Raffi
Սալբի
10
ԺԶ
ԲՈԻՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ
Ո՞վ չէ սիրում բուն բարեկենդանը: Ո՞վ չէ ուրախանում այդ օրը։ Այդ օրն հետին անճար աղքատն անգամ, յուր ամբողջ չքավորությամբ՝ կարողանում է մի չնչին արծաթ գոյացնել, որով գնում մի քանի բուռն բրինձ, մի փոքր եղ, եփում է փլավ, և արևելքի այդ ազնիվ կերակուրով, ուրախ անցնում է բարեկենդանը։
Քանի՜ զվարճալի խաղերով են անցնում բարեկենդանը մյուս պահեցող ազգերը, բայց հայր՝ յուր բարեկենդանի խաղերի մեջ անգամ ոչ մի ուրախալի իրողություն չէ հանդիսացնում, որովհետև, աշխարհիս թատրոնի մեջ, նրա կյանքը անցել է ցավալի եղերերգությամբ, նրա օրը միշտ սև է եղել, նա չէ՛ ճաշակել ո՛չ մի ուրախություն...։ Հայը, Ասիայում, բարբարոս ազգերի գերության տակ միշտ ճնշված լինելով, յուր բարեկենդանի խաղերի մեջ ևս ձևացնում է այն տխուր և տրտում դեպքերի դառն հիշատակները, որ նրա համար հազարավոր ախ ու վախի, բյուրավոր արտասուքների պատճառ են եղել։
Զուռնայի բարակ և սուր ձայնը, դըհոլի, դափ ու դարիայի տմբտմբոցը՝ Ծաղկավանի մեջ խաղեր սկսելու նախերգանքն են։ Փողոցի մեջ ձիավոր և հետևակ մարդկանց խուռն բազմություն է արշավում։ Քրդի էշիրաթի փառավոր հագուստով բոլորից առաջ ընթացող ձիավորը՝ մի հզոր խան է ձևացնում։ Նրա Հալեպյան կերպասից զոլ-զոլ բինիշի խայտաճամուկ դրոշակները՝ փողփողում են քամու հորձանքի դեմ, նրա փակեղի գույնզգույն փաթեթը փայլում է հարյուրավոր գույներով։ Հպարտ, փքվելով, նստել է նա մի պատվական երիվարի վրա, որի պարանոցը զարդարված է արծաթի ռաշմայով (պալարակապով). նա զինված է այդ բարբարոս ցեղի հզոր իշխանների պես․ արաբական կեռ թուրը քարշ է ընկած նրա կողքին, ձեռքին ունի եղեգնափայտից թեքուն մզրախ (նիզակ), մի լայն հնդկական վահան՝ թափանցիկ ապակենման կաշուց՝ գցած է նրա մեջքի վրա, ղաջարի դաշույնը մի զույգ ատրճանակների հետ, թեք խրած են նրա քիրմանե շալի հաստ գոտու մեջ։ Եթե մենք վեր առնեինք այդ ծպտված իշխանի երեսից նրա սարսափելի դիմակը՝ կտեսնեինք մեզ ծանոթ նենգ պատկերը դրա տակ յուր շիլ աչքերով, սև գանգրված մորուքով և ահավոր մռայլոտ դեմքով ոչ այլ ոք էր, քան Ռես Վասակյանցը, այսպես էր Ռեսի տոհմանունը, որ յուր անհամեմատ ընդունակությունը կարող էր ցույց տալ ամեն տեսակ գործերի մեջ։ Իշխանին հետևող մյուս ձիավորները նրա թիկնապահներն և ծառաներն են ներկայացնում, սրահը բոլորը պարսից հին ձևի զրահ են հագել, գլխներին թասանման սաղավարտներ՝ սրածայր վերջավորությամբ, երկաթի օղակներից ցանցատեսակ հյուսած հագուստով զրահավորված, ձեռքերին նիզակ և թուր: Հետևակ բազմությունը բաղկանում է հետաքրքիր երեխաներից և դատարկապորտ մարդկանցից, որ միմյանց հրելով, աղաղակելով ման են գալիս փողոցից փողոց, և ամեն մի դռան առաջ կանգ առնելով գոչում են «սուլսա՜թ, սուլսա՜թ» այսինքն պաշա՛ր, պաշա՛ր։
Տանտերը դուրս է գալիա։ Մի լեզվանի արտլի (շաթր) պատգամախոսում է. «Ահմատ-խանը որին աստված երկար կյանք, փառք և պատիվ տա, որի թուրը աստված միշտ կտրուկ անե, և յուր թշնամիների վրա հաղթություն տա Ահմատ-խանը, մեր ամենակարող իշխանը, մեր գլխի տերը՝ յուր թշնամիների հետ նոր պատերազմ ունենալու համար, դուք, ամենախոնարհ հպատակներդ պետք է սուլսաթ տաք նրա քաջ, պատերազմող զորքերին, որ այժմ հացի կարոտ են։ Եթե մի անբախտ մարդ համարձակվի այդ բարձրագույն հրամանին դեմ կենալ նա յուր գլխի տերը չէ»։
Ամեն տանից դուրս են բերում գինի, արաղ, եղ, բրինձ, ձու, տալիս են այդ մարդկանց, որ դրանք հավաքում են իրանց պարկերի մեջ և հայցելով խանի հզոր ձեռքի հովանավորությունը՝ երկարակեցություն են մաղթում նրան։ Բայց խանը չէ կամենում հեռանալ, շաթիրը նրա կողմից ձայն է տալիս, թե խանը պահանջում է դիշքիրասի, այսինքն՝ նրանց հացը ուտելու համար ատամների վարձ, տալիս են մի քանի աբասի փող ևս։
Այսպես, գյուղի բոլոր տներից առատ պաշար հավաքելով գնում են գյուղից դուրս, մի առանձնացած տեղ և բոլոր ընկերներով, մինչև կես գիշեր սկսում են կերուխում անել և ուրախանալ։
Մենք ավելորդ ենք համարում նկարագրել բարկենդանի այն բազմաթիվ խեղկատակները, որ անճոռնի հագնված և ծիծաղաշարժ ձևերով, ավանակների վրա նստած՝ այդ օր շուռ են գալիս փողոցե փողոց։
Արևը գնալով մոտենում էր յուր մուտքին: Ժամատան կոչնակները ժողովուրդը եկեղեցի էին հրավիրում։ Բա՛յց, այդ օր ո՞վ է կոչնակի ձայն լսողը, կամ ժամ ու աղոթք միտ բերողը, բոլոր հարբած՝ քեֆի մեջ են։ Ժամ էին եկել ժամհարը, և տարիքներով բեռնավորված, ամեն բանից զրկված մի քանի ալևորներ պառավների հետ։ Ժամհարը երկար սպասելով, երբ տեսավ թե տերտերներն ևս չեկան, անճարացած ինքն է օրհնում ժամը. «Հայր մեր» ասաց, կանգնեց քահանայի տեղը, մի քանի ծունր դրեց, երեսն խաչակնքեց, պառավներն ու ծերունիները նրա օրինակին հետևեցին և ժամը վերջացավ։
Ժրագլուխ Մխոն որ նախածանոթ է մեր ընթերցողին եկեղեցու դռները շառաչմամբ փակեց, և ահագին ծանր բանալին գրպանը դնելով, դուրս եկավ ժամատան բակից և քայլելը ուղղեց դեպ գյուղամեջը, այսպես խոսելով ինքն իրան «ո՛րքան կամենում եք՝ կերեք, ո՛րքան կամենում եք՝ խմեցե՛ք, ա՛յ հիմարներ, բայց առավոտյան դարձյալ պիտի քաղցենաք, այնուհետև, հիսուն օր շարունակ ձեզ հետ եղբայր են ոսպն ու լոբին։ Հոգիներդ կդուրս գա, այնքան կուտեք, որ փորներդ կուռչի, դըհոլ կդառնա։ Պասը եկել, գյուղի դռանն է հասել, շատը գնացել քիչն է մնացել. այժմ ինչ ուզում եք արեք...։ Առավոտյան, երբ քահանան եկեղեցում կկարդա «Լվացարո՛ւք և սրբացարուք», դուք շտապում եք տուն գնալ և կարասիքն ու զատկի օրերը գործածած ամանները լվանում եք, որ պասվա համար եղոտ չլինի...: Արդյոք դուք մտածու՞մ եք լվանալ ձեր հոգու ամանը ձեր սիրտը, որ ա՛յնքան ապականվել է կեղտերով...։ Ո՛չ, ամենևին ո՛չ... որովհետև դուք չեք մտածում աղքատի և տնանկի մասին։ Ահա ես, օրինակի համար մի ամբողջ գյուղի ժամհարն եմ. մի այսպիսի ուրախալի օր իմ ընտանիքս դեռ սոված է, և իմ ձեռքը մի բաժակ գինի տվող չէ եղել, իմ աղիքները ներսից աղաղակում են ա՛յ մարդ, սովից կմեռնիս, գլխիդ ճարը արա՛։ Ա՜խ, տեր Մարկոս, ո՞ւր է քո տյառընդառաջի օրվա խոստումը, թե՛ բարեկենդանին մի լավ քեֆ կանենք», բայց այսօր քո Մխոյին չես ճանաչում...:
Այսպիսի տխուր մտածմունքներով լցված, ժամհարը, յուր բախտից և յուր վիճակից գանգատվելով, յուր կյանքը անիծելով, գլուխը քարշ գցած, գնում էր փողոցի միջով չհամարձակվելով բարի գյուղացու դուռը բացելու և յուր փորին մի փոքր կեր տալու։
Նույն միջոցին պարոն Արամ Աշխարունին և նրա ընկեր պարոն Խոսրով Մելիքզադեն, իրանց մելամաղձական բնակարաններից դուրս գալով գնում էին գյուղից դուրս զբոսանքի և հասարակաց ուրախության մասնակից լինելու համար։ Այստեղ տափարակ դաշտի վրա խաղում էին ամբողջ գյուղի տոնասեր մարդիկ, բայց ափսո՜ս, որ մի անբախտ սովորությամբ՝ նրանց մեջ ոչ մի կին չէր երևում, միայն այստեղ ու այնտեղ հեռուն, պատերի ետևը կուչ եկած գաղտուկ նայում էին մի քանի աղջիկներ, այն ևս, մի մարդ նրանց կողմը գնալիս փախչում, աներևութանում էին։
Երկու բարեկամները երկար պտտելով, զարմացած, չգտնելով տեր-Առաքելենց Ռուստամը, նա, որ միշտ այդպիսի հանդեսների դյուցազն էր, նա՛, որ ա՛յնքան շատ էր սիրում ազգային խաղերը: Նրանք շարունակեցին որոնել, բայց ո՛չ ձիարշավների, ո՛չ բռնցքամարտերի և ո՛չ էլ ըմբիշների մեջ չկարողանալով նրան գտնել, հուսահատված գյուղ դարձան։ Նրանց հանդիպեց ժամհարը, որ թոնթորալով գնում էր.
«Այս գիշեր միակ օգուտը, որ հասնելու էր ինձ, որպես ժամհար, մի պսակից, ա՛յն ևս անիրավները արգելեցին», ասաց նա յուր վերջին գանգատը։
Ի՞նչ պսակ, հարցրուց նրան պարոն Մելիքզադեն։
Հովասաբենց Սալբիին, տեր-Առաքելենց Ռուստամի հետ, պատասխանեց ժամհարը։
Ո՞վ արգելեց։
Նա՛, որի ձեռքումն է կապելու և արձակելու օրենքը, պատասխանեց ժամհարը խորհրդական եղանակով:
Նրանք թողին ժամհարի հետ ավելորդ հարցուփորձը, և շտապեցին տեր-Առաքելենց տունը։
Առանց երկար ծանոթ լինելու Ռուստամի հետ, մի հարցասեր մարդ մտնելով նրա անձնական սենյակը և նկատելով նրա միջի կահ-կարասիքը, որ լիովին հատկանիշ էր նրա բնավորության, կարող էր ստույգ գաղափար կազմել նրա անձնավորության մասին:
Ռուստամի առանձնարանը շինված է պարսկական ճաշակով և թույլ լուսավորված երեք պատուհաններով։ Ներս մտածին պես, տեսողություն հրապուրող առաջին առարկան հանդիպակաց պատի երեսից հպարտ քարշ ընկած եվրոպական երկփողանի հրացանն է: Մի այլ հրացան, Ղրիմի գործ, և մի քանի զույգ ատրճանակներ կարգով դրված են նրա մոտ։ Սենյակի պատի մյուս ճակատից արծաթ գոտուց կախված է ահագին Խորասանի թուրը լեզգու երկսայրի խանչալի հետ, և զանազան ձևերով վառոդի և գնդակների ամաններ։ Դրանցից ոչ այնքան հեռու, մի անկյունում հանդարտ թեք են ընկած երկայն եղեգնափայտյա նիզակը, նրա մոտ թափանցիկ կաշուց շինած լայնեզր վահանը, պատերազմական կացնի հետ: Մյուս անկյան մեջ, դռան մոտ տեղավորված են ձիու թամբը, սանձը և այլ պիտույքները իրանց պարագաներով։ Սենյակի պատերի վրա որ հատուկ է բոլոր ասիական տներին կան զուգահեռաբար բաժանված դարաններ, որ լի են տիրոջ ճաշակը ցույց տվող այնպիսի առարկաներով, որոնց զարդն են կազմում Ռուստամի ընթերցման ամենասիրելի գրքերի հատորները Հոմերոսի Եղիականը, Ոդիսականը, Մովսես Խորենացի, Եղիշե, Հռովմայեցվոց և Հունաց պատմագրեր, Ֆիրդուսու Շահ-Նամեն, Թարգ-Նադրը, Հաֆիսի և Սադիի երգերը։
Ասիական սենյակների ամենազարդարուն կողմը վառարանի կողմն է։ Կրակի սրբազան պատիվը, ոչ քրիստոնեական և ոչ էլ մահմեդական դարերին չէ կորցրել յուր նվիրական պաշտոնը։ Ա՛յդ է պատճառը, որ վառարանը դրվում է սենյակի բարձրագույն ճակատում, որ համարվում է սենյակի պատվավոր նստատեղին և արժանավոր հյուրերը միշտ հրավիրվում են վառարանի աջ և ահյակ կողմերում նստելու։ Ռուստամի վառարանի մի կողմում քարշ էր տված Հայկի հսկայաձև պատկերը, իսկ մյուս կողմում Արամի։ Նրանց մոտ կարգով շարված էին մնացյալ հայոց քաջերի՝ Պարույրի, Արշակի, Տիգրանի, Արտաշեսի, Վարդանի և այլոց պատկերները։
Ռուստամը բացի դրանից, այլ սենյակ չունի. նրա կյանքի բոլոր պիտույքները գտնվում են այդ սենյակի մեջ։ Այդտեղ է նա գիշերները քնում, կարդում, երգում, և նվագում, այդտեղ է նա ընդունում յուր հյուրերը, այդտեղ է նա անցնում յուր կյանքի ուրախ և տրտում օրերը․․․։
Տխրության ոգին սև թևքերով գրկել էր տեր-Առաքելենց տունը: Նրանք ոչ միայն հարսանիքի պատրաստություն էին տեսել, այլև հրավիրել էին հեռու գյուղերից իրանց բոլոր մերձավոր ազգականները, հուսալով շաբաթ գիշեր պսակը կատարել տալ, իսկ կյուրակե, բարեկենդանի տոնախմբության հետ՝ վայելել հարսանիքի ուրախությունն ևս, երբ հանկարծ լսեցին այն բոթաբեր լուրը, թե առաջնորդի գործակալը հրամայել է պսակը չկատարել, «որովհետև կարոտ է խորին քննության»:
Ռուստամը միայնակ նստած յուր սենյակում, անձնատուր եղած մտավոր հափշտակության, յուր սիրածի կրակով վառված, այդ միջոցին տխուր և հուսահատ ձայնով երգում էր յուր տաղը.
Երբ մանկության անցան օրեր,
Եվ պատանու ստացա հասակ,
Անմեղ սրտումս դու առաջին
Վառեցիր ջերմ սիրո կրակ:
Դու աոաջին միտքը մանկական,
Որ սիրում էր խաղեր անգետ,
Հափշտակած դեպ քեզ թովեցիր,
Եղար մտածմանցս միջակետ:
Թվի թե երազ առ աչոք...
Ամեն վայրկյան, ամեն րոպե.
Uիրուն պատկերդ աչքիս դեմ՝
Միշտ հարաժամ կհանդիպե։
Կարծես կախարդիչ զորություն
Կամ թե մի թիլիսմ դյութական
Գրավել են խելք ու միտքըս,
Միշտ քեզ սիրել, իմ աննման:
Միշտ քեզ սիրեք, միշտ քեզ պաշտել
Դու իմ աստված, դու իմ հույս,
Միշտ քեզ գովել, միշտ քեզ երգել,
Քանի կա կյանք, քանի կա լույս։
Գնում եմ արտ, հասկեր ոսկի,
Որ ցանեցի իմ ձեռքով,
Խշխշում են հով զեփյուռից,
Կարգում անունդ մեղմ ձայնով։
Երբ արշալույսի պահուն՝
Մտնում եմ կանաչ այգին,
Ո՜հ, բնությանն էլ ինձ հետ
Ներդաշնակե՛ նազելին։
Առվակի կարկաչուն ձայն,
Կանաչ խոտեր, ծառ և ծաղկունք
Լսեցնում են ինձ քո անուն՝
Հեզիկ հողմեր, երգող թռչունք։
Այն ի՜նչ օր էր, օ՜ր երջանիկ
Հազա՛ր անգամ տամ երանի.
Երբ ես տեսա արձակ դաշտում
Այն երկնային սիրուն հուրի։
Ո՛հ, այն օրը նվիրված էր
Ծաղիկների թագուհուն,
Որ նարկիզ, մեխակ, շուշան
Պեսպես վարդերով անհուն
Հյուսել էր մի պսակ նախշուն
Պճնել գարունը հրաշափառ,
Եվ զարդարել աստուծո տուն`
Կամ բնության շքեղ տաճար:
Երջանիկ էր այն օր՝ եդեմ
Գարնանամուտի նման.
Այն հիշատակ ես կտանեմ.
Ինձի հետ խոր գերեզման...։
Երրորդ անգամն էր, այո՛,
Ես քեզ տեսա, ո՛վ իմ հրեշտակ,
Դու մի խումբ աղջիկներով՝
Նստած էիր ա՛յն ծառի տակ։
Նորաբույս խոտերի վրա
Ուրախության կազմած խրախճան
Ձեր սրտերը զմայլանքով լի՝
Վայելում էր սեր անվախճան։
Ես էլ իմ ընկերաց հետ,
Խնջույքի մեջ հեռուն նստած՝
Հանկարծ ստացա գույնզգույն
Ծաղիկներով մի փունջ կապած։
Իսկույն հասկացա ես շուտով.
Այն քո ձեոքերով քաղած էր.
Այն նորաբույս ծաղիկները
Ինձ բուրեցին քո սուրբ սեր։
Չորրո՛րդ անգամն էր ես տեսա
(Տիրոջ Համբարձման օրն էր)
Շատ նայեցա, գաղտնի, հեռվից,
Ո՛հ, շատ տանջեց ինձ քո սեր։
Ժամտան այգիում աղջիկները՝
Ջանգյուլումը երգում էին,
Եվ վիճակի սափորի մեջ՝
Յուրյանց բախտը կորոնեին։
Այո՛. դու էլ այդ դյութական
Ամանի մեջ արկիր վիճակ,
Ու իմ սերը այն սուրբ օրից
Սրտիդ հետը կապվեց անքակ։
Այն սուրբ օրից աստուծո առջև՝
Մենք դրեցինք այդպիսի ուխտ.
«Մեռնիլ միասին, ապրիլ միասին,
Որքան կա կյանք, որքան կա շունչ»։
Մի օր ևս Կաթնաձորում՝
Աղջիկները կխաղային ջուջնա.
Հարսանիք էր խրձիկների.
Այնտեղ նույնպես ես քեզ տեսա։
Ես քեզ տեսա, նազ նազելով՝
Ձեռքդ առիր դայիրան,
Եվ ածեցիր և պար եկար,
Քանի՜ սիրուն... աննման...։
Դու հեռվից ինձ նայեցար,
(Սիրտս ո՜րքան այրվում էր...)
Լեզուդ մունջ էր, բայց աչերդ՝
Հայտնաբարբառ խոսում էր։
Քանի՜ վարդեր դու թափեցիր՝
Քո լուսափայլ թշերեդ.
Քանի՜ նետեր ինձ զարկեցիր՝
Այն սևորակ աչերեդ։
Մի օր յուրյանց այգումը
(Չէ՞ր նա հավերժահարս դաշտային.)
Գլխին դրած ծաղկյա պսակ,
Միրգ կքաղեր զամբյուղ ձեռին։
Առավոտյան բերկրաբար հովին,
Նա երգում էր որպես հրեշտակ,
Կամ թե վարդի կանաչ թփին՝
Ուրախաձայն սիրուն սոխակ։
Նա տեսավ ինձ, ճլվլալով
Թռչնիկի պես, ինձ մոտ վազեց.
Գրկեց քնքշիկ ձեռքերովը,
Իմ թուշը յուր թշին սեղմեց։
Հանկարծ որպես նոր Ֆլորա՝
Նա ինձ տվավ մի ծաղկեփունջ.
Կախարդված ծաղկանց անուշ հոտը՝
Հոգումս փշեց նոր կյանք, նոր շունչ։
Այն ի՜նչ խոսք էր, որ նա ասեց.
«Այդ անուշահոտ վարդերը՝
Առ օրինակ քեզ սիրական,
Ծաղկի պես միշտ թող թարմ լինի քո սերը»։
Բա՛յց անհոգ կաց, իմ նազելի».
Ասացի ես հիացած.
«Դու իմն ես հավիտենից.
Մեր ճակտին այսպես է գրված:
«Քանի արևն երկնքից՝
Ծագում է ինձ պայծառ լույս.
Քանի շունչս ունի ելումուտ,
Քո սուրբ սերը կից է հոգվույս:
«Քանի հողանյութ մարմինս՝
Ծծում է պարզ օդ եթերին,
Այդ օրերի րոպեք ոսկի՝
Միշտ կհնչվին մեջ իմ սրտին։
«Չեմ թող տալ, սիրուն ձեոքդ
Բռնե մի այլ տղամարդ,
Չեմ թող տալ ժանտ փուշի հետ՝
Ծակծկվի մի քնքուշ վարդ։
«Բա՛յց երբ որ կգա մահը
(Ես հնազանդ եմ իմ օրհասին).
Քո ձեռքովդ այդ կաղնիի տակ՝
Կամփոփես իմ ցուրտ մարմին։
«Գլխիդ հյուսերն քամուն տված՝
Դու հերարձակ մի սգավոր,
Գերեզմանս կլվանաս՝
Քու արտասուքներով հորդոր։
«Դու կատարե, իմ բարեկամ,
Քո առ իս սիրո վերջին պարտքը,
Գերեզմանիս վերա ծխե՛
Քո ձեռքովդ անուշ խունկը։
«Այդ մեծ կաղնին մեր զրույցների
Նվիրական սրբարան,
Յուր հովանվո տակ թող պահե
Իմ ոսկերաց գերեզման։
«Նորա ոստից դու իմ սազը
Կախե ինձ վերա ուղղակի.
Թոզ զեփյուռից ձայն տան լարեր,
Եվ հնչեցնեն՝ «Սալբի» «Սալբի»
Քստմնեցավ իմ նազելին,
Որպես ահեղ հարվածքից,
Ձեռքս բռնեց կարեկցաբար
Ինձի խոսեց նա այդպես.
«Այդ խոսքերը, իմ սիրելի,
Ինձ բերում են սարսափ, ահ,
Զի մահվան խոսքը խիստ տխուր
Եվ խիստ տրտում, որպես մահ։
«Մեր կյանքը, ինձ հավատա՛
Որպես պճնած մի գարուն,
Օրըստօրե ծաղկեցնե
Տուր վարդերը թարմ, սիրուն»։
Ա՜խ դու այդպես գուշակեցիր,
Բա՛յց այժմ ինչո՞ւ ժանտ փուշեր
Վրդովում են մեր կյանքը,
Ծակոտում են օր ու գիշեր։
Պարոն Աշխարունին, այդ նորահաս աստվածաբանը, չոր ու ցամաք զգացողության տեր մարդ լինելով, նրա հոգին ընդունակ չէր բանաստեղծության վսեմափառ գեղեցկությունները վայելելու, բայց և այնպես, Ռուստամի երգը մի մոգական զորությամբ ազդեց նրա վրա, և նա, պարոն Մելիքզադեի հետ երկար կանգնելով Ռուստամի դռան առջև, ականջ դնելուց հետո, ներս մտան։
Ի՜նչ ես թուլասիրտ Պարիսի նման ա՛յդպես մեղկությամр գեղգեղում, հեգնությամբ ասաց պարոն Մելիքզադեն։
Ա՛յժմ ինձ վրա ծիծաղելը անտեղի է, Խոսրով, ասաց Ռուստամը, վշտահար ձայնով, եթե դուք գիտնայիք, ինչ դրության մեջ եմ ես, շուտով կհոժարվեիք մխիթարել ինձ։
Փոքրիկ լճակները ալեկոծվում են նաև բարակ հողմերից, փոքրիկ սրտերը ևս չնչին ցավերից են վրդովում, ասաց պարոն Մելիքզադեն։ Բայց դրանք ձեր մեծահոգությունից հեռու են. դուք միշտ, որպես ամեն մի տղամարդ, պարծենում եք ամուր և հաստատուն բնավորությամբ։
Եթե պարոն Աշխարունին բացակա լիներ այնտեղից, Ռուստամը մի կողմ դնելով ամոթխածությունը, պատասխանելու էր, թե «սերը հաղթում է բոլոր կրքերին, բոլոր հոգեկան զորություններին»:
Պարոն Աշխարունին ընկղմված խորին մտածությանց մեջ՝ չէր խոսում։ Նա, փորձված մարդկանց հեռատեսությամբ, մի վտանգավոր գաղտնիք էր նկատում Ռուստամի պսակը արգելելու մեջ. և, քննության անունով, պսակը մի քանի օր հետ ձգելու պատճառը մի միջոց էր համարում, երբ, ո՞վ գիտե, ինչ սատանայական որոգայթներ պիտի լարվեին։
Մահտեսի Ավետիսը, լսելով պարոն Աշխարունու և պարոն Մելիքզադեի գալուստը, որդու սենյակը մտավ յուր լցված սրտի դառնությունը նրանց առջև թափելու համար։ Նա, սովորական ողջույնը տալուց հետո, երկար, տխուր դեմքով լուռ նստած ծխում էր յուր երկայն ծխափողը։ Հյուրերը նույնպես լուռ էին, տեսնելով մահտեսի Ավետիսի տխրամած դեմքը, մինչև նա խոսեց.
Ես ո՛րքան էլ սառնասիրտ էի դեպ հայոց եկեղեցականները, ես կարող եմ ասել՝ չարաչար ատում էի նրանց իրանց արտուղի ընթացքի համար, բայց տակավին մի հնամոլ ազգասիրական զգացմունքով նրանց չէի կամենում միանգամայն ոտքի տակ առնել, որովհետև դեռ կասկած ունեի նրանց մասին իմ կազմած կարծիքների վրա։ Բայց այս պսակի գործը ինձ միանգամայն դուրս բերեց ամեն երկմտությունից, և հայտնի կացույց իմ առջև նրանց բոլոր խաբեբայությունները։
Պարոն Աշխարունին ոչինչ չխոսեց, նա խորհրդական կերպով շարժեց յուր գլուխը։
Նույն միջոցին, մի մարդ միայնակ շարժվում էր նախասենյակի մթության մեջ, նա ավելի մոտ գնաց դռանը, և սկսեց ականջ դնել:
Այդ պսակի համար այդքան հոգս քաշել բոլորովին ավելորդ էր, Մահտեսի, ասաց պարոն Մելիքզադեն վճռական եղանակով, ես վաղուց ասել եմ, և այժմ էլ կրկնում եմ, որ եկեղեցականները ազգի կռնակի վրա մի ավելորդ բեռն են, և մենք երբեք պարտավոր չենք սնուցանել և գիրացնել անպիտան տերտերներ, վարդապետներ և այլն, և այլն, որովհետև քրիստոնեությունը չունի մի որոշյալ դաս ժողովրդակարգի՝ ծնված հայր Բրահմայի գլխից։
Ի՞նչ եք ուզում ասել, հարցրուց պարոն Աշխարունին հանդարտությամբ։
Նախասենյակի մարդը ականջը ավելի մոտեցրեց դռան ճեղքին:
Ես կամենում եմ ասել, մի հիմար տեր Մարկոս, մի անպիտան տեր Կիրակոս յուր նյութական օգտի համար, կամ որևիցե աչք չարամտությամբ եթե չէ կամեցել կատարել մեր բարեկամ Ռուստամի պսակը, այդ մեզ փույթ չէ՛, և չարժի դրա համար անհանգիստ լինել, որովհետև ամուսնությունը, ըստ իմ կարծիքի, կրոնին ոչ մի վերաբերություն չունի, լինելով մի անկախ քաղաքական դաշնադրություն մի արուի և մի էգի մեջ, որով նրանք կապվում են, կամ լավ ևս է ասել ընկերանում են՝ իրանց սեռական խորհուրդը կատարելու և իրանց կյանքը համաշխարհային մարդկության պիտույքներին համակերպելու համար...
Հետո՞:
Եթե ինձ կլսեք, առաջ տարավ նա, այստեղ կա երկու օտար մարդ դուք և ես. մի երրորդն ևս կհրավիրենք, այնուհետև բերել կտանք օրիորդ Սալբին, երեք մարդ բավական է վկայելու, որ օրիորդ Սալբին դարձավ պարոն Ռուստամի կինը, իսկ սա՝ նրա ամուսին այրը, և դա կդառնա մի արդարացի պսակ և ամուսնություն։
Նախասենյակի մարդը սկսեց ավելի անհանգստությամբ շարժվել. վերջին խոսքերը կարծես անտանելի էին նրան. նա կծկվեց դռան ետև, որ ավելի պարզ լսե, բայց հանկարծ երբ տեսավ, որ ծառան մի ճրագ էլ ձեռքին իրան էր մոտենում՝ արագությամբ վեր ցատկեց, և սենյակի դուռը բացելով՝ ներս մտավ։
Ահա՛ ես, երրորդ մարդը. ասաց նա ծիծաղելով. բարի իրիկուն... աստված ձեր բարի խորհուրդը հաջողե... բայց ներողություն՝ պարոններ, բյուր անգամ ներողություն, պարոն Մելիքզադե, ես հանկարծակի ընդմիջեցի ձեր խոսքը, ես բոլորովին բաժանորդ եմ ձեր կարծիքին. եղբայրներ, այդ ինչ աստծո պատիժ են եղել մեր գլխին եկեղեցականք ասվածները... ինչ որ ուզում՝ անում են. և իրանց կամեցածի պես՝ մեզ կապկի նման պար են ածում...: Եթե մենք, աշխարհականներս, մեր իրավունքը ցույց չտանք, թե կարող ենք ապրեք և կառավարվել առանց տերտերների ևս ճշմարիտ եմ ասում, այդ փչացածները երբեք չեն ճանաչի իրանց պարտքն ու չափը։
Պարոն Աշխարունին իսկույն հասկացավ, որ եկողը առաջուց իրանց խոսակցության ականջ էր դրել։ Եվ իրավ, եկողը այդպիսի ընդունակություններով օժտված՝ Ռես Վասակյանն էր, որ մի կերպ սողացել էր տեր-Առաքելենց տունը, պսակի արգելքից հետո նրանց վերջին դիտավորությունը լրտեսելու համար։ Հանկարծ, լսելով պարոն Մելիքզադեի վճիռը, նա կապկորեն հետևեց նրա կարծիքին, տեսնելու՝ թե ո՞ւր կհասներ դրա վերջը։ Նա մտադիր էր, այդ առաջարկությունը ընդունելություն գտածին պես, մի կերպով աշխատեք հերքել նրան: Բայց պարոն Աշխարունին նրան դուրս բերեց այդ դժվարությունից յուր սովորական հանդարտ ձայնով առարկելով.
Սկսյալ սաղիմյան Մելիքսեդեկից և ղևտական կարգից քահանայությունը Քրիստոսի միջոցով անցել է և մեզ քրիստոնյաներիս։ Մենք չենք կարող հերքել քահանայությունը, բայց կարող ենք մաքրել և սրբել նրան յուր այժմյան ավելորդ կեղտերից և համաձայն կացուցանել նրան Ավետարանի վարդապետությանը: Իսկ ամուսնությունը, որպես քաղաքական մի օրենք աշխարհական մարդկանց ձեռքը տալուն ես համամիտ չեմ. ամուսնությունը, որպես մարդկային կյանքի մի ծանրակշիռ և խորախորհուրդ իրողություն, և որպես մի սուրբ բան՝ պիտի մնա աստուծո և նրա կրոնքի ներգործության տակ։
Վասակյանը իսկույն զգաց յուր սխալը, և տեսնելով, որ պարոն Աշխարունին յուր դատողության ծանրությամբ ծռեց կշեռքի մի թաթը, ինքը անհարմար էր դատում թեթև կողմը մնալ, նա մտածեց ցատկել այն կողմը, որ այդ ժողովի մեջ ավելի համարում ուներ։ Այդ դժվարությունից նրան հանեց մահտեսի Ավետիսը յուր հարցումով.
Ռե՛ս, դուք ի՞նչ եք կարծում:
Կեղծավորը օգտվեց հարմար պատեհությունից և իսկույն պատասխանեց.
Ճիշտն ասած, ես իմ հոգու բնական տրամադրությամբ մի մազաչափ ևս չեմ կարող ծռվել ճշմարտությունից պարոն Աշխահունու ասածը ուղիղ է։
Ասենք թե ուղիղ է, նրա խոսքը կտրեց պարոն Մելիքզադեն, բայց ի՞նչ է մեր ճարը, հավիտյան մենք գերի՞ պիտի մնանք եկեղեցականների շահավաճառության։
Ես ձեր ասածին համաձայն եմ. առաջնորդի գործակալի միտքը, պարոն Ռուստամի պսակը հետտձգելու մեջ՝ ուրիշ ոչին չէ եղել՝ բայց սոսկ շահավաճառություն, պատասխանեց Ռես Վասակյանը կամենալով վարագուրել այդ կործանման խորհրդի իր մասնակցությունը։ Բայց, լսեցե՛ք, պարոններ. ես, որպես մի մարդ, որ սրտով ավելի մոտ է ձեզ, ես, որպես մի Ռես որ ավելի գործ ունիմ մեր հասարակության հետ, թերևս ավելի ստույգ քան թե դուք՝ ճանաչում եմ մերայինների հոգին և նրանց, այսպես ասած հիմար նախանձախնդրությունը։ Ձեր այժմյան դրության մեջ ձեզ անվայել է այնպես կտրուկ վարվել, որպես պարոն Մելիքզադեն էր խորհուրդ տալիս, որովհետև, մի այդպիսի տարապայման ձեռնարկություն այնքան խորթ է մեր ժողովրդի աչքին, որ նա իսկույն կկատաղեցնե մոլեռանդ և սնահավատ ամբոխը, ավելի ատելության տեղիք կտա։ Ուր մնաց, առանց այդ ևս, ձեր տարածած անաղոտ լույսը, տեսնո՞ւմ եք, ո՛րպես շլացնում և ծակոտում է ռամիկ խավարասերների աչքերը։
Այդպե՛ս է, Ռես, բոլորովին այդպես է, կրկնեց մահտեսի Ավետիսը։
Առաջնորդի գործակալը պատճառ է գտել պսակը արգելելու, առաջ տարավ Ռեսը, ասելով, թե քննող քահանաները սխալված են եղել, օրիորդ Սալբիի և պարոն Ռուստամի մեջ եղած խիստ մերձավոր արյունակցությունը չնկատելով, որը, ըստ Հայաստանաց հայրապետադիր կանոնադրության արգելում է պսակը։ Բայց այդ անտեղի գյուտը, ուրիշ ոչինչ չէ, բայց քարված որոգայթ, նյութական օգուտ` կամ այլ խոսքով շահավաճառություն էր տալու․․․։
Ավետարանի մեջ չկա մի այնպիսի կանոն, թե արյունակցությունը ամուսնության արգելք է, բացի մի քանի կանոններից, որ քեզ հայտնի են հին կտակարանից, ասաց պարոն Աշխարունին հեղինակավոր ձայնով։ Եվ դուք, Ռես, ասացիք «մեր Հայաստանյաց հայրապետադիր կանոնադրության» համեմատ, ուրեմն մենք պետք է ընդունե՞նք բացի Քրիստոսից, մեր կրոնքի երկրորդ, երրորդ և այլն, և այլն հեղինակներ, որպիսիք են հայրապետները։
Օրհնած, այդ ո՞ւր եք խոսում, նրանց խոսքը ընդհատեց մահտեսի Ավետիսը. դիցուք թե «հայրապետադիր կանոնները» ևս լինին սուրբ Ավետարանի մեջ. այդ «հայրապետադիր կանոնները» պիտի արգիլեն մերձ և սրբապղծական ամուսնությունները․ բա՛յց, ողորմություն արեք, իմ որդու արյունը Հովասաբենց արյունից բաժանված է՝ սկսյալ Նոյի օրերից։ Ամենևին ձեր բացատրության հետ համաձայն չեմ, պարոն Վասակյան, ես, այս անհիմն արարքի մեջ մի թաքնված գաղտնիք եմ նկատում...։
Ես ոչ մի գաղտնիք չեմ տեսնում, պատասխանեց Վասակյանը. շատ է պատահում, որ վարդապետները, այդպիսի և դրա նման արգելքներ են հարուցանում՝ փեսայի հորից կաշառքներ ստանալու համար։ Այս էլ դրանցից մինն է։ Բայց, ասում եմ ձեզ, խոսքը փոխեց նա. քանի որ մենք մի հաստատուն հիմունք չունինք, քանի մեր գործի հառաջադիմությունը այս երկրում անկայուն դրություն ունի, մենք պարտավոր ենք ստրկաբար վարվել այդ տեր մարկոսների և տեր կիրակոսների հետ, մինչև որ մենք ունենանք մեր սեփական եկեղեցին և մեր առանձին քահանաները. ահա իմ վերջին խոսքերը, մնաք բարյավ, բարի գիշեր։
Ռեսը հեռացավ։
Յուր գնալուց հետո յուր մասին ոչ մի կասկած չթողնելու համար Ռես Վասակյանը, գործածելով մենք և մեր բառերը, կամենում էր ցույց տալ յուր միությունը, յուր գործակցությունը Աշխարունիի խորհրդի հետ։ Բայց նրան չհաջողեց որևէ համակիր համարում վաստակել՝ յուր հավատարմության մասին։
Ռեսի գնալուց հետո մահտեսի Ավետիսն ևս, տրտում և տխուր առավ ծխափողը և դուրս գնաց։
Ռուստամը, որ հոր այնտեղ եղած միջոցին լուռ էր, նրա գնալուց հետո ասաց. Ինչ եղավ եղավ, անցածի վրա ափսոսալը՝ երկրորդ կորուստ է. եկեք բարեկենդանի ուրախությամբ հալածենք այդ սև երեսների պատճառած անախորժությունները:
Պարոն Աշխարունին, յուր բոլոր սառնասրտությամբ, դարձյալ չկամեցավ ընդդիմանալ յուր աշակերտի կամքին։ Մինչ աշխուԺավոր և զգայուն Մելիքզադեն՝ մյուս կողմից ասաց.
Ուրախությունը գինու մեջն է, եկեք ուրախանանք. ճշմարիտ որ բարեկենդան է։
Չթե սփռոցի վրա, սենյակի կենտրոնում դրվեց ընթրիքի սեղանը․ ասիական սովորության համաձայն բոլոր կերակուրները մի անգամից սեղան մտան։ Ապակե մեծ սրվակների մեջ զանազան գինիներ դրվեցան պարոն Մելիքզադեի մոտ:
Պարոն Աշխարունին, գլուխը քարշ գցած, աչքերը խուփ՝ մի սրտառուչ և ազդու աղոթքով օրհնեց սեղանը, յուր աշակերտի և աշակերտուհու պսակի խորհուրդը հոգվույն սրբո ընտրողությանը թողնելով։
Հացկերույթը մի ամբողջ ժամ տևեց: Նրանք բավական գինու բաժակներ դատարկեցին. ավելի խմում էին պարոն Մելիքզադեն և Ռուստամը։ Վերջինն յուր վշտացած սրտի տխրությունը՝ գինու թմրության մեջ էր կամենում կորուսանել։ Երբ նրանց գլուխը բավական տաքացել էր, պարոն Մելիքզադեն մի-մի բաժակ գինի նրանց տալով, ասաց.
Խմենք մեր խեղճ ազգի կենացը։
Խմենք, կրկնեց պարոն Աշխարունին, և ավելացրեց. տեր աստված, պահպանիր հայոց ազգը քո ամենախնամ աջովդ, ուր ուրեք որ կան նրանք աշխարհի երեսին ուղարկիր նրանց քո սուրբ հոգվույդ շնորհը, թող ծագե նրանց հոգու մեջ Ավետարանի լույսը: Տեր աստված, հալածիր տգիտության խավարը այդ թշվառ ազգից, փայլեցրու նրանց մեջ մտավոր և բարոյական լուսավորության արեգակը։ Տեր, դու օրհնե մեր ազգը, մեր սուրբ հայրենիքը, և մեր ազգայնությունը անջնջելի պահպանիր՝ քանի արևը լույս է տալիս երկնակամարի վրա։
Պարոն Աշխարունու խմելուց հետո՝ Ռուստամը բաժակը ձեռքն առավ և օրհնեց.
«Տեր աստված, դու վե՛ր կանգնեցրու մեզանից մի ծիրանազգեստ հզոր իշխան, տուր նրան ուժ և հաղթող գավազան. թող նա ազատե մեր ազգը գերության շղթաներից, թող նա վերականգնե Հայաստանը յուր ավերված փոշիներից և Ժողովի մեզ, որպես թխսամայր, յուր հանգիստ և ապահով թևքերի տակ: Տե՛ր, դու ազատիր մեր հայ ազգը յուր պանդխտության գերությունից, տո՛ւր մեզ մովսեսներ և Նավյան որդի հեսուներ, որ առաջնորդեն դեպ նոր Քանանը՝ դեպի Հայաստան»։
Անուշ, անուշ կոչեց պարոն Մելիքզադեն և յուր գավաթը վեր բարձրացնելով ասաց. տեր աստված, պահպանիր հայը յուր ազգային հիման վրա. տո՛ւր նրան հանճար, լուսավորություն և կրթություն, որպեսզի հայը, առանց ուրիշի կարոտության ինքնուրույն լինե և նորոգե յուր դրությունը, յուր կյանքը, և հետևելով լուսավոր ազգերի օրինակին՝ աշխարհի տան մեջ յուր համար ձեռք բերե մի անկյուն, մի կտոր հող՝ յուր որդոց արմատը նրա վրա ձգելու համար:
Բռավո՛, բռավո՛, կրկնեց Ռուստամը. անո՛ւշ, անո՛ւշ, ա՛ռ քեզ մազա։ Եվ տվեց նրան մի պատառ խորոված միս:
Իսկ դու, Խաչո, մի գավաթ պիտի չխմե՞ս քո ազգի կենացը։
Ինչու չեմ խմի, աղա, ասաց նա, որ կանգնել էր ոտքի վրա. միթե ես հայկա արյունից չե՞մ։ Խաչոն վերցրեց գավաթը և աչքերը վերև բարձրացնելով, ասաց. տեր աստված, մեր սուրբ հայերի բարեխոսությամբ պահպանիր հայոց ազգը, առաջնորդե նրան քո սուրբ հոգու շնորհիվ, որ անմոլոր ընթանան իրանց հայրենական կրոնքի, Գրիգորյան սուրբ եկեղեցու ընթացքով: Տո՛ւր երկար կյանք և անփշրելի գավազան ազգի հովվապետին, վեհափառ կաթողիկոսին, նրա աթոռը միշտ հաստատ պահպանիր սուրը Էջմիածնում, որով մեր սուրբ ազգը, և մեր սուրբ լեզուն մնա անխափան...:
Անո՛ւշ, անո՛ւշ, Խաչո, կոչեց Ռուստամը նրա խմելուց հետո. ա՛ռ քեզ մազա, քո խոսքերը լի հնամոլությամբ են շնչում... իրավ այդպես են ռամիկների աղոթքները իրանց ազգի համար...։
Ռուստամը խիստ անուշ ձայնով երգեց «Տեր կեցո դու զհայս» երգը, որ յուր կախարդիչ զորությամբ ճմլեց պատանի Մելիքզադեի սիրտը, և նրա աչքերից գլորվեցան արտասուքի մի քանի սրբազան կաթիլներ։
Այնուհետև պարոն Աշխարունին և պարոն Մելիքզադեն «բարի գիշեր» ասելով, ամեն մին գնաց յուր տունը։
Նրանց գնալուց հետո Ռուստամը երկար նստեց, քունը և հանգստությունը փախել էին նրանից։ Նա սեղմեց յուր կրծքին սազը և սկսեց նվագել։ Ասիական, այդ նվագարանի ճրջնկոցը դարձյալ վառեց նրա երևակայությունը, նա տեսնում էր յուր առջև նազելի սիրուհին յուր հրեշտակային գեղեցկությամբ, նա երգեց․
Արդյոք կլինի՛ մինչ գալոց տարի՝
Աստված տա շնչել՝ ինձ կյանք բարի.
Իմ ձեռքս էլ վառե այն սուրբ կրակը,
Իմ սիրտս կատարե յուր ջերմ փափագը։
Ինձանից հեռու կփախչիս, անգո՛ւթ բախտ,
Դու կսիրես գգվել հարուստների թախտ.
Մի օր էլ միտ բեր քո խեղճ Ռուստամ,
Որ քեզ պաշտող լինիմ, որ հոգիս քեզ տամ։
Ֆալաք, օրենքներդ մի փարա կարժե՜ն.
Ոսկի օրերդ մեկին տվիր բաժին,
Մյուսին սև սուգ և դառն մրմունջ
Ախ ու վախ քաշել՝ մինչ յուր վերջին շունչ։
Թ՚արդար դատաստան աստված կանե՝
Սեր սիրուց բաժնել խիստ շատ մեղք բան է.
Ինչո՞ւ տեսնում չէ հրամայողն ամպերին,
Որքան տանջվում են Ռուստամն ու Սալբին:
Աշխարհիս միջում, կապույտ երկնի տակ
Հատ հատ տեսե՞լ եք սոնա կամ օրդակ
Կամ թե անտառում տատրակը բաժան
Ման գալու լինի՝ առանց վարուժան։
Ո՛րքան առավել ունի սիրտ հոգի՝
Սալբիի սիրով՝ գերված պատանի.
Պիտ թո՞ղ տալ գերվույն մաշվիլ չարաչար
Տե՛ր, չե՞ս խղճալու, չե՞ս անելու ճար։
Մի խանչալ տվեք, որ սիրտս բանամ,
Ինչ կա նրանում, բոլորն ձեզ ցույց տամ
Թունավոր նետեր, գնդակներ, կապար...
Դուք կասեք դրան՝ վշտերու ամբար։
Ես սիրում եմ քեզ, Սալբի, իմ ազիզ,
Որքան մի հայ մարդ կսիրե յուր Մասիս.
Ես գիտեմ քո գին բարի հրեշտակ,
Դա աննման ես բոլոր երկնի տակ։
Սալբի, իմ Սալբի, հրաշալի՛ Սալբի,
Ե՞րբ աստված կհասցնե «Նասիբը Նասիբի».
Մինչ այդ չկատարվի, քա՜վ թե հրեշտակ
Կարի պահանջել ինձանից հոգի:
ԺԸ
ԵՐԱԶ
Ռուստամը ամբողջ գիշեր չկարողացավ հանգիստ քնել. նրա երևակայությանը սաստիկ ջերմախտական խառնակություն էր տիրել, որով նա տանջվում էր սարսափելի երազներով երբեմն նրան երևում էր, թե անթիվ, անհամար շներ, գայլեր, կապիկներ իրանց հետքի ոտերի վրա կանգնած, ականջները խլուզած, փիլոնի նման մի սև վերարկու իրանց ուսերի վրա ձգած, անճոռնի և ծիծաղելի կերպով պա՛ր են գալիս և տեսակ-տեսակ ծամածռություններ ձևացնելով իրանց երեսի վրա՝ իրան ջիգրեցնում էին։ Շատ անգամ նրան զարհուրեցնում էր մի այլ տեսիլք, իբր թե քուրդերը թափված իրանց գյուղի տների վրա՝ թալան էին անում, տղաներ, փոքրիկ երեխաներ, կին և այլ մարդիկ, յուր աչքի առջև մորթում էին և նրանց գլուխները ուղտի բեռներում լցրած տանում էին։ Ինքը կամենում էր գնալ, Սալբին որոնել, բայց շղթաներով կապված լինելով՝ չէր կարողանում շարժվիլ։
Բայց մի երազ, որ ավելի տպավորվեցավ նրա երևակայության վրա, մի երազ, որ նա կարող էր հիշել, եթե հազար տարի ևս կյանք ունենար` այսպես էր. երազում ձևանում էին նրան Աղվանա սարերը և ինքը ձիավորված՝ միայնակ ման էր գալիս այդ սարերի վրա։ Նրանք այնպես տրտում և այրված չէին, որպես լինում են ամեն տարի աշնան որսորդության ժամանակ, այլ հիանալի, այո՛, շատ հիանալի էին։ Այն ամուլ, չոր ու ցամաք ապառաժները և քարաժայռերը՝ ծածկվել էին կանաչ խոտերի թավշյա օթոցներով. և նրանց միջից վառվում էին ծաղիկների բյուրավոր գույներ։ Անտառը, որ ձգվում էր խիստ հեռու սարերի վրա, յուր լիմոնի, նարնջի, մագնոլիայի, դափնիի և այլ մշտականաչ ծառերով լցրել էր օդը անուշ և թարմ քաղցրահոտությամբ: Փոքրիկ առվակները, գաղտուկ սողալով թավախիտ թփերի միջից, իրանց կարկաչյուն ձայնը խառնում էին երգող թռչունների ճլվլոցի հետ:
Դեռ մութ էր, դեռ գիշերը բոլորովին չէր վեր քաշել յուր խորհրդական ծածկոցը երկրի վրայից, բայց արշալույսը արդեն սկսել էլ շառագունել, և այդ սարերի հրաշալի պատկերները այնքան շռայլ և փառահեղ զարդարված բնության գրչով սկսում էին հետզհետե տեսանելի լինել։
Հանկարծ ոսկի արևը դուրս բզբզաց թուխ ամպերի միջից: Նա հրդեհեց հանդիպակաց լճակի երեսը, և սարերի ձյունապատ գագաթները ներկվեցան ալ-վարդի գունով, և նրանց կանաչ կուրծքերը ոսկեզօծեց զառիկի փայլով։ Աննկարագրելի է, թե քանի զմայլեցուցիչ նվագներով թռչունների անհամար տեսակները սկսեցին բարովել տվնջյան լուսատուի գալուստը։
Բայց արևը գնալով բարձրանում էր դեպ հորիզոնի ավելի բարձր կամարակապը։ Ռուստամը թափառում էր սարերի մեջ, բայց տակավին չէր գտել և ոչ մի որս։ Տոթը ավելի և ավելի բորբոքում էր, բոլոր առարկաները, որոնց բնությունը տվել էր տեղափոխվելու և շարժվելու կարողություն՝ սկսան փախչիլ կիզող արևի երեսից և թաքնվել անտառի հովասուն խորքում, ուր նրա լույսը չէր թափանցում։
Կեսօր էր։ Կրակոտ երիտասարդը անդադար քշում էր յուր ձին, և չնայելով տոթի սաստկության՝ չէր կամենում դառնալ առանց որսի։
Հովիվները հավաքել էին իրանց հոտերը մի աղբյուրի մոտ, այն զովացուցիչ հովանիի տակ, որ լայն տարածել էր Ղարնիյարուղը։ Այդ հովանին գնալով ընդարձակվում էր, քանի որ արևը դիմում էր դեպ յուր մուտքը։ Նրանց ոչխարները թուլացած տոթից, գլուխները միմյանց կողքին խթած, ծուլորեն մակաղել էին։ Բայց հովիվները մի կողքի վրա ընկողմանած, գլուխները ցուպի և մախաղի վրա դրած անհոգ և հանգիստ քնել էին, իրանց հոտերի պահպանությունը թողնելով ահագին գամփռ շներին, որոնք լեզուները երկար դուրս պարզած, արագ-արագ շունչ էին քաշում, և թոքին տալիս:
Հեռուն, հեղեղատի ափերի վրա, կանաչ արոտամարգերի մեջ, երևում էին խաշնարած ցեղի վրաններ։ Նրանց մատակ ձիերը արածում էին երկայն եղեգնաբույսերի մեջ, որ այնքան խիտ աճել էին հեղեղատի եզերքին: Թափառական ցեղի մանուկ օրիորդները նստած եղեգնաբույսերի հովանիների տակ՝ մի կրակոտ, ախտաբորբոք և բարբարոսական մեղեդի երգելով, արմավենու փափուկ ճյուղերից հյուսում էին զամբյուղներ։ Ռուստամը արևի տաքությանը այլևս չդիմանալով, մտածեց գնալ հեղեղատի ափը, այն չքնաղագեղ ներեիդների (ջրային հավերժահարսեր) մոտ, մի քանի րոպե զով օդ վայելել և յուր արդեն հոգնած ձիուն հանգիստ տալ այն կանաչ խոտերի մեջ։
Նա անցավ այն վրանների մոտից, բայց դրսում ո՛չ մի մարդկային էակ չէր շարժվում։ Վրանների մեջ, գրկախառնված, քնած էին նրանց տեր պարոնայքը և տիկնայքը։ Գեղեցիկ մանուկ աղջիկներ սիրամարգի փետուրներով հովահարելով հալածում էին չար ճանճերը և հովացնում քնողների տոթից շառագունած երեսները, որպեսզի նրանց քունը անդորր և դյուրին լիներ։ Վրանների սյուներից քարշ էին ընկած քնող քաջերի զենքերը, վրանների մուտքի առջև գետնի մեջ ցցված տեսանելի էին նրանց երկայն նիզակները, որոնց գլխին փողփողում էին սև, փետրազարդ փնջեր։ Վրանների դռան առաջ կանգնած էին նրանց թամքած ձիերը, ուտելով մետաքսանման փափուկ խոտը, որ դրված էր նրանց առաջ, և, ասես թե, անհամբերությամբ սպասում էին, թե երբ նրանց հզոր տերերը կնստեն և կերթան բերելու իրանց թշնամիների ավարը։
Երջանիկ մարդիկ, ասաց Ռուստամը ցավելով, այո՛, քաջերի վրանները այդպես պիտի լինին... բայց մի թշվառ հայի վրանը այնչափ աղքատին և գծուծ է, որպես ինքը, հայը...։
Մի նեղ շավիղ, որ հազիվ նշմարելի էր, տեղ-տեղ կորուսանելով յուր հետքը թավ խոտաբույսերի մեջ, տանում էր դեպ հեղեղատի ափը։ Ռուստամը խորասուզված ծանր մտածությունների մեջ, քշում էր յուր ձին։ Հանկարծ ստվերախիտ եղեգնաբույսերի միջից երևան եկավ մի սիրուն եղջերու՝ նա, յուր գլուխը վեր թեքած քամակի վրա, սկսեց փախչել դեպ մոտավոր սարաձորը։ Որսորդը յուր ձին սաստիկ վազեցնելով, սկսեց հալածել կենդանին, բանիցս անգամ հասնելով նրան՝ ջանք արեց նիզակահար անել որսը, բայց ճարպիկ կենդանին միջոց էր գտնում այնպես սաստկությամբ սողել նիզակի տակից, որպես սև օձը թովչի դյութական գավազանի տակից։ Բայց դիպվածը ձեռնտու եղավ, եղջերուն մտնելով արդեն միմյանց հետ փակված թփերի մեջ, մի վայրենի տանձենի յուր ոստերով բռնեց նրա եղջյուրները։ Ռուստամը չկամենալով սպանել որսը, ձգեց պարանը նրա վզից, բայց հանկարծ ի՜նչ սարսափելի հրեշ գեղեցիկ եղջերուն աներևութացավ, և թփերի միջից սողաց մի հսկայական վիշապ։ Սարսափելի գազանը յուր թեքուն պոչը ամրացնելով գետնի վրա, օղակ-օղակ պտտելով վեր բարձրացրեց ահագին գլուխը, և յուր ամեհի բերանը լայն բաց արած, սուր և թունավոր ժանիքներով բռնեց Ռուստամի ծոծրակից և պոչը ձիու փորի տակով անցկացնելով, երկու փաթույթ արեց նրա վրա...։ Մահը յուր սև դեմքով կանգնեց Ռուստամի առաջ։ Տաք արյունը սկսեց ջերմացնել նրա քամակը. ձին՝ երկյուղից խրտնեց, և խռռալով, սաստիկ փնչալով գետին տապալվեց։ Ձին, Ռուստամը և յուր հոգեառը խառնվեցան միմյանց..․։
Անգիտելի է, թե որպիսի հոգեբանական հարված ունեցավ այդ երազի սարսափելի ներգործությունը Ռուստամի վրա, որով նա առավոտյան ծանր հիվանդությամբ բռնված՝ յուր մահճի մեջ վառվում էր տիֆուսյան ջերմախտով։
Մեծ պասի առաջին օրը լինելով, գյուղացիները՝ տերտերների հետ տունից տուն էին ման գալիս, պաս շնորհավորում, և ուտելով, խմելով ուրախանում էին։ Բայց տեր-Առաքելենց տան մեջ ամեն ինչ միանգամայն փոխվեց։ Ռուստամի ծանր և վտանգավոր հիվանդությունը ձգեց բոլորին անասելի տխրության մեջ։ Տիկին Սկուհին գաղտնի լաց էր լինում. մահտեսի Ավետիսը, ձեռքերը ծալած, լուռ ու մունջ նստել էր մի անկյունում։ Հուրի Խան-Դայան, այդ եփուն և փորձառու պառավը, յուր երկաթի կարծրությամբ սրտով, դա էր միայն հոգս տանում յուր բժշկական հնարներով հիվանդի ցավին մի դարման անելու։
Մերձավոր բարեկամներից և դրացիներից մի քանի մարդ և կանայք եկել էին հիվանդի մոտ, և նստած՝ շրջապատել էին նրա մահճի չորս կողմը։ Հիվանդը, ջերմի սաստկությունից, խորին անզգայության մեջ, կցկտուր բառերով խոսում էր.
«Դըհոլ-զուռնան ածվում է... հարսն ու աղջիկ պար են բռնել... ա՜հ. ինչ ուրախություն է․․․ հա, այդպես վայել է իմ հարսանիքին... տղերք, ձեր հոգուն մատաղ, ուրախություն արեք... հարսանիք է... իմ հարսանիքն է... ահա ես նստած եմ թախտի վրա... խաչեղբայրս կողքիս է... պսակի նարոտը իմ ճտովս գցած...։ Սկուհի, մայրիկ, սիրական, դու ասում էիր՝ ե՞րբ հարսանիք կլինի... ահա քեզ հարսանիք... դե՛, մա՛յրիկ, հոգիս, դո՛ւ էլ պար բռնե... ինչո՞ւ ես շփոթված կանգնել...։ Տո՛ մի թո՛ղ տվեք ես ինքս պարեմ իմ սիրելի Սալբիի հետ․․․ բա իմ ուրախությունը ո՜ր օրվա համար է պահված»։
Վերջին խոսքերի հետ հիվանդը վեր է թռչում մահճից, բայց չորս կողմից բռնում և պառկեցնում են. առժամանակ լուռ է մնում նա, թույլ և անլսելի կերպով շունչ քաշելով։ Նրա երևակայական ցնորքները կերպարանափոխվում են և նա մյուս անգամ սկսում է.
«Վա՛յ, վա՜յ... տարան, տարան... վա՜յ իմ գլխին... տարան, տանում են Սալբին...։ Անդունդը պատռվեցավ, դժոխքի ոգիքն դուրս թափվեցան. խլեցին. տանում են իմ Սալբին... իմ հարսնացուն... իմ նազելին... քոռացեք աչքեր, թող ես չտեսնեմ... Թուրերը պսպղում են. խանչալները կայծակ են տալիս... արյուն է թափվում, մահ և կոտորած է...։ Տո, բերեք իմ զենքերը, ես դրանց հետ կկռվեմ... ես դրանց կկոտորեմ և իմ Սալբին հետ կառնեմ...»։
Նա սկսում է արհամարհական եղանակով ծիծաղել, և թույլ, նվաղած ձայնով երգել.
Կռվի օրում քաջ տղամարդը ուրախ է.
«Փառք կորոնե պատերազմի դաշտումը.
«Թուլասիրտը յուր արյունից կվախե,
«Ես հիվանդ եմ ասելով, կթաքչի յուր տան քնջումը:
Հիվանդը դարձյալ լռում է։ Հուրի Խան-Դայան և շրջապատող պառավները ունայն սնոտիապաշտությամբ երեսները խաչակնքում, աղոթքներ են կարդում, կարծելով, թե նա բռնվել էր դևերից։
Այնտեղ են գալիս տիկին Թարլանը, տիկին Սալլաթինը և մի քանի այլ բարեկամուհիներ և շրջապատում են հիվանդի անկողինը։
Տիրուհի, այսպես են կոչվում քահանաների կանայք, ասաց տիկին Թարլանը Հուրի-Խան-Դայային, որ երեսը թթվեցրած, ձեռքերը ծալած, նստել էր յուր թոռան բարձի մոտ. քույրիկ, չէ՞ որ դու աշխարհ ես տեսել, ծա՛մ ես սպիտակացրել, հոգիս, հիվանդը, այդպես անհոգ թողնելու չէ, դրան մի ճար անելու խնամք տարեք։
Ինչ ճար, ասաց Հուրի Խան-Դայան հոգվոց հանելով. ճարս հատել է, խնամի, ես ինձ կորցրել եմ, ինձանում խելք չէ մնացել, մնաց. աստված ինքը մի ճար անե։
Ճշմարիտ, նրա խոսքը կտրեց դարձյալ տիկին Թարլանը. առանց աստուծո կամքին տերևը ծառից վայր չի ընկնի, բայց և այնպես մարդիկ պիտի իրանց խելքը գործ դնեն:
Աստծո կամքը թող օրհնված լինի, պատաախանեց Հուրի Խան-Դայան լի հավատքով: Տիկին Թարլանը ոչինչ չխոսեց։
Շատ անգամ տեր ամենակալը մեզ փորձելու համար է ցավ տալիս, խոսեց պառավ Մարթան, որպես Հոբ երանելիին։ Բայց մենք փոխարենը պետք է փառք տանք նրա ամենաողորմությանը։
Դրանք բոլորը ավելորդ խոսքեր են, նրանց խոսքը կտրեց տիկին Սալլաթինը, հիվանդի մորաքույրը․ իրավ աստված ցավ է տվել, բայց ցավին էլ դարման է տվել։ Դուք փոխանակ այդպիսի ունայն խոսքերով ժամանակ անցնելու, ավելի լավ է շուտով կանչել տաք մի բժիշկ։
Հուրի Խան-Դայան չէր կարող համբերել տիկին Սալլաթինի խոսքերին, յուր հնամոլ հայացքով նրա խոսքերի մեջ խիստ անհավատություն նկատելով, այդ պատճառով ամենևին ուշադրության չառնելով նրա ասածը, խոսեց.
Տերը և նրա սուրբերը թող ազատեն իմ թոռը այս հիվանդությունից և ջերմեռանդությամբ խաչակնքեց յուր երեսը։
Դարձյա՛լ սնոտի հավատ... ասաց տիկին Սալլաթինը:
Ի՞նչ պետք է արած, իմ քույրեր, ա՛յն բոլորը, որ հայ-քրիստոնյայի օրենքը հրամայում է՝ անթերի կատարել եմ։ Տերտերին Նարեկ և Սաղմոս կարդալ տվել եմ, սուրբ պատկերների առաջ մոմեր վառե՛լ եմ... այլևս ի՜նչ է մնացել, որ չեմ արել։
Հիվանդությունը կրոնին ո՛չ մի վերաբերություն չունի, դարձյալ կրկնեց տիկին Սալլաթինը տհաճությամբ. հիվանդությանը հմուտ և փորձառու բժիշկնե՛ր են պետք։
Վերին բժշկապետը գիտե ամենայն ցավի դարման տանել. նա ավելի հմուտ և փորձառու է, քան բոլոր ստեղծվածները։
Այդ մի անօգուտ հույս է, որ առժամանակ կհրապուրե ձեր սնահավատությունը, իսկ դուք հետո կստանաք ձեր կամակորության վարձը՝ մի անմխիթար փոշիմանություն...։ Մնաք բարյավ, ասաց նա, և գնաց հայտնելու յուր ամուսնուն, պարոն Արամ Աշխարունուն, յուր քեռորդու վտանգավոր հիվանդության մասին:
Տիկին Սալլաթինի մեկնելուց հետո մի նոր սնապաշտական զրույցների ասպարեզ բացվեց։ Հուրի Խան-Դայան պատմեց, թե ինչեր էր արել հիվանդի առողջությունը հետ դարձնելու համար։
Զարմանալի է. ապա այդ բոլոր զորավոր արարողություները ոչ մի օգուտ չարեցի՞ն, հարցրուց տիկին Թարլանը։
Ո՛չ... գլուխը շարժելով պատասխանեց Հուրի Խան-Դայան։ Խնամի, «խաչը տերը զորավոր կանե», և «հուսով սև քարին ապավինիս, քո մուրազը կտա»։ Բայց իմ թոռը մի կասկածոտ և անհավատ տղամարդ էր. նա հերքում էր սուրբ արարողությունները: Չէ՞ առածը ասում է. «երբ որ չունիս հույս, բարին քեզնից կտա խույս»։ Բայց դուք, իմ աչքիս լույս բարեկամներ, առաջ տարավ նա, դուք չգիտեք իմ ընտանեկան գաղտնիքը, թե ի՞նչ էր պատճառը, որ աստված այդպես խեթ աչքով է նայում մեզ վրա. ես կպատմեմ, դուք կհասկանաք, թե ո՛րքան դժվար է կրոնքի և օրենքի հակառակ կենալը։
Պատմիր, պատմիր, ձայն տվին ամեն կողմից մոլեռանդ պառավները։
Դուք իմ քույրեր, առաջ տարավ նա, ձեզնից շատերը տեսել են իմ ամուսինը, այն բարի քահանան, յուր ժողովրդի այն բարեգութ նահապետը։
Աստված յուր հոգին լուսավորեսցե, կոչեցին ամենքը։
Դուք գիտեք, շարունակեց Հուրի Խան-Դայան, որ այդ տիրոջ իմաստուն պաշտոնյան, միանգամայն յուր ժողովրդի հոգևոր և մարմնավոր մխիթարությունը, նրա բանգետ խորհրդատուն, նրա տրտմությունների և ուրախությունների կարեկիցն էր։ Այս գալիք մեծ պահոց միջինքին կլրանա քսան և հինգ տարին նրա վախճանից հետո։ Բայց այս քսան և հինգ տարիների ընթացքում, թեպետ նա գնացել, հեռացել է մեզանից, բնակելով երկնքում, հրեշտակների մեջ, բա՛յց հավատացնում եմ ձեզ, նրա արթուն հոգին էր իմ գերդաստանի պահապան հրեշտակը, որ խափանում էր մեզնից բոլոը շատ պատահարները։ Ի՞նչ էր դրա պատճառը այն լուսահոգին երբ- տեսավ թե մոտ է մահը, մտածեց պատսպարել յուր ընտանիքի ապագան զորավոր գրվածքներով: Նա դրավ յուր տունը և յուր ընտանիքը մի թիլիսմի ներգործության տակ, որը յուր զորությամբ խափան էր ամենայն չարիքի։ Այդ թիլիսմանական թղթերը ապակյա սրվակների մեջ դնելով` թաղեց տան դռների շեմքում, թոնրի շրթան մոտ և ջրհորի ափում։ Բայց իմ թերահավատ թոռը անարգեց յուր պապի խորհրդավոր թղթերը, և ամենևին չնայելով իմ աղաչանքին և արտասուքին, կախարդական դրվածքներ համարելով, դուրս բերեց թիլիսմը և անխնա այրեց կրակում...։ Ահա այդ դժբախտությունը հանդիպելուց հետո, ասես թե, մեր աստղը խավարեց. չարը համարձակ մուտք գործեց մեր օրհնյալ բնակարանը, վիշտ, նեղություն և հազարավոր թշվառություններ անպակաս եղան մեզնից...։ Մեր վարուցանքը անպտուղ եղավ, մեր տավարներն և ոչխարները արդյունք չտվին, և բախտը յուր աչքերը խփեց մեզանից։ Բայց այդ վերջինը... այդ վերջինը... անիրավ կրոնափոխությունը... ահա՛, ճաշակել է տալիս յուր թունավոր պտուղները... և այդ հիվանդությունը ևս նրա հետևանքն է...: