Raffi

Սալբի

11

Հուրի Խան-Դայան, բոլորովին լցված արտասուքով, նրա ձայնը խեղդվում էր սրտի զեղմունքից. երկար նա սկսեց հեկեկալ և դառնապես լալ. մյուսները նույնպես սկսեցին սուգ անել։

Ներս մտան մի քանի տղամարդիկ, որոնց թվում էին պարոն Արամ Աշխարունին, պարոն Մելիքզադեն և անգլիացի բժիշկ մըստր Սեյսունը։ Բոլոր կանայք աներևութացան։ Բժիշկը մոտեցավ, բռնեց հիվանդի շնչերակը և սկսեց հարցուփորձել մահտեսի Ավետիսին։

Բայց հիվանդի զգայարանները անհանգիստ խառնակության մեջ էին, և նրա լեզուն չէր դադարում երևակայական խառնափնթոր պատկերներ արտահայտելուց։

«Ա՜հ... վիշապը.., դարձյա՜լ այն սարսափելի վիշապը ...։ Աստվա՜ծ իմ. դա չէ հեռանում ինձանից...։ Ահա Սալբին, ո՜րքան զվարթ է նա... նա աներկյուղ, մի քաջ աստվածուհու նման, եկել է օգնելու ինձ... եկ, Սալբի, եկ օգնիր ինձ...»։

Մի քանի րոպե լռությունից հետո, զառանցանքը դարձյալ շարունակվում` է.

«Դեհ, իմ նազելի, դե՜հ, մի հարված ևս... ահա սատակեց նա... սատակեց վիշապը... բեր համբուրեմ քո նուրբ ձեռքերը, իմ նվազելի Պալլաս. դու քաջությամբ կռվեցար։...»։

Եվ նա սկսեց ավելի որոշակի ձայնով երգել.

«Քնքուշ ձեռքերը հարեմին սիրուն`
«Հինան ներկում է վարդագույն-կարմիր.
«Նա այդ ձեռքերով հրապուրել գիտե`
«Ամուսին խանը, ջերմ, հեշտախնդիր:

«Բայց ես սիրում եմ արյունով ներկված`
«Նուրբ մատիկները իմ սիրուհիիս,
«Երբ որ նա ինձ հետ պատերազմում է
«Ոսոխների դեմ իմ անբախտ ազգիս»:


Նա դարձյալ լռեց։

Բժիշկը, հեռուն, խորհրդակցում էր պարոն Աշխարունու հետ հիվանդի մասին, նա դուրս բերեց յուր փոքրիկ կաշյա պարկից մի քանի տեսակ դարմաններ, պատվիրեց խմեցնելու կերպը, և ինքը դուրս գնաց, խոստանալով գալ կեսօրվա պահուն։

Միևնույն ժամանակ ներս մտավ Ռես Վասակյանը. նա թույլ ձայնով սովորական ողջույնը տալուց հետո, մոտեցավ, ապշած կանգնեց հիվանդի գլխի վերը. նրա կեղծավոր կերպարանքի վրա ձևացված էր ցավակցության պես մի բան. նրա շիլ աչքերից գլորվեցան մի քանի հատ արտասուքի կաթիլներ, և նա յուր տզրուկի նման սև շրթունքը շարժում էր, իբր թե աղոթք էր կարդում։

Այդ ի՜նչ անբախտություն է, Մահտեսի, ասաց նա, դառնալով դեպի հիվանդի հայրը։ Հատկապես ինձ խիստ ցավալի է տեսնել ձեր որդին, իմ սիրելի բարեկամը, այդ դրության մեջ։

Աստծո կամքն է, պատասխանեց ջերմեռանդությամբ մահտեսի Ավետիսը։

Հա՛, աստծո կամքն է, իմ բարեկամ... բայց ի՞նչ հույս տվեց բժիշկը, կամաց շշնջաց Ռեսը նրա ականջին։ Բժիշկը մի ուրախալի հույս չտվեց... պատասխանեց տխրությամբ մահտեսի Ավետիսը։

Մնաք բարյավ, ես իմ հետ անչափ տրտմություն եմ տանում. երեկոյան դարձյալ կմտնեմ ձեզ մոտ, ասաց չարագործը և հեռացավ։ «Հա՛, բժիշկը մի ուրախալի հույս չտվեց...», կրկնում էր նա յուր մտքի մեջ, գոհունակ սրտով։

Պետք է հեռու պահել հիվանդը տանեցի և դրացի այցելուներից, ասաց պարոն Աշխարունին․ դրանք կձանձրացնեն նրան իրանց շատախոսությամբ և ավելորդ սնապաշտական արարողություններով: Թող պարոն Խոսրովը մնա այստեղ, թող նա՛ հանձն առնե ծառայել հիվանդին, որպես յուր մտերիմ բարեկամին։ Առավելապես ջանացեք հեռու պահել հիվանդից ձեր մայրը, Հուրի Խան-Դայան, որովհետև պարոն Ռուստամը յուր առողջ օրերում անգամ չէր կարողանում համբերել նրան։ Պարոն Մելիքզադեն գիտե, թե ինչպես պետք է գործադրել դեղերը։ Մնաք բարյավ, առողջություն եմ մաղթում, Մահտեսի։

Ռես Վասակյանը, տեր-Առաքելենց տանից դուրս գալով, իսկույն հայտնվեց մեծ ամրոցում և մտնելով պատանի Ավազակյանցի սենյակը դիվական հրճվանքով ասաց,

Նո՛ր ավետիս։

Ի՞նչպես, հարցրուց Սոլոմոն-բեկը յուր խաժ աչքերը լայն բացելով։

Ռուստամը ամենասաստիկ կերպով հիվանդ է. այս ժամիս ես նրա մոտ էի։

Արդարև՛, ավետիս, կրկնեց պատանի Ավազակյանցը նույնպես ուրախանալով։ Բայց գիտե՞ք, որքա՛ն ձեռնտու է մեզ այդ բախտավոր հիվանդությունը. մի կողմից հեռացնում է մեզնից, Մելիքզագեի խորհրդով, առանց քահանայի պսակ կատարելու խորհուրդի երկյուղը մյուս կողմից, օրիորդ Սալբին հեռու գտնվելով նոր ազդեցությունից, հիվանդությունը հնար է տալիս մեզ ազատաբար գործադրել մեր ծրագրները։ Եվ եթե այդ հիվանդության վերջը աստուծո հաջողությամբ մի բարի մահով պսակվի` այն ժամանակ դուք ամենևին առիթ չէիք ունենա գանգատվելու ձեր բախտից։

Հա՛, մահը կազատեր մեզ երկար հոգածություններից, պատասխանեց Սոլոմոն-բեկը բոլորովին սառնասրտությամբ։

«Արդյոք չփորձել. այդ կարելի կլինի՞ բժշկի միջոցավ. թեթևամիտ անգլիացի, փողի համար հոգի կտա...», մտածում էր յուր մեջ եղեռնագործը։

Լսիր, աղա, խոսեց նա լսելի ձայնով. ժամանակը թանկ է մեզ համար, պետք է գործ սկսել, դարձյալ կրկնում եմ իմ դասը. դուք կաշխատեք ձեզ ցույց տալ պարոն Աշխարունուն, որպես նրա համախոհ և սրտակից բարյացակամը, և սկսեցեք բարեկամական հարաբերություն ունենալ, և նրանց բոլորովին կասկածներից դուրս բերելու համար, ձեր քույրը կհանձնեք ուսանելու տիկին Մալլաթինի մոտ. ես էլ իմ քույրը կսողացնեմ այնտեղ, որպես ձրի ծառայող աղախին։ Նրանք երկու կողմից կսկսեն համոզել օրիորդ Սալբիին։ Եվ դուք ձեր քրոջ պատճառով միշտ գնալ գալ կունենաք աղջիկների մոտ, և կարող կլինեք տեսնել օրիորդ Սալբին, և երբեմն գաղտուկ խոսել նրա հետ։ Չմոռանաք, առաջ բարեկամանալ, հետո քույրդ հանձնել, այնուհետև սկսել երթևեկությունն կատարելը։ Այդ կլինի մեր առաջին փորձը։ Այնուհետև` գործերի բերմունքի համաձայն կլարենք մեր որոգայթները։ Այժմ մնաք բարյավ։

ԺԹ

ԿԵՂԾԱՎՈՐԸ

Առավոտյան ութ ժամին, պարոն Աշխարունին միայնակ նստած յուր առանձնասենյակում, սպասում էր ընդունել մի հյուր, որ հատկապես խնդրել էր նրանից մի գաղտնի տեսակցություն։

«Այդ զարմանալի է, մտածում էր նա. պատանի Ավազակյանցը տեսակցություն է խնդրում ինձ մոտ գալու...։ Նա՛, որ յուր հոր հետ մեր վտանգավոր թշնամիներն են, որ միշտ հալածել են մեք և ա՛յնքան ցավալի նեղություններ պատճառել, գրել է մեզ մի ա՛յնպիսի նամակ, որ արտահայտում է նրա անչափ ցանկությունը՝ մեր գործի առաջադիմության համար»։

Նա կրկին վերցրեց նամակը, և յուր ուշադրությունը դարձրեց հետևյալ տողերի վրա.

«Մի գաղտնի զորություն իմ սիրտը քաշում է դեպ ձեր կողմը, երանի՜ թե այդ լիներ սուրբ հոգու ազդեցությունը»։ Մի քանի տողից հետո` «Սողոսին Դամասկոսի ճանապարհում կոչող ձայնը` իմ հոգու ներսից սպառնում է խղճմտանքիս, թե «Սա՛վուղ, Սա՛վուղ, ինչու կհալածես զիս»։ Եվ նամակը վերջանում էր այս խոսքերով. «պատիվ եմ համարում Քրիստոսով մնալ ձեզ միշտ անձնվեր բարեկամ Սոլոմոն-բեկ Ավազակյանց»։

Մինչ պարոն Աշխարունին տարուբերվում էր խառն մտածությունների մեջ, ծառան հայտնեց հյուրի գալուստը։

Թող հրամայե, ասաց նա։

Ներս մտավ մելիքի որդին, փառավոր հագնված, յուր երկու ծառաներով. նա քաղաքավարությամբ սեղմելով պարոն Աշխարունու ձեռքը, անցավ և նստեց սոֆայի վրա, յուր ծառաներին ականացի անելով, որ դուրս գնան և սպասեն դռան մոտ։

Բարի է ձեր գալուստը, գլուխ տալով ասաց պարոն Աշխարունին, ասիական քաղաքավարությամբ. ձեր այցելությունն՝ ուրախացնում է մեզ։

Սոլոմոն-բեկը, ի նշան շնորհակալության, նույնպես շարժեց՝ գլխով։

Ի՞նչ լուր ունիք Թեհրանից, ձեր հորից, հարցրուց պարոն- Աշխարունին սովորական ընդունելությունից հետո։

Վերջին սուրհանդակով նամակը ցույց է տալիս, որ հայրս՝ շնորհ է ունեցել տեսություն ստանալ շահից, թագավորը խիստ շատ բարեսրտություն է ցույց տվել, և խոստացել է կատարել նրա բոլոր խնդիրները։

Ուրախալի է... բայց ի՞նչ նպատակ ունին խնդիրները։

Տեղույս հայերի նեղությունների մասին, մի փոքր թեթևացնել հարկերը և խաների անտանելի բռնակալությանց դեմը առնել։

Ծառան մատույց ղահվե շաքարով. և վերջացնելուց հետո տվին նրան ղեյլան. Ավազակյանցը մատուցեց ղեյլանը պարոն Աշխարունուն, բայց նա հրաժարվեց, ասելով թե ծխելու սովորություն ուներ, Ավազակյանցը միայնակ սկսեց ծխել: Բայց իմ հոր գլխավոր խնդիրը ձեր մասին է, որ ես հայտնում եմ ձեզ որպես գաղտնիք, խոսեց Սոլոմոն-բեկը։ Ատրպատականի գլխավոր հոգևոր առաջնորդի խորհրդով, հայրս պիտի բողոքեր շահին, որ ձեր տունը արտաքսվի այս երկրից։

Օհո՜... բացականչեց պարոն Աշխարունին ժպտալով. հետո՞։

Հորս մի այդպիսի ձեռնարկությունը չափազանց ընդդեմ լինելով իմ կամքին, ես միշտ գրել եմ նրան, չիցե՛ թե ձեր մասին բողոքավոր լինի Թեհրանում. երկար թախանձելուց հետո, ահա այդ նամակը մի փոքր մխիթարեց ինձ։

Նա դուրս բերեց յուր թղթերի կաշյա պահարանից մի նամակ, որի վերջում դրված այս խոսքերը.

«Այն մոլորեցուցիչների մասին դու այնքան երկար գրելով, իրավ, ձանձրացրիր ինձ, վերջապես, պատիվ դնելով քո որդիական սիրուն, խոստանում եմ քեզ այլևս չբողոքել նրանց մասին վսեմափառ շահին, ամենևին չհասկանալով, թե դու ի՞նչ նպատակ ունեիր նրանց այդչափ պաշտպանելու»:

Այդ կնիքը ձեր հո՞րն է, հարցրուց պարոն Աշխարունին, նայելով մեծ կնիքին, որ դրոշմված էր նամակի վերջում թղթի վրա։

Հրամեր եք. որովհետև հայրս գրել չգիտե, նա սովորաբար դրոշմում է յուր կնիքը յուր ստորագրության փոխարեն։

Բայց սուտ էր խոսում կեղծավորը. նամակը բոլորովին հնարված էր Ռես Վաստակյանի կյանի ձեռքով. իսկ մելիք Պիլատոս Ավազակյանցը վաղուց էր խնդրամատույց եղել Աշխարունու մասին Թեհրանում։ Բայց բարեսիրտ քարոզիչ յուր բոլոր պարզամտությամբ միանգամայն հավատաց, թե իրավ Սոլոմոն-բեկը իրանց մի այդպիսի բարերարություն է արել։

Շնորհակալություն, ասաց նա. ձեր բարերարությունը աստուծո գործի համար, անվարձ չի մնալ տիրոջ առաջ։

Ճշմարիտ, ես չեմ կարողանում գտնել բառեր բացատրելու, թե ի՞նչ գաղտնի զորություն է, որ միշտ գրգռում է իմ նախանձը, ո՛րքան կարելի է ուժ տալ աստուծո խոսքի քարոզությանը, այս խավար երկրի մեջ. և միշտ աշխատել մեր ազգայինների լուսավորության և կրթության համար։

Իհարկե, այդ ձեր պարտքն է. մարդասիրության և ազգասիրության պտուղները ավելի ձեզնից է պահանջելի, քան թե մի աղքատից, որ յուր գլուխը չէ կարողանում պահպանել։ Սոլոմոն-բեկը սկսեց ավելի ուժով ծխել. ծխախոտի արբեցուցիչ ազդեցությունը սկսեց բորբոքել նրա ուղեղը, և նա ավելի ոգևորված՝ խոսեց.

Ես վաղուց արդեն, ողորմած տեր, սրբազան նախանձ ունեի լինելու մի զորավոր շարժառիթ աստուծո գործի հառաջադիմության այս երկրի մեջ, և դրանով կատարել իմ պարտքը դեպ աստված և դեպ մարդկությունը։ Բայց դժբախտաբար իմ հոր սնոտի մոլեռանդությունը թույլ չէր տալիս երևան հանել այդ խորհուրդը, որ ա՛յնքան ծանր դրված էր իմ սրտի վրա։ Բայց այժմ, իմ հոր բացակայությունը հնար է տալիս ինձ իրագործել այն՝ որի համար վաղուց մտադրված եմ խոստովանելով ձեր առջև իմ անկեղծ համակրությունը, և խնդրելով, պարոն, ընդունել իմ ի սրտե բարեկամական ջերմեռանդությունը դեպ ձեզ...։

Պատանի Ավազակյանցը մոլորվեց յուր սերտած խոսքերի լաբիրինթոսի մեջ, որ արտասանում էր նա, որպես աշակերտը յուր դասը։

Իսկ պարոն Աշխարունին հասկանալով նրա միտքը, ասաց յուր սովորական սառնասրտությամբ.

Ես ուրախ եմ... և մեծ ուրախություն է՝ եթե կներեք ինձ այսպես արտասանել աստուծո հրեշտակների առաջ, երբ մի մեղավոր դիմում էր դեպ ապաշխարություն։

Վարժատան զանգակը ընդհատեց նրանց խոսակցությունը. վարժապետը ժամացույցին նայեց իննի կեսն էր.

Իրա՛վ, ժամանակը թանկ է ձեզ համար, ես արգելք եղա... խոսեց կեղծավորը. միայն խնդրում եմ շնորհել ինձ մի քանի րոպե ևս, մի այլ խնդիր ունիմ ես մի քույր ունիմ տասնևինն տարեկան, որին շատ եմ սիրում, յուր խելացի և սուր ընդունակության համար։ Ես ափսոսում եմ, որ այդպիսի քանքարավոր բնավորության տերը մնա առանց ուսման և առանց կրթության: Երկար ստիպմունքներից հետո, վերջապես կարողացա համոզել մորս, նա հաճեցավ Ալմաստը այսպես է քրոջս անունը հանձնել ձեր առաքինուհի տիկնոջ հոգաբարձության, որպես ասացի, ուսում և կրթություն սովորելու։ Այժմ ա՛յդ է իմ խնդիրը, եթե դուք ևս կշնորհեք ինձ ձեր բարի հաճությունը, ընդունելով իմ սիրելի քույրս, դրանով չափազանց կպարտավորեք ինձ։

Դուք կարծում եք, մեր վարժարանները այնքան բարեկարգ դրության մեջն են, որ նրանց մեջ կարելի լիներ ընդունել փափկասուն տան որդի, պատասխանեց պարոն Աշխարունին ցավելով. մեր վարժատների աղքատությունը հազիվ է ներում ուսանելու նրանց մեջ մի քանի անտերունչ որբերի միայն։

Արդարև, ձեր վարժարանի վիճակը այժմ ցավալի դրության մեջն է. և դրա պատճառը, որքան հայտնի է ինձ, չարանախանձ խավարամիտների հալածասիրությունն է։ Բայց ես, պարոն, հաստատ հույս եմ տալիս ձեզ, ո՛չ միայն այդ հալածանքները հեռացնել, այլ ձեր վարժարանի կատարյալ ազատությունը ապահովել, որ սկսի օրեցօր ծաղկել և կատարելագործվել։

Պարոն Աշխարունին խորին մտածությանը մեջ ընկղմվեց։

Ես իմ քրոջ վարձը, շարունակեց Ավազակյանցը, կվճարեմ որքան կարելի է առատ քանակությամբ, որ ո՛չ միայն նրա ուսման և օրինական պահպանության համար բավականանա, այլև հնար կտա նրանով մի քանի խեղճ աղջիկներ կառավարել, որ դուք, չնայելով ձեր այժմյան նյութական անկարողությանը պահպանում եք ձեզ մոտ ձրիաբար։

Ուրեմն դուք կամենում եք ձեր քույրը գիշեր ցերեկո՞վ հանձնել մեր հոգաբարձությանը։

Հրամե՛ր եք. ըստ իմ կարծիքի, միայն չոր և ցամաք ուսումը բավական չէ մի օրիորդի կատարելության համար, գլխավորը մի բարեկարգ կրթությունն է՝ Ավետարանի անաղոտ լուսով, և այդ, այլ եղանակով չի լինի, բայց միայն՝ երբ աշակերտը ամբողջովին է գտնվում յուր դաստիարակների աչալուրջ հսկողության ներքո։

Ներեցեք, խնդրեմ, որ անմիջապես չե՛մ կարող պատասխանել ձեզ, ձեր քրոջ մասին, ասաց պարոն Աշխարունին, ես կհայտնեմ ձեզ վաղը առավոտ։

Վարժատան զանգակները հայտնեցին դասերը սկսվելը։

Իրավ, ես արգելք եղա ձեզ, ոտքի վրա կանգնելով խոսեց Ավազակյանցը. բայց մոռացա հարցնել, ես լսեցի, տեր Առաքելենց պարոն Ռուստամը հիվանդ է, ի՞նչպես է այժմ նրա առողջությունը։

Խիստ վա՛տ, պատասխանեց յուր հյուրը ճանապարհ դնելով պարոն Աշխարունին։ Եթե շուտով մի փոփոխություն դեպի լավը չէ լինի, նրա կյանքին հույս չկա։

Ա՛հ, ցավալի է, ցավալի... բայց և կուզեի տեսնել ձեր գրատունը, ասաց նա կանգ առնելով նախասենյակում ինձ պետք է ձեզանից գնել մի հատ Աստվածաշունչ, խիստ շատ եմ սիրում այդ գիրքը։ Թեպետ ես մի հատ ունիմ, բայց այն հիմար վենետիկցոց տպածն է, հին և մեռած լեզվով. բայց ինձ խիստ սիրելի է սուրբ գիրքը աշխարհաբար լեզվով:

Պարոն Աշխարունին բացեց սենյակին կից դուռը և առաջնորդեց հյուրը դեպի գրատուն: Սոլոմոն-բեկը անխորհուրդ կերպով, մեքենաբար նայում էր պատուհաններում դրած մեծ և փոքր գրքերի վրա։ Նա վերցրեց մի հասարակ կազմով Աստվածաշունչ, և տվեց ծառային, դնելով սեղանի վրա հինգ հատ ոսկի:

Դուք, պարոն, գնից ավել հատուցիք, ասաց պարոն Աշխարունին, դրա գինը հինգ կռան է:

Դուք առհասարակ ձեր գրքերը էժան գնով եք վաճառում. և շատ անգամ, ինչպես հայտնի է ինձ, ձրի եք բաշխում աղքատներին։

Այնուհետև, նա խնդրեց, որ նրան ցույց տային վարժարանը։

Մեր վարժարանները այնպիսի բան չեն, որ արժանի լինեին ձեր հարցասիրությանը, առարկեց պարոն Աշխարունին։

Ո՛չ-ո՛չ, ես կսիրեմ նրանց արդի չքավորության մեջ ևս, պատասխանեց նա մեծահոգության հովեր առնելով աղքատությունը պարսավելի չէ՛։

Պարոն Աշխարունին ներս տարավ նրան մի մերկ և սառն սենյակ, որ դասատունն էր կազմում։ Այնտեղ տասը նստարան կար աշակերտների համար, բայց նրանցից միայն մինի վրա նստել էին յոթն աշակերտ։ Այդ փոքրիկ սենյակը միանգամայն և դասատուն էր և աղոթարան, որովհետև կյուրակե օրերը այնտեղ ժողովում էին մարդիկ և կանայք աղոթքի և քարող լսելու համար: Այնտեղ կար մի սև գրատախտակ և մի ամբիոն, սև փայտից, որի վրա քարոզի և դասախոսության ժամանակ կանգնում էր պարոն Արամը։

Աշակերտները ոտքի կանգնելով, ցույց տվին արժանավոր հարգանք, Սոլոմոն-բեկը մոտենալով, նայում էր նրանց դասագրքերին։ Նա գնալով կանգնեց պատից կախ ընկած դասացուցակի առաջ, և սկսեց կարդալ ամեն մի ժամի համար որոշված դասերը.

«Աստվածաբանություն... մեկնություն սուրբ գրոց... եկեղեցական պատմություն... բնական պատմություն... մաթեմատիկա...» էլ ի՞նչ եք ուսուցանում. շատ զարմանալի է մի այդպիսի կարճ ժամանակում այդքան հառաջադիմությո՜ւն, ասաց նա, դառնալով դեպի վարժապետը։

Այստեղից դուրս գնալով, վարժապետը նրան ներս տարավ աղջիկների դասատունը, Սոլոմոն-բեկը հազիվ էր կարողանում բռնել իրան, այնտեղ մտած ժամանակ: Այդ սենյակը յուր աղքատին կերպարանքով շատ նման էր տղայոց դասատանը։ Այստեղ, տիկին Աշխարունին միայնակ, ոտքի վրա, կանգնած սև գրատախտակի առաջ թվաբանության դասն էր բացատրում։ Աշակերտուհիները թվով երեք հոգի էին: Հեռուն, լուռ և մունջ, նստել էր արդեն յուր ուսումը ավարտած չորրորդ աշակերտուհի՛ն օրիորդ Սալբին։ Պատանի Ավազակյանցը շփոթվեցավ տեսնելով չքնաղագեղ օրիորդին, որ յուր տխրամած դեմքով՝ ավելի ևս հիացուցիչ էր։

Ավազակյանցը մտածեց հնար գտնել մի քանի րոպե այնտեղ ավել մնալու. նա քաղաքավարությամբ մոտեցավ տիկին Սալլաթինին, և նրա ձեռքը քնքշաբար սեղմելով, հարցրուց.

Ձեր սիրելի աշակերտուհիները միմիայն ուսմա՞մբ են պարապում։

Ո՛չ, կեսօրից հետո ասղնագործությամբ, պատասխանեց տիկին Աշխարունին։

Դուք կհավանեք, պարոն, երբ որ տեսնեք, թե որպես գեղեցիկ նկարներով ասղնագործում են աշակերտուհիները թղթի և կտավի վրա, ավելացրեց պարոն Աշխարունին։

Ցույց տվեք, աղաչում եմ, նրանց գործերից. ես շատ ուրախ կլինեմ տեսնելու, ասաց Սոլոմոն-բեկը։

Տիկին Աշխարունին դուրս բերեց ահագին փայտյա պահարանից գույնզգույն թելերով նկարված թղթերի և կտավների մի ծալք, դրեց գրասեղանի վրա և սկսավ մեկ-մեկ ցույց տալ։

Պատանի Ավազակյանցը, գեղեցիկ ճարտարությանց մեջ առանց որևէ ճաշակ կամ համազգացություն ունենալու` ամեն մինը նայելու ժամանակ, թե լավ և թե վատ, առհասարակ բոլորի համար ասում էր.

Ա՜խ, հրաշալի՜ է, հրաշալի... իմ քրոջ խելքը կգնա, երբ իմանա թե այստեղ ուսուցանում են այսպիսի գեղեցիկ ասղնագործական նկարներ։

Վերջը նրա ձեռքը հասավ մի հատկապես պատրաստված թուղթ, որ կարված էր ծիածանի գույներով մետաքսյա երիզի վրա. թղթի վրա գույնզգույն թելերով նկարված էր մի բոցավառված սիրտ, որ կրակի ճաճանչներ էր արձակում. նրա ամեն մի կողմը կարմիր սիրուն վարդ, և վերևը՝ գեղեցիկ ասղնագործ տառերով գրված էր. «աստված սեր է», իսկ ներքևը՝ զարմանալի ճարտարությամբ՝ մանր, գույնզգույն տառերով «Հովասաբենց Սալբի»:

Ավազակյանցը չկամեցավ ձեռքից թողուլ այդ հրաշալի նկարը, որ օրիորդ Սալբին էր ասղնագործել, յուր սիրականին ընծայելու, գրքի մեջ դնելու համար, նա վերցրեց նշանիկը ասելով.

Պատվելի տիկին, ես շատ հույս ունիմ, դուք ինձ առավել ուրախացնելով... հիշատակի համար կընծայեք ձեր աշակերտուհիների ձեռագործներից մինը, այն թանկագին ընծան թող լինի այս գեղեցիկ նշանիկը...:

Տիկին Աշխարունին յուր հաճությունը ցույց տվեց, և Սոլոմոն-բեկը թաքցրեց խորհրդավոր նշանիկը յուր թղթերի պահարանի մեջ։

Օրիորդ Սալբին, հեռվից նշմարելով, որ յուր նշանածի համար նկարած նշանիկը ուրիշի ձեռքը անցավ, տհաճությամբ եռում էր:

Հազարավոր կեղծավորության ցույցերով, պատանի Ավազակյանցը յուր ուրախությունն և բարեկամությունը կրկին և կրկին շեշտելուց հետո, հեռացավ վարժատնից։

Ճանապարհին, մինչև իրանց տուն հասնելը՝ նա մի քանի անգամ դուրս բերեց «սիրո հիշատակարանը», նայեց նրա վրա, և կրկին տեղավորեց պահարանի մեջ։ Իսկ յուր սենյակը մտածին պես՝ նա սկսեց խելագարի նման համբուրել և սեղմել յուր սրտին, ասելով, «այդ քնքուշ սիրտը, որ այդպես բոցավառված ցույց է տալիս սիրո վարդերը՝ նկարել են նրա սիրուն մատները»։

Նա մոտեցավ ահագին երկաթյա արկղին, բաց արավ, դուրս բերավ այնտեղից հարյուր հատ ոսկի աշրաֆի, և ամեն մի հիսունը առանձին թղթի մեջ փաթաթելով, կնքեց, մինի վրա գրելով «աղջիկներին», իսկ մյուսի՝ «տղաներին»։ Եվ հետո, մի նամակ ևս գրեց հետևյալ բովանդակությամբ.

«Պարոն,
Ձեր սիրելի աշակերտների և աշակերտուհիների գեղեցիկ աշխատությունները իմ մեջ մի անմոռաց սեր ազդելով, ես, ի նշան իմ շնորհակալության, իբրև ընծա, ուղարկում եմ նրանց այդ չնչին արծաթը, խնդրում եմ ընդունեք ներողամտությամբ։

Սոլոմոն-բեկ Ավազակյանց»:

Նա հանձնեց նամակը ընծաների հետ ծառային, ծառան հեռացավ, և ինքը, հափշտակված խորին հոգեզմայլությամբ, ընկողմանեցավ սոֆայի վրա և սկսեց հրճվանքով նայել հրաշալի նշանիկին։ Հանկարծ ներս մտավ Ռեսը։

Ի՞նչպես անցավ, հարցուց նա։

Շատ լավ. արդարև՛, շատ լավ, Ռես, պատասխանեց Սոլոմոն-բեկը։ Բախտը ձեռնտու եղավ ինձ, այնտեղից այս գեղեցիկ հիշատակարանը ևս բերելու։

Նա տվեց Ռեսին նշանիկը։

Ռեսը ուշադրությամբ զննելով` ասաց.

Նկարիչը չէ սխալվել. այո՛, «աստված սեր է...»։ Երևում է, օրիորդի թարմ ուղեղի մեջ երևակայություն է խաղում... սերը, յուր կախարդական սլաքը դիպցրել է նրա սրտին։ Եթե ես էլ ասեղնագործել գիտենայի, այդ նշանիկի վրա կավելացնեի մի նազելի բանաստեղծի երգը.

Ո՞ր բանաստեղծի, ի՞նչ երգ, հարցրուց Սոլոմոն-բեկը։

Մելիքզադեի, ահա այս երգը.

Եվ նա սկսեց յուր խռպոտ ձայնով երգել։

«Զի սեր է աստված,
Սիրով ստեղծեց
Աշխարհը հրաշակերտ»:
Այսպես մեզ խոսեց
Սեր քարոզողի
Իմաստուն աշակերտ:

Քո հոգվո՛ միջում,
Ո՜վ իմ հրեշտակ
Գտա այդ սուրբ սեր.
Ուրեմն ես քեզ
Կոչեմ համարձակ`
«Իմ աստված, իմ տեր»:

Եթե չե՛ս աստված,
Ինչո՞ւ ես կրում
Քn հոգվո միջում
Այդ աստվածություն:

Եթե չե՛ս աստված`
Ուրեմն չկա՞
Երկինք և երկրում
Բնա՛վ աստվածություն:

Ճշմարիտ է ասել բանաստեղծը, առարկեց Սոլոմոն-բեկը։ Երբ աստված սեր է, և սերը աստված է, ուրեմն, ուր կա սեր, այնտեղ կա և աստվածություն։ Կարծեմ, Ռես, ես չսխալվեցա իմ տրամաբանության մեջ:

* * *

Նույն օրվա իրիկնապահին, օրիորդ Սալբին, տխուր և սրտաբեկ մտավ տիկին Սալլաթինի սենյակը, և գտավ նրան նույնպես տխրամած դեմքով, նստած յուր գրասեղանի առաջ։ Խղճալի օրիորդը դեռ նոր էր լսել Ռուստամի հիվանդությունը։ Նա երկար, լուռ նստած նայում էր հատակին, ամաչելով խոսել և հարցնել յուր սիրականի հիվանդության մասին։ Տիկին Աշխարունին նկատեց այդ։

Լսե՞լ ես, Սալբի, Ռուստամը հիվանդ է, ասաց նա։

Օրիորդը պատասխան չտվեց. նրա սիրտը լցված էր։

Դու գնա նրա մոտ, Սալբի, դո՛ւ կթեթևացնես նրա հիվանդությունը, ավելացրեց տիկին Աշխարունին։

Ես շատ եմ ցանկանում, պատասխանեց օրիորդը, բայց կարելի՞ է այդ, մի այնպիսի երկրում, ուր այնքան չարաչար դատապարտված է կանանց սեռի ազատությունը։

Ուրիշ մարդկանց հիվանդի մոտ գնալը արգելված է, պարոն Մելիքզադեն է մենակ նրա մոտ. ես նրան իմաց կտամ քո մասին, և նա կգտնե մի արձակ միջոց, քեզ հիվանդի մոտ գաղտնի ներս թողնելու։

Ես շնորհակալ կլինեմ, պատասխանեց օրիորդը, միայն որքան կարելի է զգուշությամբ, խայտառակ չլինեմ, եթե տեսնեն մեզ։

Այդ մասին ինքը, պարոն Մելիքզադեն կհոգա։ Դու սպասիր քո սենյակում, մինչև քեզ իմաց տամ։

Գիշերվա տասն և մեկ ժամից անց էր։ Օրիորդ Սալբին, տեր Առաքելենց տանը, միայնակ նստած էր մի մերկ և ցուրտ սենյակում, մթին խավարի մեջ: Չնայելով, որ դուրսը կատաղի մրրիկն էր մռնչում, չնայելով, որ ցուրտը, անվառ սենյակում սառեցնում էր, բայց և այնպես, օրիորդը այնքան բորբոքված և լցված սրտով՝ չէր զգում ոչ մի սարսուռ։

Հանկարծ լսելի եղավ բանալիի շարժվելու ձայնը, դռները հետ գնացին, ներս մտավ պարոն Մելիքզադեն, միայնակ, և ճրագը ձեռքին։

Ներողություն, ասաց նա, ես ձեզ երկար սպասել տվի, այս գիշեր պարոն դոկտորը չկամեցավ շուտ գնալ։

Մերձակա սենյակում ժամացույցը զարկեց տասնևերկու։ Նրանք դուրս եկան սառցատնից։ Պարոն Մելիքզադեն կրկին հանգցրեց ճրագը։ Ներեցեք, ասաց նա, մութի մեջ ևս կարելի է գնալ, բայց ես չեմ ուզում, որ տեսնեն ձեզ:

Օրիորդ Սալբին, որպես ուշակորույս, ոչ մի պատասխան չէր տալիս, միմիայն մեքենաբար հետևում էր յուր առաջնորդին, և նրանք, մթին, ոլոր-մոլոր սանդուղքներով բարձրանում էին դեպի հիվանդի քնարանը։ Պարոն Մելիքզադեն բաց արեց մի սենյակի դուռ, ուր աղոտ լուսով վառվում էր ճրագը, և ներս թողեց օրիորդ Սալբիին ասելով.

Դուք, պատվելի օրիորդ, այստեղ կգտնեք հիվանդը։ Բայց ինքը դուռը կողպելով հեռացավ։

Դեղերի դարմանների սուր հոտավետությունը, որով լցված էր հեղձուցիչ սենյակը, բավական էր զարկելու օրիորդի սրտին այն սաստիկ հարվածը, որ զգաց նա...։ Նա, հազիվհազ զսպելով յուր սպառված զորությունը, մոտեցավ մահճակալին, ուր դրված էր հիվանդը՝ բոցավառված կրակի մեջ։ Նրա դեմքը գունատ և նվազած էր մաշված հիվանդների նման, այլ սաստիկ շառագունած, վառվում էր, որպես լրացած լուսինը։ Նրա մեծ սևորակ աչքերը՝ բարակացավ ունեցողների պես մեռած և խոր գնացած չէին, այլ կարմրած՝ փայլում էին լի կրակով։ Իսկ նրա արագ-արագ շնչառությունը էր լիքը, զորավոր և սարսափելի։

Խղճալի օրիորդը, Եղիսեի նման, յուր մարմինը տարածեց հիվանդի վրա, բերանը՝ բերանին դրեց, երեսը՝ երեսին քսեց, սիրտը սրտին շոշափեց, և այսպիսով, ասես թե յուր բոցավառված սիրո էլեկտրականությամբ, կամենում էր նրան նոր շունչ տալ, կենդանություն ներշնչել։ Բայց հիվանդը չզգաց այդ մարգարեական հոգու ներշնչությունը, որպես սունամացի կնոջ զավակը նա չարթնացավ յուր անզգայությունից։

Ռուստամը վառվում էր սաստիկ տաքության մեջ։ Նրա խոսքերի մեջ, որ անդադար զառանցում էր յուր երևակայական ցնորքներում, միայն բացորոշակի, հասկանալի էին «Սալբի» «Իմ սիրական» բառերը:

Օրիորդը ծունկ չոքեց հատակի վրա, և յուր քնքուշ ձեռքերը փակելով կրծքի վրա, յուր ոգևորված հայացքը բարձրացրեց դեպի վեր, և սկսեց խորին ջերմեռանդությամբ աղոթել... և աղոթեց ա՛յնքան երկար, մինչև լուսաբացին պարոն Մելիքզադեն ներս մտավ, բռնեց նրա ձեռքից և վեր կանգնեցրեց ասելով.

Այժմ իմ բարեկամ, հեռացե՛ք, բժշկի գալու ժամանակն է:

Ի
ԴԵՐՎԻՇԸ

Կես օր էր:

Պարոն Աշխարունիի տանը, տղաների դասատնում, տասը նստարաններից հինգը ամբիոնի աջ, իսկ հինգը՝ ձախ կողմում էին տեղավորված կարգով: Ձախ կողմի նստարանները, բոլորը բռնված էին կանանցով և վարժատան աղջիկներով, որոնց թվում, զուգված-զարդարված նստել էր առաջին նստարանի վրա Ավազակյանց Ալմաստը՝ Սոլոմոն-բեկի քույրը, որ քանի օր առաջ, ընդունվել էր իբր աշակերտուհի տիկին Աշխարունու մոտ։ Նրա կողքին նստել էր միականի պառավ Գոզեն, քառասուն և հինգամյա աղջիկը՝ Ռես Վասակյանի քույրը, որի ծաղկահար եղած և թռթշնած մռայլոտ դեմքը ավելի նման էր աբեթի կամ սարադի (խարբալի)։ Օրիորդ Գոզեն յուր անհամեմատ տգեղության պատճառով, ուր մնաց, որ անգութ ծաղիկը տարել էր նրա աչքերից մեկը, մնաց միշտ աղջիկ։ Ոչ ոք չկամեցավ խնդրել նրա ձեռքը, թեպետ նրա եղբայրը շատ աշխատեց մոլորեցնել մինը յուր քրոջ որոգայթի մեջ, նա, մտադրված լինելով` որպես հավատացնում էր նրա եղբայրը առանձնանալ մի վանքում, և յուր անձը նվիրել ճգնության և ապրել աստուծո համար, նախամեծար համարեց որպես կամավոր աղախին, ձրիաբար, յուր հոգու համար, ծառայել Ավետարանի դուստրներին՝ Աշխարունու տան մեջ։

Ամբիոնի աջ կողմի նստարանները, բոլորը բռնված էին մարդկանցով, որոնց թվում, առաջին նստարանի վրա, փաթաթված յուր թանկագին մուշտակի մեջ, նստած է Սոլոմոն-բեկ Ավազակյանցը, տված հետակա նստարանին, ձեռքը ծնոտին դրած, միակողմանի թեք նստած, յուր աչքերը ջրած՝ անդադար նայում է յուր սրտի ամենասիրելի առարկային օրիորդ Սալբիին, որը բոլորի հետևը, նստած լուռ և տխրամած դեմքով, ասես թե նրա ուշքը ու միտքը բարձրացած, խելքը հափշտակված՝ տարվել էր մի այլ աշխարհ, և այնտեղ ողբում էր մի բոլորովին այլ առարկայի համար...։

Տիրում էր խորին լռություն։ Քարոզիչը ամբիոնի վրա կանգնած թերթում էր Աստվածաշունչը, նշանակելով յուր քարոզության հարկավոր վկայությունները սուրբ գրքից:

Երբ այդ փոքրիկ եկեղեցու բոլոր անդամները հավաքված էին, քարոզիչը ժամացույցին նայելով հայտնեց երգվելիք երգերի գլուխը։ Ժողովրդի ամեն մինը յուր ձեռքի երգարանի մեջ բաց արին ցույց տված երգը և բոլորը, այր և կին, տղա և աղջիկ սկսեցին միաձայն, ջերմեռանդ և քաղցր եղանակով ներդաշնակել հոգևոր տաղերգը։

Երգից հետո կրկին տիրեց լռություն։

Քարոզիչը ոտքի ելավ, յուր ջերմեռանդ հայացքը դեպ վեր բարձրացնելով, աչքերը խփած, մտքով երկինքը վերացած, սրտառուչ և ազդու եղանակով կարդաց մի հրաշալի աղոթք։

Աղոթքից հետո քարոզիչը բացեց նոր կտակարանում երկրորդ Կորնթացոց ժա գլուխ 29 համարը, և սկսեց կարդալ. «Ով կտկարանա, ու ես չեմ տկարանար, ո՛վ կգայթակղի, ու իմ սիրտը չայրիր»։ Եվ Պողոս առաքյալի այդ խոսքը իբրև բնաբան ընտրելով, պարոն Արամը ատենախոսեց։ Նրա շրթունքներից մեղր ու կաթ էին ծորում, և քաղցրալուր ու գրավիչ խոսքերով հեղհեղում էր նա աստծո բանի քարոզությունը։ Նրա արտասանությունը, ճարտասանական ձևերը, նրա բոլոր խորհրդական շարժմունքների հետ զուգավորված՝ հալում, թափում էին Ավետարանի խրատները ունկնդիրների գլխի մեջ։

Բայց այդ հռետորի ատենախոսությունը ոչ մի ազդեցություն չարեց Սոլոմոն-բեկի բթացած և սառած ուղեղի վրա, որ նույն րոպեում, ո՞վ գիտե որպիսի երևակայական ցնորքներով էր հրապուրված։ Նա, յուր ապառնի հույսերով ոգևորված, աչքերը անթարթ լարած՝ նայում էր օրիորդ Սալբիի վրա։

Քարոզից և կրկին տաղերգությունից հետո, պարոն Արամի նշանի վրա, եղբայրները ոտքի ելան, և պարոն Մելիքզադեն սկսեց աղոթել, միևնույն ժամանակ խնդրելով աստծուց առողջություն իրանց եղբայր Ռուստամի համար։

Այդ աղոթքը դառնացրեց Սոլոմոն-բեկի սիրտը, նա չէր ուզում աղոթեին այն մարդու համար, որի կյանքը այնքան անտանելի էր իրան, ա՛յնքան վայրենի և անգութ սրտով նրա մահն էր ցանկանում:

* * *

Միևնույն ժամուն, երբ Քրիստոսի այդ փոքրիկ հոտը հավաքված անցնում էին տիրոջ շաբաթը աղոթքով և սուրբ գրքի ընթերցանությամբ, տիկին Թարլանը, յուր փեսայի տեսության գնալով, նստած Հուրի Խան-Դայայի մոտ՝ ծանր ու բարակ խոսում էին։ Այդ հիմարների բոլոր գործերը այնքան անխելքությամբ են, որպես իրանը բռնած ճանապարհը (կրոնքը), ասաց վերջապես Հուրի Խան-Դայան։ Էլ ի՞նչ ասեմ, խնամի, սիրտս այրվում կրակվում է, չեմ կարում խոսել․․․ մաշեցին, սպանեցին իմ խեղճ թոռնիկը, տալով մի ցնդած ինկլիզ բժշկի ձեռքը, որ ոչ լեզու է իմանում և ոչ էլ խոսք հասկանում։

Հա՛, այդպես է, խնամի, պատասխանեց տիկին Թարլանը։

Բայց նրանց ականջ դնելու չէ. դու քո գիտցածը ձեռքից մի թողուր, թոռիդ ճարն արա՛։

Է՜հ, եթե ինձ իմ կամքին թողնեին, հիմա Ռուստամը տասն անգամ առողջացած կլիներ։ Բայց այժմ, ո՞վ է ծերին պատիվ դնողը, ո՞վ է նրա խրատը լսողը․ ամեն մարդ ինքնագլուխ է դարձել. ինչ որ խելքին փչում է՝ անում է. աշխարհս փոխվել է. հույս, հավատ չէ՛ մնացե. ո՛չ աստված են ճանաչում և ո՛չ սուրբը. ո՛չ խունկ են իմանում և ո՛չ մոմը, ո՛չ խաչը և ո՛չ պատկերը, ո՛չ մասը և ո՛չ էլ մասունքը... ամենքը դարձել են անաստված։

Ներս է մտնում Նազլու աղախինը։

Աղջի, ի՞նչ եղավ, չեկա՞վ Դերվիշը, հարցրեց Հուրի Խան-Դայան։

Դերվիշը դռանը սպասում է, պատասխանեց աղախինը։

Ասա՛, թող գա, հրամայեց տանտիկինը։

Մի քանի րոպեից հետո ներս մտավ Դերվիշը, մի բարձրահասակ և նիհար մարդ․ նրա դեմքը սոսկալի էր և արևից այրված․ աչքերը վառվում էին կատաղի կերպով։ Նա հագած ուներ մի սպիտակ շապիկ, որ իջնում էր մինչև նրա մերկ ծնկները: Կուրծքը բաց, նույնպես այրված արևից, գլուխը առանց գդակի, երկայն ծամերը կապած էր մազե թելերից հյուսած վարսակալով: Նրա հոլանի, բոլորովին մերկ թևերի բազուկների վրա՝ փաթաթված էին նրա սև թասբահները: Ուսին գցած ուներ յուր փոստ փալանքին (ընձու կաշին)։ Աջ բազուկից քարշ էր գցել փաշկուլը. կշտից կախել էր յուր նաֆիրը (եղջերափողը) և ջուլբանդը (մախաղը), որի մեջ դրած էին մի քանի գրքեր։ Նա, ձեռքին բռնած յուր հաստ գավազանը, առաջ եկավ, և յուր սովորական եղանակով ողջունեց, ասելով.

Յա՛-հու-հակ:

Հուրի Խան-Դայան և տիկին Թարլանը տարան նրան հիվանդի մոտ։ Դերվիշը նստեց հիվանդի մոտ և աչքերը պշուցած՝ սկսեց նայել նրա երեսին, հետո ականջը դնելով նրա սրտին, խորին ուշադրությամբ սկսեց լսել։

Դա խոսո՞ւմ է ինքը իրան, հարցրուց նա:

Հա, Բաբա՛-Դերվիշ, պատասխանեցին պառավները, հիվանդը ամենևին դադար չունի խոսելուց։

Դերվիշը դուրս բերավ մախաղից ռամը և սկսեց գցել նրան պղնձի սկուտեղի վրա։

Հիվանդը բռնված դևերից, չար ոգիները չարչարում են դրան, ասաց իսլամի ճգնավորը ռամը գցելուց հետո։

Մենք էլ գիտենք, այդպես է, պատասխանեցին պառավները. միայն դրա ճարը քեզնով է, աղա Դերվիշ։

Տվեք ինձ տասը կրան, այնպես անեմ, որ առավոտյան ձեր հիվանդը վեր կենա մահճից։

Մենք չենք խնայի քսան կրան ևս, միայն թե մեր որդին առողջանար։

Ուրեմն բերեք ինձ ալյուր, մի թասի մեջ պաղ ջուր, մի լայն բերանով սրվակ, և մի սև գույնով չարշապ:

Երբ տվին նրան խնդրած բաները, Դերվիշը վրանաձև ծածկվեց չարշապով և չոքեց, կզվեց բերանքսիվայր, տանելով յուր ծածկոցի տակ ալյուրը, ջուրը և սրվակը։ Կես ժամի չափ զարհուրելի արտասանությամբ նա կարդում էր մի արաբերեն գիրք, այնուհետև լսելի եղան խառն ձայներ, որ նման էին բոլոր կենդանիերի ձայների, և ահ ու սարսափ էին ազդում։

Լո՛ւռ, անիծված, լո՛ւռ ով լիրբ. ասում էր Դերվիշը, կոչելով ոգիների անծանոթ անունները:

Մի քառորդ ժամ է տևում Դերվիշի կռիվը ոգիների հետ, մինչև նա, ձգելով ծածկոցը, վեր է բարձրանում, ձեռքին բռնած սրվակը, որի բերանը պինդ կալած էր մատով:

Ահա՛ այդպես, գարշելիներ, խոսեց Դերվիշը, դուք կմնաք բանտարկված այս սրվակի մեջ մինչը խելոքանաք:

Հուրի Խան-Դայան և տիկին Թարլանը հետաքրքրությամբ նայեցին սրվակին։ Բայց ինչե՜ր չկային նրանում։ Թափանցիկ ապակիներից երևում էին փոքրիկ դեղին և կանաչ գորտեր, փոքրիկ մկներ, մի քանի հատ մանրիկ օձեր, կարիճներ, խեցգետին, մարախ ինչ որ ուզես։ Դերվիշը սկսեց սրվակը դրսից մատով ցույց տալ, թե այդ կենդանիներից որը՝ ո՛ր դևն էր։ Ահա այդ կանաչ գորտը՝ Իբլիսի որդին է. այդ կարմիր օձը՝ Բելիարն է, այդ դեղին կարիճր՝ Լեգեոնն է. և այլն, և այլն։

Բայց երբ նա մոմով կալում Հր սրվակի բերանը՝ հանկարծ մարախը թռավ:

Դու փախա՞ր, ամբարիշտ, ասաց նա, վնաս չունի, քո ընկերները այստեղ են. դե՛ գնա՛ , դու մենա՛կ ոչինչ չես կարող անել։

Պառավները շատ տրտմեցան, երբ փախավ դևերից մեկը: Դերվիշը նկատելով նրանց վրդովմունքը, մխիթարեց նրանց, տալով մի թիլիսմանական թուղթ, որ դնեն հիվանդի բարձի տակ, և կապեց նրա բազուկին բամբակե մի թել, որը մի քանի րոպե բերանի դեմ բռնած՝ աղոթք էր կարդում նրա վրա։ Այնուհետև առնելով տասը կրանը, Դերվիշը հեռացավ միամտացնելով պառավներին, թե այդ թուղթը ու թելը հեռու կպահեն հիվանդը այն մի հատ դևից, որ փախավ, և կնքելով սրվակի բերանը մոմով, դրեց յուր մախաղի մեջ։

Երեկոյան պահուն, բժիշկը գալով հիվանդի մոտ, երբ շոշափեց նրա զարկերակը․ զարմացավ, տեսնելով նրա բազուկի վրա փաթաթված թիլիսմանական թեյը: Նա ժպտաց, ասելով.

Կախարդությունը դեռ չի կորցրեք յուր հիմարական հետքերր խավար ազգերի միջից...:

Բայց և այնպես, Ռուստամի հիվանդությունը նույն երեկո բավական փոփոխություն էր արել դեպ լավը։ Նա կամաց կամաց խոսում Էր, և հասկանում էր, ինչ որ ասում էին նրան: Եվ Հուրի Խան-Դայան, առանց տարակուսանքի հավատում էր, թե Դերվիշի ջանքերր իզուր չանցան:

Դեռ մըստր Սեյսունը նստած էր հիվանդի մոտ, երբ ներս մտան տեր Մարկոսը և Սոլոմոն-բեկը՝ Ռես Վասակյանի հետ։ Հետո եկան պարոն Արամ Աշխարունին և պարոն Խոսրով Մելիքզադեն:

Տեր Մարկոսը առանց լռելու խոսում էր։ Ռես Վասակյանը հանդես էր մտել յուր կեղծավոր զվարճախոսությամբ։ Հիվանդը գտնվում էր յուր հոգու բարվոք տրամադրության մեջ: Ինքնաեռը եփ էր գալիս սեղանի վրա։ Պարոն Մելիքզադեն ընտանեբար թեյ էր պատրաստում։

Դե՛ , բավական է, օրհնած, որքան քնեք, ասաց քահանան հիվանդին. հիմա, փա՜ռք աստուծո, ձեր առողջությունը լավ է։

Եթե կարողանայի իհարկե, ինձ ախորժելի չէ մաշվել այս տխուր ու տրտում մահճի մեջ, պատասխանեց հիվանդը թուզ ձայնով։ Շնորհակալություն մըստր Սեյսունին, մյուս կողմից ասաց Սոլոմոն-բեկը ստորաքարշ մարդահաճությամբ։ Իրավէ,այդ մարդը հրաշք գործեց, պարոն Ռուստամի համար ես շատ հուսահատ էի։

Բժիշկը համարյա չլսեց այդ գովասանքը, նա խոսում էր պարոն Մելիքզադեի հետ։

Գիտե՞ք պարոններ, ո՛րքան թշվառ էր մեր հիվանդների դրությունը, քանի որ մըստր Սեյսունը չէր եկել մեր երկիրը, նրանց խոսքը կտրեց Ռեսը, ա՛խ քանի՜ հազարավորներ մեռնում էին անօգնական։

Տեր Մարկոսը նկատելով, որ անգլիացու գովասանքը չափից պատշաճից անցավ, աաաց․

Ինչո՞ւ, մենք ևս ունեինք հմուտ բժիշկներ, որոնք իրանց իմաստությամբ հետ չէին մնում Լոկմանից։

Արդարև, պատասխանեց Ռեսը կատակով, նրանց էլ շնորհակալություն, որովհետև նրանց շնորհիվ ամեն տարի, թվով շատ մարդիկ էին գնում դեպ Պլուտոնի թագավորությունը։

Ամենայն ճշմարիտ հայ-քրիստոնյա, ասաց քահանան, չպիտի հավատա, թե բժիշկները կարող են փոխել օրհասը, որովհետև, ինչ որ գրված է մարդու ճակատին, այն կկատարվի։ Բայց ներողություն, մըստր Սեյսուն, իմ կարծիքը թող չվշտացնե ձեզ։

Բժիշկը արհամարհական կերպով ժպտաց։

Ըստ ձեր կարծիքի, ասաց նա, ճակատագիրը, որպես նախասահմանյալ դատավճիռ, առանց փոփոխության, առանց մի կետ զանց առնելու իրականությունից եթե կատարվում է, ուրեմն այլևս ի՞նչ հարկավոր է հոգալ մեր կյանքի համար։

Իհարկե, ի՞նչ հարկավոր է հոգալ, պատասխանեց քահանան։ Մի՞թե չես կարդացել, ինչ է ասում Քրիստոս Մատթեոսի Ավետարանի վեցերորդ գլխում, «Մի հոգայք վասն կենաց ձերոց... Իսկ արդ, ո՞ի ձէնջ առ հոգալ իւրում յաւելուլ կարիցէ ի հասակ իւր զկանգուն միւ»։ Եվ այդպես, մեր կյանքը աստուծո ձեռքումն է, առանց նրա կամքի մենք չենք կարող մեր գլխից մեկ մազ սպիտակացնել կամ սևացնել, որովհետև, առանց աստծո ոչ մի տերև չի ընկնում ծառից։

Բժիշկը դարձյալ ծիծաղեց։

Հայր, ասաց նա յուր սովորական հանդարտությամբ, երեխայությանս օրերին կարդացել եմ, և տակավին իմ մտքումս են այդ խոսքերը. կարծեմ, Մատթեոսի միևնույն վեցերորդ գլխում գրված է, որ մենք մեր ապրուստի, մեր ուտելու և հագնելու մասին ևս հոգս չունենանք։

Ճշմարիտ, այդպես է, պատասխանեց քահանան, «Մի այսուհետև հոգայցեք. և ասիցէք, զի՜նչ կերիցուք, կամ զի՛նչ արբցուք, կամ զի՛նչ զգեցցուք...։ Հայեցարուք ի թռչունս երկնից, զի ո՛չ վարեն, ո՛չ հնձեն, և ո՛չ ժողովեն ի շտեմարանս և հայրն ձեր երկնաւոր կերակրէ զնոսա...։ Եւ վասն հանդերձի մի հոգայք, հայեցարուք ի շուշանս վայրենի, ո՞րպես աճե, ո՛չ ջանայ և ո՛չ նիւթէ»։

Բժիշկը իսկույն չափեց հայ քահանայի հասկացողության ամբողջ սահմանը։

Արդարև, ասաց նա եթե աստված ստեղծած լիներ մեզ երկնքի թռչունների նման, և եթե մեր արմատը դներ գետնի մեջ վայրենի շուշանների նման, մենք խիստ սակավ հոգս կունենայինք մեր կյանքի և մեր ապրուստի համար։

Ի՞նչպես, աչքերը լայն բացելով հարցրուց քահանան:

Այնպես, որ բնությունը ինքը բուսցնում է վայրի շուշանները գետնից իրանց ամբողջ զգեստավորությամբ։ Նրանց հանդերձները աճում, կատարելագործվում են նրանց կյանքի հետա այդ պատճառով նրանք կարոտություն չունին ոչ գործվածքի հագուստի համար, և ո՛չ դերձակի կարելու համար։ Բայց մարդը, բոլոր կենդանիներից ամենատկարը աստծու ձեռքով ստեղծված լինելով, կարոտ է յուր կյանքի և յուր ապրուստի հոգածությանը։ Ինչո՞ւ, որովհետև նրա լերկ և մերկ մարմինը զգում է եղանակների բոլոր փոփոխությունները արևի տոթը այրում է նրան, ցրտի սաստկությանը չէ դիմանում, որովհետև մարդուս մարմնի մերկությունը՝ կաթնակեր անասունների նման՝ բրդով կամ մազով չէ պատած, և ո՛չ երկնքի թռչունների նման՝ փետրով, որ առանց հոգածության, ինքնուրույն փոխվեր և նորոգվեր որոշյալ ժամանակներին։ Ուրեմն մենք չենք կարող չհոգաք թե «ինչ պիտի հագնենք»։ Իրավ, երկնքի թռչունները չեն վարում, չեն հնձում, ոչ էլ ժողովում են իրանց ամբարներում, որովհետև բնությունը- աստծո այդ համատարած ամբարը ձրիաբար և անաշխատ՝ բաշխում է նրանց կյանքի բոլոր պիտույքները։ Բայց մարդը սովոր չէ ուտել խոտ, բանջար, և կերակրվել հունդերով, որ ամենուրեք պատրաստի գրած են բնության սեղանի վրա. նա պիտի ճակատի քրտինքով վաստակե յուր հացը, Եվ մարդը մեքենաբար այնպես չէ կազմված, որ յուր մարմնի զենքերով կարողանա պաշտպանել յուր անձը նա յուր եղունգներով և ատամներով առյուծի և արծվի նման չէ՛ կարող պատերազմել յուր թշնամիների հետ։ Եվ նրա ոտքերը այնչափ ամուր չեն, որպես ձիու և իշի սմբակները, որ կոշիկի կարոտություն չունենային և աքացիով պաշտպանեին նրան։ Բայց այդ ֆիզիկական տկարությունների փոխարեն՝ ստեղծողը իմացական կարողությամբ կատարելագործեց մարդը, ներշնչելով նրանում բանական հոգի և խելք կամ հանճար: Եվ կարիքը՝ եղավ մարդկության առաջին վարժապետը, որ ուսույց բանեցնել խելքը այդ աստվածային ծանրակշիռ պարգևը, և նրանով գտնել մեր կյանքի բոլոր պիտույքները։

Բայց տեր Մարկոսը չհասկանալով մըստր Սեյսունի ասածները՝ հարցուց.

Ուրեմն Քրիստոս խաբել է մեզ։

Քրիստոս չէ՛ խաբել մեզ, մյուս կողմից պատասխանեց պարոն Աշխարունին. եթե մենք ճշմարիտ քրիստոնյաներ լինեինք, իրավ, մենք սակավ հոգս կունենայինք մեր կյանքի և մեր ապրուստի համար, ինչպես էին առաջին դարու քրիստոնյաները Քրիստոսից հետո։

Հրաշքների ժամանակները անցել են, ասաց մըստր Աեյսունը այժմ ո՛վ չգործե՛ չէ կարող ուտել, և ո՛վ չուտե կմեռնի։

Քահանան յուր կամավոր հակաճառությամբ, կամենում էր առաջ տանել վիճաբանությունը, բայց տեսնելով որ Սոլոմոն-բեկը վեր կացավ, նա ևս, հիվանդին առողջություն մաղթելով, միասին հեռացավ։

Ռես, ասաց Սոլոմոն-բեկը, երբ տեր Մարկոսը բաժանվեց նրանցից հիվանդը ոչ մի վտանգ յուր կյանքի դեմ՝ չէ ցույց տալիս, մեր հույսը դարձյալ կորած է...։

Մեր հույսը կորած չէ, պատասխանեց Ռեսը յուր անդրդվելի հաստատամտությամբ. բայց, առժամանակ կորած է մեր հանգստությունը նրա մահը կդյուրացներ գործը, բայց նրա կյանքը մի փոքր երկար աշխատել կտա մեզ:

Բայց չէ՞ կարելի դյուրացնել գործը նրա մահվամբ:

Ինչո՞ւ չէ կարելի. ամենայն անկարելին՝ արծաթը կարելի է դարձնում... ես այդ մասին մի բան մտածել եմ... միայն դուք շնորհեցեք փող, որքան հարկավոր լինի:

Ես չեմ խնայում իմ արծաթը. միայն, Ռես, զգուշացնում եմ քեզ, այդպիսի հանգամանքներում ամենևին և երբեք չհիշել իմ անունը. չասել՝ թե ես նույնպես խորհրդակից էի քեզ, որովհետև երբ գործը ընդունեց հակառակ ընթացը՝ մեր օգտին ընդդեմ այն ժամանակ ես չեմ կարող անպատվություն տանել, իսկ դու՝ անարգանքներ կրել սովորել ես...։

Ռեսը մի քսակ ոսկի ստանալով, դիմեց դեպ մըստր Սեյսունի տունը։ Առաջին խաբողը, յուր խորամանկությամբ ոգևորված՝ այնպիսի ուրախությամբ չսողաց նախաստեղծների անմեղ բնակարանը դրախտը, որպես Ռես Վասակյանը, չարության մտքերով լի՝ մտավ բժշկի տունը: Այդ եղեռնագործը կարծում էր, թե արծաթի մեջ կա այն ուժը և կարողությունը՝ ինչ որ չկա աստծո մեջ: «Թեթևամիտ անգլիացի է. մտածում էր նա հաստատ հույսով ես նրա համոզումը կորսամ ա՛յս քսակով...»:

Նա գտավ բժշկին յուր դեղարանում միայնակ նստած:

Դոկտոր, դուք կարո՞ղ եք լինել այնքան ողորմած, որ շնորհեք ինձ մի քանի րոպե ձեզ հետ գաղտնի խոսելու, հարցրուց նա փաղաքշաբար բռնելով բժշկի ձեռքը։

Խոսեցեք, պատասխանեց նա սառնությամբ, ոչ ոք ձեզ չի արգելի:

Բայց նախապես, ինձ պետք է ստանալ ձեր խոստմունքը, որ իմ ասելիքս կմնա ձեզ մոտ իբրև գաղտնիք, եթե ես չկարողանամ օգտվել ձեր հաճությունից։

Դժվար է խոստանալ մի բանի մասին, որ մեզ հայտնի չէ՛։

Ռեսը մտածության գնաց։ Բժշկի սառնասրտությունը փակել էր նրա բերանը։ Նա չէր համարձակվում վստահանալ և իսկույն հայտնել յուր նպատակը, բայց նրա անամոթությունը խրախույս տվեց նրա սրտին. «ինչ վնաս ունի, եթե գործը անհաջող ելք ստանա», մտածեց նա, ասելով.

Բարեհաճեցեք դոկտոր, լսել այդ՝ թեև անտանելի հարցումը. կարո՞ղ էիք դուք ձեր դեղերը որևիցե հիվանդի համար գործադրել դեպ վատը, այսինքն՝ դեպ նրա մահը։

Մըստր Սեյսունի սիրտը դղրդեց այդ օտարոտի հարցումը:

Ես բժիշկ եմ, և ո՛չ դահիճ, պատասխանեց նա շփոթվելով։

Բայց երբ հարկադրում էր ձեզ դեպ այդպիսի մի ձեռնարկություն մեծակշիռ նյութական օգուտը, օրինակ, ահա, այս ոսկիներով լի քսակը: Եվ Ռեսը դրեց բժշկի առաջ հուդայան արծաթները։

Մըստր Սեյսունի աչքերը վառվեցան անսովոր բարկությամբ.

Հեռացեք, դավաճան, կոչեց անգլիացին, ոտքով դեն գցելով քսակը, դուք կամենում եք կաշառել ինձ և մա՞հ գործել տալ։ Կորեք այստեղից, ես չեմ կամենում տեսնել ձեզպիսի նենգավոր։

Փա՜հ, փա՜հ, կատակը դիպավ յուր նպատակին... ասաց Ռեսը ծիծաղելով և միաժամանակ ծածկելով յուր խորին վրդովմունքը։ Պարոն դոկտոր, դուք խիստ շուտ բարկացաք, բայց վնաս չունի, ազգային բնավորություն է այդ անգլիական արյունը դյուրագրգիռ է...։ Բայց բարեհաճեցեք հավատալ, որպես անկեղծ խոսքի, որ իմ առաջարկությունը ոչինչ չէր, բայց միայն փորձ:

Ո՞րպիսի փորձ, հարցրուց բժիշկը, դեռ չհանգստացած յուր բարկությունից։

Մի քանի օր առաջ ես գտնվեցա մի տան մեջ, որտեղ կային մի քանի անձինք. այնտեղ խոսք բացվեց ձեր մասին. մինը սկսեց չարաչար բամբասել ձեզ, ա՛յլև ամբաստանել կեղտոտ արատներով, թե դուք Պոլսում, քանի քանի անգամ կաշառված լինելով, շատ հիվանդներ եք սպանել, և թե մեծ անխելքություն էր վստահանալ ձեր բժշկական օգնությանը։ Բայց իմ խղճմտանքս չէ ներում ստախոսություններ լսելու, իսկույն այն ստախոսին հակառակ դուրս եկա, և երկար հակաճառություններից հետո, պայմանադրվեցա փորձել ձեր հավատարմությունը. այժմ, պարոն, ես շատ ուրախ եմ, որ տարա մրցանակը, որովհետև սխալված չեմ եղել իմ կարծիքի մեջ։

Այդ ճարտար գյուտը, որ վայրկենապես ստեղծեց Վասակյանի հնարագետ խելքը, բոլորովին հանգստացրեց բժշկին, և նա, զղջալով յուր շուտափույթ բարկության համար, բռնեց Ռեսի ձեռքը, ասելով.

Ներողություն, Ռես, հազար անգամ ներողություն։

Վնաս չունի, որպես ասացի՝ ազգային բնավորություն է, բայց ես գիտեմ ձեր բարեսրտությունը։

Բայց ես խնդրում եմ, եթե կարելի է, հայտնեցեք այն մարդու անունը, ասաց մըստր Սեյսունը։

Այդ չեմ կարող անել. բայց դուք, երկմտությունից բոլորովին դուրս գալու համար՝ կստուգեք այդ խոսքերի ճշմարտությունը Սոլոմոն-բեկից, որովհետև այդ խոսակցությունը տեղի է ունեցել նրա տան մեջ։ Այժմ մնաք բարյավ։

Ռեսը հեռացավ, վշտացած յուր ձեռնարկի անհաջողության վրա։ Նա շատ ուրախ էր, որ չհիշեց Ռուստամի անունը։ Խորին մտահուզության մեջ, նա դիմեց դեպի Ավազակյանց տունը, որպեսզի Սոլոմոն-բեկին հայտնե այն օրվա անցքը, և պատվիրե նրան, որ նա ևս, պատահած ժամանակ, եթե բժիշկը հարցնելու լիներ, յուր խոսածին վկայություն տար։

Բայց նույն րոպեին նրա գլխում լույս ընկավ մի նոր միտք, և նրա սև տրեխի գույնով կնճռված երեսը պարզվեց։ «Ա՛յն, որ չընդունեց կատարել մարմնավոր բժիշկը, անշո՛ւշտ կկատարե հոգևոր բժիշկը...», ասաց նա յուր մտքի մեջ դիվական հրճվանքով։

ԻԱ

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՎԱԾ

Այն նահանգը, որտեղ կատարվում է մեր վիպագրության նյութ ծառայող անցքը, տեղավորված էր Ատրպատականի այն մահլի մեջ, որի արևմտյան սահմանակից սարերի մեջ բնակում էին քրդերի թափառական ցեղեր, որոնք, որպես պատերազմասեր բարբարոսներ, շատ անգամ ավազակաբար հարձակվում էին նրա բնակիչների վրա, կողոպտում, ավար տանում նրանց ոչխարները, տավարների նախիրները և շատ անգամ չարաչար սպանելով բնակիչները։ Այս պատճառով, այն սարերը, որտեղից նրանք դուրս էին գալիս, կոչվում էին դուշմանա սարեր, այսինքն թշնամյաց սարեր։

Օսմա-աղա քուրդը անխնա ասպատակում էր երկիրը։ Բոլոր Զարեհավանը լցվել էր շիկակների, ռավանդների, հարքիների և քրդերի այլ բարբարոս ցեղերի ավազակներով։ Բնակիչներից ոմանք Հովատար և Ճարա բերդերը փախչելով հազիվ ազատվեցան։ Իսկ մնացյալները՝ իրանց կյանքով զոհ գնացին թշնամու անգութ սրին...։

Տեր-Առաքելենց տանը, Ռուստամի սենյակում, արեգակը ճառագայթում էր թույլ և աղոտ լույսով։ Հիվանդի մոտ նստած էին՝ տեր Մարկոսը և Հուրի Խան-Դայան: Քահանան պատմում էր, թե որքան վնասներ են գործել քուրդերը, և թե շատ երկյուղ կար, որ նրանք հարձակվեին Ծաղկավանի վրա ևս։ Այդ դիպվածին տեր Մարկոսը խորհուրդ էր տալիս, որ ժողովուրդը հավաքվել եկեղեցում, և նրա տանիքից, հարկավորած ժամանակ, կռվեին, թշնամիների հետ։

Գերիների վիճակը միշտ այդպես է... կրկնեց հիվանդը դառն եղանակով:

Մի թույլ, փոքրուղի և երկչոտ ազգ միշտ ապրում է հալածանքի մեջ:

Քահանան կրկնում էր, թե այդ հալածնքները ուրիշ ոչինչ չեն, բայց միայն աստուծո բարկություն, որով կամենում է պատԺել հայերը, իրանց մոլորությունների համար։

Ո՛չ, տե՛ր հայր, մեջ մտավ Հուրի Խան-Դայան, դրանք բոլորը ուղիղ նշաններ են, որ ցույց են տալիս, թե աշխարհիս վերջը հասել է։ Դեռ ո՜ւր է... շա՛տ չարիք պիտի տեսնեն մեր մեղավոր աչքերը սով, սրածությունք, մահտարաժամք, սուտ մարգարեներ, սուտ քրիստոսներ, իսկ բոլորից հետո կհայտնվի Նեռը. նստած յուր ահագին խայտաճամուկ իշու վրա, որի ականջների միջի տարածությունը երեք մղոն է։ Նրա քամակը կնմանի մի ընդարձակ դաշտի, որի վրա հոսում էին ջրի առվակներ, ա՛յլ և այդ զարհուրելի անասունի մեջքի վրա կազմված են հաց թխելու թոնիրներ և ցորենի ամբարներ։ Բոլոր ազգերը, նեղված սովից, կդիմեն դեպի Նեռը. «ինձ հավատացեք, ինձ երկրպագություն տվեք», կա՛սե նա, «ես ձեզ կկերակրեմ հացով, և սառն ջուր կխմեցնեմ ձեզ»: Եվ երկրպագողները կտանե յուր մոտ, ավանակի վրա։ Նույն օրերին կհայտնվին աջուջ-բաջուջները. նրանք ունեին մեկ թզաչափ հասակ, բայց այնպիսի երկար և լայն ականջներ, որ գործ են ածում որպես սփռոց գետնի վրա նստելու ժամանակ, իսկ քնելու միջոցին՝ փաթաթվում են նրանցով, որպես վերմակներ...:

Սնահավատ Հուրի Խան-Դայայի այդ առասպելական զրույցները զարթեցրին քահանայի մտքի մեջ ավետարանական բանի հիշողությունը, և նա ջերմեռանդությամբ սկսեց կարդալ այս խոսքերը.

Յարիցէ ազգ յազգի վերայ, եւ թագաւորութիւն ի թագաւորութեան... և եղիցին սովք և սրածութիւնք, եւ սասանմունք ի տեղիս-տեղիս...։ Եւ բազում սուտ մարգարէք յարիցեն և զբաղումս մոյորեցուսցեն...։ Եւ վաղվաղակի յետ նեղութեան աւուրցն այնոցիկ, արեգակն խաւարեսցի եւ լուսինն ոչ տայցե զլոյս իւր...։

Հուրի Խան-Դայան երկյուղածությամբ խաչակնքեց յուր երեսը, և ջերմեռանդությամբ աղոթում էր աստծուն, որ ազատե իրան այդ օրերի նեղություններից, որովհետև նա ստուգիվ հավատաում էր՝ թե աշխարհի վերջը հասել է։

Էլ ի՞նչ մնաց պակաս, խոսեց նա. արդեն մարախից հետո սովը մեր աշխարհից չէ վերանում. սրածությունն Էլ վրա հասավ... իսկ սուտ մարգարեքը... ա՜խ այդ անիրավ մոլորեցուցիչները... մեր միջո՛ւմն են... մեր տներումն են բույն դրել, բա՛յց մենք չենք հասկանում։

Հուրի Խան-Դայայի վերջին խոսքերը պարոն Աշխարունու և նրա կողմնակիցների համար էին։

Be the first who will comment on this

Other parts of "Սալբի"

Yatuk Music
Hoghushogh
Elen Yolchyan

Hoghushogh