Րաֆֆի
Սամվել
1 - ԺԸ
ԺԸ
ՊԱՏԱՆԻ ԱՐՏԱՎԱԶԴԸ
Երեկոյան մութը բոլորովին պատել էր, բայց Սամվելը դեռ չէր վերադարձել Սահակին և Մեսրոպին ճանապարհ դնելուց: Նրա սենյակում, միայնակ նստած, սպասում էր ծերունի Արբակը, իսկ սենյակի դռանը` ոտքի վրա սպասում էր պատանի Հուսիկը: Երկուսն էլ կորցրել էին իրանց համբերությունը: Իշխանը ուշացավ, բավական ուշացավ:
Ծերունին մի քանի անգամ վեր կացավ, ուղղեց ձիթային ճրագի պատրույգը, լույսը ավելացրեց, լույսը պակասացրեց, բայց. այդ պարապմունքը բավական չեղավ նրան զբաղեցնելու, և ձանձրույթից սկսեց անկյուններում դրած նիզակներն ու զենքերը համբարել: Այդ հաշիվը, կարելի է ասել, նա հարյուր անգամ տեսել էր, բայց դաձյալ նորից ստուգում էր:
Պատանի Հուսիկը երբեմն ներս էր մտնում, մի որևէ հիմարություն էր ասում ծերունուն, բարկացնում էր նրան և դուրս էր գալիս:
Բայց իշխանը դեռ չերևաց:
Կրկին հայտնվեցավ Հուսիկը և, կանգնելով ծերունու առջև, երկու ձեռքերը կանթեց կողքերի վրա և մի առանձին հեգնությամբ ասաց.
Գիտե՞ս, Արբակ, դրսումը ի՜՜նչ տեսա:
Ի՞նչ տեսար, սատանա, հարցրեց ծերունին, յուր խոժոռ աչքերը ուղղելով դեպի պատանու խորամանկ երեսը:
Տեսա` մեկը մի քանի անգամ անցավ իմ մոտով: Ես կուչ եկա պատի տակին, նա ինձ չտեսավ, և պտույտ տալով անցավ: Նա պտտվում էր մեր սենյակների շուրջը և անդադար նայում էր դեպի այս կողմ և դեպի այն կողմ: Երբեմն մոտենում էր, կանգնում էր լուսամուտի ներքև, ականջ էր դնում: Եվ որպեսզի չնկատեն նրան, նա հեռանում էր և նորից մոտենում էր: Երբ մի անգամ ևս հեռացավ, ես վազեցի դեպի խոհանոցը, այնտեղից վեր առի մի բավական խոշոր փայտի կոճղ, բերեցի, դրեցի ուղիղ այն գծի վրա, որտեղից նա մոտենում էր լուսամ ուտին: Երբ կրկին անգամ եկավ նա, ոտը դիպավ կոճղին և մի լավ գլուխկոնձի տվեց բակի սալերի վրա: էլ չեմ իմանում, գլուխը կոտրեց, թե քիթը, բայց մի խոր «ա՛խ՞»-«վա՛յ» գոչեց և կաղկղալով հեռացավ:
Չիմացա՞ր ով էր:
Ինչպես չիմացա, ներքինի Բագոսն էր, տիկնոջ ներքինին:
Այդ անպիտանին սպանելու է... շան նման սատկեցնելու է... մռմռաց ծերունին զայրացած ձայնով:
Նա յուր վարձը ստացավ... պատասխանեց պատանին և դարձյալ դուրս եկավ սենյակից:
Ծերունին մնաց միայնակ: Տխո՛ւր էր նա, տխո՛ւր, որպես արդար սրտմտություն: Ամբողջ կես դար վկա էր եղել նա այդ տան լավ և վատ գործերին, տեսել էր նրա չարն ու բարին, ուրախացել էր նրա բախտավորության հետ, ցավացել էր նրա դժբախտությունների հետ, բայց երբեք նրա սիրտը այնպես դառնացած չէր եղել, որպես այդ վերջին օրերում: Նրան դեռևս բոլորովին պարզ չէր, թե ինչ է կատարվում յուր շուրջը, բայց մի խուլ, ներքին բնազդմամբ զգում էր, որ լավ բան չէ կատարվում: Մոր լրտեսները շրջապատում են որդու բնակարանը... որդին մորից ծածուկ գործեր է կատարում... գիշերներն անծանոթ անձինք մտնում են ամրոցը, դուրս են գալիս... մարդիկ միմյանց ականջին են խոսում... Ի՞նչ էին նշանակում այդ բոլոր կասկածոտությունները: Ծերունին ինքն իրան հարց էր տալիս, բայց նրա պարզ և անկեղծ սիրտը մնում էր առանց պատասխանի:
Այդ մտահուզության մեջ նստած էր նա և խոժոռ դեմքով սպասում էր, մինչև նախասենյակում լսելի եղան ծանր ոտնաձայներ, դռները ետ գնացին, ներս մտավ Սամվելը, իսկ նրա ետևից` նրա երկու զինակիրները, որ կանգնեցին դռան աջ և ձախ կողմերում:
Բարի երեկո, սիրելի Արբակ, ասաց նա ուրախ ձայնով և մոտեցավ, ձեռքը դրեց ծերունու ուսի վրա, հարցնելով, Երևի, երկար սպասե՞լ տվի քեզ:
Երիտասարդի ուրախ տրամադրությունը փոքր-ինչ վանեց ծերունու թախծությունները և նա, ծանրացած գլուխը վեր բարձրացնելով, հարցրեց.
Ինչո՞ւ այդքան ուշացար:
Հեշտ չէ բարեկամներից ու սիրելիներից շուտով բաժանվելը, հարգելի Արբակ, կերանք, խմեցինք, համբուրվեցանք, բաժանվեցանք, դարձյալ մոտեցանք, դարձյալ համբուրվեցանք, և այդպես, կրկնելով ու կրկնելով, արևը մտացրինք, օրը մաշեցինք...
Նա դարձավ դեպի զինակիրները և ձեռքը շարժեց:
Նրանք գլուխ տվին և հեռացան: Ներս մտավ Հուսիկը, կանգնեց նրանց մեկի տեղում:
Հիմա ասա՜, Արբակ, մորս մոտ եղե՞լ ես, հարցրեց նա ու անցավ, հոգնած կերպով պառկեց յուր գահավորակի վրա:
Եղել եմ, պատասխանեց ծերունին, երկու անգամ:
Ոչ, երեք անգամ, ընդմիջելով ուղղեց Հուսիկը:
Հա՜, մեղա աստուծո, երեք անգամ, շարունակեց ծերունին, ծուռ կերպով նայելով պատանու երեսին. մեկ անգամ առավոտյան, մեկ անգամ կեսօրին...
Մեկ անգամ էլ երեկոյան, ծիծաղելով ավելացրեց Սամվելը:
Հա՜, մեկ անգամ էլ երեկոյան, կրկնեց ծերունին, զարմանալով, թե ի՞նչ մի ծիծաղելու բան կար այդ հաշվի մեջ:
Սամվելը փոքր-ինչ խմած էր, եթե ոչ, նա երբեք սովորություն չուներ կատակներ անել յուր դայակի հետ, որին չափազանց հարգում էր: Նկատելով ծերունու վշտանալը, փոխեց նա յուր հեգնական եղանակը և բոլորովին լուրջ կերպով հարցրեց,
Ուրեմն եղել ես մորս մոտ: Դե՜, պատմիր, ի՞նչ պատրաստություններ է տեսել իմ ճանապարհորդության համար: Ես առավոտյան պետք է գնամ, անպատճառ պետք է գնամ...
Մորդ ցանկությունն էլ հենց այդ է, որ առավոտյան գնաս, պատասխանեց ծերունին և, վեր կենալով յուր տեղից, մոտեցավ երիտասարդի գահավորակին, նստեց, նրա ներքև, գորգի վրա, որպեսզի յուր ձայնը ավելի լսելի լինի: Նա ամեն ինչ պատրաստել է տվել քո ճանապարհորդության համար: Հիսուն երիտասարդներ, միագույն-կապույտ նժույգների վրա նստած, ամենքը արծաթյա զեն ու զարդով, կուղեկցեն քեզ: Տասն զույգ մույգ դեղնագույն ջորիներ կտանեն վրանները, պաշարեղենը և հանդերձեղենի չամադանները: Երկու սպիտակ ջորիներ կտանեն իշխանական կառքը: Քսան ոսկեգույն նժույգներ պատրաստ կլինեն իբրև հետևակներ: Այդ նժույգների փառավոր ասպազենքը տիկինը յուր գանձարանիցն է ընտրել: Բացի հիսուն երիտասարդ թիկնապահներից, քեզ հետ կլինեն յոթն զինակիրներ, յոթն բազեակիրներ, յոթն բարակապահներ (շնապահներ) և երկու խոհարար: Գինին, զանազան տեսակ օշարակներ, զանազան տեսակ քաղցրավենիք և անուշեղեններ, իրանց կարգով, դարսած են առանձին արկղերի մեջ: Մոռացա ասել, որ հիսուն թիկնապահների թվում կլինի և մի սպա, որ կտանե իշխանական դրոշը, և մի խումբ թմբկահարներ ու փողհարներ:
Այդ հաշվի մեջ Արբակը չսխալվեցավ, որովհետև երբեմն նայում էր մի գրվածքի կտորի վրա, որ ձեռքում բռնած ուներ: Երբ ավարտեց, Սամվելը նկատեց.
Բավական փառավոր պատրաստություն է, միայն խի՛ստ ծանր է... Ես կցանկանայի, որքան կարելի է, թեթև լիներ իմ ասպախումբը...
Մայրդ ցանկացել է, որ քո հոր և քո անունին պատշաճ լինի քո ասպախումբը... պատասխանեց ծերունին մի այնպիսի ձայնով, որի մեջ լսվում էր և նրա դառն տհաճություն:
Իսկ իմ մարդիկներից ո՞ւմ է նշանակել:
Ոչ ոքի: Այդ թողել է քո կամքին, ումը կամենաս, կարող ես վեր առնել քեզ հետ:
Իսկ դու, սիրելի Արբակ, չե՞ս գալու ինձ հետ:
Արբակը քեզ ե՞րբ է միայնակ թողել, որ այժմ թողնե: Նրա գլուխը պետք է այդ շեմքի տակ թաղվի:
Նա ձեռքը տարավ դեպի Սամվելի սենյակի շեմքը:
Պատանի Հուսիկը կանգնած էր պատի մոտ և յուր փայլուն աչքերով երբեմն նայում էր յուր տիրոջ վրա և երբեմն ծերունի Ար բակի վրա: Նա անհանգիստ էր և անհամբերությամբ սպասում էր գիտենալ, արդյոք յուր տերը իրան ևս կտանե՞ յուր հետ: Նրա ուրախությունն անչափ եղավ, երբ Սամվելը դարձավ դեպի ծերունին ասելով.
Շնորհակալ եմ իմ մորից, որ իմ մարդիկների ընտրությունը թողել է իմ կամքին: Ես բոլորին պետք է ինձ հետ տանեմ: Կհրամայես, սիրելի Արբակ, որ ամենքը առավոտյան պատրաստ լինեն:
Ես արդեն պատվիրել եմ, պատասխանեց ծերունին:
Այդ միջոցին առաջ անցավ պատանի Հուսիկը և կարմրելով ասաց.
Մի խնդիրք ունեմ, տեր իմ:
Խոսի՜ր:
Իմ ձիու մի ոտքը պայտելուց կաղում է:
Արբակը կհրամայե, որ իմ ախոռատնից քեզ տան այն ձին, որը դու հավանելու լինես:
Պատանու դեմքը փայլեց ուրախությունից:
Արբակը վեր կացավ:
Ո՞ւր, հարցրեց Սամվելը:
Դեռևս պակաս բաներ շատ կան, գնում եմ կարգի դնելու...
Շնորհակալ եմ, սիրելի Արբակ, ես առավոտյան վաղ, շատ վաղ պետք է ճանապարհ ընկնեմ:
Ծերունին գլուխը խորհրդավոր կերպով շարժեց և, առանց յուր ետևը նայելու, դուրս գնաց սենյակից:
Նրա հեռանալուց հետո, Սամվելը ավելի ուրախ էր: Յուր ճանապարհորդության պատրաստությունները թեև ոչ բոլորովին, բայց մասամբ ավելի նպատակահարմար էին կարգադրված: Նա այդքանն ևս չէր սպասում յուր մորից: Նա սպասում էր փառավորություն, շքեղություն, բայց չէր սպասում, որ մայրը թույլ կտար նրան յուր մարդիկը յուր հետ տանել: Իսկ Սամվելի մարդկանց թիվը ավելի շատ էր, քան մոր նշանակածները:
Նա այժմ ոտքի վրա անցուդարձ էր անում յուր սենյակում և, ձեռքերը եռանդով շփելով, ինչ-որ հաշիվներ էր անում յուր գլխում: Պատանի Հուսիկը, նկատելով նրա ուրախ տրամադրությունը, համարձակություն ստացավ մի այլ խնդիրքով ևս դիմելու յուր տիրոջը: Բայց այս անգամ տատանվում էր նա, և նրա ճարպիկ լեզուն, որ խոսքի ետևից ման գալու սովորություն չուներ, այս անգամ պապանձվել էր: Ամոթխածությունից գլուխը խոնարած, երբեմն թեքվում էր աջ ոտի վրա, երբեմն ձախ ոտի վրա, և մի-մի անգամ ձեռքը տանում էր, ականջի ետևը քորում էր: «Ասե՞մ, թե չասե՞մ»... այդ երկու բառերն էին պտտվում նրա հուզված գլխում:
Եթե Սամվելը գոնե մի անգամ նայելու լիներ խեղճ պատանու վրա, իսկույն կնկատեր նրա անհանգիստ դրությունը, բայց Սամվելը հափշտակված էր յուր քաղցր խոկումներով և նրա վրա ամենևին ուշադրություն չէր դարձնում:
Մի քանի անգամ հազաց պատանին: Նրա կեղծ, խորամանկ հազը գրավեց Սամվելի ուշադրությունը, որ նայելով նրա շփոթված երեսին, հարցրեց.
Այլևս ի՞նչ ասելիք ունես:
Ինչպե՞ս ասեմ... տեր իմ.., աչքերը դեպի ցած խոնարհեցնելով, մրմնջաց պատանին:
Այնպես ասա, ինչպես միշտ սովորություն ունես ասելու, խոսեց իշխանը ծիծաղելով: Ինչի՞ց ես ամաչում:
Տիրոջ ծիծաղը ամրացրեց պատանու վստահությունը, և նա հեկեկալով ասաց.
Այսօր ամբողջ օրը լաց էր լինում «նա»:
Ո՞վ, Նվա՞րդը:
Այո , տեր իմ:
Ինչո՞ւ էր լաց լինում:
Նա իմացել է, որ ես գնալու եմ իմ տիրոջ հետ...
Եվ տխրո՞ւմ է:
Ո՜չ, տեր իմ: Ես խոսք էի տվել...
Ի՞նչ խոսք էիր տվել:
Որ այդ օրերում...
Կպսակվեք: Այդպես չէ՞:
Այո՜, տեր իմ:
Հիմա ի՞նչ ես ուզում, կամենում ես մնալ, պսակվե՞լ:
Ոչ, տեր իմ, ես նրան դեռ նշան էլ չեմ տվել:
Սամվելը, մի փոքր մտածելուց հետո, հանգստացրեց նրան, ասելով.
Դու քո խոստմունքի կեսը այժմ կարող ես կատարել: Նշանը կտաս, իսկ պսակվելը կմնա մեր վերադառնալուց հետո: Դեռ ես չգիտեմ, թե երբ կվերադառնանք... Բայց երբ էլ որ լինի, ես քեզ անպատճառ պսակել կտամ Նվարդի հետ: Նա լավ աղջիկ է, նա այդ օրերում մի քանի լավ ծառայություններ արեց ինձ, և այդ պատճառով, իմ կողմից առանձին վարձատրության արժանի է: Երբ Արբակը կգա, կասեմ նրան, որ իմ գանձից տանե նրա համար ամենաթանկագին նշաններ:
Խեղճ պատանին չգիտեր` որպես հայտներ յուր շնորհակալությունը: Ուրախության արտասուքը աչքերում, մոտեցավ, ընկավ յուր տիրոջ ոտքերը, կամենում էր համբուրել: Սամվելը հեռացրեց նրան, ասելով.
Վեր կա՜ց, որքան Նվարդը լավ աղջիկ է, այնքան և դու լավ սպասավոր ես:
Այդ միջոցին դռները շառաչմամբ ետ գնացին, ներս վազեց պատանի Արտավազդը, Մամիկոնյան Վաչեի որդին: Նա գրկեց Սամվելի պարանոցը և, գեղեցիկ գլուխը դնելով նրա երեսի վրա, խորին հրճվանքով բացագանչեց.
Ա՛խ, եթե գիտենայիր, Սամվել, ո՜րքան ուրախ եմ... ո՜րքան ուրախ եմ... չեմ կարող պատմել...
Այդ ի՞նչն է այդքան ուրախացրել քեզ, հարցրեց Սամվելը, դժվարությամբ ազատվելով աշխույժ պատանու գրկից:
Նստենք, կպատմեմ: Սաստիկ հոգնել եմ, սաստի՛կ...
Երկուքն էլ նստեցին բազմոցի վրա: Պատանին մինչև ականջները կարմրել էր: Երևում էր, որ իրանց տանից մինչև Սամվելի բնակարանը անդադար վազելով էր եկել: Մի փոքր շունչ առնելուց հետո, խոսեց.
Այս առավոտ միայն ինձ ասացին, որ դու գնալու ես հորդ դիմավորելու: Մտածեցի, ինչո՞ւ պետք է Սամվելը գնա, իսկ ես չպիտի գնամ: Իսկույն վազ տվի Մուշեղի մոտ, ձեռքը համբուրեցի, ոտքը համբուրեցի, վերջապես նրա հաճությունը առի: Հետո վազ տվի քո մոր մոտ. նրա էլ գլխից սկսած մինչև ոտքերը համբուրեցի: Նա էլ կամք տվեց: Մնում էր իմ մայրը: Դրան համբույրներով համոզել փոքր-ինչ դժվար էր: Զոռ տվի լեզվիս: «Գիտե՞ս, ասացի, Մերուժանը գալիս է, Վահանը գալիս է. նրանց հետ լինելու են պարսից թագավորի մեծամեծ զորապետները, պետք է երևալ բանակի մեջ, պետք է ցույց տալ իրան: Այնտեղ հավաքվելու են բոլոր նախարարների որդիները: Ես ո՞րիցն եմ պակաս թե իմ նետ նետելով և թե իմ նիզակ շարժելով... »: Մի խոսքով, էլ բան չմնաց, որ չասացի: Դու գիտես, որ մայրերը փառասեր են լինում, մանավանդ որդիների վերաբերությամբ: Նա բարեհաճեց, որ ես էլ երևամ նախարարների որդիների մեջ և զարմացնեմ պարսիկներին: Լավ չե՞մ սարքեր
Վատ չէ, պատասխանեց Սամվելը, թեև սուտեր շատ ես խոսել:
Ոչ, աստված է վկա, սուտ չեմ ասել, բայց մի փոքր պարծեցել եմ, ասաց պատանին, ավելի կարմրելով: – Ի՞նչ պետք է անեի, մարդ ուզում է դուրս գա, աշխարհ տեսնե, բայց դրանք, կույր աղջկա նման, հենց տանն են պահում: Ես խո պստիկ չեմ, մի տարի էլ անցնի, բեղերս դուրս կգան... Այն ժամանակ կասեն` «դու մարդ ես... »: Հիմա ինձ մարդու տեղ չեն դնում... Այս գիշեր չեմ քնելու, խոսքը փոխեց նա, մինչև լույս չեմ քնելու: Երբ առավոտյան տեղ եմ գնալու, գիշերը քունս չէ տանում: Պետք է ամեն ինչ պատրաստել տամ, ամեն ինչ...
Այդ շատախոս պատանին, որին առաջին անգամ տեսանք Մուշեղ իշխանի պարտեզում, Համազասպ մանուկի հետ նետաձգության փորձեր անելիս, այդ կյանքով և կրակով լի պատանին ոչ սակավ հարգելի պատճառներ ուներ մասնակցելու Սամվելի արշավանքին: Բայց Սամվելին սկսեց անհանգստացնել այն միտքը` արդյոք այդ անփորձ և պարզամիտ մանուկը իրան չէ՞ր խանգարի... արդյոք նա մի անխուսափելի ծանրություն չէ՞ր դառնա յուր համար... Այդ տարակուսանքներն էին պատճառը, որ Սամվելը դժվարացավ պատասխանել, երբ պատանին, նրա երկու ձեռքերը առնելով յուր ափերի մեջ, մոտեցրեց յուր շրթունքներին, հարցնելով.
Բոլորի հաճությունը ստացել եմ, սիրելի Սամվել, մնում ես դու, ասա, հոժա՞ր ես, որ ես էլ գամ քեզ հետ:
Երբ Սամվելը յուր պատասխանը ուշացրեց, նա ավելացրեց, ասելով.
Եթե դու չհամաձայնվես, ես առանց քեզ էլ կգնամ...
Պատանու ինքնավստահությունը փոքր-ինչ չափազանց էր: Բայց Սամվելին հայտնի էր նրա անսանձ, անզուսպ բնավորությունը: Իրավ, եթե Սամվելը նրան յուր հետ տանելու չլիներ, նա այնպես էլ կգնար:
Մի միտք ծագեց Սամվելի գլխում. «Դա ինձ հարկավոր կլինի...» և իսկույն գրկեց նրան, ասելով.
Մի՛ վշտացիր, սիրելի Արտավազդ, դու իմ ասպախումբի զարդը կլինես, ես առանց քեզ մի քայլ անգամ չեմ փոխի, գնա՛, պատրաստվիր:
Պատանին վեր կացավ և, ուրախությունից մոռանալով մինչև անգամ բարի գիշեր ասել, դուրս վազեց սենյակից: Նախասենյակում լապտերը ձեռին սպասում էր նրա ծառան: Նա շտապելով թողեց ծառային և անցավ: Ծառան լապտերը տանում էր նրա ետևից և դժվարանում էր հասնել:
Երեք օր անցել էր այն գիշերից, որ երկու սուրհանդակները մտան Ողական ամրոցը, բերելով Տիզբոնի բոթը:
Երեք օրից հետո դուրս եկան Ողական ամրոցից երկու եղբոր որդիները.
Սամվելը առավոտյան, յուր փառավոր ասպախումբով, հանդիսավոր կերպով:
Իսկ Մուշեղը գիշերով, միայն երկու զինակիրների հետ, գաղտնի կերպով...
I
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱԳԱՎՈՐ
Երկիրը լեռնային էր:
Լեռնային անընդհատ շղթաները, իրանց բազմաթիվ ճյուղավորությամբ, կտրատել էին անհավասար մակերևույթը, կազմելով մի հսկայական ցանց: Այդ ցանցի մանր և անձուկ հյուսվածքի մեջ սեղմված էին խորին ձորեր, մթին հովիտներ և նեղ դաշտեր: Այդ ձորերը, այդ հովիտները, այդ դաշտերը ներկայացնում էին մի-մի գավառ, որ բաժանված էին բնական սահմաններով:
Լեռնային ցանցի հյուսվածքի թվով բազմանում էր և գավառների թիվը: Որքան շատ մասնատված էր երկրի մակերևույթը, այնքան շատ տրոհվում էին և գավառները: Այդ պատճառով հայոց աշխարհը այն անզուգական երկրներից մեկն էր, այնքան փոքր տարածության վրա` ունեն այնքան բազմաթիվ գավառներ:
Գավառները բոլորովին անջատված էին միմյանցից և համարյա զուրկ էին հաղորդակցությունից: Լեռը անմատչելի պատնեշ էր դրել նրանց մեջ, իսկ ձորը` անանցանելի խրամատ:
Մարդը մեծ դժվարություններ ուներ բնության խստություների հետ մաքառելու:
Ապառաժների կուրծքի վրայով, ներքևում անդնդային խորություն, որտեղից հազիվ լսելի էր լինում անցնող գետի խուլ դղրդյունր, վերևում` քարշ ընկած ժայռեր, որ ամեն րոպե սպառնում էին խորտակվիլ և ամեն ինչ ծածկել իրանց ահարկու փլատակների ներքո, բնության այդ սոսկալի կատաղության մեջ մա՛րդը, լեռնային մարդը, միայն նա՜ կարողացել էր յուր համար ճանապարհ բաց անել և մրցել վայրենի այծյամների հետ:
Տեղ-տեղ հաղորդակցությունը կտրում էին մթին, անթափանց անտառները: Նրանց մեջ մարդիկ աճում էին հսկա ծառաստանի հետ, կերակրվում էին նրանց պտուղներով և իրանց սաղարթախիտ աշխարհի սահմաններից դուրս` մի այլ աշխարհ չէին ճանաչում:
Այդ անտառներին մերձենալիս մարդիկ այնքան չէին վախենում գազաններից, որքան նրանց մեջ որջացած բնակիչներից:
Լեռների և անտառների հորինած դժվարությունների պակասը, հաղորդակցության վերաբերությամբ, լրացնում էին գետերը: Նրանք անցնում էին խորին, քարեղեն հատակի վրայով և երկու կողմից պարիսպների նման բարձր, ժայռոտ եզերքի միջով: Սեղմված իրանց նեղ ափերի մեջ, կատաղությունից գոռում, գոչում, որոտում էին նրանք և փրփրագեղ հորձանքներով զարկվում էին անխորտակելի ապառաժներին, որ փոքր-ինչ լայնացնեն իրանց ուղին, որ փոքր-ինչ ազատ ընթացք ստանան: Երասխի ահարկու «սահանքները» ամեն մի ճանապարհորդի վրա սարսափ էին ձգում:
Լեռների և ձորերի անձկության մեջ հայոց գետերը անհամբեր էին նավարկության: Նրանք թույլ էին տալիս իրանց վրա նավակներ այն ժամանակ միայն, երբ դուրս էին գալիս կիրճերի և փապարների խորքից, երբ ընթանում էին հարթ դաշտերի միջով և երբ խաղաղ ու հանդարտ հոսանքով մոտենում էին ծովերին:
Հայոց գետերի հինգ մեծամեծ նահապետները Տիգրիս, Եփրատ, Կուր, Երասխ, Փասիս անհամբեր էին և կամուրջների արհեստը դեռ անզոր էր զսպել նրանց յուր հոյակապ կամարների ներքո: Այդ էր պատճառը, որ Օգոստոս կայսրի կառուցած կամուրջը Երասխի վրա համարվեցավ մի հրաշալիք, որ առիթ տվեց Վիրգիլիոսի երգերին: Իսկ պարսից Կյուրոս թագավորի կառուցած կամուրջը նույն գետի վրա համարվեցավ աստուծո գործ: Արտաշատ քաղաքի մոտ գտնվող ամենահին կամուրջը, որ կոչվում էր Տափերական, սկզբում տոփերի մի շարվածք էր, որ պահվում էր միայն գետի խաղաղ ժամանակը:
Հաղորդակցության ոչ սակավ արգելք էր լինում ձմեռը` Հայոց աշխարհի երկարատև ձմեռը:
Դեռ հոկտեմբեր ամսում շատ տեղերում, մանավանդ բարձրավանդակների վրա, թանձր ձյունը ծածկում էր հովիտները, լցնում էր ձորերի խորքերը, անհետացնում էր բոլոր ճանապարհները և կտրում էր ամեն հարաբերություն: Ճանապարհորդները, երկար ձողերը ձեռքներին բռնած, այնպես էին շրջում, որպեսզի ձյունի հյուսի տակ ծածկվելու ժամանակ, ձողերի գլուխը դրսում մնալով, խնդրակները գիտենային, որ տակումը մարդիկ են թաղված: Այդ ձողերը ունեին և այլ հարմարություններ: Նրանց վրա հենվելով թռչում էին խորին վիհերից և նրանցով ձյունի տակից ծակ էին բաց անում շունչ առնելու համար:
Ձյունի վտանգներին ենթարկվում էին ոչ միայն հասարակ մահկանացուներ, այլ թագավորներն անգամ:
Սանատրուկ թագավորը, տղայության ժամանակ, երեք օր և երեք գիշեր մնաց ձյունի տակ, յուր դայակի գրկում: Խնդրակների սպիտակ շունը գտավ նրանց և հսկեց նրանց մոտ այնքան ժամանակ, մինչև մարդիկ եկան և դուրս հանեցին: Տիրան Ա թագավորը բոլորովին անհետացավ ձյունի հյուսի տակ, նրան գտնել չկարողացան: Քսենոփոնը հունաց տասն հազարի հետ` հայոց երկրով անցնելու միջոցին սառցրեց յուր զինվորների ոտներն ու ձեռքերը, թեև ձմեռը դեռ նոր էր սկսվել: Յուր բանակի ձիաների ոտներն անգամ պատեց նա տաք պարկերի մեջ, բայց հնար չեղավ ցրտից ազատելու: Արտավազդ Ա-ի օրերում հայոց ձմեռը կոտորեց Անտոնիոս հռոմայեցու զորքերից 8000 հոգի, երբ նա վերադառնում էր պարսից արշավանքից:
Սարսափելի էր հայոց բուքը, բորեասը:
Դառնաշունչ քամին կատաղաբար տեղափոխում էր ձնային ահագին բլուրներր և օդը մթնեցնում էր սառցային թանձր փոշիով: Այդ օրհասական րոպեներում ամեն շնչավոր թաքստի տեղ էր որոնում: Մեծ ճանապարհների վրա, վտանգավոր տեղերում, քարավանների պատսպարության համար` շինված էին հատուկ պանդոկներ: Բայց այդ փոթորիկների միջոցին` խիստ սակավ էր պատահում, որ քարավանը ժամաներ յուր փրկության իջևանին: Շատ անգամ մի քանի քայլ հեռավորության վրա ծածկվում էր ձյունի թանձրության ներքո:
Լեռնային կողմերում տարվա համարյա կես մասը շինականները իրանց անասունների հետ ապրում էին ձյունի տակ, մթին, գետնափոր խրճիթներում: Այդ ստորերկրյա խորշերում թե՜ տերը և թե՜ անասունը բավական պաշար ուներ: Բայց սովը և անասունների կոտորածը միշտ անխուսափելի էր դառնում, երբ ձմեռը սովորականից ավելի երկար էր տևում: Ջուրը ստանում էին նրանք հալեցրած ձյունից, իսկ անասունների համար ճարակ չէին գտնում:
Գարնան արեգակը բերում էր յուր ջերմության հետ հեղեղներ: Պղտոր, աղմկալի վտակներով լցվում էին ձորերը և հաղորդակցությունը ավելի դժվարանում էր: Այդ ժամանակ, սարերի ստորոտներում, սպիտակ, ձյունապատ տափարակները սկսում էին հետզհետե սևանալ և ապա ծածկված էին սքանչելի կանաչազարդությամբ: Ծիծեռնակի ձայնի հետ` լսվում էր նորածին գառնուկների պառանչը: Հովիվները իրանց վրանները զետեղում էին ծաղկազարդ արոտամարգերի վրա:
Ժամանում էր ամառը:
Սարերի ներքևում, տափարակների վրա հասունանում էր նուռը, թուզը, ձիթենին: Ոսկեգույն սաթի նման փայլում էին խաղողի ողկույզները: Եվ շիկահեր կույսի գիսակների նման ծփում, ծածանվում էին ծանրացած հասկերը: Իսկ այնտեղ, վերևում, բարձրությունների վրա, դեռ նկարված էին ճերմակ գագաթները, և լայն, թանձրախիտ շերտերով մնում էր անշարժ սառնամանիքը ապառաժների հավիտենական խոռոչների մեջ:
Հովիտների մեջ, ցած և դուրան տեղերում ամառային տոթն ու տապը ավելի անտանելի էր լինում, քան ձմեռնային ցուրտը: Արեգակը այրում էր, երկինքը կրակ էր թափում: Մարդիկ, որ սովորած էին ձմեռվա ցրտից պատսպարվելու համար թաքչիլ գետնափոր խրճիթներում, այժմ արևի կրակից ազատվելու համար իրանց անասունների հետ հեռանում էին դեպի լեռների հովասուն բարձրությունները: Եվ այսպես, յուրաքանչյուր տարվա ընթացքում կատարվում էր մի տեսակ գաղթականություն ջերմից դեպի ցուրտը, իսկ ցրտից դեպի ջերմը: Բայց ամեն մի հասարակություն յուր գավառի սահմաններից չէր դուրս գալիս:
Բնության այս տեսակ խիստ, միմյանցից տարբեր և միմյանց հակառակ ծայրահեղությունները ստեղծեցին նույնպես խիստ և ծայրահեղ բնավորություններ: Այդ էր պատճառը, որ հայոց աշխարհի բարքը, վարքը, սովորությունները, կենցաղավարության եղանակը և առհասարակ նրա հասարակական կազմակերպությունը` յուր բոլոր երևույթներով` հետևանք էր երկրի բնական պայմանների:
Գետերը, մեծամեծ լճերը, լեռնային շղթաները իրանց բազմաթիվ ճյուղավորությամբ` կտրատեցին երկրի մակերևույթը, ստեղծելով բազմաթիվ մանր մասնիկներ, որոնց յուրաքանչյուրը ներկայացնում էր մի-մի գավառ, որ բաժանված էր բնական սահմաններով:
Նրանցից յուրաքանչյուրը մի-մի իշխանություններ էին, որ ապրում էին իրանց տարբեր կյանքով և տարբեր սովորություններով, որքան տարբերվում էր մի գավառ մյուսից յուր տեղական պայմաններով:
Անշարժությունը, հաղորդակցության դժվարությունը, ինչպես տեսանք վերևում, ավելի ևս զարգացնում էին նրանց մեջ տեղական հատկանիշ առանձնությունները: Երկրի անփոփոխ դրությունը պահպանում էր անփոփոխ սովորություններ: Դրա հետևանքը լինում էր կրթության և հառաջադիմության դանդաղկոտությունը: Մի գավառացի մյուս գավառացու լեզուն չէր հասկանում, թեև երկուքն էլ եղբայրներ էին:
Շահերի տարբերությունը առաջ էր բերել և իշխանության տարբերություններ: Ամեն մի գավառ յուր առանձին կառավարությունը, յուր օրենքներն և ավանդություններն ուներ:
Այդ իշխանությունները կոչվում էին նախարարություն:
Որքան գավառներ կային, այնքան և նախարարություններ կային: Դարերի ընթացքում, զանազան քաղաքական հանգամանքների պատճառով նրանց թիվը կամ ավելանում էր, կամ պակասում էր:
Նախարարությունների ներկայացուցիչները կոչվում էին նախարար:
Ամեն մի նախարար յուր երկրի բացարձակ տերն էր: Նրա իշխանությունը ժառանգաբար անցնում էր սերունդից սերունդ:
Նախարարների հարաբերությունները դեպի Հայաստանի արքան ստորադասական էր: Նրանք վճարում էին արքունի գանձարանին մի որոշյալ հարկ, պարտավորված էին որոշ թվով զորք պահել, պատերազմի ժամանակ օգնել թագավորին, իսկ խաղաղության ժամանակ` պահպանել տերության սահմանները: Յուրաքանչյուր նախարար հսկում էր այն սահմանների վրա, որ մոտ էր յուր իշխանության երկրին:
Արտաշես Բ-ն առաջինը եղավ, որ նախարարությունների սահմանները որոշեց, գծերի վրա քարյա սյուներից նշաններ դրեց և յուրաքանչյուրի ժառանգության չափը արձանագրեց արքունի դիվանագրքերի մեջ: Իսկ Տրդատ Մեծը որոշեց նրանց պարտավոիությունները երկրի սահմանագլուխները պահպանելու վերաբերությամբ:
Առհասարակ Հայաստանի սահմանների մոտ եղած նախարարությունները ավելի ընդարձակ և ավելի զորեղ էին, քան թե կենտրոնում կամ, որպես կոչվում էր, միջնաշխարհում գտնվածները: Սահմանագլխի նախարարներից ոմանք տիրում էին մի քանի գավառների:
Նախարարական տներից շատերը վայելում էին առանձին արտոնություններ` թե՜ կառավարության գործերում և թե՜ թագավորի արքունիքում: Օրինակ, թագավորի երկրորդականը ընտրվում էր Մուրացան նախարարությունից, թագավորի հանդիսավոր թագադրության օրում թագադիր ասպետը ընտրվում էր Բագրատունյաց նախարարությունից, թագավորի պալատի ներքինապետը ընտրվում էր Մարդպետական նախարարությունից, զորքերի ընդհանուր սպարապետր ընտրվում էր Մամիկոնյան նախարարությունից: Կային այլ նախարարություններ ևս, որոնց արտոնական պաշտոններն էին զանազան պալատական ծառայություններ:
Ամեն մի նախարարություն, առանձին վեր առած, մի ամբողջական իշխանություն էր: Իշխում էր տոհմի ավագը, որ կոչվում էր նահապետ կամ տանուտեր: Իսկ նախարարական տան մյուս ժառանգները միայն վայելում էին երկրի հասույթները` կամ թոշակներով և կամ հողային բերքով: Դարերի ընթացքում իշխանական գերդաստանի անդամների թիվը հետզհետե բազմանալով, շատ հասկանալի է, որ երկրի հասույթները անբավարար կլինեին գոհացնելու բոլորին: Այդ դեպքում խիստ հաճախ էր պատահում, որ նախարարները նոր տիրապետություններ էին անում, խլելով իրանց դրացիների հողերը: Ներքին կռիվը և արյունահեղությունը անցնում էր սերունդից սերունդ, որ շատ անգամ պատճառ էր տալիս ամբողջ նախարարական տոհմերի բնաջինջ լինելուն: Տրդատի վախճանվելուց հետո, Բզնունյաց, Մանավազյանց և Որդունյաց նախարարները, միմյանց հետ պատերազմելով, համարյա թե ոչնչացրին միմյանց ցեղերը:
Թագավորը, ըստ կալվածական ժառանգության, համարյա մի մեծ նախարար էր: Նա սեփականել էր իրան ամբողջ Արարատը– երկրի սիրտը:
Արարատը, որպես արքայական կալվածք, անբաժանելի էր:
Արարատում բնակվում էր թագավորը և թագաժառանգը միայն: Իսկ արքայական տան մյուս ժառանգներից ոչ ոք իրավունք չուներ Արարատում բնակվելու: Նրանց համար որոշված էին առանձին գավառներ: Դա Արշակունիների մեջ օրենք էր:
Հաշտենից, Աղիովտի և Առբերանի գավառները իրանց բոլոր հասույթներով հատկացրած էին թագավորազների կեցության համար: Այդ երեք գավառներում նրանք այնքան բազմացել էին, որ հողերը մինչև անգամ անբավական էին նրանց վայելչությունները գոհացնելու համար: Այդ պատճառով միշտ բողոքում էին, թե իրանց տեղը նեղ է, և թագավորից նոր հողեր էին խնդրում:
Հայոց պատմության մեջ մի նշմար անգամ չենք տեսնում, որ Արշակունի թադավորազները կառավարության որևէ պաշտոնում ընդունվեին: Նրանց չենք տեսնում և զինվորական ծառայության մեջ: Նրանք դատապարտված էին մշտական անգործության: Նրանց ընծայել էին ընդարձակ գավառներ, տալիս էին գանձարանից առատ ռոճիկներ, որ վայելեն, որսորդություններով և զանազան զվարճություններով զբաղված լինեն և մի այլ փառասիրության չձգտեն: Այդ` յուր ժամանակի քաղաքականությունն էր, որպեսզի գահին հետամուտ չլինեն: Ապրելով բոլորովին մեղկ և աննպատակ կյանքով, նրանց մեջ սպանվում էին ամեն բարձր և քաջազնական գաղափարներ:
Եվ այդպես, թագավորը սեփականել էր իրան Արարատը և թագաժառանգի հետ բնակվում էր այնտեղ` յուր մայրաքաղաքում: Մյուս թագավորազները իրավունք չունեին Արարատում բնակություն հաստատելու: Նրանց համար նշանակված էին առանձին գավառներ:
Արշակունի թագավորազներից մեկը միայն, Արշակ Բ-ի եղբոր որդի Գնելը համարձակվեցավ բնակություն հաստատել Արարատում (Արագած լեռան ստորոտում) և յուր վարմունքով գրգռեց Արշակի կասկածանքը և նույն կասկածանքին զոհ դարձավ...
Թագավորազների բազմանալը մի կողմից, նախարարությունների բազմությունը մյուս կողմից, գրավել էին երկրի մեծ մասը և սպառում էին նրա արդյունքները ի վնաս արքունի գանձարանի:
Թագավորին մնացել էր մի գավառ միայն Արարատը:
Մի այսպիսի պետական կազմակերպության մեջ, երբ ուժը հողի ընդարձակության և հողի վրա ապրող բնակիչների բազմութժան չափովն էր չափվում, շատ հասկանալի է, որ նախարարների հավաքական զորությունը ոչ միայն կարող էր ճնշում գործ դնել թագավորի վրա, այլ նրա վիճակը ամեն րոպե կարող էր յուր ձեռքում պահել: Զորք ամեն մի նախարար ուներ, և ոմանց զինվորական ուժը ավելի բարձր էր, քան Արարատյան զինվորությունը:
Մյուս կողմից, այնքան բազմաթիվ նախարարություններ, բաժան-բաժան եղած միմյանցից, որոնց յուրաքանչյուրը կենտրոնացած էր յուր մեջ, ապրում էր յուր տարբեր շահերով, ուներ յուր վաղեմի, ավանդական ինքնակայությունը, շատ պարզ է, որ այդ մասնատյալ իշխանություններից չէր կարող կազմվիլ մի ամփոփ, ամուր, միահեծան պետություն:
Արշակունյաց վերջին թագավորները զգում էին, թե ինչ բանի մեջն է իրանց տկարությունը, և պետությունը մի ամբողջական և ուժեղ կազմության վերածելու նպատակով սկսեցին փոքր առ փոքր ոչնչացնել նախարարների իշխանությունը:
Գործերի դրությունը, շրջապատող հանգամանքները և իրանց թագավորների հանապազ ընդհարումները նախարարների հետ, նրանց այդ բնական շավիղի մեջ դրին:
Այդ գաղափարը ծագեց Արշակունի թագավորների մեջ սկսյալ այն օրից, երբ քրիստոնեությունը մուտք գործեց Հայաստանում: Տրդատը առաջինը եղավ, որ ոչնչացրեց Սլկունյաց զորեղ նախարարությունը և Տարոնը խլեց նրանցից: Բայց մեծ թագավորը, զբաղված լինելով Հայաստանի կրոնական վերանորոգության մեծ գործով, ժամանակ չունեցավ իրագործելու նրա քաղաքական վերանորոգության ավելի ծանր գործը:
Տրդատ մեծի երեք հաջորդները` Խոսրով Բ, Տիրան Բ և Արշակ Բ` ավելի առաջ տարան նրա սկսած գործը:
Տրդատ մեծի որդի Խոսրով փոքրը թեև ոչ հոր հսկայական տիպարն ուներ և ոչ նրա անպարտելի քաջությունը, բայց խելացի մարդ էր: Նախարարների վերաբերությամբ ձեռք առեց նա երկու միջոցներ` խիստ և մեղմ: Խիստ էր նա, երբ Աղձնյաց Բակուր բդեշխին սպանել տվեց, նրա ցեղը ջնջեց և, նրա երկրում շատ կոտորածներ կատարելուց հետո, նրա որդի Հեշային բազմաթիվ գերիների հետ տարագրեց Աղձնիքից: Բայց նրա գործ դրած մեղմ միջոցները ավելի քաղաքագիտական էին և ավելի կորստաբեր կարող էին լինել նախարարների համար, եթե Խոսրովը երկար ապրեր: Նա թագավորեց 9 տարի միայն: Նա մտածեց` ավագ նախարարներին կապել արքունիքի հետ և պալատական զվարճություններով մեղկացնել, տկարացնել նրանց: Այդ նպատակով հրատարակեց մի նոր օրենք, որ հազարից մինչև տասն հազար (մի բյուր) զորք ունեցող նախարարները պետք է միշտ թագավորի մոտ լինեն և նրանից չհեռանան: Եվ որպեսզի նրանց զբաղեցնե, Խոսրովը Երասխի զվարճալի ափերի մոտ հիմնեց Դվին քաղաքը, յուր արքունիքը տեղափոխեց այնտեղ, իսկ քաղաքից ոչ այնքան հեռու, Ազատ գետի ամբողջ հովիտը ծածկեց ձեռատունկ անտառներով, որ կոչեց յուր անունով Խոսրովակերտ: Այդ անտառները լցրեց զանազան տեսակ որսի անասուններով: Այդ անտառների մեջ հիմնեց այն շքեղ աապարանքը, որ կոչվում էր Տիկնունի: Գեղեցիկ տիկինների մի դրախտ էր այդ հրաշալի ապարանքը յուր հովանավոր ծառաստանով և յուր մշտանվագ ցնծություններով: Այնտեղ պատրաստ էր նախարարների համար ամեն տեսակ բավականություն, ամեն տեսակ զվարճություն: Այնտեղ հրապուրանքը, պալատական մեղկությունը մաշում, սպանում էր ամեն տիրապետական զգացմունք: Իսկ այդ երկար չտևեց: Խոսրովի մահից հետո նրա հղացած գաղափարը յուր հետ մեռավ:
Խոսրովի որդի Տիրան Բ-ը հոր խաղաղ քաղաքականությանը չհետևեց: Նա անխնա ձեռքով կոտորել տվեց մի քանի նախարարական ցեղեր և մանավանդ երկու ավագ նախարարությունների տոհմեր, որպիսիք էին Արծրունիները և Ռշտունիները: Կոտորածի միջոցին Մամիկոնյան երկու եղբայրներ, մերկ սրերը ձեռներին, հարձակվեցան դահիճների վրա և կարողացան ազատել երկու տոհմերից երկու մանուկներ միայն` Շավասպ և Տաճատ: Տիրանը այդ ներքին կռիվը ավելի առաջ տանել չկարողացավ, որովհետև նրա թագավորությունն ևս հոր նման, կարճատև եղավ 11 տարի: Իսկ յուր վարմունքով առիթ տվեց նա նախարարների իրանից հեռանալուն և յուր լքյալ և անօգնական մնալուն: Այդ անպաշտպան դրության հետևանքը եղավ նրա պարտությունը` նախ հռոմայացիներից և ապա պարսիկներից: Վերջինները զրկեցին նրան թե՜ աչքերից և թե՜ գահից:
Տիրանի որդի Արշակ Բ-ը վճռեց վերջացնել այն, ինչ որ սկսել էին յուր նախորդները: Նա բացարձակ պատերազմ հայտնեց նախարարների դեմ: Բայց նախքան պատերազմը սկսելը նրան հարկավոր էր մի ամուր նեցուկ, որի վրա հենվեր նա, այլ խոսքով, նրան հարկավոր էր մի զորեղ կուսակցություն: Նախարարներից անհնար էր այդ կուսակցությունը ստեղծել, որովհետև բոլոր նախարարներր միաբանված էին նրա դեմ: Իսկ Արարատը միայնակ բոլոր նախարարների հետ մաքառելու չափ ուժ չուներ: Հանճարեղ թագավորը մտածեց յուր կողմը ձգել եթե ոչ ամբողջ ժողովուրդը, գոնե նրա միջի դժգոհներին, նրանց, որ հալածված և տանջված էին նախարարներից: Այդ նպատակով հիմնեց Մասիս լեռան ստորոտում մի ապաստանի քաղաք, որ յուր անունով կոչեց Արշակավան: Երբ քաղաքը պատրաստ էր, հրաման արձակեց, թե ամեն ոք` եթե այդ քաղաքը մտնելու լինի, կազատվի թե՜ օրենքից և թե՜ դատաստանից: Շուտով քաղաքը և Կոգ գավառի ամբողջ հովիտը, ուր գտնվում էր Արշակավանը, լցվեցավ բազմաթիվ գաղթականներով: Այնտեղ ապաստան գտան նախարարներից հարստահարվածները, նախարարներից նեղվածները: Այնտեղ ապաստան գտան բոլոր դժգոհները, բոլոր բողոքողները: Այնտեղ ապաստան գտան նաև զանազան հանցավորներ, զանազան դատապարտյալներ: Երկրի դառնությունը, երկրի դարևոր վրեժխնդրությունը` բռնության և կոպիտ ուժի դեմ` այնտեղ գումարվեցավ: Այնտեղ գումարվեցավ մեղքը, հանցանքը, որ առաջ էր եկել բռնավորների անզուսպ կամայականությունից: Ամենափոքր ժամանակում քաղաքը ունեցավ մինչև քսան հազար երդ բնակիչներ:
Այդ մարդիկը ամենքն էլ նախարարների հպատակներից էին: Այդ վշտացած և, միևնույն ժամանակ, ծայրահեղ մարդիկը Արշակի ձեռքում մի զորեղ ուժ էին նախարարներին դեմ դնելու համար:
Նախարարները զգացին այդ, մանավանդ երբ տեսնում էին, որ իրանց հպատակներից ոչ միայն դժգոհները, այլ ամեն ոք հաճությամբ կտեղափոխվեր այն ազատ քաղաքը, ուր ոչ հարկ կար և ոչ օրենքի հալածանք, այլ ամեն մարդ վայելում էր կատարյալ ապահովություն:
Թողյալ այդ, նույնիսկ նախարարների երկրում մնացած անշարժ բնակիչները կարող էին հրապուրվել, կարող էին ամեն րոպե ապստամբվել, տեսնելով, որ թագավորը շնորհում է ավելի ազատություն և ավելի անդորրություն, քան թե իրանց իշխանները:
Այստեղից ծագեցին այն արյունահեղ կռիվները նախարարների և Արշակի մեջ:
Գուցե Արշակը հաղթող կհանդիսանար, եթե նախարարները արտաքին օգնության չդիմեին: Նրանք դիմեցին հայոց դարևոր թշնամուն պարսկին: Շապուհը օգուտ քաղեց հայոց աշխարհի ներքին երկպառակություններից և ուղարկեց յուր զորքերը: Արշակը անճար մնալով խույս տվեց դեպի Կովկասյան լեռները:
Նրա բացակայության ժամանակ` նախարարների վրեժխնդրությունը անցավ անգթության ամեն չափից: Նրանց ձեռնտվությամբ պարսիկները տիրեցին Անի քաղաքին, կողոպտեցին թագավորական գանձերը և մինչև անգամ Արշակունի թագավորների հանգստարաններին չխնայեցին, քանդեցին շիրիմները և գերի տարան արքաների նշխարները:
Այդ ժամանակ նախարարները իրանց բոլոր ուժով հարձակվեցան Արշակավանի վրա, թե այր և թե կին անխնա կոտորեցին: Ապաստանի քաղաքը լցվեցավ դիակներով. արյունը հորդությամբ հոսում էր փողոցներից: Ողջ մնաց ծծկեր մանուկների մի մասը միայն:
Արշակը վերադարձավ Կովկասից, յուր հետ բերելով վրացի և այլ լեռնական զորքեր: Կրկին բորբոքվեցավ կռիվը նախարարների և թագավորի մեջ: Նախարարները, պարսկին հարուստ ավարով ճանապարհ դնելուց հետո, այս անգամ հույնին կանչեցին իրանց թագավորի դեմ: Վաղեսի լեգեոնները մոտեցան հայոց սահմաններին: Արշակը ունեցավ յուր դեմ երեք հզոր թշնամիներ` հույնը, պարսիկը և յուր նախարարները...
Նա չհուսահատվեցավ, բայց զիջավ, երբ խաղաղության հրեշտակը մեջ մտավ և դադարեցրեց արյունահեղությունը:
Դա Ներսես Մեծն էր:
Մեծ հայրապետը հաշտեցրեց նախարարներին իրանց թագավորի հետ, ուխտ դնելով, որ «այնուհետև թագավորը վարվի նրանց հետ ուղղությամբ, իսկ նրանք ծառայեն հավատարմությամբ»:
Չհաշտվեցան երկու նախարարներ միայն` Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը Սամվելի հայրը: Նրանք գնացին պարսից Շապուհ արքայի մոտ:
Ահա՜ որտեղից ծագեց թշնամությունը Արշակի և այդ երկու նախարարների մեջ...
Տրդատի օրերում գավառների թիվը հասնում էր 620-ի: Իսկ Արշակ Բ-ի օրերում նրանց թիվը հասնում էր մինչև 900-ի:
II
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ, ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՄԱՐՄՆԱՎՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Թագավորի լարված հարաբերությունները յուր նախարարների հետ և նրանց մեջ ծագած ներքին երկպառակությունները, որ շատ անգամ առիթ էին տալիս սոսկալի արյունահեղությունների, այդ բոլորը նկարագրվեցավ նախընթաց գւխի համառոտության մեջ: Մենք այժմ գիտենք նրանց էական պատճառները:
Բայց հայոց պատմությունը ներկայացնում է մի այլ, ավելի տխուր երևույթ ևս, այն է` թագավորի նույնպիսի հարաբերությունները հոգևորականության և նրա բարձր ներկայացուցիչների հետ:
Այն օրից, որ քրիստոնեությունը մուտք է գործում Հայաստանում, նկատվում է մի խուլ, ներքին կռիվ թագավորի և հոգևորականության մեջ, որ հաճախ արտահայտվում է դառն, եղերական վախճանով: Զարմանալին այն է, որ այդ կռիվը սկսվում է իսկ և իսկ այն ժամանակից և նույն թագավորների օրերով, որոնք մաքառում էին իրանց նախարարների հետ: Դրանք Տրդատ մեծի չորս հաջորդներն են` Խոսրով, Տիրան, Արշակ և Պապ:
Ինքը` Լուսավորիչը հալածվեցավ: Յուր կյանքի վերջին օրերը ծածկեց նա Սեպուհ լեռան այրերի անհայտության մեջ:
Նրա որդիներից` Արիստակեսը սպանվեցավ Արքեղայոս իշխանից, իսկ Վրթանեսը Աշտիշատի վանքում մի հրաշքով միայն կարողացավ յուր կյանքը ազատել խուժանի կատաղությունից:
Վրթանեսի երկու որդիներից մեկը` Գրիգորիսը նահատակվեցավ Վատնյան դաշտում, իսկ մյուսը` Հուսիկը սպանվեցավ եկեղեցում Տիրան թագավորի հրամանով, որի փեսան էր:
Հուսիկի երկու որդիները, Պապ և Աթանագինես մի ժամվա մեջ սպանվեցան Աշտիշատի վանքում:
Պապը յուր սեղանի վրա, ճաշի ժամանակ, թունավորեց Աթանագինեսի որդի Ներսես Մեծին, որի բազմաջան աշխատությամբ, ինքը թագավորական գահն էր բարձրացել:
Մի խոսքով, սկսյալ Լուսավորիչից մինչև նրա վերջին ժառանգը, Սահակ Պարթևը, այդ մեծ հայրապետական տան ներկայացուցիչներից համարյա և ոչ մեկը խաղաղ մահվամբ չվախճանվեցավ, այլ ամենքը զոհ դարձան կամ թագավորի և կամ նախարարների խստասրտությանը:
Զոհ դարձան և այդ ժամանակների նշանավոր եկեղեցականները:
Խոսրովի հրամանով Մանաճիհը Ռշտունին Հակոբ Մծբնա հայրապետի յոթն սարկավագներին Ընձակա լեռան բարձրությունից գահավիժել տվեց Վանա ծովակի մեջ: Ծերունի հայրապետի աղաչանքն ու արտասուքը անզոր եղան ամոքելու խստասիրտ իշխանի անգթությունը:
Տիրանը խեղդել տվեց ծերունի Դանիել քահանային, որ Լուսավորչի նշանավոր աշակերտներից մեկն էր:
Արշակը հրամայեց հրապարակի վրա քարկոծել Արշարունյաց և Բագրևանդի եպիսկոպոս Խադին, որը Ներսես Մեծի աշակերտը և նրա հայրապետական տեղապահն էր Կ. Պոլիս գնացած ժամանակ:
Ի՞նչ էր այդ աղետավոր երևույթների պատճառը: Արդյոք նոր կրոնի մաքառո՞ւմը և նրա սաստիկ հակառակությո՞ւնը հեթանոսական վաղեմի սովորությունների և բարք ու վարքերի հետ:
Այդպես էլ բացատրում են հայոց պատմագիրները:
Տրդատ մեծից հետո, նրա բոլոր հաջորդները, բացի Վռամշապուհից, մինչև Արշակունյաց տան անկումը, նկարագրված են որպես վերին աստիճանի անբարոյական անձինք: Հոգևորականությունը նրանց անկարգ բարք ու վարքը հանդիմանում է, իսկ նրանք զայրանալով` սպանել են տալիս հոգևորականներին: Դրանով է վերջանում պատմության խոսքը:
Բայց նույն պատմությունը անգիտակցաբար երևան է հանում այնպիսի նշմարներ, որոնք հակառակ վկայություն են տալիս, որոնք ստիպում են կատարված չարիքների արմատը որոնել ավելի խորին, ավելի հիմնավոր պատճառների մեջ:
Ինչո՞ւ Արշակունի թագավորները, քրիստոնեությունը ընդունելուց հետո, փոխանակ լավանալու, փոխանակ բարքով ու վարքով ազնվանալու, ընդհակառակն, ավելի խստասիրտ, ավելի եղեռնագործ դարձան: Քրիստոնեության բարոյական ազդեցությունը չէր կարող այսպիսի հրեշավոր արդյունքներ առաջ բերել: Վերջապես, ինչո՞ւ Արշակունի թագավորները, դեռ քրիստոնեությունը չընդունած, ավելի բարոյական և ավելի ազնիվ էին: Տիգրան Բ, Արտաշես Բ, Խոսրով մեծը մարդասիրության և բարձր առաքինության մի-մի տիպարներ էին: Եվ առհասարակ հայոց հեթանոս թագավորների մեջ` չէ կարելի մեկին ցույց տալ, որ բարոյապես այնպիսի այլանդակ կերպով նկարագրված լիներ, որպես Արշակունյաց վերջին քրիստոնյա թագավորները:
Արդյոք բարբարո՞ս էին նրանք, որ անխնա կոտորում էին հոգևորականներին:
Այդ հարցը լուծելու համար` պետք է նախ ցույց տալ, թե ի՜նչ էր այն ժամանակ հոգևորականությունը և որպիսի՜ կերպարանք էր ստացել հոգևոր իշխանությունը:
Լուսավորիչը և Տրդատը քրիստոնեությունը Հայաստան մտցնելու ժամանակ, նրանց գլխավոր ջանքը եղավ ոչնչացնել հեթանոսական հիշատակարանները և նրանց տեղը քրիստոնեականը հիմնել: Մեհյանները կործանվեցան, հին աստվածների տաճարները խորտակվեցան և նրանց տեղում քրիստոնեական վանքեր ու եկեղեցիներ հիմնվեցան: Եկեղեցիներ հիմնվեցան նաև քաղաքներում, ավաններում և գյուղերում: Վանքերում հաստատվեցան կրոնական միաբանություններ, իսկ եկեղեցիներում` աշխարհական քահանաներ: Հիմնվեցան և դպրոցներ` քուրմերի որդիներից և ուրիշներից եկեղեցականներ պատրաստելու համար:
Պետք էր այդ բոլորի գոյությունը ապահովել:
Նորընծա թագավորը, յուր անսահման քրիստոնեական ջերմեռանդությամբ, չխնայեց նոր հիմնված սրբարանների գոյությունը ապահովելու համար` սեփականացնել նրանց, իբրև մշտական ժառանգություն, բազմաթիվ գյուղեր, ավաններ, ագարակներ և այլ անշարժ կալվածքներ: Այդ սրբարանների վրա մնացին և այն մեհենական կալվածքները, որ վայելում Էէին նրանք հեթանոսական դարերում, այսինքն, երբ տակավին կռապաշտական տաճարներ էին, իսկ հետո քրիստոնեական եկեղեցիների փոխվելով, պահպանեցին իրանց վաղեմի կալվածքները:
Բացի դրանցից, Տրդատը յուր պետության մեջ ընդհանուր օրենք հրատարակեց, որ ագարակ տեղերում (փոքր գյուղերում) «չորս-չորս հող», իսկ ավաններում (մեծ գյուղերում) «յոթն-յոթն հող» լինի սեփականություն եկեղեցու: Ամեն մի «հող» մի վերացական չափ էր, որ ստանում էր մի ծուխ, կամ մի գյուղական ընտանիք: Ուրեմն, եթե յուրաքանչյուր ավանում «յոթն-յոթն հող» տրվում էր եկեղեցուն, այդ կնշանակե` այնքան տարածությամբ հող, որ բավական էր յոթն ընտանիքի համար:
Եվ այդպիսով եկեղեցին դարձավ ամենահարուստ կալվածատերը պետության մեջ:
Հարստացան և վանքերը իրանց կալվածքներով:
Որպեսզի փոքր ի շատե շոշափելի գաղափար ստացվի, թե որքան կալվածքների էին տիրապետում վանքերը, բավական է իբրև օրինակ վեր առնել նրանցից մեկը միայն: Մենք կվերառնենք Տարոնի նահանգում Գլակա կամ Իննակյան կոչված վանքը, որի կալվածքների մասին նրա առաջին վանահայր Զենոբ Գլակը յուր պատմության մեջ թողել է խիստ հետաքրքիր թվանշաններ:
Զենոբ Գլակը, Լուսավորչի նշանավոր գործակիցներից մեկը, և նրա հետ Կեսարիայից եկած, ազգով ասորի, մի շատ եռանդոտ աբեղա էր, որ գրեց Լուսավորչի և հիշյալ վանքի պատմությունը:
Այդ վանքը հեթանոսական դարերում, երբ տակավին կռատուն էր, ուներ 12 մեծ ավաններ: Լուսավորիչը, կործանելով կռատունը, նրա տեղը վանք հիմնեց և նույն 12 ավանները հատկացրեց վանքին: Ահա նրանց անունները իրանց երդահամարով և յուրաքանչյուրի ունեցած զինվորական ուժով.
1. Կուառս, 3012 երդ (ծուխ), 1500 հեծելազոր, 2200 հետևակ:
2. Տում, 900 երդ, հեծելազոր:
3. Խորնի (Մովսես հորենացու ծննդավայրը), 1906 երդ, 700 հեծելազոր, 1008 հետևակ:
4. Պարեխ, 1680 երդ, 1030 հեծելազոր, 400 հետևակ:
5. Կեղք, 1600 երդ, 800 հեծելազոր, 600 հետևակ:
6. Բազում, 3200 երդ, 1040 հեծելազոր, 840 հետևակ աղեղնավոր, 680 տիգավոր, 280 պարսավոր:
7. Մեղտի, 2080 երդ, 800 հեծելազոր, 1030 հետևակ:
Ափսո՛ս, որ այդ վանքի 12 ավաններից միայն 7-ի անուններն է հիշում Զենոբը, իսկ մնացյալ 5-ից հիշում է միայն Մուշի անունը, այն ևս առանց երդահամարի: Բայց պատմագրի այն խոսքերը, թե «դրանք մեծամեծ ավաններ են, որպես արձանագրված է Մամիկոնյան իշխանների գրքի մեջ», կարծել են տալիս, որ մնացյալ 5 ավանները թե՜ իրանց ընդարձակությամբ և թե՜ բնակիչների թվով, եթե մյուսներից մեծ չլինեին, փոքր ամենևին չէին լինի, մանավանդ, որ նրանց մեջն է Մուշը, որը երբեմն հիշատակվում է որպես Տարոնի բազմամարդ քաղաքներից մեկը: Բայց և այնպես, վերոհիշյալ 7 ավանների երդահամարի թվանշանները ձեռքում ունենալով, դժվար չէ գտնել մյուս հնգի բնակիչների եթե ոչ ճիշտ, գոնե հավանական թիվը:
Յոթն ավանները միասին ունեն 14 378 երդ կամ ծուխ:
Եթե այդ գումարը բաժանենք յուրաքանչյուրի վրա, ամեն մի ավանը կունենա 2054 երդ:
Եթե մնացյալ հինգ ավանների յուրաքանչյուրին ևս 2054 երդ տալու լինենք, նրանք միասին կունենան 10 270 երդ:
Ուրեմն բոլոր 12 ավանները միասին կունենան 24 648 երդ:
Այն ժամանակվա նահապետական դրության մեջ` յուրաքանչյուր գերդաստան կամ երդ կարող էր մինչև 20 30 անդամներից բաղկացած լինել, բայց յուրաքանչյուրը միայն 5 հոգուց բաղկացած համարելով, բոլոր 12 ավանների բնակիչների ընդհանուր թիվը կլինի 123 240 հոգի:
Հետաքրքիր է այդ վանական ավանների զինվորական զորությունը: Հաշիվների նույն եղանակով առաջնորդվելով, գտնենք նրանց ընդհանուր թիվը:
Յոթն ավանները միասին ունեին 13 308 հետևակ և ձիավոր զորք:
Յուրաքանչյուր ավանը կունենա 1901 զինվոր:
Այդ հաշվով մնացյալ 5 ավանները կունենան 9505 զինվոր:
Եվ այդպես, բոլոր 12 ավանների զինվորների ընդհանուր թիվը կլինի 22 813 հոգի:
Մի վանք այդքան ահագին զինվորական ուժ ունենալուց հետո, շատ զարմանալի պետք չէ համարել` քուրմերի ա՜յն կատաղի ընդդիմադրությունը և նրանց արյունահեղ կռիվները, որ տեղի ունեցան, երբ Լուսավորիչը Տրդատի զոքերով մոտեցավ կործանելու այդ վանքը, երբ տակավին կռատուն էր:
Քրիստոնեական տաճարի փոխվելուց հետո Գլակա վանքը թե՜ յուր կալվածքների ընդարձակությամբ և թե՜ յուր զինվորական ուժով ներկայացնում էր մի զորեղ նախարարություն, բայց հոգևոր նախարարություն:
Եվ այդպես, հենց Լուսավորչի և Տրդատի օրերում վանքերն ու եկեղեցիները գրավեցին հողերի և բնակիչների մի նշանավոր մասը:
Բայց Լուսավորչի եռանդոտ հաջորդները հետամուտ եղան ավելի և ավելի ընդարձակել եկեղեցական կալվածքների քանակությունը այն համեմատական չափով, ինչ չափով որ հետզհետե բազմանում էր վանքերի, եկեղեցիների թիվը:
Լուսավորչի հաջորդների մեջ, վանքերի շինության գործում առաջին տեղն է բռնում Ներսես Մեծը: Նրա հիմնած վանքերի թիվը, ըստ ժամանակակից պատմագրի վկայության, հասնում էր 2040-ի: Այդ թիվը կարելի է մինչև անգամ չափազանց համարել: Բայց սույն չափազանցության մեջ ևս բովանդակվում է ա՜յն չափազանց ճշմարտությունը, որ նա անհամեմատ շատ վանքեր հիմնեց:
Բազմացնելով վանքերի թիվը, Ներսես Մեծը միևնույն ժամանակ բազմացրեց և վանականների թիվը: Նրա օրերում միայն եպիսկոպոսների թիվը հասնում էր 1020-ի, բացի այլ աստիճանի եկեղեցականներից:
Նրա հիմնած վանքերը զանազան նպատակների էին ծառայում: Դրանք այլ և այլ եպիսկոպոսարաններ, կղերանոցներ, եղբայրանոցներ և կուսաստաններ էին, որ սփռված էին հայոց երկրի ամեն կողմերում: Յուրաքանչյուրի մեջ առանձնացած էր աշխարհից անջատված կրոնավորների մի ստվար բազմություն և վայելում էր վանքի անսպառ բարիքները:
Բայց մեծ հայրապետի մեծ գործը, որի մեջ փայլում է նա յուր բարձր մարդասիրական հոգվով, որի մեջ երևում է նա իբրև կատարյալ ժողովրդական մարդ և ժողովրդի բարեկամ, այդ չէր: Նա կառույց բազմաթիվ բարեգործական հիմնարկություններ, որոնց մեջ խնամք և սնունդ էին գտնում երկրի չքավորները, երկրի տառապյալները: Ավելորդ չէր լինի դրանց մի քանի տեսակները հիշել:
Աղքատանոցներ, որոնց մեջ կերակրվում էին աղքատները և չքավորները: Հիվանդանոցներ, որոնց մեջ դարմանում էին հիվանդներին: Ուրկանոցներ, որոնց մեջ խնամք էին տանում ուրուկներին, այսինքն այնպիսի ախտավորների, որոնց` երկրի սովորությամբ պիղծ համարելով, արտաքսում էին մարդկային բնակությունից, որ չվարակեին մյուսներին, և այդ թշվառները բնակում էին հեռավոր անապատներում կամ մեծ ճանապարհների վրա: Անկելանոցներ, որոնց մեջ սնունդ էին գտնում ծեր և աշխատության անկարող մարդիկ: Որբանոցներ, որոնց մեջ սնուցանում էին որբ և անտերունչ մանուկներին: Այրենոցներ, որոնց մեջ խնամք էին տանում ծերացած այրի կանանց: Հյուրանոցներ կամ օտարատունք, որոնց մեջ պատսպարան էին գտնում պանդուխտները, օտարականները և անցորդները: Պանդոկներ, որոնք շինված էին ճանապարհների վրա, լեռնային անցքերի մոտ, և առհասարակ այնպիսի տեղերում, ուր բնակություն չկար, որպեսզի ճանապարհորդները կարողանային այդ պանդոկներում օթևան գտնել:
Թե որքա՞ն էր այդ հիմնարկությունների թիվը, հայտնի չէ: Բայց հայտնի է այն, որ դրանք ոչ միայն մի գավառում և մի նահանգում, այլ հայոց երկրի բոլոր կողմերում տարածված էին:
Չկար այդ ժամանակ մի աղքատ, որ փողոցներում մուրացկանությամբ ձանձրացներ հասարակությանը. չկային մոլաշրջիկ թափառականներ, որ քաղցածությունից ստիպված ձեռք մխեին դեպի ուրիշի գրպանը: Ամեն ոք գոհ էր, ամեն ոք սնունդ էր ստանում հասարակաց սեղանից: «Ներսեսի տարիներում, ասում է Փավտոս Բյուզանդացին, Հայոց աշխարհի բոլոր սահմաններում` բնավ ամենևին չէր տեսնվում, որ աղքատները մուրացկանություն անեին, այլ այնտեղ` նրանց հանգստանալու տեղերում (աղքատանոցներում) ամեն մարդիկ մատակարարում էին նրանց պետքերը, և նրանք ամեն բանով լիացած, կարոտություն չունեին ոչ ոքից»:
Նույնը կրկնում է Մեսրոպ երեցը. «Ներսեսի օրերում Հայոց աշարհում ոչ ոք չէր տեսնում, որ մի մուրացկան երևնար, կամ անկարգ, անիրավ և դատարկաշրջիկ մարդիկ, որ Հայոց երկրում կային շատ ժամանակներից ի վեր, բոլորին վերջ տվեց սուրբ Ներսեսը»:
Հայոց աշխարհի մեծ բարեկարգիչը ինքը առաքինության կատարյալ տիպարն էր: Գթության, ողորմածության օրինակը նախ ինքն էր տալիս, և ապա հորդորում էր, որ ուրիշներն ևս նույնը անեն իրանց աղքատ և կարոտյալ եղբայրներին:
Բյուզանդացին ասում է.
«Նախ ինքն էր անում և ամենին նույնն էր ուսուցանում. հրամայում էր, որ առհասարակ հայոց բոլոր աշխարհում, գավառներում և զանազան կողմերում... աղքատանոցներ շինեն, և ժողովեն ախտավորներին, ուրուկներին, անդամալույծներին և ամեն ցավագարներին, նրանց համար հիմնվեցան ուրկանոցներ, դարմանանոցներ, և կարգվեցան ռոճիկներ»... «Այրիներին, որբերին և չքավորներին հանգստություն և սնունդ էր բաշխում (յուր տան մեջ) և աղքատները միշտ նրա հետ էին ուրախ լինում. յուր սեղանը բաց էր և սեղանատունը ամբողջ օրը աղքատների և օտարականների համար մի հյուրանոց էր: Թեև բոլոր գավառներում աղքատանոցներ հիմնեց և նրանց համար ապրուստ կարգեց... բայց յուր չափազանց աղքատասիրության պատճառով յուր սեղանատան դռներն ևս միշտ բաց էին նրանց առջև. կույրերը, կաղերը, խեղանդամները, խուլերը, հաշմանդամները, խեղճերը և կարոտյալները, նրա հետ և նրա շրջանում նստած, կերակրվում էին: Նա ինքը յուր ձեռքովն էր լվանում ամենին, օծում էր և պատում էր (նրանց վերքերը): Նա ինքը անձամբ ուտեցնում էր նրանց ամեն մի կերակուր, և յուր ունեցածը նրանց պետքերի համար էր ծախսում, և ամեն օտարականները նրա հետ, նրա հովանավորության ներքո պատսպարված, հանգստություն էին վայելում»:
Այդ բոլորից հետո, շատ հասկանալի է այն մեծ ժողովրդականությունը, որ վայելում էր պաշտելի մարդը: Հասարակաց հայր էր կոչվում նա: Ամեն տեղ, ուր և հայտնվում էր, լռում էր աղմուկը, դադարում էր խռովությունը: Խաղաղության հրեշտակ էր նա: Ոչ միայն հայոց թագավորը, և ոչ միայն հայոց նախարարները, այլ հռոմեական կայսրները և մինչև անգամ պարսից արքան ակնածում էին նրանից: Զորավոր ձեռքով դարձնում էր Հայոց աշխարհի կառավարության երասանակը և յուր լայն, ընդարձակ հայացքների համեմատ, ուղղություն էր տալիս:
Այդ ուղղության մասին պետք է խոսվի, որովհետև դրա մեջն էին թաքնված այն խուլ երկպառակության սերմերը, որ հետզհետե աճելով, վերջը աղետալի կռիվների պատճառ դարձան հոգևոր և մարմնավոր իշխանության մեջ:
Արդեն Աշտիշատի ընդհանրական ժողովում, Ներսես Մեծը, ի թիվս այլ բարեկարգությանց, կանոնական սահմանադրությամբ կարգի դրեց վանքերի խնդիրը: Նրա ծրագիրը այդ խնդրի վերաբերությամբ այն աստիճան առաձգական էր, որ կարող էր ամփոփել յուր մեջ նրա մեծ գաղափարը` յուր ընդարձակ բովանդակությամբ:
Ի՞նչ էր կամենում այդ զորավոր հանճարը:
Կազմել Հայոց աշխարհից մի մեծ վանք մի ընդհանուր եղբայրություն, ուր տիրեր միայն հավասարությունը, ուր սեփականության տարբերություն չլիներ, ուր աղքատը, չքավորը, տկարը, աշխատության անկարողը կերակրվեր աստուծո սեղանից:
Ժամանակակից պատմագիրը, Փավստոս Բյուզանդացին, ասում է.
«Այն ժամանակում (Աշտիշատի ժողովում) կարգեցին, կազմեցին, կանոնադրեցին, հորինեցին, և Հայոց երկրի բոլոր ժողովուրդը դարձրին որպես համաշխարհի (համաքաղաքացի) վանականների միաբանության մի կարգ» (ուխտ):
Մեսրոպ երեցը ավելացնում է.
«Ներսես Մեծի օրերում ամբողջ Հայաստանը դարձավ իբրև մի կատարյալ անձն, որ գնում էր աստուծո երկյուղի ետևից»:
Որքան մեծ էր ձեռնարկությունը, այնքան և ծա՛նր եղան հետևանքները...
Գուցե բոլորովին քրիստոնեական առաքինության զգացմունքներից դրդված, որոնք այնքան վառ էին նրա մեջ, Ներսես Մեծը Աշտիշատի ժողովում մեջ բերեց և ընդունել տվեց յուր կազմած ծրագիրը: Գուցե ժամանակի անգթությունը, ժողովրդի թշվառությունը, թագավորի, նախարարների, և առհասարակ ազնվականության հարստահարությունները` թելադրեցին նրան եկեղեցու գիրկը դարձնել մի անսահման և ապահով պատսպարան, ուր բոլոր նեղյալները և կարոտյալները կարողանային ապաստան գտնել:
Եվ, վերջապես, գուցե ոչ կանխագիտակ նախամտածությամբ, այլ միայն ողորմածության գաղափարով ոգևորված, մեծ հայրապետը գործի սկզբում նախատեսել չկարողացավ յուր հսկայական ձեռնարկության հետևանքները, որ այլ վախճանի չէին կարող հասցնել, քան թե` ստեղծել Հայոց աշխարհից մի եկեղեցական պետություն, խաչի սրբազան դրոշի ներքո:
Թե այդպես և թե այնպես, հոգևոր-համաքաղաքացիների վանքը հիմնվեցավ: Այդ համաշխարհական վանքի վանահայրը ինքը հայրապետն էր Ներսես Մեծը: Նրա ընդարձակ տնտեսությունը հանձնել էր նա կրոնավորներից ընտրված առանձին վերակացուների, որոնց գլխավորն էր յուր սարկավագը Խադը, որ հետո եպիսկոպոս ձեռնադրվեցավ:
Ի՞նչ արդյունքներով էր կառավարվում այդ վանքը:
Դա յուր ժամանակի ամենածանր տնտեսական խնդիրն էր, որի լուծման մեջն էր կայանում բուն շարժառիթը այն բոլոր կռիվների և այն բոլոր ընդհարումների, որ տեղի ունեցան հոգևոր և մարմնավոր իշխանության մեջ, և որոնք փութացրին Արշակունյաց պետության ցավալի անկումը...
Վերևում հիշվեցավ, որ արդեն Լուսավորչի օրերում, երբ վանքերի հիմնարկության սկիզբը դրվեցավ, նորահավատ Տրդատը, ջերմեռանդ առատաձեռնությամբ, յուր ամբողջ պետության մեջ ընդհանուր օրենք դրեց, որ ագարակներից «չորս-չորս հող», իսկ ավաններից «յոթն-յոթն հող» հատկացվի եկեղեցուն: Բացի այդ հողերից, եկեղեցին ստանում էր առանձին տասանորդ երկրի բոլոր մշակույթներից: Եկեղեցին գրավեց այլև այն մեհենական կալվածքները, որ հեթանոսական դարերում վայելում էին քուրմերը:
Ներսես Մեծի օրերում, երբ վանքերի և զանազան բարեգործական հիմնարկությունների թիվը անհամեմատ կերպով բազմացավ, նույն չափով բազմացրեց նա և եկեղեցական կալվածքների քանակությունը, հատկացնելով նրանց նորանոր ավաններ և նորանոր գյուղեր: Ինչ որ հիմնեց նա, բոլորի գոյությունը ապահովացրեց հաստատուն եկամուտներով:
Բացի հոժարակամ կտակներից, որով ցանկացողները իրանց կայքը թողնում էին եկեղեցուն, առանց կտակի ևս, անժառանգ մեռնողի օրինավոր ժառանգը համարվում էր միայն եկեղեցին, որ գրավում էր հանգուցյալի բոլոր շարժական և անշարժ կայքերը: Եվ այդ ոչ-սակավ ընդարձակում էր եկեղեցու անհուն հարստությունը:
Երբ Վաչե Մամիկոնյանը Խոսրով Բ-ի հրամանով ջնջեց Մանավազյան և Որդունյաց նախարարների մնացյալ ժառանգներին, այնուհետև այդ երկու նախարարությունները իրանց բոլոր կալվածքներով դարձան եկեղեցու սեփականություն: Մանավազյան նահապետի երկիրը յուր քաղաքներով և գյուղերով ստացավ Ալբիանոս եպիսկոպոսը և հատկացրեց յուր կառավարության ներքո գտնված եկեղեցիներին: Իսկ Որդունյաց նախարարության երկիրը յուր քաղաքներով և գյուղերով գրավեց Բասենու եպիսկոպոսը:
Եվ այդպես, եկեղեցին յուր բազմաթիվ վանքերով, գրավելով հողերի մեծ մասը, հետզհետե դառնում էր պետության մեջ ամենահարուստ կալվածատերը, մինչդեռ թագավորը սեղմված էր Արարատի նեղ սահմանների մեջ, իսկ նախարարությունները այնքան բազմացել էին, որ իրանց գոյությունը պահպանելու համար բավականաչափ հող չունեին:
Եթե վանքերը լինեին լոկ կղերանոցներ, որոնց մեջ անգործ աբեղաների մի ստվար բազմություն միայն սպառում լիներ երկրի հարստությունը, տարակույս չկա, որ այդ դեպքում նրանք բոլորովին անտանելի կդառնային ժողովրդին, մանավանդ, որ քրիստոնեությունը դեռ ոչ այնքան տարածված էր Հայաստանում: Քրիստոնեության մուտք գործելուց անցել էր 70 80 տարի միայն: Այդ սուղ միջոցում նոր կրոնը չէր կարող այնքան արմատացած լինել ժողովրդի մեջ, որ եթե ոչ քրիստոնեական ճշմարիտ ջերմեռանդությամբ, գոնե հասարակության մեջ մոլեռանդություն զարգացնելով, կղերը կարողանար ժողովրդին գրավել դեպի եկեղեցին և նրա վաստակը բաժաներ նրա հետ: Բայց հայոց վանքերի կազմակերպությունը, մանավանդ Ներսես Մեծի բարեկարգություններից հետո, հարմարեցրած էր երկրի թե՜ պահանջներին և թե՜ պայմաններին: Այս տեսակ վանքեր կարող էին գոյություն ունենալ մինչև անգամ մի հեթանոս ժողովրդի մեջ: Վանքը միացրել էր յուր գոյության հետ և բարեգործական, և մարդասիրական նպատակ: Ուր տիրում է ստրկությունը, հարստահարությունը, ուր ազատանին ճնշում է անազատին, այնտեղ այս տեսակ հիմնարկությունները ոչ միայն փրկարար ապաստան են դառնում նեղյալների համար, այլ նրանց գրկումն են գտնում թշվառները իրանց ամենամեծ մխիթարությունը: Այդ էր պատճառը, որ վանքը սիրելի էր ժողովրդին:
Արշակ Բ-ն մի ապաստանի քաղաք հիմնեց, և կարճ միջոցում այնտեղ հավաքվեցան Հայոց աշխարհի բոլոր դժգոհները: Իսկ Ներսես Մեծը հարյուրավոր վանքեր հիմնեց և յուր կողմը ձգեց ամբողջ Հայաստանը:
Վանքը հաց էր տալիս, կերակրում էր ժողովրդի աղքատներին, դարմանում էր նրա հիվանդներին, սնուցանում էր նրա որբերին և այրիներին, ուսում և կրթություն էր տալիս նրա զավակներին: Նա ստանում էր ժողովրդից և տոկոսներով վերադարձնում էր ժողովրդին: Եվ, վերջապես, ինքը ժողովուրդը այդ վանքի եղբայրության անդամն էր: Ժողովուրդը գո՜հ էր, ժողովուրդը չէր տրտնջում:
Տրտնջում էր թագավորը, տրտնջում էին և նախարարները:
Թագավորը սարսափելով տեսավ, որ յուր պետության մեջ կազմվեցավ մի այլ պետություն հոգևոր պետություն, որ մեղմ ձեռքով փոքր առ փոքր գրավեց ոչ միայն հողերի մեծ մասը, այլև յուր կողմը ձգեց ժողովրդին: Նա դարձավ ամենաբարձր և ամենասրբազան հեղինակություն, որի առջև ամեն գլուխ խոնարհվում էր:
Թագավորը սոսկաց, թեև շատ ուշ հասկացավ, որ այդ հեղինակությունը արդեն այն աստիճան ուժ և զորություն էր ստացել, որ յուր ձեռքումն էր պահում արքայական գահը:
Գուցե արհավիրքը այնքան շուտ չէր պայթի, գուցե Արշակունի թագավորները ավելի համբերող կլինեին, եթե հոգևոր իշխանությունը յուր նեղ, հոգևոր սահմաններից դուրս չգար: Բայց նրանք սկսեցին համարձակ կերպով միջամտություն գործել և կառավարության գործերի մեջ:
Խոստովանության խորհուրդը մի ընդարձակ դուռ բաց արեց հոգևորականության առջև մտնելու ժողովրդի սրտի մեջ: Խոստովանության միջոցով ծանոթանալով նրա գործերի հետ, հոգևորականությունը սկսեց դատավոր հանդիսանալ նրա հանցանքներին և պատիժներ որոշել: Պատիժները, որ սկզբում սահմանափակվում էին միայն եկեղեցական ապաշխարանքներով, վերջը աշխարհական դատապարտության ձև ստացան: Ավելացրին թե՜ տուգանք և թե՜ գանահարություն (ծեծ):
Գանահարությունից ազատ էր մնում միայն ազատանին ազնվականությունը, իսկ տուգանքի ենթարկվում էին ամեն դասակարգի անձինք: Այսպես պատժում էր նա ամեն քրեական հանցավորներին:
Եկեղեցին միջամուխ էր լինում և այնպիսի վեճերի մեջ, որոնք սոսկ քաղաքացիական գործերի բնավորություն ունեին, օրինակ, հողերի բաժանման կամ հափշտակության խնդիրներ և այլն: Եկեղեցին միջամուխ էր լինում և հարկերի բաշխման ու հավաքման գործերում: Այդ բոլորի մեջ ներգործում էր նա ոչ իբրև հաշտարար միջնորդ, այլ որպես իրավատեր:
Այդ բոլորը ուղղակի հակառակում էին թե՜ թագավորի և թե՜ նրա նախարարների իրավունքներին, որոնք իրա՜նց միայն ճանաչում էին երկրի տերը և դատավորը:
Արշակունի թագավորը սովոր չէր բացի իրանից մի այլ բարձր հեղինակություն ճանաչել: Արշակունի թագավորը ինքը մի սրբազան էակ էր: Նրա անձնավորության մեջ միանում էր թե՜ երկնայինը և թե՜ երկրայինը, թե՜ հոգևորը և թե՜ մարմնավորը: Հայց քրիստոնեությունը խլեց նրանից այդ սրբազնությունը և տվեց եկեղեցու հայրապետին: Այդ մոռանալ չէր կարող նա:
Եկեղեցու հայրապետը համարում էր իրան կատարյալ հոգաբարձու թե յուր հոտի, և թե՜ պետության: Դժվարին խնդիրներում նա էր բանակցում օտար պետությունների հետ խաղաղության դաշինքներ կռում: Նա էր դատավոր հանդիսանում, երբ թագավորի և յուր նախարարների մեջ երկպառակություններ էին պատահում: Մի խոսքով, ամեն հարաբերությունների մեջ ներկա էր նա, և յուր համարձակ ձեռքը մեկնում էր մինչև թագավորի արքունիքը, մինչև նրա ներքին ընտանեկան կյանքը...
Մի անգամ, տարվա տոնախմբություններից մեկի ժամանակ, երբ Տիրան թագավորը յուր ավագանիի հետ կամենում էր եկեղեցին մտնել, նրա առջև դուրս եկավ Հուսիկ կաթողիկոսը, աղաղակելով, «Ինչո՞ւ ես գալիս, դու արժանի չե՛ս, ներս մի՜ մտիր... »: Թագավորը այլևս համբերել չկարողացավ, հրամայեց` բրածեծ անելով սպանեցին կաթողիկոսին:
Արշակունի թագավորը, որ սովոր էր հանդիսավոր զոհաբերությունների ժամանակ` ինքը տաճարի մեջ անձամբ կատարել սրբազան խորհուրդը և հաճեցնել յուր աստվածներին, հանկարծ մի այլ տաճարի դռնից նրան չեն թողնում, որ ներս մտնե, ասելով` «արժանի չես...»: Այստեղ նա այն աստիճան խոնարհվեցավ, որ ընդունեց մինչև անգամ ցած իջնել սուրբ բեմից և հասարակ ժողովրդի կարգում կանգնել: Այդ տեղին ևս նրան արժան չէին համարում...
Խնդիրը միայն հին և նոր կրոնի համառ մաքառումը չէր: Խնդիրը կատարյալ տնտեսական էր, կատարյալ տիրապետական էր: Այստեղ մրցում էին եկեղեցու և պետության միմյանց հակառակ շահերն: Այստեղ մրցում էին հոգևոր և մարմնավոր իշխանություններն: Այդ պարզ երևում է այն հանգամանքից, որ երբ Պապ թագավորը յուր սեղանի վրա թունավորեց Ներսես Մեծին, նրա մահից հետո խանգարեց այն բոլոր կարգերը և ոչնչացրեց այն բոլոր հիմնարկությունները, որ կառուցել էր մեծ հայրապետը, և որոնց մասին խոսվեցավ վերևում:
Սկսեց հալածել հոգևորականներին և նրանց թիվը, որ անհամեմատ կերպով աճել էր, պակասացրեց: Կուսաստանները փակեց, և բոլոր միանձնուհիներին, որ ուխտել էին աշխարհ չմտնել, հրամայեց, որ ամուսնանան: Բոլոր բարեգործական հիմնարկությունները, ինչպես էին` սրբանոցները, ուրկանոցները, անկելանոցները, աղքատանոցները և այլն, ոչնչացրեց: Հրաման արձակեց, որ աղքատներին և մուրացկաններին ողորմություն չանեն, ոչինչ չտան: Այդ, նրա կարծիքով, զարգացնում էր ժողովրդի մեջ, մի կողմից, ծուլություն և ձրիակերություն, իսկ մյուս կողմից, բարձրացնում էր եկեղեցու հեղինակությունը, որ իրան հոգաբարձու էր ներկայացնում ձրիակերներին:
Ոչնչացնելով վերոհիշյալ հիմնարկությունները, ոչնչացրեց նաև այն արդյունքների աղբյուրները, որոնցով պահպանվում էին նրանք: Նոր օրենքով արգելեց, որ այն «հոգևոր պտուղը» և «տասանորդները», որ վաղ ժամանակներից հետե յուր նախորդները սահմանել էին տալ եկեղեցուն, այլևս չտան: Բացի դրանցից, հարքունիս գրավեց եկեղեցական հողերի մեծ մասը: Յուրաքանչյուր գյուղում Տրդատի հրատարակած օրենքով հատկացրած «յոթն հողերից» թողեց եկեղեցուն «երկու հող» միայն, իսկ հինգը հարքունիս գրավեց: Եվ այդ «երկու հողերի» համեմատ, ամեն մի գյուղում թողեց երկու քահանա և երկու սարկավագներ միայն, իսկ մնացյալներին հրամայեց, որ զինվորական ծառայության մեջ մտնեն: Քահանաների և սարկավագների որդիները, եղբայրները, ազգականները, որ մինչև այդ ժամանակ ազատ էին հարկերից, բոլորին հարկատու դարձրեց: Ամուսնական օրենքները թեթևացրեց: Կրոնի ազատություն տվեց, որ ցանկացողները կարող են հեթանոսական հին սովորությունները դարձյալ գործ դնել և մինչև անգամ կուռք պաշտել:
Եվ, անտարակույս, ուրիշ շատ նոր կարգադրություններ կաներ երիտասարդ թագավորը, եթե հռովմեական նենգավոր սուրը նրա այրունը չթափեր հրավերքի սեղանի վրա...
III
ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՆԱԶԱՆ ՏԱՐԵՐՔԸ
Խնդիրն այն էր, որ հոգևորականությունը ինքը յուր մեջ մի սերտ և զորեղ միաբանություն կազմել չէր կարող, որովհետև նա բաղկացած էր զանազան միմյանց հակառակ տարերքից: Այդ թեև մի կողմից թուլացնում էր եկեղեցու ուժը, բայց, մյուս կողմից, հնար էր տալիս մարմնավոր իշխանությանը օգուտ քաղել նրանց անհաշտությունից:
Ինչպե՞ս կազմվեցավ այդ զանազան տարերքը:
Լուսավորիչը, քրիստոնեությունը Հայաստանում տարածելու համար, Կեսարիայից բերեց յուր հետ, իբրև օգնականներ, մի խումբ օտարազգի կրոնավորներ: Հետո, գործերի և պահանջների աճելու համեմատ աճեցրեց նաև օտարազգի կրոնավորների թիվը, հետզհետե նորերին հրավիրելով:
Մի նամակի մեջ, ի թիվս այլոց, այդպես էր գրում Լուսավորիչը Տրդատի հետ միասին Նյուստրացոց Եղիազար եպիսկոպոսին և Ազդենացոց Տիմոթեոս եպիսկոպոսին:
«...Մանավանդ գիտեք, որ մեր ամեն գավառների համար եպիսկոպոսներ են պետք և քահանաներ: Եվ թեպետ ոմանք (կրոնավորներ) զանազան կողմերից եկել և հավաքվել են այստեղ, բայց ի՞նչ են դրանք, հայոց վեց հարյուր և քսան գավառների հետ համեմատելով. յուրաքանչյուր գավառին մի-մի կամ երկու քահանա հազիվ թե ընկնի: Իսկ այս երկրի (հայոց ) մանուկները դեռ դպրոցներումն են, և նրանցից դեռ ոչ ոք պատրաստ չէ քահանայության համար... Ուրեմն աղաչում ենք ձեզ, մեզանից մի խորշեք. այլ ամենայն վստահությամբ փութացեք գալ այդ մարդիկների հետ, որ ուղարկեցինք ձեզ մոտ: Եվ եթե կգաք, Հարքա և Եկեղյաց ամբողջ երկիրը ձեր առջև կդնենք. որ վիճակում և բնակվելու կլինիք` այն վիճակը ձերը կլինի, և կժառանգեն նրանք, որ ձեզանից հետո կհաջորդեն»:
Վերջին խոսքերից պարզ է, որ օտարազգի եկեղեցականները, հրավիրվելով Հայաստան, ստանում էին իրանց ցանկացած վիճակը իբրև ժառանգություն և, այնտեղ հոգևոր իշխանություն կամ կրոնական միաբանություններ հիմնելով, թողնում էին նույն վիճակը իրանց հաջորդներին:
Թե որքա՞ն եղավ այդ օտարազգի եկվորների ընդհանուր թիվը, հայտնի չէ, բայց այնքանը բավական հայտնի է, որ Լուսավորիչը դեռ յուր կենդանության ժամանակ կարողացավ Հայաստանի զանազան վիճակներում կարգել մինչև 400 եպիսկոպոսներ, ի բաց առյալ երեցները և վարդապետները:
Այդ մի խոշոր թիվ է: Ագաթանգեղոսի մեզ տված այդ թիվը` եթե չափազանցություն ևս համարվի, բայց այնքանը ճշմարիտ է, որ քրիստոնեությունը յուր հետ բերեց Հայոց աշխարհում օտարազգի եկեղեցականների բավական մեծ հոսանք:
Որպես երևում է վերևի նամակից, Լուսավորչի հիմնած դպրոցները, այնքան սուղ ժամանակում, որ տևեց նրա առաքելական կյանքը, անկարող էին բնիկներից այնքան թվով եկեղեցականներ պատրաստել: Իսկ հիշյալ եպիսկոպոսները կարգվեցան այն ժամանակ, երբ դպրոցները դեռ նոր էին հիմնվում: Ուրեմն, շատ պարզ է, որ այդ հոգևորականները, եթե ոչ բոլորովին, բայց, անտարակույս, մեծ մասամբ օտարազգիներ էին` հույներ և ասորիներ:
Բնիկներից փոքր ի շատե նախապատրաստություն ունեին քուրմերի որդիները: Դրանք սկզբից ուսում ունեին, և հետո, Լուսավորչի նոր հիմնած դպրոցները մտնելով, կարողացան շուտով քրիստոնեական կրթություն ստանալ և եպիսկոպոսական աստիճանի հասնել: Բայց դրանց թիվը այնքան աննշան էր, որ օտարազգիների հետ համեմատելով խիստ զգալի փոքրամասնություն էին կազմում: 12 եպիսկոպոսների անուններ միայն հայտնի են քուրմերի որդիներից, որոնց մեջ նշանավոր եղավ Ալբիանոսը:
Թեև դեռ Լուսավորչից առաջ Հայաստանում թաքնված քրիստոնեություն կար, և կային մինչև անգամ քրիստոնեական վանքեր, բայց այդ վանքերը ի վաղուց հետե սնուցանում էին իրանց նեղ և սահմանափակ շրջանում խստակյաց աբեղաներ և աշխարհից հրաժարված ճգնավորներ միայն, որոնք անընդունակ էին նոր հիմնված եկեղեցու վարչության մեջ ո՜րևէ պաշտոն վարելու: Ասպարեզը դարձյալ մնում էր օտարազգիներին:
Բացի վիճակային եպիսկոպոսություններից, որ վարչական պաշտոն էր, նոր հիմնված վանքերի վանահայրությունն ևս, Լուսավորչի օրերում, հանձնվեցավ օտարազգի կրոնավորներին: Նրանք կազմեցին վանական միաբանություններ, իհարկե, իրանց ազգայիններից, տիրեցին իրանց հանձնված վանքերի կալվածքներին, և այն աստիճան բռնացան, որ դարերից վերջը, երբ հարկավոր եղավ հեռացնել նրանց, մեծ դժվարությամբ կարողացան իրանց տեղից շարժել:
Արևմուտքում հռոմեական կայսրների հալածանքները, իսկ արևելքում դեռ անմեղ երկրի հրապուրանքը գրավեցին օտարազգի բախտախնդիր կրոնավորների մի ամբողջ հեղեղ դեպի Հայաստան, որտեղ երկրի նորահավատ թագավորը քրիստոնեական ոգևորությամբ յուր 620 գավառները նրանց առջևն էր դնում: Մի անգամ ստացած վանքը կամ վիճակը դառնում էր նրանց մշտական ժառանգություն:
Այդ օտարազգի կրոնավորները իրանց ազգակիցների միջոցով, որոնք առաջուց արդեն զետեղված էին հայոց վանքերում, այն աստիճան ճանաչում էին Հայոց երկիրը և նրա հարմարությունները, որ դեռ իրանք չեկած, կանխապես պայմանավորվում էին թագավորի և հայրապետի հետ, թե ո՜ր վիճակը, կամ ո՜ր վանքը կցանկանային ստանալ: Այստեղից շատ պարզ է, որ քրիստոնեությունը տարածելու առաքելական ոգին չէր, որ մղում էր նրանց դեպի Հայաստան, այլ լոկ շահախնդրություն, և կուսական երկրի առատաձեռն պատրաստակամությունը, որ նրանց ապահով պատսպարան էր ընծայում յուր գրկում:
Զենոբ Գլակը, ազգով ասորի, Տարոնի Իննակյան վանքի վանահայրը, յուր թղթի մեջ, որ ուղղված էր ասորոց եպիսկոպոսներին, ի թիվս այլոց այդպես է նկարագրում Հայոց երկիրը, հրավիրելով նրանց գալ Հայաստան:
«...Բայց դուք եթե կամենալով լինեք գալ այս երկիրը, բարություններով լի է այս երկիրը. տեղերը դաշտաձև են, անուշ օդով և բազմաջուր, իսկ չորս կողմում` լեռների վրա շատ ամրոցներ կան: Այս երկիրը բազմարոտ է և մեղրաբուխ. և` որպես մանանան իջնում էր երկնքից այնտեղ` հրեաների մոտ, նույնպես և այստեղ` այդ երկրում` իջնում է անտառների վրա և քաղցր է ավելի քան մեղր, որ կոչում են գազապեն... Այս երկիրը ամեն բարություններով լի է և աջողակ և առողջարար: Իշխանները կրոնավորասեր են և չարիքներ գործելուց մաքուր. աղքատասեր են և որբերի խնամատարներ. սիրում են հոգ տանել եկեղեցիներին և հոգաբարձու լինել նրանց պետքերին»:
Ահա՜ այսպես կազմվեցան կրոնավորների չորս տարբեր տարրեր:
Բնիկներից 1. պարթևական տարրը, այսինքն` Լուսավորչի տոհմը, 2. քրմական տարրը, այսինքն` քուրմերի որդիներից առաջացած հոգևորականությունը:
Իսկ օտարազգիներից 3. հունականը և 4. ասորականը:
Խոսենք յուրաքանչյուրի մասին առանձին:
Լուսավորչի տոհմը ուներ յուր սրբազան անցյալը, որ նվիրագործված էր մեծահրաշ և վսեմ ավանդություններով, որ ժողովրդի սրտին և հավատին շատ մոտ էին, որ նրա համար անմոռանալի էին: Ժողովուրդը պաշտում էր այդ տոհմը և ընդունում էր նրան իբրև ամենաբարձր հոգևոր հեղինակություն: Այդ էր պատճառը, որ Հայաստանը սիրում էր այդ տոհմի մեջ միայն տեսնել յուր եկեղեցու ներկայացուցչին, նրա՜ն միայն արժան էր համարում հայրապետական աթոռը, և միշտ նրա բարերար ձեռքերումն էր փափագում տեսնել յուր ծայրագույն հովվապետի գավազանը: Այդ զգացմունքներից առաջ եկավ այն ժառանգական կաթողիկոսությունը, որ իջնում էր Լուսավորչի տոհմի մեջ որդվոց որդի:
Եվ այդ հայրապետական տունը, յուր գոյության ամբողջ ընթացքում, միշտ արդարացրեց ժողովրդի թե՜ հավատը և թե նրա փափագները: Նա միշտ մնաց անբիծ և անարատ, և ամենայն անձնանվիրությամբ կատարեց յուր հանձն առած բարձր հոգաբարձությունը: Իսկ այդ հոգաբարձությունը որքան սիրելի, որքան հաճելի էր ժողովրդի համար, նույնքան ծանր էր թագավորների համար: Ամենայն անաչառությամբ սանձահարում էր նա թագավորների մոլությունները և նրանց կամայականություններին սահման էր դնում: Նա, իրավ, ճնշում էր գործ դնում թագավորների վրա, բայց երբեք գահին չէր դավաճանում: Հայրենասիրությունը և արքայական թագի պաշտպանության գաղափարը այդ տոհմի գերագույն առաքինություններից մեկն էր:
Լուսավորչի հայրապետական տունը, յուր վեհափառության բարձր դիրքի համեմատ, արքայավայել կացություն ուներ: Ազգ տունը ավելի փայլ ստացավ Ներսես Մեծի օրում: Թագավորը այնտեղ մտնելու ժամանակ իրավունք չուներ նստելու, մինչև հայրապետը տեղ չցույց տար: Բայց հայրապետը թագավորի արքունիքը մտնելու ժամանակ ազատ էր ամեն տեղ նստելու: Ծառայողների և զանազան պաշտոնակալների մի ստվար բազմություն միշտ ներկա էր այնտեղ: Տասնևերկու եպիսկոպոսներ հայրապետի անբաժան գործակիցներն էին և խորհրդակիցները: Չորս վարդապետներ և վաթսուն երեցներ միշտ անպակաս էին նրա սպասից: Աշխարհականներից մինչև հինգ հարյուր հոգի ամեն օր սեղան էին նստում: Բացի դրանցից, հայրապետը ուներ յուր այլ և այլ պաշտոնյաները, որպիսիք էին` սենեկապետ, փակակալ, Դրան եպիսկոպոս, դպրապետ, հյուրընկալ, սարկավագապետ, Դրան վարդապետ, Դրան երեց և այլն:
Հայրապետական տունը, Լուսավորչի բոլոր ժառանգների օրերում, փակված չէր այս կամ այն վանքի առանձնության մեջ: Այլ նա աշխարհից չէր անջատված և աշխարհի առջև միշտ բաց էր: Լուսավորչի ժառանգները, Աբրահամի, Իսահակի և Հակոբի նման. միևնույն ժամանակ, թե՜ ժողովրդի հայրեր էին և թե՜ գերդաստանի հայրեր: Նրանք բնակվում էին իրանց ընտանեկան խաղաղ շրջանում:
Մեծ էր փառքը հայրապետի, երբ նա որևէ տեղ էր գնում: Մի ամբողջ բանակ շարժվում էր նրա հետ: Մի քանի հարյուր սպառազինված ձիավորներ, յուր թիկնապահներից, ուղեկցում էին նրան: Մի քանի հարյուր եպիսկոպոսներ, վարդապետներ, երեցներ և այլ եկեղեցականներ, ջորիների վրա նստած, ընթանում էին նրա առջևից և ետևից: Ինքը հայրապետը նստած էր լինում կամ սպիտակ ջորու վրա, կամ կառքի մեջ, որ նույնպես տանում էին երկու սպիտակ ջորիներ, որ միայն թագավորն իրավունք ուներ գործածելու: Ջորիների թամբերը և այլ հանդերձանքը զարդարած էին լինում ոսկով: Հայրապետը սովորաբար երեսը ծածկված էր ունենում սև քողով: Առջևից տանում էին հայրապետական գավազանը և, իբրև սրբազան դրոշ, բարձր խաչվառը:
Կենցաղավարության և արարողությունների այդքան ընդարձակ, այդքան շքեղ կազմությունը շատ հասկանալի է, որ ահագին ծախքերի էր կարոտ: Հայոց թագավորներից հատկացրած 15 գավառների ամբողջ արդյունքները հազիվ կարողանում էին բավականացնել հայրապետական տան ծախքերը: Բացի այդ գավառներից, հայրապետական տունը ուներ յուր սեփական կալվածքները:
Ծագելով բարձր ազնվապետական տոհմից, ինքը Լուսավորիչը բավական կալվածքներ ուներ հայոց երկրում: Նրա հայրը, Անակը, Պարսկաստանից գալով Հայաստան և, անձնատուր լինելով հայոց Խոսրով թագավորին, վերջինս սիրով ընդունեց նրան, և նրա բնակության համար ընծայեց ընդարձակ կալվածքներ: Անակի վարմունքից հետո` այդ կալվածքները հարքունիս գրավվեցան: Բայց Տրդատը կրկին վերադարձրեց Անակի ժառանգներին, որոնց ներկայացուցիչն էր Լուսավորիչը: Այդ կալվածքների թվում էր Արամոնս ավանը, Կոտայքի գավառում, որ ծառայում էր Լուսավորչի տան համար իբրև ձմեռոց, և որը հետո վայելում էին նրա ժառանգները:
Լուսավորիչը ստացավ Տրդատից նաև այն ավաններից և գյուղերից շատերը, որոնք առաջ քուրմերի սեփականություն էին: Այդ գյուղերից մեկն էր Թորդանը, Դարանաղյաց գավառում, որ ծառայում էր հայրապետական տան համար որպես ամառանոց:
Թորդանը նշանավոր էր հեթանոսական դարերում իբրև հայոց նվիրական վայրերից մեկը: Այնտեղ կանգնած էին «Սպիտակափառ դից» տաճարները: Բայց Թորդանը ավելի երանելի դարձավ, երբ նրան վիճակվեցավ լինել հայոց բազմավաստակ Լուսավորչի զբոսավայրը: Այնտեղ էր այն սրբազան այգին, որ յուր ձեռքով մշակել էր հայոց առաքյալը: Այնտեղ անցուցանում էր նա յուր հանգստի ժամերը, և այնտեղ հանգստացան նրա և յուր ժառանգների սուրբ նշխարները:
Սկզբում քրմական կալվածք էր և Թիլ ավանը, Եկեղյաց գավառում: Նա գտնվում էր հռչակավոր Երիզայի հանդեպ: Գայլ գետը, մեջտեղից անցնելով, բաժանում էր հայոց այդ երկու նշանավոր սրբավայրերը Թիլը և Երիզան: Առաջինի մեջ կանգնած էր Արմազդի դստեր` Նանեի արձանը, իսկ երկրորդի մեջ` Անահիտի ոսկյա արձանը: Վերջինը նույն արձանն էր, որի գլխին պսակ չդնելու համար այնքան տանջանքներ կրեց Լուսավորիչը Տրդատից: Իսկ հետո, երբ Տրդատը քրիստոնեություն ընդունեց, հիշյալ երկու տաճարներն ևս կործանեց Լուսավորիչը: Թիլ ավանը ստացավ նա իբրև մշտական ժառանգություն: Այդ ավանում դրվեցան նրա որդիներից մի քանիսի շիրիմները:
Եվ այդպես, հայրապետական տունը, յուր բազմագումար ծախքերը լցուցանելու համար, ստանում էր 15 գավառների ամբողջ արդյունքը, և բացի դրանից, իբրև մշտական ժառանգություն, վայելում էր յուր սեփական գյուղերի և ավանների արդյունքները:
Լուսավորչի տան այդքան շատ կալվածներ գրավելը հետո ոչ սակավ դժգոհությունների պատճառ դարձավ նրա ժառանգների և Արշակունյաց վերջին թագավորների մեջ: Այդ թագավորները, որպես հետամուտ էին լինում նախարարների տիրած հողերը սահմանափակել, կամ բոլորովին նրանց տիրապետական իրավունքները ոչնչացնել, նույնպես աշխատում էին, եթե ոչ բոլորովին գրավել հայրապետական տան կալվածքները, գոնե նրանց չափը զգալի կերպով փոքրացնել:
Մի անգամ Ներսես Մեծը եկել էր Տարոն յուր կալվածքներին այցելություն գործելու, գտնվում էր Աշտիշատի վանքում: Միևնույն ժամանակ Հայր Մարդպետ իշխանը թագավորի ներքինապետը շրջում էր յուր կալվածքներին այցելություն գործելու: Նրանք հանդիպեցան միմյանց հիշյալ վանքում: Որքան ևս Ներսես Մեծին հաճելի չէր այդ սոսկալի մարդու երեսը տեսնել, այնուամենայնիվ, նրա բարձր աստիճանին վայել ճաշ պատրաստել տվեց: Թագավորի «Հայր» էր կոչվում այդ ներքինին և, տիրելով արքայական կանանոցի վրա, տիրում էր, միևնույն ժամանակ, և արքայի սրտի վրա: Այնքան մեծ էր նրա ազդեցությունը, որ նախարարները և՜ ատում էին նրան, և՜ դողում էին նրանից: Նրա խորհրդովն էր ոչնչացնում Արշակը ամբողջ նախարարական ցեղեր և տիրում էր նրանց կալվածքներին:
Ճաշից առաջ Հայր Մարդպետ իշխանը գոռոզությամբ ճեմում էր գեղեցիկ հրապարակի վրա, որ գտնվում էր վանքի եպիսկոպոսական ապարանքի առջև: Այստեղից լի նախանձով և բարկությամբ նայում էր նա այն սքանչելի վայրերի վրա, որ պատկանում էին Ներսես Մեծին: Նրա սիրտը լցվեցավ անհնարին դառնությամբ: Երբ ճաշի ժամանակ փոքր-ինչ արբեցավ, այլևս չկարողացավ յուր տհաճությունը զսպել: Սկսեց խորին արհամարհանքով նախատել Տրդատին և առհասարակ Արշակունի թագավորներին, ասելով. «Ինչպե՛ս այսպիսի արդյունավոր տեղեր տվեցին «կանանցահանդերձ» մարդկանց (այսինքն եկեղեցականներին, որ կանանց նման երկար զգեստներ էին հագնում)... Եվ եթե ես, Հայր Մարդպետս, կենդանի կմնամ և թագավորի մոտ կհասնեմ, այն ժամանակ այդ բոլորը, ինչ որ կա այստեղ, փոփոխել կտամ, ամեն ինչ հարքունիս գրավել կտամ, և այս վանքը թագավորական սենյակներ կդարձնեմ ... »:
Ներքինապետի հանդգնությունը սաստիկ ազդեց Ներսես Մեծի վրա և նա, բնավ չակնածելով նրա ավագությանը, խստությամբ պատասխանեց, Մեր տեր Հիսուս Քրիստոսը, որ պատվիրեց ամենևին աչքը չդնել ուրիշի ունեցածին, նա թույլ չի տա ագահությամբ հափշտակել յուր նվիրական վայրերը: Եվ բանսարկուն, որ անպատկառ սպառնալիքներ է կարդում, երբեք չի հասնի յուր չար նպատակներին, այլ յուր գործած անթիվ մեղքերը կխափանեն նրա անիրավ դիտավորությունները... »:
Ներքինապետը լռեց:
Սեղանին ներկա էր Շավասպ Արծրունին: Ներքինապետի լրբությունը, որով վիրավորեց մեծ քահանայապետին, սաստիկ զայրացրեց երիտասարդ իշխանին: Բայց նա զսպեց յուր բարկությունը:
Ճաշից հետո, երբ ներքինապետը նստեց յուր կառքը, կամենում էր գնալ, իշխանը տարավ նրան ճանապարհ դնելու: Նրանք ցած իջան Աշտիշատի վանքի բարձրությունից, մտան Եփրատի անտառախիտ ձորը: Այդ միջոցին իշխանը հրապուրեց նրան, ասելով, թե այդ անտառում գեղեցիկ սպիտակ արջեր է տեսել: Ներքինապետը դուրս եկավ կառքից, ձի նստեց, որ գնան որսալու: Երբ փոքր-ինչ հեռացան և մտան անտառի խորքերը, իշխանը ետևից նետով զարկեց ամբարտավանին և դիակը ծածկեց թուփերի մեջ...
Շավասպ Արծրունին ուներ և այլ պատճառներ ներքինապետին սպանելու:
Մինչդեռ Լուսավորչի տոհմը լարված մաքառման մեջ էր մարմնավոր իշխանության հետ, Հայաստանում աճում և հետզհետե ուժ էին ստանում մյուս եկեղեցական տարերքը: Նրանց զորանալուն նպաստում էր ինքը մարմնավոր իշխանությունը, որպեսզի թուլացնե պարթևների ազդեցությունը:
Որքան Լուսավորչի տոհմը սիրելի էր ժողովրդին, նույնքան նա անտանելի էր դարձել թագավորներին: Գուցե այդ ծանրությունը այնքան զգալի չէր լինի, եթե հայրապետական տունը գտնվեր Արարատից դուրս` մի այլ գավառում: Արշակունի թագավորները, որոնք, բացի թագաժառանգից, իրանց տոհմից մի այլ թագավորազնի չէին ներում Արարատում բնակություն ունենալ, հանկարծ իրանց արքունիքի մոտ գտնում էին մի այլ տուն, մի սրբազան վեհարան, որ ոչ միայն համափառ և համապատիվ էր արքայական պալատին, այլ նրանից ավելի բարձր հարգանք էր վայելում: Թագավորից նեղվածները այնտեղ պաշտպանություն և ապաստան էին գտնում: Եվ այդպիսով, այդ վեհարանը ներկայացնում էր մի հակաթոռ իշխանություն, որ թուլացնում էր արքայական գահի բարձր նշանակությունը:
Այդ անընդհատ ընդհարումները արդեն թագավորին այն մտքին էին հասցրել, որ պետք էր ազատվել Լուսավորչի տոհմի ճնշումներից և ստեղծել մի նոր կաթողիկոսություն, որ ամեն հարաբերությունների մեջ ենթարկվեր թագավորի իրավասությանը: Տիրան Բ-ը առաջինը եղավ, որ ձեռնարկեց իրագործելու այդ նպատակը: Նրան նպաստեցին մի քանի հանգամանքներ:
Երբ Հուսիկ կաթողիկոսը չարաչար մահվամբ սպանվեցավ նույն իսկ Տիրանից, այդ ժամանակ Լուսավորչի տոհմի մեջ չգտնվեցավ մեկը, որ արժան լիներ հայրապետական աթոռին: Որովհետև, սպանված կաթողիկոսի երկու` որդիները Պապ և Աթանագինես ծնված լինելով նույն Տիրան թագավորի դուստրից և ամուսնացած լինելով նրա երկու քույրերի հետ, արքայական տան հետ այդքան մերձ ազգակցության պատճառով բոլորովին զինվորական կրթություն էին ստացել և կաթողիկոսության վայել վարք չունեին: Իսկ Աթանագինեսի որդի Ներսեսը Կեսարիայյում դեռ ուսում էր առնում:
Ահա այդ հանգամանքներից օգուտ քաղելով, Տիրանը Փառեն կամ Փառներսեհ անունով մեկին կաթողիկոս ձեռնադրել տվեց, որը Աշտիշատի վանքիցն էր: Նա կատարելապես հնազանդվում էր թագավորին, ամեն գործի մեջ նրա կամքի համեմատ էր վարվում, և մինչև անգամ շողոքորթում էր նրան:
Այդ ժամանակ եկեղեցականների ագահությունը չափ և սահման չուներ: Պատմությունը թողել է մի քանի զզվելի օրինակներ թե որպիսի՜ անարգ միջոցներով այդ` աշխարհը ուրացած և կյանքից հրաժարված աբեղաները աշխատում էին հարստանալ, գյուղերի և կալվածքների տեր դառնալ:
Հիշյալ Փառեն կաթողիկոսի որդին էր Հոհան եպիսկոպոսը, որը ներկայանում էր որպես մի օրինակելի ագահություն: Այդ կեղծավորը իրան ցույց էր տալիս վերին աստիճանի ճգնասեր, խստակյաց և անփառասեր: Հագնում էր ցնցոտիներ, ման էր գալիս կիսամերկ, և մինչև անգամ սանդալներ չէր հագնում, այլ ամառը ոտները պատում էր «հեսկով» (ճիլոպով), իսկ ձմեռը «կեմով» (բույսերից հյուսած թոկերով):
Յուր օտարոտի զգեստավորությամբ շատ անգամ հայտնվում էր նա արքունիքը և սկսում էր Տիրան թագավորի առաջ զանազան հիմար խաղեր ու կատակներ անել: Պառկում էր չորս թաթիկների վրա, իրան ձևացնում էր որպես ուղտ, սկսում էր թռչկոտել և ուղտի նման ձայներ հանել, ասելով: «Ես ուղտ եմ... ես ուղտ եմ... թագավորի մեղքերը կտանեմ... դրեք իմ վրա թագավորի մեղքերը, որ ես տանեմ... »:
Իսկ թագավորը, յուր մեղքերի փոխարեն, դնում էր նրա մեջքի վրա գյուղերի և ագարակների պարգևական հրովարտակներ:
Այսպիսով հարստացավ նա և հարստացրեց յուր վանքը:
Որքան Լուսավորչի տոհմը խիստ և անաչառ էր դեպի բարձի մարմնավոր իշխանությունը, դրանք այնքան քսու և հաճոյամոլ դարձան: Որքան Լուսավորչի տոհմը ազնիվ էր և վեհանձն, դրանք այնքան ստորաքարշ դարձան:
Շնորհավաճառությունը այդ խաբեբաների ձեռքում հասել էր ամենավատթար անարգության: Մի անգամ նույնիսկ այդ Հոհան եպիսկոպոսը ճանապարհին հանդիպում է մի լավ հագնված երիտասարդի, որ նստած էր գեղեցիկ նժույգի վրա: Նժույգը հրապուրում է սրբազանին: Նա կանգնեցնում է երիտասարդին, հրամայում է ցած իջնել ձիուց: Երիտասարդը կատարում է նրա հրամանը: «Խոնարհեցրո՜ւ գլուխդ, ասում է նրան եպիսկոպոսը, ես պետք է քահանայության ձեռք դնեմ քո վրա»: Զարմացած երիտասարդը պատասխանում է. «Ես մի ավազակ, սպանող և չարագործ մարդ եմ, ես արժան չեմ մի այսպիսի պաշտոնի»: Եվ իրավ, երիտասարդը հենց նույն ժամին վերադառնում էր ասպատակությունից: Բայց եպիսկոպոսը ուշադրություն չէ դարձնում նրա ընդդիմադրությանը, բռնությամբ խլում է նրա վերարկուն, հագցնում է «աղաբողոն» (փարաջա) և ձեռքը գլխին դնելով, ասում է, «Ահա՜ քեզ երեց ձեռնադրեցի, հիմա գնա՜, քո գյուղի քահանան դարձի՜ր»: Հետո նստում է երիտասարդի նժույգի վրա, հեռանում է, ասելով. «Այդ էլ թո՜ղ իմ վարձը լինի... »:
Կաթողիկոսի որդին էր այդ անողը, երիտասարդը ի՜նչ համարձակություն ուներ նրան հակառակելու:
Նա ապշած, շփոթված գնում է յուր տունը, կնոջը պատմում է ճանապարհի վրա պատահած անցքը: Կինը ծիծաղելով հիշեցնում է նրան, թե դու մինչև անգամ մկրտված չես, ինչպե՞ս քահանա ձեռնադրվեցար: Երիտասարդը ստիպված է լինում կրկին գնալ եպիսկոպոսի մոտ և գտնում է նրան յուր վանքում: Երբ հայտնում է, թե ինքը դեռ քրիստոնյա չէ և մկրտություն անգամ չէ ընդունել, այդ միջոցին եպիսկոպոսը վեր է առնում մի սափորով ջուր, թափում է նրա գլխին, ասելով. «Ահա՜ մկրտվեցար, այժմ կարող ես գնալ... »:
Ոչինչ սրբություն չէր կարողանում սանձահարել այդ ագահների ընչասիրությունը: Արշակ թագավորի Դրան երեցը, Մրջյունիկ անունով, կատարեց մի անօրինակ եղեռնագործություն, որի համար իբրև վարձ ստացավ Գոմկունք գյուղը, Տարոնի գավառում: Նա թագավորի երկրորդ կնոջից, Փառանձեմից կաշառվելով, սուրբ հաղորդության բաժակի մեջ թույն խառնեց և մատույց թագավորի առաջին կնոջը Ոլիմպիադային, որով և մեռավ նա:
Բարձր հոգևորականությունը մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ընկավ: Ի դեմս Լուսավորչի տոհմի, նա ձգտում էր իշխել և մինչև անգամ բռնանալ թագավորի վրա: Իսկ ի դեմս մյուս կաթողիկոսական տոհմերի, նա ընդունեց հլու կամակատար լինել:
Այդ մյուս տոհմերից ավելի ուժ էր ստացել այն սերունդը, որ մենք կոչեցինք քրմական տարր: Դրանց մեջ նշանավոր էր Ալբիանոսի տոհմը, որ սկսյալ Լուսավորչի և Խոսրով Բ-ի օրերից, պահպանում էր Մանազկերտի անընդհատ, ժառանգական եպիսկոպոսությունը:
Ալբիանոսի տոհմը ուներ յուր խորին անցյալը և յուր վաղեմի ավանդությունները: Առաջ գալով քրմական ծագումից, այդ տոհմի ներկայացուցիչները քրիստոնեական կրոնավորի զգեստի տակ դեռ պահպանում էին այն սովորությունները, որոնք հեթանոսական բնավորություն ունեին, գոնե իրանց հարաբերությունների կողմից դեպի թագավորը: Հին քուրմը, նոր կրոնի քահանայի կերպարանքով, գիտեր, թե ի՜նչպես պետք է վարվել թագավորի հետ: Եվ թագավորները սկսեցին նրանց առաջ քաշել և ուժ տալ:
Այդ տոհմը սկսեց համարձակ կերպով մաքառել Լուսավորչի տան հետ, որ միշտ պահպանել էր յուր անարատությունը, սկսեց հետամուտ լինել գրավելու հայրապետական աթոռը, որ միայն Լուսավորչի տան ժառանգություն էր: Քսությունը, բանսարկությունը, թագավորի և նախարարների բոլոր հաճույքները կատարելը ահա այն գլխավոր զենքերը, որով նրանք մրցում էին Լուսավորչի տան հետ և որով աշխատում էին իրանց նպատակին հասնել: Եվ թագավորին ու նախարարներին այս տեսակ կամակատարներ էին հարկավոր և ոչ Լուսավորչի ժառանգների նման անաչառ, կրոնասեր կաթողիկոսներ, որոնք, մարմնավոր իշխանության հակառակ, միշտ ներկայանում էին մի մեծ, ընդդիմադիր զորություն:
Շողոքորթները տարան հաղթությունը:
Ներսես Մեծի ցավալի վախճանից հետո Լուսավորչի հայրապետական աթոռը գրավեցին Հուսիկը, Զավենը, Շահակը և Ասպուրակեսը: Այդ չորսն էլ, որ մինը մյուսից հետո կաթողիկոսներ դարձան, Աբլիանոսի որդիներից էին և քրմական ծագումից:
Այդ կաթողիկոսները մարմնավոր իշխանության բարձր ներկայացուցիչներին նմանվելու մեջ այնքան հեռու գնացին, որ հոգևոր կաթողիկոսությունը դարձրին մի տեսակ նախարարություն և նախարարների նման էին ապրում: Շրջում էին ոսկեսանձ, ոսկեսարաս նժույգներով, որ հոգևորականներին վայել չէր նստել: (Հոգևորականները սովորաբար ջորիներ էին նստում, կաթողիկոսը սպիտակ գույնով, իսկ նրանից ստոր աստիճան ունեցողները` հասարակ գույներով): Հագնում էին սամուրենի, կընդմենի, որ հոգևորականներին արգելված էր կրել: Հագնում էին գույնզգույն նարոտներով, ժապավեններով և ոսկեհուռ ծոպերով զարդարած հագուստներ: Եվ իրանց պճնասիրությունը այն աստիճան ծայրահեղության հասցրին, որ իրանց անզուսպ հաճույքներին բավականություն տալու համար սկսեցին մինչև անգամ զինվորական զգեստներ հագնել: Զավենը առաջին օրինակը տվեց զինվորական զգեստներ հագնելու, և նրան հետևեցին նրա հաջորդները:
Լուսավորչի տան անկումից հետո, մինդեռ բարձր հոգևոր իշխանությունը այս տեսակ անկարգության մեջ էր, Հայաստանում լուռ ու մունջ աճում և հետզհետե զորանում էր օտարազգի կրոնավորների տարրը հունականը և ասորականը:
Թեև քրիստոնեության մուտքի սկզբում, բնիկներից պատրաստի անձինք չլինելու պատճառով, նրանց հանձնվեցան մինչև անգամ վիճակային եպիսկոպոսություններ, բայց որովհետև վիճակային եպիսկոպոսությունը հայոց հոգևոր կառավարության մեջ ներկայացնում էր մի տեսակ ինքնուրույն և ինքնակա իշխանություն, որ, բացի հայնմանե, որ կենտրոնացած էր յուր մեջ, այլ պահպանվում էր միևնույն տոհմի մեջ իբրև ժառանգություն, այդ պատճառով, այդ պաշտոնը առնվեցավ օտարներից և հետզհետե գրավեցին բնիկները ազգով հայ եկեղեցականները:
Օտարազգի կրոնավորների ձեռքում մնացին վանքերը, վանական միաբանությունները և անապատները:
Թե յուրաքանչյուր վանքում որքա՞ն էր դրանց թիվը, բավական է բերել մի օրինակ, որ երբ սուրբ Եպիփանը թողեց Հայոց երկիրը և վերադարձավ Հունաստան, նա յուր ջանքերով հաստատած շատ կրոնական միաբանություններ թողնելուց հետո, տարավ յուր հետ միայն յուր ձեռնասուն աշակերտներից 500 հոգի:
Այդպես է նկարագրում ժամանակի պատմագիրը այդ անապատականների կյանքը.
...«Բնակվում էին անապատներում, առանձնացած էին երկրի քարանձավներում, ժայռերի այրերում և խոռոչներում: Միայն մեկ հանդերձ ունեին, շրջում էին բոբիկ ոտներով, կերակրվում էին խոտերով, ընդեղեններով և արմատներով: Գազանների նման թափառում էին լեռների մեջ, պատած էին մաշկերով և այծի մորթիներով, և անապատներում մոլորված, աստուծո սիրո համար, խորին նեղության մեջ, տանջվում էին ցրտից, տոթից, քաղցից և ծարավից: Եվ իրանց կյանքի ամբողջ օրերը այսպիսի համբերությամբ էին տանում, բոլորովին ունայն համարելով այս աշխարհը... և թռչունների երամների նման բնակվում Էին ապառաժների խոռոչներում կամ քարանձավների խորքերում, առանց որևէ կայք կամ ստացվածք ունենալու, առանց որևէ խնամք կամ դարման տանելու իրանց մարմնին»:
Օտարազգի կրոնավորները, որոնք լցրել էին հայոց անապատներն ու վանքերը, կամ այս տեսակ ճգնավորներ էին, որոնց կրոնամոլությունը հասնում էր վերին աստիճանի մոլեռանդության, կամ խիստ ամուր հաստատությամբ կազմակերպված կղերական միաբանություններ էին, որոնք հարստահարում էին երկրի արդյունքները հօգուտ իրանց վանքերի:
Առաջինները անապատականները անձնուրացությունը, կյանքից և աշխարհի վայելչություններից հրաժարվիլը ընդունելով իբրև միակ փրկարար հոգևոր գաղափար, իրանց սպանիչ օրինակներով մեռցնում էին ժողովրդի մեջ ամեն կյանք, ամեն աշխույժ և ամեն ձգտումն դեպի հառաջադիմություն: Ժողովրդի մեջ վհատություն և ունայնասիրություն զարգացնելով, կտրում էին նրան թե՜ աշխարհից և թե՜ գործունեությունից: Իզուր չստացան նրանք «խոստաճարակ» անունը, որով մարդը հավասարացրել էին անասունի:
Միշտ խոնարհություն քարոզելով, միշտ հեզություն քարոզելով, նրանք սպանում էին ժողովրդի քաջազնական ոգին: Թե ո՜րքան աննպաստ կարող էին լինել այդ տեսակ քարոզները ժողովրդի պահանջներին, այդ մասին բավական է ի նկատի առնել Հայաստանի աշխարհագրական դրությունը, թե որպիսի՜ դրացիներ ուներ նա և որպիսի՜ բարբարոսներով էր շրջապատված նա: Մի ժողովուրդ, որ սուրը ձեռքում ամեն րոպե պետք է հսկեր, թե ո՜ր կողմից է գալիս թշնամին, նրան ասում էին` սուրդ ցած դի՜ր մտի՜ր քարանձավների մեջ, և քո հոգու համար աղոթի՜ր... աշխարհը չարժե այնքանին, որ մարդ նրա համար մտածեր...
Տրդատ մեծը առաջինը եղավ, որ հետևեց այդ խրատներին և այն սուրը, որ հայոց դրացիների վրա սարսափ էր տարածում, ցած դրեց և մտավ Սեպուհ լեռան այրերի մեջ:
Բայց դրացիներն ավելի լավ էին հասկանում իրանց գործը: Այդ մասին պատմությունը տալիս է մեզ մի շատ ինքնուրույն և ժամանակի բնավորությանը խիստ հատկանիշ օրինակ:
Երբ Լուսավորչի թոռ Գրիգորիս կաթողիկոսը, քրիստոնեություն տարածելով, հայտնվեցավ Աղվանից աշխարհում, և երբ հանդիման եղավ Մազքութների Սանեսան թագավորին, յուր քարոզի մեջ, ի թիվս այլ խրատների, հայտնեց այն միտքը, թե «Ատելի է աստծուն ավարառությունը, հափշտակությունը, սպանությունը, ագահությունը, ուրիշներին զրկելը, այլոց սեփականության աչք դնելը» և այլն: Նրան բարկությամբ պատասխանեցին. «Եթե չհափշտակենք, եթե այլոց ունեցածը ավարի չառնենք, ուրեմն ինչո՞վ պետք է ապրենք մենք և մեր զորքերի բազմությունը»: Հետո թագավորը և ավագանին իրանց մեջ խորհեցին. «Դա եկել է և այդպիսի քարոզներով կամենում է զրկել մեզ մեր կյանքի պետքերը հայթայթելու քաջությունից. եթե դրան լսելու լինենք, և ընդունենք քրիստոնեական օրենքները, այն ժամանակ կխափանվին մեր ապրուստի միջոցները...»: Եվ ավելացրին. «Այդ հայոց թագավորի խորամանկությունն է, դրան ուղարկել է մեզ մոտ, որ այդ ուսմունքով խափանե մեր ասպատակությունները և մեր արշավանքները յուր աշխարհից դադարեցնե. եկեք դրան սպանենք, և հետո արշավենք դեպի Հայաստան և ավարով լցնենք մեր աշխարհը... »:
Այդպես էլ արեցին. աստուծո մարդուն կապեցին մի կատաղի ձիան պոչից և բաց թողին Վատնյան դաշտի տարածության վրա:
Այժմ պարզ է, թե ի՞նչ տեսակ դրացիներ ուներ Հայաստանը: Եվ աղվանները դեռ ամենալավ դրացիներն էին: Իսկ հայերը պետք է քրիստոնեական հեզությամբ այդ բարբարոսների հետ մրցեին...
Օտարազգի կրոնավորների մեծ մասը, որպես հիշվեցավ, վերևում նկարագրած անապատականներն էին, որ իրանց սպանիչ օրինակով մեռցնում էին ամեն կենդանություն: Մնացյալները զանազան կղերական միաբանություններ էին, որ գրավել էին վանքերը: Որքան առաջինները արհամարհում էին կյանքը և աշխարհի վայելչությունները, նույնքան վերջինները ամեն հնար գործ էին դնում հարստացնելու իրանց վանքերը:
Ցավալին այն էր, որ դրանք էին հայոց վարժապետները: Այն բոլոր դպրոցներում, որ հիմնվեցան Լուսավորչի ձեռքով, Տրդատի օրերում, և այն բոլոր դպրոցներում, որ հիմնվեցան Ներսես Մեծի ձեռքով, Արշակ Բ-ի օրերում, բոլորի մեջ տիրապետում էին հունաց և ասորոց լեզուները, բոլորի մեջ ուսումը ավանդվում էր հունաց և ասորոց գրքերով: Ուսման նպատակը լինելով` ծանոթացնել քրիստոնեության և սուրբ գրքերի հետ, իսկ սուրբ գրքերը գրված լինելով հիշյալ լեզուներով, այդ պատճառով նրանք դարձան դպրոցական լեզու: Հայոց լեզուն, հայոց գիրն ու դպրությունը արտաքսվեցան հայոց ուսումնարաններից, որովհետև դեռ սուրբ գրքերի թարգմանություններ չէին եղած, և հայկական դպրությունը տակավին մնացել էր յուր հեթանոսական բովանդակության մեջ, և այդ պատճառով արհամարհված էր:
Այդ հունական և ասորական դպրոցները, որ կառավարվում էին հույն և ասորի կղերի ձեռքով, կարող էին ավելի վտանգավոր լինել, եթե դուրս գային վանքերի պարիսպներից և տարածվեին ժողովրդի մեջ: Բայց վանքերի մեջ փակված լինելով, ժողովուրդը, թեև չէր օգտվում նրանցից, բայց գոնե չէր էլ վարակվում: Նրանք պատրաստում էին միայն հոգևորականներ ասորոց և հունաց լեզուներով կրթված հոգևորականներ:
Այդ օտար, հայի համար խորթ և անհասկանալի լեզուները տիրապետում էին և հայոց եկեղեցիներում: Բոլոր սուրբ գրքերը և բոլոր աղոթքներն ու մաղթանքները այդ լեզուներով էին կատարվում: Ժողովուրդը ոչինչ չէր հասկանում և ոչինչ էլ չէր շահվում եկեղեցուց: Այդ էր պատճառը այն խորին դանդաղկոտության որով քրիստոնեությունը տարածվում էր Հայաստանում:
Հայոց լեզուն մնացել էր հեթանոսական հին երգերի մեջ, որ դեռ երգում էր ժողովուրդը, որ դեռ սիրում էր ժողովուրդը: Հայոց լեզուն մնացել էր հեթանոսական հին արարողությունների մեջ, որոնցից դեռ բոլորովին չէր բաժանվել ժողովուրդը: Հայոց լեզուն մնացել էր նույնիսկ ժողովրդի բերանում, որ հալածում էր օտարազգի կղերը:
Այդ բոլորից հետո, շատ հասկանալի է, թե ինչ կործանիչ ազդեցություն կարող էին ունենալ այնքան բազմաթիվ վանքերն իրանց օտարազգի կրոնավորներով, երբ ժողովուրդը յուր հոգեվոր և մտավոր կրթությունը պետք է այդ անհարազատ ձեռքերից սպասեր:
Օտարազգի կրոնավորները երկար չմնացին իրանց ճգնավորական կեղևի մեջ: Հարստությունը հետզհետե խլեց այն կեղծ բարեպաշտական դիմակը, որով ծածկված էին նրանք: Աշխարհի փառքն ու վայելչությունները արհամարհող աբեղաները, որոնք առաջ ցնցոտիներով էին ծածկում իրանց մերկությունը, բոբիկ ոտներով էին շրջում, միայն արմատներով ու բույսերով էին կերակրվում, երբ հարստացան և հարստացրին իրանց վանքերը, սկսեցին ոչ միայն չափազանց շռայլ կյանք վարել, այլ բոլորովին այլ փառասիրությունների ձգտել:
Յուր տեղում հիշվեցավ, որ Արշակունյաց վերջին թագավորները մասամբ ուղղեցին Տրդատի սխալը նրանով, որ օտարազգի կրոնավորներին թույլ չէին տալիս եկեղեցու վարչական պաշտոնների մեջ մտնել, որպիսի էր վիճակային եպիսկոպոսությունը, բայց միայն համբերում էին նրանց վանքերին, որ մի անգամ ձեռք էին ձգել: Բարձր հոգևոր իշխանությունը կաթողիկոսությունը միայն Լուսավորչի տան ժառանգությունն էր, որ հետո ժամանակավորապես Ալբիանոսի տոհմի ձեռքն անցավ: Իսկ վիճակային եպիսկոպոսությունների պաշտոնը վարում էին նույնպես բնիկները, միայն ազգով հայ եկեղեցականները: Բացառություններ խիստ սակավ էին լինում:
Բայց Արտաշես Գ-ի թագավորության վերջին օրերում` օտարազգի կրոնավորները հետամուտ են լինում ոչ միայն հայոց վիճակների եպիսկոպոսությունները գրավելու, այլ մինչև անգամ հայրապետական աթոռը իրանց ձեռքը ձգելու: Ժամանակի քաղաքական դառն հանգամանքները նպաստեցին նրանց: Արշակունյաց իշխանությունը անկման վիճակի մեջ էր. թագավորի մեջ այլևս զորություն չէր մնացել: Նախարարների մեջ տիրում էր անհաշտ երկպառակություն: Նրանք ապստամբվել էին Արտաշեսի դեմ և ավելի բարվոք էին համարում օտարի ծանր լուծը կրել, քան իրանց թագավորին խոնարհվել: Հայաստանը հոգեվարքի մեջ էր: Մնում էր վերջին հարվածը, որ տար պարսիկը և Արշակունյաց, տան վերջին շառավիղը հանգչեր...
Ահա այդ տագնապի միջոցներում օտարազգի կղերը աշխատեց օգուտ քաղել հանգամանքներից: Նա հայոց կաթողիկոսի ընտրության մեջ, որ վաղեմի ավանդություններով կախված էր միայն հայոց թագավորից, հայոց նախարարներից և հայոց ժողովրդից, խառնեց օտարի նենգավոր ձեռքը: Սուրմակը առաջինը եղավ, որ այդ դավաճանության օրինակը տվեց, և պարսից Վռամ թագավորի հրամանով հայրապետական աթոռը բարձրացավ: Նրան հաջորդեցին Բրքիշո և Շմուել ասորիները, դարձյալ պարսից թագավորից նշանակվելով: Թե որպիսի՜ ագահությամբ այդ մատնիչները սկսեցին այնուհետև վիճակները գրավել և եպիսկոպոսների ժառանգությունները հափշտակել, այդ մասին պատմությունը թողել է խիստ պախարակելի օրինակներ:
Այդ դավաճանները դարձան պարսից թագավորի ձեռքում մի անարգ գործիք և հայոց ազատ եկեղեցու բոլոր կարգերի մեջ խառնեցին նրա կործանիչ միջամտությունը: Եպիսկոպոսների ձեռնադրությունը և նրանց վիճակներ տալու իրավունքն անգամ` կախումն ստացավ պարսից թագավորից: Հայոց կաթողիկոսը դարձավ պարսից մարզպանի ընկեր և գործակից, որի կառավարությանը ենթարկվեցավ այդ ժամանակ Հայաստանը:
Այդ բոլոր ցավալի դեպքերը կատարվեցան այն ժամանակ, երբ Լուսավորչի տան վերջին ժառանգը, Սահակ Պարթևը, տակավին կենդանի էր: Թեև ասորին պարսից բռնակալ ձեռքով հափշտակեց նրանից հայրապետական աթոռը, բայց նա արդեն յուր գործը կատարել էր Հայաստանի փրկության մեծ գործը: Նա հեռացավ ասպարեզից, բայց հաղթությունը յուր հետ տարավ: Յուր տոհմի մեջ վերջինը լինելով, նա հասցրեց և վերջին ամենասաստիկ հարվածը, որով խորտակեց օտարազգի կղերի ամբողջ ապագան: Մարգարեական ոգով նախագուշակելով գալոց վտանգները, նա այդ վտանգների դեմ մի ամուր պատնեշ դրեց: Արդարև, Արշակունյաց արքայական գահը ընկավ, հայրապետական աթոռը պարսից վերահսկողությանը ենթարկվեցավ, բայց նա ազատեց եկեղեցին, ազատեց ազգը: Ինչո՞վ:
Մեծ հայրապետը, յուր գործակից Մեսրոպի աջակցությամբ, ստեղծեց հայոց գիրը և նոր դպրությունը: Հայոց լեզուն սկսեց թագավորել թե՜ հայոց դպրոցներում և թե՜ հայոց եկեղեցիներում: Հայը սկսեց յուր լեզվով աղոթել և յուր լեզվով կարդալ: Եվ դրա մեջն էր օտարազգի կղերի մահը: Մինչ այդ ժամանակ, ինչպես տեսանք, հունաց և ասորոց լեզուներն էին տիրապետում հայոց դպրոցներում. հույները և ասորիներն էին հայոց վարժապետները. նրանց լեզուներն էին տիրապետում և հայոց եկեղեցիներում: Բայց հայկական տառերի գյուտից հետո արտաքսվեցան նրանք: Բոլոր սուրբ գրքերը թարգմանվելով մայրենի լեզվով, թե՜ եկեղեցին և թե՜ դպրոցը դարձավ բուն ազգային և ազատվեցավ օտարազգի կղերի հոգաբարձությունից: Իսկ նրանց դավաճանությամբ հափշտակված կաթողիկոսությունը տևեց խիստ սակավ ժամանակ:
Ահա՜ այդպես, Լուսավորչի տոհմի վերջին Լուսավորիչը, Սահակ Պարթևը, սկիզբը դրեց հայոց վերածնելության «Ոսկյա դարին», որով կրկին կենդանացավ Հայաստանը, և ընկավ խավարի թագավորությունը ...