Րաֆֆի
Խաչագողի հիշատակարանը
1 - Գ
ՊԱՆԴԽՏՈՒԹՅՈՒՆ
Աշնան վերջը մոտեցավ։ Մեր գյուղր օրըստօրե ստանում էր տխուր կերպարանք։ Տերևաթափ այգիները կորցրին իրանց գեղեցկությունը, և մերկ դաշտերի գունաթափ երեսը ներկայացնում էր մի հիվանդոտ պատկեր։ Ամեն երևույթ տրամադրում էր դեպի տխրությունը։ Թռչուններն անգամ լուռ էին և շտապում էին շուտով թողնել այդ երկիրը, որ այլևս նրանց ուրախացնել կարող չէր։
Միևնույն զգացմունքներով լի էր և իմ սիրտը։ Հայրենի երկիրը ինձ համար բանտ էր դարձել։Ինձ թվում էր, որ բոլոր շրջապատող առարկաները այնքան ծանրացել էին իմ վրա, որ ճնշում էին, խեղդում էին ինձ, և շունչ առնելու հնար չկար: Ես կորցրել էի իմ ազատությունը։ Ես մի անբախտ փախստական և դեռ չպատժված հանցավոր էի։ Դրսից նեղացնում էր ինձ օրենքի ահն ու երկյուղը, իսկ ներսից խղճի խայթը...
Մայրս շուտով կարողացավ հասկանալ իմ դրությունը, նա խելացի կին էր և մի օր դարձավ դեպի ինձ այս խոսքերով.
Մուրադ, դու մեր երկրում անունդ կոտրեցիր... կեղծ դրամ դարձար... դու այլևս այստեղ չես մսխվի...
Այդ խոսքերի մեջ խառնված էր և՛ մոր սրտի կսկիծը, և՛ մի դառն հանդիմանություն, որի նմանը մինչև այնօր լսած չէի նրանից։
Ես այդ զգում եմ, մայրիկ, պատասխանեցի ես։ Ես այդ գիտեմ, որ կեղծ դրամը ճանաչված տեղում այլևս չի մսխվի , բայց այդ դրությունից ազատվելու համար չգիտեմ, թե ի՞նչ պետք է անեմ։
Դու պիտի գնաս օտար աշխարհ, տացե աստված, որ այնտեղ օրինավոր մարդ դառնաս...
Արտասուքը թույլ չտվեց նրան շարունակել իր խոսքը։ Նա թաշկինակը տարավ դեպի աչքերը, սկսեց դառն կերպով հեկեկալ։
Մայրս սկզբում ինձ բոլորովին անմեղ էր համարում, հավատացած էր, որ ես ոչնչով խառն չեմ վարպետիս արհեստանոցում կատարված գործի մեջ, և այդ պատճառով մխիթարվում էր, մտածելով, թե իր որդին թեև հալածվում է, թեև կասկածանքի ենթակա է, բայց արդար է։ Իսկ սկսյալ այն րոպեից, երբ ես իմ անրջային տագնապի մեջ արտասանեցի այն աղետալի խոսքերը, թե «ես եմ շինել այն բանալին» այդ րոպեից նա համարում էր ինձ գող, ավազակ կամ ավազակ ների ընկեր։ Ես առիթ չունեցա նրան բացատրելու գործի իսկությունր, որովհետև կոտրված սրտին խիստ ծանր էր լսել, իր կարծիքով, արդեն փչացած, անբարոյականացած և հանցավոր որդու դառն խոստովանությունները... Այդ մասին նա խոսացել էր միայն քավոր Պետրոսի հետ, իսկ քավոր Պետրոսը ի՞նչ էր ասել նրան, ինձ հայտնի չէր։ Միայն մորս վերջին խոսքերից, որ ասաց ինձ, թե «դու պիտի գնաս օտար աշխարհ, տացե աստված, որ այնտեղ օրինավոր մարդ դառնաս», ես հասկացա, որ արդեն վճռված էր իմ մասին՝ հեռանալ հայրենիքից։ Ես հարցրի.
Մինչև այսօր օտար երկիր չեմ տեսել, ո՞ւմ հետ գնամ։
Նա պատասխանեց.
Մեր քավոր Պետրոսը գնում է, դու էլ պիտի գնաս նրա հետ։
Ես ուրախացա։Իսկ այդ բառերը արյան հետ բխեցին մորս սրտից։ Մինչև այսօր հիշում եմ, թե որքան գունաթափ ու որքան տխուր էր նրա դեմքը այդ խոսքերն արտասանելու րոպեում։ Բարեսիրտ մայր, նրան խիստ դժվար էր բաժանվել արդեն փչացած որդուց.... Բայց մի՞թե փչացած էի ես։ Այդ հարցը դժբախտաբար մնաց անորոշ...
Մորս փոքրիշատե մխիթարում էր այն միտքը միայ՛ն, որ իր որդուն հանձնում է մի փորձված և հավատարիմ բարեկամի ձեռքը, որպիսին քավոր Պետրոսն էր, և հույս ուներ, որ մի այսպիսի մարդու ձեռքում օտարության մեջ ես կուղղվեի և «օրինավոր» մարդ կդառնայի։ Բացի դրանից, նա մտածում էր, Որ թողնելով հայրենիքը (այսինքն՝ իմ հանցանքի գործված տեղը) և առժամանակ գնալով հեռավոր աշխարհ, ես եթե «օրինավոր» մարդ ևս չդառնայի, գոնե իմ կյանքը կազատեի օրենքի և դատաստանի դատապարտությունից, որը, քավոր Պետրոսի ասելով, պիտի վերջանար կախաղանով։
Իմ մենտորի հետ մենք մի քանի օր առաջ արդեն վճռել էինք իմ պանդխտության մասին։ Մեզ մնում էր միայն ստանալ մորս համաձայնությունը։ Այղ ևս այժմ կայացավ։ էլ ի՞նչը կարող էր այնուհետև պահել ինձ հայրենի երկրում; Բայց ես մոռացել էի մի բան՝ Սառայի սիրտը։ Մի՞թե կարող էի նրանից բաժանվել։ Այդ միտքը սկսեց տանջել ինձ։
Այն օրից, որ վերադարձել էի մեր գյուղը, ես պահվում էի Սառայենց տանը։ Սառան ամեն կերպով մխիթարում էր իմ դժբախտությունը, գրկում էր, համբուրում էր ինձ, ծած կում էր ինձանից իր տխրությունը, աշխատում էր միշտ ուրախ ձևանալ, որպեսզի ինձ ևս ուրախացնե։
Մինչև վերջին օրը նրանից ծածուկ էի պահում իմ օտար երկիր գնալու խորհուրդը։ Ես միշտ երևակայում էի, թե որ քան ծանր ազդեցություն պիտի աներ խեղճ աղջկա սրտին, երբ հանկարծ կլսեր, որ ընդերկար բաժանվելու է ինձանից։ հայց, իմ ակնկալության հակառակ, նա շուտով հաշտվեցավ այդ մտքի հետ։
Այն գիշերը, որի առավոտյան ես պիտի ճանապարհ ընկնեի, նա մտավ իմ սենյակը։ Տխրամած դեմքից արդեն նշմարվում էր, թե սիրտը որպիսի ալեկոծության մեջ է։ Բայց աշխատում էր զսպել իր խռովությունը։ Կատարվող պատրաստություններից նա արդեն հասկացել էր բոլորը։
Մուրադ, եղավ նրա առաջին խոսքը, դու գնում ես օտար երկիր և այդ մասին ինձ ոչինչ չե՞ս ասում։
Դու ո՞րտեղից գիտես։
Մանիշակը ասաց ինձ։
Մանիշակը իմ մեծ քույրն էր. երևում էր, մորիցս տեղեկանալով, հաղորդել էր Սառային։ Ես չթաքցրի նրանից, հայտնեցի, թե վաղ առավոտյան,դեռ լույսը չծագած, պետք է ճանապարհ ընկնեմ։
Խորին ցավակցությամբ սպասում էի, որ նա կսկսեր լաց լինել, կսկսեր աղաչել, պաղատել, որ ես չբաժանվեմ, չհեռանամ նրանից։
Դրանցից ոչ մեկը չեղավ։ Սառան խելացի աղջիկ էր, ավելի խելացի, քան թե ներում էր նրա հասակը և կրթությունը։ Նա բոլորովին նախապատրաստված էր եկել ինձ մոտ, իր սրտի բոլոր ամրությամբ և իր հոգու բոլոր քաջությամբ։ նրա արյունով լցված գեղեցիկ աչքերից նկատեցի ես, որ առաջուց թաքուն այնքան լաց էր եղել, այնքան տանջվել էր, որքան բավական էր իր սիրտը հանգստացնելու համար։ Իսկ ինձ մոտ աշխատում էր որքան կարելի էր սառնասիրտ երևալ, մխիթարել ինձ, որովհետև ես ավելի անբախտ էի, քան թե նա։
Երևի դու շատ պիտի տխրես, Աառա, որ ես գնում եմ օտար աշխարհ, Հարցրի ես։
Ընդհակառակն, ես շատ ուրախ եմ, պատասխանեց նա։ Օտար աշխարհ գնալով, դու միշտ իմը կլինես և ինձ համար կպահվես։ Իսկ այստե՜ղ...
Այստեղ ի՞նչ կլինեմ։
Այստեղ կարող եմ կորցնել քեզ...
Այդ երկյուղը հաշտեցնում էր Սառային ինձանից անջատվելու դրության հետ։ Նրա նշանածը մի հանցավոր էր, դատապարտության մատնված մի փախստական էր, բավական էր, որ բռնեին նրան, և Սառան այնուհետև հավիտյան պետք է զրկված լիներ սիրած տղամարդից։ Իսկ օտարության մեջ ես կպահվեի, այնտեղ չէր հասնի օրենքի և դատավորի ձեռքը, իմ կյանքը ապահովության մեջ կլիներ, և այդ բավական էր Սառայի համար։
Նա միայն հարցրեց.
Շա՞տ կուշանաս; Մուրադ։
Աստված գիտե։ Կարելի է շատ...
Իմ պատասխանը չվախեցրեց նրան, և խորին զգացմունքով պատասխանեց նա.
Ես քեզ կսպասեմ, ես քեզ չեմ մոռանա... Ես քեզ միշտ կսպասեմ... եթե մինչև տասն տարի, քսան տարի էլ ետ չգալու լինես, ես դարձյալ կսպասեմ քեզ։ Իսկ դու։
Ես երդվեցա, ասելով.
Եթե ես քեզ մոռանալու լինեմ, Սառա, թող աստված էլ ինձ մոռանա։ Ես միշտ քոնն եմ եղել և քեղ համար կմնամ մինչև այն օրը, երբ աստված կրկին կարժանացնե մեզ միմյանց տեսնելու։
Նա մոտեցրեց ինձ իր երեսը, և մեր շրթունքը երկար չէին բաժանվում միմյանցից։ Հետո դրեց իմ գլխին իր մատներով նախշած մի արախչին, տվեց մետաքսով բանված մի քսակ, որ նույնպես իր ձեռագործն էր, և որը սովորաբար տալիս են հարսնացու աղջիկները իրանց ապագա ամուսիններին, երբ նրանք օտար աշխարհ են գնում իրանց բախտը փորձելու համար, որպեսզի նրանց աշխատանքն ու վաստակը արղյունավո լինի։
Ես ուրիշ բան չունեմ, Մուրադ, Ասաց նա խիստ զգալի կերպով, դրանք քեզ մոտ հիշատակ եմ թողնում:
Ապա ես ի՞նչ տամ քեզ հիշատակի համար։
Քո սիրտը, այդ բավական է ինձ։
Նա բոլորովին քեզ է պատկանում։
Աքաղաղները սկսեցին կանչել։ Գիշերի կեսից անցել էր արդեն։ Բայց Սառայենց տանը դեռ ոչ ոք չէր քնել։ Մայրս ու քույրերս այնտեղ էին և Սառայի հոր հետ պատրաստում էին իմ ճանապարհի իրեղենները։ Նրանք գիտեին, որ Սառան ինձ մոտ է, բայց հակառակ տեղային սովորության, ծնողական բարի ներողամտությամբ թույլ էին տալիս մեզ, որ գոնե մեր բաժանման վերջին րոպեներում խոսեինք, երկար խոսեինք միմյանց հետ։
Երբ աքաղաղները երկրորդ անգամ սկսեցին կանչել, այդ միջոցին ներս մտավ Սառայի հայրը։
Զավակս, Ասաց նա դառնալով դեպի ինձ, ճանապարհ ընկնելու ժամանակ է։
Սառան այլևս չկարողացավ դիմանալ, թաշկինակով աչքերը բռնեց և դուրս եկավ սենյակից։ Հոր ներկայությամբ պարկեշտության կանոնները չէին ներում նրան ո՛չ ուրախանալու և ո՛չ լաց լինել սիրած տղամարդի համար։
Ես ապշած մնացի, չգիտեի ի՛նչ անել։
Ճանապարհ ընկնելու ժամանակ է, կրկնեց Սառայի հայրը։
Այսպես վա՞ղ, Հարցրի ես մեքենայաբար։
Դեռևս ուշ է, պատասխանեց նա։ Դու այնպիսի ժամանակ պետք է ճանապարհ ընկնես, որ բոլոր գյուղացիները քնած լինեն, որ ոչ ոք քեզ չտեսնե։
Ես շուտով հագնվեցա և դուրս եկա այն սենյակը, ուր մայրս և քույրերս սպասում էին ինձ։ Այնտեղ եկավ և Սառայի հայրը։
Ախ, երանի թե գիտենայի այսօր ինչպիսի օր է, Հարցրեց մայրս։
Բարի է, պատասխանեց Սառայի հայրը։ Տերտերից հարցրի, էֆեմերդիին մտիկ տվեց, ասաց՝ բարի է, ճանապարհ գնալու համար, նոր հագուստ ձևել տալու համար, երակներից արյուն բաց թողելու համար և այլն։
Տեր հոր գուշակությունը բավական մխիթարեց մորս։ Նա մի ամբողջ շաբաթ զբաղված էր իմ ճանապարհի պատրաստություններով և սպասում էր մի բարի րոպեի, որ ես ոտքս դուրս դնեի հայրենական տնից։
Ոստիկանության ֆերրաշները, սարվազները մեր տանը ոչինչ չէին թողել, բոլորը կողոպտել, բոլորը տարել էին։ Մնացել էր մի կով միայն, որի վրա մեր ընտանիքը դրել էր իր ապրուստի հույսը։ Այդ կովը ևս մայրս վաճառել էր տվել և ինձ համար գնել էր մի ավանակ, որպեսզի ես ոտքով չճանապարհորդեմ, որպեսզի ես ճանապարհին չհոգնեմ։ Թանկագին մայր, տակավին ո՞րքան սեր, ո՞րքան գութ էր մնացել սրտում դեպի անառակ, դեպի մոլորյալ որդին...
Կարգադրված էր, որ ես առանձին պետք է գյուղից դուրս գայի և մի նշանակյալ տեղում միանայի քավոր Պետրոսի հետ։ Այդ այն մտքով էր, որ քավոր Պետրոսին ճանապարհ դնողները կամ նրա բարեկամները ինձ չտեսնեին։
Իմ փոքրիկ խուրջինը դրեցին ավանակի վրա, և մենք դուրս եկանք բակի դռնից։ Գիշերային խավարը սարսափելի էր։ Ամպամած երկնքի վրա ոչ մի աստղ չէր երևում։ Հանդարտ, առանց շշուկ բարձրացնելու մենք անցնում էինք դատարկ փողոցների միջով, աշխատելով չզարթեցնել դրացիներին։ Մայրս, քույրերս, Սառան և նրա հայրը երկար չբաժանվեցան ինձանից։ նրանք եկան ինձ հետ, մինչև գյուղից դուրս եկանք և բավական հեռու գնացինք։ Վերջապես հասանք նշանակյալ տեղը, ուր քավոր Պետրոսը միայնակ կանգնած սպասում էր մեզ։ Ես երբեք չեմ մոռանա այս խոսքերը, որ բաժանման րոպեում մայրս արտասուքի հետ դուրս էր հեղում.
Հայրդ գնաց օտար աշխարհ և կորա՛վ, Մուրադ, Ասում էր նա ինձ յուր գրկում սեղմած ունենալով. Այժմ դու ես մնացել քո հոր օջախի մի՛ակ հույսը... մի՛ մոռացիր, թե ո՞րքան թշվառություններ կրեցինք մենք... մի մոռացիր, որ դու անբախտ մայր ունես և որբ մնացած քույրեր... Մեր ամենի հույսը քեզ վրա է դրված, Մուրադ, աշխատիր, որ մեզ խղճության մեջ չթողնես։
Հետո նա հանձնեց ինձ իմ մենտորին, ասելով.
Որդուս քեզ եմ հանձնում, քավոր Պետրոս, նա հայր չունի, դու նրա վրա միշտ հայրական խնամք ես ունեցել: Քո բարի խրատներով ուղղիր նրան, որ լավ մարդ դառնա, որ լավ անվան տեր լինի։
Քավոր Պետրոսը խոստացավ, որ իր աչքի լույսի պես կպահե, կպահպանե ինձ և այնպիսի մարդ կդարձնե ինձ, որ ամեն մի տեսնող երանի կտա իմ հորն ու մորը, որ ինձ նման խելացի ու շնորհալի զավակ ունեն։
Բաժանման րոպեն հասավ։ Ես մոտեցա և համբուրեցի Սառայի հոր աջը։ Նա ևս իր կողմից շատ խրատներ տվեց ինձ և շատ բաներ ասաց։ Ես բոլորը մոռացա, միայն մի խոսք հիշում եմ մինչե այսօր, երբ նա իր դստեր ձեռքը տալով իմ ձեռքի մեջ, ասաց.
Չմոռանաս դրան, Մուրադ, դրա սերը պետք է առաջնորդե քեզ հառաջադիմության ճանապարհի վրա. դրա սերը պետք է վաոե քո եռանդը, պետք է ուժ և զորություն տա քեզ արիությամբ անցնելու այն բոլոր խոչընդոտները, որ պիտի հանդիպեն քեզ քո պանդխտության մեջ...
Մայրս կրկին և կրկին անգամ համբուրեց ինձ։ Քույրերս սկսեցին լաց լինել, երբ տեսան իրանց մայրը լաց էր լինում, ես նույնպես չկարողացա պահել իմ արտասուքը։ Համբուրեցի քույրերիս, համբուրեցի Սառային։ Մենք բաժանվեցանք։ նրանք երկար կանգնած նայում էին մեր ետևից, բայց գիշերային խավարը թույլ չէր տալիս միմյանց տեսնել...