Raffi
Սալբի
12
Ռուստամին խիստ վատ ներգործեց մի այդպիսի զրպարտություն:
Հայոց ազդի անբախտ պատմությունը, ասաց նա, մեզ պատկերացնում է այդ ազգի կրոնամոլական թուլությունները... մի այդպիսի հանգամանքներին, երբ կոտորում՝ գերի էին վարում նրանց, միշտ կարծել են տալիս, թե ահա՝ հասել էր աշխարհիս վերջը... Բա՛յց, երբեք չեն մտածել իրանց սրով, իրանց քաջությամբ պահպանել իրանց գլուխները...:
Քաջությունը և սուրը ի՞նչ կարող են անել աստծո պատժին, ասաց տեր Մարկոսը:
Ռուստամը ոչինչ չպատասխանեց, երեսը թեքեց դեպի պատը, և միևնույն ժամանակ արտասուքը հեղեղի նման սկսեց թափվել նրա լցված աչերից:
Հուրի Խան-Դայան և տեր Մարկոսը, զգալով հիվանդի խռովությունը, և թե իրանց ներկայությունը ծանր և անտանելի էր նրան, վեր կացան և դուրս գնացին:
Երեկո էր, հիվանդի սենյակի մեջ տիրում էր խորին խավար, բայց շուտով հսկայամարմին Խաչոն ներս բերավ ճրագը:
Ի՞նչ լուր կա, Խաչո, հարցրուց հիվանդը։
Շատ ցավալի լուրեր, պատասխանեց քաջասիրտ ծառան. Ավղանա և Արավուլ սարերի մոտ եղած բոլոր հայերի գյուղորայքը ավերել են... և քառասուն ուղտի բեռ, հայի գլուխներով լիքը, սպանվածների գույքի և ոչխարների հետ՝ թշնամին տարավ դեպ Հախպակ...։
Այդ մի նոր բան չէ հայերի կյանքում... պատասխանեց հիվանդը դառն եղանակով։ Խա՛չո, հայերը սովորած են սև օրերի...։ Այլևս ի՞նչ լուր ունիք։
Նայիր Ուլ-Սալթանան գնաց քրդերի վրա, Հախպակա և Հայոց Ձորի գերիները վերադարձրել Է. բոլորը հայ նորահաս պատանիք և մանկահասակ աղջիկներ են...։ Մեր գյուղացիներից շատերը արծաթով գնեցին այդ գերիներից, մեկից մինչև տասն թումանով...։
Այդ ևս նոր լուր չէ, Խաչո, պատասխանեց հիվանդը ցավակցաբար, գերությունը՝ մեր պապերի միակ ավանդն է, որ թողել են մեզ...: Բայց դու չմոռանաս գնել մի քանի հատ այդ գերիներից, ահա քեզ արծաթ։
Ռուստամը դուրս բերեց յուր բարձի տակից արծաթով լի մի քսակ, տվավ ծառային՝ և նրա աչքերը դարձյալ լցվեցան արտասուքով։ Նա դառն եղանակով երգեց.
«Մի՞թե արյունո՛վ գրվեցավ՝
Ճակատագիրդ անբախտ հա՛յ.
Հայրենիքդ՝ քեզ բանտ դարձավ.
Օտար աշխարհն էլ բերեց վայ...։»
Այլևս ի՞նչ կա, Խաչո, հարցրուց հիվանդը։
Ասում են Հախպակը թալանեցին, և սուրբ Բարթուղիմեոսը քարուքանդ արին։
Թող մնան դրանք, թե աստված կսիրես. դու վշտացնո՛ւմ ես ինձ, Խաչո, նրա խոսքը կտրեց Ռուստամը ա՛սա խնդրեմ, դո տեսա՞ր նրան:
Հրամեր ե՛ք, աղա, պատասխանեց ծառան, նա ասաց, «ես կգամ կես գիշերվա պահուն»։
Ուրեմն արթուն եղիր, բակի դռները բաց թող. և երբ գա՝ առաջնորդիր դեպ իմ սենյակը։
Ծառան հեռացավ։
Դրսում մրրիկը կատաղաբար մռնչում էր. լուսամուտի ապակիները զարհուրելի ձայներ էին հանում. վառարանում կրակը սկսել էր հանգչիլ. մի քանի ածուխներ հազիվ պլպլում էին իրանց թույլ կանաչագույն բոցերով։ Ահա աքաղաղները խոսեցան։ Կես գիշեր է։ Հասավ ուխտյալ ժամը, բայց նա տակավին երևան չեղավ: Հիվանդը, յուր քնաշորերում անհանգիստ, անքուն, սպասում է՝ մի կողմից դեպ մյուսը շրջվելով։ Ճրագը ծխրտում էր յուր աղոտ լուսով։
Քնարանի դուռը հեզիկ զարկեցին. րոպեական լռությունից հետո՝ մինը ներս մտավ, փաթաթված մի լայն մեշեդյան շալով. նրա փափուկ թշերը լրջացել էին ցրտից. այդ օրիորդ Սալբին էր։
Դու երկար սպասել տվիր ինձ, իմ հրեշտակ, նրա ձեռքը բռնելով, ասաց Ռուստամը։
Ի՞նչ պիտի արած... դևերը քնեցին, սատանայք ննջեցին, բայց իմ մոլակրոն մայրը դեռ անքուն նստած՝ տակավին խազում էր յուր պատկերների և յուր խաղերի հետ... պատասխանեց ծիծաղելով օրիորդ Սալբին։
Ա՜խ, այդ մոլեռանդ ծնողները... կրկնեց հիվանդը խորհրրդական ձայնով։
Ի՞նչպես ես զգում այժմ քեզ, հարցրուց օրիորդը։
Ոչ բոլորովին լավ... միայն այժմ մեռնելուս երկյուղը անցել է:
Ասա՛, Ռուստամ, ի՞նչն էր քո հիվանդության պատճառը։
ճշմարիտն ասած՝ ստույգ չգիտեմ... միայն, գլխավոր պատճառն համարում եմ այն զարհուրելի երազը, որ տեսա ես բարեկենդանի գիշերը։
Օրիորդը արհամարհաբար ծիծաղեց։
Դու մի երազ տեսար, և մի երազ է պատճառ եղել քո հիվանդության, ասաց նա արագությամբ. ֆո՜ւ, այդ ներելի չէ քեզնից լսել։
Հա՛, երա՛զ, ա՛յն սարսափե՜լի երազը, կրկնեց հիվանդը առաջին եղանակով։ Օրիորդը չկարողացավ զսպել յուր զարմացքը։
Պատմիր, Ռուստամ, պատմիր խնդրեմ, որպիսի՞ երազ, հարցրուց նա հետաքրքրությամբ։
Ռուստամը սկսեց մանրամասնաբար պատմել երազը, որ այնքան ուժգին պաշարել էր նրա միտքը: Միևնույն ժամանակ օրիորդը չէր դադարում հոգվոց հանելուց. նա, ականջները լարած, խորին ուշադրությամբ լսում էր։
Թեպետ ես մի հմուտ հոգեբան չեմ, ասաց օրիորդ Սալբին, բայց այսքանը գիտեմ, շատ անգամ, երևակայական խառը պատկերները, ուղեղի ուժգին գրգռումները՝ ծնեցնում են զարհուրելի երազներ, որոնք սաստիկ ներգործելով մեր հոգու վրա, պատճառում են հոգեկան հարվածներ, որոնք չարաչար հիվանդություններ են բերում։
Հա՛, Սալբի, մեր պսակի հետ ընկնելը խիստ սաստիկ կերպով պաշարեց իմ միտքը, որով երևակայությունս վառված էր տխուր և տրտում մտածություններով, և մի անտանելի կասկածանք, մի տարապայման երկյուղ՝ ինձ անգամ անհասկանալի մաշում էին իմ անձը. և այժմ իսկ, այդ դժնդակ երկյուղը և կասկածանքը ինձնից չեն հեռանում։
Ինչո՞ւ, այդ թուլասրտություն է։
Ա՜խ վիշապը... այն կատաղի վիշապը... միթե չէ՞ ցույց տալիս, որ մի թշնամի ձեռք հսկում է մեր վրա։
Օրիորդը համակրաբար նայում էր յուր սիրողի երեսին, ասես թե, միևնույն կասկածանքը նկարված էր նրա աչքերի մեջ ևս։ Այո՛, և մի այդպիսի երկյուղ թաքնված էր խեղճ օրիորդի սրտում...:
Պետք է հեռու դնել այդ ունայն և սրտամաշ տրտմությունները, իմ սիրելի, մխիթարական կերպով խոսեց օրիորդ Սալբին, առանց դրանց, դարձյալ մեր կյանքը լի է տառապանքներով.
Ռուստամը մտածության գնաց, ոչինչ չպատասխանեց։
Արդարև. ո՛րքան քաղցր է մահը, երբ այս կյանքը լի է ցավերով, ասաց օրիորդը։
Մահը հանգստացնում է մարդու դժբախտությունները, պատասխանեց Ռուստամը։
Ա՜խ, ո՜րքան կփափագեի ես շուտ մեռնել, եթե քեզ, Ռուստամ, չթողնեի այս աշխարհում միայնակ։
Ինչո՞ւ, քո անձը դեռ լի է դալար և թարմ կյանքով։
Չէ՛, իմ սիրելի, որպես ասացիր մահը հանգստացնում է մարդկանց դժբախտությունները, ասաց օրիորդը։
Ուրեմն ես կհետևեմ քեզ դեպ հավիտենական կյանքը, պատասխանեց Ռուստամը։
Օրիորդ Սալբին, երեսը մի կողմ շրջեց, և սրբեց աչքերի արտասուքը, խղճալու սիրտը նույն րոպեին, դարձրել էր տրտմության մի ծով...: Մի ցավալի իրողություն, որ այնքան ծանր դրված էր նրա սրտի վրա, կամենում էր հայտնել, բայց չէր համարձակվում։ Նա մտածեց հայտնել այդ հարևանցի կերպով։
Այսպիսի անմխիթար խոսակցությունները, ասաց օրիորդը, դարձյալ կավերեն քո առողջությունը. լավ է խոսենք մի փոքր ուրախալի բաներ։ Լեզուն արտասանում է այն՝ ինչ բանով որ լցված է սիրտը, պատասխանեց Ռուստամը:
Բայց և այնպես, ես կերգեմ քեզ մի ուրախալի տաղ:
Երգիր, խնդրեմ, ես շնորհակալ կլինեմ քեզանից:
Օրիորդր սկսեց ազդու և գրավիչ ձայնով երգել այն սարսափելի երազը, որ ինքն էր տեսել մի քանի գիշեր առաջ։
Կարծես եդեմի ճեմելիքներով
Մնջիկ, միայնակ զբոսնում էի.
Բյուր ծաղիկների վառ-վառ գույներով
Իսպառ հիացած՝ զմայլում էի։
Անթիվ թռչուններ, մին մնից սիրուն,
Լսեցնում էին ինձ՝ յուրյանց երգեր.
Եվ քերոբեներ, անհամար, անհուն,
Գեղգեղում էին սրբազան երգեր:
Այդ մի երազ էր... Բայց կախարդական...
Թողեց իմ սրտում վշտեր անհամար...
Կամ թե առ աչոք թիլիսմ դյութական,
Որ կրակ վառեց հոգվույս մեջ անմար,
Ինձ այն ժամանակ՝ քանի՜ գեղեցիկ
Երևեցավ նա այն ծառերի տակ.
Չէր նա հողեղեն մարմնազգեցիկ,
Որպես հրեղեն՝ էր սիրուն հրեշտակ,
Նրա կիսամերկ մարմին ծածկում էր
Շղարշի թեթև սփածանելիք.
... Պայծառ երեսի վերա խաղում էր
Մի սիրտ գրավող և ուրախ ժպիտ:
նրա այն մեծ-մեծ սև աչիկները
Փայլեին որպես մի վառած ղամբար,
Եվ փղոսկրյա պարանոցի վրա
Թուխ գանգուրները՝ բռնել էին պար:
Նա թեթև, որպես մի բարակ զեփյուռ,
Վազեց, կանգնեցավ ինձ խիստ մերձակա,
Հազար պչրանքով՝ հազար հրապույր
Արտափայլում էր երեսի վրա:
«Ուսկի՞ց հայտնվեցար դու այդ երկնաճեմ
Զբոսարանում միշտ անմահների,
Ո՞ր ձեռքը բերավ քեզ աստ ի հԵդեմ.
Պատմիր, խնդրեմ, ով իմ նազելի»։
Նա այդպես խոսեց, բայց մեղր կաթեց
Նուրբ շրթունքներեն վարդագույն կարմիր.
Այլ ծանոթ ձայնը ինձ քաջալերեց,
Ես հառաջ տարա այդպես իմ խնդիր։
«Ուժգին հողմերի թևերի վերա՝
Չափեցի անհուն այդ տարածություն.
Ես քո տեսության այս տեղում եկա.
Ինձի պաշտպանեց գաղտնի Զորություն»:
«Այստեղ ես եկա, ով իմ հրեշտակ,
Տեսնել, արդյո՞ք, թե հավիտենից
Մեր ճակատագիր, մեր բախտ և վիճակ
Ո՞րպես են վճռված նախախնամողից»։
«Ե՛կ ինձ հետ, ցույց տամ այն տխուր հանդես
Մեր ճակատագրի, սիրելիդ անգին.
Եթե սիրտ ունիս, դու նայի՛ր և տե՛ս
Ցավալի պատկեր մեր դառն վիճակին»։
Այդպես նա խոսեց, բայց իսկույն փոխվեց
Սիրուն երեսի այն կարմիր գույնը.
Փայլուն աչքերն արտասուք թափվեց
Բռնեց իմ ձեռքեն, տարավ մյուս կողմը:
Այն մի պարտեզ էր,ուր նա ինձ տարավ,
Թարմ ծաղիկներով զարդարած համակ.
...«Ահա՛ այդ վարդը, նա ինձ ցույց տվավ.
«Է մեր վիճակի ստույգ օրինակ»:
Աչքերուս առջև մթնեց, սևացավ.
Տրտում տեսարան խռովեց իմ հոգին.
Սիրտս պաշարեց հազար ու մեկ ցավ,
Գլուխս բորբոքեց մի կրակ ուժգին։
Ես տեսա մի վարդ, ի՜նչ քնքշիկ վարդ...
Դեռ նոր էր փթթել ծաղիկ ու սաղարթ,
Դեռ նոր էր օդը նրանից ծծում
Յուր եթերական անուշհոտություն:
Տեսա ես վարդը... о՜հ, զզվելի բու
Դեղին թաթերով էր նրան գրկել.
Գրկել էր վարդը... օ՜հ դեպք ահարկու,
Եվ յուր ժանտ կուրծքին նրան պինդ ճնշել։
Քրքրում էր թերթերը... բերում էր սարսափ,
Ստվերախիտ թուփը կաներ տերևաթափ,
Քրքրում էր թերթեր, թափում էր գետին,
Խառնում էր նրանց հետ սյավ հողին։
Աչքերս խփեցի, շուտով անց կացա,
Այլևս չտեսնեմ այդպիսի եղեռ.
Նորան չէր հեռու, այլ խիստ մերձակա՝
Տեսա ես մի այլ սգավոր պատկեր.
Տխո՜ւր անապատ... տատասկի մացա՜ռ,
Ուր բուսել էին փուշեր հոգեառ.
Փուշե՜ր թունավոր, փուշե՜ր ծակոտող...
Ո՜հ, ես զգացի, սարսուռ, ահ և դող:
Մի սիրուն սոխակ, վարդի ջերմ երգակ,
Փուշերու վերա, թռչոտում էր միակ.
Թոչոտում էր նա, լալով, ճչալով,
Հոգնած թևիկներ հեզիկ շարժելով։
Դեպ վարդ գնալու կ’ուներ նա միշտ փույթ,
Գոգցես արգելեր ձեռք աներևույթ.
Գուցե թե նորան ավերակաց ժառանգ՝
Սպառնում էր շատ սարսափ ու զարզանդ։
Ծակում էր փուշը խղճի նուրբ դոշը,
Չէ՛ր կարում թառիլ ձայնով անուշը.
Այնպես թռվռաց, երկար ճլվլաց,
Աչերեն թափեց շատ արտասուք, լաց։
Նվազած թևիկներ՝ կախեց, վայր ընկավ,
Յուր փափուկ կուրծքը փուշերուն զարկավ,
Նետեր ցցվեցան սրտում սոխակին,
Վա՜րդ, վա՜րդ, կոչելով փչեց սուրբ հոգին...
Երկինքը գոռաց, մրրիկը սուլեց,
Կայծակ և կրակ միմյանց հետ խառնեց,
Մտավ արեգը՝ ամպերու տակը՝
Անիրավ գործի չդառնալ վկա:
Ճղացի որպես կատղած խելագար,
Հարձակեցա շուտ՝ գե՛թ հասցնել մի ճար.
Արդեն մեռա՜ծ էր... տաք արյան բոսոր
Ներկել էր կարմիր՝ կուրծքը փառավոր։
«Այս ի՞նչ օրենք է, այս ի՞նչ դատաստան,
Գռռացի հայնժամ. «Այս ո՞ր անպիտան՝
Բարի գործի մեջ՝ անարդար վճիռ
Խառնեց, կատարել այդպիսի ոճիր»:
«Տե՛ս, այնտեղ նստած միակ ծեր մարդը»
Մեկնեց նազելին նուրբ ցուցամատը.
«Նա յուր վիճակված հոտերու անթիվ
Է կեղեքիչ գայլ, անիրավ հովիվ»։
«Այսպես վճռեց, որ լինին բաժան
Երկու սիրահարք՝ միմյանց սիրարժան.
Այսպես վճռեց. Ռուստամ և Սալբին՝
Չհասցնեն նասիբ միմյանց նասիբին...»:
Աչքերս վառվեց, կայծակ փայլակեց,
Ահ ու դող, զարզանդ՝ ինձի պաշարեց.
Ամպի գոռոցը, մրրիկն ահաբեկ
Միախաոնվեցան՝ վերջին ձայնի հետ...»
Երգեց սիրուհին, սիրողի վզին փաթաթեց դալար թևքերը կրկին: Նվաղեց խեղճի փայլուն աչքերը. թուլացավ, մնաց՝ լանջացը վրա։ Ռուստամն էլ նույնպե՛ս իբր անկենդան լեշ, շնչասպառ ընկել գետնին էր կպել։ Որպես զույգ շուշան, սիրո սերտ նշան, որպես մանիշակ՝ գարնան հեզ գուշակ. անգութ գերանդին՝ տապալե գետին։ Որպես զույգ գառնուկ, դեռածին մանուկ, ամպի որոտը, կայծակի թունդը՝ գոռա, դղրդե, լեռներ սասանե. զույգն էլ ապիկար, սրտով թույլ-տկար, ահով սարսափած, դողով սասանված՝ անշունչ, անհոգի՝ թավալվում են մեջ կանաչ արոտի։ Այսպես երկնքին սիրողք կաթոգին՝ թուշ թշի դրած՝ միմյանց ճտով, ընկած անզգա, խորին ուշագնացությամբ ընկել էին սառն հատակի վրա։ Երգը ամենասաստիկ հարված ունեցավ երկուսի վրա ևս։
Իրապես, առավոտյան Ռուստամի հիվանդությունը կրկին վատթարացավ։ Մըստր Սեյսունը վերսկսեց յուր բժշկական հոգածությունը, և պարոն Խոսրով Մելիքզադեն չէր դադարում յուր բարեկամական խնամատարությունը մատուցանել յուր ընկերին:
Տեր֊Առաքելենց տունը ընդունեց յուր նակխին տրտում և տխուր կերպարանքը։
Բայց չարության դևը թուխս էր նստել Վասակյանի սրտի մեջ. նա՝ յուր անաջող ձեռնարկությունից հետո մըստր Սեյսունի տանում, օր ու գիշեր անհանգիստ մտածում էր նյութել մի նոր հնար, կատարելագործելու յուր եղեռնական խորհուրը։ «Այն որ չուզեց կատարել մարմնավոր բժիշկը, անշուշտ պիտի կատարե հոգևոր բժիշկը...», դարձյալ կրկնեց յուր մտքի մեջ կատաղի ուրախությամբ և սկսեց դիմել դեպ տեր Մարկոսի տունը։
ԻԲ
ՀՈԳԵՎՈՐ ԲԺԻՇԿԸ
Տեր Մարկոսը կանուխ զրկվեցավ յուր կնոջից, որ չթողեց նրա համար ոչ մի զավակ և հայ քահանաների դատապարտված իրավունքի համաձայն, նա չկարողացավ ունենալ երկրորդ կին. թեպետ, այդ մասին նա օր հանապազ չարաչար այրվում էր, անիծելով յուր կոչումը, թե ինչո՞ւ քահանա եղավ։ Նրա ամբողջ ընտանիքը բաղկանում էր երկու հոգուց։ Ինքը տեր Մարկոսը և նրա խեղանդամ ծառան, որ երկու ոտից կաղլիկ մի տղա էր, որը, եթե մի այլ տեղ կուշտ փորով ապրիլ կարողանար՝ երբեք հանձն չէր առնի ծառայել խստասիրտ տեր Մարկոսի մոտ առանց վարձի, տհաճությամբ տանելով այն բոլոր նախատինքները, հիշոցները և հայհոյանքը, որ քահանան տեղում էր նրա գլխին, ամենափոքր սխալմունքների համար։
Նրա տանը չկային ո՛չ շուն և ո՛չ կատու. քահանայի կարծիքով, սրանք կերածի չափ չէ՛ին ծառայում։ Այդ պատճառով, չարագործ մկները, ազատ գտնվելով իրանց սատակչի ազդեցությունից, ամեն գիշեր կատարում էին իրանց ուրախալի հարսանիքը, արձակ և համարձակ, քահանայի մահճի չորս կողմը, և շատ անգամ՝ խաղ էին բռնում նրա փառավոր մորուքի և գլխի երկայն ծամերի հետ։
Նրա մաշված, հնացած տունը բաղկանում էր երկու փոքրիկ մրոտ սենյակներից, որ դրած էին ցածրիկ շրջապարսպի մեջ։ Ոչ մի խելացի մարդ, երբեք չէր համարձակվելու բնակվել մի այնպիսի խարխուլ և փլփլած շենքի մեջ, որը, ո՛ւր էլ որ մարդ նայելու լիներ՝ նրա աչքին կերևային ծակոտիք, սարդի հնադարյան ոստայն, հող և փոշի։ Երբ հարցնում էին տեր Մարկոսին, թե ինչու՞ նա յուր տունը չէ նորոգում, սովորաբար պատասխանում էր. «Օ՜րհնած, մեր փրկիչը չուներ յուր գլուխը դնելու մի տեղ անգամ. ես նրանից ավելի չեմ. ա՛յս դեռ շատ է ինձ համար»։ Անտարակույս, այդ համեստաբանությունը չէր բխում քահանայի ուղիղ և ներքին համոզմունքից. և եթե մի մարդ նրան ձրի բաշխելու լիներ մի փառավոր ապարանք՝ տեր Մարկոսը երբեք չէր համաձայնի բնակվիլ աղքատին խրճիթի մեջ։
Գյուղական տնտեսությանց պայմանների նկատմամբ շատերը մտածում էին, թե տեր Մարկոսի համար խիստ դժվարին էր միայնակ, յուր կուզ և խեղանդամ ծառայի հետ կառավարել յուր ապրուստը։ Որովհետև գյուղերը քաղաք չեն, որ ամեն ինչ կարելի լիներ պատրաստի գնել շուկայից։ Այստեղ ամեն մարդ, յուր տան մեջ պիտի հաց թխե, կերակուր եփե, գինի շինե, և պատրաստե ամեն բան, որ մեր կենսական պիտույքն է կազմում։ Տեր Մարկոսի համար՝ ո՞վ էր պատրաստում դրանք ո՛չ ոք։ Նրա թոնիրը սառն էր՝ որպես անապատի մեջ մի գերեզման։ Նրա տան գիշերները երբեք չեն լուսավորված յուղային ճրագով, և պետք է՛լ չկար, որովհետև, սկսած այն երջանիկ օրից, երբ նրա ուսերի վրա ձգեցին քահայանական փիլոնը, հացի և կերակրի խնդիրը վերացավ, մանավանդ, հյուր ընդունելու և աղքատ պատսպարելու հարկադրիչ պարագաների չգոյության շնորհիվ, ուր որ կար հարսանիք, կնունքաճաշ, մեռելի հոգեհաց կամ որևէ այլ կոչունք՝ սեղանների առաջին տեղը բռնում էր տեր Մարկոսը, յուղալի բաժինները նրա առջև էին դրվում, և նրան էին մատուցանում լի-լի բաժակները։ Յոթն հարյուր տուն ժողովուրդ ունեցող մի գյուղի մեջ՝ որպիսին էր Ծաղկավանը համարյա՛ ամեն օր պատահում են այդպիսի բախտավոր դեպքեր։ Տեր Մարկոսի ծառան, որ «Եւ եւս խաղաղութիւնից» ավել բան չգիտեր, սովորաբար, բուրվառը ձեռքից քարշ գցած, կաղկղալով՝ հետևում էր քահանային, ուր և գնալու լիներ նա։
Փա՜ռք մատուցանելով այն երանելի հանգամանքներին, թե «Մաշտոցի և Տոնացուցի» շնորհիվ ո՜րքան օգտաշատ արտոնություններ էին վայելում հայ քահանաները տեր Մարկոսը, ո՛չ թե մինչև տարեգլուխ մի փարա ծախս չունե՛ր, այլ, ընդհակառակն, կարողանում էր բավականաչափ արծաթ որսալ: Մենք ավելորդ ենք համարում մի ըստ միոջե թվել, թե ո՛րքան արծաթ էր նա ստանում պսակի, մկրտության, թաղման, և այլ եկեղեցական խորհուրդների համար, բայց չէ կարելի չասել նրա շահախնդրությունը խիստ մասնավոր իրողությանց մեջ։ Օրինակ, Ծաղկավանում ամեն մի շաբաթվա ընթացքում, քանիցս անգամ պատարագ էր մատուցվում։ Գյուղերի սովորության համաձայն, ժամհարը և տեր Մարկոսի ծառան, ամեն մինը մի-մի ջվալ (պարկ) և տիկ գցած ուսերնին՝ դռնից դուռ ման են գալիս, ալյուր հավաքում նշխարքի համար, և գինի՝ բաժակի համար։ Դժվար չէ՛ երևակայել, թե յոթն հարյուր տուն ժողովրդից՝ ամեն մի անգամ ո՛րքան կհավաքվի՝ երբ ամեն մի տան պառավ տիկինը, ջերմեռանդ սնահավատությամբ լեցնում է ժամհարի պարկը ալյուրով, և մեծ տիկը գինիով՝ աղաչելով, որ յուր տան ալյուրից և գինուց միայն մատուցանեին սուրբ ընթրիքին հարկավոր նյութերը. այդ անում էր նա՝ լի հավատով, թե դրանով յուր տան ալյուրով լի փեթակները և գինու թակույկները շնորհ և բարաքյաթ կգտնեին։ Կեղծավոր ժամհարը, լավ ճանաչելով պառավների թուլությունները, բոլորին միաժամանակ հուսադրում էր, թե նրանց կամքը անպայման կկատարե...։ Բայց իզուր. բոլոր մթերքը խառնվում է միմյանց... և այդ բոլորի մեկ հազարերորդ մասը բավականանում է սուրբ խորհրդի պիտույքի համար, իսկ մնացածը լեցնվում է տեր Մարկոսի ամբարի մեջ, մի փոքր մասը միայն բաժին հանելով աշխատասեր ժամհարին։ Եվ այսպիսով, տեր Մարկոսը, թեպետ չուներ ոչ հունձքի արտեր, և ոչ խաղողաբեր այգիներ, բայց ժողովրդից հնձում էր ավելի ալյուր և ցորյան՝ քան թե վաստակավոր երկրագործը և նրա գինու թակույկները ավելի լիքն էին՝ քան թե մի այգեգործին։
Մեծ պասի ավագ չորեքշաբթի երեկոյան, եկեղեցու մեջ, տեր Մարկոսը «ծանուցում» է անում «ժողովուրդ, գիտե՞ք, առավոտյան ոտնալվա պիտի լինի, և որպես հրամայում է մեր սուրբ կրոնքը պիտի յուղ օրհնվի։ Կանայք, ձեզ եմ ասում, ականջներդ բաց արե՛ք, լավ լսեցե՛ք. բուռներդ շատ հուփ մի տվեք ամեն տարվա պես. այլ այս տարի յուղն առատապես սեղան հանեք, որ մասնակից լինեք ա՛յն երանությանը, որ Քրիստոս տվեց բեթանիացի կնոջ, որը օծեց տերը թանկագին նարդոսի յուղով։ Իսկ եթե խնայողություն գործ դնեք, ես անպարտ՝ դուք պարտավոր, գիտցած լինիք, որ ձեր կովերը կցամաքեն կաթ տալուց, և ձեր հավաքած յուղը և կարագը առատություն չի ունենալ»։ Բայց սնահավատությունը, առավել քան տեր Մարկոսի փաստերը զորավոր էր՝ ժլատ պառավների առատաձեռնությունը շարժելու։ Այդ պատճառով, տոնասեր ժամհարը այսօր քարշ չէ գալիս դռնից դուռ: Ամեն մի բարի գյուղացի այսօր գիտե յուր սրբազան պարտքը ավագ հինգշաբթի օրերին, երեկոյան ժամերգության միջոցին եկեղեցում, տիրոջ սեղանի վրա ասեղ ձգելու տեղ չկա: Ամբողջովին ծածկված է լինում զանազան մեծ և փոքր ամաններով՝ լիքը կովի, գոմեշի և ոչխարի յուղով։ Այդ ամաններից մի քանիսի յուղը բավական էր բաժանելու ժողովրդին, որ իրանց գլուխը օծեին, և կանայք, իրանց տունը տանելով խառնեին իրանց յուղ հարելու ծծումի մեջ, մնացորդը տեր Մարկոսի բաժինն էր։
Տեր Մարկոսը չէ մոռանում ամենայն տարի ի հիշատակ քառասուն մանկանը ձեթ հավաքել։ Եվ նա, յուր ճարտարությամբ, շատ անգամ զարմացնում է ժողովուրդը մի սեհինի մեջ ջուր լցնելով և նրա երեսին ածելով մի փոքր ձեթ, մի հնարքով վառում է սեհինի մեջ քառասուն ճրագ, որոնց ամեն մինը հանգչելու ժամանակ նշանակում էր, թե մեռնում էր մանուկներից մեկը։
Այն բիբլիական օրենքը, որով ամեն մի իսրայելացի պարտավոր էր յուր պտուղների երախայրիքը տիրոջ նվիրել, մի սնապաշտական հավատքով անցնելով և մեր մեջ, սուրբ աստվածածնի վերափոխման տոնախմբության օրում, ամեն մի բարի գյուղացի յուր խաղողի պտուղներից դնում է տաճարի սեղանի վրա, քահանան օրհնում է խաղողը, այնուհետև ժողովուրդը կարող էր ուտել նրան, որ պաս էր մինչև այն օր։ Տեր Մարկոսը շատ անգամ անիծում էր այս ինչ այգեգործը, թե՛ նրա նվերը Կայենի պատարագ էր համարվելու՝ խաղողի սակավության կամ տեսակի վատության համար։ Խաղող-օրհնենքից ավելացուցած խաղողից տեր Մարկոսը ամեն տարի ունենում է մի փոքրիկ թակույկի մեջ՝ դեռահաս միլանի (մաճառ):
Այդպիսի արդյունավոր աղբյուրներից էին բխում տեր Մարկոսի ապրուստի չորս գլխավոր պիտույքները հաց, գինի, յուղ և ձեթ՝ վառելու համար, որոնք ուրիշների տնտեսության համար այնքան անհրաժեշտ էին, բայց տեր Մարկոսի համար բոլորովին ավելորդ լինելով դառնում էին վաճառքի նյութ։ Տեր Մարկոսը զուրկ չէր մնում նաև առատ մսից, որ ամեն տարի, որոշյալ օրերին հասնում էր նրան միանգամայն ձրի։
Ծաղկավան գյուղի մեջ, բացի սուրբ Գեորգ եկեղեցուց, կար մի այլ հին եկեղեցի սուրբ Սարգիս անունով։ Այդ բոլորովին փլատակված եկեղեցին ձևացնում էր ավերակների մի բլուր, որի միջի կիսաթաղ սրբատաշ քարերը խաչանիշ դրոշներով, և կիսակործան կամարները՝ մի հոյակապ շինվածքի մնացորդներն Էին։ Սնահավատ մարդկանց ավանդությունը պատմում է, թե հարուստ իշխաններից շատերը, իրանց հոգվո համար, կամեցել են նորոգել այդ եկեղեցին, բայց սուրբ Սարգիսը նրանց երազում երևալով հայտնել է, թե ինքը ուրախ է բնակվելու մի այդպիսի աղքատ ավերակների մեջ, այդ պատճառով նրան անվանում են անփառասեր, աղքատ սուրբ Սարգիս։ Ռամիկների մեջ այդ սրբազան ավերակները մեծակշիռ համարում ունին։ Կիրակեմուտ երեկոներին գյուղացի մոլեռանդ պառավները նրա փլատակած քարերի վրա վառում են իրանց յուղային ճրագները, աթարի կրակի վրա ծխում են լի բուռով անուշահոտ խունկեր, և իրանց երեկոյան աղոթքը ջերմեռանդությամբ կատարելուց հետո, թավալվում են նրա սուրբ հողերի և փոշիների մեջ, և իրանց երեսները այն նվիրական քարերին քսելով, սրբազան զգացմունքներով լի՝ դառնում են տուն։ Ջերմախտով և այլ ցավերով տկարացած բազմաթիվ հիվանդներ ամեն օր քնած են լինում այդ կիսակործան կամարների տակ, ջերմ հույսով, թե զորավոր սուրբ Սարդիսը իրանց ապաքինություն կպարգևե։
Սուրբ Սարգսի տոնախմբության օրերին, ամեն տարի, Զարեհավանի բոլոր գյուղերից այդտեղ հավաքվում են երկու սեռի անթիվ և անհամար ուխտավորներ։ Ծաղկավանում հանդիսանում է մի մեծ բանայիր, ուր տեր Մարկոսը յուր բոլոր եկեղեցական խաբեությամբ, մի մեծ և առատ վաստակ է ժողովում ռամիկ խառնիճաղանջի սնապաշտությունից։
Այդ սպանդարամետական հանդեսի մեջ հայ մարդը ձևանում է յուր հոգևոր և մարմնավոր բոլոր խնդություններով։ Բազմաթիվ նորահարսեր, աղջիկներ, սիրուն կանայք, տղամարդիկ, պառավ տանտիկիններ, ալևոր ծերունիներ, բոլորը զուգված զարդարված իրանց հարսանիքի հագուստներով, մի կողմից կատարում են սրբազան պաշտամունքներ, մյուս կողմից՝ ամբողջ յոթն օր և յոթն գիշեր, տեսակ տեսակ նվագարանների, սազի, չոնգուրի, դհոլի, զուռնայի ձայներով, խառնված միմյանց, պար բռնելով, երգ երգելով, ուտում, խմում, ուրախանում են...։ Շատ անգամ մի ախտալից, սիրաբորբոք պատանի, ոգևորված այն ռոմանական զգացմունքներով, թե ինչպես էր սուրբ Սարգիսը փախցրել հույնի աղջիկը, երբ տեսնում է մի գյուղացի սիրուն աղջիկ, որ յուր մոր հետ եկել էր ուխտ, իսկույն նրա մեջ վառվում է սերը... նա պարի մեջ մոտենում է աղջկան... շշնջում է նրա ականջին մի քանի սիրո խոսքեր... այդ կախարդական խոսքերը հրապուրում են աղջկա սիրտը... և՝ կես գիշերային լռին և խաղաղ պահուն, երր ուղտավորներից շատերը հարբած, հոգնած, քնած էին իրանց վրանների մեջ, տեր Մարկոսը միայնակ, լուսնի արծաթափայլ լուսով, մի քարի տակ, կատարում է երկու սիրահարների պսակը... Մայրը երկար որոնում է կորած աղջկան, բայց առավոտյան տեր Մարկոսը, նորահարսի և նորափեսայի ձեռքից բռնած տանում է նրանց նորահարսի մոր վրանը։ Նորահարսը ամոթխածությամբ կարմրած, երեսը ծածկելով՝ ընկնում է մոր ոտքերը...: Մայրը մի փոքր տհաճություն ցույց տված դեպքում «Դե՛, օրհնած, ասում է քահանան. այսօր սուրբ Մարգիս է, «աբեղաթող» է, սիրածը՝ սիրողինն է, փախցրածը փախցնողինը... այսօր այդպիսի բաների համար չկա ոչ մի արգելք, այսօր ազատություն է...»։ Մի քանի կաթիլ արտասուք գլորվում են մոր աչքերից և նա ակամա օրհնում է նորապսակները։
Մի այդպիսի անհամար բազմության մեջ, յուրաքանչյուր ուխտավորի մորթած մեկ, երկու կամ ավելի մատաղների բուրդերը (զիստը), ղևտական իրավունքով հասնում էր տեր Մարկոսին, իսկ հայոց քահանան այդ իրավունքի վրա ավելացրել է մի երկրորդ բան մատաղացուների կաշիները ևս...։ Տեր Մարկոսի խեղանդամ ծառան, ժամհարի հետ, կաղկղալով քարշ է գալիս ուխտավորների մեջ մատաղների բուդերը և կաշիները հավաքում։
Տեր Մարկոսը, շատ անգամ, կռիվ է անում այս–ինչ ուխտավորի հետ, թե ինչո՞ւ էր նա երկու կաշի տվել, երբ մորթել էր երեք մատաղ։ Ուխտավորը չէ ուրանում, չէ ասում, թե երեք մատաղ չէր, բացատրում է, թե կաշիներից մինը շունն էր գողացել, քահանանպահանջում է կորած կաշվի արժեքը։ Այսպիսի վեճեր, հաճախ, հասնում են տարաձայնության մինչ այն աստիճանը, որ պատճառ են տալիս քահանային և ուխտավորին միմյանց գլուխ կոտրելու և մորուք փետելու։ Տեր Մարկոսը չէ նահանջում, հազարումեկ անեծք թափելով խեղճ ուխտավորի գլխին, թող չէ տալիս նրան, մինչև կաշու գինը ստանում է։
Ստացած ոչխարների բուդերից տեր Մարկոսը պատրաստում է օրինավոր ղավուրմա, իսկ նրա ծառան, ձմեռային օրերում, երբ միսը թանկանում է, վաճառում է այդ ղավուրման բազարում շահավոր գնով։ Տեր Մարկոսի խորամանկությամբ և հնարագիտությամբ ավելի հորդացած այդպիսի և դրա նման առատաբուխ աղբյուրները, բաշխում էին նրան ամեն տարի մեծակշիռ արդյունքներ։ Դրա վրա ավելացնելով տեր Մարկոսի ժլատությամբ և չափազանց կծծությամբ ապրուստը, հասկանալի է, որ նա կարողացել էր ժողովել բավականաչափ արծաթ։ Նա յուր արծաթը փոխառության կամ շրջաբերության չէր դնում, ո՛չ՝ այդ արարքի աստվածային օրենքով արգելված լինելու պատճառով, այլ յուր գանձը թաղում էր հողի մեջ, կամենալով ժողովրդի աչքին ձևանալ աղքատ, ողորմելի և խեղճ քահանա ավելի աջահամբույր ստանալու համար։ Այդ նկատառումով նա միշտ ման էր գալիս պատառոտված հագուստներով և բոբիկ ոտներով։ Նրա մահուդի վերարկուն, քրքրված և եղոտված, կրում էր յուր վրա նրա նորընծայության օրերի թվականը։ Նրա մորթի գդակը, կորցնելով յուր բուրդը, նմանում էր գլխի վրա դրած մի պարկի...։
Տեր Մարկոսը (քանի՜ հազար այդպիսի տեր Մարկոսներ ունինք մենք...), Մաշտոցին և Տոնացուցին ծառայելը յուր քահանայության միակ նպատակը դարձնելով և քրիստոնեության բուն խորհրդին մի տարապայման և խոտորնակի կերպարանք տալով՝ փրկչի սուրբ Ավետարանը արել է մի ուռկան յուր նյութական օգուտը որսալու։
Հը՜մ... դո՞ւ էլ սկսեցիր մեր հոգևորականների ջիղը ծամել և նրանց ոտից քարշ տալ, իմ խոսքը կտրում է նեղսիրտ հնամոլը, երեսը խոժոռելով և աչքերից կայծակ թափելով։
Ո՛չ, պարոն, պատասխանում եմ ես. իմ ասածը տեր Մարկոսի համար էր... դուք կճանաչեք, թե ինչ պտուղ է տեր Մարկոսը... հրամայեցե՛ք Ռեսի հետ, ձեզ ներս կտանեմ նրա տունը, և ավելի լավ կծանոթացնեմ նրա հետ։
Չարության դևը մտած Ռես Վասակյանի սրտի մեջ, չարաչար խռովում և ամբոխում էր նրա հոգին։ Նա, միայնակ, վաղ առավոտյան, գնում էր Ծաղկավանի մի նեղ և ցեխոտ փողոցով, և նրա գլուխը նույն րոպեին ծանրացած էր ամենազարհուրելի մտածություններով... «Այն՝ որ հանձնառու չեղավ կատարել մարմնավոր բժիշկը... անպատճառ կկատարեմ հոգևոր բժշկի ձեռքով...», ստեպ ստեպ կրկնում էր նա յուր մտքի մեջ։
Վերջապես նա կանգ է առնում մի դռան առաջ, որ ճխանի վրա բաց էր, և առանց մուրճը զարկելու, կամ իմացում տալու, ներս է մտնում նախագավիթը, և յուր հետևից փակում է դուռը։ Նա, ոտքի մատերի վրա, ուշիկ ուշիկ, առանց մի ձայն հանելու, մոտենում, կանգնում է սենյակի փակ դռան առաջ, որտեղից լսելի էր լինում հետևյալ խոսակցությունը.
Ա՛յ տղա, Կարո՛։
Հրա՛մմե, տեր հա՛յր։
Մոմերը հալեցի՞ր, քանի՞ գլուխ եղավ։
Հրամեր եք, հալեցի, տասն և չորս գլուխ եղավ։
Ինչո՞ւ այդպես քիչ... բե՛ր մինը տեսնեմ։
Մի քանի րոպեից հետո.
Է՜յ դու գարշելի, գոռաց առաջին ձայնը, քանիցս անգամ պատվիրած եմ, որ մոմերի այրվածքը կտրես, որպեսզի այդ սևությունները չերևեին, բայց դու անմիտ ես, առավել քան մեր դրացու ավանակը։
Մի քանի րոպե լռություն․ առաջին ձայնը դարձյալ կոչեց.
Ահա քեզ եկեղեցու բանալին, կմտնես այն խորանը, որ գիտես, նույն արկղի մեջ դարձյալ կգտնես կիսավառ մոմի պատրույգներ. կբերե՛ս, կհալե՛ս...։
Ռեսը իսկույն հասկացավ, թե տեր Մարկոսը սովորություն է ունեցել եկեղեցուց գողանալ կիսավառ մոմերը, և հալել տալով, մեծ մեծ մոմի գլուխներ շինել՝ վաճառքի համար։ Բայց քանի որ նա մի այլ նպատակով էր եկել, քան թե լրտեսության համար, չսպասեց նրանց խոսակցության վերջը լսելու, երեք անգամ հազաց, իմացնելու յուր մոտենալը. դուռը հեզիկ բաց արեց և ներս մտավ։
Ռես Վասակյանը քաղաքավարությամբ սովորական ողջույնը տալով, նստեց քահանայի մոտ։
Բարի լինի, Ռես, խոսեց տեր Մարկոսը, ի՞նչ բախտով․ճանապարհներդ ծռե՞լ եք, հա՜... փառք քեզ տեր, երկու հակառակ ծայրերը միանում են...։
Ինչո՞ւ հակառակ, տեր հայր, պատասխանեց Վասակյանը, ձեզ հայտնի է իմ դեպի ձեզ միշտ ի սրտե բարյացակամությունը։
Թող այդպես լինի... բա՛յց և այնպես՝ տերտերի ու Ռեսի ջուրը մի առվակով չի գնալ, մինը՝ դեպի մի կողմն է քաշում, մյուսը՝ դեպի այլ կողմ։
Ես գիտեմ, այդ բոլոր խոսքերը կատակ են, խոսեց Ռեսը գործատեր մարդու ոճով։ Բայց թող առժամանակ հանաքը մնա։ Տեր հայր, ես պիտի խոսեմ ձեզ հետ մի ամենակարևոր գործի մասին. հրամայեցեք, որ ծառան հեռանա։
Տեր Մարկոսը աչքով արեց. ծառան դուրս գնաց։
Ռեսը ավելի մոտեցավ քահանային, և խոսեց։
Հայր, ի՞նչ է ձեր կարծիքը սպանության մասին։
Քրիստոնեությունը թույլ չէ տալիս սպանություն գործել, կտրուկ պատասխանեց տեր Մարկոսը։
Բայց եթե այդ գործը դնեինք մեր թշնամիների դեմ, մի այնպիսի թշնամու, որի մահը հազարավոր ազգայինների կյանք կորստից ազատելու պատճառ էր դառնում։
Ով էլ որ լինի, թշնամի թե բարեկամ՝ արգելված է։
Ճիշտ է, որ մեր կրոնքի հեղինակը հրաման չէ տալիս սուր բարձրացնել մեր թշնամիների և մեր նեղիչների դեմ։ Բա՛յց ազգասիրության և նախանձախնդրության սուրբ ձգտումը, որով գրգռվում է մեր արյունը, գործադրելու մեր սուրը՝ մեր իրավունքը, մեր ազգայնությունը և մեր կրոնը պահպանելու համար, այդ բնական զգացումը, որով ամեն մի անհատ պարտավորվում է պահպանել յուր անձնական և յուր ազգակցի պատիվը այդ բնական սուրբ զգացումը, կրկնում եմ, համարելու է զուտ ճշմարտություն և աստվածային օրենք։
Տեր Մարկոսը ժպտաց։ Նա Ռեսի բերնից լսում էր նոր խոսքեր, որոնք ամենևին չէին համապատասխանում նրա միչև այն ժամանակ ճանաչված բնավորության։
Ռե՛ս, որի՞ դեմ եք կամենում բարձրացնել ձեր վրեժխնդրության սուրը, հարցրուց տեր Մարկոսը ծիծաղելով։
Այդ սուր և կծու կատակը բնավ չկարողացավ խախտել Վասակյանի երկաթի հաստատությամբ մտադրությունը։ Նա առանց շփոթվելու, սառնասրտությամբ առաջ տարավ յուր խոսքը, ասելով.
Պատվելի հայր, իմ վրեժխնդրության սուրը ես չեմ բարձրացնում մի այլ ազգի կամ մի մեծ բազմության դեմ, այլ, որպես քահանա, խոստովանաբա՛ր եմ հայտնում ձեզ, որ ես չափազանց ոխ ունիմ դեպ մի մարդ, և կամենում եմ վրեժխնդիր լինել նրան մահվամբ. ո՛չ թե նրա համար, որ այդ մարդը ինձ որևէ անձնական վնաս է հասցրել, այլ, առավելապես, այն պատճառով, որ իմ խղճմտանքս ինձ տանջում է, տեսնելով այդ մարդը ազգային մարմնի մեջ, որպես ապականիչ և փտեցուցիչ կերցավ, օրեցօր ավերում է ազգային մարմնի շինվածքը, և անտարակույս, մի օր պատճառելու է նրա ցավալի կործանումը...։ Մովսեսի օրինակը բավական է ինձ՝ ազգասիրաբար վերջ տալու մի այդպիսի մարդու կյանքին։
Բայց տեր Մարկոսը դյուրավ խաբվելու մարդ չէր. նա ավելի խորամանկ էր՝ քան հարյուր սատանա։ Նա ակներև տեսնում էր Ռեսի խոսքերի մեջ մի թաքնված գաղտնիք, որ Ռեսը կամենում էր վարագուրել կեղծավոր խոսքերով։ Այլապես, նա քաջ ճանաչում էր Ռեսի հոգին որը ոչ միայն հայոց ազգը, այլ բոլոր մարդկությունը պատրաստ էր վաճառել մի քանի փարայի, եթե նրան արծաթ տային։
Տեր Մարկոսը բռնեց Ռեսի ձեռքը, համակրաբար նայեց նրա երեսին, և ասաց.
Պարոն Վասակյան, ավելի լավ կլիներ, եթե դուք բոլորովին բացեիք իմ առաջ ձեր սիրտը, միանգամայն հուսալով որ կգտնեիք իմ կարեկցությունը և իմ հաճությունը։
Ռես Վասակյանը մտածության գնաց, և ոչինչ չպատասխանեց։
Ո՞վ է ձեր ասած մարդը, հարցրուց տեր Մարկոսը։
Մի՞թե դուք չգիտեք, թե ո՞վ է մեր ազգի և կրոնքի թշնամին։
Այդպիսի մարդիկ շատ ունինք, դուք ասացե՛ք, թե որի՞ մասին եք խոսում։
Պարոն Ռուստամը, տեր-Առաքելենց մահտեսի Ավետիսի որդին։
Նա արդեն հիվանդ է, դուք թողեք աստուծո կամքին, գուցե աստված ինքը վերջ տա նրա կյանքին։
Բայց Ռես Վասակյանը վստահ լինելով, որ արծաթը ավելի գործակատար է քան աստված՝ դրեց տեր Մարկոսի առաջ մի քսակ լի ոսկով, միևնույն քսակը, որ նա առաջարկել էր մըստր Սեյսունին, անգլիացի բժշկին, որ նա յուր դարմաններով թունավորեր պարոն Ռուստամին։
Ահա, այդ ոսկիները ձեզ պարգև. դուք կատարեցեք իմ խնդիրը, ասաց Ռես Վասակյանը։
Ինչ է ձեր միտքը, հարցրուց քահանան շփոթվելով։
Ձեր ձեռքով առավել դյուրին է սպանել նրան. դուք կարող եք անել այդ սուրբ հաղորդության միջոցով։
Սուրբ հաղորդությա՞ն միջոցով... ո՞րպես։
Դրա օրինակները քիչ չեն մեր ազգային պատմության մեջ... օրինակ՝ թույն խառնելով սուրբ հաղորդության մեջ, և այնպես մատուցանելով հիվանդին։
Այդ դարձյալ սպանություն է... մեղք է...։
Ես քանի քանի՛ փաստերով ապացուցեցի, թե մեղք չէ՝ դուք ընդունեցեք այդ ոսկիները։
Տեր Մարկոսը վերցրեց Հուդայի արծաթը, համբուրեց, այնուհետև ասաց.
Բայց պետք է, այդ գործը մնա գաղտնի մեր երկուսի մեջ։
Բերեք Ավետարանը, ես կերդվեմ, եթե չեք հավատում։
Տեր Մարկոսը դրեց գետնին Ավետարանը։ Ռես Վասակյանը սկսեց զարհուրելի երդումներով երդվել։
Ես կպատրաստեմ թունավոր հաղորդությունը, միայն պետք է մի հնար գտնել, որ նրանք, այսինքն տեր-Առաքելենք ցանկանային հաղորդել իրանց հիվանդը, ասաց տեր Մարկոսը։
Այդ հոգսը թողեք ինձ, պատասխանեց Ռեսը ուրախությամբ. միայն դուք պատրաստ եղեք, երբ կանչեն ձեզ։
Շատ բարի։
Մնաք բարյավ։
Գնացեք խաղաղությամբ։
Ռես Վասակյանը հեռացավ։
ԻԳ
ՏԻՐՈՋ ՄԱՐՄԻՆԸ
Պարոն Ռուստամի հիվանդությունը օրըստօրե ծանրանում էր։ Մըստր Սեյսունը բանացրել էր յուր բժշկական բոլոր հնարները մնացել էր անճար։ Նկատելով յուր հիվանդի մեջ ավելի բարոյական ցավեր, քան թե ֆիզիկական, նա պատվիրում էր հեռու պահել հիվանդից այն բոլորը, որ կարող էր նրան հոգեկան խռովություն պատճառել։ Մանավանդ նա արգելում էր տեր-Առաքելենց բարեկամների անտանելի այցելությունները, որոնցից խորշում էր հիվանդը յուր առողջության ժամանակ իսկ։
Պարոն Մելիքզադեն, միայնակ հիվանդի մոտ, կատարում էր նրա բոլոր ծառայությունները։ Աշխարունիները գալիս էին երբեմն։ Մահտեսի Ավետիսը և տիկին Սկուհին չէին կարողանում ցամաք աչքով նայել իրանց որդու վրա, այդ պատճառով գալիս էին նրա մոտ խիստ սակավ։ Բայց Հուրի Խան-Դայան յուր մի քանի պառավ ընկերուհիների հետ, չէին թողնում հիվանդին հանգիստ մնա։ Նրանք շատ անգամ, մըստր Սեյսունից գաղտնի, միջոց գտնելով, մտնում էին պարոն Ռուստամի մոտ, և նյութում նրա համար զանազան բժշկական հնարներ, գործ դնելով ոչ այնքան դարմաններ, որքան կախարդական գործողություններ։
Մի օր, արևածագից առաջ Հուրի Խան-Դայան, նստած թոնրի մոտ, խորին մտածողության մեջ տաքանում էր։ Հանկարծ ներս մտավ նրա մոտ միականի Գոզեն, Ռես Վասակյանի քառասունամյա քույրը, որի սպնգանման երեսը, ցրտից լրջացած՝ միևնույն ժամանակ խիստ անտանելի էր։
Բարի լինի... ի՞նչ կա, աղջի, այսպես վաղ առավոտյան, հարցրուց Հուրի Խան-Դայան, նրա երեսին նայելով։
Փա՜ռք աստուծո, բարի է, պատասխանեց օրիորդ Վասակյանը ծամծմելով։ Եկա ձեզ մի նեղություն տամ, հույս ունիմ ընդունեք ձեր բարեսրտությամբ, առաքինի մայրիկ. «պորտս ընկել է» քանի օր է, որ բոլորովին քուն չունիմ ցավից, օրըստօրե տկարանում եմ, ցերեկով ամաչեցի ձեզ մոտ գալ. առավոտյան կանուխ եկա, որ «աղոթել տամ»։
Օրիորդը պեսպես տարապայման շարժմունքներով կամենում էր ցույց տալ, թե իրոք փորի մեջ մեծ ցավեր էր զգում։
Ե՛կ, նստի՛ր, խղճալի աղջիկ, ասաց պառավը ցավակցաբար, երևի կարողությունիցդ դուրս ծանր բան ես վեր առել և պորտդ վեր ես գցել, ե՛կ, նստի՛ր, մի կանգնի՛ր, կրկնեց նա։
Գոզեն մոտեցավ, նստեց թոնրի ափին, Հուրի Խան-Դայայի մոտ։ Նրա փոքր տաքանալուց հետո, պառավը ձեռքը տարավ դեպ նրա փորը և մի քանի րոպե շոշափելուց հետո, ասաց.
Վա՜յ խղճալի, մեկ թիզից ավել է իջել դեպի ցած. հո՛ղը քո գլխին, ինչո՞ւ շուտով խաբար չտվեցիր, որ մի ճար անեինք։
Ա՜խ, ի՞նչ անեմ, մայրիկ, քանի որ մտել եմ այդ անիծված վարժարանը գլուխս քորելու ժամանակ չունիմ, այնքան աշխատեցնում են...։
Այդպե՞ս է... հենց այն սատանայի բունի մեջ պիտի՞ մի կտոր հաց ճարեիր, ասաց տհաճությամբ պառավը և հրամայեց Գոզեին պառկել քամակի վրա։ Բոլորովին բաց անելով նրա փորը նա սկսեց ձեռքերով ու մատներով զանազան շարժումներ անել և մաժմաժել, միևնույն ժամանակ չդադարելով կարդալ այնպիսի աղոթքներ, որոնք ոչ մի գրքում գրված չեն։
Պառավ օրիորդը շուտով բարձրացավ, մի քանի անգամ հազաց և Հուրի Խան-Դայայի ձեռքը պաչեց, ասելով.
Մայրիկ քո հոգին լուսի մեջ լինի. այժմ բոլորովին հանգստացա։
Բայց Գոզեի ո՛չ պորտն էր ընկել, ո՛չ մորտը։ Նա մի ուրիշ փորացավ ուներ...։
Ի՞նչպես է այժմ Ռուստամի հիվանդությունը, հարցրուց նա ցավակցաբար։
Ա՜խ, Ռուստամից ամենևին մի հարցրու, քույրիկ, հառաչանք պատասխանեց պառավը։ Ռուստամը, դժվա՛ր մեկ էլ աշխարհ տեսնե...։
Վա՜յ, իմ աչիկս քոռանար, այդ ի՜նչ եմ լսում, ձայն տվեց միականի օրիորդը և սկսեց լալ։
Պառավի ցամաքած աչքերը նույնպես լցվեցան։
Աստված մեզանից առել է... ասաց նա գլուխը շարժելով։
Բայց դուք, մայրիկ, դուք այդպես չէիք, դուք մեռելներ էիք ողջացնում, այժմ ի՞նչպես է, որ ձեր թոռան համար մնացել եք անճար։
Ժամանակը փոխվել է․ այժմ ո՞վ է լսում ծերի խրատը...: Մի՛թե ինձ իմ կամքի՞ն են թողնում. մի քանի անաստվածներ հավաքված, չեն իմանում ի՞նչ են անում... մաշեցի՜ն, մեռցրի՜ն խեղճ երեխաս։
Աստված փչացնե նրանց, ասաց պառավ աղջիկը ավելի ևս կեղծավորվելով։ Բայց, մայրիկ, խոսքը փոխեց նա, երբ այդքան երկյուղ կա Ռուստամի կյանքի համար, գոնյա՛ դո՛ւք մտածեցեք սուրբ հաղորդության մասին։
Բա՜, սուրբ հաղորդությո՞ւն... կրկնեց խորհրդական ձայնով պառավը։ Ախ, վաղուց արդեն սուրբը և սրբությունը վերացել են տանից...։
Բայց ինչ վնաս ունի, հիվանդի համար հոգևոր կերակուր է. մարմնին առողջություն և ցավերին փարատություն կտա։
Դժբախտաբար իմ տան մեջ սնուցանվում է մի այնպիսի կրոնք, որի համար ո՛չ մի հայ քահանա հանձնառու չէ լինելու իմ տան մեջ կատարել յուր այդ սուրբ քրիստոնեական պարտքը։
Բայց եթե դուք կամք կտաք, ես կհայտնեմ իմ եղբորը, նա կխնդրե տեր Մարկոսից, որ բարեհաճե հաղորդել ձեր հիվանդը։
Դուք չափազանց կպարտավորեք մեզ։
Այժմ մնաք բարյավ։
Տեր ընդ ձեզ։
Բանսարկուի քույրը, ոգևորված ուրախությամբ, դուրս գնաց տեր-Առաքելենց տնից։ Նա գտավ եղբոր սենյակում՝ Ռեսը տեր Մարկոսի հետ միասին։
Ի՞նչ եղավ, հարցրուց նրա եղբայրը։
Հուրի Խան-Դայան սիրով ընդունեց իմ խորհուրդը, և նա շնորհակալությամբ կընդունե քահանան, եթե կամենար հաղորդել նրանց հիվանդը, պատասխանեց նրա քույրը։
Շա՛տ բարի, ասաց Ռեսը սառնությամբ, կամենալով ծածկել յուր ներքին ուրախությունը։ Շատ ուրախ եմ, որ այդպիսով մեր քրիստոնյա եղբայրներից մինը չէ կորչելու... միայն թե, Գոզալ, ասացեք խնդրեմ, Հուրի Խան-Դայան ե՞րբ ժամադիր եղավ քահանան ընդունելու։
Արևմուտքից երեք ժամ անցած, որովհետև այդ միջոցին հիվանդի մոտ չեն լինելու յուր բարեկամները, որոնք կարող էին արգելք լինել։
Շա՛տ լավ․ դուք, քույր իմ, այժմ կարող եք հեռանալ, ամենևին ոչ ոքի չհայտնելով, թե դուք այսօր եղել եք տեր-Առաքելենց տանը, և կամ խոսացել եք մի այդպիսի առարկայի մասին։
Գոզեն դուրս գնաց։
Գիտե՞ք ինչ կա, տեր հայր, խոսեց Վասակյանը, երբ նրանք մնացել էին միայնակ լա՛վ է մտածել Հուրի Խան-Դայան, այո, պետք է մտնել հիվանդի մոտ մի այնպիսի ժամանակ, երբ բժիշկը, աշխարունիները, Մելիքզադեն այնտեղ չլինեին, եթե ոչ՝ մեր բոլոր հույսերը կորած են։
Այդ առավել լավ է, պատասխանեց քահանան բանիմաց մարդու եղանակով, բայց վնաս ևս չունի, եթե նրանք այնտեղ գտնվին, որովհետև թույնը ա՛յնպես է պատրաստված, որ եթե, աստուծո հաջողությամբ հիվանդը շնորհ տաներ դեպի ստորին աշխարհը, դարձյալ կասկածել չէր տա մեր մասին։
Շուտով հասավ անբախտ երեկոն և արևմուտից անց երեք ժամը...։ Թանձր մութի մեջ երկու կետեր շարժվում էին դեպ տեր–Առաքելենց տունը։
Դուք ներս գնացեք, տեր հայր, ասաց մի ձայն, ես մի փոքր կսպասեմ. թող չիմանան, մենք երկուսս եկել ենք միասին։
Լա՛վ, դուք մնացեք այստեղ, պատասխանեց երկրորդ ձայնը։
Բժիշկը կատարելով յուր երեկոյան այցելությունը, հեռացել էր։ Հիվանդի մոտ մնացել էր միայն պարոն Խոսրով Մելիքզադեն, երբ տեր Մարկոսը ներս մտավ։ Իսկ տանեցիք լսելով քահանայի գալուստը, շուտով բոլորը հավաքվեցան հիվանդի սենյակը։ Կես ժամից հետո հայտնվեց Ռեսը։ Նա, մոտենալով հիվանդի մահճակալին, սկսեց նայել նրա նիհար երեսին։
Մինչև ե՞րբ, աստված, պիտի թողնես դրան այդ տրտում մահճի մեջ, կոչեց նա հառաչանքով և սկսեց լալ։
Ռեսի երկսայրի խոսքը նրա համար չէր, որ աստված հիվանդը վեր կանգներ յուր հիվանդության մահճից դեպ լույս աշխարհ, այլ տաներ դեպ մահվան գերեզմանը։
Դուք խիստ շուտ փղձկեցաք, օրհնած, ասաց Ռեսին տեր Մարկոսը, մխիթարելով ի՞նչ կա եղել, աստուծո շնորհիվ շուտով չենք տեսնելու մեր բարեկամը այդպես պառկած հիվանդության մահճի մեջ։ Տերը կհատուցանե նրան...։
՛'չ, տեր հայր, Ռուստամը... ա՜խ Ռուստամը... մեր սիրելի բարեկամը... դա շպետք է այդքան մաշվեր... կրկնեց նա հեկեկալով։ Վասակյանի արտասուքը շարժեց բոլորի լացը, և տեր Մարկոսը նույնպես երեսը դեպ մյուս կողմը թեքեց, թաշկինակ քսեց երեսին, որպես թե չորացնում էր յուր աչքերի արտասուքը։
Պարոն Մելիքղադեն, հեռվից արհամարհանոք նայում էր դրանց վրա, ոչինչ գին չդնելով նրանց սրտերի անտեղի զեղմունքին։
Միևնույն միջոցին, Հուրի Խան-Դայան, մոտենալով քահանային, սկսեց համբուրել նրա ձեռքերը, ասելով.
Տեր հայր, ծառա եմ սուրբ աջիդ, մատաղ լինեմ ոտքիդ հողին, աստծո սիրույն, ողորմություն արեք, և մի թողեք, որ իմ թոռս մեռնի որպես մի թուրք, առանց սուրբ հաղորդության, առանց քահանայի։
Դուք, մայրիկ, պիտի մտածեք, որ ձեր թոռը հրաժարված է հայոց սուրբ եկեղեցու հաղորդակցությունից, պատասխանեց քահանան սառնությամբ։
Ես աղաչում եմ, ես խնդրում եմ, եթե հնար էր... Եվ սկսեց պառավը թախանձել, նրա ոտքերը համբուրելով:
Բայց գիտե՞ք, ինձ արգելված է իմ մեծավորի կողմից, և գուցե պատժի տակ կգցեի իմ անձս, գործելով սրբազան առաջնորդի հրամանի դեմ։
Իսկապես, Ատրպատականի սրբազան առաջնորդը, նզովելով պարոն Ռուսաամին յուր ընկերների հետ, հրաժարեցրել էր հայոց եկեզեցու հետ հաղորդակցությունից։ Եվ տեր Մարկոսը, այդ իրղությունը պատճառ բերելով, աշխատում էր ավելի թանկ գնով վաճառել յուր թույնը: Ի՞նչ պետք է հիվանդին հաղորդել տիրոջ մարմնով, մյուս կողմից, նրանց խոսքը կտրելով, մեջ մտավ պարոն Մելիքզադեն։
Ի՞նչպես պետք չէ, պատասխանեց քահանան մի փոքր բարկացած. տիրոջ մարմինը մեզ համար և՛ հոգևոր, և՛ մարմնավոր կերակուր է. նա զորություն է տալիս տկարացած մարմնին։
Այդ հիմարություն է, կրկնեց մանուկ տղամարդը։
Ի՞նչպես հիմարություն, մի'թե սուրբ Ավետարանը ամեն օր այդպես չէ՞ քարոզում մեզ։
Պարոն Մելիքզադեն կամենալով ճանաչել հայ քահանայի հայացքը սուրբ գրվածքի գիտության վրա, ավելորդ չհամարեց մի փոքր ավել խոսացնել նրան. այդ պատճառով հարցրեց.
Դուք կարդացե՞լ եք, դուք գիտե՞ք ինչ է գրված սուրբ Ավետարանի մեջ։
Հա՛... հա՛... հա՛... հա՛… սկսեց ծիծաղել տեր Մարկոսը։ Դուք, պարոն, հարցնում եք ինձ, որպես մի վարժատան աշակերտի։
Այո՛, հարցնում եմ, ի՞նչ է գրված սուրբ Ավետարանի մեջ։
Սուրբ Ավետարանի մեջ անթիվ և անհամար բաներ։
Զոր օրինակ․ Քրիստոսի կյանքի բոլոր պատմությունը. թե ո՛րպես նրան յուր երեխայության ժամանակ հանձներին հրեա Ռաբբիի մոտ գիր և գիտություն սովորելու, և նա, առանց այբ և բենը դաս առնելու սկսեց կարդալ Թովրաթը։ Այնուհետև, ո՛րպես նա աշակերտ եղավ մի հյուսան մոտ, և յուր վարպետի պատվերին հակառակ՝ երեք կտոր կտրեց գերանը, որ պիտի երկու կտոր կտրեր, և թե՝ ո՛րպես զարմացավ վարպետը, տեսնելով, որ գերանի երեքմասի ամեն մեկ կտորը նույն չափը ուներ, որքան պետք է ունենար գերանի կեսը։ Եվ այնուհետև, ո՛ րպես նա աշակերտ եղավ մի ներկարարի մոտ և այնտեղ նույնպես ցույց տվեց յուր հրաշքը մի կարասի միջից, որ կապույտ էր ներկում՝ դուրս բերելով անթիվ և անհամար գույներով կտավներ...։ Եվ թե, ո՛րպես նա ազատեց լճակում խեղդվող հեթանոս երեխայքը…։
Պարոն Մելիքզադեն նկատելով, որ տեր Մարկոսը յուր պատմությանը վերջ չէ տալու, կտրեց նրա խոսքը, ասելով.
Երևի դուք չեք հասկանում սուրբ Ավետարանը, որովհետև այդպիսի առասպելներ նրա մեջ գրված չեն։
Ապա «Մանուկ Ավետարա՞նը», հարցրուց քահանան։
«Մանուկ Ավետարանը» ավանդությունների լոկ ժողովածու է։ Տեր Մարկոսը, լսելով նրա կոշտ պատասխանները, չափազանց վշտացավ և կամենալով պապանձեցնել նրան, մտածեց առաջարկել մի այնպիսի հարց, որին չկարողանար պատասխանել նա։
Դո՛ւք, որ այդպես մեծ-մեծ խոսում եք, պատասխանեցեք, եթե գիտեք ինչո՞ւ համար Քրիստոս աշխարհ եկավ։
Պարոն Մելիքզադեն ակամա ժպտեց։
Քրիստոս յուր կամքով աշխարհ չեկավ, որ հարկ լիներ քննել նրա նպատակը։ Նույնպես, եթե նա յուր կյանքի ասպարեզում ընտրել էր առավել ուղիղ և ազնիվ պարտք բարեկարգել և վերանորոգել ավերված մարդկությունը նրա հոգու մի այդպիսի ձգտումը, չենք կարող համարել մի գերբնական և նախասահմանյալ բան այլ, բարի և խելացի մարդու գործ։
Տեր Մարկոսը, համարյա չհասկանալով յուր խոսակցի ասածը, առաջ տարավ.
Ձեր խոսքերը այնպես մութն են, որպես դրսում խավար գիշերը։ Բայց եթե դուք կխոստովանեք ձեր տգիտությունը սուրբ գրոց մեջ, ես կպատմեմ, թե ի՞նչ պատճառով Քրիստոս աշխարհ եկավ։
Իհա՛րկե, ո՛րպես կարող է մի աշխարհական մարդ ձեր չափ տգիտություն ունենալ... կատակով ասաց պարոն Մելիքզադեն։
Տեր Մարկոսը, յուր լսածը ուղիղ համարելով, ասաց.
Քրիստոս աշխարհ եկավ Ադամի սատանային տված «ձեռագիրն» ջնջելու համար։
Ի՞նչ ձեռագիր էր այդ, հարցրուց նա ծիծաղելով։
Սատանան, օձի կերպարանքով դրախտն մտնելով, խաբեց նախաստեղծ մարդիկը, նրանց ուտեցնելով թզենու արգելված ծառի պտղից։ Աստված անիծեց Ադամին և Եվային, և արտաքսեց դրախտից ա՛յն ժամուն, երբ դրսում մութ էր։ Նրանք, դրախտի մեջ միշտ լուսո մեջ բնակված լինելով՝ շատ տխրեցան խավարի համար։ Սատանան, գիտանալով, որ լուսաբացին հազիվ մեկ ժամ էր մնում մոտեցավ նրանց, ասաց, թե ինքը կարող էր նրանց համար լույս բերել։ Նախածնողքը ուրախացան, աղաչեցին չար ոգուն։ «Ինձ ի՞նչ վարձ կտաք դրա համար», ասաց սատանան։ «Մենք մերկ ենք, մենք ո՛չինչ չունինք», պատասխանեցին նրանք։ «Ո՛չ, դուք ունիք մի բան, որ, կարո՛ղ եք տալ ինձ», խոսեց սատանան. «խոստացեք ինձ տալ ձեր ու ձեզանից ծնված սերունդի հոգիները»։
Ադամն ու Եվան, չհասկանալով, թե ինչ բան է հոգին՝ խոստացան նրան տալ։ Նրանց խոստումը, վկայության համար, գրվեցավ մի քարյա տախտակի վրա, և այդ քարյա տախտակը ձգվեցավ Հորդանան գետի մեջ։ Շատ չանցավ, բնականաբար արևը ծագեց, որովհետև մոտ էր լուսաբացին։ Ահա այդ պատճառով մենք ևս մինչև այսօր արևածագից մի ժամ առաջ եղած խավարին՝ «Ադամա մութն» անունն ենք տալիս։ Այդ անիծյալ ձեռագիրն մնաց Հորդանան գետի մեջ, մինչև Քրիստոս աշխարհ եկավ։ Մինչև այդ օրը սատանան տիրում էր մարդկանց հոգիներին, բայց երբ Քրիստոս Հորդանան մտավ, և սուրբ Հովաննես, քավոր դառնալով մկրտեց նրան, այն ժամանակ նա՝ ոտքը կոխելով այն քարետախտակի վրա՝ ջնջեց Ադամի տված ձեռագիրը. իսկ յուր Հարությունից հետո, դժոխքն մտնելով՝ ազատեց արդար հոգիները, որոնք նույն ձեռագրի զորությամբ սատանան գերի էր տարել։
Այդ ձեր պատմածը նույնպես Ավետարանում գրվա՞ծ է, նրա խոսքը կտրեց պարոն Մելիքզադեն։
Իհա՛րկե, օրհնած, արդյոք կա՞ մի բան, որ սուրբ Ավետարանում գրված չլինի։
Վա՜յ այն ազգին, վա՜յ այն ժողովրդին՝ որ ունի ձեզ նման քահանաներ... ասաց պարոն Մելիքզադեն վշտանալով։
Այո՛, այդպես է... որովհետև գրված է «մի արկանեք զմարգարիտս ձեր առաջի...»։ Տեր Մարկոսը, ոչ թե քաղաքավարության համար չկամեցավ արտասանել վերջին բառը՝ այլ մոռացավ Ավետարանի խոսքը։
Ասացեք «առաջի սոխոց», կատակաբանեց պարոն Մելիքզադեն։
Դուք արդեն իմանում եք, էլ ևս ինչ ասեմ։
Պարոն Մելիքզադեն նայեց ժամացույցին, տեսավ գիշերից բավական ժամանակ անցել էր;
Որպես ես նկատում եմ, ասաց նա ձեր խոսակցությունը կերկարի, լավ է, որ հանգիստ թողնեք հիվանդը, ես գնում եմ քնելու, դուք, տեր հայր, գնացեք մյուս սենյակը, այնտեղ ձեզ ունկնդիրներ կգտնեք։
Ռես Վասակյանը իսկույն որսաց հաջող միջոցն, մտածելով, թե ավելի ձեռնտու էր իրանց խորհուրդին, երբ պարոն Մելիքզադեն գնար քնելու։ Իրանք մյուս սենյակում ժամանակ անցնելով Հուրի Խան-Դայայի հետ, այնուհետև կարող էին գտնել հիվանդը միայնակ և անպաշտպան։
Երբ նրանք տեղափոխվեցան մյուս սենյակը, տեր Մարկոսը, ազատվելով յուր հակառակորդի ձեռքից, և կամենալով ավելի ոգևորել Հուրի Խան-Դայայի ջերմեռանդությունը սուրբ հաղորդության համար, ասաց.
Դուք այժմ բավական հասկացաք, թե ինչ էր Քրիստոսի աշխարհ գալու խորհուրդը։ Բայը մնաց մի բան էլ ձեզ հասկացնելու, որ տերն մեր Հիսուս Քրիստոս, յուր աշխարհ գալով և մարդու կերպարանք ընդունելով, ո՛չ միայն ջնջեց Ադամա ձեռագիրը և ազատեց մեր հոգիները սատանայի իշխանությունից, ա՛յլև կենդանացրեց հոգիները, յուր սուրբ մարմինը և սուրբ արյունը կերակուր և ըմպելի տալով նրանց, որ և մենք՝ քահանայքս, կատարում ենք սուրբ պատարագի խորհրդով, հացի և գինու օրինակներով, որոնք, թեպետ ձեր աշխարհականներիդ աչքին անտեսանելի են՝ բայց մենք՝ քահանայքս տեսնում ենք՝ որ սկիհի մեջ ճշմարտությամբ փոխվում են միս և արյունի...։
Այդ միջոցին Ռես Վասակյանը անդադար խաչակնքում էր յուր երեսը, աղոթք կարդում, «փառք քեզ Քրիստոս, աստված մեր, փառք քո սքանչելիքներին», ասում էր նա կեղծավորաբար։
Հուրի Խան-Դայան խնդրեց, որ ավելի պարզ կերպով մեկնաբանե նրան սուրբ հաղորդության խորհուրդը։
Օրհնած, ի՞նչ անհասկանալի բան կա իմ ասածներիս մեջ։ Մարդ ասածդ բաղկանում է երկու բանից մարմնից և հոգուց։ Մարմինը ա՛յն է, որ մենք տեսնում ենք. ունի ձեռք, ոտք, գլուխ, և այլն, խոսում է, շարժվում է, գործում է, ապրում է, և յուր կենդանությունը պահպանելու համար, կարոտ է կերակուրների հացի և ջրի։ Բայց հոգին՝ մի լուսեղեն էակ է, որ ավելի նմանություն ունի աղավնիի, և դրած է մարդու սրտի մեջ որպես մեկ թռչուն վանդակի մեջ։ Ձեռքդ դիր սրտիդ վրա, շոշափիր կուրծքդ, իսկույն զգալու ես, թե որպես անդադար թրթռում է նա. այդ նրա հանապազօրյա սաղմոսերգությունն է, փառաբանությունն է աստծուն, որ կատարում է ծնրադրությամբ և երկրպագությամբ։ Որպես ասացի, մեր մարմինը կարոտ է կերակուրի, հոգին նո՛ւյնպես այդ կարիքն ունի։ Դրա համար տերն մեր Հիսուս Քրիստոս սահմանեց սուրբ հաղորդության խորհուրդը, յուր մարմինը կերակուր՝ և յուր արյունը՝ ըմպելի բաշխելով մեր հոգիներին։ Յուրաքանչյուր տարի մի քանի անգամ սուրբ հաղորդություն ընդունելը՝ բավական է հոգին միշտ կուշտ պահելու համար։
Ուրեմն, ով որ չընդունի սուրբ հաղորդությունը՝ նրա հոգին կմեռնի՞, հարցրուց Հուրի Խան−Դայան։
Ոչ միայն հոգին կմեռնի, այլև տկարանալով՝ կմեռնի նրա մարմինը, որպես օրինակը տեսնում եք ձեր թոռան մեջ, պատասխանեց տեր Մարկոսը։
Երկրորդ անգամն էր, որ Ռես Վասակյանը մտնելով հիվանդի մոտ, գտավ նրան միայնակ քնած։ Իսկ պարոն Մելիքզադեն հեռու, մի այլ սենյակում՝ խռխռում էր խորին քնի մեջ։
Վաղուց արդեն աքաղաղները սկսել էին խոսել։
Գիշերային լռության այդ պահուն, երբ բոլոր խրճիթների գերդաստանները գիշիրվա հանգիստն էին վայելում՝ Հովասաբենց տան մեջ վառվում էր մի ճրագ։ Օրիորդ Սալբին, տխուր և հուսահատ, միայնակ նստած էր յուր քնարանում։ Նա անխորհուրդ կերպով ականջ էր դնում ժամացույցի չկչկոցին, որ ահա զարկեց տասնևերկուսը։
Նրա ննջարանի դուռը ներսից կողպած էր։ Բայց ո՛րքան մեծ եղավ նրա զարմացքը, երբ երեսը թեքեց, տեսավ դռան մոտ կանգնած մի բարձրահասակ, թխազգեստ կին։ Սարսափը և զարհուրանքի սարսուռը ցնցեց խղճալի օրիորդի բոլոր անդամները. և նա զգաց մի անսովոր երկյուղ, կարծելով՝ թե դա ղույլաբանին էր։
Մի քանի աղոթքներ կարդալով, օրիորդը զորություն առավ, և ժողովելով յուր ուժը, հարցրուց. Ո՞վ եք դուք։
Հսկայամարմին ոգին շարժվեց դեպ առաջ, և միևնույն ժամանակ նրա երեսից վեր առած դիմակի տակից, երևան եղավ նրա թուխ, որպես թե արևից այրված զարհուրելի կերպարանքը, որ լուսափայլում էր նրա ճրագի նման վառվող աչքերից։ Օրիորդ Սալբին յուր բոլոր հոգեկան կարողությամբ դարձյալ դողդողում էր երկյուղից, կարծելով, թե արդեն մահը, յուր սև կերպարանքով՝ եկել է առնելու նրա հոգին։
Չքնաղագեղ օրիորդ, մի երկնչիք, խոսեց ոգին մեղմ և գրավիչ ձայնով արդարև, իմ արտաքին կերպարանքը զարհուրելի է, բայց, հավատացնում եմ, որ այդ սարսափելի կերպարանքի մեջ, ամենաքնքուշ սիրտ՝ ջերմ զարկում է ձեզ համար։
Օրիորդը, չհավատալով յուր ականջներին, պնդեց յուր սիրտը և մյուս անգամ հարցրուց.
Ո՞վ եք դուք։
Ձեր ընտանեկան պատմությունը, ձեր Հովասաբ նախապապի օրերից, ո՛չ բոլորովին ծածուկ է թողնում մի ժամանակ ձեր տան մեջ ծառայող Խլվլիկ անուն դևիկի ցավալի ավանդությունը։ Ահա կանգնած է նա ձեր առաջ, որպես ձեզ շնորհապարտ աղախին։
Ի՞նչ շնորհ եմ ցույց տվել ես քեզ, երբ քո սարսափելի երեսը առաջին անգամն եմ տեսնում։
Դուք այրեցիք իմ մոր ձեռքով ձեր տան մեջ թողած իմ գլխի մազերից մի հյուս՝ որի չարաչար գործադրությամբ Հովասաբենք միշտ չարչարել են ինձ, բայց դուք ազատեցիք Խլվլիկին յուր ծառայությունից, և այրելով այն խորհրդական մազերը՝ ջնջեցիք նրանց թիլիսմը։
Օրիորդը իսկույն մտաբերեց Խլվլիկի մասին առասպելական պատմությունը, և թե ո՛րպես ինքը այրել էր նրա մազերը, որ յուր մայրը գործ էր ածում զանազան կախարդությանը մեջ։
Այժմ ի՞նչ ես դու կամենում, հարցրուց նա։
Ես հայտնվեցա հայտնելու, թե դևերը նույնպես ունին բարի սիրտ, և թե՝ նրանք կարող են վարձատրել իրանց բարերարներին բարի գործով։ Բայց լսիր, չքնաղագեղ օրիորդ. քո թշնամիները անթիվ են. նրանք ամեն ժամ և ամեն րոպե զանազան որոգայթներ են լարում, քեզ որսալու համար։ Նրանք հսկում են քո սիրած նշանածի կյանքի վրա. այս րոպեիս մի սևսիրտ քահանա, թույն պատրաստած հաղորդության սկիհի մեջ՝ պիտի մատուցանե քո Ռուստամին։ Դուք իմացում տվեք պարոն Մելիքզադեին՝ որ արգիլե սպանության գործողությունը։ Այդ լուրը ձեզ տալուց հետո, հայտնում եմ, որ, որպես մինչև այսօր, այսուհետև նո՛ւյնպես՝ Խլվլիկը միշտ պատրաստ է օգնել ձեզ փորձանքի ժամերին։ Նա թողնում է ձեզ յուր մազերից մի պուրակ, որը՝ երբ երեք անգամ շարժեք դեպ արևմուտք, իսկույն Խլվլիկը երևան կգա։
Այդ խոսքերի հետ նա վերցրեց օրիորդ Սալբիի պչրանքի սեղանի վրայից մկրատը, կտրից յուր գլխի սև հյուսերից մինը և դրավ սեղանի վրա։
Խլվլիկը աներևութացավ։
Օրիորդ Սալբին, յուր տեսիլքը համարելով երևակայական ցնորք, և ամենևին չհավատալով յուր լսածներին, ծունկ իջավ հատակի վրա, և սկսեց ջերմեռանդությամբ աղոթել։
Միևնույն րոպեին՝ մի ձեռք խթեց պարոն Մելիքզադեի կողքը։ Նա աչքերը բաց արեց, յուր մահճի մոտ տեսավ օրիորդ Նազանին, օրիորդ Սալբիի աղախինը։
Վեր կաց, ասաց նա, հալածիր այդ չարագործները, որ հաղորդության մեջ թույն են կամենում մատուցանել Ռուստամին։
Դա Խլվլիկն էր՝ օրիորդ Նազանու կերպարանքը առած...։
Ռես Վասակյանի մինչ այժմ կատարած չարագործություններն անգամ բավական կարող էին լինել բնորոշելու նրա նկարագիրը։ Մեզ ներելի կլինի մի լրացուցիչ տեղեկություն ևս տալ նրա պատանեկական և երիտասարդական հասակում վարած կյանքի և արարքների մասին։
Ռեսը, յուր տասնևութ տարեկան հասակում, մի չնչին պատճառով՝ Ծաղկավանում, մի մարդ սպանած լինելու համար՝ այլևս չկարողացավ գլուխ պահել այնտեղ, փախստական եղած, հեռացավ դեպ օտար աշխարհներ։ Թափառելով Եվրոպայի քրիստոնյա տերությունների մեջ, նա երկար ժամանակ ապրում էր մուրացկանությամբ։ Բայց երբ մի փոքր ծանոթացել էր այդ ազգերի բնավորությունների հետ՝ մի այլ դժնդակ միտք հղացավ նրա մեջ։ Եղեռնական գաղափարը շուտով կերպարանագործվեցավ նրա մտքի մեջ, և դրա իրագործման համար՝ նա անցավ դեպ Ռուսաստան։ Այնտեղ նա գտավ յուր երկրացի մի քանի շրջմոլիկ ծանոթներ, որոնք նույնպես ապրում էին մուրացկանությամբ, և գրավելով նրանց կամքը՝ իսկույն որսաց դեպ յուր կողմը։
Հունձքի ժամանակ է, եղբայրնե՛ր, ասում է նա յուր ընկերներին. նայելով այս ազգի հիմարության մեր գործը լավ առաջ կգնա այս երկրում։
Ի՞նչ գործ էր այդ։
Ռեսը՝ յուր ընկերների հետ իսկույն կազմեց ավազակների մի զարհուրելի խումբ, զինվորված խաբեբայության բոլոր հնարքներով, որոնց նպատակն էր կողոպտել, հափշտակել, սպանել։
Նրանք հեռացան Ռուսաստանի այն գավառները, որոնք ավելի հեռու էին մայրաքաղաքներից, բայց այնտեղ ճանաչելով մուժիկների (ռամիկ) մոլեռանդությունը և մանրահավատությունը՝ նրանք իրանց գործին մի այլ կերպարանք տվեցին։ Երուսաղեմից եկած հույն աբեղաների անունով, սև մազից կոշտ հագուստներ հագած նրանք սկսեցին ման գալ ռուսների տները, և պատմելով Երուսաղեմի աղքատությունը, և նրա թշվառությունը թուրքերի ձեռքում, շարժում էին ֆանատիկոսների կարեկցությունը դեպի սուրբ վանքը՝ և աննկարագրելի խաբեբայություններով փող որսում։ Նրանք իրանց հետ շրջեցնում էին խաչեր, սրբոց մասունքներ, և փոքրիկ պատկերներ...։ Կարդում էին Ավետարան և այլ հոգևոր երգեր իրանց հնարած լեզվով, և ծանր գներով վաճառում էին իբրև սուրբ վանքի հիշատակներ, ձիթապտղի կորիզներից հորինած տերողորմյաներ, սադափյա փոքրիկ խաչեր, որ իրանք էին շինում գիշերներով։
Եվ այդպես, շուտով կազմվեցավ աբեղայական մի կարգ՝ կերպարանագործված զարհուրելի խաբեբայությամբ։
Եթե աշխարհիս մեջ անիրավությունները և չարագործությունները արժան են որևէ գովասանության՝ Ռես Վասակյանը միայն իրավունք ունի վայելելու այն սև փառքը, պարծենալով այդ կարգի հիմնադրի անունով։ Պարծանք և հայերին. չէ՞ որ մենք էլ ենք ունեցել մեր...։
Խաբեբաների կարգը՝ գնալով ընդարձակվում էր, և նրանք օրըստօրե նոր անդամներ էին գտնում, Նրանք տարածվեցան երկրագնդի ա՛յն անկյունները, ուր ավելի տիրում էր մտավոր խավարը, ուր քրիստոնեությունը գտնվում էր մռայլոտ հեթանոսության մեջ։
Հնարել էին նշանախոսություններ զանազան տեսակի։ «Գեղի խոտ» նրանց բառարանում նշանակում էր միս: Երբ կամենային հասկացնել թե տանուտերը հիմար մարդ է, կարելի է կողոպտել, նրանք, իրենց սուտ ավետարանը կարդալուց հետո, շատ անգամ երգում էին այսպիսի և սրա նման շարականներ.
«Ալելույա, ալելույա,
Վերնատունը դատարկ է,
Էշը մեզ հպատակ է,
Բարձի՛ր, քանի ատակ է,
Երուսաղեմա հիշատակ է»;
Իսկ երբ կամին հայտնել, թե բանը անհաջող դրության մեջն է, կամ իրանցից հեռու չէ վտանգը, պետք է փախչել երգում էին.
«Ալելույա, ալելույա,
Մեր տղա, շունը հաչում է,
Կծոտը մեզ ճանաչում է,
Աչքերդ շուտ թաց արա,
Գնա դուռը բաց արա»։
Շատ անգամ երգում էին այնպիսի ջանգյուլումներ, որ որևէ իմաստ էին հայտնում։ Բայց նրանք ավելի հաճախ, իրենց միտքը հայտնում էին նշանախոսությամբ, առանց որևէ բարբառի ձեռքով, աչքով, ոտքով, հոնքով, և այլն։ Նրանք հնարեցին առանձին գիր, կարդալ և լեզու։
Ռուսաստանի անկարգ ոստիկանությունը, յուր թույլ հետազոտություններով՝ երբեք չկարողացավ այդ չարագործներից մինն անգամ բռնել։ Երբ մի տեղ նրանց խաբեբայությունը հայտնվում էր, և բռնվելու կասկած կար՝ նրանք շուտով փոխում էին իրանց եկեղեցական սև հագուստը. Ավետարան, խաչ, պատկեր և մասունքները պարկ էին դրվում, և այնուհետև, մի փոքրիկ արկղ շալակած՝ նրանք դռնից դուռ ման էին գալիս, և թափառաշրջիկ ջհուդների անուններով, վաճառում էին երեխաների խաղալիքներ, և զանազան մանրուք, որ միշտ իրանց մոտ պատրաստ ունեին։ Շատ անգամ ևս ձևանում էին իբր օտարերկրյա բժիշկներ, և վաճառում էին անօգուտ փոշիներ։ Իսկ եթե այդ ևս չէր հաջողվում, նրանք ընդունում էին թափառական բոշաների կերպարանք. գուշակություններ էին կատարում, հմայում էին, և զանազան նվագարաններ ածելով՝ պար էին գալիս և դրամ ժողովում։
Դրանց չբռնվելու գաղտնիքներից մինը ևս արծաթի շնորհիվ ռուսաց ոստիկաններից ազատվելու դրությունն էր։ Հակառակ դեպքում կարգի անդամները պատրաստ ունեին տարբեր տերությունների, զանազան գործերով և անուններով անցագրեր, ո՛ւր և ո՛րը հարկավոր էր լինում, այն էին ցույց տալիս։
Եվ այդպիսով դրանք շահեցին մի քանի կեղտոտ անուններ. որպես «պառավ խեղդողներ» «խաչագողներ» «էշ ներկողներ» և այլն։
Այդ անունները առանց պատճառի չէին ընդունել նրանք։
«Պառավ խեղդող» կոչվում էին նրա համար, որ շատ անգամ մի ջերմեռանդ և երկյուղած պառավ կին, կամ ալևոր մարդ, հրավիրում է «Երուսաղեմի աբեղաներին» յուր տունը պատվասիրելու համար։ Իսկ գիշերը, երախտագետ «աբեղաները» խեղդում են հյուրընկալը և կողոպտում նրա տունը։
«Խաչագող» կոչվում էին նրա համար, որ շատ անգամ նրանք իրանց ընկերներից մինը մեռած ձևացնելով՝ դագաղի մեջ դնում են եկեղեցում։ Մեռելը, գիշերվա ընթացքում հարություն առնելով՝ գողանում է եկեղեցու թանկագին անոթները, արծաթի խաչրը և այլն։ Պատահել են այնպիսի դեպքեր, որ եկեղեցու խաչերը իրանց դագաղի մեջ առած միասին մտնում են գերեզման, այնուհետև գերեզմանից հարություն է առնում ավազակը յուր կողոպուտներով։ Հրաշալի՜ գողություն․․․։
«էշ ներկող» կոչվում էին նրա համար, որ շատ անգամ կարգի անդամները, գողանալով սպիտակ գույնով ավանակներ և ձիեր, ու մի այլ գույնի ներկելով՝ վաճառատեղի էին դուրս բերում և ծախում, այնպես, որ եթե տերերն անգամ իրանք ևս գնելու լինեին՝ դժվարությամբ կարող էին ճանաչել իրանց գրաստները։
Վասակյանը Ռուսաստանում գտավ առևտրի մի նոր եղանակ, այսինքն, վաճառել յուր կրոնը և ընդունել հունա-սլավոնական դավանություն։ Երբեմն՝ հա՛յ եմ, ասելով, երբեմն հրեա, և երբեմն թուրք եմ ասելով, խաբում էր նա ռուսաց մանախներին (կուսակրոն) և մեծ արծաթ ստանալով՝ պարբերաբար ընդունում էր նրանց կրոնը։ Այդ տեսակ կրոնավաճառությունը շարունակել է նա ամեն տեղ, ուր չէին ճանաչում նրան։ Բայց այն միակ կարոտը մնաց Վասակյանի սրտում, և կմնա մինչև նրա մահը, որ, չնայելով նա Ռուսաստանում քսան անգամ ռուս էր դարձել, քանի անգամ կաթոլիկ, քանի՛ անգամ պրոտեստանտ, բայց Թուրքիայում չհաջողեց երկու անգամ փող ստանալ և ընդունել իսլամը, որովհետև, երկրորդ անգամ, երբ կամեցան թլփատել նրան՝ տեսան, արդեն կտրած էր.․․։ Վասակյանը երկար հավատացնել էր ջանում, թե ինքը հրեա է, և երեխայությունից ունի թլփատություն, բայց քանի որ նա առաջուց սխալվել էր, ասելով, թե հայ է նրան չհավատացին։
Չնայելով Վասակյանի սատանայական խորամանկությանը, նրա անսանձ հանդգնությանը և ճարտարամիտ հնարագիտություններին, նա մի անգամ բռնվեց, երբ յուր ընկերների հետ նստած, կեղծ թղթադրամներ էին շինում։ Դրանով նա ոչ միայն կորցրեց յուր ունեցած բոլոր հարստությունը, այլև աքսորվեցավ դեպի Սիրիրիայի հեռավոր գավառները։
Աքսորանքի մեջ նա երկար չմնաց. շուտով փախչելու հնար գտավ։ Մտնելով Չինաստանի փակյալ կայսրության երկիրը՝ մի քանի տարի այնտեղ թափառելուց հետո, նա անցավ Հնդկաստան։ Այստեղ, նրա ժիր և գործունյա հանճարը դարձյալ դատարկ չմնաց։ Գիտնալով մի քանի լեզու, նա շուտով պաշտոն ստացավ հնդկաց կռապաշտ թագավորի մոտ։ Հայտնի չէ, ընդունե՞ց արդյոք նա բրահմինների կրոնը, թե ոչ, բայց տարակույս չունինք, որ նա յուր նյութական օգտի համար պատրաստ էր ընդունել բոլոր կրոնները։ Հայտնի է միայն, որ կարճ ժամանակում, նա ժողովեց բավական արծաթ։ Այնուհետև, ասես թե հոգնած յուր գործունեությունից, նա մտածեց դառնալ յուր հայրենիքը և հանգիստ առնել։
Հնդկաստանից անցավ Բաղդադ, այնտեղից Երուսաղեմ։ Կամենալով մոռացության տալ յուր գլխից անցածը, և ընդունել մի ոչխարի զգեստ՝ Երուսաղեմում, յուր ձեռքը և բազուկները դրոշմեց մահտեսության կնիքով, և, մի նոր մարդ դարձած, իբրև կատարյալ հայ-քրիստոնյա, մի օր հայտնվեց Ծաղկավանում, յուր հետ բերելով յուր մահվան պատանը։ Երկար տարիներ պանդխտության մեջ թափառելով նա վերադարձավ յուր հայրենիքը՝ արդեն հասակն առած։ Յուր ազգակիցներից նա կենդանի գտավ միայն յուր քույրը միականի պառավ Գոզեն, որը, յուր ամենազզվելի տգեղության համար, չկարողացավ ոչ մինի կին դառնալ։
Վասակյանը արդեն մտածում էր «տնավորվել» և հայերի ասության ոճով՝ աշխարհ մտնել: Շուտով, յուր արծաթի շնորհիվ նա հաջողեց իրան կին բերել մի պարկեշտ և առաքինի մանկահասակ այրի, գեղեցիկ կերպարանքով։ Բայց ափսոս, որ «Մեղրը շան տիկի մեջ» էր։ Անբախտ կինը ոչ մի մխիթարություն չգտնելով յուր մոլի և չարաբարո ամուսնուց, օրեցօր մաշվելով նրա անտանելի կենակցությունից, բարակացավ ստացավ, և ապա անգութ մահը հանգիստ տվեց խղճալուն սառը հողի տակ։
«Քամու բերածը՝ քամին կտանե», ասում է հայկական առածը։ Երկար չդիմացան Վասակյանի փայլուն ոսկիները և պսպղուն գոհարները, որ նա բերել էր Հնդկաստանից. բոլորը ճարակ դարձան նրա շռայլությանը, և մի քանի տարուց հետո, նա նո՛ւյնպես աղքատ էր, որպես առաջ։ Նա մտաբերեց Եվրոպան... կարգը... աբեղայությունը... ավազակությունը... և կրկին կամեցավ հագնել պանդխտության տրեխները՝ բայց արդեն ուշ էր, նրա հասակը չէր ներում այդ, նա արդեն անցել էր հիսունից։
Վերջապես նա տաղտկանում է անգործությունից և աղքատության կարիքը ստիպում է նրան գտնել մի պարապմունք։ Նա, յուր ոսկիների մնացորդը գործ դնելով, կարողացավ կաշառել Զարեհավանի տիրող խանը և Ծաղկավանի մելիքը, որով ստացավ յուր հայրենի գյուղի մեջ ռեսի կամ ռայիսի (այսինքն տանուտերի) պաշտոն։
Ռեսը դարձյալ համարում էր իրան հասած ծայրացյալ երջանկության։ Արդարև, ո՛րքան բախտավորություն է չարագործ և կաշառասեր մարդկանց համար տանուտեր լինելը։ Ամեն մարդ նրան խոնարհվում է, ամեն մարդ նրան հարգում է, բոլորը նրանից վախենում են, դողում են...։ Ո՛ր տան մեջ խաշ կամ հարիսա են եփել՝ ո՜վ կարող է առանց տանուտերի մի պատառ բերանը տանել. ո՛րտեղ կնունքաճաշ են տալիս կամ ժամուհաց, և կամ հարսանիք է՝ տանուտե՛րն է նստում սեղանների պատվավոր գլխում, լիքը բաժակները ստանում է տանուտերը, գեր ու պարարտ բաժինները ուտում է տանուտերը։ Ամեն հանդիսի, ամեն մեջլիսի, ամեն ժողովքի մեջ՝ նա պատվավոր բարձի տեղ ունի, և Ծաղկավանում ամենածանրակշռից մինչև ամենաչնչին գործերը՝ կատարվում են տանուտերի խորհրդով։
Ռեսը յուր պաշտոնով լինելով մելիքի որպես թե օգնականը և նրա ստորադրյալը, նպատակ ուներ միշտ ծառայել յուր և նրա օգուտի համար։ Սրանք, երկուսը միասին պետք էր իրանց որսացած կաշառքներից մի մասը հանեին Զարեհավանի տեր խանին, որ կարողանային իրանց ավազակությունները առանց կասկածի և աներկյուղ առաջ տանել։ Դրա համար խղճալի գյուղացիք միշտ ստիպված են հաշտվել և բարեկամանալ Ռեսի հետ, որովհետև, վայ այն մարդու սև օրին, որին մի փոքր թեք աչքով էր նայում Ռեսը։
Տանուտերին հարգում են ավելի անտերունչ և այրի կանայք, և կամ այնպիսիները, որոնց ամուսինները գնացել էին օտար աշխարհ պանդխտության։ Այսպիսի կանայք ավելի են կարոտ նրա կարեկցության, և առավելապես են ենթարկված նրա կամքին... ոչ միայն նրա համար, որ տանուտերը պաշտպան էր նրանց խանի հարկերի ծանրությունից, այլ որպեսզի պատկանածից ավել հարկ չգներ նրանց վրա։
Ահա՛ այդ հին գայլը, այդ զարհուրելի ավազակը, որ յուր սատանայական խորամանկությամբ ամբողջ մարդկությունը համարում էր մի գործիք յուր օգտին ծառայեցնելու համար, այժմ, հուսահատված, անճարացած, տխուր ու տրտում սրտով, միայնակ, նստած յուր տան մեջ, հեղեղում էր յուր սրտի մեջ այսպիսի մտածումներ։
«Այդ փորձը նույնպես անհաջող անցավ... ասում էր նա դիվական ափսոսանքով։ Հոգևոր բժիշկն ևս ոչինչ չկարողացավ անել... գուժաբեր ժամանակը հասնում է...» Այո՛, անցավ մեծ պասը, և այսօր Զատիկ է։ Ես նախանձով տեսնում եմ մարդկանց երթևեկությունը միմյանց տները, և նրանց՝ ուրախ սրտով միմյանց շնորհավորելը տիրոջ հարությունը։ Բայց իմ դռները այսօր փակ են իմ բարեկամների առաջ, որովհետև իմ մեջ սիրտ չէ՛ մնացել ուրախանալու...։
«Ես խիստ թանկ գնով գնեցի բարեկենդանից մինչև Զատիկ յոթն շաբաթը՝ այն հիմար վարդապետից... բայց, ի՞նչ արինք մենք, ինչ գործ կատարեցինք իսկապես ոչինչ...։ Մեզ մնում է քառասուն օր ևս, երբ «զկնի հինանց», մեր հիմար պապերի ավանդության համաձայն հարսանիք անելը թույլատրվում է։ Ա՜խ, եթե այս քառասուն օրերը ևս անցնենք առանց որևիցե գործ կատարած լինելու. առանց պսակելու մեր նպատակը, ո՜ւֆ, այդ մա՜հ է, մա՜հ...։ Ո՜հ, հեռացե՛ք, գիշերադեմ մտքեր...։ Ես մաղեցի բոլոր աշխարհը իմ օգուտը գտնելու համար, բևեռից բևեռ էի ես լարում իմ որսողության ուռկանները, բայց երբեք, և ոչ մի ժամանակ ես չմնացի անճար, ամեն ինչ հնարավոր էր դառնում ինձ համար, ո՜հ, ասես թե մի գերբնական զորությամբ բոլոր բնությունը հնազանդում էր ինձ...։ Բայց այժմ մնացել եմ անճար մի հպարտ և հաստատամիտ օրիորդի և մի հանդուգն, անագորույն տղամարդի ձեռքում։
«Սողոմոն-բեկը հիմար է, որպես գառնուկ․ նրանից կարելի է շորթել, ո՛րքան կամենաս...։ Բայց վա՜յ թե ես չկարողանամ որսալ նրա սրտի սիրուհին, այն ժամանակ, ո՜հ, կորա՛ծ են իմ բոլոր հույսերը...»։
Ռես Վասակյանը երկար մտածելուց հետո կանչեց յուր մոտ յուր քույրը։
Քույրիկ, ասաց նա կոտրած սրտով. քեզ հայտնի է այն նպատակը, որի համար քեզ հանձնարարեցի ծառայել պարոն Աշխարունու աղջկանց վարժարանում. բայց դու մինչև այսօր չբերիր մեզ մի հուսալի լուր օրիորդ Սալբիի մասին։
Ա՜խ, եղբա՛յր, պատասխանեց հառաչանոք նրա քույրը. օրիորդ Սալբին, ասես թե դևերից յոթն օր առաջ ծնված լինի, և սատանաների ծիծ է ծծել... Դու կարծում ես, թե նրա հետ համարձակ կարելի՞ է խոսել, ոչ... արծվի նման ծվատում է և օձի նման թույն է թափում...։
Ուրեմն, ի՞նչ ես կարծում դու, չէ՞ կարելի...
Ռեսի ձայնը խեղդվեցավ սրտի վրդովմունքից։ Նրա քույրը հասկանալով, թե յուր եղբայրը ի՞նչ էր կամենում ասել՝ պատասխանեց.
Ես ամենևին հույս չունիմ, որ այդ սատանայի պտուղը համոզվի սիրել Սոլոմոն-բեկին, քանի կենդանի է նրա նշանածը պարոն Ռուստամը։
«Արդարև՛, նրա մա՛հը, մա՛հը կպսակե մեր նպատակը... ա՜խ, իսկ այդ ցանկալի մահը չէ՛ հաջողվում մեզ...», մտածեց նա դիվական ախորժանքով։
Քրոջ խոսքերից ավելի հուսահատված, Ռես Վասակյանը վեր կացավ, հագուստը փոխեց, և գնաց Ավազակենց տունը Զատիկ շնորհավորելու համար։
Սոլոմոն-բեկը, այն օր հիվանդ ձևանալով, չէր ընդունում ավելորդ այցելուներ, բայց լսելով Ռեսի գալուստը, հրամայեց, որ յուր մոտ կանչեն։
«Շնորհավոր Զատիկ, Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց», ասաց Վասակյանը բռնելով նրա ձեռքը։
Սև՜ և դժբա՜խտ Զատիկ, «զի Ռուստամ հարյավ ի մեռելոց...», պատասխանեց տրտմությամբ մելիքի որդին։
Եվ իսկապես, պարոն Ռուստամը միջինքից հետո, բոլորովին առողջանալով, վեր էր կացել յուր մահճից, և օրեցօր կազդուրվելով նրա կազմվածքը՝ խափանում էր նրանց հույսը յուր մահվան վերաբերյալ։
Ծառաները իմացում տվին, թե պարոն Արամ և տիկին Սալլաթին Աշխարունիները կամենում էին ներկայանալ։ Նրանք իրանց խոսքը կիսատ թողին, և ընդունելով մի փոքր ուրախ և զվարթ կերպարանք, պատրաստվեցան ընդունել պատվելի այցելուները։
Սովորական շնորհավորությունից հետո, պարոն Արամը և նրա կինը, քնքշությամբ համբուրելով Սոլոմոն-բեկի և Ռեսի շրթունքը քաղաքավարի կերպով նստեցին նրանց մոտ։
Ծաղկավանում, մի ասիական կեղտոտ սովորության համաձայն, օրենք չէր կանանց՝ մարդկանց այցելության գնալ, և նրանց հետ շրթունք-շրթունքի հպեցնել։ Այդ պատճառով, տիկին Սալլաթինի այսօրինակ համարձակությունը, և նրա տարապայման ընթացքը՝ խիստ խոտելի էր թվում ռամիկ ծաղկավանցոց աչքին, ո՜ւր մնաց, որ ա՛յդ նրանք համարում էին մի արտաքո կարգի լրբություն։
Ռես Վասակյանը նկատեց, որ Սոլոմոն-բեկը չէր մտածում զբաղեցնել հյուրերին խոսակցությամբ, ուր մնաց, որ նա խոսել անգամ չգիտեր։ Բայց քանի որ ինքը ձիրք ուներ կոտրատել ամեն տեսակ նյութերի մասին, քաշկռտվիլ ուսումնական խնդիրների մեջ, և երբեմն, որպես հմուտ աստվածաբան՝ վերասլանալ մտքով դեպ վերացական գաղափարները Ռես Վասակյանը, պարոն Աշխարունուն հաճոյանալու համար, ասաց.
Թեպետ Ավետարանի ճշմարիտ վարդապետության համաձայն, մեզ, քրիստոնյաներիս համար չկա որոշված տոներ, կյուրակիներ, ամսամուտներ և այլ հանդիսավոր օրեր, թեպետ մեզ, քրիստոնյաներիս չէ թույլատրված ավետարանական կրոնի մեջ պաշտել հեթանոսական սովորություններ, բա՛յց տոներին հարգ տալու սովորությունը ժամանակի խորին հնությունից, ավանդորեն գալով՝ հասել է մինչև մեր օրերը, և մեր կյանքում, սնվելով մեր շունչի, մեր արյունի հետ, և միանալով մեր հանճարի, մեր մտքի ու ամբողջ մեր իմացականության հետ դարձել են, համարյա մեր հոգու մի մասը, և չեն բաժանվում մեզանից։ Մտածեցե՛ք, արժանապատիվ պարոններ, թե որքան անհեռադրելի է նախապաշարմունքը և կույր հնամոլությունը...։ Այսօր իմաստությունը և հիմարը, լուսավորյալը և խավարամիտը, աղքատ թե հարուստ՝ բոլորը ուրախանում են Զատկի տոնախմբությամբ...։