Raffi

Սալբի

16

Բայց մահտեսի Ավետիսը, խանի ոտքերն ընկնելով, նրա սոլերը համբուրելով, լալով ասաց. ողորմած խան բաշխիր ծերունի հորը, մի սպանիր իմ որդիս, աստված չի ընդունիլ այդ, դուք խոստացաք բաշխել նրա հանցանքը, դրա համար ես զինաթափ արեցի նրան... այդ մի տղամարդություն չէ հարձակվիլ անզեն մարդի վրա, ողորմիր իմ ալիքներիս, այժմ անձնատուր է իմ որդին, արժան չէ այլևս սպանել նրան... նա դեռ մանուկ է, նրա խելքը հասուն չէ, խղճա ողորմելի հորը, քո ծառային, մի սպանիր իմ որդին։

Դա մանուկ է, այո, խոսեց խանը գլուխը շարժելով․ դա օձի ձագ է, երբ մեծանա, վիշապ կդառնա... սպանեք, ասում եմ, հրամայեց ֆերրաշներին։

Հանկարծ բոլոր բազմությանը տիրեց զարհուրելի սարսափ, յոթն հսկայաձև տղամարդիկ, կայծակի արագությամբ, մերկացուցած թրերը ձեռքերում, հարձակվեցան ֆերըաշների վրա։

Թող տվեք դրան, գոռաց ամպի որոտի ձայնով նրանցից մինը, թող տվեք, ասում եմ ձեզ, եթե ոչ, բոլորիդ կմորթեմ այս րոպեիս, դրանց մինն էր պարոն Խոսրով Մելիքզադեն։

Ֆերրաշները զարհուրեցան երկյուղից, տեսնելով Ապպասլութին և նրա ավազակ ընկերները, որոնց քաջությունը և արյունախում բնավորությունը բոլորին հայտնի էր։ Խանը, որ բնությամբ մի վախկոտ մարդ էր, ավելի երկյուղ կրեց՝ մտածելով, թե ոչ միայն ինքն կամ յուր ծառաներն կարող չէին ընդդիմություն գործել նրան, այլև, այն վտանգավոր սրիկան, սպանելով բոլորին, մի գիշեր կկտրեր և յուր որդիների գլուխները։ Այդ պատճառով նա, ընդունելով ավելի հանդարտ կերպարանք, խոսեց Ապպաս, դու գիտես, ես սիրում եմ քեզ իմ որդիներից առավել, բայց մտածիր, այդ նզովյալը որքան վշտացրել է ինձ։ Նա վիրավորել է իմ ծառաներից երեքին, որ անտարակույս կմեռնին, իրավունք չէ, մի այդպիսի հանցավորը անպատիժ մնա։ Որովհետև ես իմ կյանքում մի այդպիսի նախատինք կրած չեմ ոչ ոքից, ուր մնաց, մի պիղծ հայից, որ իմ հպատակս է, որ պատկանում է ինձ յուր կյանքով և արյունով։

Արդար է ձեր հրամայածը, խան, բայց այդ մեծահոգի տղամարդը մի օր պարգևել է իմ կյանքը, և ես պարտավոր եմ անել նրան միևնույնը, պատասխանեց սրիկան, պարոն Ռուստամի թևքերի կապանքներն արձակելով, առանց սպասելու խանի վճռին:

Մելիք Ավազակյանցը մեռնում էր ագահությունից, տեսնելով յուր ավազակները բռնել էին յուր թշնամու կողմը։

Խանր, մտածելով, որ այդ գործը կընդունե ավելի վատթար ուղղություն, հրամայեց բաց թողուլ կալանավորը։

Ես և իմ ընկերները շնորհակալ եղանք ձեզանից, ասաց սրիկան, և նրանք դուրս եկան Ավազակյանց բակից, իրանց հետ տանելով պարոն Ռուստամը։

Գյուղացիները նույնպես գլուխ տալով խանին, հեռացան մինչև մնացին մելիքը և խանը երկուքը միասին։

Ի՞նչ պետք է արած, մելիք, ես չեմ կարող տանել այդ անարգությունը, ասաց խանը, ես կմեռնիմ իմ սրտի կսկծից:

Ես ինքս մնացել եմ շվարած, պատասխանեց մելիքը հուսահատությամբ,- տեսա՞ր նրա գործը, տեսա՞ր նրա ընկերները:

Ի՞նչ պետք է արած, դարձյալ կրկնեց խանը տհաճությամբ։

Դուք այժմ շատ վրդովված եք, խան, մի փոքր հանգստացեք, այնուհետև կխոսենք, թե ինչ պետք է արած։

Խանը յուր ծառաների հետ վեր կացավ և գնացին ամրոցը, որ քառորդ ժամու ճանապարհով հեռու էր Ծաղկավանից։

Բայց նախանձը և տհաճությունը ուտում էր, մաշում էր մելիք Պիլատոսի լերդն ու սիրտը, որ նույն րոպեին գտնվում էր զարհուրելի ալեկոծության մեջ։ Նա կարմրելով հիշում էր այն անցքը, որ Ռուստամի նման աղքատ տղամարդը (նրա կարծիքով հարուստները միայն պիտի ունենային ձայն և կշիռ) յուր քաջությամբ արհամարհեց, որպես խանի բռնակալությունը, նույնպես և յուր բոլոր ջանքերը օրիորդ Սալբին կորուսանելու։ Նա մեռնում էր յուր բարկությունից, որ չկարողացավ յուր չարագործությունը կատարել։

Մինչ նա տարուբերվում էր յուր կատաղի ալեկոծության մեջ, նրան իմաց տվին, թե խանի հարեմատան ներքինիներից մինը կամի ձեզ տեսանել։ Նա հրամայեց որ ներս թողուն։ Ներքինին դուրս բերավ յուր ծոցեն մի նամակ, տվեց մելիքին. նա կարդաց նրա մեջ հետևյալ խոսքերը.

«Անպիտան դու, այդ ի՞նչ աններելի հանդգնություն է, որ գործում ես։ Բավական չէ՞ որ քո ամենայն տեսակ բանսարկությունով և չարախոսությամբ, մոլորեցնելով խանի միտքը, խռովում ես խեղճ գյուղացիների հանգստությունը, իսկ այժմ համարձակվել ես և աղմկել նրա հարեմատո՞ւնը։ Թող վկա լինին աստծո բոլոր հրեշտակները, թե քանի ծանր և դժնդակ կերպով դու կճաշակես քո չարությանց պատիժը իմ ձեռքից, թե չկամեիր քո սատանություններին չափ դնել»։

Կնիքի վրա կարդացվում էր խանի գլխավոր հարեմի անունր «Դուրրի-Դարիա»։

Մահվան գունաթափությունը ներկեց նրա դեմքը քրքումի գունով, նա թուլացավ, ուշքը, միտքը կորցրուց, և հազիվհազ մի քանի րոպեից հետո յուր զորությունները պնդելով, ասաց ներքինուն. ի՞նչ առիթ ուներ խանումը այդպես բարկանալ ինձ վրա։

Դու խելագարվա՞ծ ես, այ մարդ, կրկնեց ներքինին։ Ի՞նչպես թե խանումը առիթ չուներ քեզ վրա բարկանալու, միթե այդ փոքր գործ է, քեզ ի՞նչ վերաբերյալ է խառնվիլ խանի ընտանեկան գործերին․ այդ ի՞նչ աղջիկ տալ է. դու չե՞ս իմանում, խանըմները կբարկանան դրանով։

Մելիքը սկսեց հազար ու մի երդումներով հավատացնել, թե ինքը ամենևին այդ գործից տեղեկություն չունի եղել, և թե այլ մարդիկ հասկացրել են խանին օրիորդ Սալբիի մասին։ Բայց ինքը կամենալով խանին անհավանելի կացուցանել նրան, հրամայել էր այն ղարաչի կինը ցույց տալ օրիորդ Սալբիի փզխարեն, և շատ ուրախ է, որ հաջողվեց նրան։

Բոլորովին սուտ էր խոսում մելիքը, որովհետև, նա ինքը չէր կարողացել մինչև այն րոպեին հասկանալ այն հրաշագործ փոփոխության գաղտնիքը...։

ԼԵ

ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ

Այն ժամուն, երբ բոլոր Ծաղկավանր աղմկալի խռովության մեջ էր խանի մասին, երբ ձայն դուրս եկավ, թե օրիորդ Սալբիին տարան, պարոն Ռուստամին սպանեցին, տեր-Առաքելենց տանում ոչ ոք չէր մնացած. նրա մայրը, հայրը և բոլոր ընտանիքը` հավաքված Ավազակենց տանում, լաց էին լինում։ Այդ ցավալի ժամուն Ռես Վասակյանը դևի նման սողաց պարոն Ռուստամի առանձնասենյակում։ Նա առանց ժամանակ կորցնելու մոտեցավ ահագին փայտյա արկղին, որ պարոն Ռուստամի թղթերու պահարանն էր։ Նա դուրս բերավ ջիբից մի շարք բանալիներ, մի քանիսը փոփոխելով, ապա բաց արեց արկղը, և սկսեց ուշադրությամբ քրքրել թղթերը։ Նրանց միջից նա վեր առավ երկու մեծ տետրակներ, մինը` պարոն Ռուստամի «Հիշատակարանը», մյուսը` «Ազատ ժամեր» մակագրությամբ, որ պարունակում էր նրա բոլոր տաղաչափությունները։ Այդ երկու տետրակները իրան հետ վեր առնելով Ռեսը զգուշությամբ փակեց արկղը, դուրս ելավ սենյակից և աներևութացավ Ծաղկավանի նույն ժամուն անմարդաբնակ փողոցների մեջ։

Նույն օրվա երեկոյան պահուն մելիքը Ռես Վասակյանի հետ ձիով գնում էին դեպի խանի ամրոցը։ Նրանք հասան, ձիերը պահ տվին ախոռապանին, մտան ամրոցը։ Բոլոր ամրոցը վառվում էր ճոխությունից, արևի վերջալույսը, խաղալով պատուհանների գույնզգույն ապակիների հետ, ձևացնում էր հազարավոր կախարդական գունավորություններ։ Շատրվանները փողփողում էին հայելվո նման, ջուրը բարձրանում էր անհամեմատ բարձրությամբ, սենյակներից լսելի էին լինում զանազան եղանակներով երգերի և նվագարանների ներդաշնակություններ։

Նրանք մանկլավիկներից մեկին հայտնեցին, որ խանին իմաց տան իրանց մասին և շուտով ընդունվեցան մի առանձին սենյակում դրսի բակում։ Շուտով հայտնվեցավ նրանց մոտ և խանը։

Բարով եք եկել քյոխվաներ,– ասաց նա։

Նրանք մինչև դետին խոնարհվեցան, երկրպագություն տվեցին և կանգնեցան ոտքի վրա։

Ասես թե, խանը այսօր մի առանձին ակնկալություն ուներ այդ երկու անձերից, նա խոսում էր նրանց հետ սիրով և մինչև անգամ հրամայեց նստեցան յուր մոտ։ Այդ պատիվը, նրա կյանքում նրանից չէր վայելած ոչ մի հայ մարդ։ Այնուհետև հրամայեց ծառաներին հեռանան, և ոչ ոք չթողնեն իրանց մոտ։

Ռես, բերե՞լ եք այն թղթերը, հարցրուց խանը։

Հրամեր եք, խան,- պատասխանեց նա։

Եվ Ռեսը դրեց խանի առջև երկու մեծ տետրակները- «Ազատ ժամեր» և «Հիշատակարանը»։ Ի՞նչ են գրված այդ տետրակների մեջ,- հարցրուց խանը թերթելով նրանց։

Երկար քննություններ հարկավոր չեն, որ դուք հասկանաք այդ գրվածքների միտքը և հեղինակի գաղափարները, ասաց պարոն Վասակյանը։ Միմիայն դուք կարդալով մի ոտանավոր, որ ես թարգմանել եմ «Ազատ ժամերս կոչված տաղաչափություններից, կարող եք հասկանալ, թե ինչ հոգվո տեր մարդ է դրանց հեղինակը։

Եվ պարոն Վասակյանը տվեց խանին պարսկերեն թարգմանյալ հետևյալ ոտանավորը.

Երանի մի ժամ, երանի մի օր`
Գեթ եա լինեի` անմահ թագավոր.
Սուրբ Մասիս յուր գլուխը`
Խոնարհեցներ ինձ աթոռ:

Ախ թե մի րոպե... գուցե մի վայրկյան
Ձեռումս կրեի տիրոջ գավազան։
Ամպերու վրա`
Դնեի ես գահ,
Երկինք-երկիրը`
Դողացներ իմ ահ,

Գոռայի բոցով, որոտ. կայծակով
Հայոց քաջերը՝ զարթնեին շուտով,
Սուրք բղբղային, նիզակք խաղային,
Վառոդք կապարած կարկուտ տեղային:

Գլխով, լեշով լեցնեի`
Արարատյան ձոր ու փոս.
Երեսը դաշտին ներկեի`
Խոխոջներով կարմրահոտ:

Հա՛յր Երասխ, ալիքներդ
Հրճվելով խաղ առնեին.
Մեր թշնամյաց լեշերով`
Մասսի կուրծքը զարդարեին.
Մեր թշնամյաց արյունով`
Նորա թշեր ներկեին:

Հիմքից դեպ վեր շրջեի
Արյունախում......

Ինտոս գետի ափի մոտ`
Հաղթության դնեի արձան:

Ոտքի տակ ես փշրեի`
․․․․․․․․․․․․․․․․․
․․․․․․․․․․․․․․․․․
․․․․․․․․․․․․․․․․․

Պահանջեի որդիքս,
Որքան կուլ տվեց անհագ.
Ժողովեի հայ ազգը`
Իմ հաղթող դրոշակիս տակ:

Հայոց փշրված քաղաքներ
Վեր կանգնեի փառավոր,
...ծովի ափի մոտ`
Ես դնեի իմ աթոռ:

Ռուբինյան վեհ թագը,
Անփշելին գավազան
Թող հովվեր հայոց ազգը
Միշտ, անփոփոխ, անսասան։

Ո՜հ, լռվեցեք, տխուր մտքեր
Իմ հոգվույս մեջ դուք անշարժ,
Այդ մեծ բախտը, այդ սուրը օրեր`
Հայի ճակտին չե՜ն գրված...:


Արդարև, այդ մարդը հասարակ մարդերի կարգից չէ, կրկնեց խանը կարդալը վերջացնելով։ Այդ մարդը մի վտանգավոր մարդ է։

Մինչև հիմա ձեզ ասում էի, դուք չէիք հավատում, խոսեց մելիքը.- բայց այսօր ձեր աչքով տեսաք նրա գործքը, ձեր ականջով լսեցիք նրա խոսքերը, և այդ թունավոր գրվածքները ցույց են տալիս նրա զարհուրելի մտքերը։

Արդարև, դա վտանգավոր մարդ է,- դարձյալ կրկնեց խանը։

Այդ մարդը, ոչ թե լոկ խոսքերով քամիներ է փչում, պատասխանեց Ռեսը,- այլ նա աշխատում է յուր չար մտքերը կատարելագործել և գործով։ Այս տարի նա սարում գտել է իրանց սրտակից բարբարոսների մի մեծ բազմություն, որոնց մեջ կան մոտ հազար հոգու չափ պատերազմող տղամարդիկ, որոնք, իրանց անպարտելի քաջությամբ և հաջողությամբ կովի մեջ, կարոդ են նվաճել մի մեծ թագավորություն։ Որպես ինձ հայտնի եղավ ստույգ տեղեկություններից, այդ բարբարոսների հետ, նա միաբանվել է՝ հարձակվիլ ձեզ վրա, տիրել Զարեհավանը և հաստատել այստեղ իրան համար անկախ տերություն,

Ողղո՞րդ, հարցրուց խանը զարհուրելով,

ճշմարիտ, այդպես է, վկայեց մելիքը։ Բացի այն բարբարոսներից և Զարեհավանի հայերից շատերը միաբանվել են նրա հետ։

Իհարկե, և զարեհավանցիները նրա հետ կմիաբանվեին, նրա խոսքը կտրեց Ռեսը։ Որովհետև այդ մարդը միշտ և անդադար քարոզում է ազատություն... ազատություն... ազատություն...I Թե հայոց ազգը յուր հատուկ իշխանությունը և յուր հայրենի երկիրը պիտի ունենա, թե պետք չէ ծառայել ուրիշ ազգերին, և թե ամեն մի Հայ պիտի սիրե յուր կրոնը, լեզուն, գրականությունը և յուր հայրենի Հողն ու ջուրը։ Նա խաբում է բոլորին, ասելով թե հայերն էլ մի ժամանակ ունեին տերություն, իշխանություն և զորություն աշխարհի մեջ, և թե այդ Հողը, որի վրա տիրում է նրա խոսքով բռնակալի գավազանը, մեր հոր տունն է, մեր պապերի բնակարանն է։

Դուք ի՞նչպես եք մտածում, հարցրուց խանը:

Մենք մեր աչքերը բաց ենք արել, մեզ ձեզ ծառա ենք տեսել, խոսեց մելիքը։ Մենք այսքան գիտենք, որ հայ ազգը, սկզբանե մինչև այսօր ապրում է ուրիշի հրամանի տակ։ Այդ պատճառով, մենք և մեր որդիները, որքան կենդանի ենք, ուրախ ենք միշտ ընդունել ձեր կարող ձեռքի հովանավորությունը։ Այդ խոսքերը, որ նա խոսում է, այդ ոտանավորները, որ նա գրում է, խանգարված երևակայության ցնորքներ են, փտած գլխի մտածմունքներ են։ Մեր ականջները միշտ փակ են այդ մոլորությունները լսելու, մենք միշտ պատրաստ ենք ձեզ հնազանդությամբ ծառայելու։

Շատ լավ... կրկնեց խանը։ Ես հասկացա բոլորը...։ Ես կմտածեմ դրա ճարը...։ Միայն դուք ասացեք, ի՞նչ է ձեր կարծիքը օրիորդ Սալբիի մասին, մինչև այժմ ես չեմ կարողանում հասկանալ այդ օրվա գաղտնիքը... այդ ղարաչի կինը զարհուրեցնում է ինձ։

Պարոն Վասակյանը չուզեց այդ հարցմունքին պատասխան տալ։ Որովհետև, մելիքի կամքը, օրիորդ Սալբին խանի ձեռքը գցելու բոլորովին նրան ընդդեմ լինելով, չէր կամենում՝ այս առարկայիս վրա զրույց լինի։ Բայց մելիքը ասաց.

Այն զարհուրելի ղարաչի կինը միևնույն օրիորդ Սալբին էր, միայն կերպարանափոխված, որովհետև այդ դևի կաթ ծծած աղջիկը մի կատարյալ կախարդ է, նրան դյուրին է ընդունել ամեն կերպարանքներ և հարկավորված ժամանակ աներևութանալ։

Մելիքի պատասխանը, յուր սրտին խիստ մոտիկ լինելով, Ռեսը շուտով ուզեց հետևցնել նրանից մի ուրիշ եզրակացություն, թե մի կախարդ կին անվայել էր խանին, ասելով. Ճշմարիտ է խոսում մելիքը, խան, այդ աղջիկը կատարյալ կախարդ է. նա ուսել է այդ արհեստը պարոն Աշխարունու վարժարանում, ուր սովորեցնում են կատարյալ կախարդություն։ Եվ այդ վարժարանի մասին պետք է ձեզ անհոգ չլինել, որովհետև այդ աղբյուրից բխում են այդ բոլոր չարությունները...։ Բայց թող մնա այդ, խոսքը փոխեց նա, վարժարանի համար կմտածենք հետո...։ Բայց այժմ, եթե կընդունեք ծառայիդ անկեղծ խորհուրդը, և ամենևին կամք չեմ տալիս ձեզ ունենալ մի այդպիսի վտանգավոր կախարդ կին։

Ո՛չ, ո՛չ, նրա խոսքը կտրեց մելիքը. սկսյալ մեր պապերից, խաները միշտ իրավունք են ունեցել մեր ազգի գեղեցիկ արջիկներով զարդարել իրանց հարեմատունը. բոլորովին անխելքություն է մի այդպիսի սիրունը բաց թողնել։

Մելիքի խոսքերի մի փոքր ռոմանական ձևը, շարժելով խանի հեշտախտությունը, խոսեց նա. ես երբեք բաց չեմ թողնելու օրիորդ Սալբին, մի անգամ տեսել եմ նրան դաշտում որսորդությանս Ժամանակ, և միշտ այսօր նրա սիրուն պատկերը չէ հեռանում իմ աչքերի առջեից։

Ռեսը լռեց, երբ նկատեց նրանց երկուսի կամքը միացան, բայց նա յուր հնարագիտությունից վստահ էր, թե օրիորդ Սալբիին, չէ թողնելու բացի Սոլոմոն-բեկից, գրկե մի այլ մարդ։

Ի՞նչ պետք է արած օրիորդի մասին, հարցրուց խանը։

Ես կասեմ թե ինչ պետք է արած, միայն դրա ժամանակն չէ, պատասխանեց մելիքը. որովհետև, քանի այդ մարդը ապրում է մեր երկրի մեջ, դժվար է հափշտակել նրա ձեռքից նրա սիրուհին. դուք մտածեցեք նրա կորուստը, այնուհետև օրիորդը ձերն է։

Դուրս գալով խանի տանից, ճանապարհում մելիքին ասաց Ռեսը. Աղա, դուք իզուր մտածում եք օրիորդ Սալբին տալ խանին որովհետև այդ մի օրինավոր հնարք չէ, ձեր որդու սերը նրանից հեռացնելու։

Ինչո՞ւ, հարցրուց մելիքը բարկությամբ։

Ներեցեք, խնդրեմ, որ մի քիչ երկար կամենում եմ պատասխանել ձեր ինչուին, խոսեց խաբեբան յուր սովորական կոկ ոճով։ Ամեն մի իրողություն, որ կամենում ենք գործել մենք, պետք է հառաջագույն մտածել, թե ի՞նչ խոսելու է դրա վրա հասարակաց լեզուն, կամ ի՞նչպես նայում է դրա վրա հասարակաց աչքը, ամենևին տեղի չտալով վատ կարծիքների և չար բամբասանքների։ Բայց մի այդպիսի իրողություն, որով դուք մտածել եք հեռացնել ձեր որդու սերը մի աղքատ աղջկանից, ոչ միայն հեռու չէ կացուցանում ձեր անձը ժողովրդի չար վատաբանությունից, այլև կոտրում է ձեր պատիվը և համարումը։

Հասնելով տունը մելիքը, հանկարծ նրա սենյակը մտավ Սոլոմոն-բեկը, քանի օրվա հիվանդությունից բոլորովին նիհարացած և տկարացած, ընկնելով հոր ոտքերը, նա ասաց. հայր, ողորմություն արեք, լսեցեք ձեր որդու աղաչանքը, այդ ի՞նչ մտածմունք է, որով դուք կամեցել եք իմ պատճառով կորուսանել օրիորդ Սալրին։ Դուք չե՞ք իմանում, ես սիրում եմ նրան, այո, մի կատաղի և ցնորված սիրով, Երբ նա ինձ համար չկա, և իմ կյանքը նրա հետ կորած է։ Երբ դուք մտադիր եք նրան մատնել խանի ձեռքը, լավ է, հառաջադույն սպանեք ինձ, թող իմ աչքերս չտեսնեն այդպիսի դժբախտություն։

Ասիացի ծնողք չեն կարող առանց բարկության լսել իրանց որդիների և աղջիկների անկեղծ խոստովանությունը սիրո մասին։ Վերջին աստիճանի անհամեստություն համարելով յուր որդու խոսքերը, կոչեց մեքիքը գազանաբար· Ձայնդ կտրիր, հիմար, դու: Ցնորված ես, դու գժված ես, եթե երկար կխոսիս այդպիսի բաներ քեզ կարտաքսեմ իմ տանից, զրկելով բոլոր ժառանգությունից։

Ես բոլոր հոժարությամբ կամեի զրկվիլ աշխարհի ամեն փառքերից, ամեն հարստությունից, բայց օրիորդ Սալբիից ոչ երբեք, ասաց Սոլոմոն-բեկը և դուրս եկավ հոր սենյակից։

Ռես Վասակյանը, նույն գիշեր, անգիտելի է, թե ինչ խորհրդով, մնաց Ավազակենց տունը, հանդիպելով հուսահատված է սիրտը կոտրված Սոլոմոն-բեկին, ասաց,- Ձեզ պետք չէր առանց իմ խորհրդին խոսիլ ձեր հոր հետ ձեր սիրո մասին, ես միշտ խրատել եմ ձեզ հետևել իմ կանոններին: Գիշերից բավական անցել էր։ Օրիորդ Սալբին, տեր-Առաքելենց տանում, յուր սիրականի հետ նստած, խոսում էին այն օրվա անցքի մասին։ Պարոն Ռուստամը զարմանալով հիշում էր ղարաչի կինը և հետաքրքրությամբ հարցնում էր օրիորդից նրա մասին, բայց օրիորդ Սալբին չուզեց նրան հայտնել և ոչ մի բառ Խլվլիկի մասին, որ աներևութացնելով օրիորդը, առել էր ղարաչու կերպարանք։

Այլևս ժամանակ կորցնել հարկավոր չէ, ասաց պարոն Ռուստամը յուր ճանապարհի պիտույքները խուրջիններում հավաքելով. երեք ժամ լուսաբացին մնացած, Սալբի, դուք պատրաստ եղեք գյուղիցը դուրս, ավերված ջրաղացի մոտ. մենք այնտեղ կհանդիպենք միմյանց. ձեզ համար առանձին ձի կբերեմ այնտեղից մենք երեք հոգի ճանապարհ կրնկնինք, ես, դու և մեր Խաչոն։

Շատ լավ, պատասխանեց օրիորդը։

Միայն դուք փոխեք ձեր զգեստը, հագնվեցեք տզամարդի ձևով, վեր առեք ձեր զենքերը և այն մորուքավոր դիմակը դրեք ձեր երեսին։

Շատ լավ, կրկնեց դարձյալ օրիորդը։ Բայց իմ վառոդը սակավ է, տվեք ինձ մի փոքր վառոդ և մի քանի գնդակներ։

Առ քեզ, ասաց պարոն Ռուստամը, տալով նրան մի աման լի վառոդով և գնդակներ։ Եթե կամենում եք, Խաչոյին հառաջագույն կուղարկեմ ձեզ մոտ, որ շալակե ձեր ճանապարհի մթերքը և հասցնե մինչև ավեր ջրաղացը գյուղից դուրս։

Պետք չէ, ես ինքս կշալակեմ իմ ճանապարհի պիտույքը և կհասցնեմ մինչև նշանակյալ տեղը։ Այսուհետև պետք է մեր անձը սովորեցնել դժվարություններին...»

Դե, գնացեք, ժամանակը կորչում է, լսեցի՞ք ինչ ասացի ձեզ։

Հա, մնաք բարյավ։

Օրիորդը հեռացավ։

Ներս մտավ Խաչոն։

Իմ բարեկամ, ասաց նրան պարոն Ռուստամը, լուսաբացին չորս մամ մնացած ձիաներին գարի տուր, թամքիր, որովհետև, երեք մամ մնացած լուսանալուն մենք պիտի ավերված ջրաղացի մոտից ճանապարհ ընկնինք։

Հրամեր եք, ասաց ծառան։ Դուք մի քնեք, բայց և մի մոռանաք ինձ շուտ զարթեցնել ես կամիմ մի փոքր հանգստանալ:

Լսում եմ, աղա։

Պարոն Ռուստամը, յուր ճանապարհորդության բոլոր պատրաստությունները կարգի դնելեն հետո, որովհետև այն օրը խիստ շատ հոգնած էր, այնպես յուր ճանապարհի զգեստով գլուխը բարձին դրեց, չուշացավ և քունը շուտով թափեց նրա վրա յուր թմրության բաժակը։

Բայց երանի թե նա քնած չլիներ... այդ դժբախտ քունը պատճառ եղավ նրա կորստյան։ Հանկարծ մի քանի հոգի մտան նրա սենյակը, և գտնելով նրան բոլորովին անզգա քնած, հափշտակեցին նրան յուր մահճի միջից...:

Հասավ նշանակյալ ժամը։ Օրիորդ Սալրին միայնակ սպասում էր ավեր ջրաղացի մոտ։ Այնքան երկար սպասեց նա, մինչև արևը ցոլացրուց յուր ճառագայթները նրա երեսի վրա, բայց տակավին պարոն Ռուստամը չեկավ...։

Հետ դառնալով դեպի գյուղը, նա տեսավ բոլոր գյուղացիները հավաքված տեր-Առաքելենց դռանը։ Խղճալի օրիորդը իսկույն աս կացավ, թև պատահել է մի օտարոտի անցք։ Հասնելով ծերունի Մկրտչի տունը, օրիորդ Նազանին արտասուքը աչքերում, պատմեց նրան. Գիտեիք, ինչ է պատահել, Սալբի, այս գիշեր պարոն Ռուստամին հափշտակել են յուր սենյակից, գյուղացիները նրա արյունոտ հագուստը գտել են հեռու, Աղվանա սարերում...։

Կայծակի հարված ունեցավ այդ բոթաբեր լուրը խեղճ օրիորդի սրտին, նա շփոթվեցավ... խելքից գնաց... ուշաթափ եղավ...

Աստված իմ, աստված, բարերար աստված,
Ամեն քաղցրության լեղի ես խառնած.
Աստված իմ հզոր, միշտ հանապազօր՝
Խավա՞ր պիտ անես անմեղներու օր։

Ինչո՞ւ ոչ չարը, այլ խեղճ անճարը՝
Բար օր տեսնելու՝ չունենա չարա։
Անօրենն յուր գահեն՝ խլում չէ գեհեն,
Միշտ արդա՞ր Աբել պիտ սարսի քո ահեն։

Ափսոս չէ՞ վարդը. սիրուն զվարթը.
Դեղնի, թառամի, ծաղկոցի զարդը.

Ափսոս չէ՞ շուշան սիրո միակ նշան,
Փուշի մեջ բուսնի, թողնելով յուր գյուլշան։

Եթե դու ես տեր, միշտ եղիր արդար,
Չարը խափանիր, բարվույն խնամք տար:
Երբ որ սատանան՝ առանձին բնություն,
Ես դորան կասեմ. անիրավություն...

Առաջին հատորի վերջը
Be the first who will comment on this

Other parts of "Սալբի"

Yatuk Music
Samaria
Elen Yolchyan

Samaria