Րաֆֆի

Խաչագողի հիշատակարանը

3 - Թ

ԱՔՍՈՐ

Անցան մի քանի ամիսներ։ Մենք բոլորովին առողջ էինք, առողջ այ՛ն չափով, որ կարող էինք դիմանալ ճանապարհի ծանրությանը և ուղևորվել դեպի հեռավոր հյուսիս։

Առավոտ էր։ Մի խումբ դատապարտյալների հետ, շրջապատված զինվորներով, մեզ դուրս էին տանում քաղաքից։

Այդ տխուր տեսարանը շատ նման էր դագաղների հուղարկավորությանը դեպի գերեզմանների լռությունը։ Ծնողների, քույրերի, եղբայրների լացը, նրանց հառաչանքը միախառնվում էր իրանց կորցրած բարեկամների շղթաներ՛ի հնչյունների հետ։

Այո՛, տխո՜ւր տեսարան էր և ավելի տխուր, քան թե մահը։ Այդ դեպքում մարդը կենդանի է մեռնում և դեռ կենդանի կտրվում են նրա հարաբերությունները աշխարհի և բարեկամների հետ։ Բայց նրա զգացմունքները դեռ մեռած չեն. նրա վրա ազդում են շրջապատող երևույթները։ Իսկ դագաղի մեջ դրած մարմինը ավելի բախտավոր է, նա չէ զգում, չէ հասկանում, թե ինչ է կորցնում։ Մի փոս և սառ հողը պարգևում են նրան հավիտենական խաղաղություն։

Աքսո՜ր, ի՛նչ սոսկալի միտք է բովանդակում իր մեջ այդ բառը։ Հազարավոր մղոններ չափել շղթայակապ ոտներով, պատերազմել դառնաշունչ մրրիկների դեմ, որոնք հսկա եղևնիները խլում են արմատից, պատերազմել ցրտի հետ, որի սաստկությունից ահագին ժայռերը ճաքճքում են, պատառ-պատառ են լինում, մաշվել, ուժաթափ լինել հանքերում տաժանական աշխատություններով այդ բոլորը այնպիսի տանջանքներ են, որոնց մարդը, միայն դատապարտված մարդը կարող է դիմանալ։

Բայց մի բան, որին չէ դիմանում նա, որի առջև փշրվում են նրա բոլոր զորությունները, դա է սիրած աղջկա արտասուքը...

Ահա դարձյալ հայտնվեցավ նա... Մազերը խառնված, լի կատաղի վրդովմունքով, որպես մի խելագար հրեշտակ հայտնվեցավ նա, Ա՜խ, ո՛րքան սարսափելի է նրա զայրացած դեմքը...

Նա աշխատում է մոտենալ ինձ... զինվորները հեռացնում են... նա դարձյալ առաջ է նետվում... նա չէ վախենում սվիններից... Ահա բռնեցին նրան... նա կրկին դուրս պրծավ նրանց ձեռքից... վազում է դեպի ինձ... արգելում էն... Ահա նա խլեց զինվորներից մեկի հրացանը... մուխը բարձրացավ... հրացանը գռռաց... Բայց զարկեցին նրան... նա ընկավ... էլ չէ վեր կենում...

«Դա այն ցնորված աղջիկն է», լսելի եղավ ամեն կողմից:

Իմ աչքերի առջև մթնեց, ես այլևս ոչինչ տեսնել չկարողացա, միայն զգում էի հրացանների կոթերի հարվածը, որով քշում էին ինձ դեպի իմ դատապարտության օթևանը։

"Խաչագողի հիշատակարանը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Մեր մանկության տանգոն
Տիգրան Մանսուրյան

Մեր մանկության տանգոն

Արևելյան մոտիվներ, 1886
Արևելյան մոտիվներ, 1886
Խաղա առցանց