Raffi

Սալբի

14

«Ես դառնալով իմ վրանը, Սալբի, իմ միտքը պաշարված էր կախարդիչ երգի զորությամբ, ես բոլոր գիշերը չքնեցի: Մի քնքուշ մուզա հանկարծ քսեց իմ երեսին յուր թևքը և իմ երևակայությունը վառվեցավ, ձեռքս աոա գրիչը, գիշերային լռության պահուն, լուսնյակի լուսով գրեցի այս երգը, իբրև նվեր այն պաշտելի այրիին,

Օ՜րո՛ր կարդա՛, ո՛վ գթոտ մայր,
Մինչ մեծանա քո որդին
Հոր ոսոխից նա պահանջե
Ցուր վրեժը դառնագին։

Այդ ձայնիկը քո օրորի.
Այդչափ տխո՜ւր և տրտո՜ւմ,
Բորբոքում է իմ արյոնը
Կրակ է ձգում իմ սրտում։

Այդ կրակը ինձ այրում է,
Ինձ կտանե՜ գերեզման…
Արդյոք կլինե՜ր՝ զինվորվեի
Քո թշնամու հանդիման:

Կիլիկիայի վեհ առյուծին՝
Արժանավոր ո՛վ կորյուն,
Քո սարերի ազատության
Նվիրեի իմ արյուն:

Անգործ, հանգիստ՝ մեր պատիցը
Քարշ է ընկած թվանգը,
Ցուր պատենում՝ իմ սայրասուր
Թուրս ուտում է ժանգը:

Իմ նժուգը՝ գետնին տալով,
Յուր սմբակը տրոփում,
Պատերազմի ասպարեզին
Նա էլ ինձ հետ փափագում:

Գութը շարժվում ամեն սրտի,
Որքան լիներ նա մեռած,
Երբ տեսնում է մի ամբողջ ազգ
Գերության մեջ շղթայած

Հայոց որդիք խլացած են,
Լսել չկամին քո օ՜րո՜ր,
Ստրկության ծանր լծի տակ
Ճնշվել կամին ամեն օր:

Օ՜րո՜ր, կարդա՜, թող մեծանա
Առյուծենի մանուկը.
Պետք է նրա ամրացնել՝
Տկարացած բազուկը,

Որ կարենա քաջի նման
Կրել հոր նետ-աղեղը,
Թշնամու ժանտ գերությունից`
Ազատելու յուր ցեղը:

Կ՛գա օրը… հսկայի պես`
Նա դեմ տված յուր դոշը,
Դեպ պատերազմ կբարձրացնե
Ազատության դրոշը:

Եվ նրա հետ շատ քաջազունք
Ուխտ կ ուխտեին այն դաշնով.
Հայրենիքի փրկությունը
Գնել իրանց արյունով…


Առավոտյան շուտով, իմ թանկագին Սալբի վեր առա իմ գրած ոտանավորը և սկսեցի դիմել դեպի այրի կնոջ չադրը: Ես գտա նրան, երբ նրա մանուկը քուն էր եղած, և ինքը միայնակ, խորին մտաշողության մեջ, նստած յուր վրանի մոտ հոսող աղբյուրի ափին, ականջ էր դնում արծաթափայլ ջրի խոխոջմունքին: Նա նույն ժամանակ նմանում էր մի աղբյուրային հավերժահարսի, որ, ասես թե, նոր էր դուրս եկել ջրից։

«Ողջունեցի նրա առավոտը և նվերը տվի նրա ձեռքը։ Խորին ուշադրությամբ կարդաց ոտանավորը։ Ես նկատեցի, արտասուքն սկսեց հեղեղի նման թափվել նրա մեծ սևորակ աչքերից․․․։ Ա՜խ, ո՛րքան արտասունքներ լացել են այդ սգավոր աչքերը․․․։

«Հանկարծ նա յուր լցված աչքերը բարձրացրեց դեպի երկինք․ «փառք քեզ, տեր», ասաց նա խորին ջերմեռանդությամբ, «որ գտա ինձ կարեկից․ այսուհետև կմխիթարվեմ ես, պատճառ՝ կան հայոց որդիների մեջ և այնպիսիները, որոնք հասկանում են ինձ»։

«Բայց, իմ սիրուհի, դժբախտաբար ես չեմ կարողնում ամեն բան արձակ, համարձակ գրել քեզ․ իմ օրագիրը լցված է այս անբարբառ կետերով․․․ պատճառը՝ մեր լեզուն կապ է և մեր գրիչը կաշկանդված։ Մենք չենք կարող արտասանել՝ ո՛չ մեր ուրախությունը և ո՛չ մեր տրտմությունը․ մենք չենք կարող ո՛չ լալ և ո՛չ ծիծաղել․ ա՜խ, մեր բոլոր մտքերը, մեր բոլոր զգացմունքները պիտի ճնշվին, պիտի խեղդվին մեր սրտի մեջ․․․։

«Բռնավորի երկաթյա գավազանը միշտ և հանապաղ հսկում է մեր գլխի վրա․ լաց ես լինում՝ լո՛ւռ կաց․․․ ծիծաղում ես՝ լո՛ւռ կաց․․․ խոսում ես՝ լո՛ւռ կաց․․․ ա՜խ, ծեծում են՝ լո՛ւռ կաց․․․ սպանում են ինձ՝ լո՛ւռ կաց․․․ իմ երեխանց արյունն իմ աչքիս առջև թափում են՝ լո՛ւռ կաց․․․ իմ ապրանքը խլեցին, տարան՝ լո՛ւռ կաց․․․ իմ տունը քանդեցին՝ լո՛ւռ կաց․․․ ա՜խ, չեմ դիմանում այդ ցավերին, ի՞նչ անեմ․ տո՛, թշվառ, քեզ ասում են՝ լո՛ւռ կաց, հա, լո՛ւռ կաց, միշտ լո՛ւռ կաց, թե ավելի խոսես, լեզուդ կկտրեմ, թե էլի խոսես, քեզ կենդանի հողում կթողեմ և այնտեղ կսովորես լուռ կենալ․․․։ Այս անգութ գավազանն ամեն ժամ, ամեն րոպե պտտվում է մեր գլխի վրա և դու միշտ լսում ես այդ զարհուրելի սպառնալիքը։

«Այդ սպառնալիքի ձայնը քո ականջներին զարկում է, քանի կենդանի ես․ այդ երկաթի գավազանը քո գլխի վրա պտտվում է, քանի շունչ ես քաշում․․․ Մի մարդ էլ չկա, որ ասե․ չէ՞ խեղճ է, դա, դա էլ մեզ նման մարդ է, աստված լեզու է տվել, որ խոսե, խորհե, մտածե և յուր մտքերն արտասանե։

«Բայց ասես թե, ամեն մարդ յուր գլուխն է պահում, յուր փորի, յուր հանգստության համար միայն ծառայում․ մի բան, որ նրան վերաբերյալ չէ, դրա վրա չէ մտածում։ Եվ այդպես, մարդիկ սառն աչքով են նայում իրենց նման մարդկանց չարչարանքներին նրանց նեղություններին։ Եվ աստված ինքը սառն աչքով է նայում այդ ցավալի տեսարանների վրա. նա տեսնում է, յուր պատկերը շինել են անասուններին հավասար, բայց աչքերը խփում, երեսը շրջում, անց է կենում...։

«Երբ մեր աստվածը, երբ մեզ նման մարդիկ, ամենևին հոգս չեն քաշում մեզ համար, որ մեզ ազատեն մեր նեղիչների ձեռքից, էլի մեր ցավը մնում է մեր վզին, էլի հարկավոր է, որ մենք մեզնից մի սիրտ, մի հոգի լինենք, միմյանց օգնենք մեր անբախտ գլուխը ազատելու համար ուրիշից, որ մեր միսը, մեր արյունը չէ, մեզ ոչինչ օգուտ չկա։

«Որովհետև բոլոր ազգերը, որոնցից որևիցե օգնության հույս ունինք մենք, բոլորն էլ առանց մեղքի չեն։ Երբ նրանցից մինը՝ ասում է իմ նեղիչին՝ դուրս հան աչքիդ միջից շյուղը, նա նրան պատասխանում է. ուրեմն դու էլ դուրս հան քո աչքի միջի գերանը, հետո խրատիր ինձ։ Ահա՛ այդպես, նա նրան ասում է՝ կույր ես, նա պատասխանում է՝ դու էլ քաչալ ես։

«Եվ արդարև, այդ երևելի տիրապետողներից, այդ վիթխարի հրեշներից ամեն մինը, առած յուր ճանկերի մեջ մի քանի մանր ազգեր, ծամում են նրանց լերդը, ծծում են նրանց արյունը։ Խղճալի զոհերը ճչում են, աղաչում են, ոչ ոք չէ լսում նրանց ձայները. և նրանք լսում են ճակատագրական սպառնալիքը լո՛ւռ կաց...:

«Այս կյանքի չարչարանքների փոխարեն մյուս կյանքում աստված կհատուցանե. այդ ապաշխարություն է, վնաս չունի։

«Դարձյալ երևեցա՞ր, սևերե՛ս, անե՜ծք քեզ, չար սատանա...։

«Հոր երանելին քեզ օրինակ։

«Գնա՛, կորի՛ր, ասում եմ քեզ, քո խրատները մեզ պետք չեն։

«Իսրայելցիք քեզ օրինակ Եգիպտոսում։

«Դարձյալ սկսեցի՞ր, ձայնդ չե՞ս կտրելու։

«Ապա որպե՞ս ժառանգեցին Քանանու երկիրը։

«Տո՛, հիմար, նրանք ունեցան Մովսես, Ահարոն, Նավյա որդին Հեսու, մի՛թե քեզպեսնե՞րը պիտի հայի խավար տանը ճրագ վառեն, նրա ձեռքից բռնեն և գերությունից ազատեն։

«Բայդ այդ սև սիրտը լիրբ է. դա չէ ամաչելու, դա չէ հեռանալու ինձանից։ Ես ինքս կփախչեմ դրանից, եթե ոչ, քանի կանգնած եմ դրա մոտ, միշտ իմ ականջներս ծակելու է դրա միջնադարյան զուռնայի ձայնը... տասնևինը դար այդ զուռնան փչում են հայի ականջներին, բայց նա չէ զարթնում յուր քնից... նա քնած է և գուցե կքնե անթվելի շատ ժամանակներ...։

«Մնաս բարյավ, իմ Սալբի, գալոց օրագրությանս մեջ կտեսնվենք քեզ հետ։

ԻԸ

ՌՈՒՍՏԱՄԻ ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Եվ ես, իմ սիրուհի, ամեն օր տեսության համար՝ գնում եմ այն պաշտելի տիկնոջ վրանը, իմ խելքս տարել են՝ նրա պարզ ձևերով, արդար սրտով ընդունելությունները, և նրա ազնիվ հյուրասիրությունը հիացնում է ինձ։

«Օրըստօրե ես ծանոթանում եմ այդ վրանաբնակների երևելի տղամարդկանց, նրանց տիկինների և նրանց պատկառելի ալևորների հետ։ Եվ ես տեսնում եմ այդ անմեղ ժողովուրդը, իրանց պարզ բարք ու վարքով, իրանց առաքինական բնավորությամբ, իրանց միամիտ սրտերով ձևացնում են մարդկության առաջին ժողովուրդը, յուր կիսավայրենի և բնական կերպարանքներով։ Եվ դրանց մեջ պատկերանում է բիբլիական աշխարհը՝ յուր աբրահամներով, յուր իսահակներով և յուր հակոբներով։ Եվ արդարև, ես նկատում եմ դրանց բոլորի մեջ, համարյա՛ ելումուտ է անում մի շունչ և շարժվում է մի հոգի։

«Ես տեսնում եմ դրանց մեջ ալևորներ դարավոր հասակներով, բայց տակավին ժիր, գործունյա և աշխույժ։ Այդ ծերունի հսկաները, իրանց մարմնի երկաթի կազմվածքով, որպես անմահ աստվածներ, միշտ արհամարհել են մարմնական տկարությունները։ Նրանք իրանց հարյուր քսան, հարյուր հիսուն տարեկան հասակում ևս որպես իրանց մարմնի անդամներ՝ չեն հեռացնում իրանց մոտից իրանց թուրը, իրանց թվանգը իրանց կյանքի մտերիմ ընկերները, և այն մի զույգ ատրճանակները, որ խնամքով խրել են իրանց հաստ գոտիների մեջ։ Այդ հինավուրց նահապետները, որպես կենդանի պատմագրքեր, պատմում են, թե քանի՛ հալածանքներ, քանի՛ չարչարանքներ և քանի՛ կոտորածներ է կրել իրանց ցեղը այնքան երկար թափառելով աշխարհի երեսին, և նրանց ցամաքած աչքերի մեջ պահված են մի քանի կաթիլ արտասուք, որոնք շուտով գլորվում են նրանց փառահեղ, սպիտակ մորուքի վրա, երբ մտաբերում են ցավալի անցյալը։

«Նրանց տղամարդիկն այնքան ամուր, այնքան պնդակազմ են, որ ձևացնում են Հերքուլեսի չուգունից արձանները։ Նրանք միանգամայն պատած պողովատի զրահներով, միշտ իրանց վրա ունին զենքեր։ Նրանց ձիաները միշտ թամքած սպասում են վրանների առջև, որ երբ պատահե թշնամու հանկարծահաս հարձակմունք, շուտով քաջերը թռչեն նրանց վրա և դուրս գան ավազակների դեմ։

«Նրանց կանայք բոլորն ունին բարձր նոճիների նման ուղիղ հասակ, նրանք ավելի նրբակազմ են, բայց ջլուտ և ոսկրոտ. ես չեմ տեսնում նրանց մեջ և ոչ մեկը, որ մսալի և հաստլիկ լինի։ Նրանք ունին թուխ, կրակոտ աչքեր, բարակ սև հոնքեր, մետաքսի նման փափուկ, բայց ղավայի նման սև և փայլուն ծամեր։ Նրանց երեսները նիհար են, գորշ կարմրագույն թշերով, որոնց կաշին փայլում է առավել կոկությունից, բայց խիստ շատ վայելուչ և գրավիչ հայացքով։ Այդ ախտալից կանայքը, այդ հայկազնյան արտեմիսները, դու տեսնում ես շատ անգամ թեթևաշարժ եղջերուների նման աներկյուղ և համարձակ վազվզում են բարձր և մեծ ապառաժների վրա որսի համար. նրանք նույնպես կրում են զենքեր, նրանք նույնպես կռվում են, երբ նեղում է նրանց թշնամին, երբ հարկավորվում է պահպանել իրանց անասունները։

«Այս ո՛չ այնքան բազմաթիվ վրանաբնակները, իրանց կյանքի պարզ և բնական կերպարանքներով, ձևացնում են նախկին մարդկությունը, որ ապրում էր միմիայն յուր հոտերով։ Ոչխարների կաթնից պատրաստում են՝ մածուն, սեր, կարագ, յուղ, պանիր և ժաժիկ. դրանք բավական են նրանց կերակուրների համար։ Ոչխարների բրդից մանում են թելեր, որոնցից գործում են կապերտներ, օթոցներ, գորգեր՝ սփռոցի, վերմակի համար, և աբաներ, վերարկուներ, արխալուղներ, շալվարներ՝ հագնելու համար, ձեռնոցներ, թաթմաններ և գլուխը դնելու թաղիքե քոլոզներ։ Նրանց մնում է գնել միմիայն հաց, այդ էլ փոխարինում են իրանց անասունների բերքերի հետ։ Այծերի մազերից հորինում են չվաններ և վրանների պաստառներ։

«Բայց այդ բոլոր գործերը կատարում են կանայք։ Նրանց տղամարդիկն ավելի հանգիստ են։ Նրանց կանայքը միշտ կրկնում են իրանց սովորական առածը, թե «կնոջ գործն է աշխատելը, տղամարդը պիտի հանգիստ ապրի, որ գիրանա, զորանա կռվելու համար»։ Եվ այս է պատճառը, որ երբ նրանց տղամարդիկը կամենում են վշտացնել իրանց կանանցը, գնում են և անծածկույթ պառկում են սառը քարերի վրա, որ հիվանդանան։

«Այդ բնության հավատարիմ որդիների հագուստները, անտարակույս, ունին մեր նախնի հայերի զգեստաձևերը։ Թաղիքե երկայն քոլոզներ, փաթաթած ապարոշներով, դրած են գլխներին. հագած են լայն շալվարներ, որոնց մեջ թողնելով իրանց վարտիքը և բաճկոնի կամ զբունի երկայն դրոշակները, բավականին ուռցնում են, և նրանց իշխանները՝ համարյա կիսաքարշ գետնից տանում են իրանց շալվարները։ Մեջքները պնդած են հաստ գոտիներով, որից վերև հագել են կարճլիկ քազախա կամ գառիկ, և մի լայն վերարկուի (աբայի) մեջ ծածկվում են նրանք։ Նրանց շապիկների թևքերը, երկայն և լայն, քարշ են ընկած, որ և շատ անգամ փաթաթում են իրանց բազուկների վրա։

«Նրանց կանանց հագուստներն ավելի պարզ են․ մի շապիկ իջնում է մինչև նրանց ոտքերը, նրանց վարտիքի բերանը սրունքներից վերև պինդ բուզմայած է լարանով. շապկի վրա հագած ունին անթարի կամ բնիշ՝ երկայն և բաժանված դրոշակներով։ Նրանց գլխի զարդերը ցուցանում են, թե հայոց կանայքը հին ժամանակներից միշտ սովորություն են ունեցել կրել թագ և պսակ, որպես մեր Զարեհավանի կանայքը կրում են գոտի: Ուլունքներ, մատանիներ, գնդեր, ապարանջաններ, քթի օղեր կրում են համարյա բոլորը։

«Բայց այնքան բազմության մեջ ես չեմ տեսնում մի մարդ, որ կարդալ գիտենար։ Մի բան, որ պակաս է դրանց՝ է ուսումը և կրթությունը։ Բայց դու կզարմանաս, իմ սիրուհի, թե ասեմ, որ դրանց մեջ կան և քահանայք, որոնք կարդալ չգիտեն...։ Այդ քահանայքը չեն որոշվում հասարակ ժողովրդից. նրանք նույնպես ունին իրանց գոտիների մեջ ատրճանակներ, և նրանց կողքից քարշ է գնում երկայն թուրը...։ Ես քննեցի այդ քահանաներից մինի ուսումը, սուրբ գրքերից գիտեր միայն տերունական աղոթքը և երրորդության անունները, նրա հավատքի հանգանակն էր այն, որ աստված ստեղծել է երկինքը և գետինքը․ նա միայն կառավարում է բոլոր աշխարհը, և ինքը, յուր թախտը դրած ամպերից վերև, քննում է արդարների և մեղավորների գործերը։ Եվ Քրիստոսը նրա որդին է, որին ուղարկեց աշխարհ մեզ սատանայի գերությունից ազատելու համար, և աշխարհից վերանալուց հետո թողեց սուրբ խաչը իբրև յուր օրինակը, որ մենք պաշտենք. այդ պատճառով այդ մարդիկն իրանց կոչում են առավել խաչապաշտ, քան թե քրիստոնյա։ Եկեղեցու խորհուրդներից նրանց հայտնի է միայն մկրտությունը, պսակը և հաղորդությունը, որոնք քահանան կատարում է երեք անգամ երրորդության անունը հիշելով։

«Նրանք ճանաչում են և մի քանի սրբերին, որոնց մեջ երևելի են սուրբ տիրամայրը, սուրբ Կարապետը, որի գերեզմանը Տարոնումն է, սուրբ Լուսավորիչը և սուրբ Էջմիածինը. այդ երեքին ճանաչում են որպես աստուծո վեզիրներ։ Գիտեն և այլ սրբերի անուններ, որոնք աստուծո ատյանում ունին զանազան բարձր և խոնարհ աստիճաններ, որոնց հանձնված են մարդկանց զանազան տեսակ հսկողությունները։

«Դրանք ունին և մի հատ սուրբ Ավետարան գրչյա և մի քանի մասունքներ, որոնք ման են ածում իրանց հետ, որպես սրբություններ։ Այդ մարդկանցից ոչ մինը չէ տեսած, թե ինչ բաներ են դրանք, պատճառ՝ որ նրանք միշտ փաթաթված են զանազան գույներով թաշկինակների մեջ։ Մի առանձին վրան ամեն մի իջևանում կրում է յուր մեջ այդ սրբությունները։ Եվ ամեն առավոտ ջերմեռանդ վրանաբնակները, հավաքվելով այդ վրանի առջև, մի քանի անգամ ծունր են իջնում, երկրպագություն տալիս, մի քանի անգամ խաչակնքում իրանց երեսները, և այդ է նրանց աղոթքը։ Իսկ այդ սրբությանը խորանը և միանգամայն կացուցանում է նրանց ժամատունը։

«Հայկական բարբառը տակավին չէ կորուսել դրանց լեզվի մեջ յուր հին ձևերը։ Նրանք տակավին գործ են ածում իրանց խոսակցության մեջ՝ ի, զ, ընդ, առ նախդիրները։ Նրանց խոսակցությունը խիստ արագ է և կենդանի. նրանց ձայնը զանգակի հնչյուն ունի:

«Վերջին փոթորիկները Փոքր Ասիայի մեջ, կործանելով մեր Ռուբինյան թագավորությունը, խլեցին մեր ազգի այդ մի հատվածն իրանց բնիկ աշխարհից, և երկար տարուբերելով աշխարհի վրա, այժմ հասցրել են մեր սահմանակից սարերին, բայց ո՞վ գիտե, մինչև ո՞ւր պիտի քշե, տանի դրանց անգութ ճակատագիրը...։

«Այդ մարդիկը բնությամբ խիստ կրակոտ են և աշխույժ. սիրում են երգել, պարել, մանավանդ դրանց կանայքը, և միշտ ոգևորված են կենդանի ավանդություններով իրանց ազգի և իրանց կրոնքի մասին։ Ես հույս ունիմ քաղել դրանցից շատ իրողություններ, որոնք լույս կտան մեր ազգի միջնադարյան և նոր ժամանակների պատմությանը։ «Բայց մի ցավալի կորուստ հանկարծ աղմկեց բոլոր վրանաբնակների ուրախությունը։ Այսօր առավոտյան շուտ գնացի իմ բարեկամ այրիի վրանը, ես գտա նրան բոլորովին միայնակ նստած լաց լինելիս։ Տեսնելով ինձ նա սրբեց յուր աչքերի արտասուքը, բայց նրա կերպարանքը տակավին տխուր էր և մռայլված։

«Ի՞նչ է պատահել ձեզ, հարցրի ես։

«Միթե չեք լսած․ մեռա՜վ Հասոն, այն մեծ և հռչակավոր տղամարդը, պատասխանեց կինը հոգվոց հանելով։

Հասո՞ն. մեռե՞լ է, կրկնեցի ես։

«Հա՛, Հասո՛ն, առաջ տարավ այրին. մեր ցեղի փառքն ու պարծանքը… մեր վրանաբնակների աղան…։ Վա՜յ մեզ, վա՜յ մեր սև օրերին, այսուհետև էլ ինչպես պետք է ապրել՝ այդ հզորը կորուսանելուց հետո…։

«Նույն րոպեին նրա վշտալի թշերի վրա երևեցան արտասուքի կաթիլներ, նա ակամա փղձկեցավ։

«Արժե՞ր ափսոսալ մի այդպիսի անձը, հարցրի ես, որ յուր գործը՝ յուր կյանքի նպատակը շինել էր միշտ արյուն թափել։

«ՉԷ՛, այդ մի ասեք, նա երբեք չէ թափել մի արդար արյուն, բայց գործ դնել յուր սուրը թշնամու առջև՝ այդ մի սուրբ բան է, և կողոպտել բերել նրա ավարը նույնպես մեղք չէ։

«Ի՞նչ էր պատճառը, որ մեռավ այդ քաջը։

«Ոչինչ… նա մեռավ անարգ և անփառունակ մահով… Հանգստությամբ, յուր վրանի տակ, հիվանդության մահճի մեջ…։

«Հապա ո՞րպես պիտի մեռնիլ»։

«Ջրի կուժը պիտի ջրի ճամփին կոտրվի», ասում է մեր հորերու առածը։ Քաջերը, որ թափել են այնքան շատ արյուններ, պետք է արյունով մեռնին, բայց դժբախտ Հասոն չվայելեց այդ փառքը...։

«Արդարև այդպես է, պատասխանեցի ես մի գաղտնի համակրությամբ հիշելով հոմերյան տողերը.

«Մարտ մարտընչել և մեռանել փառք են առույգ պատանվույն, և վեր և խոց սուր սըլաքաց զարդ գեղեցիկ են մահուն»։

«Բայց նա թողեց յուր ցեղի վրա ավելի երախտիք, խոսեց կինը կարեկցությամբ. տեսնո՞ւմ եք այդ լայն և ընդարձակ հովիտը, այդ խոտավետ արոտամարգերը, նրա շնորհիվ մեր ոչխարներն արածում են այս սարերում․ նա խլեց Ջալալիներից այդ բոլորը։

«Ի՞նչպես, հարցրի ես։ «Ինչպես… կրկնեց այրին հեգնությամբ. «ղարբե սնունինա», ասաց քրդի առածը։

«Այդ սրբազան առածը, Սալբի, որ շնչում է յուր մեջ պատերազմասեր հոգի, նշանակում է հայոց բառերով՝ «ուժը, կամ զորությունը, կամ քաջությունը՝ սահման չունին»։ Մի այդպիսի առած ևս գործ էին ածում մեր նախնիքը, որ հիշեցնում է արժանահիշատակ Խորենյան ծերը. «սահմանք քաջաց զենք յուրյանց»։

Բայց այդ առածն այժմ չէ լսվում և ոչ մի հայի բերանից, նա վաղուց լռել է հայերի համար…։

Տեղեկանալով, որ առավոտյան է լինելու քաջի թաղումը, ես խոստացա ներկա գտնվիլ իմ ընկերներով, և ցավալի զգացմունքներով հեռացա նրանց վրաններից։

«Ես հայտնեցի Ծաղկավանի խաշնարածներին այդ սգավոր անցքը և առավոտյան շուտով՝ բավականին բազմություն՝ երկու սեռից ցանկացան ինձ հետ գնալ քաջի թաղումը կատարելու համար։

«Թաղման հանդեսը խիստ տխուր էր և ցավալի․ այստեղ ոչ մի քարացյալ սիրտ չէր կարող յուր արտասուքը զսպել, յուր սրտի ցավին դիմանալ։ Սև պաստառներով պատած նաշի մեջ դրած էր քաջի դին. յոթը տղամարդ սև հագած տանում էին նաշը, դրանք մեռնողի ընկերներն էին։ Դագաղի առջևից տանում էին հանգուցյալի նժույգը՝ գլուխը, պարանոցը և թամքը սևով պատած։ Նրա վրա կարգով կախված էին նրա տիրոջ բոլոր զենքերը նրա ահագին թուրը, թվանգը, թափանչեքը, դալխանը, մզրախը, երկաթի զրահը և գլխի սաղավարտը։ Խելացի երիվայրն ընթանում էր տխուր և սրտաբեկ, կարծես զգալով, թե յուր վրա այլևս չէր նստելու նրա հսկայամարմին տերը։ Նա էլ յուր աչքերից թորում էր արտասուք…։

«Նժույգի հետևից գնում էին մի կարգ վրանաբնակների բոլոր կանայք՝ բաց գլուխներով, հերարձակ, մերկացրած իրանց կրծքերը։ Նրանք փետում էին իրանց գլխի ծամերը, նրանք փետում էին իրանց խոպոպիքն ու գանգուրները և թափում էին դագաղի առջև ճանապարհի վրա… նրանք կոծում էին իրանց կրծքերը, հող և փոշի էին ցանում իրանց գլխի վրա, տխուր և ցավալի ձայներով եղանակելով այսպիսի ողբեր.

«Այլևս պետք չէ՛ մեզի ապրել, խավար արևի երեսը տեսնել. Կորա՜վ մեր հույսը, կորա՜վ մեր փառքը. Վա՜յ մեր սև որին… հողե՜ր մեր գլխին…»

«Նաշի հետևից գնում էին բոլոր այր մարդիկը՝ գլուխները քարշ գցած, լաց լինելով, նույնպես իրանց կրծքերը ծեծելով, և նրանց գլխների վրա ածած էր հող և մոխիր։

«Դագաղի բոլորտիքը շրջապատել էին հանգուցյալի ազգակիցները և նրա մերձավոր բարեկամները, նրա կինը, որդիքը։ Ինչ որ դրանց գրությունն էր՝ դժվար կարելի է գրչով նկարագրել։ Աստված ինքը հեռու անե այդպիսի տեսարաններ... մազեր փետած, հագուստներ պատառոտած, աչք, երես ծվատած, արյունաշաղախ, ամեն մինը մի քար ձեռքում անդադար բախում էր կուրծքը. նրանք թավալվում էին գետնի վրա նաշի առջև, հողերը, փոշիները ցանում էին իրանց գլխներին։

«Այդ ողբալի տեսարանը այրեց և իմ հետ եկած ծաղկավանցոց սրտերը և նրանք բոլորը միաձայն սկսան լալ։ Ի՞նչ սիրտ կարող էր դիմանալ, ի՞նչ աչք կարող էր յուր արտասուքը պահել, ա՜խ, քարերն էլ էին լաց լինում, ծառերը ողբում, թռչունները ձայնակից լինում, հնչող քամիները նրանց ողբը խլում և հասցնում էին երկնքի հրեշտակներին.․.։

«Ճանապարհին մի քանի տեղ դադար առին և նաշը դրին գետին և լաց եղան։ Կանայք հերթով գովաբանում էին հանգուցյալի քաջությունները և բոլորի սրտի մեջ կրակ էին վառում... մինչև իսկ նրա կինը տխուր և ողբալի ձայնով առաջ տարավ։

(«Ա՜խ, Սալբի, այստեղ կտրում եմ իմ խոսքը․ այդ վրանաբնակների և′ ողբերն ունին իրանց քաջազնական ոգևորությունները...։)

«Այսպես էր նրա ողբը.

- «Ափսո՜ս, որ այդպես անփառք և անշուք,
Փափուկ մահճի մեջ՝ փչեցիր քո հոգին,
Ափսո՜ս, որ մահը քեզի հանդիպեց
Քո խաղաղ տնակի կամարի տակին։

«Դու մի քաջ էիր՝ արի և հզոր,
Քաջերի սուրը թող նյութեր քեզ մահ,
Կովի դաշտիցը քո արյունոտ դին
Ես տուն բերեի՝ սրտով գո՜հ, ուրա՜խ.․․։

«Ինձ դառն չէր հայնժամ թափել արտասուք
Քո արյունաներկ դիակի վերան,
Ինձ ցավ չէր հայնժամ ողբալով երգել
Քո պարծանքներով կանգնած գերեզման։

«Զի հայոց տիկնայք ինձի կասեին`
Փա՛ռք, պատիվ քեզի, երջանիկ այրի,
Դու բախտավոր ես կնիկների մեջ,
Զի կորուսիր այր` քաջ, հսկա, արի:

«Ինձ քաղցր էր հայնժամ թափել արտասուք
Արնով զարդարված դիակիդ վերան,
Եվ ծաղիկներով պճնել, զարդարել
Քո միշտ պաշտելի հողադամբարան։

«Թող պատերազմում, քաջ Հարքիների
Հարյուր գերիներ բերելով թալան,
Հազար ձիավոր քեզ հալածելիս,
Քո կրծքին դիպչեր թշնամու գուլլան:

«Թո՛ղ կռվի միջում, Արարատյան դաշտում
Ազգի, կրոնքի, հայրենյաց համար
Սուրը քո ձեռին, փառավոր մահով։
Թո՛ղ դու զոհեիր քո արյուն արդար։

«Ինձ քաղցր է հայնժամ իմ ձեռքով փակել
Քո այդ սև, հպարտ, շիջած աչերը,
Զի հազար աչեր պիտի արտասվեին
Քո հզոր թրից սպանվածները։

«Զի ես գիտեի, որ դու թռցրիր
Հարյուր գլուխներ թշնամու ուսերից,
Զի ես գիտեի, որ դու զրկեցիր
Հարյուր կնիկներ իրանց այրերից։

«Այդ զարհուրելի խոր-խոր սպիներ
Քո արությանցը վկա և նշան,
Չունի մի տղամարդ հայոց քաջերից,
Ո՛չ քուրդ, ո՛չ արաբ և ո՛չ մի թուրքման։

«Բայց, ափսո՜ս, քեզ հետ՝ ալ-վարդակարմիր
Դու մի թարմ սպի չտարար գերեզման,
Դու մեռա՜ր, անբախտ, հասարակ մահով
Փափուկ մահճի մեջ... քո բարձի վերան...։

«Ողբը վերջացավ։ Քահանան կատարեց աղոթքը։ Ժամանակ էր, երբ քաջի դին կամենում էին հանձնել հողին, նույն րոպեին հանգուցյալի կինը կատարեց մի խիստ վսեմ և սրտաշարժ իրողություն. նա կտրեց յուր գլխի ծամերի հյուսերը, յուր գանգուր խոպոպիքը, յուր գլխի բոլոր արծաթի և ոսկի զարդերը, դրեց դագաղի վրա. «քեզանից հետո թող մի այլ աչք չտեսնե իմ զարդարանքը»... ասաց նա։ Նաև դրեց մի փունջ ծաղիկ նրա նաշի վրա... այդ նրա սիրտն էր, Սալբի, որ մեռնող ամուսինը տարավ յուր հետ հողի տակ...։

«Հանգուցյալի վրանում պատրաստված էր հոգեհաց, բոլորը հավաքվեցան այնտեղ ճաշ ուտելու։ Երբ կերան, լիացան, քահանան կանգնեց ոտքի վրա և խոսեց մի կարճ, բայց ազդու ճառ. «աստծո կամքը գուցե այդպես էր եղած, և թող օրհնյալ լինի նրա կամքը, արդարև, նա չթողեց երկար ապրել մեր վրանների առաջնորդին, բայց առանց դրա այդ քաջը շատ բարիք գործեց յուր կյանքում, նա թողեց յուր հետքից միշտ գովելի հիշողություններ։ Դուք, իմ սիրելիք, սրբեցեք արտասուքը ձեր աչերից, թո՛ղ մխիթարենք ընտանիքը պատվելի հանգուցյալի»։

«Քահանան նստեց։ Ծերերից մի քանիսը ներս բերեցին մեռնողի տասնևերկու տարեկան որդուն՝ հագնված սգազգեստի մեջ, և նրա թուրն ու կամարը։ Քահանան օրհնեց այդ զենքերը և մի ծեր պատերազմող կամարը կապեց նրա մեջքը, և քարշ տվեց հոր թուրը։ Այնուհետև բոլորը մի-մի սկսան համբուրել նրա երեսը շնորհավորելով նրա գլխավորությունը»։

ԻԹ

ՍԱԼԲԻԻ ՆԱՄԱԿԸ

«Սիրելի Ռուստամ,

«Ես կարդացի քո օրագիրը, երբեմն ուրախանալով և երբեմն արտասվելով. ես քեզ հետ զգացի բազմախորհուրդ օրորոցի երգի նպատակը այն այրի տիկնոջ. քո ոտանավորով նվերը հիանալի է...։ Բայց, ափսո՜ս, այժմ չեմ կարող գրել քեզ իմ զգացմունքները քո ոգելից օրագրի վրա. ուրիշ ժամանակի թողնելով այդ, այժմ շտապում եմ հայտնել քեզ մի նոր խաբար, որ վերաբերում է ինձ և քեզ։

«Դու չծիծաղես, սիրելի Ռուստամ, իմ այս անքաղաքավարի խոստովանությանս վրա. ինձ այժմ հայտնվել է մի նոր սիրող...։ Ի՞նչ ես կարծում, ո՞վ է դա. Ավազակյանց Սոլոմոնը, այն անզգա հիմարը, այժմ սկսել է սիրել ինձ...։ Այդ մի նոր լուր չէ՞... ներիր, որ փոխանակ պատասխանելու քո սրբազան օրագրին. գրում եմ դատարկ բաներ։ Որովհետև ես առանց քո գրելու գիտեմ, որ հայի օրը վաղուց խավարել է և հայի աստղը վաղուց նսեմացել է...։ Ես առանց քո գրելու գիտեմ. մեր ականջներին զարկում է մի օրորոցի երգի ձայն, այդ խրախուսական ձայնը՝ Հայաստանի մոր ձայնն է...։ Բայց դու տեսնո՞ւմ ես այն անթիվ, անհամար հերովդեսները, որոնք դեռ չստուգած մոգերից իմաստուններից մի այդպիսի գուշակություն, հրամայում են կոտորել բոլոր մանուկներին, որպեսզի նորածինը ևս նրանց հետ կորչի...։ Ես չեմ կարողանում ավելի պարզ գրել քեզ. ստույգ ես գրել, մեր լեզուները կապ են, մենք դատապարտված ենք մշտնջենավոր համրության. պատճառ՝ Զաքարիայի պատիժը եկել է մեր գլխին... ուրեմն մի նոր Հովհաննես պետք է, մինչև արձակվին մեր լեզուների կապերը...։ Դառնանք դեպի մեր խոսքը։

«Ավազակյանցը, միով բանիվ, խնդրել է իմ ձեռքը, ուրիշ խոսքով, նա միտք ունի ինձ հետ պսակվելու։ Նրա մի այդպիսի խորհուրդը հառաջագույն հայտնեց ինձ նրա քույրը, որ, որպես երևում է, եղբոր նպատակը կատարելու համար, հանձնված է տիկին Սալլաթինի մոտ ուսանելու օրինակով։ Բայց մի քանի օր առաջ մի անցք բոլորովին հայտնի կացույց նրա միտքը։ Ես հարկավոր եմ համարում գրել այդ մի ըստ միոջե։ Ես մեր այգումն էի, և նստած մի ծառի տակ, փունջ էի կապում ծաղիկներից, որ նոր բուսել էին հալված ձյունի տակից։ Մեր այգեպանը գնացել էր հեռու, այգիի խորքումը կտրում էր որթերը, ես միայնակ էի։ Հանկարծ տեսա այգիի ցանկապատից ներս սողաց մի մարդ և մոտեցավ, ճանաչեցի, Ավազակյանց Սոլոմոնն էր։ Նա սկսավ ման գալ այգիում։ Երբ ո՛չ ոք չտեսավ, և կարծելով ես միայնակ եմ, տեսա, ուղղակի եկավ ինձ մոտ։ Ես ամենևին ընդունելության նշան ցույց չտվի նրան, բայց նա ինքնագլուխ նստեց ինձանից մի փոքր հեռու խոտերի վրա։ Երկար այնպես նստած լուռ նայում էր դեպի ինձ, բայց երբ հասկացավ, որ ես իրան ուշադրություն չեմ դարձնում, խոսեց. «Որքան անողորմ եք, աղջիկ պարոն, չեք մատուցանում ինձ գոնյա մի վարդ»։

«Ես իսկույն հասկացա նրա ինչ խորհրդով ինձ մոտ գալը. այդ պատճառով, մտածեցի, նրա բերնի համը տալ։

«Ես ուրիշի համար եմ պատրաստում այս փունջը, ասացի սառնությամբ։

«Բայց ես այժմ ձեզ հյուր եմ և հյուրի պատիվը սուրբ բան է, պատասխանեց նա։

«Նա՝ որ դռնից չէ ներս մտնում, այլ պատից է վեր գալիս, գող է և ավազակ, ասում է գիրքը։

«Նա բարկացավ։

«Դուք շատ անքաղաքավարի եք, ես խնդրեցի ծաղիկ, ասաց նա վշտացած ձևով։

«Բարկությունը խռովեց և իմ արյունը. այդ պատճառով բոլոր քաղաքավարությունները մի կողմ դնելով, ավելի կոշտությամբ պատասխանեցի նրան.

«Ներեցեք, պարոն, դուք տակավին այն արժանավորությանը չեք հասած, որ կարող լինիք իմ ձեռքից ընդունել ոչ թե ծաղիկ, այլև փուշ։

«Ե՞ս... մելիք Պիլատոսի որդի՞ն... այս գավառի իշխա՞նը... արժան չէ՞ ընդունել ձեր ձեռքից և փուշ... գոռաց նա կատաղի եղանակով։

«Արդարև, ձեզ արժան է տեր-Առաքելենց Ռուստամը, այն արյունախում սրիկան... կցորդեց նա։

«Բայց ես, կամենալով ավելի խոր խոցել նրան, պատասխանեցի.

«Անպիտան, դուք ինչպե՞ս եք համարձակվում առանց ահ ու դողի բերան առնել այն պաշտելի տղամարդի անունը, որին այնքան սիրում եմ ես։

«Երբ նա նշմարեց, որ խստությամբ չէ կարող համոզել ինձ, տեսա, ստրկաբար ծունկ իջավ իմ առջև և կամենում էր համբուրել իմ ոտքերը։ Մերժեցի ես այն փոքրոգին և թույլ չտվի որ նրա պիղծ շրթունքը մերձենային ինձ։ Բայց նա մերկացույց յուր դաշույնը, դրեց իմ առջև. «Երբ դուք այդպես անխիղճ եք, ասաց նա. երբ չեք կամենում ձեզանով բախտավորել ինձ, ուրեմն առեք այս սուրը և այդ մահու գործիքով հասուցեք մի խորին հարված իմ սրտին, որ այդպես սաստիկ կերպով զարկում է ձեզ համար... թող դադարե նրա զարկը... և այդ պարծանքը կհանգստացներ ինձ գերեզմանի խորքում, թե սպանվեցա Սալբիի ձեռքով...։

«Հեռացեք ինձանից, ասում եմ ձեզ, ես չեմ կամենում տեսնել ձեր երեսը, սպառնացա նրան։ Ինչո՞ւ եք խռովում իմ հանգստությունը, ինչո՞ւ իզուր ստորացնում եք ձեզ. հավատացնում եմ ձեզ, ո՛չ ձեր փառքը, ո՛չ ձեր հարստությունը և ո՛չ ձեր այդ փոքրոգի, ստորաքարշ կեղծավորությունները, ոչինչ բան ձեր կողմից՝ չեն կարող խաբել ինձ...։ Եթե կրակը և վառոդը կունենային որևիցե ընկերություն, այն ժամանակ և դուք կվայելեք այն փառքը՝ կոչվիլ Սալբիի փեսա։

«Երբ նա կամենում էր յուր աղվեսաբարո շողոքորթությանց երկրորդ փորձն անել, հանկարծ ծառերի հետևից երևան եկավ ծերունի Մարտիրոսը, մեր այգեպանը, հազալով և փռշտալով, իսկ կեղծավորը աներևութացավ թփերի մեջ։

«Այդ անցքը եղավ ինձ ամենօրյա մտածությունների նյութ և ես սպասում էի, թե ինչ է լինելու դրա վերջը։ Մինչև ներկա օրերումս հարսանիք էր մեր դրացու տանը, մի գիշեր ես էլ էի հրավիրված այնտեղ։ Նորահաս աղջիկներ և մանուկ պատանիներ պար էին բռնած. տեսա ինձ մոտեցավ կրկին անգամ այն հիմարը և խնդրեց իմ ձեռքը պար բռնելու. ես մերժեցի նրան այս մի քանի խոսքերը նրա ականջներին հասցնելով. «Հիմար, դուք արդեն առել եք ինձանից ձեր առաջին անմտության վարձը, դարձյալ լրբանում եք վշտացնելու ինձ»։

«Մյուս օրը առավոտյան մի անծանոթ կնոջ ձեռքով ստանում եմ մի նամակ. ահա՛, նրա խոսքերը բառ առ բառ հաղորդում եմ քեզ.

«Անխի՛ղճ և անողորմ օրիո՛րդ,

«Ես մոռանում եմ այն բոլոր դառնությունները, որ դուք պատճառել եք ինձ և դարձյալ դիմում եմ դեպի ձեզ սիրո խոսքերով, հուսալով, թե ձեզանում նույնպես գտնվում է կարեկից սիրտ։ Սալբի, աղաչում եմ ձեզ, մի թողեք ինձ երկար տանջվել, ձեր ձեռքումն է այժմ իմ մահը և իմ կյանքը...։ Նախախնամությունը գրել է ձեր ճակատի վրա ոսկի տառերով. Դուք իմն եք: Բայց, Սալբի, ես ցավում եմ, դուք սնուցանում եք ձեր սրտի մեջ սերը մի տղամարդի, որ խիստ ատելի է ինձ։ Դուք չեք կարող կատարել ձեր անխոհեմ նպատակը։ Ձեզ համար մի ճար կա. ընդունել իմ ձեռքը: Բայց եթե դուք ընդ երկար կմնաք ձեր կամակորության վրա համառած, անտարակույս պատճառ կլինեք երեք անպարտ զոհերի՝ իմ, քո և քո սիրածի...։ Ես սակավ գրեցի, դուք շատ հասկացեք։

«Սպասում եմ ձեր պատասխանին»

«Ս. Բ. Ավազակյանց»:

«Ես իսկույն գրեցի հետևյալ պատասխանը և տվի գրաբերին.

«Պարոն,

«Ես, այլևս չկարողանալով տանել ձեր վշտացուցիչ խոսքերը. առաջարկում եմ ձեզ մենակռիվ, արևմուտքից հետո, գյուղից դուրս, սպասելով ձեզ կալերի դաշտում»։

«Սալբի»։

«Երբ արևը մայր մտավ, ես, հաստատ մնալով դիտավորությանս վրա, հագուստս փոխեցի, իմ հանգուցյալ եղբորս զենքերը վեր առա և երբ մութը մի փոքր պատել էր աշխարհը, ես լուսնի ծերացած լուսով նրան սպասում էի կալերի դաշտումը, ինձ հետ ունենալով մեր ծառան։ Տեսա, նա երևեցավ մի քանի մարդկանց հետ։ Երբ մոտեցած էր ինձ, երբ տեսավ ինձ, խոսեց. «դո՞ւք եք, Սալբի. ներեցե՛ք, խնդրեմ, ես չկարողացա ճանաչել ձեզ. իրավ, ձեզ չէ կարելի որոշել մի նորահաս չերքեզ իշխանազնից։ Բայց չե՞ք վախենում այսպես տարաժամ... այստեղ միայնակ...

«Ես վախենա՞մ. տեսնում ե՞ք այս խանչալը, այս կարաբինան, այս ատրճանակները, պատասխանեցի ես, զենքերս ցույց տալով։

«Ես հանաք էի համարում, բայց դուք, իրավ պատրաստվել եք կռվելու, ասաց նա հանդարտությամբ։ Բայց մտածեցե՛ք, որ մենակռիվ կոչված բանը մինչև այսօր սովորություն չէ եղած մեր երկրում, ուր մնաց, որ արգելված է։ Բայց դուք, փոխանակ այդ մահու գործիքները ձեզ վրա կրելու, առավել լավ էր փնջերով հանդիպեիք ինձ այստեղ։

«Վառոդը միշտ բուրում է վարդի անուշահոտություն, երբ գործ է դրվում նա մեր ատելիների դեմ, ասացի ես։

«Նա նշան արավ. պատի հետքից, ուր թաքնված էին, դուրս եկան մի քանի հոգիներ. «հափշտակեցե՛ք» հրամայեց նա։ Նրանք հարձակվեցան ինձ վրա։ Զուր էր ինձ իմ զենքերով պաշտպանել իմ անձը։ Նրանք շրջապատեցին ինձ...»: Բայց մինչև այժմ ես չեմ կարողանում երևակայել, թե ինչ հնարքով պրծա նրանց ձեռքից... կարծես թե մի աներևույթ ձեռք ազատեց ինձ...»։

* * *

Մինչ օրիորդ Սալբին գրում էր յուր նամակը յուր սիրողին, Ավազակյանց տանում անց էր կենում հետևյալ խոսակցությունը.

Դուք չե՞ք հավատում, Ռե՛ս, նա կատարյալ դևիկ է, խոսեց Սոլոմոն-բեկը։

Ո՛չ, ձեր մարդիկը քաջություն չեն արած, եթե ոչ՝ խիստ դյուրին էր նրան հափշտակել, պատասխանեց պարոն Վասակյանը։

Իմ մարդիկը, դուք գիտեք, կարող են բռնել և հափշտակել կենդանի առյուծներ, կատաղած արջեր, բայց այդ սատանի ծիծ կերածը, կարծես թե աներևութացավ մեր միջից, որպես ուրվական:

Արդեն անցել է, դուք կորուսիք հաջող միջոցը։

Բայց ես կմեռնիմ հուսահատությունից...։

Եթե դուք կընդունեք իմ խոսքերը, որսը դարձյալ մեր ձեռքումն է։

Դուք միշտ հուսադրում եք, բայց...։ Եվ նրա ձայնը խեղդվեցավ շնչափողի մեջ։

Անհամբերությունը սեփական է թուլասիրտ և փոքրոգի մարդիկներին, պետք է ունենալ մտքի հաստատություն և հեռատեսություն, պատասխանեց պարոն Վասակյանը։

Մինչև ե՞րբ...։

Մինչև դուք հասած կլինիք ձեր նպատակին։

Սոլոմոն-բեկը լուռ կացավ։

Գիտե՞ք, աղա, առաջ տարավ պարոն Վասակյանը, մեր մինչև այս րոպեիս խորհած բոլոր հնարքները՝ որսալու օրիորդ Սալբին, իզուր անցան։ Աշխարունու տանից մեզ օգուտ չեղավ։ Այժմ պետք է փոխել առաջին մտքերը և մտածել նոր հնարքներ: Մեր միմիայն հույսը, որ մնացել է, է նրա մայրը։ Մենք կսկսենք այսուհետև ներգործել նրա մոր վրա, երբ կարողացանք շահել նրա կամքը, այնուհետև ոչինչ չէ մնում նրա աղջկանը։ Տիկին Թարլանը ավելի ժլատ է, քան թե ջհուդ։ Դուք այդպես չսեղմեք ձեր քսակի բերանը. այսուհետև արծաթն պիտի լինի մեր լարած մեքենաների շարժառիթը։ Ես վաղուց մտածել եմ մի հնար, որով տիկին Թարլանը կարոտություն կունենա փողի, երբ այդ կատարված է, այնուհետև գործը կերթա յուր կարգով...: Մենք այժմ խիստ կարճ ժամանակ ունինք մեր ձեռքում... մի ամսից հետո մեր հույսը կորած է... որովհետև, Ռուստամը կպսակվի օրիորդ Սալբիի հետ, այնուհետև, ոչինչ չէ կարելի անել...։

Ես չեմ կարծում, որ իմ փափագը կատարվի, ասաց Սոլոմոն-բեկը երկար լռությունից հետո։ Որովհետև այդ աղջիկը ոչինչ բանով չէ կարելի խաբել, նա մի երկաթի պնդությամբ հաստատամիտ աղջիկ է։

Ես ասացի, թե աղջկա հետ գործ չունինք այսուհետև, պատասխանեց պարոն Վասակյանը։ Եվ եթե մինչև այսօր մտածել ենք օրիորդ Սալբիի կամքով շինել բանը, այդ մեր անխելքությունից է եղած, որովհետև Ասիայում աղջիկների ու տղամարդերի կամքը ամուսնության մասին ոչինչ նշանակություն չունի, նրանց կամքը՝ նրանց ծնողների սրտումն է. նրանց ընտրությունը՝ կախված է նրանց ծնողների հաճությունից։ Դուք լսե՞լ եք մինչև այսօր Պարսկաստանում մի աղջիկ յուր կամքով ընտրեր փեսա, կամ թե մի տղամարդ ինքնագլուխ իրան կին առներ։ Ուրեմն ի՞նչ շահ կար մեզ աշխատել շահելու օրիորդ Սալբիի կամքը, երբ նրա մայրը կարող էր յուր աղջիկը ամեն մարդու տալ։ Եվ օրիորդ Սալբին յուր կողմից ոչ մի իրավունք չուներ յուր մորն ընդդիմանալու։

Ձեր խոսքերն ստույգ են, Ռե՛ս, մենք մինչև այսօր սխալվեցանք, իզուր ժամանակ կորուսինք։ Արդարև, Ասիայում ծնողքներն ոչ միայն կարող են իրանց աղջիկներն ուզած մարդուն տալ կնության համար, այլև վաճառել ստրուկի, գերիի նման։

Ես ուրախ եմ, որ դո՛ւք հասկացաք իմ միտքը, առաջ տարավ Ռեսը, բայց արդյոք կարո՞ղ եմ հասկացնել ձեզ, որ ձեզ պետք է հանձն առնուլ և մեծ զոհաբերություն։

Միթե փողը կարո՞ղ է մի բան շինել այստեղ։

Ի՞նչ եք խոսում, օրհնած, ես փողի մեջ ճանաչել եմ մի վերին աստվածեղեն զորություն, ի՞նչ անհնարին գործեր կան, որ չէ կատարում արծաթը...։

Պարոն Վասակյանի վերջին խոսքերը խիստ ծանր էին պատանի Ավազակյանցի սրտին, նրան դժվար էր այնպես շռայլաբար բաց անել յուր քսակի բերանը, որովհետև նրանում դրված էր և՛ նրա հոգին, որ իսկույն դուրս էր թռչելու արծաթի հետ։ Բայց օրիորդ Սալբիի սերը, առավելապես նրան խելքից հանած լինելով, քան ոսկին, ակամա հոժարվեցավ Ռեսի խորհուրդին։

Ես ասացի, թե մեզ պետք է շահել տիկին Թարլանի կամքը, պատասխանեց պարոն Վասակյանը յուր սովորական հանդարտությամբ։ Որպեսզի կարողանանք շահել նրա կամքը, պետք է պարտավորացնել այդ կինը արծաթով։ Եվ այդ իրողության մի կարգին կերպարանք տալու համար՝ ես մտածել եմ ահա թե ի՛նչ հնարք։ Ես վաղուց գիտեմ, որ տիկին Թարլանի հանգուցյալ այրը, վարպետ Պետրոսը, հաստատ գրավատոմսակով հազար թումանի պարտք է թողել Միրզա-Ֆաթալի պարսկին, որ և մնում է նրա կնոջ վրա մինչև այսօր։ Հայտնի է, տիկին Թարլանը չունի այնքան կարողություն, որ կարողանա վճարել մի այսքան ծանր պարտք. դրա համար Միրզա-Ֆաթալին պարտավորված է տիրել յուր գրավները, այսինքն Հովասաբենց տունը և նրանց այգին, տիկին Թարլանի միակ ժառանգությունները, որ են և նրա ընտանիքի ապրուստի միակ աղբյուրները։ Միրզա-Ֆաթալին մտերիմ բարեկամ է ինձ, ես մտադիր եմ խնդրել նրան, այս օրերում տիրե գրավները, որ նրա գրավատոմսակի պայմանով այժմ պատկանում են պարտատիրոջը։ Տիկին Թարլանը զրկվելով յուր տանից, կորուսանելով յուր այգին, այլևս չէ կարող ապրել, այսինքն՝ կընկնի անբախտ աղքատության մեջ։ Կարոտությունը ու չքավորությունը խոնարհեցնում է մարդիկ։ Մենք՝ հաջող միջոցը որսալով՝ կառաջարկենք նրան ձեր օգնությունը, եթե դուք պատրաստ եք վճարել Միրզա Ֆաթալիի պահանջելի արծաթը, և հետ առնելով նրա տիրած գրավները, դարձնել տիկին Թարլանին, այն պայմանով, երբ նա կհաճեր յուր աղջիկը տալ ձեզ կնության։ Եվ դուք այդ մեծահոգությունը կատարելեն հետո, տիկին Թարլանը ուրախությամբ կցանկար ունենալ ձեզ նման փեսա։ Եվ օրիորդ Սալբին անտարակույս սիրելու էր ձեզ, երբ պատճառ կդառնայիք նրանց ապրուստի կրկին ապահովությանը։

Սոլոմոն-բեկը երկչոտ աչքերով նայում էր պարոն Վասակյանին և դողում էր բոլոր մարմնով։ Սերը եթե չլիներ, փոքրոգի մարդերի մեջ այնքան զորեղ, պարոն Ավազակյանցը ոչ մի պայմանով չէր համաձայնվելու այդ նրա համար ամենածանր զոհաբերությանը։ Բայց նրա հիմար գլուխը այնպես խռովել էր օրիորդ Սալբիի կախարդական սերը, որ այժմ նրա աչքերում ո՛չ մի բան բացի նրանից արժեք չուներ։ Նա հրամայեց, նրան տվին ղեյլան, և մի քանի շունչ ծխելեն հետո ասաց. Ես հոժար եմ, Ռե՛ս, ես ո՛չ մի բան չեմ խնայում, միայն թե կարողանայի շահել օրիորդ Սալբիի սերը։

Շատ լավ. այժմ ինձ մնում է կապել ձեզ հետ և մի դաշինք, այսինքն դուք հայտնի կացուցանեիք թե որքանո՞վ կվարձատրեիք իմ ծառայությունը, հարցրուց Վասակյանը։

Բայդ դուք հայտնի կացուցեք ձեր գործը։ _ Ի՛մ գործը. իմ գործը կլինի, որ օրիորդ Սալբին յուր հոժարությամբ կընդունի պսակվել ձեզ հետ։

Ձեր մի այդպիսի աշխատությունը կվարձատրեմ ես երկու հարյուր թումանով և մի թազա ընտիր շալով։

Թեպետ խիստ սակավ է իմ ծառայության հետ համեմատելով, բայց ձեզ մոտ կորած չէ՛, եթե ոչինչ չտաք, ես դարձյալ շնորհակալ եմ. մնաք բարյավ.

Տերը ձեզ հետ։

Խաբեբան հեռացավ

Բայց պարոն Աշխարունիի տանում պարոն Արամը և նրա կինը տիկին Սալլաթինը՝ այդպես խոսում էին.

Պետք է շնորհակալ լինել Սոլոմոն֊բեկին, որ այդպես շուտ դուրս տարավ քույրը մեր վարժարանից, ասաց պարոն Արամը։

Արդարև, օձը բույն էր դրած դրախտի մեջ, պատասխանեց նրա կինը։

Սոլոմոն-բեկր սկսել է այժմ աշխատել մեր գործի վնասի համար։

Հուդաները միշտ պակաս չեն աշխարհից...։ Բայց տիրոջ գործը միշտ գնում է առաջ և առաջ... հալածանքները, արգելքները՝ միշտ զորություն են տալիս նրան...։

Սոլոմոն-բեկր սկզբանե ուներ չար միտք... ասաց տիկին Սալլաթինը. և նրա այնպես բարեկամ ա բար մեզ մոտենալը առանց պատճառի չէր:

Ի՛նչ պատճառ կար։

Նա սիրում էր Սալբին և միտք ուներ մի հնարքով նրան խլել պարոն Ռուստամի ձեռքից։

Ա՛... ա՛... ա՛... այդպե՞ս... դա ծիծաղելի է... բացականչեց պարոն Արամը։ Հանկարծ ներս մտավ պարոն Խոսրով Մելիքզադեն։


Օրիորդ Սալբին խոստացել է ինձ տալ կարդալու պարոն

Ռուստամի օրագրությունները, ասաց նա. այժմ հասկացա, ձեզ մոտ են, կխնդրեմ տալ ինձ։

Հա , մեզ մոտ են, պատասխանեց տիկին Սալլաթինը և տվեց նրան թղթերը։

Պարոն Մելիքզադեն առեց թղթերը և անփույթ կերպով թեք ընկավ սոֆայի վրա, սկսավ կարդալ։

Արդարև, հեղինակը խիստ խոր զգացել է անբախտ այրիի հետ նրա օրորոցի երգը, ասաց նա ուշադրությամբ նայելով թերթին։

Պարոն Ռուստամը, մյուս կողմից խոսեց պարոն Աշխարունին, ոգևորված գովաբանում է վայրենի քաջազնական կյանքը, կամ ուրիշ խոսքերով բարբարոսությունը, բայց հույները իրանց ճարտարությամբ թողել են արմանի հիշատակի մի արձան գալոց ազգերին- մի արձան, որ միանգամայն ձևացնում էր կռվի և իմաստության աստվածուհին։ Այդ մի մեծ խրատ է մարդկությանը, որ առանց իմաստության, առանց ուսման, առանց կրթության, միով բանիվ՝ առանց լուսավորության, այսօրվա օրս ոչ մի գործ չէ կարելի կատարել։ Անցան, գնացին այն ժամանակները, երբ մի Ալեքսանդր, մի Աթիլլա, մի Լանկ-Թեմուր, մի Նադր-Շահ աշխարհի մի ծայրից դեպի մյուսն արշավել են։ Այգ մեծամեծ ավազակները միշտ նմանել են ցոլացող մետեորաներին, որ հանկարծ երևան էին գալիս և իսկույն չքանում մթնոլորտի մեջ.․.։

Լ

ՈԻՂՂԱՓԱՌ ՄԱՀՄԵԴԱԿԱՆԸ

Առավոտյան շուտ պարոն Վասակյանը հրամայեց թամքել յուր ջորին. հեծավ և սկսավ դիմել դեպի գյուղաքաղաքը, որ ոչ այնքան հեռու էր Ծաղկավանից։

Այդ գյուղաքաղաքում վաղուց արդեն բնակվում էր Միրզաֆաթալի անուն հարուստ պարսիկը, մի եկվոր այս կողմերը Շիրազից։

«Մեծ հարստությունները միայն կարելի է վաստակել անիրավությամբ, արդարությամբ չէ՝ կարելի միշտ փլավ ուտել. ցամաքհաց է աղքատիկ կերա կուրը արդարների...»։

Այդպես էր սովորական առածը Միրզա-Ֆաթալիի։ Յուր նպատակի հիմը դնելով այդ բնաբանի վրա՝ Միրզա֊Ֆաթալին յուր մանկությունից ամենևինչուներ պահեցողություն մեղք գործելու մեջ« . սուտ խոսել, սուտ երդվել, ուրանալ, գողանալ, թեթև քարով կշռել, կարճ կանգունով չափել, փոքրիկ թուրայով (քոռով) տալ, մեծով առնել՝ էին միակ վաստակարարության աղբյուրները նրա առևտուրի մեջ։ Այսուամենայնիվ, նա յուր հավատակիցների մեջ համարվում էր մինը ուղղափառ. մուսուլմաններից։ Ավելի ճշտությամբ կատարելով Իսլամի շառիաթական կանոնը, «թե օրենքը երևելիին հրաման կանե», կամ «քննությունը պիղծ է». Միրզա-Ֆաթալին կարողացել էր մուսուլմանների արդարության գույներով ներկել յուր արտաքին կերպարանքը։ Կամ ըստ հայոց ասության, լինել մի ոչխարազգեստ գայլ։ Նա ոտքից գլուխ ծածկված էր մեշետյան սև վերարկուով, բարեպաշտության հաստ գոտիով պնդել էր յուր մեջքը, յուր ճկույթը անցուցած էր արդարության մատանին, միշտ ձեռքում ուներ փառաբանության թասպահը, գլխին կապած էր նվիրական չալման, հագած էր ժուժկալության սպիտակ թումբանը (վարտիք), նրա աչքերը միշտ սուրմայած էին սև դեղով, նրա երեսը ամեն առավոտ թաց էր լինում վարդաջրով, և եթե մի մուսուլման՝ յուր կյանքում գործածելով մի բաթման հանա, ազատվում էր դժոխքի կրակից, Միրզա-Ֆաթալին արդեն գործ էր ածել քանի քանի՜ բաթմաններ հանա, ամեն ուրբաթ ներկելով յուր ձեռքերը, ոտքերը և մորուքը՝ նրա աղյուսագույն ռանգով։

Միրզա-Ֆաթալին ամեն օր գնում էր բաղնիք. ով որ տեղյակ է Իսլամի խորին գաղտնիքներին՝ իմանում է, թե Միրզան դրանով լցուցանում էր մի մեծակշիռ կրոնական պարտավորություն, ամեն օր մերձավորություն անելով յուր կնիկներին... և այդ ցանկասիրական առաքինությունը ստանում էր յուր վարձքը ճեննաթի մեջ...։

Վաստակել արդարությունը Իսլամի մեջ խիստ հեշտ է և դյուրին՝ նյութական ծեսերի և արարողությունների միջոցով։ Իսլամի հոգևոր մասը մռայլված է՝ հանդեսների խրատներով։

Դու տեսնում ես, Միրզա-Ֆաթալին նստած է յուր դուքանում, հանկարծ լսելի է լինում կեսավուր ազանի ձայնը, և ահա նա, յուր ղապայի երկայն դրոշակները հավաքած, յուր հագուստների թևքերը մինչև արմունկները ծալած, վեր է առնում աֆտաֆան, լվացվում, դաստամազ առնում, և կատարում է յուր նամազը։ Նա կարդում է յուր աղոթքը (որ մարգարեն հորինել է արաբացվոց լեզվով), ամենևին չհասկանալով յուր աղոթքի իմաստը, նա կարդում է բարձր և լսելի ձայնով, որպեսզի բազառի բազմությունը լսե նրա աղոթքը և գովե յուր բարեպաշտության համար։

Միրզա-Ֆաթալին ճշտությամբ պահում էր երեսնօրյա ծոմը (օրուջը), մուհարլեմի ամսում ամբողջ քառասուն օր հագնում է սև քուրձ ի պատիվ իմամ Հյուսեինի և նրա ընկեր մյուս մարտիրոսվածների, և նշանավոր զատիկ օրերում բաժանում էր աղքատներին հաց և արծաթի շահիներ։

Միրզա-Ֆաթալին, գալով այդ երկիրը Դաղստանից, առաջ ապրում էր որպես փաստաբան մոլլաների դիվաններում. այդ գործով, նա խիստ փոքր ժամանակում, մեծ հարստության տեր դառնալով, սկսավ վաճառականություն անել։ Բայց միևնույն ժամանակ նա բոլորովին չկտրեց յուր հաղորդակցությունը մոլլաների հետ. կարծես թե Միրզա֊Ֆաթալին պարտավորված էր կերակրել այդ մարդերի ստամոքսը, որոնց ձեռքումն էր Իսլամի օրենքը։ Բացի դրանից նա ամեն շաբաթ ուներ յուր տանում մի քանի առանձնակի հյուրեր, որ էին այն կարգի մարդերից, որ իրանց կեղծավորությամբ և փարիսեցիությամբ, ո՛չ միայն ստացել էին ուղղափառ մուսուլմանի անուն, այլ օրինական մոլլաների դիվաններում, գրավել էին մեծակշիռ համարում իրանց արդարության մասին: Միրզա֊Ֆաթալին կարոտ էր պահպանելու յուր բարեկամությունը այդպիսի խաբեբաների հետ, որ շատ անգամ օգնում էին նրան յուր չարագործությունների մեջ. հարկավորած ժամանակ՝ լինելով նրա համար սուտ վկաներ, և շատ անգամ կնքելով նրա կեղծյալ և խարդախ տոմսակները և մուրհակները։

Մի քանի դերվիշներ ապրում էին նրա հացով՝ նրա տան նախագավթում նրանց համար առանձին շինված խուցերում։ Միրզա-Ֆաթալիին գովաբանում էին, որ կերակրում էր այդ ֆաղիրները աստուծո համար։ Եվ շատերը կարծիք ունեին, թե այդ իմաստունները ալքիմիայի արհեստով շինում էին նրա համար ազնիվ մետաղներ, որով այնքան հարստացած էր Միրզա-Ֆաթալին։ Բայց ո՛չ այս, ո՛չ այն, դերվիշները նրա համար շինում էին խարդախ դրամներ։

Միրզա-Ֆաթալիի ծառան իմաց տվավ, թե Ռես Վասակյանը կամենում է առանձնակի տեսություն անել՝ հարկավոր խոսելիքի համար։

Մաշատի-Սմայելի, ասաց նա յուր որդուն, դուք այստեղ վերահասու եղիք առևտրական գործերին, մինչև ես կվերադառնամ։

Նա մտավ կրպակին կից փոքրիկ սենյակը, ուր սպասում էր նրան պարոն Վասակյանը։

Հը՜մ, ի՞նչ կա, Ռե՛ս, բարի լինի, ծիծաղելով ասաց Միրզան սովորական ողջունից հետո։

Աստուծով բարի է... ես չար և անօգուտ գործերի համար ձեր շեմքը չեմ կոխել, պատասխանեց պարոն Վասակյանը։

Դարձյալ ո՞րս... կա՞ մի այդպիսի բան, հարց արավ պարսիկը խորհրդական եղանակով։

Այո՜, որս... բայց որպիսի՜․.. խիստ գեր և պարարտ.․․ ես կթռցնեմ դուք զարկեք, պատասխանեց խաբեբան իրանց միայն հասկանալի ոճով։

Շատ լավ. ես պատրաստ եմ կատարել սուրբ պարտականությունները, միայն դուք պարզեք գործի իսկությունը։

Պարոն Վասակյանը խոսեց.

Մեր գյուղում բնակվում է Հովասաբենց տիկին Թարլան անուն այրին։ Դա մի աղքատ կին է, որի ապրուստի միակ աղբյուրներն են՝ նրա տունը և այն մեծ այգին, որ ժառանգությամբ մնացել են նրա հանգուցյալ ամուսին այրից։ Այդ կինը ունի մի ամենագեղեցիկ աղջիկ Սալբի անունով, որ նշանված է տեր-Առաքելենց Ռուստամին։ Բայց իմ տերը, Սոլոմոն֊բեկը, մելիք Պիլատոսի որդին, ամենասաստիկ կերպով սիրահարված է օրիորդ Սալբիի աննման գեղեցկությամբ։ Մեր բոլոր ջանքերը, որևիցե հնարքով հրապուրել մանուկ օրիորդի սիրտը դեպի պատանի Ավազակյանցը, բոլորը իզուր անցան։ Եվ որքան օրիորդ Սալբին մնացել է հավատարիմ յուր նշանածի սիրույն, այնքան Սոլոմոն-բեկը պահանջում է ինձանից նրա սերը գրավել դեպի ինքը։ Միրզա, լսեցեք, առաջ տարավ պարոն Վասակյանը. ինձ խիստ պետք է ձեր գործակցությունը, և մի առատ դրամացի օգուտ ստիպում է մեզ սառն աչքով չնայել այդ գործի վրա, այլ աշխատիլ մի հնարքով կատարել Սոլոմոն-բեկի կամքը, ընդսմին և տեր դառնալ այն բավականաչափ գումարին, որ ես կորսայի մեջտեղից։

Որպիսի՞ հնար, հարցրուց անհամբերությամբ Միրզա-Ֆաթալին, և ի՞նչ գումար կարելի է որսալ այդ գործի միջից։

Միակ գործադրելի հնարը, առաջ տարավ պարոն Վասակյանը, չէ այլ ինչ, միայն նյութական միջոցներով պարտավորել տիկին Թարլանը, կամ ավելի պարզ ասած՝ գնել նրա աղջիկը արծաթով։ Այդ իրողությունը կարելի անելու համար՝ պետք է գտնել մի հնարք, որ նրանք կարոտություն ունենային արծաթի. այսինքն՝ մի անհրաժեշտ կարիք, որ ստիպե տիկին Թարջանին յուր աղջիկը փոխարինել արծաթի հետ։

Կա՞ մի այդպիսի ստիպողական միջոց կամ հնարք, որով տիկին Թարլանը հանձն առներ, որպես ասացիք, յուր աղջիկը փոխարինել արծաթի հետ, հարցրուց պարսիկը, ավելի ուշադրությամբ մտադիր լինելով յուր լսածներին։

Կա, պատասխանեց Ռեսը բանիմաց մարդի եղանակով։ Կա մի ավելի հաջող հնարք այդ անելու։ Ես պատմեցի Սոլոմոն-բեկին, թե տիկին Թարլանի հանգուցյալ այրը թողել է մի հազար թումանի պարտք Միրզա-Ֆաթալի պարսկին և նրա տունը ու այգին գրավ են այդ փողի գումարին։ Սոլոմոն-բեկը հրամայեց, թող տիրե Միրզան յուր գրավները, և տիկին Թարլանը չունենալով այդքան կարողություն վճարելու պարտքը, անշուշտ դիմելու է դեպի մի ուրիշի օգնությունը։ Այն ժամանակ մենք կհատուցանենք Միրզայի փողը, և գրավները ձրիաբար տիկին Թարլանին դարձնելով, կպարտավորեցնենք նրան, և որպես ասացինք, կգնենք նրա աղջիկը արծաթով։

Երբ չկա այդպիսի գրավատոմսակ, ի՞նչ պետք է արած։

Ես գիտեմ, որ չկա, բայց ի՞նչ դժվար գործ է խարդախ գրավատոմսակներ շինելը ձեր ձեռքում...։

Այդ իրավ... բայց պետք են մի քանի հավատարիմ վկաներ։

Վկաները հայերի կողմից կլինինք մինը ես, մյուսը տեր Մարկոսը, մեր քահանան, և մի քանի այլ հոգի ես կարող եմ գտնել, իսկ թուրքերի կողմից դուք կարող եք գտնել շատերը, պատասխանեց Ռեսը։

Բայց դուք միամտացա՞ծ եք Սոլոմոն-բեկի զոհաբերության մասին։

Բոլորովին։ Նա, չնայելով յուր այնքան ժլատությանը, գիտեմ, յուր բոլոր հարստությունները չէ խնայելու այդ գործի մեջ յուր նպատակը հառաջ տանելու համար։ Միայն թե դուք աշխատեցեք որքան կարելի է շուտով հնարելու գրավաթուղթը և տիրելու այն անշարժ կայքերին։ Եվ այդ գումարը բաժանելու համար ես անում եմ այդպիսի պայմաններ. հազար թումանի հինգ հարյուրն քո բաժինն է, իսկ մնացյալ հինգ հարյուրն ես պետք է կես կիսեմ տեր Մարկոսի հետ, որ մեզ խորհրդակից է։

Շատ լավ. քահանայի գործակցությունը հարկավոր է մեզ։

Քահանայի գործակցությունը հարկավոր է և մի ուրիշ պատճառով, որ եթե այդ գործի մասին դատաստանական քննություն լինի, քահանան կվկայե, թե հանգուցյալը յուր մեռնելու ժամանակ խոստովանվել է մի այդպիսի պարտքի մասին։ Մեր ժամանակը մի բախտավոր ժամանակ է, կրկնեց Ռեսը հրճվանոք. մոլլաներն, որպիսի թուղթ ուզում ես, տալիս են չնչին արծաթով... քահանաները վկայում են ամեն տեսակ ստություն... և սուտ վկաներ կարելի է ճարել ամեն ազգից մի բաժակ արաղով... միայն ճարտարություն պետք է, որսալու արծաթ...։

Արդարև, այդպես է, ասաց Միրզա-Ֆաթալին։ Բայց դուք անհոգ կացեք, Ռես, ես առավոտյան կսկսեմ գործը, և հույսով եմ, որ բոլորը կվերջացնեմ մի քանի օրվա մեջ։

Պարոն Վասակյանը մնաք բարյավ ասելով, հեռացավ։

Մի քանի օրից հետո Միրզա-Ֆաթալին խանի հրամանով տիրեց տիկին Թարլանի այգին և արտաքսեց նրան այն նվիրական տանից, ուր երկար տարիներով բնակվել էր Հովասաբենց ազգատոհմը։ Տիկին Թարլանը ճարահատյալ տեղափոխվեցավ յուր դրացի ծերունի Մկրտչի՝ մեզ նախածանոթ տունը։

Այդ հանկարծակի անցքը մահու չափ ցավալի եղավ տիկին Թարլանին. նա չէր կարողանում տանել յուր անբախտությունը։ Մի օր, երբ նա միայնակ նստած լաց էր լինում յուր սև օրը, լսելի եղավ, որ զարկում էին բակի դռները. սարսափելի դող եկավ խեղճ տիկին Թարլանի վրա։ Գնա, ասաց նա օրիորդ Նազանուն, գնա, տե՛ս, այլևս ո՞վ կամենում է վրդովել մեր հանգստությունը... եթե այն անիծյալ Միրզա-Ֆաթալիի մարդիկ լինեն, ասա՛, ես հիվանդ եմ, չեմ կարող ընդունել մարդիկ։

Աղախինը շուտով հետ դարձավ, հայտնեց. Վասակյան Ռեսը հարկավոր խոսելիք ունի։

Բարի՜ լինի... կրկնեց տիկին Թարլանը և հրամայեց աղախնուն, որ ասե, թող ներս գա։ Եվ ինքը, չորելով աչքերի արտասուքը, ընդունեց պարզ և հանդարտ կերպարանք։

Ներս եկավ Ռեսը. տիկին Թարլանը ոտքի ելավ նրա առջև, ցուցանելով արժանավոր ընդունելություն, երկուքն կրկին նստեցան միմյանց շատ մոտավոր։

Ռեսը սկսավ հարցնել տիկին Թարլանի առողջությունը և նրան պատահած դժբախտությանը ցույց էր տալիս խորին ցավակցություն։ Նազանին ոտքի վրա սպասավորություն էր անում, նա շուտով մատույց հյուրին ղեյլան, և պարոն Վասակյանը սկսավ ծանր ու հանդարտ կերպով ղռղռացնել։

Ասացեք, խնդրեմ, հարցուց պարոն Վասակյանը երկար լռությունից հետո, ի՞նչպես վերջացավ ձեր վեճը Միրզա-Ֆաթալիի հետ։

Ես իմ բնակությունը փոխելով այդ աղքատին տան մեջ, դուք պիտի հասկանաք, ես զրկված եմ իմ տանից, պատասխանեց տիկին Թարլանը հոգվոց հանելով։

Տեր ողորմյա... գլուխը շարժեց խաբեբան ավելի ցավակցություն, ցույց տալով։ Ասացեք խնդրեմ, ձեր լուսահոգի ամուսին այրը յուր կենդանության ժամանակը երբեք պատմե՞լ էր. մի այդպիսի պարտքի մասին։

Ոչ, երբեք, նա ամենևին հաղորդակցություն չուներ Միրզա-Ֆաթալիի հետ։

Ուրեմն դուք կարծում եք, այդ պարտքը ձեր ամուսինը թողած չէ՜։

Աստված գիտե... այդ չեմ կարող ասել, մթին և հին գործ է։

Պարոն Վասակյանի հոնքերը ավելի և ավելի խոժոռվում էին. նրա կերպարանքը ընդունում էր հետզհետե կատաղի գծագրություն․ նա նմանվում էր նույն ժամանակ գազանին, որ պատրաստվում էր հարձակվել յուր զոհի վրա։

Գիտեք, տիկին, խոսեց նա, դուք դիտեք, որ մենք ոչ մի անգամ չենք ցանկանալու մի հայ քրիստոնյայի ապրանքին տիրե այլազգին։ Բայց մենք հոգի ունինք աստծուն տալու, ինչպե՞ս կարող ենք սուտ խոսիլ. աստված ինքն վկա է երկնքում, և ես գիտեմ, որ այն պարսկի գրավատոմսակը սուտ չէ. ձեր այրը մի այդքան գումար պարտ էր նրան յուր կենդանության ժամանակ։ Եվ տեր Մարկոսը, ես և մի քանի այլ մարդիկ մեր դրկիցներից՝ վկա ենք այդ իրողությանը։

Իհարկե, դուք լավ գիտեք։

Լսեցեք ինձ, մայրիկ, առաջ տարավ նա յուր սովորական ճարտարախոսությամբ, ես, ունենալով ձեր հանգուցյալ ամուսնի հետ մի անկեղծ բարեկամություն, մեծ պարտավորություն եմ համարել մինչև այսօր միշտ մտածել նրա ընտանիքի բարօրության մասին։ Եվ այդ դժբախտությունը ձեզ պատահելեն հետո, քանի օր է, որ ես գիշեր ու ցերեկ հանգիստ չունիմ, միշտ մտածելով մի հնար՝ ազատելու ձեզ այդ թշվառությունից։

Տերը թող միշտ օգնական և պահապան լինի քեզ, խոսեց տիկին Թարլանը ջերմեռանդությամբ։

Ես մտածել եմ մի իրողություն, որի մեջ, եթե դուք ևս ինձ հետ համաձայն կլինիք, հույսով եմ, որ կրկին տեր կլինիք ձեր կորուսած ժառանգություններին։

Ես ձեր ոտքի հողն եմ, դուք ինչ ասեք, ես կլսեմ։

Պարոն Վասակյանը այն կարգի մարդերից էր, որ հայերի ասածին պես, «սև ջրից սեր վեր կառներ»։ Նրա հնարագետ միտքը իսկույն գտավ մի նոր միջոց այստեղ նույնպես յուր օգուտը որսալու։

Այո, այդպես, ասաց նա հաստատամտությամբ, դուք կրկին տեր կլինիք ձեր կորուսած ժառանգություններին միայն մի քանի պայմաններով։

Տիկին Թարլանը կարծես թե երազի մեջ էր, չէր հավատում յուր ականջներին, նրա շնչառությունը ուրախությունից խեղդվում էր։

Աստված է ուղարկել քեզ, Ռես, մխիթարելու խեղճ այրին, ասաց նա ուրախությամբ համբուրելով պարոն Վասակյանի ձեռքերը։

Ես ասացի ձեզ, թե դուք տեր կլինիք ձեր կորուսած ժառանգություններին, միայն մի քանի պայմաններով, շարունակեց Ռեսը անվրդով եղանակով։ Այժմ հարկավոր է ձեզ, պատվելի տիկին, դիտել թե ի՛նչ պայմաններ էին դրանք։ Մի մեծահոգի տղամարդ իմ բարեխոսությամբ հանձն է առել բարերարել ձեզ, վճարելով Միրզա-Ֆաթալիին ձեր մի հազար թումանի պարտքը, հետ առնելով գրավներն և դարձնելով նրանք ձեզ բոլորովին ձրիաբար։ Առաջին որ դուք խոստանայիք տալ նրան կնության ձեր աղջիկը, երկրորդ, որ իմ այս ծառայության փոխարեն վարձատրեք արծաթով։

Կարելի՞ է գիտենալ այդ բարերարի անունը, հարցրուց տիկին Թարլանը։

Մելիք Պիլատոսի որդին, Սոլոմոն-բեկը։

Քիչ էր մնում տիկին Թարլանը խելքից գնար, լսելով այդ փառավոր անունը։

Իմ աղջիկը ոչ թե արժան է լինել Սոլոմոն-բեկի կինը, այլ նրա տան մեջ մինը ստորին աղախիններից։ Այդ աստծո շնորհն է, ես անարժան եմ մի այդքան բախտավորության...։ Բայց դուք, որ ձեր բարեսրտությամբ պատճառ եք եղել իմ և իմ աղջկա բախտավորությանը, ձեզ ես իմ հոգին տալու լինիմ դեռ սակավ է... իհարկե, ձեզ առանց վարձատրության չեմ թողնելու։

Դուք հայտնեցեք, թե ի՞նչ կամիք տալ։

Ես ամենայն խնայողությամբ իմ վաստակներից ավելացրել եմ մի հարյուր թուման փող, որ միտք ունեի Երուսաղեմ ուղարկելու, այդ գումարը քեզ կուտամ, եթե դրանից ավելի ունենամ և չտամ թող Հուդայի արծաթ լինի։

Պարոն Վասակյանը ոտքի ելավ։

Այժմ ի՞նչ հույսով գնում եմ ես, հարցրուց նա։

Դու բոլորովին միամիտ կացեք, թե ձեր մի հարյուր թումանի մասին և թե իմ աղջկա մասին։ Միայն աշխատիր, որքան կարելի է, մենք շուտով դուրս գանք այդ անտանելի բնակությունից, կրկնեց տիկին Թարլանը։

Խաբեբան հեռացավ։ Բայց անմիտ տիկին Թարլանը ամենևին չմտածելով յուր աղջկա հպարտ և հանդուգն բնավորությունը, և թե նա՝ բոլոր աշխարհի հետ չէր փոխելու պարոն Ռուստամի մի մազը. իզուր հանձնառու եղավ պարոն Վասակյանի առաջարկությանը։

Երեկոյան պահուն, երբ տիկին Թարլանը գնացել էր ժամ, օրիորդ Սալբին դարձավ պարոն Աշխարունու տանից։ Նա գտավ իրանց նոր բնակարանում միմիայն օրիորդ Նազանին և յուր սովորական կատակասիրությամբ սկսավ նրա հետ խաղալ, բայց տեսնելով նրա տրտում և տխրամած երեսը, ասաց. Նազանի, միթե դուք տկա՞ր եք։

Ոչ, ես տկար չեմ, պատասխանեց վշտացած օրիորդը. բայց Սալբի, քույրիկ, ձեր մայրը մի անագորույն ծնող է. դուք մի ընդունեք նրա խոսքերը, նա կամենում է ձեզ ձգել անբախտության մեջ՝ զրկելով պարոն Ռուստամից և տալով Սոլոմոնին, այն հիմար անասունին, որին այնքան ատում եք դուք։

Ի՞նչ էր ստիպում նրան այդ անել։

Շահասիրությունը և անխելք փառասիրությունը, իմ սիրելի, որովհետև Սոլոմոն-բեկը խոստացել է վճարել ձեր հոր պարտքը և ձեր տունը և այգին ձրի դարձնել ձեզ։

Այդ դուք ո՞րտեղից գիտեք։

Այսօր եկել էր ձեր տունը Ռես Վասակյանը և դրա վրա խոսում էր ձեր մոր հետ. մայրդ խոստացավ նրան մի հարյուր թուման փող, երբ նա կկատարե այդ գործը։

Ախ, չար վասակներ... ա՜խ դժոխքի որդիք... մինչև ե՞րբ դուք պիտի անպակաս լինիք խեղճ հայերի միջից... մինչև ե՞րբ ձեր թունավոր շունչը պիտի ապականե մեր աշխարհի օդը... բացականչեց օրիորդ Սալբին տխուր հառաչանքով։

Ոչ. դուք մի խաբվիք, Սալբի, Ռուստամը ափսո՜ս է։

Ես չեմ խաբվիլ, Նազանի, և ոչ մի բան աշխարհում չէ կարող խաբել ինձ... ես չեմ լսելու ոչ մի ձայն, բայց կլսեմ սիրո ձայնին, որ միշտ զարկում է իմ սրտի մեջ...։

Օրիորդ Նազանին լուռ կացավ և գնաց ճրագ վառելու: Մեր անբախտ հերոսուհին միայնակ նստած էր մութի մեջ: Հազարավոր դառն մտածմունքներ պաշարեցին նրան։ «Անտարակույս գործը կընդունե վատ ուղղություն, երբ մայրս նույնպես անցավ նրանց կողմը... այդ հիմարը կխանգարե յուր այրի, իմ հոր սուրբ ուխտը... և ի՞նչ կլինի այն ժամանակ իմ և խեղճ Ռուստամի վիճակը...», մտածում էր նա խորին տխրությամբ։

Օրիորդ Նազանին ճրագ բերավ. աղջամուղջին խրճիթը լուսավորվեցավ պայծառ լուսով։ Միևնույն րոպեին ժամից հետ դարձավ տիկին Թարլանը։ Օրիորդ Սալբին նկատեց, նրա երեսը փայլում էր ուրախությունից։

ԼԱ

ՀԻՄԱՐ ԾՆՈՂՔ

Տիկին Թարլանը բոլոր գիշերը չէր քնացել ուրախությունից։ Առավոտյան նա սովորականից խիստ շուտ զարթել էր։ Նա հրամայեց յուր մոտ կոչել յուր աղջիկը։

Մայր իմ, ասաց օրիորդ Սալբին նշմարելով նրա պայծառ դեմքը, այսօր խիստ ուրախ եմ տեսնում ձեզ։

Այո, Սալբի, պետք է ուրախանալ և օրհնել վերին նախախնամությունը, պատասխանեց նրա մայրը հրճվանոք։ Որովհետև տերը ողորմություն է արել մեզ անբախտներիս։

Օրիորդ Սալբին արհամարհական ձևով ժպտեցավ։

Ի՞նչ ողորմություն, ասացեք, խնդրեմ, թող ես նույնպես բաժանորդ լինիմ ձեր ուրախությանը, հարցրուց նա։

Իմ աչքի լույս, մի մեծամիտ և մեծահոգի բարերար շնորհ է գործել մեզ. մենք մյուս անգամ տեր կլինինք մեր կորուսած ժառանգություններին և մեր ապրուստը կրկին ապահովության մեջ կլինի։

Ես կարո՞ղ էի գիտենալ այդ բարերարի անունը։

Սոլոմոն-բեկը, մելիք Պիլատոսի որդին։

Be the first who will comment on this

Other parts of "Սալբի"

Yatuk Music
Song of the Aisors
George Gurdjieff

Song of the Aisors