Րաֆֆի
Խաչագողի հիշատակարանը
3 - Ա
ՆՈՐ ՇՐՋԱՆ
Մի քանի րոպեից հետո սայլակը պատրաստ էր։ Քավոր Պետրոսը հրամայեց քշել դեպի խաչագողների բնակարանը։ Նա լուռ էր, ինչպես առհասարակ լինում էր, երբ պատրաստվում էր սկսել մի նոր ձեռնարկություն։ Ես նույնպես լուռ էի, բայց ես ոչինչ ձեռնարկության մասին չէի մտածում, իմ միտքը գրավել էր գեղեցիկ Նենեն:
Խաչագողների բնակարանը ցերեկով բոլորովին ուրիշ տեսք ուներ։ Թաքնված պատատուկ բույսերի մեջ, հովանավորված դարավոր ծառերով, նա ավելի նմանում էր գազանների որջին, որ գտնվում է ժայռերի խոռոչների մեջ։ Նրա շուրջը ընկած էին քարերի ահագին բեկորներ, որոնք, պոկվելով մերձակա լեռնից, ցած էին գլորվել, բոլորովին մերկ թողնելով ծառերի արմատները։ Անծանոթ մարդը հազիվ կարող էր գուշակել, թե այդ գետնափոր որջի մեք բնակվում էին մարդիկ։ Բայց ծուխը, այդ մարդկային բնակության ազդարար նշանը, միայն խուլ թփերի միջից մխացող ծուխը հիշեցնում էր, թե այդ ծառախիտ անտառների դարևոր լռության մեջ ևս տիրում էր մարդու շունչը։
Բայց ի՞նչ ծուխ էր այդ։ Ծուխը բարձրանում էր զանազան կետերից։ Ձորի մեջ զանազան տեղերում ինչ-որ այրվում էր: Եվ բարձրացած ծուխը, միախառնվելով, կազմում էր թանձր, թխագույն մառախուղ ամբողջ ձորի վրա։ Այստեղ ածուխ էին պատրաստում։
Գիշերով ես տեսա խաչագողներին թվով ավելի շատ. իսկ այժմ երեք հոգի միայն գտանք նրանց բնակարանում։ Նրանցից մեկը նստած կարկատում էր ջորիների փալաններ և ձիաների մաշված սարքը, մյուսը մանր ավազով մաքրում էր մի ժանգոտած հրացան, իսկ երրորդը դեռ քնած էր։
Խրճիթը ներսից բոլորովին նման էր ածխագործների տնակին, որ գտնվում է անտառների մեջ։ Այստեղ և այնտեղ ածած էին մրոտած տոպրակներ, փայտ կտրելու տապարներ, կրակ խառնելու երկաթյա անթրոցներ, հող փորելու բահեր և այլն։ Ածուխի սև փոշին նստած էր թե՛ բնակիչների և թե բնակարանի վրա։ Բոլորը, բոլորը համապատասխանում էր սև արհեստի սև պարապմունքին։
Եվ իրավ, այդ մարդիկ ածխագործներ էին, կապալով վեր էին առել անտառի մի մասը, ածուխ էին պատրաստում։ Ծովի ափի մոտ կանգնած էին նրանց մի քանի նավակները, որոնք տանում էին ածուխը մերձակա քաղաքներում վաճառելու համար։ Մի քանի խումբ ջորիներ տանում էին նույն մթերքը ցամաքի ճանապարհով դեպի շրջակա գյուղերը և փոքրիկ քաղաքները կամ հասցնում էին մինչև ծովեզրը նավակների մեջ գնելու համար։
Մեր անակնկալ հայտնությունը նախ խռովություն պատճառեց նրանց, բայց երբ մեզ ճանաչեցին, էլ չափ չկար նրանց ուրախությանը։ Քավոր Պետրոսի մի քանի կախարդիչ խոսքերը բավական եղան գրավելու նրանց վստահությունը։ Եվ ահա նրանց մեկի ձայն տալով խրճիթի մի անկյունում շարժվեցան մերկ հատակի վրա փռած ցամաք տերևները, տախտակամածից բարձրացավ մի դռնակ, և ստորերկրյա վիրապի միջից դուրս երևաց մի գլուխ։ Նա, մի քննողական հայացք ձգելով մեզ վրա, դուրս եկավ փոսից։ Նրանից հետո հայտնըվեցավ երկրորդը, երրորդը։ Այդ նորերի թե հագուստի գունավոր բծերից և թե ձեռքերի ներկերից երևում էր, որ նրանք այն ստորերկրյա վիրապի մեջ ինչ-որ ներկերով կամ գույներով աշխատում էին։ Դրանք ածխագործներ չէին։
Նրանք ուրախությամբ ընդունեցին քավոր Պետրոսին, Համբուրվեցան նրա հետ և խնդրեցին նստել։ Քավոր Պետրոսը ներկայացրեց և ինձ, մի քանի կարմիր խոսքեր ավելացնելով իմ ընդունակությունների մասին։
Ինձ ճանաչեցին իմ հոր անունով, որովհետև ինձ տեսել էին ՛շատ փոքր հասակում:
Դրանք իմ հայրենակիցներն էին։ Նրանց գլխավորը, որ կոչվում էր Նազար, դարձավ դեպի քավոր Պետրոսը, հարցնելով.
Մենք վաղուց սպասում էինք ձեզ, Պետրոս եղբայր, ինչո՞ւ այդքան ուշացաք։
Երկար պատմություն է, պատասխանեց քավոր Պետրոսը, Այդ մասին հետո կխոսենք։ Դուք այն ասացեք, ի՞նչպես են տղերքը, լա վ են, առո՞ղջ են։
Լավ են, բայց...
Ի՞նչ է պատահել։
Նազարը պատմեց, թե իրանց ընկերներից մեկը մի հանձնարարությամբ ուղարկված էր մի տեղ, հիմա նա անհետացել է, և նրա մասին խիստ անհանգիստ են։
Այդ պատմության միջոցին քավոր Պետրոսը նայեց իմ երեսին, որ տեսնե իմ դեմքի արտահայտությունը։ Իմ մեջ ոչինչ խռովության նշան չգտավ։ Պատմությունը Նենեին սպանելու հանձնարարությամբ ուղարկված ավազակի մասին էր, որ հոգին տվեց իմ տապարի հարվածների տակ։ Քայց ես նրա մարմինը մի այնպիսի տեղում էի ամփոփել, որ ինքը սատանան չէր կարող գտնել։
Քավոր Պետրոսը իրան ձևացրեց որպես սաստիկ հետաքրքրված։ Խաչագողի ընկերի անհետանալը, իրավ որ, սաստիկ անհանգստություն էր պատճառում մնացածներին։
Ո՞վ էր, ի՞նչ հանձնարարությամբ և ո՞րտեղ էր ուղարկված։
Նազարը պատմեց, թե նրան տվել էին մի աղջիկ, որ տանե, անտառում «անհետացնե», բայց աղջկա հետ ինքն էլ անհետացավ։
Աղջիկը գեղեցի՞կ էր, Հարցրեց քավոր Պետրոսը։
Գեղեցիկ էր։
Իսկ տղան երիտասա՞րդ էր։
Երիտասարդ էր։
Այսպիսի գործը երիտասարդին չեն հանձնում, շատ հասկանալի է, որ երկուսն էլ հաշտվել են միմյանց հետ և հեռացել են ով գիտե ո՞րտեղ:
Մենք արդեն մարդիկ ուղարկեցինք նրանց որոնելու, Պատասխանեց Նազարը։
Իզուր, պետք էր նրանց թողնել իրանց քեֆին, ինչ որ ուզում են թող անեն։
Նազարը ասաց, կան ուրիշ պատճառներ, որ այդ անցքը խիստ վտանգավոր են դարձնում, և խոստացավ, որ այդ պատճառների մասին հետո կխոսե քավոր Պետրոսի հետ։ Իսկ մենք ճանապարհից նոր եկած լինելով, և մանավանդ ճաշի ժամանակ լինելով, այժմ սկսեցին հոգ տանել մեր հանգստության մասին։
Մեր ձիաները և սայլակը տեղավորեցին, ես ինքս էլ չհասկացա թե ո՞րտեղ. երևում էր, անտառի մեջ ուրիշ խորշեր ևս ունեին։ Մեր իրեղենները բերեցին խրճիթը։ Ճաշի սեղանն արդեն պատրաստ էր։ Ամենքը բոլորեցին սեղանի շուրջը, մեզ ամենապատվավոր տեղը տալով։ Չնայելով, որ նրանք բնակվում էին մի այնպիսի առանձնացած տեղում, լեոների մեջ, անտառների խորքում, բայց սեղանի վրա հայտնվեցան այնպիսի ուտելիքներ և այնպիսի ըմպելիքներ, որ այդ կողմերում հազվագյուտ էին։ Երևում էր, որ քաղաքների հետ խիստ հաճախ հարաբերություններ ունեին։
Խոսակցությունը սկզբում, ըմպելիքների գավաթների համեմատ, հետզհետե կենդանանում էր զանազան հանաքներով և զվարճախոսություններով։ Բայց գնալով ավելի տխուր կերպարանք ստացավ, երբ նրանք սկսեցին հարցնել իրանց հայրենիքի և ընտանիքների մասին։ Մենք Պարսկաստանից ավելի հետո դուրս եկած լինելով, քան թե նրանք, ունեինք շատ նորություններ նրանց համար։
Մեր Մկրտիչը մեծացե՞լ է, Հարցնում էր մեկը։ Մկրտիչը հարցնողի որդին էր, որին օրորոցի մեջ թողնելով, հայրը հեռացել էր հայրենի երկրից և այն օրից ապրում էր պանդխտության մեջ։
Մկրտիչը այժմ պսակված է, երեխա ունի, պատասխանում է քավոր Պետրոսը։
Հայրը ուրախանում է։
Մայրս խո շատ չի՞ պառավել, Հարցնում է մի ուրիշը։
Մայրդ կյանքը քեզ բաշխեց, արդեն յոթներորդ տարին է, որ պառկած է հողի տակ։
Որդին տխրում է։ Մի քանի ձայներ կրկնում են՝ «աստված հոգին լուսավորեսցե»...
Մեր Խաշոյի աղջիկը ի՛նչ է անում, Հարցնում է մի այլը:
Դա իր կնոջ մասին է հարցնում:
Խաշոյի աղջիկը հիմա ուրիշ մարդու է գնացել։
Ի՞նչպես, գոչում է զարմացած ամուսինը։
Չե՞ս հասկանում։ Երկար սպասեց քեզ, ոչ լուր ստացավ, ոչ փող ստացավ, վերջը հուսահատվելով, պսակվեցավ ուրիշ մարդու հետ։
Դժբախտ ամուսինը արձակում է խորին հառաչանք և լռում է...
Մեր Արևնազը ի՞նչ է անում, Հարցնում է մի ուրիշը իր դստեր մասին։
Արևնազին թուրքերը փախցրին։
Ա՜խ, քոռանամ ես, բացականչում է հայրը։
Երևի, շատ գեղեցիկ աղջիկ էր դարձել, Հարցնում են մյուսները։
Տգեղին չեն փախցնի, պատասխանեց քավոր Պետրոսը։
Իր նմանը չկար մեր գյուղում, մեջ մտա ես։
Իսկ մեր Գասպա՞րը, Հարցնում է մեկը իր եղբոր մասին։
Նա հիմի գյուղի քահանան է։
Մեր այգու խնձորենիները լավ բերք տալի՞ս են, Հարցնում է քահանայի եղբայրը։
Բերքը լավ է, բայց պտուղր օտարն է ուտում:
Ի՞նչպես։
Քո պարտքերի փոխարեն տիրեցին։
Ափսո՜ս, այն խնձորենիները ես իմ ձեռքով էի տնկել, հենց այն տարում, երբ հեռացա մեր երկրից։
Խոսակցությունը ընտանեկան անցքերից ավելի անցավ հասարակական գործի վրա։
Գյուղի տանուտերը ո՞վ է հիմա։
Աղախանը։
Այն քոռ անիրավը դեռ գյուղը քանդո՞ւմ է:
Բոլորը տանջված են նրա ձեռքից:
Երկրի կառավարիչն ո՞վ է։
Ն... խանը։
Անիծածը կաշառքից կշտանալ չունի...
Մենք էլ նրա համար ենք վաստակում...
Փողի տոկոսը քանո՞վ էր։
Թումանին ամիսը մեկ կռան։
Վերջին խոսքը սարսափ ձգեց շատերի վրա։ Նրանք այսպիսի ծանր տոկոսներով պարտքեր ունեին իրանց հայրենիքում։ Ամուսնի պարտամուրհակը կնոջը փոխել էին տալիս, և ամեն տարի տոկոսը բարդվում էր դրամագլխի վրա։ Վաշխառուն հարստահարում էր դրանց, իսկ դրանք հարստահարում էին անմեղ, միամիտ մարդիկներին։
Ընդհատված խոսակցությունը շարունակվեցավ,
Լուսին ի՞նչ է անում։
Դա մեր գյուղի նշանավոր գեղեցկուհիներից մեկն էր։
Նա հիմա լավ բազար ունի, պատասխանեցի ես։
Ի՞նչպես։
Չե՞ս հասկանում...
Ամո՜թ նրա տղամարդին, մի այնպիսի սիրուն կնոջը կարելի՞ է տասն տարիներով անտեր և քաղցած թողնել, Ասաց նրանցից մեկը։
Կարծես, իրանց կնիկներր տասն տարիներից ավել չէր, որ անտեր ու քաղցած էին մնացած։
Մի ուրիշը հարցրեց.
Մեր սև շունը մնո՞ւմ է։
Չէ, կյանքը տվեց քեզ։
Այդ լուրերը, որ քավոր Պետրոսը հաղորդեց իր սովորական սառնասրտությամբ, հարուցին ոմանց մեջ ուրախություն, իսկ ոմանց մեջ տրտմություն։ Ինձ խիստ զարմանալի էր թվում, երբ նկատում էի, որ այդ հոգով և սրտով քարացած մարդիկն էլ զգացմունք ունեն, կարող են ուրախանալ և տրտմել։ Բայց շուտով ամեն ինչ մոռացվեցավ, իբր թե ոչինչ չէին լսե:
Ես չէի կարողանում զսպել իմ վրդովմունքը, երբ նայում էի այդ անփույթ, անհոգ մարդկանց վրա, որոնք օտարության մեջ մոռացել էին ամեն ինչ, որ իրանց համար ամենաթանկագինն էր։ Ունենալ կին, որդիներ, ազգականներ և նրանց երկար տարիներով թողնել անխնամ, գե՛րի թուրքերի և պարսիկների ձեռքում, իսկ ինքը անհետանա պանդխտության մեջ դա գերդաստանի հոր ամենասարսափելի անտարբերություններից մեկն է։ Այդ մարդիկը, մտածում էի ես, ամենևին գութ չունեն, նրանց մեջ մեռել է ծնողական սիրտը, նրանց զգալի չէ ոչ երեխայի ժպիտը և ոչ կնոջ արտասուքը՝ երկուսն էլ կատարվում են նրանց աչքերից հեռու...
Մի՜թե ես էլ նույն դրության մեջ չէի գտնվում...
Ես շատ լավ էի հասկանում, որ աղքատությունն էր ստիպել դրանց թողնել իրանց հայրենիքը, թողնել իրանց ընտանիքը, և նույն աղքատությունը իմ ձեռքս տվեց պանդխտության գավազանը։ Հայրենի երկրում չկարողանալով հայթայթել իրանց ապրուստը, նրանք հարկադրվել էին օտարության մեջ բախտ որոնել։
Արդար վաստակի նրանք ոչ միայն սովոր չէին, այլև անընդունակ էին. չգիտեին որևիցե արհեստ, չէին վարժված տոկուն աշխատանքի։ Նրանց միտքը, նրանց ընդունակությունները բնականաբար սրվել, կատարելագործվել էին խաբեբայությունների մեջ, այն չափով, ինչ չափով որ զարգացել էր նրանց մեջ արծաթ որսալու անհագ ախորժակը, որի համար ներելի էին համարում ամեն միջոցներ, որքան և անազնիվ լինեին,
Մի անգամ քավոր Պետրոսը խիստ իրավացի կերպով նկատեց, թե «արծաթը աղի ջուր է, որքան խմես, այնքան կծարավես»։ Նույն ծարավը զգում էի և ես։ Ահա թե ի՜նչն էր, որ ինձ առժամանակ բաժանեց Նենեից և ձգեց այդ անբարոյական հասարակության մեջ։
Ինձ բոլորովին զզվելի էր թվում այդ նոր շրջանը։ Զարմանալի է, թե ո՛րքան վայրենանում է մարդը լեռների և անտառների առանձնության մեջ. կերպարանքը, բնավորությունն անգամ ամենակոպիտ ձևեր են ստանում։ Նրանց կոշտացած դեմքը, խառնված մաղերը, երեսների անախորժ արտահայտությունը, ճշմարիտն ասած, ինձ վրա սարսափ էր բերում: Թեև մեզ, որպես իրանց հայրենակցին, ցույց էին տալիս հյուրասիրության բոլոր պատրաստականությունները։
Ամենագարշելին այն էր, որ այդ մարդիկը ածխագործի սև փոշու տակ ծածկված կատարում էին մի այլ ավելի, սև արհեստ...
Ո՞վ մտցրեց իմ մեջ այդ փոփոխությունը։ Ես պարտական էի Նենեին, որ զարթեցրեց իմ մեջ զզվանք դեպի այդ մարդիկը և ստիպեց սիրել գեղեցիկը ու լավը...