Րաֆֆի

Խաչագողի հիշատակարանը

4 - Բ

ԵՐԿՐՈՐԴ ԳԻՇԵՐ

Ավազակապետի պատմությունը այնքան գրավել էր իմ ուշադրությունը, որ ամենևին չէի նկատել, թե գիշերը աննկատելի կերպով անցել էր։ Երբ արեգակի առաջին շառավիղները ներս ցոլացին մեր արգելանոցի նեղ լուսամուտներից, այդ ժամանակ դռները բացվեցան, և պահապանների կոպիտ ձայնը ընդհատեց հետաքրքիր պատմությունը։ Մեզ խումբով դուրս քաշեցին դեպի հանքերը աշխատելու։

Ավազակապետը ամբողջ օրը լուռ էր, նրա քաջազնական դեմքը պատած էր մի խորհրդական մռայլով։ Ես անհամբերությամբ սպասում էի գիշերին, որ լսեմ նրա պատմության շարունակությունը։

Բայց ինձ ավելի զարմացնում էր նրա անձնավորությունը, այդ անունը՝ «ավազակապետ», ամենևին սազ չէր գալիս նրան, նրա մեջ կային շատ գեղեցիկ հատկություններ, նա ուժեղ էր, որպես Հերքուլես, և մեծահոգի ու բարի էր որպես մի ազնիվ հերոս։ Նա ոչ միայն ուներ մի առանձին սեր դեպի ինձ, այլ թշվառականների ամբողջ հասարակության վրա նայում էր խորին ցավակցությամբ։ Այդ պատճառով բոլորը հարգում էին նրան։

Ավազակապետը անկիրթ ևս չէր. նրա բավական մշակված լեզուն և առողջ դատողությունները ցույց էին տալիս, թե ինքը գրագետ ոմն էր։ Ո՞րտեղից պետք է ուսած լիներ, երբ նրա ժամանակ Ղարադաղում չկար ոչ մի դպրոց։ Այդ հարցին պատասխանեց նա, թե իր պատանեկության ժամանակ Հայրը ուղարկեց նրան Տաթևի վանքը, ուր մնաց նա ամբողջ վեց տարի։ Այդ վանքում մեծ հռչակ էր ստացել մի վարդապետ որպես քաջ հայկաբան, ճարտասան և աստվածաբան։ նրա մոտ ուղարկում էին ղարադաղցիք իրանց զավակներին։ Նրա աշակերտների թվում ուսանում էր և ինքը։

Այնօր աշխատությունից արձակեցին մեզ սովորականից խիստ վաղ, որովհետև հետևյալ օրը տոն էր։ Մենք խումբով անցնում էինք մեծ փողոցի միջով, որի երկու կողմերում միմյանց մոտ շարված էին փոքրիկ խանութներ։ Այդ խանութներում ծախվում էին ըստ մեծի մասին այնպիսի վաճառքներ, որ պետք էին աքսորականներին, զինվորներին, տեղային պաշտոնատարներին, հանքային արհեստավորներին, վարպետներին և այլ ծառայողներին։ Մանրավաճառների խանութների շարքում կային դարբնոցներ, հացթուխներ, դերձակներ, գինետներ, խոհարարներ և ուրիշ պիտույքների կրպակներ։

Փողոցը լիքն էր մարդիկներով։ Հետևյալ օրվա տոնի համար ամեն ոք գնում էր ինչ որ իրան պետք էր։ Բայց իմ ուշադրությունը գրավեց մի մուրացկան, որ, մի խանութից մյուսը անցնելով, ողորմություն էր խնդրում։ Հնացած, պատառոտած, կիսակարկատ ցնցոտիներից շատ տեղ երևում էր նրա մարմնի մերկությունը։ Մի նույնպիսի հնամաշ տոպրակ ուսից քաշ էր ընկած։ Գլուխը կռացած մինչև գետին, իսկ քամակից բարձրացել էր մեջքի ահագին կուզը։ Իր դողդոջուն մարմինը հազիվհազ կարողանում էր ոտքի վրա պահել, նեցուկ տալով կուրծքին ձեռքի ցուպը։ Նա կաղկաղալով քարշ էր գալիս մի խանութի դռնից դեպի մյուսը և ցավալի ձայնով մրմնջում էր, «Ողորմություն արեք, պարոններ, հիվանդ, սոված աղքատին»։ Ամեն մի անգութ սրտի վրա կարող էր ազդել նրա դառն հառաչանքը։

Երբ նա տեսավ աքսորականների խումբը, մոտեցավ։ «Դուք ավելի թշվառ եք, քան թե ես» ասելով, սկսեց իր հավաքած գրոշները բաժանել նրանց։ Նա դրեց և իմ ափի մեջ երկու հատ հինգկոպեկանոց։ Այդ ժամանակվա հինգ կոպեկանոցները այնքան մեծ էին, որ կարող էին իշի նալի հետ մրցել։ Ես նայեցա մուրացկանի երեսին և շվարած մնացի... Ավազակապետը իմ կողքին կանգնած էր։ Երբ մուրացկանը հեռացավ, նա ասաց.

Այդ դեմքը ծանոթ է ինձ...

Ես ոչինչ չպատասխանեցի։

Մի՞թե նա այժմ կաղ է դարձել և մեջքին կուզ ունի, Ասաց նա ինքն իրան։

Տեսնելով, որ ավազակապետը ճանաչեց մուրացկանին, ես այլևս չթաքցրի նրանից, պատասխանեցի.

Նրա ոտները քո և իմ ոտներից ավելի ուղիղ են, մեջքն էլ՝ նույնպես, միայն նա այնպես ձևացրել է իրան։ Այդ մարդիկը հարկավորած ժամանակ գիտեին իրանց կույր, կաղ, սապատող ձևացնել։ Տեսա՞ր նրա խառնված մազերը, խճճված մորուքը, ողորմելի երեսը, բոլորը շինծու էր։

Այդ երեսը ծանոթ է ինձ, դարձյալ կրկնեց ավազակապետը։

Ո՞րտեղ ես տեսել նրան։

Հետո կպատմեմ...

Խումբը անցավ։ Ես մուրացկանից ստացած երկու հատ հինգկոպեկանոցները դրեցի գրպանս, այնտեղ մատներով շոշափեցի, հայտնվեցավ, որ հինգկոպեկանոցերի մեջտեղում դրած էր բոլորակ ձևով ծալած թղթի կտոր։ Առանց կարդալու, արդեն երևակայում էի, թե ինչ պետք է գրված լիներ այն թղթի վրա, որ խորհրդավոր ծրարի մեջ հասցրեց ինձ մուրացկանը։ Այսուամենայնիվ, մի պատեհ ժամանակ էի որոնում, որ կարդամ թուղթը։

Երբ հասանք մեր արգելանոցը, արդեն մութն էր, ճրագները վառվում էին։ Ես առիթ գտա թուղթը կարդալու։ Նրա մեջ գրված էին հետևյալ տողերը. «Մուրադ, ամեն ինչ կարգադրված է քո փախուստի համար։ Հուսով եմ, որ դու այժմ կհետևես իմ խորհուրդներին։ Դու երկրորդ անգամ ինձանից նամակ կստանաս և նրա համեմատ կվարվես։ Պետրոս»։

Նամակը կարդացի ես մի այնպիսի տեղում, ուր թույլ են տալիս կալանավորներին մենակ մտնել։ Պատին կպցրած էր մի ճրագ, թուղթը բռնեցի ճրագի վրա և քավոր Պետրոսի խորհրդավոր ազդարարությունը մի վայրկյանում ոչնչացավ։

Ինձ հետաքրքրում էր ավազակապետի այն խոսքը, թե մուրացկանի դեմքը նրան ծանոթ էր։ Ես համոզված էի, որ անպատճառ այդ ծանոթության հետ կապված կլիներ մի ամբողջ պատմություն։ Որովհետև քավոր Պետրոսը այն պտուղներից չէր, որ նրան ճաշակելը մնար առանց հետևանքի։

Գիշերը, երբ մեզ տեղավորեցին մեր կացարաններում, ես խնդրեցի ավազակապետից, որ պատմե, թե ինչ առիթով ծանոթ է եղել ծպտյալ մուրացկանի հետ։ Նա հաճությամբ կատարեց իմ խնդիրքը։

«Դու հիշո՞ւմ ես, մի անգամ պատմեցի քեզ, որ իմ պատանեկության հասակում հայրս ուղարկեց ինձ Տաթևի վանքը ուսում առնելու։ Այդ միջոցներում լուր տարածվեց, թե Որոտնա վանքում հայտնվել է մի հրաշագործ ճգնավոր։ (Որոտնա վանքը հեռու է Տաթևի վանքից կես օրվա ճանապարհով միայն։) ճգնավորի մասին խոսում էին, թե նա ոչ ուտում է, ոչ խմում է, այլ լիացած է սուրբ հոգու շնորհով, թե նրա կերակուրը մշտական աղոթքներն են։ Նրա մասին պատմում էին զանազան հրաշքներ, այդ պատճառով ամեն կողմից կույրեր, կաղեր և զանազան տեսակ հիվանդներ դիմում էին վանքը՝ ճգնավորից բժշկություն գտնելու համար։

Լսելով ճգնավորի համբավը, իմ հինգ տարի շարունակ անդամալույծ մայրս հանգստություն չէր տալիս ինձ։ Անդադար տնից նամակ էի ստանում, որ գնամ մորս բերեմ ճգնավորի մոտ։ Նա էլ ցանկանում էր առողջանալ և ամուր ոտների վրա ման գալ։ Հայրս էլ նույնն էր ցանկանում։ Ես ստիպվեցի առժամանակ ընդհատել իմ ուսումը, Տաթևի վանքից գնացի մեր տունը մորս բերելու համար։ Հայրս դրեց մեզ հետ ամեն բան, ինչ որ արժան էր վանքին ընծա տանելու համար։

Որոտնա վանքը հասնելուց երկու օրից հետո մեզ թույլ տվեցին այցելել ճգնավորի մոտ։ Մենք գտանք նրան իր ձեռքով ապառաժի մեջ փորած մի քարանձավում, ուր նա ապրում էր, ուր սովորություն ուներ աղոթելու և իր անձը զանազան ճգնություններով տանջելու։ Այնտեղ տարավ մեզ վանքի աբեղաներից մեկը։ Ճգնավորը այդ միջոցին աղոթքով զբաղված չէր, այլ նստած էր իր խուցի մեջ, բոլորովին մերկ քարահատակի վրա, և թևքի արմունկը դնելով մի քարի կտորի վրա, որ նրան բարձի տեղ էր ծառայում, ձեռքը նեցուկ էր տրված գլխին, և կիսաթեք դրության մեջ նրա բաց աչքերը անշարժ հառած էին դեպի քարանձավի առաստաղը։ Այդ դրության մեջ, կարծես նրա միտքը վերասլացել էր դեպի երկինքը, և տիրել էր նրան խորին, սրբազան հափշտակություն։ Այնպես որ, նա ամենևին չզգաց, երբ մայրս մոտեցավ և համբուրեց նրա հագուստի քղանցքը։

Հագուստը խիստ պարզ էր. կոշտ մազից գործված սև բաճկոնը իջնում էր մինչև ոտները, մեջքը պնդած էր նույնպես մազե սև չվանով։ Տրեխներ կամ հողաթափեր չէր հագնում, բոբիկ ոտներով էր ման գալիս։ Գլուխը բաց էր, բայց չկտրված և չսանրված մազերը այնքան երկարացել և աճել էին, որ պահպանում էին նրա գագաթը թե ցրտից և թե՛ արևի տոթից։ Խճճված մորուքը խառնվել էր գլխի մազերի հետ և տալիս էր նրա դեմքին ահռելի կերպարանք։ Երեսը գունաթափ և հիվանդոտ էր։

Տեսնելով, որ ճգնավորը ոչ շարժվում է, ոչ խոսում է և ոչ փոխում է իր նստվածքի ձևը, մենք կարծեցինք, թե նա քնած է։ Բայց աբեղան ասաց.

Նա քնած չէ, տեսնո՞ւմ եք, աչքերը բաց են, միայն հոգով բարձրացել է երկինքը։

Մայրս խնդրեց, թե կցանկանար, որ ճգնավորը տեսներ նրան։ Աբեղան պատասխանեց.

Մենք, մեղավոր ադամորդիներս, տեսնում ենք աչքերով, բայց նա տեսնում է հոգով։

Հետո աբեղան խորհուրդ տվեց մորս, որ մոտենա ճգնավորին, բռնե միայն նրա հագուստի դրոշակը, և նա կասե, ինչ որ ոգիները կներշնչեն նրան։

Ես օգնեցի մորս մոտենալ, նա կատարեց աբեղայի պատվերը։ Նույն րոպեում ճգնավորը մի անսովոր շարժում գործեց և, չփոխելով իր առաջվա դրությունը, արտասանեց մի քանի անկապ խոսքեր.

«Խնկի ծառը բուսել է... գլխին պսակ հյուսել է... տասն երկու ճյուղ է արձակած...ամեն մի ճյուղի վրա... մի-մի հրեշտակ է նստած... բայց բոլորից վերևը... սուրբ տիրամայրն է նստած... գրկին մանուկ է բռնած... լույս մազերով զարդարած... Մորս աչքերում արտասուք... սիրտը վշտերով լցված... մանկան ձեռքին է մի խաչ... դեմքը պայծառ է դարձած... արտասուքը սրբություն... իսկ խաչը մեզ փրկություն... Մայրն ու որդին խոստանում»։

Ճգնավորը լռեց։ Աբեղան բացատրեց մեզ նրա պատգամախոսության իմաստը, թե սուրբ տիրամայրը և որդին «փրկություն» են խոստանում։ Մայրս ուրախացավ, կրկին համբուրեց ճգնավորի հագուստի դրոշակները, և մենք երկյուղածությամբ հեռացանք։

Այնուհետև անցան մի քանի ամիսներ, ճգնավորի մասին շատ անգամ լսվում էին այսպիսի խոսքեր, թե նրա ժամանակը մոտեցել է, թե նա երկար չէ մնալու երկրի վրա, թե հրեշտակները նրան իրանց մոտ են կանչում, թե նա մի օր կանհայտանա, թե նրա վախճանը Մովսեսի և սուրբ Լուսավորչի նման կլինի, որ ժողովուրդը նրա մարմինը չգտնե և պաշտելու առարկա չդարձնե։

Եվ իրավ, ճգնավորը անհայտացավ։ Ո՞ւր գնաց, ոչ ոք չգիտեր։ Միայն ժողովրդի մեջ տարածվեցան զանազան կարծիքներ, ոմանք համարում էին նրան Ենովքի և Եղիայի նման երկինքը բարձրացած, ոմանք ասում էին, թե նա առանձնացել է մի սարում, իր կյանքի վերջին օրերը խստակեցությամբ անցկացնելու և իր անձը բոլորովին աստծուն նվիրելու համար։ Ոմանք պատմում էին, թե նրան տեսել են այսինչ տեղում, լույսի ճաճանչներով պատած, երբ մոտեցել են, նա աներևութացել է։ Վերջապես, շատ այսպիսի խոսքեր էին ասում, իսկ նրանցից ո՞րն էր ճշմարիտ, աստված գիտե»։

Ավազակապետի պատմությունը թեև շատ հետաքրքրական էր,

Բայց ինձ ամենևին չէր զարմացնում։ Ես քավոր Պետրոսին լավ էի ճանաչում, նրա համար այս և այն կերպարանք ընդունելը, այս և այն ձևի մեջ մտնելը խիստ սովորական բան էր։ Միայն ինձ անհավատալի էր թվում մի բան, արդյո՞ք քավոր Պետրոսը միևնույն անձնավորությունն էր, որին տեսել էր ավազակապետը ճգնավորի քարանձավի մեջ և ի՞նչ ապացույց ուներ այսպես կարծելու։ Դեմքի նմանությունը բավական չէր. մանավանդ քավոր Պետրոսի դեմքը այն Ժամանակից հետո պետք է բավական փոխված լիներ։ Երբ այդ հարցերը առաջարկեցի, ավազակապետը պատասխանեց.

Նրան կոչում էին «ականջը կտրած» ճգնավոր, պատմում էին, թե նա մի անգամ գերի է ընկել անօրենների ձեռքը, նրան տանջել են, ստիպել են հավատքը ուրանալ, նա մերժել է, և այդ պատճառով ականջները կտրել են։ Այդ չարչարանքի համար նրան համարում էին մի տեսակ նահատակ։ Եվ ես նկատեցի, որ մեր տեսած մուրացկանի երկու ականջների ծայրերը կտրված էին։ Բացի դրանից, ճգնավորի բազուկների և ձեռքերի վրա Երուսաղեմի ուխտավորների դրոշմը կար։ Նույնը ես նկատեցի մեր տեսած մուրացկանի ձեռքերի և բազուկների վրա։

Նշանները ուղիղ էին։ Իրավ է, Պարսկաստանում մի փոքրիկ գողության համար քավոր Պետրոսի երկու ականջների ծայրերը կտրել էին։ Այդ պատիժը ստացել էր նա իր երիտասարդ հասակում։ Եվ թե նա Երուսաղեմի ուխտավոր է եղել, այդ նույնպես ուղիղ էր։

Բայց ի՞նչ նպատակով թափառում է այդ մարդը հե՛ռավոր հյուսիսում, խոսեց ավազակապետը, և ի՞նչ ողորմելի դրության մեջ էր նա։

Ես չգիտեի ի՞նչ պատասխանել, ես դժվարանում էի հայտնել ավազակապետին, թե ճանաչում եմ նրան, թե մեր մեջ եղել են երկար տարիների հարաբերություններ և թե նույն ճգնավորի առաջնորդությամբ ես մի այնպիսի ծուռ ճանապարհի վրա դրվեցա, որ վերջը բերեց հասցրեց ինձ այնտեղ, ուր տանջվում են հանցավորները միայն։ Ես չհայտնեցի նաև, թե նա ինձ համար էր մտել այն ողորմելի կերպարանքի մեջ և ինձ համար է թափառում դատապարտյալների բնակության մերձակայքում։ Ես ծածկեցի նրանից և այն, որ խորհրդավոր մուրացկանը, մոտենալով մեզ, հինգ կոպեկանոցների հետ տվեց ինձ մի թուղթ։ Այդ բոլորը ծածկեցի իմ ամենալավ ընկերից, որովհետև դեռ մտատանջության մեջ էի, դեռ չգիտեի, թե ինչ պիտի պատասխանեմ քավոր Պետրոսի առաջարկությանը։

Ի՞նչ պետք է պատասխանեի։ Մերժեի՞, ընդունեի՞, ոչ մեկը վճռել չէի կարողանում։ Նա եկել էր ինձ ազատելու, նա անցել էր հարյուրավոր մղոններ, հազարավոր վերստեր, նա դեռ չէր մոռացել ինձ, դեռ մտածում էր ինձ համար։ Բայց ի՞նչ նպատակով։ Արդյո՞ք աշխատում էր հանգստացնել խղճի խայթը, որ ինձ մոլորության և դատապարտության մեջ ձգեց, թե կամենում էր ինձ նորից ձեռք առնել, որպես մի գործիք, որ նրան պակասում էր։ Մինչև ես այս մտատանջությունների մեջ էի, ավազակապետը ասաց.

Ես նրան երրորդ անգամն է, որ հանդիպում եմ։

Առաջին անգամն որպես ճգնավոր, վերջին անգամ որպես մուրացկան, իսկ մյո՞ւսը, Հարցրի ես։

Դա կապ ունի Սանամի անցքի հետ, հետո կպատմեմ քեզ։

"Խաչագողի հիշատակարանը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Սամարիա
Էլեն Յոլչյան

Սամարիա

Արևելյան մոտիվներ, 1886
Արևելյան մոտիվներ, 1886
Խաղա առցանց