Раффи

Զահրումար

ԻԵ, ԻԶ, ԻԷ

ԻԵ

Ինչ որ Ճանճուր Իվանիչի ընտանիքը գնացել էր Կոջոր, նա գոնե մի անգամ չէր եղել նրանց մոտ։ Բայց քաղաքում խորովվելով հուլիսյան արևի տաքությունից, փոշի կուլ տալով, յուր հաստ փափախը գլխին, քարշ էր գալիս յուր գործերի ետևից։ Սպասավսրներից նրա մոտ մնացել էր միայն իմերել Քիտեսը։ Նա Ճանճուր Իվանիչի համար և′ թեյ էր պատրաստում, և′ խորոված էր խորովում, և′ նրա չաքմեքն էր մաքրում, հարկավոր ժամանակ նաև փոստը նամակ էր տանում։

Մի օր երեկոյան պահուն, Ճանճուր Իվանիչը, փողոցից տուն վերդառնալով, միայնակ նստած էր պատշգամբի վրա, նրա աոջև հենարանի վրա դրած էր մի բաժակ թեյ, նրա մոտ մի կտոր շաքար։ Բայց տաք ըմպելին վաղուց սառել էր, և Ճանճուր Իվանիչը, պաշարված խառն մտածություններով, մոռացել էր խմել։

Հանկարծ երևան եկավ Սամիլ Պետրովիչը։

Տեսնելով մոցիքուլին, Ճանճուր Իվանիչի թխպամած դեմքը մի փոքր պարզվեցավ, ինչպես մինը, որ հեռվից նշմարում է յուր ավետաբերը։

Բարով, բարով, Սամիլ Պետրովիչ, գոչեց Ճանճուր Իվանիչը։ Հե′ր օրհնած, ո՞ւր իս, էսքան վուխտ չիս էրևում, աչքիր տրաքեցան քու ճամփեն մտիկ տալով։

Բարով, կրկնեց Սամիլ Պետրովիչը՝ ձեռք տալով Ճանճուր Իվանիչին, ապա կարտուզը վեր առավ գլխից և նստեց։

Ո՞ւր իս, էսքան վուխտ է չիս էրևում, դարձյալ հարցրեց Ճանճուր Իվանիչը։

Ո՞ւր պտիմ ըլի, քիզ համա չալիշ իմ գալի, պատասխանեց Սամիլ Պետրովիչը։ Դուն քու գուրծերի ետնեն իս, իսկի խաբար չունիս, էլ չիս ասում, վուր Սամիլ Պետրովիչի հոգին դուս էկավ դես ու դեն ման գալով, վուր քիզ համա փեսա ճարե։

Դե′ լավ, մունաթ մի′ դնի․ մաշ վո՞ւնց, գանա իմ աղբեր չի՞ս դուն, վուր իմ փիքրը չքաշիս, մաշ ո՞վ պիտի քաշե, պատասխանեց Ճանճուր Իվանիչը կեղծավորելով։ Ա՜յ, տղա, Քիտես, չա′յ։

Քիտեսը շուտով մատուցարանի վրա բերավ թեյ։ Սամիլ Պետրովիչը մի քանի կում ընդունելով ասաց․

Ի՜նչ լավ չայ է, ի՜նչ լավ համ ու հուտ ունե։

Հա, խիստ լավն է, պատասխանեց Ճանճուր Իվանիչը․ Խալաթովի քարվանսարի թուրքի ղազաղներեմեն գրվանքեն վեց աբասով իմ առի։

Բայց թեյը ամենաանպիտան թեյ էր, ո′չ համ ուներ և ո′չ հոտ, մանավանդ որ պատրաստված էր իմերել Քիտեսի ձեռքով;

Բայց, ինչպես մեր ընթերցողին հայտնի է, Ճանճուր Իվանիչը գիտեր կեղծավորվել, նա, ինչպես ասում են, սատանային կնայեր։

Այգում մանուկ տղամարդու անհաջող առաջարկության օրից սկսած Սամիլ Պետրովիչն անդադար այս կողմ այն կողմն էր ընկնում, գուցե Ճանճուր Իվանիչի համար մի փեսա գտնե, և իբրև մի դալալ մարդ, նրա ապրանքի սովդան բարիշացներ մի անբախտի հետ, որպեսզի յուր համար մի քանի մանեթ մեջտեղից որսա։ Բայց Սամիլ Պետրովիչի ջանքերը բոլորն իզուր անցան մի քանի պատճառներով․ մին որ՝ Ճանճուր Իվանիչը այնքան փող չէր տալիս, որ գոնյա փեսաները, փողի առավելությանը նայելով, իրանց ամուսնացվի բարոյական արատները հաշվի չառնեին, մին էլ Ճանճուր Իվանիչը կամք չուներ օտարազգի չինովնիկի տալ, որի վրա դյուրությամբ կարելի էր մսխել մի այնպիսի օրիորդ, որպիսին Սոֆին էր։ Բայց Ճանճուր Իվանիչը կամք ուներ, ինչպես մտածում էր, երկու բարիք միասին վայելել, մին՝ հինգ հարյուր թումանով աղջիկը յուր գլխից ռադ անել, մին էլ՝ վաճառական և հարուստ փեսա ունենալ։

Այդ հանգամանքներն ավելի ճշտությամբ հայտնի լինելով Սամիլ Պետրովիչին, նա գիտեր, որ չէր կարող կատարել Ճանճուր Իվանիչի պահանջմունքները։ Այդ պատճառով նա խիստ տհաճությամբ պատասխանեց, երբ Ճանճուր Իվանիչը հարցրեց, թե ի՞նչ շինեցիր։

Քու բանը, Ճանճուր Իվանիչ, դժար գլուխ գալու բան է, պատասխանեց Սամիլ Պետրովիչը՝ գործագետ մարդու եղանակով։ Առաջին վուր, քու արշինը կարճ է, քու սովդան չի ըլի շինիլ․ դուն ուզում իս, մե հինգ հարուր թումնով լավ փեսա ճարիս, էտ մեր քաղքում վո՞ւնց կուլի։ Հենց ասում իս, թե ուսում առած աղջիկ է, պտի առանց փուղի մարդու տամ. մագրամ չիս իմանում, էս անիծած ուսումը աղջկերանց մազանդան վունց կոտրից։ Սրամեն առաջ եփոր ըշկոլեմեն դուս էկած մե աղջկա սովդեն էի շինում, ու եփ վուր տղին թամահ քցելու համա ասում էի, աղջիկը էսքան փուղ ունե, էսքան բաժինք ունե, էսպես սիրուն է, ու եփոր ավելացնում էի, թե ուսում էլ ունե, ըշկոլումը օխտը տարի կարթացիլ է, ռսնակ, փրանցուզնակ ջրի նման խոսում է, ու՝ ի՞նչ միղքս պահիմ, եփոր մե քանի սուտ էլ պոչին էի կպցնում, էտունք տղեն լսելիս ուրախութենից խիլքը գնում էր։ Ամա հիմի եփոր տղին ասում իս, թե աղջիկը էսքան փուղ ունե, էսպես է, էնպես է, գովում իս, ու իժում ասում իս, թե ըշկոլեմեն դուս է էկի, կուրսը պրծիլ է, տղեն էն նմուտին ժնգիրթը կախում է, ու քիզ ասում է, թե էտ փուղը նրա մե տարվա թեատրի, վեչերի, դուխի ու պոմադի միսխը չի դուս բերի։ Հիմի իմացա՜ր, Ճանճուր Իվանիչ, ուսումն էլ մոդից ննգավ։

Ճանճուր Իվանիչը դրանից ավելի լավ էր հասկացել. նա վաղուց էր ասել՝ «էդ զարհումար ուսումը աղջկաս ղալթ փուղ շինից, ում վուր տալիս իմ, չին առնում»։ Բայց նա միտք չուներ յուր սիրտը միանգամայն բաց անել Սամիլ Պետրովիչի առջև։ Այդ պատճառով յուր ապրանքի արժանավորությունը չկոտրելով, նա ասավ թուրքի առածը.

- Փիքր չկա, Սամիլ Պետրովիչ «զառ ղադրի զարգյալ բիլար»-(ոսկու կշիռը, հարգը, ոսկերիչը կիմանա)։ Իմ Սոֆին էնպես ապրանք չէ, վուր նրան մուշտարի չճարվի։ Ի՜նչ իմ հոգում, ձեր նրա ի՞նչ մարդու տալու վուխտն է, թող մե քանի տարի էլ մնա, մինչև բախտը բաց կուլի։

Սամիլ Պետրովիչը, նկատելով, որ յուր անկեղծությամբ խոսելը լավ հետևանք չունեցավ, միառժամանակ ևս Ճանճուր Իվանիչի սեղանից ձրի ճաշ կամ ընթրիք որսալու համար մտածեց նրա գլուխը փչել մի քանի դատարկ հույսերով։

- Գիդի՞ս ինչ կա,- ասաց նա,- թե ղարիբ օմքնու կուտաս, մե լավ մուշտարի կա։

- Վո՞ւրդանցի է,- հարցրեց Ճանճուր Իվանիչը՝ մի փոքր հանգստանալով։

- Ստամբոլեմեն է,- պատասխանեց մոցիքուլը։

- Անունը ինչպե՞ս է։

- Նրա անունը Անուշիկ - աղա Թութունջյան է։

- Էստեղ ի՞նչ է շինում,- կրկնեց Ճանճուր Իվանիչը՝ բոլորովին չհավատալով յուր ականջներին։ Ո՞վ գիտե ի՜նչ թոկից փախած կռո կուլի։

- Ի՞նչ իս խոսում, հերը միլիոնչիկ է, ինքն էլ էկիլ է մեր քաղքում միտք ունի մահուդի ֆաբրիկա բաց անի։ Մե ջահել, սիրուն տղա է, ուսում առած, տասներկու լիզու խոսել է իմանում։

Միլիոնի և մահուդի ֆաբրիկայի անունը խիստ հաճելի եկավ Ճանճուր Իվանիչի ականջներին, և նա հարցրեց․

- Ուզում է պսակվի ու էստի մնա՞, թե կու գնա իրա երկիրը։

- Ո՞ւր կու գնա, մարդն ուզում է էստեղ ֆաբրիկա բաց անե։

- Կարա՞ս, միր տուն բերի։

- Ձեր տուն բերել դժվար է, նրա համա վուր աղջիկը տանը չէ, պատասխանեց մոցիքուլը։ Բայց թե գուզիս, առուտեհան գնանք. նա կենում է Արծրունու քարվանսարումը, բուլվարի վրա, էնտեղ քեզ նշանց կուտամ։

Շատ լավ, ամա ասա՝ տեհնիմ, փուղ խոմ շատ չէ ուզում:

Նա մե կապեկ փուղ չէ ուզում՝ ասում է փուղն ի՞նչ կոնիմ, ասում է, աղջիկը սիրուն ըլի, կոսե, խելոք ըլի, ուսում ունենա, հերիք է, ասում է։

Իմ հոգին գիդենա, մարդավարի օքմին է էլի էտ տղեն, խոսեց Ճանճուր Իվանիչը ուրախությամբ: Ես իմ աղջիկը կուտամ դրան։

Օրինավուր մարդ իմ ասում․ հատը սաղ քաղքումը չկա։

Մագրամ, ասա՛, տեհնիմ, Սամիլ Պետրովիչ, նա միր Սոֆիին տեհի՞լ է։

Մե օր բաղումը տեհիլ է ու հավնիլ է. մե խոսքով Սոֆիի համա գժված է։

Ճանճուր Իվանիչը նկատելի կերպով հրճվեցավ։

Քիտես, ձայն տվավ ծառային, արաղ բե։

Արաղն ի՞նչ կոնինք, հարցրեց Սամիլ Պետրովիչը:

Պունշ կու շինինք. գիդի՞ս, Սամիլ Պետրովիչ, առանց պունշի չայը էնենց է, վունց վուր խաշը առանց սխտուրի։

Սամիլ Պետրովիչը ծիծաղեցավ։

Քիտեսն արաղը բերավ, նրանք մի-մի բաժակ խմեցին թեյի հետ խառնած։

Այդ հանկարծահաս լուրը մինչև այն աստիճան ուրախացրեց ճանճուր Իվանիչին, որ նա չկարողացավ պահել յուր սրտի հրճվանքը, նա խնդրեց Սամիլ Պետրովիչին՝ մնալ այն գիշեր յուր մոտ՝ մի լավ քեֆ անելու համար։ Սամիլ Պետրովիչը հոժարությամբ ընդունեց։ Ճանճուր Իվանիչը հրամայեց ծառային, որ գնա բազարից խորովածացու միս առնե։ Նրանք այն գիշեր մի փառավոր ուրախություն արին։

Հիմի ասա՛, տեհնիմ, Սամիլ Պետրովիչ, առուտեհան մինք էն մարդուն վո՞ւրդի կանանք տեհնի, հարցրեց Ճանճուր Իվանիչը՝ գիշերվա երկու ժամին մոցիքուլին ճանապարհ գցելու ժամանակ։

Առուտեհան ես կանգնած կուլիմ Թամամշովի քարվանսարի առաջ, դուն կուգաս էնտեղ, ինձ կու գտնիս. իժում մինք միասին կեհանք Արծրունու քարվանսարա, ես էն տղին կու գտնիմ, դուն հեռվից մտիկ կոնիս, ի՛նչ տղի հիդ վուր խոսացի, ու իրեք անգամ հազացի, իմացի վուր նա է. հիմի իմացա՞ր։

Իմացա, մագրամ մե քիչ ղայիմ հազա, վուր կանենամ լսի։

Շատ լավ, ղայիմ կու հազամ, հիմի բարի գիշեր, ասաց Սամիլ Պետրովիչը և գլորվելով սկսավ հեռանալ Հացի-Գելենց տնից։

«Լավ էրազ է... թե աստուծ բարին կատարե...» ասաց յուր մտքում Ճանճուր Իվանիչը՝ մոցիքուլին ճանապարհ գցելուց հետո։

ԻԶ

Նույն երեկո, երբ Ճանճուր Իվանիչը, ոգևորված ապագա հույսերով, Սամիլ Պետրովիչի հետ խոսում էին Բութունջյանի վրա, Կոջորում, Հացի-Գելենց կացարանի մոտից գռռալով անցավ ճանապարհորդական մի կառք, որ շուտով կանգնեց ոչ այնքան հեռու նրանց բնակարանից, կառքից դուրս եկան երկու մանուկ տղամարդ։ Դրանցից մինը Քաջբերունին էր, մյուսը Արամյանը։

Մյուս օրվա առավոտյան Արամյանը վաղ վեր կենալով մահճից՝ պատրաստվում էր հոգալ յուր հյուրի համար նախաճաշիկ, մինչև նա կզարթեր քնից, բայց նա զարմացավ՝ տեսնելով Քաջբերունուն բոլորովին հագնված, դրսից ներս մտնելիս։ Նա նայեց նրա կոշիկներին, տեսավ, որ նրանք թրջված էին առավոտյան ցողով։

Բարի լույս, ասաց Արամյանը ժպտալով, ես կարծում էի, թե դու քնած կլինիս. լավ շուտ ես զարթե՜լ։

Այո՛ ես այժմ սովորել եմ առավոտները վաղ զարթել, պատասխանեց Քաջբերունին։

Բայց դու դրսից ես գալիս։

Ես գնացել էի պտտելու և դիտելու ձեր ամառանոցի շրջակայքը, պատասխանեց Քաջբերունին և նստեց լուսամուտի հանդեպ, իսկ Արամյանը դուրս գնաց սենյակից։

Երկար այնպես նայում էր Քաջբերունին դեպի կանաչազարդ հեռուն և հրճվում էր գեղեցիկ տեսարաններով։ Եվ մեկ էլ մի գաղտնի ոգևորությամբ բացականչեց հազիվ լսելի ձայնով, «հրաշալի՜ Կովկաս, հայրենի՜ք գեղեցկություն, բայց ափսո՜ս..», և նրա երեսի գույնը փոխվեցավ ներքին վրդովմունքից։

Ներս մտավ Արամյանը՝ արդեն հագնված և լվացված։

Դու թեյը կաթնո՞վ ես սիրում, հարցրեց նա։ Այո՛, պատասխանեց Քաջբերունին, միայն ասա՛ շուտ տան, մի քիչ կարագի և հացի հետ. ես այժմ գայլի պես սոված եմ։

Երևի առավոտյան զրոսանքը և լեռնային օդը գրգռել են քո ախորժակը. ահա ամառանոցի զանազանությունը քաղաքի ապականված մթնոլորտից, կրկնեց Արամյանը՝ ձայն տալով ծառային, որ շուտ բերե։

Ծառան ներս բերավ հեշտաեռը, և մի քանի րոպեից հետո նրանց առջև պատրաստվեցավ թեև չափավոր, բայց ախորժելի նախաճաշիկը։

Նախաճաշիկից հետո նրանք սկսեցին ծխել։ Քաջբերունին յուր սովորության համեմատ նստեց լուսամուտի առջև, Արամյանը նույնպես նստեց նրա հանդեպ։

Ինչո՞վ ես պարապում այժմ, Վահե, հարցրեց Քաջբերունին։

Համարյա թե ոչնչով, պատասխանեց Արամյանը։

Մի՞թե ծուլացել ես։

Ո՛չ, միայն այն, ինչ որ ես ցանկանում եմ, ժամանակի է կարոտ և պահանջում է շատ գործել, բայց այժմ ես դեռ ոչինչ չեմ կարող անել։

Ինչո՞ւ։

Որովհետև որպեսզի կարելի լինի արվեստականապես բացատրել հայոց լեզվի ծագումը և նրա պատմական և գործնական ձևակերպությունը, պետք է հիմնավորապես ծանոթ լինել այն լեզուներին, որոնցից մեր լեզուն ծագումն է առել, այդ պատճառով ես հարկավոր եմ համարում հիմնովին ուսանել պարսից և սանսկրիտ լեզուները։

Քաջբերունին ժպտաց։

Ո՞րտեղ պիտի սովորես այդ լեզուները, հարցրեց նա։

Ես միտք ունիմ գնալ Հնդկաստան, պատասխանեց Արամյանը։

Լավ, մինչև գնալդ անգործ պիտի մնա՞ս։

Ես այժմ բոլորովին անգործ չեմ, այլ քերականություն եմ պատրաստում մեր նոր աշխարհաբար լեզվի, այլև պատրաստում եմ մի համառոտ բառարան եվրոպական ուսումնական և արվեստական բառերի, որպեսզի մեր գրողները ստիպված չլինեն հունական, լատինական կամ այլ ազգի բառեր մուրալ։

Մի այդպիսի աշխատություն անօգուտ չի լինիլ մեր այժմյան գրականության համար, պատասխանեց Քաջբերունին։ Թեև առաջին անգամից այդ հայերեն թարգմանված տերմինները խորթ կթվան, բայց, հետզհետե գործածության մեջ մտնելով, քաղաքացիություն և իրենց բուն նշանակությունը կստանան։

Բայց մեզ մի ուրիշ բառարան ևս պետք է, խոսեց Արամյանը, այսինքն մի բառարան մեր նոր և կենդանի լեզվի։ Մեր գրաբար բառարանները պարունակում են իրանց մեջ ըստ մեծի մասին Աստվածաշունչ գրքի և մեր հին գրականության բառերը. այդ պատճառով նրանք խիստ աղքատ են նոր լեզվի կենդանի բառերով։ Այդպիսի բառեր մենք նորից փնտրելու կարոտություն չունինք, որովհետև կյանքն ինքն ստեղծում է բառերը։ Այդ պատճառով մեր այժմյան կենդանի լեզուն ունի յուր մեջ այնպիսի բառեր, որոնք չկան մեր հին լեզվի մեջ, որ մնացել է մեզ թղթի կամ մագաղաթի վրա։ Օրինակի համար՝ մի հայ, որ բնակվում է անտառի մոտ, նա գիտե այդ անտառի բոլոր ծառերի, տունկերի, պտուղների, խոտերի և ծաղիկների անունները, որոնք չկան մեր գրքերում կամ բառարաններում։ Այդպես էլ հայ երկրագործը գիտե յուր արհեստին վերաբերյալ բոլոր գործիքների և պարագաների անունները, որոնք ըստ մեծի մասին մեզ անծանոթ են. մի խոսքով հայ մարդը յուր գյուղական և հովվական կյանքում հնարել է իրան համար շատ բառեր, որոնք նույնպես պետք են մեր նոր լեզվի ճոխության համար։ Առհասարակ մենք՝ քաղաքացիներս, չգիտենք այնքան տնտեսական բառեր, որքան գիտեն գյուղացիք։ Նրանք առավել, քան անշունչ մագաղաթը՝ հավատարմությամբ կարողացել են պահպանել իրանց հայրենական բարբառը։ Բայց եթե այդպիսի բառեր չհավաքվեն, նրանք անտարակույս կկորչեն, երբ գյուղացիների կյանքը այլ կերպարանք ու ձև ստանա։

Այո՛, պետք է հավաքել, պատասխանեց Քաջբերունին, բայց ո՞վ պիտի հավաքե։

Ես մտադիր եմ այդ նպատակով մի ճանապարհորդություն անել, պատասխանեց Արամյանը։

Դուք շատ դատարկ բաներ եք մտադիր անելու, նրանց խոսքը կտրեց մի երրորդ ձայն, և նույն րոպեին երևեցավ մի կարճլիկ, մանուկ տղամարդ, երեսը շան ռեխի նման, դեղին երկգույն մորուքով և փոքրիկ աչքերով։

«Անուն հոր և որդվո», երեսը խաչակնքելով ասաց Արամյանը, Թաթոս, այս ո՞րտեղից հայտնվեցար։ Բայց նորեկ պարոնի անունը Թաթոս չէր, նա կոչվում էր Քրիստափոր Դիաչկով, միայն այդ անունով նորահաս ուսանողները կատակի համար կոչում էին հիմար ուսանողներին՝ իրանց համալսարանական կյանքում։

Նորեկ պարոնին թեև հայտնի էր մի այդպիսի կոչման նշանակությունը, բայց նա ամենևին չվշտացավ և շատ սիրալիր կերպով մոտեցավ, ողջունեց նրանց և նստեց նրանց մոտ։

Դե՛, Հոմերոս, այժմ շարունակի՛ր քո ճառը, խոսեց Դիաչկովը ռուսաց լեզվով ուղղակի Արամյանի երեսին նայելով։

Ի՞նչ հարկավոր է, քանի որ իմ ճառը չի կարող քեզ գրավել, պատասխանեց Արամյանը։

Այդ իրավ է, որովհետև ես վաղուց արդեն վճռել եմ չհավատալ հրաշքներին, այդ պատճառով գիտեմ, որ մեռելին կրկին կյանք տալ անկարելի է, ահա այդ դրության մեջ են հայոց ազգը և լեզուն։ Այդպես չէ՞, Պղատոն, նա դարձավ դեպի Քաջբերունին։

Բայց Քաջբերունին ոչինչ չպատասխանեց, միայն ծիծաղեցավ նրա թեթևամտության վրա։

Վահե, սակայն ներողություն, պետք է ասել արքա հայոց, չէ՞ որ Վահեն հայոց թագավոր էր։ Գիտե՞ք ես ի՞նչ պատճառով եմ եկել ձեզ մոտ. դու էլ լսիր, Սմբատ, ես եկել եմ հայտնելու ձեզ՝ կամ համաձայնեցեք որոշել ինձ մի անկյուն ձեր կացարանում և կամ ես վարձը բարձրացնելով ձեզ կարտաքսեմ այստեղից։

Ի՞նչն է ստիպում քեզ այդ անել, հարցրեց Արամյանը։

Ներեցե՛ք, ի՞նչպես կարելի է դուք միայն բնակվեք այստեղ և հրճվիր մի այնպիսի հրաշագեղ դրացուհիով, իսկ ես հեռվից սառն աչքերով նայեմ ձեր բախտավորության վրա։ Ճշմարիտն ասած, նախանձը խեղդում է ինձ։

Արամյանը ծիծաղեցավ։

Սմբատ, դու տեսե՞լ ես նրան, հարցրեց Դիաչկովը Քաջբերունուց։

Ո՛չ, ես երեկոյան եմ եկել այստեղ, պատասխանեց Քաջրերունին։

Լավ է, որ չես տեսել, եթե ոչ՝ քո խելքն էլ նույնպես կտաներ գեղեցկուհին, ինչպես տարել է իմը, խոսեց Դիաչկովը։

Մի՞թե քո գլխում գոնե քիչ խելք կար, որ տաներ, հարցրեց Քաջբերունին ծիծաղելով:

Ինչպես չէ, ինձ արդեն կոչում են մեր քաղաքի Ռոշֆորը: Կարճլիկ տղամարդը փաստաբան էր:

Երկու ընկերները ծիծաղեցին Դիաչկովի պարծենկոտության վրա: Գիտե՞ս, Սմբատ, հրաշագեղ օրիորդը, ասում են, խելքից գնացած է Վահեի համար:

Չեմ կարծում, պատասխանեց Քաջրերունին:

Վերջապես, այդ հարցը ինքնըստինքյան կլուծվի ապագայում, միայն դուք այս րոպեիս վճռեցեք՝ տալի՞ս եք ինձ մի անկյուն ձեր կացարանում, կրկնեց Դիաչկովը։

Մանուկ տղամարդիկը նշմարելով, որ Դիաչկովի առաջարկությունը կատակ չէ, այդ պատճառով Արամյանը պատասխանեց.

Մենք չենք կարող համաձայնել քեզ հետ, մին՝ որ մեր կացարանում ավելորդ տեղ չկա, երկրորդ եթե տեղ ևս լիներ, քեզ չենք կարող ընդունել մեզ մոտ, որովհետև դու կարգելես մեզ պարապել։

Այսինքն ես կարգելեի ձեզ դատարկ պարապմունքներից, որպիսիք են քո հայկական քերականությունը, աշխարհաբար բառարանը և Սմբատի՝ «Հայկական կյանքը», հը՛, այնպե՞ս է կրկնեց Դիաչկովը երգիծաբանելով։

Արամյանը բարկությամբ նայեց նրա երեսին։

Դու շատ անխիղճ ես, Վահե, գոնյա թույլ տուր երբեմն գալ այստեղ և լուսամուտից նայել դեպի նվիրական բնակարանը, խոսեց Դիաչկովը և մոտեցավ լուսամուտին, որտեղից ուղղակի երևում էր Հացի-Գելենց կացարանը։

Չի կարելի, դարձյալ պատասխանեց Արամյանը։

Պարոններ, նայեցե՛ք, ահա՛ երևեցավ գեղեցկության դիցուհին, գոչեց Դիաչկովը ուրախությամբ։

Մանուկ տղամարդիկը վազեցին լուսամուտի հանդեպ, ուր կանգնած էր Դիաչկովը։ Եվ, արդարև, երևեցավ օրիորդ Սոֆին ամառային թեթև և սպիտակ հագուստով նա յուր եղբոր հետ գնում էր առավոտյան զբոսանքի։ Օրիորդն անցավ նրանց լուսամուտի առջևից, մի կողմնակի հայացք ձգելով դեպի մանուկ տղամարդիկը։ Բայց Դիաչկովը չկարողացավ համբերել և, առանց մնաք բարյավ ասելու, առավ գլխարկը, դուրս վազեց և սկսավ հեռվից հետևել գնացողներին։

Հիմար, ասաց նրա գնալուց հետո Արամյանը, այս ևս մեր նոր սերունդը...

Նա առավել բախտավոր է, քան թե մենք, պատասխանեց Քաջրերունին։

Ինչո՞վ։

Նրանով, որ նա թեև թերուսի մեկն է, բայց ուղիղ ասաց նա, թե այժմ կոչվում է Ռոշֆորը յուր քաղաքի և դրանով շահել է իրան համար ավելի քան քսան, երեսուն հազար մանեթ. բայց ես ու դու, մեր մագիստրի ու դոկտորի դիպլոմներով, ծախսի փող էլ չունինք։

Այդ Ինչի՞ց է:

Պատճառը խիստ պարզ է. նա տիրացու Սաքոյի որդի Խաչատուրն է, բայց այժմ կոչվում է Խրիստաֆոր Դիաչկով, կին բերեց յուր հետ մայրաքաղաքից և պարտավոր է կուռքի նման նրան պաշտել... բայց մեր ճակատին կարդացվում է ուրիշ բառ, և մենք պարապում ենք, որպես նա ճշտությամբ արտասանեց, դատարկ բաներով դու քո հայոց քերականությամբ և բառարանով, իսկ ես իմ՝ «Հայկական կյանքով»...։

Մի այդպիսի բախտ, որ ժառանգել է նա, ամենևին նախանձելի չէ, պատասխանեց Արամյանը, որովհետև Վասակները միշտ շահում են ոսկի։

Իրավ նախանձելի չէ, բայց մի...

Մի՞թե... այլապես չէր կարելի ապրել։

Այո՛, մենք կարող էինք ապրել, եթե ուսած լինեինք կոշկակարություն կամ դերձակություն, բայց մենք սպառեցինք մեր առողջությունը և լցրինք մեր գլուխը չոր ու ցամաք ուսմամբ...

Բայց մենք երբեք չենք ցանկանալ վասակություն գործել՝ մեծաքանակ ռոճիկ ստանալու համար, մենք կմնանք ճշմարիտ հայ, որպես ենք, կսիրենք մեր ազգը և կկերակրվենք նրա սեղանից, պատասխանեց Արամյանը դրականապես։

Այդ կլիներ, եթե հայ ազգը կատարեր յուր փրկչի խոսքը, թե «պետք չէ յուր մանուկների հացը ձգել օտարներին»։ Բայց դժբախտաբար մենք մեր ազգի սեղանի փշրանքներից էլ գուլւկ ենք մնում։

Ի՞նչ ենք գործում մենք ազգի համար, որ նա պարտավորվի մեզ հաց տալ։

Իրավ, մենք դեռ ոչինչ չենք գործել, և իմ ցանկությունս այդ չէ, որ մենք Կոջորում, մեր սենյակում սիգար ծխենք և ազգից ձրի հաց պահանջենք, այո՛, հարկավոր է նախ և առաջ գործել։ Բայց գլխավոր հարցն այստեղ այն է, որ մեր ազգը այնպիսի սարսափելի կերպով մոլորված է դեպի օտարազգիք, որ յուր օգուտը տալիս է օտարներին։ Օրինակի համար՝ դու բաց արա ուսումնարան օրիորդաց համար, որի մասին շատ անգամ հայտնել ես քո ցանկությունը. հավատացնում եմ քեզ, որ ոչ ոք չի հոժարիլ քեզ աշակերտուհի հանձնել, թեկուզ հոգին սուրբ էլ լինիս և մի րոպեում նրանց գլուխը ուսմամբ լցնես։ Բայց մի մադամ Ջիվարողին հարյուրներով աղջիկ կհանձնեն, թեև նրա ուսումնարանում աղջիկները մտնում և դուրս են դալիս դատարկ գլխով: Բայց գլխավոր բանն այն է, որ այս դեպքում ևս ծնողները իրանց ծուռը հաշվի մեջ դարձյալ չեն սխալվում. նրանց ցանկությունը իրանց աղջկերանց բան սովորեցնելը չէ, այլ նրանք միայն մի քանի հաշիվներ աչքի առջև ունին. մին՝ որ մադամի անունը նրանց ականջներին դյուր է գալիս, մին էլ՝ որ իրանց աղջիկը մարդու տալու միջոցին մոցիքուլը փեսին գրավելու համար յուր բոլոր ճարպկությունը գործ դնելուց հետո, թե «էհենց սիրուն է աղջիկը, էհենց խելոք է աղջիկը, էսքան փող ունե, էսքան բաժինք ունե» հետո կավելացնե «մադամ Ջիվարոզի մոտ ուսում է առի, տանցովատ, պիանո, ռսնակ ջրի պես սերտած ունե...»:

Ուրեմն ի՞նչ պետք է արած, հարցրեց մի փոքր համոզվելով Արամյանը։

Պետք է ազգի աչքերը բաց անել, նա դեռ կույր է, մինչև որ նա ճանաչն, թե ո՞վ է յուր արժանավոր մշակը, որի աշխատությունները պարտավոր է վարձատրել։

ԻԷ

Նույն օրվա երեկոյան պահուն Արամյանը միայնակ գնաց Հացի-Գելենց մոտ. նրան ընդունեցին խիստ քաղցրությամբ, մանավանդ օրիորդ Սոֆին մի քանի նոր ցույցով հայտնեց յուր բարեկամական անկեղծությունը դեպի նա։ Բայց Արամյանը երկար չմնաց նրանց մոտ և հայտնելով, թե յուր ընկերը միայնակ է, շուտով հեռացավ։ Տիկին Բարբարեն և օրիորդ Սոֆին նրանից խնդրեցին, որ մյուս օրվա առավոտը յուր ընկերոջը բերե իրանց հետ ծանոթացնելու։ Արամյանը խոստացավ։

Մյուս օրվան առավոտյան պահուն Քաջբերունին և Արամյանը հասարակ ամառային հագուստով գնացին Հացի-Գելենց տուն։ Նոր հյուրի ներկայանալու և ծանոթանալու ծեսր մի քանի սովորական բառերով, աջ ու ահյակ գլուխ տալը վերջանալուդ հետո, նրանք նստեցին։

Օրիորդ Սոֆին այդ օրը հագնված էր պարզ, բայց շատ ճաշակով և վայելուչ։ Նա համեստությամբ նստած էր յուր մոր մոտ։

Տեսնելով Քաջբերունուն, օրիորդ Սոֆին զգաց յուր սխալը։ Արամյանից լսելով փիլիսոփայության և իրավաբանության մագիստրոսի անունը, նա հույս ուներ տեսնել մի որևէ գերբնական էակ։ Բայց Քաջբերունու դեմքի կոշտ գծագրությունը, Նրա սառն և անփույթ վարվեցողությունը, որոնք մանուկ կուսի աչքում հասնում էին մինչև անքաղաքավարության, հաճելիր տպավորություն չգործեցին նրա սրտին։ Այնուամենայնիվ, նա չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ կարող էր գտնվել մի այդպիսի տարապայման գոյության մեջ այնպես հրաշալի, որ պատճառ էր տվել Արամյանին, ինչպես հայտնի էր, պաշտել նրան, որպես մի գերբնական էակի։

Նրանց աոաջին խոսակցությունը եղավ, ինչպես սովորաբար լինում է, ոչ այնքան նշանավոր։ Տիկին Բարբարեն հարցրեց Քաջբերունուց քաղաքի տոթի և զովության մասին և ժողովուրդի զվարճություններից և նոր ու հին լուրերից։ Քաջբերունին տաղտկությամբ մի քանի հատ ու կտոր պատասխաններ տվավ։

Օրիորդ Սոֆին թեյի սեղանի մոտ յուր հյուրերին թեյ էր մատակարարում։

Արամյանը, որպես այս տան նախածանոթը, ավելի ընտանեբար էր վարվում. նա մյուսներից ծածուկ մի քանի նկատողություններ արավ օրիորդին, որով կամենում էր ուղղել նրա սխալը։ Երևում էր, որ նա ցանկանում էր Հացի-Գելենց գերդաստանական շրջանը ներկայացնել յուր ընկերին ավելի գեղահարմար կերպարանքով։

Թեյ խմելը վերջացավ։

Տիկին Բարբարեն մտածեց յուր աղջկան հանդես դուրս բերել, երբ նկատեց, որ նրա վրա ուշադրություն չէին դարձնում։ Նա խնդրեց աղջկան, որ մի փոքր նվագե դաշնամուրի վրա։ Օրիորդը կատարեց մոր խնդիրը։

Քաջբերունին սկսավ ուշադրություն չդարձնել նրա նվագելուն, երբ հենց առաջին անգամից նշմարեց, որ լավ չէ նվագում։ Օրիորդը վերջացրեց նվագելը, իսկ Քաջբերունին հայտնեց յուր նկատողությունները նրա նվագելու մասին, որոնք բոլորովին վշտացրին օրիորդի ինքնասիրությունը։ Այսուամենայնիվ մայրը նրան ծածուկ նշանացի արավ զբաղեցնելու հյուրերին։

Օրիորդը նախ սկսավ հարցնել Պետերբուրգից. օրինակ՝ քանի՞ թատրոն կա այնտեղ, կայսրը ո՞ր թատրոնն է գնում. Նևսկի պրոսպեկտը քանի՞ վերստ երկարություն ունի. այնտեղի այգիքը և զբոսարանները գեղեցիկ են։ Այնուհետև նա խոսքը դարձրեց համալսարանի վրա և հարցրեց ուսանողների կյանքից, հարցրեց, թե կա՞ն այնտեղ աղջիկ ուսանողներ և այդ աղջիկ ուսանողների մեջ կա՞ն նշանավոր և տաղանդավոր օրիորդներ։ Այս հարցմունքներից հետո նա խոսակցության մեջ ներս բերավ «կանանց ազատության հարցը»։ Լսելով Քաջբերունու գալու մասին, մի քանի օր նա եռանդով կարդում էր Ստուարդ Միլլը և, զինավորելով յուր միտքը մի քանի փաստերով, նա սկսավ տաքությամբ պաշտպանել կանանց լիակատար ազատությունն ու հավասարությունը տղամարդկանց հետ։

Քաջբերունին առաջ չուզեց այդ խնդրի վրա խոսել օրիորդի հետ, մտածելով, որ այդ հարցը բարձր է նրա հասկացողությունից, բայց կամենալով նրան դուրս բերել այդ տեսակ մտավոր մոլորությունից՝ ասաց.

Ավելի լավ է, որ դուք ձեր միտքը գաղափարական երազներով չհրապուրեք, այլ ուսումնասիրեցեք կյանքի իրական կողմերը։

Ներեցեք, պարոն, պատասխանեց օրիորդը, մի թե գաղափարական երազ կարող է համարվիլ այն, որ ես ասում եմ, թե կանանց դրությունը ստրուկի դրություն է, և նրանց պետք է հավասար իրավունք տալ մարդկային ընկերության մեջ։

Այդ դարձյալ երազ է, խոսեց Քաջբերունին սառնությամբ, որովհետև քանի կինը բարոյապես և իմացականապես լավ չի կրթված իբրև մարդ, նա չունի իրավունք պահանջելու ձեր ասած ազատությունը կամ հավասարությունը:

Կրթությունը ի՞նչ նշանակություն կարող է ունենալ նրա համար, երբ նա ճնշված է տղամարդու բռնակալության ներքո։

Կրթությունը կտա նրան իրավունք ներս մստնել հասարակական կյանքը որպես մարդ, յուր կատարյալ ազատությամբ, բայց կանացի սեռը, մանավանդ արևելյան ազգերի մեջ, դեռ շատ անկիրթ է: Պետք է աշխատել կրթել դրանց։

Օրիորդ Սոֆին վշտացավ և կարմրեցավ։

Քաջբերունին նշմարելով նրա վրդովմունքը՝ խոսեց.

Արդարև, կանանց սեռի հարեմների մեջ փակված դրությունը վաղուց ցույց տվավ լուսավոր աշխարհին դրա վատ հետևանքները։ Այսուամենայնիվ ես չեմ կարող համաձայնել, որ կանայք, մանավանդ մեր ազգի մեջ, բոլորովին արձակ և ազատ հանդես դուրս գան իբրև հասարակական ընկերության անդամներ, երբ նրանք այդ մասին ամենևին պատրաստված չեն. նրանք դեռևս շատ պետք է ուսանեն։

Օրիորդ Սոֆին ոչինչ չպատասխանեց։ Քաջբերունին նշմարեց, որ յուր նկատողությունները վատ տպավորություն գործեցին օրիորդի վրա, նա խոսքը կտրեց և դարձավ դեպի տիկին Բարբարեն։

Նույն միջոցին օրիորդ Սոֆին, հազիվ լսելի ձայնով, ասաց Արամյանին.

Ձեր ընկերը խիստ անխիղճ է դեպի կանացի սեռը. բայց ցանկալի էր ինձ գիտենալ, թե ի՞նչպես է նայում նա մանուկ օրիորդների վրա։

Դուք արդեն նկատում եք նրա սառնասրտությունը, պատասխանեց Արամյանը։

Տիկին Բարբարեն, իբրև անուս և հասարակ գերդաստանի աղջիկ, զուրկ էր այն հնարներից, որով մի բարեկիրթ տանտիկին կարող էր զբաղեցնել յուր․ հյուրերին։ Այդ պատճառով նա առավելապես աշխատում էր յուր հյուրերին հրապուրել քաղցրավենիքով, դրա համար նա հրամայեց թեյից հետո մատուցանել թարմ միրգ և զանազան տեսակ մուրաբաներ։ Բայց նրանք երկար չնստեցին, այլ մի քանի րոպեից հետո հեռացան։ Նրանց ճանապարհ դնելու ժամանակ օրիորդ Սոֆին բռնեց Քաջբերունու ձեռքը և խնդրեց նրանից պատվել իրանց յուր հաճախակի այցելությամբ, ավելացնելով, թե նրա կարծիքներին բոլորովին համակրեց ինքը։

Ի՞նչպես թվեցավ քեզ այդ օրիորդը, հարցրեց Արամյանը Քաջբերունուց, երբ նրանք հասան իրանց կացարանը։

Մի պաճուճյալ խրծիկ, ուրիշ ոչինչ, պատասխանեց Քաջբերունին՝ դեմքը խոժոռելով։

Բայց տեսա՞ր ինչքան օժտված է նա բնությունից։

Ուրեմն դու ևս Դիաչկովի նման կոչիր նրան գեղեցկության դիցուհի։

Չի կարելի ուրանալ, թե նա գեղեցիկ է։

Դիցուք թե գեղեցիկ է, բայց ի՞նչ կարելի է հուսալ նրանից։

Շատ բան, պատասխանեց Արամյանը։

Այո՛, կարելի է հաստատ հույս ունենալ, թե նա կարող է լինել հրապուրիչ սիրուհի յուր տարփածուի համար, բայց ոչ երբեք ժրագլուխ տանտիկին և հավատարիմ ամուսին։

Նա ի՞նչ մեղավոր է, կրկնեց Արամյանը։

Ես գիտեմ, որ մեղավոր չէ այդ աստծո գառնուկը, այլ մեղավոր են նրա հիմար ծնողները և յուր կրթությունը, որ այնպես կեղծել են նրան։

Նայելով այդ հանգամանքներին, ասաց Արամյանր, դարձյալ թող շատ ապրին մեր Հայաստանի պարզ և չքնաղագեղ օրիորդները, նրանք թեև մի գունդ միս են, նրանք թեև կրթությունից զուրկ են իսպառ, բայց սրանց բարոյականությունը մնացել է անկեղծ և անխարդախ, այդ պատճառով և նրանք լինում են հավատարիմ ամուսիններ և աշխատասեր տանտիկիններ։

Եվ այնուհետև նրանք երկար ու երկար սկսան խոսել կանացի սեռի դաստիարակության վրա։

Բայց բոլորովին այլ խորհրդածության մեջ էր օրիորդ Սոֆին։ Նա ոչինչ պակասություն չէր նկատում յուր թե՛ ուսման և թե կրթության մեջ. նա յուր գեղեցկությամբ այնքան հպարտացած էր, որ կարծում էր, թե կիշխե բոլոր տղամարդկանց վրա։ Եվ միտ բերելով Քաջբերունու սառնասրտությունը դեպի ինքը և նրա հերքողական պատասխանները յուր կարծիքների դեմ, չէր կարողանում ոչինչ կերպով համոզվել, թե այդպիսի վարմունքը և այդպիսի վեճը կարող էին առողջ դատողության ծնունդ լինել։

Բայց Արամյանի փափուկ բնավորությունը, նրա քաղցր խոսակցությունը և շնորհալի վարմունքը խելագարության չափ հիացրել էին ախտաբորբոք օրիորդին, և նա սպասում էր նրա մեջ գտնել յուր սրտի ցանկալին։

Բոլորովին այլ էր տիկին Բարբարեի մտածությունները. նա շատ ուրախ էր մանուկ տղամարդկանց այցելությամբ, նա շատ գոհ էր յուր դստեր խոսակցությունից նրանց հետ, թեև նրան բոլորովին անհասկանալի էր այդ։ Միևնույն ժամանակ նրա գլխի մեջ պտտվում էր մի այսպիսի խորհուրդ պսակել յուր դուստրը մայրաքաղաքի այդ բարեկիրթ ուսանողներից մինի հետ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Զահրումար"

Ятук Музыка
Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение
Георгий Гурджиев

Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение

Кармравор
Кармравор
Играть онлайн