Րաֆֆի

Սամվել

3 - Ա, Բ

Ա

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՎՈՏԸ

«Իսկ յայսմ ժամանակի (Մերուժանն Արծրունի, եւ Վահանն Մամիկոնեանն) աւերեցին զքաղաքսն, եւ գերեցին զբնակեալսն անդ… և զայլ գերութիւնս` գաւառաց գաւառաց, կողմանց կողմանց , փորի փորի զաշխարհի աշխարհի, ածին ժողովեցին ի քաղաքն Նախճուան, զի անդ էր զօրաժողով իւրեանց զօրացն»:

Փաւստոս:

Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը:

Արևի առաջին ճառագայթների ներքո` Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողքերով, որ աչք էին շլացնում: Արագածի պսակաձև գագաթը չէր երևում: Նա դեռ պատած էր ձյունի պես ճերմակ մշուշով, որպես մի ամոթխած հարսիկ, որ սքողում է յուր դեմքը անթափանցիկ շղարշով: Կանաչազարդ դաշտավայրը, ցողված վաղորդյան մարգագետիններով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով: Փչում էր մեղմ հովիկը, ծաղիկները ժպտում էին, դալար խոտաբույսերը ծփում ու ծածանվում էին, և դաշտի խաղաղ տարածությունը օրորվում էր սքնաչելի ալեկոծությամբ:

Գեղեցի՛կ էր այդ առավոտը:

Թռչունները ուրախ-ուրախ ճախրում էին մի թուփից դեպի մյուսը: Գույնզգույն թիթեռները, գույնզգույն ծաղիկների նման, ցանված էին օդի մեջ: Սպիտակ արագիլը, կարմիր ոտները հորիզոնական դիրքով ուղիղ մեկնած, լայն թևքերով թափահարում էր, շտապելով դեպի Արաքսի մորուտները: Ձեռնասուն եղջերուները, վայրենի վիթն ու այծյամը, դուրս էին եկել Խոսրովի արքայական անտառներից, և ազատ, համարձակ վազվզում էին շրջակա մարգերի վրա:

Չէր երևում միայն մարդը:

Ամեն առավոտ, արծաթյա փողերի հնչյունը, որսորդական բարակների մռնչյունը, սիգապանծ նժույգների խրխինջը, խռովում էին սորամուտ անասունների վաղորդյան հանգիստը: Ամեհի վարազը սարսափելով նետվում էր մթին շամբուտների մեջ, իսկ թավամազ արջը ապաստանի տեղ էր որոնում: Իսկ այս առավոտ չկային նրանք, չկային նախարարական իշխանազն պատանիները, որոնց որսորդական ուրախ զվարճությունները մի առանձին կենդանություն էին բաշխում երեաշատ դաշտավայրին:

Ամեն առավոտ թռչունը կարդում էր յուր նախարշալույսյան մեղեդին, և նրա հետ լսելի էր լինում ժրաջան մշակի երգը: Փայլում էր մանգաղը, եռում էր գործը, և ոսկեղեն հունձքը յուր լիառատ բեղմնավորությամբ` պարգևատրում էր վաստակաբեկ շինա-կանի աշխատանքը: Իսկ այս առավոտ չկար հնձվորը, չկար և հերկավարը: Հասունացած արտը մնացել էր կիսաքաղ և անվաստակելի արորը անգործ ընկած էր դեռ չվերջացրած ակոսների մոտ:

Ամեն առավոտ սուրբ տաճարի կոչնակի առաջին հնչման հետ` զարթնում էր հովիվը: Ոչխարների անուշ բառանչը, արջառների ուրախ ձայնարկությունը կենդանացնում էին խոտավետ հովիտները խիստ ախորժելի աղմուկով: Իսկ այս առավոտ չէին երևում ո՜չ հովիվը, ո՜չ նրա հոտերը: Ցիրուցան գառնուկները թափառում էին սար ու ձոր, և հայրակորույս որբիկների նման, կարծես, որոնում էին հովվին:

Ամեն առավոտ, երբ ծագում էր տվընջյան լուսատուն, նրա առաջին ճառագայթները ողջունում էին շինական աղջիկների աշխատանքը: Կարմիր, դեղին, կապույտ հագուստներով, որպես կարմիր, դեղին, կապույտ ծաղիկներ, սփռված էին լինում նրանք այգիներում, բանջարանոցներում և ագարակներում: Երգում էին և գործում էին: Եվ նրանց ուրախությանը ձայնակից էր լինում երգասեր սոխակը: Իսկ այս առավոտ չէին երևում անխոնջ մշակությունների այդ գեղեցիկ զարդերը: Այգիները մնացել էին անխնամ, ագարակները կորցրել էին իրանց սիրելի բանվորներին:

Արևը բարձրացավ, և որքան բարձրանում էր նա, այնքան Արարատյան ըն դարձակ դաշտավայրը, որպես մի հսկաական բուրվառ, խնկարկում էր յուր վաղորդյան անուշահոտությունը: Ամբողջ հովիտը ծխում էր, գոլորշիանում էր: Ցողազարդ բուսականությունը ետ էր տալիս երկնքին յուր ընդունած մարգարտյա կաթիլները:

Ծխում էին և դաշտավայրի վրա խիտ առ խիտ սփռված գյուղերը: Բայց այդ ծուխը չէր նմանում այն խաղաղ, կապտագույն ծուխին, որ ամեն առավոտ օձապտույտ սյունակներով վեր էր բարձրանում խրճիթների գմբեթաձև երդիկներից: Այդ ծուխը, սև մառախուղի նման, ծածկել էր գյուղերը, և մերթ ընդ մերթ նրա մթին թանձրության միջից փայլատակում էին հրային կայծեր...

Ծխում էին և մեծաշեն քաղաքները: Ծխում էր Դվինը, ծխում էր Արտաշատը, ծխում էր Վաղարշապատը, ծխում էր էջմիածնի վանքը... Եվ թանձր ծուխը նսեմացնում էր Արարատյան դաշտի լուսապայծառ գեղեցկությունը...

Ոչ ոք չէր երևում: Ամենուրեք տիրում էր տխուր, անապատական դատարկություն: Դատարկ էին քաղաքները, դատարկ էին գյուղերը, դատարկ էին և ճանապարհները: Ի՞նչ էր պատահել: Կարծես թե մի մահաբեր շունչ անցել էր այդ սքանչելի դաշտի վրայով, և մարդկային ամեն արարած ոչնչացրել էր...

Բայց ահա՜, դեպի Արտաշատ տանող ճանապարհի վրա փոշի է բարձրանում: Անցնում են մի խումբ ձիավորներ: Ձիաների հարուստ ասպազենքը, հեծյալների թանկագին զենքն ու զրահը` ցույց են տալիս, որ այդ մարդիկը հասարակ ճանապարհորդներ չեն: Մի վայելչագեղ երիտասարդ առաջ է ընկած, մյուսները հետևում են նրան:

Նրանք հասան Արտաշատ քաղաքի կիսափուլ պարիսպների մոտ: Այստեղ երիտասարդը կանգ առեց, մի քանի րոպե յուր տխուր հայացքը դարձրեց դեպի ավերակ և տակավին ծխվող քաղաքը, և ապա ճանապարհը ծռեց դեպի Տափերական կամուրջը: Նա գալիս էր հեռվից, շատ հեռվից, և այսպիսի հրդեհված, անմարդացած քաղաքներ շատ էր տեսել յուր ճանապարհի վրա: Այդ էր պատճառը, որ նրա քնքուշ սիրտը, կարծես թե, ամրացել էր, նրա վառ զգացմունքները կարծես թե սառել էին, և նրա թախծալի աչքերում մի կաթիլ արտասուք անգամ չէր մնացել, որ թափեր դժբախտ Արտաշատի վրա:

Տափերական կամուրջը միակ անցքն էր, որ Արտաշատից տանում էր դեպի Արաքսի աջ ափը: Նա հասավ կամուրջին, բայց չանցավ կամուրջը: Այնտեղ մեկին սպասում էր, և լուռ մտախոհությամբ նայում էր գետի վրա:

Արևը տակավին փայլում էր, ծաղիկները շողշողում էին, թրռչունները դեռ շարունակում էին իրանց առավոտյան տաղերգը: Բնության այդ ընդհանուր սառնասրտության մեջ` վրդովված էր միայն Արաքսը: Որպես մի սգավոր, որդեկորույս մայր, պղտոր հորձանքներով որոտում էր, աղաղակում էր, հառաչում էր նա հեղեղելով յուր կանաչազարդ ափերը: Որպես մի ահարկու վիշապ, փրփուրը բերանում, կատաղի կերպով առաջ էր մղվում, լայնանում էր, ընդարձակվում էր և, կարծես, որոնում էր լափելու, կլանելու այն չարագործին, որ այնպես անխնա ձեռքով այրեց, անապատ դարձրեց գեղեցիկ քաղաքներն ու ավանները, որ զարդարում էին յուր հրաշալի ափերը: Նրա կատաղությունը զսպում էր հսկա կամուրջը, որ սեղմել էր նրան յուր բազմաթիվ կամարների ներքո:

Կամուրջի մյուս կողմում, Արաքսի աջ ափի մոտ, ընդարձակ կանաչազարդ դաշտավայրը ծածկված էր խիտ վրաններով: Ուղտերի, ձիաների, ջորիների և փղերի երամակները արածում էին վրանների շուրջ: Ճոխորեն աճած խոտաբույսերը առատ սնունդ էին մատակարարում այդ անասուններին: Այնտեղ դրած էր մի մեծ բանակ: Երիտասարդը նայում էր դեպի բանակը:

Այդ միջոցին, կամուրջի հակառակ ծայրում, երևաց մի փայակ, որ, երկար նիզակը ձեռին, ուղիղ մոտենում էր երիտասարդի խումբին: Երբ բոլորովին մոտեցավ, խորին կերպով գլուխ տալով, կանգ առեց:

Վերջապես, դու երևացիր, Մալխաս, դարձավ դեպի նա երիտասարդը: Ասա՜, ի՞նչ լուր ունես:

Ո՜չ Մամիկոնյան տերը և ո՜չ Մերուժան Արծրունին այդ բանակում չեն, պատասխանեց փայակը:

Ապա որտե՞ղ են նրանք, հարցրեց երիտասարդը և, միևնույն ժամանակ, նրա վշտահար դեմքի վրա նշմարվեցան անհամբերության նշաններ:

Նրանք գտնվում են պարսից գլխավոր բանակում, որ այժմ դրած է Նախճվանի մոտ:

Իսկ այդ ի՞նչ բանակ է:

Դա գլխավոր բանակի մի փոքրիկ մասն է: Այստեղ հավաքել են միայն Դվինի և Արտաշատի գերիներին:

Ո՞ւմ հրամանատարության ներքո է գտնվում այդ բանակը:

Պարսից Զիկ անունով զարոպետի:

Երիտասարդը Սամվելն էր: նա գնում էր յուր հոր և յուր քեռու` Մերուժան Արծրունու մոտ:

Հետևի՜ր ինձ, դարձավ նա դեպի փայակը, յուր ձիու գլուխը շուռ տալով դեպի Նախճվանի ճանապարհը: Նրա հետ ամբողջ ասպախումբը դիմեց դեպի այն կողմը:

Նա որոնում էր հորը, որոնում էր և քեռուն: Որոնում էր այնպիսի սրտով, որպես կյանքից ձանձրացած, բայց դեռ անվճռականության մեջ տատանվող մարդը որոնում է մահադեղ և, միևնույն ժամանակ, ինքն իրան մխիթարում է, երբ չէ գտնում, որ բաղձանքը կատարե: Նույնպիսի մի անվճռականության մեջ տանջվում էր նա, սկսյալ այն օրից, երբ բաժանվեցավ յուր մորից, երբ թողեց Ողական ամրոցը և ճանապարհ ընկավ դեպի հոր բանակը: Այն օրից անցան ամիսներ, անցավ մի տարի, և ավելի: Որքա՛ն ցավալի դեպքեր պատահեցան, որքա՛ն դժբախտ իրողություններ կատարվեցան: Նա ապարդյուն կերպով կորցրեց թե՜ թանկագին ժամանակը և թե՜ այն փառքը, որ յուր դասակիցները ստացան զանազան կռիվներում, իսկ ինքը բոլորովին անմասն մնաց: Այդ բոլորր ավելի սաստկացնում էր նրա վշտերը և ավելի խորին կերպով խոցում էր նրա զգայուն սիրտը:

Բայց նա այդ ժամանակամիջոցում բոլորովին անգործ չէր: Նա դարձյալ պատերազմի մեջ էր, մի ներքին, բարոյական պատերազմի մեջ, որ կատարվում էր նրա սրտում, և որը ավելի սարսափելի էր, քան զենքի ու զրահի արհավիրքր: Նա կռվում էր յուր խղճի հետ և յուր սրտի հետ. վերք էր տալիս և վերք էր ստանում: Այդ հարվածներին չդիմացավ մանուկ սիրտը, մինչև, վերջապես, նրան հիվանդության մահճի մեջ դրեց: Վանից անցնելու միջոցին, դժբախտ Համազասպուհիի աղետալի վախճանը տեսնելուց հետո, նա այլևս չկարողացավ շարունակել յուր ճանապարհր: Նրան բոլորովին անզգա դրության մեջ տարան Անձավացյաց Հոգվոց վանքը, որ յուր լեռնային անմատչելի դիրքի պատճառով` մեկուսացած էր պատերազմների աղմուկից: Այնտեղ` վանականների խնամատարության ներքո` բժշկվում էր նա: Նրանից չբաժանվեցան յոր հավատարիմ ծառաները, որ ամեն կերպով հոգ էին տանում երիտասարդ իշխանի առողջությունը վերականգնելու համար: Այնուամենայնիվ, մի քանի անգամ նրա մահվան դագաղը պատրաստվեցավ: Այնտեղ մնաց նա բոլորովին անգիտակցության մեջ, և նրա շրջապատողները ամենայն զգուշությամբ աշխատում էին թաքցնել նրանից, թե ի՜նչ էր կատարվում այդ ժամանակ Հայոց աշխարհում: Բայց հիվանդը յուր ջերմության տագնապի մեջ` միշտ Հայոց աշխարհի մասին էր խոսում և միշտ նրա մասին էր հարցնում:

Ո՜չ հայրը և ո՜չ մայրը ամենևին տեղեկություն չունեին նրանից, այդ պատճառով շատ անհանգիստ էին: Անհանգիստ էին և բարեկամները: Ոմանք նրան բոլորովին կորած էին համարում: Այդ տխուր հանգամանքների մեջ` կարելի էր երևակայել Ռշտունյաց Աշխեն օրիորդի վիշտը, որ հոգով և սրտով նվիրված էր յուր սիրելիին: Նա մարդիկ ուղարկեց դեպի ամեն կողմ` որոնելու նրան:

Բայց ճակատագիրը խնայեց մահամերձ հիվանդին, խնայեց մի նշանավոր գործի համար, որ ապագայում օրինակ պիտի դառնար շատերին: Հենց որ նա մի փոքր-ինչ առողջացավ, փոքր-ինչ կազդուրեց յուր սպառված ուժերը, իսկույն թողեց վանքր և ճանապարհ ընկավ դեպի յուր նպատակը: Այդ ժամանակ նրան հայտնի էր ամեն ինչ. այդ ժամանակ նրան արդեն պատմել էին, թե ի՜նչեր կատարվեցան յուր բացակայության միջոցին, կամ ի՜նչ դրության մեջ էին ներկա գործերը: Տեղեկանալով բոլորը, կազմեց նա յուր ամենավստահ ծրագիրը: Առանց ժամանակ կորցնելու, նախ գնաց Հադամակերտ, Արծրունյաց ոստանը, և այնտեղ տեսնվեցավ Վասպուրականի տիկնոջ (Մերուժանի մոր) հետ: Հետո գնաց Ռշտունիք, տեսնվեցավ Գարեգին իշխանի հետ: Այնտեղից անցավ դեպի Մոկաց և Սասնո լեռնաբնակները, տեսնվեցավ և նրանց իշխանների հետ: Թե ի՞նչ խորհուրդ ունեին այդ տեսակցությունները, արդյունքը կհայտնվի հետո: Նա չմտավ Տարոն, Մամիկոնյանների սեփական երկիրը, զգուշանալով, մի գուցե հանդիպի յուր մորը: Այլ յուր նպատակները կարգադրելուց հետո, ուղիղ ճանապարհ ընկավ դեպի Արարատ, ուր հույս ուներ գտնել թե՜ հորը և թե՜ Մերուժանին: Նրա հետ էր յուր սիրելի դայակը` ծերունի Արբակը, և յուր ազգակիցը` պատանի Արտավազդը: Նրա հետ էին և յուր հավատարիմ ծառաները: Նա անցավ մի շարք ավերակների տխուր հետքերի վրայով, որ թողել էին յուր հայրն ու յուր քեռին: Նա յուր ճանապարհի վրա ականատես եղավ այն բոլոր չարիքներին, որ գործել էին այդ երկու մարդիկը: Բայց մտնելով Արարատյան դաշտը, և տեսնելով նրա թշվառությունները, Սամվելի ցավերը ավելի սաստկացան: Կատարված իրողությունները, ո՜րքան դառն էին, ա՜յնքան ավելի հաստատեցին նրա մեջ այն մթին խորհուրդը, որ վաղուց հղացած էր յուր սրտում: Բայց նա իրան շատ ուշացած էր համարում... Յուր հղացած խորհուրդը խիստ փոքր դարման և փոխարինություն կլիներ այն ահագին վնասներին, որ արդեն կատարվել էին: Այդ էր, որ այնքան անմխիթար ապաշավության մեջ էր դրել նրան, և այնպես անողոք կերպով կեղեքում էր նրա քնքուշ սիրտը:

Երեկոյան արեգակը դեռ մայր չէր մտել, ձիաների ճեպընթաց քայլերով հասավ նա Նախճվան քաղաքը: Գեղեցիկ, բարձրադիր բլրակի վրա, Գողթնյաց աշխարհի զվարճասեր քաղաքը ներկայացնում էր ավերակների մի սոսկալի կույտ, որ հրդեհի անխնա բոցերից հետո` ստացել էր խիստ մռայլ, սևաթույր տեսք: Ամեն շենք կործանել էր կրակը, ամեն շունչ սպառել էր թշնամու սուրը: Կենդանի մնացածները գերված էին:

Քաղաքի արևմտյան ստորոտում, ընդարձակ տափարակի վրա, որ տարածվում էր մինչև Արաքսի ձախակողմյան ափերը, դրած էր պարսից գլխավոր բանակը: Սամվելը թողեց անմարդացած քաղաքը, և յուր ասպախումբով դիմեց դեպի բանակը: Բոլոր վրաններից, որ ծածկել էին տափարակի ամբողջ տարածությունը, ավելի աչքի էին զարկում երկուսը, որոնք գտնվում էին միմյանց հանդեպ, երկու հողաթումբ բարձրությունների վրա: Վրաններից մեկը երկնագույն էր, և գլխին ծածանվում էր մի դրոշակ արծվաթև վիշապի նշանով, իսկ մյուսը շիկակարմիր էր, և գլխին ծածանվում էր մի դրոշակ արծվի նշանով: Սամվելը յուր ձին քշեց դեպի վերջին վրանը:

Դեռ չհասած, երիտասարդի ասպախումբից լսելի եղավ շեփորի ճայն, որին բանակից պատասխանեցին նույն ձայնով: Շատ չանցավ, բանակից դուրս եկավ մի բարձր աստիճանավոր, և մի խումբ սպաների հետ դիմավորեց եկվորներին:

Ես Վահան Մամիկոնյանի որդին եմ, ասաց Սամվելը: Ինձ առաջնորդեցեք դեպի իմ հոր վրանը:

Նրան տարան դեպի շիկակարմիր վրանը: Մինչև հասնելը, Սամվելի մեջ սիրտ չմնաց: Նա անցնում էր այն բարբարոսական բանակի միջով, որ մի քանի շաբաթվա ընթացքում ավերակ դարձրեց Հայոց աշխարհի ամենագեղեցիկ մասը: Նա անցնում էր այն թշվառ գերիների միջով, որ մի ժամանակ այդ աշխարհի երջանիկ զավակներն էին: Մահվան չափ դառն էին այն մի քանի րոպեները մինչև հասավ նա հոր վրանը: Ինչպե՞ս հանդիպել նրան, ինչպե՞ս նայել նրա երեսին: Այդ հարցերը ավելի սարսափեցնում էին նրան, քան թե շրջապատող տխուր երևույթները: Նա հավաքեց յուր բոլոր սառնասրտությունը, ցած իջավ ձիուց, և իսկույն վազեց վրանի ներսը: Նրա մարդիկը մնացին դրսում:

Ա՛խ, Աամվել, սիրելի՛ Սամվել... բացագանչեց շփոթված հայրը և սեղմեց որդուն յուր կրծքին:

Մի քանի րոպե մնացին նրանք լուռ գրկախառնության մեջ: Հայրը չէր հավատում յուր աչքերին: Որդու անակնկալ հայտնվիլը այն աստիճան հափշտակեց նրան, որ մերթ երեխայի նման հեկեկում էր, մերթ համբուրում էր նրան, և սրտի սաստիկ բաբախմունքից մի բառ անգամ չէր գտնում յուր զգացմունքները արտահայտելու:

Նա բռնեց սիրելի որդու ձեռքից, տարավ, նստացրեց յուր մոտ` փառավոր բազմոցի վրա: Այն օրից, որ հայրը գնացել էր Տիզբոն, չէր տեսել որդուն: Այն օրից անցել էին տարիներ: Որդին աճել էր, գեղեցկացել էր, և բոլորովին այրական դեմք էր ստացել: Հայրը նայում էր նրա վրա և սքանչանում էր:

Սամվե՛լ... թանկագի՛ն Սամվել... անդադար բացագանչում էր նա, և կրկին ու կրկին անգամ ողջագուրելով, սփռում էր նրա գունաթափ դեմքը բազմաթիվ համբույրներով:

Որդին դեռ գտնվում էր հուզված կրքերի սաստիկ ալեկոծության ներքո, որ նրան մի տեսակ տենդային դրության մեջ էին դրել: Բայց հայրը վերաբերում էր այդ նրա զգացված սրտին, և երկար նրա դողդոջուն ձեռքը բաց չէր թողնում յուր ափերի միջից, և դեռ խորին զմայլմունքով շարունակում էր նայել որդու վրա: Նրա հոգին լցված էր անսահման բերկրությամբ, և իրան երանելի էր համարում, որ այնպիսի սիրուն որդի ունի:

Ա՛խ, եթե քեզ գոնե մի անգամ տեսներ Շապուհ արքան, ասում էր նա սրտագին բաղձանքներով, այդ շնորհալի դեմքով, այդ վայելչագեղ հասակով, նա անպատճառ քեզ հայոց ամբողջ հեծելազորի հրամանատար կկարգեր:

Այդ խոսքերը այնպիսի անսպասելի կերպով խոսվեցան, որ Սամվելը իսկույն ուշի եկավ, և մտածեց որոշել յուր դերը, որպեսզի չմատնվի:

Մի այդպիսի բարձր պաշտոն ինձ համար դեռ շատ վաղ է, սիրելի հայր, պատասխանեց նա բռնի ժպիտով:

Դու շատ համեստ ես, Սամվել: Բայց նայիր քեզ վրա հոր աչքով, և այն ժամանակ շատ վաղ չես համարի: Դու կհիացնես պարսից ամբողջ արքունիքը, եթե գեթ մի անգամ այնտեղ հայտնվելու լինես: Բավական է, որ դու մի ասպախաղ կատարես Տիզբոնի մեծ հրապարակի վրա, և Շապուհ արքան յուր պալատի բարձր պատուհաններից նայե քեզ վրա, այն ժամանակ քո հոր ամենաջերմ փափագները կատարված կլինեն...

Դու ի՞նչ գիտես, սիրելի հայր, որ ես ասպախաղի մեջ շնորհք ունեմ:

Մայրդ գրում էր ինձ, մի՜շտ գրում էր, սիրելի Սամվել: Գրում էր քո հաջողակությունը նետաձգության մեջ, գրում էր քո քաջությունները զինավարժության մեջ, և հորդ կարոտ սիրտը ուրախացնում էր: Ես մխիթարվում էի իմ պանդխտության մեջ, մտածելով, որ արժանավոր որդու հայր եմ: Ա՛խ, ես այնքան հափշտակվեցա քեզանով, որ բոլորովին մոռացա հարցնել, թե ովքե՞ր են եկած քեզ հետ:

Սամվելը պատմեց, թե ո՜վքեր են եկած յուր հետ: Հայրը հրամայեց, որ բոլորին տեղավորեն պատշաճավոր վրաններում:

Հետո կրկին դարձավ նա դեպի որդին, հարցնում էր մոր մասին, հարցնում էր քույրերի և եղբայրների մասին, հարցնում էր, թե ի՜նչ «պատրաստություններ» է տեսել մայրը, և մի առանձին հետաքրքրությամբ աշխատում էր տեղեկանալ, թե Տարոնում ինչպե՞ս են նայում «գործերի» վրա, քաղաքացիք ի՞նչ տրամադրության մեջ են, և այլն: Սամվելը հոր հարցասիրությանը բավականություն էր տալիս կա՜մ թեությամբ, կա՜մ անորոշ և երկդիմի ենթադրություններով, որոնք կատարելապես չէին գոհացնում նրա հետաքրքրությունը:

Մայրդ նամակ չտվե՞ց, հարցրեց նա:

Ի՜նչպես չէ: Սամվելը հանեց ծոցից մոր նամակը և տվեց հորը:

Հայրը նայեց նամակի թվականի վրա և զարմացավ:

Այդ նամակը հին է, սիրելի հայր, ասաց Սամվելը, և սկսեց պատմել յուր հետ պատահած արկածները, յուր մահամերձ հիվանդությունը, Անձավացյաց Հոգվոց վանքում երկար ժամանակ մնալը և այլն: Թաքցրեց հորից միայն` յուր առողջանալուց հետո` զանազան տեղեր գնալը և զանազան անձանց հետ տեսնվիլը:

Դա կատարյալ միամտություն է, Սամվել, նկատեց հայրը վշտանալով: Դու այդքան ժամանակ հիվանդ ընկած ես լինում մի անհայտ վանքում, ո՜չ քո հորը և ո՜չ քո մորը իմացում չես տալիս:

Ես իմացում տալիս էի... Բայց իմ մարդիկը գնում էին և տեղ չէին հասնում... Գիտե՞ս, հայր, ի՛նչ աղմկալի ժամանակներ էին... Մարդիկների գլուխները ծառի տերևների նման թափվում էին.,,

Սամվելը, իրավ, յուր հիվանդության մասին իմացում էր տվել, բայց ո՜չ հորը և ո՛չ մորը, այլ յուր բարեկամներին, որ այդ միջոցում գտնվում էին Արտագերս ամրոցի մեջ, պաշարված հոր և Մերուժանի զորքերով: Նրա մարդիկը չկարողացան մտնել ամրոցը, և այդ պատճառով նրա հետ պատահած դժբախտությունները մնացին անհայտության մեջ: Հայրը սաստիկ տխրեց այն բոլոր տառապանքների համար, որ կրել էր որդին և, գրկելով նրան, բացագանչեց.

Աստված քեզ կրկին անգամ պարգևեց ինձ, անգին Սամվել, գոհությո՛ւն և փառ՛ք նրա մեծությանը:

Նամակը թեև հին էր, այնուամենայնիվ, հոր համար շատ հետաքրքրական էր. նա իսկույն սկսեց խորին ուշադրությամբ կարդալ, խնդրելով որդուն, որ գնա կից խորանում լվացվի և ճանապարհի փոշին սրբե իրանից: Մի խումբ պատանիներ, շքեղ կերպով հագնված, պատրաստ էին այնտեղ սպասավորելու համար: Նրանք բոլորն էլ ազգով պարսիկներ էին, և չէին ճանաչում Սամվելին: Նրա հայրը այժմ հայ ծառա չէր պահում, և ո՛չ մի հայ նրա մոտ ծառայել չէր ցանկանում: Սամվելը, հորը միայնակ թողնելով, մտավ ցույց տված խորանը, ուր ամեն պարագայք պատրաստ էին լվացվելու համար:

Վրանը, որի մեջ գտնվում էին նրանք, յուր բոլոր հարմարություններով` ներկայացնում էր մի ամբողջ շարժական պալատ: Ժամանակի արհեստը տվել էր նրան` թե՜ վայելուչ ձև և թե՜ շքեղություն: Դրսից, որպես լինում էին ամենաբարձր ազնվականների վրանները, շիկակարմիր գույն ուներ, իսկ ներսից պատած էր բաց-մանիշակագույն աստառով: Զանազան մուտքեր տանում էին դեպի զանազան բաժանմունքներ, որոնք առանձին խորանների ձև ունեին, և պատրաստված էին այլ և այլ պետքերի համար: Դռների փոխարեն ծառայում էին մետաքսյա վարագույրներ, որոնց եզերքը զարդարած էին գույնզգույն ծոպերով: Վարագույրները կախված էին հաստ նարոտների վրա, որոնց ծայրերից քարշ էին ընկած ոսկեթել փունջեր: Այդ ամբողջ կազմվածքը, որ պարսկական շռայլ ճաշակի գործ էր, ամրացած էր փայտյա ոսկեզօծ սյուների վրա, որոնք զարդարած էին ամենանուրբ ծաղկանկարներով: Տասն ջորիներ հազիվ կարողանում էին տանել նրան, երբ լուծվում էր այդ վրանը: Մի ամբողջ օր հազիվ կարողանում էին կանգնել նրան, երբ հարկավոր էր լինում կրկին կազմել: Այդ պատճառով, վրանը միշտ օրով առաջ տարվում էր հետևյալ իջևանը, որ ժամանակ ունենային պատրաստելու:

Նա կազմված էր բավական բարձր հողաթումբի վրա, որ շինված էր ժամանակավորապես վրանը զերծ պահելու համար անձրևային հեղեղներից, որ գարնան եղանակներում խիստ հաճախ էին պատահում այդ կողմերում: Այդ բարձր դիրքից երևում էր ամբողջ բանակը, որ տարածվում էր հեռու, շատ հեռու, մինչև Արաքսի ափերը, և բռնել էր կանաչազարդ տափարակի մեծ մասը: Երեկոյան կիսամռայլի միջից, բանակի մյուս ծայրում, հազիվ երևում էր պարսից Կարեն անունով նշանավոր զորապետի վրանը, որի գմբեթաձև կատարի վրա ծածանվում էին պարսկական դրոշակներ: Իսկ Մամիկոնյան իշխանի վրանի հանդեպ` երևում էր Մերուժանի երկնագույն վրանը, Արծրունյաց արծվաթև վիշապի վառով:

Երբ Սամվելը լվացվեցավ, հագուստը փոխեց և կրկին վերադարձավ հոր մոտ, նա դեռ չէր վերջացրել նամակի ընթերցումը: Նրան չխանգարելու համար, անխոս նստեց մի կողմում, և լուռ նայում էր հոր դեմքի մթին արտահայտությունների վրա որ ոչ բոլորովին մխիթարական էին: Դա նամակ չէր, դա մի ընդարձակ զեկուցում էր, որով Սամվելի աչալուրջ մայրը մանրամասնորեն հաղորդում էր յուր ամուսնին «գործերի» դրության մասին Տարոնում:

Նամակի ընթերցումից հետո` հայրը գտնվում էր մի տեսակ մտահույզ տրամադրության մեջ: Կինը, ի միջի այլոց, զգուշացրել էր նրան`« շատ չհավատալ Սամվելին»... Կնոջ մի այդպիսի դիտողությունը բոլորովին տարօրինակ էր թվում նրան: Իբրև բարձր ազնվական, մանավանդ իբրև հայր, նա երևակայել անգամ չէր կարող, թե որդին կհամարձակվեր սեփական կամք և սեփական ցանկություններ ունենալ: Նա դեռ նայում էր Սամվելի վրա, որպես նախկին երեխայի վրա, առանց նկատելու, որ երեխան աճել էր, զարգացել էր և սեփական մտածությունների տեր էր դարձել: Նրա մեջ` ազնվապետական կամայականությունը` յուր հպատակներից հետո` անցնում էր և որդու վրա: Այդ էր պատճառը, որ նա յուր գործերի վերաբերությամբ` ոչինչ պատասխանատվություն դեպի որդին չէր զգում: Նա կարծում էր, թե ինչ որ հաճելի է եղել իրան, նույնը, անտարակույս, պետք է հաճելի լինի և որդուն: Նա համոզված էր, թե ինչ որ ինքը արել է, կամ ինչ որ դեռևս դիտավորություն ունի անելու, բոլորը նույնքան ախորժելի պետք է լինեն որդուն, որքան իրան, որովհետև գործողը հայրն է: Նրա համար բոլորովին խորթ էր այն միտքը, թե որդին ընդունակ էր, կամ իրավունք ուներ քննադատելու հոր գործողությունները: Ուրեմն ինչո՞ւ չհավատալ Սամվելին:

Նա նայում էր կատարված իրողությունների ահավորության վրա յուր անձնական նեղ տեսակետից: Եթե կործանվեցան քաղաքներ և հրդեհվեցան մեծաշեն ավաններ, եթե գերի առնվեցան բազմաթիվ բնակիչներ և արյունով ներկվեցան հայրենի երկրի դաշտերն ու անդաստանները, չէ՞ որ այդ բոլոր չարիքները չգործվեցան լոկ չարագործության համար, այլ հայտնի, որոշ, և կանխապես վճռված քաղաքական նպատակների համար, որ խոստանում էին փայլուն արդյունքներ: Եվ եթե հայրը կհասներ սպասած արդյունքներին, ո՞ւմ համար էր, եթե ոչ որդու համար, ո՞վ պետք է վայելեր, եթե ոչ որդին: Ահա այդպես էր մտածում հայրը, այդպես էին փառասեր իշխանի դատողությունները, և այդ պատճառով, նրան բոլորովին տարօրինակ էին թվում կնոջ նախազգուշությունները, թե «շատ պետք չէ հավատալ Սամվելին... » ինչո՞ւ չհավատալ: Միթե Սամվելը դեռ այնքան տհա՞ս էր, որ հասկանալ չէր կարող հոր բարի ցանկությունները, որ նույնիսկ որդու բախտավորության համար էին...

Բայց որդին այլապես էր մտածում. հայրենիքի կործանման մեջ որոնած փառքը` նա հայրենիքի դեմ դավաճանություն էր համարում: Առանց մոր նամակը կարդացած լինելու, նա արդեն գիտեր բովանդակությունը: Այդ պատճառով, նրան բոլորովին հասկանալի եղավ հոր հուզմունքը, որ նամակի ընթերցումից հետո` նա ամենայն դժվարությամբ աշխատում էր թաքցնել: Բայց որդուն պետք էր համակերպվել հոր հետ, պետք էր գոնե առժամանակ կեղծել, որը նրա համար սաստիկ ծանր էր:

Երեկոյան մթությունը բոլորովին պատել էր բանակը, երբ Մամիկոնյան իշխանի վրանում վառեցին լապտերները: Այդ ժամանակ բանակի մյուս վրաններում ևս հետզհետե սկսեցին երևնալ լույսեր, որ խիստ տխուր տպավորություն էին գործում Սամվելի վրա: Նա կցանկանար, որ բնավ լույս չլիներ, և ամեն ինչ հավիտյան խավարի մեջ մնար, որ չտեսներ այն ատելի բանակը, որ այնպես անխնա կերպով կեղեքում էր նրա սիրտը: Շրջակայքը արդեն ծածկված էին թանձր մթության մեջ, և ամենուրեք տիրում էր գերեզմանական հանգստություն: Միայն ահարկու բանակն էր, որ երեկոյան լռության մեջ` շնչում էր, որպես մի հրեշավոր մահացություն: Ընթրիքի ժամն էր: Նա, անշարժ վիշապի նման, պատրաստվում էր կերակրվել, որ ավելի մեծ կատաղությամբ կատարնե յուր սոսկումները: Զինվորները հավաքված էին բացօթյա խարույկների շուրջը և իրենց համար կերակուր էին պատրաստում: Իսկ զորապետների շրջական խոհանոցները բուրում էին համադամ խորտիկների ախորժելի հոտով:

Միայն ընթրիքի ժամանակ Մամիկոնյան իշխանը հրամայեց կանչել յուր մոտ` Սամվելի հետ եկած մարդիկներից` ծերունի Արբակին և Արտավազդ մանուկին, որը նույնպես Մամիկոնյան տանից էր: Երբ ներս մտան, աշխույժ պատանին ուրախությամբ վազեց, փաթաթվեցավ իշխանի պարանոցին, իսկ ծերունին մնաց ոտքի վրա:

Դու երևի, չէիր սպասում, որ ես կգայի Սամվելի հետ, ասում էր նա, յուր անհանգիստ ձեռքերով փայփայելով իշխանի ուսերը: Տեսա՞ր ինչպես եկա:

Դու ամենափոքրիկ հասակումդ ևս միշտ այդպես քաջ էիր, սիրելի Արտավազդ, պատասխանեց իշխանը, նստացնելով նրան յուր մոտ: Իսկ այժմ բավական սիրուն և հասած տղա ես դարձել, իհարկե, հիմա ավելի քաջություն կունենաս:

Այս խոսքերը ավելի գրգռեցին Արտավազդի սնափառությունը, և առիթ տվին նրան հարցնելու:

Այդ բանակում պարսիկ պատանիներ կա՞ն:

Կան, ինչո՞ւ համար ես հարցնում:

Ես եկել եմ նրանց հետ մրցելու, որ ցույց տամ, թե հայ պատանիները ո՜րքան ճարպիկ են պարսիկներից:

Այդ դու կանես Տիզբոնում, սիրելի Արտավազդ, Շապուհ արքայի պալատական տղաների հետ:

Դու ինձ կտանե՞ս այնտեղ:

Իհարկե, կտանեմ:

Պատանին սկսեց ուրախանալ:

Կայտառ, կյանքով լի պատանին այն աստիճան հափշտակել էր իշխանին, որ նա նոր նկատեց, որ ծերունին ոտքի վրա էր, և դարձավ դեպի նա, ասելով.

Նստիր, Արբակ, ինչո՞ւ ես կանգնած:

Ծերունին թոնթորալով նստեց: Նա Մամիկոնյան տան ամենահին դայակներից մեկն էր, յուր ձեռքերի վրա սնուցել էր որպես իշխանին, նույնպես և նրա որդի Սամվելին:

Ինչպե՞ս ես, Արբակ, ժպտալով հարցրեց իշխանը: Ամենքը փոխվել են, դու միայն մնացել ես միևնույնը, որպես տեսել եմ մի քանի տարի առաջ: Ո՜չ ծերացել ես, և ո՜չ մանկացել:

Արտաքին կեղևը միշտ խաբուսիկ է լինում, տեր իշխան, պատասխանեց ծերունին յուր սովորական պարզախոսությամբ: Միայն աստված է իմանում, թե ներսում ի՜նչ կա... Մազերս, իրավ է, շատ չեն ճերմակացել, բայց սրտումս այլևս կյանք չէ մնացել...

Ինչո՞ւ, Արբակ, ի՞նչը կարող էր քեզ այդպես վշտացնել:

Շատ բան, տեր իշխան: Աշխարհս փոխվել է... ամեն ինչ տակնուվրա է եղել... և նրանց հետ տակնուվրա է լինում մարդու սիրտը... Ո՞ւր են հին ժամանակները... գնացի՛ն, այլևս ետ չեն գա...

Իշխանը հասկացավ բարեսիրտ ծերունու վշտերը, և նրա զգացմունքներին ավելի ընթացք չտալու համար, իսկույն ընդհատեց խոսակցությունը, մանավանդ, որ սպասավորները ներս մտան, սկսեցին ընթրիքի սեղանը պատրաստել:

Ճոխ ընթրիքը պարսկական շռայլ խոհանոցի ամենանուրբ արդյունքներից մեկն էր, որ յուր վրա դարձրեց բոլորի թե՜ ախորժակը և թե՜ ուշադրությունը: Մինչև անգամ ծերունի Արբակը, որի համար անսովոր էին այն տեսակ կերակուրներ, մեծ ախորժակով ուտում էր: Արծաթյա մեծ սրվակների մեջ դրած էին զանազան տեսակ օշարակներ և գինիներ: Շքեղ հագնված սպասավորները, ոտքի վրա, ոսկյա մեծ գավաթներով մատռվակում էին անուշ գինին, իսկ սեղանակիցները լուռ ուտում էին և խմում: Ուտում էր և վշտալի Սամվելը:

Քեզ ինչպե՞ս են թվում այս կերակուրները, հարցրեց հայրը:

Ուտում եմ... ասաց Սամվելը անփույթ կերպով, որովհետև բավական ժամանակ է, որ տաք կերակուր չեմ կերել:

Ինչո՞ւ:

Սամվելի փոխարեն պատասխանեց Արտավազդ մանուկը :

Նրա համար, որ ճանապարհին ինչ գյուղ կամ ինչ քաղաք հասնում էինք, տեսնում էինք, որ մարդիկ չկան, տները այրված են, և ամեն ինչ ոչնչացրած: Որտեղի՞ց պետք է կերակուր գտնեինք:

Իշխանը լուռ մնաց: Պատանու պատասխանը կծու էր, քան ամեն հանդիմանություն:

Սամվելը ընթրիքի բոլոր ժամանակը չէր խոսում: Նա մի փոքր կերավ և ապա հեռացավ սեղանից: Հայրը հաճախ դառնում էր դեպի նա, աշխատում էր զբաղեցնել, հարցնում էր թախծության պատճառը, և միշտ միևնույն պատասխանն էր ստանում, թե սաստիկ հոգնած է, շատ գիշերներ չէ քնել, կցանկանար հանգստանալ և այլն:

Երբ հավաքեցին ընթրիքի սեղանը, հայրը հրամայեց, որ յուր ամենալավ վրաններից մեկը հատկացնեն Սամվելի կացության համար և այնտեղ պատրաստեն նրա անկողինը:

Իմ անկողինն էլ թող այնտեղ պատրաստեն, մեջ մտավ Արտավազդ մանուկը:

Ես քեզ Սամվելից չեմ բաժանի, սիրելի Արտավազդ, ասաց իշխանը և գրկեց նրան:

Հայրը հատկացրեց Սամվելին առանձին ծառաներ, պատվիրելով, որ միշտ նրա սպասումն լինեն: Բայց որդին հրաժարվեցավ, պատճառ բերելով, թե ինքը ընտելացած է յուր ծառաներին, որովհետև նրանք գիտեն յուր բոլոր սովորությունները:

Քո ծառաների թիվը շատ փոքր է, Սամվել, նկատեց հայրը: Պարսից սովորությունների համեմատ, դու պետք է գոնե հարյուր, երկու հարյուր ծառաներ ունենաս, եթե ոչ, անպատշաճ կլինի քեզ մի որևէ տեղ երևնալ: Էգուց պետք է գնաս քեռուդ (Մերուժանին) տեսնելու, այլևս պետք է այցելես մի քանի պարսիկ զորապետների, ինչպե՞ս կարելի է այդքան սակավ ծառաներով գնալ:

Ես ծառաներ շատ ունեի, հայր, ասաց Սամվելը հարկադրված ծիծաղով, բայց մեծ մասը ճանապարհին կորցրի: Ես դուրս եկա տանից երեք հարյուր ծառաներով, իսկ այժմ մնացել են քառասուն հոգի միայն:

Ես պակասած թիվը կլրացնեմ, ասաց հայրր մի առանձին բավականությամբ: Դու պետք է քո հորը և քո տոհմին վայել նիստ ու կաց ունենաս:

Ես կարող եմ երկու ծառայով ևս գնալ Մերուժանի մոտ, ինձ շատ մարդիկ պետք չեն, միամտությամբ ընդմիջեց Արտավազդ մանուկը:

Դու կարող ես միայնակ էլ գնալ սիրելիս, ասաց նրան իշխանը ժպտալով: Դու դեռ փոքրիկ ես: Երբ կմեծանաս, Սամվելի չափ կդառնաս, այն ժամանակ շատ ծառաներ ման կածես քեզ հետ:

Բանակը արդեն մրափում էր ծանր, խաղաղական քնով. լապտերները մարել էին, և մի քանի զորապետների վրաններում միայն լույս էր երևում: Սամվելը վերկացավ, և հորը «բարի-գիշեր» մաղթելով, դիմեց դեպի յուր համար պատրաստված վրանը: Նրան հետևեց Արտավազդ մանուկը, համբուրելով իշխանի աջը: Ծերունի Արբակի համար պատրաստված էր առանձին վրան, որ մոտ էր Սամվելի վրանին: Այնտեղ զետեղվեցան Սամվելի և մյուս մարդիկը:

Սամվելը իսկույն հանվեցավ, մտավ յուր անկողնի մեջ: Փափուկ անկողինը հրավիրում էր անուշ քուն, բայց երկար քնել չկարողացավ նա: Անդադար շուռ էր գալիս մի կողքից դեպի մյուսը և լուռ հոգվոց էր հանում: Նրա մոտ պառկած էր պատանի Արտավազդը: Նա նույնպես անքուն էր, նա նույնպես անհանգիստ էր:

Դու շատ անզգույշ ես քո խոսքերի մեջ Արտավազդ, նկատեց նրան Սամվելը:

Այդ ոչինչ, ես իմ բանը գիտեմ... պատասխանեց խորամանկ պատանին:

Սամվելը դարձյալ լռեց, դարձյալ նրա քունը չէր տանում: Նույն միջոցին անքուն տանջվում էր յուր անկողնում և մի այլ անձն` նրա հայրը...

Բ

ՄԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՈՂՋԱԿԵԶ

«Սկսան այնուհետեւ (Մերուժանն Արծրունի եւ Վահանն Մամիկոնեան) յերկրին Հայոց աւերել զեկեղեցիս` զտեղիս աղօթից քրիստոնէից յամենայն կողմանս Հայոց` գաւառաց գաւառաց եւ կողմանց կողմանց»:

Փաւստոս:

«Եւ զորս մի անգամ գիրս գտանէր (Մերուժան) այրէր»:

Խորենացի:

Սամվելը ամբողջ գիշերը անցկացրեց տենդագին անհանգստության մեջ, Առավոտյան լուսաբացին միայն նրա քունը տարավ, բայց երկար չտևեց, որովհետև պատանի Արտավազդի շատախոսությունները շուտով զարթեցրին նրան:

Վեր կա՜ց, ի՞նչ քնելու ժամանակ է, ասաց նա յուր սովորական կատակներով: Երեկ, երեկոյան կիսամռայլի ժամանակ եկած լինելով, մենք ոչինչ տեսնել չկարողացանք, բայց ահա` արեգակը ծագել է և նկարել է մեր առջև հրաշալի տեսարաններ, որոնց վրա կարելի է նայել, և սարսափե՜լ... նա արդեն, դեռ արևը չծագած, մի քանի անգամ գլուխը դուրս էր հանել վրանից և նայել էր նրա շուրջը:

Սամվելը քնեած աչքերը բաց արավ, բայց ոչինչ տեսնել չկարողացավ, որովհետև վրանի վարագույրները ցած էին թողած: Ներսում դեռ տիրում էր խորին մթություն: Պատանին վեր ցատկեց յուր անկողնից, բարձրացրեց վարագույրի մի կողմը: Արևի մեղմ ճառագայթները իսկույն լցրին վրանը ախորժելի ջերմությամբ:

Շատ չանցավ, ներս մտավ պատանի Հուսիկը, Սամվելի հավատարիմ սպասավորը, և հավաքեց անկողինները: Այդ ուրախ, անհոգ պատանին անգամ, դեպքերի ու հանգամանքների տխուր տպավորության ներքո, բոլորովին կորցրել էր յուր սովորական զվարթությունը: Ամեն առավոտ, երբ կհայտնվեր նա յուր տիրոջ մոտ, միշտ նրա բերանում պատրաստ էր մի նոր ծիծաղելի համբավ, մի նոր սրախոսություն, որով նա կվաներ յուր տիրոջ թախծությունը: Իսկ այս առավոտ ներս մտավ նա տրտում դեմքով, և միայն յուր վառվռուն աչքերով նայեց Սամվելի երեսին, տեսնելու, թե ինչ տրամադրության մեջ էր սիրելի տերը, և ապա լուռ կերպով սկսեց յուր գործը: «Դարձյալ նրա երեսին գույն չկա... դարձյալ նրա սիրտը հանգիստ չէ»... մտածում էր նա, և ինքն իրան ավելի տխրում էր: Ավարտելով յուր գործը, կրկին լռությամբ դուրս գնաց նա:

Ներս մտավ ծերունի Արբակը և, «բարի-լույս» ասելով, նստեց մի կողմում: Նրա վշտալի սիրտը այս առավոտ ավելի խռովված էր, քան որևէ այլ ժամանակ:

Սամվելը արդեն լվացվել և հագնվել էր: Ծերունին հայտնեց, թե հայրը մի քանի անգամ մարդիկ է ուղարկել տեղեկանալու, աարդյոք վե՞ր է կացել որդին, թե ոչ:

Այդպես վաղ ինձ հետ ի՞նչ գործ ունի, հարցրեց Սամվելը:

Նախաճաշիկ ուտելու է հրավիրում, պատասխանեց ծերունին: Նրանք զինվորական մարդիկ են, վաղ վեր են կենում, և վաղ էլ ուտում են: Մենք էլ պետք է հարմարվեինք նրանց սովորություններին:

Ավելի լավ կլիներ, եթե մեզ այստեղ մի բան տային ուտելու:

Ոչ, դու պիտի գնաս հորդ մոտ, խորհուրդ տվեց ծերունին:

Ուղիղ է ասում Արբակը, հարկը պահանջում է, որ մենք գնանք այնտեղ, հաստատեց և պատանի Արտավազդը ծիծաղելով:

Սամվելը ոչինչ չպատասխանեց: Նա այս առավոտ գտնվում էր բոլորովին սրտամաշ վրդովմունքի մեջ: Սկսեց լուռ կերպով նայել դեպի բանակը:

Արևը բարձրացավ, և որքան բարձրանում էր նա, այնքան նրա պայծառ լուսավորության ներքո` երևան էին գալիս ահարկու բանակի ահարկու տեսարանները: Սամվելի աչքերը կանգ առին Մերուժանի երկնագույն վրանի վրա: Նրա առջև բարձրանում էին մի քանի բրգաձև բլրակներ: Այդ բլրակները կազմված էին ո՜չ քարից, ո՜չ աղյուսից, և ո՜չ հողից, այլ մի տարօրինակ նյութից: Սամվելը երկար նայում էր նրանց վրա, բայց որոշել չէր կարողանում, թե ի՞նչ էին նրանք: Արևի ոսկեգույն ճառագայթները փայլում էին այն մույգ-կարմրագույն ներկի վրա, որով օծված էին բլրակները: Այդ ներկը արյո՛ւն էր, մարդկային չորացած, սևացած արյո՛ւն... Սամվելի ամբողջ մարմնով անցավ մի քստմնելի սարսուռ, երբ ավելի ուշադրությամբ սկսեց նայել: Բլրակները կազմված էին մարդկային կտրված կառափներից, որոնց այլանդակ կուտակությունը սարսափ էր ազդում:

Այդ ի՞նչ կառափներ են, գոչեց երիտասարդը, աչքերը բռնելով:

Ի՛նչ կառափներ են... կրկնեց ծերունին, գլուխը շարժելով: Հայ շինականի, հայ խաշնարածի և հայ երկրագործի կառափներ են: Մերուժանը այդ կառափների յուրաքանչյուրի համար մի-մի ոսկի է վճարել պարսիկ զինվորներին, և նրանք գնացել խեղճերին դաշտերեց որսացել են և գլուխները կտրել են: Դրանք Մերուժանի հայրենիքի ամենաթանկագին ընծաներն են, որ նա պետք է տանե և նվիրե պարսից արքային, պարծենալով, թե հայոց ազնվականների գլուխներ են:

Եվ իրավ, մի խումբ զինվորներ լցնում էին եղեռնական մթերքը մեծ տոպրակների մեջ, որ պետք է բառնային ուղտերի վրա և տանեին Տիզբոն:

Լսելով ծերունու բացատրությունները, Սամվելը իսպառ շվարված մնաց: Նա գիտեր յուր հոր անգթությունը: Նա գիտեր և Մերուժանի վայրագությունը: Բայց երևակայել անգամ չէր կարող` մարդկային բարբարոսությունը այս աստիճան վայրենության հասած: Եվ այս բարբարոսությունը կատարել էր յուր քեռին, որին գործակից էր և յուր հայրը...

Ահա՜ այն անակնկալ պատրաստությունը, որով հայրս վաղ առավոտյան հյուրասիրում է մեզ... ասաց նա դառնացած ձայնով և աչքերը վառվեցան խորին վրդովմունքով:

Սոսկալի տեսարանը ազդեց և պատանի Արտավազդի վրա, որի պայծառ աչքերում հայտնվեցան արտասուքի խոշոր կաթիլներ:

Այլևս ինչո՞ւ համար են դիզել այնտեղ այդ արյունաներկ գլուխները, գոչեց նա լալագին ձայնով:

Ցույցի համար, սիրելի Արտավազդ, պատասխանեց ծերունին: Մերուժանը սիրում է սարսափ ձգել, և այդ գլուխները դրել է յուր գերիների առջև, որ նրանց զգալ տա, եթե չեն խոնարհվի յուր հրամաններին, այն ժամանակ նրանց գլուխներն ևս կավելանան այդ կտրված գլուխների վրա:

Ի՞նչ հրամաններ, հարցրեց պատանին զայրանալով:

Նա պիտի առաջարկե յուր գերիներին, որ թողնեն քրիստոնեությունը և ընդունեն պարսից կրոնը:

Չարագո՛րծ, գոչեց պատանին և մնաց զարմացած:

Բանակից դուրս, ավելի ընդարձակ տարածության վրա, զետեղված էին կենդանի ընծաները գերիները, որոնց Մերուժանը պետք է տաներ պարգևելու պարսից արքային: Դրանք նույն գերիներն էին, որոնց թիվն ու համարը այնպես նախատական լեզվով հաղորղեց Հայր-Մարդապետը հայոց թագուհուն` Փառանձեմին, երբ գիշերը գաղտագողի կերպով մտավ Արտագերս ամրոցը: Այդ ահագին բազմությունը, իրանց սեռի և հասակի համեմատ, բաժանել էին զանազան խումբերի: Յուրաքանչյուր խումբը բաղկացած էր հիսունական հոգուց: Մի երկար պարան, օղակ-օղակ հանգույցներով, միացնում էր ամեն մի առանձնացած խումբի պարանոցները միմյանց հետ, կազմելով մի կենդանի շղթա: Եվ որպեսզի պարանի հանգույցները բաց անել չկարողանային, նրանց ձեռքերը պինդ կապած էին քամակի վրա: Ո՜չ մի ծեր մարդ, ո՜չ մի պառավ կին չէր երևում այդ թշվառ բազմության մեջ: Չէին երևում և փոքրիկ մանուկներ: Պարսկական անգութ սուրը ծերունիների և մանուկների կյանքին վերջ տվեց հենց իրանց տեղում: Այդ անպետք ծանրությունները իրանց հետ առնել չկամեցան, և ընտրեցին ըստ մեծի մասին երիտասարդներին:

Գերիները պատսպարվելու համար վրաններ չունեին: Նրանք գետնատարած ընկած էին բացօթյա դաշտի վրա: Ցերեկը արևը խորովում էր նրանց: Իսկ գիշերը ցուրտը սառցնում էր: Նրանք բաղկացած էին հայերից և հրեաներից, որոնց մեծ մասը Լուսավորչի օրերում քրիստոնեություն էին ընդունել: Վերջինների թվումն էր և նրանց Զվիթա անունով նշանավոր երեցը, որ ինքնակամ, միացավ յուր հոտի հետ: Այդ հրեաները Տիգրան Բ-ի օրերում Բարզափրան Ռշտունու ձեռքով, գերի բերվեցան Հրեաստանից: Տիգրանի քաջ զորապետը նրանցով լցրեց հայոց քաղաքների դատարկությունը, և բազմամարդ դարձրեց երկիրը մի գործունյա և խելացի ժողովրդով: Իսկ այժմ, Մերուժան Արծրունին, դատարկելով նույն քաղաքները, նրանց վարում էր Պարսկաստան: Հայ գերիների թվում կային շատ եպիսկոպոսներ, վարդապետներ, երեցներ և եկեղեցական այլ պաշտոնյաներ, որոնց թիվը հասնում էր մի քանի հարյուրի: Նրանց շղթայակապ շարել էին միմյանց հետ, և զատել էին մյուս գերիներից:

Հայրը կրկին անգամ մարդ ուղարկեց կոչելու որդուն, բայց որդին դեռ շարունակում էր նայել հոր և յուր քեռու գործերի վրա: Սրտի և հոգու անհնարին ամրություն էր հարկավոր, որ այդ զարհուրելի տեսարաններից հետո մարդ կարողանար սառնասիրտ մնալ: Բայց Սամվելը չուներ այդ ամրությունը: Ճանապարհին, գալու ժամանակ, տեսավ նա այն ավերակ քաղաքներն ու ավանները, որ դեռ ծխում էին կրակի մեջ: Իսկ այժմ տեսնում էր նրանց դժբախտ բնակիչներին: Դրանց պետք է քշեին հեռո՛ւ և հեռու, դեպի Պարսկաստանի խորքերը: Եվ ո՞վքեր: մեկը յուր հայրը, մյուսը` յուր քեռին, Մերուժանը...

Դարձյալ եկան կոչելու Սամվելին: Այս անգամ գնաց նա, և նրա հետ գնացին իշխանի մոտ ծերունի Արբակն ու պատանի Արտավազդը: Սամվելը աշխատում էր ուրախ ձևանալ, աշխատում էր, որքան կարելի է, սառնասիրտ լինել: Բայց բռնի կեղծավորությունը չէր հաջողվում նրան: Նա գտավ հորը միայնակ յուր վրանում, զբաղված էր նամակագրությամբ, և շատ հավանական էր, որ գրում էր կնոջ նամակի պատասխանը: Տեսնելով որդուն, մագաղաթյա թերթը մի կողմ դրեց, հարցնելով.

Ինչպե՞ս ես այժմ, դու գիշերը շատ անհանգիստ էիր:

Գիշերը բավական հոգնած էի, պատասխանեց Սամվելը և, մոտենալով, մոտենալով համբուրեց հոր աջը:

Նրա օրինակին հետևեց և պատանի Արտավազդը: Արբակը միայն «բարիլույս» ասաց և նստեց:

Նախաճաշիկը արդեն պատրաստ դրած էր այնտեղ: Իշխանը խնդրեց նրանց ճաշակել, իսկ ինքը շարունակեց վերջացնել նամակը:

Հեռվից հայտնվեցավ մի սպիտակ ձիավոր, որ վեհապանծ կերպով շրջան էր գործում բանակի մեջ: Մի խումբ զինված համհարզներ, գեղեցիկ նժույգների վրա նստած, հետևում էին նրան: Սամվելը տեսավ և չկարողացավ զսպել յուր ծիծաղը: Բայց նրա ծիծաղը ա՜յն աստիճան դառն և ա՜յն աստիճան մաղձոտ էր, որ յուր վրա դարձրեց հոր ուշադրությունը: Նա նամակը մի կողմ դրեց, և հետաքրքրությամբ նայեց որդու երեսին:

Մերուժանը բավական շտապե՛լ է, ասաց որդին, դեռ հայոց թագավորը չդարձած, թագավորի ձևեր է բանեցնում...

Ինչպե՞ս, հարցրեց հայրը փոքր–ինչ հուզված ձայնով:

Ահա՜ այդպես... նստած է սպիտակ նժույգի վրա... նժույգի բաշն ու ագին ներկել է տվել վարդի գույնով... Չէ՞ որ այդ իրավունքները վայելում էին միայն Արշակունի թագավորներն ու թագավորազները...

Հայրը զարմացած լսում էր: Որդին, ավելի ուշադրությամբ նայելով Մերուժանի վրա, ավելացրեց.

Եվ կարմի՛ր վարտիք ունի հագած... և կարմի՛ր կոշիկներ է կրում... դրանք ևս առանց նշանակության չեն...

Հայրը չգիտեր` ի՜նչպես բացատրել Սամվելի նկատողությունները. արդյոք հեգնությո՞ւն, թե իրավ որդին կանխաժամ էր գտնում Մերուժանի սնափառությունը:

Ինչո՞ւ է այդ զարմացնում քեզ, Սամվել, պատասխանեց նա համոզիչ եղանակով: Մերուժանին արդեն կարելի է հայոց թագավոր համարել: Բավական է, որ նա այս բազմաթիվ գերիներին հասցնե Տիզբոն, այն ժամանակ Շապուհ արքան մեծ ուրախությամբ կտա նրան Արշակունիների թագը:

Այդ ինձ բոլորովին չէ զարմացնում, սիրելի հայր, պատասխանեց Սամվելը կիսահեգնական ձայնով: Ես համոզված եմ, որ Շապուհ արքան Մերուժանի այդքան մեծ ծառայությունների համար` անպատճառ կտա նրան Արշակունիների թագը...

Կտա՛... ընդմիջեց ծերունի Արբակը, որ բոլոր ժամանակը խորին վրդովմունքով լսում էր: Կտա՛ նրան Արշակունիների թագը... Բայց այդ թագը յուր գլխին դնելն է ամենամեծ դժվարությունը...

Իշխանը խեթ կերպով նայեց պարզախոս ծերունու վրա, հարցնելով.

Ինչո՞ւ, Արբա՜կ:

Նրա համար, տե՜ր իշխան, որ այսօր կամ էգուց, հանկարծ կհայտնվի Պապը, Արշակունիների օրինավոր ժառանգը և, հավաքելով յուր շուրջը հայոց ցրիվ եկած նախարարներին, կրկին տեր կդառնա յուր հոր անտեր մնացած գահին... Այս ճերմակ գլուխը շատ բան է տեսել, տե՜ր իշխան, նա ձեռքը տարավ դեպի ալևոր մազերը, այդ ևս իմ աչքերով տեսնում եմ... Այո՜, կգա Պապը և տեր կդառնա յուր հոր գահին...

Իշխանը սկսեց արհամարհանքով ծիծաղել:

Գլուխդ, ասաց նա, իրավ է, ճերմակացել է, բայց կուրծքիդ մեջ դեռ երեխայի սիրտ ես կրում, Արբակ: Դիցուք թե, հայտնվեցավ դեռ անփորձ, դեռ բոլորովին երիտասարդ Պապը: Դիցուք թե, հավաքեց յուր շուրջր հայոց ցրիվ եկած նախարարներին: Բայց ի՞նչ կարող են անել նրանք: Դու կարծում ես, որ այդ բոլորը չէ՞ նախատեսված: Մերուժանը ապառաժի վրա ցանող մարդիկներից չէ. նա գիտե յուր գործը. նա բավական մեծ խելքի տեր մարդ է:

Ծերունին, գլուխը բացասական կերպով շարժելով, ասաց.

Ես նրա մեջ ո՜չ թե մեծ խելք, այլ մի կորյակի չափ խելք չեմ գտնում, տե՜ր իշխան: Նա կամենում է հայոց թագավոր լինել, բայց միևնույն ժամանակ ավերակ ու անմարդաբնակ է դարձնում այն երկիրը, որի թագավորը պետք է դառնա: Դա ի՞նչ խելք է: Մի՞թե խավարասեր բուի նման` նա ավերակների վրա պետք է թագավորե: Ո՞ւր է տանում այդ գերիներին և ի՞նչի համար:

Ծերունին այն աստիճան հարգված էր Մամիկոնյանների տան մեջ, որ իշխանը չբարկացավ նրա վրա, այլ հարկավոր համարեց բացատրել եղելությունների բուն պատճառները, և ապացուցանել, թե իրավ Մերուժանը մեծ խելքի տեր մարդ է, և գիտե կանխապես նախագուշակել ապագան, և նրա համեմատ տնօբինել յուր գործերը:

Հենց դրա մեջն է Մերուժանի խելքի մեծությունը, սիրելի Արբակ, որ նա դատարկեց Հայոց երկիրը, պատասխանեց իշխանը ժպտալով: Երբ կհայտնվի Պապը, նա Հայոց երկրում ո՜չ մի նշանավոր բերդ կամ ամրոց չի գտնի, որի մեջ կարող լինի պատսպարվիլ: Բոլորը կործանեց, բոլորը ոչնչացրեց Մերուժանը: Եվ ինչ ամրություններ ևս որ այժմ մնացել են, գտնվում են մեր բերդապահների հսկողության ներքո: Բոլորի մեջ դրել ենք պարսկական զորքեր: Նրանց մեջ պահված են և՜ դեպի Հունաստան գնացած, և՜ հռովմայեցոց օգնությանը դիմող նախարարների կանայքն ու զավակները: Բավական է, որ այդ նախարարները իրանց բերած հռովմեական զորքերով մի քայլ անեն դեպի մեր գրաված բերդերը, իսկույն իրանց առջև կգտնեն իրանց կանանց և զավակներին կախ տված բերդերի աշտարակներից: Թո՜ղ այն ժամանակ նրանք իրանց նետերը արձակեն դեպի իրանց զավակների դիակները: Իսկ այն, որ ասում ես դու, թե ինչո՞ւ համար է այդ գերությունը, պետք է գիտենաս, որ Մերուժանը բնակիչներից դատարկեց այն գավառները միայն, որոնց ժողովուրդը կարող էր ավելի հզոր հենարան լինել Արշակունյաց թագաժառանգին յուր հոր գահը բարձրանալու: Մերուժանը ամայի դարձրեց միայն Արարատը և նրա շրջակա գավառները: Իսկ Արարատը Արշակունյաց գահի ամուր պատվանդանն է: Պետք էր, և անհրաժեշտ էր, խորտակել այդ պատվանդանը, որպեսզի թագաժառանգը` Բյուզանդիայից Հայաստան գալու ժամանակ` յուր ոտքերի տակը դատարկ գտներ և ո՜չ մի հաստատ կռվան չունենար, որի վրա կարող լիներ հենվիլ: Տեսնո՞ւմ ես, սիրելի Արբակ, այդ բոլոր գործողությունների մեջ նպատակ կա, խելք կա...

Բայց եղեռնագործի խե՛լք... ընդհատեց Սամվելը զայրացած ձայնով:

Հայրը և՜ զարմացած, և՜ բարկացած աչքերով նայեց որդու երեսին: Սամվելը իսկույն զգաց յուր սխալը, զգաց, որ ինքը դուրս եկավ խոհեմության սահմանից: Հայրը նույնպե՛ս զգաց յուր սխալը: Կինը գրել էր նրան, «զգույշ լինել Սամվելից...»: Իսկ նա չափից դուրս բացվեցավ որդու առջև, քան թե հարկավոր էր: Եվ այդ րոպեից հոր և որդու մեջ սկսվեցավ մի տեսակ կեղծ հարաբերություն:

Ամբողջ գիշերը անքուն մնալով, հոր վառ երևակայությունը զբաղեցնում էին այն գեղեցիկ ցնորքները, թե ո՜րպես պետք էր տնօրինել սիրելի որդու ապագան: Նա մի քանի անգամ անհամբերությամբ դուրս եկավ յուր վրանից և, լապտերը ձեռին, մոտեցավ որդու վրանին: Ցանկանում էր ներս մտնել, ցանկանում էր նայել քնած որդու վրա, երկար նայել և հիանալ նրանով: Բայց դարձյալ չկամեցավ խանգարել սիրելի որդու քունը: Ամբողջ գիշերը նրա մասին էր մտածում և նրանով էլ ուրախանում: Ի՛նչ երանելի հույսեր ասես, չէր խոստանում այն վայելչագեղ, շնորհալի երիտասարդը: Նրա մեջ կար ամեն ինչ, որ կարող էին հոր փափագներին լիակատար բավականություն տալ: Ամբողջ գիշերը հրապուրվում էր նա այն փայլուն հաջողակություններով, որ սպասում էին որդուն: Նրա մեջ գտնում էր` թե՜ ապագայի հերոսին և թե՜ ապագայի իշխանին: Պարսկական արքունիքի զարդը պետք է լիներ նա, իսկ Հայաստանի փառքը: Բայց այժմ սարսափեցնում էր նրան այն մտածությունը` մի՞թե որդին հակառակ պիտի գնար յուր սրտագին բաղձանքներին, մի՞թե արդեն կատարված կամ կատարվելու գործերը ընդդեմ էին նրան: Բացատրություն պահանջել այդ մասին` վախենում էր նա, վախենում էր միանգամից զրկվիլ այս ջերմ փափագներից, որ յուր սրտում սնուցանում էր որդու համար: Նրա մի հակառակ բառը, նրա մի մերժողական խոսքը կարող էր ոչնչացնել ամեն ինչ: Նա գտնվում էր այն ծանր, երկբայական դրության մեջ, որպես մի մարդ, որ սպասում է մահամերձ որդու մասին մի լուր: Ստանում է նամակը, բայց չէ համարձակվում բաց անել: Նամակը կա՜մ պիտի ավետեր որդու առողջությունը, կա՜մ պիտի գուժեր նրա մահը: Ի՞նչ կլիներ յուր դրությունը, եթե այս վերջինը պատահած լիներ: Նա նույնպես չէր համարձակվում բաց անել Սամվելի սիրտը: Բայց եթե որդի՞ն բացվեր: Այս ընդհարումից խուսափում էր նա, աշխատելով գոնե առ ժամանակ իրան քաղցր հույսերի փայփայման մեջ պահել:

Նա սիրում էր որդուն, սիրում էր հոր սրտի բոլոր ջերմությամբ: Բայց այս սերը նրա մեջ նույնքան եսական էր, որքան եսական էին նրա բաղձանքները որդու վերաբերությամբ: Նա նայում էր որդու վրա ո՜չ թե իբրև մի ազատ, ինքնակամ անհատի վրա, այլ որպես մի հաջողակ միջոցի վրա, որով միայն ինքը պետք է փառավորվեր: Եթե որդին բարձր պաշտոնների կհասներ, եթե նա կփայլեր բարձր շրջաններում, այդ փայլը իրան էր պատկանում, որովհետև որդին նույնպես իրան էր պատկանում: Եթե մի նժույգ ձիարշավի ժամանակ տանում է մրցանակը, տերն է պարծենում, և ոչ թե նժույգը: Այս եսական կետից էր նայում նա որդու վրա: Մի այսպիսի հայացք կազմվել էր նրա մեջ ավանդաբար, որ ստացել էր նա յուր ազնվապետական ժառանգության հետ: Ինքը նույնպես ծառայել էր յուր հոր բավականության համար, և յուր որդին ևս պետք է ծառայեր յուր բավականության համար: Նրա ընդդիմադրությունը կզրկեր հորը այն բոլոր երանություններից, որ ապագայում պետք է վայելեր նա: Այդ էր պատճառը, որ նա զգուշանում էր` չհանդիպել որդու ընդդիմադրությանը, և ամենայն ջանքով խուսափում էր հակաճառությունից, սպասելով, մինչև հանգամանքները ինքնըստինքյան կպարզեին յուր մթին կասկածները:

Սամվելի վերջին նկատողությունը Մերուժանի մասին` սաստիկ խիստ էր, բայց հայրը, անուշադրության տալով, դարձավ դեպի որդին այս խոսքերով.

Բայց դու պետք է գնաս քեռուդ տեսնելու, Սամվել, և մորդ ողջույնը մատուցանես նրան: Նա շատ կուրախանա քեզ տեսնելով, նա չափազանց սիրում է քեզ: Այս առավոտ մի քանի անգամ մարդ էր ուղարկել` հարցնելու քո առողջությունը: Դու դեռ քնած էիր:

Ուրեմն գիտե՜, որ ես եկել եմ, Հարցրեց Սամվելը:

Գիտե, և խնդրել է, որ այսօր ճաշին յուր մոտ լինենք: Այնտեղ կլինեն և պարսից նշանավոր զորապետները: Քեզ հարկավոր է բոլորի հետ ծանոթանալ:

Մերուժանը հեռվից անցավ նրանց առջևից:

Ես հենց այս րոպեիս կգնայի քեռուս մոտ, բայց նա այժմ զբաղված է երևում...

Այո՜, նա դուրս է եկել բանակը դիտելու... և մի քանի կարգադրություններ ունի անելու... որովհետև այս օրերում պետք է չվենք այստեղից...

Իսկ ինձ չէ՞ հրավիրել Մերուժանը, մեջ մտավ պատանի Արտավազդը:

Հրավիրել է, սիրելիս, առանց քեզ ի՜նչպես կարելի է, ասաց իշխանը: Դու էլ կլինես ճաշին, Արբակն էլ կլինի: Մենք միասին կգնանք:

Ես նրա հացը չեմ ուտի, խոսեց համառ ծերունին, երեսը շուռ տալով:

Իշխանը ծիծաղեց:

Սամվելը նկատեց, որ իրանց ներկայությունը խանգարում էր հորը: Որովհետև առավոտ էր, անդադար մարդիկ էին մտնում, այս և այն գործի մասին նրա հրամանն էին խնդրում, և նա իբրև բարձր պաշտոնական անձն, պետք է բոլորին պատվերներ և հրահանգներ տար: Այդ էր պատճառը, որ նախաճաշիկը վերջանալուց հետո, նա իսկույն վերկացավ, և կամենում էր դուրս գալ հոր վրանից:

Դու կձանձրանաս մինչև ճաշ քո վրանում սպասելով, Սամվել, ասաց նրան հայրը: Եթե կամենում ես, կպատվիրեմ` ձիաներ պատրաստեն, գնացեք Արաքսի ափերի մոտ զբոսնելու: Եղանակը զով է, և այնտեղ գեղեցիկ տեսարաններ կան:

Շնորհակալ եմ, սիրելի հայր, ասաց Սամվելը: Ես դեռ ոչ բոլորովին կազդուրվել եմ ճանապարհի հոգնածությունից, պետք է գնամ, մի փոքր հանգստանամ:

Գալով յուր վրանը, իրավ, Սամվելը իսկույն ընկողմանեցավ բազմոցի վրա և ծանրացած գլուխը տվեց բարձերին: Նրա գունաթափ դեմքը դարձրած էր դեպի ահռելի բանակը, և տխուր աչքերը հառած էին դեպի այն կողմը: Նա դեռ չէր մոռացել և մոռանալ ևս անկարող էր, թե որպիսի՜ համակրությամբ հայրը նկարագրեց Մերուժանի գործողությունները, որոնց գործակից էր և ինքը: Իսկ գործը ակներև էր, նրա աչքերի առջևն էր: Որքան մտածում էր նա, ոչնչով չէր կարողանում արդարացնել հորը, չէր կարողանում արդարացնել և քեռուն: Երկուսն էլ ներկայանում էին նրա առջև որպես երկու մահացու ոճրագործներ: Բայց նա սիրում էր հորը, սիրում էր և քեռուն: Նա պատրաստ էր տալ յուր կյանքը և ամեն ինչ, որ աշխարհում թանկ էր յուր համար, գեթ այդ երկու մարդիկը ուղղվեին և դառնային իրանց չար ճանապարհից: Բայց եթե իրանց մոլորության մեջ մնայի՞ն: Այդ միտքն էր, որ ալեկոծում էր նրա խռովյալ սիրտը, այդ միտքն էր, որ սարսափելի կերպով կեղեքում էր նրա հոգին: Որդին նույնն էր մտածում հոր մասին, ինչ որ հայրն էր մտածում որդու մասին: Երկուսն էլ միմյանց կորած էին համարում, երկուսն էլ միմյանց մոլորված էին համարում: Հայրը մի հարմար առիթ էր որոնում բացատրվելու որդու հետ և յուր փափագները արտահայտելու նրան: Որդին նույնպես որոնում էր մի հարմար ժամ մի հարմար րոպե, խոսելու հոր հետ և յուր բոլոր ցավերը թափելու նրա առջև: Նա շտապում էր անել այդ, քանի դեռ բանակը չէր շարժվել յուր տեղից, քանի դեռ ճանապարհ ընկած չէր նա դեպի Պարսկաստան: Երբ յուր դիտավորությունները կուշացներ, երբ նրանք կանցնեին Արաքսը, այնուհետև ամեն հույս կորած էր համարում...

Սամվելի մոտ նստած էր ծերունի Արբակը և լուռ նայում էր նրա վրա: Խե՛ղճ ծերունի, հասկանում էր անբախտ երիտասարդի դառն վշտերը, հասկանում էր նրա խորտակված սրտի ծանր վերքերը և մի բառ անգամ չէր գտնում մխիթարելու նրան:

Այդ միջոցին պատանի Արտավազդը կանգնած էր դրսում, վրանի մուտքի մոտ և չգիտեր` ինչ անել: Որպես մի անհանգիստ աշխույժ և անհամբերություն, որպես մանուկ հասակի անզուսպ հետաքրքրություն, շատ կցանկանար նա` ծտի նման թռչել, կամ փայլակի նման սլանալ և մի քանի վայրկյանում շրջագայել ամբողջ բանակը, ամեն ինչ տեսնել, ամեն ինչ քննել, բայց յուր մի այդպիսի հետաքրքրությունը կարող էր անվայել և մինչև անգամ կասկածավոր երևնալ շատերին: Այդ էր, որ նրան զսպում էր:

Նա դեռ կանգնած էր վրանի մուտքի մոտ և այն տեղից ևս խիստ հետաքրքիր բաներ էր տեսնում: Բայց այդ բանակը չէր ներկայացնում սովորական բանակների այն ուրախ, այն զվարճալի կենդանությունը, որով նա յուր ներքին վայելչությունը խառնում է հասարակաց բավականության հետ: Գյուղացի աղջիկը, գյուղացի կինը, վստահ, համարձակ, բերում են իրանց այգիների ամենաընտիր պտուղները այնտեղ վաճառելու: Շինականը յուր տնտեսության ամենալավ բերքերը այնտեղ է տանում: Քաղաքացին յուր բազմատեսակ վաճառքների մթերքը այնտեղ է բաց անում, և բանակը մի կենդանի տոնավաճառի կերպարանք է ստանում: Խմբվում է հարցասեր ամբոխը և լսում է զինվորների քաղցր երաժշտությունը: Դրանցից և ո՜չ մեկը չէր երևում: Այդ բանակը, որպես մի կործանող և ապականող հրեշ, յուր շուրջը անապատ էր դարձրել և ինքը ապրում էր խորին ամայության մեջ: Ոչ ոք չէր մերձենում նրան, և ամեն ոք փախչում էր նրանից: Նա կերակրվում էր այն անբավ հափշտակություններով, որ ագահ ձեռքով կողոպտել էր շրջակայքից: Նա հարստացել էր այն անհուն ավարներով, որ ավազակաբար հինահարել էր յուր ավերակ դարձրած քաղաքներից: Բայց այս մտածությունները չէին զբաղեցնում պատանի Արտավազդին: Նրա սուր ուշադրությունը գրավել էր մի այլ տեսարան:

Մերուժանի վրանի առջևից դիզված կառափների ահարկու բլրակները արդեն անհետացել էին: Հավաքելով մեծ տոպրակների մեջ, ուղտերի մի ամբողջ կարավանի համար բեռներ էին պատրաստել այն կառափներից: Բայց նրանց տեղում այժմ կառուցանում էին մի այլ բլուր: Մարդիկ եռանդով աշխատում էին այնտեղ, և մի տեսակ աղյուսաձև մույգ-թխագույն նյութեր շտապով կուտակում էին միմյանց վրա: Տարօրինակ ամբարտակը հետզհետե բարձրանում էր և մռայլ կերպարանք էր ստանում: Աղյուսաձև նյութերի հետ, իբրև նեցուկ, դնում էին փայտի և տաշեղի կտորտանքներ: Երբ վերջացրին, ամբարտակը մի ահագին խարույկի ձև ստացավ:

Այդ երևույթը գրավեց և Սամվելի ուշադրությունը, որը ընկողմանած տեղից բարձրացավ և նստեց: Նայում էր, բայց որոշել չէր կարողանում, թե ի՞նչ էր տեսածը: Ծերունի Արբակը նույնպես ոչ սակավ հետաքրքրված էր այդ օտարոտի տեսարանով:

Ո՞վ է իմանում, դարձյալ մի սատանայական բան կլինի... ասաց նա գլուխը տարակուսական կերպով շարժելով և ձեռքը տարավ դեպի ճաղատ ճակատը` հովանավորելու աչքերը արևե շողքերից, որ արգելում էին նրան տեսնել:

Շատ չանցավ, զինվորները բերեցին մի քանի խումբ շղթայակապ, սևազգեստ գերիներ և կարգով կանգնեցրին խարույկի շուրջը: Դրանք թվով մի քանի հարյուր եպիսկոպոսներ, վարդապետներ և երեցներ էին: Գլուխները քարշ ձգած, խորին տխրությամբ նայում էին սրբազան գերիները խորհրդավոր խարույկի վրա, ուր, մի քանի րոպեից հետո, պիտի այրվեր նրանց սիրտը, նրանց հոգին...

Այնտեղ կանգնած էր և մի այլ անձնավորություն, մի ծանոթ մարդ, յուր երկար` անհեթեթ հագուստով, յուր մռայլ` ծաղկահար դեմքով յուր հաստ` թխագույն շրթունքներով, որ պատրաստ էին անեծք և հայհոյանք թափելու ամեն սրբության վրա: Նա ոխերիմ աչքերով երբեմն նայում էր դեպի սևազգեստ գերիները, երբեմն դեպի պատրաստված խարույկը: Դա Հայր-Մարդպետն էր` սարսափելի Դղակը, որ գաղտագողի կերպով մտավ Արտագերս ամրոցը և մատնեց հայոց թագուհուն:

Հեռվից հայտնվեցավ սպիտակ թագավորը Մերուժանը, նստած յուր սպիտակ նժույգի վրա: Երբ մոտեցավ, խարույկը վառեցին: Թանձր, խանձահոտ ծուխը` յուր անախորժ ճենճերային բուրմունքով` տարածվեցավ օդի մեջ. իսկ կանաչագույն բոցերը բարձրացան դեպի երկինք: Այրվում էր մի սոսկալի ողջակեզ, կրոնի և եկեղեցու ողջակեզը...

Այդ միջոցին Սամվելի վրանը ներս մտավ նրա հայրը: Որդին պատկառանքով վերկացավ նստած տեղից:

Այդ ի՞նչ են այրում, հարցրեց նա վրդովված ձայնով:

Մագաղաթ, պատասխանեց հայրը անփույթ սառնասրտությամբ: Դու չե՞ս գա տեսնելու: Ես եկա, որ քեզ տանեմ: Գնա՜նք, շատ հետաքրքիր է:

Ոչ, ես այստեղից ևս տեսնում եմ... ասաց վշտացած երիտասարդը հրաժարվելով:

Այնտեղից կգնանք Մերուժանի վրանը: Քեզ ասացի, որ այսօր հրավիրված ենք նրա մոտ ճաշելու:

Գիտեմ, բայց դեռ վաղ է... Մերուժանը ահա՜ զբաղված է յուր խարույկով... Թող վերջացնե, ես հետո կգամ... Իմ աչքերի վրա, ուղիղն ասեմ, սաստիկ վատ է ազդում կրակը...

Մանավանդ մագաղաթի՛ կրակը... ավելացրեց ծերունի Արբակը, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով:

Հայրը, նկատելով որդու համառությունը և ծերունու կծու ակնարկությունը, այլևս չստիպեց նրանց, դուրս եկավ և ինքը միայնակ գնաց դեպի խարույկը: Նրա ետևից վազեց պատանի Արտավազդը, որ դեռ կանգնած էր վրանի մուտքի մոտ, ասելով.

Ես կգամ քեզ հետ, սիրելի Վահան, ես չեմ վախենում կրակից... ես մինչև անգամ սիրում եմ կրակը...

Սամվելը և ծերունի Արբակը մնացին վրանում միայնակ:

Մագաղա՛թ են այրում, սիրելի Արբակ, կրկնեց երիտասարդը, դառնալով դեպի ծերուհին: Այրո՛ւմ են մեր կործանված տաճարների սուրբ Կտակարանները... Այրում են մեր եկեղեցու գիրն ու դպրությունը, որ մեզ պարսկացնեն... Եվ իմ հայրը գնում է հանդիսատես լինելու, գնում է զվարճանալու մի այդպիսի չարագործությամբ...

Եվ իրավ, վառվող խարույկը ամբողջապես կազմված էր սուրբ գրքերից: Դրանք նույն եկեղեցիներից և նույն վանքերից հափշտակված գրքերն էին, որ կործանեց Մերուժանը, որ հրդեհեց Մերուժանը, և որոնց կրակը դեռևս չէր հանգել: Պարսից արքայից արքայի բաղձանքները կատարելու համար կործանեց նա քրիստոնեական տաճարները, որպեսզի նրանց տեղում ատրուշաններ հիմնե: Պարսից արքայից արքայի բաղձանքները կատարելու համար` այժմ այրում էր, ոչնչացնում էր նա քրիստոնեական մատյանները, որպեսզի, նրանց փոխարեն, հայերի ձեռքը տար պարսից կրոնական գրքերը, որ հայերը պարսկերեն կարդային, պարսկերեն աղոթեին և պարսից լեզվով արտահայտեին իրանց զգացմունքները:

Սամվելը գիտեր այդ բոլոր նախասահմանյալ մեքենայությունները, իսկ այժմ յուր աչքերով տեսնում էր այն անողորմ գործողությունները, որ պիտի հեշտացնեին պարսից արքայից արքայի նենգավոր նպատակները իրագործելու: Դեպի գերություն էին վարում եկեղեցականներին, որ անտեր թողնեն թե՜ եկեղեցին և թե՜ նրա հոտը, որ դյուրությամբ կարողանան կեղեքել քրիստոնյա ժողովուրդը: Այրում էին կրոնական գրքերը, որ ոչնչացնեն կրոնը: Սամվելը այլևս համբերել չկարողացավ, դարձավ դեպի ծերուհին այս խոսքերով.

Սիրելի Արբակ, ինչ որ անելու է, պետք է անել... ժամանակը թանկ է մեզ համար... Իջեցրու վրանի վարագույրները և ինձ միայնակ թող այստեղ: Ով որ հարցնելու լինի, կասես գլուխը ցավում է, քնած է: Իսկ մի ժամից հետո կուղարկես ինձ մոտ Մալխասին:

Ծերունին տխուր մտախոհության մեջ վերկացավ, վրանի վարագույրները ցած թողեց և իսկույն դուրս գնաց: Սամվելը մի քանի րոպե մնաց լուռ տատանման մեջ: նրա քնքուշ զգացմունքները, նրա վերին աստիճանի բարի սիրտը` բռնանում էին խելքի և սառն մտածության վրա: Մի քանի անգամ վեր առեց մագաղաթի թերթը, կամենում էր գրել, բայց դարձյալ ցած դրեց: Ձեռքը տարավ դեպի ճակատը, որ բորբոքվում էր տենդային կրակով: Աշխատում էր ամփոփել յուր հիշողությունները, աշխատում էր վանել ա՜յն մռայլը, ա՛յն անբացատրելի մթությունը, որ այդ րոպեում պատել էին նրա միտքը: Նա վերկացավ, փոքր-ինչ ետ քաշեց վարագույրի մի եզրը, որ լույս լինի: Նստեց, կրկին առեց մագաղաթյա թերթը և գրիչը: Սկսեց դանդաղ ձեռքով գրել: Նա գրում էր և ամեն մի բառի վրա րոպեներով մտածում էր: Այդ նամակի ճշտությունիցն էր կախված` անվրեպ կերպով նպատակին հասցնել այն սրտագին խորհուրդը, որ վաղուց արդեն խմորվում էր նրա գլխում: Մի սխալ քայլ կարող էր ամեն ինչ ոչնչացնել: Նրա խորհուրդը որքան մեծ էր, նույնքան և վտանգավոր էր: Եվ այդ իսկ խորհրդից էր կախված թե՜ նրա խղճի հանգստությունը և թե՜ նրա հայրենիքի բախտը: Նա գրեց առաջին նամակը և սկսեց երկրորդը:

Նամակները արդեն վերջացրել էր, երբ ներս մտավ Մալխասը: Երիտասարդը դարձավ դեպի նա, հարցնելով.

Դու ծանո՞թ ես Արաքսի աջակողմյան ափերի մոտ տարածվող ճանապարհների հետ:

Ծանոթ եմ, պատասխանեց մշտապատրաստ փայակը: Բայց մի քանի ճանապարհներ կան, որի՞ մասին է հարցնում իմ տերը:

Այն ճանապարհի մասին, որ ուղիղ գետի եզերքովն է գնում և հասնում է մինչև Աստղապատի անցքը:

Գիտեմ: Դա ամենավատ ճանապարհն է և վտանգավոր: Երբեմն իջնում է գետի ափերի մոտ, երբեմն ոլորվում է ապառաժների լանջաց վրայով, իսկ երբեմն անցնում է նեղ կիրճերի միջով և երբեք չէ բաժանվում գետի ընթացքից:

Այդ իսկ ճանապարհի մասին է իմ խոսքը: Ա՜ռ այս նամակները: Նախ կբռնես դեպի Երնջակ տանող ճանապարհը: Այնտեղից, Երնջակա գետակի ընթացքով, կմտնես մի նեղ ձոր, որ տանում է դեպի Ջուղայի կամուրջը: Այդ կամուրջով կանցնես Արաքսը: Հետո կգնաս նույն ոլոր-մոլոր ճանապարհով, որի մասին խոսեցինք, և որը Արաքսի աջակողմյան ափերով տանում է դեպի նախավկայի վանքը, որից շատ հեռու չէ Աստղապատի անցքը, ուր կամուրջ չկա, և մարդիկ տկանավերով են անցնում Արաքսը:

Փայակը ուրախությամբ առեց նամակները հարցնելով.

Իմ տերը հենց ա՞յս րոպեիս է հրամայում ճանապարհ ընկնել:

Ոչ: Դու կսպասես մինչև երեկո: Հետո, երբ գիշերային խավարը բոլորովին կպատե, այնպես զգուշությամբ դուրս կգաս բանակից, որ քեզ ոչ ոք չտեսնե:

Սատանան անգամ չի տեսնի, պատասխանեց փայակը ինքնավստահությամբ: Բայց ո՞ւր տանել այդ նամակները և ու՞մը հանձնել:

Նախավկայի վանքի մոտ, Մաղարթա լեռան ստորոտում, ժայռի վրա նստած կգտնես մի կրոնավոր: Նամակներից մեկը կհանձնես նրան:

Ո՞ր նամակը: Իմ տիրոջ ծառան կարդալ չգիտե:

Այն նամակը, որ կապած է կարմիր դերձանով:

Իսկ եթե կրոնավորին ժայռի վրա նստած չգտնե՞մ:

Անպատճառ կգտնես, նա այնտեղ, մի սգավոր ոգիի նման, նստած է յուր վանքի մոխիրների վրա, ա՜յն հրաշալի վանքի, որ ավերակ դարձրեց Մերուժանը, և անմխիթար կերպով ողբում է նրա ցավալի կործանումը:

Հետո ինչ պիտի անե իմ տիրոջ ծառան:

Հետո կթողնես վանքը և կշարունակես ճանապարհը դեպի Խրամ քաղաքը: Կգնաս, կգնաս, մինչև քո առջև կհայտնվի մի ծածկված պատգարակ, որը, դագաղակիր պատգարակի նման, պատած կլինի սգավորի սև պաստառներով: Նրան ուղեկցում են լեռնականների մի քանի զինված գունդեր: Այդ մյուս նամակը, որ կապած է կանաչ դերձանով, կհանձնես պատգարակի մեջ գտնվա անձնավորությանը:

Իմ տիրոջ ծառան չպիտի՞ գիտենա, թե ո՜վ է նա:

Ոչ ոք չգիտե, թե ով է նա, բացի յուր զինյալ ուղեկիցներից, որոնք նրա անձնավորությունը պահում են իբրև խորին գաղտնիք: Քեզ համար ևս մի առանձին պետք չկա գիտենալու, թե ով է նա:

Նամակը հանձնելուց հետո ի՞նչ պիտի անե իմ տիրոջ ծառան:

Կշարունակե յուր ճանապարհը: Քեզ կհանդիպի Ռշտունյաց Գարեգին իշխանը յուր զինյալ լեռնաբնակներով: Նրան իմ կողմից կասես մի բառ միայն` «շտապել»:

Իսկ եթե ուրիշ բաներ ևս հարցնելու լինի:

Ինչ որ գիտես, բոլորը կպատմես: Դու, կարծեմ, բավական ծանոթացած պետք է լինես պարսից բանակի այժմյան դրության հետ:

Իմ տիրոջ ծառան ամեն ինչ տեղեկացել է, գիտե պարսիկ զորքերի թիվը, գոտե` ո՜րքանը ձիավորներ են, ո՜րքանը հետևակներ են, գիտե քանի՜ գունդերի են բաժանված և յուրաքանչյուր գունդին ո՜վ է հրամայում:

Այդքանը ևս շատ բավական է: Այժմ կարող ես գնալ: Տեր ընդ քեզ:

Հավատարիմ փայակը, որ մտքի պես արագ էր և դևի պես ճարպիկ, որ հոգով ու սրտով նվիրված էր Սամվելին, որ միշտ ուրախ էր լինում, երբ նրանցից մի նոր հանձնարարություն էր ստանում, այս անգամ ավելի ևս ուրախացավ, որովհետև նրա սրտի վրա ևս ծանրացած էին տխուր իրողությունների դառն հարվածները, և մխիթարվում էր, որ յուր ծառայություններով գուցե կարող կլիներ փոքր ի շատե օգնել գործին:

Նրա հեռանալուց հետո, ներս մտավ Արբակը:

Բարձրացրո՜ւ վարագույրները, ասաց նրան Սամվելը: Նայի՜ր, որ մեր շուրջը օտար մարդիկ չլինին:

Ոչ ոք չկա, ամենքը հավաքվել են խարույկի մոտ տեսնելու, թե ի՜նչպես են այրում աստուծո սուրբ գրքերը:

Ծերունին, վարագույրները բարձրացնելուց հետո, նստեց: Սամվելը հազիվ լսելի ձանյով ասաց նրան:

Ես այսօր կգնամ Մերուժանի մոտ ճաշելու, թեև ինձ համար թույնի չափ անախորժ պիտի լինի նրա ճաշը: Բայց կաշխատեմ օգուտ քաղել այդ ճաշից: ճաշի ժամանակ խոսակցությունը այնպես կտանեմ, որ մյուս օրը, երեկոյան, անպատճառ կարգադրվի որսորդության հանդես Արաքսի ափերի մոտ: Դու պատրաստ կլինիս ինձ հետ գալու և կանխապես կնախապատրաստես իմ մարդիկներին: Հասկանո՞ւմ ես:

Հասկանում եմ... պատասխանեց ծերունին խորհրդավոր ձայնով և երկյուղած աչքերը դարձրեց դեպի երկինքը, կարծես, ամենակարողի հաջողությունն էր խնդրում: Երիտասարդը շարունակեց.

Իմ մարդիկներից յուրաքանչյուրը պետք է լավ գիտենա յուր դերը, եթե ոչ, մի ամենափոքր սխալ կարող է ամեն ինչ փչացնել: Նրանք պետք է հետևեն պայմանական նշաններին և նույն նշանների համեմատ գործեն: Իցե թե հանգամանքները փոխվին, այդ դեպքերում դու պետք է, հանգամանքների փոփոխության համեմատ, փոխես և նրանց գործելու եղանակը...

Արբակը այդ բոլորը կարգադրել է, դու անհոգ կա՜ց, պատասխանեց ծերունին և գլխով հասկացրեց` ընդհատել խոսակցությունը, որովհետև նույն միջոցին դեպի որդու վրանը գալիս էր հայրը:

Ներս մտավ հայրը, ասելով.

Այժմ գնանք, սիրելի Սամվել, Մերուժանը սպասելիս կլինի մեզ, նրա հյուրերը արդեն հավաքվել են:

"Սամվել" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Ալ Այլուղս
Կոմիտաս

Ալ Այլուղս

Վարդանանք
Վարդանանք
Խաղա առցանց