Раффи

Զահրումար

ԺԹ, Ի, ԻԱ

ԺԹ

Հացի-Գելենց գերդաստանը ամառանոց գնալուց հետո Ճանճուր Իվանիչի գլխավոր հոգատարությունը եղավ յուր առևտուրը վերջացնել Մախոխի տղի հետ։

«Թե վուր Սամիլ Պետրովիչը կարաց էտ սովդան շինի, խոմ բաննիրս աջ է», մտածում էր Ճանճուր Իվանիչը։ «Մե կուղմեն մուֆթա փեսի տեր կու դառնամ, մեկէլ կուղմեն էտ զահրումար ծախսերեմեն կու պրծնիմ։ Ա՜խ, ինչ ղադամի վատ է էլի աթմորթու հալը... Նա պիտի տուն պահե, կնիկ պահե, վուրթիք մինձացնե. դրանք ուզում ին հաց, հագուստ ու ուրիշ ինչե՜ր չին ուզում... ու էտ ամենը փուղ գուզե... ու էնքան դժվարութինով շահի-շահի դարձած կապեկնիրը պտիս տա հացի. մե սհաթից հետո էլի ուզում ին... պտիս տա հագուստի, որ շուտով մաշվում ոչնչանում է... Մագրամ, վո՜ւրքան բախտավոր ին մեզմեն ծտիրը, չուրս վուտնանիքը, թեգուզ շնիրը... Նրանց վուրթիքը հաց չին ուզում, ջուր չին ուզում, նրանք մոդա չունին, պարտնոյ չունին... էնքան էլավ, վուր ծնեցին, մե քանի օրից հետո իրանց գլխեմեն ռադ ին անում իրանց լակոտնիրը, վուր գնում ին իրանց համա ապրում։ Դու տեհնում իս բադի ճուտը հենց ձվեմեն դուրս է գալի թե չէ, իրա համա ուտելիք է գթնում, ու թե վուր ջուրը գցիս, լիղ տալն էլ գիդե, ասել է թե, առանց ուստի իրա՝ փեշակը ձվի միջում սորված է ըլում։ Համա միր վուրթիքը ծնելեմեն ետքը հենց մե գունդ միս ին ըլում. վուչինչ չին իմանում, հենց լաց ին ըլում ու լաց ին ըլում. ի՞նչ է տվեք ուտինք, տվեք հագնինք, վուր մինձանանք։ Էնդումեն դեն՝ դե՛ ձիձա ճարե, դե քոծ ու բիճ բռնե, ու չիս գիդի ուրիշ ինչիր չին ուզում քիզմեն... ու էտպես տարիներով պահում իս, պահում իս, հենց վուր մե քիչ մինձացավ, մի բան էլ նուր է լուս ննգնում ուսում էլ գուզե, ասում ին։ Էտ պատիժն էլ աչքիս վրեն։ Վուրթիքդ, ան աղջիկդ մե քանի տարի գնում ին ըշկոլներում թրև ին գալի։ Միր պարուննիրը գալիս ին հոր տուն։ Ի՞նչ ին բերի ըչկոլեմեն։ Սատանան գիդե նրանց գլուխը։ Նրանց մեջ մե օրինավոր բան չիս տեհնի։ Մագրամ սկսում ին իրանց պապենական ադաթները չհավնիլ, հերն ու մերը ինչ վուր խրատում ին, նրանք ծիծաղում ին, մասխարա ին քցում. լավ ուտիլ, լամ հագնիլ ու քեփ կի սիրում ին։ Էտ է ձիր ուսո՞ւմը, թքեմ ես դրա ռեխին։ Մագրամ ի՞նչ անիս, վո՞ւր ջուրն ընկնիս, ո՞ւմ հասկացնիս, վուր էտ թավուր դարդակ բանին փուղ մսխիլը մինձ անխելքութին է...»։

Վերջին խոսքերը բավականին զայրացրին Ճանճուր Իվանիչին, և նա սկսավ հայհոյել հասարակության ունեցած կարծիքը ուսման և գիտության վրա և այդպիսով, փոքր-ինչ զովացնելով յուր սրտի բորբոքը, դարձյալ մտավորապես դարձավ դեպի յուր վիճակը։

«Հորես ես, շարունակեց նա, տուն իմ դրի, վուրթիք իմ մինձացրի, օձի նման հազար գամ շապիկ իմ փոխի, ինչկլի մե քանի ջահի ձեռք իմ գցի. հիմի իմ կինքիս վերջին օրում ուզում ին ձեռնեմես խլի. դե՛, արի՛ մարդ ըլի ու սրտաճաք չըլի՛... Իմ հոգին գիդենա վուր անասունները միզմեն լավ ին, վուր էս դարդիրը չունին։ Երնեկ ես շուն ըլեի ու մարդ չըլեի... Ամա չէ, մե բան կա, մի նոր գաղափար զղջալ տվեց յուր ասածից. մի բան կա, կրկնեց նա, վուր մինք փուղ ունինք, համա շնիրը չունին, դրանով մարդը մե քիչ լավ է նրանցմեն։ Թե վուր էդ չըլեր, վա՜յ քու միղքը, մարդ, էն ժուգը քու օրը ի՞նչ պտի ըլեր, ու ինչո՞վ պտի մխիթարվեիր դուն...»։ Ահա՛ այդպիսի տխուր և տրտում խորհրդածությունների մեջ ընկղմված, Ճանճուր Իվանիչը, միայնակ նստած յուր սենյակում, կարծես թե մեկին սպասում էր։ Հանկարծ դուռը ճռաց, ներս մտավ Սամիլ Պետրովիչը։ Ճանճուր Իվանիչը տեսնելով մոցիքուլին, փոխեց յուր դեմքի թթու արտահայտությունը և, ակամա ուրախություն կեղծելով երեսի վրա, ընդունեց շնորհալի կերպարանք։ Բայց միևնույն րոպեին գաղտնի կասկածը կրծում էր նրա լերդը, թե ի՛նչ կլինի յուր վիճակը, եթե Սամիլ Պետրովիչի բերած լուրը գոհացուցիչ չլինի։ Այդ պատճառով սկզբից նա չուզեց այդ մասին հարցներ ինչպես մի մարդ, որ չէ կամենում շուտով զարհուրեցնել իրան անհուսալի լուրի կայծակով։

Բարով, բարով, Սամիլ Պետրովիչ, հրամմեցեք, ասաց նա ակամա ծիծաղելով։

Բարով, պատասխանեց մոցիքուլը և ձեռք տվավ Ճանճուր Իվանիչին, հետո նստեց նրա առջև աթոռի վրա և, երկու ձեռքով բռնելով յուր հաստ գավազանի գլխից, ծնոտը ամրացրեց նրա վրա և սկսեց աղվեսի նման նայել Ճանճուր Իվանիչի երեսին։

Վո՞ւնց իք, լավ ի՞ք , հարցրեց Ճանճուր Իվանիչը։

Փառք աստուծո, լավ ինք, պատասխանեց Սամիլ Պետրովիչը։

Ի՞նչ նուր խաբար կա։

Սամիլ Պետրովիչը սկսեց պատմել նրան մի քանի նորություններ, բայց նրանցից ոչ մինը չգրավեց Ճանճուր Իվանիչին, նրա միտքը Մախոխի տղի վրա էր, և նա հարցրեց.

Էն մասին, Սամիլ Պետրովիչ, կարացի՞ք մե բան շինի։

Մախոխի տղի մասին իս ասո՞ւմ, հարցրեց Սամիլ Պետրովիչը։ Այ նրա ժանգոտ հերն անիծած, վուրքան չալիշ էկա, չկարացի սովդան գլուխ բերի, պատասխանեց Սամիլ Պետրովիչը տհաճությամբ։

Ճանճուր Իվանիչը զարհուրեցավ։

Չըլի՞ ասում է փուղը քիչ է, հարցրեց նա։

Չէ, փուղի բան չէ՛․ թե մենակ փուղի բան ըլեր, գլուխը քարը. մե քիչ ավելով, մե քիչ պակասով կու դրստեի. մագրամ նա ուրիշ ղալաթ է անում։

Ի՞նչ է ասում, իմ աղջկանից լավ աղջիկ պիտի առնի՞, թե ինձմեն լավ մարդու փեսա պիտի դաոնա։

Դրուստ է, նա էլ ասում է՝ հոգի ունիմ աստծուն տալու, աղջիկը լավ, սիրուն աղջիկ է, իստակ, իսպահի ու ուսումով, մագրամ ի՞նչ անիս, ուսումը սովդաքար օքմնի խարջ չէ։ Ասում է. ես պիտի էնպես կնիկ ուզիմ, վուր իմ կամքին ըլի, իմ երեխեքիս ի՛նչ շուր կհարկավուրի, կարե, տուն պահե, լվացքեմեն ու կարեմեն մուղայիթ կենա, մի խոսքով՝ տանտիկին ըլի։ Բայց ես ի՞նչ կոնիմ էնպես աղջիկ, ասում է, վուր գիշիր-ցիրիկ հալիլի առջևից չհեռանա, իր օրը զուքսիրով կանցկացնի ու թեատրում, վիչերնիրում թրև կուգա, էտպես կնիկը, կոսե, միզ նման քեսիբ մարդու խարջ չէ։

Շուն շանվուրթի, բարկանալով Մախոխի տղի ասածների վրա, պատասխանեց Ճանճուր Իվանիչը։ Տի՛ս թե ինչ բուխկիր է ուտում, գանա իմ Սոփոն էտենց է՞, վուր հենց իր զուքսի հիդ ըլի՞. աստուծ գիդենա իմ Սոփոն հեստի տանտիկին է, վուր իսկի հատը չկա ու ամեն բան գիդե. կարի ու ձևի մեջ խոմ մատնիրով մարդ կու ստեղծե. չուրս լիզու խոսիլ է իմանում ու մե վարդապետից էլ շատ գիրք է կարդացի. սիրունութինով, շնորքով խոմ հատը չկա։

Ես դրանք ամենը գիդիմ, պատասխանեց Սամիլ Պետրովիչը, ամա դուն արի միր պարոններանց հասկացրու. հենց վուր գլուխը բաց, ան շլապավոր աղջիկ ին տեհնում, սրտաճաք ին ըլում. նրանցն է թասակրավին ու իրենց դերիեքում կոլոլված աղջկերքը:

Ճանճուր Իվանիչը մի փոքր մտածման մեջ ընկավ, հուսահատությունը դժգոհության հետ նկարված էին նրա դեմքի վրա։

Մաշ դու ի՞նչ ասացիր էն հաստագլխին, հարցրեց նա։

Ի՞նչ միղքս պահիմ, պատասխանեց Սամիլ Պետրովիչը սառնասրտությամբ, սուտից-ղորդից շատ բաներ ասացի, էգեբա մե թահրով գլխում նստացնիմ, մագրամ նա էնպես մե ժանգոտ օքմին է, «սատկած էշ է ման գալի, վուր նալիրը հանե»։

Հիմի ի՞նչ պիտինք անի, տհաճությամբ հարցրեց Ճանճուր Իվանիչը։

Ախպեր ջան, փոքր֊ինչ քաղցրությամբ պատասխաներ Սամիլ Պետրովիչը, թե ինձ կու հարցնիս, զուր տիղը աղջիկդ մի՛ կորցնի ու էնենց շների ձեռը մի՛ գցի. դրուստն ասիմ, քու աղջիկը սովդաքարի, փեշաքարի, մե խոսքով հայի խարջ չէ՛, դուն լավ կոնիս վուր մե ռսի ղուլլուղի մարդու տաս. համ քիչ փուղ կեհա, համ էլ չինովնիկ փեսա կունենաս։

Էտ չիմ կանա անի, պատասխանեց Ճանճուր Իվանիչը գլուխը բացասաբար շարժելով։

Էտ չիս կանա անի, հայ չինովնիկի տուր։

Ես չինովնիկի աղջիկ չիմ տա, ի՛նչ ազգեմեն գուզե ըլի։ Լավ, չինովնիկի չիս տա, մաշ բազազը, ան թե սովդաքարը ի՞նչ կոնին ուսում առած աղջիկը. նրանք ուզում ին էնպես կնիկ ունենան, վուր տանտիկին ըլի ու նշանածին հնազանդի, վուր համ իր երեխեքանց շուրը կարե, համ կուխնին մտնի, մոդի եդնից թրև չգա, մի դերիա հագնի, էլի էն կտուրը ուրիշ տեսակ փոխե, մաշվելուց հետ էլ կտրե իր երեխեքանց համա կարե, ան թե իր համա յուփիկա շինե։

Ցավալի է մտածել անգամ, թե մինչ ո՛ր աստիճան ուսման և կրթության վարկը կոտրած է այստեղ ռամիկ հասարակության աչքում, որոնք ուսումն ու կրթությունը ընդունում են ինչպես միմիայն շռայլության աղբյուր, կարծելով, թե ուսյալ օրիորդը չէ կարող լինել ոչ հմուտ տանտիկին և ոչ հոգատար մայր։ Մենք հայտնապես իրավունք չունինք ուսման և կրթության վրա որևիցե մեղ դնել, եթե նրանք լինեին օրինավոր պայմանների մեջ. բայց չեմ կարող չմեղադրել մեր կրթյալ օրիորդներին, ինչպես թյուր կրթության ներկայացուցիչների, որոնք իրանց վարքով տեղիք են տվել այդ կարծիքին ռամիկ հասարակությանը, որ մինչև ագամ Մախոխի տղան էլ խորշում է նրանցից։

Ճանճուր Իվանիչը ընկղմվեցավ դարձյալ տխուր մտածման մեջ։

Վերջապես նա համոզվեցավ Սամիլ Պետրովիչի առաջարկության։

Լա՛վ, ճարե մինը, թող չինովնիկ ըլի, ասաց նա։ Մագրամ ապելատնիր չունենա, ան դոխտուր ըլի, ան զակոնչիկ ու հայ ըլի։

Դրանցից գտնիլը հեշտ է, պատասխանեց Սամիլ Պետրովիչը ամա դուն ուզում իս մե երկու հարուր, իրեք հարուր թումնով աղջիկ մարդու տաս, բայց դոխտուրը, ան զակոնչիկը հազար, էրկու հազար թումնից պակաս չին առնի։

Էրկու հազար թումա՞ն, զարհուրելով կրկնեց Ճանճուրը Իվանիչը։

Մաշ ի՞նչ էիր փիքր անում․ էրկու հազար թումնից էլ ավել տվողներ կան։ Տ…նի տղեն չէ՞ր, վուր իրեք հազար թումնով աղջիկը դոխտուրի էրիտ, Ա…նի տղեն չէ՞ր, վուր չորս հարուր թումնով քվիրը զակոնչիկի էրիտ. էլ ուրիշ վո՞ւրն իս ուզում ասիմ. գանա դուն միր քաղքի բանը չիս գիդի՞։

Հազար թումանները կրկին փոխեցին Ճանճուր Իվանիչի համոզմունքը։

Աստուծ ձիր տունը քանդե. էս ինչ փիս ադաթնիր իք դնում միչ ազգի մեջ, ասաց նա։ Չէ՛, Սամիլ Պետրովիչ, դարձավ նա դեպի մոցիքուլը, ես չինովնիկ չիմ ուզում, դու էլի պտռև, բալքա մե փողոցի մարդ գթնիս, ես չինովնիկի դարդը չիմ կանա քաշի, վուր իմ հալալ աշխատանքս տամ տանի իր համա քեփ անի, ու ամեն վուխտ էլ իմ տուն դալիս պիտի նրա առաջ կուչ գամ, ծալապատիկ ըլիմ, ինչ է փեսեն էկիլ է, դե՛ չայը լիմոնով բերեք, դե՛ սուխարի, դե՛ մուրաբեք, դե՛ չիմ գիդի ինչ զահրումար, էլ ինչիր ասիս վուր չին մոգոնելու։

Շատ լավ, ես վուրքան կանամ, չալիշ գուքամ։

Դուն չալիշ արի, Սամիլ Պետրովիչ, քիզ վուր տաս թուման էի խոստացի, քսան էլ կուտամ, ու փեսին ինչկլի իրեք հարուր թուման էի ասի, հինգ հարուր էլ կուտամ, թե իմ սրտի ուզած լավ տղա ըլի։

Շատ լավ, կրկնեց մոցիքուլը և վեր կացավ. մագրամ մե բան ձեռաց տվեք, ես շուտով ձիզ խաբար կու բերիմ։

Ճանճուր Իվանիչը դողդոջուն ձեռքով տվավ նրան տասը մանեթանոց մի թղթադրամ։

Մոցիքուլը հեռացավ։

Սամիլ Պետրովիչի գնալուց հետո Ճանճուր Իվանիչն սկսավ ծանր քայլերով անցուդարձ անել յուր սենյակում և բարկացած խոսել ինքն իրան․ «էս էլ քու ուսումը... ի՞նչ ուսում... զահրումար ուսում... աղջիկս ղալբ փուղ շինից... հիմի ում վուր տալիս իմ, չին առնում... ես թքեմ էտ հանգի ուսումի մեջ... Իմ հերը անիծած, թե էն մնացած աղջկերանցս թողնիմ այբուբեն էլ սորվին... Քու հերը գոռբագոռ ըլի, բաժինք մոգոնող, ախր էս ի՛նչ կրակ ու ցավ գցեցիր խալխի սրտում... Ախր ես իրեք աղջիկ ունիմ, ես վո՞ւրդանց ամեն մեկին հազար թուման տամ, վուր գլխեմես կարենամ ռադ անի.. ա՛խր տարիքս հիմի հիսունեմեն անց է․ էլ վուչ հոգի է մնացի, վուչ մարմին, դիփ էլ կորցրիլ իմ, անջաղ մե քանի թուման փուղ իմ հիդ գցի ու էտ էլ վուր մսխիմ աղջկերանցս վրեն, էլ ես ինչո՞վ պտիմ ապրի... Ա՜խ, քու հերն գոռբագոռ ըլի, բաժինք մորոնող, շների ու գելերի բաժին դաոնաս, քիզ տեհնիմ, վուր սատանեքանց փայ ըլիս...»

Դուրս գալով Հացի֊Գելենց տնից, Սամիլ Պետրովիչը միայնակ գնում էր բուլվարով. կարծես թե նա հոգնեցավ և՝ բարով, Աղալո Գերասիմիչ ասելով՝ գնաց նստեց կիսաթախտի վրա, ուր նույն ժամուն նստած էր և մի մանկահասակ տղամարդ, որ թեք ընկած և պապիրոսը բերանին դրած՝ նայում էր անցուդարձ անողներին։ Երիտասարդի արտաքին կերպարանքը, նրա եվրոպական հագուստը, որ բավական մաքուր և վայելուչ էր, ցույց էին տալիս, թե նա շատ ու քիչ պատվավոր վաճառականների կարգից է։

Սամիլ Պետրովիչը թեև այդ պարոնի հետ մոտ ծանոթ չէր, բայց նա յուր սովորական կեղծավորությամբ կարողացավ նրա հետ խոսակցության մեջ մտնել, որ մի քանի րոպե նրանց մեջ տևելուց հետո այսպիսի կերպարանք ստացավ.

Դուք ի՞նչ իք շինում, Սամիլ Պետրովիչ, հարցրեց երիտասարդը համակրաբար նրա երեսին նայելով։ Ս՛իր առուտուրը, վուր էսպիս վատ է գնում, փոդրաթի խերը դուրս է էկի․ պռուսների կռիվը առուտուրը հիդ գցեց․ մե խոսքով միր բազարը քեսատ է, ձիրը վո՞ւնց է։

Իմ փեշակը բարի փեշակ է, չի ըլի վուր նա քեսատութին ընկնի, պատախանեց Սամիլ Պետրովիչը։ Օրինակի համա ասիմ, մե կազյոննի շինվածքի մտիկ անելիս դուք ձիր մտքում ասում իք՝ նետավի էս տունը քանդվեր, ես փոդրաթով վիր առնեի, էսքան մանեթ աշխատեի. կամ թե ամբարնիրում հաց ունիս, ամեն առուտեհան աղոթք իս անում, վուր սով ըլի, բալքա փութը տասը մանեթով ծախիս։ Մագրամ միր փեշակը վուչ թե ձերիցը, բայց տերտերի փեշակեմեն էլ լավ միտք ունե. տերտերը մե մարդու մտիկ անելիս, իլլահքի վուր մե քիչ տարիքը անցած է ըլում, իր մտքում ասում է՝ «էտ անիծածը ե՞փ պտի մեռնի, վուր դրա շիլափլավն էլ ուտիմ, շուրերը պլոկիմ», ու էնենց էլ հաքիմը, վուր հարուստին տեհնի, կոսե, «էս շանվուրթին իսկի չէ՛ հիվանդանում, մագրամ, ինչպես ասացի, միր փեշակի միտքը բարի է. մինք չալիշ ինք գալի, վուր ուրիշները կնկա տեր դառնան, իրանց համա քեփ անին, մինք սովդան բարիշացնինք։

Սամիլ Պետրովիչի կիսազվարճալի ոճը շարժեց երիտասարդի ծիծաղը, և նա եռանդով դարձավ դեպի նա՝ ասելով.

Եփ վուր էտենց է, ինչի՞ ինձ համա մե բան չիս շինում։

Քիզ համա՞, կրկնեց մոցիքուլը ուրախությամբ, օրհնած, դուն ե՞փ ասացիր, վուր ես չշինեցի։

Հիմի ասում իմ։

Քեզ համա հեստի աղջիկ ունիմ, վուր սաղ քաղքում հատը չկա։

Ո՞վ է, ախորժանոք հարցրեց երիտասարդը։

Գանա էտպես հիշտութինով կոսի՞մ, պատասխանեց Սամիլ Պետրովիչը՝ կամենալով ավելի արժանավորություն տալ յուր խոսքերին։ Դուն ուզում իս լեզվիդ էլ քրթամ տա՜մ։

Մաշ վո՞ւնց։

Կիրակի օրը մե լավ ղոնաղլի խոսք իմ տալի քիզ։

Սամիլ Պետրովիչը սկսավ ծիծաղել ինքնաբավական զվարճությամբ։

Լավ թեթև բանով ուզում իս խոսք քաշի ինձմեն, հա՛ , նկատեց նա։

Էտ ջեր հառաջաբանն է, էնդումեն դենը գիդիս վուր ամեն բան կուլի։ Սամիլ Պետրովիչը նկատելով, որ որսը մոտենում է յուր նպատակին, բայց անհարմար համարելով այնտեղ խոսք բաց անել,ուր անցուդարձ անող մարդիկ կարող էին իրանց խանգարել, նա վեր առավ երիտասարդին յուր հետ, և մտան Ալեքսանդրյան այգի, և հեռու մի անկյունում նստեցին մի ծառի հովանու տակ։

Հիմա ասա, խոսեց երիտասարդը։

Հացի֊Գելենց Ճանճուր Իվանիչի աղջիկ Սոֆին վո՞ւնց է, հատը Փարիզում էլ կա՞, մի խոսքով հրեշտակ է, խոմ աթմորթի չէ։ Երիտասարդը մի քանի րոպե մտածման մեջ ընկավ, և նրա դեմքի նախկին զվարթությունը մռայլվեցավ որպես մի ձկնորս, որ նկատելով կարթի նշանը և կարծելով, թե բռնել էր որսը, դուրս է քաշում ջրից չանգալը և ձկան փոխարեն օձ է դուրս գալիս։

Հա՛, նա սիրունութինով աոաջինն է մեր քաղքում, մագրա՞մ...,

Ի՞նչ մագրամ, նրա խոսքը ճարպկությամբ կտրեց Սամիլ Պետրովիչը, վուչինչ փտնելու տիղ չունե, ինչ վուր խոսիս՝ հոգուդ միղք կոնիս։

Չէ', Սամիլ Պետրովիչ, դրուստն ասիմ, նրա համա լավ չին խոսում։

Լա՞վ չին խոսում, կրկնեց Սամիլ Պետրովիչը՝ զարմանք ձևացնելով յուր դեմքի վրա։ Ի՞նչ ին խոսում, գանա դուն միր քաղքի բամբասանքը չիս գիդի՞, վաղվա առակը չըլի, թե «աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց խակ է»։

Էտ դրուստ է, մագրամ նա իրա հալի աղջիկ չէ։

Վո՞ւնց։

Ասում ին ջահիլ տղերանց շլինքով փաթթվիլ սիրում է։

Վա՛յ մե, միղք է, էտենց մի՛ խոսի. նա հրեշտակի բնութին ունե։ Ես իմ լսածն իմ ասում, մագրամ աղջկա սիրտը աստուծ դիգե։

Սամիլ Պետրովիչը իրան ձևացրեց փոքր֊ինչ բարկացած։

Ո՛վ վուր խոսում է, գլուխը քարովն է տալի, պատասխանեց նա։ Պարուն Ծատուր, դուն оրթում խոմ չիս ուզում վութ ուտիմ, ամա էս «անուն հորը» վկա է, և նա խաչակնքեց երեսը, և Քրիստոսի խաչ֊ավետարանը ինձ խռով կենան, թե սուտ ըլիմ ասում, նա հրեշտակի պես իստակ է։ Երիտասարդը ոչինչ չպատասխանեց։

Վո՞ւրքան փուղ ունե, հարցրեց նա մի քանի րոպեից հետո։

Փուղն ի՞նչ կոնիս, դուն ուզում իս համ լավ նշանած ունենաս, համ փուղ առնի՞ս, պատասխանեց հանաքով Սամիլ Պետրովիշը։

Էս մուգում առանց փուղի աղջիկ ո՞վ է առնում միր քաղքում։

Հինգ հարուր թուման էլ փուղ ունե։

Հինգ հարուր թումա՞ն, ծիծաղելով պատասխանեց երիտասարդը։ Հինգ հարուր թումանը նրա մե տարվա փերչատկի, դուխի ու փայտոնի փուղը չի դուրս բերի։

Լավ իս ասում, հեգնորեն խոսեց մոցիքուլը, ամա նա հեստի խազեյկա է, վուր նրա ձեռքի տակից կապեկ չի վիր ննգնի, նա ավել մսխիղ չի սիրում։

Վո՞ւնց չէ՛ սիրում, վուր Ճանճուր Իվանիչը իր կինքումը մե հասարակ սելի վրա նստած չունե, նա կի նրան կառեթ առնիլ էրիտ։

Էտ վուչինչ, քու կնիկ դառնալուց դենը վունց վուր գուզիս, էնպես կու պահիս։

Փուղի բանը յոլա կու գնա, Սամիլ Պետրովիչ, ես, փառք աստծու, փուղ ունիմ ու աչք չիմ դրի, վուր կնկա փուղով ապրիմ մագրամ Ճանճուր Իվանիչի աղջիկը իմ խարջը չէ, դուն լավ կոնիս մե էնթավուրը գթնիս, վուր հայի ադաթի ըլի։

Սամիլ Պետրովիչր սկսավ սարսափելի երդումներով հավատացնել նրան, թե օրիորդ Սոֆին հրեշտակ է, սուրբ է, և մինչև անգամ ասաց, որ նա աստվածածնի պես մաքուր է։

Չէ՛, Սամիլ Պետրովիչ, պատասխանեց երիտասարդը, էնպես չէ, վուր ես նրան չճանչնամ, քանի անդամ թեատրում, վեչերնիրում, կրուժոկում և ուրիշ շատ տիղ նրան տեհիլ իմ, նա իրա հալին աղջիկ չէ․ նա իս սհաթիս ուրիշ տղի վրա սիրահարված է, նա Էնպես մարդ կուզի, վուր իրան գերի դառնա, դադածը իրա վրա մսխե, ու ինքը կի ուրիշների հիդ քեփ անե։ Կուլի վուր դուն էն լավ չիս իմանում, բայց մինք, վուր աղջիկների մուշտարի ինք, դրանց լավ կու ճանչնանք։

Ուսում առած աղջիկը իսկի էտենց չի ըլի։

Ի՞նչ ուսում, սատանան էլ շատ գիդե, ամա վուր չար բնութին ունե՞, ի՜նչ կոնիմ նրա գիդութինը։

Սամիլ Պետրովիչը երկար աշխատեց զանազան փաստերով հերքել երիտասարդի կարծիքը օրիորդի մասին, բայց հնարք չեղավ, նա դարձյալ սկսավ պնդել յուր համոզմունքը օրիորդի անվայելուչ բարոյականության վրա։ Քառորդ ժամ ևս տիրեց նրանց մեջ վեճը, և Սամիլ Պետրովիչը բաժանվեցավ նրանից բոլորովին դժդոհ։

Ի

Հացի-Գելենց կացարանը Կոջորում մի բլրակի դագաթի վրա էր։ Նա յուր բարձր դրությամբ կարծես թե իշխում էր յուր գեղեցիկ շրջակայքին։ Նրա չորեքկողմում, ուր և նայում էիր, պատկերանում էին հիանալի տեսարաններ մի կողմում կանաչազարդ հովիտներ, խոտավետ արոտամարգեր, որոնց մեջ արածող չորքոտանիք հրաշալի երևույթներ էին ձևակերպում, մի այլ կողմում՝ թփապատ բլրակներ, անտառախիտ լեռներ, իրանց գագաթների բարձրությամբ նկարվելով երկնքի կապուտակության մեջ, հանդիսացնում էին սքանչելի պատկերներ։ Մի այլ տեղ մշակված դաշտերում երկրագործը, յուր սովորական երգը երգելով, հերկում էր գետինը։

Այդ բոլոր հիանալի տեսարանները, այդպես շքեղաբար միախառնվելով միմյանց հետ, հանդիսանում էին կովկասյան հրաշալի բնության գեղապատկերը։

Փոքրիկ տունը, ուր կենում էին Հացի֊Գելենք, հովանավորված էր ծառերի անթափանցիկ ստվերի ետև։ Նրա բակի պարտեզը զարդարված ծաղիկներով և վայրի ծառերով, տալիս էր այդ գեղեցիկ բնակարանին առանձին բանաստեղծական շքեղություն։

Արևի ոսկեզօծը դեռ նոր փողփողում էր լեռների կանաչազարդ կատարների վրա. օդը, արբած գիշերային զովությամբ, բուրում էր անուշահոտություն։ Երգող թռչունները բարձր և բարձր հնչեցնում էին իրանց առավոտյան տաղերգությունները։

Գեղեցիկ ամառային առավոտ էր։ Բաց լուսամուտի հանդեպ խորին մտահուզության մեջ, նստած էր օրիորդ Սոֆին և նայում էր դեպի գեղեցկազարդ հեռուն։ Նա նայեց, երկար նայեց և բնության այդ գեղարվեստ պատկերները ծնեցին նրա հոգում հազարավոր զվարճալի զգացմունքներ։

Նրա մոտ, բոլորովին զմայլած օրիորդի էշխով, նստած էր Մայիլովը։

Այդ օրը արշալույսն այնպես վարդագեղ ներկելով յուր դեմքը, կարծես թե մրցել էր կամենում օրիորդի թշերի ալ գույնի հետ, որ իբրև գեղեկության դիցուհի՝ յուր սրբարանից իշխում է բնության վրա։

Տեսնո՞ւմ ես, Նիկոլ, ասաց նա հրճվելով, ի՜նչ գեղեցիկ առավոտ է այսօր... Նայիր, տես թե քանի հրապուրանքով ծառերի տերևները, ծաղիկների փնջերը զարդարված առավոտյան ցողի գոհարներով, ժպտում են արևի առաջին ճառագայթների հետ։

Այո՛, հիանալի է, պատասխանեց պատանին՝ խորին համակրությամբ։

Լսո՞ւմ ես, Նիկոլ, թե ի՛նչպես սոխակը անհոգ և քաղցրաձայն հնչեցնում է յուր երգը։ Բնության այդ շքեղությունները, ասես թե, ոգևորում են թռչունների պոետին։

Լսում եմ, կարճ պատասխանեց Մայիլովը։

Երանի՜ թե մարդ նույնպես ունենար նրա գեղեցկասեր ճաշակը, խոսեց օրիորդը զգացված։

Օրիորդի վերջին խոսքերը մոգական ազդեցություն ունեցան պատանի Մայիլովի վրա, և նա կարծես թե զվարթացավ յուր մտավոր թմրությունից։

Դու կարծում ես մարդը չէ՞ կարող սիրել գեղեցիկը, հարցրեց նա՝ ուղիղ օրիորդի երեսին նայելով։

Իմ կարծիքով՝ ո՛չ այնքան... որովհետև մարդու զգացմունքները խիստ կոշտ են, պատասխանեց օրիորդը վհատությամբ և նույն րոպեին երեսը շրջեց և սկսավ նայել դեպի հեռուն։

Բայց ե՞ս...

Քեզ պետք է դեռևս շատ ուսանիլ...

Սերը արվեստական իրողություն չէ, նա ուսում չունի։

Իրավ այդպես է, բայց մի սիրտ, որ չունի զարգացած կրքեր, նա դատարկ թմբուկ է։

Բայց մենք ևս չնախանձենք սոխակին։

Ի՞նչպես, հարցրեց օրիորդը։

Այնպես որ, եթե դու թույլ տայիր, ես այս րոպեիս կփաթաթվեի քո պարանոցով և մի քանի համբույր կքաղեի քո թշերից, որպես սոխակը, որ այնպես տարփանքով գրկում է գեղեցիկ ծաղիկները և այնպես բորբոքված ծծում նրանց անուշահոտությունը։

Օրիորդը մպտեցավ։

Դու ցանկանո՞ւմ ես այդ։

Շա՜տ...

Կարող ես։

Եվ Մայիլովը քնքշությամբ գրկեց նրան, և երկար նրա շրթունքները չէին հեռանում օրիորդի նույն րոպեին բոցավառված թշերից։

Մյուս սենյակից լսելի եղավ ոտքի ձայն։

Բավական է, Նիկոլ։

Ներս մտավ Մաշան։

Այստե՞ղ եք հրամայում բերել ձեզ համար թեյ, հարցրեց նա։

Մայրս վե՞ր է կացել քնից, հարցրեց օրիորդ Սոֆին։

Դեռևս ոչ։

Ուրեմն այստեղ։

Աղախինը հեռացավ։

Ներս մտավ Գրիգոլը սուլելով և զվարթ դեմքով։ Նա անփույթ կերպով ձեռք տվավ յուր դասընկերին և սկսավ դարձյալ սուլելով պտտիլ սենյակում։

Ո՞ւր էիր, Գրիգոլ, այսպես վաղ առավոտյան, ես մի ժամ ավելի է, սպասում եմ քեզ, հարցրեց նրանից Մայիլովը։

Ես ամեն առավոտ արևածագից առաջ գնում եմ զբոսանքի, պատասխանեց գիմնազիստը։ Այսպես չէ՞, Սոֆի։ Պատմեմ ձեզ մի նորություն, մինչև այսօր ես ոչ ոքի չէի հանդիպել, որ ինձանից առաջ դուրս եկած լիներ զբոսանքի, բայց այսուհետև չեմ կարող հպարտանալ դրանով, որովհետև այսօր մի պարոն ինձնից առաջ էր դուրս եկել զբոսնելու։

Ի՞նչ պարոն, հարցրեց օրիորդը։

Մի պարոն, Պետերբուրգի համալսարանն ավարտած. նա նոր է եկել ամառանոց և մեզ դրացի է։

Մեզ դրացի է, հարցրեց օրիորդը։

Այո՛, մեզ դրացի։

Երիտասա՞րդ է։

Նորահաս, գեղեցիկ երիտասարդ, համարյա՛ քսանևհինգ տարեկան, խիստ վայելուչ կերպով հագնված։ Վերջին խոսքերը գրգռեցին օրիորդի հետաքրքրությունը, և նա շարունակեց յուր հարցուփորձը.

Նա խոսե՞ց քեզ հետ։

Խոսեց։

Ի՞նչ ասավ։

Նա հարցրեց, թե ես որտե՞ղ եմ բնակվում, ես նրան ցույց տվի մեր կացարանը և ասացի, որ մորս և քույրերիս հետ եմ բնակվում։

Նա մի ուրիշ խոսք չասա՞ց։

Նա ասաց, թև ձեր քույրն ա՞յն օրիորդն է, որ այն երեկո բակում ման էր գալիս սպիտակ հագուստով․ ես պատասխանեցի՝ այո՛․ հետո նա ասաց, թե ես իմ լուսամուտից տեսնում էի ձեզ։

Էլ ի՞նչ ասաց, հարցրեց օրիորդը՝ չբավականալով լսած տեղեկություններով։

Էլ ի՞նչ պիտի ասեր, մի փոքր պինդ ձայնով պատասխանեց Գրիգոլը, ես արդեն նրա հետ մոտ ծանոթացա։

Ինչպե՞ս, Գրիգոլ, քո հոգուն մատաղ, դարձյալ հարցրեց օրիորդը։

Մենք զբոսանքից դարձանք միասին, խոսեց Գրիգոլը, անցնելով նրա կացարանի մոտից, նա ինձ հրավիրեց յուր մոտ․ մենք միասին թեյ խմեցինք, նա խոստացավ ինձ օգնել դասերս սերտելու։ Մի խոսքով' նա շատ ազնիվ և բարեսիրտ տղամարդ է։

Մայիլովը լուռ ականջ էր դնում քույր և եղբոր խոսակցությանը, մինչև նա տաղտկացավ լսելուց և դարձավ դեպի յուր դասընկերը՝ հարցնելով.

Գրիգոլ, բերե՞լ ես Լերմոնտովի երրորդ հատորը։

Ո՛չ, մոռացել եմ, տանն եմ թողել, պատասխանեց Գրիգոլը։

Ես ուզում էի մի անգամ ևս աչքի անցնել․․․

Բայց դու ասա, Գրիգոլ, նրանց խոսակցությունը ընդհատեց օրիորդը, ի՞նչպես է նրա ազգանունը։

Նա ասաց յուր անունը և ազգանունը, ՛բայց ես մոռացա, պատասխանեց Գրիգոլը։

Ի՜նչ մոռացկոտն ես, Գրիգոլ։

Դե ի՞նչ ես շտապում, դու շուտով կծանոթանաս նրա հետ, ես միտք ունիմ այս երեկո հրավիրել նրան մեր տուն թեյ խմելու։

Այո՛, շատ լավ կանես, ուրախությամբ պատասխանեց օրիորդը։ Բայց դու ասա՛, Գրիգոլ, քանի՞ օր է, ինչ որ նա եկել է քաղաքից։ Այս երկրորդ օրն է։

Ուսյա՞լ մարդ է։

Մեր դիրեկտորը նրա մոտ ինչպես մի աշակերտ։

Հրավիրի՛ր, հրավիրի՛ր, Գրիգոլ, համարյա հրճվանքով ասաց օրիորդ Սոֆին։

Հանկարծ ներս մտավ տիկին Բարբարեն․ նա ողջունեց յուր զավակներին, նստեց և սկսեց պատմել մի երազ, որ տեսել էր այն գիշեր։

Խոսակցությունը քույր և եղբոր մեջ ընդհատվեցավ։

ԻԱ

Որքան հայտնի է մեր ընթերցողին, Հացի Գելենք, իբրև ստորին դասակարգի մարդիկ, զուրկ էին ընտանեկան հարաբերություններից այն գերդաստանների հետ, որոնք պատկանում էին հասարակության բարձր դասին։ Եվ ամառանոցի բնակիչները լինելով ըստ մեծի մասին զանազան աստիճանավորների և զանազան ազնվականների գերդաստաններ, Հացի-Գելենք զրկված էին ամենայն հարաբերություններից նրանց հետ, որովհետև նոր երևույթ էր քաղաքում, որ հասարակ վաճառականի ընտանիքը հանկարծ հայտնվել էր ամառանոցի շրջանում։

Այդ հանգամանքների պատճառով ամառանոցի կյանքը Հացի Գելենց համար դեռևս մի առանձին զվարճություն չուներ. այլ, ընդհակառակն, նրանք անց էին կացնում շատ տխուր, առավելապես օրիորդ Սոֆին շատ էր տխրում, թեև պատանի Մայիլովի այցելությունները բավական մխիթարում էին նրան։

Նույն առավոտ յուր թեթևամիտ եղբորից լսելով Պետերբուրգի համալսարանի ուսանողի մասին, օրիորդ Սոֆին անհամբերությամբ սպասում էր երեկոյին, երբ նա Գրիգոլի հրավիրելով պիտի գար իրանց տուն։ Ուսանողի անունը, ուսանողի կյանքը վաղուց տպավորել էին նրա երևակայության մեջ զանազան ախորժելի գաղափարներ։

Բայց օրիորդը բոլորովին չէր հավատում յուր եղբոր խոսքերին․ այդ պատճառով այն օր նա չէր հեռանում լուսամուտից, գուցե տեսներ իրանց դրացի նորեկ հյուրը, բայց նրա աշխատություններն իզուր անցան, նա ոչ մի նոր մարդ չտեսավ։ Ճաշից հետո երբ նրա մայրը գնաց քնելու, օրիորդ Սոֆին քաղցրությամբ դիմեց յուր եղբորը.

Գրիգոլ, հարցրեց նա, դու երեկոյան պիտի հրավիրե՞ս այն երիտասարդին, որի մասին առավոտյան խոսում էիր։

Անպատճառ, պատասխանեց Գրիգոլը։ Միայն խնդրեմ, քույրիկ, լա՛վ ընդունիր իմ հյուրին։

Անհո՛գ եղիր, պատասխանեց օրիորդը. միայն, Գրիգոլ, դու կանչիր ինձ մոտ փոքրավորին, որ պատվիրեմ մի քանի տեսակ մրգեղեն գնե, իսկ մուրաբեք ունինք ամեն տեսակի։

Ա՛խ, շնորհակալ եմ քեզանից, Սոֆի, կոչեց Գրիգոլը ուրախանալով և գրկեց յուր քրոջը և շուտով վազեց կանչելու սպասավորին։

Օրիորդ Սոֆին, տալով հարկավոր պատվերները փոքրավորին և յուր աղախնին՝ երեկոյան հյուրընկալության մասին, այն օրը յուր սովորության համեմատ չքնեցավ, այլ գնաց լուսամուտի մոտ, որ նայում էր դեպի մեծ ճանապարհը և յուր մոտ կանչեց Գրիգոլին։

Դու ասացիր այն պարոնը դեռահաս է, հա՞, հարցրեց եղբորից օրիորդը։

Դեռահաս է և սիրուն տղամարդ, պատասխանեց Գրիգոլը։

Լա՞վ է հագնված։

Խիստ շիկով, նրան առաջին ֆրանտը կարելի է համարել ամառանոցի բոլոր երիտասարդների մեջ։

Օրիորդը գաղտնապես հրճվում էր եղբոր նկարագրություններով։

Ահա՛, ահա՛, Սոֆի, ահա՛ այն պարոնը, որին ես պիտի հրավիրեմ թեյի, կոչեց Գրիգոլը՝ ցույց տալով լուսամատից դեպի դուրս։

Արդարև օրիորդ Սոֆին տեսավ մի վայելչակազմ նորահաս երիտասարդ ամառային թեթև հագուստով, որ յուր ճկուն գավազանը ձեռքին խաղացնելով՝ անցնում էր, հազիվ լսելի, բայց մետաղի հնչման ձայնով սուլելով մի մեղեդի։

Տեսնելով անցավոր երիտասարդին՝ Գրիգոլը լուսամատից ողջունեց նրան, և նա էլ բարձրացրեց յուր հարդյա թեթև գլխարկը և շնորհալի կերպով գլուխ տվավ նրան։ Նույն րոպեին օրիորդ Սոֆիի աչքին ընկան նրա ուսանողական երկայն և մետաքսի նման փափուկ մաղերը, որոնք փառավորապես թափված էին նրա ուսերի վրա։ Նա անցավ, շուտով մտավ մերձակա տան բակը և համարյա վազելով բարձրացավ սանդուղքներից։

Տեսնո՞ւմ ես, Սոֆի, ինչպիսի ծանոթ ունիմ ես, ասաց Գրիգոլը հպարտանալով։

Այո՛, հիանալի տղամարդ է, պատասխանեց Սոֆին. բայց ի՞նչ լեզվով է խոսում։

Նա առաջ ինձ հետ խոսեց հայերեն, բայց երբ տեսավ, որ չգիտեմ, հետո խոսեց ռուսերեն։

Ափսոս, որ նա խոսում է հայերեն, ասաց օրիորդը։

Վահե Արամյան, այդպես էր կոչվում այն երիտասարդը, որին նույն օրվա երեկոյան պահուն սպասում էին Հացի-Գելենց տանը, ազնվական տոհմի որդի էր։ Նա յուր տասը տարեկան հասակում որբ մնաց հորից, որ մեռավ քառասունևհինգ տարեկան «ստատսկի սովետնիկի» չինով, թողնելով յուր զավակներին բավականաչափ ժառանգություն։

Նրա մայրը յուր ամուսնուց հետո խնամակալ եղավ մանուկ Վահեի կրթությանը՝ հանձնելով նրան մի գերմանացու գիշերօթիկ վարժարան. այդտեղ պատրաստվելով՝ նա մտավ գիմնազիոնի չորրորդ դասատուն։ Երեք տարուց հետո պատանի Վահեն մեծ հառաջադիմությամբ ավարտեց գիմնազիոնի դասընթացը և գնաց Պետերբուրգ։ Այնտեղ նա մտավ համալսարանի արևելյան լեզվագիտության բաժինը։

Եվ պատանի ուսանողը թեև ստանում էր յուր մորից բավականաչափ արծաթ, բայց նրա համալսարանական կյանքը ոչ միայն չափավոր չէր, այլ հասնում էր աղքատության։ Նա հագնվում էր հնամաշ, ուտում էր առանց ընտրողության, չէր կտրում եղունգները, թողնում էր երկայն մազեր, ձմեռը քնում էր ցուրտ սենյակում և միշտ խոսում էր Կեկելի ու Փեփելի վրա։ Բայց նա օգնում էր խեղճ ուսանողներին և յուր վերջին կոպեկը բաժանում նրանց հետ։

Մի այդպիսի տարապայման կյանքը ո՛չ միայն չզրկեց նորահաս Արամյանին յուր ուսման հառաջադիմությունից, այլ պատճառ տվավ նրան յուր այնքան դրամական միջոցներով հեռու մնալ Պետերբուրգի հրապուրիչ զվարճալիքներից և դառնալ յուր հայրենիք մագիստրոսի դիպլոմը ծոցում։ Բայց վերադառնալով Կովկաս, նա մոռացավ և՛ Կեկելը, և՛ Փեփելը. նրա հնամաշ հագուստն ստացավ փառավոր և վայելուչ ձև, և նա յուր կյանքին տվավ առավել շքեղ կերպարանք, բայց նրա մարդասեր ձեռքը երբեք չխորշեցավ աղքատներից։ Գալով յուր մայրենի քաղաք, Արամյանը չկարողացավ շուտով գտնել արժանավոր պաշտոն, և քաղաքում ձանձրանալով անգործությունից, նա դիմեց ամառանոց՝ գոնյա կազդուրելու առողջությունը։

Արամյանը մի օր առաջ տեսնելով օրիորդ Սոֆիին իրենց բակում, Նևսկի պրոսպեկտից հեռանալուց հետո Կովկասում նա առաջին անգամ հանդիպեցավ մի օրիորդի, որ հագնված լիներ այդպես վայելուչ կերպով և բարեձև, ինչպես մի փարիզուհի գեղաճաշակ տիկին։

Եվ ցանկանալով մոտենալ նրան, նա հարկավոր համարեց նախ և առաջ գրավել Գրիգոլին, որ առաջին անգամից երևեցավ նրան թեթևամիտ, այնուհետև եղբոր միջոցով ծանոթանալ քրոջ հետ։

Նույն օրվա երեկոյան պահուն օրիորդ Սոֆին, վայելուչ կերպով հագնված, յուր մոր հետ սպասում էին Արամյանին։

Պատանի Գրիգոլը ինքը անձամբ գնացել էր նրան հրավիրելու։

Արամյանը ներս մտավ հասարակ, այդ պատճառով հագնված, նա շնորհալի կերպով ողջունեց բոլորին և Գրիգոլը ծանոթացրեց նրան յուր մոր և քույրերի հետ։

Ընդունելության ծեսը վերջանալուց հետո նորահաս մագիստրոսը յուր հարդյա գլխարկը պատուհանում և նստեց նրա հանդեպ, մի փոքր հեռու օրիորդ Սոֆիից և նրա մորից։

Նրանց առաջին խոսակցությունները եղան զանազան հարցուփորձեր, որ տիկին Բարբարեն սկսավ հարցնել Արամյանից, թե ե՛րբ է եկել նա Պետերբուրգից, քանի՛ տարի է այնտեղ մնացել, ինչ է սովորել։ Նա մի քանի բան հարցրեց նույնպես Պետերբուրգի հասարակական և այնտեղի սովորությունների մասին։

Արամյանը տալիս էր թեև կարճ, բայց նրանց համար բավական հետաքրքրական պատասխաններ։

Օրիորդ Սոֆին հեռվից հրճվանքով լսում էր նրան, և Գրիգոլը նույնպես ուրախ էր յուր հյուրով։

Տիկին Բարբարեն համարյա սպառեց յուր խոսակցության բոլոր պաշարը և տեսնելով, որ յուր զրույցները այնքան էլ չեն գրավում հյուրին, և մանավանդ նրա հայերեն խոսակցության ոճը շատ էլ հասկանալի չէ իրան, մտածեց և օրիորդ Սոֆիին խառնիլ իրանց խոսակցությանը։

-Շատ ապրիս, վուրթի,-ասաց նա,-լավ իքմին է ուսումը. հորես իմ Սոֆին էլ ուսում է առի. հեստի ուրախացնում է ինձ, վուր չիմ կանա ասի։ -Օրիորդ Սոֆի՞ն,-կրկնեց Արամյանը ազնիվ ուրախություն ցուցանելով յուր դեմքի վրա։

-Ասացեք խնդրեմ,-դարձավ նա դեպի օրիորդը,- ո՞րտեղ եք ավարտել դուք։


Օրիորդ Սոֆին շառագունեց, նա չգիտեր, թե ինչ է հարցնում իրանից։


Գրիգոլը հայտնեց Արամյանին, որ նրա հետ ռուսերեն խոսե...

Արամյանը միևնույն հարցը կրկնեց ռուսերեն, սակայն շատ վատ տպավորություն թողեց նրա վրա օրիորդի՝ յուր մայրենի լեզվին անտեղյակ լինելը։

-Ինստիտուտ,-պատասխանեց օրիորդը վրդովվելով։

Խոսակցությունը Արամյանի և օրիորդ Սոֆիի մեջ տևեց բավական երկար, որի միջոցում օրիորդը յուր ինստիտուտական թութակի նման մի քանի կերտած զրույցներով (ֆրազներով) թափում էր յուր բոլոր ճիգը, որքան կարելի է յուր խոսքերին տալ բազմախորհուրդ նշանակություն՝ իրան երևացնելով յուր խոսակցի առջև ուսյալ ոմն։ Բայց Արամյանը նրա խոսակցության սկզբից ճանաչեց, թե «ի՛նչ սանդրի կտավ է նա», երբ նշմարեց նրա մեջ՝ ամեն լավ բան կործանող, այդ քաղաքում նոր մոդա դարձած -նիհիլիստական ուղղություն․․․։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Զահրումար"

Ятук Музыка
Sobre Dance
Арам Хачатрян

Sobre Dance

Кармравор
Кармравор
Играть онлайн