Раффи

Զահրումար

ԻԲ, ԻԳ, ԻԴ

ԻԲ

Արամյանը սկսավ շուտ-շուտ հաճախել Հացի-Գելենց տուն և շատ անգամ մնաց նրանց մոտ ճաշի և ընթրիքի։ Տիկին Բարբարեի գլխում հենց առաջին օրից միտք ծագեց՝ ուսյալ և մայրաքաղաքում կրթված տղամարդուն ընտրել յուր փեսա։ Սոֆիի խելքր գնում էր նրա խելացի խոսակցություններից և շնորհալի վարվեցողությունից։

Մայիլովը վաղուց կորցրել էր յուր նշանակությունը։ Եվ նրա վրա Հացի-Գելենց տանը ոչ միայն օրիորդ Սոֆին, այյև ամենքը նայում էին որպես երեխայի վրա։

Բայց Արամյանի սրտում չկար և ոչ մի միտք փեսայի կամ տարփածուի։ Արդարև նրան ախորժելի էր նորահաս օրիորդի գեղեցկությունը, բայց ոչինչ սեր նրան չէր հրապուրում դեպի գեղեցիկ օրիորդը, միայն վերջին օրերում, Արամյանը նկատելով նրա մեջ խիստ խորին ատելություն դեպի յուր ազգը, կրոնը և մայրենի լեզուն, աշխատում էր, որքան կարելի է, հեռացնել նրանից այդ վնասակար գաղափարները, որ տպավորվել էին նրա հոգում՝ յուր ինստիտուտական տարապայման կրթությունից։

Մի առավոտ, երբ արևը բավական բարձրացել էր հորիզոնի վրա, Արամյանը և օրիորդ Սոֆին միայնակ նստած էին բաց լուսամուտի հանդեպ։ Գրիգոլն ու Մայիլովը գնացել էին զբոսանքի, իսկ տիկին Բարբարեն մյուս սենյակումն էր։

Արամյանը երկար նրան պատմելով, թե ի՛նչ նշանակություն ունի ազգայնության գաղափարը, խոսում էր նրան նույն րոպեին հայոց ազգի հին և նոր պատմական կյանքից, և բացատրում Էր նրան, թե ի՛նչն էր հայոց գլխավոր թշվառությունների պատճառը։

Խոսքը հասավ լեզվին, թե ազգային կյանքում ի՛նչ նշանակություն ունի լեզուն։ Եվ Արամյանը խիստ քաղաքավարի կերպով հարցրեց օրիորդից, թե արդյոք նա չի ցանկանում սովորել յուր մայրենի լեզուն։

Արամյանի այդպիսի հարցմունքը շարժեց օրիորդի ծիծաղը, և նա պատասխանեց երգիծական ոճով.

- Ի՞նչ ախորժանք՝ սովորել մի լեզու, որով կրոները միայն կարսղ են խոսել։

Արամյանը խիստ վշտացավ այդ պատասխանով։

- Ինչպե՞ս,- հարցրեց նա ուղիղ օրիորդի երեսին նայելով։

- Այնպես՝ որ այդ լեզուն այնպիսի լեզու չէ, որով ուսյալ մարդը կարողանա բացատրել յուր միտքը։

Խոսելով լեզվի վրա, օրիորդը փոխանակ ասելու հայոց լեզուն, ասում էր այդ լեզուն, կամ ձեր լեզուն, կարծես թե մեղք էր բերան առնել հայ բառը։

- Ինչո՞ւ,- հարցրեց Արամյանը։

- Նրա համար, որ ուսումնական և արհեստական բառեր չունի, նա բաղկանում է միայն այնպիսի բառերից, որով մի բազազ գիտե կեղծավորել, սուտ երդվել, հայհոյել, անիծել և այլ այդպիսի կեղտոտ բաներ արտասանել։

Արամյանը բարկության չափ վշտացավ վերջին խոսքերից։

- Ներողություն, օրիորդ, բոլորովին սխալ է ձեր կարծիքը,-ասաց նա։

- Ներողություն, պարոն Վահե, ինչով եք զուր հակառակում,- խոսեց օրիորդը ավելի համառությամբ։- Ոչ միայն ուսումնական բառեր այլև կյանքի մեջ հասարակ, ընտանեկան բառեր չունի այդ լեզուն։ Օրինակի համար, ձեր լեզվով ի՞նչպես պետք է ասել շլյապա, շլեյֆ և այլն։ Արամյանը ոչինչ պատասխան չտվավ, միայն ծիծաղեցավ օրիորդի թեթևամտտւթյան վրա։

- Երևի այդ բառերը դուք չգիտեք,- կատակելով հարցրեց օրիորդը,- ասացեք, խնդրեմ, ի՞նչպես պետք է ասել սամովար, սպիչկա. չէ՜ որ դրանք դյուրին բառեր են։

-Հեշտաեռ, լուցկի,-պատասխանեց Արամյանը։

-Ե՜ռ․․․ ը՜ռը... լո՜ւց... լո՜ւց․․․ կի՜... ո՜ւֆ, պղծվում է մարդու լսելիք... ի՞նչ բառեր են դրանք, կարծես թե կոտրած սայլակ է ճռնչում կամ բարաբան են ածում,- պատասխանեց օրիորդը դեմքը խոժոռելով, որպես թե լսում էր անախորժ ձայներ։

-Բոլորովին ներելի չէ՝ ձեր կողմից դատողություն անել մի լեզվի վրա, որ դուք չգիտեք,-նրա խոսքը կտրեց Արամյանը խորին տհաճությամբ։ -Դուք տակավին չգիտեք, որ այդ բառերը, որ այդպես ոգևորված հնչում եք, չեն պատկանում այն լեզվին, որով խոսում եք դուք, այլ դրանք ուրիշ ազգերի սեփականություններ են. եթե հայն էլ կամք ունենար օտարների նման մինչև երեսուն հազար բառ մուրալ ուրիշ ազգերից, ոչ ոք չէր արգելիլ նրան, այն ժամանակ և մենք այդպիսի բառեր ամբողջապես կունենայինք մեր լեզվում։

Բայց հայոց լեզուն այնքան ճոխ է, որ առանց ուրիշից փոխ առնելու ևս կարող է ստեղծել յուր համար բառեր։

Օրիորդ Սոֆին, նկատելով Արամյանի մինչև վերջին աստիճանի վշտանալը, պատասխանեց նրան կատակով.

-Թե աստված կսիրեք, թողնենք այս դատարկ խոսակցությունը. մի՞թե արժե ժամանակ վատնել այսպիսի չնչին զրույցներով։

-Եթե այդպես է, պատվելի օրիորդ, ես չեմ կամենում ձեր թանկ ժամանակը վատնած լինել չնչին զրուցներով․ մնաք բարով,-ասաց նա, գլխարկն առավ և գլուխ տալով դուրս գնաց։

-Պարոն, պարոն Վահե,-կանչեց օրիորդը նրա ետևից վազելով, բայց Արամյանը չկանգնեց և խորին սրտմտությամբ դուրս եկավ Հացի-Գելենց բնակարանից։

ԻԳ

Մի քանի օր Արամյանը չերևաց Հացի-Գելենց տանը, օրիորդ Սոֆին խիստ անհանգիստ էր այդ մասին, նա միայն հեռվից մի քանի անգամ տեսավ նրան զբոսանքից վերադառնալիս կամ գյուխը կախ անցուդարձ անելիս յուր կացարանի բակում։ Բայց երբեք առիթ չեղավ նրա հետ խոսելու կամ հեռվից գլուխ տալու, ինչպես առաջ սովորաբար անում էին։

Օրիորդի սրտում վառվել էր մի կայծ, որ բորբոքում էր նրա սերը դեպի վայելուչ երիտասարդը։

Մի գիշեր Գրիգոլը հայտնեց նրան, թե Արամյանը միտք ունի թողնել ամառանոցը և գնալ քաղաք։ Այդ լուրը կայծակի հարվածի ազդեցություն ունեցավ օրիորդի սրտին, երբ մտածեց, թե նա պիտի բաժանվի իրանից բոլորովին խռոված կերպով։ Առավոտյան նա շուտով վեր կացավ, հագնվեցավ, առավ հովանին և գիտենալով այն ժամը, երբ Արամյանը գնում էր զբոսանքի դուրս եկավ կացարանից, այն հուսով՝ թե գուցե հանդիպի նրան։

Բարեբախտաբար օրիորդը հանդիպեց նրան, երբ Արամյանը նոր էր դուրս գնում։

-Բարև, պարոն Վահե,-ասաց օրիորդը ձեռքր մեկնելով նրան։

-Բարով,-կրկնեց Արամյանը՝ սեղմելով նրա ձեռքը

-Ո՞ւր այդպես։

-Դեպի անտառ,-պատասխանեց Արամյանը։

-Կարո՞ղ եմ ընկերանալ ձեր զբոսանքին։

-Կարող եք։

-Տվեք թևդ,-խնդրեց օրիորդը։ Արամյանը տվավ նրան յուր թևը։ Նրանք դիմեցին դեպի անտառ։

-Էս լսեցի, որ դուք միտք ունիք այսօր գնալ քաղաք, իրա՞վ է,-հարցրեց օրիորդը։

-Պիտի գնամ երեկոյան պահուն, -պատասխանեց Արամյանը

-Ի՞նչ պատճառով։

-Իմ համալսարանական ընկերս քաղաքում հիվանդ է, գնում եմ նրա մոտ։

-Ուրեմն կմնա՞ք նրա մոտ։

Եթե նա համաձայնի կամ կարողանա այստեղ գալ, ես կբերեմ նրան, բայց թե չկարողանա, պիտի մնամ նրա մոտ։ Օրիորդը մի քանի րոպե լռեց։

-Եվ դուք առանց ինձ հետ հաշտվելու պիտի գնաք, -հարցրեց նա ողորմելի կերպով։

-Մի՞թե ես կռվել եմ ձեզ հետ,- խոսեց Արամյանը։

-Ո՛չ, անցյալ օրը ես բարկացրի ձեզ, և դուք մասնավորապես խռոված եք ինձնից, այնպես չէ՞։ -Ինչո՞ւ պիտի խռովեմ ձեզանից և ի՞նչ իրավունք ունիմ բարկանալ ձեզ վրա, միայն ես ցավում եմ, որ մեր ազգը ուսյալ օրիորդները, որոնց վրա մենք դրել ենք մեր հույսը, թե նրանք պիտի լինեն ապագա կրթյալ սերնդի մայրերը, խիստ զզվանքով են նայում իրանց ազգի վրա։

-Ներողություն, եթե այդ վշտացրել է ձեզ։

-Ավելորդ է ներողություն խնդրել, ես ավելի ուրախ կլինեմ, երբ դուք սիրեք մեր ազգը։

-Ես այսուհետև պիտի հակառակիմ ձեզ այդ մասին։

-Ես կամք չունիմ բռնաբարել ձեր համոզմունքը,- պատասխանեց Արամյանը։

-Ես պիտի ուսանեմ հայերեն խոսել, այդ լա՞վ է, - կրկնեց օրիորդը ժպտալով։

-Այդ ձեր ազգային պարտավորությունն է,-պատասխանեց Արամյանր սառնությամբ։

Նրանց մեջ տիրեց լռություն։ Արամյանը ամենևին էր հավատում օրիորդի խոստմունքին, թե նա կսովորի յուր մայրենի լեզուն, թեև նա կիսակատակի ոճով խոստացավ այդ։

-Դուք ասացիք, թե համալսարանական ընկերդ հիվանդ է,- հարցրեց օրիորդ Սոֆին,- ո՞վ է նա և ի՞նչպես է կոչվում։

- Նա մեր քաղաքացի չէ և կոչվում է Սմբատ Քաջբերունի,-պատասխանեց Արամյանր։

- Ի՞նչ օտարոտի անուն է այդ, պարոն Վահե,-պատասխանեց օրիորդը նուրբ ծիծաղով։

-Ուրեմն և իմ անունս պիտի օտարոտի թվի ձեզ, որովհետև այդ ևս ձեզ անծանոթ պատմական անուն է։

-Ներեցեք, խնդրեմ, որը չեմ կարող ասել ոչ,- ասաց օրիորդը։

Արամյանի դեմքը դարձյալ մռայլվեցավ։

-Բայց ի՞նչպիսի անուններ եք սիրում դուք։

-Ես սիրում եմ ահա այսպիսի անուններ-Վանյա, Սաշա, Կոլյա...

-Դրանք դերասանների և արտիստների անուններ են։

-Ի՞նչ փույթ, բայց քաղցրահնչյուն են. հապա ինչ են սրանք- Կիրակոս, Մարտիրոս, Խեչո և այլն,-խոսեց օրիորդը՝ երեսի վրա ձևացնելով արհամարհական ծամածռություններ։

- Անունները ոչինչ նշանակություն չունի մի ազգի լավ կամ վատ հատկությունների համար,- պատասխանեց Արամյանը։ Միմիյան օտարամոլությունը ծնեցրել է ձեր մեջ այդպիսի գաղափարներ։ Բայց այն, որ վերաբերում է իմ և իմ ընկերիս անուններին, եթե դուք կարդայիք հայոց ազգի պատմությունը, այն ժամանակ կգիտենայիք, թե ո՛վքեր էին Քաջբերունիք, ո՛վքեր էին Սմբատը, Արամը և Վահեն,-և նա սկսավ պատմել նրան այն ժամանակներից, երբ հայերը ունեին թագավորություն և թե ովքեր էին Քաջբերունիք, Սմբատը, Արամը և Վահեն։

Արամյանի պատմությունը բավական ազդեցություն արավ օրիորդի սրտին, և նա, զղջալով յուր խոսքերի համար, ասաց.

-Ներողություն եմ խնդրում անգետ նկատողության համար, կարելի է վշտացրի ձեզ։

-Ես չեմ վշտանում, միայն ցավում եմ, որ դուք չգիտեք մեր ազգի պատմությունը։

-Ես ինչ մեղք ունեմ, չեն սովորեցրել,-պատասխանեց օրիորդը զգալի եղանակով։

Արամյանը լռեց։

-Ասացեք, խնդրեմ, ի՞նչպիսի մարդ է այդ պարոնը, -ձեր համալսարանական ընկերը,-հարցրեց օրիորդ Սոֆին մի քանի րոպեից հետո։

-Նա մի գործունյա, խոհեմ և ուսյալ մարդ է,- պատասխանեց Արամյանը։

-Շա՞տ ուսյալ է։

-Նա այժմ փիլիսոփայության և իրավաբանական դոկտոր է։

-Ո՞րտեղ է ավարտել։

-Իրավաբանությունը Պետերբուրգի համալսարանում, իսկ փիլիսոփայություն Գերմանիայում։

-Ուրեմն երևելի մարդ է,-կրկնեց օրիորդը,-բայց ասացեք՝ երիտասա՞րդ է։

-Նա այժմ կլինի մոտ երեսունևհինգ տարեկան։

-Դուք նրան կբերեք ամառանոց։

-Հույսս մեծ է։

-Եվ կծանոթացնե՞ք ինձ նրա հետ։

-Այո՛։

Երկու կողմից ևս տիրեց լռություն։

Օրիորդ Սոֆին մտածում էր Քաջբերունու վրա և յուր մտքի մեջ զանազան կերպարանքներով նկարագրում փիլիսոփայության և իրավաբանության դոկտորին, թե որքան վայելուչ կերպով հագնված պիտի լինի, որքան շնորհալի վարվեցողություն ունենալու է․ իհարկե, դրանց հետ երևակայում էր նրա մեջ և նորահաս երիտասարդական գեղեցկություն։

Բայց բոլորովին այլ առարկայով էր զբաղված նույն րոպեին Արամյանի մտածողությունը։ Նա խորհում էր այն քաղաքի հայ օրիորդների կրթության և ուսման բոլոր թույլ կողմերի վրա։ Նա ցավելով մտաբերում էր այն մեծ ազգային կորուստը, որով ուսումը և ուսումնարանները պատրաստում էին հայերից այնպիսի ուսյալ օրիորդներ, որոնք ոչինչ տեղեկություն չունեին իրանց ազգային պատմությունից, որոնք ոչ միայն չեն սիրում իրենց հայրենական ավանդությունները, այլ հայությունը նրանց աչքում նախատինք է համարվում։ Ահա այդպիսի տխուր մտածություններ խռովել էին Արամյանի սիրտը, և նա մտածում էր, թե ի՞նչպես պետք է այդ ազգային վերքերին դարման տանել։

Նրանք այդպես՝ ամեն մինը պաշարված յուր մտածություններով, լուռ դնում էին, ուշք չդարձնելով, թե որքան անցել են դեպի անտառի խորքը, մինչև օրիորդ Սոֆին հոգնածություն զգալով`խնդրեց Արամյանին նստել մի փոքր հանգստանալու։ Արամյանը սիրով կատարեց նրա խնդիրը, և նրանք նստեցին կտրած ծառերի կոճղերի վրա։

Օրիորդ Սոֆին, որ մտածում էր փիլիսոփա ուսանողի վրա, նորոգեց խոսակցությունը Քաջբերունու մասին։

-Ուրեմն երևելի մա՞րդ պիտի լինի ձեր համալսարանական ընկերը,-խոսեց նա։

-Այո՛.-պատասխանեց Արամյանը։

-Այդ պարոնը ի՞նչ նպատակով է եկել մեր քաղաքը։

-Նպատակներ շատ ունի նա.... բայց նա մեր քաղաքում մնալու մտքով չէ եկել, հիվանդությունը պահեց նրան այստեղ. նա եկել է, որ գնա ճանապարհորդելու Հայաստան, և ուր որ հայեր կան։

-Ի՞նչ կա ավերակ Հայաստանում,-պատասխանեց օրիորդը տհաճությամբ,-նա ավելի լավ կանե գնա ճանապարհորդելու Եվրոպա։

-Նա տեսել է Եվրոպան, օտար աշխարհները նրան այնքան շեն գրավում... նա գործ ունի յուր հայրենի աշխարհի հետ...

-Մի՞թե նրա համար առավել ախորժելի չէ կյանք վարել, զորօրինակ, Փարիզում,-հարբեց օրիորդը։

-Քաջրերունին աղքատ մարդ է։

-Այդքան ուսյալ և աղքա՛տ,-զարմանալով կրկնեց օրիորդը։

-Այո, նա աղքատ է, առավելապես նրա համար, որ շատ ուսյալ է։ Վերջին խոսքը շարժեց oրիորդի հետաքրքրությունը, և նա հարցրեց.

Ի՞նչպես։

Այնպես, որ նա թույլ չէ տալիս իրան խոնարհվիլ այն անարգ հանգամանքներին, որով մեր այստեղի թերուս երիտասարդներից շատերն իրանը համար ձեռք են բերում հաց և պատիվ։

Ուրեմն Քաջբերունին շա՞տ մեծահոգի է, պատասխանեց օրիորդը՝ բոլորովին չհասկանալով, թե ի՛նչ հանգամանքներ էին, որոնց նա չէր ստորացնում իրան։

Այո, նա մեծահոգի է, պատասխանեց Արամյանը և լռեց:

Օրիորդը նույնպես մտածման մեջ ընկավ, բայց մին էլ նշմարեց, որ արևը բավական բարձրացել է հորիզոնի վրա, և միևնույն րոպեին մի գաղտնի, նրան ևս անհասկանալի զարհուրանք պատեց, երբ տեսավ իրան միայնակ, մանուկ տղամարդու հետ, այդպես հեռու, անտառի խորքում...

Նա ոտքի ելավ։

Վերադառնանք, պարոն Վահե, ասաց նա։

Վերադառնանք, կրկնեց Արամյանը։

Եվ նրանք սկսեցին գնալ հազիվ նշմարելի շավղով, որ ձգվում էր ծառերի միջից։ Մացառներն անընդհատ պատառոտում էին օրիորդի հագուստը, բայց նա այնքան պաշարված էր յուր մտքերով, որ չէր նկատում այդ, այլ Արամյանն էր ազատում նրա հագուստը սուր սուր փշերի ճանկերից։

Նրանք երկար դնում էին, բայց տակավին չէին դուրս եկել անտառից։

Ես հոգնեցա, տվե՛ք ինձ ձեր թևը, պարոն Վահե, ասաց օրիորդը մի փոքր թույլ ձայնով։

Արամյանը տվավ նրան յուր թևը։

Պարոն Վահե, երբ Քաջբերունին գա այստեղ, դուք ինձ կծանոթացնե՞ք նրա հետ, հարցրեց օրիորդը։

Կծանոթացնեմ, պատասխանեց Արամյանը։

Ի՞նչ լեզվով է խոսում նա։

Նա լեզուներ շատ գիտե, միայն առավել սիրում է հայի հետ խոսել հայերեն։

Ա փսո՛ս, ես հայերեն չգիտեմ խոսել, կրկնեց օրիորդը, եթե ոչ Քաջբերունին ավելի կհամակրեր իմ խոսակցությանը։

Այո, նա սիրում է, երբ հայ օրիորդները խոսում են նրա հետ մաքուր հայերեն բարբառով։ Ի՞նչ մեղ ունինք մենք, որ չգիտենք մեր մայրենի լեզուն, պատասխանեց օրիորդը։

Մեր ընտանեկան լեզուն վրացերեն է. քանի մանուկ էի, այդ Լեզվով էի խոսում, իսկ երբ ուսումնարան մտա՝ ռուսերեն։

Այդ ցավալի է, խոսեց Արամյանը։

Նրանք դուրս եկան անտառից: Արամյանին դարձյալ զբաղեցրեց այդ քաղաքի հայ օրիորդների կրթության հարցը։ Եվ խոսակցությունը նրանց մեջ ընդհատվեցավ։

ճանապարհին նրանց հանդիպեցին երկու չափահաս օրիորդ, բավական ախորժելի դեմքով, ճաշակով հագնված, որոնք նույնպես վերադառնում էին առավոտյան զբոսանքից իրանց մոր և մի մանկահասակ աստիճանավորի հետ։ Այդ օրիորդները թեթև գլուխ տվին օրիորդ Սոֆիին և ժպտալով անցան։

ճանաչո՞ւմ եք դրանց, հարցրեց Արամյանից օրիորդը։

Ոչ պատասխանեց Արամյանը։

Դրանք կնյազ Ն ովի աղջիկներն են. այն կինը նրանց մայրն է, իսկ ջահել աստիճանավորը փոքր քրոջ տարփածուն։

Մի՞թե, հարցրեց Արամյանը՝ հետ նայելով՝ մյուս անգամ նայելու նրանց։

Այո, երկուսն էլ բավական լպստածներ են։

Այդ ցավալի է, որ մեր հայ օրիորդներն այստեղ ըստ մեծի մասին բարոյապես լավ չեն կրթվում, խոսեց Արամյանր, և մի օրիորդ, որ ունի փոքրիշատե մաքուր բարոյականություն, առավելապես գտնվում է անկիրթ դասերի մեջ, քան թե կրթվածների... արդարև ցավալի է այդ...

Օրիորդ Սոֆին ոչինչ չպատասխանեց։

Այն երկու օրիորդները, որ անցան իրանց մոր հետ, կրտսերը գաղտնի ասաց յուր երեց քրոջը.

Տեսա՞ր, Անիչկա, այն մանուկ տղամարդը, որ գնում էր Ասֆիի հետ։

Տեսա՛, պատասխանեց Անիչկան, բայց ինչ սիրուն տղամարդ է, Լիգա, ո՞րտեղից է գտել նրան Սոֆին։

Նա արդեն վարպետ որսորդ է, պատասխանեց կրտսեր քույրը։ Բայց գիտե՞ս, Անիչկա՛, ասում են այդ պարոնը միտք ունի պսակվել Սոֆիի վրա։ Բախտավոր է Սոֆին, պատասխանեց երեք քույրը՝ խորին նախանձավորությամբ։ Բայց Արամյանր և օրիորդ Սոֆին արդեն հասան տուն։ Օրիորդը խնդրեց նրան իրանց մոտ ճաշելու, բայց Արամյանը հրաժարվեցավ, ասելով, թե պիտի պատրաստվի քաղաք գնալու։ Նրանք բաժանվեցան միմյանցից։

Մտնելով յուր սենյակը, օրիորդը երկար միայնակ նստած մտածում էր։ Արամյանի վերջին խոսքերը կրթության մասին՝ սաստիկ տպավորություն թողեցին նրա սրտում։ «Մի օրիորդ, որ ունի փոքրիշատե մաքուր բարոյականություն, առավելապես գտնվում է անկիրթ գասերի մեջ, քան թե կրթվածների…»։ նա հիշեց նաև նրա վերջին խոսքը։ «Ուրեմն ես ոչինչ եմ նրա աչքում»…,- մտածեց նա վշտանալով. «այո՛, ես ոչինչ եմ… Այո', ես արժանի չեմ նրան… նա այնքան բարի է և խելացի… բայց ե՞ս»…։ Եվ նա երկու ձեռքով ծածկեց յուր երեսը և արտասուքն սկսավ գլորվիլ նրա ալքերից։

Հանկարծ նա լսեց զանգակի ձայն, վազեց դեպի լուսամուտը և տեսավ, որ Արամյանը կառքով գնում է քաղաք։ Մանուկ երիտասարդը մնաք բարով ասաց նրան յուր հարդյա գլխարկի շարժումով։ Եվ մի քանի րոպեից հետո կառքը չքացավ օրիորդի աչքերից։ Նույն օրվա երեկոյան պահուն Հացի-Գելենց տուն եկավ Մայիլովը։ Նրան դեռևս անհասկանալի մի ախտ, որ շատ նման էր նախանձի, կրծում էր խղճալի պատանու սիրտը։ Նա տխրում էր թե ինչու՞ օրիորդ Սոֆին յուր հետ այնպես սիրով չէ, ինչպես առաջ նա չէր կարողանում տանել նրա համարձակ վարվեցողությունները Արամյանի հետ։

Նա ուղղակի մտավ օրիորդի սենյակը։ Բայց գտավ նրան տխուր և գունատ դեմքով։

Ինչո՞ւ ես այդպես գունաթափվել, հարցրեց Մայիլովը։

Գլուխս ցավում է, սառնությամբ պատասխանեց օրիորդը Դու հիվա՞նդ ես, Սոֆի, կրկնեց պատանին։

Ո՛չ, Նիկոլ, միայն խնդրեմ ինձ միայնակ թողնես, Գրիգոլը մյուս սենյակումն է, գնա՛ նրա մոտ։ Մայիլովը առանց մի բառ խոսելու դուրս եկավ օրիորդի սենյակից. «նա արտաքսում է ինձ»… տրտմությամբ ասաց նա յուր մտքում և դուրս գնաց Հացի֊Գելենց տնից՝ այլևս չմտնելով Գրիգոլի մոտ։

ԻԴ

Ամառային վարդագեղ արեգակը ավետում էր պայծառ առավոտ։

Գերմանացոց գաղթարանի մի խուլ անկյունում, ցածրիկ տան մեջ, փոքրիկ սենյակում, նեղ լուսամուտի առջև, որ բացված էր դեպի ոչ այնքան ընդարձակ պարտեզը, միայնակ նստած էր մի երիտասարդ, և ձեռքը ծնոտին դրած, լուռ նայում էր պարտեզի կանաչազարդ ծառերին, որոնք ախորժանոք ձգել էին աղքատիկ բնակարանի վրա իրանց զովացուցիչ հովանին։

Այդ մանուկ տղամարդը կլիներ ոչ ավելի քան երեսունևերեք տարեկան․ բայց նրա տարիքը համեմատելով նրա երեսի գծագրության հետ, թվում էր, թե նա արդեն ծերացած է։ Նրա դեմքը չէր ցույց տալիս ոչինչ ուրախություն, կարծես թե հիվանդությունը վաղուց արդեն ծանոթ է եղած նրան․ դալուկը թողել էր նրա նիհար թշերի վրա յուր դեղնագույն ներկը։ Նրա սև աչքերը, թեև նվաղած էին, բայց նրանց մեջ վառվում էր խորհրդավոր հուր, որ տալիս էր նրա մռայլոտ դեմքին ազդու կենդանություն։ Բայց խորշոմը վաղուց արդեն դրել էր նրա բարձր ճակատի վրա յուր չարագուշակ կնիքը։ Նրա նուրբ դեռաբույս ընչացքը ծածկում էր գունատ շրթունքը և նրա նոսր մորուքը տալիս էր նիհար դեմքին փոքր-ինչ բոլորակություն։ Այնուամենայնիվ նրա երեսի գծագրությունը թեև խոշոր, բայց բավական կանոնավոր էր, իսկ դեմքի արտահայտությունը հանճարեղ ու վսեմ. «գործունեություն և աշխատասիրությունս կարդացվում էր նրա լայն ճակատի վրա։

Սենյակը, ուր կենում էր այդ տղամարդը, զուրկ էր ամենայն զարդարանքից, երկու աթոռ, մի հին մահճակալ, մի սեղան, անկյունում մի հին կաշվե չեմոդան, մի քանի հատ գրքեր պատուհանում ընկած, այնտեղ և կոշիկներ, այնտեղ և կրկնակոշիկներ, այնտեղ էր դրված և լվացվելու անոթը․ մի խոսքով, այդ սենյակը նմանում էր ճանապարհի վրայի փոստատների իջևաններին, ուր տարաժամ իջևանելով՝ ուղևորը չէր ցանկանում ոչինչ կարգի բերել, մտածելով, որ առավոտյան շուտով պիտի թողնի նրան։

Հանկարծ դռները հետ գնացին, ներս մտավ մի գերմանուհի աղջիկ, կլորիկ, առողջ, թեև հասարակ, բայց մաքուր հագնված։ Նա մատուցարանի վրա բերավ մի մեծ գավաթ սուրճ կաթով, հետն էլ մի ամանի մեջ սպիտակ հաց կարագով։ Աղջիկը դրեց սեղանի վրա մատուցարանն ու հեռացավ։ Երիտասարդը շարժվեցավ լուսամատի առջևից, միևնույն րոպեին երևան եկավ նրա թարձր հասակը, որ կորացել էր կարծես հոգսերի հարվածների ներքո։

Նա սկսավ վայելել սուրճը։

Նախաճաշիկից հետո նա վառեց յուր ծխամորճը և սկսավ ծխել ու դարձյալ լուսամուտից նայել դեպի պարտեզը։

Հանկարծ ներս մտավ Արամյանը ոտքից ցգլուխ հագնված սպիտակ և թեթև ամառային հագուստով։

Բարով, Վահե, ասաց նրան առաջին տղամարդը ամենևին չշարժվելով յուր տեղից։

Բարով, Սմբատ, ասաց Արամյանը և ուրախությամբ մոտեցավ, սեղմեց նրա ձեռքը և կանգնեց նրա առջև։

Ի՞նչպես ես այժմ, հարցրեց նա, քո հիվանդությունը շատ վախեցրեց ինձ, բայց հույս ունիմ, թե այժմ լավ ես։

Մաշված և ավերված մեքենան վաղ կամ ուշ վերջապես պիտի դադարի գործելուց, նրա վրա հուսալ իզուր է, պատասխանեց Քաջբերունին։

Դարձյալ պետք է պահպանել կյանքը, պատասխանեց Արամյանը։ Թե չէ՝ ամենիս դռանը մահը խիստ մոտ է կանգնած։

Է՜հ, մեր կյանքը ինքնըստինքյան ի՞նչ նշանակություն ունի, որ հարկավոր լինի երկյուղ կրել մահից։

Արամյանը մի պտույտ տվավ նեղ սենյակի մեջ և դարձյալ կանգնելով յուր ընկերոջ առջև, ասաց․

Գիտե՞ս, Սմբատ, ես եկել եմ քեզ մոտ այն նպատակով, որ քեզ հրավիրեմ ամառանոց, որ առողջությունդ վերականգնվի։ Ես այնտեղ վարձել եմ մի գեղեցիկ կացարան, որ երեք սենյակ ունի. մինն ինձ, մինը քեզ և մյուսը մեր ծառաներին։ Դու պատրաստվիր, կամենաս՝ այսօր երեկոյան, կամենաս՝ վաղը առավոտյան հովով գնանք Կոջոր։

Ես չեմ կարող, պատասխանեց Քաջբերունին սառնությամբ։

Ինչո՞ւ չես կարող․ այժմ իմ կարծիքով այնքան տկար չես, որ մինչև Կոջոր ճանապարհորդությունը վնասե քեզ։

Այդ չէ արգելում, ասաց նա։

Ուրիշ ի՞նչ է արգելում, մի՞թե դու միտք ունիս այդ մռայլոտ բնակարանի մեջ միանգամայն վատնել քո առողջությունը։ Արամյանը մի պտույտ ևս տվավ սենյակի մեջ և դարձյալ կանգնեցավ Քաջբերունու առջև։ Ասա′, գնալու՜ ես ինձ հետ, հարցրեց նա։

Փոխանակ պատասխանելու, Քաջբերունին նայեց նրա երեսին այնպիսի մի կերպով, որպես մինը նայում էր անմեղ երեխայի վրա, և ծիծաղելով ասաց․

Ինչո՜ւ չես նստում, վախենում ես իմ փոշոտ աթոռը աղտոտի՞ հագուստդ։

Ո′չ, պատասխանեց Արամյանը, բայց դու ասա′, կգա՞ս ինձ հետ թե չէ։

Այնտեղ լա՞վ է, դարձյալ ծիծաղելով հարցրեց Քաջբերունին։

Այնտեղ բնությունը հիանալի տեսարաններ է ներկայացնում, պատասխանեց Արամյանը մի փոքր ոգևորված ոճով, սքանչելի առավոտներ, մաքուր օդ, թռչունների երգ, ծաղիկների անուշ բուրմունք…

Կատակելով, նրա խոսքը կտրեց Քաջբերունին․

Ծառերի սոսափյուն, ջրերի խոխոջմունք, ոսկի արև, կապուտակ երկինք, վարդագեղ արշալույս, հովաշունչ զեփյուռ… դե′, բանաստեղծե, պոետ, ասաց նա դարձյալ ծիծաղելով։

Արամյանը մի փոքր կարմրեց և բռնելով նրա ձեռքը՝ ասաց․

Է՜հ, Սմբատ, դու կատակում ես, բայց ես անպատճառ պիտի տանեմ քեզ։

Չէ՛, հոգիս, ես չեմ կարող հեռանալ այս անկյունից, պատասխանեց Քաջբերունին անկեղծությամբ, իմ միջոցներս չեն թույլատրում ինձ վայելել ոսկի օրեր։

Ինչո՞ւ։ Դու արդեն գիտես, որ ես աղքատ մարդ եմ։

Ի՞նչ ես խոսում, դեմքը մի փոքր խոժոռելով կրկնեց Արամյանը, ես ասում եմ քեզ, թե ես վարձել եմ այնտեղ կացարան, և մեզ համար պատրաստ են այնտեղ կենալու ամենայն հարմարություններ։

Ես չեմ կարող ավելորդ բեռ լինել քեզ վրա։

Քո խոսքերն ինձ զարմացնում են, Սմբատ․ մինչև այսօր ոչինչ խտրություն չէ եղել մեր մեջ. մենք սկսած մեր համալսարանական կյանքից՝ ապրել ենք միասին որպես եղբայրներ, բայց այժմ կամենում ես իմ ու քոյություն դնել մեր մեջ։

Այլ է համալսարանական կյանքը, հոգիս, և այլ բուն կյանքը, պատասխանեց Քաջբերունին ծանրությամբ։ Այնտեղ ուսանողն ապրում է մի այլ երկնակամարի տակ, այնտեղ նա է ոչ միայն յուր վերջին լուման պահել յուր եղբոր համար, այլև յուր կյանքը։ Բայց երբ որ ուսանողը մտնում է այս աշխարհ, երբ որ նա ծանոթանում է մամոնայի հետ, արդեն համալսարանի երազական գաղափարները շոգիների նման ցնդում են նրա գլխից։

Մի՞թե մենք ևս պատկանում ենք այդպիսի ուսանողների թվին, մի փոքր վշտանալով ասաց Արամյանը։

Ինչո՞ւ չէ․ միտքդ գալի՞ս է, որ մենք քանի Պետերբուրգում էինք, մեր հայրենիքի համար ինչե′ր էինք ուխտում, ինչե′ր էինք երդվում, բայց այժմ ի՜նչ շինեցինք։

Այդ իրավ է, որ մենք՝ հայերս, մեր հայրենիքը ավելի ենք սիրում, դեռ քանի որ նրանից հեռու ենք, պատասխանեց Արամյանը։ Բայց այժմ թող մնան դրանք. իմ կարծիքով մենք միևնույն հոգին ունենք, ինչ որ ունեինք համալսարանում. բայց դու ասա′, գալո՞ւ ես Կոջոր թե ո′չ։

Ես ասացի թե ո′չ։

Սմբատ, դու վշտացնում ես ինձ, Նրան գրկելով ասաց Արամյանը։ Ես չեմ թողնիլ, որ դու այստեղ մնաս։

Քաջբերունին ոչինչ չխոսեց։

Ասա, գալո՞ւ ես ինձ հետ։

Ի՞նչ ես այդքան թախանձում ինձ, Թաթոս։

Թաթոս անունը նրանց մեջ ընդունած անուն էր, որով նրանք կոչում էին հիմար ուսանողներին։

Լա′վ, ասա′, կգա՞ս թե ոչ։

Ես արդեն ասացի. բայց դու պատմի′ր փոքր-ինչ, թե ինչպես ես անցկացնում այնտեղ։

Ես քեզ մի լավ պատմություն կանեմ, միայն խոստացիր։

Դե ասա′։

Արամյանը ժպտալով խոսեց րոպեական լռությունից հետո։


Սմբատ, Կոջորում ես բարեկամացա մի այնպիսի սիրուն աղջկա հետ, որ կատարյալ հրաշք է․ ի՜նչ սիրաբորբոք աչքեր, ի՜նչ քաղցրությամբ լի շրթունք, ի՜նչ վարդագեղ երես, մի խոսքով, կատարյալ հրեշտակ․․․»։

Քաջբերունին ժպտալով լսում էր յուր մանուկ ընկերի նկարագրությունները։

Այլևս ի՞նչպես, շարունակի՜ր, ասաց նա։

Նրա խոսակցությունը ամբողջ պոեզիա է, նրա ժպիտը հիանալի է, նրա շրթունքների մեջ թաքուցած է երկնային համբույր, իսկ նրա ծոցում անմահ կյանք․․․։ Բավական է, գլուխս մի′ տանիր, այժմ հասկացա, որ սիրահարված ես, նրա խոսքը կտրեց Քաջբերունին։

Ոչ′, այդպես մի′ կարծիր, միայն դու գիտես, որ ես գեղեցկասեր ճաշակ ունիմ։

Այո′, ես գիտեմ․․․ Միայն ասա′, ի՞նչ ազգից է քո նկարագրած հավերժահարսը։

Նա հայ է։ Բայց, Սմբատ, եթե ես լինեի պատկերահան և կամենայի ընծայել աշխարհին գեղեցկության դիցուհու կատարելատիպը, ես միայն նրան գաղափար կընտրեի իմ գործին։

Այդ արդեն չափազանցություն է։

Ո′չ, Սմբատ, քանի որ չես տեսել, կարելի է այդպես կարծել, բայց դու արդեն խոստացար գալ ամառանոց, ես կծանոթացնեմ քեզ նրա հետ, և դու անտարակույս կգովես նրա գեղեցկություն։

Կրթվա՞ծ է։

Այդ մասին լեզուս կարճ է․․․ այո′, նա կրթված է, որքան կարող է կրթվել մի հայ աղջիկ այստեղի դպրոցներում։ Գիտե ռուսերեն, ֆրանսերեն, վրացերեն, հիանալի երգում և նվագում է։

Իսկ հայերե՞ն։

Հայերեն չգիտե, հայությունը նրա դավթարումը գրված չէ։

Ի՞նչ գրքեր է շատ կարդացել։

Ռոմաններ։

Պրծավ գնաց․․․ արդեն հայտնի է, թե նա ի՜նչ պտուղ պիտի լինի։

Խոսակցությունը նրանց մեջ ընդհատվեցավ, երբ Քաջբերունին սկսավ վառել յուր ծխամորճը։

Ճշմարիտ զարմանալի է, թե դու ի՜նչպես ես անցկացնում այստեղ միայնակ, հարցրեց Քաջբերունուն Արամյանը։

Հապա ի՞նչպես պետք է անցկացնել, պատասխանեց Քաջբերունին անփույթ կերպով․ պարապում եմ քանի չեմ հոգնել, բայց երբ հոգնում եմ, նստում եմ այս լուսամատի հանդեպ և նայում եմ պարտեզին։

Բայց դու ավարտեցի՞ր քո «Հայկական կյանքը»։

Ավարտեցի։

Ո՞ւր է։

Քաջրերունին ցույց տվավ պահարանում մի քանի հատ տետրակներ։ Արամյանը մոտեցավ, վեր առավ նրանցից մինը, որ դրված էր խոշոր և խառն գրչով, և սկսավ նայել։ Ե՞րբ պիտի տպագրության տաս այս աշխատությունդ, հարցրեց Արամյանը։

Ո՞րտեղ և ո՞ւմ համար։

Արդարև, այստեղ չի տպվի, բայց ինչո՞ւ ո՜ւմ համար։

Ո՞վ պիտի կարդա։

Դու կարծում ես մերայինը ուշադրություն չե՞ն դարձնիլ մի այսպիսի գրքի վրա։

Ամենևի՜ն։

Ուրեմն էլ չե՞ս գրում։

Ո՜չ։

Այստեղ տաղտկալի չէ՞ քեզ միայնակ։

Ես միշտ միայնակ չեմ մնում, այլ լինում են ինձ մոտ և հյուրեր, պատասխանեց Քաջբերունին ծանրությամբ։ Գիշերները շատ անգամ գալիս է ինձ մոտ տանտիկին գերմանուհի պառավը, նստում է և ամբողջ ժամերով սկսում է շատախոսել․ նա պատմում է յուր մանկությունից, յուր հանգուցյալ ամուսնուց, իրանց հայրենիքից, նա պատմում է ինձ և այլ զանազան դատարկ բաներ։ Եվ ամեն առավոտ վիզիտով մտնում է ինձ մոտ տանտիրոջ կատուն, նա մռռալով պտտվում է իմ չորս կողմը, որպես թե կամենում է ինձ հետ պարել, պոչը կամարաձև բոլորում է մեջքի վրա, մի քանի անգամ քսմսվում է իմ ոտներին և հեռանում։ Բայց նորահաս գերմանուհի աղջիկը, որ ծառայում է ինձ, մի քանի րոպե է միայն ինձ մոտ մնում, մայրը վախենում է նրան երկար ինձ մոտ թողնել։

Երկու ընկերների մեջ այդպես կես ժամ ևս տևեց խոսակցությունը, մինչև Արամյանը վեր կացավ և ասաց․

Այսօր ես մի քանի տեղ ունիմ գնալու․ դու պատրաստվիր, Սմբատ, երեկոյան հովին ճանապարհ կընկնենք։

Ես կգամ, միայն մի քանի օրով։

Այդ ոչինչ, միայն պատրաստ եղիր երեկոյան։

Արամյանը հեռացավ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Զահրումար"

Ятук Музыка
Kруговой
Давид Баласанян

Kруговой

Кармравор
Кармравор
Играть онлайн