Раффи
Հարեմ
1 - Գ, Դ
Տիկինը վերջացրեց յուր հեքիաթը։
Խափշիկն, որ բոլոր ժամանակը խորին համազդացությամբ լսում էր, կտրեց նրա խոսքն ասելով․
Քո աղախինը հասկացավ բոլորը․․․ Մարջանը քո դարդին մի ճար կանե․․․
Ի՞նչպես, Մարջան, հարցրուց Զեյնաբ-խանումն ուրախանալով։
Շուտով իմ տիկինը կտեսնե յուր Մեխակին այս սենյակումը․․․
Ուրախության լույսը փայլեց տիկնոջ տխուր դեմքի վրա, և նա մոռանալով յուրյան, բռնեց ստրկուհու ձեռքից հարցնելով․
Մի՞թե...
Իմ տիկինը դեռ չէ ճանաչել յուր աղախնին, նա ջիններից դաս է առել և շեյթանից ավելի գիտե, պատասխանեց Մարջանը։
Ուրեմն ես կարո՞ղ եմ նրան այստեղ տեսնել, հարցրուց Զեյնաբ-խանումն անհամբերությամբ։
Դու միայն շնորհիր քո ստրկուհուն յուր արձակման թուղթը, քո կամքը կատարված կլինի։
Խորամանկ խափշիկը, հարմար միջոց գտնելով յուրյան աղատելու, մտածեց օգուտ քաղել այդ առիթից։
Տիկինն,որ ամեն բան պատրաստ էր զոհել միայն յուր սիրածին կրկին տեսնելու համար, համաձայնվեցավ։ Թո՛ղ Քաբայի աստվածը վկա լինի, ես խոստանում եմ Մարջան, քեզ արձակել, ասաց նա։
Խափշիկի կոկ և փայլուն թշերը ցնցվեցան ուրախության ժպիտով և նրա սադաֆի նման սպիտակ ատամներն ավելի գեղեցիկ կերպով երևացին փոքր-ինչ ուռած շրթունքի միջից։
Թո՛ղ Լեյլիի և Շիրինի աստվածը քեզ օգնական լինի, ասաց նա խորին հրճվանքով։ Իսկ Զեյնաբ-խանումը, չնայելով յուր բոլոր հոգեկան բերկրանքին, անհանգիստ մտատանջության մեջ էր։
Բայց դու երդվիր, Մարջան, որ այդ բանը գաղտնիք կմնա մեր մեջ։
Թո՛ղ իմամ-Հուսեյնի խենջար զարկողներից մինը լինի թո՛ղ Օմարի դասումը դասվի Մարջանն, եթե յուր տիկնոջը հավատարիմ չմնա, երդվեց խափշիկը։
Այժմ ասա՛, ի՞նչ հնարքով կարող ես նրան այստեղ բերել։ Խափշիկը դարձյալ ծիծաղել սկսեց, կարծես նրանից հարցնում էին մի ամենահասարակ բան։
Իմ տիկինը դեռ չգիտե հարեմխանայի գաղտնիքները, ասաց նա, բայց Մարջանը կատվի նման ամեն ծակ ու ծուկ մտնում է և ամեն բան իմանում է։ Նա գիտե, թե ի՛նչպես պետք է բերել։
Բայց դու ճանաչում ես Հեյդարին, այդպես էր ներքինապետի անունը․ այդ հին դևն ավելի խորամանկ է, քան Իբլիսը նրա աչքերից ոչինչ բան չէ կարելի թաքցնել։ Այդ անկարելի է Մարջան, նա հարեմխանան չէ կարող մտնել․․․ ասաց Զեյնաբ-խանումը կրկին հուսահատվելով։
Բայց ի՞նչ կասե իմ տիկինն, երբ Մարջանն նրան նույնիսկ Հեյդարի առջևից կբերե, և Հեյդարն յուր աչքերով կտեսնե, երբ նա կմտնե քո սենյակը, և ոչինչ չի հասկանա։
Խափշիկն այդ խոսքերն ասելու միջոցին այնպես հանդարտ էր, մինչև նա դրգռեց Զեյնաբ֊խանում ի սնահավատությունը․ դու կատարյալ կախարդ ես, Մարջան․․․ երևի դու ծանոթ ես Իսմազամին , հարցրուց նա ծիծաղելով։
Թող իմ տիկինն յուր ստրկուհու վրա չծիծաղի, պատասխանեց խափշիկը փայլուն աչքերը դարձնելով դեպի յուր տիրուհին։ Հարեմխանայի մեջ տղամարդիկ ներս բերելու համար հարկավոր չէ ծանոթ լինել Իսմ-ազամին։
Էլի ի՞նչ հնար կա։
Գիտե՞ք, տիրուհի՛, ի՞նչ էր պատմում մի օր Բագիմ-խանումի աղախինը` մալայուհի Ֆերուզը։
Ի՞նչ էր պատմում։
Նա ասում էր, թե յուր տիրուհին ունի մի սիրող։
Հետո՞։
Թե սիրողը շատ անգամ գալիս է տիրուհու մոտ։
Հարեմխանայի մե՞ջ։
Այո՛, հարեմխանայում։
Ի՞նչպես է ներս մտնում։
Ֆերուզն ասում էր, իմ տիրուհին ինձ ուղարկում է այն տղամարդի մոտ։ Ես տալիս եմ նրան իմ հագուստը՝ րուբենդը, չարսավը և չախչուրները։ Նա հագնվում է և այնպես գալիս տիրուհուս մոտ, որպես նրա աղախինը՝ Ֆերուզը․․․
Այդ զարմանալի է, Մարջան։ Ի՞նչպես ներքինիքը չեն ճանաչում նրան։
Սատանան ինքը չէ կարող ճանաչել արդյոք չարսավի մեջ Փաթաթվածը կի՞ն է, թե տղամարդ։
Տիկինը սկսեց ուրախությունից ծիծաղել, և նրա սիրտն այդ հույսերով ավելի վառվեցավ։
Ինչո՞ւ եք ծիծաղում տիրուհի, շարունակեց Մարջանը. շատ անգամ Բագիմ-խանումն ինքն յուր աղախնի հագուստով դուրս է գնում ամրոցեն և շաբաթներով կորչում է, սատանան գիտե, թե ուր... Իհարկե, յուր սիրողի Շաֆիի մոտ։
Միթե Հեյդարը չէ՞ նկատում այդ բոլորը։
Հեյդարն ի՞նչով կարող է գիտենալ, ծպտյալ կինն աղախի՞նն է, թե տիրուհին։
Բայց ի՞նչպես չէ՛ հասկանում խանը։
Խանն, եթե հարեմներից մինը կորչի էլ, չի գիտենա, այնքան որ շատ են։ Մինն էլ՝ իմ տիրուհուն հայտնի է, որ հարեմները գիտեն յուրյանց հերթն, թե երբ խանի հետ պետք է տեսնվին։ Բացի դրանից՝ խանը շատ անգամ շաբաթներով որսի է գնում ու հետ չի դառնում։
Զեյնաբ-խանումի սևորակ աչքերում կրկին փայլեցավ ուրախության լույսն. ուրեմն մեզ համար ավելի լավ է, որ այժմ խանը մի շաբաթով որսի է գնացած։ Հայտնի բան է։
Եվ դու, Մարջան, պետք է գործ դնես նո՞ւյն հնարն, ինչ որ անում է Ֆերուզն յուր տիրուհու համար։
Չէ ես մի այլ հնար պետք է մտածեմ։
Ի՞նչ հնար, ասա՛, Մարջան։
Մարջանն այժմ ասել կարող չէ, նա պետք է մտածե դրա վրա։ Բայց թող իմ տիկինն այժմ քնի, հանգստանա, երբ որ զարթնի, Մարջանը կասե նրան։
Խափշիկը թողեց յուր տիրուհին միայնակ յուր սենյակում։ Բայց նա ամենևին չկարողացավ քնել։
Դ
Երբ Մարջանը հեռացավ յուր տիրուհու սենյակից, արեգակի բոցերը սաստիկ այրում էին դրսումը։ Հարեմների հանգստության ժամն էր։ Նրանք արդեն քնած էին։ Միայն մանկահասակ աղախիններն, ազատ միջոց գտնելով, քաշվել էին սրահակների հովության մեջ, խոսում էին, ծիծաղում էին և զվարճանում էին փոքրիկ սենեկասպաս մանկլավիկների հետ։
Խափշիկը տեսավ մալայուհի Ֆերուզին գեղեցիկ Սալմանի հետ ման էր գալիս բակի ճեմելիքով, որ կամարած էր խաղողենի որթերով։
Ֆերուզ, Սալման, ձայն տվեց նա։
Նրանք կանգնեցան։ Մարջանը մոտեցավ։ Նրա միտքն այն է՝ կրկին անգամ խոսեցնել Ֆերուզին, նրա տիրուհու գաղտնիքներից խոսք քաշել և յուր տիկնոջ նպատակին ծառայելու միջոցներ հնարել։
Սոխակները նիրհում են վարդի թփերի մեջ, նախշուն թիթեռները հանգստանում են կանաչ տերևի տակ, բայց Ֆերուզն ու Սալմանը հանգստություն չունեն...
Մալայուհին և շիրազցի պատանին երկուսն էլ ժպտեցան։ Նրանք մտան ավազանի մոտ գտնվող հովանոցն, որ հյուսած էր էասի պատատուկ ոստերով, որոնց սպիտակ ծաղիկներն ավելի անուշ բուրում էին կեսօրվա տաքությունից։
Ի՜նչ լավ է այստեղ ծխել, ասաց Մարջանը, գնա՛ մի ղեյլան բեր, Սալման։ Փոքրիկ Սալմանն ուրախությամբ վազեց կատարել երկու աղախինների հաճույքը։
Դու էլ այսօր չես քնել, Մարջան, երևի մի «փորացավ» ունես, ասաց Ֆերուզը պատանու գնալուց հետո։
Ի՞նչ փորացավ։
Դու իմանում ես, ես ինչ եմ ասում...։ Այս ժամուն երկու արարածներ չեն կարող քնել, ո՛չ հարեմխանայի աղախինները և ո՛չ դրսի տան մանկլավիկները...
Ի՞նչ օգուտ, Ֆերուզ ջան։ Մենք նմանում ենք երկաթի վանդակի մեջ գրած թռչունին, որի շուրջը խեղճ կատուն պտիտ է գալիս, միա՜ու, միա՜ու է անում, յուր թաթիկները մեկնում է ճեղքերից... բայց ոչինչ բավականություն չէ ստանում...
Այդ ուղիղ է, բայց գիտե՞ք, ի՛նչ է ասում առածն՝ «երկու սրտեր երբ միացան, շուտ են գտնում ծածուկ տեղը»։
Ինչպես դու և այդ շիրազցի պատանին։ Այնպես չէ՞, Ֆերուզ։
Նա դեռ երեխա է, ոչինչ չէ հասկանում...
Բայց դու դարձյալ սիրում ես նրան։
Սիրում եմ... պատասխանեց մանկահասակ մալայուհի աղջիկը և նրա մուգ-դեղնապղնձի գույն դեմքն ընդունեց խիստ տխուր արտահայտություն։
Բայց մեր տիկիններն ավելի բախտավոր են մեզանից, խափշիկը փոխեց յուր խոսքը։
Բախտավոր են, Մարջան։ Գիտե՞ք ի՛նչ էր պատմում Խուրշիդ-խանումի աղախինը՝ Հուսնին։
Ի՞նչ էր պատմում։
Նա ասում էր, իմ տիկինը մի օր թույլտվություն խնդրեց յուր քրոջ տունն երթալու։ Երկու ձի պատրաստեցին՝ մինը տիկնոջ համար, մյուսը՝ ինձ համար։ Մեզ հետ վեր առանք խանումի արաբին, բայց փոխանակ նրա քրոջ տունն երթալու, մենք քաղաքից դուրս եկանք, արաբը մեզ տարավ մի այգի։ Այնտեղ սպասում էր խանումին մի երիտասարդ զորապետ։ Խանումն երկու օր անցրուց նրա հետ։
Բայց ի՞նչպես հավատում է Խուրշիդ-խանումն արաբին յուր գաղտնիքը, հարցրուց Մարջանը զարմանալով։
Արաբը մեզ նման ստրուկ է, խանումը խոստացել է նրան ազատություն, եթե մինչև հինգ տարի կպահե նրա գաղտնիքը։ Ասում են, նա արաբին էլ է սիրում... Այդ խոսակցությանը վըա հասավ Սալմանն, որ բերում էր արծաթի գլխով մինա արած ղեյլանը։ Նա մատույց ղեյլանը Մարջանին, բայց ուրախ պատանու երեսը չէր դադարում ժպտելուց։
Ի՞նչ պատահեց քեզ, Սալման, հարցրուց Ֆերուզը։
Ես լսեցի ինչ էիք խոսում։
Սո՛ւս կաց, դու դեռ փոքր ես, քեզ պետք չէ այդպիսի խոսքերին ականջ դնել։
Ես թեև փոքր եմ, բայց շատ բան գիտեմ։
Ի՞նչ գիտես, հարցրուց Մարջանը։
Ես առաջ սպասավոր էի Կ... Միրզայի հարեմխանայում։
Իմ խանումը գեղեցիկ էր, ինչպես հրեշտակ։ Բայց մեր իշխանն ատում էր նրան։ Տարիներով նրա երեսը չէր տեսնում։ Շատ անգամ իմ խանումը զարդարվում էր գոհարներով և թիրմաներով։ Հոնքերը ներկում էր բասմայով, աչքերը սևացնում էր սուրմայով և ձեռքերը ներկում էր խինայով։ Նա այնպես սիրուն էր դառնում, որ ուզում էիր միշտ նայել նրա վրա։ Հետո այդ բոլոր զարդարանքը նա ծածկում էր մի հին կարկատած չարսավի տակ, երեսին ձգում էր նույնպես հին րուբենդ։ Եվ որպես մի աղքատ կին նա դուրս էր գալիս հարեմխանայից և ձևացնում էր յուրյան կույր մուրացկան։ Ես նրա ձեռքից բռնած, ման էի ածում բազարումը։ Նա խանութպաններից ողորմություն էր խնդրում։ Բազարի տղամարդերից որին հավանում էր նա, ես կանչում էի նրան մի պառավի տուն, ուր սովորաբար գնում էր իմ տիրուհին յուր շրջանը կատարելուց հետո։
Դու կատարյալ դևիկ ես, Սալման, ճչացին երկու աղախինները, չկարողանալով զսպել յուրյանց ծիծաղը։
Մի անգամ, առաջ տարավ Սալմանն, իմ տերն իմացավ այդ բանն, իմ խանումին խեղդեցին և գիշերով թաղեցին քաղաքի խրամատի մեջ։ Ես փախա այն տեղից։
Երկու աղախինները բոլոր մարմնով դողացին։
Սույն միջոցին սենյակների մինի լուսամուտի ետքից, լսելի եղավ մի քնքուշ կանացի ձայն Ֆերուզ, Սալման։
Տիկինը զարթնեց, ասացին մալայուհին և շիրազցի պատանին, և երկուսն էլ շտապով հեռացան Մարջանից։
Մարջանը հովանոցի մեջ միայնակ նստած մտածում էր, երբ նրա մոտ եկավ եթովպացի Սայիդը։ Դա մի պատանյակ էր ուղիղ և վայելուչ կազմվածքով, որի էբենոսի նման սև՝ մանկական դեմքի զվարթությունը կարելի էր նկատել, թե նրա տարիքն ոչ ավելի են քան տասն և յոթը։ Սայիդը Զեյնաբ-խանումի սենեկասպաս ծառան էր։
Քնե՞ց խանումը, հարցրեց Մարջանը սպասավորից։
Ես մատուցի երրորդ անգամ ղեյլան, նա տակավին ծխում էր։
Նստի՛ր, Սայիդ, ես խոսելու բան ունեմ քեզ հետ։
Պատանին նստեց և նրա փայլուն աչքերն անհամբերությամբ նայում էին Մարջանի երեսին, որ նույն ժամուն ավելի հրապուրիչ կերպով կախարդում էր պատանու սիրտը։
Ես այլևս ստրուկ չեմ, Սայիդ, իմ տիրուհին այսօր շնորհեց ինձ ազատություն։
Աստված, քեզ փառք, բացականչեց պատանին զգացմունքով լի ձայնով, և նրա կրակոտ աչքերի սպիտակուցքն ավելի շլացուցիչ կերպով նկարվեցան սև շրջանակների մեջ։
Լսիր, Սայիդ, առաջ տարավ Մարջանը։ Դու նույնպես ստրուկ չես լինի, եթե ինչ ասելու լինեմ քեզ դու իմ խոսքը պահես։
Սայիդը սիրում է քեզ, նա չէ կարող քո խոսքը կոտրել։ Թող անիծված լինի Սայիդը, թող քո գիսակներն արյունի մեջ տեսնե նա, եթե քո խոսքը չլսե։
Լսելով այդ սարսափելի երդումը, Մարջանը մանրամասնաբար պատմեց Սայիդին յուր տիկնոջ «հեքիաթը», հայտնեց նրա նպատակը, թե պետք էր աշխատել նրա սիրած տղամարդին հարեմխանան մտցնելու։
Այդ գործի մեջ, Սայիդ, ավելացրեց խափշիկը, դու ոչ միայն պիտի գաղտնիք պահես, բայց և պետք է օգնես Մարջանին յուր տիկնոջ կամքը կատարելու։ Այն ժամանակ մեր տիկինը կտա քեզ ազատություն։
Ես ամեն բանի պատրաստ եմ, եթե ինձ սպանեին ևս։
Ուրեմն ամեն ինչ վերջացած է։ Մեր տիկինը հասնելով յուր նպատակին, մենք նույնպես կհասնենք մերին...
Այսինքն կպսակվեինք, ա՞յդ ես ուզում ասել։
Այո՛։
Պատանու աչքերը վառվեցան, նա գրկեց յուր սիրուհին և մի տաք համբույր քաղեց նրա թշերից։