Րաֆֆի

Սամվել

2 - ԺԱ, ԺԲ

ԺԱ

«ԵՐԿՈՒ ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈԻՅՆԸ»

«Ապա յետ այսր ամենայնի Մուշեղ Որդի Վասակայ ժողովեաց զամենայն ազատագունդ մարդկանն… եւ չոգաւ հանդերձ նռքօք առ թագալորն յունաց: Եւ եցույց զպաղատանս աշխարհին Հայոց, և զամենայն անցս տառապանաց` որ անցեալ էր ընդ նոսա, և խնդրեաց ի կայսերէն զՊապ զորդի Արշակայ թագաւոր ի վերայ Հայոց աշխարհին»:

Փաւստոս:

Մուշեղ Մամիկոնյանի հաղթական փառքով վերադարձը ընդհանուր ուրախություն պատճառեց թե՜ հայոց տիկնոջը` Փառանձեմին և թե` նրա շուրջը խմբված ավագներին: Մի քանի օր Արտագերսը տոնում էր այդ փայլուն հաղթությունը: Տիկնոջը հաճելի չթվեցավ միայն Շապուհի կանանցը վերադարձնելը, այնուամենայնիվ, թաքցնելով յուր խորին դժկամությունը, հենց առաջին րոպեում, երբ սպարապետը ներկայացավ նրան, նա գրկեց և համբուրեց յուր քաջ հերոսի արժանի ճակատը:

Թշնամուց հափշտակած ավարը տիկինը հրամայեց բաժանել ա՜յն զինվորներին, որոնք մասնակցել էին այդ կռվի մեջ: Ինքը ընդունեց միայն, իբրև թանկագին պարգև, Մուշեղի բերած վեց հարյուր պարսիկ ազնվականների պաճուճապատանները, որոնց մի մասը դրեցին Արտագերսի աշտարակների բարձրության վրա, իսկ մյուս մասնով` հրամայեց նա զարդարել սպարապետի տան ճակատը:

Այդ օրերում սպարապետը խիստ հազիվ անգամ յուր տանից դուրս էր գալիս` բազմության ուրախաձայն խնդակցությանը չհանդիպելու համար, որը սաստիկ ազդում էր նրա անփառասեր համեստության վրա: Ազատանի կանայք և օրիորդներ խումբերով այցելում էին նրա տիկնոջը և «աչքալուսանք» էին տալիս: Քահանան խաչը ձեռին հայտնվում էր և օրհնության մաղթանք էր կարդում:

Այդ բոլորի մեջ` ամեն ինչ ուրախալի էր, ամեն ինչ վերին աստիճանի գոհացուցիչ էր, միայն Մուշեղի և Սահակ Պարթևի մեջ տեղի ունեցած հակառակությունը Շապուհի կանանց վերաբերությամբ, ոչ սակավ հոգսեր պատճառես հայոց թագուհուն: Նրա համար խիստ ծանր էր, գործերի դեռ բոլորովին խառն դրության ժամանակ, հայոց այդ երկու նշանավոր տոհմերի ներկայացուցիչներին` միմյանց հետ անհաշտ հարաբերությունների մեջ տեսնել: Նա մտածեց հաշտեցնել նրանց, բայց, ի նկատի առնելով երկուսի անողոք համառությունն ևս, այդ միտքը թողեց մի ավելի հարմար ժամանակի:

Որքան Մուշեղը, Շապուհի կանանցը վերադարձնելով, շատերին տհաճություն պատճառեց, այնքան Որմիզդուխտին գերի վեր առնելով, մասամբ մեղմացրեց այդ տհաճությունը: Թագուհին որոշեց նրա բնակության համար առանձին բաժին արքայական ապարանքում, և պահում էր խիստ հսկողության ներքո, թեև այնտեղ` նրա կացության համար ամեն արժանավայել բավականություններ պակաս չէին:

Ոչ սակավ ուրախություն պատճառեց թագուհուն յուր եղբայրների և մյուս ազնվականների ազատությունը, որոնց գերի էր տարել Շապուհը Զարեհավանի կոտորածից հետո, և որոնք Մուշեղի հաղթությամբ փրկություն գտան: Այդ գերիների թվում կային շատ իշխանազն կանայք, օրիորդներ, պատանիներ, որոնց պետք է վարեին Պարսկաստան:

Մի քանի շաբաթ անցել էր այն օրից, որ Մուշեղը հաղթական փառքով մտավ Արտագերսի ամրոցը: Գիշեր էր: Բերդի մեջ ամենքը քնած էին, ամեն շարժում դադարել էր: Անքուն էր միայն բերդի թագուհին Փառանձեմը: Արքայական ապարանքի սենյակներից մեկում միայնակ նստած էր նա, իսկ նրա մոտ` խորին մտախոհության մեջ` կանգնած էր Մուշեղ Մամիկոնյանը: Սպարապետի այրական դեմքը այս գիշեր չէր ցույց տալիս այն սովորական զվարթությունը, որ հատուկ էր նրա զինվորական ամուր բնավորությանը: Մտախոհ էր և թագուհին: Նա գտնվում էր յուր գիշերային զգեստի մեջ, որ յուր պարզությամբ մի առանձին վայելչություն էր ընծայում նրա շնորհալի իրանին: Գլուխը հերարձակ էր, առանց որևէ զարդի, հոլանի բազուկները միայն կրում էին մի զույգ ոսկյա ապարանջաններ, որոնց ուրախ փայլը ամենևին չէր համապատասխանում տիկնոջ մռայլված դեմքին: Պղնձյա բարձր աշտանակի վրա վառվում էր արծաթյա ճրագը, և տարածում էր յուր շուրջը խիստ թախծալի լուսավորություն: Թախծալի էր և թագուհին, որը երբեմն վեր էր առնում մի բաց նամակ, նայում էր, և կրկին դնում էր յուր բազմոցի վրա, թեև մի քանի անգամ կարդացել էր այդ նամակը, որ նոր էր ստացել Բյուզանդիայից:

Մեր գործերի այժմյան խառն դրության ժամանակ, Բյուգանդական կայսրության մեջ կատարված այդ փոփոխությունները ես բավական նպաստավոր եմ համարում մեզ համար, Մուշեղ, դարձավ նա դեպի սպարապետը: Անիծյալ Վաղեսը մեռել է իրան արժանի չարամահ վախճանով, նրա տեղ այժմ կայսր է դարձել առաքինի Թեոդոսը: Եվ տարակույս չունեմ, որ նա մեզ հետ լավ հարաբերություններ կսկսե:

Ես նույնպես տարակույս չունեմ,.. պատասխանեց սպարապետը անվճռական ձայնով:

Թագուհին շարունակեց.

Մեզ հարկավոր է հռովմեական դաշնակցություն, Մուշեղ: Մենք մեր սեփական ուժերով, իրավ է, պաշտպանվել կարող ենք, բայց մեր երկիրը թշնամուց իսպառ մաքրել` հագիվ թե: Մենք կարոտ ենք դրսի ուժերի և մի լավ դաշնակցի:

Բայց գիտե՞ս, տիկին, որքա՛ն թանկ է նստում մեզ հռովմեական դաշնակցությունը...

Գիտեմ: Բայց ես ընտրում եմ երկու չարյաց փոքրագույնը: Մեր հարաբերությունները պարսից հետ այն աստիճան թշնամական կերպարանք են ստացել, որ ես ամենևին հույս չունեմ, թե այսուհետև մեր և Շապուհի մեջ որևէ հաշտություն կկայանա, ինչպես հույս չունեմ, որ նա իմ ամուսնին կվերադարձնե Անուշ բերդի աքսորանքից: Մյուս կողմից, իմ որդին գտնվում է Բյուզանդիայում, կայսրի մոտ: Նրան պետք է բերել, և ես ցանկանում եմ,որ նա գա և հոր փոխարեն թագավոր դառնա: Առանց թագավորի Հայաստանը դանդաղկոտությամբ է շարժվում, ինչպես մարմինը առանց գլխի: Իսկ նրան բերել և յուր հոր գահը նստացնել` այդ, իհարկե, առանց նորընտիր կայսրի հաճության և նրա հետ նոր դաշնակցության լինել` չէ կարող: Իմ որդին նրա մոտ պատանդ է, նրա ձեռքումն է.,. Եվ ես ավելի բարվոք եմ համարում քրիստոնյա կայսրի հետ դաշնակցությունը, քան թե անօրեն պարսկի հետ հաշտությունը:

Վերջին խոսքերը արտասանելու միջոցին նրա գեղեցիկ աչքերում փայլեց բարկության կրակը և նրա ձայնը զգալի կերպով փոխվեցավ: Նա հոլանի ձեռքը տարավ դեպի ճակատը, ետ քաշեց սև գիսակների գանգուրները, որ անգիտակցաբար թափվել էին գունաթափ դեմքի վրա:

Սպարապետը լռությամբ լսում էր, թեև այդ բոլորը գիտեր նա: Լսում էր սրտի դառն զեղմունքը անբախտ տիկնոջ, որ կորուսյալ թագավոր-ամուսին ուներ, և նույնպես կորուսյալ թագաժառանգ-որդի: Անողոք հանգամանքները ձգել էին Հայաստանի այդ երկու հույսերին` մեկին դեպի արևելք, մյուսին դեպի արևմուտք: Թագավորը աքսորված էր Խուժաստանի Անուշ բերդում, իսկ թագաժառանգը պահված էր Բյուզանդիայի հռովմեական արքունիքում…

Նստի՜ր, Մուշեղ, դարձավ նա դեպի սպարապետը, ես երկար պետք է խոսեմ քեզ հետ:

Սպարապետը նստեց: Տիկինը կրկին վեր առեց նամակը: Այդ նամակը ստացել էր նա յուր հորից` Սյունյաց Անդովկ իշխանից, որ այդ ժամանակ յուր Բաբիկ որդու հետ գտնվում էր Բյուզանդիայում: Նամակի մեջ իշխանը խոսում էր ավելի յուր մասին, քան թե հայոց գործերի մասին: Գրում էր, թե որպես նորընտիր Թեոդոս կայսրը հարգում է իրան, կամ որպես կայսրը շնորհեց իրան «պատրկաց պատրիկի» բարձր աստիճանը, նկարագրում էր յուր որդի Բաբիկի քաջագործությունները կրկեսների մրցությունների մեջ, մեծ ուրախությամբ ավելացնելով, որ թե՜ կայսրը և թե՜ յուր ավագանին բոլորովին հիացած են նրա ճարպկություններով: Նախագուշակում էր որդու համար փայլուն հառաջադիմություններ հռովմայեցոց ծառայության մեջ և այլն:

Ինչպես երևում է, հայրս այդ նամակը շատ շտապով է գրել, նկատեց տիկինը: Ոչինչ չէ գրում Ներսեսի մասին, արդյոք վերադարձե՞լ է նա աքսորից, թե տակավին աքսորանքի մեջ է գտնվում:

Տիկնոջ տարակուսանքը հայոց քահանայապետ Ներսես Մեծի մասին էր:

Ես կարծում եմ, որ նորընտիր կայսրը նրան չի թողնի աքսորանքի մեջ, ասաց սպարապետը: Թեոդոսը հայտնի է որպես մի բարեպաշտ մարդ: Նա անպատճառ Վաղեսի աքսորած բոլոր հոգևորականներին կազատե իրանց դատապարտությունից: Հարկավ, նրանց հետ և Ներսեսը ազատված կլինի:

Ես էլ նույն կարծիքին եմ, ասաց տիկինը խորին համոզմունքով, մանավանդ, որ Թեոդոսը առաջուց ճանաչում է Ներսեսին և սաստիկ հարգում է նրան: Բոլոր պարագաները նպաստավոր են, Մուշեղ: Հայրս այնտեղ է և մեծ փառք է վայելում կայսրի մոտ. եղբայրս այնտեղ է և մեծ հռչակ է ստացել: Այնտեղ է և Ներսեսը, որ վայելում է կայսրի առանձին համակրությունը: Դու պետք է գնաս Բյուզանդիա, Մուշեղ, դու պետք է տանես իմ խնդակցության նամակը կայսրին, նրա գահակալության համար: Եվ այնտեղ, իմ հոր և Ներսեսի հետ, պետք է միջնորդես, որ իմ որդուն ուղարկե` հայոց թափուր մնացած գահը ժառանգելու:

Ես կգնամ, տիկին, և մեծ հույս ունեմ, որ ինձ կհաջողվի ի կատար ածել քո սրտագին բաղձանքները: Բայց ինձ անհանգստացնում է այն միտքը, թե ի՛նչ կլինի իմ բացակայության ժամանակ,..

Սպարապետի հարցմունքը զգալի կերպով վիրավորեց տիկնոջ ինքնասիրությունը, և նա բավական գրգռված ձայնով պատասխանեց.

Դու կարծում ես, Մուշե՜ղ, որ քո բացակայության ժամանակ ես չպիտի՞ կարողանամ պահպանել Հայոց երկիրը:

Ես այդ չեմ կարծում, ասաց սպարապետը սառն կերպով, ես մեծ հավատ ունեմ քո խելքի և քո քաջասրտության վրա, տիկին: Բայց մի քանի նոր հանգամանքներ, որոնք, երևի, քեզ հայտնի չեն, պետք է սաստիկ դժվարացնեն մեր աշխարհի գործերը: Որմիզդուխտի մեր ձեռքը գերի ընկնելուց հետո, Մերուժանի կատաղությունը անցել է ամեն չափից: Ես հաստատ տեղեկություններ ունեմ, որ նա, չբավականանալով յուր հրամանի ներքո գտնված պարսկական նշանավոր ուժերով, աշխատել է յուր կողմը ձգել Աղվանից Ուռնայր արքային և Լեկաց Շերգիլ արքային: Պարսից զորքերը յուր ձեռքում ունենալուց հետո, երբ նա կմիանա այդ երկու կիսավայրենի թագավորների հետ, կարող է այնուհետև շատ վնասներ հասցնել մեր աշխարհին: Հեռավոր թշնամին, որպիսին է պարսիկը, այնքան վտանգավոր չէ կարող լինել, որքան դրացին: Իսկ աղվանները և լեկերը մեր ամենամերձավոր դրացիներն են: Եթե ուրիշ ոչինչ գրավիչ պատճառներ ևս չունենան նրանք, ավարառության և հափշտակասիրության փափագը բավական է, որ հրապուրե այդ գազանաբարո լեռնականներին` հեղեղելու մեր երկրի սահմանները:

Տիկնոջ գեղեցիկ աչքերը դարձյալ վառվեցան բարկության բոցով: Նա պատասխանեց սպառնալի ձայնով.

Եթե Մերուժանը կհամարձակվի մի այդպիսի անիրավ քայլ անել, ես իսկույն Որմիզդուխտին կախ կտամ Արտագերսի պարիսպներից:

Դրանով, տիկին, դու ավելի կկատաղեցնես նրան: Որմիզդուխտին, ընդհակառակն, պետք է կենդանի պահել, Մերուժանին միշտ այն երկյուղի մեջ պահելու համար, որ եթե նա չչափավորե յուր վայրագությունը, անպատճառ յուր սիրած օրիորդի կյանքը վտանգի կենթարկե:

Տիկինը ոչինչ չպատասխանեց: Նա սաստիկ զայրանում էր, երբ նրա հետ վիճաբանում էին: Իսկ այժմ, թաքցնելով յուր վրդովմունքը, մի քանի րոպե լուռ նայում էր արծաթյա ճրագի վրա, կարծես, նրա մռայլ լուսավորության մեջն էր որոնում յուր մռայլված և խառնաշփոթ մտածությունների պարզվիլը:

Նա մտածեց փոքր-ինչ զգալ տալ սպարապետին, որ նա շրջապատող հանգամանքների բոլոր կողմերը ճշտիվ կշռել չգիտե, և թե կատարվում են խիստ նշանավոր անցքեր, որոնց մասին տեղեկություն չունի, թեև, իբրև պետական ամենաբարձր անձնավորություն, պետք է նա ամենից առաջ գիտենար:

Ես Մերուժանի կովկասյան լեռնաբնակների և Աղվանից ավազակների հետ միանալուց մեզ համար, գոնե այժմ, մի առանձին վտանգ չեմ տեսնում, Մուշեղ, ասաց նա գլուխը վեր բարձրացնելով և ուղիղ սպարապետի վրա նայելով: Ես ունեմ այլ տեղեկություններ, որ քեզ, երևի, հայտնի չեն: Պարսկաստանում գործերը վատ են: Ինձ հաղորդել են Տիզբոնից, որ Շապուհի այնպես շուտափույթ կերպով մեր երկրից հեռանալու պատճառը քուշանների արշավանքն է, որ այժմ կրկին սկսել են ասպատակել պարսից հյուսիս-արևելյան գավառները: Քուշաններին շուտով խաղաղացնելը` հեշտ բան չէ, նրանք բավական ժամանակ կզբաղեցնեն Շապուհին: Իսկ մենք այդ ժամանակից կարող ենք օգուտ քաղել: Ուրեմն ա՜յն, որ ասում ես դու, թե Մերուժանը յուր կողմն է ձգել Լեկաց և Աղվանից թագավորներին, ես չեմ կարծում, որ նրանք ժամանակ գտնեն մեզ հետ գործ սկսելու: Որովհետև, եթե Շապուհը գնալու է քուշանների դեմ, անպատճառ կկանչե Լեկաց և Աղվանից թագավորներին` մասնակցելու յուր արշավանքին: Այդ նրա սովորությունն է, և. ամեն անգամ այդպես է եղել, երբ նա քուշանների հետ պատերազմ է ունեցել:

Տիկնոջ քաղաքագիտական հմտությունները և, պարագաների համեմատ, նրա դատողությունները ընթացիկ գործերի մասին, որքան և ուրախացնում էին Մամիկոնյան իշխանին, այնուամենայնիվ, լսելով նրա ակնարկությունը յուր անուշադրության վերաբերությամբ, իբր թե յուր սպարապետը չգիտե, թե ինչ է կատարվում Պարսկաստանում, այդ կծու ակնարկությունը դուրս կոչեց սպարապետի սառն դեմքի վրա մի աննկատելի ժպիտ, որը ամենայն զգուշությամբ ծածկեց նա:

Ո՞վ է հաղորդել քեզ, տիկին, այդ տեղեկությունները Տիզբոնից, հարցրեց նա մի առանձին հետաքրքրությամբ:

Դրաստամատը, մեր հավատարիմ ներքինին, դու, կարծեմ , ճանաչում ես նրան: Նա ինձ նամակ էր գրել:

Ե՞րբ ստացար այդ նամակը:

Երեք օր կլինի:

Այդ տեղեկությունները ինձ հայտնի են տիկին: Ես քեզանից ավելի վաղ ստացել եմ շատ մանրամասն տեղեկություններ Պարսկաստանի վերջին անցքերի մասին: Իզուր ես մտածում, թե ես չգիտեմ` ի՜նչ է կատարվում մեր շուրջը: Կարդա՜ այդ նամակը: Նա հանեց յուր ծոցից մի ստվար ծրար, տվեց թագուհուն, և նա սկսեց անհամբերությամբ կարդալ:

Նամակը գրել էր Մանվել Մամիկոնյանը` սպարապետի հարազատ եղբայրը, որ Պարսկաստանում գտնված հայկական հեծելազորքի զորավարն էր: Գրում էր Մուշեղին, թե Շապուհի անձամբ արշավելը Հայաստան իրան ևս սաստիկ հոգսերի մեջ էր դրել. օր ու գիշեր մտածում էր, մի հնար գտնել` այդ գազանին հեռացնելու Հայոց երկրից: Վերջապես, երկար աշխատություններից հետո, կարողացավ հավատարիմ անձանց միջոցով` քուշանների արքային գրգռել պարսից դեմ, հասկացնելով նրան, թե բարեպատեհ ժամանակ է Պարսկաստանի վրա հարձակվելու, որովհետև Շապուհը յուր բոլոր զորքերով գնացել էր Հայաստան, և երկիրը մնացել է անպաշտպան: Այսպիսով հասավ յուր նպատակին: Քուշանները սկսեցին ասպատակել պարսից հյուսիս-արևելյան սահմանները: Այդ լսելով Շապուհը թողեց Հայոց երկիրը և շտապեց դեպի պարսից վաղեմի թշնամին: Այժմ նա գունդեր է կազմում, զորք է հավաքում, որ գնա քուշանների դեմ: Եվ ինքը, Մանվելը, յուր հայկական հեծելազորքով պիտի մասնակցե Շապուհի արշավանքին: Յուր ներկայությունը պարսից բանակի մեջ` միջոց կտա իրան պարբերաբար հաղորդել թշնամուն պարսից բոլոր թույլ կողմերը, և հետևապես, գործը այնպես տանել, որ պարսիկները ամեն ճակատամարտում հաղթված լինեն: Հույս ունի, որ Շապուհի բոլոր զորքերը ջարդել կտա Խորասանի անապատներում և, գուցե, իրան Շապուհին ևս նրանց հետ ի կորուստ կմատնե... Նամակի վերջում ավելացնում էր, թե ինքը ամեն հնար գործ կդնե որքան կարելի է, երկարաձգել պատերազմը, որպեսզի Շապուհը այդ կռիվներում զբաղված լինի, իսկ Հայաստանում ժամանակ գտնեն իրանց գործերը կարգի դնելու: Հետո շնորհակալություն էր հայտնում յուր եղբորը, Մուշեղին, գրելով. «Հայոց տառապանքները որքան քեզ, նույնքան և ինձ համար ցավալի էին, սիրելի եղբայր: Գովում եմ քո սրամտությունը, միևնույն ժամանակ, և քո հեռատեսությունը, որ այդ խորհուրդը տվեցիր ինձ: Ուրիշ ավելի նպատակահարմար միջոց չէր կարելի գտնել` Շապուհի ներգործությունը, գոնե առժամանակ, հեռացնելու մեր աշխարհից, քան թե՜ այդ, որ բոլորովին պիտի կլանե թե՜ նրա ժամանակը և թե նրա ուժերը: Շնորհակալ եմ, Մուշեղ, այդ միտքը քեզ է պատկանում... »:

Ուրեմն դո՞ւ ես տվել Մանվելին այդ միտքը, հարցրեց տիկինը նամակը կարդալուց հետո:

Այո՜, ես եմ տվել, պատասխանեց սպարապետը ցած ձայնով:

Ե՞րբ:

Հենց այն ժամանակ, երբ Շապուհը յուր զորքերի բազմությամբ ոտք դրեց մեր հողի վրա:

Ինչո՞ւ մինչև այսօր չես հայտնել ինձ:

Դու գիտես, տիկին, որ ես սովորություն չունեմ` դեռ չկատարած գործերիս մասին կանխապես խոսել: Ես սպասում էի տեսնել, թե ի՜նչ արդյունք կունենա իմ հղացած խորհուրդը:

Արդյունքը անհամեմատ գեղեցի՛կ է, Մուշեղ, պատասխանեց տիկինը, և նրա թախծալի դեմքը փայլեց անսահման ուրախությամբ: Մի ավելի, քան թե այդ` նպատակահարմար արդյունք` ավելորդ կլիներ պահանջել: Թե՜ քո, Մուշեղ և թե՜ քո քաջ եղբոր` Մանվելի ջանքերը ամենայն գովության արժանի են:

Սպարապետը համեստությամբ գլուխը խոնարհեցրեց, չէր նայում ոգևորված տիկնոջ վրա, որ այդ րոպեում հրճվում էր խորին, սրտապարար երջանկության մեջ: Դժբա՛խտ եղավ նա որպես ամուսին, դժրա՛խտ եղավ նա որպես մայր: Դեռ պատանեկության հասակում սիրելի որդուն բաժանեցին նրանից և, իբրև պատանդ, տարան բյուզանդական արքունիքը: Իսկ այժմ բախտավոր էր համարում իրան որպես թագուհի, որպես մի տառապյալ երկրի տեր և իշխան, որի մոտալուտ փրկությունը ուրախացնում էր նրան:

Ես այժմ կատարյալ մխիթարված եմ համարում ինձ, սիրելի Մուշեղ, դարձավ նա դեպի սպարապետը զգացված ձայնով, ես այժմ բոլորովին հավատում եմ, որ Հայոց աշխարհը անտեր չէ: Բախտավո՛ր է այն աշխարհը, երբ ձեզ նման զավակներ ունի: Քո այդ հաղթությունը, սիրելի Մուշեղ, ես ավելի գերազանց եմ համարում այն փայլուն հաղթությունից, որ դու մի քանի շաբաթ առաջ կատարեցիր Թավրիզի պարիսպների մոտ: Նա սրի և բազկի հաղթություն էր, իսկ դա խելքի և ռազմական հնարագիտության հաղթություն է: Դու առանց զենքի` հեռացրիր վայրագ թշնամուն մեր երկրից, նրա դեմ մի այլ թշնամի դուրս բերելով: Եվ մենք նրա բացակայությունից պետք է օգուտ քաղենք, պետք է շտապենք` շուտով կարգի դնել մեր գործերը: Պարագաները զարմանալի կերպով ներդաշնակվում են միմյանց հետ: Եվ ես ամենակարողի աջն եմ տեսնում այդ բոլորի մեջ: Նույն ժամանակ, երբ Պարսկաստանում Շապուհը զբաղվում է քուշանների պատերազմով, Բյուգանդական կայսրության մեջ մեռնում է անիծյալ Վաղեսը, և մենք միաժամանակ ազատվում ենք մեր երկու անիրավ թշնամիներից: Հանգամանքները ավելի ևս նպաստում են մեզ, և Վաղեսի փոխարեն կայսր է դառնում մեր բարեկամ Թեոդոսը, որի հետ մենք կարող ենք ամեն տեսակ համաձայնություն կայացնել: Կրկնում եմ, սիրելի Մուշեղ, պետք է օգուտ քաղել այդ բարեհաջող հանգամանքներից: Ամեն րոպե թանկ է մեզ համար: Դու պետք է գնաս Բյուզանդիա, և պետք է աշխատես, որքան կարելի է, շուտով գնալ:

Սպարապետը, դեռ գլուխը խոնարհեցրած, լուռ մտածության մեջ էր: Տիկինը շարունակեց.

Դու պետք է գնաս որդուս բերելու: Այժմ իմ նախարարները բոլորովին տարակուսյալ դրության մեջ են: Ոմանք վհատությունից փախան դեպի զանազան կողմեր, ոմանք անցան պարսից կողմը, իսկ մնացողները տատանվում են անհաստատ երկբայությունների մեջ: Հարկավոր է մի միավորիչ գլուխ, որ բոլորին ձուլե ի մի մարմին, և այդ գլուխը պետք է լինի իմ որդին: Պատրաստվի՜ր, սիրելի Մուշեղ, և շուտով ճանապարհ ընկի՜ր: Կայսրին հասցնելու նամակը ես իմ ձեռքով կգրեմ: Մի նամակ ևս կգրեմ հորս, մի նամակ էլ Ներսեսին: Հույս ունեմ, որ մեր հարգելի քահանայապետը, որ այնքան տառապանքներ կրեց յուր թագավորի և յուր հայրենիքի համար, այժմ վերադարձած լինի աքսորանքից: Ես էգուց բաց կանեմ արքայական գանձարանը և կպատրաստեմ ամենաթանկագին ընծաներ նորընտիր կայսրին տանելու համար: Իսկ քո դեսպանախումբը դու ինքդ կկազմես, և մեր նախարարներից, մեր ավագներից որին ցանկանում ես, կտանես քեզ հետ: Ես տարակույս չունեմ, որ դու Բյուզանդիայում փառավոր ընդունելություն կգտնես: Թեոդոսը թե՜ քեզ և թե՜ քո արժանահիշատակ հորը անձամբ ճանաչում է: Նա շատ անգամ լսել է ձեր քաջությունները պարսից դեմ և շատ անգամ ուրախացել է ձեզանով:

Ես պատրաստ եմ, տիկին, պատասխանեց սպարապետը խորին հոժարությամբ, և մեծ հույս ունեմ, որ տերը կօգնե ինձ կատարելու քո սրտագին բաղձանքները, որ մեր ամենիս բաղձանքներն են: Բայց չեմ թաքցնում հայտնել քեզ, տիկին, որ ես տակավին մի որոշ եզրակացության չեմ հասել, արդյոք այդ բոլոր փոփոխություններից հետո, թե՜ Պարսկաստանում և թե՜ Բյուգանդական կայսրության մեջ, ի՞նչ դիրք պետք է բռնե Մերուժանը,,.

Ես կարծում եմ, այսուհետև Մերուժանի մասին չարժե մտածել անգամ, որովհետև, Որմիզդախտի մեր ձեռքը գերի ընկնելուց հետո, նա բոլորովին հուսահատված է, և մանավանդ զսպված է երևում: Քանի օր առաջ ներկայացան ինձ նրա պատգամավորները, խնդրում էին, որ եթե Որմիզդուխտին հանձնելու լինենք Մերուժանին, նա պատրաստ է բոլորովին զինաթափ լինել և, գալով իմ ոտքը, զղջալ իր չարագործությունները: Միևնույն ժամանակ սպառնում էր նա, եթե Որմիզդուխտին հանձնելու չլինենք, նա մեր նախարարների բոլոր տիկիններին և օրիորդներին, որոնք յուր ձեռքումն են, կախ կտա նույն ամրոցների աշտարակներից, ուր պահվում են նրանք` պարսիկ բերդակալների հսկողության ներքո: Ես, իհարկե, չհավատացի Մերուժանի ո՜չ ղղջմանը, ո՜չ խոստմունքներին, և խստությամբ պատասխանեցի նրա պատգամավորներին, ասելով, եթե նրա ձեռքում գտնված գերիների գլխից մի մազ անգամ պակասելու լինի, նա Որմիզդուխտի մարմինը Արտագերսի պարիսպներից կախված կտեսնե: Այդ խոսքերը լսեցին պատգամավորները և գնացին: Այնուհետև Մերուժանը լուռ կացավ և ոչինչ չգործեց:

Բայց նրա լռությունը ավելի վտանգավոր է, քան թե նրա գործողությունը…

Այդ կթողնենք աստուծո տնօրինությանը, սիրելի Մուշեղ, մեզ հարկավոր է այժմ քո ճանապարհորդության մասին մտածել, որ մեր բոլոր հոգսերից ամենակարևորն է:

Կատարված իրողությունները, իրավ է, խիստ բարեպատեհ էին: Բյուգանդական գահը ժառանգել էր հայոց բարեկամ մի կայսր, որի հետ կարելի էր ամեն տեսակ նպատակահարմար դաշնակցություններ կապել: Իսկ պարսից թագավորը խառնված էր նոր պատերազմներով, որ կարող էին երկար ժամանակ նրա ուշադրությունը հեռացնել Հայաստանից: Բայց Հայաստանում տակավին բույն էր գրել ընտանի օձը Մերուժանը որի գլուխը պետք էր ջախջախել, որպեսզի երկիրը կատարյալ խաղաղություն ստանար: Այդ միտքն էր, որ անհանգստացնում էր Մուշեղին:

Թավրիզի հաղթությունից հետո, նա դիտավորություն ուներ հարձակվել Մերուժանի վրա, և մինչդեռ այդ արշավանքի ծրագրի մասին էր խորհում, հանկարծ թագուհին առարկում էր նրան` գնալ Բյուզանդիա: Նրան խիստ ծանր էր, ներքին թշնամին տան մեջ թողնելով, հեռանալ տնից:

Մերուժանը հեշտ կերպով ընկճվող մարդիկներից չէր: Թե նրա քաջության և թե՜ հաստատամտության մասին մեծ համարում ուներ սպարապետը: Այդ էր պատճառը, որ յուր բացակայության ժամանակ նրա առջև դնելու համար մի հավասարակշռող մարդ չէր գտնում սպարապետը: Նա ուներ, արդարև, հայոց իշխաններից շատ քաջ և անձնանվեր պատերազմողներ, բայց նրան պակաս էին այնպիսիները, որ Արծրունյաց հնարագետ իշխանի ռազմական ճարպկություններն ունենային:

Սամվելին դեռ շատ անփորձ էր համարում նա: Այդ ոգելից երիտասարդին սիրում էր նա որպես մի ազնիվ, փափկասիրտ հերոս, որի մեջ արիական ջերմության հետ միացած էր քնքուշ զգացմունքների կրակը: Նա կարող էր լավ զորապետ լինել, բայց չէր կարող լավ զորավար լինել: Ուրիշ ոչ ոքի վրա վստահություն չուներ նա: Ուրեմն ո՞վ պետք է պահպաներ երկիրը, ո՞վ պետք է մաքառեր ներքին թշնամու հետ:

Այդ հոգսերը, նրա բացակայության միջոցում, յուր վրա էր առնում հայոց թագուհին: Բայց միթե կարելի՞ էր հավատալ այդ, կրքերով լի կնոջը, որի մեջ ամեն հատկություններ անզուսպ ծայրահեղության էին հասնում: Նրա մեծամտությունը և վերին աստիճանի ինքնավստահությունը կարող էին շատ բան փչացնել:

Նա ընդդեմ չէր Բյուզանդիա գնալու խորհրդին, բայց ցանկանում էր, որ յուր երթը կատարվի երկիրը թշնամուց բոլորովին մաքրելուց հետո, որպեսզի, հայոց թագաժառանգը գալուց հետո` նոր խռովությունների չհանդիպի: Եվ նրա կարծիքով` քանի դեռ Մերուժանը կենդանի էր, այդ խռովությունները չէին պակսի, որովհետև պարսից արքայից արքան նրան էր խոստացել հայոց գահը:

Դեռ այդ տխուր տարակուսանքների մեջ էր սպարապետը, երբ նա, թեև ակամա, հանձն առեց թագուհու առաջարկությունը և վերկացավ: Թագուհին խորին գոհունակությամբ մեկնեց նրան յուր աջը, որը երկու ձեռքով բռնեց նա, նախ սեղմեց յուր շրթունքներին, և ապա տարավ դեպի ճակատը: Դա մի մեծ շնորհ էր տիկնոջ կողմից դեպի յուր հավատարիմ և անձնանվեր սպարպետը:

Դու առավոտյան դարձյալ կգա՞ս ինձ մոտ, հարցրեց նա մի առանձին սիրելությամբ:

Կգամ, տիկին, պատասխանեց սպարապետը: Մենք բոլորովին չվերջացրինք մեր խոսակցությունը:

Մնում է միայն խոսել այն բանի վրա, թե ի՞նչ կարգադրություններ պետք է լինեն քո գնալուց հետո: Այդ կխոսենք առավոտյան:

Սպարապետը գլուխ տվեց և դուրս եկավ սենյակից: Պալատական սպասավորները առաջնորդեցին նրան մինչև ապարանքի դուռը, ուր պահել էին նրա ձին և սպասում էին նրա ծառաները: Նա նստեց , և ծառաները, ետ ու առաջ ընկած, սկսեցին տանել նրան դեպի յուր բնակարանը: Երկու լապտերներ լուսավորում էին նրա ուղին, և լուռ մտախոհության մեջ անցնում էր նա ամրոցի խորդուբորդ փողոցներով, որ ընկղմված էին գիշերային խորին մթության մեջ: Ոչ ոք չէր երևում, բացի անքուն պահակներից, որ երբեմն խումբերով անցնում էին նրա մոտով, և ի պատիվ իրանց նիզակները բարձրացնելով, գնում էին դեպի զանազան կողմեր:

Իբրև սպարապետ, իբրև երկրի ապահովության հոգաբարձու, նվիրված էր նա Հայոց աշխարհին յուր հոգու բոլոր զորությամբ: Բայց, միևնույն ժամանակ, նա րնտանիքի խիստ գթառատ հայր էր: Արտագերս ամրոցումն էին նրա սիրելի զավակները և նրա սիրելի կինը: Ո՞ւմը կարող էր հանձնել նրանց մի այնպիսի խռովալի ժամանակում, երբ Արտագերսը դրած էր մի սոսկալի հրաբուխի վրա, որ ամեն րոպե կսյրող էր բորբոքվել: Այդ բերդին էին ապավինած և հարյուրավոր իշխանազն ընտանիքներ: Այդ բերդին էր ապավինած և ինքը հայոց թագուհին: Ապագան նրան խիստ մթին գույներով էր երևում, և նրա զգայուն սիրտը ալեկոծվում էր նույնպես մթին տարակուսանքներով: Այդ մտատանջությունների մեջ հասավ նա յուր բնակարանը, ցած իջավ ձիուց և ներս մտավ: Նրան հանդիպեց դեռ չքնած կինը, որ անհամբերությամբ սպասում էր ամուսնին:

Ինչո՞ւ այդքան ուշացար, հարցրեց նա, ուրախությամբ ընդառաջ վազելով:

Դու գիտես, սիրելիս, երբ մարդ Փառանձեմի ձեռքն է ընկնում, հեշտությամբ չի կարող ազատվել, պատասխանեց սպարապետը գրկելով նրան:

Տիկինը ժպտաց:

Երկու օրից հետո, սպարապետը փառավոր պատրաստություններով և ստվար ազատագունդ համհարզներով ճանապարհ ընկավ դեպի Բյուզանդիա:

Նա րնդունեց թագուհու առաջարկությունը և գնաց: Բայց թագուհին տուժեց...

ԺԲ

ՀԱՅՐ ՄԱՐԴՊԵՏԸ

«Եւ եղեւ յետ չորեքտասաներորդ ամսեանն հարուածոց որ յԱստուծոյ հասին ի վերայ գաղթականիս բեբդնորդացն, զի մահ անկաւ ի վերայ նոցա` որք ի բերդին էին, զի ի Տեառնէ հասին պատուհասք: …Յանկարծակի ի միում ժամու հարիւր այր, եւ ի միւսում երկերիւր, ել էր` զի հինգ հարիւր այր մեռան… Ցորժամ սկսան , զամիս մի ոչ յերկարեաց զի սատակեցան առ հասարակ` զի էին արք իբրև մետասան հազար, եւ կանայք իբրեւ վեց հազար...

«Բաց մնաց ի բերդին Փառանձեմ տիկին, երկու նաժշտօք: Ապա եկն եմուտ գաղտո ի ներս ի բերդն Հայր Մարդպետ ներքինին, եւ թշնամանեաց զտի կինն մեծապէս... Ել գաղտուկ, եւ փախեաւ: ... Եւ եկին ( զօրականք Պարսից) կալան զտիկինն, եւ իջուցին ի բերդէն: Ելանէին ի բերդն ի վեր… գերէին զգանձս թագաւորին Հայոց, որ կային ի բերդին,,, Զինն տիլ եւ զինն գիշեր համակ իջուցին զոր գտին յԱրտագերս բերդին, հանդերձ տիկնաւն խւաղացուցին (ի Պարսս) »:

Փաւստոս:

Մուշեղ Մամիկոնյանի Բյուզանդիա գնալուց հետո, թագուհին կարգադրեց, որ յուր մոտ գտնված իշխաններից նրանք, որ գավառատերներ և բերդատերներ էին, գնային իրանց երկիրը պահպանելու, իսկ յուր մոտ թողեց միայն արքունական ազատագունդ զորքերին և յուր ոստանիկներին: Մեկնեցան բերդից Սահակ Պարթևը Մեսրոպ տարոնեցու հետ, մեկնեցավ և Ռշտունյաց օրիորդը` Աշխենը, յուր հետ տանելով յուր քաջ լեռնականներին: Իսկ սպարապետը յուր ընտանիքը տեղափոխեց Մամիկոնյանների սեփական բերդը Երախանի, որ գտնվում էր Տայոց երկրի անտառապատ լեռների մեջ:

Սպարապետի նախագուշակությունները կատարվեցան: Շատ չանցավ, Մերուժան Արծրունին պարսկական զորքերով եկավ և պաշարեց Արտագերսը: Թագուհին այն աստիճան արհամարհանքով էր նայում այդ պաշարման վրա, որ ամեն անգամ, երբ Մերուժանի պատգամավորները ներկայանում էին նրան, առաջարկելով, թե Մերուժանը ամենայն հոժարությամբ պատրաստ կլինի թողնել պաշարումը և հեռանալ, եթե Որմիզդուխտին նրան կհանձնեն, բայց պատգամավորները միշտ տանում էին թագուհու խիստ պատասխանները: Կատաղած Մերուժանը ավելի ևս սաստկացնում էր պաշարումը, կտրելով բերդի հաղորդակցությունը ամեն կողմից, և աշխատելով, եթե զենքի ուժով անհնար կլինի գրավել, գոնե սովով ստիպե նրանց անձնատուր լինելու:

Բայց բերդը համառությամբ կանգնած էր յուր անսասան ապառաժների վրա, և առ ոչինչ էր համարում թշնամու սպառնալիքները:

Երբ Մերուժանը օրըստօրե ամրացնում էր պաշարումը, միևնույն ժամանակ Վահան Մամիկոնյանը յուր հրամանի ներքո եղած պարսկական մյուս զորքերով փակել էր բոլոր ճանապարհները, որպեսզի թույլ չտա, որ Հայոց նախարարները պաշարյալնե-րին օգնության հասնեն և Մերուժանի զորքերը ցրվեն բերդի շրջակայքից:

Բայց թագուհին դրսից օգնություն անգամ չէր սպասում: Նա սպասում էր միայն յուր որդուն` Պապին: Մի ամիս ևս, երկու ամիս ևս և գուցե շատ ամիսներ նա կարող էր ընդդիմանալ, մինչև կհայտնվեր ըղձալի որդին և յուր հետ կբերեր հռովմեական լեգեոնները,..

Բայց Բյուզանղիայում գործերը դեռ հապաղման մեջ էին: Հայոց պատգամավորները, ժամանելով այնտեղ, նորընտիր կայսրին յուր մայրաքաղաքում չգտան: Նա զբաղված էր գոթաց պատերազմներով: Այդ պատերազմները, իբրև մի աղետալի ժառանգություն, մնացել էին նրա նախորդից` Վաղեսից:

Վաղեսի վերջին օրերում, գազանաբարո գոթերը, ահագին բազմությամբ դուրս գալով իրանց մթին լեռներից, հեղեղեցին կայսրության ընդարձակ գավառները և հասան մինչև Բյուզանդիայի պարիսպները: Վաղեսը կռվեց քաջությամբ և ընկավ քաջությամբ: Պատերազմի դաշտից նրան վիրավորված տարան մի գյուղական խրճիթ: Թշնամին այրեց խրճիթը, նրա մեջ այրվեցավ և դժբախտ կայսրը:

Երբ նրա մահից հետո, Սիրմիոնում Թեոդոսը ընդունեց Գրատիանոսի ձեռքից կայսերական ծիրանին, նորընտիր կայսրին– վիճակվեցավ մի շատ դժվար գործ` նախ մաքրել երկիրը կիսավայրենի գոթերից և ապա գնալ Բյուզանդիա` ժառանգելու իրան հասած գահը: Ամբողջ ինն ամիս տևեց, մինչև կարողացավ նա խաղաղացնել գոթերին, և ամբողջ ինն ամիս հայոց պատգամավորները սպասում էին, մինչև վերադարձավ նա յուր մայրաքաղաքը:

Թեև Մուշեղ Մամիկոնյանը և յուր հետ եղած ավագանին խիստ փառավոր ընդունելության արժանացան Թեոդոսից, բայց դարձյալ նրանց խնդիրքը երկար մնաց անկատար, որովհետև նորընտիր կայսրը ա՜յն աստիճան խառնված էր յուր ներքին գործերով, որ ամենևին ժամանակ չուներ արտաքին քաղաքականությամբ զբաղվելու, մանավանդ Հայոց գործով, որ պիտի հարուցաներ նրա դեմ, անտարակույս, մի նոր պատերազմ, այն ևս պարսկական ծանր պատերազմ: Այդ էր պատճառը, որ նա միշտ հետաձգում էր Հայոց պատգամավորների գործը:

Նրա նախորդը, հալածասեր Վաղեսը, ուրիշ շատ հոգսերի հետ թողել էր նրան և կրոնական մեծ խնդիրը, որ այդ ժամանակ հռովմեական ամբողջ կայսրությունը ալեկոծման մեջ էր պահել: Թեոդոսը պետք է վերադարձներ Վաղեսի աքսորած բարձրաստիճան հոգևորականներին, և պետք է կռվեր բազմաթիվ աղանդների դեմ, որոնք Վաղեսի պաշտպանությամբ սաստիկ աճել և զորացել էին: Մայրաքաղաքում անդադար ժողովներ էին կազմվում, որոնց երբեմն ինքը կայսրը անձամբ ներկա էր .գտնվում :

Երբ այստեղ զբաղված էին կրոնական ապարդյուն վիճաբանություններով, այնտեղ, Հայաստանում, Մերուժան Արծրունին ավելի և ավելի սաստկացնում էր Արտագերսի պաշարումը: Իսկ Հայոց թագուհին մեծ անհամբերությամբ սպասում էր յուր որդուն և կայսրի լեգեոններին…

Կայսրի խոստմունքների համեմատ, Բյուզանդիայից ստեպ սուրհանդակներ էին ուղարկվում, որոնք գալիս էին և, բերդի գաղտնի անցքերով մտնելով, ներկայանում էին թագուհուն, և միշտ միևնույն լուրերն էին բերում, թե, «մի փոքր ևս սպասիր, մի փոքր ևս դիմացիր, և ահա՜ կգա քո որդին, յուր հետ բերելով հռովմեական զորությունները…»:

Եվ թագուհին ամենայն անձկությամբ սպասում էր… և ամենայն եռանդով ընդդիմանում էր... Սպասում էր և նրա հետ գտնված բազմությունը,,.

Ամբողջ տասնևերեք ամիս սպասեց նա, ամբողջ տասնևերեք ամիս քաջությամբ ընդդիմացավ նա: Ո՜չ Մերուժանի վայրագությունը և ո՜չ պարսկական զորքերի կատաղությունը չկարողացան ազդել Արտագերսի անմատչելի ամրությունների վրա: Բայց ազդեց երկնքի պատուհասը…

Տասնևչորսերորդ ամսում հայտնվեցավ մի նոր և ավելի կատաղի թշնամի, որի հետ այլևս հնար չկար մարտնչելու: Դա էր սոսկալի ժանտախտը: Անողորմ կերպով սկսեց կոտորել պաշարյալներին: Ամեն օր մի քանի հարյուր հոգի մեռնում էին: Մի անգամ թագուհու սեղանի մոտ, ճաշելու միջոցին, մեռան հինգ հարյուր հոգի: Մահվան տագնապը խանգարեց ամրոցի ընդհանուր կարգը: Ամեն ոք յուր կյանքի մասին էր մտածում: Թեև այդ անագորույն ախտի հենց հայտնվելու սկզբում` թագուհին հայտնեց բոլորին, թե ով ցանկանում է, կարող է թողնել և հեռանալ, բայց ոչ ոք չկամեցավ բաժանվել նրանից: Ամենքը ուխտել էին մնալ նրա մոտ, և մեռնել նրա ոտքերի մոտ: Բերդի խորքերում փախուստի համար շատ գաղտնի ճանապարհներ կային, բայց ոչ ոք օգուտ չքաղեց այդ ճանապարհներից: Իրանց սիրելի թագուհուն հավատարիմ մնացած բազմության մեջ` անձնազոհության իղձը ավելի սաստիկ էր, քան թե ճարակող մահվան կատաղությունը: Ժամանակ չէին գտնում դիակները թաղելու: Կենդանի մարդիկ թաղման միջոցում` իրանք ևս րնկնում էին դիակների մոտ: Ամեն ոք կանխապես փորում էր յուր գերեզմանը: Ամեն ոք գիտեր, որ վաղը, և գուցե մի քանի րոպեից հետո, կարող է այլևս չլինել.,.

Բայց բերդի դրսում դեռ չգիտեին, թե նեոսում ի՜նչ է կատարվում: Պաշարյալները և՜ մեռնում էին, և՜ պատրաստվում էին մեռնելու համար, և՜, միևնույն ժամանակ, կռվում էին արտաքին թշնամու հետ:

ժանտախտի հետ համարյա զուգընթաց կերպով սկսվեցավ և սովը: Սովը գերազանցեց ժանտախտին: Սովը մոռանալ տվեց ժանտախտի ահռելիությունը: Հեշտ էր մեռնել, բայց շատ դժվար էր կենդանի մարդուն քաղցի կատաղության հետ մաքառել:

Բերդի պաշարման տասնևերեք ամիսների ընթացքում՝ նրա մեջ խմբված ահագին բազմությունը սպառեց բոլոր ամբարները: Տասնևչորսերորդ ամսում այլևս ոչինչ չէին գտնում ուտելու: Բերդում ո՜չ շուն մնաց, ո՜չ կատու և ո՜չ մի այլ չորքոտանի, բոլորը կերան: Ազատանի կանայք երկանաքարը առջևում դրած, ոսկորներ էին աղում և բաժանում էին սովյալներին, որոնք փոխնդի նման ուտում էին: Ինքը թագուհին` կոշիկների և տրեխների կաշիներից` յուր ձեռքով ապուր էր եփում, և բաժանում էր սովյալներին: Դրանք ևս սպառվեցան: Սպառվեցան նաև բերդի ապառաժների վրա բուսած մացառները, որ ավելի փութացնում էին մահացությունը, քան թե կշտացնում էին: Օրհասական տագնապը այն աստիճան կատաղության հասավ, որ սովի խելագարության մեջ` ոմանք կերան իրանց զավակներին...

Այդ բոլոր սոսկալի արհավիրքների ժամանակ, երբ մարդկային ամեն հոգեկան և մտավոր զորությունները փշրվում են, խորտակվում են վերահաս փորձանքների հարվածների ներքո երբ մարդը փոքրանում է, ոչնչանում է վտանգի ահավորության առջև, անսասան մնաց միայն թագուհին: Մինչև յուր վերջին զինվորը կորցնելը` նա պահպանեց յուր հոգու բարձր զորությունը և յուր ամրոցի դռները բաց չարեց թշնամու առջև:

Նա մտավ այդ ամրոցը տասնևմեկ հազար սպառազինված տղամարդիկներով և հինգ հազար իշխանազն տիկիններով: Ամենքը մեռան, ամենքը զոհ եղան հայրենիքի պաշտպանության սիրույն: Կենդանի մնաց միայն թագուհին յուր երկու մանկահասակ նաժիշտների հետ: Կենդանի մնաց և Որմիզդուխտ օրիորդը: Տասնևերեք ամիս անցուցին նրանք անվտանգ: Տասնևչորսեըորդ ամսում միայն` միաժամանակ սկսվեցան սովը և ժանտախտը: Եվ այղ մի ամսում ոչնչացրին ամեն կենդանություն, այդ մի ամսում տարան տասնևյոթ հազար զոհեր…

Տասնևչորսերորղ ամսի վերջին օրն էր վերջին աղետալի օրը:

Երեկոյան արեգակի դողդոջուն ճառագայթները մի քանի րոպե ևս փայլ-փալեցին ամրոցի բարձր աշտարակների կապտագույն ապենկարների վրա, և ապա, մարող կյանքի վերջին նշույլների նման, իսկույն հանգան: Մթությունը սկսեց հետզհետե նսեմացնել ամրոցի պայծառ լուսավորությունը: Տիրում էր ընդհանուր լռություն, ընդհանուր դատարկության հետ: Տեղ-տեղ երևում էին միայն անթաղ դիակներ, որ մնացել էին որպես կերակուր գիշակեր թռչուններին: Սև անգղների անհագ երամը, սև ոգիների նման, պտտվում էր այդ այլանդակված դիակների շուրջը, և երբեմն յուր անախորժ կռնչյունով աղմկում էր օդի մեռելային հանգստությունը:

Այդ միջոցին երկու մանկահասակ օրիորդներ, երկու գեղեցիկ Արտեմիսների նման, շրջում էին ամրոցի ահռելի դատարկության մեջ: Երկուսի ուսին ևս ձգած էր միմի արծաթյա կապարճ լի նետերով, երկուսն էլ ձեռքում կրում էին մի-մի թեթև աղեղ: Որսորդության այդ սիրուն դիցուհիները հագել էին` սասունցի որսորդ կանանց նման` որսորդական կարճ զգեստներ: Գլխների երկայն գիսակները պսակաձև կապած ճակատի վրա, կուրծքները կիսով չափ բաց, բազուկները հոլանի, և մերկ սրունքների վրա կապել էին նախշուն, փետուրի պես թեթև, մույկերր: Դրանք թագուհու երկու նաժիշտներն էին: Մեկին կոչում էին Շուշանիկ, մյուսին` Հասմիկ: Երկուսն էլ շուշանների նման ճերմակ էին, երկուսն էլ հասմիկի նման հոտավետ էին: Նրանք հասան շրջապարսպի աշտարակներից մեկի մոտ: Նայեցին դեպի վերև, հետո լուռ ժպիտով նայեցին միմյանց երեսին:

Թող այս երեկո ես առաջ փորձեմ իմ բախտը, ասաց Շուշանիկը հազիվ լսելի ձայնով:

Ոչ, առաջ ես, խնդրեց Հասմիկը:

Այսպես վիճելով, մոտենում էին նրանք մի զույգ աղավնիի, որ նստած էին աշտարակի բարձության վրա, և խորին հրճվանքով գուրգուրում էին միմյանց:

Շուշանիկը զգուշությամբ ձեռքը տարավ դեպի կապարճը, հանեց մի նետ, հարմարեցրեց աղեղին և ուղղեց դեպի երջանիկ թռչունները: Լարը ճայթեց, նետը սլացավ… Բայց նետումն անցավ անհաջող... Նրան անմիջապես հետևեց Հասմիկի նետը: Աղավնիներից մեկը, թևքերր թափահարելով, գլորվեցավ դեպի ցած: Մյուսը թռավ, և օդի մեջ մի քանի տխուր պտույտներ գործելով յուր սիրելի վարուժանի շուրջը, և ապա անհայտացավ երեկոյան մթության մեջ:

Հասմիկը վեր առեց յուր որսը, սկսեցին առաջ գնալ, և նրանց վառվռուն աչքերր ուշադրությամբ դեգերում էին աշտարակների բարձրության վրա, ուր ամեն երեկո գալիս էին աղավնիներր գիշերային հանգիստ գտնելու: Շուշանիկը տխուր էր, որովհետև այդ առաջին անգամն էր, որ նրա նետը շեղվում էր նպատակից: Իսկ Հասմիկի դեմքը, ընդհակառակն, փայլում էր մի առանձին, ինքնաբավական ուրախությամբ:

Այդպես ամեն երեկո` այդ երկու մանկահասակ աղջիկները հայտնվում էին ամրոցի շրջապարսպի մոտակայքում և թռչուններ էին որսում: Այղ թռչուններից պատրաստում էին իրենց սիրելի թագուհու թե՜ ճաշը և թե՜ ընթրիքը: Այդ թռչուններով կերակրվում էին և իրանք:

Երեկոյան մթությունը սկսեց հետզհետե թանձրանալ, և գիշերային խավարը, վերջապես, ծածկեց այն սոսկալի տեսարանները, որ այդ օրերում պատկերացնում էր Արտագերսը: Այլևս չէին երևում դիակների կույտերը, որ նայողին սարսափ էին ազդում: Այլևս չէին երևում մարդկանց լուծված, այլանդակված կմախքները, որ անթաղ ընկած էին փողոցների վրա: –Երևում էր միայն մի բարձրահասակ կին, որ վառած ջահը ձեռքին` միայնակ շրջում էր այդ դիակների մեջ: Նա նմանում էր այն Արալեզ աստվածուհիներից մեկին, որ մի ժամանակ, կռվից հետո, շրջում էին պատերազմի դաշտում, և հայոց ընկած քաջերին կյանք և անմահություն էին շնորհում: Տխուր, սրտաբեկ հայացքով աչք էր ձգում նա անբախտ զոհերի վրա, և ուշիկ քայլերով անցնում էր: Նրանցից շատերը մի քանի օր առաջ կենդանի էին, նրանցից շատերը նրա սիրելիներն էին: Իսկ այժմ ընկած էին անխնամ, անտեր, զուրկ այն միակ մխիթարությունից, որ վայելում է մահկանացուն, մայր-հողի գրկում հանգիստ գտնելով: Տխո՛ւր էր տեսարանը, մահվան չափ տխո՛ւր էր: Մոր կուրծքին կպած, հանգել էր սիրելի զավակը: Նորափթիթ օրիորդը՝ խամրած, դալկացած, ընկել էր, որպես մի նորափթիթ ծաղիկ, որ յուր արմատից կտրում է, ցած է տապալում հնձավորի անգութ մանգաղը: Սոսկալի՛ էր այդ հունձքը, դա անսիրտ Կրողների անողորմ հունձքն էր..,

Նա՜, ջահը ձեռին, շարունակում էր առաջ գնալ: Նրա գեղեցիկ դեմքը, ջահի պայծառ լուսավորության առջև, արտահայտում էր որդեկորույս մոր անմխիթար թախծությունը: Բայց նա՜, այդ դժբա՛խտ մայրը, կորցրել էր յուր հազարավոր զավակներին… Նա կորցրե՛ց բոլորին, բայց չկորցրեց յուր սրտի վեհությունը: Նա զրկվեցավ բոլորից, բայց պահպանեց յուր կամքի երկաթյա ամրությունը…

Նա հառաջ էր ընթանում և նրա թեթև զգեստների երկար քղանցքները, քսվելով փողոցների անհարթ սալահատակին, գիշերային լռության մեջ` արձակում էին խիստ մեղմ, մելամաղձական սոսափյուն: Նա դուրս եկավ նեղ, խորդուբորդ փողոցներից, և յուր արագ քայլերը ուղղեց դեպի երկու բարձր աշտարակներ, որ երկու վիթխարի հսկաների նման, կանգնած էին ամրոցի գլխավոր դռան աջ և ահյակ կողմերում: Ներս մտավ աշտարակներից մեկի դռնից, սկսեց ոլորապտույտ սանդուղքներով վեր բարձրանալ: Ջահի լույսը խռովեց չղջիկների գիշերային հանգիստը, որոնք ստվար խումբերով թաքնվել էին այդ հինավուրց շինվածքի մթին խորշերում: Մի ակնթարթում, որպես մի սև թուխպ, փոթորկեցին նրանք աշտարակի դատարկությունը, և նրա խուլ կամարները թնդացին հարյուրավոր մաշկաթևիկների թափահարումից: Մի քանիսն իրանց սառն, անախորժ թևիկներով զարկվեցան նրա գեղեցիկ երեսին: Բայց նա ոչինչ չզգաց, միայն ձեռքով պահպանեց ջահը, որ չհանգցնեն:

Երբ հասավ մինչև աշտարակի կատարը, մի առանձին խնամքով վեր առեց այնտեղ դրած ճրագները, վառեց ջահի լույսով և դրեց իրանց տեղում, նեղ լուսամուտների մոտ: Ավարտելով յուր գործը, շտապով ցած իջավ: Մոտեցավ ամրոցի երկաթյա դռներին: Խորին ուշադրությամբ զննում էր ծանր փականքները, նայում էր ամուր նիգերին և շոշափում էր հաստ սողնակներն ու պարզունակները: Ամեն ինչ յուր տեղումն էր, ամեն ինչ կազմ և պատրաստ էր, միայն պահապաններ չկային: Նա անցավ դեպի մյուս աշտարակները:

Աշտարակների բարձրության վրա` տեղ-տեղ հանդիպում էր նա գիշերապահ զինվորների, որ նիզակը կուրծքին սեղմած, պառկել էին մերկ հատակի վրա: Այդ մշտարթուն պահապանները, որ ամբողջ գիշերը իրանց դիտանոցի գագաթից հսկել գիտեին շրջակայքի վրա, այժմ քնած էին, և քնած էին մահվան անզգա քնով… Դա՛ռն օրհասը ժամանեց նրանց` հենց իրանց պաշտոնավարության րոպեում...

Այսպես ամեն գիշեր, ջահը ձեռին, միայնակ, հայտնվում էր այդ գեղեցիկ, բարձրահասակ կինը, և լուսավորում էր այն բոլոր աշտարակները, որ նայում էին դեպի պաշարող թշնամու բանակը: Այդպես անում էր նա, որ թշնամուն կարծել տա, թե բերդում դեռևս մարդիկ կան, դեռևս ամեն ինչ յուր կարգումն է:

Այդ բարձրահասակ, գիշերաշրջիկ կինը հայոց թագուհին էր գեղաչյա Փառանձեմը: Նա այժմ յուր ամայի և անմարդացած ամրոցի թե՛ տերն էր և թե՛ նրա անքուն պահապանը, և յուր հոգու անսահման մեծությամբ լցնում էր նրա խորին դատարկությունը:

Համարյա միևնույն ժամանակ, երբ թագուհին ջահը ձեռին շրջում էր յուր բերդի ամայության մեջ և յուր սրտի սաստիկ բաբախմունքով զննում էր, վերաստուգում էր նրա յուրաքանչյուր ամրությունները, այո՜, հենց միևնույն ժամանակ` բերդում հայտնվեցավ մի այլ խուզարկու: Նա եկավ դրսից: Նա ներս մտավ այն գաղտնի անցքերից մեկի միջով, որոնց թե՜ մուտքը և թե՜ ելքը հայտնի էր միայն թագուհուն, և որոնց հարաբերությունը դրսի հետ` պահվում էր որպես խորին գաղտնիք:

Հաղթանդամ էր այդ մարդը, և յուր անհեթեթ հագուստով, որի լայն ծալքերը ալիքավոր խորշերով իջնում էին մինչև ոտները, ներկայանում էր որպես մի մռայլ, հսկայամարմին դև, որ գիշերային մթության մեջ անգամ, յուր մթին կերպավորու-թյամբ որոշվում էր տիրող խավարից: Գոտիից կախ էր ընկած երկար թուրը, որ քարշ էր գալիս գետնով, և նա ձեռքով բռնել էր, որպեսի ձայն չհանե: Իսկ ազդրի վրա, հագուստի ներքո, թաքցրած էր երկսայրի նրանը: Գիշերային խավարը բարեբախտաբար սքողել էր նրա ահռելի, ծաղկահար դեմքը, որի աղյուսագույն կաշին ծակտիքավոր սպունգի նմանություն ուներ: Քոսակ և սաստիկ զարգացած ծնոտների վրա դուրս էին ցցված մի քանի մազեր միայն: Աչքերի մեջ վառվում էր կատաղություն, որ խառն էր նրա ինքնաբավական, դիվական հրճվանքի հետ:

Նա հեռվից տեսավ թագուհուն, ջահը ձեռին, և ճանաչեց: Այդ միջոցին նրա ահռելի դեմքի վրա անցավ մի դառն ժպիտ, և ուռած շրթունքները արտասանեցին մի նույնպիսի դառն անեծք... նա կանգ առեց, խավարի մեջ սպասեց, մինչև թագուհին հեռացավ: Հետո սկսեց գաղտագողի կերպով հետևել նրան:

Ամրոցի խորին դատարկությունը, դիակների խառնափնթոր կույտերր և շրջակայքի ընդհանուր լռությունը, որ ամեն մի փոքր ի շատե զգացմունք ունեցող մարդուն կարող էին սարսափ և սոսկում ազդել, ընդհակառակն, հարուցանում էին այդ հրեշի մեջ թե՜ ուրախություն և թե՜ զարմացում: Ուրախանում էր, որ այդ թշվառ դրության մեջ էր գտնում ամրոցը, զարմանում էր, որովհետև նրան դեռ պարզ չէ, թե ի՞նչ դժբախտ պատահարներից պետք է առաջ եկած լիներ այդ հանկարծակի ավերմունքը, որը ամենևին չէր սպասում: Նրան այնպես էր թվում, թե վրեժխնդրության աստուծո անողոք բարկությունը մի քանի վայրկյանում ոչնչացրել և մոխիր էր դարձրել ամեն ինչ, թեև դեռ կանգնած էին հզոր պարիսպները, թեև դեռ գիշերային խավարի մեջ աղոտ կերպով նշմարվում էին սպառնալի աշտարակները: Բայց մարդիկ չէր տեսնում, և այդ էր, որ նրա անգութ սիրտը լցնում էր անսահման բավականությամբ:

Չկորցնելով թագուհուն յուր հետախույզ տեսությունից, նա, միևնույն ժամանակ, ուշադրությամբ աչք էր ածում յուր շուրջը: Նրան հանդիպում էին դիակներ միայն: Եվ ամեն անգամ, երբ այդ սառն և անշունչ մարմինները խոչընդոտ էին դառնում նրա զգույշ քայլերին, և երբ խավարի մեջ մատներով շոշափում էր նրանց, մի առանձին զվարճություն էր զգում: Նա այնքան սպասեց, մինչև թագուհին, ավարտելով յուր գործը, դիմեց դեպի արքայական ապարանքը: Այդ միջոցին նա սկսեց շրջել բերդի ամեն կողմերում, որպեսզի լավ ծանոթանա նրա դրության հետ, որը տակավին յուր համար երկբայական էր: Խորին ուշադրությամբ հետազոտում էր մարտկոցները և զինվորանոցները, քննում էր զենքերի մթերանոցները և ամեն ինչ յուր տեղումն էր գտնում: Միայն ո՜չ զինվորներ կային և ո՜չ այլ մարդիկ: Ի՞նչ եղան, ո՞ւր գնացին, միթե ամենքը մեռա՞ն, այդ հարցերն էին պտտվում նրա խռովյալ գլխում, որ ամբոխված էր մռայլ մտքերով, որոնք նույնքան խավար էին, որոնք նույնքան զարհուրելի էին, որպես գիշերային ընդհանուր խավարը:

Երբ բոլորովին ստուգեց ամրոցի դատարկությունը, նա մոտեցավ արքայական ապարանքին: Երկար դեգերում էր նրա շուրջը, և յուր լսելիքների բոլոր զորությամբ աշխատում էր ըմբռնել, արդյոք չէ՞ լսվում որևէ շշունջ ներսից: Բայց այն ուրախ, մշտածիծաղ ապարանքը լուռ էր, լուռ էր որպես մի խուլ և անշարժ գերեզման: Այդ սիրո և երջանկության պալատը, այղ անլուռ երգերի և նվագածության տաճարը` յուր բոլոր հոգեզվարճ կյանքով ու սովորություններով վաղուց ծանոթ էր նրան: Նա գիտեր, թե օրվա ո՜ր ժամում ի՜նչ էր կատարվում այնտեղ: Նա գիտեր նրա աղմկալի գիշերները, ուր մինչև առավոտ գուսանների հերոսական տաղերգը և պարողների տրոփյունը թնդեցնում էին ընդարձակ սրահները: Իսկ այժմ ամեն ինչ մեռած, ամեն ինչ նիրհում էր խորին, անմռունչ անշարժության մեջ: Այդ անշարժությունը ավելի ծանր տպավորություն էր գործում ապարանքի թանձր մթությամբ, որ ապացույց էր մարդու և բնակիչների բացակայության: Եվ այդ ուրախացնում էր նրան: Այդ ապարանքը սովոր էր ամբողջ գիշերը վառված լինել, բազմաթիվ ճրագների անշեջ պայծառության մեջ: Իսկ այժմ ո՛չ մի սենյակ լուսավորված չէր, և ո՛չ մի լուսամատից ճրագ չէր երևում: Մի սենյակից միայն նշմարվում էր աղոտ լույս, որը մարելու մոտ էր: Դա թագուհու առանձնարանն էր:

Նա մի առանձին անվճռականությամբ ոտք դրեց գլխավոր դռան սյամի վրա, բայց տակավին չէր համարձակվում ներս մտնել: Զգուշանում էր, գուցե ապարանքի բազմաթիվ դրանիկներից և ոստանիկներից ոմանք դեռևս մնացած լինեին: Բայց միևնույն մամանակ նրան խրախուսում էր այն միտքը, որ եթե ապարանքում մարդիկ մնացած լինեին, ուրեմն ինչո՞ւ էր թագուհին այնպես միայնակ շրջում, կամ ինչո՞ւ էր կատարում նա այն ծառայությունը, որ յուր գործը չէր: Նա յուր անվստահ քայլերը փոխեց և ներս մտավ: Նա ներս մտավ, և իսկույն անհայտացավ ապարանքի մթին նրբանցքների մեջ...

Այդ միջոցին Շուշանիկը ու Հասմիկը խոհանոցում զբաղված էին. մեկը փետրահան էր անում աղավնիները, մաքրում էր, մյուսը բորբոքում էր կրակը, որ շուտով խորովեն: Բախտը նպաստեց նրանց և այն երեկո որսացին չորս աղավնիներ, որ խիստ հազիվ անգամ էր պատահում: Իրանք ևս չորս հոգուց ավելի չէին, թագուհին, Որմիզդուխտ օրիորդը և այդ երկու նաժիշտներն էին միայն մնացել բեբդում:

Այս գիշեր ճոխ սեղան կունենանք, ուրախանալով ասաց Հասմիկը:

Եթե մի կտոր հաց լիներ, տխրությամբ նկատեց Շուշանիկը: Ա՛խ, որքան ժամանակ է, որ հացի երես չենք տեսել…

Շուշանիկի բաղձանքը նույնպես տխրություն պատճառեց ուրախ Հասմիկին, որը, յուր ընկերուհուն մխիթարելով, ասաց,

Աստված ողորմած է, սիրելի քույրիկ, մենք արդեն սովորել ենք առանց հացի` միայն մսով կերակրվել և աստված ամեն օր ուղարկում է մեզ համար գեղեցիկ աղավնիներ:

Թագուհին նույնպես սովորեց,,, այժմ խորոված որսի միսը մեծ ախորժակով է ուտում, բայց Որմիզդուխտ օրիորդը զզվանքով…

Նա էլ կսովորի…

Շուշանիկը կրկին ընկավ տարակուսանքների մեջ:

Մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, Հասմիկ, հարցրեց նա ցավալի ձայնով: Ամենքր մեռա՛ն և հանգստացան: Մենք միայն մնացինք: Եթե մենք էլ մեռնեինք, կազատվեինք…

Ինչո՞ւ մեռնեինք, վշտանալով պատասխանեց Հասմիկը: Եթե մենք մեռնեինք, ո՞վ պետք է ծառայեր թագուհուն: Աստված մեզ թողեց նրան ծառայելու համար:

Դու չե՞ս վախենում, Հասմիկ, խոսքը փոխեց մելամաղձոտ Շուշանիկը:

Ինչի՞ց պետք է վախենամ:

Ինչպե՞ս ինչից: Եթե պարսիկները գիտենան, որ բերդում մարդ չէ մնացել, և հանկարծ կոտրեն դռները ու ներս մտնեն: Այն ժամանակ ի՞նչ կանես…

Այն ժամանակ, պատասխանեց Հասմիկը ծիծաղելով, մենք մեր նետերով կկռվենք նրանց հետ և թող չենք տա, որ մեզ մոտենան…

Շուշանիկը նույնպես սկսեց ծիծաղել, բայց յուր ընկերուհու պարզամիտ խրոխտանքի վրա: Նա հասակով ավելի մեծ էր, քան ոգելից Հասմիկը:

Մինչ խոհանոցում երկու նաժիշտները այդ խորհրդածությունների մեջ էին, թագուհին վերադարձավ ապարանքը: Նա մտավ յուր առանձնարանը, աշտանակի վրայից առեց միակ ճրագը և իսկույն դուրս եկավ: Հանդարտ, չափավոր քայլերով անցավ նա դատարկ, խավարի մեջ ընկղմված լուռ սրահները և մոտեցավ մի սենյակի դռան: Գրպանից հանեց բանալին, դուռը բաց արավ: Այդ գործողությունը թեև չափազանց զգուշությամբ կատարվեցավ, այնուամենայնիվ, ծանր դռան ճռնչյունը զարթեցրեց մի օրիորդի, որ թախտի վրա պառկած էր:

Ջո՜ւր եմ ուզում… ծարա՜վ եմ… եղավ նրա առաջին խոսքերը, երբ քնեած աչքերը բաց անելով, տեսավ յուր մոտ թագուհուն, ճրագը ձեռին: Այդ խոսքերը այնպիսի մի պարզությամբ արտասանեց նա, որպես միամիտ երեխան դիմում է սիրելի մորը, կամ մտերիմ դայակին:

Միթե քեզ մոտ ջուր չե՞ն դրել, հարցրեց թագուհին մի այնպիսի կարեկցությամբ, որի անկեղծ հնչյունները լսվեցան նրա գթով լի, քաղցր ձայնի մեջ:

Շատ անգամ մոռանում են.,.

Թագուհին ճրագը ցած դրեց, շտապով դուրս վազեց, և մի քանի րոպեից հետո կրկին ներս մտավ, ջրով լի արծաթյա թասը ձեռին: Օրիորդը շնորհակալությամբ առեց թասը, շիջուց յուր ծարավը, ասելով.

Բավական սա՛ռն է …

Այդ մանկահասակ աղջիկը Որմիզդուխտ օրիորդն էր` Շապուհ արքայի քույրը, հայոց թագուհու գերին, իսկ Մերուժան Արծրունու հանդերձյալ հարսնացուն: Նա տասնևյոթ տարեկան հազիվ լիներ, բայց, որպես արևելյան տաք երկնքի ծնունդ, վաղօրոք հասունացել և կազմակերպվել էր յուր չքնաղության բոլոր կախարդիչ հրապուրանքով: Գեղեցկության աստվածը, կարծես, նրա վրա թափել էր յուր բոլոր ճիգը` մահկանացուներից անմահ մի էակ ստեղծագործելու: Նրա խոշոր աչքերի անսահման պայծառությունը միայն բավական էր, որ յուր մեջ ընկղմեր Մերուժան Արծրունու բոլոր խելքը, միտքը և հոգին: Նրա մեջ ա՜յն աստիճան քաղցրություն և ա՜յն աստիճան մեղմ քնքշություն կար, որ հայոց թագուհին, չնայելով որ այնքան դառն ատելություն ուներ թե՜ դեպի Շապուհը և թե՜ դեպի առհասարակ պարսից արքայական ազգատոհմը, այնուամենայնիվ, վերջին օրերում ո՜չ միայն մայրական խնամք էր տանում Շապուհի քրոջ Որմիզդուխտի վրա, այլ սկսել էր մինչև անգամ սիրել նրան: Վերահաս դժբախտությունները, սովը, ժանտախտը` ամրոցի ընդհանուր մահացությունըմոռանալ տվին հայոց թագուհուն այն անողորմ ոխակալությունը, որ բորբոքվում էր նրա մեջ դեպի Շապուհի ընտանիքը: Այո՛, նա սկսեց սիրել Որմիզդուխտին, նա սկսեց փայփայել յուր գերիին, որի կյանքը և մահը յուր ձեռքումն էր: Այդ սիրո մեջ գտնում էր նա յուր հոգու մխիթարությունը այն դժբախտ րոպեներում, որ վերջին օրերում վարում էր նա յուր ամրոցում: Վիճակների համանմանությունը առաջ էր բերել նրանց մեջ մի տեսակ փոխադարձ կարեկցություն: Օրիորդը, իրավ, գերի էր, բայց թագուհին միշտ գերության ենթակա էր յուր պաշարյալ ամրոցի մեջ: Ամեն վայրկյան սպասում էր նրան մի նույնպիսի վիճակ, գուցե ավելի դժնդակ, գուցե ավելի դաժանական, հեռավոր Պարսկաստանում...

Ճարակող ախտի միջոցում բռնվեցավ և նազելի օրիորդը: Այդ օրերում թագուհին հանգստություն չուներ: Ամբողջ գիշերներ լուսացնում էր նրա անկողնի մոտ: Երբ ազատվեցավ, թագուհին մխիթարվեցավ: Այնուհետև պահում էր նրան համարյա փականքի մեջ և թույլ չէր տալիս, որ ապարանքից դուրս դա: Զգուշանում էր, մի գուցե դրսի սարսափելի երևույթների ազդեցությունը կրկին վերադարձներ նրա հիվանդությունը: Օրիորդը սաստիկ վախենում էր մեռելներից. իսկ ամրոցի փողոցները դեռ լի էին դիակներով:

Թագուհու մատուցած սառը ջուրը խմելուց հետո, բոլորովին սթափվեցավ նա քնից և, հանկարծ վեր թռչելով յուր տեղից, գրկեց նրա պարանոցը և երկար բաց չէր թողնում յուր գրկից, համբուրում էր, փայփայում էր և, միևնույն ժամանակ, լսելի էր լինում նրա խուլ հեկեկանքը:

Ինչ է պատահել քեզ հետ, սիրելիս, հարցրեց թագուհին շփոթվելով:

Ա՛խ, եթե գիտենայիր, որքա՛ն լաց եմ եղել... որքա՛ն լաց եմ եղել.,. մրմնջաց նա լալագին ձայնով:

Ինչո՞ւ էիր լաց լինում, սիրելիս: Ի՞նչ ունեիր լաց լինելու:

Երազումս էի լաց լինում... բայց հիմա ուրախ եմ... շատ ուրախ եմ... դու դարձյալ կաս… դու դարձյալ իմ մոտս ես...

Թագուհին հասկացավ, որ տխուր երազներ խռովել էին նրա զգայուն երևակայությունը: Համբուրեց և, սեղմելով յուր կուրծքին, նստացրեց յուր մոտ բազմոցի վրա, և ապա հարցրեց, թե ինչու էր լաց լինում երազում:

Չեմ ասի,., լեզուս չէ բռնում, որ ասեմ…

Երկար թախանձելուց հետո, պատմեց նա, թե ման էր գալիս ապարանքի բակում, տեսնում էր այնտեղ ընկած շատ մարդիկ այր, կին, ծեր և երեխա: Ոմանք մեռած էին, ոմանք դեռ մահվան տագնապի մեջ տանջվում էին: Նրանց թվումն գտավ և թագուհուն, ընկավ նրա դիակի վրա և լաց էր լինում, երկար լաց էր լինում, բայց նա ոչինչ չէր զգում...

Մեզ պատահած դժբախտությունների դառն տպավորությանց ներքո այսպիսի տխուր երազ ես տեսել, սիրելի Որմիզդուխտ, մխիթարեց նրան թագուհին: Մեծ է աստուծո գթությունը, նա մեզ խնայեց մահից, և կպահպանե այսուհետև: Հանգիստ կաց, սիրելի Որմիզդուխտ, և սիրտդ միշտ ուրախ պահիր:

Տպավորությունները, իրավ, շատ ծանր էին օրիորդի քնքուշ սրտին: Բացի ամրոցի ընդհանուր մահացությունից, որի սոսկալի աղետներին ականատես եղավ, նա ուներ յուր հետ սպասավորների և աղախինների մի ստվար բազմություն, որոնք նույնպես զոհ եղան մահվան և նրանցից ոչ մեկը չմնաց: Այդ կորուստը սաստիկ վշտացնում էր նրան և բնավ մոռանալ չէր կարողանում: Քնի մեջ հաճախ տալիս էր նրանց անունները, և երբ չէին հայտնվում, սկսում էր լաց լինել: Այդ էր պատճառը, որ վերջին օրերում թագուհին հրամայեց, որ նրա անկողինը պատրաստեն յուր մոտ, յուր քնարանում, որպեսզի այդպիսի դեպքերում հանգստացնե նրան:

Հիմա գնանք, սիրելիս ասաց նրան թագուհին, ձեռքիցը բռնելով և վեր բարձրացնելով: Գնանք, տեսնենք, Հասմիկը և Շուշանիկը մեզ համար ի՛նչ են պատրաստել ուտելու:

Օրիորդի արտասուքը այժմ ուրախության փոխվեցավ: Ծիծաղելով վազեց նա, խլեց ճրագը, որ դրած էր պատուհանում և , առաջ ընկնելով, խնդրեց.

Ճրագը ես կտանեմ, թույլ տուր, մայրիկ, որ ես տանեմ:

Դու ինձ ոչ մի գործ անել չես տալիս:

Վերջին օրերում նա թագուհուն «մայրիկ» էր կոչում: Թագուհին բարեսրտությամբ ժպտաց և թույլ տվեց, որ ճրագը նա տանե:

Անցնելով մթին սրահների միջով, նրանք մտան սեղանատունը: Այստեղ երկու նաժիշտները` Հասմիկը ու Շուշանիկը արդեն պատրաստել էին ընթրիքի սեղանը: Թանկագին սփռոցի վրա դրած էին երկու արծաթյա պնակներ: իսկ նրանց մեջ երեք խորոված աղավնիներ: Այլևս ուրիշ ոչինչ չկար: Հայոց թագուհին և պարսից արքայադուստրը մոտեցան այդ աղքատիկ սեղանին և գոհունակությամբ նստեցին: Իսկ երկու նաժիշտները կանգնած էին նրանց սպասում: Տեսնելով երեք աղավնիները, թագուհին դարձավ դեպի նաժիշտները, հարցնելով.

Այսօր քանի՞ հատ որսացիք:

Չորս հատ, շտապեց պատասխանել Հասմիկը, երեքը` ես, մեկը` Շուշանիկը:

Դու ամեն գործում այդպես քաջ ես, ժպտալով նկատեց թագուհին: Բայց ինչո՞ւ եք այդպես անհավասար կերպով բաժանել երեքը բերել եք մեզ համար, մեկը միայն թողել եք ձեր երկուսի համար:

Մենք այդ մեկով միայն կբավականանանք, դարձյալ պատասխանեց Հասմիկը: Եթե մեզ համար քիչ է մնում, այդ մեր մեղքն է, որ շատ չենք որսացել:

Ոչ, ինչ որ աստված տվել է, պետք է հավասար բաժանել, այդ ասելով նա վեր առեց աղավնիներից մեկը, տվեց նրանց, իսկ երկուսը թողեց յուր և օրիորդի համար, կրկնելով. մենք չորս հոգի ենք, աստված չորս աղավնի է տվել: Գնացեք, դուք ևս ընթրեցեք:

Երկու նաժիշտները հեռացան, թեև, ըստ սովորության, նրանք պետք է թագահու. սեղանի մոտ սպասեին այնքան ժամանակ, մինչև նա յուր րնթրիքը վերջացներ:

Որմիզդուխտը, որ մի առանձին բավականությամբ լսում էր բարեսիրտ թագուհու խոսքերր, մեջ մտավ և ժպտալով ասաց.

Երբ կերակուրը հավասար ենք բաժանում, պետք է աշխատանքն էլ հավասար բաժանենք, մի օր մենք գնանք որսի, մի օր Շուշանիկն ու Հասմիկը: Այդպես հերթով լավ չի՞ լինի, մայրիկ:

Լավ կլինի: Բայց դու որսալ իմանո՞ւմ ես:

Ինչպե՞ս չէ: Էգուց հերթը մերն է, և դու կտեսնես իմ ձեռքի շնորհքը: Տիզբոնում եղած ժամանակ, երբեմն եղբայրս ինձ տանում էր յուր հետ որսի, և ամեն անգամ ես դատարկաձեռն չէի մնում: Մի օր ես նետահարեցի մի նապաստակ հենց փախչելու միջոցին: Երբ վերադարձանք տուն, ես ստացա եղբորս գովասանքը և մի գեղեցիկ մատանի:

Ինձանից ևս կստանաս մի գեղեցիկ ընծա, եթե էգուց շնորհքդ ցույց կտաս:

Օրիորդը սկսեց երեխայի նման ուրախանալ:

Սեղանի վրա դրած էր մի արծաթյա մեծ սրվակ լի գինով, իսկ նրա մոտ երկու ոսկյա բաժակներ: Ամրոցում ամեն պաշար սպառվելուց հետո մնաց միայն գինին: Այդ ընտիր գինիները, Հայաստանի հատուկ տեղերից բերված, ահագին կարասներով թաղված էին գետնի մեջ, հողի տակ: Նրանցից շատերը մի քանի տասնյակ տարիների հնություն ունեին:

Թագուհին լցրեց անուշահոտ գինին, բաժակներից մեկը դրեց յուր առջև, մյուսը՝ օրիորդի առջև: Նա փոքր առ փոքր խմում էր և անլռելի ձայնով խոսում էր: Խոսում էր Տիզբոնից, խոսում էր յուր վարած կյանքի զանազան արկածներից պարսից արքունիքում: Եվ որքան խմում էր, այնքան հայկական կարմիր նեկտարը վառում էր մանուկ արյունը ուրախության կրակով, և այնքան նրա գունաթափ թշերը փայլում էին պայծառ գունով: Նա այն աստիճան ոգևորվեցավ, որ երգեց մի հին արիական երգ.

Բարձր ապառաժի ահռելի կուրծքին
Կպած էր ամրոց, ամրո՛ց ահագին.
Թռչունն այն տեղից՝ վախում էր անցնել,
Գազանն այն կողմից՝ շտապում էր փախչել:

Միայն քամին էր, քամի՛ն համարձակ,
Որ սլանում էր այն կողմից արագ,
Եվ ամեն անգամ տխո՜ւր, ողբալի՜
Յուր հետ բերում էր ձայներ սոսկալի :

Ո՛ չ քար, ո՛չ աղյուս, ո՛չ փայտն անտառին,
ՉԷր նյութը նորա ահեղ շինվածքին,
Եվ ո՛չ վարպետի ձեռքը իմաստուն
Դրեց հիմքերը նորա հաստատուն:

Լոկ դիակներից, արյամբ շաղախված,
Լոկ կմախքներից, կույտերով դիզված,
Բարձրանում էին պարիսպներ մթին,
Թա՛նձր պարիսպներ` մահացու բերդին:

Եվ հրեշային բուրգ ու աշտարակ
Էին մարդկային կառափունք համակ,
Կառափունք իրար վերա շարեշար
Խիստ քստմնելի կապեին կամար:

3ոթն էին թվով, յոթն եղբայրներ,
Յոթն էլ վիթխարի խոլ-խոլ հսկաներ,
3ոթն պատուհաս այդ խուլ ամրոցում
Սնուցանում էր Արհիմնն յուր ծոցում:

Ունեին նոքա մի քույր գեղանի,
Աչքերը սև-սև, ինքը նազանի,
Քաղցրությամբ լի ծով էր նա անսահման,
Եվ ողջ աշխարհում չուներ յուր նման:

Կասեր արեգին. «Դու հանգիստ մնա՛,
Երեսիս փայլը երկրին լույս կտա».
Կասեր լուսնյակին. «Այդ թո՛ղ ինձ համար՝
Վանել գիշերի սևաթույր խավար»:

Եվ ամեն կողմից` քաջ-քաջ հսկաներ,
Ահարկու դևեր, մեծ փահլևաններ,
Գալիս էին նորա սերը խնդրում
Եվ իրանց սիրտը նորան զոհ բերում:

Եվ ամեն անգամ` կույսը աննման
Տալիս էր նորանց այդպես պատասխան.
«Եղբայրներիս հետ մենամարտեցե՛ք,
Հաղթության փառքով իմ սերն ստացեք»:

Ճոճվում էր նիզակ, կռվեին քաջեր,
Տրոփում էր ասպար, փայլում էր սուսեր,
Եվ հարվածների շռինդը ուժգին
Դղըրդում էր օդը, թնդում էր գետին:

Գոռում էր մարտը, բերում էր սարսուռ,
Փշրվում էր վահան, զրահ ամրակուռ,
Մինչ աստվածները, իսպառ զարմացած,
Բարձր եթերքից մնային հիացած:

Նայում էր կույսը, կո՛ւյսը աննման
Եվ ուրախության չկար չափ սահման ,
Երբ եղբայրները փառքով հաղթական
Թողնեին դաշտը` կռվի և. արյան:

Այսպես ամեն մի այցելուն դժբախտ,
Այսպես ամեն մի քաջ հերոս, անհաղթ
Թողնում էր այնտեղ յուր ընկած մարմին,
Որ նյութ էր տալիս ամրոցի շենքին:

Այսպես կառուցին հզոր պարիսպներ,
Մինչ զենիթ հասցրին բուրգ, աշտարակներ,
Բայց կույսի սիրտը միշտ մնաց անողոք
Եվ սիրույն արժան չեղավ դեռ ոչ ոք:

Եվ դեռ իշխում էր անգութ թագուհին
Այն դիակառույց արյունոտ բերդին,
Դեռ պահանջում էր զոհեր նորանոր,
Զոհե՛ր սոսկալի, զոհե՛ր բյուրավոր:

Անցան տարիներ, անցան և դարեր,
Երբ հայտնեցան յոթն հսկաներ.
Յոթն արքայի էին թանկ որդիք,
Մինը քան զմյուս` չքնաղ, գեղեցիկ:

Թագուհին տեսավ, սիրտը թուլացավ
Այն քարե սիրտը` մաշվեց… հալվեցավ…
Որի՞ն րնտրել: Ո՞ր քաջ գեղանին:
Թողեց որ մարտը վճռե արժանին:

Սկսվեց մարտը: Եղբայրներ յոթունք
Ունեն իրանց դեմ յոթն արքայազունք,
Ուժեր հավասար, ուժե՛ր սոսկալի
Մարտնչում էին հուսով լի ու լի:

Երկարեց մարտը: Կողմերն աննկուն
Դեռ կռվում էին` եռանդով, տոկուն,
Եվ անգութ բախտը դեռ ոչ մի կողմին
Չէր տալիս կանաչ հաղթության դափնին:

Յոթն արքայազնից վեց հոգի ընկան ,
Վեց պայծառ արև ի սուգ պատեցան.
Մնաց մեկը միայն հուժկու, քաջալանջ,
Կռիվ էր մղում, կռի՛վ աննահանջ:

Ամրոցի կույսը այլ չհամբերեց,
Խելագարի պես բարձից ցած վազեց,
Եվ յուր մերկ կուրծքը նրանց դեմ տալով,
Նա եղբայրներին այսպես բարբառեց.

«Վայել չէ՜ ոթնին մեկի հետ կռվել,
Եվ զենք ու զրահարատով պատել.
Դա՛ է իմ ըղձալին, այս քաջ ախոյան,
Իմ սերը պսակ զորա հաղթության»:

Իսկ եղբայրները զենքը ցած դրին,
Քաջի ճակատին համբույր մատուցին.
«Քե՛զ լինի, ասացին, այդ չքնաղ կույսը,
Որ տիեզերքի էր զարդն ու լույսը»:

Օրիորդի քաղցր, լիահնչյուն ձայնը մոտ կոչեց ապարանքում թաքնված դևին, որը դուրս գալով յուր դարանից, կամաց-կամաց մերձեցավ այն սենյակին, որտեղից լսվում էր սքանչելի երգը: Նրա փափուկ, կարմրագույն մուճակները ամենևին ձայն չէին հանում, իսկ տիրող մթությունը նպաստում էր նրան աներևույթ լինել: Նա ուշադրությամբ ականջ էր դնում և միևնույն ժամանակ, չարամտությամբ, խնդում էր…

Բայց օրիորդի երգը թագուհու վրա բոլորովին այլ տպավորություն գործեց: Սա այն աստիճան զգացվեցավ, որ ծածկեց յուր արտասուքը, որպեսզի երգիչը չտեսնե: Երգի իմաստը, բովանդակությունը թե՜ յուր և թե՜ այդ անբախտ աղջկա վիճակի հետ` մի զարմանալի համամասնություն ուներ, թեև նա երգեց բոլորովին անգիտակցաբար: Եվ ինքը օրիորդը ապրում էր այդ բերդում կատարյալ անգիտակցության մեջ: Նա չգիտեր, որ ինքն էր այն երկպառակության խնձորը, որի գրավելու համար այնքան մեծ կորուտներ եղան: Արտագերսը լցվեցավ դիակներով: Եվ որպես երգի մեջ նկարագրված ամրոցը, նույնպես և Արտագերսը, ներկայացնում էր հազարավոր զոհերի մի հսկայական գերեզման: Հայաստանը ողողվեցավ արյունով, և դեռևս շարունակվում էր կոտորածը, և պիտի տևեր գուցե շատ երկար…Նա չգիտեր, թե այդ բոլորի իսկական շարժառիթը ինքն էր և Մերուժանի խելագար սիրահարությունը, որի բավականությունը պետք է արյունով և զոհերով ստացվեր… Նա չգիտեր և այն, թե ինքն ի՞նչ նպատակով էր պահված այդ բերդում: Նա հիշում էր այնքանը միայն, թե ինքը գտնվում էր յուր եղբոր կանանոցում, Թավրիզի մոտ թշնամին հարձակվեցավ եղբոր բանակի վրա, այնտեղ կռիվներ եղան, մարդիկ սպանվեցան, և իրան բերեցին այդ բերդը: Բերդի բարեսիրտ թագուհին առեց նրան յուր խնամակալության ներքո, պահում էր յուր զավակի պես: Նա մինչև անգամ չգիտեր, թե ո՜վ էր պաշարել այդ բերդը: Նա կարծում էր, թե դարձյալ միևնույն մարդիկ էին, որ հարձակվեցան յուր եղբոր բանակի վրա: Այդ բոլոր անհասկացողությունները առաջ էին եկել նրանից, որ թագուհին մինչև այն օր միշտ աշխատել էր դառն իսկությունը ծածկել նրանից, որպեսզի նրա քնքուշ սրտին ցավեր չպատճառեր:

Մերուժանի մասին գաղափար անգամ չուներ նա, նրան երբեք չէր տեսել, այլ լսել էր անունը միայն: Նրան չէին ասել, թե ինքը Մերուժանի նշանածն է և մի օր պետք է նրա կինը լինի: Նա չգիտեր, այո, որ այդ բոլոր տառապանքները յուր պատճառով են կատարվում, և թե բերդի անգութ պաշարողը յուր ապագա փեսան է` նույն իսկ Մերուժանը:

Պարսից արքունիքում նա էակ չէր, այլ իր էր` այն գեղեցիկ և թանկագին իրերից մեկը, որոնցով լի էր արքայական գանձարանը: Եվ ինչպես այդ իրեղեններով պարսից արքան սովորություն ուներ վարձատրել յուր ավագների ծառայությունները, նույնպես և յուր քրոջը տալով, խոստացել էր նա վարձատրել Մերուժանի դժնդակ ծառայությունները: Այդ կիմանար օրիորդը այն ժամանակ միայն, երբ նրա ձեռքից կբռնեին և կհանձնեին Մերուժանին:

Թագուհին մինչև այն օր չէր խոսացել օրիորդի հետ Մերուժանի մասին, և խոսելու ցանկություն ևս չէր ունեցել: Բայց լսելով նրա երգը, հարևանցի կերպով հարցրեց.

Գիտե՞ ս, Որմիզդուխտ, ո՜վ է պաշարել մեր բերդը:

Չեմ իմ անում, պատասխանեց նա:

Եթե թշնամին ասեր` «տվեք ինձ Որմիզդուխտին, ես կթողնեմ և կհեռանամ, դու կգնայի՞ր»:

Կգնայի:

Ինչո՞ւ կգնայիր:

Որ այդքան մարդիկ չմեռնեին, որ հաց լիներ, դրանք ուտեին, և որպեսզի դու այնքան նեղություն չկրեիր, ահա՜ ինչու համար կգնայի:

Ուրեմն, դու նույնպե՞ս կվարվեիր, ինչպես վարվեց այն ամրոցի աղջիկը, որի երգը երգեցիր:

Ոչ, ես այնպես չէի վարվի: Նա անսիրտ աղջիկ էր. նա յուր գեղեցկության համար զոհեր էր պահանջում, և որքան բազմանում էր զոհերի թիվը, այնքան այդ անգթությունը նրան զվարճություն էր պատճառում: Նա յուր պաշտողների դիակներից և գագաթներից յուր համար ամրոց հիմնեց: Բայց ես այդպես չէի անի, ես թույլ չէի տա, որ մի կաթիլ անգամ արյուն թափվեր, այլ իսկույն դուրս կգայի թշնամու հանդեպ, կուրծքս կդարձնեի դեպի նրա նետերը և կասեի. «Ահաես, եթե ինձ համար է կռիվը, թո՜ղ դադարի նա»: Ես կզոհեի ինձ, բայց կփրկեի այդ բերդը:

Նա խոսում էր յուր հոգու բոլոր անկեղծությամբ: Զոհաբերության այդ գաղափարը կազմվել էր նրա մեջ ո՜չ թե ընդհանուր մարդասիրական զգացմունքից, այլ կրթության այն պայմաններից, որոնցով, սկսյալ մանկությունից, շրջապատված էր եղել նա: Նրա պառավ դայակները լցրել էին նրա գլուխը հարյուրավոր վեպերով ու հեքիաթներով, որոնցով այնքան հարուստ էին պարսկական ավանդությունները, և որոնք ներշնչել էին նրա մեջ մի տեսակ հերոսական ոգի, և վառել էին նրա երևակայությունը անձնազոհության զգացմունքով:

Թագուհին, լսելով օրիորդի ոգևորությամբ լի խոսքերը, խիստ տխուր ձայնով նկատեց.

Բայց այդ բոլորը, սիրելի Որմիզդուխտ, հակառակ քո բարի ցանկության, կատարվեցան արդեն…

Օրիորդը գունաթափվեցավ:

Ի՞նչը կատարվեցավ, հարցրեց նա շփթվելով:

Այն զոհերը... այն արյունը... այն կոտորածը...

Ի՞մ պատճառով...

Այո՜, քո պատճառով…

Փոքր էր մնում, որ ուշաթափ լիներ նա: Թագուհին գրկեց նրան, և յուր կուրծքին սեղմելով, ասաց.

Հանգստացի՜ր, սիրելի Որմիզդուխտ, քո պատճառով կատարված դժբախտությունների մեջ դու չես հանցավորը: Դրանք կատարվեցան առանց քո կամքի և հոժարության: Լսի՜ր, ես կպատմեմ քեզ տխուր իրողությունը:

Թագուհին պատմեց օրիորդին գործի իսկությունը, թե նա գերի է այդ բերդում և պահված է իբրև պատանդ: Հասկացրեց, թե բերդի պաշարողը Մերուժան Արծրունին է, և պաշարել է նրան ազատելու համար: Հասկացրեց և այն, թե ինքը` օրիորդը Մերուժանի նշանածն է և ապագայում պետք է նրա կինը լինի: Բացատրեց, թե ի՜նչ քաղաքական հանգամանքներից առաջ եկավ նրա օտարոտի հարսնախոսությունը: Նկարագրեց օրիորդի եղբոր Շապուհ արքայի ներկա հարաբերությունները հայոց հետ, նրա վարած պատերազմների նպատակը, թե որպե՜ս ցանկանում է նա հայոց կրոնը և թագավորությունը ոչնչացնել և Հայաստանը պարսկական մի նահանգ դարձնել և այլն: Այդ բոլորը համառոտ կերպով հաղորդելուց հետո, թագուհին վերջացրեց յուր պատմությունը այս խոսքերով.

Ահա, սիրելի Որմիզդուխտ, քո եղբոր այդ իսկ նպատակը, այսինքն` հայոց կրոնի և թագավորության ոչնչացնելու աշխատությունը` հանձն է առել Մերուժան Արծրունին, և քո եղբայրը, իբրև մի բարձր վարձատրություն, խոստացել է քեզ կնության տալ Մերուժանին:

Այդ երբե՜ք չէ կարող լինել, ձայն տվեց օրիորդը և նրա խոշոր աչքերը վառվեցան բարկության կրակով: Ես մի այդպիսի չարագործի կինը չեմ լինի:

Ինչո՞ւ, սիրելի Որմիզդուխտ, եթե Մերուժանին կհաջողվի ոչնչացնել հայոց թագավորությունը, նա ինքը հայոց թագավոր կդառնա, իսկ դու` հայոց թագուհի:

Օրիորդր սկսեց ծիծաղել:

Քո՞ փոխարեն, հարցրեց նա, շարունակելով յուր ծիծաղը, ես պետք է հափշտակեմ քո՞ թագը… Այո՛, դա լավ երախտագիտոլթյուն կլիներ իմ կողմից այն բոլոր բարությունների համար, որ դու արել ես ինձ,., Բայց հայերը, կարծեմ, այնքան ծույլ չեն, որ հեշտությամբ տան մեզ իրանց թագավորի և թագահու թագը,,.

Նախասենյակում թաքնված դևը յուր լսելիքը ավելի մոտեցրեց դռանը:

Թագուհին հարցրեց.:

Չէ՞ որ դու ասացիր, որ եթե գիտենաս՝ կռիվը և պատերազմը քո համար է, դու քեզ կձգես թշնամու գիրկը: Այժմ ահա՜ հասկացար, որ Մերուժանը քո պատճառով է պաշարե լ այդ բերդը:

Այո՜, ես ինձ կձգեի թչնամու գիրկը կռվի և պատերազմի սկզբում, երբ դեռ ոչ մի արյուն չէր թափվել, և երբ կգիտենայի, որ ինձանով ամեն ինչ կվերջանար: Բայց այժմ շատ ուշ է... դառն եղելությունները կատարվեցան... և մենք այժմ ապրում ենք դիակների կույտի վրա…

Թագուհին դարձյալ գրկեց նրան և սեղմեց յուր բորբոքված կուրծքի վրա: Նրա հարցուփորձը այն նպատակով չէր, որ համոզե օրիորդին կատարելու Մերուժանի բաղձանքները, այլ ցանկանում էր ավելի լավ ծանոթանալ նրա հոգու և սրտի գեղեցիկ հատկությունների հետ, որոնք այնքան մխիթարում էին նրան:

Եթե ա՜յդ է Մերուժանի ցանկությունը, շարունակեց օրիորդը, ես կատեմ նրան, թո՜ղ բոլոր բարի և չար աստվածները վկա լինեն, որ հավիտյան կատե՛մ նրան: Ինձ փույթ չէ, որ իմ եղբայրը խոստացել է ինձ կնության տալ նրան, բայց ես ինձ կսպանեմ, և մի այդպիսի անպիտանի կինը չեմ լինի:

Ինչո՞ւ չես լինի:

Նրա համար, եթե նա լավ մարդ լիներ, յուր հայրենիքին, յուր թագավորին և քե՜զ, սիրելի մայրիկ, այդքան վատություն չէր անի:

Բայց նա սիրում է քեզ, և այդ բոլորն արել է քո սիրո համար: Նա ցանկանում է, որ դու անպատճառ հայոց թագուհի դառնաս, իսկ ինքը` հայոց թագավոր...

Այդ խոսքերի մեջոցին օրիորդի մեջ կատարվեցավ մի զարմանալի փոփոխություն. նա վեր թռավ տեղից և, գրկելով թագուհու պարանոցը, յուր բոցավառ շրթունքներով համբուրում էր նրան և անդադար հարցնում էր:

Դու ինձ այն ասա՜, սիրելի մայրիկ, ի՞նչ եղավ Մուշեղը…ո՞ւր գնաց նա... ա՛խ, որքան լավ մարդ էր նա… որքա՛ն ազնիվ էր, որքա՛ն բարի էր... Երբ ինձ բերում էր այստեղ, ճանապարհին որքա՛ն ցանկանում էի խոսել նրա հետ... բայց նա գոնե մի անգամ չխոսեց ինձ հետ:

Նրա հարցմունքները սպարապետի մասին էին:

Ասա, սիրելի մայրիկ, ո՜ւր գնաց նա:

Գնաց Բյուզանդիա, պատասխանեց թագուհին, հազիվ կարողանալով ազատել իրան նրա բորբոքված գրկից:

Շո՞ւտ կգա:

Ամեն րոպե սպասում եմ նրան:

Ա՛խ, ի՜նչքան կուրախանամ ես, երբ մի անգամ ևս կտեսնեմ նրան...

Օրիորդի մանուկ սրտում թաքնված էր մի կայծ, որ հանկարծ սկսեց վառվիլ: Թագուհին հասկացավ այդ և ժպտալով հարցրեց,

Դու, երևի, սիրում էիր նրան, Որմիզդուխտ, ուղիղն ասա՜, սիրո՞ւմ էիր:

Չեմ թաքցնում, սիրում էի… այժմ ևս սիրում եմ… ես կցանկանայի նրա կինը լինել... ա՛խ, որքա՛ն ուրախ, որքա՛ն բախտավոր կլինեի ես,,. Երբ նա այնպես մեծահոգությամբ վերադարձրեց իմ եղբոր կանանոցը Տիզբոն, այն ժամանակ ես հասկացա, որ աշխարհի բոլոր լավ տղամարդերի մեջ նրա նմանը չկա…

Հենց այն ժամանակ իմ սիրտը սիրեց նրան…

Նախասենյակում թաքնված դևը, լսելով վերջին խոսքերը, մի անսովոր շարժում գործեց, բայց դարձյալ մնաց յուր տեղում, և դռան փականքից անթարթ աչքերով նայում էր երկու խոսակիցների վրա: Օրիորդը հարցրեց.

Ինչո՞ւ գնաց սպարապետը Բյուզանդիա:

Գնաց որդուս բերելու…

Ուրեմն նա կգա քո որդու հետ, և մեզ կազատե՞ն չար Մերուժանի պաշարումից:

Ես այդ մասին մեծ հույս ունեմ…

Օրիորդը ուրախությունից այժմ ինքը լցրեց ոսկյա բաժակները, մեկը առաջարկեց թագուհուն, իսկ մյուսը ինքը միանգամից խմեց: Գինու ազդեցությունը մի կողմից, վառված զգացմունքները մյուս կողմից, դրել էին նրան մի տեսակ հոգեզվարճ հափշտակության մեջ, և նա անդադար կրկնում էր միևնույն ցանկությունները, թե սպարապետի գալուց հետո,ինչ պիտի անե ինքը, ինչպես պետք է հայտնե յուր սերը սպարապետին, կամ ինչպես երկուսը միասին պետք է պատժեն «չար Մերուժանին» և այլն: Թագուհին լսում էր և բարեսրտությամբ ժպտում էր:

Օրիորդի հուզված ոգևորությունը այն աստիճան զբաղեցրել էր թագուհուն, որ նա ամենևին չէր նկատել, թե գիշերի մեծ մասը արդեն անցել էր: Բայց նրա ոգևորությունը փոքր առ փոքր մեղմացավ, ինչպես մի սաստիկ լարված նվագարան, որի քաղցր հնչյունները հետզհետե սկսում են թուլանալ: Քունը մի կողմից, գինու ազդեցությունը մյուս կողմից, լցրել էին նրա խոշոր աչքերը մի ախորժելի խումարությամբ, որ առանձին հրապուրանք էր տալիս սիրուն դեմքին: Գեղեցիկ գլուխը արդեն օրորվում էր, և վերջին խոսքերը կցկտուր էին, և ըստ մեծի մասին անհասկանալի: Թագուհին բռնեց նրա ձեռքից, տարավ յուր քնարանը, և պառկեցրեց անկողնի մեջ: Երկար նստած էր նրա մոտ, մինչև քունը բոլորովին տարավ: Բայց մերթ ընդ մերթ նրա մարջանի նման կարմիր շրթունքները արտասանում էրն այդ խոսքերը, «Ա՛խ, ո՜րքան ազնիվ էր նա…ա՛խ , ո՜րքան սիրում էի նրան…»:

Օրիորդի ննջելուց հետո, թագուհին կրկին վերադարձավ առաջին սենյակը: Այս գիշեր, ինչպես ամեն գիշեր, նրա քունը չէր տանում: Մի քանի անգամ լուռ անցավ սենյակի միջով, հետո մոտեցավ բաց լուսամուտին, կանգնեց նրա հանդեպ: Նայում էր դեպի խորին, մահահրավեր լռությունը, նայում էր դեպի մթին, թանձրամած խավարը: Ոչի՜նչ չէր երևում, ոչինչ չէր լսվում: Ամեն ինչ նիրհում էր ծանր, հավիտենական անշարժության մեջ: Միայն երկինքը ցույց էր տալիս փոքր ի շատե կենդանության նշույլ: Աստղերը վառվում էին: Նրա անթարթ աչքերը դարձան դեպի այդ միլիոնավոր արծաթափայլ բծերը: Երկար նայում էր: Ի՞նչ էր որոնում նրանց մեջ, ինքն էլ չգիտեր: Բայց նայում էր: Ահա՜, հորիզոնը կամարաձև գծելով, անցավ մի շողշողուն ցոլացմունք: Մի աստղ ընկավ…մի կյանք ևս խավարեց…

Նա հեռացավ լուսամուտից, մոտեցավ բազմոցին, նստեց նրա վրա: Ճրագի թախծալի լույսը, ընկնելով գեղեցիկ դեմքի վրա, երևան էր հանում նրա տխուր գծերը: Որքա՛ն մաշվել էր այղ բազմահոգ դեմքը, որքա՛ն գունաթափվել էր: Նրա մեջ չէր երևում ո՜չ նախկին վիսապանծ հպարտությունը, և ո՜չ նրա անողոք խստասրտությունը: Երևում էր միայն` մի մեղմ հեզություն, որ արտահայտություն էր խոնհարյալ սրտի: Կարծես թե, նա հաշտված լիներ հանգամանքների դառնության հետ: Կարծես թե, նա ընտելացած լիներ յուր անմխիթար վիճակի դառնության հետ: Ի՛նչ տանջանքներ չկրեց այդ տառապյալ կինը վերջին օրերում, ի՛նչ թշվառությոլնների ականատես չեղավ նա: Մի ուրիշը նրա տեղում` վաղուց արդեն բոլորովին հալված և հյուծված կլիներ: Բայց նա տակավին պահպանել էր յուր հոգու զորությունը, որ ավելի ամրանում էր այն ջերմ հավատով, որ ուներ նա դեպի նախախնամության անսահման գթությունը:

Նա նստած էր յուր դատարկ մենարանում, բայց նրա տխուր մտածությունները հածում էին երբեմն դեպի արևելք, երբեմն դեպի արևմուտք: Այնտեղ, արևելքում, Անուշ բերդի մթին նկուղների մեջ, աքսորված էր թագավոր ամուսինը: Այնտեղ, արևմուտքում, բյուգանդական պալատի սպանիչ փափկության մեջ, պահված էր թագաժառանգ որդին: Երկուսն էլ օտարության մեջ, երկուսն էլ դժբախտության մեջ: Իսկ ի՞նքը: Ինքը նույնպես բանտարկված էր յուր անառիկ ամրոցում, որ այժմ յուր գերեզմանն էր դարձել,,.

Սպասում էր որդուն: Բայց չեկավ որդին, ուշացավ որդին: Վաղուց էր, ոչինչ լուր չուներ Բյուզանդիայից: Ի՞նչ էր կատարվում այնտեղ, ի՞նչ էր որդու համեցության պատճառը, այդ մասին ոչինչ չգիտեր: Միթե թշնամին այնպես անխզելի՞ շղթայով շրջապատել էր յուր բերդը, որ ոչ ոքին թույլ չէին տալիս մոտենալ, որ գոնե մի համբավ բերեր: Ի՞նչ էին շինում յուր նախարարները, ինչո՞ւ օգնության չէին հասնում, որ վանեն թշնամուն, որ խորտակեն պաշարման անխզելի շղթան: Երևի, նրանք մտածում էին, թե բերդում դեռևս այնքան ուժ կա, որ կարող է առանց դրսի օգնության պաշտպանվել: Երևի, նրանք չգիտեին, թե ի՞նչ դժբախտություններ էին պատահել բերդում:

Եվ իրավ չգիտեին:

Այդ մտածությունների մեջ` կրկին վերկացավ նա, սկսեց անցուդարձ անել դատարկ սենյակում: Այդ առաջին գիշերն էր, որ անմարդացած ապարանքի դատարկությունը, մի լայներախ վիշապի նման, ահարկու բերանը բաց արած, սպառնում էր կլանել նրան: Մի առանձին սոսկումով նայում էր յուր շուրջը, և չէր համարձակվում գլուխը բարձրացնել: Նրան այնպես էր թվում, թե բերդի փողոցներում ընկած հազարավոր դիակների ուրվականները պտտվում էին յուր չորս կողմում, վժվժում էին, քրթմնջում էին, և դառն անեծքներ էին թափում յուր վրա... Սարսափելով բռնեց աչքերը և հազիվհազ կարողացավ մոտենալ բազմոցին, և յուր վաստակաբեկ մարմինը թողեց նրա վրա: Երկար, մի սրտատոչոր խռովության մեջ, տանջվում էր նա: Խիղճը հանգիստ չէր: Եվ ո՜րքան մտաբերում էր յուր խելացի և հեռատես սպարապետի նախագուշակությունները, որ խոսեց նա յուր Բյուզանդիա գնալուց առաջ, ա՜յնքան ավելի խղճահարվում էր նա, որպես մի թշվառ հանցավոր, որ յուր համառությամբ պատճառ դարձավ այնքան շատ զոհերի...

Նա երկու ձեռքով բռնեց աչքերը, ընկավ բազմոցի վրա: Երկար ջերմ արտասուքը թանում էր նրա այտերը, երկար անագան ապաշավության կրակը այրում էր նրա սիրտը:

Այդ միջոցին դուռը կամաց բացվեցավ, և նախասենյակում թաքնված դևը ներս մտավ: Խիստ դառն, սպառնական հայացք ձգելով տառապյալ կնոջ վրա անցավ նա դեպի սենյակի մի անկյունը, և ծածկվեցավ մռայլի մեջ: Այնտեղից նայում էր, և նրա թուխ շրթունքները բաբախում էին ներքին ուրախությունից: Ի՜նչ դրության մեջ էր գտնում այն հպարտ, մեծամիտ կնոջը, որի համար երբեք հոգ և արտասուք չկար: Ի՛նչ վիճակի մեջ էր գտնում այն վեհանձն, փառասեր դշխոյին, որ սովոր էր ո՜չ միայն հայոց նախարարներին, այլև թագավոր-ամուսնին յուր լեչակի ազդեցության ներքո պահել: Այժմ, լքված, հուսահատված, ընկած էր նա` յուր շքեղ ապարանքի դատարկության մեջ, շրջապատված վշտերով ու տառապանքներով, և զուրկ ամեն պաշտպանությունից...

«Այդ դրությունը երկար շարունակվել չէ կարող… ասաց նա գլուխը վեր բարձրացնելով, և արտասվալի աչքերը սրբելով: Վաղ թե ուշ թշնամին կհասկանա իմ ամրոցի դատարկությունը... Այն ժամանակ Մերուժանի վայրագությունը կանցնի ամեն չափից... Ես տանջանքներից երկյուղ չունեմ... Ես երկյուղ չունեմ և մահից… Բայց ինձ հետ կմեռնի մի մեծ գործ, որի համար այնքան աշխատեցի…»:

Նրա զորեղ ձայնը թուլացավ, գեղեցիկ գլուխը խոնարհեցրեց և, երկու ձեռքերը փակելով, մի քանի րոպե մնաց լուռ ալեկոծության մեջ: Անկյունում թաքնված դևը դեռ անշարժ կանգնած էր, և ոխակալությամբ լի աչքերով նայում էր նրա վրա:

«Երթ առաջին անգամ, շարունակեց նա, Շապուհ արքան իմ ամուսնին խաբեությամբ հրավիրեց Տիզբոն, և պատվով պահում էր յուր մոտ իբրև հյուր, հետո հրավիրեց և ինձ: Բայց ես, հասկանալով նենգավոր պարսկի չար դիտավորությունը, մերժեցի նրա հրավերը և չգնացի: Ես մտածեցի, եթե նա իմ ամուսնին արգելելու լինի Տիզբոնում, գոնե ես մնամ և պաշտպանեմ անտեր երկիրը: Իմ նախատեսության մեջ` չսխալվեցա ես: Նա իմ ամուսնին աքսորեց Խուժաստանի խորքերում, իսկ ինձ յուր ձեռքը ձգելու համար` ուղարկեց Մերուժան Արծրունուն: Աստված օգնեց ինձ, և ես կարողացա քաջությամբ պատերազմել ընտանի թշնամու հետ: Իսկ ա՞յժմ: Այժմ ինձ շղթաներով կտանեն Շապուհի մոտ, և անիրավ պարսիկը յուր վրեժխնդրության բոլոր թույնը կթափե իմ վրա…

Նա դարձյալ լռեց, դարձյալ անմխիթար վշտերը պատեցին նրան:

Այդ իմ հոգը չէ... թո՜ղ ես կորչե՛մ, թո՜ղ ես ոչնչանա՛մ, բայց Հայաստանը մնա... գոչեց նա ողբալի ձայնով: Բայց ես տեսնում եմ հայրենիքի անդարձ կորուստը... Իմ աչքի առջևն է նրա սգավոր ապագան... Ա՛խ, գոնե մի կողմից օգնություն լիներ, գոնե շո՜ւտ հասներ որդիս...

Այդ մի՜ հուսար... ստվերի միջից լսելի եղավ թաքնված դևի ձայնը:

Թագուհին սոսկալով գլուխը բարձրացրեց, նայեց յուր շուրջը: Անակնկալ ձայնը սաստիկ խռովության մեջ դրեց նրան, մի չարագուշակ ձայն, որ կարծես երկնքից լսվեցավ: Երկար նրա շվարյալ աչքերը հածում էին սենյակի շուրջը, բայց ոչինչ չէր տեսնում: Սկսեց երկնչիլ: Փորձեց կանչել նաժիշտներին, բայց ձայնը չէր հնազանդվում նրան:

Այդ ո՞վ է... ո՞վ կա այստեղ... վերջապես հարցրեց նա:

Գիշերային այցելուն դուրս եկավ յուր դարանից և լուռ կանգնեց նրա առջև: Թագուհին նայեց նրա վրա և ամբողջ մարմնով դողաց: Նրան այնպես էր թվում, որ տեսածը երազ է, կամ չար սատանաներից մեկը այդ ահարկու մարդու կերպարանքով ներկայանում է իրան: Բայց բարկությունը իսկույն փարատեց նրա երկյուղը, երբ ճանաչեց նրան:

Այդ. դո՞ւ ես, Դղակ, հարցրեց նրանից:

Այո, ես եմ, տիկին, պատասխանեց նա, ավելի մոտենալով:

Որտեղի՞ց եկար… ինչո՞ւ եկար… գոչեց նա զայրացած ձայնով:

Ամրոցի բոլոր գաղտնի անցքերը ինձ հայտնի են, տիկին, պատասխանեց այցելուն անվրդով կերպով: Բայց թե ինչո՜ւ համար եկա, մի փոքր համբերություն ունեցիր, տիկին, ես իսկույն կասեմ քեզ:

Հեռացի՛ր այստեղից: Ես միշտ ատելով ատում էի քեզ, և քո գարշելի երեսը տեսնելու ժամանակ, միշտ զզվելով զզվում էի քեզանից, իսկ այժմ` ավելի ևս...

  • * *

Այցելուն սկսեց արհամարհանքով ծիծաղել:

Հեռացի՜ր, ասում եմ քեզ, եթե ոչ...

Թագուհու զայրացած աչքերը դարձան դեպի յուր շուրջը:

Ի՞նչ ես որոնում, տիկին, երևի, մտածում ես կանչել քո սպառազինյալ ոստիկանների բազմությունը... Երևի, կամենում ես կանչել քո արյունախում դահիճների խումբերը... նրանք չկան այժմ... Ես նրանց դիակները տեսա, դրսում... Իսկ քո երկու նաժիշտները, տիկին, պառկած են կից սենյակում..,

Լի՛րբ, դու եկար ծաղրելո՞ւ իմ դժբախտությունը…

Ո՜չ, տիկին, ինձ աստված ուղարկեց քեզ մոտ...

Հեռացի՜ր, ասում եմ քեզ...

Մի՜ վրդովիր, տիկին, ես իսկույն կգնամ…

Նրա սառնությունը ավելի վիրավորական էր, քան թե հանդգնությունը:

Այդ մարդը Հայր-Մարդպետն էր` Արշակ թագավորի խոշոր ավագներից մեկը, որ միացնում էր յուր անձնավորության մեջ մի քանի բարձր պաշտոններ: Իբրև ներքինի` թագավորի կանանոցի ներքինապետն էր: Իբրև հոգաբարձու` թագավորի «հայր» էր կոչվում նա, պահում էր նրան մի տեսակ որդեգրության ներքո, իշխում էր նրա գործերի և կամքի վրա և, միևնույն ժամանակ, նրա պալատի թե՜ վերակացուն էր և թե՜ կառավարիչն էր: Ամբողջ արքունիքը յուր բոլոր պալատականներովգտնվում էին նրա անմիջական հսկողության ներքո: Իբրև բարձր ազնվական` նա Մարդպետական հարուստ նախարարության տերն և իշխանն էր: Իբրև զինվորական` նրա հրամանի ներքո էին գտնվում Ատրպատականի սահմանապահ զորքերը: Մի խոսքով, պետության մեջ նա այն զորեղ, ազդեցություն ունեցող անձինքներից մեկն էր, որից ո՜չ միայն վախենում էին հայոց նախարարները, այլ երբեմն բռնանում էր մինչև անգամ թագավորի վրա: Նրա իշխանությունը ժառանգական էր: Հայր-Մարդպետը ընտրվում էր միշտ Մարդպետական նախարարությունից, թեև լինում էին երբեմն բացառություններ:

Արշակ թագավորը սկսեց ճնշել նրան, աշխատեց սահմանափակել նրա իրավունքները և դրանով գրգռեց նրա ատելությոլնը ո՜չ միայն յուր անձի դեմ, այլ առհասարակ Արշակունյաց տոհմի դեմ: Երկար ժամանակ սնուցանում էր նա այդ ատելությունը յուր սրտում, և մի հարմար ժամանակի էր սպասում, որ արտահայտե: Այժմ ժամանակը հասած էր համարում:

Նրա նախորդը յուր հանդգնության համար սպանվեցավ Մերուժանի հայր Շավասպ Արծրունուց: Իսկ ինքը` Արշակ թագավորի դեմ յուր ունեցած ատելությանը հագուրդ տալու համար` Մերուժանի գործակից դարձավ, և պարսից Շապուհ արքայի սիրելին:

Ահա այդ դավաճանն էր, որ կանգնած էր Արշակի կնոջ` Փառանձեմ թագուհու հանդեպ: Նրա ահռելի դեմքը ճրագի աղոտ լուսավորության առջև` ավելի սոսկալի արտահայտություն էր ստացել: Դեռ մանկության հասակում ծաղիկը այդ դեմքի վրա մեծ հեղափոխություն էր գործել: Նա այլանդակեց ահագին քիթը, նա այլանդակեց թխագույն շրթունքները, նա թողեց կաշու վրա այն խորին խորշերը, որ ծակտիքավոր չեչաքարի նմանություն ունեին:

Թագուհին դեռ լի վրդովմունքով նստած էր բազմոցի վրա և, գլուխը մտահույզ կերպով դեպի ցած խոնարհած, ամենևին չէր նայում նրա վրա: Նրա անակնկալ հայտնվիլը արդեն բացատրեց, թե ի՜նչ չար նպատակով էր եկած:

Իսկ Մարդպետի ահարկու դեմքը, որ սկզբում ցույց էր տալիս խիստ դառն ծաղր և խիստ մաղձոտ հեգնություն դեպի թագուհու վիճակը, այդ գոռոզ դեմքը հետզհետե կատաղի կերպարանք էր ստանում, որքան նա լսում էր թագուհու կծու հանդիմանությունները: Բայց թաքցնելով յուր բարկությունը, բաց արեց լայն բերանը, և հաստ, թխագույն շրթունքները արտասանեցին հետևյալ խոսքերը,

Հայր–Մարդպետը կարևոր ասելիքներ ունի, թո՜ղ հայոց տիկինը առժամանակ թողնե յուր գեղեցիկ մտածությունները և բարեհաճի լսել նրան:

Թագուհին գլուխը վեր բարձրացրեց և դարձյալ խորին զզվանքով ասաց նրան.

Ես քեզանից շատ շնորհակալ կլինեի, Հայր–Մարդպետ, եթե հանգիստ կթողնեիր ինձ: Դու արդեն հասար քո նպատակին: Գողի նման մտար իմ ամրոցը, և ինչ որ լրտեսելու էիր, լրտեսեցիր: Այժմ գնա՜, ում որ մատնելու ես, մատնի՜ր իմ ամրոցը: Ես պատրաստ եմ…

Քե՞զ հանգիստ թողնել… դու տակավին հանգստությա՞ն ես սպասում... հանգստությունը այլևս քեզ համար չէ, տիկին... Այո՜, ախորժելի հանգստություն կլիներ հանգչել հազարավոր զոհերի դիակների վրա, որոնք հիմարացան և քեզ հետ այդ բերդը մտան... Այժմ դու քո երկու նաժիշտներով հանգստությո՞ւն ես որոնում այստեղ... Գիտե՞ս, տիկին, թե ի՜նչ է կատարվում քո շուրջը...

Գիտեմ... պատասխանեց թագուհին հուզված ձայնով:

Ո՜չ, բոլորը չգիտես: Լսի՜ր, տիկին, ես խիստ հետաքրքիր նորություններ կպատմեմ քեզ: Մերուժանը այժմ զարմանալի հրաշքներ է գործում: Դու խլեցիր նրանից նրա սիրելի Որմիզդուխտին, իսկ նա խլեց քեզանից, հիմա հաշվի՛ր, թե որքա՛ն հոգիներ: Նա մտավ Վան քաղաքը, ավերակ դարձրեց և բնակիչներից գերի վարեց 18 000 հայ և 5 000 հրեա...

Նա չխնայեց և յուր սեփական քաղաքացիների՞ն, ընդհատեց թագուհին:

Այո՜, չխնայեց, գլխավորապես այն վիրավորանքի համար,որ նրա քաղաքացիքը ցույց տվին նրան` Ռշտունյաց Գարեգին իշխանի հարձակման ժամանակ: Բայց այդ դեռ բոլորը չէ, լսի՜ր, տիկին: Վանից Մերուժանը անցավ Աղիովտի Զարիշատ քաղաքը, գերի վարեց 10 000 հայ և 14 000 հրեա : Այնտեղից անցավ Բագրևանդի Զարեհավան քաղաքը, գերի վարեց 5 000 հայ և 8 000 հրեա: Այնտեղից անցավ Արշարունյաց գավառի Երվանդաշատ քաղաքը, գերի վարեց 20 000 հայ և 30000 հրեա: Այնտեղից անցավ Արարատյան գավառի Վաղարշապատ քաղաքը, գերի վարեց 19000 հայ, կոտորելով չափահասներին և միայն կանանց ու մանուկներին առնելով: Այնտեղից անցավ Արտաշատ քաղաքը, գերի վարեց 40 000 հայ և 9 000 հրեա: Այնտեղից անցավ Գողթնյաց գավառի Նախճվան քաղաքը, գերի վարեց 2 000 հայ և 16000 հրեա: Տեսնո՞ւմ ես, տիկին, այդ բոլորը տարավ նա մեկ հոգու` Որմիզդուխտի փոխարեն:

Ո՞ւր տարավ, հարցրեց թագուհին զարհուրելով:

Առայժմ գերիների մի մասը հավաքել, պահել են Երասխ գետի աջ ափի մոտ, Արտաշատի հանդեպ, իսկ ամենամեծ մասը՝ Նախճվանի մոտ: Սպասում են միայն քեզ, տիկին, որովհետև Մերուժանի ցանկությունն այն է, որ դու քո ժողովրդի հետ միասին գնաս դեպի Պարսկաստանի խորքերը... Նա շուտով կգա քեզ հրավիրելու...

Եվ այդ ուրախացնո՞ւմ է քեզ, անզգամ: Դրանո՞վ ես փոխարինում այն բոլոր շնորհները, որոնցով իմ թագավոր-ամուսինը քեզ անհայտ դրությունից բարձրացրեց և մեծամեծ պաշտոնների հասցրեց: Ապերա՛խտ: Դու քո հայրենիքի ամենադժվարին տագնապի միջոցում, փոխանակ նրան պաշտպան հանդիսանալու, քո դավաճան ձեռքը մեկնում ես դեպի թշնամին: Քեզ հանձնված էր քո թագավորի տունը, նրա ընտանիքը, և դու, եթե ամենափոքր ազնվություն ունենայիր, պետք է քո անձը դնեիր նրա տան վրա, բայց այժմ ուրախանում ես այդ տան գերեվարությամբ: Այդ բավական չէ, դու համարձակվում ես քո զազրելի բերանով նախատել ինձ, և նախատել քո բարերար Արշակունիներին: Այո՜, նրանք նախատելի են, որ քեզ նման ցած և ստոր արարածին այնպիսի բարձր պաշտոնների արժանացրին:

Այդ իմ իրավունքն էր, տիկին, այդ իմ ժառանգական արտոնությունն էր, որ հասել էր ինձ իմ պապերից, պատասխանեց նա սառնությամբ: Ո՞վ կարող էր ջնջել մարդպետական իշխանությունը:

Իմ թագավոր-ամուսինը:

Այո՜, այդ նպատակին ձգտեց նա… Նա աշխատեց ոչնչացնել և բոլոր նախարարությունները... բայց ոչնչացավ ինքը…Այդ թողնենք: Ես չեմ թաքցնում, տիկին, իմ ատելությունը դեպի առհասարակ բոլոր Արշակունիները, ես չեմ թաքցնում և իմ ուրախությունը, որ դու, վերջապես, պիտի պատժվես: Քո համառության արդյունքներն են, տիկին, այդ բոլոր կործանումները: Եթե դու, երբ սկզբում Շապուհ արքան կոչեց քեզ Պարսկաստան, գնայիր, եթե դու, երբ նրանից հետո Շապուհը պաշարեց այդ բերդը, անձնատուր լինեիր, դրանցից և ո՜չ մեկը չէր պատահի: Քեզ կտանեին Պարսկաստան, այնտեղ կփակեին Անուշ բերդում քո թագավոր-ամուսնի մոտ, և դրանով ամեն ինչ կվերջանար…

Դրանով, դու կարծո՛ւմ ես, Հայր Մարդպետ, կվերջանար Արշակունյաց թագավորությունը, ձայն տվեց թագուհին խորին վրդովմունքով:

Այո՜, տիկին: Եվ պետք է, որ վերջանա: Աստուծո արդար վրեժխնդրության բաժակը լցվել է, և նա պետք է թափվի...

Լսելով Հայր-Մարդպետի վերջին խոսքերը, թագուհու զայրացած աչքերը վառվեցան բարկության բոցով, և նա, յուր ծանր, սպառնական հայացքը ձգելով դավաճանի վրա, պատասխանեց խիստ ձայնով.

Այդ թո՜ղ չուրախացնե քեզ, անպիտան, թող չուրախանան և քո գարշելի համախոհները: Մերուժանը իմ մի քանի քաղաքները ավերակ դարձնելով և բնակիչներին դեպի Պարսկաստան գերի վարելով, դրանով Հայաստանը չի դատարկվի: Իսկ ինձ ևս գերի վարելով և իմ ամուսնի մոտ` Անուշ բերդը աքսորելով, դրանով Արշակունյաց թագավորությունը չի ընկնի: Ես պատրաստ եմ: Ես գիտեմ, որ դու այստեղից հեռանալուց հետո, պիտի մատնես պարսիկներին իմ ամրոցի դատարկությունը: Գնա՜, հայտնիր: Թող գան և կալանավորեն ինձ: Ես ո՜չ մահից և ո՜չ աքսորից երկյուղ չունեմ: Բայց կգա Արշակունյաց թագաժառանգը իմ որդին այո՜, կգա նա Բյուզանդիայից, և թե՜ հոր և թե՜ մոր վրեժը կառնե չարագործներից...

Մարդպետի սառն դեմքի վրա անցավ մի դառն ժպիտ:

Այդ հույսերը թող չմխիթարեն քեզ, տիկին, ասաց նա, գլուխը հեգնորեն շարժելով: Քո մեջ խոսում է սյունեցու կրակոտ արյունը և Մամիկոնյանների անզուսպ գոռոզությունը: Լսի՜ր, տիկին: Այն անքավելի մեղքերը, որ ծանրացած են քո վրա և քո թագավոր ամուսնի վրա, երթեք թույլ չեն տա, որ Հայաստանը ձեզանով ազատված լինի, և Արշակունիների գահը վերստին փրկություն գտնե: Կրկնում եմ, աստուծո արդար վրեժխնդրության բաժակը լցված է, և նա պետք է` թափվի... Աստված պահանջում է ձեզանից այն անթիվ զոհերի արյունը, որ թափել եք դուք... Ես օտար չեմ, ինձ հայտնի են այն բոլոր եղեռնագործությունները, որ կատարվում էին ձեր արքունիքում... Ես տեսնում էի, և ոխակալությամբ լռում էի, որովհետև վախենում էի քո ամուսնից... Դու ինքդ, տիկին, արյունով ստացար քո տիկնանց-տիկնությունը... Կարծես, հենց այս րոպեում, իմ աչքերի առջևն է դժբախտ Ոլիմպիադայի դիակը, որին սպանել տվեցիր դու: Նրա մահվամբ նրա թագը հափշտակեցիր... Որքա՛ն այդպիսի դժբախտներ զոհվել են քո չար կրքերին և քո անիրավ փառասիրությանը... Դու ապաստանեցիր այդ ամրոցը, տիկին, և հույս ունեիր, որ այդ ամրոցը կազատե քեզ: Բայց տեսա՞ր աստուծո պատուհասը: Ա՜յն, որ չկարողացավ կոտորել թշնամոր սուրը, այն բազմությունը, որ այնպես քաջությամբ ընդդիմացավ թշնամուն, այո, այն ամբողջ բազմությունը ոչնչացրեց աստուծո ուղարկած սովն ու մահը: Այդ ամրոցը պետք է պաշտպաներ քեզ, տիկին: Հիշի՜ր, ո՞ւմն էր պատկանում այդ ամրոցը: Նրա յուրաքանչյուր քարը ներկված է անբախտ Կամսարականների արյունով, որոնց կոտորել տվեց քո ամուսինը, և անիրավությամբ հափշտակեց նրանց տոհմային ժառանգությունը... Նրանց հոգիները մինչև այսօր բողոքում են աստուծո արդարադատության առջև...

Եվ նա շարունակեց մի ըստ միոջե թվել, թե՜ թագուհու և թե՜ նրա ամուսնի կատարած հանցանքները, ավելացնելով.

Ահա՜ Արշակունիների բոլոր առաքինությունները... Պետք է անպատճառ կործանվի՛ այդ անբարոյական տունը, և Հայաստանը այն ժամանակ միայն հանգստություն կվայելե...

Պարսից լծի տա՞կ…

Այո՜, պարսից լծի տակ, որ ավելի թեթև է, քան Արշակունիների անտանելի բռնապետությունը...

Կորի՛ր, չարագործ, գոչեց թագուհին և վեր թռավ նստած տեղից: Եթե թագավորը և թագուհին արյուն են թափում,այդ հանցանք չէ, ինչպես հանցանք չէ, երբ աստվածներն են մարդիկ կոտորում: Այդ անում են նրանք, դարձյալ մարդկանց բարօրության համար: Վատերին մաքրում են լավերից...

Նրա բարձրահնչյուն խրոխտալի ձայնը ներս կոչեց երկու նաժիշտներին-Շուշանիկին և Հասմիկին, որոնք, երկու զայրացած հրեշտակների նման, ներս վազեցին և, իրանց աղեղները լարելով, ճչացին.

Թույլ տուր մեզ, տիկին, նետահարել այդ անզգամին…

Հայր-Մարդպետը ժպտալով նայեց այդ երկու անմեղ արարածների վրա և հեռացավ...

Դեռ առավոտյան լույսը նոր էր սկսել բացվել, դեռ նոր լսվում էր թռչունների ուրախ տաղերգը: Բայց լսվում էր և մի այլ ձայն, սաստիկ խառնաշփոթ և ահարկու ձայն: Դա բերդի պարիսպների մոտ որոտացող շեփորների և թմբուկների ձայնն էր: Թագուհին լսեց բոթաբեր ձայները և իսկույն վերկացավ նստած տեղից:

Հայր-Մարդպետի հեռանալուց հետո, նա ամբողջ գիշերը լուսացրեց անքուն: Տխուր մտախոհությունների մեջ նստած էր և, կարծես, սպասում էր: Այժմ հասավ տագնապի և անկման դառն րոպեն...

Բայց նա արդեն պատրաստված էր այդ րոպեի համար: Սիրտը խաղաղ էր և խիղճը հանգիստ: Յուր աշխարհի փրկության համար` նա մաքառեց, որքան կարողացավ: Մնացյալը վերագրում էր նախախնամության կամքին: Հանդարտ քայլերով անցավ նա դեպի սենյակի մի անկյունը և ծունր դրեց հատակի վրա: Արտասվալի աչքերը դեպի երկինք դարձնելով, ձեռքերը կուրծքի վրա փակած,երկար մնաց լուռ հափշտակության մեջ: Աղոթում էր նա, աղոթում էր, որպես մահվան դատապարտյալը` կյանքի վերջին վայրկյաններում՝ փափագում է խոսել աստուծո հետ յուր իղձն ու պաղատանքը թափել նրա գթության առջև:

Աղոթքը բավական կազդուրեց նրան. աղոթքը զովացրեց հրաբորբոք սիրտը: Արտասուքը սրբեց և վերկացավ: Վերջին անգամ թախծալի հայացքը դարձրեց դեպի յուր շքեղազարդ մենարանի շուրջը, նայեց սիրելի առարկաների վրա, որ մի քանի րոպեից հետո պարսկական զինվորների ավարառության նյութ պիտի դառնային:

Նա անցավ քնարանը, որտեղ պառկած էր Որմիզդուխտ օրիորդը: Մոտեցավ նրա անկողնին, բայց դժվարանում էր խանգարել նազելի օրիորդի անուշ քունը: Այնպես, անշարժ կանգնած, լուռ նայում էր նրա վրա: Մտաբերում էր նրա գիշերվա խոսակցությունը, և ուրախանում էր նրանով: Սենյակի տոթի պատճառով՝ թեթև վերմակը կիսով չափ մի կողմ էր ձգված: Երևում էր հարուստ կուրծքը, երևում էր գեղեցիկ դեմքը, որ սքողված էր սիրուն գիսակների թեթև գանգուրների ներքո: Նա մոտեցավ և համբուրեց շառագունած երեսը: Օրիորդը չզարթնեց: Նա դեռ կանգնած, շարունակում էր նայել նրա վրա: Բայց մի մթին զգացմունք հանկարծ սկսեց ալեկոծել արդեն հանդարտած սիրտը: Նրա խոշոր աչքերը վառվեցան և խաղաղ դեմքի վրա երևացին անբացատրելի ցնցումներ: Նա յուր դողդոջուն ձեռքը տարավ դեպի բորբոքված ճակատը, հենվեցավ պատին, որ կարողանա իրան ոտքի վրա պահել: Այդ դրության մեջ մնաց մի քանի րոպե: Կատաղությունը հետզհետե սաստկանում էր և հուզված սիրտը բաբախում էր անհնարին խռովության մեջ: «Դա պետք է այն չարագործի ձեռքը չընկնի՜» ... մրմնջաց նա, և մի քանի քայլ փոխեց դեպի օրիորդի անկողինը: Բայց իսկույն սոսկալով ետ դարձավ և կրկին հենվեցավ պատին:

«Ո՜չ... ո՜չ... մտածեց նա երկար տատանմունքներից հետո, ես այդ արյունից մաքուր կպահեմ իմ ձեռքերը... Այո՜, ես վճռել էի, ես մինչև անգամ երդվել էի, որ նույն րոպեում, երբ Մերուժանը ոտք կդնե իմ ամրոցի շեմքի վրա, նա պետք է յուր առջև կախված տեսնե սիրած աղջկա դիակը… Բայց ինչո՞վ է հանցավոր այդ անմեղ աղջիկը... Ոչ, ես դրան կենդանի կթողնեմ, որ ավելի տանջե Մերուժանին... Չէ կարող լինել մի պատիժ այնքան դառն և այնքան դժնդակ, քան թե այն, երբ Մերուժանը, որ հանձն առեց այդ գեղեցիկ աղջկա համար այնքան եղեռնագործություններ, հանկարծ իրան խաբված կգտնե յուր սիրո մեջ, երբ Որմիզդուխտը կսկսե ատել նրան և մերժել նրա սերը… Նա ինձ խոստացավ այդ, և համոզված եմ, որ կկատարե...»:

Նա մոտեցավ, արթնացրեց օրիորդին:

Գիտեմ, թե ինչո՜ւ, այդպես վաղ արթնացրիր ինձ, սիրելի մայրիկ, ասաց նա ուրախանալով: Գիշերը պայման դրեցինք, որ այսօր մե՜նք գնանք որսի, և ո՜չ Շուշանիկն ու Հասմիկը:

Նա դեռ չէր մոռացել գիշերվա խոսակցությունը:

Ոչ, սիրելի Որմիզդուխտ, պատասխանեց թագուհին տխուր ձայնով: – Այսօր մեզ պիտի որսան… Որսորդները արդեն եկել, ամրոցի դռանը կանգնել են... Լսո՞ւմ ես փողերի ձայնը…

Լսում եմ... ասաց օրիորդը շփոթվելով: Ինչո՞ւ համար են այդ ձայները…

Թշնամին հասկացել է, որ ամրոցը պաշտպաններ չունի, եկել է, որ գրավի նրան:

Մերուժա՞նը:

Այո՜, Մերուժանը:

Օրիորդը խելագարի նման վեր թռավ անկողնից, շտապեց հագնվել: Նա այնպես հերարձակ, առանց գլուխը կապելու, կամենում էր վազ տալ դեպի ամրոցի դռները: Բայց թագուհին բռնեց նրան, հարցնելով.

Ո՞ւր ես գնում:

Անիծյալ Մերուժանը եկել է գրավելու այդ բերդը իմ եղբոր զորքերով, իմ եղբոր զորքերը չեն կարող չհնազանդվել քրոջ հրամանին. ես գնում եմ նրանց հրամայելու…

Ի՞նչ հրամայելու:

Դու իսկույն կտեսնես մայրիկ:

Ամրոցի դրսում աղմուկը և շփոթությունը հետզհետե սաստկանում էին: Խառնաձայն աղաղակները խլացնում էին շրջակայքը: Հազարավոր ձայներ կրկնում էին միևնույն խոսքը. «Բա՜ց արեք... »:

Ես իմ ամրոցի դռները չեմ բաց անի նրանց առջև, ասաց թագուհին արհամարհանքով: Նրանք արժանի չեն այդ պատվին: Թող կոտրեն...

Նա դեռ բռնել էր օրիորդի ձեռքից, չէր թողնում, որ գնա:

Իզուր կանցնեն քո ջանքերը, սիրելի Որմիզդուխտ, ասաց գրկելով նրան: Մեզ հանձնենք աստուծո կամքին, ինչ որ լինելու է, թող լինի…

Աղմուկը արթնացրեց Շուշանիկին և Հասմիկին, նրանք ճչալով այս կողմ և այն կողմ էին վազվազում, և տակավին չգիտեին, թե ինչ էր պատահել:

Շատ չանցավ, արևը ծագեց և յուր լուսապայծառ ճառագայթները տարածեց դեպի ամեն կողմ: Այդ միջոցին ամրոցի երկաթյա դռները խորտակվեցան և կատաղի բազմությունը ներս խուժեց: Նրանք վայրենի աղաղակներով դիմում էին ուղղակի դեպի արքայական ապարանքը: Առջևում վեհապանծ կերպով ընթանում էր Մերուժան Արծրունին, իսկ նրա հետ` մի պարսիկ զորապետ:

Այդ միջոցին թագուհին և օրիորդը դուրս եկան ապարանքի ընդարձակ, շքեղազարդ սրահը:

Ե՜կ, համբուրեմ քեզ, սիրելի Որմիզդուխտ, ասաց թագուհին վշտալի ձայնով: – Հասավ ժամը, որ անողորմ ճակատագիրը պիտի բաժանե մեզ միմյանցից...

Օրիորդը ընկավ նրա գիրկը, ասելով.

Ոչ, մենք չենք բաժանվի միմյանցից, ուր. որ քեզ տանելու լինեն, ես էլ քեզ հետ կգամ:

Ապարանքի բազմաթիվ սենյակները լցվեցան զինվորներով: Որոնում էին թագուհուն և օրիորդին: Ամբողջ պալատը դղրդվում էր խառնաձայն աղաղակներից: Հանկարծ Շուշանիկը և Հասմիկը սարսափած դեմքով մտան սրահը, ուր գտնվում էին նրանք:

Գնա՜, Հասմիկ, դու ավելի սիրտ ունես, գնա, ասա նրանց, որ մենք այստեղ ենք, հրամայեց թագուհին:

Ես այդ բանը չեմ ասի, տիկին, լալագին ձայնով հրաժարվեցավ նաժիշտը:

Դու գնա՜, Շուշանիկ:

Ես էլ չեմ մատնի իմ տիկնոջը, հեկեկալով պատասխանեց նա:

Երկու նաժիշտները փարեցան իրանց սիրելի տիկնոջ ոտներին, համբուրում էին, ողջագուրում էին, և ողբաձայն հառաչանքներով լաց էին լինում: «Ա՜խ, քեզ պիտի տանեն... ա՛խ, մեզ պիտի զրկեն քեզանից…» անդադար կրկնում էին նրանք և չէին բաժանվում: Թագուհին հեռացրեց նրանց, երբ նախասենյակում լսվեցին ծանր ոտնաձայներ: Նա մոտեցավ, նստեց բազմոցի վրա, իսկ նրա մոտ նստեց օրիորդը:

Ներս մտան Մերուժան Արծրունին, պարսիկ զորապետը, մի խումբ թիկնապահների հետ: Մերուժանի գոհունակ դեմքը փայլում էր ուրախությունից: Խորին հրճվանքով առաջ ընթացավ նա և, յուր սուրը դնելով օրիորդի ոտների մոտ, արտասանեց հետևյալ խոսքերը:

Այդ բոլորը կատարվեցավ քո ազատության համար, և քո սիրո համար, նազելի Որմիզդուխտ: Հայոց թագուհին քեզ գերի վարեց յուր ամրոցը, իսկ ես, քեզ ազատելու համար, ոչնչացրի նրա ամրոցը` յուր զորքերի ահագին բազմության հետ: Հույս ունեմ, որ դու այսուհետև կհարգես այդ սուրը, որ այնքան անձնանվիրաբար գործեց քո պատվի և քո կյանքի համար:

Օրիորդի խոշոր աչքերը վառվեցան բարկության բոցով: Նա ոչինչ չպատասխանեց և ո՜չ արժանացրեց նայել նրա վրա: Այլ ոտքով սուրը մի կողմ հրեց և, դառնալով դեպի պարսիկ զորապետը հարցրեց.

Ինչպե՞ս է քո անունը:

Ալանաողան, քո ծառան, պատասխանեց նա գլուխ տալով:

Ո՜վ Ալանաողան, հրամայում եմ քեզ իմ եղբոր արքայից արքայի անունով, հեռացրո՛ւ այստեղից այդ մարդուն, նա ձեռքը զզվանքով տարավ դեպի Մերուժան Արծրունին: Նա չպիտի համարձակվի տեսնել իմ երեսը: Պատրաստել տո՜ւր մեզ համար առանձին պատգարակներ, ես և հայոց թագուհին միասին պիտի գնանք Տիզրոն, իմ եղբոր մոտ:

Զորապետը, ի նշան հնազանդության, կրկին և կրկին անգամ խոնարհեցրեց գլուխը, պատասխանելով,

Այրաց մեծափառ օրիորդի հրամանը կատարված կլինի, որպես նրա բարձր ցանկությունն է:

Կարծես, ամբողջ ապարանքը փուլ եկավ Մերուժանի գլխի վրա, և նա խորտակվեցավ, փշրվեցավ նրա փլատակների ներքո: Հարվածը մեծ էր և վերքը անբուժելի: Նա այն աստիճան շփոթվեցավ, նա այն աստիճան կորցրեց յուր վեհությունը, որ մի բառ անգամ չգտավ պատասխանելու, երբ պարսից զորապետը, որ յուր ստորադրյալն էր, բռնեց նրա ձեռքից, և դուրս հանեց սրահից:

Թագուհին նայեց նրա վրա, և խղճաց…

Մյուս օրը թագուհին և օրիորդը, Ալանաողանի հսկողության ներքո, ճանապարհ ընկան դեպի Պարսկաստան: Տարագրյալ թագուհուց չբաժանվեցան և նրա երկու նաժիշտները:

Այնուհետև պարսից զորքերը ամբողջ ինն օր ու գիշեր կրում էին Արշակ թագավորի գանձերը , որ ամբարված էին այդ ամրոցում: Այնտեղ անշարժ մնացել էր և սովից ու ժանտախտից մեռած բազմության հարստությունը: Երբ բոլորովին դատարկեցին, հետո հրդեհեցին գեղեցիկ Արտագերսը…

"Սամվել" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Վաղարշապատ
Կոմիտաս

Վաղարշապատ

Վարդանանք
Վարդանանք
Խաղա առցանց