Раффи

Զահրումար

Ա

Կովկասյան նահանգի մի գավառաքաղաքի մեջ բնակվում էր Հացի-Գելենց Օհանեսի որդի Ղաղո անունով հարուստ վաճառականը։ Նրա ծնողքը, մեռնելով խոլերայից, թողեցին միակ զավակը փոքրիկ Ղաղոյին, մանկական հասակում, բոլորովին անխնամ և հետին աղքատության մեջ։ Փոքրիկ Ղաղոն օրական հացի կարոտ չմնալու համար, իրանց թաղի ծխատեր քահանա տեր-Մարուքի բարերարությամբ, հանձնվեցավ իբրև աշկերտ մրգավաճառ Պաճո-Սոսիկոյի մոտ, ուր նրա պաշտոնն այն էր՝ հսկել խանութի դռանը, կանաչեղենի վրա ջուր սրսկել, խնձորների փոշին սրբել, վաճառողներ հրավիրել և երբեմն անցնող մի ջհուտի ետևից թաքուն քարշ տալ աղվեսի պոչ, հետո հա՜յ, հո՜յ աղաղակ բարձրացնել, ծափ տալ և յուր վարպետին ծիծաղեցնել։

Փոքրիկ Ղաղոն առողջ և վստահ երեխա էր, նրա բնական ճարպկությունը առիթ տվավ մի քայլ հառաջադիմության նրա գործունեության մեջ, երբ յուր տասնուչորս տարեկան հասակում եղավ նա կատարյալ կինտո: Նա թեև հրաժարվել էր յուր վարպետից, բայց այնքան վարկ և համարում ստացել էր բոլոր մրգավաճառների մոտ, մինչ նա ամեն օր կարողանում էր անվճար գնել նրանցից ամենայն տեսակ մրգեղեններ, և լցնելով յուր ահագին տաշտը, գլխի վրա դնել, և կշեռքը ուսից քարշ տված, յուր մթերքը քաղաքի շուկաներում և փողոցներում պտտացնել, զանազան լեզուներով բարձրաձայն գոռալ մրգեղենների անունները, գովասանություններ եղանակել և գնորդներ հրապուրել։

Կինտո Ղաղոն ծանոթ էր բոլոր մրգասեր հասարակությանը։ Նրա գոռալու ձայնը այն աստիճան քաղաքականություն էր ստացել, մինչ նա շուկաներում երբ յուր խռպոտ և ձգական ներդաշնակությամբ եղանակում էր՝ «հա՜յ ճանճուրի հե՛», այդ բավական էր մի քանի րոպեում դուրս ածել մրգասեր երեխաների խումբը, որոնք ամենայն հոժարությամբ իրանց կոպեկները նրա տաշտի մեջ ձգելով, մի քանի խնձոր կամ տանձ առնելով, ուրախությամբ կրկին դեպի տուն էին վազում։

Այդ հաջողականությունը կինտոյի գործունեության մեջ այն հետևանքն ունեցավ, որ նա ժառանգեց յուր սիրելի վաճառքի անունը, այնպես որ ամեն երեխա, նրա ծանոթ ձայնը լսելով, իսկույն երևակայում էր Ղաղոյին, ահագին բարեբեր տաշտը գլխի վրա, և հրճվելով ասում էր՝ «ճանճուրը» եկավ։

Եվ այդպիսով Ղաղոն սկսավ կոչվել Ճանճուր:

Ավելորդ եմ համարում մանրամասնաբար պատմել, թե ինչ ճանապարհներով Հացի-Գելի տղան, կամ լավ է ևս ասել, Ճանճուրը բարձրացավ մինչև յուր հարստության վերին աստիճանը։ Այսքանը միայն հարկավոր է հիշել, որ նա յուր տասնվեց տարեկան հասակում թողեց մրգավաճառությունը և չգիտեմ ի՞նչ բախտով բազազխանայի աշկերտ դարձավ. այնտեղ սրամիտ կինտոն ոչ միայն կարճ ժամանակում կրթվեցավ առևտուրի արհեստում, այլ, մի քանի հարյուր մանեթ իր ձեռքն ձգելով, յուր համար փոքրիկ բազազի խանութ բաց արավ, կարճ միջոցում նա ընդարձակեց յուր վաճառականական ասպարեզը և մեծակշիռ վարկ ստացավ։

Իսկ անհավատարիմ բախտը, որ առաջ այնպես սիրելությամբ ժպտում էր նրա երեսին, խղճալի Ճանճուրին ևս հասցրեց յուր ծանրագին հարվածը։ Մի գիշեր հանկարծակի հրդեհով այրվեցավ նրա խանութը, և նրա բազմամյա քրտինքի և աշխատության պտուղներն մի քանի րոպեում անգութ կրակին զոհ դարձան։ Ճանճուրը մնաց դարձյալ խեղճ և աղքատ։

Ավելորդ է խորամուխ լինել այն մթին գաղտնիքների մեջ, ուշադրություն դարձնելով չարախնդաց հասարակության բամբասանքներին, որոնցից ոմանք ասում էին՝ «հարամ փուղի վիրչն միշտ էտենց կուլի», և ոմանք՝ թե ինքը Ճանճուրը դիտմամբ յուր խանութը հրդեհել է և այլն։ Միայն նրա բարեսիրտ պարտատերերն, «աստծու բանն է» ասելով, խիստ ներողամտությամբ վարվեցան այդ դժբախտի հետ և, թումանին չորս ապասի ստանալով, ազատեցին նրան բոլոր պարտականություններից։

Այդ դժբախտությունը չստիպեց Ճանճուրին ընդերկար ձգել յուր աղքատության լուծը. նա շուտով եղավ գործակատար մի երևելի կապալառուի մոտ և, քանի տարի ծառայելուց հետո, ինքն սկսավ պարապել փոքրիկ կապալներով, և հետզհետե ընդլայնելով յուր գործունեության շրջանը, նա յուր քառասուն տարեկան հասակից սկսած հազարների հետ էր խաղում մինչև յուր հիսունամյա հասակը, երբ հանդիպում ենք նրան մեր վիպասանության մեջ։

Այժմ նա յուր կինտոյի արհեստով ժառանգած Ճանճուր մականունը կցելով յուր հոր՝ Օհանեսի անվան հետ, կոչվում է «Թիֆլիսի պատվավոր քաղաքացի Ճանճուր Իվանիչ»։ Այդ անունով ևս մենք պարտավորվում ենք նրան ծանոթացնել մեր ընթերցողներին։

Ճանճուր Իվանիչի տարիքը, որպես հիշեցինք, անցել էր հիսունից, բայց ծերությունը դեռ ոչ բոլորովին ճնշել էր նրան։ Նրա բարձր, հսկայակերպ ճակատը, միախառնվելով մարմնի զուգակշիռ լայնության հետ, ձևացնում էր ահագին մեծությամբ մի շարժական մսեղեն գունդ։

Նրա այլանդակ դեմքի վայրենի գծագրությունները խիստ կոշտ և սարսափելի էին։ Լայն և մսոտ երեսի վրա, անկանոն կերպով, դրված էին կնճռած խորշոմների ծալքերը, որոնք վերջանալով դուրս ցցված ծնոտներով և միախառնվելով վրացու պարկի նման ուռած պարանոցի մսանների հետ, ձևակերպում էին Անգեղյա Տորքի առասպելաբանական կերպարանքը, յուր թավամազ հոնքերով, ահագին տափակ քթով, լայն բերանով, ուռած շրթունքով, որոնք, արյունով լցված երկու հաստ տզրուկի նման, դրված էին միմյանց վրա, և դժնետեսիլ աչքերով, որոնք երկու սարդերի նման նենգավոր կերպով նայում էին երեսի խորշոմների խորքից։

Այդ հսկայական դեմքի արտահայտություններն այնքան դժվար որսալի էին, մինչ անկարելի է որոշ կերպով նկարագրել նրանց, նրանք երբեմն բացատրում էին վագրի վայրենի կատաղությունը, երբեմն սարսափելի մեռելային էին, որպես մահ, և երբեմն անխորհուրդ հիմարական, որպես անխելք ավանակի խաղաղասեր ռեխը։

Նրա երեսի գույնին չէ կարելի որոշ նշանակություն տալ, որովհետև նա փոխվում էր, որքան փոխվում էին տարվա եղանակները։ Այսինքն գարնան եղանակում նրա դեմքը ուներ մուգ աղյուսի գույն, բայց քանի մոտենում էր ամառը, այդ ազատ կարմրությունը պարզվում էր, հետևաբար ընդունելով գորշ դեղնապղնձի բրոնզային սևությունը։ Իսկ աշունքի ցրտերը խառնելով այդ գորշության հետ փոքրիշատե կարմրություն, նրա դեմքը ստանում էր լերդի գույն։ Իսկ ձմեռն ավելի լրջանում էր նա և միևնույն ժամանակ նմանություն էր բերում հնդկահավի գլխի գույնին։

Բայց թե ինչ հոգեբանական և բնագիտական գաղտնիք կար նրանում, այդ դժվար է բացատրել․ մենք թողնում ենք ժամանակին և արհեստին լուծել այդ խնդիրը։

Նրա մարմնի կազմության մեջ ավելի հետաքրքրական մի երևույթ էր ահագին փորը։ Այդ բախտավոր փորը, լավ է ևս ասել, այդ ամեն ապականության մթերանոցը, վաղուց արդեն ծառայում էր Բաքոսի տարրին։ Եվ կարելի է նախանձվելով, թե ինչո՞ւ գինետների ռուբինքը կարող էին տանել իրանց մեջ այնքան հարյուրավոր թունգիներ այն օրհնյալ հեղուկից, որ շնորհում են Կախեթիայի որթերը, ինքն նույնպես աշխատել էր այնքան լայնանալ, գուցե նրանց մեծությանը հասներ։ Բայց եթե Ճանճուր Իվանիչի փորը ունենար որևիցե զգացողություն, ես պարտավորություն կհամարեի կարդալ նրան Եզոպոսյան գորտի առակը, թե այդ օրըստօրե տարապայման ուռուցքը ոչ միայն չէր հասցնելու նրան յուր սիրելի նպատակին, այլ մի օր, շատ հավանական է, պատճառելու էր սաստիկ պայթումն և տրաքոց։ Միայն ցավալի է ասել, որպես Ճանճուր Իվանիչը, նույնպես և յուր բարեբախտ փորը, զուրկ էին ամենայն մարդկային զգացողությունից։ Մենք բարվոք ենք համարում լռել, ի նկատի ունենալով, որ նա շատ էլ փոքր մնացած չէր ռումբիից։

Արդարև, այդ մսեղեն բլուրը ձևացնում էր երկրագնդի վրա մի անպիտան ծանրություն, բոլորովին անօգուտ մարդկային հասարակությանը, այնուամենայնիվ իսպառ չէին կորցնելու նրա այնքան ջանքերը, հաստացնելու և պարուրելու յուր մարմինը, որովհետև կգար բախտավոր օրը, երբ ճճիք, զեռունները, օձերը և մողեսները նրա շնորհիվ կարող էին ամբողջ ամիս խրախճան կազմել և քեֆ անել նրա գերեզմանում, ունենալով առատ ու լի սեղան։ Այդ, իմ կարծիքով, ավելի կնպաստեր մյուս աշխարհում նրա հոգվո փրկությանը, քան թե այն հոգեհացն, որ որոշելով բազմաթիվ զոհերի արյան գնից, պիտի տային աղքատներին և հարուստներին նրա մահվան պատարագը կատարելուց հետո։

Ճանճուր Իվանիչի հագուստները ունեին առանձին խորհրդական հատկություններ, որոնք համապատասխան էին նրա կոշտ և անգեղասեր ճաշակին։ Նրա սև մահուդի կաբան գուցե կրում էր յուր վրա այն հին ձևը, որով առաջին անգամ երևեցավ այդ հագուստը վրաց Քարթլոսի ժամանակ։ Մահուդի խավը վաղուց մնաք բարյավ էր ասել յուր գործվածքին, որ նրա փոխարեն ընդունելով յուր վրա յուղի և կեղտի առատ մածույքներ, այնքան կոկվել և փայլունացել էր, մինչ նա ավելի նմանություն ուներ մուշամբայի, քան թե չուխայի։ Նրա սև ղատաքե արխալուղը, մինչև վիզը խնամքով կոճակած, նույնպես փայլում էր կեղտոտությունից։ Նրա քիրմանի շալե գոտին՝ չկարողանալով շրջապատել նրա հաստ փորը և յուր սովորական տեղը թողնելով՝ բարձրացել էր մինչև թևքերի տակ, լավ է ևս ասել, կանգնած էր նրա կուրծքի վրա։ Նրա ոչ այնքան լայն շալվարը ուներ կրկնակի գույն։ Կաբայից ցած բոլորովին մուգ-դեղնագույն էր, բայց բարձրանալով դեպի վեր՝ նա տակավին կրում էր յուր նախկին սև գույնը։ Դրա պատճառը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կաբայից դուրս շալվարի մահուդը, որ երկար տարիներ ենթարկվելով արևի և անձրևի ազդեցությանը, զրկվել էր առաջին երանգից։ Նրա չաքմեքը (կոշիկները), խարազի հմուտ գործ, կարծես թե ամեն մինը մի երեխայի գերեզման լիներ։ Նրանց նալերը (պայտերը), որք երկայն մեխերով ամրացած էին կոշիկների կրունկներին, իրանց մեծությամբ պակաս չէին իշի նալերից։ Իսկ դրանք անհրաժեշտ պետք էին, որովհետև նրանց մեխերը բավականին օգնում էին Ճանճուր Իվանիչին յուր ահագին մարմինը անսայթաք ման ածել ցեխոտ և սառած գետնի վրա։

Նրա սև բուխարու մորթե գդակը հայտնի չէ որքան ժամանակ ծածկում էր Ճանճուր Իվանիչի ահագին գլուխը։ Միայն հարկավոր է մտածել, թե ամբողջ տասնյակ տարիների ընթացքը միայն կարող էր ներգործել նրա վրա այն վնասակար ազդեցությունը, որով մորթը զրկվել էր յուր գույնից և մազերից, երևացնելով գդակի վրա անհամար թվով լերկ աստղիկներ, որոնք ծածկելու համար Ճանճուր Իվանիչը ներկել էր թանաքով։

Տարվա բոլոր եղանակներում այդ նվիրական գդակը տեսանելի էր Ճանճուր Իվանիչի գլխին։ Միայն դժվար է լուծել խնդիրը, թե ի՞նչպես նա ամառային սաստիկ տոթերում չէր զգում որևիցե նեղություն այդ ահագին թարաքամայի մոթալի թանձրությունից։ Բայց կարելի է համաձայնել, թե նրա համար տանելի էր այդ ծանրությունը, որովհետև զգացողություն ասած բանը վաղուց արդեն անհետացել էր Ճանճուր Իվանիչի սրտից։

Բայց տեսանելի էր, շատ անգամ Ճանճուր Իվանիչը ամարային տոթ օրերում, հոգնած և փոշոտած դառնում էր փողոցից յուր տունը, և նստելով թախտի վրա, երբ գդակը առնում էր, նույն րոպեին, կրակի վրա ջուր ածելու նման, թանձր շոգիք էին բարձրանում նրա գլխից: Այն ժամանակ նա յուր աջ ձեռքի ցուցամատը քարշում էր ճաղատ ճակատին, քրտինքի աղբերակների մակընթացությունը գետանում էր խորշոմների միջից, և իսկույն կազմվում էր մի փոքրիկ ջրվեժ, որ հեղվում էր նրա գլխից դեպի գետին։ Այնուհետև Ճանճուր Իվանիչը սրբում էր թաց եղած ձեռքը և ճակատը յուր կաբայի փեշով, ջրվեժը դադարում էր հոսելուց։

Միայն հարկավոր եմ համարում խոստովանաբար ասել իմ ընթերցողին, որ թաշկինակ կամ աղլուխ ասած բանը վաղուց արդեն անծանոթ էին Ճանճուր Իվանիչին։ Միայն նա ուներ յուր գրպանում մի կեղտոտ լաթի կտոր, որով և քիթն էր սրբում, և առավոտյան լվացվելուց հետո երեսը, որի մեջ երբեմն միրգ ածած բազարից բերում էր յուր երեխաներին:

Բ

Այսքան բավական է Ճանճուր Իվանիչի արտաքին կերպարանքի մասին, դառնանք այժմ դեպի նրա ներքին աշխարհի նկարագրությունը, այսինքն նրա հոգվո, մտքի, հանճարի և բարոյական կրթության պատկերները։

Բայց ի՞նչ բարություններ, ի՞նչ արդարություն, ի՞նչ ազնվություն, մի խոսքով ի՞նչ առաքինություններ կարելի է պահանջել այն մարդուց, որ խիստ մոտ էր սողում գետնին։ Այսինքն մի ցած մարդ, որ պատրաստ էր իրան հարմարեցնել ամենայն ստոր և կեղտոտ հանգամանքների, ուր կային անձնական շահի նպատակներ։ Այդ պատճառով կեղծավորությունը, ստախոսությանը, երդումը, հաճոյամոլությունը, օտարի բարին հափշտակելը Ճանճուր Իվանիչը անխայթ խղճմտանքով ներելի էր կացուցել իրան, համոզվելով, թե առանց դրանց ո՛չ միայն չի կարելի փող դատել, այլև կյանք վարել կամ ապրել։ Կշեռքում ծանր առնել և թեթև տալ նրա հին արհեստն էր՝ սկսյալ յուր կինտոյության կյանքից: Արշինում պակաս չափելը նա ուսած էր բազաղխանում աշկերտության օրերից: Իսկ կապալներում պես-պես խարդախություններ գործ դնել, ինժեներին կաշառելով խաբել, արաղում ջուր խառնել, թունդ սպիրտի տեղ սալդաթներին խմեցնել, դրանք կազմում էին նրա նորոգ գործունեության և արդյունքների գլխավոր աղբյուրները։

Այսպիսի պատվիրանազանցություններ Ճանճուր Իվանիչի համար ներելի էին և փոշետեսակ։ Իսկ երբ պատահում էր նրան գործել խոշոր մեղքեր, այդ մասին նույնպես հոգ չուներ նա։ Որովհետև կրոնքը շնորհել էր նրան խիստ դյուրին միջոցներ յուր հոգին սրբելու։ Տարին մի անգամ, ավագ շաբաթի օրը, նա անխափան պարտք էր դրած յուր վրա հաղորդիչ տիրոջ մարմնով և արյամբ և նորոգել յուր քրիստոնեության կապը աստծո հետ։ Հաղորդվելուց առաջ նա խոստովանում էր տերտերի մոտ յուր մեղքերը, և նրա խոստովանահայր քահանան այնքան բարի մարդ էր, որ առանց ծանր ապաշխարանք դնելու նրա վրա, թողություն էր տալիս նրա հանցանքներին, մանավանդ երբ խոստովանողը գաղտնի սողցնում էր նրա ձեռքում մի քանի աբասի, այնուհետև մեղքերի քավողը պատրաստ էր արդեն նրա անունը հիշել յուր պատարագի մեջ և բարեխոսել նրա մասին աստծո առջև։ Եվ այդ միջոցով Ճանճուր Իվանիչը տարին մի անգամ թոթափում էր ժամտան անկյունում յուր մեղքերի ծանրությունները, և սրբվում էր, որպես սրբվում է սևացած պղինձը կլեկագործի արհեստով։

Եվ այդպիսով Ճանճուր Իվանիչը հասարակության մեջ իրան հայտնի էր կացուցել ո՛չ միայն իբրև մի բարեպաշտ և արդար հայ քրիստոնյա, այլև որպես մի բարեմիտ և պատվավոր քաղաքացի։

Ի՞նչ էր արգելում նրան զրկվել այդ փայլուն տիտղոսներից։

Նրա մեծակշիռ շարժական և անշարժ հարստությունը բավական էր շնորհել նրան պատվավոր քաղաքացիի համարումը։ Իսկ նրա արտաքին բարեպաշտությունը, որով անթերի լցուցանում էր նա յուր կրոնական ծեսերն, բավական էին շահելու բարի քրիստոնյայի կոչումը։

Արդարև, Ճանճուր Իվանիչը երբեք յուր կյանքում պաս չէր կերած, նա չէր լուծում սուրբերի տոները և կիրակիները։ Եկեղեցու դռնից կամ կամուրջի վրայից անցնելու միջոցին միշտ պատրաստ էր խաչակնքել յուր երեսը։ Թելեթի, Ծիրանավորի, Նորաշենի, Ջիգրաշենի, Մուղնու տոնախմբության օրերում նա ամենայն տարի յուր գերդաստանով գնում էր համբուրելու։ Եթե նրա որդիներից հիվանդանում էին, և գուշակող պառավը ասում էր, թե այդ «խեչեմեն» է, նա առանց ուշացնելու հիվանդին յուր մոր հետ ուղարկում էր «զամիսթեվա» Բեթղեհեմում, կամ մեյդնի եկեղեցում։ Եվ այնտեղ այնքան մնում էին, մինչև սուրբը երազում նրանց հրաման էր տալիս տուն դառնալու։

Բացի դրանից, Ճանճուր Իվանիչը ամեն շաբաթ սովորություն ուներ կյուրակե օրերն ժամ գնալ և պատարագ տեսնել։ Նա եկեղեցին մտնելու ժամանակ գիտեր բոլոր ծեսերն, թե ո՛րպես պետք է վարվիլ աստծո տան մեջ, այսինքն ե՛րբ ծունր դնել, ե՛րբ երեսը խաչակնքել, ե՛րբ երկրպագություն տալ, ողջույնի միջոցին ի՛նչ ասել, հրաժարիմքի ժամանակ սատանային որպես հայհոյել և այլն։

Տեսնում ես, Ճանճուր Իվանիչը ժամի մեջ կանգնած է յուր սովորական տեղում (իհարկե, ամենապատվավոր տեղում). նրա հաստ շրթունքները շարժվում են, կարծես թե կարդում է աղոթքի նման մի բան։ Թեև նա գրավոր աղոթքներ չգիտե, բայց յուր սովորական լեզվով նա չի դադարում յուր ջերմ խնդիրները վեր ուղղել դեպի հավիտենական աթոռը։ Եթե մինը ականջ դնելու լիներ նրա աղոթքներին, անշուշտ լսելու էր այսպիսի խոսքեր. «Տեր աստուծ, քու հոգուն մատաղ, դու նամարդի մոհթաջ չանիս, իմ առուտուրին խեր ու բարաքաթ տաս, իմ գործքերին աջողութին տաս։ Տեր աստուծ, քու հոգուն մատաղ, ազատիր ինձ օրվա շառեմեն, հարևնի բախիլեմեն, սատանի չարեմեն։ Տեր աստուծ, քու հոգուն մատաղ, իմ դուշմնիրս փչացրու, ով որ իմ վրա վատ կու խոսե, նրա լիզուն պապանձեցրու, ով որ իմ վնասին չալիշ գուքա, նրա տունը քանդե ու էնպես էլ Կունձու տղի ու Ճուղուր Թաթուխի աչքերը հանե, նրանց տունը բրիշակ արա իրանց գլխին, վուրթիքը չար հրեշտակով սպանե. նրանք ինձ շատ օյին էկան փոդրաթում։ Տեր աստուծ, փառք քու ողորմութենին, դու ինձ շատ ես տվի, վուր ոչ մեկին արժանի չիմ, մագրամ դու իմ ջանին սաղութին տու, իմ կինքը երկար արա, վուր էլի փուղ դադիմ, բալքա Միրզոյի տղին հասնիմ։ Տեր աստուծ, իմ երեխերքս պահե, նրանց խելք սորվեցրու, վուր քիզ օրհնող ըլիմ։ Տեր աստուծ, իմ մամա Օհանեսի, իմ պապ Ծղալորի, իմ դեղի Փեփելոյի հոգիներն լույս դարձրու»։ Հետո կցում էր տերունական աղոթքը՝ «Հայր միր, վուր երգին, սուրբ եղիցի անուն քու, եղիցի կամ քո, վուր պես զի երգին․ հաց մեզ զանապազոր տուր միզ այսօր, թող միզ զպարտս միզ պարտապանաց, ի մի տանիլ ըզմիզ ի չարեն, միզ ի փորձութին, զի քոյի արքայութին և զորութին, փառք ավիդենից ավիդենաց. ամեն»։

Միով բանիվ, նրա աղոթքների մեջ կային և՛ օրհնություն, և անեծք, և՛ հայհոյանք, և՛ ամենայն ինչ...

Ճանճուր Իվանիչը հասարակության կարգերի, կանոնների, սովորությունների մեջ ուներ յուր փոքրիկ քաղաքավարությունները։ Նա, չնայելով յուր մարմնի անհամեմատ հաստությանը, թեքուն եղեգնի նման ծալվում էր ամեն մարդու աոջև՝ թե՛ հարստի, թե՛ աղքատի, մանավանդ աստիճանավորի։ Նա գիտեր օրվա ամեն մի պահուն ո՛րպես պետք է ողջունել հանդիպողին։ Նա գիտեր, որ առավոտյան պետք է ասել «բարի լուս», կեսօրին՝ «բարև», երեկոյան պահուն՝ «բարի իրիգուն», երբ մութը պատում է աշխարհը՝ «բարի գիշեր»։ Նա գիտեր, երբ հանդիպում ես մինին, որ գործում էր, պետք է ասել «բարի աջողում», կամ մինը, որ վաճառում էր «ասել աստված խեր տա»: Նա գիտեր, որ տերտերին ասում են «օրհնյա, տեր», բայց վարդապետին և եպիսկոպոսին ի՛նչ պետք է ասել, այդ չգիտեր, որովհետև յուր կյանքում դրանց հետ գործ չէր ունեցել։

Ճանճուր Իվանիչը ճշտությամբ կատարում էր յուր երկրում ընդունած քաղաքավարությունների և այլ կանոնները. Զորօրինակ մինը փռշտալու միջոցին ասել նրան՝ «առողջութին», մինը որ դառնում էր ուխտատեղից, հանդիպածին պես ասել «օղորմած կենաս», ինքը հորանջելու միջոցին երեսը խաչակնքում էր, որ սատանաներ կամ չար ոգիք բերանից չմտնեն յուր փորը: Եվ փողոցում, երբ հանդիպում էր մեռելի հուղարկավորության, գդակը առնելով կանգնում էր, մինչև անց էին կացնում հանգուցյալը։ Ինքը ևս՝ «աստուծ քու մեղքերին թողութին տա» ասելով՝ շարունակում էր յուր ճանապարհը։

Ճանճուր Իվանիչը հայերեն ամենևին կարդալ-գրել չգիտեր և ո՛չ հարգում էր դրա հարկավորությունը, որովհետև յուր փոքրիշատե վրացերեն դպրությունը, որով գրում էր յուր դավթարները, բավական էր նրան․ դրանով նա, հայոց ասության ոճով, յուր էշը ցեխից հանում էր։

Ճանճուր Իվանիչը, չնայելով յուր հասարակության մեջ բազմահանճար գիտությանը, համարյա ոչինչ տեղեկություն չուներ յուր ազգային պատմությունից և հայերի կյանքից։ Նա չգիտեր, թե ինչո՞ւ ինքը կոչվում է հայ, ուսկի՞ց էր յուր ծագումը, ո՞ւր է նրա հայրենիքը, ունեցե՞լ էին արդյոք հայերը մի ժամանակ անկախ տերություն, և ի՞նչ եղավ հայերի անկման և խղճության պատճառը, և ի՞նչ միջոցներով պետք է ուղղել նրա դրությունը․ Ճանճուր Իվանիչը այդ մտածությանց մեջ բոլորովին անզգա էր, և յուր կյանքում երբեք ուշադրություն չէր դարձրած, յուր կարծիքով, այդպիսի սնոտի հարցերի վրա։

Նա, բացի մի քանի առասպելաբանական ավանդություններից, ուրիշ իրողական տեղեկություններ չուներ։ Միայն փոքրիշատե համոզված էր, որ հայի հավատը լավ հավատ է նրանով, որ լուսավորիչը խոր վիրապում օձերի և գազանների մեջ կենդանի մնաց, «Ծրթատին» խոզությունից մարդ շինեց և հայոց կրոնի հիմք դրավ։ Այլև նա գիտեր, որ հայի մեռոնը առանց կրակի է եփվում և Երուսաղեմ, հայոց տաճարում, սուրբ հարության օրը, ամեն տարի լույս է իջնում երկնքից։ Բայց գնալ այդ լույսը տեսնել և մահտեսի դառնալու ամենևին ցանկություն չուներ, մին որ՝ ծախսիլ փախչում էր, մին էլ՝ լսած էր, որ Երուսաղեմում մի աղբյուր կա, որի ջուրը մահտեսիքը խմածին պես գժվում են, այդ պատճառող նրանք սարսաղներ են լինում...։

Այդ բոլոր մեր հիշածները Ճանճուր Իվանիչի համար երկրորդական բաներ էին, որոնք նա, այլևայլ հանգամանքներից ստիպված մտածում էր և գործում։ Իսկ այն իրողությունը, որի վրա նա հիմնել էր յուր բոլոր մտավոր և հոգեկան ուժը, որ նա համարում էր յուր կյանքի միակ նպատակը, էր փողը: Փողը, ասում էր նա, կույրին աչք է տալիս, կաղին՝ ոտք, փողը գժին խելք է տալիս, երկչոտին՝ սիրտ, փողը տկարին ուժ է տալիս, գերիին՝ ազատություն, փողը սովածին հաց է տալիս, մեռյալին՝ կյանք, ուրիշ ի՞նչ հրաշքներ չէ գործում փողը... Այդ պատճառով Ճանճուր Իվանիչը աստվածությունը երկու էր բաժանում․ երկնքի աստվածը, ասում է Քրիստոսն է, բայց երկրի աստվածը փողն է։ Նրա համար պետ ապրել, նրան ամենայն հարգությամբ պետք է պաշտել, որովհետև առանց փողի մարդը զրկվում է մարդ լինելուց...։

Ճանճուր Իվանիչի այդ աստվածների մեջ կա փոքրիշատ ճշմարտություն։ Բայց թե մինչև ո՛րտեղ սխալ էր նրա կարծիքը փողի մասին, այդ թողնում ենք ընթերցողին ինքնին հարցասիրել․ միայն մենք կավելացնենք մի քանի խոսք, թե արդար շահասիրությունը երբեք պարսավելի չէ, մեր աչքի առաջ ունենալով իրողությունը, որ աղքատի վիճակը խիստ սարսափելի է, և փողն առաջին դերն է խաղում մեր կյանքի մեջ...։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Զահրումար"

Ятук Музыка
Новый цветок
Элен Йолчян

Новый цветок

Кармравор
Кармравор
Играть онлайн