Րաֆֆի
Սամվել
Ա
ԵՐԿՈՒ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐ
Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարքե լեռան ետևում և Տարոնը ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ: Ոչ մի աստղ այդ գիշեր չէր երևում: Երկինքը պատած էր մոխրագույն ամպերով, որոնք մեղմ հոսանքով լողում էին դեպի Կրկուռ և Նեմրութ լեռների կողմերը և, այնտեղ կուտակվելով, թանձրանալով, միգային-սև կերպարանք էին ստանում: Այդ կողմից երբեմն փայլատակում էր, կայծակը, և լսելի էր լինում որոտման խուլ դղրդյուն, որ գուշակում էր հորդ անձրև:
Գիշերային այդ տագնապալի պահուն երկու ձիավորներ անցնում էին Մուշի դաշտով: Նրանք գալիս էին հեռվից, շատ հեռվից: Մի ամիս առաջ դուրս եկան Տիզբոնի երկաթյա քաղաքադռնից, անցան Խուժիստանի անապատները, անցան արևակեզ Ասորեստանը, անցան հայկական Միջա գետը և մի օր առաջ ոտք դրեցին Մուշի դաշտի վրա: Դրանք երկու սուրհանդակներ էին:
Երկու սուրհանդակներից մեկի ձին սևագույն էր, մյուսինը` կապուտակ: Կապուտակ ձիավորը առաջինի ուղևորության մասին տեղեկություն ուներ, ամենայն զգուշությամբ հետևում էր նրան և երբեք յուր նկատողությունից բաց չէր թողնում: Իսկ առաջինը չգիտեր, որ իրան հետևում են: Այդ էր պատճառը, որ նրանք, երկու մոլորակների նման, թեև գնում էին միևնույն ուղղությամբ, բայց այնպիսի զուգահեռական գծերով, որ բնավ միմյանց չէին հանդիպում: Երկուսն էլ ճանաչում էին միմյանց:
Նրանք արդեն հասել էին Արածանիի ափերին:
Կապուտակ ձիավորը այստեղ կանգ առեց: Նա նայեց դեպի երկինքը, նայեց դեպի յուր շուրջը: Կամենում էր գիտենալ, թե ո՜րքան ժամանակ էր մնացել, մինչև լույսի բացվելը: Ոչ մի աստղ ցույց չտվեց նրան գիշերային ժամը: Ամեն ինչ խորասուզված էր անվերծանելի մթության մեջ:
Բայց պետք էր շտապել...
Երկու մտածություններ մի քանի րոպե պահեցին նրան անվճռականության մեջ. գետո՞վ անցնել, թե կամուրջո՞վ գնալ: Կամուրջով դա շատ հեռու կտաներ և գուցե կհանդիպեր նրան... և գուցե կբռնվեր կամուրջի գիշերային պահակներից... Վճռեց անցնել գետով:
Հեզ և արծաթափայլ Արածանին գարնանային հեղեղներից կատաղել էր և պղտոր հորձանքներով ծածկել էր յուր ափերը: Բայց մեր ուղևորը ծանոթ էր նրա ծանծաղուտների հետ: Նա ցած իջավ ձիուց, ձեռքով փայփայեց յուր կապուտակի գեղեցիկ բաշը, փոքրիկ գլուխը, ասելով. «Դու քաջությամբ կտրեցիր Տիգրիսի ահռելի ալիքները, այժմ հայրենի երկրի Արածանին ինչո՞ւ պետք է վախեցնե քեզ»: Նա ձիու սանձը հանեց բերանից, որ լողալու միջոցին ազատ շունչ առնե, նստեց և, երեսը խաչակնքելով, քշեց դեպի գետը:
. Գետը, մի ահարկու վիշապի նման, գոռում էր, գոչում էր: Գիշերային մթության մեջ` նրա պղտոր հոսանքը ավելի մռայլ կերպարանք էր ստացել: Ձին, ամբողջ մարմնով խորասուզված ջրի մեջ, միայն գլուխը վեր բարձրացրած, մռնչելով և փռնգալով, պատերազմում էր ալիքների հետ: Նրա ոտները հատակին չէին դիպչում, անցնում էր լողալով: Ձիավորը, սանձի փոխարեն բռնած ուներ նրա բաշից, և ձեռքով ուղղություն էր տալիս ընթացքին: Մի քանի պտույտների մեջ` թե ձին և թե ձիավորը սկեցին ջրի տակ: Կրկին դուրս հայտնվեցան: Երբեմն անցնում էին նրանց մոտով ծառի կոճղներ, գերանի կտորներ, որ ծփալով տարվում էին կոհակների հետ: Ձիավորր շտապում էր խույս տալ դրանցից: Բայց ահա՜ հեռվից մի ինչ-որ որոտում էր: Տագնապը մոտենում էր: Ձիավորը չկորցրեց յուր սառնասրտությունը և խորին ուշադրությամբ նայեց դեպի այն կողմը: Մի մթին, անորոշ կույտ լողում էր ջրի երեսին: Որքան մերձենում էր, այնքան աճում էր նա, այնքան սոսկալի ձև էր ստանում: Կարծես, մի ամբողջ բլուր դանդաղ ընթացքով շրջում էր գետի վրա: Մերթ անհայտանում էր նա մերթ երևան էր գալիս ավելի ահարկու կերպարանքով: Ձիավորը հասկացավ նրա ինչ լինելը: Նա մի ակնթարթում ձիու թամբից սողաց դեպի գավակը, որ նրա բեռը թեթևացնե: Բռնեց ագիից, սկսեց շտապեցնել նրան: Օրհասական ժամը մոտենում էր, քանի որ թանձր, այլանդակ հրեշի նման մոտենում էր մթին կույտը: Նրա որոտը խլացնում էր ամեն ձայն: Պետք էր փախչել նրանից, եթե ոչ, մի թեթև տաշեղի նման յուր հետ կտաներ թե ձիուն, թե ձիավորին: Ձին անգամ զգաց մոտալուտ վտանգը և կրկնապատկեց յուր ուժերը: Անհնարին արագությամբ կտրում էր նա կոհակները: Հրեշը անցավ: Դա ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մերձակա անտառների մի մասը, որ հեղեղը արմատախիլ անելով յուր պտույտների մեջ կծկել էր, գալարել էր, և մի այնպիսի այլանդակ գունդի ձև էր տվել:
Ձիավորը կրկին անգամ գոհությամբ երեսը խաչակնքեց, երբ ոտք դրեց ցամաքի վրա:
Նա յուր հագուստը քամեց, ցամաքացրեց, հետո սանձը դրեց ձիու բերանը, և շարունակեց ճանապարհը, ինքը գնալով ոտով, իսկ ձիուն յուր ետևից քարշ տալով, որ փոքր-ինչ հանգստանա: Բայց ձին դժվարությամբ էր հետևում նրան: Որքան նա ջրի մեջ արագընթաց էր, այնքան ցամաքի վրա դանդաղկոտ դարձավ: Տերը վերաբերում էր այդ նրա հոգնածությանը:
Գետեզերքից բավական հեռանալով, այժմ մոտեցավ նա Քարքե լեռան բարձրավանդակներին: Ճանապարհը զառիվեր էր, ոլորվում էր սարերի լանջաց վրայով, իջնում էր խորին ձորերի, փապարների մեջ, և դարձյալ բարձրանում էր բլուրների վրա: Նա ծանոթ էր այդ անտառապատ լեռների հետ, գիտեր նրանց դժվարին անցքերն ու շավիղները, երեխայությունից սնվել ու մեծացել էր այդ խոնավ ծմակների մթության մեջ, ուր ցերեկի լույսը երբեք չէր թափանցում: Նա ապառաժների ու անտառների որդի էր:
Կայծակը շանթեց մոտակա ծառերի կատարներին և մերձակայքը լուսավորվեցավ բաց-վարդագույն փայլով: Որոտի ձայնը ահեղ դղրդյունով տարածվեցավ մթին ձորերի մեջ: Ուղևորը նայեց դեպի ամպամած երկինքը և շտապեցրեց յուր քայլերը: Նա չվախեցավ գետից, բայց վախենում էր փոթորիկից: Փոթորիկը մեծ արհավիրք է գործում այդ կուսական անտառների մեջ, մանավանդ գիշերային պահուն: Ժայռերի բարձրությունից խլում է նա ողողված, մերկարմատ ծառերը և նետում է ճանապարհի վրա: Ծառերի հետ փուլ են գալիս և քարերի ահագին բեկորներ: Ամեն մի ճանապարհորդ կանհետանար այդ փլատակների տակ, եթե դժբախտություն ունենար հանդիպելու:
Կրկին լսելի եղավ որոտման ահեղ դղրդյունը և նրա հետ անձրևի խոշոր կաթիլները սկսեցին մաղվել երկնքից: Քամին մռնչում էր և անձրևային տարափը, կարկուտի գնդակների նման, զարկում էր նրա բորբոքված երեսին: Բայց նա ոչինչ չէր զգում: Նրա միտքը, նրա զգացմունքները լարված էին դեպի մի նպատակ, որ կլանել էր նրա ամբողջ գոյությունը, որ ամենայն եռանդով առաջ էր մղում նրան որպես մի մարմնացած փութաջանություն: Նա շտապում էր մի քանի ժամ առաջ տեղ հասնել, քան կհասներ սև ձիավորը:
Բայց ձին դժվարությամբ էր հետևում նրան: Այժմ միայն նկատեց, որ ետևի ոտքից կաղում էր նա: Անշուշտ գետի հոսանքի հետ տարվող կոճղներից մեկը դիպչելով, վնասել էր նրան: Այդ դեպքը սաստիկ վրդովեցրեց անվեհեր ուղևորին: Նա շտապում էր: Իսկ այժմ զրկվեցավ յուր սրընթաց երիվարից: Ի՞նչ պետք էր անել: Թողնե՞լ նրան և այնպես ոտքով շարունակել ճանապարհը: Բայց ինչպե՞ս թողնել այն սիրելի նժույգին, որը այնքան տարիներ թե՜ պատերազմի դաշտում, թե՜ յուր ճանապարհորդությունների ժամանակ լավ ընկեր էր եղել նրա հետ: Մի քանի րոպե մնաց նա մտածության մեջ: Հետո թողեց մեծ ճանապարհը, բռնեց մի շավիղ, որ տանում էր դեպի Աշտիշատի վանքը:
Վանքը շատ հեռու չէր այնտեղից, մեկ. ժամից հետո հասավ նա: Դարևոր, նվիրական ծառաստանի խորքում, վաղեմի սրբազան բարձրությունների վրա, հանգչում էր Տարոնի այդ հին սրբավայրը, յուր վսեմ, մեծափառ վեհության մեջ: Պատսպարված բարձր շրջապարիսպներով և բրգաձև աշտարակներով, գիշերային մթության մեջ, ներկայանում էր նա որպես մի անմատչելի ամրոց: Կատաղի մրրիկը, քամու մռնչյունը, անձրևի տարափը չէր վրդովեցնում նրա խաղաղ բարեպաշտական նիրհը:
Շրջապարիսպներից դուրս, մի առանձին շինվածքի նեղ լուսամուտից լույս էր երևում: Ուղևորը դիմեց դեպի այն կողմը, մոտեցավ փակ դռներին: Այստեղ, դռան մի կողմում, փայտյա սյունից քարշ էր ընկած մի տախտակ, իսկ սյունի պատվանդանի մոտ դրած էր նույնպես փայտյա փոքրիկ օթակ: Ուղևորը վերառեց օթակը երեք անգամ զարկեց տախտակի վրա: Կոչնակի ձայնից լուսամուտը բացվեցավ, մեկը ներսից քնաթաթախ գլուխը դուրս մեկնեց և վերևից հարցրեց.
Ո՞վ ես:
Ճանապարհորդ եմ, եղավ պատասխանը:
Վանքի պարիսպներից դուրս, այդ շինվածքը տարաժամ ճանապարհորդների, օտարականների և պանդուխտների օթևան էր: Դռնապանը բավականացավ ուղևորի պատասխանով, բաց արեց դռները և ճրագը ձեռին հայտնվեցավ սյամի վրա:
Դու բոլորովին թրջված ես, ասաց նա մի առանձին հոգատարությամբ, ներս համեցիր, ես իսկույն կրակ կվառեմ, քո հագուստը չորացրու:
Շա՛տ շնորհակալ եմ քո բարեսրտության համար, պատասխանեց ուղևորը, բայց ես կխնդրեի քեզանից ընդունել ձեզ մոտ, որպես հյուր, իմ ձիուն միայն:
Ինչո՞ւ քո ձիուն միայն, հարցրեց դռնապանը զարմանալով:
Նա կաղում է, վնասել է ոտքը... իսկ ես պետք է շարունակեմ իմ ճանապարհը:
Գոնե ներս մտիր, մի փոքր տաքացիր, ես իսկույն կրակ կվառեմ:
Չեմ կարող... ես շտապում եմ... պատասխանեց ուղևորը և մոտեցավ ճրագին:
Նա ծոցից հանեց յուր սանդրը, որ կիսալուսնի ձև ուներ... շինված էր գոմեշի եղջյուրից, և ցույց տալով դռնապանին, ասաց.
Ճանաչի՜ր այդ սանդրը, մի կողմի երկու ատամները կոտրած են. եթե ես չվերադարձա, ով որ քեզ ցույց տալու լինի, ձին նրան կհանձնես:
Իսկ դու ո՞վ ես, հարցրեց դռնապանը, փոքր-ինչ կասկածելով:
Ես զինվոր եմ... պատասխանեց ուղևորը:
Դռնապանը բավականացավ ուղևորի անորոշ պատասխանով, որովհետև այդ տագնապալի ժամանակներում զինվորի հետ շատ հեռուն գնալ` փոքր-ինչ դժվար էր:
Ուղևորը բաց արեց ձիու թամբին կապած ճանապարհորդական թեթև խուրջինը, ձգեց յուր ուսին և, «բարի գիշեր» ասելով, հեռացավ:
Դռնապանը, ճրագը ձեռին, դեռ կանգնած սյամի վրա, ապշությամբ նայում էր նրա ետևից, մինչև անհետացավ գիշերային խավարի մեջ: Քամու մռնչյունը խլացրեց նրա վերջին քայլերի ձայնը:
Հեռանալով վանքից, ուղևորը բռնեց այն ճանապարհը, որ տանում էր դեպի Ողական ամրոցը: