Րաֆֆի

Սամվել

2 - Ա, Բ

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆ

Ա

ՌՇՏՈԻՆԻՔ

Մի շաբաթ առաջ երկու եղբոր որդիներ դուրս եկան Ողական ամրոցից: Մեկը` Սամվել Մամիկոնյանը: Մյուսը` Մուշեղ Մամիկոնյանը:

Երկուսի ճանապարհները բաժանվեցան:

Առաջինը գնում էր Վանա ծովակի հարավ-արևելյան եզերքով: Իսկ երկրորդը գնում էր նույն ծովակի արևմտյան եզերքով: Նրանք գնում էին վտանգների և սարսափի միջով: Երկիրը ընդհանուր հուզման մեջ էր. մի հուզմո՜ւնք, որ նման էր կատաղության: Սոսկալի է, երբ կատաղում է ժողովուրդը, նրա կատաղությունը նմանում է արջի կատաղության, որ, բերանը փրփրած, աչքերը մթնապատած, նախ յուր ձագերին է յուր ոտքերի տակ փշրում...

Մի շշուկ չար ոգու նման անցել էր Հայոց աշխարհով: Նրա խուլ, անորոշ ձայնը ամեն ոք յուր կերպովն էր հասկանում, ամեն ոք յուր կերպովն էր բացատրում: Բայց որքան անհասկանալի էր նա, այնքան ավելի վրդովեցուցիչ էր: Եղբայրը ձեռք էր բարձրացրել եղբոր վրա. մինը մյուսին չէր հասկանում: Երկիրը ալեկոծվում էր անգիտակցության մեջ, մթին, մրրկածուփ անգիտակցության մեջ:

Ժողովրդի բերանում ստեղծվել էր մի նոր բառ-«ուրացող»: Ո՞վ էր ուրացողը, ո՞վ չէր ուրացողը, ոչ ոք չգիտեր: Բայց կասկածավորին քարկոծում էին: Ծառան խեթ աչքով էր նայում յուր տիրոջ վրա, իսկ տերը վստահություն չուներ ծառայի վրա:

Տեղ-տեղ խլրտվում էր ստորերկրյա հեթանոսությունը, որ քրիստոնեությունից հալածված, գետնի տակ էր ապրում: Հին աստվածները նոր կրոնի դեմ գործ էին կամենում սկսել:

Հաղորդակցությունները համարյա դադարած էին. անցուդարձը անկարելի էր դարձել: Անզեն գյուղացիք, իրանց խրճիթները թողած, հավաքվել էին լեռների բարձրությունների վրա և ճանապարհից անցնողների վրա քարեր էին գլորում: Քարերը գլորվում էին որպես փուլ եկած լեռան մի մասը և իրանց կույտերի ներքո ծածկում էին ամբողջ քարավաններ: Բայց ո՞ւմ վրա էին գլորում, իրանք ևս չգիտեին: Ամեն ոք նրանց համար «ուրացող» էր…

Տեղ-տեղ թափառում էին զինված խումբեր:

Տղամարդիկ վազում էին կռվելու, իսկ կանայք, հաստ բիրերը ձեռքներին բռնած, կանգնել էին դատարկ խրճիթների դռանը, և ոչ ոքի թույլ չէին տալիս, որ մոտենա այն խրճիթներին, ուր ամեն մի օտարական կարող էր հանգիստ ասպնջականություն գտնել:

Այդ խառն, աղմկալի միջոցում Սամվելի ասպախումբը անցնում էր Տարոնից դեպի Ռշտունիք տանող ճանապարհով: Նրա առջևից տանում էին Մամիկոնյան տան դրոշը: Այդ դրոշը,որ միշտ պահպանել էր յուր անարատությունը, այժմ և պատսպարում էր նրան, և՜ մատնում էր նրան: Պատսպարում էր, որովհետև ամեն ոք սովոր էր հարգանքով վերաբերվիլ դեպի նա: Մատնում էր, որովհետև նույն դրոշի գլխավոր ներկայացուցիչը այժմ անցել էր «ուրացողների» գլուխը: Դա Սամվելի հայրն էր, Վահան Մամիկոնյանը: Ո՞ւմը կարող էր հասկացնել որդին, թե ինքը յուր հոր շավղովն չէ գնում: Կատաղած խուժանը ականջ ուներ լսելու, բայց ժամանակ չուներ դատելու:

Երեք օր էր, որ նրա ասպախումբը մտել էր Ռշտունյաց լեռնային երկիրը, որ ծածկված էր մթին անտառներով: Այգ անտառները կորստյան մի խորին անդունդ էին, լի ամեն զարհուրանքով: Այդ անտառներում, սկսյալ ամենահին ժամանակներից, կատարվել էին սոսկալի գործողություններ: Այստեղ Նեբրովթը կորցրեց յուր տիտանների մեծ մասը: Այստեղից էր հզոր Բարզափրանը, որ լցրեց Հայաստանը հրեից գերիներով: Այստեղից էր անգութ Մանաճիհրը, որ արյունով ծածկեց Ասորեստանը: Այստեղ էր «երկաթահատաց» լեռը, որի ստորերկրյա խավերում գործում էր մի մռայլ, սորամուտ բազմություն, որ յուր երկրի քաջերի համար նետեր ու զրահներ էր դարբնում:

Այդ երկրի մի կողմը ծփում էր Աղթամարա ծովակը, իսկ մյուս կողմում` պատնեշ էին դրել Մոկաց անմատչելի լեռները, իրանց դիվաբնակ խոխոմներով և ձորերով:

Սամվելը դուրս եկավ Ողական ամրոցից 300 ձիավորներով և փառավոր պատրաստությամբ: Այժմ նրա ասպախումբից մնացել էր 43 հոգի միայն: 257 հոգի կորան Ռշտունյաց անտառներում:

Սարսափելի՛ էին այդ անտառները: Խաղաղության ժամանակ նրանք անհետացնում էին մենավոր ճանապարհհորդներին, իսկ խռովության ժամանակ` կլանում էին ամբողջ գունդեր: Այնտեղ տիրում էր հավիտենական մռայլը` մի մռայլ ժողովրդի հետ: Այնտեղից անցնողը տեսնում էր միայն յուր առջևի նեղ շավիղը, որ ծածկված էր մացառներով, տեսնում էր վերևում` սաղարթախիտ ոստերի մթին կամարը, որից հազիվ անգամ նշմարվում էին արեգակի ճառագայթները, տեսնում էր յուր աջ և ձախ կողմերում դարևոր ծառերի անթափանցիկ ցանցը, որ կենդանի պատվարի նման պարփակում էին ճանապարհի եզերքը: Ուրիշ ոչինչ չէր տեսնում: Եթե հարյուրավոր աչքեր ունենար մարդը, դարձյալ անկարող կլիներ նկատել, թե ո՜ր կողմիցն է գալիս վտանգը: Նրան կարելի էր հանդիպել ամեն քայլում և ամեն րոպեում: Թշնամին թաքնվել է կիսափուտ ծառերի փիչուկների մեջ, և յուր դարանից նետեր է արձակում: նա օձի նման սորել է մերկարմատ ծառերի ստորին խոռոչներում և հանկարծ հայտնվում է նիզակը ձեռին: Նա կապիկի նման մագլցում է ոստերի բարձր հյուսվածքի մեջ և այնտեղից մահ է տարածում: Նա աճել է, միացել է հսկա ծառաստանի հետ, որ նրա անմատչելի պատսպարանն է կազմում:

Կեսօր էր, երբ Սամվելի ասպախումբը դանդաղ ընթացքով անցնում էր այդ անտառի միջով: Նրանք ճանապարհ էին ընկել գիշերով, որպեսզի, դեռ արևը չծպգած, դուրս գան անտառից և մյուս անգամ չհանդիպեն դարանամուտների: Մի խումբ ձիավորներ գնում էին առաջ բավական հեռավորության վրա, ճանապարհը հետազոտելու համար: Նրա մի կողմում յուր ձին քշում էր պատանի Արտավազդը: Իսկ ետևից գալիս էին ծերունի Արբակը, Հուսիկը և մի քանի թիկնապահներ: Հոգնած էին թե՜ ձիաները և թե՜ ձիավորները: Բայց դարձյալ մի տեղ իջնելու և հանգստանալու պետք չէին զգում, որովհետև շտապում էին շուտով դուրս գալ անտառից:

Սամվելը դարձավ դեպի ծերունի Արբակը, հարցնելով.

Դեռևս երկա՞ր պետք է գնանք:

Եթե վռըշիկները դարձյալ ճանապարհը չկտրեն, շուտով գուրս կգանք անտառից, պատասխանեց ծերունին յուր սովորական սառնասրտ ությամբ:

«Վռըշիկներ» կոչում էր նա ռշտունցիներին, որ թե՜ նվազական, և թե՜ նախատական անուն էր:

Այդ սարի մյուս կողմում վերջանում է անտառը, ավելացրեց ծերունին:

Պատասխանը գոհացրեց Սամվելին, բայց գրգռեց պատանի Արտավազդի անհանգստությունը:

Ո՞ր սարի մյուս կողմում, հարցրեց նա զայրացած ձայնով: Ես ոչ մի սար չեմ տեսնում:

Ծերունին ոչինչ չպատասխանեց: Նա անվստահ աչքերով շարունակեց նայել յուր շուրջը: Նրա մտահույզ դեմքը արտահայտում էր փորձված մարդու վիրավորված ինքնասիրությունը և ծերունու անհամբերությունը, որ գործ ուներ մանուկների հետ: «Ո՞ր սատանան մոլորեցրեց մեզ, մտածում էր նա, ի՞նչն էր ստիպում անպատճառ այդ անիծված երկրով անցնել… միթե ուրիշ ճանապարհ չկա՞ր… Բայց ինձ չլսեցի՛ն… և իրանք տուժեցի՜ն…»:

Նեղ ճանապարհը, որով գնում էին նրանք, երբեմն կապվում էր պատնեշի նման ամբարտակներով, բայց փայտեղեն ամբարտակներով: Ծառերը կտրել և այնպես, առանց ճյուղակոտոր անելու, դիզել էին ճանապարհի վրա: Սամվելի ասպախումբը մեծ դժվա րությամբ կարողանում էր անցնել այդ տեղերից:

Ինչ-որ կատարվել էր այդ կողմերում: Շրջակայքը իրանց բնական դրության մեջ չէին : Այդ լցնում էր Սամվելի սիրտը մթին տարակուսանքներով, որ հետզհետե աճելով վհատության կերպարանք էին ստանում: «Գոնե մի մարդ երևնար, մտածում էր նա, գոնե մի հարցուփորձ անեի…»:

Ոչ ո՜ք չէ երևում… խոսեց նա ինքն իրան:

Կամենո՞ւմ ես մարդ տեսնել, հարցրեց ծերունին յուր սովորական բարեսիրտ ժպիտով: Բավական է վռըշիկների եղանակով մի անգամ աղաղակել «հա՜յ-հո՜ւյ», և կտեսնես, որ քո ձայնը կրկնվեցավ հազարավոր բերաններում, և անցավ հեռու և հեռու, մինչև անտառի խորքերը... Այդ ժամանակ գետնի տակից, ժայռերի խոռոչներից, մացառների միջից դուրս կհոսե վայրենի բազմությունը... Այդ մարդիկը սատանայի նման ամեն տեղ կան, բայց ո՛չ մի տեղ չեն երևում...

Արբակի դիտողությունր սխալ չէր: Ընծակա լեռան կիրճերից և ապառաժոտ, անհավասար զառիվայրերից ազատվելուց հետո, անտառը սկսեց հետզհետե ցանցառանալ, և ծառերը սկսեցին հետզհետե մանրանալ: Վերևում բացվեցավ կապտագույն երկինքը, իսկ ներքևում Աղթամարա ծովակի մույգ մանիշակագույն հայելին: Այժմ շրջակա բլուրները ծածկված էին կարճահասակ թուփերով, որ աճել և կանաչազարդ գորգի նման հյուսվել էին ճոխ բուսականության հետ:

Կեսօրից բավական անցել էր, երբ Սամվելի բոլորովին հոգնած ասպախումբը հասավ գոգավոր նավամատույցին, որտեղից պետք էր անցնել Ադթամար կղզին: Այն ջերմ հույսերը, այն ըղձալի փափագները, որ մղում էին երիտասարդին դեպի այդ կղզին, իսկույն տխրության փոխվեցան, երբ նկատեց նա, որ նավամատույցի մոտ ոչ միայն մարդիկ չկային, այլ չէր երևում և նավակների խումբը, որ մշտապատրաստ պահվում էր այնտեղ՝ անցուդարձի համար:

«Ի՞նչ է պատահել…» այդ մթին հարցը տվեց ինքն իրան, և մնաց շվարյալ դրության մեջ: Նա ցանկանում էր անպատճառ տեսնել այդ կղզին: Առանց այդ կղզին տեսնելու, նա չէր կարող ոչ հանգիստ լինել և ոչ երջանիկ: Այդ կղզին տեսնելու համար, նա ծռեց յուր ճանապարհը, մտավ Ռշտունյաց անտառների մարդակուլ թավուտների մեջ և տվեց այնքան զոհեր, կորցնելով յուր քաջերի մեծ մասը:

Աղթամար կղզու ապառաժների բարձրության վրա կանգնած էր նույնանուն ամրոցը, որ սկսյալ ամենահին ժամանակներից ներկայացնում էր Ռշտունյաց նախարարների զորությունը: Բարզափրան նահապետը առաջինը եղավ, որ Տիգրան Բ-ի օրերում այդ ամրոցի հիմքը դրեց:

Սամվելը յուր վշտահար դեմքը դարձրեց դեպի շրջակայքը: Նրա աչքին ընկավ Ռշտունյաց իշխանների դրսի ապարանքը, որ կանգնած էր ծովեզերքում, նավամատույցից փոքր-ինչ հեռու: Նա բոլորովին շփոթվեցավ: Կրակը այնտեղ մեծ գործ էր կատարել: Կիսակործան ապարանքը դեռ ծխում էր…

Այդ ի՞նչ ծուխ է... բացագանչեց նա, և նրա աչքերը վառվեցան խորին բարկությամբ:

Այրվո՛ւմ է… պատասխանեց ծերունի Արբակը, գլուխը ցավակցաբար շարժելով: Բայց արի՜ ու իմացի՛ր, թե ո՞ր սատանան է այրել:

Կրակը անարգել կերպով ճարակում էր գեղեցիկ շինվածքները, և ոչ ոք չկար, որ նրա հանդգնության առաջը առներ:

Ամբողջ ասպախումբը ոչ սակավ խռովության մեջ ընկավ: Այդ երևույթը տեսնելուց հետո, ամենքը լցվեցան սաստիկ բարկությամբ: Պատանի Արտավազդի մշտազվարթ դեմքն անգամ ծածկվեցավ խորին տխրությամբ: Բայց Աամվելի մեջ սիրտ չէր մնացել:

Մինչ այղ շփոթության մեջ էին, հեռվից երևաց մի մարդ: Սամվելը փոքր-ինչ ոգի աոեց: Գոնե մի մարդ գտնվեցավ: Նա ուղիղ մոտենում էր խումբին: Թեթև կերպով զինված էր նա. ձեռքում կրում էր երկար նիզակը, գոտիի մեջ խրած ուներ կարճ դաշույնը, իսկ մեջքին կապել էր լայն վահանը, որ գամած էր երկաթյա հեղույսներով: Երբ բոլորովին մերձեցավ նա, արևա կեզ դեմքը դարձրեց դեպի խումբը, երևի, տեսնելու համար, թե ո՛վքեր են, հետո նիզակի ծայրը ցցեց գետնին, հենվեցավ նրա վրա և կանգնեց ուղիղ Սամվելի առջև: Երիտասարդ իշխանը զարմացավ, նա չէր հավատում յուր աչքերին:

Այդ դո՞ւ ես, Մալխաս, հարցրեց նա հուզված ձայ նով:

Եկվորը նրա գյուղացին և նրա սուրհանդակն էր: Նա փոխանակ մի խոսք ասելու, անվստահությամբ նայեց յուր շուրջը, հետո գլխարկի փաթոթի միջից հանեց մի ծրար և հանձնեց Սամվելին: Երիտասարդ իշխանը իսկույն գունաթափվեցավ: Այդ փակ ծրարը նրան ավելի բան ասաց, քան թե կլսեր եկվորից: Այդ ծրարը յուր գրած նամակն էր, որ հանձնել էր նրան տեղ հասցնելու համար: Այժմ կրկին վերադարձնում էին իրան: Ուրեմն այն անձինքը, որ պետք է ստանային այդ նամակը, կա՛մ չկային… կա՛մ չէր գտել... Երկու մտքերն ևս Սամվելի համար սպանիչ էին: Հազարումեկ վշտեր ալեկոծեցին նրա խռովյալ սիրտը: Հազարումեկ հարցեր ծագեցան նրա գլխում: Բայց նա զսպեց յուր վրդովմունքը, ցած իջավ ձիուց և, դառնալով դեպի յուր մարդիկը, ասաց,

Այստեղ պետք է մի փոքր հանգստանալ:

Այդ կրակների՞ վրա, հարցրեց ծերունի Արբակը գլուխը զարմացական կերպով շարժելով:

Այո՛, այդ կրակների մեջ, պատասխանեց նրան Սամվելը:

Ամենքը ցած իջան ձիերից, բանակ դրեցին ամայի ծովեզրի մոտ: Այնտեղ մի քանի օր առաջ դրված էր եղել մի այլ բանակ: Երևում էին տրորված, ոտնակոխ եղած խոտերի հետքեր, երևում էին հանգած խարույկների տեղերը, որ բոլորակ ձևով այրել էին չորեքկողմի դալար բուսականությունը, երևում էին արյունով ցողված թուփերը, բայց արդյոք անասունների՞ , թե մարդու արյունով...

Սամվելն առեց յուր հետ Մալխասին և դիմեց դեպի նավամատույցը: Երբ հասան, նա դարձավ դեպի սուրհանդակը, հարցնելով.

Այստեղ կարելի" է մի նավակ գտնել:

Ոչ, տեր իմ, տեսնո՞ւմ ես, բոլորը այրված են:

Երիտասարդ իշխանը աչք ածեց յուր չորեքկողմը. ավազների վրա նկած էին միայն կտրատված պարանները, ջարդված թիակներ և մակույկների կիսավառ մնացորդներ: Նա վախենում էր միանգամից հարցնել սարսափելի իրողությունը: Նա դողում էր այն պատասխանից, որ պիտի բաց աներ նրա առջև կատարված անցքերի սոսկալի պատկերը:

Ես պետք է անպատճառ տեսնեմ կղզին, կրկին դարձավ նա դեպի սուրհանդակը:

Կղզում ոչ ոք չկա, տեր իմ:

Կղզին հեռու էր ցամաքից մեկ ժամու ծովային ճանապարհով միայն: Սամվելր նայեց դեպի այն կողմը: Մերկ, ապառաժոտ կղզին, հսկայական սեպի նման, դուրս էր ցցվել ալիքների միջից, և նրա անմատչելի բարձրության վրա նկարված էր Ռշտունյաց նախարարների ահռելի ամրոցը: Նա նույնպես ծխում էր.., և չարագուշակ ծուխը մոխրագույն ամպիկներով տարվում էր ծովային մեղմ հողմերի հետ: Այնտեղ ծխում էր և Սամվելի սիրտը…

Նա այլևս չկարողացավ իրան պահել, հարցրեց.

Պատմի՛ր, Մալխաս, ի՞նչ է պատահել:

Ցավալի՛ է, տեր իմ, շա՛տ ցավալի, խոսեց սուրհանդակր վշտալի ձայնով: Ինչպե՞ս պատմեմ...

Ասա՛, ինչ որ գիտես, ոչինչ մի՜ ծածկիր: Նա դարձյալ մնաց շփոթության մեջ:

Ո"վ ոչնչացրեց այդ բոլորը:

Քո հայրր, տեր իմ:

Իմ հա՞յրը... գոչեց որդին, և կարծես կայծակով շանթեցին նրա ճակատը: Նա ձեռքը տարավ, բռնեց գլուխը, և մի քանի րոպե մնաց լուռ:

Մալխասը ավելացրեց,

Քո հայրը պարսիկների հետ եկավ և կործանեց բոլորը…

Ինչպե՞ս եկավ,., ինչպե՞ս մտավ կղզին...

Մալխասը պատմեց, թե նրանք եկել էին ծովային ճանապարհով, Վանա կողմից: Գիշերով պաշարել էին կղզին, երբ ամենքը քնած էին: Եթե ցամաքի ճանապարհով եկած լինեին, իհարկե, կպատահեին վռըշիկներին, և նրանց անտառների մեջ իրանց վարձը կստանային... Այդ վտանգից խույս տալու համար, արշավանքը կատարել էին գիշերով և. ծովային ճանապարհով: Եվ իրանց անակնկալ հարձակմամբ կարողացել էին տիրել թե՜ կղզուն և թե՜ իշխանական ամրոցին:

Սուրհանդակի պատմության մեջ մի կետ ավելի գրավեց Աամվելի ուշադրությունը, թե արշավանքը կատարվել էր Վանա կողմից: Ուրեմն, Վանը անցել էր թշնամոլ ձեռքը: նա փոքր ինչ զայրացած կերպով դարձավ դեպի սուրհանդակը, ասելով,

Եթե դո՛ւ քեզ հանձնած նամակը յուր ժամանակին տեղ հասցնեիր, գրանցից և ոչ մեկը չէր կատարվի:

Ես չուշացա, տեր իմ, ես թռչունի թռիչքով հասա, տեր իմ, բայց մինչև իմ հասնելը, ամեն ինչ կատարված էր:

Նամակի մեջ հաղորդել էր Աամվելը սպառնացող վտանգը: Բայց, դժբախտաբար, նա ինքն էր արել, մեծ սխալը, ուշացնելով նամակը: Այդ սխալի մեջ նա ևս մեղավոր չէր: Եթե կհիշե ընթերցողը, նրա խորթ մայրը, Որմիզդուխտ տիկինը, նրան շատ անագան հայտնեց աղետավոր իսկությունը, թե նրա հայրը սկզբից Տարոն չպիտի մտնե, այլ պետք է նախ հարձակվի Վասպուրականի քաղաքների վրա, և հետո այնտեղից պետք է անցնե Ռշտունյաց աշխարհը և այլն:

Այժմ որտե՞ղ է Ռշտունյաց նահապետը, Գարեգին իշխանը: Երևի, գերեցի՞ն նրան:

Ոչ, տեր իմ: նա գնաց Ռշտունյաց տիկնոջը որոնելու :

Տարա՞ն նրան:

Հայտնի չէ, տեր իմ: Միայն, որպես պատմում էին ամրոցի մարդիկը, գիշերային հարձակման խռովության միջոցումտիկինը կորավ:

Իսկ Ռշտունյաց օրիո՞րդը...

Վերջին հաըցի միջոցին, երիտասարդի շրթունքները դոզացին, նրա սիրտը սկսեց սաստիկ բաբախել: Այդ Հարցի պատասխանիցն էր կախված նրա սրտի թե՜ հանգստությունը, և թե՜ նրա իսպառ խորտակումը: Նա հարցնում էր գեղեցիկ Աշխենի մասին, որին նվիրված էր յուր հոգու բոլոր էությամբ, որին պաշտում էր յուր սիրո բոլոր ջերմ ութ յամբ:

Մալխասը նկատեց երիտասարդի խռվությոլնը, շտապեց պատասխանել,

Թո՛ղ հանգիստ լինի իմ տերը, Ռշտունյաց օրիորդը ազատված է:

Աամվելի դեմքը փայլեց անսահման ուրախությամբ:

Ճշմարի՞տ ես ասում… մի՜ խաբիր ինձ, Մալխաս... քեզ երդում եմ տալիս երկնքի և երկրի բոլոր սուրբերով... ուղիղն ասա՛ , Մալխաս… Ազատվա՞ծ է նա… որտե՞ղ է այժմ…

Յուր քաջերի հետ ամրացած է հայրենի անտառներում:

Ո՞ր անտառներում:

Հայտնի չէ, տեր իմ, երբեք մի տեղում չեն մնում: Այդ քանը միայն գիտեմ, որ մի քանի օր առաջ գտնվում էին Արտոսի անմատչելի բարձրությունների վրա:

Աամվելը յուր գոհությամբ լի դեմքը դարձրեց դեպի երկինքը:

Ես կգնամ, ես կգտնեմ նրան, ասաց նա խորին ոգևորությամբ: Որտեղ և. լինի, կգտնեմ նրան:

Խորհուրդ չեմ տա, տեր իմ, պատասխանեց Մալխասը փորձված մարդու եղանակով:

Ի՞նչ կա, Մալխաս, ինչո՞ւ ես վախեցնում ինձ: Նրա համար ես դժոխքն անգամ կմտնեմ, ամեն տեղ կգնամ…

Մալխասը իշխանի մտերիմ ծառաներից մեկն էր, և որքան քաջ էր, նույնքան ևս խելացի մարդ էր: Նա յուր անվստահությունը բացատրեց նրանով, թե Ռշտունիները սաստիկ զայրացած են Մամիկոնյանների դեմ և որտեղ որ հանդիպելու լինեն, անխնա վրեժխնդիր կլինեն: Եվ այդ վրեժխնդրության ամենածանր մասը, անտարակույս, կվիճակվի Սամվելին, որովհետև նրա հոր ձեռքովն է կատարվել նրանց երկրին հասած բոլոր վնասը:

Հիմարանո՛ւմ ես, Մալխաս, պատասխանեց երիտասարդը, ընդհատելով նրա խոսքը: Աշխե՞նը, իմ սիրելին, ինձ պետք է վրեժխնդի՞ր լինի, այդ ի՞նչ ասելու բան է:

Աշխենը վրեժխնդիր չի լինի, տեր իմ, այլ նրան շրջապատող քաջերը վրեժխնդիր կլինեն: Եվ նազելի օրիորդը հազիվ թե կկարողանա զսպել վայրենի խուժանի կատաղությունը:

Սխալվում ես, Մալխաս, ամբողջ Ռշտունիքը պաշտում է նրան, որպես յուր աստվածուհուն: Նրա մի խոսքը բավական է սանձահարելու բոլորին:

Մալխասը մտածության մեջ ընկավ: Մտածության մեջ ընկավ և Սամվելը: Երկու փափագներ, մինը մյուսից ավելի սաստիկ, մաքառում էին նրա մեջ: Առաջինը, յուր սիրելի նշանածին տեսնելու իղձը, իսկ երկրորդը, այն վճռական նպատակը, որի իրագործման համար նա ճանապարհ էր ընկած, որի կատարումը նա հանդիսավոր կերպով ուխտել էր յուր խղճի և աստուծո առջև... Այժմ դեպի ո՞րը դիմել: Դեպի սիրած օրիո՞րդը, թե դեպի ուխտած նպատակը: Երկուսն էլ թանկ էին նրա համար, երկուսն էլ սուրբ էին նրա համար: Բայց սիրո կրակը ավելի վառ էր երիտասարդի սրտի մեջ: Նա թեև չժխտեց յուր ուխտը, բայց հետաձգեց նրան…

Լսի՜ր, Մալխաս, դարձավ նա դեպի սուրհանդակը, դու պետք է գնաս, որոնես օրիորդին, դու պետք է գտնես նրան, և ինձ շուտով լուր բերես, թե որտե՞ղ է նա: Կարո՞ղ ես գտնել:

Կարող եմ, տեր իմ:

Ես այդ ծովեզրում կսպասեմ, և իմ հոգնած մարդիկներին փոքր-ինչ հանգստություն կտամ, մինչև դու կվերադառնաս: Եթե հարկավոր կհամարես, վեր ա՛ռ քեզ հետ իմ. մարդիկներից մի քանիսին:

Նրանք միայն կխանգարեն ինձ, տեր իմ: Ես միայնակ կգնամ:

Դու այսօր պետք է ճանապարհ ընկնես:

Ես հենց այս րոպեիս կգնամ: Եթե աստված հաջողե ինձ` գտնել օրիորդին, հայտնե՞մ, թե իմ տերը ցանկանում է տեսնել նրան:

Հայտնի՛ր:

Իսկ եթե նա չհավատա՞, որ ես իմ տիրոջ կողմից եմ ուղարկված:

Ցույց տո՛ւր նրան այդ մատանին:

Սամվելը հանեց մատանին, հանձնեց սուրհանդակին: ,

Նա գլուխ տվեց և ճանապարհ ընկավ:

Բ

ԱՐՏՈՍ

Արտոսը Ռշտունյաց լեռների արքան է: Նա Ռշտունյաց յեռների և հսկան է: Նրա սոսկալի ձորերի մեջ ցերեկը տիրում է խորին մթություն, իսկ գիշերը անվերծանելի խավար:

Ամպամած գիշեր էր:

Մի սարավանդի գոգավոր բարձրության վրա դեռ չշիջած խարույկի կարմրագույն լույսը երևան էր հանում մի քանի մռայլ դեմքեր, որոնք, բոլորած կրակի շուրջը, տաքանում էին: Ամառնային գիշերը այդ լեռան անհյուրընկալ գրկում սառցնելու չափ զովություն է շնչում: Խարույկի շուրջը նստած մարդիկ և խոսում էին, և՜ զբաղված էին իրանց զենքերով: Մեկը քարե հեսանը ձեռին սրում էր նիզակի բթացած ծայրը, մյուսը կարում էր կապարճի քանդված փոկը, երրորդը կապում էր մազեղեն տրեխների խրացները: Մնացածները, մի կողքի վրա պառկած, մի առանձին բավականությամբ նայում էին կրակին:

Խարույկից փոքր-ինչ հեռու, փաթաթված իրանց թաղյա հաստ վերարկուների մեջ գետնատարած պառկել էին ուրիշ շատերը: Խավարի միջից հազիվ նշմարվում էր և վրանների մի շարք, որ իրանց ձևով հովիվների տաղավարների նմանություն ունեին: Նրանք պատրաստված էին թանձր, բրդեղեն մույգ-մոխրագույն կապերտներից, որոնք անձրևի ներքո այն աստիճան ամրանում են, որ մի կաթիլ անգամ թույլ չեն տալիս ներս թափանցելու: Դրանց մեջ քնած էին կանայք և երեխաներ:

Վրաններից մեկը յուր վրա առանձին ուշադրություն էր դարձնում: Նա առանձնացած էր մյուսներից և յուր ընդարձակությամբ իշխում էր բոլորի վրա: Վարագույրները ցած էին թողած: Դրսի սպիտակ գույնը, միախառնվելով աստառի կարմրության հետ, արտափայլում էր նուրբ-վարդագոլյն շառավիղներով: Երևում էր, որ ներսում ճրագը դեռ մարած չէր:

Խարույկի շուրջը խոսակցությունը դեռ շարունակվում էր:

Ամոթի մի կաթիլ անգամ չմնաց մեր երեսին, ասաց ՜նստողներից մեկը, դրանից հետո մենք պետք է ձգենք մեր քոլոզները և մեր կնիկների լեչակները ծածկենք մեր գլխին…

Ինչո՞ւ, հարցրեց մյուսը:

Դու դեռ հարցնում ես, թե ինչո՛ւ, պատասխանեց առաջինը: Նրա համար, որ մենք դրանից հետո տղամարդիկ չենք, մենք կանայք ենք... Կորցրի՛նք մեր պարծանքը, կորցրի՛նք մեր տիկնոջը... Նրանց ամրոցները կրակի ճարակ դարձան... Իսկ մենք ազատել չկարողացանք... Արժե՞ այդ բոլորից հետո ապրել...: Այլևս ի՞նչ երեսով պետք է նայենք աշխարհին,.. Ամեն մարդ կթքե, ամեն մարդ կմրե մեզ...

Ուղիղ է ասածդ, բայց մենք ի՞նչ գիտեինք: Մենք մեր տանը նստած, թշնամին գողի նման ներս մտավ և յուր ավարը տարավ: Եթե այս րոպեին երկնքից հանկարծ մի քար ընկնի մեր գլխին, մենք կարո՞ղ ենք նրա առաջր առնել: Այդպես հասավ փորձանքը: Եթե առաջուց գիտենայինք, թշնամին չէր կարող ոտք դնել մեր հողի վրա:

Հիմա խո գիտենք:

Հիմա գիտենք, մեր վրեժը կառնենք և մեր նախատինքը մեր թշնամու արյունով կսրբենք:

Այդ դեռ «սկիզբն է երկանց», մեջ մտավ մի ուրիշը, որ բոլորից ծեր էր և, որպես երևում էր, կարդացած մարդ էր: Մեծ փոթորիկը գալու է վաղը: Մեր իշխաններին մեր ձեռքից խլելուց հետո, մեզ անգլուխ թողնելուց հետո, կփակեն մեր եկեղեցիների դռները, կպատառոտեն մեր ավետարանները, ոտնակոխ կանեն մեր սրբությունները, և ապա կասեն մեզ. «Եկե՛ք կրակին ու արևին երկրպագություն տվեցեք, դրանք են ձեր աստվածները»: Մեզ կստիպեն պարսկերեն խոսել և պարսկերեն աղոթել, որովհետև այդ է նրանց աստվածների լեզուն: Մեր խրճիթները կծեփեն կովի աղբով, որովհետև այդ է նրանց սրբությունը: Մեր մեռյալներին անթաղ կթողնեն, որովհետև այդպես է նրանց սովորությունը: Եվ մեր տաճարները կպղծեն իրանց կրակի ծուխով ռւ մուխով...

Հետո ո՞վ թույլ կտա, ո՞վ կընդունե, պատասխանեցին միաձայն:

Ընդունել կտան… փայտի ու մտրակի ուժով ընդունել կտան... ասաց ծերունին, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով:

Մի երիտասարդ, որ կողքի վրա պառկած էր խարույկի մոտ, գլուխը բարձրացրեց և աչքերը լայն բաց անելով ասաց.

Խոսք չկա, եթե մենք ձեռքներս ծալած նստենք մեր տանը, կբռնեն մեր ականջից, քարշ կտան կրակի մուտ և կասեն. «Գլուխդ ծռի՛ր, դա՜ է քո աստվածը»: Բայց ես թույլ չեմ տա, որ նա իմ տունը մտնե և իմ ականջից բռնե.

Նա արդեն մտել է մեր տունը, պատասխանեց ծերունին: Այդ ո՞վքեր էին, որ եկան և մեր տիկնոջը տարան:

«Ուրացողները»:

«Ուրացողները» հենց մեր տան և մեր աշխարհի մարդիկն են, մեզանից են, որ առաջնորդում են մեր թշնամուն:

Ով որ «ուրացող» է, մեզանից չէ, թեկուզ մեր եղբայրը և մեր հայրը լինի: Մենք նրանց կկոտորենք:

Կկոտորե՛նք, կրկնեցին մյուսները:

Այդ կտեսնե՛նք... ասաց ծերունին: Բայց այժմ մեր տիկնոջ մասին մտածելու է... Քանի որ Ռշտունյաց տիկինը թշնամու ձեռքումն է, Ռշտունիքը կմնա անպատվության մեջ:

Եվ սուգի մեջ, ավելացրին մյուսները: Բայց մեր նահապետը գնացել է, յուր հետ տարել է մեր քաջերից շատերին, աստված կօգնե նրան, և որտեղ որ գտնելու լինի տիկնոջը, կազատե, և կվերադարձնե մեզ: Այն ժամանակ մեծ կլինի մեր ուրախությունը:

Խոսակցությունր Ռշտունյաց տիկնոջ, Համազասպուհիի մասին էր, որը, Աղթամարա ամրոցի պաշարման միջոցին, անհետացավ իշխանական ընտանիքի միջից: Նրա ամուսինը, Գարեգին նահապետը, գնացել էր որոնելու կնոջը, յուր հետ տանելով յուր զորքերի մի մասը:

Խոսակցությունը ընդհատվեցավ, երբ հեռվից լսելի եղավ մի ձայն, որ ավելի նման էր վագրի մռնչալու ձայնին: Նա կրկնվեցավ մի քանի անգամ: Ամենքը առեցին իրանց զենքերը , ոտքի ելան, և լարված ուշադրությամբ նայում էին իրանց շուրջը:

Մարդիկ են մոտենում, ասաց մեկը:

Մեր գիշերապահների ձայնն է, ասաց մյուսը:

Բանակի մեջ տիրեց մի թեթև իրարանցում: Շներն անգամ սկսեցին զայրացած կերպով ոռնալ:

Կես ժամ չանցած մի խումբ գիշերապահներ մոտեցան առաջիններին: Նրանք բերում էին մեկին, որի թևքերը կապած էին քամակին, իսկ վզին դրել էին մի երկայն պարան, որից քարշ էին տալիս: Երեսի վրա երևում էին կապուտակներ, որ առաջ էին եկել բռունցքների հարվածներից:

Լրտե՛ս է, գոչեցին բերողները:

Պետք է այրել այդ խարույկի մեջ, ձայն տվեցին առաջինները:

Դատապարտյալը լուռ էր, ոչինչ չէր խոսում: Նա մի առանձին սառնությամբ նայում էր թե՜ բերողների և թե՜ խարույկի մոտ գտնվածների վրա: Նրա անշարժ դեմքը արտահայտում էր անձնավստահ մարդու անվեհերոլթյունը:

Պետք է այրե՛լ, կրկնեցին ամենքը միաձայն:

Ոմանք սկսեցին խարույկի վրա փայտեր ավելացնել: Այդ ժամանակ միայն դատապարտյալը բերանը բաց արեց և հանդարտ կերպով հարցրեց.

Դուք իրավունք ունե՞ք առանց Ռշտունյաց օրիորդի հրամանին այրել ինձ:

Ամենքը նայեցին միմյանց երեսին: Նա ավելացրեց.

Կարելի է ես մի անմեղ մարդ եմ:

Անմեղ մարդը գիշերով ի՞նչ գործ ունի մեր բանակի շուրջը, հարցրին նրանից:

Այդ ձեր գիտենալու բանը չէ: Ինձ տարեք օրիորդի մոտ, թող նա դատե ինձ:

Օրիորդին այժմ չի կարելի անհանգստացնել: Նա քնած է:

Ինձ պահեցեք մինչև առավոտ, մինչև օրիորդը վեր կկենա:

Դու ո՞վ ես, որտեղացի՞ ես, ինչպե՞ս է քո անունը:

Ես ձեզ ոչինչ չեմ ասի:

Աղմուկը և աղաղակները հասան մինչև սպիտակ վրանը, որի վարագույրներից մեկը կիսով չափ բարձրացավ և կրկին ցած իջավ: Ամենքը նայեցին դեպի այն կողմը, միմյանց ասելով.

Օրիորդը դեռ քնած չէ:

Մի քանի րոպեից հետո օրիորդի ծեր սպասավորներից մեկը մոաեցավ խմբին, հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Եղելությունը նրան պատմեցին, նա հեռացավ: Շատ չանցավ, կրկին վերադարձավ նա, հայտնեց, թե օրիորդը հրամայում է, որ լրտեսին բերեն յուր մոտ: Այնպես կապած, կաշկանդած, տարան նրան:

Սպիտակ վրանը մի թեթև, շարժական պալատ էր յուր բոլոր հարմարություններով; Նա կազմված էր մի քանի մասներից, որոնք բաժանված էին միմյանցից առանձին պարտակներով: Յուրաքանչյուր մասը որոշված էր օրիորդի զանազան սպասավորների կացության համար, համեմատ նրանց պաշտոնին և ծառայություններին: Մի մասնում կենում էին նրա նաժիշտները, մյուսում` նրա դայակներն ու դաստիարակները, երրորդը յուր քնարանն էր, իսկ չորրորդը ընդունելության խորանը:

Նա դեռ քնած չէր, թեև գիշերի կեսից վաղուց անցել էր: Միայնակ էր յուր քնարանում և, առանց հանվելու, նստած էր մի գահավորակի վրա: Բարակ շղթայով` սյունից քարշ ընկած պղնձյա ճրագը, որ մի առասպելական թռչունի նմանություն ուներ, ճարճատելով վառվում էր, և յուր աղոտ լույսը թափում էր նրա գունաթափ դեմքի վրա: Տխո՛ւր էր նա, և ավելի տխուր, քան թե մի սգավոր հրեշտակ: Ոսկեգույն գիսակները, որ Ռշտունյաց լեռնական օրիորդների գեղեցկության գլխավոր հարստությունն է, մեղմ գանգուրներով ծածկում էին նրա սիրուն թիկունքները: Աչքերի մեջ վառվում էր խորին թախծություն: Ի՞նչն էր ալեկոծում քնքուշ սիրտը, որ ուրախ լինելու, և հավիտյան ուրախ լինելու համար էր ստեղծված: Նա մտածում էր… և այդ մտածություններն էին, որ խլել էին թե՜ նրա քունը և թե՜ հանգստությունը: Մտածում էր հայրենի ամրոցների կործանման մասին, մտածում էր կորած, անհետացած մոր մասին, որին սիրում էր որդիական բոլոր տարփանքով, մտածում էր տառապյալ հոր մասին, որ գնացել էր պատերազմելու սարսափելի վտանգների դեմ, որ գնացել էր ազատելու սիրելի ամուսնին: Եվ, վերջապես, մտածում էր Սամվելի մասին, որից շատ ժամանակ էր, որ ոչինչ տեղեկություն չուներ: Ինչո՞վ բացատրել նրա լռությունը: Այդ հարցի վրա խորհելիս, նա ամբողջ մարմնով դողում էր, մանավանդ երբ մտաբերում էր, որ կատարված բոլոր աղետների հեղինակը այն երիտասարդի հայրն էր, որին ինքը այնքան սիրում էր, որի սիրով միայն իրան կատարյալ երջանիկ և բախտավոր էր համարում: Իսկ նա՞, Սամվելը... արդյոք չէ՞ր փոխվել նա... արդյոք ինչպե՞ս էր նայում յուր հոր գործողությունների վրա... Այդ հարցերը խելագարության չափ վրդովեցնում էին խեղճ օրիորդին, և նա, անհնարին տարակուսանքների մեջ ընկղմված, ոչ մի սփոփանք, ոչ մի դյուրություն չէր գտնում խռովյալ սրտին: Եթե Սամվելը հավատարիմ կմնար սիրած աղջկան և նրա տոհմին, նա պետք է հակառակեր յուր հորը, որ ատելով ատում էր այդ տոհմը: Նա պետք է կորցներ բոլորը և զրկվեր բոլորից, միայն յուր սիրած աղջիկը շահելու համար: Բայց արդյոք, կտա՞ր նա մի այդպիսի զոհ, մի այդչափ մեծ զոհ, որով իսպառ խորտակվում էր նրա բախտը և գուցե նրա ապագան... Եվ ինչպե՞ս ընդուներ ինքը այդ մեծ զոհաբերությունը, զրկելով Մամիկոնյանների նշանավոր ժառանգին հայրենական ժառանգությունից: Միթե յուր սերը բավակա՞ն էր լրացնելու այն անհուն կորուստը, որին պետք է ենթարկվեր դժբախտ երիտասարդը, որ յուր բարձր արժանապատվություններով երջանիկ լինելու և մի՜շտ երջանիկ լինելու իրավունք ուներ…

Այն դառն մտածությունների խռովության մեջ էր օրիորդը, երբ բանակում տեղի ունեցած աղմուկը գրավեց նրա ուշադրությունը:

Միայնության րոպեներում տխուր խոկումները գիտեին ալեկոծել նրա զգայուն սիրտը, իսկ երբ պետք էր սառնասիրտ լինել, այդ ժամանակ նա ուներ յուր աստիճանին և մեծապատվությանը վայել զգոնությունը: Երբ հանցավորին կանգնեցրին վրանի հանդեպ, նա վեր կացավ, ձայն տվեց յուր նաժիշտներին, որոնք խմբով ներս մտան, և առաջնորդեցին նրան դեպի ընդունարանի խորանը: Իբրև սգավոր, նա գլուխը ծածկեց մի թեթև, սևաթույր շղարշով և դուրս եկավ քնարանից:

Ընդունարանում դրած էր մի փառավոր բազմոց, որի վրա նստեց նա; Նաժիշտները շարվեցան աջ և ձախ կողմերում, իսկ փոքր-ինչ հեռու կանգնած էին նրա դրանիկները: Հրամայեց ջահերը վառեն և վարագույրը բարձրացնեն: Ամբողջ բազմությունը, որ կանգնած էին վրանի հանդեպ, մի մարդու նման, խոնարհվեցան մինչև գետին, և գլուխ տվին:

Հանցավորին առաջ բերեցին: Օրիորդը հարցրեց,

Ի՞նչ մարդ ես:

Հանցավորը համարձակ կերպով ասաց:

Իմ պատասխանը լսելու համար թո՜ղ Ռշտունյաց մեծափառ օրիորդը հրամայե, որ բաց անեն իմ թևքերը:

Ամենքը կասկածանքով նայեցին նրա երեսին, զարմանում էին անծանոթի հանդգնության վրա: «Միթե օրիորդի կյանքի դեմ փորձ անելու դիտավորությո՞ւն ունի», մտածում էին նրանք:

Բա՜ց արեք դրա թևքերը, հրամայեց օրիորդը;

Դրանիկներից մեկը նկատեց.

Լեզուն բաց է, օրիորդ, ինչ որ խոսելու ունի իրան արդարացնելու համար, կարող է խոսել:

Բա՜ց արեք, կրկնեց օրիորդը:

Հրամանը կատարեցին:

Հանցավորը ձեռքը տարավ ծոցը, հանեց մի ինչոր բան, որ փաթաթված էր կերպասի կտորի մեջ, և հեռվից բարձրացնելով, ասաց.

Ահա՜ այդ ծրարի մեջն է իմ պատասխանը, թո՜ղ Ռշտունյաց մեծափառ օրիորդը բարեհաճի բաց անել և տեսնել:

Դրանիկներից մեկը մոտեցավ, առեց ծրարը և մատույց օրիորդին: Մի առանձին հետաքրքրությամբ, որ նրան թե՜ բերկրանք էր պատճառում և թե՜ ներքին խռովություն, բաց արեց ծրարը: Նրա միջից հայտնվեցավ մի մատանի: Այդ գեղեցիկ առարկան նրան և՜ ծանոթ էր, և՜ սիրելի: Կրկին դրեց ծրարի մեջ և ուրախությամբ թաքցրեց յուր ծոցում: Հետո դարձավ դեպի յուրայինները, ասելով.

Այդ մարդը լրտես չէ. դա մի բարի ավետաբեր է. իզուր դուք չարչարել եք դրան, թողեք այդ մարդուն միայնակ ինձ մոտ, և դուք հեռացեք:

Ամենքը զարմանալով հեռացան, անծանոթին տարան վրանը, վարագույրր կրկին ցած իջավ: Օրիորդը նշան տվեց, յուր մոտ եղողները նույնպես հեռացան: Ինքը և անծանոթը մնացին միայնակ: Նա հարցրեց.

Ինչպե՞ս է քո անունը:

Մալխաս:

Այժմ որտե՞ղ է իշխանը:

Բանակ է դրել Աղթամարա նավամատույցի մոտ:

«Ուրեմն նա եկած է եղել ինձ տեսնելու»… մտածեց նա խորին տխրությամբ, «իսկ իմ փոխարեն տեսավ մեր ամրոցների ավերակները... ուրեմն նրան հայտնի են ցավալի անցքերը…»:

Որքա՞ն մարդիկ ունի յուր հետ:

Հիսուն հոգի հազիվ կլինի:

Ինչո՞ւ այդքան սակավ:

Չգիտեմ, օրիորդ:

Քեզ ինչո՞ւ համար ուղարկեց:

Ինձ ուղարկեց, որ որոնեմ, գտնեմ Ռշտունյաց մեծափառ օրիորդին, և իմ տիրոջը իմացում տամ, թե ո՜րտեղ է գտնվում նա:

Օրիորդը մտածության մեջ ընկավ: Սամվելը, նրա սիրելին, նրա ուրախությունն ու կյանքը, ցանկանում էր տեսնվել նրա հետ: Այդ տեսությունը որքան և ըղձալի էր, այնքան և դժվարին: Որտե՞ղ տեսնվիլ: Արդյոք ի՞նքը գնա նրա մոտ, թե նրան ժամանակ նշանակե, որ գա յուր մոտ: Սամվելն այդ վերջինն էր խնդրում: Բայց կարո՞ղ էր նրան ընդունել յուր բանակում: Արդյոք չէ՞ր հանդիպի նա անսպասելի վտանգների: Ինչպե՞ս ընդուներ այն մարդու որդուն, որ ավերակ դարձրեց Ռշտունյաց ամրոցները, որ գերի տարավ Ռշտունյաց տիկնոջը: Նրան լավ հայտնի էր, թե որ աստիճան յուր մարդիկը կատաղած էին Մամիկոնյանների և առհասարակ տարոնցիների դեմ: Ի՞նչ ասել նրանց, ինչո՞վ հանգստացնել նրանց...

Նա խորին տատանման մեջ նայեց յուր շուրջը: Նազելի դեմքը արտահայտում էր անզուսպ անհամբերություն: Որոնում էր մի ելք, բայց դյուրությունները պակասում էին նրան: Մալխասը ապշած կերպով նայում էր նրա վրա, նայում էր և ուրախանում էր, որ յուր տերը վայելում էր երկրի ամենաչքնաղի և ամենաշնորհալիի սերը:

Նա ցած իջավ բազմոցից, մոտեցավ վրանի վարագույրին, ուշիկ կերպով բարձրացրեց նրա եզրը և. նայեց դեպի երկինքը: Դեռ բավական գիշեր կար: Պետք էր օգուտ քաղել գիշերային խավարից: Վճռեց ինքը գնալ Սամվելի մոտ: Բայց տեսնվիլ նրա հետ ոչ թե Մամիկոնյանների բանակում, այլ մի չեզոք տեղում:

Նա կրկին նստեց բազմոցի վրա և, դառնալով դեպի Մալխասը, հարցրեց.

Դու ծանո՞թ ես մեր կողմերի հետ:

Այո՜, օրիորդ:

Դու տեսե՞լ ես Մանազկերտը:

Այո՜, օրիորդ: Այնտեղից Մանաճիհրը սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի յոթն սարկավագներին նետեց ծովը: Ռշտունյաց Ոստանից շատ հեռու չէ:

Քեզ ծանո՞թ է այն աղբյուրը, որ բխում է Մանազկերտի ստորոտից:

Այո՜, օրիորդ : Այդ աղբյուրը գոյացել է սուրբ Հակոը Մծբնա հայրապեաի արտասուքներից, երբ նրա սարկավագներին ծովը նետեցին, և ինքը լաց եղավ: Աղբյուրի մոտ կա մի վայրենի տանձենի, որի ոստերից կանայք շորի կտորներ են կախում, երբ ջերմ ու տենդ ունեն:

Լավ: Որքա՞ն ժամանակում կարող ես հասնել իշխանի մոտ:

Եթե ինձ կրկին չբռնեն, դեռ լույսը չծագած կհասնեմ:

Քեզ չեն բռնի: Կգնաս, կհայտնես իշխանին, որ նույն «Արտասուքի աղբյուրի», մոտ սպասե ինձ:

Նա տվեց յուր մետաքսյա թաշկինակը սուրհանդակին, պա տվիրելով.

Այդ նշանը կկապես նիզակիդ ծայրին, և ոչ մի ռշտունցի չի մոտենա քեզ:

Նա կանչեց յուր դրանիկներից մեկին, հրամայելով.

Տա՜ր այդ մարդուն, ասա՜, որ դրա զենքերը տան, և շուտով ճանապարհ դնեն:

Մալխասը ծունր իջավ, համբուրեց օրիորդի պատմուճանի քղանցքի ծայրը, և ապա դուրս եկավ վրանից:

Օրիորդը մնաց միայնակ, գոհ և բախտավոր: Կրկին անգամ հանեց մատանին, և խորին հրճվանքով նայում էր նրա վրա: Յուր ոգևորության մեջ այն աստիճան հափշտակվեցավ նա, որ մոտեցրեց մատանին յուր բոցավառ շրթունքներին, և նրա աչքերը լցվեցան ուրախության արտասուքով: Այդ լուռ, անբարբառ առարկայից լսում էր սիրելի ձայնը այն էակի, որ յուր համար այնքան թանկագին էր, որ յուր համար անփոխարինելի էր: Այդ սառն, անշունչ առարկայից զգում էր նրա շունչի ջերմությունը և հոգով միանում էր նրա անմոռանալի հիշատակի հետ:

Նա կանչել տվեց յուր հազարապետին, հրամայեց.

Կպատվիրես, որ թամբեն իմ նժույգները, տասն թիկնապահներ պատրաստ լինեն ինձ հետ գալու:

Հիմա՞, հարցրեց հազարապետը զարմանալով:

Այո՜, այս րոպեիս:

"Սամվել" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Շրջանաձև
Դավիթ Բալասանյան

Շրջանաձև

Վարդանանք
Վարդանանք
Խաղա առցանց