Րաֆֆի

Սամվել

2 -I, II

ՄԵԿԸ - ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ՄՅՈՒՍԸ - ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

I

ՊԱՏՄՈՍ

Ծովը լուռ էր: Ալիքները զգուշությամբ զարկվում էին Պատմոս կղզու ապառաժոտ ափերին, վախենալով, միգուցե խանգարեն նրա երեկոյան խաղաղությունը: Արեգակը արդեն սկսել էր թեքվել դեպի յուր հանգստարանը: Նրա վերջին ճառագայթները մի առանձին սիրելությամբ շողշողում էին ափերի մոտ սփռված սպիտակ խճերի և ոստրեների նախշուն խեցիների վրա և, կարծես, դժվարանում էին բաժանվել այդ գեղեցիկ առարկաներից:

Այդ մենավոր կղզին այնպիսի տպավորություն էր գործում, որ կարծես, մի փոքրիկ սունկի նման բուսած լիներ ջրերի տակից: Ծովը վաղուց կրկին կուլ տված կլիներ նրան, եթե նրա վրա բնակվելիս չլիներ մի սրբազան անձնավորություն:

Ջրերով շրջապատված, համարյա թե անջուր էր նա: Ոչ մի գետ, ոչ մի վտակ չէր ոռոգում նրա շռայլ կանաչազարդությունը: Ինքը ծովը, յուր խոնավ և լի գոլորշիներով մթնոլորտով, որպես մի զովարար ջերմանոց, պահում էր նրան մշտական զվարթության մեջ: Նրա անհավասար, կոնաձև մակերևույթի վրա ամեն բույս աճել, ամեն բույս բազմացել էր` յուր անզուսպ վայրենության մեջ: Տեղ-տեղ քմահաճ թզենին յուր մերկ արմատներով քարշ էր ընկած ժայռերի ծերպերից և յուր լայն տերևներով ծածկում էր ապառաժների կուրծքը: Տեղ-տեղ նռնենին ժպտում էր յուր վառ-ծիրանեգույն ծաղիկներով: Տեղ-տեղ հսկա կիպարիսը համբուրվում էր ամպերի հետ: Արեգակի ճառագայթները բոլորովին անզոր էին թափանցելու նրա սաղարթախիտ թանձրության մեջ, ուր պահպանվում էր խիստ ախորժելի, խիստ սրտապարար զովություն: Այնպես էր թվում, որ այդ կղզու ստեղծման օրից մարդկային բարերար ոտքը երբեք չէր շոշափել նրա ամայությունը: Այնտեղ չկային և անասուններ: Երբեմն սպիտակ ճագարը ոստոստալով հայտնվում էր յուր դարանից, երկչոտ կերպով նայում էր յուր շուրջը և դարձյալ անհետանում էր խիտ մացառների մեջ: Թռչուններն անգամ չէին համարձակվում չափել ծովի անհուն տարածությունը և մերձենալ նրա անհյուրընկալ ափերին: Միայն աներես ճնճղուկը, մի քանի տեսակ երգեցիկ ծտերի հետ իրանց անհանգիստ ճիչ ու աղմուկով խռովում էին տիրող լռությունը:

Բայց կղզում բնակիչներ կային, թեև նրանց թիվը երեք հոգուց ավելի չէր:

Ահա՜ այնտեղ, ափի մոտ, մեկը նստած է ավազների վրա և անթարթ աչքերը հառած է դեպի ջուրը: Նրա սուր աչքերը թափանցում են մինչև պարզ ու վճիտ հատակը: Այնտեղ դրած է մի կողով, ձկնորսների ծուղակի նման կազմված մի կողով: Նա նայում է այդ կողովի վրա: Քարերի բեկորներից մի բոլորակ պատնեշ է շինված նրա շուրջը, որ ալիքներն իրանց հետ չտանեն: Այդ բոլորակի մեջ լճացել է ջուրը, որը ծովի հետ հաղորդակցություն ունի արհեստական նեղուցով:

Մի այլ երիտասարդ, առաջինից փոքր-ինչ հեռու, նստած է նույնպես ավազների վրա և ինչ-որ մի բան է շինում: Նրա առջև ածած են ամուր կայծքարի մեծ և փոքր կտորտանք: Նրանցից մեկը բռնած ունի յուր ձեռքում, երբեմն լեսում է, երբեմն հղկում է, մի այլ քարի կտորի վրա քսելով: Իսկ երբեմն մատով փորձում է, թե որքան սրվեցավ նա: Նա նմանում էր այն նախնական մարդիկներին, որ մի ժամանակ քարից իրանց համար զենք էին պատրաստում: Բայց նրա պատրաստածը զենք չէր, թեև տապարի ձև ուներ: Նա գործիք էր շինում, և տաշելու գործիք: Երբ հոգնեցավ, ձեռքը նեցուկ տվեց գլխին, նայում էր դեպի ծովի մուգ-կապտագույն տարածությունը:

Երկու երիտասարդներն ևս լուռ էին և հազիվ խոսում էին միմյանց հետ: Յուրաքանչյուրը զբաղված էր յուր գործով, յուրաքանչյուրը խորասուզված էր յուր խոկումների մեջ: Նրանց թերմաշ հագուստը, որ կրոնավորի զգեստի պատկառելի ձևն ուներ, բոլորովին կորցրել էր յուր վայելչությունը: Պատառոտած ծվենները, երևի, ասեղի և թելի չքության պատճառով, կապած էին միմյանց հետ զանազան հանգույցներով: Տեղ-տեղ ձկան սրածայր ոսկրը, քորոցի փոխարեն, կցում էր մի պատառը մյուսի հետ: Իսկ այդ ողորմելի հագուստը մի ժամանակ ունեցել էր յուր վայելչությունը, ունեցել էր և յուր շքեղությունը: Այժմ նրանց քրքրված պատառներր կարծես լալով ասում լինեին միմյանց, «Եթե մենք էլ ցած թափվենք, այլևս ինչ կմնա այդ խեղճերի վրա…»:

Այդ թշվառ հագուստի մեջ անգամ դեռ փայլում էր երկու երիտասարդների հարգելիությունը: Գոհ էին նրանց խաղաղ դեմքերը, երկնային մխիթարությամբ վառվում էին նրանց զվարթ աչքերը: Երևում էր, նրանք վաղուց հաշտվել էին իրանց աննախանձելի վիճակի հետ:

Հասակով շատ չէին տարբերվում միմյանցից, երկուսն էլ քսանևհինգ տարեկանից ավելի չէին լինի: Տարբերվում էին միայն կազմվածքով ու դեմքով: Մեկը որքան ամուր էր կազմված, մյուսը նույնքան նրբակազմ էր և թույլ: Մեկը որքան սևուկ էր դեմքով, մյուսը նույնքան ճերմակ էր, և խարտյաշ գիսակները ծածանվում էին ուսերի վրա: Առաջինի անունն էր Տիրանամ, որ կրճատյալ ձևով կոչում էին Տիրե, իսկ երկրորդինը` Ռոստոմ: Այդ վերջինն էր, որ նստած էր ափի մոտ և նայում էր կողովի վրա: Նրա խաժ աչքերը տեսնում էին, թե ինչ է կատարվում ջրի պարզ խորության մեջ:

Որքա՛ն խորամանկ են դարձել այդ անիրավները, ընդհատեց նա տիրող լռությունը: Մոտենում են կողովին և կարծես, հոտ են քաշում, պտտվում են նրա շուրջը, և դարձյալ հեռանում են: Ա՛խ, եթե մի կտոր երկաթ լիներ, ես դրանց համար մի կարթ կշինեի…

Նրա խոսքը ձկների մասին էր: Նա թողեց յուր բռնած դիրքը, եկավ, նստեց առաջինի մոտ, որին կոչում էին Տիրե:

Բայց իմ գործր այսօր լավ է գնում, պատասխանեց Տիրեն, եթե այդ էլ վերջացնեմ, երկրորդ տապարը կլինի... դեռ արև շատ կա. նա նայեց դեպի երկինքը, ավելացնելով. քարը վատ է, շուտ է բթանում, մի օր բանեցնում ես, այլևս ոչինչ չէ կտրում, պետք է միշտ սրել... Նա սկսեց մատով փորձել տապարի սուր կողմը:

Սրի՛ր, սիրելի Տիրե, ասաց Ռոստոմը մի առանձին փափագով. երբ որ բութ է լինում, այդ սաստիկ հոգնեցնում է նրան... Ա՛խ, ո՜րքան աշխատում է նա... Այսօր առավոտյան (դու դեռ քնած էիր, չնկատեցիր) տեսնում եմ դուրս եկավ յուր քարանձավից, ուշիկ քայլերով անցավ մեր մոտով, որ չխանգարե մեր քունը: Հետո դիմեց դեպի աղբյուրը, որ մի հրաշքով բխեցրեց, երբ այդ կղզում խմելու ջուր չէինք գտնում: Այնտեղ լվացվեցավ և, ծունր դնելով ավազների վրա, սկսեց կատարել առավոտյան աղոթքը: Երբ վերջացրեց, վեր առեց տապարը, գնաց անտառը բանելու: Երկար ես լսում էի նրա տապարի ձայնը, որ հնչվում էր մեղմ սաղմոսերգության հետ: Այլևս քնել չկարողացա: Լույսը բացվեցավ, արևը ծագեց, նա դեռ աշխատում էր: Եվ մինչև այժմ, որ արևը մտնելու մոտ է, նա դեռ աշխատում է… Չեմ կարողանում առանց արտասուքի նայել նրա վրա, սիրելի Տիրե, որքա՛ն մաշվել է, որքա՛ն ուժաթափ է եղել… Ինչո՞ւ է այդքան հոգնեցնում իրան…

Շտապում է… շա՜տ է շտապում... Գիտե՞ս, սիրելի Ռոստոմ, ո՜րքան ժամանակ է, որ մենք այստեղ բանտարկված ենք… Հիմա ի՞նչեր չեն պատահել մեր աշխարհում... Ո՞վ գիտե, թե ի՞նչ է անում թագավորը, ի՞նչ են անում նախարարները, և կամ այլևս ի՞նչ անկարգություններ է հարուցել Շապուհը… Իսկ մենք ոչինչ տեղեկություն չունենք: Հիշո՞ւմ ես, որպիսի՜ խռովյալ դրության մեջ թողեցինք մեր երկիրը… Ուրեմն, ինչպե՞ս կարող է համբերել նա: Նրա սիրտը այնտեղ է-հայրենի աշխարհում: Նրա անխոնջ ոգին ձգտում է մի րոպեում անցնել օվկիանոսի անհուն տարածությունը, գնալ, հասնել սիրելի երկիրը, և դարման տանել նրա վերքերին:

Ա՛խ, ե՞րբ պիտի վերջանա այդ նավակը... ձայն տվեց Ռոստոմը և նրա գեղեցիկ դեմքը մռայլվեցավ խորին թախծությամբ:

Կվերջանա, շուտով կվերջանա… պատասխանեց Տիրեն մի առանձին վստահությամբ: Առաջիկա լուսինը մեզ այլևս այստեղ չի տեսնի…

Վերջին խոսքերը բավական քաջալերեցին Ռոստոմին և նա, ձեռքը մեկնելով դեպի ընկերը, խնդրեց.

Տո՜ւր ինձ, փոքր-ինչ օգնեմ քեզ:

Դու վեր առ այդ մյուս կտորը:

Նա վեր առեց մի կտոր կայծքար, որ դեռևս հարթած չէր, սկսեց հղկել:

Աշխատանքը նրան այնքան չէ հոգնեցնում, առաջ տարավ Տիրեն, նա խիստ փոքր է քնում, համարյա ամենևին չէ քնում: Ես շատ անգամ նկատել եմ, գիշերը վեր է կենում, սկսում է լուռ, մտախոհ կերպով թափառել կղզու շուրջը: Մի քանի տասնյակ անգամ պտույտներ է գործում, հետո նստում է ծովի ափի մոտ և անշարժ նայում է… Նայում է դեպի այն կողմը, ուր թողեց յուր կորցրած փառքը... Նայում է դեպի այն կողմը, ուր անտեր մնաց յուր հոտն ու եկեղեցին… Եվ երկար այնպես նստած է մնում, մինչև արևը ծագում է, և առաջին ճառագայթները հիշեցնում են նրան, թե ժամանակ է կրկին սկսել աշխատանքը…

Ռոստոմի գեղեցիկ դեմքը կրկին մռայլվեցավ: Քարի կտորը ձեռքից ցած դնելով և յուր տխուր աչքերը դարձնելով դեպի ընկերը, պատասխանեց.

Անհանգիստ է... անհանգիստ է սրտով... անհանգիստ է հոգով... Այդ դրության մեջ ինչպե՞ս կարելի է քնել: Նա մեզ մոտ աշխատում է թաքցնել յուր վշտերը, որ մեզ ևս չվշտացնե: Նա մեզ դեռևս այնքան թուլասիրտ է համարում, որ կարծում է, թե չենք կարող ցավակից լինել իրանю: Եվ այդ պատճառով յուր մխիթարությունը որոնում է լուռ սրտամաշության մեջ...

Նա ձեռքը տարավ դեպի ճակատը, մի կողմ տարավ մազերի խիտ հոսանքը, որ այդ րոպեում ծածկեցին նրա երեսը, և ապա շարունակեց.

Այդպես ապրել չէ կարելի, Տիրե՜: Նա խիստ սակավ է ուտում, և համարյա ոչինչ չէ ուտում: Դրանով բոլորովին կտկարացնե իրան: Երեկ ասաց ինձ. «Ռոստոմ, որոնիր անտառը, գուցե սունկ կգտնես»: Ուրախ-ուրախ վազ տվի, որոնեցի և մի քանի հատ գտա: Բայց արդյոք կուտե՞ նա... Մի քանի օր առաջ խոսում էր թուզերի մասին: Մի ծառի վրա թուզ էի տեսել, ամեն օր գնում էի, ներքևից նայում էի, արդյոք հասունացե՞լ են, թե ոչ: Ծառը բարձր էր, մի ապառաժի կուրծքին կպած: Երեկ վաղ-առավոտյան գնացի, անհնարին դժվարությամբ վեր բարձրացա և հասունները քաղեցի: Երբ տերևների վրա դրած տարա, իրան տվի, շատ ուրախացավ և օրհնեց ինձ: Այսօր տեսնում եմ, ինչպես դրած էր, այնպես էլ մնացել էր, մի հատ անգամ չէր կերել:

Երևի, մոռացել էր:

Այո՜, նա այժմ խիստ շուտ է մոռանում:

Այդ հասկանալի է…

Երկու երիտասարդների խոսակցությունը երբեմն ընդհատվում էր խուլ տրոփյունով, որ լսելի էր լինում անտառի խորքից: Տրոփյունը պարբերական ծանր հարվածների էր նմանում:

Նա դեռ բանում է:

Այո՜, բանում է:

Ի՞նչ ես կարծում, Տիրե՜, այդ լաստափայտը, որ նա շինում է, կարո՞ղ է մեզ հասցնել ցամաքը: Ես փոքր-ինչ...

Դու փոքր-ինչ կասկածում ես... Գիտե՞ս, Ռոստոմ, եթե նա յուր վերարկուն տարածե ծովի վրա և ասե մեզ՝ «նստեցե՜ք, գնա՛նք», ես մեծ վստահությամբ կնստեի նրա վրա և կգնայի նրա hետ: Բայց ես մի այլ բան կասեմ քեզ, Ռոսաոմ, մենք այնքան հեռու չենք ցամաքից, որքան դու կարծում ես:

Այդ դու որտեղի՞ ց գիտես:

Նա ինքն ասաց ինձ: Մի անգամ նկատեց մի քանի թռչուններ, որ դիմում էին դեպի մեր կղզին: «Այդ թռչունները ծովային թռչուններ չեն, ասաց, դրանք ցամաքիցն են գալիս. ցամաքը շատ հեռու չէ մեզանից»:

Ռոստոմը մտածության մեջ ընկավ:

Այդ բոլորովին ուղիղ նշան է, ասաց նա, ինքն ևս համոզվելով: Բայց մեզ ժամանակ չէ՞ խրճիթը գնալու:

Գնանք, կրակ վառենք, ընթրիքի համար մի բան պատրաստենք, մինչև նա կգար, պատասխանեց Տիրեն և սկսեց հավաքել յուր շինած քարե գործիքները:

Ռոստոմը կրկին դիմեց դեպի յուր կողովը, քաշեց ճապուկ ճյուղերից հյուսած պարանը, որի ծայրին կապած էր նա, և կողովը մոտեցրեց եզրին: Հետո ձեռքը տարավ նրա մեջ, սկսեց դուրս հանել ձկները և լցնել փոքրիկ սապատի մեջ: Երբ դարձյալ ձեռքը ներս տարավ, դուրս հանեց երկու խեցգետիններ: «Դուք ինչպե՛ս մոլորվեցաք, ընկաք այստեղ», ասաց, և նրանց ևս ձգեց ձկնեոի մոտ: Երբ այն գիշերվա ընթրիքի պաշարը արդեն հավաքել էր, նա կողովը կրկին ետ մղեց յուր տեղը և, սապատը վեր առնելով, հեռացավ ծովեզրից: Երկու ընկերնեը, շարունակելով ընդհատված խոսակցությանը, սկսեցին դիմել դեպի խրճիթը:

Անտառի այն կողմում, որտեղից լսելի էր լինում տրոփյունի ձայնր, գործում էր այն անձը, որի մասին խոսում էին երկու երիտասարդները:

Դա մի բարձրահասակ մարդ էր, պատկառելի դեմքով և խորին, վեհանձնական հայացքով: Փառավոր մորուքը, որի յուրաքանչյուր մազերը փայլում էին սև սաթի նման, ծածկում էր նրա հզոր կուրծքը: Աչքերի մեջ վառվում էր սրբազան կրակ: Գեղեցի՛կ էր եղել նա իբրև երիտասարդ, այժմ տակավին գեղեցիկ էր մնացել յուր այրական հասակում: Բոլոր շարժմունքների մեջ նշմարվում էր եռանդ և վեհություն: Նրա մեջ միացած էր երևում երկնայինը` յուր սրբազնական ազդեցությամբ և երկրայինը` յուր բարձր ազնվապետական վսեմությամբ: Հագուստը, որ կրոնավորի զգեստի տարազն ուներ, համարյա թե մաշված էր: Ոտներին հագել էր ծառի կեղևից պատրաստած սանդալներ: Այդ անշուք զգեստավորության մեջ անգամ նմանում էր նա այն երկնաբնակներից մեկին, որին դժբախտ հանգամանքները դատապարտել էին մի տաժանական կյանքի...

Վարպետ ձեռքով շարժում էր նա քարե ծանր տապարը, և ահագին գերանը թնդում էր նրա հարվածների ներքո: Տապարը ավելի քերթում էր, քան թե տաշում էր: Այսուամենայնիվ, նրա հարվածները, որպես անդուլ և անխոնջ համբերություն, հաստաբուն գերանի վրա գործ էին կատարել:

Այդ գերանը, որ մի վիթխարի կետ ձուկի նմանությամբ տարածված էր նրա առջև, յուր անտառի արքան և նահապետն էր: Դարեր էին անցել, որ նա այնքան աճել ստվարացել էր, մինչև ստացել էր յուր հսկայական ծավալը: Եվ երկար ժամանակներ գործ դրվեցան, մինչև քարե տապարը, թեև ինքը անզոր, բայց անվաստակելի և համբերատար ձեռքում, կարողացավ հատանել նրան յուր արմատից և ցած գլորել յուր բարձրությունից:

Այնուհետև աշխատում էր նա այդ գերանից պատրաստել մի լաստափայտ: Նրա փութաջանությունը այն աստիճան անզուսպ էր, որ եթե յուր եղունգները երկաթից լինեին, ամենևին գործ չէր դնի քարե տապարը: Գործը արդեն մոտեցել էր յուր վախճանին: Լաստափայտի կողքերը հարթած էին. մեջը մեծ մասամբ դուրս էր փորված: Մնում էր մի քանի շաբաթների աշխատանք ևս, որ նա բոլորովին պատրաստ լիներ: Դրանով նա վստահություն ուներ` դուրս գալ յուր արգելանից, որտեղ աքսորված էր ինքը, պատերազմել օվկիանոսի ալիքների հետ և գնալ, հասնել այն աշխարհը, ուր պարտքը և երկրի աղետավոր անցքերը կոչում էին նրան...

Տաշեղների կույտի հետ ընկած էին բազմաթիվ քարե տապարներ, որ բթացել և անպիտանացել էին: Որձաքարը մաշվեցավ, բայց նրա եռանդը, նրա տոկունությունը մնաց անխորտակելի:

Նա արդեն ավարտել էր յուր այսօրվա պարապմունքը: Տապարը դրեց ցած, անցավ դեպի լաստափայտի երկարությունը, ուշադրությամբ զննեց փորվածքի խորությունը և ապա վեր առեց վերարկուն, որ ընկած էր տաշեղների վրա, ձգեց ուսերին և դանդաղ, չափավոր քայլերով սկսեց դիմել դեպի կղզու զառիվերը:

Նեղ շավիղը, որ կազմվել էր այդ միակ մարդու ոտքի հետքերից, անցնում էր թուփերի և մացառների միջով և, ոլորվելով խոնավ, մամռապատ ապառաժների վրայով, կորչում էր ստվերախիտ ծմակի մեջ: Այդ շավիղով գնում էր նա: Երբեմն դժնիկը յուր լրբենի տատասկներով մագլցում էր նրա վերարկուից: Երբեմն արքայական կաղնին յուր խարտոցի պես անհարթ տերևներով զարկվում էր նրա փառահեղ դեմքին: Բայց նա ոչինչ չէր զգում: Մտախոհ կերպով անցավ այդ տարածությունը և մերձեցավ մի քարանձավի: Նրա մուտքի մոտ կազմված էր մի նստարան, հյուսած թարմ ոստերից: Բազմեցավ այդ նստարանի վրա և բազմահոգ դեմքը դարձրեց դեպի հանգչող արեգակը: Նայում էր, և նրա խորախորհուրդ աչքերը, կարծես, ձգտում էին կլանելու այն անհուն տարածությունը, որով անցել էր տիեզերքի լուսատուն, և այժմ գնում էր լուսավորելու մի այլ աշխարհ...

Իսկ ի՞նքը: Ինքը նույնպես մի ժամանակ մի ամբողջ աշխարհի լուսավորության արեգակն էր... Իսկ ա՞յժմ: Այժմ մի սգավոր աքսորյալ այդ անբնակ կղզում: Անողոք օվկիանոսը անանցանելի պատնեշ էր դրել նրա շուրջը, և ալիքների անընդհատ հարվածները ամեն րոպե հիշեցնում էին նրան, թե դու միշտ բանտարկված կմնաս այստեղ, քանի որ մենք կանք և կլինենք...

Քարանձավը, որի մուտքի առջև նստած էր նա, գուցե շատ խաղաղ բնակարան կարող էր լինել մի ճգնավորի համար, որ աշխարհը ուրացած, կյանքից ձանձրացած, նրա լռության մեջ մխիթարություն կգտներ: Գուցե այնտեղ երջանիկ կապրեր և մի ծովային աստված, որ մերժված աստվածների ակումբից, հալածված Արամազդի շանթերից, յուր վրեժխնդրությունը կգտներ այն զվարճությունների մեջ միայն, որ կկախարդեր, կքարացներ անցնող նավերը, երբ կհամարձակվեին մերձենալ յուր կղզուն և վրդովել նրա խաղաղությունը:

Բայց այստեղ կարո՞ղ էր երջանիկ լինել գործի և գաղափարի մարդը:

Որքա՛ն վիճակների փոփոխություն…

Կար ժամանակ, որ այդ մարդը երիտասարդ էր, մի գեղեցիկ, վայելչահասակ երիտասարդ, որի նմանը չկար յուր աշխարհում: Մի արքունիքի զարդն էր նա և ուրախությունը: Ինքը արքայի հոր քեռորդին լինելով, էր, միևնույն ժամանակ, և նրա սենեկապետը: Ոսկեհուռ զգեստներով, գոհարազարդ կամարը մեջքին, ոսկեպատյան սուրը ձեռքում, միշտ կանգնած էր լինում արքայի սնարքում, երբ նա հանդիսավոր ընդունելություններ էր անում: Մոր կողմից թագավորազն, իսկ հոր կողմից մի աշխարհի մեծ քահանայապետի թոռն էր նա: Եղավ, որ այդ աշխարհը զրկվեցավ յուր քահանայապետից: Հավաքվեցավ ավագանին, հավաքվեցավ ազատանին, հավաքվեցան և իշխանները: «Մեզ քահանայապետ տու՜ր», ասում էին արքային: Արքան յուր ձեռքով հանեց ոսկեհուռ զգեստները, յուր ձեռքով արձակեց գոհարազարդ կամարը, յուր ձեռքով առեց ոսկեպատյան սուրը և, նրան ժողովրդին տալով, ասաց. «Ահա ձեր քահանայապետի զավակը, թո՜ղ ձեզ քահանայապեա լինի»: Ուրախացավ ավագանին, ուրախացավ ազատանին, ուրախացան և իշխանները: Բայց երիտասարդը հրաժարվում էր, ասելով, թե ինքը արժան չէ այդ սուրբ պաշտոնին: Խնդրում էր ավագանին, խնդրում էր ազատանին, խնդրում էին և իշխանները: Երիտասարդը դարձյալ հրաժարվում էր: Չլսեց արքան, ականջ չդրեց խոսքերին: Կանչեց սափրիչին, հրաման տվեց` կտրել սիրուն գիսակները և գանգրահեր վարսերը, որ զարդարում էին նրա գլուխն ու թիկունքները: Երբ կտրում էին, լաց էր լինում ավագանին, լաց էր լինում ազատանին, լաց էր լինում և արքան: Գեղեցկությունը զրկվեցավ յուր շքեղությունից, պալատական վայելչությունը ծածկվեցավ կրոնավորի սև զգեստի ներքո...

Որպես զինվորական, նա քաջ էր և ազնիվ, որպես պալատական, նա արքունիքի զարդն էր, իսկ որպես հոգևորական, նա եղավ եկեղեցու զարդը: Իբրև մի ջահ լուսապայծառ, լուսավորեց նա աստուծո տունը: Աշխարհը լցվեցավ երջանկությամբ: Քաջ զինվորականը դարձավ քաջ հովիվ և յուր անձը դրեց յուր հոտի վրա: Աղքատը հաց ուներ ուտելու, հիվանդը ապահով պատսպարան: Որբը սնուցանող հայր ուներ, իսկ այրին` խնամող ձեռք: Ամենուրեք թագավորում էր գթությունը, ամենուրեք տիրում էր ողորմածությունը: Նեղյալների հայր եղավ նա և սրբեց թշվառների արտասուքը:

Իբրև կրոնավոր, աստվածանման էր նա, իսկ իբրև քահանայապետ, էր, միևնույն ժամանակ, մի բարձր պետական անձնավորություն: Մեծ եռանդով կառավարում էր յուր աշխարհի գործերը և նրանց կանոնավոր ընթացք էր տալիս: Կարգը նրանով էր հաստատվում, իսկ անկարգությունը նրա ջանքերովն էր անհետանում: Զորավոր ձեռքով արմատախիլ էր անում չարությունը, և բարերար ձեռքով սերմանում էր առաքինությունը: Ոգևորված յուր աշխարհի բարելավության բարձր գաղափարով, նա յուր կենսատու շնչով ոգի և կյանք էր բաշխում նրան:

Եղավ, որ յուր աշխարհի մի կարևոր գործի համար եկավ նա Բյուզանդիա: Ներկայացավ Վաղես կայսրին, նրա հետ բանակցելու: Հոգեմարտ կայսրը կատաղած էր այդ ժամանակ Արիոսի մոլորություններով և սաստիկ հալածանք էր հարուցել ուղղափառ եկեղեցու դեմ: Նա թողեց քաղաքական խնդիրը, որի մասին եկած էր մեծ քահանայապետը, և նրա հետ կրոնական վիճաբանությունների մեջ մտավ: Համարձակ կերպով հանդիմանեց նա կայսեր մոլորությունները և նրան դեպի ուղղություն հրավիրեց: Բարկացավ կայսրը և նրան յոթանասուն եպիսկոպոսների հետ հրամայեց աքսորել օվկիանոսի խորքերը: Ձմեռային դառնաշունչ ցրտերի ժամանակ տասնևհինգ տիվ և տասնևհինգ գիշեր լողում էր նավը և տանում էր սրբազան աքսորյալներին: Ցուրտը փչեց, բարձրացավ մրրիկ, ծովը ալեկոծվեցավ, և նավը խորտակվեցավ... Մի մակույկի մեջ ազատվեցավ նա յուր երկու սարկավագների հետ: Մակույկը ձգեց նրանց այդ կղզին…

Որքա՛ն ամառ, որքա՛ն ձմեռ անցել էր այն օրից… այդ անբնակ կղզում տանջվում էր նա… հեռու սիրելի հայրենիքից, հեռու սիրելի հոտից… Այժմ այն անձը, որ մի ամբողջ ազգի հոգևոր պետն էր, որի մեծաշեն վեհարանում հարյուրավոր պաշտոնյաներ էին սպասավորում, միայնակ նստած էր անշուք քարանձավի մուտքի մոտ, ոստերից հյուսած նստարանի վրա, և լի անձկությամբ նայում էր հանգչող արեգակին: Նրա սիրտը լցված էր խորին թախծությամբ: Դեռևս քանի՞ անգամ պետք է մտաներ արեգակը, դեռևս քանի՞ անգամ նա յուր կենսատու ճառագայթներով պետք է լուսավորեր աստուծո աշխարհը, իսկ ինքը պետք է արգելված մնար այդ կղզում, հեռու այն աշխարհից, որի արեգակն էր և պայծառությունը…

Քարանձավից փոքր-ինչ հեռու՝ ծառերի խտության մեջ թաքնված էր մի տաղավար. դա մի խորանաձև խրճիթ էր, ոստերից հյուսած և կավով ծեփած: Այստեղ ապրում էին երկու սարկավագները, որ անբաժան մնացին իրանց վարդապետից:

Նրանք արդեն վերադարձել էին ծովեզերքից, կրակ էին վառել, ընթրիք էին պատրաստում: Պատրաստությունների մեջ երևում էր քաղաքակրթված մարդը, որ հանգամանքներից ստիպված նախնական դրության մեջ էր ընկել: Դրանք գիտեին, թե ի՜նչպես պետք է վառել կրակը, գիտեին, թե որպիսի՜ անոթների մեջ պետք էր կերակուր պատրաստել և ի՜նչպես պատրաստել: Բայց որտեղի՞ց գտնել անոթները: Անբնակ կղզում ոչ պղնձագործ կար, ոչ դարբին և ոչ բրուտ: Կրակը մի հրաշքով գտան նրանք, և անշիջանելի պահպանում էին, որպես որմզդական սուրբ հուր: Իսկ անոթների տեղ գործ էին ածում կամ ոստրեների խոշոր խեցիներ, կամ բույսերից հյուսած զամբյուղներ:

Փայտակույտը բորբոքված կերպով վառվում էր, տարածելով յուր շուրջը խիստ ախորժելի ջերմություն: Շիկացած ածուխները մի կողմ. էին քաշել և նրանց մեջ ձգել էին խոշոր խիճեր, որոնք նույնքան տաքացել էին, որքան ածուխները: Խիճերի մաքուր մակերևույթի վրա, որպես տապակների վրա, շարել էին ձկները և խորովում էին: Խեցգետիններն արդեն կարմրել էին և վարդի գույն էին ստացել: Դրանցով զբաղված էր Տիրեն: Իսկ Ռոստոմը տաք մոխրի մեջ թաղել էր շագանակներ, որոնք երբեմն պայթում էին և դուրս էին թռչում, բարձրացնելով իրանց հետ մոխրի թանձր տարափ: Միջուկները բաժանում էր նա ճղված կեղևներից և դնում էր սադաֆի լայն գաղտակուրի մեջ, որ ափսեի տեղ էր ծառայում:

Խորոված շագանակներ սիրում է նա, ասաց Ռոստոմը, ինքը ևս ուրախանալով, որ նա սիրում է:

Խորոված կաղիններ նույնպես սիրում է, նկատեց Տիրեն, բայց ափսո՛ս, որ կաղինները դեռ չեն հասած:

Ձուկ ամենևին չէ ախորժում ուտել:

Առհասարակ մսեղենից նա իրան հեռու է պահում:

Բանջարեղենը մեծ ախորժակով է ուտում, կարելի էր երբեմն աղցաններ պատրաստել, բայց ի՞նչ արած, աղ չկա:

Քո փորձը աղի մասին անհաջող անցավ:

Այո՜, անհաջող անցավ: Ծովեզերքում մի փոքրիկ լճակ շինեցի, ջուրը այնտեղ բաց թողի, մտածում էի՝ արևի տակ գոլորշիացնելով, աղ գոյացնել: Դու ինքդ տեսար, երբ ջուրը բոլորովին ցամաքել էր, հատակի վրա մնացել էր բավական թանձրությամբ աղային խավ, բայց այնքան դառն էր, ինչպես լեղի: Ա՛խ, որքա՛ն ուրախ կլինեի, եթե այդ վարձը հաջողվեր:

Նա դեռ նստած էր քարանձավի մուտքի մոտ:

Քարանձավը, որի մեջ բնակվում էր նա, այն այրերից մեկն էր, որ բնությունը պատրաստում է գազանների որջ լինելու համար: Անցքը նեղ էր, ներս մտնելու միջոցին պետք էր բավական կորանալ: Հետո հետզհետե լայնանում էր և գոգավոր խոռոչի ձև էր ստանում: Արեգակի աղոտ շողքը, նրա մուտքից ներս ցոլանալով, հազիվ կարողանում էր փոքրինչ մեղմացնել ներսի թախծալի խավարը: Մի կողմում դրած էր մահճակալի նման մի բան, կազմված անտաշ փայտերից, որի յուրաքանչյուր մասը կապված էր միմյանց հետ ոստերից ոլորած փոկերով: Ցամաք մամուռը, որ տարածված էր նրա վրա, ծառայում էր իբրև անկողին: Այրի մյուս կողմում, մահճակալի հանդեպ, չորս քարե սյունակների վրա դրած էր մի սալ, որը փոքր-ինչ հարթելով, իբր թե սեղանի ձև էին տվել: Նրա մոտ ամրացած էր մի աթոռ, որը դրսի նստարանի թե՜ նմանությունը և թե՜ կազմվածքն ուներ: Ջրով լի դդմասրվակը, որ դրած էր սեղանի վրա, լրացնում էր այդ անշուք բնակարանի չքավոր կարասիների թիվը:

Դրսից քարանձավը յուր բնական գեղեցկությունն ուներ: Մշտականաչ պատուտակները իրանց խիտ հյուսվածքով շուրջանակի տարածվելով պսակում էին նրա մուտքը: Իսկ երկու սգավոր ուռենիներ իրանց վարսագեղ ճյուղերով հովանավորում էին նրան: Մի զույգ եգիպտական աղավնիներ, սպիտակ որպես ձյուն, բույն էին դրել ուղիղ անձավի մուտքի վերևում, ապառաժի խորին ճեղքվածքի մեջ: Դրանք անձավի նախկին բնակիչներն էին, իրանց տեղը սիրով թողեցին կղզու սրբազան հյուրին, իսկ իրանք նոր բույն շինեցին հիշյալ ճեղքվածքի մեջ, չհեռանալով նոր դրացիից: Ձագուկները մնչում էին, և նա խորին մտահուզությամբ լսում էր նրանց մանկական մնչյունը և, կարծես, նրա տխուր դեմքի վրա կարդացվում էին այդ խոսքերը, «Երջանի՜կ են դրանք, որ գոնե խնամող հայր և մայր ունեն... իսկ այն բազմաթիվ որբանոցները, որ ես հիմնեցի իմ հայրենիքում, այժմ ո՞ւմ խնամակալության ներքո են գտնվում…այժմ ո՞վ է իմ ձագուկների հոգատարը…»:

Արևը արդեն մտել էր, բայց հորիզոնը դեռ վառվում էր ոսկեղեն բոցերով: Լուսավորված ծովը, որպես մի շողշողուն հայելի, միախառնված էր երկնքի ծիրանեգույն պայծառության հետ, որի վրա տակավին փայլում էին վերջին ճառագայթները, իրանց սուր, սլաքաձև ճաճանչներով: Այդ վսեմ, հանդիսավոր րոպեում` ամեն երեկո երկար նստած էր լինում նա, մինչև ճառագայթները հետզհետե անհետանում էին, բոցավառ լուսավորությունը հանգչում էր, և հորիզոնի վրա տիրում էր մուգ-կապտագույն մռայլ.., Իսկ այս երեկո նույնը կատարվեցավ նրա սրտում... Նա վեր կացավ յուր նստած տեղից և սովորականից վաղ մտավ յուր քարանձավը:

Այնտեղ տիրում էր խորին մթություն: Մոտեցավ մահճակալին և ընկողմանեցավ նրա վրա: Հոգնած էր նա, աշխատում էր փոքր-ինչ հանգստանալ: Քարանձավի խոնավ օդը խեղդելու չափ ծանր էր: Զգացվում էր խիստ սուր բորբոսային հոտ: Երկար նա տանջվում էր, մի կողքից դեպի մյուսը շուռ գալով: Ցամաք մամուռը խշրտում էր նրա ծանրության ներքո: Գլխի տակին, բարձի փոխարեն, դրած էր մի խուրձ ծովային խոտ:

Վերջապես ներս մտավ Ռոստոմը, ձեռքում բռնած ունելով մի վառած ջահ եղևինի երկար տաշեղներից: Այդ տաշեղները մոմերի նման ամրացրեց անձավի ճեղքերից մեկի մեջ, որպես քարշ ընկած ճրագ, և ինքը զգուշությամբ հեռացավ: Խիժալի եղևինը խնկահոտ լուսավորությամբ լցրեց ամբողջ քարանձավը:

Լույսի ներկայությունը դուրս կոչեց քարանձավի խորքից երկու այլ արարածներ, որոնք, երկու փշապատ գնդակների նման գլորվելով, մոտեցան մահճակալին: Փշերի միջից երկարացան երկու սուր գլուխներ և փոքրիկ մոխրագույն աչիկներով սկսեցին նայել դեպի վեր: Նա ձեռքը ցած տարավ: Նրանք սկսեցին իրանց բարակ լեզուներով լիզել նրա մատները, կարծես, համբույրներ էին մատուցանում այն աջին, որ ամենայն խնամքով սնուցանում էր նրանց: Դրանք երկու ընտանիացրած ոզնիկներ էին, որոնք, մի զույգ արթուն պահապանների նման, հսկում էին քարանձավին, ոչնչացնելով օձերին և այլ թունավոր միջատներին: Խլուրդներն անգամ նրանց երկյուղից համարձակություն չունեին անձավի մեջ մուտք գործելու: Պատսպարված իրանց փշալից և վահանափակ մորթի մեջ, բոլորի հետ պատերազմում էին: Բավական էր, որ նրանցից մեկը նկատեր օձին, իսկույն կբռներ պոչից և, գլուխը ներս քաշելով յուր փշալից պատյանի մեջ, գունդ կձևանար: Օձը, ծուղակի մեջ բռնված թռչունի նման, կսկսեր յուր մարմնով և գլխով այնքան զարկվիլ նրա փուշերին, մինչև հոգին կտար: Զվարճալի էին այդ կռիվները և, միևնույն ժամանակ, քստմնելի:

Դարձյալ ներս մտավ Ռոստոմը և մի սայլակի մեջ, որ հյուսած էր բույսերից և բոլորակ մատուցարանի ձև ուներ, բերեց ընթրիքը, դրեց սեղանի վրա: Նա դարձավ դեպի երիտասարդը, հարցնելով.

Ինչպե՞ս է Տիրեն, երեկ իրան լավ չէր զգում:

Բոլորովին առողջ է, տեր իմ, պատասխանեց սարկավագը, ամբողջ օրը բանում էր:

Այդ դեռ չի նշանակում, որ առողջ է: Նա հիվանդ ժամանակ ևս բանում է: Գնա՜ , հանգստացիր, ասա, որ նա ևս հանգստանա:

Սարկավագը գլուխ տվեց և հեռացավ: Նա վեր կացավ մահճակալի վրայից, մոտեցավ սեղանին, նստեց նրա մոտ: Ոզնիկները մերձեցան նրա հագուստի քղանցքներին և մի առանձին մտերմությամբ սկսեցին քծնվիլ: Նա վեր առեց խորոված շագանակներից մի-մի հատ և մոտեցրեց նրանց բերաններին: Նրանք ուրախությամբ խլեցին անուշ պատառները և մեծ ախորժակով սկսեցին կրծոտել:

Մի քանի հատ ևս ինքը կերավ: Բայց նա ավելի հոգ էր տանում յուր երկու սեղանակիցներին, քան թե յուր մասին էր մտածում: Երբ նրանք կշտացան, քաշվեցան իրանց խորշը և մինը մյուսի մոտ կծկվելով, սկսեցին ննջել:

Նա մնաց միայնակ, սեղանի մոտ նստած:

Եղևինի տաշեղները, որ մոմի փոխարեն վառվում էին, արդեն սպառվելու վրա էին: Քարանձավի մեջ խավարը հետզհետե թանձրանում էր, մի թախծալի խավար, որ գերեզմանների մեջ է թագավորում: Դրսից լսելի էր լինում ալիքների խուլ ձայնը: Ծովը անհանգիստ էր: Քամին շառաչելով անցնում էր ծառերի կատարների վրայով, որ հեծում և հառաչում էին նրա ուժգին հարվածների ներքո: Այդ բոլորը տրամադրում էր դեպի տխրություն, դեպի հոգեկան խորին վրդովմունք:

Նա դեռ նստած էր սեղանի մոտ և, հենված աջ ձեռքի վրա, լսում էր, թե ինչ է կատարվում դրսում:

Երբեք բարկությունը չէր դուրս կոչել նրա շրթունքներից մի հուսահատական բառ. երբեք նրա առաքինի սիրտը չէր արտահայտել ամենափոքր տրտունջ անգամ յուր վիճակից:

Ոգևորված երկնային մխիթարությամբ, նա միշտ իրան բարձր էր պահել կենցաղական դժբախտ արկածների վհատությունից, և միշտ անվեհեր վստահությամբ հավատացել էր յուր աստղին: Իսկ այս գիշեր ներքին վրդովմունքը դուրս կոչեց նրա սրտի խորքից հետևյալ խոսքերը.

«Ապերա՛խտ Բյուզանդիոն, քո վարմունքը աններելի կմնա իմ սրտում… Դու վատությամբ վարձատրեցիր իմ հայրենիքի մատուցած ծառայությունները... Քանի՜, քանի՜ անգամ մենք հեռացրինք քո գլխից պարսկական սոսկալի սուրը… քանի՜, քանի՜ անգամ ազատեցինք քեզ ամոթալի անկումից.,. Իմ հայրենիքր մի անխորտակելի վահանի պես միշտ պատսպարեց քեզ արևելյան խուժադուժների արշավանքներից… իմ հայրենիքը կրեց բարբարոսների հարվածները և քեզ ողջ պահեց,.. Ի՞նչն էր ստիպում մեզ անել այդ: Քրիստոնեական եղբայրությունը: Մենք թողեցինք հեթանոս պարսկին և քո ձեռքը բռնեցինք: Իսկ դու միշտ դավաճանեցիր մեզ... Մենք դարձյալ քրիստոնեական ներողամտությամբ մոռանում էինք բոլորը: Իսկ դու չէիր զղջանում, որովհետև խաբեբայությունը քո քաղաքականության հենարանն էր… Վերջը քաղաքական գործի մեջ դու խառնեցիր կրոնական խնդիրներ: Կամեցար մեզ Արիոսի մոլորությունների մեջ ընկղմել... Ե՜ս, իմ ընդդիմադրության համար, դատապարտվեցա և աքսորվեցա... Բայց նախախնամության աջը երկար չի թողնի աքսորյալին այստեղ... Երբ նա ոտք կդնե հայրենի հողի վրա, դու կկրես քո պատիժը, նենգավո՛ր Բյուզանդիոն…»:

Եղևինի տաշեղների վերջին կայծերը պլպլացին, պլպլացին և, վերջապես, հանգան: Մելամաղձոտ խավարը կրկին տիրեց անձուկ քարանձավի մեջ: Նա դեռևս երկար նստած էր քարե սեղանի մոտ, և նրա տխուր մտածությունները թռչում էին դեպի այն երկիրը, որ սիրում էր նա, և որին նվիրված էր յուր հոգու բոլոր զորությամբ:

Այսպիսի շատ գիշերներ, անքո՛ւն, սրտամա՛շ գիշերներ, հանդիպում էին Պատմոսի հզոր աքսորյալին հայոց սուրբ քահանայապետ Ներսես Մեծին, որին պաշտում էր Հայաստանը, որին սպասում էր Հայաստանը…:

II

ԱՆՈՒՇ ԲԵՐԴ

Անունը Անուշ, ինքը լի դառնություններով…

Եկբատանից դեպի Տիզբոն տանող ճանապարհի մի կողմում բարձրանում է մի սեպաձև քարաժայռ: Նրա լայն, վիմային ստորոտը բռնում է բավական ընդարձակ տարածություն, որի վրա, որպես մի հաստահիմն պատվանդանի վրա, բնությունը դրել է հիշյալ քարաժայռը: Մի ափ հող անգամ անկարելի է գտնել նրա լերկ, ապառաժային մակերևույթի վրա: Մի հատ բույս անգամ չէ բուսնում նրա ամուր, քարեղեն կողքերի վրա: Հարավային բոցակեզ արեգակը այրել, թրծել է նրան, որպես մի անոթ, որ դրած է բրուտի մշտավառ քուրայի մեջ:

Այդպես էր այդ քարաժայռը դարերով, անհիշելի շատ դարերով առաջ:

Եղավ որ, մի անգամ բրիչը ուսին դրած, այդ լեռան ստորոտով անցնում էր Ֆարհադը` Պարսկաստանի մեծ քանդակագործը: Հանկարծ փողերի խառնաձայն հնչյուններ արթնացրին նրան յուր խորին մտահուզությունից, որի մեջ ընկղմված էր այդ րոպեում: Նա կանգ առեց: Երևացին որսորդական բարակներ, երևացին բազեակիր ձիավորներ, և ուրախ, անհոգ ասպախումբը փոթորկի նման հայտնվեցավ, և փոթորկի նման անցավ նրա մոտով...

Մեկի պատկերի աղոտ ստվերագիծը մնաց նրա սրտում...

Այդ պատ կերր խլեց նրա հանգստությունը: Ամեն անգամ, նույն օրը, նույն ժամին, նա կանգնած էր լինում այդ ճանապարհի վրա: Սպասում էր, յուր հոգու ամենաքաղցր զգացմունքներով սպասում էր, մինչև հայտնվում էր սիրելի պատկերը և, մի թեթև հայացք ձգելով նրա վրա, կայծակի նման անցնում էր:

Նա կորցրեց յուր սրտի խաղաղությունը, թողեց արհեստը, թողեց ճարտարությունը և սկսեց խելագարի նման թափառել այդ լեռների ամայության մեջ:

Անցան օրեր, անցան շաբաթներ, անցան ամիսներ,.. Մի անգամ նստած էր նա և դարձյալ սպասում էր: Հայտնվեցավ նա: Բայց այս անգամ ոչ որսորդական բարակներ կային նրա հետ և ոչ բազեակիր ասպետներ: Միայնակ էր նա, մի խումբ նաժիշտների հետ: Ձին քշեց, մոտեցավ Ֆարհադին:

Ողջու՛յն քեզ, ո՜վ մեծ վարպետ, ասաց նրան: Ի՞նչն է կապել քեզ այդ լեռների, այդ անապատների ամայության հետ: Ես քեզ միշտ այստեղ եմ տեսնում…

Այն բախտավորությունը, պատասխանեց Ֆարհադը, որ երբեմն մի աննման պատկեր լուսավորում է այդ անապատների ամայությունը:

Միթե այդքան վա՞ռ է քո մեջ սերը... հարցրեց նա ժպտալով:

Ո՞վ չի սիրի նրան, որ անմահների մեջ յուր հավասարը չունի... Ո՞վ չի սիրի նրան, որի շունչը կյանք է բաշխում, որի մի հայացքը պարգևում է հավիտենական երջանկություն…Միթե դու կարծո՞ւմ ես, որ միշտ քարի և քերիչի հետ գբաղված արհեստավորի սիրտը այն աստիճան քարացած է, որ գեղեցկության համար տեղ չունի:

Այդ ես չեմ կարծում: Նա, որ անձև քարին ձև և կյանք է տալիս, նա, որ սառն մարմարիոնից ստեղծագործում է գեղեցկության տիպարներ, ինքը չի կարող չսիրել գեղեցկությունը: Բայց լսի՜ր, վարպետ, արյաց արքայադստեր սիրտը գրավելու համար մե՛ծ զոհեր են հարկավոր...

Այդ ես գիտեմ...մեծ աստվածուհիները մեծ զոհեր են պահանջում...

Ես անկարելին չեմ պահանջի քեզանից. ես միայն պետք է փորձեմ քո սերը: Նայի՜ր, Ֆարհադ, տեսնո՞ւմ ես այդ ապառաժը, նա ձեռքը տարավ դեպի սեպաձև քարաժայռը, դու պետք է այդ ապառաժից ինձ համար ապարանքներ հրաշակերտես, որ ես նրանց բարձրությունից նայեմ և սքանչանամ, թե ի՜նչպես Տիգրիսը արծաթափայլ պտույտներով գծում է Ասորեստանի գեղեցիկ դաշտավայրերը, կամ ի՜նչպես մեղմ հողմի շնչելուց ծածանվում են Բաղիստանի բարձրադիտակ արմավենիները: Եվ ապառաժի սրտում պետք է իմ գանձերի համար մթերանոցներ փորես, իսկ նրա ստորոտում` իմ նժույգների համար օթևաններ: Երբ այդ բոլորը պատրաստ կլինի, այն ժամանակ ես քոնը կլինեմ...

Ասաց և հեռացավ:

Այն օրից անցան տարիներ, քարաժայռի անխորտակելի ամրության մեջ գործում էր անխոնջ վարպետի մուրճն ու քերիչը: Գիշեր և ցերեկ լսելի էր լինում ծանր հարվածների անլռելի ձայնը: Գործը հաջողությամբ առաջ էր գնում: Սերը ուժ էր տալիս մեծ արհեստավորի հանճարին, իսկ արյաց արքայադստեր գեղեցկությունը բորբոքում էր նրա եռանդը: Կերտեց սենյակներ, կերտեց դահլիճներ, կերտեց պատկերազարդ սրահներ և միակտուր քարից սքանչելի ապարանք ստեղծեց: Դահլիճների և սրահների պատերը կենդանացրեց բարձրաքանդակ նկարներով: Մի տեղ պատկերացրեց Իրանի հին հսկաների և փեհլևանների կռիվները դևերի և չար ոգիների հետ: Մի տեղ պատկերացրեց Իրանի վաղեմի արքաների փառքն ու մեծությունը և նրանց քաջությունների ու հաղթությունների հանդիսավոր տոնախմբությունները: Գծեց քարը և նրա վրա արձանագրեց նախնական թագավորների մեծագործությունները: Նրանց առաքինությունները և նրանց պարգևած բարօրությունները Արյաց աշխարհին: Այդ հրաշալիքները կատարեց նա այն էակի համար, որին նվիրված էր յուր սիրո բոլոր ջերմությամբ: Այդ հրաշալիքները կատարեց նա, որ միշտ հիշեցնեին նրան Իրանի փառավոր անցյալը, որ միշտ գգվեին նրա սիրտը այն վսեմ հպարտությամբ, թե ինքը սերունդ է մի մեծ տոհմի, որ շառավիղում է աստվածներից և աստվածանման գործեր է կատարել:

Նա եկավ և տեսավ բոլորը:

Այդ բոլորը շատ գեղեցի՛կ է, ասաց նա, բայց այստեղ ջուր չկա, այստեղ ծառեր չկան: Շինի՜ր ինձ համար շատրվաններ, որ ամպերից բարձր ցայտե ջուրր, տնկիր ինձ համար ծառեր, որոնց հովանիի ներքո հանգչեի ես, և հանգչեի քո գրկում...

Ասաց և հեռացավ:

Ամենահեռավոր վտակների ընթացքը փոխեց նա և ստորերկրյա ջրմուղներով բարձրացրեց մինչև ապառաժի գագաթը: Կոփեց քարը, փորեց ավազաններ, կերտեց արծաթափայլ շատրվաններ: Անսպառ ջուրը տիվ և գիշեր դուրս էր վիժում շատրվաններից և մարգարտյա կաթիլներով ցողում էր չորեքկողմի կանաչազարդությունը: Կտրեց վեմը, հարթեց ապառաժը և, հեռու տեղերից հող բերելով, ածեց նրա վրա: Այդ հողի մեջ տնկեց ծառեր և. ստեղծագործեց բարձր, կախաղանավոր պարտեզներ, որոնք, կարծես, օդի մեջ բուսած լինեին: Տարիներ անցան, աճեցին ծառերը և պտուղ տվեցին: Ծաղկեցին ծաղիկները և սրտապարար անուշահոտությամբ լցուցին բուրաստանը: Հավաքվեցան թռչունները և իրանց ուրախ ձայներով կենդանացրին շրջակայքը: Իսկ նա, որ այդ գեղեցիկ դրախտի զարդն ու թագուհին պետք է լիներ, չհայտնվեցավ…:

Մի օր, ձեռքը ծնոտին դրած, նստել էր վարպետը յուր կառուցած ապարանքի ստորոտում և տխուր կերպով նայում էր դեպի մեծ ճանապարհը:

Երգելով անցավ մի շինական, որը, տեսնելով նրան մոտեցավ, նստեց նրա մոտ մի փոքր հանգստանալու:

Որտեղի՞ց ես գալիս, հարցրեց վարպետը: Երանի՛ քեզ, որ այդպես ուրախ ես:

Տիզբոնից, պատասխանեց շինականը: Ինչո՞ւ ուրախ չլինել, երբ ամբողջ աշխարհը ուրախանում է:

Ի՞նչ է պատահել:

Միթե չգիտե՞ս, որ քաղաքում արդեն յոթն օր է, յոթն գիշեր է, որ հարսանիք է: Գինին հոսում է վտակների պես, անուշահամ խորտիկները չափ չունեն: Ուտում են, խմում են և ուրախանում: Ամբողջ քաղաքը թնդում է նվագներով, և պարողների ոտները չեն հոգնում: Ես էլ իմ բաժինը վայելեցի: Այնքան կերա, այնքան խմեցի և այժմ այնքան էլ տուն եմ տանում, որ մի քանի շաբաթ իմ կնոջ և երեխաներիս համար բավական կլինի:

Ո՞ւմ հարսանիքն է:

Թագավորի:

Ո՞ւմ հետ:

Անուշի հետ:

Նա այլևս չխոսեց, շանթահարի նման ցնցվեցավ և մնաց անշարժ: Հետո վեր կացավ և անզոր, դողդոջուն ոտներով սկսեց բարձրանալ դեպի յուր հրաշակերտած ապարանքը: Նայեց յուր շուրջը, վերջին անգամ յուր թախծալի հայացքը դարձրեց այն բոլոր շինվածքների վրա, որ արդյունք էին ջերմ սիրո և գեղեցիկ արհեստի: Եվ ապա մտավ յուր արհեստանոցը: Այնտեղ դրած էին նրա գործիքները: Վեր առեց մի ծանր մուրճ և դուրս եկավ փոքրիկ հրապարակի վրա: «Նա ինձ դավաճանե՛ց...», ասաց և նետեց մուրճր օդի մեջ: Մուրճը պտույտվեցավ և ընկավ ուղիղ նրա գլխի վրա: Տաք արյունը սրսկեց այն սքանչելիքները, որ նրա ճարտար ձեռքի գործն էր...

Ֆարհադը չհասավ յուր նպատակին, բայց նրա սիրելի Անուշի անունը մնաց այդ քարեղեն ամրոցի վրա և կոչվեցավ Անուշի բերդ:

Այդ վիմափոր, կոփածո ապարանքը, որ պատրաստված էր սիրո և հավիտենական երջանկության տաճար լինելու համար, հետո դարձավ արտասուքի և մշտական հեծության մի դժոխք: Պարսից վերջին թագավորները աքսորում էին այնտեղ իրանց ձեռքը գերի ընկած մյուս թագավորներին:

Կեսօր էր, բայց Անուշ բերդի վիմափոր նկուղներից մեկը, օրվա պայծառ լուսավորության ժամանակ, դեռ պահպանում էր յուր մեջ խորին մռայլ և մթություն: Վերևից, առաստաղի մոտ, բացված էր մի նեղ պատուհան, որ ավելի ծակի նմանություն ուներ, քան թե լուսամուտի: Արեգակի բարակ շողքը, որ երկչոտ կերպով ներս էր ցոլացել այդ ծակից, կարծես, վախենում էր ներսի խավարից և չէր համարձակվում փոքր-ինչ ավելի տարածվել: Նկուղը ներկայացնում էր մի քառակուսի, փոքր-ինչ երկայնաձև արկղ, քան թե սենյակ, բայց քարեղեն արկղ: Քար էր հատակը, քար էր առաստաղը, քարից էին չորեքկողմի պատերը, միակտուր և միապաղաղ քարից: Մի այլ նյութ խառնված չէր նրա վիմային կազմության մեջ, բացի երկաթյա ծանր դռնից, որ դարևոր ժանգից սևացել, մրճոտել էր և նույն քարի մույգ–աղյուսագույն երանգն էր ստացել:

Երկաթյա դռան հակառակ կողմում, հատակի մեջ, ամրացած էր նույնպես երկաթյա հաստ ցից: Դա նույն ցիցերի նմանությունն ուներ, որոնցից ծովեզերքում կապում են նավակներին: Բայց դրանից կապված էր մի մարդ: Ցցի գլխին կար մի շարժական օղակ, որ միանում էր ծանր շղթայի ծայրի հետ: Իսկ շղթայի մյուս ծայրը փակված էր երկաթյա ստվար անուրի հետ, որ անց էր կացրած այդ մարդու պարանոցով: Շղթայի երկարությունր չափում էր այն սահմանը, որի մեջ կարող էր այդ մարդը շրջել, առանց թույլ տալու նրան մինչև դուռը հասնել: Այդ դրության մեջ նա նմանում էր մի առյուծի, որ փակված էր երկաթյա գառագղի մեջ: Երկու ձեռքերի բազուկները կապված էին շղթայով: Ոտները նույնպես ազատ չէին երկաթյա կապանքներից:

Այդ մռայլ նկուղի մեջ, նույն շղթան, նույն երկաթյա ստվար անուրը մի ժամանակ կրում էր յուր պարանոցին հռոմայեցոց Վալերիանոս կայսրը, որ գերի էր ընկած Շապուհ Ա-ի ձեռքում: Երկնքի և արեգակի որդին վարվում էր յուր օգոստափառ գերիի հետ որպես մի բարբարոս: Ամեն անգամ, երբ նա որսի էր գնում, դուրս էին բերում դժբախտ բանտարկյալին, լվանում էին, օծում էին, հագցնում էին կայսերական ծիրանին և հանդիսավոր կերպով կանգնեցնում էին արքունիքի դռան մոտ: Դուրս էր գալիս արևի որդին, կայսրը մեջքը խոնարհեցնում էր, և նա յուր ոտքը դնելով նրա մեջքի վրա, հեծնում էր ձին: Եվ այդպես, ամեն անգամ նա յուր գոռոզ ոտքի տակ խոնարհեցնում էր Հռոմը... Այդ բոլոր անարգանքներից հետո, սպանել տվեց նրան և, կաշին տկահան անելով, լցրին խոտով և, ի ցույց ամենեցուն, կախեցին Տիզբոնի մեծ տաճարի պատից:

Շապուհ Ա-ն այդ երկաթյա անուրը դրեց Վալերիանոս կայսրի պարանոցին: Իսկ Շապուհ Բ-ը նույն անուրը դրեց մի այլ թագավորի պարանոցին, որ այժմ գտնվում էր նույն քարեղեն նկուղի մեջ:

Այնտեղ կար և մի այլ մարդ, որ մի անկյունում, անշարժ արձանի նման, կանգնած էր քարե պատվանդանի վրա և անթարթ աչքերով նայում էր առաջինի վրա: Ոչ մի մկնակ, ոչ մի նշույլ կենդանության չէր շարժվում նրա ցամաք դեմքի վրա, որ դեղնել և մագաղաթի գույն էր ստացել: Մեջքին կրում էր սպարապետական ոսկեպատյան սուրը, որի կոթը բռնել էր աջ ձեռքով և որով այնպիսի մի տպավորություն էր գործում, կարծես, ամենայն պատրաստականությամբ հսկում էր բանտարկյալ արքայի կյանքի վրա:

Արքան ոտքի վրա էր, խռովյալ կերպով անցուդարձ էր անում յուր նեղ սահմանի մեջ, և ամեն անգամ նրա շղթաները աղմկում էին նկուղի խորին լռությունը: Պարանոցի շղթան այնքան կարճ էր, որ նա չէր հասնում ոչ այն անձնավորությանը, որ արձանի նման կանգնած էր քարե պատվանդանի վրա, և ոչ երկաթյա դռանը, որ փակում էր նրա արգելանի մուտքը: Դա մի հաղթանդամ, հսկայատիպ և թավամազ տղամարդ էր, որի մորուքի և գլխի մազերը այս բանտի մեջ ավելի անկարգ կերպով աճելով, տալիս էին նրա կերպարանքին ահռելի արտահայտություն: Նա անցավ դեպի նկուղի անկյունը, նստեց հարդի վրա, որ ծառայում էր թե՜ իբրև օթոց և թե՜ իբրև անկողին:

Այդ միջոցին երկաթյա ծանր դուռը ճռնչալով բացվեցավ, ներս մտավ բանտապետը և նրա հետ մի ծառա: Շապիկի և պատմուճանի թևքերը մինչև արմունկները ծալած, բազուկները հոլանի, հողաթափները առանց գուլպաների հագած, գլխին գիշերային թասակ դրած, միայն տակի հագուստով, այսպես անփույթ և անպատշաճ կերպով ներկայացավ նա բանտարկյալ թագավորին, կարծես, նրան ավելի վիրավորելու համար: Նա գլուխ տվեց և, կանգնելով դռան մոտ, կիսահեգնական և կիսածաղրական եղանակով ասաց.

Ողջո՛ւյն հայոց արքային: Հուսով եմ, որ իմ տեր թագավորը խաղաղ քնով և անուշ երազներով վարած լինի գիշերային խավարը: Եվ թո՜ղ փարատեն նրանից բարի ոգիները Ահրիմանի խոլական անուրջները.,.

Բանտարկյալը արհամարհական կերպով նայեց նրա վրա և ոչինչ չպատասխանեց:

Ինչո՞ւ չես խոսում, տեր արքա, առաջ տարավ նա ավելի ստահակությամբ: Հայերը եթե ձեռքի քաջության մեջ խիստ ժլատ են, գոնե լեզվի քաջության մեջ բավական առատ են:

Նա դարձյալ ոչինչ չպատասխանեց:

Երևի, իմ տեր թագավորը դժգոհ է յուր նվաստ ծառայից, ասաց նա, մի քայլ դեպի առաջ փոխելով: Ես կաշխատեմ ավելի հաճելի լինել իմ տեր թագավորին: Ահա այս րոպեիս փոխել կտամ քո փառավոր անկողինը և անուշահոտ փափկությամբ հորինել կտամ քո արքայական մահիճը, այնպես որ դու կմոռանաս Հայաստանի գեղեցիկ մետաքսն ու ասրը:

Նա դարձավ դեպի յուր հետ եկած ծառան, հրամայեց, որ անկողինը փոխե:

Ծառան մոտեցավ, հավաքեց անկյունում տարածված հարդը, որը խոնավությունից տամկացել էր և թաղիքի նման կպել էր հատակին: Նրա փոխարեն դրեց նոր և ավելի ցամաք հարդ:

Անուշահամ խորտիկներով կճոխացնեմ այսօր իմ տեր թագավորի սեղանը, ասաց նա, կրկին դառնալով դեպի բանտարկյալը: Թո՜ղ նա չմտածե, թե արիք (պարսիկները) անհյուրասեր են, թո՜ղ նա մոռանա այն բոլորը, ինչ որ կորցրել է յուր արքունիքում:

Ծառան դրեց հարդյա անկողնի մոտ մի կտոր գարեհաց և մի կոտրած խեցեղեն անոթի մեջ ջուր:

Բարի ախորժակ եմ ցանկանում, ողջ լերու՜ք, տեր արքա, ասաց նա և, գլուխ տալով, հեռացավ:

Լի՛րբ… այս անգամ միայն մռնչաց բանտարկյալը:

Երկաթյա դուռը կրկին փակվեցավ, և նա մնաց միայնակ յուր քարեղեն նկուղի մեջ:

Մի քանի անգամ լռությամբ անցավ նա մի անկյունից դեպի մյուսը, հետո կանգ առեց և դարձավ դեպի քարե պատվանդանի վրա կանգնած անշարժ արձանը,

Լսո՞ւմ ես, Մամիկոնյան տեր, ինչպե՛ս ամեն րոպե խոցոտում են քո թագավորին, ինչպե՛ս ամեն վայրկյան դառնացնում են նրա սիրտը: Պարսիկը, ամեն վեհանձնությունից զուրկ պարսիկը,սովոր է յուր տան մեջ վիրավորել յուր հյուրին: Ինչո՞վ է մեղավոր այդ ողորմելի զեռունը, որ ամեն անգամ այստեղ մտնելիս` լրբենի բերանով լուտանքներ է կարդում: Նրան հրամայել են, նրան պատվիրել են: Ցա՛ծ և անա՛րգ Շապուհ, մինչև ա՜յդ աստիճան վատություն: Ես չնկա քո ձեռքը պատերազմի դաշտում, դու իմ քաղաքները պաշարելով գերի չվարեցիր ինձ: Դու ինձ հրավիրեցիր քո մոտ իբրև հյուր և քո ասպնջակությունը խաբեությամբ պսակեցիր: Դավաճա՛ն... Մի՞թե դրա մեջն է թագավորի և արքայից արքայի մեծությունը` նենգավոր բարեկամությամբ պատրել յուր դրացուն և դաշնակցին և նրան որոգայթի մեջ ձգել,.. Ինչե՛ր չէիր առաջարկում դու ինձ, ինչե՛ր չէիր խոստանում դու ինձ: Առաջարկում էիր քո դուստրը կնության տալ ինձ, խոստանում էիր իմ պետության սահմաններից մինչև քո մայրաքաղաքը Տիզբոն յուրաքանչյուր իջևանում մի-մի պալատ կառուցանել ինձ համար, որպեսզի ես, մոտ գալու ժամանակ, ճանապարհին իմ սեփական պալատները մեջ իջևանեի: Ահա՜ քո խոստմունքը, այդ քարեղեն նկուղը նվիրեցիր ինձ այն պալատների փոխարեն... Թո՜ղ հավիտենական անեծքով ծածկվին իմ նախարարները... թո՛ղ ամոթը և մշտական ապաշավանքը լինի նրանց բաժինը... որ ինձ այս դրության մեջ դրեցին... Եթե նրանց անմիաբանությունը չլիներ, ես երբեք չէի ընկնի քո ծուղակի մեջ, նենգավո՜ր Շապուհ...

Նա խոսում էր, նա թափում էր զայրացած սրտի դառնությունը, բայց Մամիկոնյան տերը չէր լսում: Նա ընկողմանեցավ նոր սփռած հարդի վրա և շարունակեց նայել դեպի անշարժ արձանը: Տխուր հիշողությունները զարթեցրին նրա մեջ վաղեմի դեպքը: Երբ մի անգամ ինքը մտավ Շապուհի ասպաստանը արքայական նժույգները տեսնելու, այն ժամանակ ախոռապետը, պարսկական լրբությամբ, վեր առեց մի խուրձ խոտ և, առաջարկելով նրան, ասաց. «Հայոց այծերի արքա, եկ նստի՜ր այս խոտի վրա»: Լրբությունը իսկույն պատժվեցավ: Այդ հզորը, որ այժմ յուր քարե պատվանդանի վրա կանգնած խորին սառնասրտությամբ լսում էր բանտապետի դառն պարսավները, քաշեց սուրը և ախոռապետի գլուխը երկու մասն բաժանեց: Այժմ դարձյալ նա ձեռքը նույն սրի վրա էր դրել, բայց ձեռքը չէր շարժվում...

Ծա՛ղր… խիստ կծո՛ւ կատակ... բացագանչեց բանտարկյալը խորին վրդովմունքով և վեր կացավ նստած տեղից: Իմ աչքի առջև դրել են Հայաստանի զորությունը.., նրա զինվորական և պատերազմական ներկա յացուցչին... իմ աչքի առջև դրել են այն հերոսին, որ մշտական սարսափի մեջ էր պահում ամբողջ Պարսկաստանը... Դրել են, որ նա, իբրև հարաժամ հանդիմանություն, ամեն րոպե, ամեն վայրկյան հիշեցնե ինձ, թե ի՛նչ եմ կորցրել ես.., Բայց մի՞թե այդ քաջը իմ պես պարսկական ստոր նենգավորության զոհը չդարձա՞վ... միթե նա ընկավ պատերազմի՞ դաշտում...

Նա ձեռքերը տարածեց, մի քանի քայլ փոխեց, աշխատում էր գրկել անշարժ արձանը: Բայց շղթաները արգելեցին:

Սիրելի՛ Վասակ, գոչեց նա գորովալի ձայնով, ամենքը դավաճանեցի՛ն ինձ, ամենքը թողեցին ինձ, բայց դու չբաժանվեցար քո թագավորից... Դու մասնակից էիր նրա փառքին, մասնակից եղար և նրա դժբախտությանը... Պարտքը, պատիվը, հայրենիքի սերը մղեցին քեզ դեպի անձնազոհություն... Եվ, իբրև ճշմարիտ հերոս, դու հերոսի պես պսակեցիր քո վախճանը...

Անշարժ արձանը, որին դիմում էր նա այդ խոսքերով, հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանն էր-Սամվելի հորեղբայրը և Մուշեղի հայրր: Իսկ նրա հետ խոսողը Հայաստանի արքան-Արշակ թագավորը: Երբ Շապուհը երկուսին ևս խաբեությամբ հրավիրեց յուր մոտ, թագավորին աքսորեց այդ քարեղեն բերդում, իսկ սպարապետին, սպանել տալով, հրամայեց` կաշին տկահան անել, լցնել խոտով և մշտապես դնել յուր թագավորի աչքի առջև: Այժմ սպարապետի պաճուճապատանքն էր այդ, որ կանգնած էր քարե պատվանդանի վրա: Ոչինչ ցավ, ոչինչ դառնություն այնքան չէր խոցոտում գահազուրկ թագավորի սիրտը, որքան այդ լուռ, անմռունչ ուրվականը, որ յուր լռությամբ ավելի ազդու լեզվով հիշեցնում էր նրան յուր կորցրած փառքը: Իբրև սպարապետ, ներկայացնում էր նա Հայաստանի զինվորական զորությունը ընկճված, առաթուր կործանված պարսկական նենգության ներքո: Իսկ իբրև մի քաջ զորավար, յուր փայլուն հաղթություններով, որ մի քանի տասնյակ տարիների ընթացքում շարունակ կատարել էր պարսից դեմ, հիշեցնում էր նա յուր թագավորի մեծությունը, որին ինքն ևս փառակից էր և բաժանորդ: Բոլորը կորա՛վ, բոլորը խորտակվեցավ,., Դառն արհավիրք, մշտական տանջանք և տխուր հիշողություններ միայն մնացին իբրև անբաժան կենակից դժբախտ թագավորին, որ շղթայակապ Արտավազդի նման կաշկանդված էր այդ մռայլ, քարեղեն նկուղի մեջ, որ գերզմանի պես ամեն րոպե ճնշում էր, խեղդում էր նրան:

Նա չդիպավ աղքատիկ ճաշին, որ բերել էին նրա համար, միայն վեր առեց խեցեղեն ամանը, խմեց ջուրը, փոքր-ինչ զովացնելու սրտի տապը: Հետո անցավ, ընկողմանեցավ յուր հարդյա անկողնի վրա:

Նա դարձյալ շարունակեց նայել անշարժ արձանի վրա: Թավամազ դեմքը արտահայտում էր և զայրույթ, և ապաշավանք: Զայրո՜ւյթ, որ այնպես տմարդի կերպով վարվեցավ յուր հետ արյաց արքան: Ապաշավա՜նք, որ ինքը հարթեց յուր կործանման ճանապարհը: Խիղճը հանգիստ չէր: Ամեն անգամ, որ վերջին միտքը ծագում էր նրա մեջ, նա ամբողջ մարմնով դողում էր, որպես մի հանցավոր, որ ինքն ևս դեռ ոչ բոլորովին համոզված էր յուր հանցանքի մեջ:

Նա դեռ նայում էր արձանի վրա: Նա դեռ մաքառում էր յուր սրտի և զգացմունքների հետ:

Ո՜չ... հազար անգամ ո՜չ… ես մեղավոր չեմ.., բացագանչեց նա, և կատաղության կրակը վառվեցավ մռայլ աչքերի մեջ: – Իմ նախարարների անդադար խռովությունները, վերջապես, ձանձրացրին ինձ,.. Ես, իրա՜վ է, պատերազմ հայտնեցի նրանց դեմ, ցանկանում էի պատժել ընբոստ անհնազանդությունը, ցանկանում էի ոչնչացնել նրանց, որպեսզի ի մի ձուլեմ հայոց բաժան-բաժան եղած ուժերը և նրանցից ստեղծեմ մի հզոր, միահեծան պետություն: Ես ավելի բարձր էի դասում Հայաստանի ամբողջությունը, քան հարյուրավոր առանձնացած իշխանություններ, որոնք, իմ նախորդների անհոգությունից, այն աստիճան բռնացել էին, որ ամեն անգամ ամբարտավանությամբ եղջյուր էին թոթափում իրանց արքայի դեմ... Ես կամեցա չափի և սահմանի մեջ դնել նրանց կամայականությունները... Իսկ նրանք միաբանվեցան և ապստամբվեցան իմ դեմ... Այդ բավական չէր, նրանք ներքին, ընտանեկան կռվի մեջ հրավիրեցին օտարի միջամտությունը... Պարսկի՜ն, մեր դարևոր թշնամուն գրգռեցին իմ դեմ... Ես միայնակ մնացի և ստիպվեցա թշնամու դուռը գնալ և նրա հետ հաշտության ղաշն կապել… Իսկ թշնամին ինձ ուղարկեց այստեղ...

Նա դարձյալ վեր կացավ և, գլուխը խոնարհեցրած մի քանի անգամ անցավ նկուղի մեջ: Ներքին վրդովմունքը ալեկոծում էր նրան: Կրկին դիմեց դեպի անշարժ արձանը այդ խոսքերով.

Դու վկա ես, Մամիկոնյան տեր, թե ո՜րքան անկեղծ էին իմ ցանկությունները, թե ո՜րքան բարձր էի դասում ես հայրենիքի բախտավորությունը... Իմ հարաբերությունները իմ նախարարների հետ այն աստիճան լարվեցան, որ երկուսից մեկը պետք է զոհվեր, կամ թագավորությունը նախարարության, կամ նախարարությունը թագավորության: Ես բարվոք համարեցի վերջինը: Ինձ համար սուրբ էր հայոց գահի հաստատությունը, որ ժառանգել էի իմ նախնիներից: Բայց եթե իմ ձեռքով չկործանվեցավ նախարարությունը, անշուշտ կկործանվի նա պարսկի ձեռքով, որի թեկնածությունը մի հզոր պաշտպանություն համարեց յուր թագավորի դեմ պատերազմելու... Այդ քարեղեն նկուղի անթափանցիկ թանձրության միջով տեսնում եմ ես, Մամիկոնյան տեր, թե ի՜նչ է անում Շապուհը Հայոց աշխարհում.., Նա կտրեց գլուխը, այժմ պետք է սկսե հոշոտել անդամները... Գլուխը աքսորեց այստեղ... իսկ Սագաստանի մթին բանտերը կլցնե հայոց նախարարներով... Եվ անտեր Հայաստանը կմնա պարսկական բարբարոսության մի արձակ ասպարեզ… Նրանց կանայքը և աղջիկները կբազմացնեն պարսից արքունիքի հարճերի և աղախինների թիվը… Նրանց դեռահաս որդիները կսկսեն ավել ածել պարսից արքունիքի մարմարյա սալահատակի վրա... Բայց իմ կի՛նը... իմ որդի՛ն...

Վերջին խոսքերը արտասանելու միջոցին նրա ամուր ձայնը դողդողաց, դողդողացին և ծնկները, և նա հազիվհազ կարողացավ յուր հսկայատիպ իրանը բաց թողնել հարդի կույտի վրա: Երկու ձեռքով բռնեց աչքերը, և արտասուքը ջերմ հոսանքով թանում էր դժբախտ թագավորի շղթայակապ ձեռքերը...

Քանի՜ քանի՜ այդպիսիները այդ վիմափոր բերդի մթին խորշերում նույն տառապանքների մեջ մաշվում, տրորվում էին: Ո՜րքան թագավորներ, ո՜րքան թագավորազներ կլանել էր այդ բերդը և, անհագ վիշապի նման, երբեք չէր կշտացել: Ո՜րքան ևս հեծում, հառաչում էին նրա անգութ, քարեղեն սրտում: Մի անգամ այնտեղ ընկնողը կորչում, անհետանում էր հավիտենական մոռացության մեջ: Իզուր չվաստակեց նա Անհուշ անունը, որ անհիշելի խավարի մեջ, որպես մթին գերեզմանում, թաղում էր յուր դատապարտյալների տխուր հիշատակը…

Միևնույն քարեղեն նկուղի մեջ, միևնույն շղթաներով, որ այժմ կապված էր որդին, մի ժամանակ կապված էր հայրը հայոց Տիրան թագավորը: Որդին գոնե արևի մի նշույլը տեսնում էր յուր բանտի նեղ պատուհաններից: Բայց հայրը այդ ևս չէր տեսնում: Պարսից արքան զրկել էր նրան թե աչքերից և թե լույսից: Կուրացյալ թագավորը յուր խավար շրջապատի մեջ տանում էր խավարի իշխանության դառն տանջանքները...

Որպես մի այլանդակ հրեշ, լի ամենայն զարհուրանքով, կանգնած էր Անուշ բերդը յուր բարձր, քարեղեն ստորոտի վրա: Նա տարածում էր յուր շուրջը մահ և սարսափ: Թունավոր էր նրա շունչը, սպանիչ էր սպառնական հայացքը: Ոչ ոք համարձակություն չուներ մոտենալ նրան, ոչ ոք չէր հանդգնում նայել անգամ նրա վրա: Մարդիկ մի քանի մղոն հեռվից էին անցնում, և ուղևորը շեղվում էր յուր ճանապարհից: Ամեն հաղորդակցություն խզված էր: Եվ նա, որպես մի կղզիացած պատիժ ու պատուհաս, ապրում էր յու մռայլ, դժոխային առանձնության մեջ:

Բայց ահա՜ մի անսովոր երևույթ գրավեց պահակների ուշադրությունը: Մի խումբ ձիավորներ ուղիղ մոտենում էին բերդին: Աչքները վառվեցան, աղեղները լարվեցան և սրերը զգացվեցան իրանց պատյաններում: Ովքե՞ր էին այդ ստահակները: Բայց ասպախումբը լուռ մոտենում էր, և որքան մոտենում էր, այնքան ավելի փութացնում էր յուր համարձակ ընթացքը: Շփոթված բանտապետն անգամ բարձրացավ յուր դիտանոցի վրա, սկսեց նայել: «Գուցե մի նոր հյուր են բերում... » մտածեց նա և այլայլված դեմքը փայլեց դիվական ուրախությամբ:

Երեկո էր, արևը բավական խոնարհվել էր և մտնելու մոտ էր: Ձիավորները, որպես երևում էր, շտապում էին, որ դեռ արևը չմտած հասնեն բերդը, որովհետև գիշերը անհնար էր այնտեղ մուտք գործել: Բոլոր դռները փակվում էին և ոչ ոքի համար չէին բացվում:

Բանտապետը դեռ շարունւսկում էր նայել: Երբ ձիավորները բավական մոտեցան, նկատեց նա, որ նրանցից մեկի, որը բոլորից առաջ էր ընկած, գլխի փակեղի մեջ ցցված էր մի ինչ-որ բան, որ արևի ճառագայթների առջև փայլում էր: Նա լարեց յուր ուշադրությունը: Տեսածը գալարված փողի ձև ուներ և մագաղաթի փաթոթի էր նմանում: «Հրովարտա՛կ...» բացականչեց նա մի առանձին ակնածությամբ, և շտապով իջավ դիտանոցից:

Անցնելով բերդի բակը, հրաման տվեց յուր պաշտոնյաներին` ընդառաջ գնալ և հանդիսավոր կերպով ընդունել եկվորներին: Մի քանի րոպեի մեջ ամենքը պատրաստվեցան և դուրս եկան բերդից: Երբ բավական մոտեցան, ամբողջ խումբը ծունր դրեց գետնի վրա և գլուխը լռությամբ խոնարհեցրեց արքայական հրովարտակի առջև:

Հրովարտակը յուր ոսկյա նկարներով դեռ փայլում էր յուր բարձրության վրա, բերողի ճակատին կապած: Նա ձեռքով նշան տվեց. երկրպագուները վեր բարձրացան և սկսեցին առաջնորդել նրան դեպի բերդը: Երբ հասան գլխավոր դռանը, եկվորները ցաձ իջան ձիերից: Այդ ժամանակ միայն նա առեց հրովարտակը և, երկու ձեռքով բռնած, մատույց բանդապետին: Վերջինը կրկին ծունր իջավ և, երկու ձեռքերը մեկնելով, խորին երկյուղածությամբ ընդունեց մագաղաթը: Նախ համբուրեց, հետո գլխի վրա դրեց և, ապա բաց անելով, վեր կացավ, սկսեց բարձր առոգանությամբ կարդալ:

Երբ ընթերցումը վերջացած էր, հրովարտակը կրկին հանձնեց բերողին, ասելով.

Իմ տեսչությանը հանձնված բերդի դռները բաց են քո առջև, ներքինապետ տե՜ր:

Ամենքը ներս մտան:

Մինչև այցելուներին պատշաճավոր իջևաններ տվեցին, մինչև նրանց ձիաները տեղավորեցին, արևը մտավ, մութը պատեց, ճրագները վառվեցան:

Այդ ժամանակ բանտապետը մտավ յուր հյուրի սենյակը և, գլուխ տալով, ասաց.

Ես հուսով եմ որ տեր ներքինապետը այս գիշեր կհանգստանա ճանապարհի հոգնածությունից և առավոտյան լուսով կտեսնե յուր թագավորին:

Ոչ, բանտապետ տե՜ր, ես այս գիշեր պետք է տեսնեմ իմ թագավորին, պատասխանեց նա անհանգիստ կեպով, և, եթե կարելի է, հենց այս րոպեիս:

Տեր ներքինապետի համար անկարելի ոչինչ չկա, երբ նա արքայից արքայի օրհնյալ հրովարտակովն է ներկայանում, ասաց բանտապետը անվճռական ձայնով: Միայն տեր ներքինապետին պետք է հայտնի լինեն այդ բերդի կարգերը... պետք է փոքր– ինչ...

Հասկանում եմ... դու կամենում ես փոքր-ինչ վայելուչ դրության մեջ ցույց տալ ինձ իմ թագավորին, բայց ես կցանկանայի տեսնել նրան նույն դրության մեջ, որպես միշտ ապրել է այստեղ: Այո՜, այդ բերդի կարգերը ինձ բավական հայտնի են... Դու քաշվելու ոչինչ չունես, բանտապետ տե՜ր, եթե ես նրան ամենագժբախտ վիճակի մեջ կտեսնեմ:

Բանտապետը դարձյալ տատանվում էր անվճռականության մեջ և, որպես մի հանցավոր, խղճահարությունից գլուխը ցած էր գցել:

Այնուամենայնիվ, ասաց նա, ինձ խիստ ծանր է քո սիրտը ցավեցնել... ներքինապետ տե՜ր:

Լսի՜ր, բանտապետ, ասաց այցելուն, բավական խրոխտ ձայնով: Քեզ, կարծեմ, հայտնի եղավ արքայից արքայի հրովարտակի բովանդակությունը: Իմ թագավորի վիճակը վայելուչ դրության մեջ դնելը և նրա վշտերը թեթևացնելը այդ բոլորը իմ գործը պետք է լինի: Դու միայն հրամայիր, որ այս րոպեիս ինձ առաջնորդեն դեպի նրա կացարանը:

Ես ինքս կառաջնորդեմ, ներքինապետ տե՜ր, ասաց բանտապետը հոժարվելով:

Տանջանքի մատակարարը վերջապես խոնարհվեցավ բարձրագույն հրամանի առջև: Այն օր, որպես մեզ հայտնի է, նա ավելի հանդգնությամբ էր վարվել դատապարտյալ թագավորի հետ, ցանկանում էր ` յուր մեղքը ո՛րևէ կերպով քավել, չնայելով, որ այգ իսկ մեղքի մեջն էր նրա պաշտոնի առաքինությունը:

Մութ էր դրսում: Բոլոր դռները փակված էին: Պահակները, սանդարամետական չար ոգիների նման, ամենուրեք հսկում էին: Երկնքի թռչունն անգամ գիշերային այդ պահուն չէր համարձակվի բերդի մոտով անցնել: Ոչ ոք չէր շարժվում, ոչ ոք չէր երևում: Տիրում էր խորին, մահահրավեր լռություն:

Մի ծառա, լապտերը ձեռին, գնում էր առջևից և լուսավորում էր ապառաժի քարակոփ սանդուղքները, որ տանում էին դեպի վեր, դեպի բերդի բարձրությունը: Լույս-ցերեկով անգամ այդ ոլորապտույտ սանդուղքներով գնացողը կարող էր ամեն րոպե մոլորվել; Մի փոքրիկ սխալ, մի թեթև սայթաքումն կտաներ նրան դեպի ցած, դեպի անդունդը,.. Ծառայի ետևից գնում էր բանդապետը, իսկ նրա ետևից` նորեկ ներքինապետը: Տըխո՛ւր էր նա, որպես մի սգավոր, որին տանում էին ցույց տալու յուր սիրելու անհայտ գերեզմանը: Ինչպե՛ս պետք է տեսներ նրան, ինչպե՛ս պետք է հանդիպեր նրան: Արդյոք նա կունենա՞ր այնքան ուժ, այնքան սրտի զորություն, որ կարողանար զսպել յուր հոգու ամենադառն զգացմունքները:

Նրանք կանգ առին մեզ ծանոթ նկուղի դռան հանդեպ:

Այստեղ է... ներքինապետ տե՛ր, ասաց բանտապետը, դուռը ցույց տալով:

Բաց արա՜, հրամայեց նորեկը: Բայց ես կխնդրեի քեզանից՝ ինձ միայնակ թողնել իմ թագավորի մոտ:

Բանտապետի դեմքի վրա դարձյալ երևացին անվճռականության նշաններ: Նորեկը նկատեց այդ և հանգստացնելով նրան, ասաց

Դու կարող ես ապահով լինել, որ դրանից քեզ ոչինչ չարիք չի ծագի:

Թո՜ղ տեր ներքինապետի կամքը կատարված լինի, պատասխանեց բանտապետը բռնի հոժարությամբ: Բայց թո՜ղ ներե ինձ տեր ներքինապետը ասել, երբ նա ցանկություն ունի յուր թագավորի հետ միայնակ լինել, ես ստիպված կլինեմ դուռը փակել նրա ետևից:

Կարող ես: Բայց ես պետք է վեր առնեմ ինձ հետ այդ լապտերը, անտարակույս, այնտեղ լույս չպիտի լինի:

Բանտապետը ջոկեց յուր գոտիից քարշ ընկած բանալիների ծանր փնջից մեկը, մոտեցավ երկաթյա դռանը և, բաց անելուց հետո ասաց.

Ներս համեցիր, ներքինապետ տե՜ր: Դու կարող ես մնալ քո թագավորի մոտ, որքան քո կամքն է: Երբ կցանկանաս դուրս գալ, բավական է ներսից փոքր-ինչ բախել. իմ պահապաններն այստեղ պատրաստ են. ինձ իմացում կտան, և ես կգամ, կրկին բաց կանեմ:

Նա ցույց տվեց պահապանների խումբը, որ կանգնած էին հատկապես այդ նկուղի պահպանության համար:

Նորեկը առեց լապտերը և սրտի սաստիկ բաբախմունքով ներս մտավ: Նրա ետևից դուռր կողպվեցավ:

Դողդոջուն քայլերով անցավ նա, լապտերը դրեց մի անկյունում: Դատապարտյալը պառկած էր: Կարծես, դժոխքը յուր ամբողջ զարհուրանքով ներկայացավ տառապյալ այցելուի առջև: Խորին տրտմությամբ նայում էր նա շղթայակապ արքայի վրա, որ տարածված էր հարդյա անկողնի վրա և ծանր շնչառությամբ հառաչում էր: Տեսավ դեռ չկերած ցամաք գարեհացը, որ դրած էր նրա մոտ, տեսավ ջրի խեցեղեն ամանը, որից ստրուկներն անգամ կվիրավորվեին, եթե առաջարկեին նրանց: Նա աչքերը դարձրեց դեպի քարե պատվանդանի վրա կանգնած անշարժ ուրվականը: Նրա աչքերը լցվեցան արտասուքով, և հազիվհազ կարողացավ իրան պահել ոտքի վրա: Նրա առջև դրած էր Հայաստանը ընկճվա՛ծ և անպատվա՛ծ Հայաստանը…

Նա մի քանի քայլ առաջ գնաց, բայց սոսկալով կրկին ետ դարձավ: Ինչպե՛ս վրդովել նրա հանգստությունը, ինչպե՛ս խանգարել նրա քունը, որ խիստ հազիվ անգամ է վիճակվում բանտարկյալին: Նա շարունակեց նայել նրա վրա: Երբեմն արձակում էր խորին հառաչանքներ, իսկ երբեմն լսելի էին լինում հեգնական դառն ծիծաղներ: Երևում էր, որ խառն երազներ ալեկոծում էին նրան: Նա պառկած էր մի կողքի վրա և աջ թևքը դրած ուներ գլխի տակին: Երեսը դարձրած էր դեպի այցելուն: Որքա՛ն փոխվել էր, որքա՛ն այլանդակվել էր նա: Այցելուն սարսափում էր: Ինչպե՜ս մոտենալ: Գուցե անրջային կատաղության մեջ` վեր կբարձրանար նա և, տեսնելով յուր նկուղի մեջ մի անակնկալ մարդ, կփշրեր, կխորտակեր նրան յուր ոտքերի ներքո:

Միջահասակ մարդ էր այցելուն, ցամաքած և նիհար կազմվածքով: Երեսը բոլորովին զուրկ էր մազերից, ոչ մորուք ուներ և ոչ ընչացք: Եթե այրական հագուստը փոխվեր, մի պառավ կնոջ տպավորություն կգործեր, մի կնոջ, որ հարգանք է ազդում և պատկառանք: Թանկագին գոտիի մեջ խրած ուներ մի դաշույն, որի գոհարազարդ կոթը կիսով չափ երևում էր վերևից: Հագուստը մի բարձր պաշտոնակալի վայելուչ շքեղություն ուներ: Նրան կոչում էին Դրաստամատ: Ներքինի էր նա, շատ հարգված և սիրելի, և մի ժամանակ հայոց արքունիքում, բոլոր նախարարներից վեր էր դրած նրա բազմոցն ու բարձը: Անգեղ տան իշխանն էր նա և կառավարիչ թագավորական գանձերի, որ պահված էին Ծոփաց գավառի Բնաբեղ բերդում:

«Վասա՜կ, լսելի եղավ նրա ձայնը, կազմի՜ր իմ քաջ գունդերը... գրո՜հ տանք դեպի արյաց աշխարհը... պատժե՛նք Շապուհի հանդգնությունը...»

Նա խոսում էր քարե պատվանդանի վրա կանգնած անշարժ ուրվականի հետ:

Ներքինապետի աչքերը կրկին լցվեցան արտասուքով:

Նա մի անսովոր ցնցում գործեց, ձեռքը, որ դրած էր գլխի տակին, դուրս հանեց և, սպառնական կերպով շարժելով, սկսեց մռնչալ.

«Հրդեհված Տիզբոնի բոցերի մեջ կխորովեմ քեզ, խարդա՛խ Շապուհ...»:

Մյուս ձեռքը, որ ծանր շղթայով կապված էր առաջինի հետ, ձգեց նրան, և երկուսն էլ շառաչելով ընկան նրա կուրծքի վրա... Նա, կարծես թե, արթնացավ, քնեած աչքերը բաց արեց և կրկին խփեց: Այդ միջոցին ներքինապետը վստահացավ մոտենալ և, մի քայլ հեռավորության վրա կանգնելով, կոչեց.

Տե՜ր արքա...

Նա չարթնացավ:

Տե՜ր արքա... կրկնեց նա:

Նա գլուխը բարձրացրեց և, պղտոր աչքերը դարձնելով դեպի այցելուն, որոտաց.

Անամո՛թ, գոնե գիշերն ինձ հանգստություն տուր:

Կարծում էր, որ բանտապետն է:

Տե՜ր արքա, ճանաչի՜ր քո ծառային... խոսեց այցելուն լալագին ձայնով:

Իմ ծառայի՛ն... կրկնեց նա ծիծաղելով: Դո՜ւ, անզգամ, ամեն օր իմ դահիճն էիր, իսկ այժմ ծառա դարձար...

Այցելուն այլևս չկարողացավ զսպել յուր զգացմունքները, խոնարհվեցավ, գրկեց նրա ոտները և, ջերմ արտասուքով թանալով նրա շղթաները աղաղակեց.

Տե՜ր արքա, զգաստացի՜ր, նայի՜ր իմ վրա, ես քո ծառան եմ... քո ստրուկը... քո նվաստ Դրաստամատը...

Դրաստամա՛տ-բացագանչեց նա, մի կողմ հրելով այցելուին: Ո՞ր աստվածը կտար ինձ Դրաստամատին, իմ քաջ և հավատարիմ ծառային... Հեռո՛ւ ինձանից խաբեություն, հեռո՛ւ գնացեք երազական ցնորքներ... Ես կորցրի իմ ամենալավ,մարդիկներին, ես զրկվեցա իմ ընտիր պաշտոնյաներից,., աստված պատժե՛ց ինձ... այլևս նրանց տեսնել չեմ կարող...

Նրանցից մեկը քո սպասումն է, տե՜ր արքա:

Դժբախտ թագավորին այնպես էր թվում, որ յուր տեսածը և լսածը յուր երազների շարունակությունն է: Այժմ միայն ուղիղ նայեց այցելուի վրա և ապշած կերպով հարցրեց.

Այդ ո՞ վ է այստեղ:

Քո ծառան, Դրաստամատը:

Նա շփոթված կերպով վեր թռավ, առաջ վազեց, աղաղակելով.

Դրաստամա՛տ… որտեղի՛ց հայտնվեցար...ինչպե՞ս թողեցին ինձ մոտ... Տեր աստված, այդ ի՛նչ բախտ է.., մերձեցի՛ր, սիրելի Դրաստամատ, մերձեցի՜ր, գրկեմ քեզ…

Ներքինապետը կրկին ծունր իջավ, սկսեց համբուրել նրա ոտները: Նա զորեղ ձեռքով բարձրացրեց նրան, ասելով.

Այդ համբույրները չեն թեթևացնի իմ շղթաների ծանրությունը, սիրելի Դրաստամատ, պատմի՜ր, որտե՞ղ էիր, ինչպե՞ս եկար այստեղ, ի՞նչ լուր ունես..,

Նա մի քանի քայլ անցավ յուր նեղ նկուղի մեջ, հետո նստեց հարդյա անկողնի վրա: Ներքինապետը մնաց ոտքի վրա, խորին տատանման մեջ տարուբերվելով, արդյոք որտեղի՞ց սկսել և ի՞նչ պատմել: Նա շատ բան ուներ պատմելու, բայց յուր տեղեկությունները այն աստիճան տխուր և այն աստիճան անմխիթար էին, որ չկամեցավ ավելի դառնացնել յուր թագավորի առանց դրանց ևս վշտացած սիրտը:

Ինչո՞ւ ես լուռ, Դրաստամատ , ասաց նա, նկատելով ներքինապետի մտատանջությունը: –Դու կարծում ես, Արշակը այնքան թուլացել է սրտով, որ չէ՞ կարող տանել նոր հարվածներ: Ես առանց քո պատմելու ևս շատ բան գիտեմ... Այդ քարեղեն բանտի միջից ես ամեն րոպե, ամեն վայրկյան տեսնում եմ, Դրաստամատ, թե ի՜նչ է կատարվում այնտեղ, Հայոց աշխարհում,.. Դու միայն այն ասա՜, թե ինչպե՞ս թույլ տվեցին քեզ մտնել իմ մոտ: Այդ ինձ շատ զարմացնում է...

Ներքինապետը սկսեց պատմել, թե յուր սիրելի արքայից բաժանվելուց հետո ինքը մնաց այն հայագունդ այրուձիի թվում, որ պահված էր Տիզբոնում: Այդ միջոցներում Շապուհը մի նոր արշավանք գործեց քուշանաց դեմ և հասավ մինչև նրանց Բահլ մայրաքաղաքը: Նրա զորքերի թվում գտնվում էր թե՜ ինքը և թե՜ հայոց այրուձին: Տեղային Արշակունի թագավորը դուրս եկավ Շապուհի առաջ, և սկսվեցավ այրունահեղ պատերազմը: Պարսիկներր ջարդվեցան, և Շապուհը փորձեց փախուստով ազատել յուր կյանքը: Բայց չհաջողվեցավ, որովհետև փախչելու միջոցին քուշաներից մի խումբ շրջապատեցին նրան և գերի բռնեցին: Բայց ինքը ներքինապետը, յուր հայ ձիավորներով վրա հասավ և ազատեց Շապուհին: Երբ վերադարձան Տիզբոն, Շապուհը ատյան կազմեց, հրապարակով հանդիմանեց յուր զորապետների անպիտանությունը և ցավելով գովաբանեց հայերի քաջագործությունը:

Նույն ատյանի մեջ, տե՜ր արքա, շարունակեց ներքինապետը, Շապուհը դարձավ ինձ, ասելով. «Դրաստամատ, իմ կյանքով ես քեզ եմ պարտական, դու ազատեցիր ինձ անարգ գերությունից. խնդրի՜ր քեզ վարձատրություն, փառք, պատիվ, իշխանություն, հարստություն, երդվում եմ իմ նախահարց սուրբ հիշատակով, ինչ որ խնդրելու լինես, կստանաս ինձանից»: Բայց ես ոչ հարստություն պահանջեցի և ոչ իշխանություն, տե՜ր արքա, ես պահանջեցի միայն, որ ինձ իրավունք տան գնալ Անուշ բերդը և տեսնել իմ սիրելի թագավորին...

Եվ քեզ իրավունք տվեցի՞ն:

Այո՜, տեր արքա: Շապուհը չէր կարոդ երևակայել, որ ես այդ շնորհը կխնդրեի: Երբ իմ ցանկությունը հայտնեցի, նա երկու ձեռքով կոծեց ծնկները, և ստրջացավ յուր խոստման մասին, ասելով. «Անհնարին բան խնդրեցիր, Դրաստամատ, որովհետև արյաց օրենքներին հակառակ է` ոչ միայն այցելություն գործելն Անուշ բերդի դատապարտյալներին, այլ նրանց մտաբերելն անգամ: Խնդրի՜ր մի այլ բան. իմ գանձարանները լի են ոսկով և գոհարներով, ազգք և ազինք խոնարհած են իմ իշխանության ներքո, ո՜ր երկիրը ցանկանալու լինես, կտամ քեզ»: Ես կրկնեցի միևնույն խնդիրքը : Որովհետև հրապարակով երդվել էր, չկարողացավ զանց առնել:

Աքսորյալի մռայլ դեմքի վրա անցավ մի դառն ժպիտ:

Միթե այդպես երդմնապա՛հ է դարձել նա…Ինձ ևս երդվեցավ... ինձ ևս շատ խոստումներ արեց...բայց վերջը դավաճանեց…Նա վարազագիր մատանիով աղ կնքեց և ուղարկեց ինձ, որը, պարսից թագավորների օրենքով ամենահավատարիմ երդման ուխտն է: Ինձ կանչեց յուր մոտ սիրո և հաշտության դաշն կռելու և կրկին խաղաղությամբ դեպի իմ աշխարհը վերադարձնելու: Բայցփոխարենը-ուղարկեց այստեղ,..

Նրա ձայնը ներքին վրդովմունքից դողդողաց, և րոպեական լռությունից հետո, կրկին դարձավ դեպի ներքինին, ասելով.

Գովում եմ քո անձնանվիրությունը Դրաստամատ, դու միշտ հավատարիմ ես եղել քո թագավորին: Քո այժմյան վարմունքը ես կհամարեմ այն բազմաթիվ զոհաբերությունների պսակը, որոնցով դու շատ անգամ ապացուցել ես քո բարձր արժանավորությունները: Ես փառք եմ տալիս ամենակալին, և այժմ միայն հավատացած եմ, որ նա ինձ բոլորովին ձեռնաթափ չէ արել: Ես կարոտ էի իմ աշխարհից մեկին, և նա ուղարկեց ինձ:

Դրաստամատը, հոգով չափ փառավորվելով յուր թագավորի խոսքերից, հայտնեց, թե ինքը ներկայացել է այդ բերդը արքայական հրովարտակով, թե իրան իրավունք է շնորհված յուր թագավորի վիճակը արքայավայել դրության մեջ դնելու, ամեն կերպով թեթևացնելով նրա ծանրությունները և ամեն կերպով մխիթարելով նրան:

Այդ ինձ շատ փոքր մխիթարություն կլինի, Դրաստամատ, պատասխանեց նա վշտալի ձայնով: Այժմ ինձ համար միևնույն է այդ հարդի վրա պառկել, թե ամենափափուկ անկողնի մեջ: Նույնպես ինձ համար զանազանություն չունի` ջուրը այդ կոտրած խեցեղեն անոթից խմել, թե ոսկյա բաժակից: Տանջանքը, տաժանակիր կյանքը չի մաշում ինձ: Ինձ մաշում է միայն ա՜յն, որ ես այստեղ եմ, իսկ իմ անտեր մնացած երկիրը կեղեքվում է իմ թշնամիներից...

Վերջին խոսքերից այն աստիճան զգացվեցավ ներքինապետը, որ մի բառ անգամ չգտավ պատասխանելու: Աքսորյալը հարցրեց.

Ինչո՞ւ ես լուռ, Դրաստամատ, ասա՜, ի՞նչ գիտես մեր աշխարհից, ի՞նչ է մտածում անել Շապուհը, ի՞նչ են մտածում նախարարները: Դու, թեև Տիզրոնից ես գալիս, բայց դարձյալ շատ բան լսած, շատ բան իմացած կլինես:

Նա, իրավ, շատ բան լսել և շատ բան իմացել էր, բայց միթե կարո՞ղ էր բոլորը պատմել նրան: Թույլ տվեց, որ ինքը հարցեր առաջարկե:

Ո՞վ է իմ զորքերի հրամանատարը,

Մուշեղ Մամիկոնյանը, տե՜ր արքա:

Ուրախության նման մի բան փայլեց նրա տխուր դեմքի վրա, և, դառնալով դեպի քարե պատվանդանի վրա կանգնած անշարժ արձանը, ասաց,

Լսի՜ր, Մամիկոնյան տեր, որդիդ իմ զորքերի ընդհանուր սպարապետն է այժմ: Ես վստահ եմ, որ քաջ հոր քաջ որդին կարդարացնե յուր տոհմի հայրենասիրությունը: Ես հիշում եմ նրան, երբ դեռ նոր էր սկսել ձիավարել, տեսել եմ նրան մի քանի մրցությունների մեջ, տեսել եմ և կռիվներում, երբ արդեն երիտասարդ էր: Ամենափոքր հասակից քաջազնական աստղը փայլում էր նրա ճակատի վրա: Հպարտ էր յուր հոր նման և մեծամիտ: Երբ մի անգամ նրան ասեցի ` «քեզ արքունի հավերի վրա վերակացու պիտի կարգեմ», նա վիրավորվեցավ և աչքերը լցվեցան արտասուքով: Այդ ժամանակ տասնևերկու տարեկան հազիվ կլիներ:

Որդու գովասանքները, կարծես լսում էր հայրը, և այնպես էր թվում, որ նրա մռայլ, սպառնալի դեմքը արտասանում էր այդ խոսքերը. «Հոր արյան վրեժխնդրությունը կոգևորե նրան, և նա յուր ծնողած հարազատը չի լինի, եթե հարյուրավոր պարսիկ սպաների մորթիքը խոտով չի լցնի և չի ուղարկի իբրև նվեր ստորոգի Շապուհին …»:

Բանտարկյալը շարունակեց հարցուփորձը,

Որտե՞ղ է հայոց տիկինը (թագուհին):

Ամրացած է Արտագերս բերդում, տեր արքա, և յուր հրամանի ներքո ունի տասնևերկու հազար ամենաընտիր զորքեր:

Իսկ իմ որդի՞ն:

Դեռ գտնվում է Բյուզանդիայում, կայսեր մոտ, տե՜ր արքա:

Ինչո՞ւ չեն կանչում, ինչո՞ւ են թողել այնտեղ:

Դեռ մտածում են երկիրը խաղաղացնել պարսիկների հարձակումներից, որ նա հետո գա և ամենայն ապահովությամբ ժառանգե հոր գահը, տե՜ր արքա:

Բանտարկյալը դառնացած կերպով շարժեց գլուխը, և նրա շղթաների շառաչյունը արձագանք տվեց սրտի բարկությանը:

Դու խնայում ես ինձ, Դրաստամատ, կոչեց նա խրոխտ ձայնով, դու խիստ մեղմությամբ ես հաղորդում իմ աշխարհի աղետները: Խոսի՜ր ճշմարիտը, ես քեզ կլսեմ ամենայն սառնասրտությամբ, որքան և տխուր լինեին քո պատմությունները: Իմ որդուն պահում են Բյուզանդիայում, պահում են կայսեր մոտ, որովհետև վախենում են հայրենի աշխարհը բերել, որպեսզի Շապուհի ձեռքը չընկնե, և նրան ևս հոր մոտ այդ բերդում չաքսորե... Այդ չէ՞ իսկությունը: Կարծեմ, այդ է:

Այո՜, տեր արքա:

Որտե՞ղ է Ներսեսը:

Նույնպես Բյուզանդիայում, տեր արքա:

Չնայելով բանտարկյալի թախանձանքին, նա դարձյալ ծածկեց, որ հայոց մեծ քահանայապետը աքսորված է Պատմոս կղզում :

Երևի, այդ նպատակով է սպասում Բյուզանգիայում, որ որդուս հետ միասին վերադառնան:

Այո՜. տեր արքա:

Նա գլուխը խոնարհեցրեց, և խառնված գիսակների թավ հոսանքը սքողեց տխրամած դեմքը: Րոպեական մտահուզությունից հետո, կրկին դարձավ դեպի ներքինին, ասելով.

Այդ ինձ և՜ մխիթարում է, և՜ խոցոտում է, Դրաստամատ: Ես երբեք Ներսեսի հետ լավ հարաբերությունների մեջ չեմ եղել: Այժմ նա հովանավորում է իմ որդուն: Դա մի տեսակ վրեժխնդրություն է և քրիստոնեական վրեժխնդրություն չարության փոխարեն բարություն մատուցանել...

Այդ նրա պարտքն է, տեր արքա, որպես Քրիստոսի աշակերտի:

Ասա՜, և որպես ճշմարիտ հայրենասերի, Դրաստամատ, ավելացրեց բանտարկյալը: Ես եթե միշտ հակառակել եմ Ներսեսին, բայց երբեք չեմ դադարել հարգել նրա մեջ մեծ մարդու ամենաբարձր հատկությունները:

Ի՞նչ է շինում Մերուժանը, խոսքը փոխեց նա:

Անիծվի՛ Մերուժանը, պատասխանեց ներքինին խորին զզվանքով: Շապուհից զանազան հրահանգներ է ստացել…և նրանց ի կատար ածելու մասին է աշխատում…

Իհարկե, ոչ լավ հրահանգներ:

Այդ շատ հասկանալի է, տեր արքա: Բայց ես մեծ հույսեր ունեմ, որ հայոց նախարարների միաբանությունը կխորտակե նրա չար դիտավորությունները,..

Նախարարների միաբանությո՛ւնը… կրկնեց բանտարկյալը դառնացած ձայնով: Միթե կարելի՞ է հավատալ նրանց անկեղծությանը...

Ոչ միայն կարելի է, այլ պետք է հավատալ, տեր արքա: Նրանք այժմ շատ և շատ ստրջացել են իրանց անխոհեմ վարմունքների մասին...

Այն բոլոր վնասներից հետո, որ կատարվեցան, Դրաստամատ... իրանց թագավորին կորցնելուց հետո... հայրենի երկիրը ավերակ դարձնելուց հետո... այժմ, ասում ես, ստրջացել են... Դա շա՛տ և շա՛տ ուշ է արդեն...

Ուշ է, բայց բոլորովին անցած չէ, տեր արքա: Իրանց անձնազոհությամբ այժմ կքավեն հին մեղքերը: Ինձ հայտնի են բավական տեղեկություններ, թե ո՜րպես նախարարությունը, հոգևորականության հետ ձեռք ձեռքի տված, պատրաստվում է պատերազմել հայրենիքի փրկության համար:

Պատմի՜ր, ի՜նչ գիտես:

Ներքինին սկսեց մի ըստ միոջե պատմել, նախ, Շապուհի դիտավորությունները` քրիստոնեական կրոնը ոչնչացնելու և Հայաստանում պարսից կրակապաշտությունը տարածելու մասին: Հետո պատմեց նրա ձեռք առած միջոցները յուր նպատակը իրագործելու համար, որոնց մեջ գլխավոր դերը պատկանում էր Մերուժան Արծրունուն: Պատմեց Շապուհի մեծամեծ խոստումները Մերուժան Արծրունուն, որոնց կարժանանա նա, երբ արյաց թագավորի ցանկությունները կկատարե:

Նկարագրեց հայոց նախարարների ուխտը և նրանց պատրաստությունները` սպառնացող չարիքների առաջը առնելու համար և թե՜ եկեղեցին, թե՜ Արշակունյաց գահը պարսից բռնապետությունից ազատելու համար: Յուր հաղորդած տեղեկությունները վերջացրեց նա խիստ մխիթարական հուսադրություններով, թե ինքը համոզված է, որ Շապուհին չի հաջողվի յուր չար դիտավորությունները կատարել, թեև, գուցե Հայաստանը բավական վնասներ կկրե նրանցից, բայց երբեք չի նվաճվի:

Թագավորր, գլուխը խոնարհած, խորին վրդովմունքով լսում էր: Նրա թավամազ, փոքր-ինչ թխագույն դեմքը, ավելի մռայլ արտահայտություն էր ստացել: Այդ բոլորը, կարծես, սպասում էր նա, այդ բոլորը նախագուշակել էր նա այն օրից, երբ դժբախտ հանգամանքները նրան ձգեցին Շապուհի ձեռքը: Նա դարձավ դեպի ներքինին, հարցնելով.

Ինչպե՞ս հասան քեզ աչդ տեղեկությունները, Դրաստամ ատ:

Տիզբոնում եղած ժամանակս, տեր արքա, միշտ հետամուտ էի գիտենալու, թե ինչ են մեքենայում պարսից արքունիքում: Այդ մասին ես ունեի մի հավատարիմ անձն, որ շատ մոտ էր գործերին և ամեն ինչ հաղորդում էր ինձ: Հավաքած տեղեկություններս գաղտնի սուրհանդակների միջոցով անմիջապես հաղորդում էի հայոց նախարարներին, նրանց զգուշացնելու համար, և նրանցից պատասխաններ էի ստանում: Ես ինչ որ կարող էի անել, արել եմ, տեր արքա, այժմ մնում է ինձ` դյուրացնել իմ թագավորի դրությունը, և, եթե կհաջողվի ինձ, որի մասին մեծ հույս ունեմ, ազատել նրան յուր դառն կապանքներից…

Վերջին խոսքերը արտասանեց նա հազիվ լսելի ձայնով:

Թագավորի դեմքի վրա երևաց մի տխուր ժպիտ:

Գովում եմ քո եռանդը, Դրաստամատ, ասաց նա, բայց չեմ կարող հավանություն տալ քո անչափ ոգևորությանը: Դու, քան թե այստեղ իմ ազատության հոգսերով զբաղվելու, որը ժամանակի և հաջող հանգամանքների գործ է, ավելի օգտավետ կլինեիր այնտեղ, Տիզբոնում, որպեսզի, պարսից արքունիքին մոտ լինելով, շարունակեիր քո սկսած դերը: Հայոց նախարարներին մի հավատարիմ ականջ է հարկավոր ունենալ Տիզբոնում, և ամենահարմարը դու ես, որ վայելում ես Շապուհի առանձին շնորհը:

Այնուամենայնիվ, իմ տեր թագավորի վիճակը... նրա աննախանձելի դրությունը,.... կրկնեց ներքինին դողդոջուն ձայնով:

Իմ վիճակը այժմ մասամբ դյուրացած եմ համարում,Դրաստամատ, որովհետև քո հաղորդած տեղեկությունները բավական հանգստացրին ինձ: Կրկնում եմ, Տիզբոնում մի հավատարիմ մարդ է հարկավոր, և այդ մարդը դու պետք է լինես: Իսկ ինձանով զբաղվելը դա միայն ժամանակ կխլեր քեզանից: Ես ավելին կասեմ. իմ այստեղից ազատվելը, Հայաստան գնալը և կրկին իմ կառավարության գլուխը անցնելը, գործերի այժմյան խառն և անորորշ դրության ժամանակ, ես մինչև անգամ վնասակար եմ համարում: Ինչո՞ւ : Որովհետև ես չպիտի կարողանամ հաշտվել իմ նախարարների հետ, իսկ այդ հայրենիքի փրկության համար անհրաժեշտ է: Մեր մեջ այլևս վաղեմի մտերմությունը կայանալ չէ կարող: Իմ ներկայությունը կբորբոքե մի նոր, ներքին պատերազմ, երբ արտաքին թշնամու հետ կռվելու շատ պետքեր կան: Ես կմնամ այստեղ. ես կզոհեմ ինձ հայրենիքի խաղաղությանը: Թո՜ղ իմ նախարարները հաշտվեն իմ որդու հետ: Նա նոր է նրանց համար և նրա հետ հին հաշիվներ չունեն: Իսկ ես այստեղ կաղոթեմ նրանց հաջողության համար և կսպասեմ ասաուծո տնօրենությանը...

Ներքինին չկարողացավ զսպել յուր դառն զգացմունքները, խոնարհվեցավ և, գրկելով դատապարտյալի շղթայակապ ոտները, բացագանչեց.

Տե՛ր արքա, մեծ է աստուծո աշխարհը և անբավ է նրա գթությունը, եթե դու Հայոց երկիրը գնալ չես ցանկանում, աստված շատ ապահով տեղեր ունի քո բնակության համար...

Դատապարտյալը վեր կացավ և նրան ևս յուր հետ բարձրացրեց, ասելով.

Երբեք չեմ ցանկանա փախստականի անուն ժառանգել,Դրաստամատ: Ո՞ւր գնամ: Հռոմայեցո՞ց մոտ: Պարսկի բանտը ինձ համար ավելի տանելի է, քան թե նրանց կեղծավորությամբ լի պալատները: Իմ այստեղ մնալը թեև կուրախացնե իմ նախարարներին, բայց իմ ժողովրդի սիրտը կլցնե արդար վրեժխնղրությամբ: Իմ ժողովուրդը սիրում է ինձ: Նա կմտածե, որ աքսորյալ թագավոր ունի և կթափե յուր բարկությունը անիրավ աքսորողի վրա: Իսկ այժմյան հանգամանքներով այդ կնպաստե իմ երկրի ազատությանը: Թո՜ղ Հայոց երկիրը ազատ լինի, այնուհետև իմ տանջանքները կթեթևանան այդ մթին բանտում:

Իսկ քո ազատությունը կմխիթարե քո ժողովրդի սգավոր սիրտը...

Լսի՜ր, Դրաստամատ, չափազանց սերը քեզ երեխայության մեջ է դրել: Միթե այնքան միամի՞տ ես կարծում պարսիկներին. Եթե սատանային պետք լինի մի նոր բան սովորել, անշուշտ նրանց կդիմեր: Դու պետք է գիտենաս, այն հրովարտակը, որ շնորհել են քեզ և որով անսահման իրավունք են տվել քեզ քո թագավորի կեցությունը բարվոքելու և նրա համար յուր բանտի մեջ արքայավայել ապրուստ տնօրինելու, մի նույնպիսի հրաման կամ ստացել է, կամ, անտարակույս, շուտով կստանա այդ բերդի տեսուչը: Հսկողությունը իմ վրա ավելի կսաստկացնեն, և զգուշությունը ավելի կզորացնեն: Դու կկարողանաս կատարել միայն ա՜յն, որքան քեզ իրավունք է տված, ինձ լավ կերակրել, լավ հագցնել և ավելի մաքուր արգելարանի մեջ պահել: Այդքանը միայն: Ուրեմն ինչպե՞ս կարող պիտի լինես ազատել ինձ: Կաշառել բանտապետին, կաշառել պահապաններին, անկարելի է: Դու պետք է մնաս այստեղ և սպասես հրաշքների: Իսկ քո այստեղ մնալը, մի քանի րոպե առաջ հայտնեցի, որ ապարդյուն է: Դու ավելի հարկավոր ես Տիզբոնում...

Ներքինին խորին տրտմությամբ լսում էր: Դատապարտյալը շարունակեց.

Ինձ համար մինչև անգամ խիստ ծանր է, Դրաստամատ, ընդունել այն բարվոքումները, որ պիտի լինեն իմ կեցության մեջ: Ինձ համար ավելի տանելի կլիներ մնալ այդ դրության մեջ, բայց ամենափոքր շնորհ չընդունել տմարդի Շապուհից: Ընդունելով նրա շնորհը, ես թեթևացնում եմ նրա հանցանքի չափը: Բայց, որպեսզի հայտնի լինի, որ դու մի այլ նպատակ չես ունեցել այդ բերդը գալով, ես ստիպված եմ ընդունել:

Այսպես խոսում էր վշտացած թագավորը, այսպես թափում էր սրտի դառն կսկիծները, մինչև նկուղի լուսամուտներից երևացին վաղորդյան արեգակի աոաջին շողքերը: Նա նայեց դեպի ծագող լույսը, և դառնալով դեպի ներքինին, ասաց,

Տխո՛ւր են աղետները, շա՛տ տխուր, Դրաստամատ... թագավորը այստեղ արևելքում... քահանայապետը այնտեղ-արևմուտքում... իսկ երկիրը-մնացած անտեր... Բայց կա մի էակ, օր բոլորի տերն է. ես նրա վրա եմ դրել իմ հույսը…

"Սամվել" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Մեր մանկության տանգոն
Տիգրան Մանսուրյան

Մեր մանկության տանգոն

Վարդանանք
Վարդանանք
Խաղա առցանց