Раффи
Զահրումար
ԼԵ, ԼԶ, ԼԷ
ԼԵ
Գալով իրանց կացարանը՝ Քաջբերունին բոլորը պատմեց Արամյանին, թե ի՛նչպես առաջին անգամ տեսել էր օրիորդ Աննային թատրոնում, այնուհետև ի՛նչպես հանդիպեցավ գրավաճառանոցում և թե հետո ի՛նչպես ծանոթացավ նրա հետ։
Քաջբերունին բոլորովին պերճաբան չէր, բայց խոսելով օրիորդ Աննայի վրա, նրա խոսակցության անփույթ և անզարդ ոճն ընդունում էր բավական գեղեցիկ ձև։
Նրա բոլոր գոյության մեջ, շարունակեց նա, չէ երևում ոչինչ բան կեղծյալ, նա պատկերանում է քո առջև որպես մարմնացած առաքինություն՝ յուր պարզ և հրեշտակային սրբությամբ։ Նրա խելացի դեմքն արտահայտում է հեզություն և բարեսրտություն: Նրա աչքերի մեջ վառվում է երկնային հուր, մինչ այն աստիճան գրավիչ և բաղմախորհուրդ, որով իսկույն հրապուրվում ես, և դու մեծավ հաճությամբ ասում ես, թե արժե սիրել դրան...։
Ասա՛, խնդրեմ, հարցրեց Արամյանը, ի՞նչպիսի ուսում և կրթություն ունի նա։
Նա չէ եղել ոչ մի վարժարանում, այլ ուսել է յուր հոր և եղբոր մոտ. նա բավական մաքուր խոսում է յուր մայրենի լեզվով և բավական հասկանում է մեր հին լեզուն. ունի բավական զարգացած խելք, նա խոսում է քեզ հետ ամեն առարկայի վրա՝ ուսումնական, արհեստական, քաղաքական, կրոնական և այլն, և բոլորի մեջ հայտնում է յուր առողջ դատողությունը և յուր խելացի կարծիքը։ Այդպիսի աղջիկներ այս քաղաքում հազվագյուտ երևույթներ են, ես շատ կցանկանայի նրա հետ ծանոթանալ:
Նա արդեն խնդրել է, որ ես քեզ տանեմ իրանց հետ ծանոթացնելու:
Նա ո՞րտեղից է ճանաչում ինձ:
Քաջբերունին սկսեց պատմել, թե ի՛նչպես օրիորդը տեսել էր նրան հիվանդության ժամանակ։
Նույն միջոցին դռները ճռռացին, և հանկարծ ներս մտավ Դիաչկովը:
Պատմության քաղցր տեղում մլթոնին ասաց՝ «սալլամ ալեյքում», ասաց Արամյանը թուրքերեն առածը։
Ինձ մի՛ ջղրացնեք, ես այնքան բարկացած եմ, որ կռիվ կսարքեմ, ասաց նա հայերեն լեզվով, դեմքը խոժոռելով:
Նա դրավ գլխարկր լուսամուտում և սկսավ անցուդարձ անել սենյակի մեջ, գլուխը շարժելով, ինքն իրան ասելով «Այո՛ , դժբախտություն... դժբախտություն...»։
Ի՞նչ է պատահել, Թաթոս, հարցրին նրանից:
Էլ ի՞նչ պիտի լինի, դո՛ւք, պարոններ, չար աչքով զարկեցիք իմ բախտավորության, պատասխանեց Դիաչկովը բարկությամբ և շարունակելով անցուդարձ անելը:
Մեր աչքերը Արտավազդա աչքերը չեն, ասաց նրան Արամյանը։
Արտավազդը չգիտեմ ով էր և ինչպիսի աչքեր ուներ, երևի նա էլ ձեզ պես հայոց թագավոր կլիներ, ծիծաղելով պատասխանեց Դիաչկովը, միայն ճշմարիտն ասած ես դժբախտ եմ այժմ։ Քաջբերունին և Արամյանը կարծեցին, թե կարելի է նրան որևիցե դժբախտություն հանդիպած լինի, այդ պատճառով ցավակցաբար հարցրին նրանից, թե ի՞նչ դժբախտություն է պատահել նրան։
Դիաչկովը նստեց և յուր տխրամած աչքերը խորհրդավոր կերպով ձգեց նրանց երեսին և խոսեց.
Եղբարք, ես ցավալի կերպով արտաքսված եմ Հացի֊Գելենց տնից, ինքը օրիորդ Սոֆին հրամայած է այլևս չընդունել ինձ։
Իրավ այդ մեծ դժբախտություն է, կրկնեց Քաջբերունին. ի՞նչ պատճառով։
Պատճառը խիստ բնական է, պատասխանեց Դիաչկովը. վերջին օրերում նրանց տան ներքին հարկում բնակվում է մի ռուս, մանկահասակ աստիճանավոր, որ ծառայում է կովկասյան ինժեներնոյե ուպրավլենիում։ Նա մի տղամարդ է բավական գեղեցիկ դեմքով, բարձրահասակ և վայելուչ հագնված. ես՝ խղճալիս, օրիորդի այդ նոր տարփածուի առջև կորցրի իմ բոլոր արժանավորությունս։
Ի՞նչպես կապվեցավ օրիորդը այդ աստիճանավորի հետ, հարցրեց Արամյանը հետաքրքրությամբ։
Չէ՞ որ ես ասացի, թե նա ծառայում է ինժեներնոյե ուպրավլենիում, և ճանճուր Իվանիչը իբրև մի փոդրաթջիկ (կապալառու)մարդ, իհարկե, միշտ գործ ունի այնտեղ, և փոդրաթչիկները միշտ կաշառքով գրավում են այնպիսի աստիճանավորներից մեկին, որ ծառայում է իրանց շահերին. այդ պատճառով Հիջյալ պարոնը ծանոթ է լինում Ճանճուր Իվանիչի հետ, և գիտենալով, որ նա սիրուն աղջիկ ունի, սկսում է յուր բարեկամությունը ավելի պնդացնել, մինչև անգամ երթևեկել Հացի-Գելենց տուն. հետո էլ յուր բնակությունը փոխում է այնտեղ, և ի՞նչ մի դժվար բան է տիրել Սոֆիի նման թեթևամիտ աղջկա սրտին. վերջապես նա հասնում է յուր նպատակին։
Ճանճուր Իվանիչը չէ՞ կասկածում նրանից, հարցրեց Քաջբերունին։
Կասկածանքը այնտեղ նշանակություն չունի, երբ Ճանճուր Իվանիչը աչքի առջև ունի յուր նյութական շահերը. նա առավել ուրախ կլիներ մի այդպիսի՝ նրա համար բարեբախտ հանգամանքներում, եթե յուր դստեր սիրով, նույնիսկ նրա պատվի գնով, կարողանար որսալ ինժեների սերտ բարեկամությունը, որ ամեն տարի կարող էր նրան հազարներով օգուտ տալ։
Ուրեմն դու հաղթվեցա՞ր ինժեներից, հարցրեց Քաջբերունին։
Այո՛, իմ բոլոր հնարագիտություններս փշրվեցան։ Բայց եթե այդ անիծյալ Ճանճուր Իվանիչը սուդերում դատ ունենար, ես էլ միևնույն դերը կխաղայի, ինչ որ ինժեները. դժբախտաբար նա ոչ ոքի հետ վեճ չունի։
Ուրեմն աշխատիր նրան քարշ տալ դեպի սուդ, ասաց ծիծաղելով Արամյանը։
Եվ ես դրա վրա եմ մտածում, պատասխանեց Դիաչկովը առանց այդ չէ՛ կարելի։
Այո՛, մտածի՛ր, կրկնեց Քաջբերունին կատակով, և հարկավոր է մտածել...։
Որպես ստուգել եմ՝ ինժեները կամենում է պսակվեք Սոֆիի վրա, և Սոֆին էլ բոլորովին խելքից ելած է նրա համար։ Ուրիշ ի՞նչ կա, հարցրեց Քաջբերունին, այդ մեզ շատ չէ գրավում. որովհետև մենք վաղուց գիտեինք, թե նրանից ի՛նչ էր գուրս գալու։
Բայց ես մահու չափ վշտացած եմ. այն Պանտալոնովսկու (այդպես էր ինժեների անունը) հերը կանիծեմ... թող մի փոքր անցնի... նա շգիտե, թե ո՛ւմ հետ է կատակ անում...։
Այդ խոսքերն այնքան կրքով արտասանեց Դիաչկովը, որ Հիրավի նրա աչքերը վառվեցան բարկությունից, և նա դարձյալ վեր կացավ և սկսավ անցուդարձ անել սենյակի մեջ։
Բոլոր այդ խոսակցության միջոցին Արամյանը լուռ էր. նրա վրա խիստ անախորժ ներգործություն ունեցավ Դիաչկովի լուրը։ Թեև նա վաղուց յուր սիրո կապը կտրել էր օրիորդ Սոֆիի հետ, բայց տակավին մի գաղտնի կիրք նրա սիրտը ցավեցնում էր, երբ լսում էր նրա մասին, թե նա օրըստօրե դիմում է դեպի կործանումը։
Բայց Դիաչկովը մոտեցավ նրան և բռնեց նրա ձեռքը՝ ասելով.
Եղբայր, դու միայն կարող ես կարեկցել ինձ, որովհետև մենք երկուքս համավիճակ ենք. բայց իմ խոսքերը ընկերոջդ չեն գրավում, նա թող պարապի յուր հայոց թագավորությունը օդի վրա հիմնելու ծրագրով....։
Մանուկ տղամարդիկը ոչինչ չպատասխանեցին նրա խոսքին, և Դիաչկովը առավ գլխարկն ու, առանց մնաք բարյավ ասելու, դուրս գնաց։
Ո՞ւր, ո՞ւր, Թաթոս, կանգնի՛ր, բան ենք ասում, ձայնեցին նրան, բայց Թաթոսը առանց ետ նայելու գնաց։
Այդ հիմարը մեզ ընդհատեց, ասաց Քաջբերունին՝ կցելով ընդհատված խոսակցությունը օրիորդ Աննայի մասին։ Երկու հակառակ ծայրեր են օրիորդ Սոֆին և օրիորդ Աննան, մինը որքան անբարոյական և լկտի, մյուսը այնքան առաքինի և բարեկիրթ։
Եվ նրանք երկար խոսեցին կանանց կրթության մասին։
Դիաչկովը նրանց մոտից դուրս գալով ճանապարհին հանդիպեց մի աստիճանավորի, որ կառքով գնում էր. նա տեսնելով Դիաչկովին, կառքը կանգնեցրեց և հրավիրեց նրան յուր մոտ նստել։ Դիաչկովն ուրախությամբ ընդունեց նրա հրավերը։
Ո՞ւր էիք, հարցրեց աստիճանավորը։
Այստեղ մի քանի րոպե ներս մտա, պատասխանեց Դիաչկովը։
Ո՞ւմ մոտ։
Այդտեղ երկու հոգի Հայ-իկներ կան...։ Դուք ի՞նչ գործ ունիք նրանց մոտ։
Ինձ պատվիրված է լրտեսել նրանց գործունեությունը։
Ի՞նչպիսի անձինք են։
Նախանձավոր պատրիոտիկներ (հայրենասերներ)։
Ի՞նչ մտքերի են ծառայում։
Մինը աշխատում է մշակել հայոց լեզուն և գրականությունը, խելամուտ առնել ազգին յուր պատմական ավանդություններին, իսկ մյուսը կատարյալ ծով է. նրա հատակը դեռ չէ երևում, բայց խիստ վտանգավոր մարդ է։
Երևում էր, որ այդ ծանոթությունները հետաքրքրեցին աստիճանավորին. նա շարունակեց յուր հարցուփորձը․
Այստեղ ի՞նչ են շինում։
Այս քաղաքում բույն գնելու միտք ունին։
Ծաոայու՞մ են, ապրուստ ունի՞ն։
Նրանք մերկ են որպես թեփռած հավ, բայց իրանց աղքատության մեջ դարձյալ հպարտ են և անընկճելի։
Վաղու՞ց է, որ ճանաչում եք դրանց։
Ես համալսարանից ընկեր եմ եղել դրանց հետ։
Այսպես նրանք խոսում էին, և կառքը սահում էր ողորկ փողոցի վրայով, մինչև Դիաչկովը հրամայեց կանգնել և, ներողություն խնդրելով աստիճանավորից, վայր իջավ։
Առայժմ մնաք բարյավ, ես պիտի մտնեմ իշխանի մոտ, ասաց նա։
Մե՞ր իշխանի, հարցրեց աստիճանավորը։
Այո՛, պատասխանեց Դիաչկովը և սկսավ դիմել դեպի մի հոյակապ տուն։ Պահապան կազակից, որ կանգնում էր դռանը, ստուգելով, որ իշխանը տանն է, նա քաշեց զանգը։
Աստիճանավորը հեռացավ։ Դուրս եկավ մի ծառա հագնված լիվրեյ և առաջնորդեց նրան։ Դիաչկովն սկսավ բարձրանալ նեղ գորգի վրայով, որ բևեռած էր սանդուղքներին, և լիմոնի, նարնջի ծառերի և պես-պես ծաղիկների միջով նա մտավ մի մեծ դահլիճ՝ փառավոր կերպով զարդարած։
Այնտեղ մի քանի րոպե սպասեց նա, մինչև նրա մասին իմացում տվին, հետո ընդունվեցավ այն սենյակում, որ զարդարված էր աշխարհի հազվագյուտ բաներով։ Այդ իշխանի առանձնասենյակն էր։
Եվ արդարև, Դիաչկովը խորին մեծարանքով գլուխ տվավ մի ծերուկի, ալևոր գլխով, ակնոցներով և խորամանկ դեմքով, որ գրասեղանի հանդեպ նստած գրում էր։ Տեսնելով Դիաչկովին, նա գրիչը վայր դրեց և յուր հարցական հայացքը ձգելով Դիաչկովի երեսին, ասաց.
Բարով, Ալեքսանդր Սիմոնովիչ, հը՛, ի՞նչ կա։
Մի քանի րոպե առաջ նրանց մոտ էի, տեր, պատասխանեց Դիաչկովը. բոլորը ստույգ է, ինչ որ ասել են ձեզ։
Ի՞նչպես։
Դիաչկովը յուր չորս կողմը նայեց, կարծես պատերը լսում էին նրան, և մոտեցավ իշխանին և կանգնելով ծերուկի առջև, նա երկար պատմեց նրան մի գաղտնիք։ Ծերուկը խորին ուշադրությամբ լսում էր նրան, և հետզհետե կատաղի բարկությունը բոցավառվում էր նրա նախանձահույզ աչքերում։
Երբ վերջացրեց Դիաչկովը յուր խոսքը, դարձյալ հեռացավ և կանգնեց յուր առաջվան տեղը։
Ես այդ բոլորը իմացում կտամ ուր պետք է, վերջապես խոսեց իշխանը, և մենք կկարգադրենք նրանց մասին։
Բայց, ձերդ մեծափայլությունը մի խոստմունք ուներ ծառայիդ, ասաց Դիաչկովը։
Այո՛, ես չեմ մոռացել, ես խոսացել եմ նախագահի հետ, դուք անպատճառ մի քանի օրից հետո դատարանում անդամ կընտրվիք։
Դիաչկովը գլուխ տվավ և հեռացավ։
«Դատարանի անդա՜մ... ի՜նչ հրաշալի խոսք է դա...», խոսում էր յուր մեջ ճանապարհին Դիաչկովը. «Այո՛, մեծ փառք է այդ նստել ոսկյա վորոտնիկով գահի վրա և դատ լսել... Այն հիմարները (Քաջբերունին և Արամյանը) ինձ վրա ծիծաղում են, բայց ես կգլորեմ դրանց դեպի մշտնջենավոր կորուստ, և նրանց դամբարանի վրա կբարձրացնեմ իմ փառքի աթոռը...»։
Այդ խորհրդածության մեջ էր նա, որ հանկարծ մի կառք սլացավ յուր մոտից, նա տեսավ օրիորդ Սոֆիին և Պանտալոնովսկուն միասին նստած կառքում։ Կայծակի հարված ունեցավ այդ երևույթը նրա վրա, և նրա ուրախ դեմքը մի ակնթարթում մռայլվեցավ։
ԼԶ
Մյուս օրը կյուրակե էր։ Արամյանն ու Քաջբերունին առավոտից պատրաստվել էին գնալ օրիորդ Սեպուհյանցի մոտ (այդպես էր օրիորդ Աննայի ազգանունը)։ Տասն ժամին նրանք երկուսն էլ դուրս գնացին, նստեցին կառք և դիմեցին դեպի քաղաք։
Մտնելով Սեպուհյանցների մոտ, նրանք գտան միմիայն տիկին Եղիսաբեթին, որ ուրախությամբ ընդունեց մանուկ տղամարդկանց. Քաջբերունին ծանոթացրեց տիկնոջ հետ Արամյանին, և նրանք նստեցին։
Ո՞ւր են օրիորդ Աննան և երեխերքը, դուք մենակ եք, հարցրեց Քաջբերունին։
Աննան երեխանց հետ գնացել է ժամ, միայն ես մի փոքր տկար լինելով՝ զրկվեցա այսօր պատարագ տեսնելուց, պատասխանեց տիկինը։
Աննան ամե՞ն կյուրակե ժամ է գնում, հարցրեց Արամյանը։
Ո՛չ մի կյուրակե նա ետ չէ մնում պատարագից․ նա սիրում է աղոթել։
Այդ մի բարի ձգտումն է մանուկ աղջիկների մեջ, ավելացրեց Արամյանը, այդպիսով նրանք ավելի մոտ կլինին աստծուն։
Թե՛ աղջիկը և թե տղան, թե՛ ծերը և թե երիտասարդը, մի խոսքով՝ բոլոր մարդիկ միշտ կարոտ են աստծո ողորմությանը, պատասխանեց ջերմեռանդությամբ տիկինը, որովհետև մեղքն ու մահը մեր ամենքիցը շատ հեռու չեն։
Նախասենյակում լսելի եղան ոտնաձայներ։
Ահա՛ նրանք եկան, ասաց տիկին Եղիսաբեթը։
Ներս մտավ օրիորդ Աննան յուր փոքրիկ քրոջ և եղբոր հետ, բոլորովին սպիտակ հագնված․ նրա հագուստը՝ փրփուրի պես թեթև, խիստ վայելուշ կերպով նստած էր նրա վրա։ Կարծես նա աստծո տունը դիմելու ժամանակ միայն սովորություն ուներ պատշաճավոր կերպով հագնվիլ։ Նա, «ողորմի աստված» ասելով յուր մորը և յուր հյուրերին, մոտեցավ, բարեկամաբար սեղմեց Քաջբերունու ձեռքը, և Արամյանի հետ ծանոթանալուց հետո, խիստ քնքուշ բարեսրտությամբ հայտնեց յուր ուրախությունը Արամյանի հետ ծանոթանալու համար։ Ապա նա դարձավ դեպի մայրը՝ ասելով.
Մայրիկ, դու այսօր չկարողացար պատարագ տեսնել, բայց ես քեղ համար նշխարք եմ բերել ժամից։
Աստված օրհնե քեզ, հոգյակս, ասաց տիկին Եղիսաբեթը և առավ նշխարքը և երեսը խաչակնքելով դրեց բերանը։
Դուք ևս, պարոններ, կարծեմ այսօր ժամում չեք եղած, դարձավ նա դեպի մանկահասակ տղամարդիկը, ձեզ ևս պետք է հաղորդ կացուցանել տիրոջ սեղանի փշրանքին։
Նրանք չկամենալով վշտացնել օրիորդի ջերմեռանդությունը, ընդունեցին նրա ձեռքից մի-մի պատառ նշխարք և բերանները դրին։
Մայրն սկսավ հարցնել աղջկանից, թե եկեղեցում ո՞վ կար, ժողովուրդը շա՞տ էր թե քիչ և թե ո՞վ էր պատարագիչը։
Պատարագիչը տեր-Հարությունն էր. ժողովուրդը խիստ սակավ էր, համարյա մի քանի պառավ կանայք և ծերունիք էին միայն եկել։ Ժողովուրդը, ինչպես երևում էր, գնացել էր մեծ դքսի գալստյան հանդեսը տեսնելու։ Չգիտեմ ինչո՞ւ այսօր ժամասացությունն էլ շատ անկանոն էր։ Պատարագիչ քահանան անգամ Հովհաննու ավետարանը մինչև վերջը չկարդաց։
Տիկին Եղիսաբեթը շարժեց գլուխը։
Ա՜խ, քահանաներ..., գոչեց նա խորհրդական ձայնով։
Այդպիսի օրերում նրանք առհասարակ պոչից֊գլխից կտրում են, ասաց Քաջբերունին և միևնույն րոպեին ստրջացավ, թե ինչո՞ւ մի այդպիսի պատկառելի իրողության վրա այնպես տգեղ խոսեցավ։
Տիկին Եղիսաբեթը ոչինչ չպատասխանեց, միայն օրիորդն ասաց.
Դժբախտաբար այդպես են մեր եկեղեցականները. կարծես թե նրանք աստծու համար չեն կարդում կամ մի գերագույն ունկն չէ լսում նրանց, այլ իրանց ժամասացությամբ միայն ժողովրդին են կամենում հրապուրել...։
Այդ բոլորը մեր քահանաների վատ կրթությունիցն է, պատասխանեց Արամյանը, մինչև այսօր մենք չունինք կարգին ուսումնարաններ՝ օրինավոր քահանայացուք պատրաստելու համար, և մեր քահանաներն ընտրվում են ժողովրդի անպիտան մասից։ Այդ է պատճառը, որ ժողովուրդը շատ է սառել եկեղեցուց։
Երբեք մարդ չի հրաժարվում յուր բարեկամի տանից, եթե նրա ծառաներն անկիրթ և անկարգ մարդիկ են, խոսեց տիկին Եղիսաբեթը, ուրեմն ի՞նչպես կարելի է հեռանալ աստծո տանից, եթե նրա սպասավորներն անկիրթ մարդիկ են։
Բոլորովին ուղիղ է ձեր խոսքը, պատասխանեց Արամյանը, բայց և այնպես հարկավոր է աստծո տան տպավորության համար արժանավոր ծառայողներ պատրաստել։
Առհասարակ մեր եկեղեցու մեջ ժամասացությունը վերին աստիճանի անկանոն է. ցանկալի է, որ այդ բանի վրա ամենալուրջ ուշադրություն դարձվեր։ Լավ և ներդաշնակ երգեցողության միջոցով կարելի էր մեր ժողովրդի նախկին կրոնական ջերմեռանդությունը վառել և այդպիսով ժողովրդին դեպի բարին աոաջնորդել։
Այո՛, ձայների ներդաշնակությունն ահագին նշանակություն ունի. և մեր շարականների մեջ ի սկզբանե անտի գոյություն են ունեցել երաժշտական նշաններ․ միայն ցավալին այն է, որ առհասարակ մենք չենք մտածում մեր ունեցած ընտիր-ընտիր բաները կարգ ու կանոնի տակ ձգելու, որով առիթ ենք տալիս հայկական կյանքին անծանոթ մեր օտարամոլ ազգայիններին մաածելու, թե մենք ոչինչ լավ բան չունինք։
Զեր խոսակցությունը կարող է ավելի երկարել, ասաց տիկին Եղիսաբեթը՝ դառնալով դեպի դուստրը, հապա մենք թեյ չպիտի՞ խմենք, և դու քո հյուրերին չպիտի՞ պատվասիրես. ա՜խ, որքան անքաղաքավարի ես։
Օրիորդը վեր կացավ և հրամայեց աղախնին սարքել թեյի սեղանը։
Այդպես է Աննան, դարձավ դեպի հյուրերը տիկին Եղիսաբեթը, երբ նա ընկնում է խոսակցության ետևից, արդեն ամեն ինչ մոռանում է։
Մի՞թե դեռ թեյ չեք վայելած, հարցրեց Քաջբերունին։
Մենք միշտ սովորություն ունինք բոլորովին ծոմ գնալ եկեղեցի։
Օրիորդն ամեն օր սովորություն ուներ ինքը մատակարարել թեյը, բայց այսօր նա յուր պաշտոնը թողեց աղախնուն և ինքը նստեց հյուրերի մոտ՝ նրանց զբաղեցնելու յուր խոսակցությամբ։ Նա մի օր առաջ լսելով Քաջբերունուց, թե Արամյանը հեղինակ է և ունի մի եղերերգություն գրած, այդ հարցը նրան հետաքրքրում էր, և կամենալով լիովին տեղեկություն ստանալ նրա աշխատության մասին՝ հարցրեց.
Պարոն Արամյան, դուք վերջացրի՞ք ձեր եղերերգությունը։
Այո՛, պատասխանեց Արամյանը, բայց դուք ո՞րտեղից գիտեք, թե ես եղերերգություն եմ գրում։
Անցյալ օրն ինձ ասաց պարոն Քաջբերունին. ինձ շատ ցանկալի է տեսնել այդ։
Մի քանի օր առաջ մենք մի պարոնի տանը գրականական երեկույթ ունեինք, ուր կարդացինք իմ եղերերգությունը. այժմ մի քանի երիտասարդներ մտադիր են բեմի վրա ևս ներկայացնել, իհարկե, դուք նույնպես ներկա կլինիք։ Ես մեծ ուրախությամբ ներկա կլինիմ, միայն եթե կարելի է՝ մինչև ներկայացնելը մի անգամ բերեինք մեզ մոտ կարդալու. ես շատ կցանկանայի հառաջագույն տեղեկանալ ձեր աշխատության պարունակությանը և հետո տեսնել բեմի վրա։
Արամյանը խոստացավ։
Շատ ցավալի է, կրկնեց օրիորդը, որ այսքան հայ Ժողովուրդ ունինք այս քաղաքում, բայց չունինք մի ազգային թատրոն, գերմանացիք այստեղ մեր քսաներորդ մասի չափ ևս չկան, բայց աոանձին թատրոն և առանձին ակումբ ունին։
Դեռ այդ բանի համար շատ ժամանակ պետք է, մինչև հայը գերմանացու պես հառաջադեմ դառնա..., գլուխը շարժելով կրկնեց Արամյանը։
Բшյց ես լսել եմ, որ պոլսեցիք ունին ազգային թատրոն, խոսեց օրիորդը։ Այդ ուրախալի բան է, որ Տաճկաստտնի հայերն այնքան առաջ են գնացել, բայց ցավալի, որ Ռուսաստանի հայերս այսքան ետ ենք մնացել։
Բայց պոլսեցիք ունին և սահմանադրություն..., պատասխանեց Արամյանը զգալի եղանակով։
Օրիորդը խնդրեց Արամյանին՝ պատմել իրան պոլսեցոց սահմանադրության մասին մանրամասն, թե ով եղավ նրա սկզբնապատճառը, ի՛նչպես սկսվեցավ, խոստովանելով, թե ինքը շատ քիչ գիտե այդ մասին։ Արամյանը, թեև համառոտաբար, բայց ճշտությամբ պատմեց նրան սահմանադրության ամբողջ պատմությունը։ Օրիորդը հայտնեց յուր շնորհակալությունը, երբ նա ավարտեց խոսքը։
Մանուկ տղամարդիկը նշմարելով, որ երկար նստեցին, վեր կացան, մնաք բարյավ ասելով հեռացան, տիկին Եղիսաբեթը շատ խնդրեց, բայց նրանք չմնացին ճաշի։ Օրիորդ Աննան նրանց ճանապարհ դնելու ժամանակ կրկին անգամ խնդրեց Արամյանին՝ եղերերգության մասին։
Ես իմ կյանքումս չեմ տեսած մի այդպիսի օրիորդ մեր հայերի մեջ, ճանապարհին ասաց Արամյանը։
Այո՛, տե՛ս, թե ի՛նչ ներգործություն ունի ուղիղ կրթությունը մանուկ սեռի վրա։
Բայց ափսո՛ս, որ նրա կրոնասիրությունն ու բարեպաշտությունը հասնում է մոլեռանդության։
Ի՞նչ մեծ կորուստ է, որ նա ծանոթ չէ Վոլտերի և Ռուսսոյի հետ, պատասխանեց Քաջբերունին, ավելի լավ է՝ կանանց լինել բարի քրիստոնյա, քան թե ազատ փիլիսոփաներ։ Նիհիլիստուհիների անբարոյական օրինակը քեզ բավական է իմ ասածս ապացուցանելու։
Այո՛, աշխատելու է Աննայի նման օրիորդներ պատրաստել, խոսեց Արամյանը ոգևորությամբ, դրանք և միայն դրանք կարող են ծնել ազգի համար պիտանի որդիք և ոչ թե նիհիլիստական ուղղությամբ տոգորված ու փչացած աղջկերքը։
Ո՞րտեղ պատրաստել, պատասխանեց Քաջբերունին։
Պետք է աշխատել հիմնել ազգային օրիորդական դպրոցներ և նրանց կրթությանը օրինավոր ուղղություն տալ։
Նախ՝ որ այդ հնարավոր չէ, բացի դրանից, մեր հիմար քաղաքացիք այդ հաստափոր գոմշի ռումբիքը, այդ անզգա, հոգով և մտքով մարմնացած մսե բլուրները ի՞նչ հնար են տալիս իրանց ուսյալ երիտասարդներին՝ ազգին ծառայելու։ Երևակայիր, այստեղ մի քանի իգական դպրոցներ կան, ուր պարապում են մեր հայ երիտասարդները. խեղճերը ոչ միայն արժանավոր վարձատրություն չեն կարողանում ստանալ, այլ շատ անգամ ձրի աշակերտուհիներ ևս չեն գտնում։ Այս կամ այն մադամին ուրախությամբ հարյուրներով մանեթներ են տալիս ամեն տարի, բայց ուսուցչին, որ դոկտորի դիպչոմը ծոցն է, հոգիները դուրս է գալիս մինչև ամսական երեք մանեթ են տալիս։
Այդ ունի յուր հատուկ պատճառները, որ մերայիքը այստեղ այդպես օտարամոլ են, պատասխանեց Արամյանը։ Աղջկանց ուսումը և նրանց կրթությունը այստեղի ժողովրդի համար բոյորովին այլ նշանակություն ունի, քան ինչ որ կարծում ենք։ Ուսման վրա նրանք նայում են որպես մի նյութի վրա, ինչպես են այն կարասիքը, որ ծնողները պատրաստում են իրանց աղջկանց օժիտի համար։ Ծնողները վաղուց հասկացել են, որ ինստիտուտի, պանսիոնի լոկ անունը մեծ նշանակություն ունի իրանց աղջկերանց մարդու տալու ժամանակ, երբ նրանց մոցիքուլը, փեսին հրապուրելու համար, թե «էսքան փուղ ունե, էսքան բաժինք ունե, էհենց սիրուն է, էհենց հունարով է».., և ավելացնում է «ինստիտուտումը կուրսը վերջացրիլ է... ռսնակ խոսիլ գիտե... փորտոպյան ածել, տանցովատ խաղալ...»։
Այդպես խոսելով երկու երիտասարդները գնում էին: Ճանապարհին հանդիպեց նրանց Դիաչկովը։
Ո՞ւր, հարցրին նրանից։ Ես ուղղակի ձեզ մոտ էի գալիս, պատասխաներ բավական ուրախ դեմքով Դիաչկովը:
Ներս գնանք։
Նրանք արդեն հասել էին իրանց կացարանին։ Երեքը միասին ներս մտան։
Ի՝նչ նոր համբավ ունիս, հարցրին նրանից։
Ես մի լավ համբավ ունիմ, թեև այդ չէր կարող ձեզ այնքան ուրախություն պատճառել, որպես ինձ, այնուամենայնիվ հարկավոր է ասել. երևում է բախտը առժամանակ ևս կամենում է ժպտալ ինձ. դուք կարելի է դեռ չեք մոռացել, որ անցյալ անգամ ձեզ պատմեցի իմ դժբախտության մասին, ես վերջում ավելացրի, թե Հացի-Գելենց մոտ մյուս անգամ պատիվ գտնելու համար պետք է աշխատել Ճանճուր Իվանիչին դեպի սուդ քարշ տալ, որպեսզի նրանք մյուս անգամ ակնկալություն ունենան ինձանից։
Դեռևս երկա՞ր պիտի ձգվի այդ պատմությունը, նրա խոսքը ընդմիջեց Քաջբերունին, իսկ ես կարծում էի, թե մի այլ բան պիտի պատմես։
Խնդրեմ լսեք, վերջը շատ հետաքրքրական է, ասաց Դիաչկովը։ Այո, որպեսզի նրանք մյուս անգամ ակնկալություն ունենան ինձանից...։ Մինչ ես այս խորհրդածության մեջ էի և որոնում էի որոգայթ լարել Ճանճուր Իվանիչին, հանկարծ աստված ինքը կատարում է իմ խորհուրդը, ասեք ի՞նչպես։ Ճանճուր Իվանիչը բավական մեծ գումար վնասված է արքունի կապալներում, և տերության գանձարանը նրա բոլոր շարժական և անշարժ կայքը պիտի ծախել տա. նրանք ինձանից խնդրեցին պաշտպանել նրան սուդումը, թեև համոզված եմ, որ ոչինչ չեմ կարող օգնել, բայց ինձ ի՞նչ փույթ, ինձ համար այսքանը միայն բավական է, որ այդ անցքը առիթ տվավ ինձ մյուս անգամ ներս սողալ Հացի-Գելենց ընտանեկան շրջանի մեջ։
Ո՜րքան չարախնդաց մարդ ես դու, ասաց նրան Քաջբերանին՝ ուշադրությամբ նայելով նրա երեսին։
Ի՞նչ չարախնդացություն, աշխարհիս կարգն այդպես է. ըստ մեծի մասին մինի դժբախտությունը մյուսի համար բախտավորություն է բերում։
Ո՜րքան փոքրոգություն է այդպես օձանման սողալ մինի խաղաղ գերդաստանի մեջ և նենգություններ գործ դնել։
Ի՞նչ փոքրոգություն, կրկնեց Դիաչկովը յուր առաջվա եռանդով։
Ո՛չ միայն փոքրոգություն, այլև վերին աստիճանի ցածություն է, որ դու քո ազգակցի դժբախտության վրա ես հիմնում քո մոլեկան հրապույրները։ Եվ չնայելով, որ մի ամբողջ հայ գերդաստան զրկվում է օրական հացից, դու ուրախ ես, որ խեղճ քաղաքացու դառն վաստակը պետք է զոհ դառնա քո ագահությանն ու անխղճությանը։
Ի՞նչ հայ, արհամարհանքով կրկնեց Դիաչկովը, մենք վաղուց կարդացել ենք քո հայի «հոգվոցն ու հանգուցելոցը»։
Ուրացո՛ղ, գոչեց Քաջբերունին կատաղությամբ. չե՞ս սարսափում, որ այդպես անարգությամբ բերան ես առնում դու իմ ազգի անունը։ Ահա՛ ես կլռեցնեմ քեզ։
Եվ նույն րոպեին Քաջբերունին մի ծանր ապտակ տվեց ուրացողի երեսին, որի գլխարկը թռավ գլխից և ինքը թավալվեցավ նրա ոտքերի տակ։
Եթե Արամյանը շուտով վրա չհասներ, ուրացողի մարմինը ջարդուփշուր կլիներ Քաջբերունու ոտքերի տակ, այնքան սաստիկ նա բարկացած էր։ Գլխի մազերը խճճված, շորերը փոշոտված, առանց գլխարկի դուրս գնաց Դիաչկովը' ասելով.
Այս իրավո՞ւնք է, որ դուք այսպես վարվեցաք ինձ հետ։
Այդ թող քեզ դաս լինի, մինչև որ դու չափ դնես լեզվիդ։
Շա՛տ լավ․․․, ասաց Դիաչկովը և հեռացավ։
Արամյանը նրա գլխարկը դուրս ձգեց լուսամուտից։ Մի քանի րոպե Արամյանն ու Քաջբերունին լուռ նստած էին միասին. վերջինի դեմքն արտահայտում էր սարսափելի բարկություն։ Արամյանը լուռ նայում էր յուր ընկերի վրա, չհամարձակվելով նրան խոսեցնել, որովհետև նրան ծանոթ էր յուր ընկերի բնավորությունը։
Լէ
Մի քանի օր էր Արամյանը սրբագրում էր յուր ողբերգությունը մաքուր թղթի վրա, վերջացնելուց հետո նա մոտեցավ Քաջբերունուն՝ ասելով․
Իմ ողբերգությունը բոլորովին պատրաստ է, կամենո՞ւմ ես այս գիշեր գնանք օրիորդ Աննայի մոտ կարդալու։
Գնա՛նք, պատասխանեց Քաջբերունին։
Երեկոյան զանգակները հնչում էին, երբ նրանք դուրս եկան իրանց կացարանից և սկսան դիմել դեպի Սեպուհյանցի տուն։
Նրանք գտան օրիորդ Աննային յուր առանձնասենյակում պարապելիս յուր փոքրիկ քրոջ հետ հայոց լեզվի դասով։ Տեսնելով մանուկ տղամարդկանց, նա քաղաքավարությամբ բարևեց նրանց՝ ավելացնելով.
Կարծեմ դուք կներեք ինձ, մինչև վերջացնեմ Սաթենիկի դասը։
Խնդրեմ, շարունակեցեք, արգելք չենք լինիլ, ասաց Քաջբերունին։
Ահա՛ ձեզ առժամանակ զբաղմունք, ասաց օրիորդը և տվեց նայելու յուր ասեղնագործությունները, թեև սրանք այնքան էլ գեղեցիկ չեն։
Եվ օրիորդը դրեց սեղանի վրա նրանց առջև մի թղթե արկղիկ, որի մեջ դրած էին նրա ասեղնագործությունները։ Մանուկ տղամարդիկն սկսան մի առ մի նայել։ Օրիորդը անփույթ կերպով շարունակում էր քրոջ դասը։
Ասեղնագործությունները նկարված էին գեղեցիկ ճարտարությամբ. նրանց մեջ կային ճակատի կապոցներ, փոքրիկ բարձի երեսներ, սենյակում հագնելու հողաթափների երեսներ, բոլորակ գրասեղանի ծածկոցներ և այլ զանազան կանացի զարդարանքներ։ Մանուկ տղամարդկանց ուշադրությունն առավելապես գրավեցին մի քանի ասեղնագործ պատկերներ բնությունից, որ ներկայացնում էին ծով, երկինք, լեռներ, անտառներ, որոնց մեջ օրիորդը ցույց էր տվել յուր նկարչական տաղանդը։ Դրանց մեջ առավել հետաքրքրական էր մի գործ, որի նկարագիրը վերցրել էր նա «Ոգի Հայաստանի» պատկերից․ այդտեղ հիանալի կերպով պատկերանում էին Արարատը, Հայաստանի ավերակները, տխուր ու տրտում ոգի Հայաստանին։
Մանուկ տղամարդիկը վեր առան վերջին ասեղնագործած պատկերը և երկար նայում էին նրա վրա։ Օրիորդը թելերի հարմար գունավորությամբ և ճարտար ստվերագրությամբ համարյա շունչ էր տվել անշունչ կտավին։
Օրիորդը վերջացրեց դասը։
Նայիր, Սաթենիկ, ասաց նա յուր քրոջը, եթե դարձյալ այսպես վատ սերտես դասդ, ես ստիպված կլինիմ մայրիկին հայտնել այդ մասին։
Սաթենիկը երկյուղածությամբ դուրս գնաց։
Ի՞նչպես է, դարձավ նա դեպի յուր հյուրերը։ Չլինի՞ թե ծիծաղում եք իմ լաթերի վրա։
Ընդհակառակն, ձեր ասեղնագործությունները շատ գեղեցիկ են, պատասխանեցին նրանք։
Այդ գովասանքը խիստ չափազանց է, կրկնեց օրիորդը։ Ո՛չ, անկեղծ եմ ասում, շատ հիանալի են, պատասխանեց Քաջբերունին, մանավանդ այս պատկերը, որ ներկայացնում է «Ոգի Հայաստանին»։ Ասացե՛ք, խնդրեմ, ո՞րտեղից եք առել նրա նախագաղափարը։
Մի պատկերից, որ նկարել է հանգուցյալ եղբայրս. նա հիանալի նկարում էր, պատասխանեց օրիորդը, այս րոպեիս ես ցույց կտամ ձեզ։
Եվ օրիորդը բաց արավ յուր թղթերի պահարանը, այնտեղից հանեց մի պատկեր, մատիտով նկարած։ Մանուկ տղամարդիկը երկար նայեցին նրա վրա, նրանք սքանչացան նկարչի ճարտարության վրա։
Ձեր եղբայրը նկարչությա՞մբ էր պարապում, հարցրին օրիորդից։
Ո՛չ, միայն նա զվարճության համար սիրում էր յուր պարապ ժամերը նվիրել նկարչության։ Բայց նա ոչ մի տեղ չէր սովորել այդ արհեստը։
Զարմանալի ձիրք պիտի ունեցած լինի ձեր եղբայրը։
Այո՛, նա շատ շնորհալի երիտասարդ էր. սակայն ափսո՜ս, որ նա երկար չապրեցավ։
Եվ օրիորդի դեմքը տխուր կերպով մռայլվեցավ` մտաբերելով եղբոր հիշատակը։ Արամյանը, տեսնելով այդ, խոսքը փոխեց` ասելով.
Ասեղնագործությունը ամենահարկավոր բանն է, որ պիտի սովորի ամեն մի աղջիկ, բայց ցավալի է, որ այստեղի օրիորդաց վարժարաններից ոչ մեկում հարկավոր ուշադրություն չեն դարձնում այդ առարկայի վրա։
Բացի այդ, խոսեց Քաջբերունին, աղջիկները` իբրև գերդաստանի ապագա մայրեր, ոչ միայն պիտի գիտենան ասեղնագործություն, այլև անպայման հարկավոր է նրանց սովորել և մի քանի թեթև արհեստներ, որպիսիք են ձեռնոցներ կարել, հարդե գլխարկներ հյուսել կամ կարել նույնը զանազան ճոթերից, կանացի կիսակոշիկներ կարել, մի խոսքով այնպիսի արհեստներ, որոնց ձեռագործը կարողանար վաճառքի նյութ դառնալ և դրանով իրանց ապրուստը թեթևացնել։ Այդ բաները հարկավոր է մանավանդ աղքատ աղջիկների համար, որով նրանք կազատվեին իրանց ծնողների վրա ծանր բեռ լինելուց, այլև եթե օժիտ չունենալու համար հոր տանը մնային, նրանք գիտենալով որևիցե արհեստ, շատ աղքատ տղերք կցանկանային այնպիսի կին ունենալ, որ յուր գործունեությամբ կարողանար մասնակցել տղամարդու հոգսերին։ Բոլորովին ճշմարիտ է ձեր ասածը, խոսեց օրիորդ Աննան․ մեր քաղաքում աղջիկները ոչինչ չգիտեն, նրանք՝ աղքատ թե հարուստ, համարյա բոլորովին անգործ են և իրանց տան լուսամուտների առջև նստած, դեպի փողոց են նայում առավոտից մինչև իրիկուն և այդպես աննպատակ անցկացնում իրանց ժամանակը։ Ես նախանձում եմ այս քաղաքի եվրոպական աղջկերանց, որոնք զանազան թեթև արհեստների մեջ օգնում են իրանց տղամարդոց և առևտրական խանութներում մեծ գործ են կատարում։
Իգական սեռը այս՝ թեև եվրոպական քաղաքում՝ տակավին կրում է յուր ճակատի վրա ասիականության սև կնիքը, պատասխանեց Քաջբերունին. թեև նրանք հեռացան տների խորշերից, բայց նրանք այդ եվրոպական ազատությունը հանդիսացնում են միայն իրանց արձակ համարձակ զբոսանքներով և փողոցները չափչփելով և ոչ թե հրապարակ դուրս գալով իբրև մարդ, որ գործեր յուր մտավոր ու նյութական բարօրության համար։
Աղախինը ներս մտավ և հայտնեց, թե տիկին Եղիսաբեթր խնդրում է հյուրերին գալ յուր մոտ թեյ խմելու։
Նրանք գնացին դահլիճ։
Տիկինը խիստ բարեսրտությամբ բարևեց նրանց և գանգատվեցավ, թե ինչո՞ւ այնպես ուշ էին գալիս իրանց մոտ. մանուկ տղամարդիկը հայտնեցին մի քանի պատճառներ, թե զբաղված հին, գործ ունեին և այլն, բայց տիկինը ոչ մինը չընդունեց և դարձյալ խնդրեց՝ որքան կարելի է հաճախ գային։
Մայրիկ, ասաց օրիորդ Աննան, պարոն Արամյանը մի աշխատություն ունի, մի քանի օր առաջ ես խնդրեցի, որ բերեր մեզ մոտ կարդալու, շնորհակալ եմ, որ նա կատարեց իմ խնդիրքը, մենք այսօր կունենանք գրականական երեկո, պարոն Արամյանը կկարդա յուր եղերերգությունը։
Իմ կողմից ևս շնորհակալություն պարոն Արամյանին, որը կատարել է քո խնդիրքը, խոսեց տիկինը, նա այնքան բարեսիրտ է, որ հանձն է առնում այդպիսի նեղություն։
Այդ ինձ համար նեղություն չէ, պատասխանեց Արամյանը, ես ուրախ կլինեի, եթե իմ գիրքը գրավեր ձեր ուշադրությունը.
Օրիորդ Աննան ինքն սկսավ թել մատակարարեր։
Տիկին Եղիսաբեթր հարցրեց Արամյանից, թե ի՞նչ է նրա գրքի բովանդակությունը։ Արամյանը համառոտ պատմեց սուրբ Վարդանանց քաջագործությունները և նրա նահատակությունը։ Տիկին Եղիսաբեթր թեև գովեց նրա աշխատությունը, բայց այսպես վերջացրեց. Մեղք է մի այդպիսի սուրբ գործ ներկայացնել թատրոնական բեմի վրա։
Արամյանը չկամեցավ դիմադրել նրա ջերմեռանդությանը, այդ պատճառով ոչինչ չպատասխանեց։
Թեյից հետո Արամյանից խնդրեցին, որ կարդա։ Օրիորդ Աննան յուր քրոջն ու եղբորը նույնպես պատվիրեց, որ նստեն և լսեն։ Արամյանը կամեցավ մի քանի նշանավոր տեղեր որոշել կարդալու համար։
Ո՛չ, ասաց օրիորդ Աննան, դուք սկսեցեք սկզբից, ես ցանկանում եմ ծանոթանալ ձեր գրքի ամբողջ պարունակությանը. եթե այս գիշեր չվերջացնենք, կնշանակենք մի այլ գիշեր ևս։
Արամյանը հաճեցավ և ընթերցանությունն սկսեց. բոլորն էլ ուշադրությամբ լսում էին։
Քաջբերունուն բավական հայտնի լինելով յուր ընկերի աշխատությունը և պարունակությունը, նա ականջ չէր դնում, միայն նստած մի մեծ բազկաթոռի վրա՝ ուշադրությամբ նայում էր օրիորդ Աննայի երեսին և զննում նրա դեմքի ամեն մի փոփոխությունը, ամեն մի արտահայտությունը բոլոր ընթերցանության ժամանակ։ Քաջբերունին նկատում էր, որ այն տեղերը, ուր բանաստեղծը նկարագրում էր պատերազմական քաջագործությունները հայ հերոսների, կռվի աղմուկը, թշնամու կոտորածը և քաջ Վարդանի խրախուսական ձայները՝ օրիորդի դեմքը բացատրում էր խորին քաջազնական ոգևորություն, և նրա սիրուն աչքերը բոցավառվում էին սարսափելի փայլողությամբ։ Կարծես ինքը սուրը ձեռքին կռվի դաշտում պաշտպանում է հայրենիքը։ Իսկ այն տեղերը, ուր նկարագրվում էին ուրացողների թուլասրտությունները, Վասակի մատնությունները և կամ հայոց քաջերի ընկնիլը պատերազմի դաշտում, օրիորդի դեմքը մռայլվում էր, և մի քանի անգամ Քաջբերունին տեսավ, որ նա գաղտնի երեսը շրջեց դեպի մյուս կողմ և սրբեց արտասուքը աչքերից։
Արամյանը հոգնելու չափ կարդաց։
Քաջբերունին նկատելով, որ ընթերցանությունը հետզհետե ճնշող տպավորություն է գործում օրիորդի վրա, խնդրեց Արամյանից՝ դադարել կարդալուց։
Շա՛տ ապրիս, շատ լավ ես գրել, խոսեց տիկին Եղիսաբեթը, աստված ավելի շնորհք տա։
Անկեղծությամբ եմ ասում, խոսեց օրիորդը, ես մինչև այսօր քանի-քանի գրվածքներ, թե՛ ոտանավոր և թե՛ արձակ շարադրություններ եմ կարդացել Վարդանանց քաջերի վրա, բայց մինչև այսօր նրանց ո՛չ մինը այն ազդեցությունը չէ գործել ինձ վրա, ինչպես ձեր գրածը։
Այդ ձեր ազնիվ զգացողությունից է, պատասխանեց Արամյանը։
Ինչո՞վ պիտի վարձատրես դու Արամյանի աշխատությունը, ասաց տիկին Եղիսաբեթը. նա բավական հոգնեցավ, քաղցրավենիք կամ ինչ որ ունինք, գնա բեր։
Օրիորդը վեր կացավ և մի քանի րոպեից հետո մատուցարանի վրա բերավ զանազան տեսակի խիստ վարպետությամբ պատրաստած մուրաբեք։
Այդ մուրաբեքը Աննայի եփածն է, ասաց տիկին Եղիսաբեթը՝ հրավիրելով հյուրերին ճաշակել։
Այդպիսի չնչին բաներով միայն կարող ենք պարծենալ մենք՝ հայ օրիորդներս, խոսեց օրիորդ Աննան։ Մեր ընտիր ձեռագործն է խոհանոցի պտուղ կամ դերձակի գործունեություն, մենք չունինք կրթություն և ոչինչ չենք ուսած, և մի լավ բան մեզնից չէ կարելի հուսալ, մի մադամ X... միայն կարող է հառաջանալ գաղզիացու պես ուսյալ ժողովրդից և ոչ անկիրթ հայ աղջիկներից։
Ցավալի է ասել, խոսեց Արամյանը, որ այս քաղաքի աղջիկներն ըստ մեծի մասին զուրկ են և դրանցից. շատերը տակավին չգիտեն՝ հացը փռնումն են, թխում թե՞ բուսնում է որպես գետնախնձոր, և նույնիսկ թել ու ասեղ բանացնել ևս չգիտեն։
Այո՛, վերին աստիճանի ստոր դրության մեջ է մեր վիճակը այս քաղաքում, պատասխանեց օրիորդ Աննան, մենք չունինք ո՛չ բարոյական և ո՛չ գիտական կրթություն, մենք չգիտենք ո՛չ տնտեսություն և ոչ կառավարություն, մի խոսքով մենք աստծո ձեռքի ամենաանպետք արարածն ենք։
Ձեր կարծիքը չափազանց խիստ է իգական սեռի մասին, պատասխանեցին օրիորդին։
Անձնախաբեությունը ոչինչ նշանակություն չունի, բացի վնասակար հետևանքներից, պատասխանեց օրիորդը։ Ո՛վ չէ նկատում յուր թերությունները, նա կզրկվի ամենայն հառաջադիմությունից։
Նրանք դեռևս երկար խոսեցին այդ նյութի վրա, և օրիորդն առավել խելացի կերպով ապացուցեց, որ իրանց քաղաքում աղջիկները ոչ այլ ինչ են, բայց միայն «դատարկ խրծիկներ» կամ «երեխայի խաղալիքներ»։ Մանուկ տղամարդիկը բոլորովին համոզվեցան նրա ասածներից։ Ե՞րբ եք մտադիր բեմի վրա ներկայացնել ձեր ողբերգությունը, հարցրեց օրիորդ Աննան։
Միտք ունիմ, որքան կարելի է, շուտով ներկայացնել, ասաց Արամյանը։
Ովքե՞ր են խաղալու։
Մի քանի ուսանողներ մեր ընկերներից։
Եթե մայրս թույլ տար, ես ևս մի դեր կվերցնեի, ասաց օրիորդը։
Այդ շատ լավ կլիներ. կամենու՞մ եք, մենք կխնդրենք նրանից։
Ո՜չ, դուք միք խնդրիլ. ես ինքս կասեմ և կհամոզեմ նրան։
Շա՛տ լավ։
Նրանք տաքացած խոսում էին. գիշերն աննկատելի կերպով անցնում էր։ Քաջբերունին նայեց ժամացույցին և տեսավ, որ տասներկուսից անց է։
Ժամանակ է տուն գնալու, ասաց նա և վեր կացավ։
Արամյանը նույնպես վեր կացավ․ նրանք պատրաստվեցան գնալու։
Դուք կարծեմ, ասաց օրիորդը՝ դառնալով դեպի Քաջբերունին, մի քանի օր առաջ ինձ մի բան խոստացաք։
Քաջբերունին մտածման մեջ ընկավ։
Մտքիցս գնացել է ամենևին, ասաց նա։
Որքան մոռացկոտ եք դուք, խոսեց օրիորդն անկեղծաբար ժպտալով։ Դուք չխոստացա՞ք հայերեն պարապել ինձ հետ։
Ա՛խ, այո՛, ասաց Քաջբերունին, ես սիրով կկատարեմ իմ խոստումս, առավոտվանից սկսենք։
Շատ շնորհակալ կլինեմ, ասաց գլուխ տալով օրիորդը։ Բայց դուք, պարոն Արամյան, եթե կարելի է՝ ձեր գիրքը թողեք ինձ մոտ, ես այս գիշեր կկարդամ մնացածը։
Մեծավ ուրախությամբ, պատասխանեց Արամյանը։
Նրանք հեռացան։