Րաֆֆի

Խաչագողի հիշատակարանը

4 - Թ

ՍՊԻՏԱԿ ՏՆԱԿԸ

Դատապարտյալների ֆերմայի վրա, զինվորանոցից և զանազան արքունի շինվածքներից հետո, ավելի աչքի էր զարկում մի սպիտակ տնակ, որը շատ մոտ էր հիվանդանոցին։ Այդ առանձնացած բնակարանը միայն երեք սենյակներ ուներ, փոքրիկ լուսամուտներով և լերդագույն ներկած կտուրով։ Մի կողմում գտնվում էր ծառաների կացարանը, որի մոտ էր խոհանոցը։

Երևում էր, որ վաղուց մարդիկ չէին բնակվել այյտեղ։ Բակի փոքրիկ պարտեզը, որ զարդարված էր մրգաբեր ծառերով, մնացել էր անմշակ, հովանոցը քայքայվել էր, փայտյա վանդակապատը շատ տեղ կոտրատված էր, փտած սանդուղքից ցած էին թափվել մի քանի տախտակներ։

Սենյակների ներքին դրությունը շատ նման էր փոստային կայարանի, ուր ուշ գիշերով եկած ճանապարհորդը իր բոլոր ծանրությունները խառնիխուռն ածած է լինում այս կողմ և այն կողմ, ուշադրություն չդարձնելով նրանց կարգի դնել, որովհետև առավոտյան կրկին պետք է ճանապարհ ընկնի, կրկին պետք է նրանց կարգը խանգարվի։

Այժմյան բնակիչները նույնպես նորեկներ էին. նրանք իջևանել էին այստեղ հենց նույն գիշերը։ Նրանց ծանրությունները նույնպես խառնիխուռն ածած էին այս և այն կողմ, ճանապարհի փոշին դեռ նստած էր նրանց վրա։ Բայց դրանք գնալու չէին, դրանք պետք է մնային այդ բնակարանի մեջ։

Առավոտ էր, խոնավ, մառախլապատ առավոտներից մեկը։ Փոքրիկ բնակարանում դեռ քնած էին։ Միայն սենյակներից մեկի դուռը կամաց բացվեցավ, և շեմքի վրա հայտնըվեցավ մի բարձրահասակ օրիորդ։ նա նայեց իր շուրջը, հանդարտ քայլերով ցած իջավ սանդուղքներից, անցավ պարտեզի տատասկներով պատած ճեմելիքը, անցավ կիսավնր հովանոցի մոտից և մերձեցավ փայտյա վանդակապատին» Այստեղից սկսեց նայել դեպի շրջակայքը։ Գիշերով եկած լինելով, նա դեռ ոչինչ չէր տեսել, այժմ առավոտյան լուսով ցանկանում էր լավ նայել այն աշխարհի վրա, ուր գուցե ընդերկար ստիպված կլիներ մնալ։

Առավոտյան թանձր մառախուղը հետզհետե նոսրանում էր, բայց դեռևս աղոտ կերպով նկարվում էին հեռավոր առարկաները։ Օրիորդը նայում էր, խորին ՜ անձկանոք նայում էր և կարծես զայրանում էր, որ ոչինչ չէր տեսնում։

Նրան կարելի էր ո՛չ աղախին համարել և ո՛չ՝ տան աղջիկ։ նա ո՛չ աղախնի անվստահ կայտառությունն ուներ և ո՛չ՝ տան աղջկա նազելի վստահությունը։ Նա ավելի նման էր տանտիկնոջ մի հեռավոր ազգականին, որ զրկված էր ծնողներից, որին թեև սիրում են, փայփայում են, բայց դարձյալ զգում է, որ ինքը որբ է, որ իրան հոգու համար են պահում։ Նրա թուխ դեմքը, սև, կրակոտ աչքերը, հարուստ մթագույն գիսակները ամենևին չէին համապատասխանում հեռավոր հյուսիսին։ Նա եկած էր հարավից, ջերմ, արեգնավետ հարավից, ուր արյունը մշտապես եռ է գալիս, ուր դեմքերը ստանում են մուգ վարդի գույն։ Բայց որքա՜ն լույս և կյանք կար այն մթին աչքերի մեջ, որքա՜ն հրապուրանք՝ այն թախծալի դեմքի վրա։ Նա ներկայացնում էր մի աշխույժ, անսանձ բնավորություն, սքողած տխրության ամպերով, թառամած դառն հուսահատության մեջ։

Նա շարունակում էր նայել։

Վերջապես շողացին արեգակի առաջին ճառագայթները և երևան հանեցին շրջակա տեսարանները։ Ահա այնտեղ հալոցների բարձր ծխարաններից, թուխ ամպերի նման, դուրս էր հոսում թանձր մուխը և նսեմացնում էր դեռ նոր լուսավորված հորիզոնը։ Մարդիկ մրոտած հագուստով, մրոտած դեմքով, սև, որպես ուրվական, թափառում էին ծխային մթնոլորտի մեջ։ Այդ տեսարանը սարսափ ազդեց օրիորդի վրա։ Հալոցներից ոչ այնքան հեռու, հանքային քարերի կույտերի մոտ, գետնի վրա նստած էին նույնպես մռայլոտ դեմքեր։ Դրանք ծանր մուրճերով ջարդում էին, մանրում էին քարի մեջ թաքնված մետաղը և պատրաստում էին հալելու համար։ Օդը թնդում էր հարյուրավոր կռանների հարվածներից։ Ոմանք փոքրիկ սայլակներով մանրած մետաղը քարշ էին տալիս, տանում էին ու ածում առանձին կույտերի վրա, որոնք բազմաթիվ բլրակների ձև էին ստացել։ Այդ բլրակներից մի քանիսը ծխում էին։ Ածուխը և ծծումբը այրվում էր նրանց մեջ և ուտում, մաշվում էր հանքային ավելորդ մասերը։ Օդը այստեղ խեղդում էր ծծումբի կծու հոտով։

Այդ կողմում ամեն առարկա սև գույն ուներ, կարծես ամեն ինչ սուգ էր զգեցած։ Մետաղի սև կղկղանքով պատած էին ճանապարհները, սև փոշին ծածկել էր գործարանների կտուրները, սևացած էին և ճնճղուկները, որ բույն էին գրել այն շինվածքների ծածկի տակ։

Ամեն ինչ սև էր, ամեն ինչ մրոտած էր։ Միայն կրակն ու բոցը, որ բորբոքվում էր հալոցների մեջ, ներկայացնում էր մի սոսկալի հակապատկեր ընդհանուր նսեմության մեջ: Այդ դժոխքում մարդիկ այրվում էին, բայց չէին խորովվում։ Հալած մետաղը ծփում էր բոցերի մեջ, որպես հրեղեն լճակ։ Երկաթյա երկայն շերեփներով վեր էին առնում բաց-դեղնագույն հեղուկը և ածում էին արույրյա կաղապարների մեջ։ Քրտինքը հորդ վտակներով հոսում էր գործավորների սարսափած դեմքից, բոցը խանձում էր նրանց կիսախաշ երեսները։

Օրիորդը դեմքը շուռ տվեց զարհուրելի տեսարանից:

Մյուս առարկաները չէին հետաքրքրում նրան։ Ահա այնտեղ, պաշտոնավոր զինվորի հաստլիկ կինը, փեշերը վեր քաշած, բոբիկ ոտներով, ցեխը կոխ տալով, վերադառնում էր մերձակա վտակից և, ուսի վրա դրված լծակի երկու ծայրերից թիթեղյա սաթլները քաշ տված, ջուր էր բերում։ Այնտեղ պառավը մրթմրթալով քշում էր դեպի դաշտը իր մի հատիկ կովը։ Փոքր-ինչ հեռու, մի ստահակ տղա, առանց անդրավարտիքի, միայն շապիկը հագին, նստած էր մերկ ձիու վրա և նույնպես մերկ ոտներով նրա կողքերը ծեծելով բոլոր ուժով վազեցնում էր իր նիհար յաբուն, աստված ոչ գիտե, թե դեպի ուր։ Բայց գլխի մազերը ծածանվում էին՝ սաստիկ շփվելով օդի հետ։ Մի կողմում սագերի սպիտակ երամը, իրանց լայն թաթիկների վրա օրորվելով և մի առանձին բավականությամբ կչկչալով, դիմում էր դեպի մերձակա ճահիճը։ Փողոցում գյուղացու մանկահասակ աղջիկը, մի քանի գրոշներ ափի մեջ պինդ բռնած, վազ էր տալիս դեպի մերձակա դուքանը՝ քառորդ ֆունտ շաքար գնելու։ Նրան հանդիպեց մի գրագիր դեղին կոճակներով, ինչ-որ ասաց, աղջիկը հայհոյեց նրան և փախավ։

Ուրիշ ոչինչ չէր տեսնում օրիորդը, միայն այստեղ ու այնտեղ երևում էին մռայլոտ շինվածքներ հազիվ նշմարելի լուսամուտներով, որոնք այնքան առանձնացած էին, կարծես վախենում էին մոտենալ միմյանց։ Պահապան զինվորները, չափավոր քայլերով, անցուդարձ էին անում դռների առջև։ Օրիորդի արտասուքով լցված աչքերը հառած էին դեպի այլ կողմը։ Երկար նայում էր նա և կարծես աչքերով աշխատում էր ներս թափանցել այդ մռայլոտ շինվածքների հաստ պատերից։ Ծանր, երկաթապատ դռներից մեկը բացվեցավ, և դրսում հայտնվեցավ մի մոխրագույն խումբ։ Շրջապատված զինվորներով, խումբը շարժվեցավ դեպի այն կողմը, ուր կանգնած էր սպիտակ տնակը։ Նրանք կրում էին բահեր, բրիչներ և փորելու զանազան գործիքներ։ Քայց ինչո՞ւ հսկողության ներքո էին տանում այդ թշվառ բանվորներին։ 0րիորդի սիրտը սկսեց բաբախել։ Նա պատրաստ էր վազել մերձենալ նրանց և մոտից, շատ մոտից նայել նրանց վրա։ Բայց նրա ոտները չհնազանդվեցան, ծնկները դողացին, գլուխը պտտվեցավ, աչքերի առջև մթնեց, նա թուլացավ, ընկավ պարտեզի վանդակապատի վրա։ Մոխրագույն խումբը հեռվից անցավ։ Ուշաթափ օրիորդը ոչինչ չտեսավ, միայն նրա ականջներին, որպես երազի մեջ, զարկում էին ծանր շղթաների աններդաշնակ հնչյունները...

Խորին ապշության մեջ նա ուշի եկավ։ Անրջային տեսիլքը անցել էր։ նրա առջև նկատվեցան միևնույն տխուր, սրտաբեկ տեսարանները։ Նա դանդաղ, դողդոջուն քայլերով սկսեց դիմել այն սենյակը, որտեղից դուրս էր եկել։ Պարտեզի միջով անցնելու ժամանակ նրա շրջազգեստի ներքին եզրը բռնվեցավ վարդենու փշից և պատռվեցավ։ նա այն աստիճան հուզված էր, որ ոչինչ չզգաց։ Սենյակի դռան մոտ հանդիպեց նրան սպասավորը, հարցնելով.

Պարոնները վե՞ր են կացել։

Չգիտեմ։

Սամովարը եփ է գալիս: Բերեցեք։

Նա մտավ սենյակը։

Սպասավորը մի քանի րոպեից հետո սամովարը ներս քերեց, դրեց սեղանի վրա և լուռ դուրս գնաց։ Օրիորդի տրամաղրությունը կարծես նրա վրա ևս ճնշում էր գործում։

Նա բաց արեց հատակի վրա ընկած սնդուկներից մեկը, մյուսը, նայեց չամադանի մեջ, նայեց ճանապարհորդական զամբյուղի մեջ, որոնում էր, թե որտեղ է դրած թեյը։ Շաքարն էլ անհետացել էր նրա աչքերից։ Հիշողությունը դավաճանում էր նրան։ Վերջապես գտավ միևնույն փոքրիկ սնդուկի մեջ, ուր տասն անգամ նայել էր։ Սկսեց թեյ պատրաստել: Գործը փախչում էր նրանից, ձեռքերը չէին խոնարհվում. ջուրը վիթվում էր, բաժակը ցած էր ընկնում, աղմուկ էր բարձրացնում, հազիվհազ կարողացավ նա տաք ջրով լցրած թեյամանը սամովարի վրա դնել» Գլուխը դարձյալ պտտվում էր։ Նա հեռացավ, նստեց լուսամուտի պատուհանում և, ձեռքը նեցուկ տալով գլխին, սկսեց անխորհուրդ կերպով նայել դեպի պարտեզը։ Արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա խոշոր աչքերից և զովացնում էր բորբոքված երեսը և ավելի ևս բորբոքված սիրտը...

Կից սենյակում արդեն զարթնել էին։ Մանկահասակ տիկինը վեր էր կացել, իսկ նրա երիտասարդ ամուսինը դեռ պառկած էր մահճակալի վրա։

Դե , վեր կաց, շտապեցնում էր նրան տիկինը, Վե՛ր կաց, լվացվիր, հագնվիր, դու այս առավոտ պետք է ներկայանաս քո մեծավորներին։

Դա մի այնքան շտապելու գործ չէ, պատասխանեց երիտասարդը, ավելի ամուր կերպով փաթաթվելով ամառվա վերմակի մեջ։ էգուց էլ կարող եմ ներկայանալ։

Այստեղ մեծավորները երևի խիստ պահանջողներ են, նկատեց տիկինը։

Իսկ ես խիստ պահանջը հեշտությամբ չեմ վճարում, Ասաց ամուսինը։

Տիկինը կարծես ամուսնի համառությունը պատժելու համար վառեց մի բարակ պապիրոս, սկսեց ծխել։ Ամուսինը, այդ նկատելով, սկսեց աղաչել նրան.

Թո՜ղ տուր, ի սեր աստծու, քանի՜ անգամ ասել եմ քեզ, որ թեյից առաջ չծխես։ Դու ամբողջ գիշերը անհանգիստ էիր, դարձյալ հազում էիր:

Տիկինը ուշադրություն չդարձրեց և, ամուսնուն ավելի ջիգրացնելու համար, մոտեցավ նրա մահճակալին, ընկավ նրա կուրծքի վրա, ասելով.

Ես քո բժշկությանը չե՜մ հավատում, չե՜մ հավատում։ Այդ միջոցին նա ավելի սաստկությամբ ներս քաշեց պապիրոսի ծուխը և ապա իր գունատ շրթունքների միջից փչեց երիտասարդի խիտ մազերի վրա, որոնք կորան մուխի մեջ։

Այդ ի՞նչ երեխայություն է, ասաց երիտասարդը, գլուխը վեր բարձրացնելով և իր մանկահասակ կնոջ անմեղ չարությունը վարձատրելով ջերմ համբույրներով։

Դրանք այն ամուսիններից էին, որ մինչև մահ, մինչև խորին ծերություն ապրում են իրանց ամուսնության մեղրամիսի մեջ։ Արդեն հինգ տարի է, որ միասին էին ապրում, իսկ այսօր կարծես առագաստի առաջին գիշերվա առավոտը լիներ նրանց համար։

Երիտասարդը բժիշկ էր։ Նա ընտրել էր ծառայություն կայսրության այդ հեռավոր անկյունում ոչ թե այն նպատակով, որ ծառայությունը այսպիսի խուլ տեղերում առավելությամբ էր վարձատրվում, ոչ, այլ նա ավելի բարոյական վարձատրություն էր սպասում այստեղ։ Նրան մի առանձին բավականություն էր պատճառում բժշկել դատապարտյալներին, այդ հոր, մոր, բարեկամների խնամատարությունից զրկված թշվառներին։

Նրա մանկահասակ կինը նույն մարդասիրական զգացմունքն ուներ։ Նա այն բարեսիրտ և խելացի կնիկներից էր, որոն՜ց նմանները խիստ հազվագյուտ են լինում ամուսնական կյանքում, որոնք չեն ձգտում հաճոյանալ տղամարդին միմիայն կանացիությամբ, որոնք չեն բավականանում օգնել նրան, բաժանել նրա հոգսերը, միմիայն խնայող տնտես և լավ տանտիկին լինելով, այլ որոնք պաշտում են տղամարդի իդեալները, նպաստում են՛ նրանց իրագործվելուն, վառ և մշտաբորբոք դրության մեջ են պահում նրա հոգին իր բարձր, մարդասիրական գաղափարներով։ Այսպիսի լծորդության մեջ կինը դառնում է այն գերագույն ոգին, որից միշտ ներշնչված է լինում տղամարդը, այսպիսի լծորդության մեջ տղամարդի եռանդը երբեք չէ մեռնում։

Դեռևս օրիորդ էր նա, դեռևս նոր էր ծանոթացել իր ապագա ամուսնացուի հետ, սկսեց բժշկական գրքեր կարդալ, հաճախել հիվանդանոցները և ներկա գտնվել անդամահատական գործողությունների։ Պատերազմի ժամանակ մտավ նա «գթության քույրերի» հասարակության մեջ և գնդակների ու ռումբնրի տարափի ներքո փաթաթում էր վիրավոր զինվորների վերքերը։ Այստեղ նա նորից հանդիպեց իր ամուսնացուին, այստեղ սիրեց նրան և սիրվեցավ։

Ոչ եկեղեցական և ոչ քաղաքական ամուսնությամբ կապված չէին նրանք։ Նրանց կապում էր մտքերի, ձգտումների և գաղափարների համերաշխությունը։ Բնությունը նույնպես զլացավ օրհնել նրանց ամուսնությունը այն շաղկապով, որ կոչվում էր բնական կապ, զավակներ չունեցան նրանք։ Զավակը սիրո ավելի հաստատ գրավականն է ամուսինների մեջ, մանավանդ այն դեպքում, երբ օրենքը չէ կապում նրանց։

Հետաքրքիր պատահարները պարգևեցին նրանց մի զավակ, թեև իրանց արյունից չէր։ Դա այն օրիորդն էր, որ մյուս սենյակում նստած լաց էր լինում։ Օրիորդը պատկանում էր այն ցեղին, որ տուն, տեղ, հայրենիք չունի, որի հայրենիքը ամբողջ աշխարհն է, որը թափառում է ամեն տեղ։ Նա գնչու (ցիգան) էր. նա բնության որդի էր։ Ո՜րպիսի ջերմ սիրով տիկինը ընդունեց իր մոտ այդ վայրենի այծյամին, ո՜րպիսի եռանդոտ հոգատարությամբ սկսեց նա կրթել նրան, ուղղել նրա վատ սովորությունները։ Ամեն անգամ, երբ մի նոր փոփոխություն էր նկատում նրա մեջ դեպի լավը, դեպի ազնիվը և դեպի մարդավայելը, առաքինի կնոջ սիրտը լցվում էր անսահման բերկրությամբ։ Նա իսկույն վազում էր ամուսնու մոտ և պատմում էր իր որդեգրուհու նոր հառաջադիմությունը։ «Նրա մեջ թաքնված ձիրքեր և գեղեցիկ հատկություններ շատ կան», Ասում էր ամուսինը ոչ սակավ ուրախանալով, և տիկնոջ հույսերը ավելի հավանակություն էին ստանում։ Շատ օրեր, ժամերով նստած, պարապում էր նրա հետ, սովորեցնում էր գրել, կարդալ և զանազան ձեռագործներ։ Շատ անգամ ինքը պառկած էր լինում դիվանի վրա, նրան նստեցնում էր իր մոտ, բարձր ձայնով կարդալ էր տալիս և մեծ բավականությամբ լսում էր։ Վերջին ժամանակներում սկսեց պարապել նրա հետ մուզիկայով և նկարչությամբ, վերջինի մեջ թեև մի առանձին ընդունակություն չէր ցույց տալիս նա, բայց երաժշտության մեջ չափազանց ընդունակ գտնվեցավ։ Նրա բնականից գեղեցիկ ձայնը, մշակվելով, զարգանալով, սքանչացնում էր լսողներին։

Տիկնոջ դաստիարակության ոգին արտափայլեցավ նրա աշխատասեր աշակերտուհու ոչ միայն մտավոր և հոգեկան զարգացման վրա, այլև նրա բնավորության և բարոյական հատկությունների վրա: Օրիորդը նույնպես սիրում էր իր բարերարների հետ այցելել հիվանդներին, մտնել աղքատ շինականների խրճիթը և իր հացի վերջին պատառը բաժանել կարոտյալների հետ։

Նա մնաց անբաժան իր խնամակալներից և այն բոլոր ժամանակներում, երբ նրանք պաշտոնի առիթով ստիպված էին մի քաղաքից մյուս քաղաք, մի գավառից մյուս գավառ անցնել։ Իսկ երբ նրանք վճռեցին Սիբիր տեղափոխվել, այդ միջոցին նա ավելի ուրախ էր, ավելի բախտավոր էր համարում իրան։ Ի՞նչն էր, որ կապում էր խեղճ աղջկա սիրտը հեռավոր հյուսիսի հետ. ի՞նչն էր, որ քաշում էր նրան այդ կողմը։ Այդ գաղտնիքը հայտնի էր տիկնոջը, հայտնի էր և նրա ամուսնուն։ Ամեն անգամ, երբ ասում էին նրան, «Կգնանք Սիբիր, կտեսնենք նրան», խեղճ աղջիկը հրճվանքից սքանչանում էր և, ուրախության արտասուքը աչքերում, գրկում էր թե տիկնոջը և թե նրա ամուսնուն, համբուրում էր, անվերջ կերպով համբուրում էր և թափում էր նրանց առջև իր հոգու բոլոր շնորհակալությունները։ Թե՛ տիկինը և թե նրա ամուսինը՝ երկուսն էլ սիրում էին նրան, սիրում էին հարազատ զավակի նման։ Տիկինը սովորություն ուներ ասել, «Դա առաջ մի թանկագին, բայց անտաշ քար էր, ես ուրախ եմ, որ այդ դրության մեջ գտա նրան, որովհետև իմ ցանկացած թրաշը (գրան) և փայլը կարողացա տալ»։

Իսկ այն առավոտ ոչ սակավ վշտացավ նա, երբ, դուրս գալով մյուս սենյակը, գտավ օրիորդին պատուհանում նստած և լաց լինելիս։ Նա մոտեցավ և, փայփայելով նրա գեղեցիկ գլուխը, հարցրեց,

Ի՞նչ է պատահել քեզ հետ, սիրելիս։

Ոչինչ, պատասխանեց օրիորդը, վեր կացավ տեղից և սկսեց սրբել աչքերի արտասուքը։

Դու քեզ վա՞տ ես զգում։

Ոչ... գլուխս փոքր-ինչ ցավում է... Տիկինը գրկեց նրան, ասելով.

Հասկանում եմ... խե՜ղճ աղջիկ, դու շա՛տ տանջվեցար, երկար համբերեցիր... մի փոքր ևս համբերիր, այնուհետև վերջ կդրվի քո արտասուքին։

"Խաչագողի հիշատակարանը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Երկինքը ամպել է
Կոմիտաս

Երկինքը ամպել է

Արևելյան մոտիվներ, 1886
Արևելյան մոտիվներ, 1886
Խաղա առցանց