Րաֆֆի

Խաչագողի հիշատակարանը

3 - Գ

ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Երբ առաջ լսում էի այդպիսի խոսակցություններ, ես ոգևորվում էի, իմ սիրտը լցվում էր կատաղի նախանձով, իմ եռանդն ավելի և ավելի բորբոքվում էր, և ես մտածում էի. «Ե՞րբ կլինի, որ ես էլ պարծենալով պատմեմ իմ քաջագործությունները»... Իսկ այժմ ինչո՞ւ այդպես սառեց իմ սիրտը, ինչո՞ւ այդպես անզգայացավ նա։ Այլևս ինձ չէր գրավում խաչագողի փառքը, այլևս ես չէի հրապուրվում չար գործի քաղցր մոլորությունով։ Կարծես թե իմ զորությունը թուլացել էր, կարծես թե իմ մեջ հանգել էր այն կրակը, որի առաջին վառողը եղավ մի երևելի չարագործ... Ինձ տիրել էր մի տեսակ վհատություն, մի տեսակ հիվանդոտ ձանձրույթ։ Ես փախչում էի գործից, փախչում էի աշխատանքից...

Որտեղի՞ց ծագեց այդ փոփոխությունը։

Ես ինքս չգիտեի, բացատրել չէի կարողանում, միայն զգում էի, որ իմ մեջ դեռ մնացել էր աշխույժ եռանդ, բայց ոչ դեպի խաչագողի գործունեությունը։ Ես բոլորովին ոգով ընկած չէի։ Իմ սիրտը լցված էր ինչ-որ բանով, որը հետզհետե այնքան աճում էր, ընդարձակվում էր, որ արտաքսվում էր այնտեղից բոլորը, ինչ որ առաջուց մտցրել էր քավոր Պետրոսի սոսկալի դաստիարակությունը... Բայց ի՞նչ էր այդ՝ ինքս էլ չէի հասկանում։

Երբ առաջ ինձ աջողվում էր կատարել մի եղեռնագործությունք որքան սարսափելի լիներ նա, որքան խառնված լիներ արյունով, այնքան ավելի բերկրություն էր բերում ինձ: Իսկ այն օրից, երբ սպանեցի այն չարագործին և ազատեցի Նենեին, զգում էի, որ այդ սպանությունը այն չէր, ինչ որ ինձ շատ անգամ պատահել էր գործել։ Առաջինների զվարճությունը րոպեական էր, շուտով անցնում էր, իսկ այդ վերջին ուրախությունը քաղցր էր և տևողական։ Ես սպանելով՝ ազատել էի մի անմեղի կյանքը...

Առաջ ինչ որ անում էի, դարձյալ ուզում էի անել, չէի կշտանում, ոչ մի բանի մեջ բավականություն չէի գտնում։ Կարծես թե սիտս միշտ և միշտ դատարկ էր մնում։ Իսկ այժմ զգում էի, որ ավելի ուրախ եմ, սիրտս հանգիստ էր և գոհ, որպես թե, նա լիացած լիներ անսահման երջանկությամբ...

Ո՞րտեղից ծագեց այդ փոփոխությունը։

Երբ խաչագողները քնեցին, ես ամբողջ գիշեր քնել չկարողացա։ Իմ աչքերի առջևն էր Նենեն, նրա պատկերը ինձանից չէր հեռանում, միշտ նրան էի տեսնում և նրա մասին մտածում։ Ի՞նչ էր, որ իմ սիրտը կապեց այդ թշվառ աղջկա հետ։ Մարդու հոգեբանական գաղտնիքները դեռ անհասկանալի էին ինձ։ Ես Նենեի վերաբերմամբ ունեցած իր զգացմունքը բացատրում էի խիստ պարզ ու հասարակ պատճառներով, թե կյանքի մեջ մարդ իր արդյունաբերությունը ավելի է սիրում, ինչպես նա խիստ ախորժակով է ուտում այն երեի մսից, որ ինքն է որսացել, իսկ բազարից գնածը այն համը չունի։ Մարդ խնայողությամբ է ծախսում այն արծաթը, որ իր քրտինքի վաստակն է, իսկ ժառանգական հարստության հետ շատ անգամ շռայլաբար է վարվում։ Այնպես էլ քաղցր է մարդուս համար իր ձեռքով տնկած, հասցրած ծառի պտուղը։ Արդյոք այդ համեմատությունները ճի՞շտ էին, դրանցով կարելի՞ էր բացատրրել Նենեի վերաբերությամբ ունեցած իմ զգացմունքը...

Կյանքն ամեն բան սովորեցնում է մարդուն, իսկ դեպքերը նրա վարժապետն են դառնում։ Քավոր Պետրոսը ինձ սովորեցրեց ատել, ոչնչացնել, կողոպտել, հափշտակել, մի խոսքով, ուրիշին պատկանածը իրան սեփականացնելու համար չխնայել þ ոչ մի միջոց։ Ավազակությունը ամենամեծ զվարճությունն էր ինձ համար, որի մեջ ես զգում էի բախտի քաղցրությունը։ Ուրախություն էր պատճառում ինձ առանց քրտինքի պարպել ուրիշի քսակը։ Բայց այն օրից, երբ ես իմ քսակը առաջարկեցի ծերունի ձկնորսին և խնդրեցի նրանից պահել, պահպանեք Նենեին, այդ օրից ես վայելում էի մի ավելի մեծ բավականություն, որ երբեք ճաշակած չէի։

Քավոր Պետրոսը ինձ սովորեցրեց ատել, ոչնչացնել, բայց Նենեն սովորեցրեց սիրել, բարիք գործել։

Որքա՜ն գեղեցիկ բան է սերը։

Ես Սառային էլ էի սիրում, այժմ նույնպես սիրում եմ մանկության բարեկամին։ Բայց հանգամանքները բաժանեցին մեզ, տարիները ահագին անդունդ փորեցին մեր մեջ. մենք անջատվեցանք։ Ո՜րքան ժամանակ էր, որ չէի տեսել նրան, այժմ իմ հիշողության մեջ մնացել էր նրա մռայլ պատկերը միայն, թեև սրտիս մեջ տակավին չէր հանգել նրա սերը։ Սառան ինձ երևում էր այն բանի նման, որպես երեխային երազումը կտային մի խաղալիք, և նա կուրախանար, բայց հենց որ զարթնում է քնից, սկսում է տխրել, որ այն խաղալիքը այլևս չունի...

Առավոտյան խաչագողները զարթնեցան խիստ վաղ։ Որպես գործի մարդիկ, դեռ արևը չծագած, նրանք ոտքի վրա էին։ Մի քանիսը վեր առին կացինները, գնացին անտառը, փայտ կտրելու և ածուխ պատրաստելու, իսկ Նազարը, նրանց գլխավորը, մնաց խրճիթում իր երկու բանվորների հետ։

Ինձ երևում էր, որ նրանք խիստ ուրախ էին քավոր Պետրոսի հայտնվելով, և հարգում էին նրան, որպես իրանց պատրիարքին։ Իսկ ինձ դեռ մարդու տեղ չէին դնում, ինձ վրա նայում էին որպես մի անփորձ համբակի վրա։ Նազարը մեզ ցույց տվեց իրանց ստորերկրյա վիրապը, այնտեղ էր նրանց գործարանը։ Կեղծ թղթադրամը ահագին կապոցներով դարսված էր զանազան խորշերում։ Մեքենաները, մամուլները, ներկերը բոլորովին շլացրին իմ աչքերը։ Նազարը, գործարանի կառավարիչը, որ երկար ժամանակ Լոնդոնում սովորել էր այդ արհեստը և այդ բոլոր պարագայքը բերել էր այնտեղից, մի աո մի ցույց էր տալիս մեզ իր պատրաստությունները և նրանց գործածության ձևերը։ Իսկ այնօր չէին բանում, որովհետև գլխավոր մեքենապետը, որը մի հրեա էր, գնացել էր քաղաքը մի մեքենայի խանգարված մասը շինել տալու համար։ Հրեան միևնույն ժամանակ փորագրիչ էր, ընկերության մեջ դա էր միայն, որ օտարազգի էր։

Քավոր Պետրոսը արեց մի քանի նկատողություններ, հետո հարցրեց, թե ի՞նչպես էին ծախսում այդ թղթերը։ Նազարը պատասխանեց, թե թղթերը ծախսելու համար ընտրել են կայսերության ամենախուլ կողմերը, ուր ժողովուրդը դեռ գռեհկության մեջ է, ասաց, որ զանազան տեղերում ունեն գործակատարներ, որոնք փոխարինում են թղթերը գյուղացիների հետ, ստանալով նրանցից հում բերքեր, որպիսին են ալյուր, քաթան, կամ տնային անասուններ և այլն։ Այդ մթերքը վաճառվում է քաղաքներում։

Այդ ես տեսնում եմ, որ դուք գործ ունեք միայն գյուղացիների հետ, Ասաց քավոր Պետրոսը, դրա համար էլ ձեր թղթերը մանր տեսակներից են։ Բայց պետք է ընդարձակել գործը։

Թե ի՛նչպես պետք էր ընդարձակել, այդ մասին քավոր Պետրոսը ոչինչ չհայտնեց։ Նա առհասարակ սովորություն ուներ իսկույն չհայտնել իր միտքը։ Բայց նրա նկատողությունը ճիշտ էր, թղթերի տեսակները հասնում էին մինչև տասն ռուբլիանոցի միայն, որովհետև նրանք գործ ունեին մանր առևտրականների հետ։

Խաչագողները հենց նույն օրից ընդունեցին մեզ իրանց ընկերության մեջ։ Եվ որովհետև բոլորի պաշտոնները որոշված էին, քավոր Պետրոսին, որպես հմուտ և փորձված մարդ, կարգեցին ընկերության տեսուչ։ Իսկ ինձ, դեռ մանուկ և անվարժ համարելով, պարապմունք տվեցին ածխագործների մասում։ Իմ զորեղ բազուկները ավելի հարմար էին փայտ կտրելու համար։ Ես գոհ եղա այդ պաշտոնով, որովհետև մտածում էի, որ դա միջոց կտա ինձ բացակա լինել նրանց բնակարանից և անտառը գնալու պատրվակով շուտ-շուտ տեսնվել Նենեի հետ։ Իմանալով, որ ես միևնույն ժամանակ լավ որսորդ եմ, նրանք հանձնեցին ինձ և այդ պարապմունքը։ Մարդկային բնակություններից հեռու գտնվելով, նրանք խիստ հազիվ անգամ կարողանում էին միս գնել և ապրում էին ըստ մեծի մասին որսի մսով։

Հետևյալ օրից ես մտա պաշտոնիս մեջ։ Վաղ առավոտյան առա ինձ հետ մի հրացան, մի որսորդական շուն և ճանապարհ ընկա։ Ա՜խ, ո՛րքան ուրախ էի, ո՛րքան շտապում էի։ Երկու օր էր, որ չէի տեսել Նենեին։ Ես խոստացել էի ամեն օր այցելել նրան։ Այժմ ո՛րքան անհանգիստ կլիներ նա, ինձ չտեսնելով, և ո՛րքան կուրախանար, երբ կրկին կտեսներ ինձ, ճանապարհին միշտ այդ էի մտածում։

Դեռ ձկնորսի տնակին չհասած, ծովի ափի մոտ հանդիպեց ինձ պառավը, որ ապրում էր ձկնորսի հետ։

Որդի, ասաց նա մի առանձին ցավակցական եղանակով, այդ ի՞նչ արեցիք մեզ հետ. այն աղջիկը ցավով լցրեց մեր սիրտը...

Ի՞նչ կա, հարցրի ես սարսափելով, հիվա՞նդ է... մեռե՞լ է... ի՞նչ է պատահել։

Չէ, զավակս, աստված մի՛ արասցե, որ այդպես բան լինի, պատասխանեց պառավը այժմ ավելի հանգիստ կերպով։ Նա այնքան լավ աղջիկ է, որ ես կցանկանայի, որ իմ աչքերը կուրանային, բայց նրան մի չար չհանդիպեր։ Նա այնքան բարի է, այնքան սիրուն է։

Ապա ի՞նչ է պատահել, հարցրի ես անհամբերությամբ։ Ասացեք, ինչո՞ւ եք ծածկում։

Հիվանդ ասես, հիվանդ չէ, որդի, բայց ամբողջ գիշեր չէ քնում, հենց ա՜խ ու վա՜խ է քաշում և լաց լինում։ Ի՛նչն է այդպես տանջում խեղճ աղջկան, աստված գիտե, բայց միշտ տխուր է և տխուր, պատառ հաց բերանը չէ դնում։ Պատահում է, կա՛մ կատուն է անցնում դռան մոտով, կա՛մ թռչունն է թռչում, կամ տերևն է շարժվում, նա իսկույն դուրս է վազում, ժամերով նստում է դռան մոտ, նայում է և նայում դեպի ճանապարհը, կարծես, մեկին սպասում է։

Մինչ ես պառավի հետ խոսում էի, հանկարծ հայտնվեցավ Նենեն. նա երեխայի պես քաշ ընկավ իմ պարանոցից և երկար բաց չէր թողնում։

Ինչո՞ւ ինձ խաբեցիր, հարցրեց նա։

Տեսնում ես, որ եկա, պատասխանեցի ես։

Այդպես ուշ։ Ա՜խ, որքան ես լաց եղա...

Ինչո՞ւ էիր լաց լինում։

Կարծում էի, որ դու էլ չես գա ինձ մոտ։

Մենք մոտեցանք խրճիթին։ Նենեն նայեց իմ որսորդական հագուստի ու զենքերի վրա և ուրախացավ։

Դու հրացան էլ ունես, ես էլ չեմ վախենա...

Ո՞ւմից պետք է վախենաս։

Ա՜խ, այն ավազակները... Դարձյալ մտաբերեց չարագործներին։

Մոռացի՛ր նրանց, Նենե։ Նրանք քեզ է՛լ ոչինչ չեն կարող անել։

Այդ գազանների վարմունքը այնպիսի վատ տպավորություն էր թողել խեղճ աղջկա վրա, որ նա առանց սարսափելու չէր կարողանում մտաբերել նրանց։ Ես միշտ աշխատում էի հեռացնել նրանից այդ հիշողությունը, մանավանդ երբ տեսնում էի, որ նա ամբողջ մարմնով դողում էր և գունաթափվում էր նրանց միտ բերելու ժամանակ։

Նենեն սկսեց փայփայել իմ որսորդական շանը, որ խիստ մտերմաբար քծնում էր նրա չորս կողմով։

Այդ շունը քո՞նն է, Հարցրեց նա։

Իմն է։

Ո՜քքան լավ շուն է, նա կծում է, այնպես չէ՞, ումը որ ցույց տալու լինես, կկծե՞։

Կխեղդե, եթե ես հրամայեմ։

Նա քեզ սիրում է։ Ասա թող ինձ էլ սիրե։ Գնանք խրճիթը, ես նրան կկերակրեմ։ Ինչպե՞ս է անունը։

Մուխթար։

Նենեն սկսեց կանչել շանը իր անունով և տարավ դեպի խրճիթը, որը մի քանի քայլով միայն հեռու էր մեզանից։ Մենք ներս մտանք, ծերունի ձկնորսին տանը չգտանք, նա գնացել էր ծովի ափի մոտ ձուկ որսալու։ Ես նստեցի ճյուղերից հյուսած մահճակալի վրա։ Նենեն իմ մոտից չէր հեռանում։ Նա երեխայի նման ձեռքը դրել էր իմ ուսի վրա, նայում էր իմ երեսին և. շարունակ խոսում էր առանց լռելու։

Դու երևի նախաճաշիկ չես արել, սոված կլինես, Հարցրեց նա, ես քեզ համար ուտելու մի բան կպատրաստեմ: Տես, այդ ելակները ես եմ քաղել անտառից, պահեցի քեզ համար։ Դու խո սիրո՞ւմ ես ելակներ։

Ես քեզ պատվիրեցի, որ անտառը չգնաս, Նենե։

Հեռու չեմ գնացել, նայի՛ր, այդ մոտիկ տեղից քաղեցի։ Նա վազեց դեպի լուսամուտը, սկսեց ցույց տալ ինձ։

Ոչ, այնտեղ էլ չպիտի գնաս։

Դրանից հետո չեմ գնա։

Նենեն կազմեց մի պարզ նախաճաշիկ, որ պատրաստված էր տապակած ձկներից և անտառային բանջարներից։ Սեղանի վրա նա ասաց ինձ,

Ա՜խ, որքան լավ մարդիկ են այդ ձկնորսները, ես հիմա շատ եմ սիրում նրանց։ Պառավը ինձ իր մոտ է պառկեցնում և գիշերը տասն անգամ նայում է, որ չբացվեմ, չմրսեմ։ Ծովից գիշերը սաստիկ քամի է փչում, ցուրտ է լինում։ Ես հիմա ծերունի ձկնորսին «պապա» եմ կոչում, նա ինձ շատ է սիրում, երեկ համբուրեց ինձ, ասաց «զավակս»։

Նախաճաշիկից հետո ես պատրաստվեցա հեռանալու։ Իմ որսորդության առաջին օրն էր, պետք էր աշխատել մի բան որսալ, որ ընկերներիս մոտ ամոթով չմնայի։ Նենեն հարցրեց,

Դու էլի՞ գնում ես։ Ո՜ւր ես գնում։

Անտառը, մի բան որսալու։

Ես էլ կգամ քեզ հետ։

Հանկարծ մտաբերեց իմ պատվերը և խոսքը փոխեց.

Չէ։ ես չեմ գա. դու ասացիր, որ անտառը չգնամ»

Հա, այսպես, սիրելիս, զգույշ եղի՛ր, որ այն ավազակներին կրկին չհանդիպես, նրանք չպիտի տեսնեն քեզ, հասկանո՞ւմ ես։

Հասկանում եմ։ Բայց դու շո՞ւտ կվերադառնաս։

Երեկոյան։ Ամբողջ գիշերը քեզ մոտ կմնամ։

Նա ուրախացավ և մի առանձին զգացմունքով խնդրեց ինձանից,

Թույլ տուր մինչև այն ծառը գամ քեզ ճանապարհ գցելու, տե՛ս, մինչև այն եղևնին շատ հեռու չէ։

Մինչև այն եղևնին կարող ես գալ։

Նենեն եկավ ինձ հետ քսան քայլ միայն, որովհետև այդքան էր ցույց տված ծառի հեռավորությունը։ Նա գրկեց ինձ և դարձյալ արտասուքը աչքերում աղաչում էր, որ շուտ վերադառնամ նրա մոտ։ Խե՜ղճ աղջիկ, ո՛րքան ջերմ էր նրա մեջ սերը, դեռ մաքուր, բարեկամական սերը։ Ես հեռացա։ Պառավը իմ ետևից ձայն տվեց.

Չթողնես Նենեին մենակ, նա մեզ հանգստություն չի տա...

"Խաչագողի հիշատակարանը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Էքսպրոմտ
Առնո Բաբաջանյան

Էքսպրոմտ

Արևելյան մոտիվներ, 1886
Արևելյան մոտիվներ, 1886
Խաղա առցանց