Raffi
Սալբի
15
Ծիծաղը կրկին ցնցեց օրիորդ Սալբիի վարդագույն շրթունքը։
Ես չեմ կարծում նրա կողմից մի այդպիսի մեծահոգություն, ասաց նա։
Նա պատճառ ուներ այդպես անելու, պատասխանեց տիկին Թարլանը։ Աստված դրել է նրա սրտի մեջ այն բարենպատակ ցանկությունը, որով նա խնդրում է ձեր սերը։ Աստված նրան ազդել է այն վսեմ հոժարությունը, որով նա խոնարհվում է պսակ կապել մի աղքատ աղջկա հետ։
Օրիորդ Սալբին ոչինչ պատասխան չտվավ։ Արտասուքը նրա աչքերի մեջ չէին կարողանում շիջուցանել կրակը բոցավառված աչքերի և նրա շնչառությունը խեղդվում էր սրտի տհաճությունից և մրրկահույզ վրդովմունքից։
Սալբի, սիրական, հառաջ տարավ մայրը, մի լավ մտածեցեք. Սոլոմոն-բեկը, մեր երկրի առաջին իշխանի որդին ցանկանում է պսակվիլ քեզ հետ... այդ աստուծո ողորմությունը չէ՞...։
Ուրեմն դուք միտք ունիք պղծել իմ հոր սուրբ ուխտը, պատասխանեց օրիորդը վշտացած կերպով։
Ի՞նչ պետք է արած... երբ աղքատությունը ստիպում է...։ «Հարկ զօրէնս լուծանէ», ասում է գիրքը, պատասխանեց նրա մայրը։
Ուրեմն դուք կամիք վաճառե՞լ ինձ։
Ոչ։ Բայց ես իբրև մայր, իբրև առավել փորձառու իմ այնքան անցուցած օրերով, կամենում եմ բախտավորել քեզ. հաստատ գիտելով այդ չար աշխարհի գործը, որ նա յուր դառնությունները միշտ թափում է աղքատների վրա..., բայց արծաթից, իբրև կախարդական թիլիսիմից, միշտ փախչում են կյանքի հոգսերը...։
Մայր իմ, ասաց նա հանդարտությամբ, դուք խիստ սխալվում եք ձեր դատողությանց մեջ. որովհետև, արծաթը թունավորում է երջանկություն ասած բանը։
Ձեր մանուկ սրտին դյուրին է այդպես մտածել, բայց իմ ծամերը սպիտակացել են վշտակրության մեջ. ես առել եմ աշխարհի դառն համը... այդ պատճառով, մտածում եմ քեզ համար, գոնյա, ես հանգստությամբ գերեզման մտնեմ, չտանելով իմ հետ հողի տակ և այն ցավը, թե դուք մնացիք արևի տակ ինձ նման դժբախտ...։
Աղքատությունը մեղք բան չէ, պատասխանեց օրիորդ Սալբին սառնությանբ։ Եվ եթե մարդիկ կսանձեին իրանց եսական շահասիրությունները և մարդասիրությունը տեղի կգտներ բարի քրիստոնյաների մեջ, այն ժամանակ կարող էինք ասել, աղքատություն ասած բանը չէ ապրում աշխարհի մեջ։
Դրանք վերացական մտքեր են, որդի, նրա խոսքը կտրեց տիկին Թարլանը։ Մենք պետք է մեր անձը հարմարեցնենք ներկա ժամանակի և մեր կյանքի պիտույքների հետ։
Ժամանակի հետ ես գործ չունիմ. ես ամենևին ուշադրություն չեմ դարձնում, թե ի՛նչ բաներ գործվում էին իմ շրջակայքում. բայց ես գործ ունիմ իմ սրտի, իմ մտքի, իմ գաղափարների հետ. ես իմ անձս կհարմարացնեմ իմ կամքի հետ, մտածելով, թե երկու սիրավառ սրտերի համար և այն փոքրիկ, համեստ խրճիթների մեջ կարելի էր գտնել բախտավորություն։
Դուք ապրում եք ֆանտազիայով, կրկնեց նրա մայրը վշտացած սրտով և ավելի չկամեցավ խոսել նրա հետ, այլ առավ չարսավը, սկսավ գնալ առավոտյան ժամը խռոված սրտով։ Նա ճանապարհում անիծում էր ինքն յուր անձը, յուր անխելքությունը, թե ինչու յուր աղջիկը տվեց ուսում և գիտություն սովորելու, որ կարողանա մինչև այն աստիճան լրբանալ, ընդդիմանություն գործելով յուր կամքին, կամ այնպես համարձակ և անամոթ կերպով խոսել սիրո վրա։ Նա գնաց ժամ աղոթելու և սրբերու բարեխոսությունները խնդրելու, որ յուր աղջկա միտքը փոխեին...։
Ժամից դուրս գալուց հետո նրան հանդիպեց ճանապարհում Ռես Վասակյանը, որ՝ յուր կյանքում եկեղեցվո երես տեսած չլինելով, նույն առավոտ գնացել էր, այն մտոք, որ կարողանա խոսել տիկին Թարլանի հետ։
Եկեղեցում մեր պարտքը աստծուն հատուցանելեն հետո, այժմ մնում է մեզ լցնել մեր պարտավորությունները դեպ մարդիկ, խոսեց նա ավելի բարեպաշտություն ցույց տալով։ Գիտե՞ք, պատվելի տիկին, որքան անհանգիստ եմ ձեր գործի մասին... Ես մտադիր էի ձեզ մոտ գալ այս առավոտ, լավ եղավ, հանդիպեցանք միմյանց. դուք խոսեցի՞ք ձեր դստեր հետ այն խորհրդի մասին, որ անցյալ օր այնքան սիրով ընդունեցիք դուք։
Տիկին Թարլանը, տակավին հույս ունենալով թե մի կերպով կարող էր համոզել յուր աղջիկը, պատասխանեց. Ի՞նչ հարկ կար այդ մասին խորհրդակցել իմ դստեր հետ. միթե մեր աղջիկները մինչ այն աստիճան լրբացա՞ծ են, որ կարողանային ընդդիմություն գործել իրանց ծնողների կամքին։ Մենք ունինք իշխանություն մեր աղջիկների վրա, ոչ միայն մեր ուզած մարդին տալու, այլև վաճառելու։
Ահա՛ ամենաճշմարիտ խոսվածքը, կրկնեց բանսարկուն։ Միայն հիմար Եվրոպան շնորհել է յուր որդիներին այնքան անտեղի ազատություններ ամուսնության մասին։ Բայց իրավ, մեր ասիացի ծնողները առավել իրավացի վարվել գիտեն իրանց որդիների հետ...։ Եվ Եվրոպայի պղծությունները մեծ ապացույց են, նրանց չարաչար սխալմունքներին։
Իշխանություն տալ հասուն աղջիկներին, իրենց կամքի ազատությամբ ընտրել փեսա, ասել է թե փչացնել, ոչնչացնել նրանց, պատասխանեց տիկին Թարլանը։
Օ՜հ, խելքս տանում են այդ ճշմարտաքարոզ խոսքերը, կրկնեց կեղծավորը։ Դուք, տիկին, խոսում եք իսկ և իսկ Ավետարանի միջից, բայց ներողություն, խնդրեմ, որ մի ամենահարկավոր գործ դժբախտաբար ինձ զրկում է ձեր մեղրաճաշակ զրույցներից, առայժմ մնաք բարյավ։
Տիկին Թարլանից բաժանվելով, պարոն Վասակյանին հանդիպեց Միրզա-Ֆաթալին, որ թանկագին ջորու վրա նստած, գնում էր յուր գյուղը, որ ոչ այնքան հեռի էր քաղաքից։
Հը՜մ... բարեկամ, ի՞նչ եղավ, հարցրուց նա, ես կատարեցի ձեր կամքը, դուք էլ կատարեցեք ձեր խոստումները։
Անտարակույս, այս րոպեիս գնում եմ Սողոմոն-բեկի մոտ. առավոտյան կստանաք հինգ հարյուր թումանը, պատասխանեց պարոն Վասակյանը։
Մնացյալ հինգ հարյուր թումանը, դուք պիտի բաժանեք տեր Մարկոսի՞ հետ։
Իհարկե։
Ա՜յ դու սատանա, կրկնեց Միրզան և յուր ձեռքի մտրակը դեպի նա շարժելով, հեռացավ։
Սատանա բառը Միրզա-Ֆաթալին սովորաբար գործ էր ածում խելոք բառի փոխարեն։
Այնտեղից անցնելով Ռեսը ուղղակի դիմեց դեպի Ավազակյանց իշխանի տունը և գտավ Սոլոմոն-բեկին միայնակ յուր սենյակում։
Ի՞նչ արեցիք, հարցրուց Սոլոմոն բեկը։
Մինչև մի բան չպարգևեք ինձ, չեմ ասի, պատասխանեց պարոն Վասակյանը, ավելի թանկ ծախելով յուր գիտցածը։
Թե աստված կսիրես, ասա։
Էլ Ի՞նչ ասեմ, երկնային ավետիք, որ աստված ուղարկում է յուր հրեշտակների լեզվով, օրիորդ Սալբին այժմ ձերն է...։
Ուղղո՞րդ, եթե այդպես լինի, ես կավելացնեմ իմ խոստացածի վրա և մի քանի թուման։
Ճշմարիտ... աստված է վկա, որ սուտ չեմ ասում։
Սոլոմոն-բեկը հափշտակվեցավ հիացմունքով։
Բայց ժամանակ կորցնել պետք չէ, կրկնեց Ռեսը. դուք հրամայեցեք, թե որտեղից կամենում էիք տալ մի հազար թումանը, այսօր իրիկնապահին ժամադիր եմ եղած հասցնել Միրզա-Ֆաթալիին։
Առեք այդ տոմսակը, գնացեք բազառ. այնտեղ գանձապետից կստանաք բոլոր գումարը, և հատուցանելով Միրզա-Ֆաթալիին՝ կստանաք նրանից գրավաթուղթը, և առավոտյան Հովասաբենց գերդաստանը կրկին կտեղավորեք իրանց հայրենական բնակությանը մեջ։
Շատ լավ, ասաց Ռեսը և առնելով տոմսակը հեռացավ։
Իրիկնապահին մի ընդարձակ դահլիճ Ավազակյանց ամրոցում լուսավորված էր բազմաթիվ ճրագներով, և պարսկական ճաշակով խիստ ճոխ զարդարված դահլիճը շողշողում էր, վառվռում էր զառիկից, բրոնզից, ֆարֆորից, ոսկուց և արծաթից, միանգամայն կացուցանելով շռայլության աստուծո տաճար։ Մի հսկայաձև հաստլիկ մարդ, քիշիմիրյան շալից խալաթը հագին, չափավոր քայլերով անցուդարձ էր անում թանկագին գորգերի վրա։ Դա էր մելիք-Պիլատոս Ավազակյանցը։
Մի մարդ, մռայլոտ կերպարանքով, ստրկաբար յուր գյուղը դեպի ցած խոնարհեցուցած, կանգնել էր դռան մոտ ոտքի վրա, և յուր աչքերը մեքենաբար հետևցնում էր մելիքի քայլերին։
Ինքը մելիքը կլիներ հիսուն տարեկան մարդ։ Ժամանակը բոլորովին սպիտակացրել էր նրա ալիքը։ Բայց նա, կամենալով իրան ավելի մատաղահասակ ցույց տալ, գլխի մազերը ածիլել տալով՝ մորուքը կարմիր ներկել էր հինայով։ Նրա բարձր, հսկայաձև հասակը, յուր նախկին ուղղությունից թեքվելով դեպի քամակը, առջևից դուրս էր ընկել ահագին հաստլիկ փորը։ Նրա աղյուսագույն մսալի երեսը ցույց չէր տալիս ոչ մի մարդկային գծագրություն, այլ մի վագրի կերպարանք, որ յուր կատաղի արտահայտությամբ՝ բացատրում էր նրա գազանական հոգու վայրենի տրամադրությունները։ Նրա խոժոռված աչքերը, սև, փայլուն, շուտաշարժ, լի էին արյունով և բարկությամբ։
Ոչ թե մելիքի արտաքին կերպարանքին նայելով՝ չէր կարելի որոշել նրան մի խաբեբա և փառասեր պարսկից, այլ նրա բոլոր սովորությունները, բարք ու վարքը միանգամայն նման էին կեղծավոր մահմեդականի, որ արտաքին ձևականությամբ միայն կամենում է երևիլ բարեպաշտ մուսուլման, բայց հոգին լի է ամենայն չարությամբ։
Նա մեղմաշարժ ընթացքով գնաց, մոտեցավ փառավոր կիսաթախտին, որի՝ տախտակները բարձր հնչումով ճռացին այդ վիթխարի անասունի անհամեմատ ծանրությունից. երբ նա նստած էր նրա վրա, և խորամանկ աչքերը ուղղելով դեպ Ռես Վասակյանը, որ կանգնած էր դռան մոտ, խոսեց.
Վասակ, այսօր մեր գանձապետը տվավ ինձ մի տոմսակ, որ գրել էր մեր փչացած Սողոմոնը, որով դուք ստացել եք հազար թուման, Միրզա-Ֆաթալիին հասցնելու համար։
Ստույգ է, աղա՛, երկյուղածությամբ պատասխանեց պարոն Վասակյանը։
Առանց ինձ հայտնելո՞ւ, նզովյալ, գոռաց նրա ձայնը։
Պարոն Վասակյանը շփոթվեցավ երկյուղից։
Ես պիտի չգիտենամ, թե ի՞նչ է գործվում իմ տանում, կրկնեց մելիքը բարկությամբ։ Ի՞նչ հարաբերություն ունի իմ փչացած որդին Միրզա-Ֆաթալիի հետ. այդ ի՞նչ փող է, որ տալիս է նրան։
Թող աստված փչացնե ինձ, թե ես գիտեմ, նրանց մեջ ինչ հարաբերություն կա, պատասխանեց Ռեսը դողալով։
Միթե դու չե՞ս բոլոր չարության խմորը։
Թող ես Քրիստոսի մեխ զարկողներից լինիմ, թող ես սուրբ Հովաննու գլուխ կտրողն լինիմ, թող ես սուրբ Ստեփանոսի քարկոծողներից լինիմ... թե գիտեմ ձեր որդու և Միրզա-Ֆաթալիի մեջ ի՞նչ գաղտնիք կա... թող ես դժոխքի շունը լինիմ և աստուծո երես չտեսնեմ, թե գիտեմ ինչ փող է, որ Սոլոմոն-բեկը տալիս է նրան։ Եթե չեք հավատում ինձ... հրամայեցեք ձեր ծառաներին թող թափեն իմ արյունը, իմ լեշը թող ուտեն ձեր դռան շները։
Եվ պարոն Վասակյանը կեղծավորաբար փղձկեցավ և նրա աչքերը լցվեցան արտասուքով։
Այդ սարսափելի երդումները մի փոքր մեղմացրին մելիքի բարկությունը և նա հարցրուց. Միթե դուք չէի՞ք գնացել հարսնախոսության համար Հովասաբենց տանում, տիկին Թարլանի մոտ, նրա աղջկա մասին։
Եթե այդ ստույգ լինի, եթե մի այդպիսի բան արել եմ ես, դուք տվեք իմ կաշին քերթեն, իմ լեզուն կտրեն, իմ աչքերը դուրս հանեն։ Բայց աղա, խոսքը փոխեց նա, ձեր ոտքերի հողն լինիմ, ձեզ մատաղ դառնամ, ես քանիցս անգամ ձեզ խնդրած եմ, թե ձեր ծառաներից ոմանք մի հին ոխակալության պատճառով չարախոսություն են անում ծառայիս համար և վառում են ձեր բարկությունը խղճալուս վրա...։ Դուք ստուգեցեք ճշմարիտը, եթե ձեր լսածները ուղիղ են, ինչ պատիժ կամիք, տվեք ինձ։ Մելիքը, յուր անչափ փառասիրության պատճառով, շուտով կզիջաներ յուր բարկությունից, երբ մինը աղաչավոր կերպով, փաղաքշաբար՝ խոնարհվում էր նրա առջև։
Ո՞վ է նա, որ այդ մասին չարախոսել է ձեզանից, հարցրուց Մելիքը մի փոքր հանգստանալով։
Ձեր գանձապետը, որ ոչ սակավ դիպվածներում ցույց է տվել ինձ յուր թշնամությունները։
Պարոն Վասակյանը, վաղուց դարանակալ լինելով Հափշտակելու գանձապետի պաշտոնը, հաջող միջոցներով, միշտ սուտ և խորամանկ չարախոսություններով, աշխատում էր նրան կացուցանել մելիքի աչքում մի ավազակ և ստախոս մարդ։
Եթե գանձապետը սուտ ամբաստանություն է արած ձեր մասին, ես կպատժեմ նրան։
Ինձ այնքան ցավալի չէ, երբ ես ձեր առջև կորցնում եմ իմ բարի համարումը, բայց առավել զգալի է ինձ, երբ ես բաց աչքով տեսնում եմ նրա գողությունները։
Դյուրահավան մելիքը իսկույն հավատաց ստախոսին, բայց չկամենալով նույն րոպեին խոսել մի այդպիսի առարկայի վրա, ասաց.
Մենք ուրիշ ժամանակի ենք թողնում խոսել դրա մասին, ես ինքս հասկացել եմ գանձապետի անհավատարմությունները, միայն ասեք, ի՞նչ է ձեր կարծիքը Սողոմոնի մի այդպիսի հիմար ցանկության վրա։
Ես մինչև հիմա չեմ լսել և չեմ հասկացել, թե ձեր որդին կամք ունի Հովասաբենց աղջիկը իրան կին առնուլ․ եթե եղել է մի այդպիսի բան, այդ խիստ հակառակ է իմ կամքին, և ես կաշխատեմ նրա սրտից դուրս բերել մի այդպիսի հիմար ցանկություն։
Հանկարծ ներս մտավ մելիքի կինը, Նազլու խանումը, յուր ամուսնի նման հաստլիկ և մսի կոճղ։
Մենք ի զուր բարկացել ենք Ռեսի վրա, ասաց նա յուր կնոջը։
Ի՞նչպես, հարցրուց Նազլու խանումը։
Մենք սխալված ենք, կարծելով, թե Ռեսը նույնպես խառն է եղել Սոլոմոնի գործի մեջ։
Թող երեսը սպիտակ լինի, երբ այդպես է, պատասխանեց նրա կինը։
Դուք, Ռես, աշխատեցեք հեռացնել Սոլոմոնին յուր ցնորված մտքերից, և այս անդամիս բաշխում եմ նրա մեղքը, և չեմ ցույց տալու, թե ինձ հայտնի եղած են նրա գործերը։ Դուք հայտնեցեք, որ ես Թեհրանուց դառնալու ժամանակ նրա համար Թաբրիզում նշանագրել եմ Ն... խանի աղջիկը։
Դուք անհոգ կացեք, տեր, ինձ համար դյուրին է ձեր որդին զարթեցնել յուր երևակայական երազներից. միայն գանձապետը...։
Թող մնա այդ. ես միտք ունիմ գանձապետին հեռացնել յուր պաշտոնից, և եթե խելոք կլինիք և հավատարիմ՝ կստանաք նրա պաշտոնը։
Պարոն Վասակյանը մոտեցավ, կամենում էր խոնարհվիլ համբուրելու մելիքի ոտքերը։ Բայց նա թույլ չտվավ, Ռեսը գլուխ տալով դուրս ելավ դահլիճից։
Դուրս գալով Ավազակյանց դահլիճից, պարոն Վասակյանի միտքը նմանում էր մի ամենաուղիղ կշիռի, որի ամեն մի թաթի մեջ ամենաթեթև ծանրությունը զգալի էր։ Մտաբերելով մելիքի վերջին խոսքը, երբեմն նա մտածում էր, դուրս հանել Սոլոմոն-բեկի գլխից նրա ցանկությունը և կատարելով մելիքի կամքը, հափշտակել գանձապետի պաշտոնը... ուր մեծավորի անհոգությունը և ծուլությունը պատճառ էր տալիս ինքնակամ ներգործել արծաթի վրա... ուր ամեն օր պիտի խաղ անել մետաղների հետ...։
Բայց հանկարծ նրա մտքում լույս էին ընկնում խոստացածները՝ տիկին Թարլանի, Սոլոմոն-բեկի, Միրզա-Ֆաթալիի և այլն...։ Կրկին տիրում էր նրան ագահության դևը և փոխում նրա միտքը...։
Չէ, ասում էր նա, այդ իմ կողմից մեծ հիմարություն է, երբ ես «եփած հավը թող տամ օդի մեջ թռչուն որսալու»...։ Ի՞նչ արգելք կա, ես չեմ թող տա իմ ձեռքից երկու կողմերն էլ։ Մի կողմից պետք է աշխատել, Սողոմոն բեկի նպատակն կատարվի, մյուս կողմից պետք է ձեռք բերել և այն հնարները գանձապետը ցած գլորելու յուր աթոռից...։
Խորասուզված մտածությունների մեջ, նա ներս մտավ Սողոմոն-բեկի մոտ. պատմեց նրան հոր սպառնալիքը, և երկար խորհրդակցությունից հետո, պատվիրեց՝ մի քանի օր հիվանդ ձևանալ, մինչև նա կաշառված բժշկների վկայությամբ կիմացներ մելիքին, թե նրա որդին առանց օրիորդ Սալբիին՝ վտանգի մեջ կգցե յուր անձը։ Եվ դուրս գալու ժամանակ սաստիկ պատվիրեց, որ Սողոմոն-բեկը այնպես ցույց տա, թե Ռեսը այս գործի սկզբից մինչև նրա վերջը ոչ մի տեղեկություն չունի։
Մինչև նրանք այդ խորհրդածության մեջ էին, օրիորդ Սալբին միայնակ յուր սենյակում գրում էր այդ նամակը.
«Անգին բարեկա՛մ,
«Հանգամանքները օրեցօր փոխվում են, ընդունելով ավելի և ավելի վտանգավոր կերպարանքներ... և հետադարձ բախտը, ասես թե կամենում է զորություն տալ մեր հակառակ կողմին...։
«Սոլոմոն-բեկը, հաստատ յուր դիտավորության վրա, խիստ հիմար և անխելք կերպով սիրում է ինձ։ Եվ մի նոր դժբախտություն. մեր տան և այգիի կորուստը պատճառ են տվել նրան գրավել և իմ մոր կամքը...։ Ա՜խ, որքան փոփոխամիտ և թույլ են այդ անսիրտ ծնողները։
«Դու լսել ես Միրզա-Ֆաթալիի անցքը։ Այժմ մայրս հոժարել է ինձ տալ Սողոմոն-բեկին կնության, միով բանիվ, ինձ վաճառել այն արծաթին, որ մելիքի որդին խոստացել է վճարել յուր քսակից և ազատել մեր կորուսած ժառանգությունները։
«Իմ սիրելի, դժվար է ապրել մի այսպիսի երկրի մեջ, ուր անկարգ շարիաթը, առանց երկար քննությունների, հաստատություն է տալիս քսան տարվա հին գրավաթղթին և պարսիկը տիրում է խեղճ հայի կալվածքին, ուր մայրերը վաճառում են իրենց որդվոց, պարտք վճարելու համար։ Արդարև, դժվար է բնակվել մի այնպիսի երկրի մեջ, ուսկից արդեն դուրս է կորել աքսորված արդարությունը...։
«Բայց դու անխիղճ ես, Ռուստամ, դու երկար պիտի թողնես ինձ տանջվել մի խստաբարո և հիմար ամբոխի մեջ, որոնց համար սիրո կախարդական գաղտնիքը դեռ չէ դուրս բերված հավիտենական խավարի միջից։ Արդյոք դու ինձ չե՞ս ափսոսում, ի՜նչ հիմար ցանկություն է բնակվել մի այսպիսի անբարոյական ժողովրդի մեջ։ Եկ, հասիր, ազատե՛ ինձ։ Մի՛թե այն լայն և ընդարձակ անապատները չունին այնքան տեղեր մեզ ապրելու։ Մի՛թե այն բարձրաբերձ սարերը և ծառախիտ անտառները չե՞ն կարող պահպանել մեզ իրանց ծոցերում։ Արդարև, առավել երջանիկ կլինինք մենք բնակվելով այծյամների, թռչունների, վայրենի ծառերի և ծաղիկների հետ, քան թե մարդկանց հետ, որոնք խիստ ստոր են անասուններից...։
«Անաստված երկրում բնակվի՛ր, բայց անօրեն երկրում մի բնակվիր», այդպես է հայերի խրատը, որ և եղել է սովորական առած։ Արդարև, մեծ հիմարություն է բնակվել մի երկրում, ուր օրենքը, իրավունքը, արդարությունը՝ ոտքի տակ են ընկած, ուր զորեղը տիրում է անզորին, ուր հարուստը արծաթի զորությամբ կատարում է յուր կամքի ամենազարհուրելի բաղձանքները...։
«Իմ թանկագին բարեկամ, ճշմարիտ, ես երկյուղ ունիմ, գուցե մեզ ղրկեն միմյանցից...։
«Ե՛կ, հասիր, ազատե ինձ, գնանք, հեռանանք այս չար երկրից, գնանք, ուր ճակատագիրը կոչում է մեզ։ Գնանք, խառնվինք այն քաջ վրանաբնակների հետ, բառնանք նրանց սրբությունները, և նրանց հետ միասին, թափառինք սարից սար, ձորից ձոր, մինչև նախախնամությունը կհաստատե մեր կացությունը ամուր երկրի վրա, ուր հայկական տունկը՝ ազատ, ինքնուրույն կաճեր, կհասունանար...։
«Այն օրից, որ կարդացել եմ քո օրագիրը, իմ սրտի մեջ գոյացել է մի անհանգստություն՝ դեռևս ինձ անհասկանալի բաղձանքի հետ։ Վրանաբնակ այրին և նրա անբախտ որբիկը միշտ իմ մտքիս մեջ են, ես չեմ մոռանում նրանց։ Շատ անգամ ես մտածում եմ, իմ բոլոր կյանքս ընծայել նրա սպասավորությանը, իմ կրծքի վրա գրկելով նրա որբիկը, իմ բազուկների վրա մեծացնելով և իմ ձեռքով շարժելով նրա օրորոցը։
«Եկ, մի ուշացիր, բեթլեհեմյան աստղը առաջնորդում է մեզ դեպի այրի կնոջ չադրը. եկ, գնանք, երկրպագություն տանք այն մանուկին...։
Նա ծալեց և կնքեց նամակը, տվավ Խաչոյին, որ սպասում էր նրա սենյակի դռան մոտ։
ԼԲ
ՀՈւՍԱՀԱՏՈԻԹՏՈԻՆ
Հուսահատությունը միշտ բնական է փոքրոգի մարդիկներին, որոնց միտքը, սիրտը, խելքը և բոլոր հոգեկան զորությունները, չեն կարող տանել դժբախտության հարվածներին։
Պարոն Վասակյանի խորհուրդը, որով մարգարեաբար պատվիրեց Սողոմոն-բեկին՝ մի քանի օր հիվանդ ձևանալ, գուցե մելիքը, հասկանալով, թե նրա հիվանդության պատճառն էր օրիորդ Սալբին, համոզվեր կատարել նրա կամքը, եղավ ուղղորդ «մարդի ասած, տերի լսած» Սոլոմոն-բեկը իրավ հիվանդացավ։ Եվ նրա հիվանդությունը օրեցօր սաստկանում էր, չնայելով, թե նրա ծնողքը ուշադրություն չէին դարձնում դեպի նա։
Պարոն Վասակյանը չէր հեռանում հիվանդի մոտից։
Մի գիշեր նրան յուր մոտ կոչեց մելիքը։
Նա տակավին չէ՞ վեր կենալու յուր հիվանդության մահճից, հարցրուց նա։
Նրա հիվանդությունը սաստիկ է, պատասխանեց Ռեսը։
Այն աղքատ աղջկա՞ համար։
Հրամեր եք բժիշկները այդպես ասում են։
Ուրեմն թող մեռնի յուր հիվանդության մահճի մեջ, պատասխանեց անագորույն հայրը, գուցե մյուս աշխարհում կտեսներ յուր սիրուհին։
Պարոն Վասակյանը կոտրած սրտով դուրս եկավ մելիքի դահլիճից։ Գիշերը մթին էր և զարհուրելի, ամրոցում տիրում էր գերեզմանական լռություն։ Ռեսը անցնելով հիվանդի սենյակի մոտից, տեսավ, դեռ ճրագը վառվում էր. մոտեցավ դռանը, կամեցավ բաց անել, փակ էր։ Մի քանի րոպե նա ականջ դրեց դռան ճեղքերին, ներսից լսելի էր լինում հիվանդի նվաղած ձայնը և մի զարհուրելի խռոց։ նա առավել լարեց յուր լսողական գործարանը, դարձյալ լսելի էր լինում այն չարագուշակ խռոցը, որ ավեի նման էր խեղդվողի հեծկլտոցի խառն ձայներին։
Ռեսը, չկարողանալով ներս մտնել դռնից, մի հնարքով բաց արավ լուսամուտը։ Սարսափելի ապշություն տիրեց նրան, երբ տեսավ Սոլոմոն-բեկը յուր մեջքի գոտիով յուր պարանոցեն քարշ ընկած։ Նա իսկույն կտրեց մետաքսյա գոտին, և յուր գրկի մեջ առնելով անզգայացած տղամարդը, դրեց նրան մահճի մեջ։ նա շոշափեց խեղդվողի շնչերակը, նկատեց տակավին զարկում էր․ ձեռքը դրեց նրա կուրծքի վրա, զգացէ սիրտը թրթռում էր և դրանցով Ռեսը իմացավ, թե տակավին հույս կար նրա կենդանությանը։
Ռեսը չկամեցավ իմացում տալ մելիքին, մտածելով այդ անցքը գաղտնի պահել։
Սոլմոն-բեկը մի քանի րոպեից հետո ուշքի եկավ, սկսավ շարժել յուր ձեռքը, բայց նրա բերանից և պնչածակերից հոսում էր արյունը։ Ապա նա բաց արավ յուր կարմրած, արյունով լեցուն աչքերը, տեսավ Ռեսին նստած յուր մոտ։ նա ասաց թույլ ձայնով.
Ինչո՞ւ դուք շփոթեցիք իմ հանգստությունը․․․։
Ռես Վասակյանը ոչինչ պատասխան չտվավ։ Նա ջուր ածեց, Սոլոմոն բեկը լվաց բերանը և քիթը, մի փոքր հանգստանալեն հետո բոլորովին զգաստացավ, և խոսեց. Երանի՜ մի քանի րոպե հետո հասած լինեիք։
Ինչո՞ւ, հարցրուց Ռեսը։
Որովհետև, ես մնաս բարով կասեի իմ կյանքին, կրկնեց հիվանդը։
Այդ ի՞նչ հիմար ցանկություն է։
Ախ, դու չգիտես, Ռես, որքան ծանր է ինձ ապրելը... մահը միայն կհանգստացնե իմ խղճալի անձը։
Ռեսը ոչինչ պատասխան չտվավ, նա ուշադրությամբ նայում էր նրա երեսի վայրենի գծագրությանցը։
Թողեք իմ գլուխը բարձի վրա, ասաց Սոլոմոն-բեկը։
Պարոն Վասակյանը յուր գրկից նրա գլուխը դրեց բարձի վրա և զգուշությամբ ծածկեց նրա երեսը, որ նույն րոպեին գունատված, կապտագույն, երևցնում էր զարհուրելի կծկողություններ։ Նրա աչքերը փակվեցան, սաստիկ ջերմախտական կրակը տիրեց նրան։ Նա շփոթված էր երևակայական ցնորքների մեջ, և երբեմն դուրս էր թողնում բերանից անորոշ և կցկտուր բառեր։ «Սալբի» «իմ նազելի» «հոգիս» ըստ մեծի մասին լսելի էին լինում նրա խոսքերի մեջ։
Պարոն Վասակյանը բոլոր գիշերը անքուն հսկեց հիվանդի մոտ։ Առավոտյան Սոլոմոն-բեկը, աչքերը բաց անելով տեսավ յուր մոտ նստած Ռես Վասակյանը։
Երևի բոլոր գիշերը անքուն եք մնացած, ասաց նա, գնացեք մի փոքր հանգստանալու։
Ոչ. ես բոլորովին հանգիստ եմ՝ բայց ասացեք, ի՞նչպես զգում եք ձեզ այժմ, հարցրուց Ռեսը։
Ես ծանր հիվանդ եմ և շատ կարելի է այդ հիվանդությունը ինձ տանե դեպի գերեզման։
Նույն ժամանակ պարոն Վասակյանը նշմարեց նրա աչքերը նվազած և ներս ճնշված. նրանց մեջ տեսանելի էր ցավալի հուսահատությունը և կատաղի նախանձ։ Նրա դեմքը գունատված էր. մահվան դալուկը ներկել էր նրա զարհուրելի երեսը քրքմագույն դեղնությամբ։ Նրա ձայնը ստացել էր կոշտ և խռպոտ հնչումներ։
Պարոն Վասակյանը, նշմարելով, որ հիվանդի դրությունը վտանգավոր էր, հարցրուց. կամի՞ք իմացում տալ ձեր մասին։
Միայն ասացեք, Սոլոմոնը հիվանդ է, ուրիշ ոչինչ...։
Ռեսը դուրս գնաց։
Ռեսը գտավ մելիքին. միայնակ, յուր գործակալի հետ խոսում էին: Երբ հայտնել էր նրա որդու դրությունը. թող մեռնի, ասաց նա անգութ սրտով գուցե հողը կպարտակեր այդ նզովյալ մարմինը։
Եվ նա բոլոր սառնասրտությամբ հառաջ տարավ հարցուփորձը գործակալից։ Ռեսը հեռացավ։
Ղ... գյուղի ամբարը չափեցի՞ք, հարցրուց մելիքը։
Հրամեր եք, պատասխանեց գործակալը, որ կանգնած էր ոտքի վրա։
Գիտեմ, որ չափել եք, կրկնեց նա, բայց ո՞ր քոռով կամ սոմարով։
Ոչ այն հասարակաց քոռով, որով միշտ առևտուր է լինում, և որով խոսացել եք խանի հետ, այլ մի բավականին մեծ քոռով։
Ո՞րքան զանազանություն կանե։
Հարյուրին տասն և հինգ բեռ։
Խանի մարդը չհասկացա՞վ։
Մինը հասկացավ, բայց ես նրա ափում դրի մի քանի աշրաֆի, հետո լուռ եղավ։
Հա, ապրիս... կրկնեց գոհությամբ մելիքը։ Միայն աշխատեցեք, մնացյալ ամբարներն նույնպես այդ քոռով չափվին։
Մի քանի րոպե տիրեց նրանց մեջ խորին լռություն։
Գյուղերի նախրապաններին և հովիվներին ասացի՞ք, չորքոտանիների թիվը, որքան կարելի է, պակաս ցույց տան, հարցրուց մելիքը։
Ասացի, համարյա կես ու կես գցել տվի։
Ի՞նչպես։
Համբարքից մի օր առաջ տավարներն և ոչխարներն պահել տվի շրջակա գյուղերում։
Այդ որ քո հին արհեստն է, ծիծաղելով կրկնեց մելիքը։ Բայց թող երեսդ սպիտակ լինի։
Դարձյալ տիրեց լռությունը։
Երկրաչափին տեսա՞ք։
Հրամեր եք. պատվիրեցի որքան կարելի է, չվանը երկար անե։
Այդ հատուկտոր խոսակցությունը մեր ընթերցողին հասկանալի կացուցանելու համար ավելորդ չեմ համարում, մի քանի տեղեկություններ տալ նրան։
Մելիքը Զարեհավանում սովորություն ուներ ամեն տարի վարձով վեր առնել խանից մի քանի գյուղեր։ Եվ մի գյուղի վարձը որոշվում էր՝ հաշվելով նրա բնակիչների և չորքոտանիների թիվը և հողերի չափը, որոնց քանակության համեմատ ստացվում էր հարկ։ Դրա համար մելիքը հրամայել է, որքան կարելի է սակավ ցույց տան անասունների թիվը, և հողերի չափելու չվանը սովորականից երկար անեն, որպեսզի արտերը չերևցնեն ավելի տարածություն։ Նա և գնում էր խանի ամբարների ցորյանները, ով որ տեղեկություն ունի այդպիսի առևտուրներից գիտե, որ մեծ չափով առնել, փոքրով վաճառել, որքան օգուտ կբերի վաճառողին։
Խանին հայտնեցի՞ր այդ լիրբ աղջկա մասին... հարցրուց մելիքը։
Հայտնեցի... պատասխանեց գործակալը։
Ի՞նչ ասաց։
Ուրախությամբ ընդունեց։
Այլևս ի՞նչ խոսեցիք։
Ինչ որ պատվիրած էիք ինձ. առաջին՝ այն հային, որ այժմ կալանավորված է, հայտնեցի, որքան կարող է չարչարե. և քանի կտանջե նրան, այնքան ավելի փող դուրս կգա...։ Երկրորդ՝ թե դուք համոզել եք ժողովրդի ծերերին, որ ավելացվի գյուղացիների գլխահարկը։ Երրորդ հայտնեցի այն իրողությունը, որ պատվիրեցիք, ձեր ու խանի մեջ գաղտնի պահվի...։
Ապա դուք այն նորեկ հայի մասին ոչինչ չխոսեցի՞ք, որ այնքան փող է բերել Ռուսաստանից։
Հրամեր եք. ես ասացի թե այդ հայը յուր արծաթից փքվելով խիստ բարձրից է գնում, պետք է սեղմել նրան և հայտնեցի, թե դուք ուսուցել եք մի մարդու, որ բողոքե խանին, իբր նորեկ պարոնը բռնություն էր գործ դրել նրա կնոջը վրա. և մի այդպիսի սուտ ամբաստանություն բավական էր նրանից դուրս քաշելու յուր բերած ոսկիները։
Խանը ի՞նչ ասաց։
Հրամայեց, կնոջ այրը շուտ յուր մոտ ուղարկեք։
Մինչ մելիքը այդպես խոսում էր յուր գործակալի հետ, Ռես Վասակյանը ներս մտավ Նազլու խանումի մոտ և հայտնեց նրա որդու երկյուղալի հիվանդությունը։ Բայց մայրական սիրտը՝ յուր բոլոր թուլությամբ՝ առավել փափուկ և գթառատ է։ Նա շուտով զիջավ յուր բարկությունից, և առանց ժամանակ կորցնելու, մտավ որդու սենյակը։ Խղճալի մայրը զարհուրեցավ, երբ տեսավ յուր որդու մեռելատիպ երեսը։ Միևնույն ժամանակ հավաքվեցան այնտեղ և նրանց բարեկամ կանայք, բոլորեցին հիվանդի շուրջը։
Լացի հետ խառնել սգավոր երգեր, մի ծանր հիվանդի մոտ, կամ մեռելի վրա, այդ սովորություն է արևելյան ազգերի մեջ։ Ամեն մի լացող աշխատում է՝ յուր երևակայության և խելքի զորությունը ցույց տալ՝ առավել տխրեցուցիչ և սրտաշարժ խոսքերով հորինելով յուր ողբը։ Բայց ափսոս, արևելքում և սգի ողբերր երգում են այլազգի բարբառով։
Վա՜յ... վա՜յ... ամա՜ն... վա՜յ... ազատեցեք, օգնության հասե՛ք, մեռա՜վ... մեռա՜վ իմ որդիս... ազատեցե՛ք, վա՜յ ինձ... վա՜յ իմ հոգուս... Սոլոմոն ջան, հոգի ջան, աչքի լույս... ի՜նչ պատահեց քեզ... տունս քանդվեցավ... օրս ու արևս մթնեցավ... աստված ջան... Քրիստոս ջան... Ով սուրբ աստվածածին... ազատեցեք, օգնության հասեք... ազատեցեք իմ սիրականը... իմ ծերության միակ հույսը..․
Մյուս կանայքը սկսեցին ավելի դաշնակավոր եղանակով։
Երկինք, դու փուլ եկ... մեզ տակով արեք՝ որոտ, կայծակներ...։ Անդունդ բաց արա անհագ բերանդ, մեզ ձեզ մոտ տարեք՝ հրեշ ճիվաղներ... թող մեր աչքերը չտեսանեն, ավա՜ղ, այդ զարհուրելի տխուր տեսարան... թող մեր աչքերը չտեսնեն չքնաղ այդ սիրուն տղամարդ՝ ընկած անկենդան...
Սկսում է մայրը, մյուսները ձայնակից են լինում.
Այդ ի՞նչ եմ տեսնում... քոռացեք աչքե՛ր,
Այդ ի՞նչ է աստված, ինչ տխուր պատկեր...
Դժո՛խք, ով դժոխք, ինչո՞ւ չես բացվում,
Իմ խղճիկ մարմին դեպի քեզ քարշում։
Վեր կաց, մի քնե, որդյակ իմ չքնաղ,
Իմ սիրուն հոգիս՝ քեզ կտամ մատաղ.
Բաց արա աչերդ, ով իմ կենաց հույս,
Մի խավարեցրու մեր արև, մեր լույս։
Մի՛ փակե աչերդ, այդ սև-սև աչեր,
Ա՜խ, քեզ թող օգնեն սուրբ աջեր, խաչեր...
Քեզ եմ աղերսում, հզոր սուրբ Սարգիս,
Կա՛մ փրկիր որդիս, կա՛մ առ իմ հոգիս։
Լսե իմ ձայնիս, խղճա քո խեղճ մայր,
Մի՛ ցցե սրտումը նետեր քառասայր,
Մի՛ թող դու նորան դնել գերեզման՝
Յուր անգին որդին, որդին աննման...։
Վեր կաց, մի քնե, որդյակ իմ սիրուն,
Մի քանդե քո հոր և քո խեղճ մոր տուն,
Հիշե մեր սարեր, հիշե մեր դաշտեր,
Ծաղկած այգիներ, աղբյուրներ, գետեր։
Առանք քեզ ծաղկոց, պարտեզ, բուրաստան
Են փուշ, տատասկի մացառ անպիտան.
Առանց քեզ մեխակ, շուշան, նունուֆար
Չեն անուշահոտ՝ և վարդերը քյաֆուր։
Երբ որ պարտեզում դու ծաղկապսակ՝
Մնջիկ ման գայիր, որպես հրեշտակ,
Վարդը նուրբ թերթերն կամենար ներկել
Քո շքեղափայլ թշերուն հասցնել։
Երբ որ անտառում՝ ուրախ խնդամիտ՝
Կհնչեցնեիր ծառեր թավախիտ,
Սոխակը ձայնիդ երգակից լիներ,
Հովվի հոտերը քեզնով կհրճվեր։
Վեր կաց, իմ հրեշտակ, վեր կաց կյանքիս հույս,
Մեր խավար օրին դու ծագե մեզ լույս,
Առանց քեզ մի ժամ, և հոժար ինքնակամ,
Անգութ Գրողին՝ ես հոգիս կտամ...։
Պարոն Վասակյանի աչքերը նույնպես լցված էին արտասունքով, նա լաց էր լինում, ոչ առավել նրա համար, որ երկյուղ կար յուր աղայի կյանքի մասին, այլ որ նրա հետ կկորչեին յուր այնքան օգուտները, որ հույս ուներ ստանալ Սոլոմոն-բեկի ամուսնությունից...։
Մինչ Ավազակյանց տանում այդպես սուգի մեջ էին, տեր-Առաքելենց դռանը վեր եկավ ձիուց մի տղամարդ. նրա զենքերը հնչեցին բարձր ձայնով, և նա՝ յուր ձիու սանձը ծառայի ձեռքը տալով, ներս մտավ։
Բարով, բարով, նրան ասաց մահտեսի Ավետիսը, հանդիպելով յուր որդուն բակի մեջ։
Բայց պարոն Ռուստամը գլուխ տվեց և անխոս մտավ յուր սենյակը։
Երեկոյան պահուն՝ նրան տեսության եկան պարոն Արամ Աշխարունին և պարոն Խոսրով Մելիքզադեն։
Օ՜, որքան չաղացել եք, նրա ձեռքը բռնելով ասաց Մելիքզադեն երևի լեռնային օդը ձեզ համար առավել առողջարար է եղել։
Դուք գիտեք, մեր սարերում որքան չաղանում են մեր ոչխարները, միթե ես նրանցից պակա՞ս էի, պատասխանեց ծիծաղելով պարոն Ռուստամը։
Պարոն Աշխարունին սկսեց երկար հարցուփորձ անել այն տարվա արոտների մասին, ոչխարների մասին, նա մի առ մի հարցնում էր գյուղացիների առողջությունը։ Բայց պարոն Ռուստամը միշտ տալիս էր կարճ և անորոշ պատասխաններ։ Նրա միտքը այն րոպեին օրիորդ Սալբիի մոտ էր։
Դուք լսե՞լ եք, Ռուստամ, Հովասաբենց մասին մի բան, հարցրուց պարոն Մելիքզադեն։
Հա, լսել եմ, Միրզա-Ֆաթալին տիրել է նրանց ժառանգությունները և Սոլոմոն-բեկը կամենում է պսակվիլ օրիորդ Սալբիի հետ, պատասխանեց պարոն Ռուստամը կատականոք։
Ես չէի կարծում տիկին Թարլանի կողմից մի այդպիսի հիմարություն, խոսեց պարոն Աշխարունին, որ նա յուր փառասիրության համար ցանկանար ավերել յուր ամուսնի ուխտը։
Ինչո՞ւ համար չեք կարծելու, նրա խոսքը կտրեց Խոսրովը, կանանց սեռի փոփոխամտությունից և մանավանդ նրանց թուլությունից ամեն բան կարծելի է։
Մինչև ա՞յդ աստիճան։
Բանը իրավ, աստիճանից է կախ, աշխարհի աչքերը միշտ հարգությամբ նայում են դեպ աստիճանները։
Ի՞նչպես։
Այնպես որ, մեզ հայտնի է՝ տիկին Թարլանը մի աղքատիկ կնիկ է։
Պարոն Ռուստամը լուռ ականջ էր դնում։
Եթե տիկին Թարլանը ընդդեմ յուր աղջկա կամքին կգործեր մի այդպիսի ուխտազանցություն, հայնժամ ես կբողոքեի հոգևոր կառավարությանը, կրկնեց պարոն Ռուստամը։
Այ եղբայր, որքան պարզամիտ եք դուք, նրան պատասխանեց պարոն Խոսրովը. միթե չե՞ք գիտում, որ հոգևոր կառավարության շունչը, հոգին՝ մելիքի քսակի մեջն է։
Ի՞նչպես, հարցրուց պարոն Ռուստամը ավելի տհաճությամբ։
Այնպես որ, երբ մի մարդ մի ուրիշի ձեռքով գործում էր մեղք, նա նրա ծառան է։ Այժմ մտածեցեք, մեր հոգևոր կառավարությունը որքան ավազակություններ, որքան գողություններ, որքան անիրավություններ գործել է մելիքի ձեռքով։ Եվ եթե գիտեք, հոգևոր կառավարությունն էր, որ բարեկենդանին արգելեց քո պսակը. երևում է, այդ գործի մեջ Ավազակենց հետ խորհրդակից են և սևագլուխները։
Պարոն Ռուստամը դարձյալ լուռ կացավ։
Ի՞նչ պետք է արած, հարցրուց պարոն Աշխարունին յուր սովորական հանդարտությամբ։
Որպես ես մտածում եմ, պարոն Ռուստամի պսակվելու գործը օրիորդ Սալբիին հետ՝ ազատ չէ վտանգներից, խոսեց պարոն Խոսրով Մելիքզադեն։ Ես գիտեմ որ հայոց բոլոր քահանաները հրաժարվելու են այդ պսակը կատարելուց, և այդպիսի հանգամանքներում պետք է վարվել այնպես, որպես ես արժան տեսա երեք ամիս դրանից առաջ, այսինքն առանց քահանայի՝ մեր ձեռքով պսակել։
Ահա այդ տեղից են սկիզբն առել հայերի մեջ բաժանմունքները, կաթոլիկների, պրոտեստանտների և այլն, պատասխանեց Արամը։ Երբ մի հայ մի փոքր ընդդիմացել է հայ հոգևորականի կամքին, նա, իսկույն փոխանակ քրիստոնեական եղբայրասիրությամբ նրա սիրտը ամոքելու և նրա հետ հաշտվելու հրաժարեցնում է յուր եկեղեցուց, չկատարելով նրա հոգևոր պիտույքները: Եվ խղճալի հայը, ճարահատյալ դիմում է դեպի մի այլ եկեղեցի, մտնում է նրա ծոցը, ընդունում է այլ անուն... և այդպես, մեր չար եկեղեցականների հիմարությամբ, ամեն տարի որքան հոգիներ կորչում են, անհետանում են և կուլ են գնում մյուս ազգերի անդնդում...։
Նույն ժամանակ ներս մտավ մահտեսի Ավետիսը, նրան արժանավոր ընդունելություն ցույց տվին, նստեց։
Բայց նույն միջոցին, երբ մանուկ տղամարդիկը, տաքացած էին խոսակցությամբ, դրսից մի բան քանի անգամ զարկվեցավ լուսամուտի ապակիներին։ Նրանք՝ կարծելով թե քամին շարժեց պատուհանները, ուշադրություն չդարձրին։
Ապա ի՞նչ պետք է արած հարցրուց պարոն Մելիքզադեն։
Եղբայրը, մենք մի բանի հիմքը դրել ենք այդ երկրում, խոսեց պարոն Արամը, պետք է նույն հիման վրա, նույն ուղղությամբ բարձրանա շինվածքը։ Մեր դիտավորությունն այն չէ այստեղ ազգի մեջ հերձված գցել, նոր կրոնք բաժանել, և նրանց սերն ու միաբանությունը խռովել։ Եվ ոչ մեր նպատակն այն է, մի նոր անուն ընդունել մեր վրա, բայց մի փոքր զտելով հայոց կրոնքը յուր պղտորություններից, մնանք դարձյալ հայ, սիրելով մեր ազգը, մեր պատմությունը և մեր հայրենիքը։ Տեսնենք, եթե այդ գործի մեջ տեղիս եկեղեցական հարք կսկսեին մեզ հետ հակառակիլ, մենք մեր խոնարհությամբ կաշխատենք նրանց հետ վարվիլ որպես եղբայրներ։
Դրսում խորին մութ էր, պարոն Աշխարունին հրաժարական ողջույն տալով, հեռացավ։ Պարոն Մելիքզադեն մնաց այնտեղ։
Եղբայր, խոսեց նրա գնալուց հետո պարոն Խոսրովր, թեպետ պարոն Աշխարունու խոսքերը հեռու չեն ճշմարտությունից, բայց դարեր հարկավոր են, մինչև մենք հայոց եկեղեցականներին սովորեցնենք՝ միաբանություն և եղբայրասիրություն։ Իսկ քո պսակը չէ կարելի թողուլ մինչև դարերի վերջը։ Շատ լավ. մենք չենք կամենա այստեղ հերձված գցել, միայն մի բան ասեմ քեզ, Ռուստամ, լսիր, եթե կամենում ես օրիորդ Սալբին քեզ կին լինի, առ նրան, փախիր դեպ հեռավոր աշխարհ, այնտեղ կատարել կտաս քո պսակը...։
Ճշմարիտ, լավ է խոսում Խոսրովը, կրկնեց մահտեսի Ավետիսը։ Մենք չենք կարող մարտնչիլ մի երկրի ժողովրդի հետ։
Դուք կարծում եք աշխարհը շարժող մեքենան արծաթն է, հացրուց պարոն Ռուստամը հորից։
Հա, աշխարհի աստվածը այդ ժամանակում նույնպես արծաթն է, պատասխանեց մահտեսի Ավետիսը։
Պարոն Մելիքզադեն վեր կացավ, նույնպես կամենում էր գնալ։ Պարոն Ռուստամը հայտնեց նրան, թե նրա խորհուրդը հավանական է, միայն պետք է խոսել օրիորդ Սալբիի հետ։ Պարոն Մելիքզադեն հեռացավ։
Բայց մի քանի րոպեից հետո, մի մարդ դուրս գալով պարոն Ռուստամի նախասենյակից, մութի մեջ, կտուրների վրայով գնալով, մոտեցավ պատին, յուր մեջքի պարանը կապեց պատից վեր ցցված ժանիքին, իջավ դեպի ցած, աներևութացավ խավարի մեջ։ Եթե մինը կհարցներ, թե ո՞վ էր այդ գիշերային դևը, մենք կասեինք, Ռես Վասակյանը, որ լուսամուտի առջև լրտեսում էր։
ԼԳ
ՍՐԻԿԱ
Կես գիշեր էր։ Պարոն Ռուստամը, յուր հյուրերը ճանապարհ դնելուց հետո, որովհետև շատ հոգնած էր, շուտով քնեցավ։ Հանկարծ նրա քնարանի դռները անլսելի ձայնով բացվում են։ Խավարի մեջ շփվում է ծծմբառը. ձեռքի մոմպատի լուսով, որ վառվում է նույն րոպեին, սենյակի կենտրոնում երևան է լինում մի մարդ։ Նա յուր ուսից վեր է գցում թեթև լեզգու յափունջին, և նույն րոպեին նրան կարելի է նմանեցնել մի մանուկ չերքեզ պարոնի, գեղեցիկ հագնված և ըստ կարգին զինված։
Այցելուն ծնկների վրա չոքում է մահճակալի մոտ, որի վրա քնած էր պարոն Ռուստամը. նա յուր ցուցամատով հեզիկ խեթկում է նրա կողքը։ «Ռուստամ» «Ռուստամ», լսելի է լինում բարակ արծաթի հնչումի ձայնով։ Հունը խիստ ծանր էր. տղամարդը ոչինչ չէ զգում շարունակելով յուր խորին շնչառությունը։ Այցելուն յուր բարակ, հեշտախոսությունից դողդոջուն շրթունքը հպեցնում է քնողի երեսին, մի քանի ջերմ համբույրներ քաղում է նրա նույն ժամանակ վառված թշերից և մյուս անգամ սկսում է մեղմիկ խեթել նրա կողքը, շփել յուր դալար մատներով նրա երեսը ու բաց կուրծքը։
Պարոն Ռուստամը զարթնում է, նա զարհուրած կերպով վեր է թռչում, և եթե այցելուն շուտով ծանոթություն չէր տված յուր մասին, իսկույն ջարդուփշուր կլիներ այդ հսկայի ոտքերի տակ։
Մի վրդովիք, հեզիկ ասաց նրան աղջիկը։
Ախ, Սալբի, դո՞ւք եք, կրկնեց պարոն Ռուստամը։
Որքան անզգա քնած էիք, ես մտածեցի կողոպտել ձեր սենյակը։
Իրավունք ունիք ամաչեցնել ինձ, պատասխանեց մանուկ տղամարդը։ Ուրեմն եկ համբուրեմ քեզ, իմ նազելի Պալլաս, կրկնեց նա սեղմելով յուր կուրծքի վրա չքնաղագեղ օրիորդը։
Մտածեցեք, Ռուստամ որքան մեծ բան է սերը, խոսեց օրիորդը գաղտնի համակրությամբ։ Եվ որքան մեծ է նա, այնքան կատաղի և անխելք է։
Բայց որքան անխելք է, այնքան քաղցր է։
Սերը քաղցր է, երբ երկու կողմից ևս ունի յուր հավասարակշիռ մագնիսական ձգողությունը, պատասխանեց օրիորդը։ Բայց Սոլոմոն-բեկը նույնպես սիրում է ինձ, և նրա սերը կատաղի ու անխելք է, բայց երբեք քաղցր չէ․․․։
Պարոն Ռուստամը ժպտեցավ։
Ինչո՞ւ քաղցր չէ, և ինչո՛ւ չեք կարող սիրել նրան, հարցրուց նա։
Որպես մի տերության մեջ չեն կարող կառավարել երկու թագավորներ, նույնպես և մի սրտի մեջ երկու սեր, պատասխանեց օրիորդ Սալբին։ Ուրեմն դուք բացի ինձանից ոչ ոք չե՞ք սիրում։
Ես բացի ձեզանից ուրիշները պատվում եմ։
Պարոն Ռուստամը լուռ եղավ և երկու կողմից առժամանակ տիրեց լռությունը։
Ուրեմն Սոլոմոն-բեկը ի՞նչ խելքով մտածել է յուր արծաթով գնել ձեզ, հարցրուց պարոն Ռուստամը։
Եվ ձեր մայրը ի՞նչ իրավունքով կամենում է անել մի այդպիսի վաճառականություն։
Օրիորդ Սալբին պատասխան չտվավ։
Եթե ձեզ կանեին վաճառքի նյութ, առաջ տարավ պարոն Ռուստամը, ձեզ գնելու իրավունքը առավել հասնում է ինձ, որովհետև հառաջագույն ես իմ ձեռքս դրած եմ ձեզ վրա։
Միթե դուք ունի՞ք այնքան փող, հարցրուց օրիորդ Սալբին։
Թեպետ ես չունիմ այնքան փող, բայց կարող էի Միրզա-Ֆաթալիից խնդրել մի ժամանակ, մինչև ես կգնայի օտար աշխարհներ և կվաստակեի այնքան արծաթ, որով կարողանայի հատուցանել ձեր հանգուցյալ հոր պարտքը, միայն թե դուք հավատարիմ մնայիք դեպ ինձ, և չփոխեիք ձեր սերը, մինչև իմ գալուստը:
Արդարև, դուք կլինեիք երկրորդ Աշըղ-Ղարիբը, պատասխանեց օրիորդը ժպտալով։
Պարոն Ռուստամը կարմրեցավ ամոթից։
Ռուստամ, հոգիս, շարունակեց նա, իրավ որ սերը գիժեցնում է... ինչո՞ւ դուք խոսում եք այսպես տղայաբար։ Դիցուք թե Միրզա-Ֆաթալին տիրել է այն ժառանգությունները, որ թողել է իմ հայրը։ Այդ ինձ ի՞նչ փույթ։ Դրա վրա թող տրտմի իմ մայրը։ Այդ անցքը ինձ չէր վերաբերում։ Բայց եթե կհաջողեր աստված և մի օր տիրոջ օրենքով իմ անձս կկապվեր քոնի հետ, այնուհետև, որքան կտևեր մեր կյանքը, թե բարեբախտությունը և թե դժբախտությունը՝ ամենևին զանազանություն չէր անելու մեզ համար, որովհետև, դրանց երկուսին մենք բաժանորդ կլինեինք միասին։
Ախ, Սալբի, ձեր խոսքերը մահացնում են ինձ, կրկնեց պարոն Ռուստամը, միթե ես այնքան աղքա՞տ եմ, որ չեմ կարող վայելուչ կերպով պահպանել ձեզ։
Դարձյալ խոսում եք որպես երեխա, Ռուստամ, մեր կյանքը ի՞նչ մի արժեքավոր բան է, որ պետք լինի նրա ապրուստի համար մտածել։ Միայն իրողությունը, որ պետք է ամուսնական կյանքի համար, չէ ոսկի, չէ արծաթ, չէ թանկագին քարեր միակ իրողությունը՝ որ շունչ է տալիս, կենդանացնում է ամուսնական կյանքը, է սերը։
Պարոն Ռուստամը ոչինչ չխոսեց, նա ախտալից սրտով միայն նայում էր յուր սիրուհու երեսին։
Դուք պատմեցեք մի փոքր ձեր հովվական կյանքի մասին, ասաց նրան օրիորդ Սալբին։
Ես երկար գրած էի ձեզ այդ մասին և կխոսեմ ձեզ հետո, եթե դուք ախորժում եք լսել, բայց այժմ կամենում եմ առաջարկել քեզ մի խնդիր։
Ի՞նչ խնդիր։
Դու ցանկանո՞ւմ ես, որ մենք երկուքս միմյանց հետ ապրեինք միշտ այդպես անօրեն սիրով։
Ո՛չ, կարճ պատասխանեց օրիորդը։
Ապա ի՞նչ պետք է արած, երբ թշնամիները ամեն կողմից շրջապատել են մեզ այստեղ և քահանաները չեն կամենում կապել մեզ օրինավոր սիրով։
Միթե մոռացե՞լ եք ինչ որ ձեզ գրած էի։ Իմ միտքը, իմ դիտավորությունը միևնույնն է, ինչ որ քանի օր առաջ հայտնել եմ ձեզ թղթով. այսինքն՝ գնալ, հեռանալ այդ երկրից մի այլ աշխարհ, ուր կարելի էր հանգիստ և անվրդով կյանք վարել։
Միևնույնը և ես կամեի առաջարկել քեզ հոգիկս, կրկնեց պարոն Ռուստամը ուրախացած։ Ուրեմն ե՞րբ պետք է դնել մեր դուրս գալու պայմանը։
Երբ որ կամիս, ես միշտ պատրաստ եմ։
Երկու օր դրանից հետո, այսինքն՝ շաբաթ կես գիշերին։
Շատ լավ, պատասխանեց օրիորդը և վեր կացավ։
Ու՞ր, հարցրուց պարոն Ռուստամը, ուղղակի նրա երեսին նայելով։
Գողերը գործում են քանի մութ է, բայց լուսաբացին նրանք հեռանում են դեպ իրանց բնակարանները։ Մեր երկրի անկարգ սովորությունները պատճառ են տվել մեզ գողանալ միմյանց սերը... բայց ահա մոտ է լուսաբացը... պետք է հեռանալ։
Արդարև, այդպես է... կրկնեց պարոն Ռուստամը։ Եթե մի անբախտ ռոմանագիր մեր սերը նյութ կառներ յուր վիպասանությանը, ես զարմանում եմ, ի՞նչ մի ցանկալի բան կարող էր գտնել նրա մեջ։
Ոչինչ... մեր երկուսիս կյանքը դատարկ է...: Օրիորդը սկսեց հեռանալ, պարոն Ռուստամը գնաց նրան ճանապարհ դնելու:
Ծաղկավանի բոլոր տները կից են միմյանց. նրանց կտուրների վրայից կարելի էր գնալ գյուղի մի ծայրից դեպի մյուսն։ Եվ այդ միմյանց հետ կպած տուների մեջ կային ծակեր, այնպես, որ, առանց դուրս գալու, ծակերի միջով, մի եղելություն մի րոպեում կարելի էր բոլոր գյուղի մարդկանցը իմացում տալ։ Պարսկաստանի հայերի և ջհուդների բոլոր տուները ունին այդպիսի ձևեր։ Եվ այդ առանց պատճառի չէ։ Հարաժամ երկյուղը՝ գողերից, թշնամիներից պատճառ են տվել նրանց այնպես սեղմվիլ միմյանց հետ և այնպես սերտ գրկել միմյանց...։
Ճանապարհը, որ տանում էր տեր-Առաքելենց կտուրից մինչև ծերունի Մկրտիչի տունը, բավականին երկար էր և պետք էր անցնել բավականին շատ կտուրներ։ Պարոն Ռուստամը յուր սիրուհու հետ անցավ մի քանի կտուրներ։ Մութը խորին էր և աղջամղջին։ Շուները կատաղած հաչում էին նրանց ոտնաձայներից ու կտուրների երդիկներից շատ անգամ լսելի էին լինում դեռևս քնած գյուղացիների ձայները «Է՜յ, այն ո՞վ է...»։
Գյուղական կյանքում կից կտուրները մեծ բախտավորություն են անբախտ սիրողների համար։ Նրանք, լույս ցերեկով չկարողանալով միմյանց տեսնել, շատ անգամ, օգուտ քաղելով գիշերների խավարից, կտուրների անմարդ անապատի մեջ կարողանում են գտնել մի անկյուն մի քանի ժամ միմյանց հետ խոսելու, և իրանց այրված սրտերի խորհուրդը միմյանց հայտնելու։ Ասիական աշխարհի մեջ այդ փոքրիկ անկյունը առավել ախորժելի է այդ անբախտների համար, քան թե մի պարտեզ, բուրաստան կամ ծաղկոց։ Որովհետև, այստեղ նրանց ծնողքը և ոչ այլ մարդիկ չէին կարող տեսանել նրանց...։ Լուսինը, փայլուն աստղերը, երբեմն տեսնում են նրանց և լսում նրանց ջերմ, հեշտախոսությունից բորբոքված համբույրները։
Պարոն Ռուստամը մինչև ծերունի Մկրտչի տունը, ճանապարհ դրեց յուր սիրուհին, և մի քնքուշ գրկախառնությունից հետո նրանք բաժանվեցան միմյանցից։
Պարոն Ռուստամը դառնալով, յուր սենյակի դռանը հասնելով, ներսից լսեց մի թխկոց և մարդու զգեստների խշխշոց։ Նա կասկածանոք մոտեցավ լուսամուտին, վառ ճրագի լուսով տեսավ յուր սենյակում մի պարսիկ՝ բարձր հասակով, որ կանգնած յուր մահճակալի մոտ, մերկացրած դաշույնը ձեռքին, անդադար հարվածներ հասցնում էր մահճի վերմակին, մտածելով, թե նրա տակին քնած էր մարդ: Նրա մանուկ սրտի անհամբերությունը թույլ չտվավ նրան երկար մտածել: Նա շուտով բաց արավ դուռը, ներս մտավ և աննկարագրելի արագությամբ՝ հարձակվեցավ ավազակի վրա, և հետքից պինդ բռնեց նրա թևքերը: Ավազակը, ոչ այնքան պարոն Ռուստամի անհամեմատ ուժից, որքան մի այդպիսի հանկարծակի հափշտակվիլն գերբնական զորությունների ընծայելով, իսկույն թուլացավ և տարածվեցավ հատակի վրա մի քաջ հերոսի ծնկների տակ: Նա շուտով կապեց նրա թևքերը և ոտքերը, զենքերն առավ, սկսեց հարցնել.
Ասա, չարագործ, դու ի՞նչ նպատակով եկել էիր այստեղ։
Ես եկել էի քեզ սպանելու համար, պատասխանեց ավազակը աներկյուղ համարձակությամբ։
Ի՞նչ թշնամություն ունեիր ինձ հետ, չէ որ ես քեզ ոչինչ վատություն չեմ արած։
Այդ ստույգ է, բայց ես կատարում եմ մի այլ մարդու՝ քո թշնամու կամքը։
Ո՞վ է այն մարդը, ուղղորդն ասա, եթե ոչ կսպանեմ քեզ։
Ես կասեմ քեզ, թե ով է նա, ոչ այնքան երկյուղ կրելով քո սպառնալիքից, որքան պատիվ դնելով քո քաջությանը և տղամարդությանը, որով ընկած եմ ես այդ հատակի վրա։ Իրավ, ոչ ոք մինչև այսօր չէ զարկել իմ կողքը գետնին... բայց ես ուրախ եմ, որ հանգամանքները այնպես բերեցին, որ իմ ձեռքը չթաթախվեցավ ձեր արյունով։
Պատմիր, երկար մի խոսիր, կեղծավոր, ես լավ կճանաչեմ ձեր ազգի հոգին։
Դուք ունիք մի ամենավտանգավոր թշնամի՝ Ավազակյանց Սոլոմոն-բեկը, նա ամենասաստիկ կերպով խելագարված է ձեր նշանածի՝ օրիորդ Սալբիի սիրով։ Բայց այդ սերը ընդդեմ լինելով նրա հոր մելիքի կամքին, և կամենալով հեռացնել յուր որդին մի այդպիսի ցանկությունից, մտածել է նա կորուսանել, որպես քեզ, նույնպես և օրիորդ Սալբին։ Դրա համար այս գիշեր կանչեց ինձ յուր մոտ «Ապպաս, ասաց նա ինձ, առանց ժամանակ կորուսանելու կմտնես տեր֊Առաքելենց Ռուստամի քնարանը և նրա կտրած գլուխը կբերես ինձ, որի փոխարեն ես կտամ քեզ լի բուռով ոսկիներ, մինչև առավոտյան կմտածեինք և օրիորդ Սալբիի համար...»։
Ի՞նչ հարաբերություն կար քո և մելիքի մեջ, որ դու հանձն ես առել գործել մի այդպիսի չար դավաճանություն, միթե միմիայն ոսկիների՞ համար, հարցրուց պարոն Ռուստամը զարմանալով։
Ո՛չ, թե ոսկի ևս չլիներ, դարձյալ ես պարտավորված էի կատարել նրա կամքը։ Մենք ավազակներ ենք թվով ավելի քան տասն, որ ծառայում ենք մելիքին։ Բոլոր Ասիան կողոպտում ենք և լցնում նրա տունը։ Մելիքը գաղտնի կերպով վաճառում է մեր կողոպուտները և հարկավորված ժամանակ արծաթը տալիս է մեզ։ Մեր ձեռքով նա ժողովել է յուր այնքան մեծ հարստությունը։ Բայց երբ պատահում էր, մեզանից մինը կալանավորված էր տերությունից, ուր որ լիներ այդ, մելիքը անհուն գումարներ գործի է դնում մեզ ազատելու համար. այդ պատճառով, մենք միշտ կարոտություն ունինք նրան, որ յուր ձեռքում ունի երկու զորություն՝ արծաթ և իշխանություն։
Մելիքը վաղո՞ւց պարապվում է այդ արհեստով։
Վաղուց... մենք շուտուց ճանաչում ենք նրան, համարյա նրա երեխայությունից... պատասխանեց ավազակը խորհրդական ձայնով: Պարոն, դուք մի նայիք նրա երևելի բարեպաշտությանը, դա մի շատ վտանգավոր մարդ է։ Երբ մի մարդու նա կամեր վրեժխնդիր լինել, նրա տունը կողոպտել է տալիս, նրա վիզը կտրել է տալիս, նրա կինը և աղջիկները խայտառակել է տալիս...։ Իսկ առավոտյան ինքը իբրև թե ոչինչ բանից լուր չունի, սկսում է որոնել գողը...:
Նա յուր այդպիսի չարությունները գործ է դնում և հայերի՞ վրա:
Նրա համար ոչինչ զանազանություն չունի, թե հայ, թե թուրք և թե ջհուդ՝ բոլորը մի են։
«Խեղճ հայեր, բավական չէ որ ուրիշները կողոպտում են ձեզ. և ձեր գլխավորները, ձեր իշխանները՝ ձեր մարմնին ցեց են դարձել...»։ Նա ընկղմեցավ խորին մտածությունների մեջ. մինչև այսօր չէր լսել մի այդպիսի բան մելիքի մասին։
Ես, պարոն, խոսեց ավազակը. ես չարագործ մեկն եմ. ինձ ներելի է, որ հանձն եմ առել քեզ սպանելու պաշտոնը, բայց դուք ձեր մեծահոգությամբ ներեցեք ինձ, առանց պատժի արձակելով ինձ։
Ես բաշխեցի քո պատիժը քո ուղիղ խոստովանությանը, ասաց պարոն Ռուստամը, և սկսեց բաց անել նրա կապանքները։
Ես ուխտ եմ դնում այսուհետև միշտ մնալ ձեզ հավատարիմ բարեկամ, կրկնեց ավազակը։ Քո բարեկամությունը ինձ պետք չէ, միայն լավ է, որ դու ուխտես թողուլ քո այժմյան արհեստը։ Որովհետև, քանի դու պարապվում ես չար գործերով, ի՞նչ հավատարմություն կարող է լինել քո բարեկամության մեջ։
Լութիները (սրիկաները) նույնպես ունին իրանց հատուկ օրենքը և ճշմարտությունը։ Գիտե՞ք, այսուհետև Ավազակյանք չեն թողնելու իրանց չար խորհուրդները, որպես քո, նույնպես և օրիորդ Սալբիի կյանքի դեմ որոգայթներ լարելու, և բոլոր այդ գործերի մեջ գործակատար լինելու ենք ես, իմ ընկերների հետ։ Երդվում եմ ես Ապութալեպի որդի Ալիի անունով, միշտ հավատարիմ լինել ձեզ, միշտ հայտնելով ձեզ նրանց դավաճանությունները, և հարկավորած ժամանակ, չխնայել իմ ծառայությունները գործիքով իմ սրով։
Դե՛, վեր կաց, ասաց Ռուստամը, առ զենքերդ, հեռացիր. քանի մութ է, ոչ ոք չէ տեսնելու քեզ։
Սրիկան գոհունակությամբ համբուրեց յուր բարերարի ձեռքը և հեռացավ։
Պարոն Ռուստամի քունը փախավ աչքերից. զանազան խառն մտածմունքներ պաշարեցին նրան, նա հիշեց սրիկայի խոսքը, որ ասել էր նրան մելիքը։ «Ապպաս, կմտնես տեր֊Առաքելենց Ռուստամի քնարանը... նրա կտրած գլուխը կբերես ինձ... մինչև առավոտյան կմտածեինք և օրիորդ Սալբիի համար...:»
Քաջասիրտ տղամարդը, որին երկյուղ ասած բանը անծանոթ էր՝ սկսեց վախենալ, և վախենալ ոչ թե յուր մասին, այլ յուր սիրուհու համար։ Նա հաստատ որոշեց յուր մտքում, առավոտյան հրաժարական ողջույն տալ յուր բարեկամներին և երեկոյան գաղտնի դուրս գալ Ծաղկավանից։
Նա մոտեցավ գրասեղանին, սկսեց գրել այդ նամակը յուր բարեկամին, որ թողել էր սարում իրան տեղապահ։
«Ազնիվ բարեկամ Պարոն Վ...»
«Ես մի քանի օրվա համար, խաշնարածների վերատեսչությունը ձեզ հանձնելով, եկա տուն, հույս ունենալով թե շուտով կդառնամ դեպի ձեզ։ Բայց հանգամանքները, ընդդեմ իմ կամքին, փոխեցին նպատակս, և ես ստիպված եմ խնդրել ձեզ, այս տարի մինչև վերջը հանձն առնել այդ նեղությունը։
«Սիրելի Վ... «խորհուրդ մարդկան կամք աստուծո», ասում են գրագետները. «Մարդի ասած-աստծո լսած»,-ասում է առածը: Եղբայր, ձեր մարգարեությունը կատարվեցավ. ես ստիպված եմ, իմ սիրուհու հետ, դուրս գնալ իմ հայրենի երկրից. դուրս գնալ, չգիտեմ ուր։
«Ու՞ր, կրկնելու եք դուք, հայի համար ամեն տեղ միևնույն է. հայի համար ամեն տեղ լույս է տալիս միևնույն մռայլված, խավարած արեգակը։»
«Արդարև, այդպես է... բայց ես չեմ գնում ուրիշ աշխարհներում բախտ որոնելու, ես գնում եմ փորձելու նոր անբախտություններ. ես գնում եմ տեսնել նորանոր անբախտ հայեր, լսել նրանց լացը, աղաղակը, նրանց ցավակից լինել, նրանց հետ արտասվել...:»
«Բայց հայրենիքը այս ի՞նչ հիմար բառ է, որ գործածում եմ ես. հայի համար ո՞ւր է հայրենիք։ Բայց հայրենիքը, ասես թե, ատում է ինձ. նա խորթությամբ նայում է ինձ վրա։»
«Եղբայր, այստեղ քահանան սրբության տեղ թույն է մատուցանում հիվանդին։ Իշխանները ավազակների խումբ են բանացնում։ Անկարգ շառիաթը իրավունք է տալիս մուսուլմանին խարդախ գրավաթղթով տիրել այրի կնոջ անշարժ կայքը։ Եվ մայրերը վաճառում են իրենց աղջիկները, ազատելու համար իրանց կորուսած ժառանգությունները, որ ապրեին։ Վասակները՝ օգուտ քաղելով մարդիկների տգիտությունից, որպես չղջիկները գիշերի խավարից, ծծում են իրենց զոհերի արյունը։ Եվ արծաթը բեկերի ձեռքում հրաշք է գործում...։»
«Ինձ երևում է, թե այդպիսի աշխարհի օդը թունավորված է և բնակիլ նրա մեջ անկարելի է:»
«Ինձ կասեն, այդ մի նոր բան չէ հայերի կյանքի մեջ. հայերի մեջ ամեն տեղ անպակաս են եղեռնագործ տեր Մարկոսներ, ավազակ մելիքներ, խաբեբա Միրզա-Ֆաթալիներ, փոփոխամիտ տիկին Թարլաններ, օգտածարավ վասակներ և այլն...։ Այդ իրավ, դրանք բոլորն կան։ Բայց հայերի մեջ ամեն տեղ դժվար կարելի է գտնել սիրահարված ագահներ:»
«Ես ամենևին սառն սրտով դուրս եմ գնում այդ երկրից։ Բայց մի տխրություն, որ տանում եմ ինձ հետ՝ է այն, որ ես չկարողացա երկար ժամանակ իմ խաշնարածների հետ մնալ, և իմ բոլոր սկսածներս նրանց մասին՝ մնացին անկատար, իմ բոլոր խորհուրդներս նրանց մասին՝ և պիտի տանջեն ինձ գերեզմանում։ Բայց մյուս կողմից ուրախ եմ, որ նրանց համար թողնում եմ ձեզ նման մի ոգելից տղամարդ, որ կրում է իմ գաղափարներս, իմ հոգին...:» «Եվ միակ հույսը, որ մխիթարելու է իմ պանդխտությունս է այն, որ ես իմ հետ տանում եմ մի ընկեր, որ կարող է կարեկից լինել ինձ, որ ընդունակ է հասկանալու իմ ուրախ և տխուր զգացմունքները, որ կարող է ինձ հետ լալ և ինձ հետ ծիծաղել։»
«Բայց սիրելի Վ... դուք մի մոռանաք երբեմնապես գնալ այն անբախտ թափառական վրանաբնակների մոտ, դուք սրբեցեք արտասուքր այն այրի կնոջ աչքերից, դուք մխիթարեցեք նրան։
«Ողջույն մատուցեք սիրո համբույրներով իմ բոլոր բարեկամներին, մնաք բարյավ, իմ բարեկամ, գուցե այլևս չենք տեսնելու միմյանց...»
«Ձեր սրտակից բարեկամ այժմ և միշտ տեր-Առաքելենց Ռուստամ»:
ԼԴ
ԿԱԼՎԱԾԱՏԵՐ ԽԱՆԸ
Ո՞ւր այդպես շտապով, Մարտիրոս եղբայր, առավոտյան շուտ գնում ես, հարցրուց գյուղացի Խաչատուրը յուր դրկիցից:
Գնում եմ... ասում են խանը եկել է Ավազակենց տանը, բոլոր մարդիկ գնացին սալամ, ես էլ գնում եմ... գիտես մեր դրկիցների սատանությունը, թե այնտեղ չգտնվիմ, իմ քարփուջը ջուրը կդնեն, ասաց Մարտիրոսը։
Ուրեմն կանգնիր, միասին գնանք, կրկնեց Խաչատուրը:
Նրանք հեռվից տեսնում են գյուղացիների բազմությունը, որ խումբ֊խումբ գնում էին Ավազակենց տունը։
Ի՞նչ գործի համար խանը եկել է Ավազակենց տունը, հարց արեց Խաչատուրը։
Բա, լսած չե՞ս, խանը պահանջել է Հովասաբենց աղջիկը օրիորդ Սալբին՝ իրան կին առնուլ, այսօր պիտի բերեն, այնտեղ տեսնե։
Օ՜յ, տեր աստված, կրկնեց զարմանալով Խաչատուրը.- խանին ո՞վ է հասկացրել, թե օրիորդ Սալբին մեր գյուղի բոլոր աղջիկների գեղեցկուհին է։ է՜հ, եղբայր, պատասխանեց Մարտիրոսը... «Գողը որ տանից լինի, եզն երդիկից կհանե»։ «Ծառի որդը իրանից չլինի, հազար տարի կապրե»։ «Մեր գողն մեր տանից է, մեր որդն մեր ջանիցն է...»։
Ո՞վ եք կարծում, որ լիներ աչդ անաստվածը։
Միթե չե՞ք ճանաչում մեր գյուղի չարության դևը, ո՞վ պիտի լինի, եթե ոչ մելիքը, խանի հետ խոսքերը մին են արած՝ խեղճ գյուղացիների տուները քանդում են։
Այդպես է, եղբայր, երկու սատանա երբ միացան, աշխարհս մատի վրա պտույտ կտան։ Բայց ասա, խնդրեմ, ի՞նչ առիթ ուներ մելիքը այդպիսի անիրավություն գործելու։
Որպես ես լսեցի, անցյալ օր մարդիկ խոսում էին, թե Սոլոմոն֊բեկը միտք ուներ Հովասաբենց աղջիկը իրան կին առնուլ։ Նրա մի այդպիսի ցանկությունը ընդդեմ էր հոր կամքին, և կամենալով հեռացնել յուր որդուց մի այդպիսի միտք՝ մելիքը մատնել է օրիորդ Սալբին, որով մի կողմից Սոլոմոն֊բեկը կզրկվի յուր սիրուհուց, մյուս կողմից՝ խանին մեծ ծառայություն արած կլինի մելիքը։
Աստված քեզ մի պատիժ չտա, մելիք Պիլատոս, կրկնեց Խաչատուրը վշտանալով, ի՞նչ ասել է Լուսավորչյա լույս հավատը կորցնել և Քրիստոսի անմեղ գառը գայլերի բերանը գցել։
Մելիք Ավազակյանցի ընդարձակ դահլիճում զարդարած պարսկական ամենաշռայլ և զեխ ախորժակով, խանը, մեջքը տված մախմուրի փափուկ բարձերին, նստած էր մի թանկագին օթոցի վրա, ասղնագործած ոսկի թելերով։ Նրա գեղեցիկ մանկլավիկները, փառավոր հագնված, ձեռքերը կուրծքի վրա փակած, կանգնել էին խանի առջև և զգուշությամբ սպասում էին նրա հրամաններին։ Նրանցից մի փոքր հեռու, նույնպես ոտքի վրա, ձեռքերը սրտին դրած, ստրկական հնազանդությամբ, կանգնել է մելիքը, յուր հաստ ահագին մարմնով։ Բացի դրանցից դահլիճի մեջ ոչ ոք հրաման չուներ կանգնել խանի աոջև։ Բայց բակումը, դահլիճի բաց արած լուսամուտների հանդեպ, կանգնած են վարոցավոր ֆերրաշները, և նրա մյուս ծառաները, ղաջարի երկայն գդակներով և լեզգու խանչալներով։
Ֆերրաշներից շատ հեռու, բակի մեջ, բոբիկ ոտքերով, լուռ և անձայն, որպես անշունչ էակներ, իրանց ձեռքերը փակած, խառնիխուռն, միմյանց հետքից՝ կանգնած էին գյուղացիները։ Նրանց ամեն մեկը, բակի դռնից մտնելով, մինչև խանին մի փոքր մերձենալն, հարյուր անգամ գլուխ էր խոնարհեցնում, թեպետ գոռոզ բռնակալը ամենևին ուշադրություն չէր դարձնում նրանց։
Մի քանի մարդիկ գյուղացիներից իրանց գլուխների վրա բերեցին ահագին փայտյա սկուտեղներ, որ տվին մանկլավիկներին, որ նույնպես իրանց գլուխների վրա առած' ներս տարան, դրեցին խանի առջև։ Երբ ծառաները բարձրացուցին նրանց երեսներից շալ ծածկոցները, սկուտեղների մեջ դրված էին քաղցրավենիների անհուն տեսակներ, մեծ-մեծ շաքարների գլուխներ, թեյի կապոցներ և մի փոքրիկ ամանի մեջ լցրած ոսկի դահեկաններ դիշքիրասիխանի ատամների վարձը, որով բարեհաճեր նա ընդունել նրանց բերած ընծան, և յուր ատամներին նեղություն տալով, հաճեր ուտել...
Ի՞նչ նեղություն եք կրել, ես առանց դրանց շնորհակալ եմ ձեզանից, ասաց նա հպարտությամբ աչքը ձգելով ընծաների վրա: Դուք ձեր չափազանց հնազանդությամբ միշտ գթացուցել եք իմ սիրտը ձեզ վրա և իմ աչքը միշտ քաղցրությամբ նայում է ձեզ վրա:
Ժողովրդի միջից մի մարդ ևս չկարողացավ համարձակվիլ մի քանի բառ խոսել խանի առջև։ Միայն նրանք մինչև գետին երկրպագություն տալով, նրանց միջից լսելի էին այսպիսի խոսքեր.- « տերը թող երկար կյանք տա ձեզ, ձեր թուրը միշտ կտրուկ անե...մեր կյանքից կտրե ձերի վրա դնե...։»
Բայց մելիքը յուր երկար տարիների ծառայությամբ, մի փոքր համարձակություն ստացած լինելով խանի սպասավորության մեջ, ժողովրդի կողմից խոսեց այդպես.
Քեզ մատաղ լինինք, վեհափառ խան, մենք ձեր ոտքի տակի հողն ենք և ձեր կոշիկների փոշին։ Տեր աստված ի պատիվ մեծ մարգարեին (Մուհամմեդին) թող օրհնե ձեր կյանքը. ձեր փառքը, ձեր կարողությունը և ձեր զորությունը՝ թող միշտ զորացնե: Մենք ու մեր որդիները, բոլոր գերդաստաններով՝ ձեր անարգ ծառաներն ենք, և դուք պետք է միշտ անպակաս անեք մեզանից ձեր կարող ձեռքի հովանավորությունը, ձեր բարեսրտության առատագութ ցողը, և ձեր մեծահոգի ողորմածության բարի խնամքը, որպեսզի մենք՝ հանգստություն գտնելով, մեր ծառայությամբ աշխատինք ձեզ համար։
Մելիքը լռեց: Բոլոր բազմությունը զարմանում էին նրա անվախ ճարտարախոսության վրա և գովասանում էին նրան, որ այնպես համարձակվում էր փափկացնել խանի սիրտը: Հավատացնում եմ ձեզ տասն երկու իմամների անունով, խոսեց խանը, ձեռքում շարժելով յուր փոքրիկ գավազանը, և երդվում եմ իմ պապերի սուրբ ոսկորներով, որ ես երբեք իմ սիրելի ծառաներից չեմ որոշելու ձեզ, և որպես իմ արժանահիշատակ պապերը միշտ խաղաղությամբ պահպանել են ձեզ, ես էլ աշխատելու եմ ևս առավել բաշխել ձեզ հանգստություն և բարօրություն։
Աստված երկայն կյանք տա ձեզ, գոռացին գյուղացիները, մենք մեր աչքերից գանգատ ունինք, ձեզանից երբեք ոչ։
«Ողորմելի ժողովուրդ», խոսեց անլսելի ձայնով պարոն Ռուստամը, որ այն ժամանակ նստել էր բակի մի անկյունում, և նայում էր գյուղացիների ստրկական հնազանդությանը, և լսում էր նրանց փոքրոգի խոսքերը։ Երկար և ձիգ տարիների բռնակալության հարկը և գերությունը բարբարոս իշխանների թրի տակ` ոչինչ չեն կարողացել ավելացնել այդ ազգի հոգու մեջ, բացի մի կեղտոտ կեղծավորություն և մի ստոր, փոքրոգի խոնարհություն։ Արդարև, այդպես է աշխարհի կարգը, երբ մեկը չէ կարող ինքնուրույն պահպանել յուր անբախտ գլուխը, յուր մարդկության ազատ անձնիշխանության մեջ, նա պարտավոր է խոնարհիլ ուրիշի թրի տակ, և աղաչանքով, կեղծավորությամբ, նրա կամքին գործիք դառնալով, պահել յուր գլուխը...։ Ահա այդպես է մեր ազգի վիճակը...։
Բոլոր բազմության մեջ քրթմնջոց ընկավ, թե ահա բերեցին Հովասաբենց Սալբին։
Եվ արդարև, երկու թուրքի կանայք, խանի հարեմատան պառավներից, իրանց կապույտ չարսավների մեջ փաթաթած, բերում էին մի այլ կին, սպիտակ չարսավով։ Երբ հասցրել էին նրան խանի հանդեպ, նա հրամայեց պառավներին բարձրացնեն նրա երեսի քողը։ Ի՞նչ զարմանալի փոփոխություն...: Երեսաքողի տակից դուրս երևաց մի այլանդակ և տգեղ կերպարանք, ներկված գորշ և մռայլոտ գեղնապղնձի գույնով, սովորականից շատ մեծ զարհուրելի աչքերով, որ վառվում էին գերբնական փայլողությամբ։ Այդ ահագին. բարձրահասակ մարմինը, յուր կերպարանքի սարսափելի գծագրությամբ, ոչ միայն վրդովեց խանի կատաղի բարկությունը, այլև միանսովոր եկյուղ ձգեց նրա սրտում։
Դուք ինձ վրա ծիծաղում եք, դժոխքի ծնունդներ, գոռաց նա պառավներին։
Պառավները սկսեցին զարհուրելի երդումներով հավատացնել խանին, թե այդ ճիվաղը միևնույն աղջիկն էր, որ խոստացել էին նրան, բայց իրանք նույնպես զարմանում են, թե որպես կերպարանափակ եղավ նա:
Քոփակ (գամփռ), բարկանալով ասաց խանը մելիքին, ա՞յս է քո ինձ խոստացած աղջիկը, ուրեմն դու խա՞ղ ես անում ինձ հետ. դու խայտառակե՞լ կամենումես իմ հարեմատունը, սպասիր, դու կստանաս իմ վրեժխնդրության ծանր պատիժը։
Քրտինքը խոշոր կաթիլներով սկսեց թափվել մելիքի ճակատից և անհետանալ նրա մորուքի մեջ. նրա երեսը ամոթուց կարմրեցավ աղյուսի գունով. նա ուզում էր գետին մտնե, որովհետև խանը նրան բոլոր բազմության առջև կոչեց քոփակ։ Բայց և այնպես, նա չէր կարողանում հասկանալ այդ զարմանալի և տարապայման անցքի պատճառը։
Այ գյուղացիք, ասաց խանը սպառնացած, բոլորիդ գլուխները այս րոպեիս կտրել կտամ, եթե չգտնեք այս վայրկյանում այդ աղջիկը։ Կորեք դուք, գարշելիներ, ասաց նա պառավներին։
Սարսափը և զարհուրանքը տիրեց խղճալի ժողովրդին։ Նրանց աչքերը սևացան, նրանց գլուխները պտույտվեցան․ նրանք դողում էին ահից և երկյուղից։
Պարոն Ռուստամը ինքը մնացել էր զարմացած, որովհետև նա յուր աչքով տեսավ, երբ առավոտյան շուտ խանի անթիվ ֆերբաշները շրջապատեցին ծերունի Մկրտչի տունը, օրիորդ Սալբիին բռնեցին, տվեցին պառավների ձեռքը. ինքը չկարողացավ օգնել յուր սիրուհուն, և ճարահատյալ դիմեց Ավազակենց տունը, գուցե մի հնարքով ազատեր նրան։ Բայց տեսնելով զարմանալի փոփոխությունը նա մնաց սառած, թե ի՞նչ գաղտնիք էր այդ, ո՞ւր աներևութացավ օրիորդ Սալբին. ուսկի՞ց հայտնվեցավ այդ ղարաչի կինը, որ քանի օր առաջ տեսել էր տներում` ման էր գալիս, ֆալ բաց անում (հմայում) և հաց ժողովում։ Նա որ երբեք չէր հավատում գերբնական զորությունների, ընկղմվեցավ խորին կասկածների մեջ, թե այդ գործի մեջ թագուցած էր մի անբնական գաղտնիք։ Բայց լսելով խանի սպառնալիքը, տեսնելով գյուղացիների տագնապը և զարհուրանքը, թողեց յուր մտածմունքը, մոտեցավ խանին ու խոսեց.
Ինչո՞ւ դուք մի խաբեբայի (մելիքի) խորհրդով խռովում եք այդ խեղճ գյուղացիների հանգստությունը. ինչո՞ւ հայհոյում եք այդ ողորմելի ժողովուրդը, որ այսպես հնազանդությամբ իրանց գլուխները ծռել են ձեր առջև։ Բավական չէ՞, որ դուք խլում եք մեր կայքը, կարասիքը, մեր բոլոր ապրանքը, և մեր ընտանիքն էլ ծառա պիտի լինին ձեր անիրավ կամքին. ո՞վ է տվել ձեզ այդ իշխանությունը, դուք չե՞ք գիտում, որ մեր կրոնքը երկնքից մինչև երկիր մեզ հեռացրել է ձեզանից և մեր ու ձեր մեջ անկարելի է խնամություն։
Որքան դուք այդպես պինդ կապված կլինիք ձեր մոլար կրոնքին, միշտ կմնաք խեղճ և մեզ ծառա, պատասխանեց խանը թունավոր հայացքով։
Ոչ, որքան մենք պինդ կապված կլինինք տգիտության և կործանիչ անմիաբանության, միշտ կմնանք խեղճ, բայց գիտցեք, որ հասել է ձեր բռնակալության վերջը... և հայր մինչև յուր արյունով կարող է վրեժխնդիր լինել ձեզ...։
Ձայնդ կտրե, լիրբ շուն, պոռաց բռնավորը. ես այս րոպեիս կտրել կտամ քո լեզուն և դու կճանաչես քո չափր։
Եվ նա հրամայեց դահիճներին, որ նրա լեզուն կտրեն։
Պարոն Ռուստամի մոտ կանգնած գյուղացիները, լուռ, աչքով, հոնքով նշանացի էին անում նրան, որ չխոսե այդպիսի համարձակ խոսքեր, որով ոչ միայն յուր անձը կձգեր պատժի տակ, այլ բոլոր հայերը նրա պատճառով վտանգի մեջ կընկնեին։ Բայց արիասիրտ տղամարդը ուշադրություն չդարձրեց թուլահոգի և վախկոտ ամբոխին, նա խոսեց խանի երեսին և ավելի անպատշաճ խոսքեր, մինչև անգամ հայհոյանքներ։
Անբախտ տղամարդը, արդարև, քո երակներում դեռ չէ սառած հայոց դյուցազունների արյունը... և քո սիրտը զարկում է վսեմ ազգասիրական նախանձով...։ Բայց դու մինակ ես. «մի ձեռքը ծափ չի զարկում...»:
Սպանե՛ք, սպանե՛ք, կտոր կտոր արեք, պոռաց խանը զարհուրանքով։
Երբ ֆերբաշները և խանի սարվազները մոտեցան նրան, քաջն Ռուստամ՝ դուրս եկավ բազմության միջից, քաշվեցավ դեպի բակի արձակ կողմը, և մերկացնելով յուր ահագին թուրը, որ թաքցրել էր յուր վերարկուի տակ, հարձակվեցավ ֆերբաշների վրա, կոչելով, անիրավներ, երեխայի՞ վրա վազում եք դուք։
Սպանե՛ք, սպանե՛ք, գոռում էր կատաղած խանր:
Տեսնենք, ով շուտ կսպանե, կոչեց մեր քաջը աներկյուղ սրտով․ մինչև այդ կատուները կհասցնեն ինձ մի շնչին վերք, ես բոլորին կուղարկեմ դժոխքը քո պապերի մոտ:
Այդ խոսքերի հետ նա զարկեց թուրը առաջին մոտեցող ֆերբաշի գլխին. արյունը խավարեցրեց նրա աչքերր, հասցրեց մի սաստիկ հարված երկրորդի կռան վրա, գցեց մի երրորդի ուսը։ Բայց տակավին ոչ մի վերք չէր ստացել նա։
Տո, հեռվից թափանչով, ձայն տվեց խանը, ինքը նույնպես բարկությունից վեր կենալով և իջանելով դահլիճից կռվողների մոտ:
Երբ որ նրանք, չկարողանալով մոտուց սրով զարկել նրան, կամեցան հեռվից հրացան գործիքներ արձակել դեպի նա, պարոն Ռուստամը առանց ժամանակ կորուսանելու, յուր թուրը պատենին հանձներ, և դուրս բերելով յուր գոտուց երկու թափանչա, մինը ուղղեց դեպի ֆերրաշները, մյուսը դեպի խանը, ասելով դու հրամայում ես ինձ սպանել թափանչով, բայց քո ծառաները խիստ թույլ են երևում կռվի մեջ, ուրեմն առաջագույն դու ինքդ փորձիր իմ գնդակի զորությունը։
Խանը, նշմարելով անհրաժեշտ մահը յուր աչքի դեմ, և տեսնելով յուր ծառաների թուլասրտությունը, սկսեց կեղծավորություն գործի դնել։ Արդարև, նեղի ընկած միջոցին պարսիկը բացի կեղծավորությունից և խաբեբայությունից ավելի շնորհ չունի։
Դու չե՞ս ամաչում, սևերես, որ քո խանի վրա ձեռք ես բարձրացնում, ասաց նա։
Ինձ համար ոչինչ զանազանություն չկա խանի և մի ստոր մարդու մեջ, երբ հարկավորում է պահպանել իմ կյանքը և իմ պատիվը, պատասխանեց արիասիրտ Ռուստամը։
Նույն ժամանակ մի մարդ բազմության միջից դուրս եկավ, բռնեց պարոն Ռուստամի ձեռքը, ասելով. ամա՛ն, Ռուստամ, իմ որդի, իմ աչքի լույս, խղճա քո ողորմելի հորը, բաշխիր այդ խեղճ ժողովրդին, որ բոլորը քո պատճառով պիտի վտանգի մեջ ընկնին, սանձիր քո բարկությունը, մտածիր, թե ինչ ծանր հանցանք ես գործում...
Մահտեսի Ավետիսը հանդարտացրեց որդու կատաղությունը և խլեց նրա ձեռքից թափանչաները։
Ծերունիդ դու, ասաց խանը մահտեսի Ավետիսին, առ նրա զենքերը, ասա, թոզ գա իմ ձեռքս համբուրե, որ ես բաշխեմ նրա հանցանքը։
Մահտեսի Ավետիսը, հավատալով խաբեբա և խորամանկ պարսիկի խոսքերին բոլորովին զինաթափ արեց յուր որդին։ Խանը տեսնելով նրան առանց զենքի, հրամայեց յուր ծառաներին բռնեցին նրան և կապեցին թևքերը։ Նույն ժամանակ մի անմաս մանկլավիկ բարձրացրեց խանչալը և ուզում էր խրել պարոն Ռուստամի սիրտը:
Քո ձեռքո՞վ պիտի սպանվեմ ես, լակոտ, ասաց նա և յուր ոտքով այնպես սաստիկ զարկեց մանկլավիկի փորին, մինչ նա գլորվեցավ և հինգ քայլ հեռու վեր ընկավ գետնի վրա։
Երբ բոլորովին կալանավորված էր նա, ուխտազանց պարսիկը հրամայեց յուր ծառաներին, ամեն մեկը մի թափանչա արձակեն նրա վրա։ Խեղճ Ռուստամի մահը հասած էր։ Այնքան բազմաթիվ հայերից ոչ ոք չօգնեց նրան։ Բոլորը, ահից, երկյուղից, սասանված, չորացած, սառն աչքերով նայում էին այդ ցավալի հանդեսի վրա։ Եվ ոմանք շատ ուրախ էին, որ սպանվում է մի այնպիսի գոռոզ և հպարտ տղամարդ, որ չգիտեր չափ դնել յուր լեզվին։