառավոր անկողինը հանգիստ քուն կբերե, դա շատ վատ է, վտանգավոր է։

Տիկինը չգիտեր զարմանա՞լ, թե՞ ծիծաղել երիտասարդի միամտության վրա։ Վերջը չկարողանալով զսպել իր համբերությունը, ասաց.

Չէ" որ քնում են հանգստանալու համար։

Այդ ուղիղ է, պատվելի տիկին, բայց ոչ ամեն մարդիկ։ Իմ հայր սուրբը գիշերվա մեջ մի ժամ հազիվ է քնում, հետո զարթնում է, ճրագը վառում է, սկսում է կարդալ։

Ամեն գիշեր պետք է ծայրեծայր վերջացնե Դավթի սաղմոսների ընթերցումը։ Հետո կարդում է Սողոմոն իմաստունի առակները, հետո մարգարեությունները, հետո Պողոս առաքյալի թղթերը, և մյուսները այդ կարգով։ Մի այսպիսի կոշտ անկողին անհրաժեշտ է, որ քունը չհաղթե մարդուն։ Քայց դարձյալ երբեմն չար սատանան հակառակվում է, և քունը հաղթում է։ Դրա համար իմ հայր սուրբը հագնում է բոլորովին այլ տեսակ շապիկներ, քան թե հագնում են հասարակ մարդիկ։

Տիկնոջ զարմացումը այժմ փոխվեցավ հետաքրքրության։ Նա հարցրեց,

Ի՞նչ տեսակ շապիկ։

Եթե պատվելի տիկինը հետաքրքրվում է, ես այս րոպեիս կարող եմ։ ցույց տալ։

Երիտասարդը դարձյալ մտավ այն սենյակը, ուր դրված էին իրանց իրեղենները։ Բազմաթիվ մեծ և փոքրիկ արկղներից մեկը բաց արավ և այնտեղից դուրս բերեց տոպրակի պես մի բան, որ ֆուֆայկայի նմանություն ուներ այն կողմից, որ երկու նեղ թևքեր ուներ։ Տիկինը մինչև ագամ վախեցավ իր ձեռքով շոշափել այդ օտարոտի շապիկը և միայն հեռվից սկսեց նայել նրա վրա։ Միայն ինկվիզիցիան կարող էր հնարել մի այսպիսի սատանայական զգեստ իր դատապարտյալներին տանջելու համար։ Շապիկը գործված էր նույնպես կոշտ մազից, բայց նրա հյուսվածքի մեջ փայլում էին հազարավոր մանրիկ ասեղիկներ, որոնք իրանց սուր ծայրերը դարձրել էին դեպի այն կողմը, որ պիտի շոշափվեր մարմնի կաշու հետ։

Դա կոչվում է «զգաստության շապիկ», սկսեց բացատրել երիտասարդը, դա արթնության մեջ է պահում մարդուն։ Դա տանջում է մարմինը և զորություն է տալիս հոգուն։ Մեր վանքի բոլոր աբեղաները այս տեսակ շապիկներ են հագնում։

Այդ սարսափելի է, Բացականչեց տիկինը։ Ուրեմն նա հիմա էլ հագած ունի։

Այո՛։ Ես էլ նույն տեսակ ունեմ հագած։

Երիտասարդը, իր օձիքը բաց անելով, ցույց տվեց իր «զգաստության շապիկը»։ Տիկինը սոսկաց։

Մյուս օրը, առավոտյան պահուն, այդ տան մեջ կատարվեցավ մի հանդիսավոր մաղթանք։ Հայր սուրբը ջուր օրհնեց մի խաչով, որի մեջ, ինչպես հավատացնում էր, ամփոփված էր «կենաց փայտի» մի մասը։ պրօրհնության միջոցին կարդացվեցավ ավետարան, երգվեցան զանազան հոգևոր երգեր։.

Ամբողջ ընտանիքը, ծառաները, աղախինները և հարևաններից շատերը հավաքված էին ընդարձակ դահլիճում, ուր կատարվում էր այդ հոգևոր ծիսակատարությունը։ Հայր սուրբը օրհնած ջուրը սրսկեց հանդիսականների վրա, և, երբ վերջացրեց, նախ տան տիրուհին և նրա ամուսինը մոտեցան համբուրեցին խաչն ու ավետարանը, հետո նրանց որդիները, և ապա մնացած բազմությունը, բոլորը համբուրեցին և օրհնություն առին։

Երբ ամեն ինչ վերջացած էր, օտարները հեռացան, դահլիճում մնացին միայն տանեցիքը։ Հայր սուրբի կառքը արդեն սպասում էր դռանը, նա շտապում էր ճանապարհ ընկնել։ Բայց տան տիկինը խնդրեց, որ մի փոքրիկ նախաճաշիկ անեն և հետո ճանապարհ ընկնեն։ Հայր սուրբը հարգեց նրա խընդիրքը։

Նախաճաշիկից հետո, երբ խմում էին վերջին բաժակները և ցանկանում էին հայր սուրբին հաջողություն ու բարի ճանապարհ, մոտեցավ տան տերը և, կրկին համբուրելով հարգելի հյուրի աջը, տվեց նրան մի հաստ ծրար՝ ասելով՛

Համարեցեք այս փոքրիկ նվերը որպես այրի կնոջ լուման։ Ես քրիստոնեական պարտավորություն եմ համարում իմ կարողության չափով մասնակից լինել այն օժանդակությանը, որ նպատակ ունի թեթևացնելու Երուսաղեմի սուրբ տաճարի պետքերը։

Ծրարի մեջ կար 5000 ռուբլի արծաթ։

Հայր սուրբը օրհնեց նրա առատաձեռնությունը, խոստացավ հինգ անգամ պատարագ մատուցանել Երուսաղեմի սուրբ տաճարի սեղանի վրա նրա և իր տիկնոջ հոգիների քավության համար։ Բացի ղրանից, ընծայեց տան տիկնոջը մի «տերողորմյա», որ շինված էր ձիթապտուղի կորիզներից։ Ասաց, որ այդ ձիթապտուղները հասարակ տեսակից չեն, այլ քաղված են Զիթենյաց լեռան նվիրական ծառերից, որոնց հովանիների ներքո շատ անգամ հանգստանում էր Հիսուս Քրիստոսը ու շատ անգամ խոսում էր նա իր ամենանշանավոր քարոզները։

Այն օրից անցել է տասնևինը դար, Ավելացրեց աբեղան, Այն նվիրական ծառերը, որ արժանացել էին իրանց հովանու ներքո հյուրասիրելու մարդկության փրկչին, մինչև այսօր կենդանի են մնում։

Հետո նա ընծայեց տան տիրոջ երեխաներին մի-մի հատ սադաֆե փոքրիկ փաչեր։ Այդ սադաֆը, ասաց նա, հանված է այն ծովից, որտեղից անցավ Մովսեսը Իսրայելի որդիների հետ և ազատեց նրան Փարավոնի գերությունից։ Եվ այդ պատճառով այդ խաչերը կրողները ազատ կմնան ամեն տեսակ չարից ու փորձանքից։

Տան տերը և տան տիրուհին շատ գոհ մնացին իրանց ստացած ընծաների մասին և մեծ շնորհակալությամբ ճանապարհ դրին հարգելի հյուրին։

Նա դարձյալ իր օտարոտի քողը, որի վրա նկարված էր վերջին դատաստանի սոսկալի պատկերը, ձգեց դեմքի վրա, դուրս եկավ և նստեց ծածկված կառքի մեջ։ Կառքը մեկնեցավ։

Գյուղացիների բազմությունը դարձյալ չկարողացավ տեսնել այդ խորհրդավոր աբեղայի երեսը։ Բայց այդ բարի և կրոնասեր գյուղացիները երկար ժամանակ չէին մոռանում հայր Անտոնիոսի ու նրա սարկավագ Ամբրոսիոսի հետաքրքիր պատմությունները Երուսաղեմի նվիրական տեղերի մասին...

"Խաչագողի հիշատակարանը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Էլեգիա
Առնո Բաբաջանյան

Էլեգիա

Արևելյան մոտիվներ, 1886
Արևելյան մոտիվներ, 1886
Խաղա առցանց