Раффи
Զահրումար
ԼԲ, ԼԳ, ԼԴ
ԼԲ
Օգոստոսը ևս անցավ, յուր հետ տանելով նաև տոթը։ Եղանակը օրըստօրե դառնում էր հովասուն։ Հասարակաց զբոսարաններում որոշյալ ժամերին զվարճասեր բազմությունը ավելի և ավելի համախմբվում էր. գիշերները թատրոնում սկսեց հնչել իտալական օպերան։ Ամառանոցներից ամենքն էլ վերադարձել էին քաղաք: Օրիորդ Սոֆին յուր մոր հետ նույնպես ամբողջ շաբաթ կլիներ, որ եկել էին Կոջորից։
Օրիորդը քանի օր էր անձկանոք սպասում էր Արամյանին, բայց տակավին նա չէր երևում Հացի-Գելենց մոտ։ Վերջին օրերում նա հրամայեց չընդունել Դիաշկովին, երբ քաղաք գնալուց հետո նա իմացավ, որ խաբեբա ստուդենտը ամուրի մարդ չէ եղած, ինչպես նա հավատացրել էր, այլ ունեցել է կին։ Բայց վերադառնալով ամառանոցից, նա իրանց տան ներքին հարկի կեցողների թվում գտավ մի նոր մարդ, ազգով ռուս, նորահաս օֆիցեր, բարակ, բարձր հասակով և բավական ախորժելի դեմքով։ Մանուկ օֆիցերն առաջին օրից գրավեց օրիորդի ուշադրությունը։
Օրիորդը երկար սպասելով Արամյանին, վերջապես նրա համբերությունը հատավ և ստուգելով, որ նա կենում է գերմանացոց գաղթարանում, մի օր վաղ առավոտյան կառք նստեց և գնաց դեպի այն կողմը։ Ճանապարհին նա երևակայում էր այն բոլոր հիացումները, հրճվանքները և սիրախոսական զգացմունքները, որոնցով կարծում էր, թե Արամյանը կհանդիպեր իրան։ Նա մտածում էր, թե ինքը կերթա նրա մոտ, նախ և առաջ իրան կձևացնե խռոված, թե ինչո՛ւ Արամյանը այսքան ժամանակ իրան այցելության չեկավ։ Այնուհետև Արամյանը կչոքե յուր առջև, ներողություն կխնդրե, ինքը կժպտա և կհամբուրե նրան. էլ ի՜նչ ասես, որ չէր մտածում օրիորդ Սոֆին...
Այդպիսի խորհրդածությունների մեջ նա աննկատելի կերպով անցավ Գոլովինսկի պրոսպեկտը, Ալեքսանդրյան այգին, Վորոնցովի արձանը, գերմանացոց գաղթարանը և հասավ Մուշտայիդ։ Այստեղ կառավարը սթափեցրեց նրան յուր մտավոր խռովությունի՝ հարցնելով.
Ո՞ր կողմ կհրամայեք գնալ։
Օրիորդը նկատելով, որ բավական անցել է Արամյանի կացարանից, հրամայեց ուղղել կառքը դեպի մեր ընթերցողին նախածանոթ գերմանացու տուն, ուր բնակվում էր Քաջբերունին, որ առաջին անգամ ծանոթացանք Արամյանի հետ, երբ նա եկել էր այցելության յուր ընկերոջը։
Օրիորդ Սոֆին ամենևին չհրամայեց իմացում տալ յուր մասին, այլ համարձակ ներս մտավ և գտավ Արամյանին միայնակ նստած գրելիս Բարով, Վահե, ասաց օրիորդը ներս՛ մտնելով՝ ուրախության ծիծաղը երեսին։
Ա՜ , օրիորդ Սոֆի, դո՞ւք եք, կրկնեց Արամյանը թեթև շարժվելով յուր տեղից։ Հրամմեցեք, խնդրեմ։
Արամյանի առոգանությունը, նրա պատկառելի ընդունելության ձևը, էր արտասանեց նա նոր, իրանց մեջ դեռևս անսովոր, հոգնակի ձևով, նրան իսկույն զգալի եղան։ Այնինչ նա մտածում էր, թե լուր սիրեկանն իսկույն գրկախառնվելու էր յուր հետ։
Օրիորդը ակամայից նստեց աթոռի վրա, որ ցույց տվավ նրան Արամյան։
Դու վերջապես ստիպեցիր ինձ գալ քեզ մոտ, այսքան երկար սպասել տալուց հետո, -ասաց նրան օրիորդը։ Երևի լսած չես եղել մեր դարձը։
Ես լսած էի... Միայն Սմբատի առողջությունը այս վերջին օրերում մի փոքր ես վատացավ, այդ պատճառով չէի կարողանում տանից հեռանալ։
Այժմ ի՞նչպես է նրա առողջությունը։
Վատ չէ՛։
Ո՞ւր է նա։
Գնացել է զբոսնելու. նա ամեն առավոտ սովորություն ունի քաղաքից հեռանալ մաքուր օդ ծծելու։
Ուրեմն ես կարոդ եմ հուսալ, թե դու այսուհետև ժամանակ կունենաս մեզ մոտ գալու, այնպես չէ՞։
Չգիտեմ..., սառնությամբ պատասխանեց Արամյանը։ Օրիորդը զարհուրելով նայեց նրա երեսին։
Ի՛նչ է, դու հիվա՞նդ ես, Վահե, քո դեմքն այնպես գունատվեցավ, հարցրեց նա։ Այո , ես ինձ բոլորովին առողջ չեմ գզում, պատասխանեց Արամյանը տաղտկանոք, որպես մի մարդ, որ ձանձրանում է յուր խոսակցից։
Օրիորդը մոտեցավ նրան և բռնեց նրա ձեռքը։
Ա՜խ, ի՜նչ սառն է քո ձեռքը, գոչեց նա, կարծես սառույց լինի։
Այո՛, օրիորդ Սոֆի, ջերմության հուրր մարեցավ ինձնում․․․ և իմ սիրտը ևս այնպես սառն է այժմ, ինչպես իմ ձեռքերը...
Ինչո՞ւ, հարցրեց օրիորդը ողորմելի կերպով։
-Զարմանալի բան է այդ սիրտ կոչվածը, նա շուտով կոտրվում է, նա շուտով սառչում է, նա շուտով մեռնում է...։ Այլևս չէ՞ ողջանում։
Ո՛չ, որպես ապակիի փշրանք չէ կարելի կրկին կցել և ողջացնել, նույնպես է և սիրտը։
Եվ Արամյանի դեմքը մռայլվեցավ։ Օրիորդը գրկեց նրան և խորին զգացողությամբ նայելով նրա երեսին՝ ասաց.
Վահե՛, երբ քո սիրտը այդպես կոտրված լինի, մի այլ սիրտ, որ այնքան ամուր կերպով կապված է քոնի հետ, նույն դրության չէ՞ ենթարկվիլ։
Այո , կենթարկվի, եթե՛ կապված լինի, բայց իմ կարծիքով՝ իմ ու ձեր սրտի մեջ եղած հեռագրական թելը վաղուց կտրված է...
Ուրեմն այդպե՞ս է քո կարծիքը, պատասխանեց օրիորդը և թողեց նրան յուր գրկից և նստավ նրան ավելի մոտ։
Այժմ հասկացա քո տհաճության պատճառը, միայն ուղիղ չէ քո կարծիքն այդ մասին։
Կարծիքը ոչինչ նշանակություն չունի այնտեղ, ուր կան հայտնի փաստեր, պատասխանեց Արամյանը։
Ի՞նչպիսի փաստեր։
Զորօրինակ Դիաչկովը։
Դիաչկո՞վը, կրկնեց արհամարհանքով օրիորդը, ես հրամայեցի անցյալ օրը արտաքսել մեր տանից այն հիմարին։
Այդ արդեն ուշ է... և ձեր կորուստը նրա պատճառով կմնա անդարձ...
Ուղիղն ասած, Վահե, ես չեմ հասկանում քեզ. ի՞նչ կորուստ։
Դրանից ավելի ի՞նչ կորուստ կարող է լինել, որ այժմ այդ փողոցի շառլատանը բոլոր քաղաքում տարածում է մի ամբողջ ռոման յուր և ձեր սիրահարության մասին Կոջորում։
Այն խաբեբան կարող է շատ ստեր խոսել, բայց դրանով ես պիտի կորցնե՞մ իմ համարումր, պատասխանեց օրիորդը։
Շատ ստերը միշտ հիմնվում են մասնավոր ճշմարտության վրա։
Վերջին խոսքերից բոլորովին հայտնի եղավ օրիորդին, ինչ որ նույն րոպեին աղմկում էր Արամյանի սիրտը։ Նա հանկարծ չոքեց մանուկ տղամարդու առջև և գրկեց նրա ծնկները. ասելով․
Վահե՛, դու բարկացել ես ինձ վրա, ներիր, ես մեղավոր եմ քո առջև։
Արամյանը ոչինչ չպատասխանեց, միայն խնդրեց, որ նա բարձրանա գետնից, բայց օրիորդը վեր չկացավ տեղից և անդադար կրկնում էր.
Ների՛ր, ների՛ր ինձ...
Եվ նա սկսեց դառնապես լաց լինել։
Արամյանը դարձյալ աշխատեց բարձրացնել նրան։
Ես չեմ կանգնելու, մինչև չասես, թե ներում ես ինձ:
Արամյանը ասաց, թե ներում է։
Օրիորդը նստեց յուր առաջվա տեղում։
Ես ներում եմ ձեզ, դարձյալ կրկնեց Արամյանը հոգվոց հանելով, բայց ես այսուհետև չեմ կարող սիրել ձեզ, որովհետև մեր մեջ ամենայն ինչ վերջացած է արդեն...
Օրիորդը դարձյալ սկսավ լաց լինել։
Սերը, օրիորդ Սոֆի, շատ քնքուշ և շատ մաքուր բան է, մի չնչին բիծ ևս արատավորում է նրան, մինչդեռ նա է և պիտի լինի միշտ սուրբ, որպես եղել է սկզբից։
Ուրեմն ես արատավորեցի՞ մեր սերը, հարցրեց օրիորդը։
Այդ ձեզ հայտնի է արդեն։
Բայց դու եղիր դարձյալ բարի և խղճա իմ վրա. ես, Վահե, կմեռնեմ հուսահատությունից, երբ դու թողնես ինձ. իմ կորստյան պատճառ մի՛ լինիր, Վահե։
Մեր մեջ ամենայն ինչ վերջացած է այսուհետև, օրիորդ Սոֆի, սառնությամբ պատասխանեց Արամյանը։ Դուք այլևս ոչինչ մի հուսացեք ինձնից, օրիորդ Սոֆի. այս իմ վերջին խոսքերն են ձեզ հետ. լսեցեք իմ բարեկամական խրատներս, ուղղեցեք ձեր վարքը, եթե չեք կամենում բոլորովին ոչնչացնել ձեզ, քանի որ դուք դեռևս մանկահասակ եք, և դեռևս կյանք կա ձեր առջև։ Ես չեմ մոռանա այն մի քանի ժամերը, որոնք Կոջորում անցուցել եմ ձեզ հետ, ես մինչև մահ պիտի հիշեմ... և դուք հետո պիտի հասկանաք, թե ես ճշմարիտ սիրում էի ձեզ... Այո՛, իմ սիրտը կոտրվեցտվ, սառավ, ինչպես ասացի ձեզ։
Օրիորդ Սոֆին կամեցավ մի քանի խոսք ասել նրան, բայց հանկարծ նախասենյակում լսելի եղավ Քաջբերունու ծանր քայլերի ոտնաձայնը, երբ նա սուլելով անցավ դեպի յուր սենյակը։
Եկավ Սմբատը, ասաց Արամյանը, մենք այստեղ ինչ-որ խոսենք, կարող է լսել նա. գնացե՛ք, խնդրեմ, օրիորդ Սոֆի, թող մեր գաղտնիքը մնա նույնպես ծածուկ, ինչպես եղել է մինչև այսօր։
Դու արտաքսո՞ւմ ես ինձ, Վահե՛, ասաց ողորմելի ձայնով օրիորդը, բայց խնդրեմ օգնիր ինձ մինչև դուռը գնալու, իմ մեջ այլևս ուժ չկա...
Արամյանը բռնեց նրա թևից, բարձրացրեց և սկսավ նրան դուրս տանել:
Կանգնելով դռանը՝ օրիորդը բռնեց Արամյանի ձեռքը և խոսեց.
Վահե՛, դու մերժեցիր ինձ, դու բաժանվեցար ինձնից, բայց ես դարձյալ պիտի սիրեմ քեզ. մնաս բարով, իմ բարեկամ, տուր գոնյա վերջին անգամ համբուրեմ քո ձեռքը։
Եվ նախքան Արամյանը կարգելեր՝ նա նրա ձեռքը սեղմեց յուր երեսի վրա. արտասուքի կաթիլները թրջեցին նրա ձեռքը. Արամյանը օգներ նրան նստել կառքը։ Օրիորդը երեսի շղարշը վայր քաշեց։ Կառքը սահեցավ։
ԼԳ
Ժողովուրդը, ամառվա տաք ամիսներում զրկված թատրոնից, խուռն բազմությամբ դիմում էր այնտեղ։ Օթյակները, բազկաթոռները և աթոռները, պատշգամբը, բոլորը բռնված էին։ Մուզիկան հնչում էր։ Բազմությունից ոմանք իրանց դիտակներով նայում էին գեղեցիկ աղջիկներին, և ոմանք իրանց աթոռների վրա նստած՝ անհամբեր սպասում էին, թե ե՛րբ պիտի բարձրանա վարագույրը։
Բազկաթոռների երրորդ կարգի մի անկյունում նստած էր Քաջբերունին և նրա մոտ՝ Արամյանը։
Արամյանր նույն րոպեին խոսում էր յուր ընկերոջ հետ թատերական բեմի վրա, թե հայկական լեզվով ներկայացումները կարող էին բավական օգուտ բերել հայ հասարակությանը։
Ի՞նչ օգուտ պետք է բերեին, երբ այս հիմարները հայերեն չգիտեն, պատասխանեց Քաջբերունին՝ ակնարկելով թատրոն եկած հայերին։
Մի՞թե սրանք իտալերեն հասկանում են, որ այսպես թափվել են այստեղ, ասաց Արամյանը։
Դու կարծում ես, թե դրանք եկել են այստեղ բան հասկանալո՞ւ, ո՛չ, նրանք եկել են միևնույն նպատակով, ինչ նպատակով մարդ կերթա բազար։ Մայրերը իրանց աղջիկներին զարդարած բերել են վաճառելու, երիտասարդները եկել են գնելու...։ Նայիր այն հարուստ հայ երիտասարդներին, որոնք նստած են առաջին կարգում. նրանք շատ անգամ թանկագին ընծաներ են նվիրում երգչուհուն, սակայն նրանք չեն զգում ո՛չ մուզիկայի անուշությունը, ո՛չ բեմական ներկայացումների վսեմությունը:
Ի՛նչ նպատակով ուզում է լինի, զանազանություն չկա. խնդիրն այն է, որ բազմությունը չի հեռանա թատրոնից, երբ այստեղ ներկայացումներ տան և հայերեն լեզվով։
Այո՛, եթե դու ցանկանում ես միմիայն քո նյութական շահի համար, ավելի զանազանություն չկա, բայց դու ի նկատի ունիս հասարակության իրական օգուտը, որ կարող էր բարոյապես կամ իմացականապես շահվել յուր ազգային բարբառով ներկայացումներ տեսնելով։
Իհարկե, բուն նպատակը կլինի այն, ինչ որ ազգության ճշմարիտ բարեկամի ցանկությունն է. իսկ եթե ժողովուրդը այլ հայացքով կնայի դրա վրա, այդ փույթ չէ, մինչև նա ընտելանա գործի էությանը, որովհետև ի՛նչ նպատակով ուզում է լինի, բայց և այնպես մեկը նպաստում է մյուսին:
Քաջբերունին ոչինչ պատասխան չտվավ և համարյա չլսեց էլ թե ի՛նչ խոսեց նա. նա նայում էր դեպի օթյակները։
Ահա՛ Սոֆին, Վահե, կոչեց նա։ Արամյանը տեսավ Սոֆիին, որ յուր երկու քույրերի և եղբոր հետ ներս մտավ մի օթյակ։ Նա յուր անհամեմատ գեղեցկությամբ և պատշաճավոր հագուստով գերազանցում էր բոլորից։ Նա նստեց և սկսավ յուր գրավիչ նայվածքը անդադար ձգել դեպի յուր չորս կողմը:
Փարթամ բնավորություն է, կրկնեց Քաջբերունին։
Արամյանը ոչինչ չպատասխանեց, երեսը շրջեց դեպի մյուս կողմը, բայց նա նկատեց, որ ստվար դիտակներ ուղղվեցան դեպի նրա օթյակը։
Քաջբերունին նշմարեց ներքի կարգում մի օթյակ, որ բոլորովին դատարկ էր մնացել։ «Այդ ո՞ր բախտավորին է սպասում», ասաց նա յուր մտքում և տեսավ, որ մի րոպեից հետո դռնակը բացվեցավ և այնտեղ ներս մտավ մի աղջիկ միջակ հասակով, և նրա հետ մի նորահաս պատանի, որ երևում էր, թե աղջկա եղբայրն է։
Մանկահասակ օրիորդի արտաքին կերպարանքը բոլորովին գրավեցին Քաջբերունու ուշադրությունը։ Նրա հագուստը ոտքից ցգլուխ աչքի էր ընկնում, չնայելով, որ ոչ միայն պատրաստված չէր թատրոնի համար, այլ այնպիսի պարզ հագուստով մինչև անգամ անհարմար էր երևիլ որևիցե հասարակական ժողովում։ Նրա սև ձեռնոցները, սպիտակ չթյա հանդերձը, նրա սև թավշյա վերարկուն, որ թեք ձգած էր յուր ուսին, արտահայտում էին նրա անփութությունը դեպի հասարակական ծեսերն ու սովորություններր։ Նրա գիսակը ամենևին հարթարած չէր, որպես վայել է թատրոն էրթալու համար, այլ նրանք այնպես խառնված էին, կարծես թե նա դեռ նոր էր հեռացել յուր աշխատության գրասեղանի մոտից։
Այդ օրիորդի օթյակը մոտ էր Քաջբերունու բազկաթոռին, և նորահաս երիտասարդը, գրավված նրանով, կարողանում էր որսալ նրա դեմքի ամեն մի արտահայտությունը և նրա ամեն մի շարժմունքը։
Օրիորդը մտնելով յուր օթյակը, մի կողմնակի հայացք ձգեց բազմության վրա և նստեց խորին սառնասրտությամբ։ Նրա դեմքը գունատ էր, ինչպես մարմարիոն, բայց երեսի գծագրությունը կանոնավոր էր և ախորժելի։ Սև սաթի նման գիսակները, սև հոնքերը և սև, վառվռուն աչքերը ցուցանում էին նրա արևելյան ծագումը։ Իսկ մի քանի րոպեից հետո, քանի մի բառեր, որոնք զանգակի հընչյունով հասան՝ Քաջբերունու լսելիքին, ստուգեցին օրիորդի հայազգի լինելը:
Վարագույրը բարձրացավ։ Բեմի վրա ներկայացնում էին «Ռիգոլետտո»:
Օրիորդը առանց ուշադրություն դարձնելու յուր չորս կողմը, նայում էր միայն բեմին, որպես թե ինքը միայնակ լիներ թատրոնում։ Ռիգոլետտոյի միմոսական ծաղրածությունները չշարժեցին և ոչ մի ժպիտ նրա սառն դեմքի վրա։
«Այդ օրիորդի մեջ մի բան կա», ասաց յուր մտքում Քաջբերունին, չդադարելով հետազոտել նրա ամեն մի շարժողությունը։ Քաջբերունին շատ էր ցանկանում իմանալ օրիորդի ով լինելը, բայց չգիտեր ումից հարցնե։ Նա չուզեց այլ մասին հարցնել նաև Արամյանից, որ նույն ժամուն համարյա ձանձրացրել էր իրան յուր խոսակցությամբ հայկական թատրոնի մասին։
Վարագույրը վայր իջավ։ Առաջին գործողությունը վերջացավ։
Հանդիսականներից ոմանք դուրս գնացին ծխելու և ոմանք մնացին օրիորդներին մտիկ անելու։ Քաջբերունին տեսավ, որ յուր ուշադրության առարկան նույնպես դուրս գնաց օթյակից: Նա առանց մի բան ասելու յուր ընկերոջը, ինքը նույնպես դուրս գնաց։ Նա տեսավ, որ օրիորդը միայնակ ճեմում է նախասենյակում։ Վայելչահասակ օրիորդը ոտքի վրա ավելի գեղեցիկ էր, քան թե օթյակում նստած ժամանակ։
Քաջբերունին սկսավ հետազոտել նրա ընթացքը։ Մի քանի պատվավոր մարդիկ բարևեցին նրան, նա թեթև կերպով շարժեց գլխով և ոչ մինի հետ չխոսեց։
Ներսից լսելի եղավ մուզիկայի ձայնը։ Օրիորդը վերադարձավ յուր օթյակը։
Քաջբերունին համարյա չէր նկատում, թե ինչ էր ներկայացվում բեմի վրա, նրա բոլոր ուշքն ու միտքը դարձած էր դեպի խորհրդավոր օրիորդը։
Ներկայացման այդ տեսարանում, երբ սպանող X․...-ը դրեց բեմի վրա անբախտ N...-ի դիակը, Քաջբերունին նշմարեց հայտնի փոփոխություն օրիորդի դեմքի վրա. նրա աչքերը վառվեցան, և նրա երեսի վրա խաղաց թեթև կարմրություն։ Կարծես նրա անբարբառ դեմքն ասում էր. «արժանավոր հատուցումն հիմար սերին»։
Երբ վարագույրը վայր իջավ, Քաջբերունին շուտով դուրս գնաց, մտածելով հետևել այն օրիորդին, ուր և գնա նա, և տեսնել, թե ո՛րտեղ է բնակվում։ Օրիորդը դուրս եկավ և իսկույն կառք նստեց։ Ինքը նույնպես շտապեց կառքով հետևել նրան։ Հանկարծ հիշեց, որ մոռացել է վերարկուն վեր առնել։ Մինչև դառնալն ու վերարկուն վեր առնելը, օրիորդի կառքն անհետացել էր։
Նա հանդիպեց Արամյանին, որ նրան որոնում էր։
Ո՞ւր մնացիր, հարցրեց Արամյանը։
Քաջբերունին ոչինչ չպատասխանեց և կրկին նստավ կառք, ակնարկելով յուր ընկերին՝ նույնպես նստել։
Նրանք բոլորովին լուռ և անխոս հասան տուն։ Արամյանը նորոգեց յուր խոսակցությունը հայկական թատրոնի մասին։
Դու ավելի լավ կանես առժամանակ թողնես թատրոնի հարցը և հոգաս մի բան ուտելու, քաղցած փորով չի կարելի քնել, ասաց նրան Քաջբերունին։
Տանտերն այժմ քնած կլինի։
Ինչպես և լինի մի բան գտիր։
Արամյանը գնաց մյուս սենյակը և դարձավ մատուցարանը ձեռքին։
Ճաշից մնացել է կես շիշ գինի, մի փոքր պանիր և մի քանի կտոր հաց, ասաց նա։
Այդ էլ բավական է։
Նրանք սկսեցին վայելել իրանց աղքատիկ ընթրիքը։
Ճշմարիտ, Սմբատ, այս գիշեր իմ զգացմունքներս մինչ այն աստիճան գրգռված էին, որ ամենևին չեմ քնել, այսօրվանից պիտի սկսեմ մի լավ դրամա գրել հայոց լեզվով, և եթե կարելի չլինի ներկայացնել մեծ թատրոնում, սակայն կարելի կլինի առանձին մասնավոր տներում ներկայացնել։
Գրի՛ր, եթե թույլ կտան ներկայացնել, ասաց Քաջբերունին։
Եվ Արամյանը երկար մնաց արթուն, նա եռանդով գրում էր...
ԼԴ
Ամբողջ մի ամիս Քաջբերունին որոնում էր, որ մյուս անգամ ևս տեսնե այն օրիորդին, բայց նրա բաղձանքն իզուր անցավ։ Նա շուտ-շուտ թատրոն էր գնում և ամեն օր դուրս էր գալիս բուլվարի վրա կամ գնում էր Աղեքսանդրյան այգին, բայց ոչ մի տեղ չհանդիպեց նրան։
Քաջբերունին սիրահարված չէր նրա վրա, որովհետև, որքան մեզ հայտնի է, այդ կիրքը վաղուց սառած էր նրանում։ Բայց նրա հետաքրքրությունը շարժում էր այն բանը, որ նա ցանկանում էր դիտենալ, թե որպիսի գոյություն ուներ այն խորհրդավոր օրիորդը, որի առաջին իսկ երևույթը թողեց յուր վրա այնպես խոր տպավորություն։
Մի օր բուլվարի վրա երկար զբոսանքից հետո նա մտավ մի հայ գրավաճառի խանութ փոքր-ինչ հանգստանալու։ Նա նստած ծխում էր. հանկարծ տեսավ ներս մտավ նույն օրիորդը, ոտքից ցգլուխ պատշաճավոր հագնված մթագույն հագուստ։ Նա քաղաքավարությամբ մոտեցավ գրավաճառին և բավական մաքուր հայերենով խնդրեց Մ. Միանսարյանցի «Քնար Հայկականը»։ Գրավաճառը պատասխանեց, թե այդ գիրքը իրանց մոտ էլ չի մնացել։ Օրիորդը հարցրեց, թե ո՞րտեղից կարելի է գտնել։ Քաջբերունին պատասխանեց նրան.
Պատվելի օրիորդ, ես ունիմ ձեր խնդրած դիրքը, թե կամենաք՝ ես կտամ ձեզ կարդալու։
Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, պատասխանեց օրիորդը՝ գլուխ տալով նրան։
Ո՞՛րտեղ կարող եմ ձեզ հասցնել։
Իմ կացարանը շատ հեռու չէ, պատասխանեց օրիորդը, ահա իմ հասցեն։
Եվ օրիորդը մոտեցավ գրասեղանին և շատ սիրուն հայերեն դրեց յուր հասցեն և հանձնեց Քաջբերունուն, գլուխ տվավ և շտապ դուրս գնաց։ Նույն օրվա երեկոյան պահուն, Քաջբերունին վեր առնելով բախտավոր գիրքը, որ առիթ տվավ իրան ծանոթանալ յուր խնդրած օրիորդի հետ, սկսավ դիմել դեպի այն նվիրական տունը, ուր բնակվում էր նա։
Նա առանց երկար որոնելու գտավ օրիորդի բնակարանը, զանգր քաշեց և խնդրեց յուր մասին իմացում տալ։
Քաջբերունուն առաջնորդելով մի քանի մաքուր և բավական ճաշակով կահավորված սենյակներով, տարան օրիորդ Աննայի (այդպես էր օրիորդի անունը) առանձնասենյակը։ Երիտասարդի ներս մտնելիս օրիորդը նստած կարում էր։ Տեսնելով յուր հյուրին, նա կարը մի կողմ դրեց, կանգնեց և խիստ քաղաքավարությամբ ողջունեց նրան՝ ավելացնելով.
Ձեր ազնվասրտությունը, հիրավի, ինձ խիստ զգալի է, ես համարձակվեցա ձեզ նեղություն պատճառել։
Ընդհակառակն, ինձ համար մեծ ուրախություն է, պատասխանեց Քաջբերունին և տվավ նրան «Քնար Հայկականը»։
Օրիորդն ուրախությամբ առավ գիրքը՝ ասելով.
Ա՜խ, ես շատ շնորհակալ եմ ձեզանից, դուք չափազանց պարտավորեցրիք ինձ։
Տեսնելով ձեր այդպիսի սերը դեպի հայոց գրականությունը, ես մեծ ուրախությամբ պատրաստ եմ միշտ բերել ձեզ համար ամեն տեսակ հայերեն գրքեր։
Նրանք նստեցան։ Օրիորդն սկսեց ուրախ-ուրախ թերթել «Քնար Հայկականը»։
Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, ասաց նա, ես բավական հայերեն գրքեր ունիմ, միայն նրանք ըստ մեծի մասին գրաբար լինելով, լավ չեմ հասկանում, իսկ մի քանիսն էլ թեև աշխարհաբար, բայց զանազան բարբառով լինելով, դարձյալ դժվար հասկանալի են. բայց այս գիրքը կարելի է հասկանալ։ Ինձ ասացին, թե դրանում հավաքված են մեր նոր և հին գրողների համարյա բոլոր ընտիր երգերը:
Այո՛, պատասխանեց Քաջբերունին, մենք մինչ այսօր չենք ունեցել այդպիսի հարուստ երգարան։ Առաջին անգա՞մն է, որ տեսնում եք այդ գիրքը:
Առաջին անգամն է, պատասխանեց օրիորդը, միայն այս երգերից շատերն ինձ ծանոթ են, որոնք ես կարդացել եմ «Հյուսիսափայլ»-ի, «Գամառ-Քաթիպա»-ի և մեր այլ պարբերական հրատարակությունների մեջ, ինչպես են՝ «Արաքսի արտասուքը», «Իտալացի աղջկա երգը» և այլն։
Դուք ստանո՞ւմ էիք «Հյուսիսափայլ», հարցրեց Քաջբերունին։
Ես շարունակ ստանում էի այդ պատվական ամսագիրը, պատասխանեց օրիորդը, ափսոս որ նա դադարեցավ։ Ռուսաստանում մենք մինչև ցայժմ չենք ունեցել այնպիսի ազատ և խորհրդավոր հրատարակություն։
Քաջբերունին հիացած էր օրիորդի առողջ դատողության և նրա ազգասիրական եռանդի վրա։ Եվ կամենալով ավելի լավ ծանոթանալ նրան, հարցրեց.
Դուք ուրիշ ի՞նչպիսի հրատարակություններ էիք ստանում կամ ի՞նչ գրքեր ունիք։
Ես ստանում էի «Կռունկ», «Ճռաքաղ», թեև նրանցից և ոչ մինը «Հյուսիսափայլ»-ի հետ չէ կարող դասվել։ Մի քանի օր առաջ ինձ մոտ էր եկած մի պոլսեցի երիտասարդ. նա պատմում էր, թե Տաճկաստանում լրագիրներն ու ամսագրերը ավելի մեծ կատարելության են հասած։ Ես խնդրեցի նրանից, նա բերավ ինձ համար մի քանի համար «Մասիս», «Մամուլ», «Մեղու», «Փունջ»։ Ես կարդացի, արդարև տաճկահայերի գործերը ավելի բարձր պիտի դասել գրականության մեջ, քան Ռուսաստանի մերայիններինը։
Ի՞նչն է պատճառ տալիս ձեզ այդպես մտածել, հարցրեց Քաջբերունին։
Իհարկե, իմ նկատողությունները չեն եղել այնքան կրիտիկաբար, ո՛ւր մնաց որ մի քանի թերթերից չէ կարելի ամբողջ Տաճկաստանի հայոց այժմյան գրականության մասին որոշ կարծիք հայտնել. միայն որքան ես նկատեցի, նրանց մեջ առավել տեսանելի է մտքերի ազատություն և իրական ու բարոյական կյանքի ուսումն։
Ո՞վ էր այն երիտասարդը։
Ուղիղը չգիտեմ, որովհետև նա յուր անձի համար ոչինչ չասաց, միայն որքան երևում էր, ուսյալ ոմն պիտի լիներ։
Քաջբերունին մտածման մեջ ընկավ։
Նա այստե՞ղ է այժմ, հարցրեց նա։
Ո՛չ, չգիտեմ նա ուր գնաց. նա ճանապարհորդում էր զանազան տեղեր։
Ի՞նչպես եղավ, որ դուք ծանոթացաք նրա հետ։
Մի օր Ալեքսանդրյան այգում նստած էի մի անկյունում իմ մի բարեկամ երիտասարդի հետ. խոսում էինք մի կատակերգության մասին, որ այն օրերում ներկայացրին պատանի N-ինի տանը։ Ես նկատեցի մի օտարական, որ նստած էր նստարանի մյուս ծայրին և ուշադրությամբ լսում էր մեզ. երբ մեր վեճը վերջացավ, մենք սկսանք զբոսնել այգիում, նա դարձյալ չէր հեռանում մեզանից։ Խոսակիցս ամենևին ուշադրություն չէր դարձնում, բայց ես գաղտնի հետազոտում էի նրա ընթացքը։ Օտարականի խորհրդավոր կերպարանքը շարժեց իմ հետաքրքրությունը։ Ինձ ցանկալի էր գիտենալ, թե ինչո՞ւ չէր հեռանում նա մեզանից։ Ընկերիս հարկավոր եղավ վառել յուր ծխախոտը նրա ցիգարից, որ նա ծխում էր. այդ փոքրիկ հարաբերությունը առիթ տվավ նրան հաղորդ լինել մեր խոսակցությանը, և ես այդպիսով ծանոթացա այն պարոնի հետ.
Նա ակնոց ունե՞ր, բարձրահասա՞կ էր, գանգուր մազերով, շագանակագույն, մոխրագույն լայնեզրյա եվրոպական գլխարկ, այնպես չէ՞, պայծառ, գրավիչ դեմքով... փոքրիկ շիկավուն մորուքով... այո՞, խոսելու միջոցին սովորություն ունի խաղալ մորուքի մազերի հետ... ուղի՞ղ է։
Իսկ և իսկ, կրկնեց օրիորդ Աննան, նույն անձն է։ Բայց դուք մի բան մոռացաք, ավելի նշանավոր են նրա աչքերը՝ մեծ-մեծ, լիքր, փայլուն և խաժակն...։
Այո՛,- պատասխանեց Քաջբերունին։
Ասացեք խնդրեմ, ո՞վ էր նա։
Ես ևս այնքան գիտեմ, թե ո՛վ է նա, որքան և դուք, միայն այսքանն ինձ հայտնի է, որ նա, ինչպես ասացիք, ուսյալ ոմն է...
Մի քանի րոպե ևս տևեց նրանց մեջ այդ խոսակցությունը անծանոթ անձի մասին, մինչև նրանք դարձյալ սկսեցին խոսել հայոց գրականության մասին։
Հրամմեցեք գնանք իմ մատենադարանը, ուր դուք կտեսնեք, թե ի՛նչ գրքեր ունիմ, ասաց օրիորդր կանգնելով։
Քաջբերունին նույնպես վեր կացավ։ Օրիորդը յուր կարը և կարելու պարագաները դնելով մի զամբյուղում, սկսավ առաջնորդել յուր հյուրին դեպի յուր մատենադարանը, ամենևին ուշադրություն չդարձնելով թափ տալու յուր հագուստին կպած բամբակի և թեյի պատառները։
Մեր Սաթենիկը՝ փոքր քույրս, չի բարկանա, որ այսօր ևս չի կարող հագնել յուր շապիկը, ասաց օրիորդը։
Ուրեմն ես ղրկեցի խեղճ երեխային յուր ուրախությունից, ասաց Քաջբերունին, արգելք լինելով ձեզ կարելու։ Ո՛չ, նա այնքան բարի երեխա է, որ չի նեղանա:
Նրանք մտան մատենադարան։
Քաջբերունուն այնպես էր թվում, թե հարյուր անգամ եղել է այդ տանը, և օրիորդի պարզ վարվեցողության մեջ չէր նշմարվում որևիցե մեծարական ցույցեր. նրա բոլոր ընթացքը արտահայտում էր անկեղծություն և բարեսրտություն։
Օրիորդի մատենադարանը մի փոքրիկ սենյակ էր, բավական մաքուր, առանց արտաքին շքեղության, նրա բոլոր զարդարանքն էին մի քանի պատկերներ, որոնց մեջ տեսանելի էր Վարդան Մամիկոնյանի, Ոգի Հայաստանիի, Հայկի պատկերները և մի քանի այլ պատկերներ հայ քաջազունների։
Օրիորդը սկսավ ցույց տալ յուր գրքերը։
Ահա՛ Եղիշե, ահա՛ Խորենացի, Նարեկ, Ագաթանգեղոս, «Վերք Հայաստանի»...։
Բավական գրքեր ունիք, ասաց Քաջրերունին։
Գրքեր ունիմ, միայն ցավում եմ, որ գրաբար են, իսկ ես լավ չեմ հասկանում։
Դուք կարող եք պարապել հին լեզվով, առանց լավ ծանոթանալու հին լեզվի հետ, չէ՛ կարելի խորին տեղեկություն ունենալ մեր լեզվին և մեր գրականությանը։
Բոլորովին ուղիղ է ձեր ասածը, պատասխանեց օրիորդը. քանի եղբայրս կենդանի էր, նա ուսուցանում էր, բայց նրա մահից հետո թերի մնաց իմ հայերեն լեզվի գիտությունը, այժմ թեև մի սարկավագ երբեմն գալիս է դաս պարապելու հետս, բայց այդ խղճալին ինքը ևս լավ չէ իմանում։
Եթե դուք համաձայնեք, ես պատրաստ եմ շաբաթը երկու անգամ գալ ձեզ հետ հայերեն պարապելու։
Եթե ձեր ժամանակը կներե, ես չափազանց շնորհակալ կլինիմ, պատասխանեց օրիորդը։
Ես այժմ համարյա բոլորովին ազատ եմ, պատասխանեց Քաջբերունին, բայց եթե գործ ևս ունենայի, դարձյալ ես մեծ հաճությամբ իմ ժամանակից մի քանի ժամ կզոհեի մի հայ օրիորդի, որ կամենում է յուր ազգային մայրենի լեզուն լավ սովորել։ Ափսո՜ս, որ այդպիսի ցանկացողներ խիստ հազվագյուտ են այս քաղաքում։ Այստեղի աղջիկները ո՛չ միայն չեն սիրում իրանց ազգային լեզուն ու գրականությունը, այլև ատում են և նախատինք են համարում խոսել հայերեն։
Ի՞նչ մեղ ունին այն խեղճերը, պատասխանեց օրիորդ Աննան. նրանք ի՞նչ ճաշակ ունին իրանց ազգային գրականությունից և լեզվից, որ սիրեն նրան. իրանց ընտանեկան կյանքում դեռ երեխա, երբ նրանց լեզուներր բացվում են, ծնողները սկսում են նրանց հետ խոսել օտարազգի բառերով, այնուհետև, երբ ուսումնարան են մտնում, այնտեղ ևս օտարազգի լեզուներ են սովորում բոլորովին զուրկ մնալով ազգային լեզվից:
Քաջբերունու դեմքը մռայլվեցավ՝ լսելով վերջին խոսքերը: Նա ոչինչ չպատասխանեց։
Եթե մեր ծնողները լինեին խելացի մարդիկ, առաջ տարավ յուր խոսքը օրիորդ Աննան, և իրանց աղջկերանց ազգային հիմնավոր կրթություն տային, այլևս ուրիշ ո՞ր ազգի լեզուն կամ գրականությունը կարող էր գրավել հայ օրիորդի սիրտն ու հոգին, որպես յուր հայկականը։ Օրինակի համար վեր առնենք մեր «Վերք Հայաստանի»-ն. ես տասն անգամ կարդացել եմ նրան, բայց դարձյալ ախորժանքով նորից ցանկանում եմ կարդալ, բայց մի օտարազգի վեպ մի անգամ, երբ մարդ կարդում է, մյուս անգամ այլևս չէ ցանկանում նայել նրա վրա։
Քաջբերունին ուշադրությամբ լսում էր նրան և զարմանում նրա դատողության վրա. նա Ռուսաստանում այս առաջին անգամն էր հանդիպում մի այդպիսի օրիորդի, որ այդ տեսակ կրթություն և հասկացողություն ունենար։
Եթե ես փոքրիշատե գիտեմ հայերեն, խոսեց օրիորդը, այդ իմ հանգուցյալ հոր և եղբոր շնորհիվն է. քանի եղբայրս չէր վերադարձել համալսարանից, հայրս էր պարապում իմ կրթությամբ. իսկ եղբորս գալուց հետո, երբ հայրս վախճանվեցավ, եղբայրս նրա փոխարեն սկսավ կառավարել մեր տնտեսությունը և հոգաբարձու լինել իմ կրթության, սակայն թոքախտը նրան չթողեց երկար ապրել, նա մեռավ երկու տարի առաջ։
Այդ փոքրիկ պատմությունը օրիորդը արտասանեց այնպիսի զգալի կերպով, որ բավական ներգործեց Քաջբերունու սրտին: Ես ուրախ եմ, որ «Քնար Հայկականի» միջոցով կարողացա ծանոթանալ ձեզ հետ և հույս ունիմ փոխարինել ձեր հանգուցյալ եղբորը՝ հայերենում ունեցած ձեր թերությունները լրացնելու։
Օրիորդը յուր շնորհակալությունը հայտնեց գլխի շարժումով, ապա հարցրեց.
Դուք կարծում եք, թե «Քնար Հայկականը» առիթ չտար մեզ միմյանց հանդիպելու, մենք բոլորովին անծանո՞թ պիտի մնայինք միմյանց։ Այո՛։
Բայց վաղուց է, որ ես ճանաչում եմ ձեզ, պատասխանեց օրիորդը։
Քաջբերունին չկամենալով հայտնել, թե մի անգամ ինքը տեսել էր նրան թատրոնում, ցանկացավ գիտենալ այդ անակնկալ խոսքի իսկությունը։
Դո՞ւք, ի՞նձ, հարցրեց նա։
Այո՛, ձեզ։
Ինչպե՞ս։
Լսեցեք, ևս պատմեմ ձեզ, խոսեց օրիորդը, մի կյուրակե ես վերադառնում էի հիվանդանոցից, որ գտնվում էր գերմանացոց թաղում, ուր գնացել էի մի քանի խեղճ հիվանդների այցելություն գործելու, ինձ հանդիպեց մի գերմանուհի պառավ, որին վաղուց ես ճանաչում էի, նա ասաց, թե յուր տանը կենում է մի հայ երիտասարդ, որ խիստ հիվանդ է, և ավելացրեց, թե երիտասարդը ուսանողներից է։ Ես իսկույն հասկացա, որ հիվանդը մեր քաղաքացի չպիտի լինի, որ կենում է գերմանացու տանը, և խնդրեցի պառավին, եթե կարելի է՝ ինձ ցույց տալ հիվանդինը նա հոժարացավ։ Մենք միասին եկանք նույն գերմանուհու տուն։ Այնտեղի հիվանդը դուք էիք, ես ձեր քնարանի լուսամուտից ներս նայեցի, դուք պառկած էիք. բայց չհամարձակվեցա ներս մտնել տեսնելով մի այլ տղամարդի, որ նստած էր ձեր մահճակալի մոտ։ Իսկ այնուհետև ես ամեն կյուրակե գալիս էի նույն պառավի մոտ և հարցնում ձեր առողջության մասին։ Պառավն ինձ ուրախացնում էր միշտ՝ հաղորդելով ձեր առողջության օրըստօրե ուղղվելու մասին. այլև նա հաղորդեց ինձ մի քանի տեղեկություններ ձեր բնավորությունից, որոնք խիստ հետաքրքրեցին ինձ, և այնուհետև ես ցանկանում էի ձեզ հետ ծանոթանալ։ Այդ էր պատճառը իմ այն վերին աստիճանի անքաղաքավարության, որ երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք գրավաճառանոցում, ես խնդրեցի ձեզնից՝ անձամբ բերել «Քնար Հայկական»-ը մեր տուն։
Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, ազնիվ օրիորդ, ասաց Քաջբերունին և բարեկամարար սեղմեց նրա ձեռքը։
Բայց այն մանուկ տղամարդը ո՞վ է, որ ձեզ հետ կենում է, հարցրեց օրիորդը։
Նա իմ ընկերն է՝ համալսարանից սկսած։
Պետք է այն պարոնը ազնիվ տղամարդ լինի, գերմանուհի պառավը պատմում էր, նա շատ խնամք էր տանում ձեր առողջության մասին։
Այո՛, նա բարի տղա է։
Նա ևս մեր քաղաքացի չ՞է ։
Այո՛, նա էլ ինձ պես պանդուխտ է այստեղ։
Խնդրեմ, մյուս անգամ մեր տուն գալուց նրան ևս ձեզ հետ բերեք. ինչպե՞ս է նրա անունը։
Վահե Արամյան։
Վահե Արամյան, կրկնեց օրիորդը, ա՜խ, ես ո՛րքան սիրում եմ մեր պատմական անունները, ի՜նչ քաղցր հիշատակներ են նրանք ծնում մեր մտքի մեջ...։ Բայց ասացեք, խնդրեմ, ի՞նչ է ուսել պարոն Արամյանը համալսարանում։ Նա ավարտել է բանասիրական մասը, այլև ուսել է արևելյան լեզուները։
Ուրեմն հայերեն ևս լավ պիտի գիտենա։
Նա երևելի հայկաբան է, այլև հեղինակ. ունի մի քանի արհեստական և մի քանի բանաստեղծական աշխատություններ. այս օրերում նա ավարտեց մի եղերերգություն՝ «Վարդան Մամիկոնյանի մահը» անունով, հիանալի բան է։
Արևը վաղուց մայր էր մտել, և սենյակը, ուր նրանք նստած էին, բավական մթնել էր։ Օրիորդը նկատեց այդ, իսկույն վառեց ղամբարը՝ ասելով.
Ինչո՞ւ ճրագ չենք վառում, ա՜խ, ո՛րքան մոռացկոտ եմ ես։ Մի քանի րոպե ևս նրանք խոսեցին այս և այն առարկայի վրա, մինչև աղախինը եկավ հայտնեց օրիորդին, թե ո՜րտեղ կկամենային վայելել թեյը։
Պարոն Քաջբերունի, ասաց օրիորդը, հրամմեցեք գնանք դահլիճ, այնտեղ դուք կտեսնեք իմ պառավ մորը և կծանոթանաք նրա հետ։ Նրանք դուրս եկան մատենադարանից և մտան դահլիճ։ Այնտեղ նստած էր օրիորդի մայրը, մի հասակն առած կինարմատ, բարի և խելացի դեմքով։ Նա ոտքից գլուխ հագնված էր սև։ Օրիորդը յուր հյուրին ներկայացրեց մորը՝ ասելով.
Ահա՛, մայրիկ, պարոն Քաջբերունին, այն երիտասարդը, որ հիվանդ պառկած էր գերմանացոց թաղում և որի մասին շատ անգամ պատմել եմ քեզ։
Իմ մայրը, տիկին Եղիսաբեթ, կրկնեց օրիորդը։
Քաջբերունին գլուխ տվավ. նրանք նստեցին։ Ներս մտան՝ օրիորդի քույրը՝ Սաթենիկը, մի սևլիկ աղջիկ, թավ գիսակներով և փոքրիկ դեմքով, և նրա եղբայրը՝ Արշակը, փոքր քրոջ նման մանուկ, գորշ դեմքով։ Երկուսն էլ քաղաքավարությամբ մոտեցան, ձեռք տվին Քաջբերունուն և նստեցին իրանց մոր մոտ։ Օրիորդը ցույց տվավ նրանց վրա՝ ասելով.
Արշակը եղբայրս է, Սաթևնիկը փոքր քույրս, դրանց երկուսի անունն էլ մեծ եղբորս դրածն է։
Մեծ եղբոր անունը հիշելուս՝ տիկին Եղիսաբեթի աչքերը լցվեցան արտասուքով, օրիորդը նկատեց այդ և շուտով խոսքը փոխեց։
Մատուցին թեյ։ Քաջբերունին մի փոքր ևս խոսեց այս ու այն բանի վրա, հետո գդակն առավ ու հեռացավ։