Raffi

Սալբի

Ազգային վիպասանություն

պարսկահայոց կյանքից


ԱՆՄԱՀ

ՄԻՇՏ ՕՐՀՆՅԱԼ

ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԽՈՐԻՆ ՄԵԾԱՐԱՆՔՈՎ

ՆՎԵՐ

Ինձ քաղցր էր այդ պաշտելի Տղամարդի հավիտենական հիշատակը հարգել՝ իմ աշխատությանց երախայրիքն նորան ընծայելով: Թեպետ «Սալբի»-ի հեղինակը չէ ունեցել պատվելի Հանգուցելո հետ խիստ մոտավոր ծանոթություն, բայց քանի կա և կա՛պրի հայոց լեզուն և գրականությունն, Մ. Նալբանդյանցի անմահ հիշատակը միշտ կունենա յուր զգալի համակրությունքը ամեն մի հայի սրտում մինչև դարերի վերջը:

Հեղինակը

Սալմաստ, 1867

ՀԱՌԱՋԱԲԱՆ


Հայոց ազգը` կորստաբեր ժամանակների փոթորիկների բռնությամբ արմատախիլ լինելով յուր բնիկ երկրից, երկար ու ձիգ տարիներ անտեր անտերունչ տարուբերվելով աշխարհի երեսին և որպես մի փշրված նավ կտոր-կտոր եղած,-վերջապես դադար է առնում երկրագնդի զանազան մասերում: Եվրոպա, Ասիա, Ափրիկե, այդ անգութ հյուրընկալքը, ընդունելով խղճալի գադթականքը յուրյանց ծոցում` փոխանակ հանգիստ տալու նորանց, փոխանակ սրբելու նոցա աչքերից արտասուքը, ինքյանք սկսան գազանաբար հոշոտել նոցա անդամները, ուտել նոցա միսը, ծծել սոցա արյունը և ծամել նոցա ոսկերքը․․․: Այդ ջարդուփշուր ազգից փոքրիկ մասունքներ միայն, որպես փշրանքներ մնացած այդ ճիվաղների քաղցը հարգելեն հետո, շատ ուշ, դարերի ընթացքում հազիվ սկսան մոտենալ միմյանց, միավորիլ և զգալ յուրյանց մարդկային կենդանու օյունը:

Տասնևիններորդ դարու առաջին կիսաբաժինը եղավ այդ եզեկիելյան ժամանակամիջոցը, երբ աստուծո հոգին փչեց այդ կիսամեռ ազգի վերա, և հայերը զանազան երկրներում սկսան շարժվել, կերպարանագործվիլ և երևալ յուրյանց ազգային գոյությամբ: Նոքա սկսան ոգևորվել բարոյական և իմացական զորություններով և հետևելով լուսավոր դարու ընթացքին, լուսավոր ազգերի օրինակին, աշխատեցին հալածել հայ հորիզոնից տգիտության թանձրամած խավարը: Ռուսաստանում, Թուրքիայում, Եվրոպիո այլևայլ մասերում, Հնդկաստանում հիմնվեցան դպրոցներ, կազմվեցան տպարանք, լույս ընկան լրագրներ և օրագրներ և զանազան հեղինակությունք՝ նոր և կենդանի լեզվով սկսան արծարծել ազգային շիջած լույսը:

Բայց պարսկահայք, ասես թե մի ճակատագրական դատապարտությամբ, որպես յուրյանց տիրող տերությունը, մնացին տգիտության մահահրավեր խավարի մեջ, մնացին... մնում են... և գուցե կմնային անթվելի շատ օրեր...: Ով որ շատ ու քիչ տեղյակ է հայոց կյանքից, կճշմարտե մեր ասածը, տեսնելով, որ այսօրվա օրում պարսկահայք տակավին չունին ո՛չ կանոնավոր դպրոցներ, ո՛չ տպարանք և ո՛չ մի ապգային օրագիր կամ լրագիր, որ ցուցաներ նոցա տխուր և տրտում բարոյական և իմացական վիճակը:

Այդ առանց պատճառի չէ։

Պարսկաստա՛ն... դա մի կորստաբեր երկիր է: Այստեղ բռնակալի երկաթյա գավազանը ավելի բարբարոսաբար ներգործում է, քան թե մի այլ աշխարհում: Այստեղ ստրուկների աչքերից արտասուքը երբեք չէ չորանում: Այստեղ հայերը, առավել քան մի այլ երկրում, կրել են անբախտության դառն հարվածքները...:

Մինչև 1792 թվականը՝ Պարսկաստանի Ատրպատականում, ուր ձևանում է մեր վիպասանության դերը, մինչև Ղափլան քուհ, ամեն մի մահալ (նահանգ) պարունակում էր յուր մեջ զանազան մանր, միմյանցից անկախ խանություններ, որոց մեջ ղըզլբաշ խաները էին միան գամայն բացարձակ իշխաններ բոլոր բնակիչների վերա: Այդ խանությունքը միշտ գտնվելով միմյանց հետ թշնամական հարաբերությանց մեջ, և միշտ ունենալով միմյանց հետ անխզելի պատերազմներ, Ատրպատականը ձևացնում էր արյունոտ կռիվների թատրոն, ուր դժբախտ հայը էր միակ ծեծկվող դերասանը:

Եվ այդպես, նոքա ամենևին ապահովություն և հանգստություն չունենալով՝ միշտ փախստական, սարերում, ժայռերի փապարներում և բերդերում, հազիվհազ կարողանալով թշնամու թրից ողջ պահել յուրյանց անբախտ գլուխները, և գերությունից ազատել յուրյանց խղճալի ընտանիքը, մի այդպիսի խառնաշփոթ ժամանակում, երբ նոքա մի րոպե ևս դադար չունեին թշնամիների երկյուղից, պարսկահայոց համար մի օտարոտի բան էր մտածել լուսավորության համար: Որովհետև նոցա օրը, նոցա արևը ամենայն կերպիվ խավարած էր...: Այդ այն սգավոր ժամանակն էր, երբ հառաջ քան ռուսաց տիրապետությունը և կովկասյան նահանգներում հայերը նույնպես հեծում, հառաչում էին ղըզլբաշ խաների բռնակալությանց երեսից:

Բայց 75 տարի առաջ Աղա Մամադ-խանը Ղաջարյան ցեղից տիրեց Ատրպատականը, բոլոր խաները խոնարհեցնելով յուր իշխանության ներքո: Եվ հայերը ազատվելով խաների նեղություններից՝ մի փոքր հանգստություն գտան: Արժանահիշատակ Ֆաթհ-Ալի և Մուհամմեդ շահերի տիրապետության ժամանակներում, եվրոպական լուսավորության ճառագայթները թեև դժվարությամբ, բայց կամաց-կամաց ցոլանալ սկսան Պարսկաստանի սևաթույր վարագույրի նեղ ծակերից և քաղաքակրթության թույլ և գունաթափ լույսը մի փոքր հալածեց նախնի բռնակալության սև խավարը:

Բայց հայերի համար տակավին շուտ էր մտածել լուսավորության վերա: Խաների բռնակալությունքը իսպառ վերջացած չէին: Եվ հայերը մի փոքր հանգստություն միայն գտանելով, հառաջագույն սկսան բարվոքել յուրյանց նյութական դրությունը: Երկրագործությունը և խաշնարածությունը շուտով ծաղկեցան նոցա մեջ. և քաղաքաբնակք սկսան ձեռք զարկել վաճառականության և զանազան արհեստների: Եվ շուտով հայոց աշխատասիրության ոգին երևան հանեց յուր վառվռուն վաստակները:

Բայց երկար չտևեց այդ բարեբախտությունը: 1827 թվականը թողեց պարսկահայոց համար մի հավիտենական ափսոսանաց արժանի անցք, երբ պարսկահայոց մեծ մասը գաղթեցին դեպ Արաքսի մյուս կողմը, անմխիթար սուգի մեջ թողնելով յուրյանց հայրենակիցքը:

Հայոց պատմության ատյանում չեն կարող պարզ երեսներով երևել երկու հայազգի անձինք. մինը՝ մի հոյակապ և արժանի հիշատակի եկեղեցական ոմն, որ շատ ուշ հասկացավ յուր սխալը... մյուսը՝ մի փառասեր հայ աստիճանավոր ռուսաց զորքի մեջ, որ խաբվելով շքանշաններից, հազարավոր գերդաստաններ ձգեց ռուսաց խորամանկ քաղաքականության շղթաների մեջ և թողեց նորանց մաշվել՝ քսվելով մի հզոր տերության երկանաքարի տակ...:

Գաղթականությունից հետո Պարսկաստանում մնացած հայերի վիճակն ավելի վատթար եղավ: Նոքա թվով քիչնալով՝ եղան անզոր և տկար, ուր մնաց, տերությունը, վշտացած լինելով հաղթող ռուսերից, և մանավանդ կարծելով, թե պատերազմը քրիստոնյաների համար էր, սկսան խստությամբ վարվել հայերի հետ:

Այժմյան Ատրպատականի հայերը յուրյանց կյանքով պարտական են հավիտենական օրհնյալ հիշատակի արժանավոր Աուհամմեդ Սադղ-խան Դումբուլիին, որ ազատեց նորանց մի մեծ կոտորածից՝ պարսկական թրի բերանից: Վասն զի Աբբաս Միրզան յուր անհաջող կռվից հետո, ջարդված, սրտաբեկ, երբ հասավ Խոյ քաղաքը, կամեցավ յուր վրեժխնդրության թույնը թափել խեղճ քրիստոնեից վերա, որպես ռուսաց կրոնակիցների, այդ պատճառավ, հրամայեց կոտորել բոլոր հայերը: Բայց այդ բարեհոգի Մուհամմեդ Սադղ-խանն էր այն մարդասեր տղամարդը, որ Նայիբուլ Սալթանայի ոտքն ընկնելով, գետին համբուրեց, և մեղմեց թագավորազնի բարկությունը, հավատացնելով, թե հայերը ամենևին մեղավորություն չունեին, և պատերազմը ոչ ինչ մասնով չէր վերաբերում քրիստոնյաներին: Թողումք դժբախտ անցյալը յուր տխուր և տրտում հիշատակներով:

Հայերը Պարսկաստանի մեջ, և մոտ ժամանակներում, ահա այդպիսի կորստաբեր քաղաքական հեղափոխություններում, մաշվելով, խորտակվելով և ջարդուփշուր լինելով, հազիվհազ յուրյանց փոքրիկ մասունքները հասցրել են մինչև ներկա օրերս:

Այժմ մեր սիրելի ընթերցողին եմք թողում մտածել, արդյոք պարսկահայք՝ այդքան նեղությունների մեջ, ունեի՞ն ժամանակ աշխատել յուրյանց բարոյական և իմացական կրթության համար, երբ նոցա նյութական դրությունը ոչ բոլորովին ապահովության մեջ էր:

Այդքանը համառոտաբար տեղեկություն տալով անցյալից, ավելորդ չեմք համարում մի փոքր խոսել պարսկահայոց ներկա վիճակից: Բայց այդ մասին ստույգ գաղափար տալու համար մեր ընթերցողին, պետք է նորան ծանոթացնել Պարսկաստանի այժմյան կառավարության հետ:

Պարսկաստանը, այդ հին արյունախում ճիվաղը, տասնևիններորդ դարու լուսավորյալ քաղաքակրթության առջև տակավին կանգնած է յուր ասիական տգեղ և այլանդակ կերպարանքներով: Պարսկաստանի անկարգ և անկանոն կառավարությունը ո՛չ միայն չէ ապահովում յուր քրիստոնյա հպատակների դրությունը, ո՜չ միայն չէ բավականացնում նոցա արդար իրավունքը, այլ թուրքերը և պարսիկները ոչ բոլորովին գոհ են յուրյանց տերության վարչությունից:

Մոլլաները՝ իսլամի դենի արտոնությամբ, խլելով կառավարության ձեռքից շառիաթը (օրենքը), ոչինչ չեն թողել քաղաքական դիվանատներին: Եվ շառիաթը՝ խարդախ մոլլաների խորամանկությամբ փոխելով յուր արաբական պարզ և բնական կերպարանքը, դարձել է իսլամի ուլայմայների (իմաստունների) շահորսության միակ ուռկանը:

Պարսկաստանի հողը՝ որ արդար իրավունքով պիտի բաժանված լիներ հասարակ ժողովրդի մեջ, տակավին հին կալվածատիրական ժառանգությամբ, մնացել է խաների, բեկերի, մոլլաների և ազնվականների ձեռքում: Եվ կալվածատիրոջ յուր հողի անիրավ գործադրությունը, ոչ միայն տալիս էր որևիցե վաստակ նորա մշակող ռայաթին (հպատակին), այլ թողում էր նորան միշտ ստրուկ, որ գործում էր միմիայն յուր տիրոջ համար:

Եվ այդպես, օրենքը մնալով մոլլաների սեփականություն, գյուղորայքի հողն և ռայաթը լինելով, ազնվականների ժառանգություն, շահին մնում են՝ քաղաքները և քաղաքական ուժը-զորքը: Բայց և այդ նոթի, կիսամերկ զորքին՝ կառավարությունը չտալով բավականաչափ թոշակ և ապրուստի հնարներ, փոխարենը շնորհել է նրանց ավելի իրավունքներ, ավելի արտոնությունք, քան հասարակ ժողովուրդը: Ի՞նչ իրավունքներ, ի՞նչ արտոնությունք. այսինքն, նոքա խլեին հասարակ ժողովրդի ապրանքը, կողոպտեին նոցա այգիների պտուղները, նոցա հունձքի արտերը և յուրյանց գլուխը պահեին, բոլոր այդպիսի հանգամանքներում կառավարությունը միշտ փափկությամբ է վարվում նոցա հետ: Եվ երբ բողոքում էին նոցա դեմ, դատավորքը սովորաբար պատասխանում են. «էհ, վնաս չունե, սարվազ է...»: Այդ պատճառով Պարսկաստանում, որ տեղից զորք է անց կենում, միշտ թողում է յուր հետքից ավերում և ամայություն:

Պարսկաստանի մեջ ավելի վատթար է քրիստոնյա ազգերի դրությունը: Նոքա, ըստ մեծի մասին բնակվելով գյուղորայքում, մշակում են կալվածատիրոջ հողը, խիստ փոքր վաստակ միայն շահելով յուրյանց տերերի ամբարները լցուցանելեն հետո: Բայց և այդ փոքրիկ վաստակը, նոցա արյունախառն քրտինքների վարձը՝ խիստ սակավ ձեռնտու է լինում նոցա ապրուստի համար։ Վասնզի շեիտյան մահմեդականների շառիաթը՝ միանգամայն պիղծ համարելով քրիստոնյայքը, արգելում է նոցա հետ ամենայն տեսակ հաղորդակցություն: Այդ պատճառով քրիստոնյայք չէին կարող վաճառել մահմեդականներին յուրյանց երկրագործության հում բերքերը և յուրյանց մշակությունների բոլոր թաց պտուղները: Եվ եթե պատահում էր մի այդպիսի բան, այն ևս գաղտնի և ամենայն զգուշությամբ, Երբ մի մահմեդական, մեղանչելով ընդդեմ յուր շառիաթին, և խաբվելով չափազանց աժանությունից, խիստ թեթև գնով՝ գնում էր քրիստոնյա վաճառողից նրա մշակությանց պտուղները:

Քաղաքաբնակ հայերի դրությունը ավելի լավ է, քան գյուղաբնակներին: Նոքա թեև չեն կարող վաճառել մահմեդականներին ուտելիքներ և ըմպելիքներ, բայց մանուֆակտուրայի և այլ տեսակ վաճառականությունք արգելված չեն նոցա համար: Բայց մենք չեմք կարող գովաբանել այն տեսակ առևտուրը մեր հայերի պարսից իշխանների հետ, որոնք ծանր տոկոսներով փող շահով տալով, բեռնավորում են նորանց պարտքերով, և այնուհետև սկսում են աղոթել նոցա բախտի հաջողության համար, որ նոքա տերությունից գործ-բան գտանեին, և նոցա պարտքը վճարեին: Այդպիսի վաճառականներից շատերը սնանկացած են, յուրյանց դավթարները թողնելով լիքը հարյուր հազարների ստանալյաց զրոներով:

Քաղաքաբնակ հայերից նոցա վիճակն էր միայն մի փոքր լավ, որք ունեին շատ ու քիչ կարողություն և պարապում էին վաճառականությամբ։ Բայց այն կարգի մարզիկը, որոց նյութական կարողությունը չէր ներում որևիցե վաճառականություն անելու, նոքա մնում էին զուրկ և խեղճ: Որովհետև, իսլամի մոլեռանդությունը այստեղ նույնպես զրկում է քրիստոնյաներին շատ գործերից, նորանց արգելած է ունենալ խանութներ մսավաճառի, մանրավաճառի (աթթարի), ալլաֆի, հացթուխի, մրգավաճառի և այլն: Այլև նոքա չէին կարող ունենալ և ղահվետունք, խոհանոցներ, հասարակաց բաղանիքներ: Մնում էր նրանց բանացնել մի քանի արհեստներ, որպիսիք են՝ հյուսնություն, ոսկերչություն, դարբնություն, դերձակություն: Բայց խիստ պախարակելի է հայերի այն սովորությունը, որ նոքա մեծ մասամբ քաղաքներում պարապվում էին գինեվաճառությամբ, և առավել պախարակելի է, որ մի այդպիսի վատթար վաճառականություն իսլամի երկրում գործադրվում էր կանանց ձեռքով...:

Միտք դնելով այդ հանգամանքներին, մեք չէիմք կարող մի քանի խրատներ չտալ մեր Պարսկաստանի հայրենակիցներին: Առաջին, գյուղաբնակները, որոնց կարողությունը ներում էր, թող տեղափոխվին քաղաքներում և սկսին որևիցե վաճառականություն: Այդ մասին տերությունից չկա ո՛չ մի արգելք: Պարսկաստանում հպատակները կարող են տեղափոխվել քաղաքից գյուղ, գյուղից քաղաք, ուր և նոցա համար ձեռնտու էր ապրել: Իսկ եթե նոքա կամեին գյուղերում բնակվել, աշխատեին յուրյանց վաստակների ավելորդով գնել սեփական հողեր (որոց համար արգելված չէր), և այդ հողերի վերա մշակել ո՛չ թե խաղողի և այլ ծառերի այգիներ, և կամ այնպիսի ցանքեր, որոց հում բերքերը պիղծ էին մահմեդականներին, աղ մշակել թթենիք, որո համար Պարսկաստանի կլիման, հողն ու ջուրը խիստ ձեռնտու են: Իսկ քաղաքաբնակ հայերին այս է մեր խրատը, նոքա առանց թանկագին ժամանակը կորուսանելու, թող շահին տերության նոցա բաշխած ազատությունը լուսավորության մասին: Նոքա թող լավ հասկանան, այստեղ տպագրության մամուլը դրված չէ ցենզուրի անտանելի իշխանության տակ, այդ պատճառով կարելի է հրատարակել ամենայն տեսակ ազատ հեղինակությունք։ Բացի դորանից դպրոցներու ուսմանց ընդլայնությունը սահմանափակված չէ խորամանկ քաղաքականության նեղ ու անձուկ կանոններով, այդ պատճառավ այստեղ կարելի է ունենալ ամենայն տեսակ դպրոցներ և կարելի է տալ նորանց ամենայն տեսակ ձևեր ու կերպարանքներ լուսավոր դարուս ընտիր գաղափարներին համաձայն: Իսկ վաճառականության մասին այս է մեր խրատը, պարսկահայք թող յուրյանց բոլոր ճարպիկությունը ու ճարտարությունը գործիք չշինեն եվրոպացի վաճառականների համար, հաշելով ու մաշելով նոցա Անգլիայից բերած ծանրագին ապրանքները: Թող ինքյանք աշխատին միաբանվել և կազմել հաստատուն ընկերությունք, և կապվին Եվրոպայի գլխավոր վաճառական տների հետ, այնուհետև շուտով կտեսնեին ասիական վաճառականության հանդիսի մեջ ինքյանք կին գլխավոր վաստակարարքը:

Մեր խոսքը կարճելով մեր սիրելի հայրենակիցների հետ, դառնում եմք դեպ Պարսկաստանի բարձրագույն կառավարությունը, և որպես նորա հավատարիմ հպատակ, առաջարկում եմք նորան մեր խնդիրը:

Ժամանակ էր արդեն Պարսկաստանի օգոստոսափառ շահին բարեկարգել և վերանորոգել յուր տերությունը լուսավոր դարուս օրինավոր քաղաքակրթության համաձայն: Եվ այս դրական կետին հասանելու համար՝ ամենեն հառաջ պետք է հասկանա արեգակնափայլ շահը, որ տերություն, թագավորություն կոչված բանը չէ՛ ժողովրդի մի բազմություն ճնշված և կաշկանդված բռնության շղթաներով՝ մի տիրանի երկաթյա գավազանի տակ, որոց կառավարում էր ո՛չ թե արդար և ազատ օրենքը, այլ բռնակալի թուրը ու նորա սարսափը: Բայց տերություն կամ թագավորություն մեք հասկանում եմք մի հասարակություն՝ սրտով, մտքով ու հոգվով կապված միմյանց հետ, որք իբրև մի մարմին կազմում էին մի ամբողջություն միավորված մի գլխի հետ, որուն ասում եմք թագավոր: Այդ հոգևոր և մարմնավոր, այլ խոսքով՝ այդ ֆիզիկական և բարոյական կազմակերպության մեջ՝ յուրաքանչյուր անդամ կամ յուրաքանչյուր անհատ ունի հավասար իրավունք, նոցա ոչ մինը չէ ազատ և մյուսն ստրուկ, ո՛չ ծառա և ո՛չ տեր, ո՛չ պիղծ և ո՛չ մաքուր, այլ բոլորը մի են և հավասար բաժին ունին յուրյանց տերության հողից ու այլ բարեմասնություններից, որ աստված ստեղծել է նոցա համար:

Մի այդպիսի տերություն կառավարելու համար նվիրական կամ սրբազան օրենքները թեև դոքա տված լինեին որևիցե մարգարեի ձեռքով, եթե համաձայն չէին նոքա ժամանակի, երկրի ու կլիմայի հետ, և ազգերի բնավորության հետ, եթե չէին բավականացնում նոքա՝ առանց խտրություն դնելու կրոնքի ու ազգության մարդկության պիտույքները և նոցա իրավունքը- ոչինչ նշանակություն չունին:

Օրենքները, թեև երկնքից իջած, չէ պիտո տանել մինչև դարերի վերջը: Վասնզի ժամանակները փոխվում են, և մարդկության կյանքը ու բնավորությունը նոցա հետ ստանում են զանազան կերպարանքներ, ուրեմն և մարդկությունը կառավարող օրենքը պիտի լծորդաբար փոփոխվի նորա հետ:

Ամեն մի տերությունք, որոց մեջ գլխավոր տեղը բռնել են հոգևորականք, ամենևին հառաջ չեն գնում: Հին Չինաստանը և Խավար Հնդկաստանը մեզ օրինակներ են. բրահմանականությունը և այլն մեր խոսքերի ապացույցներ են: Բայց Պարսկաստանը ոչ միայն յուր կառավարության սանձը տվել է մոլլաների ձեռքում, այլև նա ունի յուր սեիդները: Շատ և շատ անգամ անտանելի նեղությանը մեջ չարչարված քրիստոնյաների լացը և բողոքը հասել են բարձրագույն կառավարությանը: Բողոքներ՝ շառիաթից, բողոքներ՝ կալվածատերերից, բողոքներ՝ տերության պաշտոնակալներից, բողոքներ՝ թուրքերի, պարսիկների հլածանքներից: Բայց արեգակնափայլ շահը միշտ յուր ողորմած ուշադրությունը դարձուցել է յուր քրիստոնյա հպատակների խնդիրները լսելու, ամեն մի հայաբնակ գավառներում կարգելով մի առանձին հաքիմ քրիստոնեից վերա հսկելու, և նորանց այլևայլ նեղություններից պահպանելու համար:

Ահա տասներորդ տարին լրանում է, որ մի այդպիսի տնօրինություն արել է վսեմափայլ շահը: Բայց մինչև այսօր, այդ առանձին հաքիմները, որք կոչվում են սարփարաստ, ոչ միայն կարողացել են հեռացնել քրիստոնյաներից նոցա այլևայլ նեղությունները, այլ ինքյանք մի ավելորդ ծանրությունք են եղած նոցա այնքան անտանելի բեռան վերա: Այդ իրողությանց մեջ օգոստոսափառ շահը մեղ չունի, միայն նորին վեհափառության բարձրագույն ֆերմանները, Թեհրանից դուրս գալեն հետո՝ կորուսանում են յուրյանը նշանակությունը: Պարսկաստանի անկարգ կառավարության պղտորության մեջ անիրավ պաշտոնակալները զբաղված են միայն յուրյանց օգուտը որսալու, ո՛չ թե բարձրագույն ֆերմանների հրամանները կատարելու, և մեջտեղից վերացած լինելով արդարությունը և իրավունքը՝ միշտ զորեղը ճնշում է անզորին։

Ողորմած շահը հասկանալով, որ յուր սարփարաստները նույնպես ո՛չինչ օգնություն չարեցին քրիստոնյաներին, այս տարի մտածել է բոլոր քրիստոնեից և հրեից (որ ավելի նեղության մեջ են) վարչությունը միանգամայն որոշել մահմեդականներից, թե՛ նոցա հարկը և թե՛ նոցա դատաստանական գործերը հանձնել մի իշխանի, որ նոցա համար միայն կարգված էր, և այդ իշխանի գործակալները ամեն տեղ կառավարեին նորանց:

Բայց այդպիսյավ դարձյալ թե՛ քրիստոնյայք և թե՛ հրեայք չեն լինելու հանգիստ, քանի այդ դատավորները ընտրվում էին մահմեդական ազգերից, քանի իսպառ չէին վերջացած այն դժգոհությունքը, որ նոքա ունեին իսլամի շառիաթից և հողից:

Հայերին Պարսկաստանում պետք է խնդրել սահմանադրություն: Բայց ի՛նչ ծիծաղելի ցանկություն է այդ: Մի մասնավոր կարգավորություն անսահման անկարգությանը մեջ կորուսանում է յուր նշանակությունը: Ո՞ւր մնաց պարսկահայք յուրյանը այժմյան անկրթության մեջ կարո՞ղ էին կանոնավոր կերպով հառաջ տանել սահմանադրական վարչություն: Մինչ Պոլսո հայերը յուրյանը բոլոր քաղաքակրթությամբ կաղկաղալով քալեցնում են սահմանադրությունը, պարսկահայոց համար դեռ վաղ է խնդրել սահմանադրություն: Նոցա համար պետք է մահմեդական սարփարաստների փոխանակ ունենալ քրիստոնյա սարփարաստներ Եվրոպայի մարդերից, որոց ընտրությունը չլիներ Թեհրանում Եվրոպիո գլխավոր դեսպանատանց խորհրդով և դեսպանատունքը երաշխավոր լինեին հարկավորած միջոցներում՝ պաշտպանել յուրյանց ընտրած սարփարաստները: Բացի դորանից, քրիստոնեից և հրեից կառավարության գործերը, ո՜չ մի կերպով խառնված չլինեին մահմեդականների հետ:

Մեք հույս ունիմք, որ վսեմափայլ և բարձրագույն Նասրադդին շահի օրով Պարսկաստանը կթափե յուր միջից հին անկարգությունքը. նա կփոխե յուր ասիական վայրենի կերպարանքը, և հետևելով լուսավոր դարուս լուսավոր գաղափարներին, ազատությունը լուսավորության հետ ներս կբերե յուր մեջ: Ես հույս ունիմ, որ Պարսկաստանի պատմագրության մեջ ոսկի տառերով պիտի գրվի մեծ և փառավոր անունս Նասրադին, որպես ասիական քաղաքակրթության մի նոր դարագլխի սկզբնավորիչը: Թող այդ փայլուն պարծանքը նա տանե յուր հետ մինչև դարերի վերջը: Բայց եթե նա կ՚անցուցաներ յուր ժամանակը յուր նախորդների պես, թող գիտցած լինի, որ ժամանակը կ՚կարգադրե յուր պիտույքները և Պարսկաստանը կվերանորոգվի ինքնուրույն՝ առանց նայելու որևիցե տիրապետողի կամքին: Արդեն Պարսկաստանի արշալույսը սկսել է շառագունել, և արևի ծագումը արդեն գուշակվում է... այնուհետև կհալածվին սև թուխպերը մթին խավարի հետ և ամենայն շան կ՚երթա յուր կարգին...:

Արդեն զանազան կրոնական հերձվածներ պատառել են այն թանձր վարագույրը, որ ղորանը ձգել էր իսլամի դենի վերա: Շեյխ Ահմադ Բահրենին յուր նոր վարդապետությամբ համարյա կես կիսեց շեիտյան մահմեդականքը. նորան հետևողքը կոչվում են շեյխիք, իսկ հիները՝ մութաշառռիք: Շեյխիք՝ ընդդեմ մութաշառռիների են որպես ազատ պրոտեստանտականություն ընդդեմ կաթոլիկության:

Մի քանի նոր փիլիսոփայությունք, թեև իբրև ամեն մի նոր իրողություն՝ անկարգ և անկատար, բայց մեծ շարժառիթ են լինում ներս բերելու Պարսկաստանի մեջ ազատությունը: Դահրիքը, այդ անաստված նյութականները՝ հավատալով թե մարդոց կյանքը խոտի նման սկսում է և վերջանում է այս աշխարհում, աշխատում են ազատել մարդկությունը ամենայն նեղություններից, և այնպես բարեկարգել մարդոց վիճակը, որ նորա անցանող կյանքը դյուրին լիներ և երջանիկ:

Ուրֆայքը, հերքելով ամենայն տեսակ հեղինակությունք, խելացի տրամաբանությամբ ներս են բերել առողջ մտածությունը, որ աշխատում էր տնօրինել մարդկության բարին: Բաբիքը բոլորովին ջարդուփշուր են անում ղորանի վարդապետությունքը, ինքյանք հավատալով դեռևս շատերին անհայտ մի ճշմարտության, նոքա և ընդդեմ են որևիցե միապետական իշխանության: Զանգյանի արյունահեղ կոտորածը, և ամենայն տարի այնքան զոհերի սոսկալի մահերը, ոչ միայն կարողացան սրբել Պարսկաստանը բարիներից, այլ առավել զորացուցին նոցա աճելությունը: Միրզա Մելքում խան Սարթեփը՝ այն գիտնական հայ տղամարդը՝ Փարիզից Պարսկաստան բերեց ֆրամասոնականության սերմերը: Թեհրանում նա ստացավ շահից առանձին տուն, ուր սկսեց յուր դասախոսությունքը և փոքր միջոցում գտավ յուրյան բազմաթիվ հետևողներ: Մոլլաները սարսափելով նկատեցին այդ կորստաբեր ուսմունքը, որ մի ահագին վիշապի նման, բերանը բաց արած, կամեր կլաներ, ուտել և մաշել իսլամականությունը: Շահը ստիպված մոլլաների խնդիրներից, ակամա կերպով արտասահման ուղարկեց Սարթեփին, չկտրելով նորա ռոճիկը: Ֆրամասոնականության աշակերտները կոչվում են ահլի-ֆարամուշխանայք: Քրիստոնեությունը, Միզանուլ Հագգի, Թարիվուլ Հայաթի և Ընկլիսների ձեռքով այլ պարսկերեն տպված գրքերի շնորհիվ, թեև խիստ ծածուկ կերպով, ձգել էր յուր լույսը շատ սրտերի մեջ: Եվ Քրիստոսի վարդապետության խաղաղասեր բարոյականությունը, գտանելով յուր զգալի համակրությունը մարդկության բարեկամ դարվիշների մեջ՝ արել է նորանց անկեղծ թարգման աստուծո ճշմարիտ բանին:

Այժմ, Եվրոպիուց դարձել են այն լուսավորյալ երիտասարդքը, ուր շահը ուղարկել էր նորանց ուսում առնելու, արհեստ և գիտությունք ձեռք բերելու: Պարսից հետաքրքիր և նորասեր բնավորությունը առիթ է տվել նոցա ընդունակությանը՝ Եվրոպիուց բերել Ասիա այն ազատ գաղափարները, որ բաժան-բաժան են արած լուսավոր աշխարհի բոլոր հասարակությունքը: Եվ Վոլթերի, Բուխների, Ֆեյերբախի, Ռուսսոյի. Լուի-Բլանի, Պրուդոնի, Կաբեի և լուսավոր դարուս այլ մեծամեծ մտածողների փիլիսոփայությունքը լսելի են լինում պարսկական բարբառում: Ահա այսպիսի կայծեր են ընկած իսլամի կազմվածքի մեջ, կայծեր, որք մի ազատ քամու էին կարոտ, որ հանկարծ բռնկին և հրդեհեն բոլոր իսլամականությունը, և այրելով, մաշելով զտեն, մաքրեն ու սրբեն նորան ամենայն պղտորությունից...:

Մեր վիպասանության երկրորդ հատորում ավելի երկար նկարագրությունք լինելով Պարսկաստանի կյանքից, առայժմ այդքանով միայն բավականացնում եմք մեր ընթերցողը, ավելի ձանձրություն չտալով նորա բարի ուշադրությանը: Դառնամք դեպ մեր խոսքը:

Մեք չկամենալով մեր հայրենակիցք Պարսկաստանում մնային ուրյանց գերեզմանական անհայտության մեջ, և աշխատելով մեր արտաքին ազգայիններին, շատ ու քիչ ծանոթություն տալ նոցա մեռելային վիճակից, մեր Թիֆլիսում աշակերտության ժամանակից (1855 թվականում) սկսած էինք պատրաստել մի վիպասանական գրվածք, որ պատկերացնում էր պարսկահայոց կյանքը յուր բոլոր ավերված և այլանդակված կերպարանքներով: Եվ այդ հեղինակությունը մի փոքր ախորժելի կացուցանելու համար ծույլ և անգրասեր հասարակությանը, հորինեցիմք նորան ռոմանի ձևով, անուն տալով նորան «Սալբի»:

«Սալբին» մեր նույն ժամանակի գրականության հոգվույն համաձայն գրված էր գրաբար լեզվով, բայց երբ 1858 թվականին երևեցավ պատվական «Հյուսիսափայլ»-ը՝ տալով մեր լիտերատուրային մի նոր հոգի, մի նոր կերպարանք, այն ժամանակ և մեք զգացիմք մեր սխալը, մեր վեպի հին լեզուն դեպի նորը փոխելով:

Ռոմանները ազգերի գրականության մեջ կատարում են ամենակարևոր պաշտոն, ռոմանները՝ որպես ազգերի բարոյական և իմացական կյանքի պատմագրությունք, ավանդում են նոցա բարք ու վարքի, նոցա սովորությունների կենդանի պատկերքը գալոց սերնդին: Ռոմանները են այն կախարդական հայելիքը, որոց մեջ ազգերը՝ տեսանելով յուրյանը կյանքի տգեղ և ավերված պատկերքը, յուրյանց մոլությունների ամոթալի նկարագիրքը, ուսանում են շինել և բարեկարգել յուրյանց դրությունը:

Արևելցիք յուրյանց գերբնական գաղափարներով վառված երևակայությամբ՝ վաղուց սովոր են հորինել վիպասանական հեքիաթներ, և արևելցին ընդունակ է այդ առասպելական վեպերու միջից քաղել բարոյական խրատների ծաղիկները: Բայց դժբախտաբար հայերի մեջ գրականությունը՝ ըստ մեծի մասին զբաղած լինելով եկեղեցական մատենագրությամբ, այն ևս՝ հին և մեռած լեզվով, մինչև այսօր զուրկ է կացուցել յուր ընթերցողքը հեղինակության այդ փափուկ և քնքուշ մսանից, մինչև այսօր խիստ սակավ է տվել ընթերցող հասարակությանդ մի գիրք, որ մոտ լիներ նոցա սրտերին և հասկացողության, մի գիրք, որո մեջ հայ մարդը նշմարեր յուր անձը և յուր կյանքը իսկությամբ: Եվ եթե կային մի քանի հատուկտոր վիպասանական գրքեր, բայց հայ ընթերցողը յուր աբեղայական կրթությամբ միշտ զզվանոք նայում էր նոցա վերա, պատճառ, նոցա մեջ չկային սրբոց աղոթքներ և նոքա չէին պատմում առասպելական հրաշքները յուրյանց սուրբ հարց:

Բայց ֆանտազիան բնական է մարդուն, և մարդկային միտքը միշտ վսեմությամբ երևակայում է գերբնական և աներևույթ իրողությանց վերա:

Այդ պատճառավ սնոտիապաշտությունը կամ սնահավատությունը մինչև լուսավորության և մարդկային խելքի կատարելագործության ամենավերին աստիճանները՝ կենակից են մեզ հետ: Դորա համար մեք միշտ սիրում եմք լսել առասպելներ կամ հեքիաթներ: Եվ այդ հեքիաթները կամ վիպասանությունքը առավել քաղցր էին մեզ, երբ առնված էին մեր կյանքից:

Անմահ Աբովյանի «Վերք Հայաստանին» ապացույց է մեր խոսքերին, ամեն մի հայ մարդ, որքան անզգա լիներ նաև սառնասիրտ, դարձյալ սիրում է այդ հրաշալի գիրքը: Այդ գիրքը թորում է ամեն մի հայի աչքերից արտասուք, երբեմն շարժում է նոցա ծիծաղը, իսկ շատ անգամ ուռեցնում է նոցա կուրծքերը մի վսեմ ազգասիրական ոգևորությամբ: Ինչո՞ւ: Որովհետև ազգի հոգին խոսում է այդ գրքի խորքից ու ընթերցողը ճանաչում էր նորա թույլ, կիսամեռ ձայնը...:

Միտ դնելով այդ հանգամանքներին, մեք ավելի իրավունք չունենք բողոքել հայերի անընթերցասիրության համար, վասնզի մեզանում խիստ սակավ էին այն գրքերը, որք կարողանային սնունդ տալ նոցա սրտերին և գրավել նոցա միտքերը: Մեր հին մատենագրությունքը յուրյանց գրաբար լեզվավ անհասկանալի են շատերին, մի քանի նոր թարգմանությունք, թեև աշխարհիկ լեզվավ, դարձյալ չեն կարող հագեցնել նոցա հարցասիրությունը, որովհետև նոցանից շատերը՝ կամ դպրոցական գրքեր լինելով, վեր են հասարակ ժողովուրդի հասկացողությունից, և կամ մի քանի վիպասանականքը, ուրիշ ազգերի կյանքից առնվածներ լինելով, խորթ են: Այստեղ ճշմարտվում է հայերի սովորական առածը, թե՝ «ուրիշի տան հացը փոր չէ կշտացնում»:

Եվ զարմանք չէ, որ մեք խիստ սակավ ունիմք ազգային վիպասանական գրվածքներ, վասնզի մեր ուսումնականքը դժբախտաբար ավելի ընդունակ են թարգմանելու, քան թե ինքյանք մի բան գրելու: Այլս, մի քանի գրողներ, բնակվելով Եվրոպիո այլևայլ քաղաքներում, նոցա համար անբնական էր մի բան գրել յուրյանց ազգի վերա, որովհետև նոքա խիստ սակավ ծանոթ են յուրյանց ազգի կյանքին: Հայությունը կարելի է ճանաչել Հայաստանի սրտում, աղքատիկ խրճիթների մեջ, ուր նա մնացել է յուր մաքուր նահապետական բարք ու վարքով, ուր նա կրում է յուր վերա դժբախտության սև կնիքը:

«Սալբի»-ի մեջ ընթերցողը կարդալու է շատ փոքր բանաստեղծությունք, վիպասանական նյութերը ըստ մեծի մասին առնված են պատահական անցքերից:

«Սալբի»-ի հեղինակը օտար չէ Պարսկաստանին, նա ծնվել ու սնվել է մի պարսկական գյուղի մեջ. նա յուր մանկությունից միշտ զգացել է տիրող տերության բռնակալությանց դառն ներգործությունը, նա աչք է բացել և յուր չորս կողմում տեսել է յուր հաղթահարված և գերի եղած ազգայինների չարչարանքները, նորա ականջները միշտ լսել են նոցա արտասուքը և լացը:

«Սալբի»-ի տպագրությամբ ի լույս հանելու մեր նպատակը՝ հեղինակի փառք վայելելը չէր. մեք վաղուց հասկանալով թե խիստ հեռու էիմք այդ սրբազան կոչումից, արդեն թողնելով մեր սիրելի պառնասը և մուզաների դաշտը, դիմել էիմք դեպի վաճառականություն: Եվ մտածելով թե քանի նեղ շրջանակի մեջ փակված է գրատպության ազատությունը մեր ազգի համար, և նախագուշակելով, թե քանի հալածանքներ հարուցանելու էր այդ գիրքը յուր հորինողին դեմ, ամենևին միտք չունեիմք մեր գրվածքը մամուլին հանձնելով, մեզ համար մի առանձին գործ շինել անվերջ և տաղտկալի վիճաբանությունքը այլևայլ նեղսիրտ կրիտիկոսների հետ: Բայց չկարողանալով չընդունել մի քանի բարեկամներիս խնդիրքը՝ հակամայից հոժարվեցա ի լույս հանել վեպի առաջին հատորը, սպասելով, եթե լավ ընդունելություն կգտաներ դա մեր ազգի բարեմիտներեն, այնուհետև կարելի էր ի լույս ընծայել նրա երկրորդ ու երրորդ հատորները, որք արդեն պատրաստ են:

Թեպետ «Սալբի»-ի հեղինակը մինչև այժմ չէ կամեցել երևալ գրական ասպարեզի մեջ, բայց մտածելով, որ հայ ազգը ապագա ունի, և մի ապագա լի փայլուն հույսերով, այդ պատճառավ ավելորդ չհամարեց նա յուր արդեն տասն տարի առաջ պատրաստած յուր հայրենակիցների կյանքի նկարագրությունքը, մամուլին հանձնելով, թողնել գալոց սերնդին:

Կրկնում եմք, հայ ազգը մի բախտավոր ապագա ունի:

Արդարև, նորա անցյալն անցավ արտասուքով, լացով և արյունով, նորա ներկան դարձյալ ցավալի է, բայց նորա ապագայի մասին բոլորովին անհույս չեմք:

Ժամանակների մեծամեծ կոտորածներն կերան, մաշեցին ամբողջ ազգեր: Եվ կրոնքներն շատ անգամ պատճառ դարձան, որ մի ազգ կուլ գնաց մյուսի մեջ:

Հայաստանի աշխարհագրական դրությունը պատճառ եղավ այնքան շատ հայերի կորստյան, որովհետև այդ երկրի վրայով անցան դեպ արևմուտք դիմող Ասիայի բոլոր արյուն թափողներն և այդ երկրիե հասուցին յուրյանց կատաղի բարբարոսության առաջին զարկը:

Բայց հայ ազգը յուր դառն կյանքի ընթացքում կատարեց այն թեև արյունոտ, բայց փառավոր հաղթությունը, այսինքն, դիմանալով բարբարոսների այնքան կորստաբեր հարվածքներին, նա ազատեց թշնամու սրից մոտ չորս ու կես միլիոն հայեր, և հասցրուց մինչև տասնևիններորդ դարուս վերջին կիսաբաժինը.- մինչև ժամանակի այդ ոսկեղեն միջնասահմանը, որ այսուհետև ազգերին մահ չկա, որ այսուհետև ազգերի ամբողջության ապահովությունը դրված է կատարյալ ազատության մեջ: Նորա համար, որ ազգայնության գաղափարը այս դարուս մեջ դուրս փայլեցավ յուր մթին և խառնակ դրությունից և կատարելագործվելով խելացի քաղաքագետների մտածողությամբ՝ ձև ու կերպարանք ստացավ:

Մեզ թվում է, թե անցել էին այն ժամանակները, երբ ազգերի մեծամեծ ավազակապետները՝ յուրյանց բարբարոս խումբերով, աշխարհի մի ծայրից մինչև մյուսն արշավում էին: Մեզ թվում է, թե մոտ է այն բարեբախտ ժամանակը, երբ ազգայնության խնդիրը կընդունե յուր վճռական լուծումը, և ազատությունը, արդար օրենքը ու իրավունքը, որ կրոնքները չկարողացան աշխարհ բերել, պիտի ներս մտնեն մարդկային կյանքի մեջ քաղաքակրթության ու լուսավորության ձեռքով: Ահա այդ է մարդկության բարեկամների ցանկացած ոսկեղեն դարը, Երբ բռնաբարությունը կվերջանա, գերի եղած ազգերը ազատություն կգտնեն ու նոցա կորուսած ժառանգությունքը յուրյանց կդառնան, և այնուհետև ո՜չ մի ազգ չի համարձակվի ավերելու մյուսի հողի սահմանները:

Այդ ե՞րբ... գուշակություն ես անում... հարցնում են ինձանից:

Արդարև, ես մարգարե չեմ, բայց այսքանը գիտեմ, հայերին մի փառավոր ապագա է սպասում, և հայերը մի այնպիսի ժամանակի հասուցել են յուրյանց, որ այնուհետև նոցա ազգությանը մահ չկա:

Ե՜ղբայր, խոսքս կտրում է իմ առողջամիտ խոսակիցը, արդարև, լուսավոր կոչված ազգերի այժմյան քաղաքականությունը այդ մեծ պոռնիկը յուր կեղծավոր և անուշ լեզվով, յուր դիմակավոր դեմքի սնգուրած փայլողությամբ հրապուրում է քո սերը, բայց հավատացնում եմ քեզ բարեկամ, որ նորա այն քաղցրախոս շրթունքների մեջ թաքուցած է մահաբեր թույնը: Զի թեպետ, անցած, գնացած դարերում, մարդկության առաջին թշնամիքը՝ սրերով ու թրերով էին սպանում ազգությունքը և բռնությամբ էին կողոպտում նոցա գույքը, բայց այժմ խորամանկ քաղաքականությամբ ծծում են յուրյանց զոհերի արյունը, և կողոպտում են նոցա ապրանքը: Եվ այդ մեծամեծ վամպիրները, մինչև այն աստիճան ծանրացուցել են խղճալի զոհերի քունը, մինչ նոքա ամենևին չեն զգում, թե սպառվում էր յուրյանց կյանքը...: Այո՜, կրոնքները տալիս են քեզ մի հույս, թե կգա մի ժամանակ, երբ եսականությունը կվերանա, բոլոր ազգերը և բոլոր լեզուները կմիանան «մի հոտի մի հովիվ կլինի», ասում է Ավետարանը. «Մուսավաթ» այսինքն հավասարություն կլինի, ասում են մահմեդականք: Բոլոր աշխարհը մի տուն կդառնա, և բոլոր ազգերը մի տան գերդաստան: Նոքա միասին կգործեն, միասին կվաստակեն և միասին կուտեն: Եվ ոչ ոք այն ժամանակ ասելու չէ այս ինչ բանը իմս է, այլ ամենայն ինչ հասարակաց կլինի: Պարոն, շարունակում է իմ խոսակիցը, ես չեմ ուզում ասել, թե այդ գուշակությունք սուտ են, բայց հավատացնում եմ քեզ, որ մի այդպիսի ժամանակ անթվելի տարիներով հեռու էր մեզանից: Քրիստոսը՝ այն սիրո և խաղաղության բարեկամը, առաջին... փորձն փորձեց ընդհանուր մարդկությանը հավասարելու և միացնելու համար: Բայց առաջին քրիստոնյայքը մի քանի տարի միայն ունեցան յուրյանց մեջ «ամենայն ինչ հասարակաց», շուտով չարության դևը բաժանեց նորանց միմյանցից: Քրիստոսից շատ առաջ՝ Սատուռնոսը երկնքից աշխարհ բերեց ոսկեղեն դարը, բայց իտալացիք երկար չվայելեցին նորա բանաստեղծական քաղցրությունքը: Եվ այդպես, բարեկամ, ո՛չ միայն տակավին եսականությունը սեփական է ազգերին, այլև բռնաբարությունը նոցա մեկ նպատակն է: Նոցանից ամեն մինը ցանկանում է ընդլայնել յուր երկրի սահմանները, բախտավորել յուրյան՝ աշխարհի բոլոր բարիքներով, և մինչև Երկինք հասուցանել յուր դրոշի փառքը: Նոքա ուրախանում են յուրյանց ավազակությամբ, մխիթարվում են, երբ շատ սպանել էին, երբ շատ արյուն էին թափել, նոքա պարծենում են, երբ գերի էին արել յուրյանց նման մարդիկ: Եվ բավական չէ, որ նոքա յուրյանց սրտի կրակը յուրյանց եղբայրների արյունով մարում, զովացնում են, բայց ընդհանուր աշխարհին յուրյանց չար հաղթությանց պարծանքը հայտնելեն հետո, յուրյանց չարագործությունքը առանց ամաչեյու արձանագրում են պատմությանց մեջ, և թողնում են գալոց սերնդին: Ժամանակակից կեղծավոր գրականությունը բոլորում է այդ գրքերի վերա ծաղկից պսակներ և անուշահոտ խնկեր է ծխում: Բայց գնացող և եկող ժամանակները կթառամեցնեն այդ անիրավության ծաղիկները, և հաղթահարված ազգերի սերունդները երկաթյա գավազանով կդատեն այդ չարությանց գրվածքը, և ընդհանուր մարդասիրության հոգին մինչև հավիտյան կանիծե և կնզովե նոցա եղեռնագործ հերոսները:

Ես բոլորովին համաձայն եմ իմ առողջամիտ խոսակցի հետ, արդարև, աշխարհի մեծամեծ արյուն թափողների պարծանքը դահիճի պարծանք է և մեծամեծ աշխարհակալների փառքը՝ մեծ ավազակների փառք:

Բայց մինչ բոլոր ազգերը յուրյանց փորի համար են գործում և յուրյանց փառքի համար միայն մտածում, ապա հայե՞րը պիտի անտարբեր մնան յուրյանց վիճակի մեջ:

Բայց դժբախտաբար երկու բան միշտ արգելք են եղած և պիտի լինին հայերի հառաջադիմությանը, մինը՝ նոցա ցրված դրությունը զանազան դրոշների տակ, մյուսը՝ նոցա կրոնական բաժանմունքները զանազան եկեղեցիներում: Բայց կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող էր միավորել հայերը հոգվով, մտքով և սրտով. այն է ազգային սերը: Հայերի զանազան երկրներում ցրված լինելու մասին առայժմ խոսք չունիմ (այդ կթողնեմք ժամանակի կամքին): Բայց մեծ հիմարություն է, երբ կրոնական կամ դավանաբանական զանազանության պատճառավ, մի ազգի մեջ մի եղբայր բաժանվում է մյուսից, որովհետև, կրոնքը կամ կրոնական գաղափարը, գոլով վերացական և գերբնական մտածողության առարկա, նորա ըմբռնումը ամեն մարդ կարող է երևակայել, յուր զգացողության և յուր հասկացողության համաձայն: Այս է պատճառն, որ ասում եմք, կրոնի մեջ մարդ ազատ է:

Բայց ազգայնության գաղափարը մեր կյանքի գաղափարն է, նա տնօրինում է և բարվոքում է մեր բարոյական և նյութական դրությունը, նա արտադրում է մեզ մեր մարդկայնության իրավունքները: Ինչ մարդ որ չէ ճանաչում և չէ սիրում յուր ազգայնությունը, նա վերջանում է մարդ լինելուց:

Մեր կրոնական խնդրի մասին մի փոքր պարզաբար խոստովանությունը դարձյալ պիտի գրգիռ տա չար ախտերի, բայց մեք հնամոլ մոլեռանդների հետ գործ չունիմք, մեր խոսքը մեր ազգի բարեմիտների հետ է:

Կրոնափոխություն քարոզելը խիստ հեռու է վեպի հեղինակից, նա շատ լավ գիտե, որ հայերը կրոնական ազգ են, այսինքն նոքա չունելով որևիցե քաղաքական պատսպարան, և յուրյանց կյանքի խորհուրդն միշտ համարելով յուրյանց կրոնքի պահպանության միմիայն նպատակը, մի այդպիսի մտքով կարողացել են պահպանել յուրյանց ազգի ամբողջությունը և ազատել նորան կլանող ժամանակի բերանից:

Be the first who will comment on this

Other parts of "Սալբի"

Yatuk Music
Song of the Aisors
George Gurdjieff

Song of the Aisors