Րաֆֆի

Սամվել

3 - Գ, Դ

Գ

ԶՎԻԹԱ

«Ասեն զօրագլուխքն Պարսիզ ցԶուիթ երէց քաղաքին Արտաշատու. Եկեալ ի միջոյ գերւույդ, ե՜րթ գնա` դու յո պետք է քեզ: Եւ ոչ առնոյր զայս յանձն երէցն Զուիթ, այլ ասէր. Յո զխաշնդ տանիք, եւ զհովիւս տարայք, զի ոչ է մարթ հովուի թողուլ գլխաշն իւր, այլ պարտ ի հովուի դնել զանձն ի վերայ ոչխարին իւրոյ: Եւ զայս ասացեալ եմուտ ի գերութիւնն եւ խաղաց ի գերութիւն ընդ իւրում ժոովրդեանն յերկիրն Պարսից»:

Փաւստոս:

Կեսօր էր: Մերուժանի ընդարձակ, երկնագույն վրանում արդեն հավաքված էին հյուրերը: Բոլորից բարձր նստած էր Հայր-Մարդպետը Դղակը, որ յուր անհեթեթ հագուստով և վիթխարի մարմնով մի քանի մարդու տեղ էր բռնել: Նրա աջ և ահյակ կողմերում նստած էին մի-մի ճերմակազգեստ մոգեր, երկար, սրածայր գլխարկներով, որ, տաշած շաքարի գլուխների նման, յոթնանկյունի ձև ունեին, և յուրաքանչյուր անկյունի միջոցում գույնզգույն թելերով կարված էին խորհրդավոր նշանագրեր: Մոգերից մեկի մոտ նստած էր Վահան Մամիկոնյանը, մյուսի մոտ` Մերուժանը: Իսկ Մերուժանի մոտ նստած էին Սամվելը և պատանի Արտավազդը: Հետո, իրանց բարձի և աստիճանի համեմատ, կարգով նստած էին զանազան պարսիկ սպաներ, որոնց թվումն էր և նշանավոր Կարեն զորապետը: Հյուրերի մեջ չէր երևում միայն ծերունի Արբակը: Նա բացարձակ կերպով մերժեց Մերուժանի ճաշը և չկամեցավ մասնակցել: Մերուժանը ամենևին չվիրավորվեցավ, որովհետև նրան ևս հայտնի էր համառ ծերունու օտարոտի բնավորությունը:

Մերուժանը զարմանալի նմանություն ուներ յուր քրոջ որդուն Սամվելին: Թե՜ դեմքով և թե՜ կազմվածքով նա իսկական Սամվելն էր, միայն հասակը և տարիքը նրան ավելի զարգացած և ավելի այրական տեսք էին տվել: Նա իսկապես շատ գեղեցիկ մարդ էր, ուրախ, քաղցրախոս, և ոչ մելամաղձոտ, ինչպես էր մռայլ Սամվելը: Երկար ժամանակ Տիզբոնի արքունիքում ապրելով, և պարսից ամենաբարձր շրջանների հետ հարաբերություններ ունենալով, նա սեփականել էր իրան այդ ազգի կենցաղավարության ամենանուրբ ձևերը: Ամեն մի հասարակության մեջ նա շատ սիրելի էր և հրապուրիչ: Պարսկական քաղաքավարության հետ` միացրել էր նա և պարսկական խորագիտությունը, որ թաքցրած էր նրա գեղեցիկ, գրավիչ և խաբուսիկ դեմքի ներքո:

Իսկ այդ հրապուրիչ դեմքը, մանավանդ յուր վերջին հաջողություններից հետո, թեև ավելի իրավունք ուներ փայլելու և անսահման ուրախ լինելու, բայց, ընդհակառակն, կրում էր յուր վրա ներքին թախծության խորին դրոշմը, որը նա ամենայն ջանքով աշխատում էր ծածկել: Այն օրից, երբ նա Արտագերս ամրոցում այնպես նախատական կերպով մերժում ստացավ Որմիզդուխտից, այո՜, այն օրից նրա սրտի հետ` փշրվեցան և նրա ամենագեղեցիկ ցնորքները, որոնց մեջ թե՜ յուր փառքը և թե՛ յուր երջանկությունն էր որոնում: Ինչե՛ր չարեց նա, ի՛նչ գործեր չկատարեց նա սիրած աղջկա համար: Նա մեղանչեց խղճի դեմ, նա մեղանչեց պատվի դեմ, նա դավաճանի անարգ անունը ժառանգեց, միայն նրան արժանի լինելու համար: Բայց նա անողորմ ոտքով կոխ տվեց բոլորը և անցավ... Երազում էր պարսից այրքայից արքայի փեսան լինել, իսկ այժմ աշխարհի մեջ ծաղր ու ծանակ դարձավ: Որմիզդուխտը մի հարվածով խորտակեց նրա թե՜ ապագան և թե՛ հույսերը: Եվ այս բոլորը վերաբերում էր նա հայոց թագուհու կախարդիչ ազդեցությանը միամիտ օրիորդի վրա: Գուցե Որմիզդուխտը այնպես չէր վարվի, եթե նա այնքան երկար ժամանակ խորամանկ Փառանձեմի ձեռքում չտգնվեր, այսպես էր մտածում նա, և ոչինչ վրեժխնդրություն այնքան դառն և այնքան ծանր չէր համարում, քան թե այն, որով հայոց թագուհին պատժեց նրան պաշտած աղջկա բերանով նախատելով նրա թե՜ սերը և թե՜ սնափառությունը, որոնց զոհ դարձան թշվառ հայրենիքի այնքան նվիրական սրբությունները ...

Թեև նա իսպառ վհատած չէր, թեև տակավին հույս ուներ, որ Շապուհը անպատճառ կկատարի յուր խոստմունքները, բայց ի՞նչ երջանկություն` կնոջ բռնի ամուսին լինել, որը զզվում էր նրանից, և մի երկրի բռնի թագավոր լինել, որը անիծում էր նրան: Այդ մտքերը վերջին օրերում, թունավոր ուտիճի նման, սկսել էին կրծոտել, սկսել էին մաշել նրա սիրտը...

Սամվելի հանկարծակի հայտնվիլը նրան ճշմարիտ ուրախություն պատճառեց: Նայում էր շնորհալի երիտասարդի վրա և հիանում էր: Նրա մեջ նույն քաղցր զգացմունքներն էին զարթնում յուր քրոջ որդու վերաբերությամբ, ինչ զգացմունքներով որ հրապուրվում էր Սամվելի հայրը: Արդեն երազում էր այն փայլուն դերը, որ պիտի խաղար նա պարսից արքունիքում, և կանխապես հպարտանում էր նրա հաջողություններով: Եվ այդ ցանկալի օրը շատ հեռու չէր համարում նա, որովհետև դիտավորություն ուներ Սամվելին յուր հետ տանել Տիզբոն, թեև այդ մասին նրա կամքը դեռ չէր հարցրել, բայց համոզված էր, որ մեծ հոժարությամբ կընդունե նա:

Խոսում էին հյուրերը, և խոսում էր ըստ մեծի մասին Հայր-Մարդպետը: Նրա ազդու, վարդապետական ձայնը, նրա սառն, ծանրակշիռ խոսքերը յուր վրա էին դարձրել բոլորի ուշադրությանը: Խոսում էր նա այն նշանավոր հարցի մասին, թե երբ կհասնեին Տիզբոն, պետք էր ամենայն ջանքով համոզել Շապուհ արքային, որ անպատճառ հռովմայեցոց նոր կայսրի` Թեոդոսի` հետ խաղաղաթյան դաշն կապե և հաշտվի նրա հետ: Հաշտության արդյունքը նա բոլորովին նպատակահարմար էր համարում հայոց գործերի մասին, որովհետև, նրա կարծիքով, երբ Շապուհը բարեկամական հարաբերությունների մեջ կլիներ Թեոդոսի հետ, այնուհետև կայսրը այլևս հանձն չէր առնի, հակառակ Պարսկաստանի շահերին, հռովմեական զորքերով օգնել հայերին: Եվ հայոց ուխտապահ նախարարները, կայսրի օգնությունից զրկվելով, այնքան զորություն չէին ունենա, որ Արշակունյաց թագաժառանգին Բյուզանդիայից Հայաստան բերեին և յուր հոր թափուր մնացած գահը նստացնեին: Մերուժանը բոլորովին բաժանում էր Հայր-Մարդպետի քաղաքական հայացքները, մտածելով, որ հայոց հարաբերությունները հռովմայեցոց հետ խզվելուց հետո, Հայաստանում ասպարեզը յուր համար միանգամայն բաց կմնար, և այնուհետև ավելի հեշտ կլիներ նպատակի հասնել: Սամվելը ուշադրությամբ լսում էր:

Խոսում էին և երկու մոգերը: Վերջինների խոսակցության առարկան ավելի գործնական էր: Հայտնում էին, թե ե՜րբ ավելի բարեհաջող կլիներ բանակը շարժել յուր տեղից և ճանապարհ ընկնել դեպի Պարսկաստան: Նրանց կարծիքով, դեռևս պետք էր երեք օր սպասել, որովհետև աստղները ուղևորության համար լավ նշաններ չէին ցույց տալիս: Մերուժանը ո՜չ միայն հավատում էր աստղների, այլ հավատում էր մինչև անգամ կախարդության և այս արհեստի մեջ իրան բավական հմուտ էր համարում: Նա նույնպես համաձայն էր մոգերի հետ և պնդում էր, թե անպատճառ պետք էր սպասել, մինչև երեք չարագուշակ օրերը անցնեին: Թե որքան ուղիղ էին նրանց աստղագիտական նկատողությունները, դա այլ հարց է, միայն Սամվելի համար հիշյալ երեք օրերը շատ և շատ հարկավոր էին: Այդ էր պատճառը, որ նրա տխուր դեմքը սկսեց փոքր առ փոքր փայլել:

Բայց հանկարծ մի աղմուկ հյուրերի ուշադրությունը դարձրեց դեպի վրանի մուտքը:

Ի սե՛ր աստուծռ, թույլ տվեցեք թշվառիս ներկայանալ Մերուժանին, վշտալի ձայնով աղաչում էր մեկը, բայց ծառաները քաշքշում էին նրան և թույլ չէին տալիս, որ մոտենա:

Լսելով աղաղակը, Մերուժանը հրամայեց սպասավորներից մեկին, որ չարգելեն եկվորին: Հայտնվեցավ մի պատկառելի ալևոր, կրոնավորի զգեստով, որ, խոնարհությամբ գլուխ տալով, հենվեցավ յուր հովվական ցուպի վրա և կանգ առեց վրանի մուտքի առջև: Վշտահար դեմքը արտահայտում էր խորին դառնություն: Աչքերի մեջ վառվում էր սրտմտության կրակը, որ խառն էր անմխիթար հուսահատության հետ: Նա ներկայանում էր, որպես մի սգավոր, որից հափշտակել էին յուր ամենասիրելին, յուր ամենաթանկագինը: Եբրայական երկճղի գանգրամազ մորուքը, որ իջնում էր մինչև նրա մաշկեղեն գոտին, ցույց էր տալիս, որ այդ բարեշուք կրոնավորը հայկական ծագումից չէր: Կանխահաս ծերությունը բոլորովին արծաթաջրել էր գլխի երկար գիսակները, բայց սև մորուքի մեջ դեռ նոր էին նշմարվում ճերմակի հետքերը: Առհասարակ ամբողջ կերպարանքի մեջ փայլում էր մի առանձին վսեմություն, որ խիստ ազդու տպավորություն էր գործում:

Արտաշատից մինչև այստեղ, երեսս գետնին քսելով քո սպասին եմ եկել, Մերուժան, ասաց նա ողոքավոր, բայց խռովյալ ձայնով: Եկել եմ իմ աղերսը և իմ աղաչանքը թափելու քո գթության առջև: Մի ամբողջ շաբաթ գտնվում էի քո բանակի մեջ, բայց արգելում էին իմ ձայնը քո բարի ունկնդրությանը հասցնելու: Այժմ լսի՛ր տառապյալ ծերունուս, ո՛վ քաջդ Մերուժան:

Ո՞վ ես դու, հարցրեց Մերուժանը, ուշադրությամբ նայելով ծերունու վրա, որ արձանացած էր նրա առջև, որպես մի մարմնացած, սպառնական բողոք:

Ես Արտաշատի հրեաների երեցն եմ, ինձ կոչում են Զվիթ. կարգս ընդունել եմ Ներսես Մեծից: Իմ հոտը, Հայաստանի մյուս հրեաների հետ, Տիգրան Բ-ի օրերում, գերի բերվեցավ Հրեաստանից: Հայոց հյուրասեր աշխարհը այնպիսի մարդասիրական ասպնջականություն ցույց տվեց մեզ, որ մոռանանք մեր ուխտյալ հայրենիքը, որը այնքան սուրբ է և այնքան նվիրական է յուրաքանչյուր հրեայի համար, մոռացանք և մեր աստվածավանդ կրոնը, որը ամեն մի հրեայի կյանքի և փրկության ամենաբարձր խորհուրդն է: Մոռացանք և մեր լեզուն, որով Մովսեսը գրեց Եհովայի սուրբ Կտակարանը: Տրդատի օրերում, Լուսավորչի ձեռքով, քրիստոնեություն ընդունեցինք և միացանք հայերի հետ: Այն օրից մենք ապրում էինք Հայոց աշխարհում, որպես բնիկ երկրացիներ, վայելում էինք հավասար իրավունքներ, սիրում էինք այս երկիրը և բնավ չէինք զգում, թե մենք այստեղ օտարներ ենք: Ուրախ էինք լինում նրա ուրախության հետ և մասնակից էինք լինում նրա վշտերին...

Նա փոքր-ինչ շունչ առեց և ապա շարունակեց.

Բախտը և բարօրությունը միշտ ժպտում էր մեզ, և մեր շտեմարանները լցված էին աշխարհի բոլոր բարիքներով: Մեր ձեռքումն էր երկրի վաճառականությունը, մեր ձեռքումն էր արհեստի և ճարտարության բարգավաճումը: Բայց դո՜ւ, Մերուժան, անխնա ձեռքով քանդեցիր մեր նոր բույնը, որը այնքան դարերի մեծ խնամքով կազմել էինք, որը մեզ համար այնքան անդորր էր և ապահով: Դու ավերակ դարձրիր այն մեծափարթամ քաղաքները, որ ամբողջ աշխարհի առջև պարծենում էին իրանց անբավ հարստությամբ: Դու մինչև անգամ չխղճացար քո սեփական Վան քաղաքին, ուր Իսրայելի տարագրյալ որդիները, քո նախահարց օրերում վայելում էին կատարյալ երջանկություն: Այս անգթության դեմ կբողոքեն քո արժանահիշատակ նախնյաց վեհ հոգիները, բողոքում է և՜ ծերուկի երեցը, որ այժմ յուր դառն արտասուքն ու վշտերը թափում է քո խստասրտության առջև, որպես մի անզգա ապառաժի վրա, ո՜վ քաջդ Մերուժան:

Նա դարձյալ կանգ առեց: Սամվելը անհանգիստ կերպով լսում էր և հազիվ կարողանում էր յուր զգացմունքները զսպել: Մյուսները բարկությամբ նայում էին համարձակ ծերունու վրա և ակնարկում էին Մերուժանին, որ լռեցնե նրա հանդգնությունը: Բայց Մերուժանը թույլ տվեց շարունակել:

Այո՜ մեր նախնիքը գերի բերվեցան Հայոց աշխարհը, բայց բախտավորություն գտան: Իսկ դու վարում ես նրանց դեպի մի նոր գերություն, դեպի մի նոր, անծանոթ աշխարհ: Գերությունը, հալածանքը, իրավ է, միշտ հրեից ճակատագիրն է եղել, սկսյալ այն օրից, երբ նրանք գերի էին Եգիպտոսում, փարավոնների ձեռքում, և ապա գերի գնացին Բաբելոն, տանջվում էին ասորեստանցոց ձեռքում: Երկար, շատ երկար ժամանակ, Եփրատի ափերի մոտ նստած, մեր հայրերը Բաբելոնի ուռիներից քարշ էին տալիս իրանց սուրբ Կտակարանները և ողբում էին կարոտյալ Երուսաղեմը: Այն տաժանական պանդխտության մեջ երկար մաշվում էին նրանք, մինչև Կյուրոսը, պարսից աստվածարյալ արքան ազատեց նրանց գերությունից, և, վերադարձնելով իրանց հայրենիքը, վերստին Երուսաղեմը յուր փառքն ու պայծառությունն ստացավ: Պարսից արքաների պատմության հետ կապված է այդ մեծ գործը, որի մեջ փայլում է Կյուրոսի թե՜ բարձր առաքինությունը և թե՜ անմոռանալի մեծահոգությունը: Իսկ դո՜ւ, Մերուժան, մի անջնջելի բիծ կդնես պարսից արքաների պայծառ հիշատակի վրա, եթե այդ ազգը կրկին ի գերություն կվարես: Լսում ենք, որ մեզ պետք է տանես հեռավոր Սպահան: Տա՜ր, բայց մենք չենք մոռանա մեր նոր հայրենիքը` Հայաստանը: Մեր երեխաների հետ կնստենք այնտեղ` Զարգա-Րուդի ափերի մոտ և, որպես մի ժամանակ Իսրայելը Բաբելոնում, կախ կտանք Սպահանի ուռիներից մեր սուրբ Ավետարանը և կողբանք Մասիսը` մեր սուրբ Սիոնը, կողբանք Արաքսը` մեր սուրբ Հորդանանը, կողբանք Արտաշատը` մեր սուրբ Երուսաղեմը, կողբա՛նք և կանիծե՛նք այն մարդուն, որ մեզ տարագրեց մեր սիրելի հայրենիքից...

Վերջին խոսքերը կայծակի պես շանթեցին Մերուժանի քարացած սրտին: Նա սասանվեցավ, շփոթվեցավ և երկար մի բառ անգամ չէր գտնում պատասխանելու: Նրան շրջապատողները անհամբեր լռությամբ միմյանց երեսին էին նայում, և ամեն ոք սպասում էր, որ նա իսկույն կհրամայե` կա՜մ կտրել հանդուգն ծերունու լեզուն, կա՜մ հատանել աներկյուղ համարձակախոսի պարանոցը: Բայց մեծ եղավ բոլորի զարմացքը, երբ Մերուժանը բավական մեղմ կերպով պատասխանեց.

Ես կատարում եմ պարսից արքայից արքայի բարձր հրամանը, հարգելի Զվիթա: Ծառաները պետք է հնազանդ լինեն իրանց տիրոջը, այդ պատվիրում է այն Ավետարանը, որի անունով խոսում ես դու: Այլևս ինչո՞ւ այսպես անողորմ կերպով նախատում ես ինձ:

Այո՜, Մերուժան, իմ Ավետարանը, որպես մի ժամանակ և քո Ավետարանը, պատվիրում է ծառաներին հնազանդ լինել իրանց տիրոջը: Բայց դու այն ծառաներից ես, Մերուժան, որ վայելում ես քո տիրոջ թե՜ հարգանքը և թե՜ կատարյալ վստահությունը: Եթե դու հրամայես` քո ձեռքում գտնված հրեա գերիներին` վերադառնալ իրանց տեղերը, այդ մասին Շապուհ արքան երբեք դժգոհ չի լինի քեզանից և, գուցե, շատ շնորհակալ կլինի: Ես եկել եմ խնդրելու քո գթությունը, Մերուժան: Խղճա՜ այդ դժբախտ ժողովրդին, պատիվ դի՜ր Աբրահամի, Իսահակի և Հակոբի սուրբ հիշատակին և լսի՜ր ծերունի երեցին, որ յուր արտասուքն ու աղերսը թափում է քո մեծահոգության առջև: Ազատություն շնորհի՜ր այդ գերիներին, և դո՜ւ, Մերուժան, կլինես մի երկրորդ Կյուրոս, և քո անունը միշտ օրհնությամբ կհիշե Հայաստանի հրեա ժողովուրդը:

Այդ բոլորը շատ գեղեցիկ է, հարգելի Զվիթա, պատասխանեց Մերուժանը մի առանձին քաղցրությամբ, որի մեջ նշմարվում էր և նրա սրտի խորին դառնությունը: Ես սիրով կկատարեի քո խնդիրքը, եթե իմ թագավորին հարկավոր չլիներ քո ժողովուրդը: Սպահանը` յուր շրջակա գավառներով` մնացել է դատարկ: Իմ թագավորը ցանկանում է բնակեցնել այդ երկիրը մի ժողովրդով, որի վրա կարող լիներ կատարյալ վստահություն ունենլ: Իսկ հրեաները որքան աշխատասեր, այնքան և հավատարիմ ժողովուրդ են: Կտանենք ձեզ այնտեղ, և դուք Սպահանում նույնքան բախտավոր վիճակի մեջ կլինեք, որքան էիք այստեղ` Հայաստանում: Եվ որպես հայաստանցոց սիրալի ասպնջականությունը ստիպեց ձեզ մոռանալ Հրեաստանը, այնպես և պարսից սիրալի ասպնջականությունը կստիպի ձեզ մոռանալ ձեր նոր հայրենիքը` Հայաստանը, միայն թե, երբ դուք կընդունեք պարսից կրոնը, որպես այստեղ ընդունեցիք հայոց կրոնը:

Այդ երբե՜ք մի հուսար, Մերուժան, ասաց ծերունին խորին վրդովմունքով: Եթե հրեան հավատափոխ է լինում և քրիստոնեություն է ընդունում, դա շատ բնական է. որովհետև նա միշտ սպասում է Քրիստոսին յուր սիրելի Մեսիային: Բայց արեգակ պաշտել և կրակին երկրպագություն տալ` նա երբեք հանձն չառնի:

Երկու մոգերը իրանց նստած տեղում ցնցվեցան, և նրանց թթված երեսների վրա երևաց մի տեսակ զայրույթ, որ պատրաստ էր հարվածելու անձնազոհ ծերունուն, եթե Մերուժանը չընդմիջեր նրանց բարկությունը, պատասխանելով.

Դա ապագայի գործ է, հարգելի Զվիթա, ես այդ մասին այժմ քեզ հետ չեմ վիճի: Միայն չեմ թաքցնում հայտնել ձեզ, որ, որքան և հաճելի լիներ ինձ քո խնդիրքը, այնուամենայնիվ, ես իմ թագավորի երկրի շահերը ավելի բարձր կդասեմ քո արտասուքից: Ես լսել եմ քո համբավը, և ինձ հայտնի է, թե դու ո՜րքան սիրված ես քո ժողովրդից: Ես քեզ ազատություն կշնորհեմ, միայն քե՜զ, և ո՜չ քո ժողովրդին: Գնա՜, ուր որ քո սրտին հաճելի է, և ոչ ոք այսուհետև բնավ չի համարձակվի նեղություն պատճառել քեզ: Գնա՜, ազատ ես, Զվիթա:

Ես կգնամ իմ գերված ժողովրդի մոտ, Մերուժան, և երբե՜ք չեմ բաժանվի նրանից: Հովիվը պետք է յուր հոտի հետ լինի և յուր անձը դնե նրա պահպանության համար...

Այս եղավ տառապյալ ծերունու վերջին խոսքը և նա, արտասուքը աչքերում, երեսը շուռ տվեց, և հենվելով յուր հովվական ցուպի վրա, սկսեց դանդաղ ու չափավոր քայլերով դուրս գալ բանակից: Հետո բռնեց դեպի Արտաշատ տանող ճանապարհը, սկսեց դիմել դեպի պարսից մյուս բանակը, այնտե՜ղ, ուր Տափերական կամուրջի մյուս կողմում` պահված էր նրա սիրելի ժողվուրդը:

Ծերունու բողոքը, նրա անձնազոհությունը, խիստ ծանր տպավորություն թողեց բոլորի վրա: Նրան ազատություն շնորհեցին, բայց նա մերժեց: Նա չկամեցավ բաժանվել յուր հոտից, այլ ընդունեց նրա հետ միասին լինել և նրա հետ միասին կրել գերության ու պանդխտության տառապանքները: Ոչինչ հարված չէր կարող Մերուժանի սրտին այնքան զգալի լինել, որքան համառ ծերունու արհամարհանքը, որով նա այնպես դառնացած կերպով մերժեց իրան առաջարկած շնորհը: Այդ էր պատճառը, որ նրա հեռանալուց հետո Մերուժանը գտնվում էր մի տեսակ անհանգիստ շփոթության մեջ և, կարծես, նոր էր զգում, որ յուր պատրաստած թունավոր նետերը` հենց գործի սկզբում` ապառաժներին են դիպչում և կրկին դեպի ինքը ետ են դառնում...

Ոչ սակավ վրդովված էին երկու մոգերը, որ այնտեղ նստած էին: Նրանցից մեկը նկատեց.

Ո՜վ քաջդ Մերուժան, դու իզուր ես թույլ տալիս այդ սևազգեստ, այդ սևագլուխ սատանաներին հետևել իրանց ժողովրդին: Դրանք այնտեղ, Պարսկաստանում շատ կդժվարացնեն մեր գործը...

Այո՜, դրանք այնտեղ հանապազ իրանց ժողովրդին մոլորության մեջ կպահեն, ավելացրեց մյուս մոգը: Պետք էր կրոնավորներին միանգամայն զատել իրանց հոտից և թողնել այստեղ, որ մեզ Պարսկաստանում չխանգարեին...

Մերուժանը այնքան անձնասիրություն ուներ, որ յու՜ր գործողությունների վերաբերությամբ, որքան և սխալ լինեին, այնուամենայնիվ, ոչինչ նկատողության համբերել չէր կարող: Լսելով մոգերի տրտունջը, պատասխանեց.

Եթե դրանք Պարսկաստանում մեզ կխանգարեն, եթե գրգռելով իրանց ժողովրդին, նրան միշտ քրիստոնեական մոլորության մեջ կպահեն, դրա համար Շապուհ արքան շատ բանտեր ու դահիճներ ունի: Դժվար չէ` մի քանի րոպեում` բոլորին կենդանի մի գուբի մեջ թաղել և նրանց ձայները լռեցնել: Բայց եթե այստեղ թողնելու լինեինք դրանց, անտարակույս, կդժվարացնեին մեր այստեղի գործերը: Չէ՞ որ, մենք այստեղ ևս պետք է առաջարկենք` թողնել քրիստոնեությունը և ընդունել մազդեզանց սուրբ կրոնը: Այս էր պատճառը, որ ես աշխատեցի, որքան կարելի էր, ձեռք բերել հայոց հոգևորականներին և մեր հսկողության ներքո պահել:

Մերուժանի կարծիքին հավանություն տվին թե՜ Հայր-Մարդպետը և թե՜ Վահան Մամիկոնյանը` Սամվելի հայրը: Դրանք ևս պնդում էին, թե եկեղեցին գրավելու համար` նախ պետք է եկեղեցականներին գրավել, ինչպես հոտը գրավելու համար` նախ պետք է հովվին ձերբակալել:

Ուրեմն ինչո՞ւ դու կամեցար ազատություն շնորհել այն ծերունի երեցին, հարցրեց Սամվելը, դառնալով դեպի յուր քեռին:

Նա վերին աստիճանի ազդեցություն ունեցող մարդ է, պատասխանեց Մերուժանը: Նա պաշտվում է յուր ժողովրդից, որպես մի սրբություն: Նրա ներկայությունը յուր ժողովրդի մեջ՝ կարող էր մշտական զգաստության մեջ պահել յուր ժողովրդին:

Իսկ նրա մահը (եթե հանգամանքները ստիպեին մեզ ոչնչացնել նրան) ավելի ևս պիտի բորբոքեր յուր ժողովրդի հավատը: Նա կդառնար մի քաջ նահատակ, որի անունը երբեք չէր մոռացվի, և նրա հիշատակը միշտ կոգևորեր յուր ժողովրդին: Կան մարդիկ, որոնց մահը ավելի վտանգավոր է լինում, քան թե նրանց կյանքը: Նա այն տեսակ մարդիկներից է:

Սամվելը ոչինչ չպատասխանեց, իսկ Մերուժանը նրա լռությունը համաձայնության տեղ ընդունեց: Բայց վշտալի երիտասարդը յուր մտքում այս էր խորհում. «Որքա՛ն ուսումնասիրել են այդ մարդիկը չարության գործը... որքա՛ն խորն են թափանցել իրանց անիրավությունների մեջ... »:

Խոսակցությունը այլ կերպարանք ստացավ, երբ Հայր-Մարդպետը, դառնալով դեպի Մերուժանը, հարցրեց.

Ցանկալի էր գիտենալ` այժմ որտե՞ղ հասցրած կլինեն հայոց թագուհուն: Դու այդ մասին ո՜րևէ լուր ունե՞ս:

Ունեմ, պատասխանեց Մերուժանը փոքր-ինչ այլայլված ձայնով և, միևնույն րոպեում, նրա գոհունակ դեմքի վրա անցավ մի տեսակ տխուր մթություն: Նրանք այժմ պետք է անցած լինեն Եկբատանը. գնում են ավելի կարճ ճանապարհով...

Հայր-Մարդպետը նկատեց Մերուժանի շփոթությունը և իսկույն ստրջացավ: Հիշեցնելով նրան հայոց թագուհուն, հիշեցրեց, միևնույն ժամանակ, և նրա սիրելի Որմիզդուխտին: Երկուսն էլ միասին էին գնում Պարսկաստան, այլ խոսքով, երկուսին ևս միասին էին տանում Պարսկաստան: Նրանց հետ տանում էին և Մերուժանի խորտակված սրտի բեկորները... նրա վիրավորված զգացմունքները...

Մերուժանի թախծությունը նկատեց և Սամվելը, մտածեց փոքր-ինչ զվարճացնել նրան: Նա գիտեր յուր քեռու բնավորությունը, գիտեր, որ նա այն ժամանակ միայն ուրախ էր լինում, երբ նրա հետ խոսում էին յուր զինվորական գործողությունների մասին, մանավանդ երբ գործողությունները բավական հաջող վախճան էին ստացել:

Զարմանում եմ, սիրելի քեռի, հարցրեց նա: Ես ձեր գերիների թիվը համեմատաբար ավելի փոքր եմ գտնում, քան թե այն բազմաթիվ ավանների և քաղաքների թիվը, որ ես բոլորովին ավերակ և ամայի տեսա իմ գալու ժամանակ` ճանապարհորդությանս ամբողջ տարածության վրա:

Բոլորովին ուղիղ է քո նկատողությունը, սիրելի Սամվել, ասաց նա դժգոհ մարդու եղանակով: Մեր զինվորները սաստիկ դանդաղկոտ շարժվեցան, իսկ մեր զորապետները բավական անվարժ էին հայոց երկրի պայմաններին: Մինչև մեր հասնելը, շատ ավաններ և շատ քաղաքներ միանգամայն դատարկ էինք գտնում մեր առջև: Այրում էինք և անցնում էինք: Բնակիչները, լսելով մեր արշավանքի ձայնը, կանխապես թողած էին լինում իրանց բնակությունը և ամրացված էին լինում անմատչելի լեռների բարձրությունների վրա: Դաշտային տեղերում, տափարակների վրա մենք, իրավ է, մեծ հաջողություն գտանք: Բայց լեռներում մեր զինվորները բոլորովին անընդունակ հայտնվեցան:

Վերջին խոսքերի միջոցին նա նայեց պարսից Կարեն զորապետի երեսին, որ տհաճությամբ լսում էր.

Ուրեմն դուք շատ խոր չթափանցեցի՞ք լեռնային կողմերում, հարցրեց Սամվելը:

Եվ դժվար էր թափանցել: Ես չկամեցա արքայից արքայի զորքերը իզուր կոտորել տալ: Ինձ համար թանկ է յուրաքանչյուր պարսիկ զինվորի մի կաթիլ արյունը: Հայերը լեռներից կռվում էին մեզ հետ ո՜չ միայն զենքերով, այլև քարերով ու փայտերով: Եվ կռվում էին ո՜չ միայն տղամարդիկը, այլև կանայքը: Այս վերջինների կատաղությունը ավելի շփոթեցնում էր մեզ: Այդ էր պատճառը, որ ես բավականացա ավելի դաշտային երկրներով, և աշխատում էի միշտ խույս տալ լեռներից:

Այժմ գլխավորապես ո՞ր լեռներում ամրացած են փախստական բնակիչները:

Մերուժանին խիստ հաճելի էր յուր քրոջ որդու հետաքրքրությունը, որի մեջ նկատում է նրա առանձին համակրությունը և ուրախանում էր: Նա սկսեց մի առ մի տեղեկություն տալ երկրի դրության մասին, թե ո՜րտեղ ինչ էր կատարվել, կամ ո՜ր կողմերում գլխավորապես կենտրոնացած էին հայոց ուժերը: Նրա խոսքերից երևաց, որ պարսիկները մի քանի տեղերում սաստիկ պարտություն էին կրել, և շատ տեղերում ևս մուտք անգամ գործել չէին կարողացել:

Մենք մեծ հաջողություն գտանք Արարատյան գավառում և առհասարակ այն կողմերում, որ արքունական կալվածքներ էին, ասաց նա:

«Որովհետև մնացել էին անտեր... որովհետև ո՜չ թագավորը կար և ո՜չ թագուհին... » յուր մտքում ասաց Սամվելը, և ապա ծիծաղելով նկատեց.

Եվ այրեցի՞ք անպաշտպան քաղաքները...

Պետք էր այրել, սիրելի Սամվել. մի ուրիշ անգամ ես կբացատրեմ քեզ, թե ինչո՜ւ համար պետք էր այրել...

Հասկանում եմ... ասաց Սամվելը, և նրա ձայնը զգալի կերպով դողաց... Այո՜, մենք հետո կխոսենք այդ մասին...

Վահան Մամիկոնյանին շատ հաճելի չէր թվում Մերուժանի այս աստիճան մտերմական խոսակցությունը յուր որդու հետ, և եթե հնար լիներ, մի կերպով կզգուշացներ նրան: Բայց ի՞նչպես կասկածավոր ցույց տալ յուր որդուն, որի մասին ինքն ևս հաստատ ոչինչ չգիտեր, և տակավին խարխափում էր մթին անստուգությունների մեջ միայն:

Խոսակցությունը ինքնըստինքյան ընդհատվեցավ, երբ, սպասավորները ներս մտան, սկսեցին ճաշի սեղանը պատրաստել:

Պարսիկ զորապետը չէ զրկում իրան յուր սովորական բավականությունների և ոչ մեկից` մինչև անգամ յուր զինվորական կյանքում: Նա յուր բացօթյա բանակում գիտե շրջապատել իրան այն բոլոր վայելչություններով, որպես սովոր է ապրել յուր տան մեջ: Ժուժկալությունը և ռազմական խստակեցությունը անծանոթ են նրան: Մերուժանը յուր կրթությամբ թեև ճշմարիտ զինվոր և սակավապետ զորավար էր, բայց, հետևելով պարսից սովորություններին, նրանց կեցության միևնույն ձևերը, միևնույն եղանակն էր ընդունել: Եվ այլ կերպ վարվել կարող չէր, որովհետև նրանց հետ հարաբերություններ ուներ:

Մանկահասակ սպասավորների մի ստվար խումբ շքեղ կերպով հագնված ոտքի վրա ծառայում էին: Սեղանի բոլոր անոթները ոսկուց էին և արծաթից: Ո՜րքան հյուրերի ախորժակին բավականություն էին տալիս անուշահամ կերակուրները, ա՜յնքան ավելի նրանց գեղասեր ճաշակին բավականություն էր տալիս սեղանի փայլը, նրա փառավոր հանդերձանքը: Բոլոր պարագաների մեջ նշմարվում էր նրբության և չափազանցության հասցրած շռայլություն:

Հյուրերից յուրաքանչյուրի մոտ կանգնած էր մի-մի ծաղկապսակ պատանի և, մի ձեռքով բռնած գինու արծաթյա խառնարանը, իսկ մյուս ձեռքով` արծաթյա թասը, մատռվակում էին անուշահոտ ըմպելին: Մի խումբ երաժիշտներ, վրանի առջևում կանգնած, ածում էին զանազան նվագարանների վրա և անլռելի ձայնով երգում էին:

Ճաշը տևեց բավական երկար: Պատանի Արտավազդը կարծես թե, ասեղների վրա նստած լիներ, անհամբերությունից սկսեց ձանձրանալ: Նրան չէին գրավում` ո՜չ գուսանների անընդհատ երգերը և ո՜չ նվագարանների քաղցր հնչյունները, նա բոլորովին ուրիշ ցանկություններ ուներ: Որսորդության գնալու մասին առաջին անգամ նա խոսք նետեց, որովհետև նրան ամեն համարձակություն ներվում էր:

Քեռի, դարձավ նա դեպի Մերուժանը ժպտալով, բանակը դեռևս քանի՞ օր պետք է այստեղ մնա:

Երեք օր:

Օ՛հ, դա շատ երկար է, աստված վկա, շատ երկար է... պատասխանեց նա, գեղեցիկ երեսը անբավականությամբ խոժոռելով: ինչպե՞ս պետք է անցկացնենք այդ երեք անտանելի օրերը:

Ինչպես որ քո սիրտը կկամենա, ասաց Մերուժանը, փայփայելով նրա սիրուն գիսակները:

Պատանին շրթունքները մոտեցրեց Մերուժանի ականջին, փսփսաց.

Եթե գիտենաս, թե որքա՛ն ժամանակ է, որ ես որսի չեմ գնացել, բոլորովին կզարմանաս:

Որքա՞ն ժամանակ է, սիրելիս:

Այն օրից, որ մեր տանից դուրս եմ եկել:

Դա փոքր ժամանակ չէ, մանավանդ քեզ համար: Դու կարծեմ որսորդություն սիրում ես, Արտավազդ:

Սաստիկ: Երբ մեր տանն էի, եթե շաբաթը մի քանի անգամ որսի չգնայի, ինձ այնպես կթվար, թե մի լավ բան, շա՜տ լավ բան կորցրել եմ:

Մերուժանը սկսեց բարեսրտությամբ խնդալ:

Երևի, Սամվելն ևս սիրում է, դարձավ նա դեպի քրոջ որդին:

Որդու փոխարեն պատասխանեց հայրը.

Սամվելը ամենափոքր հասակից սիրում էր որսորդություն: Մեր ամրոցի թռչունները հանգստություն չունեին նրա ձեռքից, երբ դեռ տասն տարեկան տղա էր: Իսկ այժմ չգիտեմ հետևո՞ւմ է յուր հին սովորություններին, թե ոչ:

Ես իմ սովորությունները հեշտությամբ չեմ փոխում, պատասխանեց Սամվելը, ժպտալով: Որսորդությունը իմ ամենասրտագին զվարճություններից մեկն է: Եվ դառնալով դեպի Մերուժանը, հարցրեց, այդ կողմերում, Արաքսի ափերը, ասում են, խիստ հարուստ են վայրենի երեներով:

Այո՜, հարուստ են , ասաց Մերուժանը մի առանձին հեգնությամբ: Արշակունի թագավորները Արարատում բազմացրին վայրենի երեներ միայն: Ճահիճները չէին ցամաքացնում գետեզերքի ինքնորեն բուսած ծառաստանները չէին կտրում, որպեսզի թռչունների և երեների աճելության համար պատսպարաններ լինեին:

Սամվելի հայրը մեծ ցանկություն ուներ, որ որդուն մի որևէ առիթով ներկայացներ պարսիկ զորապետներին և նրա կատարելությունների մասին փոքր-ինչ գաղափար տար նրանց: Իսկ առայժմ, քանի դեռ կռիվների հանդեսներ չկային, որսորդությունը ամենահարմար միջոցներից մեկն էր, որի մեջ Սամվելը կարող էր ցույց տալ յուր քաջությունը:

Սամվելը, հասկանալով հոր փափագները, մտածեց օգուտ քաղել նրա տրամադրությունից: Նա դարձավ դեպի Մերուժանը, հարցնելով.

Դուք վճռել եք անպատճա՞ռ երեք օր բանակը պահել այստեղ:

Անպատճառ: Բացի այն, որ աստղները բարի ճանապարհ չեն գուշակում, մենք դեռ սպասում ենք մի քանի գունդերի, որ ետ են մնացել, և նրանց գոյության մասին ամենևին տեղեկություն չունենք:

Ուրեմն, այդ երեք օրում, ինչպես լավ նկատեց Արտավազդը, անգործունեության մեջ կարելի է բոլորովին ձանձրանալ:

Քեռիդ թույլ չի տա, որ ձանձրանաս, սիրելիս, մեջ մտավ հայրը: Նա քեզ համար որսորդության ամենափառավոր հանդեսներ կպատրաստե Արաքսի ափերի մոտ:

Եվ ինձ համար, ընդմիջեց պատանի Արտավազդը:

Իհարկե, և քեզ համար, ասաց Մերուժանը ժպտալով: Առանց քեզ ի՞նչ ուրախություն կունենա մեր որսորդությունը:

Հանաքը մի կողմ, ասաց նա ինքնավստահ պարծենկոտությամբ: Ես ուզում եմ այդ պարսիկներին ցույց տալ հայ տղայի քաջությունը: Վերջին խոսքերը արտասանեց նա հայերեն, յուր վառվռուն աչքերը խորամանկ կերպով դարձնելով դեպի ներկա գտնվող պարսիկ ավագները:

Բայց Մերուժանը ծիծաղելով թարգմանեց նրա ասածը.

Գիտե՞ք ինչ է ասում իմ փոքրիկ ազգականը. նա պարծենում է զարմացնել ձեզ յուր քաջություններով: Եվ ես խոստանում եմ էգուց պատրաստել տալ նրա համար որսորդության հանդես:

Տեսնենք, էգուց կտեսնենք, ձայն տվին պարսիկ ավագները լուրջ կերպով:

Բայց իմ դեմ դուրս բերեցեք իմ հասակակիցներին:

Իհարկե, այնպես կլինի: Մենք այժմյանից հրաժարվում ենք քեզ հետ մրցելուց: Մեր բանակում քո հասակակից տղաներ շատ կան:

Սամվելը ոչինչ չէր խոսում: Նա արդեն յուր ցանկությանը հասած էր համարում: Մերուժանը հրամայեց, որ մյուս օրվա համար որսորդության պատրաստություններ լինեին Արաքսի ափերի մոտ:

Դ

ԱՐԱՔՍԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ

«Ապա որդի մի Վահանայ, անուն Սամուէլ, եհար սատակեաց զՎահան զՀայր իւր»...

Փաւստոս

Հին Արաքսը զարմանալի որոգայթներ ուներ: Նա և՜ զարմանալի քմահաճություններ ուներ: Անհիշելի ժամանակներից համառությամբ կռվում էր յուր անհավասար եզերքի հետ և կարծես դժգոհ էր այն նեղ շավղից, որ գծել էր նրա ընթացքի համար նույնքան քմահաճ բնությունը: Նա սիրում էր ընդարձակություն, սիրում էր ազատություն: Նեղ շավիղը վրդովեցնում էր նրան:

Երբեմն լեռնային երկու զուգահեռական գոտիներ միաբանվում էին և սեղմում էին նրան իրանց անձուկ և, խորին ձորակի մեջ: Այդ միջոցին նրա կատաղությունը չափ չուներ: Ահռելի հորձանքներով զարկվում էր յուր ապառաժոտ ափերին, գոռում էր, գոչում էր, փրփրում էր, և մարդ, կարծես, լսում էր նրա սոսկալի որոտմունքի մեջ այս ճակատագրական խոսքերը, «Նե՛ղ է... նե՛ղ է... խեղդվո՛ւմ եմ... »:

Երբեմն լեռնային գոտիների միաբանությունը խախտվում էր, բաժանվում էին միմյանցից, հեռանում էին միմյանցից, և բաց էին անում նրա առջև լայն, ընդարձակ տարածություն: Այդ միջոցին նրա կամայականությունը չափ չուներ: Ազատվելով յուր նեղ կիրճից, մի չար վիշապի նման, անխնա կերպով ողողում էր, հեղեղում էր յուր հարթ, կանաչազարդ ափերը, և կամ, մի արբեցած հսկայի նման, երբեմն դեպի աջ էր թեքվում, երբեմն դեպի ահյակ էր խոտորվում, և երբեք ուղիղ ճանապարհով չէր գնում:

Նա յուր ազատությունը խելացի կերպով վայելել չգիտեր: Հանկարծ վիթխարի թևքերը բաց էր անում, խլում էր ցամաքից մի կտոր հող և, ճնշելով յուր զով գրկի մեջ, կղզիացնում էր նրան: Առ ժամանակ երեխայական սիրելութամբ՝ սկսում էր փայփայել և խնամել յուր խաղալիքը: Կղզին աճում էր, կանաչազարդվում էր, աճում էին թուփերը և վառվում էին ծաղիկները: Երկնքի թռչունը հյուսում էր այնտեղ յուր բույնը, վայրի անասունը սնուցանում էր այնտեղ յուր ձագուկներին: Կղզին ներկայացնում էր մի գեղեցիկ փունջ, որով զվարճանում էր նա և, պճնասեր երիտասարդի նման, զարդարում էր յուր հպարտ կուրծքը: Բայց հանկարծ, կարծես, ձանձրանում էր նա, ալիքները փրփրալով բարձրանում էին, կոհակները կատաղաբար մռնչում էին և մի քանի րոպեի մեջ կլանում, ոչնչացնում էին գեղեցիկ զարդը, և նրա հետքն անգամ չէր երևում:

Հայոց գետերի թագավորը վարվում էր յուր հորինած կղզիների հետ նույն կերպով, որպես հայոց երկրի թագավորը վարվում էր յուր մեջ կղզիացած նախարարությունների հետ:

Եվ, իրավ, Արաքսը ներկայացնում էր յուր աշխարհի քաղաքական դրությունը: Երբ խորամանկ պարսիկը և նենգավոր հռովմայեցին, երկու լեռնային գոտիների նման, միաբանվելով ճնշում էին նրան, այդ միջոցին նրա ճիչն ու բողոքը սահման չուներ: Յուր բոլոր կատաղությունը գործ էր դնում` ազատվելու նրանց ճնշումից: Իսկ երբ երկու դաշնակիցները քանդում էին իրանց միաբանությունը, բաժանվում էին, և նա ազատություն էր գտնում, այդ միջոցին սկսում էր զբաղվել ներքին երկպառակություններով: Ամենայն անգթությամբ ոչնչացնում էր յուր մեջ ամփոփված նախարարությունները, որպես հրեշավոր Արաքսը լափում, կլանում էր յուր մեջ սեղմված կղզիները:

Այդ կղզիներից մեկի վրա պետք է լիներ այն օր որսորդությունը, որ կոչվում էր «Իշխանաց կղզի», և որի մեջ Սյունյաց իշխաններից մեկը բաց էր թողել վայրենի անասուններ, և այնտեղ ազատ կերպով աճել, բազմացել էին:

Արեգակը դեռ նոր էր ծագել, երբ ուղի ընկավ որսորդների ասպախումբը: Զով ու խաղաղ էր առավոտը: Մինչև անգամ կարմրագույն քամին, որ երբեմն սովորություն ուներ փչել Արաքսի այդ կողմի ափերից, և բերելով յուր հետ նրա եզերքի վրա սփռված կարմրագույն ավազները, գիտեր հաճախ լցնել օդը մի ահռելի, բոսորային մառախուղով, այդ բոթաբեր քամին անգամ այն առավոտ դադարել էր: Օրը պարզ էր և գեղեցիկ:

Ճանապարհը մինչև Արաքսի եզրը հասնելը պատած էր ճոխ, սիզավետ բուսականությամբ: Կռիվներից առաջ արածում էին այնտեղ Նախճվանի տիրոջ իշխանական նժույգները: Իսկ այժմ արածում էին պարսից բանակի գրաստները: Տեղ-տեղ բարձրանում էին մերկ, սրածայր բլրակներ, որոնք իրանց հրեշավոր գոյությունը պահպանել էին, կարծես, միմիայն նրա համար, որ ցույց տան անցորդներին, թե ի՜նչ անողորմ խաղեր էին խաղացել նրանց հետ վաղեմի ժամանակները: Դարերի անձրևները ողողել էին այդ բլրակների հողային փափուկ մասը, և թողել էին նրանց կազմության կարծր, քարացած կմախքը միայն, որ ներկայացնում էր այլանդակ պատկերներ: Ահա՛ այնտեղ երևում է ուղտերի մի ամբողջ քարավան: Կորաքամակ, ծռավիզ անասունները շարված են միմյանց ետևից և գրեթե կախված են օդի մեջ: Ահա՜ մյուս կողմում` մի քանի աշտարակներ կարգով դրված են միմյանց վրա, բարձրանում են դեպի երկինքը: Աշտարակների ամբողջ շարքը կանգնած էր բարակ, մաշված պատվանդանի վրա, և մարդ կարծում է, եթե փչելու լինի, բոլորը ցած կթափվի: Ահա՜ մի փոքր հեռավորության վրա` նկարված են օդի մեջ մարդկային սոսկալի ուրվագծեր, կարծես, քարացած հսկաների արձաններ լինեն: Ահա՜ մի գալարված վիշապ, հրեշավոր գլուխր վեր է բարձրացրել, և ահարկու բերանը բաց արած, սպառնում է կլանել անցորդին: Մի ժամանակ այդ կողմերում բնակեցրած էին Հայաստան գերի բերված վիշապազունները: Այժմ մնացել էին նրանց վիմային կմախքները միայն:

Մի կախարդված, քարացած աշխարհ էր այդ, որով ծանր ու հանդարտ կերպով ընթանում էր որսորդների ասպախումբը:

Նրանք Հասան Նախճվանի աղմկալի գետակին, որ աղաղակելով և յուր խճավետ հատակին զարկվելով, շտապով վազում էր և խառնվում Արաքսին: Այդ կողմում բնությունը այլ տեսարան էր ներկայացնում: Գետակի ամբողջ երկարությամբ աճել էին վարսավոր ուռենիներ, կարճահասակ թթենիներ և զանազան վայրենի թուփեր, որոնք, միախառնվելով, հորինել էին մի կենդանի ցանկապատ, որ համարյա անանցանելի էր դարձնում ճանապարհը:

Այդ կողմումն էին քաղաքացիների բեղմնավոր այգիները: Կռիվներից առաջ այդ հրաշալի այգիները իրանց գեղեցիկ մշակությամբ բոլորովին արդարացնում էին ամենահին ավանդությունը, թե հայ մարդը ծանոթ էր այգեգործության հետ սկսյալ այն օրից, երբ Նոյը Արարատ լեռան ստորոտում տնկեց աշխարհի առաջին այգին: Գողթնյաց երկրի ընտիր խաղողը ծանր, հյութալի ողկույզներով, վառվում էր Հայոց արեգակի կյանք և քաղցրություն ներշնչող ճառագայթների ներքո: Այդ խաղողն էր պարգևում այն ազնիվ նեկտարը, որ ոգևորում էր Գողթնյաց երգիչներին: Իսկ այժմ տերևաթափ, որթակտոր եղած խաղողը, կարծես թե, ճմլած և ջարդված լիներ մի սարսափելի կարկուտից: Պարսից զինվորի ոտքն էր կատարել այդ սրտատոչոր ապականությունը: Կռիվներից առաջ կարմիր խնձորը, դեռահաս աղջկա կարմիր թշերի նման, ժպտում էր, ծիծաղում էր, իսկ ծանրաբարո տանձը` յուր ծանրությամբ դեպի ցած էր խոնարհեցրել ծառերի սաղարթախիտ ոստերը, որոնք մի այնպիսի հաճոյական տպավորություն էին գործում, կարծես թե, գլուխները ծռելով` ողջունում էին անցորդներին: Այժմ նույնպես կորացած էին ոստերը, այժմ նույնպես դեպի ցած էին կախված թառամած ճյուղերը: Բայց դա պարսից անհագ զինվորի անողորմ ձեռքի գործն էր: Կռիվներից առաջ դեղնագույն դեղձը համեստությամբ թաքնվել էր ծիրանի հսկա ծառերի ետևում, որոնք իրանց լայն, ստվերախիտ հովանավորության ներքո էին առել նրանց: Իսկ այժմ ծարավությունից թոշնած ծիրանիները մերկացրել էին իրանց հարուստ կանաչազարդությունը, և մի այնպիսի նիհար տեսք էին ստացել, կարծես, թե, աշնան վերջը լիներ: Չկար հոգատար այգեպանը, որ զովացներ նրանց ծարավը, որ ազատեր նրանց վաղահաս վախճանից:

Այգիների միջից բարձրանում էին հնձանների կրկնահարկ շենքերը: Շատ անգամ հայոց այգիների հնձանները ապաստան են եղել անմեղ հալածյալների: Հռիփսիմյան կույսերի խումբը երկար պատսպարված էին Վաղարշապատի այգիների հնձաններում: Խաղաղության ժամանակներում այդ հնձանների վերին հարկում, սկսյալ գարնան սկզբից` մինչև ձմեռնամուտը, բնակվում էին այգետեր ընտանիքները: Նրանք խնամք էին տանում այգիներին, հավաքում էին պտուղները և, միևնույն ժամանակ, վայելում էին զվարճալի ծառաստանի մաքուր և հովասուն օդը: Այգիները մի տեսակ ամառանոցներ էին նրանց համար: Իսկ այժմ ոչ ոք չէր երևում: Հնձանները մնացել էին դատարկ և այգիները անխնամ: Պատերազմների աղմուկը ցրեց բոլորին: Ոմանք փախան, ապաստանեցին Վայոց-ձորի մերձակա լեռներում, ոմանք գերի ընկան թշնամու ձեռքը:

Թշնամին այժմ անցնում էր նույն այգիների միջով, որ ավերակ և ամայի էր դարձրել ինքը: Այգիները բռնել էին բավական մեծ տարածություն: Նրանք բաժանված էին միմյանցից կավեղեն ցած պատերով, որոնց ոլոր-մոլոր, ցանցատեսակ փողոցները հորինել էին մի մթին լաբյուրինթոս, ծածկված ծառերի ոստախիտ ստվերի ներքո: Երկար որսորդների ասպախումբը գնում էր նույն փողոցներով, բայց տակավին բավական ժամանակ էր հարկավոր, մինչև դուրս կգային: Շատ անգամ հայոց այգիների այդ ահարկու լաբյուրինթոսը կլանել էր թշնամիների ահագին գունդեր: Բայց Գողթնյաց այգիների ամայի փողոցներից այժմ համարձակ անցնում էր թշնամին:

Սամվելը նայում էր շրջակայքի տխուր տեսարանների վրա, և նրա զգայուն սիրտը խոցվում էր անբուժելի վերքերով: Բայց նրա հայրը ուրախ էր, ոչինչ չէր զգում և միայն ոգևորված էր այն խորին բավականությամբ, որ մի քանի ծանր տարիների անջատումից հետո առաջին անգամ բախտ ուներ սիրելի որդու հետ մասնակից լինել մի հանդիսավոր որսորդության:

Նրանք դուրս եկան այգիների մթին, ոլորապտույտ նրբանցքներից, և նրանց առջև բացվեցավ մշակված անդաստանների ընդարձակ տարածություն: Մի քանի շաբաթ առաջ այդ անդաստանները ներկայացնում էին մի սքանչելի ոսկեղեն ծով, ուր ցորյանի հասունացած արտերը` իրանց լիառատ բեղմնավորությամբ` լցնում էին երկրագործի սիրտը անսահման օրհնությամբ: Իսկ այժմ անքաղ և անխնամ մնալով, արևի կիզող ճառագայթներից չորացել, այրվել էին, և ցամաքած հասկերը ցած էին թափվել անգութ քամուց, որպես մի մեծ կոտորածից: Կորյակի, կտավահատի դեռ կանաչ, չհասունացած արտերը, անջուր մնալով, ծարավությունից թառամել, թարշամել էին և կպել գետնին: Չկար արթուն մշակը, չկար հոգատար խնամողը: Երևում էր միայն արտորայքի սիրահարը` ողբաձայն արտույտը, որ օդի մեջ անդադար ճախրում էր միևնույն կետի վրա և փոքրիկ թևիկները թափահարելով, սարսափած կերպով նայում էր դեպի ոչնչացրած հունձը, և որպես մի սգավոր ոգի, երբեմն դեպի ցած էր նետվում, հառաչանքներ էր արձակում, երբեմն դեպի վեր էր սլանում, և դարձյալ օդի մեջ միևնույն կետի վրա ճախրելով, շարունակում էր յուր տխուր, ողբալի երգը: Երևում էին և թշնամու ջորիների խումբերը, որոնք անպատիժ կերպով ցրիվ էին տալիս հնձած գարիի խուրձերը, և ավելի ոտնակոխ էին անում, քան թե ուտում էին:

Նրանք անցան անդաստանները, անցան մի քանի ավերակ արվարձանների և գյուղերի մոտից: Այժմ սկսվեցան Արաքսի մերձակայքի կանաչազարդ տափարակները, որ վերջանում էին խիտ մացառներով ու վայրենի ծառաստաններով, երբ ավելի մոտենում էին դետի ափերին: Տեղ-տեղ ջուրը լճացել էր, տեղ-տեղ գոյացել էին ճահիճներ: Ձիաների սմբակներից մի այնպիսի խուլ տրոփյուն էր լսվում, կարծես թե, գետնի տակը դատարկ լիներ: Երբեմն այնպես էր թվում, որ առաձգական գետինը կա՜մ բարձրանում և կա՜մ ցած էր իջնում ձիաների ծանրության ներքո: Այդ տեղերում թաքնված էին Արաքսի մթին որոգայթները և նրա ստորերկրյա սոսկալի անդունդները, որ լցված էին բոլորովին թանձր և սև հեղուկով, որի երեսը, սերի նման պնդանալով, կազմել էր այն խաբուսիկ, վտանգավոր ծածկոցը, որի վրայով գնում էին նրանք: Այդ անհատակ անդունդները սովորություն ունեին` երբեմն բաց անել իրանց ահարկու բերանը և, տարտարոսի նման, կլանել անցորդներին: Այս տեսակ անդունդներից մեկի մեջ, յուր ձիու հետ կորավ հայոց Արտավազդ թագավորը, երբ նա որսորդություն էր անում Արաքսի ափերի մոտ:

Արևը բավական բարձրացել էր, և առավոտյան զով օդը հետզհետե լցվում էր խիստ ախորժելի ջերմությամբ: Որսորդների ասպախումբը դեռ շարունակում էր հանդարտ և ուրախ ընթացքով առաջ գնալ:

Սամվելը նստած էր մի գեղեցիկ, ոսկեգույն նժույգի վրա, որ այն առավոտ ընծա էր ստացել յուր հորից: Նրա ետևից գնում էր պատանի Հուսիկը, որ զինակրի պաշտոն էր կատարում: Նա կրում էր յուր իշխանի երկար նիզակը, լայնալիճ աղեղը, նետերով լի կապարճը և մի երկար, կաշյա բարակ ճոպան, որ փաթաթած կախ էր տվել յուր ձիու թամբից: Իսկ ինքը Սամվելը կրում էր մի սուր միայն և մի արծաթյա փոքրիկ փող, որ քարշ էր ընկած նրա ոսկյա կամարից:

Ծերունի Արբակը կարծես բոլորովին մանկացել էր: Նա գտնվում էր կատարյալ զինավառության մեջ: Նա առաջ էր ընկած, և նրա ետևից գալիս էին Սամվելի քառասուն զինված ծառաները: Նրանցից ոմանք ձեռքերի վրա կրում էին որսորդական բազեներ... ոմանք բռնած ունեին անհանգիստ բարակների թոկերի ծայրից, որ կապած էին նրանց երկար պարանոցներին: Ազատ էին թողած միայն փոքրիկ, սորամուտ սկունդներին և ահագին թավամազ գամփռներին, որոնց որսորդների լեզվով կոչում էին «գայլ խեղդողներ»: Այս բոլոր պատրաստությունը Սամվելին ընծայել էր հայրը:

Որսորդական հուշարարները, դեռ արևը չծագած, վաղ առավոտյան գնացել էին դիտելու, հետազոտելու բոլոր վայրերը, որ տեսնեն, թե ո՜րտեղ ի՜նչ երեներ կան:

Սամվելին ուղեկցում էր հայրը, շրջապատված յուր թիկնապահներով: Իսկ փոքր-ինչ հեռու, յուր հայտնի սպիտակ նժույգի վրա նստած, գնում էր Մերուժանը, յուր առանձին խմբով: Նրանց հետ էր և պարսից Կարեն զորապետը` յուր մի քանի սպաներով: Որսորդությանը չմասնակցեց միայն Հայր-Մարդպետը:

Առջևից գնում էին մի խումբ պարսիկ տղաներ, որոնց թվում էր և պատանի Արտավազդը: Այդ մանկահասակ որսորդները` իրանց շքեղ զինավառությամբ` գրավել էին ամենքի հիացքը: Բայց բոլորի մեջ ավելի փայլում էր, ավելի աչքի էր ընկնում պատանի Արտավազդը: Ոգելից մանուկի ուրախությունը չափ չուներ: Յուր աշխույժ նժույգի հետ ներկայացնում էր նա մի մարմնացած զվարճություն: Ձախ կողմից կապած ուներ ուսին` նետերով լի արծաթյա կապարճը, իսկ աջ կողմից` ձգած ուներ լայնալիճ աղեղը, որ նրա համար բավական մեծ էր: Ձեռքում կրում էր մի թեթև նիզակ, իսկ գոտիից քարշ էր ընկած երկսայրի սուրը` արծաթապատ պատյանով:

Սամվելը ընկղմված էր լուռ մտախոհությունների մեջ: Երբեմն միայն հարևանցի կերպով նայում էր յուր շուրջը, նայում էր դեպի հեռուն, շատ հեռուն և, կարծես, աշխատում էր միանգամից ծանոթանալ բոլոր տեղորայքի հետ: Նրա վշտահար դեմքը, որպես միշտ, չէր ցույց տալիս ոչ մի բավականություն, թեև կցանկանար գոնե փոքր-ինչ ուրախ ձևանալ: Իսկ յուր տխրության մեջ անգամ սքանչելի էր նա: Ուրախ էր միայն նրա ամեհի նժույգը, որ անդադար ոստոստում էր և ահագին թռիչքներ էր գործում: Բայց նա վարժ ձեռքով այնպես հեշտությամբ դարձնում էր խստերախ երիվարի սանձը, կարծես, մի հեզ գառնուկ լիներ: Հայրը նայում էր նրա վրա և հիանում էր: Նա սաստիկ փափագում էր, որ որդին բաժանվեր խմբից և մի թեթև ձիախաղ կատարեր այն հարթ տափարակի վրա, որ կանաչ թավիշի նման տարածված էր նրանց առջև: Նա մինչև անգամ ակնարկեց որդուն, բայց Սամվելը հրաժարվեցավ, ասելով.

Անհարմար է, հայր, որոհվետև այդ գեղեցիկ նժույգը, որ այսօր ընծայեցիր ինձ, տակավին վարժված չէ իմ ձևերին, և ոչ ես ծանոթ եմ նրա բնավորության հետ: Կարող ենք չհասկանալ միմյանց:

Ոչ ընդհակառակն, պատասխանեց հայրը ժպտալով, նա ո՜րքան դյուրագրգիռ է, ո՜րքան համառ է, ա՜յնքան և խելացի է: Նրան կարելի է մոմի նման դեպի ամեն կողմ շուռ տալ: Դա Շապուհ արքայից արքայի ախոռատան ամենաընտիր նժույգներիցն է, որ ընծա էր ստացել Համավերանի իշխանից: Երբ վերջին անգամ ներկայացա արքայից արքային իմ խոնարհ հրաժեշտը տալու, նա պարգևեց ինձ այդ նժույգը, ասելով. «Գնա՜, Մամիկոնյան տե՜ր, պայծառ Արամազդի օգնությանն եմ հանձնում քեզ, գնա՜ և այդ նժույգով կատարիր քո արշավանքը Հայաստանում, նա անպատճառ բարեբեր ու բարեհաջող ազդեցություն կունենա քո ձեռնարկությունների վրա»:

Վերջին խոսքերի միջոցին` հայրը ձեռքը մեկնեց դեպի Սամվելի նժույգի ճակատը, հարցնելով.

Դու դեռ չե՞ս նկատել այդ սպիտակ աստղը նրա ճակատին: – Նա ցույց տվեց բոլորակ խալը, որ, ճերմակ աստղի նման, բնությունը նկարել էր նժույգի ճակատի մեջտեղում:

Առաջին անգամն եմ տեսնում, ասաց Սամվելը:

Դա հաջողության նշան է, կրկնեց հայրը:

Չգիտեմ` որքան այդ աստղը կառաջնորդի ինձ դեպի հաջողություն... ասաց Սամվելը երկդիմի ժպիտով: Բայց կարծեմ, մենք ճահիճների մոտով ենք գնում: Այդ կողմերում թաղթաղուկ տեղեր շատ կան: Կարող է պատահել, որ Շապուհ արքայի ընծայած նժույգի աստղը յուր նշանակությունը կորցնե Արաքսի թաղթաղուկների մեջ...

Կարող է պատահել, ասաց հայրը, թաքցնելով յուր տհաճությունը, որ պատճառեց նրան որդու կծու և հեգնական ակնարկությունը: Բայց մենք թաղթաղուկներից անցանք արդեն:

Հոր և որդու խոսակցության միջոցին մոտեցավ պատանի Արտավազդը:

Ես թաղթաղուկներից չեմ վախենում, ասաց նա ուրախ դեմքով: Իմ ձին թեև հաջողության աստղ չունի, բայց անդունդների վրայից անգամ կարող է թռչել: Սամվելը իզուր նազ է անում: Նա գիտե միշտ այսպես թանկ ծախել յուր շնորհքը: Տեսեք, ես ինչպե՜ս եմ խաղացնում իմ ձիուն:

Առանց սպասելու, որ խնդրեն նրան, պատանին, յուր ձիու սանձը սաստիկ քաշելով, սկսեց մտրակել և զայրացնել նրան, որ ավելի գրգռե: Ձին տաքացավ, բորբոքվեցավ, սկսեց սաստիկ ոստյուններ գործել: Նրա ահագին թռիչքները նայողի վրա սարսափ էին ազդում: Ամեն վայրկյան կարելի էր սպասել, որ զայրացած նժույգը յուր հանդուգն հեծյալին դեպի ցած կնետե: Բայց պատանին նրա հետ ամուր կերպով ձուլվում էր, կարծես, նրա անդամներից մեկը լիներ: Նա այնքան ազատ և համարձակ էր պահում իրան, որ անկարելի էր երևակայել այն աստիճան ինքնավստահություն:

Երբ ձին բոլորովին բորբոքվեցավ, պատանին սկսեց զանազան ճարպիկ շրջաններ գծել տափարակի վրա: Ձին յուր բոլոր թափով պտտվում էր, իսկ ինքը, միևնույն ժամանակ, զարմանալի արագությամբ անցնում էր նրա պարանոցով և կրկին նստում թամբի վրա: Այդ միջոցին նա մի արագաշարժ ճախարակ էր, որ հոլովվում էր յուր առանցքի շուրջը: Նրան հետևեցին մի քանի պարսիկ պատանիներ, որոնց ճարպկություններն ևս ոչ սակավ հետաքրքիր էին: Բայց ամենքը նսեմացան պատանի Արտավազդի գործողություների առջև, մանավանդ, երբ սկսեց նա յուր անհնարին նիզակախաղը կատարել: Զիու սրարշավ փախուստի միջոցին` նետում էր նիզակը, և ամեն անգամ նիզակը շեշտակի կերպով ցցված էր մնում նշանակված կետի վրա, առանց յուր նպատակից վրիպելու: Նա իսկույն կայծակի նման հասնում էր, խլում էր նիզակը և կրկին նետում էր: Իսկ երբ պատահում էր, որ նիզակը յուր ծայրի վրա ցցված չէր մնում, այլ վայր էր ընկնում, այդ դեպքում, նա առանց մի րոպե կորցնելու, շուտով վրա էր հասնում, և, առանց ոտները ասպանդակներից հանելու, թամբի միջից թեքվում էր և բարձրացնում էր ընկած նիզակը:

Երբեմն հետամուտ էր լինում յուր հետ մրցող պարսիկ պատանիներին, որոնք այնպես էին ձևացնում, իբր թե խուսափում են նրանից: Այդ միջոցին մանկահասակ հերոսը, կարծես թե, աճում էր, մեծանում էր նայողի աչքում և ահարկու կերպարանք էր ստանում: Արծվի արագությամբ վրա էր հասնում, և նրա ախոյաններին խիստ սակավ անգամ էր հաջողվում` իրանց վահաններով ետ նահանջել նրա նիզակի զարկը, թեև վնասելու նպատակով չէր հարվածում: Իսկ երբ ինքն էր փախուստ տալիս, ախոյանները նրա ձիու բարձրացրած փոշուն անգամ չէին հասնում:

Մի քանի այլ զինամարզություններ ևս կատարվեցան, մինչև ամեն կողմից լսվեցան հավանության բազմաձայն աղաղակներ, «Շա՛տ ապրի Արտավազդը, շա՛տ ապրի Արտավազդը... »: Պատանին քրտնած, կարմրած, մոտեցավ խմբին: Նրա վառվռուն աչքերը` ուժերի սաստիկ լարվելուց` փայլում էին մանկական ոգևորության բոլոր կյանքով:

Դու քո զարմանալի ճարպկություններով նսեմացրիր մեր պատանիներին, Արտավազդ, նկատեց պարսից Կարեն զորապետը: Ասպարեզի փառքը քեզ է պատկանում:

Արտավազդը, որ երբեմն ցուցամոլի անմեղ պարծենկոտությունն ուներ, այս անգամ ինքն ևս հասկանալով յուր գերազանցությունը, համեստությամբ պատասխանեց.

Ո՜չ, տեր զորապետ, ձեր պատանիները, երևի, խնայեցին ինձ, որովհետև ես մի նոր հյուր էի նրանց խմբի մեջ:

Ընդհակառակն, նրանք խիստ անխնա կերպով էին մաքառում քեզ հետ, բայց դու հրաշալի քաջությամբ պաշտպանվում էիր: Այժմյանից քո ճակատի վրա փայլում է ապագա հերոսի աստղը:

Ինչպես Սամվելի նժույգի ճակատի վրա, ծիծաղելով ավելացրեց զվարճախոս պատանին:

Կատակը մի կողմ, նկատեց Մերուժանը մի առանձին նախագուշակությամբ: Դու մի բան կդառնաս, և անպատճառ` լավ բան:

Բավական ժամանակ պատանին խոսակցության առարկա էր դարձել, մինչև հասան Արաքսի ափերին: Այդ կողմերում Արաքսի ափերը ծածկված էին փափուկ, կարմրագույն ավազով: Նույն պարարտ փափկության վրա աճել էին զանազան թուփեր և թավախիտ մացառներ, որ կանաչ ժապավենի նման զարդարում էին նրա գեղեցիկ եզերքը: Ջուրը նույնպես կարմիր գույն էր ստացել: Գետը, անցնելով կարմրագույն լեռների միջով և յուր ընթացքում քերելով նրանց կուրծքը, ստացել էր և նրանց գույնը:

Այդ կողմերում Արաքսի խաղաղ և լուռ ընթացքը այնպիսի տպավորություն էր գործում, կարծես թե, ջուրը կանգնած լիներ: Գետի մեջտեղում, գեղեցիկ օազիսի նման, երևում էր «Իշխանաց կղզին», որի վրա պետք է կատարվեր այնօրվա որսորդությունը:

Կղզին գետի ձախ կողմից ավելի մոտ էր ցամաքին, որից բաժանված էր բավական անձուկ նեղուցով: Որսորդության ժամանակ դնում էին նեղուցի վրա տախտակյա շարժական կամուրջ և անցնում էին, իսկ մյուս ժամանակներում վեր էին առնում կամուրջը: Այն օր դրած էր: Նրա մի ծայրը ցամաքի կողմից` հենված էր ամուր ապառաժի վրա, իսկ մյուս ծայրը` կղզու կողմից` դրած էր արհեստական թումբի վրա: Կամուրջի տակից սրընթաց կերպով վազում էր ջուրը, որ բավական խորություն ուներ: Կամուրջը այնքան նեղ էր և երկար, որ ամեն անգամ մի ձիավոր միայն կարող էր անցնել: Այդ էր պատճառը, որ բավական ժամանակ տևեց, մինչև ամենքը անցան:

Դեռ վաղ–առավոտյան, կղզու մեջ, գեղեցիկ կանաչ տափարակի վրա, կազմել էին մի քանի վրաններ` որսորդների հանգստանալու համար: Այնտեղ Մերուժանի խոհարարները կրակ էին վառել և նախաճաշիկի պատրաստություն էին տեսնում: Ճաշը պետք է պատրաստվեր հետո, որսի մսից:

Երբ հասան վրաններին, ամենքը ձիերից ցած իջան, որ փոքր–ինչ հանգստանան, մի բան ուտեն և ապա սկսեն որսորդությունը: Պատանի Արտավազդը չսպասեց մինչև նախաճաշիկը տային, իսկույն առեց մի կտոր հաց ու պանիր և, ձեռքում ուտելով, վազեց կղզու մեջ պտտելու: Սամվելը մնաց հոր մոտ: Ծերունի Արբակը Սամվելի ծառաների հետ` նստեցին վրանների մոտ, խոտերի վրա: Իսկ Մերուժանը պարսից Կարեն զորապետի ձեռքից բռնած ճեմում էին վրանների առջևում և ինչ-որ հարցի մասին ջերմ կերպով խոսում էին:

Կղզին բավական ընդարձակ էր և ձվաձև: Գետի ընթացքի երկարությամբ` սեղմվել էր նրա երկու բաժանված ճյուղերի մեջ: Այնտեղ բնակություններ չկային: Երևում էին մի քանի փոքրիկ տաղավարներ միայն, որ այժմ դատարկ էին, և որոնց մեջ բնակվում էին առաջ կզզու պահապանները:

Գեղեցի՛կ էր կախարդական կղզին` յուր վայրենի չքնաղության մեջ: Որքա՛ն սեր, որքա՜ն արտասուք թափվել էր այնտեղ: Գալիս էր երբեմն Սյունյաց իշխանը, յուր հետ բերելով յուր հարճերի և յուր նվագածուների բազմությունը: Նվագարանները հնչում էին, հարճերը պարում էին, գինին զեղվում էր արծաթյա մեծ գավաթներով, և ամբողջ գիշերներ լուսանում էին ուրախ, անհոգ, աղմկալի ուրախության մեջ: Արաքսի ամոթխած հավերժահարսունքն անգամ նախանձում էին, տեսնելով, թե ո՜րպես անսպառ կերպով վայելել գիտե մարդը` կնոջ սերը և նրա գեղեցկությունը:

Այո՜, գեղեցի՛կ էր կախարդական կղզին: Բարձր, ուղղաձիգ եղեգնաբույսերը, իրանց ճերմակ, փնջաձև կատարներով, ծածանվում էին զեփյուռի մեղմ շունչից, արձակելով մի խորհրդավոր սոսափյուն, որ նման էր սիրաբորբոք հեշտախտության: Ուշիմ եղջերուն, երկար ու ճապուկ պարանոցը մեկնած, մի առանձին ախորժակով քաղում էր եղեգների թարմ տերևները: Նա իսկույն անհայտացավ, երբ լսեց կասկածավոր այցելուների ոտնաձայնը: Իսկ այնտեղ, շամբուտների խոնավ մթության մեջ, թավալվում էր ամեհի վարազը և յուր սառն, տղմային անկողնում գոռոզաբար արհամարհում էր արևի կիզող ճառագայթների ներգործությունը: Երկչոտ նապաստակը, երբեմն կանգ առնելով, երբեմն յուր շուրջը նայելով, շտապով վազվզում էր խոտերի մետաքսային փափկության միջով: Իսկ վրդովված այծյամը մամռապատ ժայռի գլխից դեռ շփոթված կերպով դիտում էր, ստուգելու, արդյոք ո՜վքեր են նորեկ հյուրերը:

Հարուստ բուսականությունը` հիացման չափ ճոխ էր և շռայլ: Թարմ, հյութալի կանաչազարդության միջից իրանց փայլուն գլխիկներով վառվում էին ջրածաղկի զանազան տեսակները, որոնք ուրիշ տեղերում` միայն ճահիճների պչրանքն են ներկայացնում: Տեղ-տեղ բարակ ծղոտներով և երկար թրաձև տերևներով` բարձրացել էր վայրենի շուշանը, որ յուր նուրբ անուշահոտությամբ լցրել էր օդը խիստ, ախորժելի բուրմունքով: Տեղ-տեղ քյաֆուր վարդը բաց էր արել յուր շքեղ ծաղիկը, որ ժպտում էր թավիշյա ծիրանեգույն թերթիկներով: Զանազան կողմերում` թուփերը, մացառները այն աստիճան աճել էին, որ մի փոքր հեռավորության վրա` մարդ յուր ընկերին տեսնել չէր կարողանում: Ձիաներով անհնար էր շրջել այնտեղ, որովհետև ամեն քայլում մացառների խիտ հյուսվածքը ծածկում էր հազիվ նշմարվող շավիղները: Ավելի հեշտ էր ոտով:

Երբ վերջացրին նախաճաշիկը, յուրաքանչյուրը առեց յուր զենքերը, և պատրաստվեցան սկսելու որսորդությունը: Արթուն հուշարարները` խուզարկու շների հետ` վաղուց արդեն ներս էին մտել մացառների մեջ և սուրալով խարխափում էին, որ դուրս վանեն անասուններին:

Երբ ճանապարհ ընկան, որսորդները բաժանվեցան մի քանի փոքրիկ խմբերի և տարածվեցան դեպի կղզու զանազան կողմերը: Պատանի Արտավազդը միացավ Մերուժանի խմբի հետ, իսկ Սամվելը յուր հոր խմբի հետ: Վերջինների թվում էր և պարսից Կարեն զորապետը: Ծերունի Արբակը, Սամվելի ծառաների հետ, հետևում էր նրանց: Պարսից միացյալ սպաները առանձին խմբեր կազմեցին և բաժանվեցան մյուսներից:

Սամվելը, երկար, հաստաբուն նիզակը ձեռին, լուռ առաջ էր գնում: Նրա մույգ դեմքը սովորաբար պղնձի գույն էր ստանում, երբ գտնվում էր հոգեկան սաստիկ ալեկոծության մեջ: Այդպես էր այժմ նրա դեմքը: Այդպես լինում էր նա կռվի ջերմ փոթորկի ժամանակ, այդպես լինում էր նա և որսորդության զվարճալի հրապույրների ժամանակ: Բայց դրանցից և ոչ մեկը չէր, որ նույն րոպեներում բորբոքում էր, վրդովեցնում էր երիտասարդական սիրտը: Նրան խռովության մեջ էին դրել բոլորովին այլ մտատանջություններ...

Սամվե՜լ, նկատեց նրան հայրը մի այնպիսի ձայնով, որի մեջ լսվում էր ծնողական սրտի բոլոր գորովը, բոլոր ջերմությունը, զգուշացի՜ր, երբ վարազների կհանդիպես: Այստեղի վարազները սաստիկ կատաղի են:

Կցանկանայի, հայր, վագրների հանդիպել, առյուծների հանդիպել, պատասխանեց Սամվելը թախծալի ձայնով: Բայց, ափսո՛ս, որ այստեղ ո՜չ վագրներ կպատահեն և ո՜չ առյուծներ: Կցանկանայի գոնե Արաքսի սոսկալի նհանգներից մեկը` հրեշավոր գլուխը ջրերից վեր բարձրացներ և յուր բոլոր կատաղությամբ հարձակվեր իմ վրա...

Սամվելը պարծենկոտ չէր: Այդ գիտեր հայրը: Ուրեմն ի՞նչը առիթ տվեց նրան այս տեսակ ցնորքների մեջ ընկնել: Նախաճաշիկի ժամանակ նա շատ փոքր խմեց: Այդ տեսավ հայրը: Ուրեմն գինին ևս չէր կարող գրգռել նրա երևակայությունը: Այսուամենայնիվ հայրը հարցրեց.

Երևի նրա համար են այդ գեղեցիկ ցանկությունները, Սամվել, որ ցույց տաս քո քաջությունը: Բայց քո քաջությունը, անտարակույս, այս տեսակ ապացույցների կարոտ չէ:

Ոչ, հայը, դրա համար չէ: Ես հեռու եմ ամեն փառասիրությունից: Միայն կցանկանայի կռվել... ի մա՛հ կռվել...

Հայրը սկսեց տխրել: «Նա ցանկանում էր մահվան համար կռվել... »: «Ի՞նչը ձանձրացրել էր սիրելի որդու լուսապայծառ, ծաղկափթիթ կյանքը...: » Այս մտքերը սկսեցին սարսափեցնել նրան:

Հոր և որդու խոսակցությունը ընդհատեց հուշարարներից մեկի փողի ձայնը: Սամվելը վազեց դեպի այն կողմը, որտեղից լսվեցավ ձայնը: Նրան հետևեցին պատանի Հուսիկը, որ զինակրի պաշտոն էր կատարում, և յուր ծառաներից մի քանիսը:

Հայտնվողը Սամվելի փափագած որսերից և ոչ մեկը չէր: Ուռենիների թավուտներից դուրս հարձակվեցավ մի ահագին եղջերու, ծանր, բազմաճյուղ եղջյուրներով: Անփույթ կերպով նայեց յուր շուրջը և, եղջյուրները դեպի քամակը դարձնելով, փորձում էր փախչել, բայց իսկույն շները շրջապատեցին նրան: Նրանցից ոչ մեկը չէր համարձակվում մոտենալ: Սուր եղջյուրները ո՜չ միայն վահանի գործ էին կատարում, այլև աշտեի: Դեպի ո՜ր կողմը և դառնում էր նա, շները խմբով փախչում էին նրա առջևից: Սամվելը վրա հասավ: Եղջերուն կատաղի կերպով հարձակում գործեց և անշուշտ սուր եղջյուրներով կթափեր յուր համարձակ ախոյանի փորը, եթե երիտասարդի նիզակը շեշտակի կերպով չմխվեր նրա աջ ուսի մեջ: Նիզակը խոցեց միայն, բայց մահվան չափ ազդել չկարողացավ: Շները դարձյալ շրջապատեցին նրան: Սամվելը կրկնեց նիզակի զարկը: Այս անգամ դիպավ ազդրին: Եղջերուն, ո՜չ թե ստացած հարվածների երկյուղից, այլ ավելի խրտչելով անակնկալ դեպքից, պատառեց շների շղթան և սկսեց փախչել: Ծառաներից ոչ մեկը չկարողացավ նրա առաջը առնել: Սամվելը հետամուտ եղավ: Զարմանալի էր սրարշավ անասունի փախուստը: Բայց նրանից ոչ սակավ արագավազ էր և Սամվելը: Վազելու սովորած էր նա սկսյալ մանկությունից, որ նրա կրթության գլխավոր հրահանգներից մեկն էր եղած: Հայրը, յուր ուղեկիցների հետ կանգնած, անհամբերությամբ նայում էր, որ տեսնե, թե ինչպես կվերջացնե որդին յուր որսի հետ: Այդ միջոցին եղջերվի երկար, ճապուկ ոտները հազիվ-հազ դիպչում էին գետնին, և յուր վազելու սաստկության ժամանակ` ահագին թռիչքներ էր գործում: Սամվելը ետևից անդադար նետեր էր արձակում: Նետերը թեև դիպչում էին, բայց փետուրյա գրիչների նման, ցցված մնում էին նրա մարմնի վրա: Վիրավոր անասունը շարունակում էր փախչել, յուր շավղի վրա թողներվ հոսվող արյան կարմիր հետքերը: Ոչ սակավ զայրացած էին Սամվելի ծառաները: Նրանք շների հետ վազեցին դեպի զանազան կողմեր, և ամեն կողմից կտրելով համառ անասունի ճանապարհը, աշխատում էին պահել նրա առաջը, որպեսզի, միգուցե հասներ կղզու ափին, և նետվելով գետի մեջ, լողալով անցներ մյուս կողմը: Սամվելի ետևից վազում էր միայն նրա զինակիրը` պատանի Հուսիկը:

Տո՜ւր ինձ արկանը, դարձավ նա դեպի պատանին, եթե ոչ, այդ անիրավը բոլորովին կհոգնեցնե ինձ:

Պատանին տվեց նրան կաշյա երկար պարանը: Սամվելը արկանի մի ծայրը փաթաթեց ձախ թևքին, իսկ մնացած մասը, կաժի ձևով հավաքելով աջ ձեռքում, յուր որսի սաստիկ փախչելու միջոցին` ձգեց դեպի նրա գլուխը: Արկանը փաթաթվեցավ բազմաճյուղ եղջյուրներին և անցավ նրա պարանոցով: Այժմ ուժ էր հարկավոր պահելու կատաղի անասունին, եթե ոչ, նա յուր ետևից քարշ կտար հանդուգն արկանարկուին: Բայց Սամվելի բազուկների մեջ նրան զսպելու չափ զորություն կար: Նա յուր արկանով այնպես կաշկանդեց ուժեղ անասունին, որպես ճանճը կաշկանդվում է սարդի ոստայնի մեջ: Այդ միջոցին վրա հասավ պատանի Հուսիկը և, նիզակը ուղղելով, կամենում էր խրել նրա կողքի մեջ: Սամվելը արգելեց, ասելով.

Թող տու՜ր, ես դրան պետք է կենդանի տանեմ հորս մոտ:

Հայրը տեսավ և նրա սիրտը լցվեցավ անսպառ ուրախությամբ: Նրա մոտ կանգնած էր պարսից Կարեն զորապետը:

Ինչպե՞ս երևաց քեզ, դարձավ նա դեպի զորապետը:

Սքանչելի՛ է, պայծառ Արամազդը վկա, սքանչելի՜ է, բացագանչեց ապշած պարսիկը: Գիտե՞ս, իշխան, եղջերվի որսը ավելի դժվար է, քան թե առյուծի կամ վագրի որսը, որովհետև, եղջերուն արագավազ ոտներ ունի և փախչում է, բայց առյուծը կամ վագրը ամոթ են համարում փախչելը, նրանք կռվում են: Իսկ կռվողի հետ հեշտ է կռվել, կա՜մ հաղթել, կա՜մ հաղթվել:

Սամվելը, յուր որսը ետևից քարշ տալով, մոտեցավ հորը:

Ես իմ բաժինը վերջացրի, ասաց նա քրտինքը սրբելով, մեր ճաշի համար այժմ բավական խորովածացու միս ունենք:

Միթե չե՞ս կամենում շարունակել, հարցրեց հայրը:

Կցանկանայի մի փոքր հանգստանալ. այդ անիրավը բավական հոգնեցրեց ինձ: – Նա ձեռքը տարավ դեպի եղջերուն:

Ծառաները մոտեցան, տարան որսը: Սամվելը հոր հետ դիմեց դեպի վրանների կողմը: Հուսիկը չբաժանվեցավ յուր իշխանից: Իսկ պարսից Կարեն զորապետը գնաց տեսնելու, թե ինչ են անում մյուս որսորդները:

Երբ հասան վրաններին, հայրը ցույց տվեց նրանցից մեկը ասելով.

Մտնենք այդ վրանը, դա մեզ համար է պատրաստված:

Ես կցանկանայի մի փոքր շրջագայել կղզին և հիանալ նրա գեղեցկությամբ, պատասխանեց Սամվելը: Այդ վրանները կատարելապես ձանձրացրին ինձ: Պարզ երկինքը, մետաքսյա կանաչը և Արաքսի սքանչելի ափերը թողած, այժմ մինչև անգամ մեղք կլիներ փակվիլ վրանների մեջ:

Հայրը դարձյալ նկատեց որդու մեջ մելամաղձական դրություն: Ի՞նչն էր անհանգստացնում նրան: Այն օրվա բոլոր պատրաստությունները` միայն նրան զբաղեցնելու և միայն նրան զվարճացնելու համար էին: Իսկ որդին, կարծես, խույս էր տալիս այդ բոլորից: Նա որոնում էր առանձնություն, որոնում էր ամայի վայրերի խլություն, որ յուր սրտի հետ խոսեր, որ յուր հոգու հետ խորհրդակցեր: Հայրը չթողեց նրան միայնակ գնալ, թեև Սամվելը կցանկանար միայնակ լիներ: Հայրը բռնեց նրա ձեռքից, և երկուսը միասին սկսեցին ճեմելով դիմել դեպի կղզու այն կողմը, որ ավելի ազատ էր մացառներից:

Հեռվից լսելի էր լինում որսորդների փողերի ձայնը, լսելի էին լինում և խառնաձայն աղաղակներ: Այդ միջոցին հայր և որդի հանդարտ քայլերով անցնում էին փափուկ խոտերի վրայով, որ, միախառնվելով գույնզգույն ծաղիկների հետ, նախշուն գորգի նման` սփռված էին նրանց առջև: Երկար անխոս գնում էին նրանք, մինչև հասան կղզու ափին: Այնտեղ մի խումբ վարսավոր ուռենիներ հրավիրեցին նրանց` իրանց ախորժելի ստվերի ներքո: Հայր և որդի նստեցին միմյանց մոտ: Գեզեցի՛կ էր փոքրիկ հովանոցը: Այնտեղ ուռենիները իրանց անթափանցիկ գրկում սնուցանում էին խիստ զվարթարար զովություն, չնայելով, որ արեգակի միջօրեական ճառագայթները արդեն սկսել էին այրել:


Հոր և որդու մեջ տիրում էր մի տեսակ բռնադատյալ լռություն: Երկուսն էլ ցանկանում էին խոսել, բայց դժվարանում էին, թե ի՞նչ խոսեն, թեև շատ բան ունեին միմյանց ասելու: Այդ առաջին անգամն էր, որ նրանք գտնվում էին միասին և այս տեսակ մեկուսացած առանձնության մեջ: Յուրաքանչյուրը ցանկանում էր բաց անել յուր սիրտը: Հայրը փափագում էր մի առ մի բացատրել որդուն յուր բոլոր դիտավորությունները, թե ի՜նչ նպատակներ ունի նրա ապագայի մասին, կամ ո՜րպես մտածում է տնօրինել նրա բախտավորությունը: Բացի դրանից, կամենում էր բացատրել և յուր քաղաքական նպատակները, որ վերաբերում էին առհասարակ Հայոց աշխարհի գործերին: Իսկ որդին նոր բացատրությունների կարոտ չէր: Նա գիտեր և վաղուց հասկացած էր բոլորը: Նա միայն ցանկանում էր հայտնել հորը, թե ա՜յն ամենը, ինչ որ կատարել է նա և կամ ինչ որ տակավին կատարելու դիտավորություն ունի, անտարակույս, կտանեն հայրենի աշխարհը դեպի անդառնալի կորուստ, իսկ որդին չէր ցանկանա յուր հայրենիքի ավերակների մեջ գտնել յուր փառքը:

Մինչ հայր և որդի սույն հոգետանջ լռության մեջ էին, որ ամեն վայրկյան պատրաստ էր պայթելու, պատանի Արտավազդը, կղզու մյուս կողմում հրաշքներ էր գործում: Նրա շները դուրս էին վանել եղեգների միջից մի կատաղի վարազ, որ, ձյունի պես ճերմակ, սրածայր ժանիքները փայլեցնելով, ահարկու կռնչյունով հարձակվում էր այս կողմ ու այն կողմ, և ամեն անգամ շները խմբովին խույս էին տալիս նրանից, որպես մկները կատվից:

Այդ կողմում որսորդները ձիավորված էին, որովհետև ձիերի շարժման համար բավական արձակ էր տեղը: Միայն կղզու ափերի մոտ աճել էին թավ շամբուտներ, որոնց միջից դուրս էին քշել վարազին: Նա դարձյալ աշխատում էր նետվել դեպի յուր մթին դարանը, դեպի շամբուտները, բայց պարսիկ պատանիների երկար շղթան բռնել էր այդ կողմը, և ամեն անգամ, երբ մոտենում էր վարազը, նրանք նիզակներով ետ էին մղում: Ասպարեզը թողել էին պատանի Արտավազդին, որ միայնակ պետք է մաքառեր վտանգավոր որսի հետ:

Արտավազդ, հեռու կա՜ց, այդպես չէ կարելի, ձայն տվեց Մերուժանը, որ մի առանձին հետաքրքրությամբ դիտում էր պատանու կռիվը կատաղի անասունի հետ:

Դա ի՞նչ բան է, պատասխանեց նա յուր սովորական պարծենկոտությամբ, ես մի անգամ Բզնունյաց անտառներում մի ամեհի արջ սպանեցի:

Մերուժանը հավատաց, բայց, այնուամենայնիվ, հրամայեց պարսիկ պատանիներին, որ օգնեն նրան:

Ո՜չ, աղաչում եմ, խնդրում էր նա սաստիկ բաղձանքվ, հրամայիր, որ թույլ տան` ես միայնակ վերջացնեմ իմ որսի հետ: Դա իմն է, դրան ես եմ գտել շամբերի միջից:

Մերուժանը հրամայեց չմիջամտել: Պատանին դարձավ դեպի ծերունի Արբակը, խնդրելով.

Տո՜ւր ինձ քո ձին, սիրելի Արբակ, իմը խրտչում է, վստահությամբ չէ մոտենում: Իսկ քո պառավ ձին քեզ նման ծեր է և փորձառու, այդ պատճառով խրտչելու թուլություն չունի:

Ծերունին ցած իջավ ձիուց մրթմրթաչով.

Քո լեզուն եթե չլիներ, գլուխդ ագռավները կտանեին:

Պատանին ուշադրություն չդարձրեց Արբակի կծու հեգնությանը, մի ակնթարթում թռավ նրա ձիու վրա, իսկ յուր ձին տվեց նրան: Այդ միջոցին վարազը, երկաթյա գառագղի մեջ ընկած գազանի նման, կռնչալով, լայն ականջները թափ տալով, վազվզում էր, որ մի ելք գտնե փախչելու, բայց ամեն կոզմից հանդիպում էր պարսիկ պատանիների սաստիկ ընդդիմադրությանը: Արտավազղը միայնակ հետամուտ էր լինում: Իսկ նա, որպես մի խուլ ահավորություն, երբեմն ետ էր դառնում, և յուր բութ, մի զույգ սպիտակ ժանիքներով զինված կնճիթը, ուղղելով դեպի նրա ձին, հարձակում էր գործում, բայց Արտավազդը նիզակի սաստիկ հարվածներով գանակոծում էր նրան: Նա բարկացավ, երբ նկատեց, որ հարվածները լավ չէին ներգործում, և ավելի զայրացավ, երբ լսեց, որ պարսիկ պատանիները արդեն սկսել էին ծիծաղել նրա վրա:

Սիրելի Արբակ, դարձավ նա դեպի ծերունին մի նոր խնդիրքով, աղաչում եմ, շտապի՜ր, տո՜ւր ինձ քո նիզակը, իմը շատ թեթև է ու բարակ, վախենում եմ, որ կոտրվի:

Կտամ սիրելի Արտավազդ, ասաց ծերունին, բարեսրտաբար խնդալով, կտամ իմ նիզակը, բայց բազուկներս քեզ տալ չեմ կարող:

Մերուժանը բացատրեց ծերունու խուլ հեգնությունը.

Արբակի ծանր նիզակը շարժելու համար` պետք է Արբակի ամուր բազուկները ունենալ, Արտավազդ:

Ախար ես էլ փոքրիկ գազաններից չեմ, պատասխանեց Արտավազդը մի առանձին ինքնավստահությամբ նայելով Մերուժանի երեսին:

Պատանու պարծենկոտությունը այս անգամ խորին ուրախություն պատճառեց Արբակին, և նա մեծ հոժարությամբ փոխեց նրա հետ յուր նիզակը:

Նիզակը, արդարև, Արտավազդի համար բավական մեծ էր և ծանր, բայց նա այն տեսակ նիզակներ, մանավանդ ձիու վրա, գործածելու ճարտարությունից զուրկ չէր: Նա միացրեց յուր դեռահաս բազուկների զորությունը յուր նժույգի չափազանց ուժի հետ: Առանց ժամանակ կորցնելու, երկար նիզակի բունը առեց աջ թևքի տակ, և նրա սրածայր սվինը դեպի ցած բռնելով, շտապեց ձիուն յուր բոլոր սաստկությամբ քշել դեպի վարազը: Ամեհի նժույգի սրարշավ թափը բավական էր նիզակին այն աստիճան ուժգին զարկ տալու, որով մխվեցավ նա վարազի կողքի մեջ և ծայրը մյուս կողմից դուրս եկավ:

Այդպես հեշտ էր շամփրել գազանին, ծիծաղելով ձայն տվին պարսիկ պատանիները, բայց քո քաջությունը նիզակը դուրս քաշելումը պետք է տեսնենք:

Արտավազդը իսկույն ձիու գլուխը շուռ տվեց և ձին, իհարկե, դուրս քաշեց նիզակը, իսկ ահագին վարազը անշարժ մնաց գետնի վրա:

Ամեն կողմից լսվեցան հավանության աղաղակներ: Արտավազդը թողեց որսը, որ իսկույն քարշ տվին ծառաները, իսկ ինքը մոտեցավ հանդիսատեսների խմբին: Նրա պայծառ դեմքը փայլում էր ուրախությունից: Նա կրկին վերադարձրեց ծերունի Արբակին թե՜ նրա ձին և թե՜ նիզակը, ականջին փսփսալով.

Շնորհակալ եմ քո բարության համար, սիրելի Արբակ, եթե ոչ, այդ պարսիկ լակոտները ամոթով պիտի թողնեին ինձ:

Այսպես շարունակվում էր որսորդությունը, երբ Սամվելը հոր հետ դեռ նստած էին կղզու ափի մոտ: Սամվելը լուռ նայում էր Արաքսի կարմրագույն հոսանքին, որ մեղմ ալիքներով զարկվում էր կղզու ավազոտ ափերին և նրա վրա կարմրագույն արյան տպավորություն էր գործում: Հայրը պատմում էր նրան յուր նախամտածությունները և յուր դիտավորությունները, իհարկե, այն չափով միայն, որքան կարող էր հավատալ որդուն: Պատմում էր, թե «երբ աստուծու հաջողությամբ» հայ և հրեա գերիներին կհասցնեն Տիզբոն, և երբ ինքը բախտ կունենա մյուս անգամ վայելելու Շապուհ արքայի ողորմածության շնորհը, այնուհետև պետք է Մերուժանի հետ կրկին վերադառնան Հայաստան: Պատմում էր, թե այն ժամանակ ինքը, իբրև հայոց ընդհանուր սպարապետ, ի՜նչպես պետք է կազմակերպե յուր հրամանի ներքո գտնված հայկական զորքերը: Պատմում էր և Մերուժանի դիտավորությունները, թե նա որպիսի՜ձև պետք է տա յուր նոր հիմնած թագավորությանը Հայաստանում: Խիստ դառնացած կերպով խոսում էր Արշակունիների «չարագործության» և «անբարոյականության» մասին և, ոգևորվելով Մերուժանի կատարած գործերի հաջողություններով, արտահայտում էր յուր խորին ուրախությունը, որ, վերջապես, պիտի կարողանան ազատվել Արշակունիների անտանելի լուծից, և Հայաստանը Մերուժանի հզոր գավազանի ներքո` թե՜ խաղաղություն և թե՜ բախտավորություն պիտի վայելե: Որդին լռությամբ լսում էր, և հոր խոսքերը թունավոր նետերի նման ծակոտում էին նրա վշտացած սիրտը:

Հետո սկսեց պատմել յուր դիտավորությունները որդու վերաբերությամբ: Մի առանձին ուրախությամբ հայտնում էր, թե Շապուհ արքան շատ անգամ լսել է նրա մասին, գիտե նրա քաջությունները, և Տիզբոնի արքունիքում արդեն ծանոթ է նրա անունը: Այժմ մնում է միայն, որ որդին ներկայանա արյաց արքայից արքային, և նա անպատճառ նրան Պարսկաստանում գտնված հայկական հեծելազորի հրամանատար կկարգե: Այդ առիթով որդին կմերձենա թե՜ պարսից Դրանը և թե՜ առհասարակ արքունիքին: Այնուհետև նրա գեղեցկությունը, շնորհքը և բարեկրթությունը` բավական մեծ երաշխավորություն են ներկայացնում, որ արյաց արքայից արքան յուր դուստրներից մեկը նրան կնության կտա, ա՜յն բազմահարուստ օժիտով, որ ստանում է յուրաքանչյուր ոք, որ բախտ է ունենում արյաց արքայական գերդաստանի փեսան լինելու և այլն:

Սամվելը համարյա թե չէր լսում: Նա ուշադրությամբ լսեց հոր պատմածների սկիզբը միայն, իսկ թե ի՞նչ կլիներ վերջավորությունը, այդ կարող էր և ինքը եզրակացնել: Գլուխը խոնարհեցրած, ամենևին չէր նայում հոր երեսին, և վշտալի աչքերը մեքենաբար հառած էին դեպի մի հաստ, կիսափուտ գերանի կտոր, որ ալիքները դուրս էին նետել ավազների վրա: Իսկ երբեմն նրա ուշադրությունը գրավում էր մի օտարոտի խշրտոց, որ մերթ ընդ մերթ լսելի էր լինում մերձակա թուփերի միջից: Հայրը նկատեց այդ և, կամենալով նրա ուշադրությունը դեպի ինքը գրավել, հանգստացրեց, ասելով.

Այնտեղ, երևի, որսորդներից փախած երեներ են շարժվում:

Ոչ, քամին է շարժում թուփերը, անփույթ կերպով ասաց Սամվելը և շարունակեց նայել գերանի կտորի վրա:

Երբեմն ամենաանմեղ առարկաներն անգամ մարդու մեջ բավական զբաղեցնող մտքեր են հարուցանում: Գերանի կտորի վրա նայելով, Սամվելը այս էր մտածում. «Եթե այդ հաստ, փտությունից թեթևացած ծառաբունը գլորես ջրի մեջ, արդյոք կարո՞ղ է նա մի փոքրիկ մակույկի ծառայություն մատուցանել... արդյոք կարելի՞ է նրանով անցնել գետի մյուս ափի վրա... »:

Բայց քամին, իրավ, շարժում էր մերձակա թուփերը: Եղանակը, որ առավոտյան այնքան խաղաղ էր, այնքան գեղեցիկ էր, ընդհակառակն, կեսօրից հետո սկսեց փոքր առ փոքր մռայլվիլ: Սովորական քամին բարձրացավ, և պարզ օդը հետզհետե լցվեցավ նուրբ, կարմրագույն փոշիով: Այդ քստմնելի երևույթը, մանավանդ տեղային հանգամանքներին անծանոթ մարդու վրա, խիստ տխուր և ահարկու տպավորություն է գործում: Հանկարծ պայծառ հորիզոնը ներկվում է բոսորային գույնով, և նրան այնպես է թվում, որ երկնքից մանր, փոշետեսակ արյան անձրև է տեղում: Իսկ Սամվելին ձգեց նա մի առանձին մելամաղձության մեջ, որ արտահայտություն էր նրա նույնպես խռովյալ սրտի:

Զարմանալի՛ հատկություններ ունի Արաքսը, ասաց նա, ինքն յուր հետ խոսելով, զարմանալի՛ բնավորություն, ունեն և նրա խորհրդավոր շրջակայքը: Պարզ, լուսապայծառ առավոտին հաջորդում է տխուր, վհատական երեկո` յուր կարմրագույն մռայլով, իսկ ուրախ, անհոգ զվարճությանը` խիստ սրտամաշ թախծություն... Տխո՛ւր է, տխո՛ւր... Ես կարծում էի, թե կարող եմ փոքր-ինչ ուրախ լինել, փոքր-ինչ մոռանալ ինձ... Բայց իզո՛ւր... Երանի՛ թե չար լինեի... երանի թե եղեռնագործ լինեի... Գուցե ինձ ևս կվիճակվեր նույն օրհասը, որ վիճակվեցավ բարի Արտաշեսի չար որդուն... Նա կորավ որսորդության միջոցում, նա յուր ձիու հետ խորասույզ եղավ Արաքսի մերձակա անդունդների մեջ... Գետինը չկարողացավ տանել չար արքայազնին, որ չարությամբ պիտի լցներ Հայոց երկիրը... Գետինը բաց արավ յուր ահարկու բերանը և կլանեց նրան...

Հայրը սարսափով լսում էր:

Ինչո՞ւ հիշեցիր այդ տխուր անցքը, հարցրեց նա, դողդոջուն ձեռքով բռնելով որդու աջը:

Չգիտեմ ինչո՜ւ... երևի նրա համար, որ շատ հեռու չենք այն եղերական վայրերից, ուր պատահեց այդ անցքը: Թշվառ չարագործը կորավ, անհետացավ Արաքսի անդունդների մեջ, բայց հանգստանալ չկարողացավ... Մասիսի քաջքերը տարան, շղթայեցին նրան մի մթին այրի մեջ, ուր մինչև այսօր տանջվում է նա...

Սամվե՛լ, գոչեց հայրը շփոթված ձայնով: Ի՞նչ պատահեց քեզ հետ, ի՞նչը ձգեց քեզ այդ մթին ցնորքների մեջ: Դու մահ ես ցանկանում, քեզ համար անտանելի է դարձել կյանքը այն հասակում, երբ դեռ նոր է սկսվում քո երջանկության ծաղկափթիթ գարունքը: Ի՞նչ է պակաս քեզ: Քո հայրը պատրաստ է ծնողական բոլոր սիրով ամեն ինչ լցուցանել: Լսի՜ր, Սամվել, դու չես հասկանում քո անսահման բախտավորությունը, որի մեջն ես, և որը յուր լիառատ բարություններով դեռևս սպասում է քեզ: Հազարավոր իշխանազն երիտասարդներ պիտի նախանձվին քո փառքին, հազարավոր իշխանազն օրիորդներ պիտի փափագեն քո ամուսինը լինելու: Բայց դու կընտրես քեզ չքնաղներից չքնաղագույնը` արյաց արքայից արքայի աննման դուստրը:

Դրանցից և ո՜չ մեկը չէ կարող բուժել այն վերքերը, որ դրած են իմ սրտում, հայր, դրանցից և ոչ մեկը չէ կարող վանել այն վշտերը, որ օր ու գիշեր տանջում են ինձ: Կյանքը, իրավ, անտանելի է դարձել ինձ, հայր, և մահը շատ ցանկալի կլիներ ինձ, եթե գիտենայի, որ մահից հետո մի այլ կյանք չկա: Բայց մարդիկ իրանց վշտերը` իրանց հետ գերեզման են տանում: Դա ավելի անտանելի է, քան հավիտենական տանջանքը դժոխքի խորքում...

Վերջին խոսքերի միջոցին նա յուր գունաթափ դեմքը դարձրեց դեպի հայրը և շարունակեց մի այնպիսի ձայնով, որ արտահայտում էր նրա հուզված սրտի խորին ալեկոծությունը.

Հայր, այստեղ մենք միայնակ ենք, այստեղ մեզ ոչ ոք չի լսի, թույլ տո՜ւր ինձ խոստովանել քեզ իմ բոլոր ցավերը, իմ բոլոր տանջանքները:

Խոսի՜ր, զավակս, բա՜ց արա հորդ առջև լցված սիրտդ, ի՞նչն է այսպես տանջում քեզ: Այն օրից, որ եկել ես դու, ես միշտ նկատում եմ քո մեջ մի տեսակ հոգեկան անհանգստություն, մի տեսակ բարոյական վրդովմունք: Մի՜ թաքցրու ցավերդ, և հավատացած եղիր, որ հայրդ այնքան անչափ սեր ունի դեպի քեզ, որ կարող է քո կարիքներին կարեկից լինել և քո ցավերին` ցավակից:

Ինչպե՞ս չցավել, հայր, ինչպե՞ս չվշտանալ, հայր: Մի սիրտ, որ քարից լիներ կազմված, մի հոգի, որի մեջ մեռած լինեին ամեն մարդկային զգացմունքներ, դարձյալ չէր կարող անզգա մնալ տեսնելով ա՜յն, ինչ որ ես տեսա և ինչ-որ տակավին տեսնելու դժբախտությունը պիտի ունենամ: Այն օրից, որ դուրս եկա մեր ամրոցից, այն օրից, որ թողի Տարոնը, մինչև այստեղ հասնելս ես անցա մի շարք ավերակների, մի շարք բարբարոսությունների միջով: Տեսա մոխիր դարձած քաղաքներ, տեսա անմարդացած գյուղեր, տեսա կործանված վանքեր ու տաճարներ... Ամեն քայլում ես ոտք էի կոխում արյան վրա, և իմ հայրենակիցների արյան վրա... Ո՞վ կատարեց այդ անգթությունները, հա՜յր, և ինչո՞ւ համար...

Հայրը բնավ չէր սպասում, որ որդին մի այսպիսի հարց կառաջարկեր: Նա շփոթվեցավ, պապանձվեցավ, և նրա բոլոր անձնասիրությունը խորտակվեցավ այն դառն հանդիմանության առջև, որով որդին արտահայտեց յուր սրտի վշտերը:

Դու լռում ես, հայր, դու չես պատասխանում: Ես հասկանում եմ քո լռության իմաստը: Բայց հայրենիքի կործանումները և բյուրավոր աչքերի լացն ու արտասուքը` համարձակություն են տալիս դժբախտ որդուդ ասելու քեզ, որ այդ բոլոր անգթությունները կատարվել են երկու անձանց ձեռքով, որոնցից մեկը իմ հայրն է` դո՜ւ, իսկ մյուսը` իմ մոր եղբայրն է` Մերուժան Արծրունին...

Մեծ գործերը մեծ զոհ են պահանջում... ընդհատեց հայրը որդու խոսքերը:

Ճշմարիտ է, մեծ գործերը մեծ զոհ են պահանջում, պատասխանեց որդին դառնացած ձայնով, բայց դու, հայր, արդյոք լավ կշռե՞լ ես գործի մեծության հետ և հանցանքի մեծությունը: Ոչնչացնել հայրենի աշխարհը, ոչնչացնել հայրենի կրոնը, եկեղեցին, և Հայաստանի ավերակների վրա հիմնել մի պարսկական թագավորություն, ահա՛ այս է այն գործը, որ դու, հայր, մեծ ես կոչում:

Ինչո՞ւ պարսկական թագավորություն, հարցրեց հայրը զայրացած ձայնով: Միթե Մերուժանը պարսի՞կ է:

Ապա ի՞նչ է: Թե՜դու, հա՜յր, և թե՜ նա ուրացել եք քրիստոնեությունը և ընդունել եք պարսեց Շապուհ արքայի կրոնը: Հայոց եկեղեցիները լցրել եք պարսից մոգերով ու մոգեպետներով: Ամեն տեղ ստիպում եք ուրանալ քրիստոնեությունը: Իմ մայրը արդեն մոխրապաշտ է դարձել և Մամիկոնյանների կրոնասեր տան մեջ պարսից ատրուշան է հիմնել: Իմ եղբայրները այժմ պարսկերեն են խոսում: Հայոց լեզուն հալածված է մեր տնից: Ամեն տեղ ոչնչացնում եք հայոց գրքերը, որպեսզի պարսից լեզու և պարսից դպրություն տարածեք Հայաստանում: Երեկ իմ աչքով տեսա, թե ինչպես Մերուժանի երկնագույն վրանի առջև այրում էին հայոց գրքերը: Այդ բոլորից հետո, երբ կորչում է կրոնը, երբ կորչում է լեզուն, երբ ոչնչանում են ազգային ավանդությունները և երբ, վերջապես, հայը սկսում է պարսից սովորություններով ապրել և պարսից լեզվով աղոթել, այլևս ի՞նչ հայություն կմնա: Եվ ձեր հիմնած թագավորությունը միթե կարո՞ղ է այնուհետև հայկական լինել: Նա, վաղ թե ուշ, կլուծվի, կանհետանա պարսկականի մեջ, և նրա հետ ամեն ազգային սրբություններ կկորչեն, կոչնչանան...

Ինչ որ լինելու է, թո՜ղ լինի, միայն Արշակունիների թագավորություն չպիտի լինի, պատասխանեց հայրը, ավելի զայրանալով:

Ինչո՞վ էին վատ Արշակունիները:

Դու դեռ հարցնո՞ւմ ես, Սամվել: Դու երեխա չես, դու այնքան տարիք ունես, որ բավական է եթե հիշես քո տեսածը միայն, որ հենց քո հասակում` ո՜րքան չարագործություններ կատարեց Արշակ թագավորը, որ յուր մեղքերի համար` այժմ տանջվում է Անուշ բերդում:

Նա սկսեց մի առ մի թվել Արշակունիների գործերը և ապա ավելացրեց.

Եվ դու, Սամվել, դեռևս ցանկանո՞ւմ ես, որ մի այսպիսի անբարոյական և ապականված թագավորական տուն գոյություն ունենա:

Քո և Մերուժանի վարմունքը ավելի վատթար է, հա՜յր, ասաց Սամվելը, այժմ այլևս չակնածելով նրա ծնողական պատկառանքին: Ապականությունը ապականությամբ չեն սրբում և ո՜չ անբարոյականությունը` անբարոյականությամբ: Դրանց մաքրելու համար ուրիշ միջոցներ կան: Արշակունիների մեջ եղել են և այժմ կան այնպիսի պաշտելի անձինք, որոնց առաքինություններով միշտ պիտի պարծենա հայոց ազգը: Իսկ եթե այդ հոյակապ ընտանիքի մեջ վերջին ժամանակներում հայանվեցան մի քանի անբարոյական մարդիկ, դա նրանց մասնավոր մեղքն է, որ իրանք պետք է քավեն: Նրանց մեղքերի համար ինչո՞ւ պետք է պատժվի ամբողջ հայոց ազգը և հայոց հայրենիքը: Այն ևս կասեմ, հա՜յր, որ այդ իսկ անբարոյական համարված Արշակունիները, գոնե մեկ կողմից, այնքան բարոյական գտնվեցան, որ երբեք չդավաճանեցին հայրենի աշխարհին և հայրենի եկեղեցուն: Իսկ դո՞ւք դո՜ւ և Մերուժանը...

Վերջին խոսքերը կայծակի նման շանթեցին հոր սիրտը: Նրա մեջ միանգամից փշրվեցան այն բոլոր երանական հույսերը, այն բոլոր ջերմ բաղձանքները, որ ուներ որդու վերաբերությամբ: Նա փափագում էր, որ որդին ո՜չ միայն յուր կամակիցը լիներ, այլև յուր գործակիցը լիներ: Իսկ այժմ հայտնվեցավ նա որպես հոր անողոք հակառակորդ, մի հակառակորդ, որի հետ դժվար էր կռվել և որին ավելի ևս դժվար էր տեղիք տալ: Ինչպե՞ս պետք էր վարվել նրա հետ: Ծնողական սերը` և յուր ստանձնած գործի պարտավորությունը` սկսեցին սարսափելի կերպով մաքառել միմյանց հետ: Որի՞ն պետք էր նախապատվություն տալ: Անհնար էր վճռել: Նա սաստիկ ստրջացած էր, որ առիթ տվեց որդուն այս աստիճան բացվել յուր հետ: Բայց արդեն ուշ էր: Հարցը այն կետի վրա էր դրված, որ պետք էր ընտրել երկուսից մեկը` կա՜մ որդուն, կա՜մ սկսած գործը: Բայց զրկվել թե՜ առաջինից, թե՜ երկրորդից` մահվան չափ դառն էր նրա համար: Այդ սոսկալի տագնապի մեջ էր նա, երբ եղանակը ավելի խառնվել էր, կարմիր քամին կատաղությամբ մռնչում էր և յուր կարմիր փոշին անխնա կերպով սփռում էր թշվառ հոր երեսին, իսկ նա ոչինչ չէր զգում:

Դու եկար նախատելո՞ւ քո հորը, Սամվել, ձայն տվեց նա հոգեկան տանջանքներից հետո:

Ո՜չ, հայր, ես չեկա նախատելու քեզ: Ես եկա ճշմարիտը, արդարը և իրավացին խոսելու քեզ, որը ո՜չ այլ ոք կհամարձակվեր խոսել, բայց միայն որդիդ: Ես եկա իմ սրտի, իմ սիրո բոլոր ցանկությամբ աղաչելու և պաղատելու քեզ, որ դու ետ դառնաս այն ճանապարհից, որ տանում է մեր հայրենիքը դեպի անդառնալի կորուստ, իսկ Մամիկոնյան տոհմի հիշատակը` դեպի հավիտենական անեծք և դատապարտություն...

Հայրը զգացվեցավ այդ խոսքերից և քաղցրությամբ պատասխանեց.

Այդ բոլորը խոսել է տալիս` քեզ քո երիտասարդական վառ զգացմունքը, քո մաքուր սիրտը, Սամվել, և ես չեմ կարող չուրախանալ, որ դու այդպես անարատ ես մնացել: Բայց սրտի և զգացմունքի դատողությունները խիստ հազիվ անգամ լինում են ուղիղ: Դժբախտաբար, ազգերի և ժողովուրդների կենցաղավարության հարաբերական պայմանների մեջ` խիստ նեղ կայան ունի ա՜յն սրբությունը, որ դու կոչում ես առաքինություն, բարոյականություն: Միշտ զորեղը ճնշում է, ոչնչացնում է անզորին: Ի՞նչ պետք է արած, որ երբեմն կյանքի անողոք անհրաժեշտությունները դնում են մեզ այնպիսի ճանապարհի վրա և կատարել են տալիս մեզ այնպիսի գործեր, որոնցից դժոխքն անգամ կսարսափեր: Մեր բոլոր կատարածը անխուսափելի անհրաժեշտության արդյունք է: Մենք հարվեցանք պարսիկներին, որպեսզի ազատվենք նենգավոր հռովմայեցիներից: Պարսիկները մեր դարևոր բարեկամներն են եղել: Վերջին ժամանակներում քրիստոնեությունը բաժանեց մեզ միմյանցից և մեր մեջ կրոնի մեծ անջրպետը դրեց: Դժբախտ հանգամանքները պահանջում են` քանդել այդ անջրպետը և ձեռք մեկնել հին բարեկամին:

Բայց դուք քանդում եք ո՜չ թե անջրպետը, այլ հիմքը, ընդհատեց Սամվելը:

Բնավ ոչ: Լսի՜ր, Սամվել, երկար բացատրությունների կարոտ կլիներ, եթե ես սկսեի քեզ ապացուցանել, որ մենք Հիսուս Քրիստոսի խաչը թողնելով և մեր հին աստվածներին երկրպագություն տալով` ոչինչ չէինք կորցնի: Ես քեզ կկրկնեմ նույնը, ինչ որ մի քանի րոպե առաջ ասացի, թե մեծ գործերը մեծ զոհ են պահանջում, և մենք ստիպված էինք տալ այդ մեծ զոհը:

Ո՞րն է այդ մեծ գործը, որին դուք զոհում եք կրոնը, եկեղեցին, հարցրեց Սամվելը, դարձյալ վրդովվելով:

Հին բռնապետության տապալումը, Արշակունիների կործանումը, պատասխանեց հայրը: Միթե դու փո՞քր գործ ես համարում այդ:

Փոքր գործ չեմ համարում: Բայց ինչո՞ւ համար եք կործանում:

Նրա համար, որ եթե մենք նրան չկործանենք, նա մեզ կկործանե: Միթե դու մոռացե՞լ ես, թե որպիսի՛ կատաղությամբ Արշակ թագավորը և նրա հայրը սկսեցին ոչնչացնել նախարարական իշխանությունները:

Չեմ մոռացել: Բայց ես դարձյալ կասեմ քեզ, որ Արշակունիների կամայականության առաջը առնելու համար` ուրիշ ավելի դյուրին միջոցներ կան:

Ոչինչ միջոցներ չկան, բացի այն, որ արդեն սկսվել է և պետք է շարունակվի: Հայոց նախարարները բաժանվել են երկու մեծ կուսակցության. մեկը, յուր առաջնորդ ունենալով եկեղեցականներին, աշխատում է պահպանել հին դրությունը` Արշակունիների քայքայված գահը, իսկ մյուսը, առաջնորդ ունենալով քո հորը և քո քեռուն, կամենում է ոչնչացնեի հինը և ստեղծել մի նոր իշխանություն: Շատ բնական է, որ այդ ներքին երկպառակությունը պիտի հարուցաներ և ներքին պատերազմ: Մեր հակառակ կուսակցությունը դիմեց հռովմեական օգնության, իսկ մենք դիմեցինք պարսկական օգնության: Սկսվեցավ ներքին կռիվը` ներքին արյունահեղության հետ: Թե ի՜նչով կվերջանա, այդ աստուծո ձեռքումն է, բայց առայժմ հաջողությունը մեր կողմն է:

Գիտեմ ձեր կողմն է: Բայց խաբուսիկ հաջողությունը թող չհրապուրե ձեզ... Վերջին խոսքերի միջոցին նա ձեռքը տարավ և բռնեց հոր աջը ասելով, Լսի՜ր, հա՜յր, ընդունի՜ր տառապյալ որդուդ աղաչանքը, մի՜ արատավորիր Մամիկոնյանների պայծառ անունը հավիտենական ամոթով: Դեռ ուշ չէ: Դեռ կարելի է վնասի կեսից ետ դառնալ: Ցրվեցե՜ք այդ անիծյալ պարսկական բանակը, որի ներկայությունը պղծում է Հայոց երկիրը: Հեռացրե՜ք պարսիկներին: Ազատություն շնորհեցե՜ք հայոց գերիներին, թո՜ղ գնան իրանց տները և սրբեն ազգայինների արտասուքը: Թո՜ղ չլինի կռիվը, թո՜ղ չլինի պատերազմը, որ այնքան աղետների, որ այնքան թշվառությունների պատճառ դարձավ: Թո՜ղ կրկին վերականգնվի հաշտությունը, և Հայոց աշխարհը վայելե յուր նախկին խաղաղությունը: Ես կգնամ Մերուժանի մոտ, նրանից ևս նույնը կխնդրեմ, կաղաչեմ, կհամբուրեմ նրա ոտները, որ ընդունե իմ խնդիրքը:

Հայրը ոտքի ելավ, դառնացած կերպով ասելով.

Իզուր կանցնի թե՜ քո աղաչանքը և թե՜ քո խնդիրքը, Սամվել: Մերուժանը այն տեսակ մարդիկներից չէ, որ ամեն մի համբակի խոսքը լսե:

Արյունը կատաղի հոսանքով անցավ դեպի Սամվելի գլուխը:

Հա՛յր... ձայն տվեց նա, և նրա խռովյալ աչքերը վառվեցան բարկության բոցով: Ե՞ս եմ համբակը:

Այո՜, դու ես, Սամվել: Ես չկարողացա հասկացնել քեզ ո՜չ իմ միտքը և ո՜չ իմ նպատակները: Այժմ մնում է հարցնել քեզ, դու ո՞ր կուսակցության ես պատկանում:

Այն կուսակցությանը, որ հավատարիմ է մնացել հայրենի եկեղեցուն և սիրելի թագավորին:

Ուրեմն, դու իմ որդին չես: Ով որ մեզ հակառակ է, մեզանից չէ: Մենք անխնա պատժել գիտենք այնպիսիին:

Եվ ո՜չ դու իմ հայրն ես:

Սամվե՛լ...

Ի՞նչ է, դավաճա՛ն...

Հայրը ձեռքը տարավ դեպի յուր սուրը: Բայց որդու սուրը արդեն մերկացած էր: Նա շողշողաց և կայծակի նման մխվեցավ հոր սրտի մեջ: Նա ընկավ, հառաչելով.

Հայրասպա՛ն...

Որդին, անշարժ արձանի նման կանգնած, մի քանի րոպե լուռ նայում էր արյան մեջ թավալվող հոր վրա: Հետո սրբեց աչքերի արտասուքը և ձեռքը տարավ դեպի գոտիից քարշ ընկած արծաթյա փոքրիկ փողը, մոտեցրեց դողդոջուն շրթունքներին, և չարագուշակ արծաթը գուժեց սոսկալի գործողությունը:

Կղզու զանազան կողմերից նույնպես լսելի եղան փողերի ձայներ...

Կարմիր քամին խելագարի նման մռնչում էր, փոթորկվում էր, բարձրացնելով օդի մեջ թանձր, ավազախառն փոշի: Մրրկածուփ հորիզոնը պատած էր մույգ աղյուսագույն մռայլով, որ մթնեցնում էր արևի երեկոյան ճառագայթները: Քամու ուժգին հոսանքի ներքո` դալար թուփերը, փշալի մացառները հեծելով, հառաչելով, կպչում էին գետնին և դարձյալ վեր էին բարձրացնում իրանց հողմակոծ գլուխները: Մոլորված, շփոթված ծտերը, հակառակ իրանց կամքի, տարվում էին օդի մեջ, որպես բամբակի փոքրիկ պատառներ: Սրաթռիչ բազեն անգամ յուր ուժեղ թևքերով դժվարանում էր ընդդիմադրել զայրացած տարրի կատաղի ալիքներին: Մրրիկը հետզհետե սաստկանում էր, մարդ և անասուն, սողուն և թռչուն թաքչելու տեղ էին որոնում: Այդ միջոցին զարմացած Արաքսը` խորին վրդովմունքով դուրս էր հարձակվում յուր ափերից տեսնելու, թե ի՞նչ արհավիրք է կատարվում յուր շուրջը: «Իշխանաց կղզին» դողում էր, սարսափում էր ամեհի կոհակներից, որ ամեն րոպե պատրաստ էին կլանելու և անհետացնելու նրան:

Բնության ընդհանուր խռովության միջոցին դադարեց որսորդությունը, սկսվեցավ մի այլ տեսակ որսորդություն:

Սկզբում կարծվում էր, թե որսորդները մրրիկի սաստկությունից շփոթվեցան, կորցրին միմյանց և տարածվեցան դեպի կղզու զանազան կողմերը` ապաստանի տեղ գտնելու: Ոչ ոք չէր երևում: Չէին երևում մանավանդ Սամվելի մարդիկը:

Երևում էր միայն սպիտակ ձիավորը Մերուժանը:

Նա յուր ձին փութով քշում էր դեպի վրանների կողմը: Մեծ եղավ նրա զարմանքը, երբ վրանները տապալված տեսավ և այն տեղ ոչ ոքի չգտավ: Մտածեց` գուցե քամին խորտակել էր վրանները, և մարդիկ շտապել էին փախչել, վախենալով, միգուցե կատաղած Արաքսը այնքան բարձրանար, որ ծածկեր կղզին: «Ո՜չ, այստեղ մի դավադրություն կա... » ասաց նա և ձեռքը տարավ դեպի կշտից քարշ ընկած գալարափողը, իսկույն հնչեցրեց: Ոչ ոք չհայտնվեցավ: Ձիու գլուխը շուռ տվեց դեպի կամուրջը: Ճանապարհին մի քանի անգամ տեսավ նա խոտերի վրա ընկած դիակներ: Ճանաչեց: Ոմանք Սամվելի մարդիկներից էին, ոմանք իրանց մարդիկներից: Նրա հպարտ դեմքի վրա անցավ մի դառն ծիծաղ: «Մանուկներր մեզ որոգայթի մեջ ձգեցին... » մտածեց նա և շարունակեց քշել ձին:

Հանկարծ քամու մռնչյունի հետ սուլեց մի այլ ձայն. մի նետ դիպավ նրա կողքին և շառաչելով ցած ընկավ: Նրան հաջորդեց երկրորդը... երրորդը... Վերջինը ցցված մնաց ազդրի վրա:

«Ախ, եթե գիտենայի, որ դու հագուստիդ տակին զրահ ունես հագած... », լսելի եղավ մերձակա մացառների միջից մի սուր ձայն, որ իսկույն խլացավ քամուց:

Մերուժանը շփոթված կերպով նայեց յուր շուրջը: Ձին քշեց դեպի այն կողմը, որտեղից սլացավ նետը: Խիտ մացառները արգելեցին նրա ընթացքը: Այդ միջոցին մի այլ նետ դիպավ նրա գլխին և դարձյալ ցած ընկավ:

«Փո՛ւհ, սատանան տանե ... լսելի եղավ մի զայրացած ձայն, խույրի տակում ևս երկաթ է թաքցրած... »:

Մերուժանը ետ դարձավ, և յուր խորին վրդովմունքի մեջ` չգիտեր որ կողմը գնալ: Նա ձեռքը տարավ դեպի նետը, որ տակավին մնացել էր ցցված ազդրի մեջ, բարկությամբ դուրս քարշեց: Արյունն սկսեց վտակի նման հոսիլ: Դարձյալ դառն ծիծաղը երևաց նրա հպարտ դեմքի վրա, և գլուխը շարժելով ասաց. «Առաջ մենք էինք որսում մացառների մեջ թաքնված անասուններին, իսկ այժմ մեզ են որսում մացառների մեջ թաքնված դարանագործները... »:

Դարանագործը ոչ այլ ոք էր, բայց միայն պատանի Արտավազդը: Յուր ընկերների մեջ` նրան էր վիճակվել Մերուժանը: Բայց ոգելից պատանու բաղձանքները մնացին անկատար: Նրա նետերը դիպան Մերուժանի հագուստի ներքո թաքցրած պողովատյա տախտակներին: Նա սողալով ու խարխափելով` սատանայի նման անցավ թուփերի և մացառների միջով, դուրս եկավ կղզու այն կողմը, որտեղ կապած էր նրա ձին: Նստեց և նետվեցավ դեպի յուր ընկերները:

Այդ միջոցին, կղզու մի այլ կողմում, մրրկի թանձր փոշու մեջ, մենամարտում էին երկու հոգի` ծերունի Արբակը և պարսից Կարեն զորապետը: Վերջինը զայրանալով ասաց.

Բավական է, ծեր աղվես, գոնե հիշի՜ր, որ դու մեր հյուրն ես: Ես խնայում եմ հյուրին:

Շնորհակալ եմ մարդավարությանդ համար, ժպտալով պատասխանեց ծերունին: Պարսիկը, նեղն ընկած ժամանակ, միշտ մեծահոգի է ձևանում...

Դու սպանեցիր իմ նժույգին և ինձ ոտքի վրա թողեցիր, իսկ ինքդ կռվում ես ինձ հետ` ձիու վրա նստած:

Ես իսկույն ցած կիջնեմ, թող ուժերի հավասարություն լինի:

Արբակը իջավ ցած և յուր ձին հեռացրեց մի կողմ: Այդ միջոցին խորամանկ պարսիկը թռավ նրա ձիու վրա և շտապեց փախչել:

Սամվելը, եղերական գործողությունից հետո, որոնում էր Մերուժանին: Երկար թափառում էր կղզու մեջ և լի ոխակալությամբ` փափագում էր հանդիպել նրան: Բայց Մերուժանի փոխարեն գտավ ծերունի Արբակին, որը, ապշած, շփոթված, նայում էր դեպի այն կողմը, ուր անհետացավ յուր երկչոտ ախոյանը:

Խաբվեցա՛, սարսափելի կերպով խաբվեցա՛, ասաց նա, դառնալով դեպի Սամվելը: Եթե տասն նիզակի հարվածք ստանայի, այդքան չէի ցավի:

Նա սկսեց պատմել պարսկի յուր հետ խաղացած խաղը:

Վնաս չունի, ասաց Սամվելը, մխիթարելով վշտացած ծերունուն: Անտարակույս, մի այլ անգամ ևս կհանդիպենք նրան: Այժմ հնչեցրո՜ւ փողդ, թող հավաքվեն մեր մարդիկը:

Ծերունին հնչեցրեց փողը:

Սամվելի քառասուն մարդիկներից հայտնվեցան յոթն հոգի միայն: Մնացյալը կա՜մ վիրավոր, կա՜մ սպանված ընկել էին կղզու զանազան կողմերում: Երիտասարդը թախծալի աչքերով նայեց մնացյալների վրա և ասաց.

Յո՛թն հոգի... խորհրդավոր թիվ է:

Իսկ մեր թշնամիներից այդքան էլ չէ մնացել... հանկարծ լսելի եղավ մի ձայն:

Սամվելը նայեց դեպի այն կողմը: Ժպիտը երեսին, նրա գիրկն ընկավ պատանի Արտավազդը:

Ինձ չհաջողվեցա՛վ... ինձ չհաջողվեցա՛վ... տրտնջում էր նա: Ես ծակեցի նրա ազդրը միայն:

Դու չգիտես, որ նա կախարդ է... երկաթը և պողովատը նրա վրա չեն ազդում...

Այգ ես իմ աչքով տեսա: Բայց այժմ գիտեմ, թե ինչո՜ւ չեն ազդում...

Օրը երեկոյացել էր. արեգակը մտնելու մոտ էր:

Պատանի Հուսիկը մոտ բերեց յուր իշխանի ձին, նա հեծավ, մյուսները նույնպես ձիավորվեցան և դիմեցին դեպի կամուրջը: Երբ անցան, Սամվելը հրամայեց վեր առնել կամուրջը, ասելով.

Պետք է հանգիստ թողնել կղզու մնացած դիակները: Քանդեցեք կամուրջը, որ գազաններ ներս չմտնեն:

Մի քանի րոպեի մեջ քանդեցին շարժական կամուրջը, ձգեցին գետի մեջ: Ալիքները մի փոքրիկ տաշեղի նման` անհետացրին նրան:

Ամենքը դուրս եկան: Կղզու մեջ մնաց մեկը միայն` Մերուժանը:

Նա եկավ այն ժամանակ, երբ արևը արդեն մտել էր: Երբ տեսավ կամուրջը վեր առած, երկաթյա վանդակի մեջ ընկած գազանի նման` վրդովվեցավ, բայց չվհատվեցավ: Սկսեց զայրացած աչքերով չափել այն տարածությունը, որի վրա դրած էր կամուրջը: Տարածությունը բավական լայն էր, ձին չէր կարող թռչելով անցնել: Նայեց ալեկոծված Արաքսին: Կոհակները փրփրալով բարձրանում էին, գետը ահռելի կերպով որոտում էր: Ձին քշեց դեպի խռովյալ գետը: Սպիտակ ձին պատառեց մրրկածուփ ալիքները և անցավ մյուս կողմը, ցամաքի վրա:

Վիրավոր առյուծը ազատվեցավ Արաքսի որոգայթներից...

"Սամվել" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Անուրջներ
Առնո Բաբաջանյան

Անուրջներ

Վարդանանք
Վարդանանք
Խաղա առցանց