Раффи
Հարեմ
1 - Թ, Ժ
Թ
Երբ մի փոքր սթափվեցան նրանք յուրյանը հոգեզմայլությունից, նստեցին միմյանց մոտ տիկինն առաջինը ընդհատեց տիրող լռությունը.
Ո՞վ կմտածեր, Մեխակ, որ այդքան անցքերից հետո մենք կրկին կտեսնեինք միմյանց։
Աստուծո ձեռքում ամեն ինչ հնարավոր է, Ալմաստ, պատասխանեց երիտասարդը։ Բայց ի՛նչպես լավ խոսում ես դու հայերեն, դու չես մոռացել մեր լեզուն։
Ես ոչինչ չեմ մոռացել, Մեխակ ջան, ես դեռ հիշում եմ Թիֆլիսն ու մեր Քուռը, ես դեռ հիշում եմ Խոջանց վանքն ու Համբարձման օրը, երբ աղջիկների հետ այնտեղ ջանգյուլումներ էինք երգում ու վիճակով մեր բախտը փորձում։Ես դեռ մտքումս ունեմ մի քանի ջանգյուլումներ։ Կարծելս թե, հենց այս րոպեիս իմ աչքի առջև կանգնած են մեր տունը և մեր կտուրն, ուր ճյուղերով ծածկված չարդախի տակ, հիշո՞ւմ ես Մեխակ, մենք անցուցանում էինք ամբողջ գիշերներ...
Հիշում եմ... պատասխանեց երիտասարդը և նրա ձայնը դողաց սրտի հուզմունքից։ Ես ուրախ եմ, Ալմաստ, որ տյդ բոլորը չես մոռացել դու։ Ես մտածում էի, թե հարեմական զվարճությունների մեջ, դու մտահան կանեիր մեր բախտավոր անցյալը մեր սիրո և մանկության քաղցրիկ օրերը...
Ի՞նչ զվարճություն, իմ սիրելի, դու ինքդ լավ գիտես, թե ինչ բան է հարեմխանան և հարեմը։ Այստեղ ոսկուց, արծաթից և թանկագին գոհարներից է կազմվում անբախտ հարեմի գերեզմանը... թիրմա շալերից է կարվում նրա պատանը... և նա թաղվում է զարդարած դահլիճների փակված պատերի մեջ...
Եվ նա մխիթարություն է գտնում, ավելացրեց երիտասարդը, խոսելով թթված ներքինիների և զզվելի դեմքով' սևամորթ ստրուկների հետ։
Այդ ուղիղ է, իմ սիրելի, հառաջ տարավ Ալմաստը: Դու չես կարող երևակայել, թե ի՛նչ ցավերով անցուցել եմ ես այստեղ իմ սև օրերը...։ Ամբողջ հարեմխանան լցված է կնիկներով, ամեն ազդից և ամեն դասից։ Նրանց ամեն մեկի կյանքի հետ կապված է մի սարսափելի պատմություն։ Ներքինապետը միևնույն կերպով է մարվում յուր տիրոջ կնիկների հետ, ինչ կերպով որ վարվում է ախոռապետը նրա ձիաների հետ, երբ պատրաստում էր նրանցից մինը, որին նրա տերը բարեհաճել էր հեծնել և կատարել յուր զբոսանքը...
Սարսափելի դրություն, կոչեց երիտասարդը։
Ներքինապետը հերթով է բաժանում հարեմխանայի իշխանի սերը նրա կնիկների մեջ, շարունակեց Ալմաստը ցավալի ձայնով։ Կնիկները ստիպված են կամ կաշառել իրանց անգութ պահապանին և կամ հաճոյամոլություններով գրավել ամուսնի սիրտը։
Երիտասարդը բոլոր ժամանակը լսում էր, թույլ տալով յուր սիրուհուն թափել սրտի ցավերը։
Շատ անգամ հուսահատությունը մինչ այն աստիճան տիրում էր ինձ, որ ես պատրաստվում էի ինձ խեղդել, կամ որևիցե թույնով հանգստացնել սրտիս դարդերը։ Բայց միշտ մի աներևույթ ձեռք կարծես արգելում էր ինձ, երբ մտածում էի, թե ես քրիստոնյա եմ, թե իմ դիակը կդրվի մահմեդական գերեզմանատնում...
Բայց դու չեի՞ր մտածում իմ վրա, ընդհատեց երիտասարդը նրա խոսքը։
Մտածում էի, Մեխակ ջան, ի՛նչպես չէի մտածում։ Ես կարծում էի, թե երկնքումը կգտնեմ քեզ և այնտեղ էլի կսիրենք մեկմեկու։
Վերջին խոսքերն արտասանելու միջոցին Ալմաստի աչքերը լցվեցան արտասուքով։
Ուրեմն դու չգիտեի՞ր, որ ես կենդանի եմ։
Ո՛չ, մինչև այն օրն, երբ քեզ առաջին անգամ տեսա մեր այգումը, երբ դու ասացիր թե «դեռ սիրում ես ինձ»։
Սիրում եմ, Ալմաստ, պատասխանեց երիտասարդը։
Այնուհետև մի ըստ միոջե պատմեց նա, թե ինչ նշանակություն Էր ստացել ինքը Սեր-Ասքերի տան մեջ։ Հայտնեց նրա դստեր Մահիի սիրահարվիլն յուր վրա և նրա ծնողաց նպատակն յուրյան փեսայացնելու և ամբողջ հարստության ժառանգ շինելու։ Պատմեց, թե ինչպես նրանց առժամանակ հանգստացնելու համար ստիպված էր ինքը կեղծավորվիլ, պատճառ բերելով Մեքկայի ուխտագնացությունը և այլն։
Երիտասարդի պատմության ժամանակ Ալմաստի դեմքը հետզհետե պայծառանում էր, նրա աչքերը լի հոգեկան կրակով՝ փայլում էին քնքուշ սրտի բոլոր զգացումներով։ Երբ վերջացրեց նա յուր պատմությունը, տիկինը գրկեց նրան ասելով.
Այդ բոլորը դու զոհեցի՛ր ինձ համար... Ես զոհել եմ քեզ, սիրելի Ալմաստ, ոչ միայն իմ սիրտը, այլ իմ կյանքը և իմ ձեռքը, պատասխանեց Քերիմ֊բեկը համբուրելով նրա թշերից։
Ուրեմն ազատի՛ր ինձ, Մեխակ ջան, ազատի՛ր այդ բանտից։
Ես կազատեմ քեզ, Ալմաստ, ես վաղուց մտածում եմ դրա վրա։ Դեռ դու իմ գոյության մասին ոչինչ տեղեկություն չունեիր, դեռ դու չգիտեիր, թե ուր է Մեխակը, ես մտածում էի քո ազատության համար։ Ես միշտ կարող էի թողնե՛լ այդ քաղաքը և փախչել դեպի իմ հայրենիքը։ Սեր-Ասքերի բոլոր հարստությունը չէր կարող կապել իմ սիրտն ինձ համար մի ատելի երկրի հետ, որտեղ ես բերված էի որպես գերի։ Բայց մի բան ստիպեց ինձ այսքան երկար ժամանակ այս քաղաքումս մնալ, երբ մտածում էի, թե այստեղ կթողնեմ մի սիրտ, որ գուցե դեռ զարկում էր իմ համար... Այդ քո սիրտն էր, Սիրելի Ալմաստ։
Ա՜խ, ո՛րքան բարի ես դու, Մեխակ։ Ազատի՛ր ինձ, ազատի՛ր, կրկնեց Զեյնաբ-խանումն արտասվելով։
Նպատակն արդեն վճռված է, սիրելի Ալմաստ, մնում է նրա գործադրությունը։
Ինչո՞ւ չպտի շուտ լինի այդ։
Հարկավոր է մտածել, թե ի՞նչ հնար պետք էր գործ դնել։
Ա՜խ, այդ շատ ուշ կլինի... կոչեց հուսահատությամբ Զեյնաբ-խանումը։
Մի՛ շտապիր, իմ հոգիս, պատասխանեց երիտասարդը ծանրությամբ։ Գիտե՞ս մենք որտեղ ենք գտնվում, Պարսկաստանի սրտումը և մեզանից ամեն մինն՝ ամենահզոր իշխանի տան մեջ։ Երկրի սահմանները հազարավոր մղոններով հեռու են դրած մեզանից։ Մի փոքր անզգուշությունը կարող էր մեզ հավիտյան ղրկել միմյանցից...
Ա՜խ, աստված, բացականչեց տիկինը տխուր ձայնով։
Լսի՛ր, Ալմաստ, այստեղ չէ կարելի մեզ երկար խորհրդակցել միմյանց հետ։ Այդ անշունչ պատերը կարող են ականջ ունենալ, հարկավոր է նշանակել փոքր ի շատե ապահով տեղ։
Ես ոչ մի տեղ չեմ ճանաչում, սիրելի Մեխակ, մինչև այսօր այս չորս պատերն են եղել իմ աշխարհը։
Դու հիշո՞ւմ ես ձեր հարևան Սալոմեին։
Այո՛, հիշում եմ, կախեթցի Գիորգիի աղջիկը, նա իմ լավ բարեկամս էր։
Սալոմեն այժմ այս քաղաքումն է։ Մի պարսիկ տասնապետ գերի բերավ նրան այստեղ, հետո ամուսնացավ նրա հետ։ Սալոմեն ունի մի զավակ միայն յուր տղամարդից։ Նա շատ բարի կին է։
Առաջ էլ բարի աղջիկ էր, կտրեց Զեյնաբ֊խանումը Քերիբ-բեկի խոսքը։
Այո՛, բարի աղջիկ էր։ Ես նրա միջնորդությամբ էի միշտ քեզ զանազան խաբարներ ուղարկում... Սալոմեն մեր գաղտնիքն այնպես ծածուկ պահում էր։ Ես տակավին չեմ մոռացել նրան։ Ես քեզ հետ տեսնվելուց առաջ շատ անգամ գնում էի նրա տունը, միշտ քեզ վրա էինք խոսում և նորոգում էինք վաղեմի հիշողությունները․․․։ Նա դեռ սիրում է քեզ, Ալմաստ, դու կարող ես նրա տունը քեզ ապահով օթևան ընտրել, երբ կկամենայիր ինձ հետ տեսնվիր։
Բայց ես չեմ գիտում նա որտեղ է բնակվում։
Այս գիշեր Մարջանին ես ցույց տվի նրա տունը, խափշիկը քեզ ուղղակի այնտեղ կբերե։
Շատ լավ, այսուհետև մեր տեսությունների համար կնշանակենք Սալոմեի տունը։ Ես շատ ցանկանում եմ նրան տեսնել, ես չգիտեի, թե նա էլ գերի է առնված։ Ա՜խ, ի՛նչքան կուրախանա Սալոմեն, երբ ինձ տեսնե։
Շատ կուրախանա, Ալմաստ, նա դեռ սիրում է քեզ, հառաջ տարավ երիտասարդը։ Մարջանը կլինի մեր միջնորդը, երբ պետք էր տեսության ժամերը նշանակել, այդ խափշիկը շատ խելացի աղջիկ է երևում։
Միևնույն ժամանակ նա չափից դուրս հավատարիմ է:
Իսկ այդ եթովպացի պատանի՞ն։
Սայի՞դը, նա նույնպես հավատարիմ է ինձ։
Շատ լավ, մենք կարող ենք օգուտ քաղել դրանց հավատարմությունից։ Այդ սևերը խիստ հարմար գործիք են լինում գաղտնի հարաբերություններում։ Միևնույն ժամանակ նրանք խորամանկ են, որպես սատանա։
Սույն միջոցին նախասենյակից լսելի եղան զանազան ձայների սարսափելի հնչումներ։ Կարծես թե գիշատող գազանների ահարկու մռնչյունները կազմում էին մի ընդհանուր վայրենի ներդաշնակություն։
Երիտասարդը ձեռքը տարավ դեպի դաշնակը։
Մի՛ վրդովիք, Մեխակ, դրանք խափշիկը և եթովպացին ներկայացնում են չար ոգիները։
Գրո՜ղը տանե նրանց, կատարյալ սատանաներ են, ասաց երիտասարդը ծիծաղելով։
«Կախարդը» սկսել է յուր գործողությունը... պատասխանեց հեգնորեն Զեյնաբ-խանումը։
Ի՜նչ ծիծաղելի դեր եմ խաղում ես։
Այդ ուղիղ է, դու վաղուց կախարդել ես իմ սիրտը... Ահարկու մռնչյունները կրկնվեցան։
Չար ոգիների պատերազմը սկսվեցավ, ասաց ներքինապետ Հեյդարը, որը կանգնած հարեմխանայի դռանը լսում էր այդ ձայները։ Նա զարհուրելով փախավ, փակվեցավ յուր սենյակում, սկսավ աղոթել և «բ'իսմուլլահ» կարդալ։
Սալման, լսի՛ր, ի՛նչ սարսափելի ձայներ են հանում դևերը, ասաց վազելով պատանի շիրազցու մոտ Ֆերուզը. փախչենք, սիրեկան, փախչենք այս տեղից։
Նրանք վազեցին դեպի յուրյանց սիրուհու սենյակը։
Մի րոպեում երկյուղը և սոսկումը տիրեց ամբողջ ամրոցի վրա։ «Խե՜ղճ Զեյնաբ-խանում, ասում էին հարեմներից շատերը, հիմա դևերը կխեղդեն նրան...»։
«Կախարդը նրա մոտ է, պատասխանում էին մյուսները։
«Ի՞նչ կարող է անել կախարդն այդքան դևերին, լսի՛ր։ Հուրի, ի՛նչ շատ են նրանք։
«Կախարդը կարողություն ունի հալածել բոլորին։
«Խե՜ղճ Զեյնաբ-խանում, ի՛նչպես չէ տրաքում նրա սիրտը։
«Ես այստեղ դողում եմ... կրկնեց մի սևաչյա հարեմ։
«Ձայները լռեցին, խոսեց Հուրին։
Այդպես խոսում էին միմյանց մեջ հարեմները։ Իսկ Զեյնաբ-խանումի սենյակում «կախարդն» յուր դյութական գործողության մեջն էր...
Գիշերն աննկատելի կերպով անցավ։ Արշալույսը սկսել էր շառագունիլ, երբ «կախարդը» հեռացավ ամրոցից, առանց ոչ ոքին տեսանելի լինելու։
Սայիդը և Մարջանն, որոնք ամբողջ գիշերն անքուն էին մնացած, նոր գնացին հանգստանալու։
Արեգակը բավականին բարձրացել էր հորիզոնի վրա։ Վաղորդյան զեփյուռը փչում էր ջերմ կուսական շնչով և ծառերի տերևները թրթռում էին, գրկախառնվում էին և պաչպչվում էին միմյանց հետ։
Մարջանը միայնակ դուրս եկավ յուր սենյակից, մոտեցավ ջրի ավազանին և լվացվում էր։ Նույն ժամուն ծերունի Հեյդարը կատվի նման պտտում էր հարեմխանայի ամեն ծակումուտքը։ Նա անցավ խափշիկի մոտից։
Ի՞նչպես է քո խանումի քեփը, հարցրուց Մարջանից։
Հիմա մի քիչ լավ է։ Երևում է, դևերը հեռանալու վրա են:
Հրամայում է արդյոք խանումը բաղնիքի պատրաստություն տեսնել, այսօր ջումա է։
Ո՛չ, բարի Հեյդար, իմ խանումը չէ կարող յուր սենյակից դուրս զալ։
Ինչո՞ւ, հարցրուց ներքինապետը, աչքերը լայն բացելով:
Կախարդը հրամայեց նրան քառասուն օր չիլա մտնել․
Ղո՞րդ:
Այո՛, քառասուն օր նա փակված կմնա յուր սենյակում և արևի երեսը չի տեսնի։ Ադամորդու հետ պիտի չխոսի և ոչ ոքին յուր մոտ չընդունի։
Այդ շատ ծանր բան է, ասաց ներքինապետը զարմանալով։ Այդ կատարյալ ճգնություն է։
Այդ քառասուն օրումը, առաջ տարավ խափշիկը, իմ խանումն յոթն անգամ ղորանը պետք է ծայրեիծայր կարդա և ամեն օր յոթն անգամ ն ա մ ա զ պետք է անի և միայն աղուհաց պիտի ուտի։
Կախարդը դարձյալ կգա՞։
Շաբաթը մի անգամ։ Նա դեռ այստեղ է։
Թո՛ղ աստված ողորմություն անի Զեյնաբ-խանումին ի սեր մեծ մարգարեին, բարեմաղթեց ներքինապետը և մտավ մի այլ բակ։
Մարջանը դարձավ յուր տիկնոջ սենյակը, գտավ նրան բոլորովին չհանված պառկել էր յուր մահճի վրա։ Նա սովորական ողջույնը տալուց հետո, հարցրուց.
Իմ տիկինը երևի ամենին չքնեց։
Ոչ, «նրա» գնալուց հետո քունս չտարավ։
Ի՛նչի։ Իմ տիկնոջ սրտիկը կարծեմ այժմ գո՜հ է։
«Չափազանց ուրախությունը նույնպես անհանգիստ է անում մարդուն, որպես տրտմությունը»։ Գիտե՞ս այդ առածը։
Այդ իրավ է, պատասխանեց խափշիկը և պատմեց բոլորն, ինչ որ խոսացել էր քանի րոպե առաջ ներքինապետի հետ չիլայի մասին։
Տիկնոջ գիշերվա անքնությունից նվաղած աչքերը կրկին զվարթացան նոր հույսերով։
Սատանան ինքը չէր կարող մտածել այդ, Մարջան, դու կատարյալ մարգարեուհի ես։ Աղախնին այդ փաղաքշող խոսքերը խիստ ուրախություն պատկառեցին։ Իսկ տիկինը փոխեց յուր խոսքը հարցնելով.
Քերեմ-բեկը քեզ ցույց տվեց մի տուն, այնպես չէ՞, Մարջան։
Հրամեր եք, Սալոմեի տունը։
Դու լավ հիշու՞մ ես այն տունը։
Աչքերս խփած կարող եմ գտնել։
Շատ լավ, հառաջ տարավ Զեյնաբ-խանումը: Ինձ կարող ես այսօր այնտեղ տանել, որ ամրոցում ոչ ոք չհասկանա։
Խափշիկը փոքր-ինչ մտածելուց հետո պատասխանեց.
Կարող եմ։
Ի՞նչպես։
Շատ հեշտ կերպով։ Ամրոցում ոչ ոք չգիտե, թե կախարդը հեռացել է։ Ես առավոտյան ներքինապետին ասեցի, թե դեռ այստեղ է։ Դուք կհագնեք կախարդի շորերը և այնպես դուրս կերթանք։
Մի՞թե նա շորերը այստեղ թողեց։
Եվ հարկավորություն չկար «նրան» կախարդի շորերը հագնելու։ «Նա» գնաց լուսաբացից կես ժամ առաջ։ Ամենքը քնած էին։ Ես «նրան» դուրս տարա հարեմխանայի հետքի դռնով բաղնիքների բակը, դռնապանը մեռելի նման ընկած էր. ինքս դուռը բաց արի, «նա» հեռացավ։ Դրանից հետո «կախարդի» դերը կկատարեք դուք։
Որպե՛ս։
Երևակարյալ Զենյաբ-խանումը, չիլա, մտած՝ մինչև քառասուն օր փակված կմնա յուր սենյակումն, իսկ իմ տիկինն որպես կախարդ գնալ և գալ կունենա նրա մոտ:
Հասկանում եմ... Մարջան, այդ գեղեցիկ միտք է։
Եթե իմ տիկինը հավան է այդ մտքին, կրկնեց Մարջանը, կարող ենք կատարել իսկույն։
Իսկ դու, Մարջան, կարծում ես կասկածելու այստեղ ոչի՞նչ չկա, հարցրուց Ջեյնաբ-խանումը երկբայությամբ։
Ամենևին։ Իշխանը մի շաբաթով որսի է գնացած, կարելի է ավելի տևե։ Հարեմներից ամեն մինը ձեզ նման մի «սրտացավ» ունի... նրանք յուրյանց զվարճությունների ետևից են ընկած։ Իսկ ներքինապետն անդադար աղոթք է կարդում, որովհետև վախենում է ամրոցում գոյացած դևերն յուրյան չխեղդեն։
Զեյնաբ-խանումը բոլորովին համոզվեցավ խափշիկի խոսքերից։ Նա հարցրուց. ես կարող եմ մի քանի օր մնալ Սալոմեի տանը։ Այդպես չէ՞, Մարջան։
Իմ տիկինը մինչև քառասուն օր ազատ է։
Ուրեմն դու կարգադրե Սայիդի հետ, որ նա հարկավոր զգուշությունները գործի դնե մինչև քո վերադառնալը։
Բայց պետք է առաջ հագցնել ձեզ։
Այդ ուղիղ է։
Աղախինը սկսավ կախարդի հագուստով զգեստավորել յուր տիկնոջը։ Քանի րոպեից հետո Զեյնաբ-խանումը նայեց յուր վրա և ասաց.
Բաղդադի կախարդներն երբեք չեն ունեցել մի այդպիսի կերպարանք...
Եվ ոչ Սուլեյմանն յուր բոլոր զորությամբ... կցեց խափշիկը։
Մարջանը դուրս գնաց նախասենյակը Սայիդին հարկավորված պատվերները տալու։ Նախ և առաջ համառոտ կերպով պատմեց յուր առավոտյան խոսակցությունը ներքինապետի հետ։ Հետո հայտնեց յուր նոր կարգադրությունը Զեյնաբ-խանումի մասին։
Հիմա ականջ դի՛ր Սայիդ։
Սայիդի ականջները քո խոնարհ ծառաներն են, պատասխանեց եթովպացին։
Այդ նախասենյակումը կանգնած կմնաս որպես քարե արձան։
Կանգնեցա, պատասխանեց Սայիդը և ձգվեց փայտի պես։
Թո՛ղ հանաքը։ Լսի՛ր, ոչ ոքին չես թողնի խանումիդ սինյակը մտնի։
Ճանճն էլ չի համարձակվի մտնել։
Շատ լավ։ Ես այս րոպեիս տանում եմ «կախարդին» ճանապարհ դնելու։ Մի՛ մոռացիր, որ նրա չարսավի տակ ծածկված է մեր տիրուհին։
Հասկանում եմ...։ Հետո՞։
Ես կվերադառնամ կես ժամից հետո։
Այդ գեղեցիկ բան է։ Կնշանակե դու և ես կլինենք այդ փառավոր դահլիճի տերը և տիրուհին։
Խափշիկը ժպտեցավ։
Որչափ կամենում ես ուրախացիր, Սայիդ։ Խանումը մի քանի օրով բացակա կլինի ամրոցից։
Իսկ առայժմ ավելորդ չէր լինի մի բան։
Ի՞նչ բան:
Իմ սիրուհին մի թեթև վարձատրություն աներ այդ բոլոր հրամանների փոխարեն։
Մարջանը մոտեցրեց Սայիդի շրթունքին յուր կոկ, շագանակի կեղևի գունով թշերը։
Քանի րոպեից հետո երկու դիմակավորված կանայք, ծածկված չարսավներով, դուրս գնացին ամրոցից։
Կախա՜րդը... լսելի եղան մի քանի ձայներ, գնում է Մարջանի հետ։