Раффи

Հարեմ

1 - ԺԳ, ԺԴ

Գիշերը խիստ մութն էր։

Ներքինապետը գոհությամբ և ուրախ դուրս եկավ յուր տիրոջ դահլիճից։ Նա իսկույն դիմեց դեպի Բագիմ-խանումի կացարանը: Նրան հանդիպեց մալայեցի Ֆերուզը, որ միայնակ բակումը ման էր գալիս։

Ո՞ւր, Հեյդար-ամու, հարցրուց աղջիկը։

Խանումիդ մոտ։

Աղախինը րոպեական շփոթությունից հետո պատասխանեց.

Նա քնած է։

Դե՛, գնա Ֆերոպ, շուտ զարթեցրու խանումին, ասա՛, որ իշխանն այս գիշեր նրա մոտ կլինի։

Շատ լավ, պատասխանեց մալայուհին և հեռացավ։

Նա գտավ Սալմանին յուր տիկնոջ նախասենյակում։

Սալման քո հոգուն մատաղ, շուտ վազիր խանումի մոտը ասա նրան...

Ի՞նչ ասեմ։

Ասա , իշխանը դարձել է որսից, Հեյգարը հայտնեց, որ այս գիշեր մեր խանումի մոտ կլինի:

Դու ի՞նչ ասեցիր Հեյդարին։

Ես խաբեցի նրան, ասեցի խանումը քնած է:

Ի՞նչ սատանա ես, Ֆերուզ։

Սո՛ւս կաց, գնա՛, մի՛ ուշացիր։

Սալմանն յուր հողաթափները պնդացրեց և սկսեց ուղղվել դեպի ճանապարհ։

Գիտե՞ս որտեղ է նա, հարցրուց Ֆերուզը։

Գիտեմ, պատասխանեց պատանին։

Դե՛, վազի՛ր։

Ծտի պես կթռչեմ։

Եվ իրավ, քառորդ ժամից հետո թեթև պատանին կանգնեց փոքրիկ տնակի հանդեպ, սկսավ զարկել մուրճը։

Ո՞վ ես, հարց արին ներսից։

Ես եմ, ձայն տվեց պատանին և իսկույն ներս ընդունվեցավ։

Այդ տնակի մեջ յուր մի հատիկ սպասավորի հետ բնակվում էր Միրզա-Շաֆի անունով մի տղամարդ։ Նա եկած էր այս քաղաքը Հաֆիսի հայրենիքից։ Լի վառվռուն երևակայությամբ շիրազցի երիտասարդն յուր ժամանակի երգիծաբան բանաստեղծներից մինն էր։ Նա, բացի նրանից, որ զանազան երգերի կտորներ գրելով, նվիրում էր պարսից մեծամեծներին և նրանցից ընծաներ էր ստանում, այլև գրպանից փողը պակասած միջոցներում, շատ անգամ մի քաշքուլ քարշ էր տալիս թևքից, սկսում էր փողոցներում երգել և դերվիշի նման յուր օրական ապրուստը հավաքել։ Միրզա-Շաֆին հիանալի ձայն ուներ։ Նրա կրակոտ երգերից մինն էր, որ Բագիմ-խանումը լսելուց հետո, հարեմխանայի խորքից ձգեց գեղեցիկ իշխանուհու սիրտը դեպի մանկահասակ բանաստեղծը։ Եվ այնուհետև հարեմական տարփածուն շաբաթը մի քանի անգամ յուր գաղտնի այցելությունները նվիրում էր Միրզա-Շաֆիի մենավոր բնակարանին։

Սալմանը հայտնվեցավ տնակի բակում, փոքրիկ սենյակի լուսամուտից լսեց նվագածության ձայներ։ Նա գտավ յուր տիրուհին զվարճության ամենասքանչելի դրության մեջ։ Հարեմական գեղեցկուհին, ոսկյա չանկերը մատներին անցուցած, արձակ խոպոպիքը մեջքի վրա սփռելով, զընկ-զընկացնում էր, և շալվարների մրրկածուփ փոթորիկի մեջ պտտվում էր, պար էր գալիս։ Բանաստեղծը, թառն յուր կուրծքին սեղմած, հնչեցնում էր, ներդաշնակելով մի թեթև գյաֆ։

Նրանց մոտ մի կողմում դրած էին զանազան ոգելից ըմպելիքներ և նախաճաշելու ուտելիքներ։

Սալմանի երևույթը հայտնի վրդովմունք պատճառեց երկուսի վրա ևս և խանումը դադարեց պարելուց։

Ինչո՞ւ եկար, դարձավ նա դեպի պատանին։

Փոքրավորը պատմեց բոլորը, ինչ որ լսել էր Ֆերուզից։ Խանումը բոլորովին շփոթվեցավ։

Ի՞նչ անեմ, աստվա՜ծ, կոչեց նա խորին հուսահատությամբ։

Անհոգ կա՛ց, Բագիմ, ասաց երիտասարդը, անփույթ կերպով ծիծաղելով յուր հյուրի խռովության վրա։ Այդ առաջին անդամը չէ, որ դու ծուղակի մեջ ես բռնվում։

Իշխանուհին դարձյալ անհանգիստ էր։

Իշխանն որտեղ էր գտնվում, դարձավ երիտասարդը դեպի Սալմանը։

Դիվանխանայի մեջ։

Ո՞վքեր կային մոտը։

Մի քանի խաներ և բեկեր, ասաց պատանին տալով նրանց անունները։

Ա՜, այդ դատարկապորտ անպիտանները նրա մոտ կմնան մինչև կես գիշեր։ Իշխանը դեռ յուր հյուրերին բերած որսիցն եղջերվի խորոված կուտացնե։ Հետո նրանք կսկսեն լըկել ու լափել, հետո խաղալ ու ամբողջ ժամերով յուրյանց հիմարությունները պատմել։

Սալմանը դուրս գնաց նախասենյակը, սպասում էր յուր տիկնոջը։

Ինձ ի՞նչ օգուտ դրանցից, հարցրուց խանումը վշտահար ձայնով։

Այն օգուտն, որ իշխանը յուր սիրուն հարեմի օթյակը կը մտնե կես գիշերից մի քանի ժամ անցած, բայց տակավին չորս ժամ կա մինչև այդ անբախտ րոպեն։

Այսուամենայնիվ, ինձ պետք է գոնյա երկու ժամ առաջ այնտեղ գտնվիլ, որպեսզի կարողանամ պատրաստվել նրան ընդունելու։

Երիտասարդի ուրախ դեմքի վրա վազեց մի հեգնական ծիծաղ։

Ա՜, այժմ իմացա, թե ինչու ես շտապում, պատրատվելու համար... երեսդ կոկելու համար... մազերդ անուշհոտցնելու համար... աչերդ սուրմայելու համար... հոնքերդ ներկելու համար... ամենափառավոր հագուստով զարդարվելու համար... Հա՛, այդպես չէ՞։

Խանումն այդ խոսքերին պատասխանեց մի քաղցրիկ ժպիտով:

Բայց ի՞նչու խեղճ բանաստեղծի խուցը գալու ժամանակ չես պատրաստվում դու, հառաջ տարավ երիտասարդը։ Մի՞թե մտածում ես, որ քո քիշմիրյան լաթերը կաղտոտվին սենյակի փոշիների մեջ։

Նրա համար, որ դու էդպես էլ սիրում ես ինձ, պատասխանեց խանումը և յուր ձեռքը նազելով երիտասարդի ուսին դրեց:

Միրզա-Շաֆին գրկեց յուր սիրուհին և նստեցրուց յուր մոտ:

Այդ ուղիղ է, հոգիկս, խոսեց նա, հարեմական բռնակալները, այդ հոտած, փտած իշխանները միայն, ախորժում են յուրյանց անբախտ զոհերը միշտ խայտաճամուկ կեղևի մեջ տեսնել։ Իսկ Շաֆին սիրում է այդ կրակոտ աչերը, այդ աղեղնաձև հոնքերը տեսնել յուրյանց բնական գեղեցկության մեջ։


Այդ խոսքերին հաջորդեց մի ջերմ, սիրաբորբոք համբույր։

Լսի՛ր, Բագիմ, հառաջ տարավ երիտասարդն ավելի ծանր կերպով, երդվում եմ այդ գանգրահեր զուլֆերովդ (խոպոպիք), որ շուտով այդ անպիտանների դարը կանցնի։ Մեծ «Բաբի» վարդապետությունը կտիրե մեր աշխարհին։ Ապագան մերն է։ Այն ժամանակ այդ իշխաններն, այդ խաներն, այդ բեկերն, այդ վնասակար արարածներն այլևս չեն կարող ժողովրդի արյունը ծծելով պարարտացնել իրանց փորը։ Այլևս չեն կարող դիզել յուրյանց պալատներում երկրի հարստությունը և լցնել յուրյանց հարեմխանան մեր աշխարհի ամենագեղեցիկ աղջիկներով...։

Այդ խոսքերն արտասանելու միջոցին երիտասարդը այնպես գրավվեցավ յուր մտքերով, կարծես թե, մոռացավ յուր սիրուհին, որ գրկումն էր։ Նա շարունակեց.

Թո՛ղ առժամանակ ևս խեղճ Շաֆին, գիշերները քաղցած փորով, յուր վերարկվի տակ կծկված, յուր սառը ծնկները գրկած, միայնակ քնե այդ խոնավ սենյակի մեջ։ Բայց կգա օրը, երբ մենք կցրենք այդ անողորմ մեղուների բունը և նրանց քաղցրիկ մթերքը մեզ կերակուր կշինենք...

Չէ՛ որ, ես քեզ մենակ չեմ թողնում, Շաֆի ջան, երիտասարդի խոսքը կտրեց իշխանուհին հրապուրիչ ձայնով:

Գողությունը միշտ զզվելի բան է, պատասխանեց երիտասարդը։ Ահա՛ սպասում է Սալմանը, գնա՛, և դու մի րոպեից հետո իմը չես։ Գնա՛, սիրելի Բագիմ, ես չեմ ուշացնի քեզ, գնա՛ պատրաստվի՛ր, զարդարվի՛ր, քո բռնակալն այս գիշեր քեզ մոտ շնորհ ունե: Բայց երբ կգա կնոջ ազատ իրավունքը, դու այլևս ստիպված չես լինի շողոքորթել մի «գազանի» անասնական կրքերին... իսկ առայժմ պետք է համբերես, Բագիմ, որովհետև դու ստրուկ ես...

Տիկինը լի համակրական զգացմունքով՝ յուր վարդի կոկոնի նման շրթունքը հպեցրուց երիտասարդի ճակատին և վեր կացավ։ Նա պատրաստվում էր գնալ, բայց Միրզա-Շաֆին կանգնեցրեց նրան:

Սպասի՛ր, գիշերը շատ մութն է, քաղաքի սրիկաները քաղցած գայլերի նման՝ այժմ պտտում են փողոցներում։ Սպ՛ասիր, ես քեզ հետ գամ։

Դու մնա՛ տանը, Շաֆի, մի փոքր հանգստացիր, դու շատ վրդովված ես, ասաց տիկինը։

Ես կհասցնեմ քեզ մինչև ամրոցը։

Նրանք միասին դուրս ելան, յուրյանց հետ առնելով Սալմանին: Ամրոցի մոտ բաժանվեցան։ Բագիմ-խանումն երբ կամենում էր անցնել հարեմխանայի բակը դռնապանը հարցրուց նրան.

Ո՞վ ես։

Բագիմ-խանումի մոտ եմ գնում, նրա քրոջից նամակ եմ քերում, եղավ պատասխանը։

Գնացե՛ք։

ԺԴ

Միրզա-Շաֆին, բաժանվելով յուր սիրուհուց, մի քանի րոպե կանգնեց իշխանի ամրոցի մոտ, նա մտածում էր. «ո՛րքան անբախտ արարածներ իրանց սիրողների գրկիցը խլված, բանտարկվել են այդ վանդակի մեջ։ Եթե նրանց բոլորի արտասուքը միախառնվեին, այդ ահագին պարիսպները կխորտակվեին նրանց հոսանքի առջև»...

Նա կամենում էր հեռանալ, երբ մի նոր միտք հետ դարձրուց նրան։ «Չէ՛, մտնեմ իշխանի մոտ և մի քանի րոպե նրան զբաղեցնեմ դատարկախոսությամբ, մինչև նրա տիկինը կպատրաստվեր»... և նա ուղղեց յուր քայլերը դեպի ամրոցը։

Նա գտավ դիվանխանայի դահլիճներից մինը փառավոր կերպով զարդարված լալաներով և մարդանգիներով։ Լուսամուտների լայն ապակեզարդ փենջարեքը վեր էի քաշված և բակի ծաղիկներով անուշահոտված օդը ներս էր ծավալվում ախորժ թարմությամբ։

Փենջարեի մի կողմում ծալապատիկ նստած էր ամրոցի իշխանը, նրանից ներքև կարգով շարված էին հյուրերը և լռությամբ ականջ էին դնում նրա խոսքերին։

Միրզա-Շաֆին ներս մտավ և սովորական ողջույնը տալով, կանգնեց։

Ա՜, Միրզա, բարով եկար, բարով, հրամայեցեք նստեցեք, ասաց իշխանը նրան տեղ ցույց տալով։

Երիտասարդը բոլորին ծանոթ էր, առանց նեղվելու, համարձակ գնաց և նստեց ցույց տված տեղը։

Նա լավ գիտեր յուր երկրի սովորությունը, թե գտնվում էր մի իշխանի մեջլիսում, և թե հարկավոր էր ամեն նրա հիմար ու խելացի խոսքերին լռությամբ լսել, «այո՛, այդպես է» ասել, այդ պատճառով Միրզա-Շաֆին կամեցավ առժամանակ պահպանել պատշաճի կանոնները։

Հորս գերեզմանին երդում լինի, շարունակեց իշխանը՝ ընդհատված խոսակցությունը, իմ որսորդությունն այս անգամին անսպասելի հաջող գնաց։

Ձեր մեծությունը միշտ բախտ ունե որսորդության մեջ, շողոքորթեց հյուրերից մինը։

Բացի դրանից, իշխանի շները լավ վարժված են, վրա բերեց մի այլը։

Իմ ոսկեգույն բարակը՝ Շեյթանը, հրաշալի մի բան է, ես նրան չեմ փոխի ամենաազնիվ արաբական նժույգի հետ, պատասխանեց իշխանը։

Այն որ Ջաֆար-խանը ձերդ մեծությանը փեշքեշ էր ուղարկե՞լ, հարցրեց մինը։

Այո՛, հենց այն, պատասխանեց իշխանը, գիտե՞ք, խան, ո՛րքան թանկ նստեց ինձ այդ բարակը. Ջաֆար-խանը, ձեզ հայտնի է, ամբողջ մի տարի գավառապետ էր Քաշանում, ի՞նչ անիրավություններ ասես չէր արել այնտեղ այդ անպիտանը` կաշառքներ, տուգանքներ, բացի դրանցից դիվանի տուրքից ևս բավական կուլ էր տվել։ Ես կարող էի նրանցից մի քանի հազար դեղին թուման դուրս քաշել, բայց բոլորը բաշխեցի։

Միրզա-Շաֆին, որ լռությամբ լսում էր, կտրեց իշխանի խոսքը. Վնաս չունի, բարակը նույնպես դեղին գույն ունի, իշխան: Բայց ես զարմանում եմ մի բանի վրա, ես գիտեի, որ քավության զոհերը մատուցվում են միայն սուրբ կենդանիներից, իսկ այդ մի նոր վարդապետություն է, որ շներից եղած զոհաբերությունը դարձյալ կարող էր սրբել մի հանցավորի մեղքերը...

Միրզա-Շաֆիի երգիծական սրախոսությունը բարձրացրուց ընդհանուր ծիծաղ։ Բայց որովհետև բոլորը սովոր էին նրա խոսքերին, այդ պատճառով իշխանն ամենևին չբարկացավ նրա նկատողության վրա և շարունակեց յուր խոսակցությունը, որ այնքան հետաքրքրական էր նրա հյուրերին։

Իսկ այդ անգամին իմ Հադուդը այդպես էր իշխանի նժույգի անունը կատարյալ հրաշք գործեց։

Ի՞նչպես, հարց արին ամեն կողմից։

Այս անգամ երկար մենք թափառում էինք Ս․․․ի դաշտերում և ձորերում, մի քանի կաքավներ և տատրակներ միայն գտանք։ Նոքարներս ամեն մինը մի կողմ ցրված էին։ Մին էլ հեռվից տեսա Աքպար սպահանցու հրացանի ծուխը բարձրացավ։ Բայց գնդակը չդիպավ նպատակին և եղջերուն սատանայի արագությամբ սկսավ վազել։ Ես Հադուդին բաց թողեցի էրեի վրա։ Քառորդ ժամու չափ իմ ձին և որսը վազում էին միևնույն ուղղությամբ։ Հանկարծ իմ առջև մի խոր ջրանցք, մինչև տասն արշին լայնությամբ։ Ես չկարողացա Հադուդիս գլուխը դարձնել, որովհետև նա չափազանց տաքացած էր։ Իմ աչքերիս առջևը սևացավ։ Մին էլ այն տեսա, ձին արծվի պես թռավ և ես գտնվում էի ջրանցքի մյուս ափումը։

Մաշա՜լլա, մաշա՜լլա, կոչեցին հյուրերը։

Եղջերուն ընկավ ջրանցքի մեջ և մինչև կեսը թաղվեցավ լիլի մեջ։ Ես արձակեցի իմ կարաբինան և խոշոր կոտորակները անցան որսի ուղեղի միջից։

Բայց դուք էլ մեծ քաջություն եք արել, իշխան, գովաբանեցին հյուրերը։ Ես այդ դեպքում ավելի պարտական եմ Հադուդին, հառաջ տարավ իշխանը, ճշմարիտ նա արժեր փրկանք լինել, այն գեղեցիկ օրիորդին... որ...

Ի՞նչ օրիորդ, հարցրուց հյուրերից մինը, ձեր մեծությունը, կարծեմ, Հադուդին հինգ հարյուր թումանով գնեց։

Դուք սխալվում եք, խան, պատասխանեց իշխանը, ձեր ասածը Ջեյրանն է, որ գնեցի բաղդադցի արաբից։ Հադուդը ինձ բերեց ծերունի Խալաֆ-բեկը՝ Մավրի թուրքմենների ցեղապետը: Երբ վերջին արշավանքներում մենք թուրքմեններից այնքան գերիներ և կողոպուտ խլեցինք, նրանց թվում գտնվում էր Խալաֆ-բեկի աղջիկը։ Խեղճ ծերունին առաջարկեց հազար թուման փրկանք յուր դստեր համար, ես չընդունեցի, այլ պահանջեցի նրա ձին, որ բոլոր Թուրքեստանի մեջ հռչակված էր։ Նա ստիպված եղավ տալ Հադուդին, որ յուր երկու աչքի լույսի հետ չէր փոխի։ Ձին բերեցին, հրամայեցի տանել ախոռը, իսկ աղջիկը մինչև այսօր էլ իմ հարեմխանայումն է...

Վերջին խոսքերը Խալաֆ-բեկի դստեր մասին վերաբերում էին Բագիմ-խանումին, Միրզա-Շաֆիի սրտին ամենամոտ առարկային։ Նրա հպարտ աչքերը վառվեցան այդ լսելու ժամանակ և շրթունքը սկսեցին դողալ։

Ի՜նչ լավ եք արել, գովեցին ամեն կողմից իշխանի նենգությունը։

Շա՜տ լավ է արել, վրա բերեց Միրզա-Շաֆին հեգնորեն կերպով, խաբեբայությունը պատերազմական գործերում թույլ է տված մինչև անգամ ղորանով...

Խոսակցությունը ընդհատվեցավ, երբ ներս բերվեցան ղեյլանները։ Նրանք սկսեցին ծխել։

Դուք բոլոր ժամանակը Ս...ումը անցուցիք, իշխան, հարցրուց խաներից մինը։

Երեք օր միայն։ Այնտեղից ես եկա Հյուսեին-խանի մոտ, ճաշին հյուր եղա նրա գյուղումը։ Ճշմարիտն ասած, շատ ուրախ անցուցինք։ Խանն ինձ զվարճացնելու համար կանչել տվեց յուր հրեա բայաթներից մի քանի պատանիներ և աղջիկներ, նրանք «ջիհուդի» պար բռնեցին։ Ա՜խ, ի՞նչ ծիծաղելի էր այդ նզովյալների խաղը։ Հետո մի քանիսին ծերերից փայտի կապել տվավ խանը. սկսեցին ծեծել, նրանց լացը ու գոռոցն ավելի ծիծաղեցրուց ինձ, կատարյալ «ջիհուդի շիվան»...

Այդ խոսքերը այնպիսի մի եռանդով պատմեց իշխանը, որ շարժեց բոլոր հյուրերի ծիծաղը, բացի Միրզա-Շաֆիից։

Ես էլ տեսել եմ այդ անիծվածների խաղերն, ասաց խաներից մինը, ճշմարիտ շատ ծիծաղելի է։ Երբ առաջին անգամ գնացի Համադան որպես կուսակալ, երբ քաղաքին մոտեցանք, բոլոր ժողովուրդը ընդառաջ ելավ։ Մուսուլմաններն ամեն մի տասը քայլափոխում մատաղ էին մորթում ձիուս ոտքերի տակ։ Ջիհուդները պար էին գալիս։ Նրանք հագել էին ծաղրական հագուստներ, գլխներին գրած էին երկայն, զանազան գույներով ներկված թղթե գդակներ։ Այնպես թռչկոտում էին, չըրթիկ էին զարկում և պես-պես մասխարություններ էին անում։ Իսկ ավելի ծիծաղելի էին հայերը։ Նրանք դուրս էին բերել յուրյանց քահանաներին եկեղեցվո հագուստով և բոլոր պատկերներով ու խաչերով, որ այդ անօրենները գործ են ածում իրանց եկեղեցիներում։ Ես չկարողացա իմ ծիծաղը պահել, երբ տեսնում էի, պարսիկ լամուկերը մոտենում էին պատկերներին, ու սկսում էին նրանց առջև յուրյանց բերանը ծռմռել ու զանազան ծաղրական խոսքեր ասել, և կամ քեշիշներից (տերտերներից) հարցնում էին. քեշի՛շ, ինչու՞ ես խաչի ետևում փայտ անցուցել»։

Այդ շատ ծիծաղելի է, ձայն տվեցին ամենքը հռհռալով, և հայտնեցին, որ իրանցից շատերը ներկա եղած են այդպիսի հանդեսների։

Բայց օտար ազգերի կրոնական սրբությունները ծաղրածության առարկա շինել, այդ ո՛չ միայն խղճմտանքի ընդդեմ է, այլև աստծո, մեջ մտավ Միրզա-Շաֆին։

Բայց իշխանը, նրան փոխանակ ուղղակի պատասխանելու՝ ասաց.

Ավելի հաճելի կլինի մեզ, եթե այդ ունայն քարոզների տեղ, դու երգես մի երգ։

Բոլորովին ուղիղ նկատեցիք, իշխան, ավելացրեց խաներից մինը, ուրեմն հրամայեցեք բերեն թառը, ես խնդրում եմ, որ Միրզա-Շաֆին ածե ևս։

Սույն միջոցին իշխանի մանկլավիկները ներս բերեցին արծաթյա մատուցարանների վրա դրած նախաճաշելիքներ, որոնց ընթրիքից առաջ սովորություն ունեն պարսիկները ուտելու և նրանց մոտ դրվեցան զանազան ղորանից արգելված ըմպելիքները։ Հյուրերը սկսեցին խմել և ուտել։ Իսկ Միրզա-Շաֆին հնչեցրուց թառը և հանպատրաստից երգեց այս երգը։

«Մթին անտառով պատած էր սարը,
«Այն սարի գլխին գմբեթի նման,
«Կապույտ երկինքը յուր լալն կամարը,
«Դրած էր այնպես պայծառ, անսահման։

«Այն սարի վրա ամրոց էր կանգնած,
«Թշնամի վըհուկ կախարդեց նրան․
«Ամրոցի միջում աղջիկ էր նստած,
«Նրան կապել էր գերության շղթան։

«Միայնակ, տխուր նազելի կույսը
«Փակված էր մթին յուր նեղ սենյակում,
«Կյանքից և բախտից կտրած էր հույսը,
«Սրտամաշ ցավերը կըրում էր հոգում։

«Ամրոցի մոտից մեկ աշուղ անցավ,
«Երգեց աշուղը յուր երգը անուշ,
«Վըհուկի այն չար թիլիսմը լուծվեցավ,
«Փշրեց յուր շղթան աղջիկը քնքուշ։

«Վազեց դեպի դուրս, աշուղին կանչեց,
«Ասաց «Դու ես իմ սրտի ուզածը,
«Սեղմեց գրկի մեջ, երեսից պաչեց,
«Ասաց՝ «Ինձ փրկիչ ճամփեց աստվածը։

«Երբ որ լուսինը բլուրի ծայրից՝
«Շողում էր լույսը՝ ուրախ և պայծառ,
«Երբ որ աստղերը երկն ի կամարից՝
«Պսպղին տալով՝ թափեին գոհար,

«Ամրոցի միջից աշուղի նազելին,
«Ծածուկ դուրս գալով, մթին անտառում՝
«Լի ցնորքներով՝ սրտի սիրելին՝
«Կանչում էր, կանչում.․․ նրան պըտրում.․․

«Այն անտառի մեջ կար մի տաղավար,
«Կարծես, դերվիշի էր նա բնակարան,
«Թփերով պատած՝ ճյուղերը հյուսած
«Ցրտից, անձրևից պահում էր նրան։

«Այնտեղ աշուղը միայնակ՝ լռին
«Առանձնության մեջ երգում էր երգը,

«Նրան կենակից էին՝ Հաֆիս, Սադին
«Եվ մեծ թուսեցու հրաշալիք գիրքը։

«Այն տաղավարում ամրոցի հուրին
«Անցուցանում էր անուշ գիշերներ.
«Ջեննաթը երբե՛ք լուր անմահներին
«Չէ՛, չէ՜ շնորհում այնպիսի օրեր...

«Թափում էր ցավը վշտահար սրտից,
«Սրբում էր աչքից դառն արտասուքը,
«Որպես մի անմեղ՝ ազատված բանտից՝
«Մոռանում էր լուր ողբն ու սուգը։

«Ամրոցի տերն էր բռնակալ իշխան,
«Որ խլեց նրան հայրենի երկրից,
«Իսկ աղջկա հայրն էր ծերուկ մի խան․
«Որ շատ արտասուք քամեց աչերից։

«Իշխանը ուներ պաշտոն արքունի
«Եվ գեղեցկուհի կանայք բազմաթիվ,
«Նրա հարեմում ստրուկ, ներքինի
«Չունեին բնավ համար և հաշիվ։

«Նրա կանայքը փակված են ողջուն
«Երկաթով պատած՝ ամուր վանդակում,
«Բայց «սերը» հզոր է քան բռնություն,
«Նա յուր վանդակը է միշտ խորտակում․․․»


Բագիմ-խանումը, դառնալով յուր սենյակը, զարդարվեցավ, օծվեցավ, կոկվեցավ և նախշուն թիթեռնիկի կերպարանք ստացավ։ Նա յուր օթյակը լեցրած անուշահոտությամբ, սպասում էր յուր տիրոջ գալստյանը։ Հանկարծ նրա ականջներին դիպավ մոգական հնչումները մի երգի։

Այդ «նրա» ձայնն է ասաց շփոթվելով տիկինը և մոտեցավ բաց լուսամուտին, որտեղից ներս թռան երգի վերջին տողերը.

«Եվ իսկ այս գիշեր ամրոցի հուրին
«Զվարճանում էր աշուղի գրկում
«Որ թռիչք տվեց սրտի դարդերին...
«Որ ձեզի համար այդ երգն է երգում.․․»


«Նա» ինձ է երգում... մտածեց տիկինը լի քաղցրիկ վրդովմունքով և թեքվեցավ փենջարեի հենարանի վրա։

Գիտե՞ք, խանում, ով է երգում, հարցրուց Ֆերուզը, որ կանգնած հետազոտում էր յուր տիկնոջ երեսի փոփոխական գծերը։

Գիտեմ... պատասխանեց տիկինը տխուր ձայնով։

«Նա» նրա համար է երգում, որ դուք լսեք։

Տիկինը ոչինչ չպատասխանեց։ նա երկար ականջ էր դնում, բայց երգը լռել էր արդեն։

Իշխանը այս գիշեր ձեզ մոտ կլինի, խոսեց աղախինը։

Գիտեմ։

Ի՞նչ պատրաստել։

Ինչ ուզում ես պատրաստի՛ր, Ֆերուզ, ինձանից մի՛ հարցրու, իմ գլուխն իմս չէ...

Աղախինը, նկատելով տիկնոջ վշտահար դեմքը, հեռացավ։

Բագիմ-խանումը հեռացավ լուսամուտից, մոտեցավ հայելուն, երկար նայում էր յուր վրա, կարծես, սիրահարված լիներ իրանով։ «Եթե այդպես տեսներ ինձ Շաֆին...», ասում էր նա ինքն իրան։

Նրա մտածությունները շփոթեց մի ձայն։ Բախտավոր, զարդարվի՛ր... ուրախացի՛ր... հիմա իշխանը կգա։

Տիկինը հետ նայեց, տեսավ հարեմներից մինը՝ գեղեցիկ Ջեյրան-խանումին։

Նախանձու՞մ ես, Ջեյրան, դարձավ նա դեպի յուր այցելուհին ակամա ժպիտով։

Թո՛ղ իմ աչքը կույր լինի, եթե նախանձեմ, պատասխանեց եկվորը մոտենալով։

Բա՛ ի՞նչ ես ասում։

Հանաք եմ անում, Բագիմ։

Նստի՛ր, հոգիս, նստի՛ր, մի քիչ խոսենք, ես այսօր շատ տխուր եմ...

Նրանք նստեցին միմյանց մոտ։

Դու պետք է ուրախ լինես, Բագիմ, այսօր «նրա» մոտ էիր, պատասխանեց Ջեյրան-խանումը ծիծաղելով։ Էհ, «տարին մի անգամ բայրամ (զատիկ) այն ևս ախուվախով»... պատասխանե՛ց Բագիմ-խանումը ցավալի կերպով։

Բաս ես սև՛ պետք է հագնեմ, որ ամիսներով նրա երեսը չեմ տեսնում..․

Դու էլ ինձ պես անբախտ ես... Ջեյրան։

Հա՛, անբախտ եմ, Բագիմ... կրկնեց Ջեյրանը խորին կերպով հոգվոց հանելով։ Երկու տիկինների խոսքն յուրյանց գաղտնի սիրողների վրա էր։ Նրանք միմյանցից ծածուկ ոչինչ չունեին։

Այդ ո՞ր սատանան փչեց իշխանի խելքին, որ կամեցել է այս գիշեր քեզ մոտ լինել, Բագիմ։

Չեմ գիտում։ Դու քանի՞ ժամանակ է չես տեսել իշխանին. Ջեյրան։

Երեք ամիս։

Ամեն գիշեր ընկած է Ղարաչու աղջկա մոտ։

Բագիմ-խանում ի խոսքը մի բոշա հարեմի մասին էր, որին շատ էր սիրում իշխանը։

Նա գեղեցիկ է, նրա համար, ասաց հեգնորեն Ջեյրան-խանումը։

Սատանան տանե նրա սև թշերը, պատասխանեց Բագիմ-խանումը զզվանք ձևացնելով յուր դեմքի վրա։

Թե ես և դու, Ջեյրան, նրա նման ածել, երգել, պարել իմանայինք, իշխանը մեզ էլ կսիրեր։

Մինակ այդ չէ պատճառը, հոգիս, խոսեց Ջեյրանը, Խուրշիդը այդպես էր բոշա հարեմի անունը որպես ամեն մութրուֆները, կատարյալ կախարդ է։

Ղո՞րդ։

Իմ հոր գերեզմանը վկա։ Նա դյութել է իշխանի սերը։

Այն դևի ծնունդից ոչինչ բան պակաս չէ։

Իշխանը կարծում է, հառաջ տարավ Ջեյրան-խանումը, թե Խուրշիդն ամեն հարեմներից ավելի է սիրում նրան։ Բայց, դու, Բագիմ գիտե՞ս նրա բաները։

Չեմ գիտում։

Նա ուրիշին է սիրում։

Ու՞մը։

Չեմ գիտում։ Բայց մի անգամ Խուրշիդը ծեծել էր յուր աղախնին՝ Հուսնիին, աղախինը պատմեց ինձ ամենը։

Ի՞նչ ասեց։

Ասեց իմ տիկնոջ ծնելու օրը հասավ։ Նա հրամայեց ոչ ոքին յուր սենյակը չթողնել, այնտեղ էր միայն պառավ տատմերը։ Խուրշիդն ազատվեցավ։ Տղան ծնվեց սև ինչպես ածուխ, հաստ շրթունքներով և տափակ քթով։ Տատմերը գիշերով վեր առեց երեխան, տարավ յուր հետ։ Մյուս օրը բերավ մի այլ տղա սպիտակ որպես ձյուն։ Այնուհետև հայտնեցին, թե խանումը ազատվեցավ ծնունդից...

Ջեյրան-խանումն այդ խոսքերը պատմելու միջոցին Բագիմ խանումի դեմքը փոփոխվում էր զարմացական ցնցումներով։

Ուրեմն Խուրշիդի այժմյան երեխան իրանը չէ՞, հարցրուց նա ծիծաղելով։

Տատմերը գտել է նրան մի մեչիդի դռնից, ուր նրան ձգած են եղել։

Բայց իշխանը գիրկը առած սիրում է, համբուրում է երեխային, կարծելով թե յուրն է։

Եվ սիրում է մորը, որ այնպիսի գեղեցիկ որդի ծնեց...

Բագիմ-խանումն երկար պաշարված էր յուր լսածների զարմացումով։

Հիմա իմանում եմ, Ջեյրան, որ իշխանի սերը գրավելու համար գեղեցկություն պետք չէ։ Պետք է այնպես «սատանա» լինել, որպես Խուրշիդը։

Ի՞նչ գեղեցկություն, պատասխանեց մյուսը, Զեյնաբ-խանումը մեր ամենիցս գեղեցիկ է։ Ի՞նչու չէ սիրում նրան իշխանը։ Նրա համար որ, նա «սատանայություն» չունի։

Խե՜ղճ Զեյնաբ, խոսեց Բագիմ-խանումը ցավակցական ձայնով, կարելի է սրտի դարդերիցը դևոտեցավ...

Դարդը քի՞չ բան է․..։ Ես մի օր չէի տեսնում նրան, որ աչքերն արտասուքով թաց չլինեին։ Խեղճն ամբողջ օրը յուր սենյակից դուրս չէր գալիս, հենց ա՜խ էր քաշում ու լաց լինում...

Հիմա մի քիչ լավ է, ասում են։

Ջինների ձայնը դեռ շատ անգամ լսվում է։

Ես ուզում էի այսօր նրա մոտ գնալ, վախեցա:

Չէ՛, Բագիմ, չէ կարելի նրա մոտ գնալ, ասաց Ջեյրան-խանումը։ Կախարդն ամեն գիշեր գալիս է։

Շատ բաներ են պատմում կախարդի մասին։

Ի՞նչ բաներ։

Ասում են ամեն բան գիտե։

Լսելով վերջին խոսքերը Ջեյրան-խանումի գլխում ծագեց մի նոր միտք։ Եվ նա հարցրուց.

Սիրո «թիլիսմաններ» էլ կգիտենա։ Այդպես չէ՞։

Ամեն բան գիտե։

Ե՛կ, Բագիմ, մի օր նրան մեզ մոտ կանչենք։

Ինչու՞ համար։

Թո՛ղ մեզ համար «սիրո թիլիսմաններ» գրե։

Առանց այդ էլ սիրում են մեզ... պատասխանեց Բագիմ-խանումը ժպտելով։

Իշխանը որ չէ սիրու՞մ...

Ի՜նչ պետք է իշխանի սերը։

Նրա համար պետք է, որ բայրամ (զատիկ) է գալիս, ես ու դու նոր հագուստ չունենք։

Մուրդաշուրը։ տանե նրա առած հագուստը... պատասխանեց Բագիմ-խանումը արհամարհական կերպով։

Բայց ես կախարդին կանչել կտամ։

Կանչել տուր, որ նոր հագուստով գնաս սիրականիդ մոտը... դու նրա համար ես զարդարվում...

Երկու հարեմների խոսակցությունը ընդհատվեցավ, երբ նրանք տեսան հարեմխանայի բակը ներս մտավ իշխանը։ Երկու փոքրիկ սպասավորներ իրանց լապտերներով լուսավորում էին նրա մուտքը։ Ջեյրան-խանումը վազեց դեպի յուր սենյակը։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Հարեմ"

Ятук Музыка
Танго нашего детства
Тигран Мансурян

Танго нашего детства

В гареме, 1918 год.
В гареме, 1918 год.
Играть онлайн