Раффи

Հարեմ

2 - Ա

Ա

Անցել էր երկու ամիս։

Մթին գիշեր էր։ Կայծակը փայլատակում էր։ Որոտը սարսափելի կերպով թնդեցնում էր սարերը և երկինքը անձրևում էր հեղեղի պես։

Արարատի լեռներում, մի ձորի մեջ, մի ահագին այր (մաղարա) վաղեմի ավանդությամբ նշանավոր էր որպես մենարան, ուր աշխարհի շշուկից հեռացած մի աբեղա հանձնել էր իրան աստծուն։ Իսկ երբ ճգնավորների դարը անցավի այդ քարանձավը շատ անգամ ծառայում էր հովիվներին որպես պատսպարան նրանց ոչխարներին սաստիկ մրրիկից։ Բայց այն գիշերը նա յուր կամարների տակ ընդունել էր բոլորովին այլ տեսակ հյուրեր։ Նրա մեջ մի քանի հատ փայտեր, միմյանց վրա դրված, վառվում էին։ Խարույկի աղոտափայլ լուսով կարելի էր որոշել մի քանի երիտասարդներ, որոնք բոլորել էին կրակի շուրջը։ Արևից այրված, ցրտից սևացած դեմքերը ցույց էին տալիս, որ այդ մարդիկը, երկար ժամանակ բացօթյա մնալով, ենթարկվել էին եղանակների խստություններին։ Նրանց երեսների վրա նկարված էին համարձակ և հանդուգն որսորդների անձնավստահությունը, կամ որևիցե հանցանքի համար հասարակական կյանքից զրկված թափառական սրիկաների վայրենությունը։

Դրանք ավազակներ էին թվով մինչև քսան հոգի։ Նրանցից մի քանիսը իրանց անձրևից թրջված զենքերն էին ցամաքեցնում, մյուսները չիբուխ էին ծխում, ոմանք յափունջները գլխներին քաշած քնել էին սառը գետնի վրա, իսկ շատերը կտրատելով մի կողմ ընկած ահագին վարազի փափուկ մսերից, շարում էին հրացանների սումբրաների վրա, խորովում և ուտում էին։

Քարանձավի մուտքի առջև կանգնած էին նրանց թամքած ձիաները և կրծոտում էին իրանց սանձերը։ Ահագին ապառաժը, որ թեքված էր այրի վրա՝ պահպանում էր ձիաները անձրևից։

Դե՛, սատկի՛ր, դե սատկի՛ր... ձայն տվեց պառկածներից մինը քնի միջից։

Նա երազումն է, խոսեց նստողներից մինը։

Կարծում է թուրքը դեռ կենդանի է, որի գլուխը էսօր թռցրեց յուր սրով, ավելացրեց մյուսը։

Ամա՛ խփե՛ց նա ... ասաց մի այլը, և ձեռքը մեկնեց յուր մոտի նստողին, խլեց շամփուրից խոզենու խորովածը, և տաք-տաք կոխեց յուր բերանը։

Տո, քա՞նի ուտես, խոմ գել չե՞ս, ասաց մյուսը, հետ քաշելով յուր շամփուրը։

Էդ ամենը խոմ քեզ չեն տալ, պատասխանեց մյուսը ծիծաղելով։ Սույն միջոցին այրի խորքից լսելի եղավ խորին հառաչանք:

Կրակի աղոտափայլ լուսով, որ հազիվ էր հասնում այնտեղ՝ նշմարվում էր վայրենի կերպարանքով մի մարգ, որ կապված էր ձեռքերից և ոտքերից։

Լսելով հառաչանքը՝ ավազակներից մինը դարձավ դեպի այդ մարդը. Մաշադի, ասաց նա թուրքերեն լեզվով, խոզի խորոված կուտե՞ս։

Մաշադին ոչինչ չպատասխանեց, միայն լի բարկությամբ խորին կերպով հոգոց հանեց։

Նա չի ուտի, ասաց մյուսը հեգնական ծիծաղով, Մուհամմեդը կխռովի։

Նա հայի միս կուտի, կրկնեց մի այլը:

Մենք էլ նրա միսը վաղ առավոտյան կձգենք մեր ձորի գիլաներին... հառաջ տարավ առաջին ավազակը։

Ի՞նչ լավ նախաճաշիկ կունենան։

Թուրք կալանավորը դարձյալ ոչինչ չպատասխանեց, կրկին արձակեց մի դառն հառաչանք։ Մինչ նրանք այդ զվարճության մեջ էին` հեռվից լսելի եղավ հրացանի ձայն, որի արձագանքը կրկնվեցավ այրի միջից։

Տղերք, Մեխակն է, ասացին ավազակները միաձայն և ամենի դեմքի վրա նկատվեցավ ուրախության նման մի բան։ Նրանցից մինը դուրս գնաց և արձակեց յուր ատրճանակը ձիաները ամենևին չխրտնեցան նրա ձայնից, որովհետև նրանց ականջները վաղուց սովորած էին այդպիսի թնդյունների... Քառորդ ժամից հետո լսելի եղան ձիերի ոտնաձայներ և հինգ հոգի իջան այրի մուտքի առջև։ Նրանք յուրյանց յափունջիները ձգեցին քրտնած ձիերի վրա, երկաթե ոտնակապերով բխովեցին նրանց և ներս մտան։

Բարով, Մեխակ ջան, ողջույն, տեր-հայր, լսելի եղավ ամենի բերանից։

Քանի անգամ ասել եմ ինձ այդպես չկանչեք, խոսեց եկվորներից այն, որին «տեր-հայր» էին ասում և մոտեցավ կրակին, սկսավ ձեռքերը տաքացնել։ Նա մի տղամարդ էր միջահասակ, հաստ ու պինդ կազմվածքով, լայն թիկունքով և մինչև աչքերը մազով պատած երեսով։

Քո օծյալ աջին մատաղ, պատասխանեց ավազակներից մինը լի ջերմեռանդությամբ, նրա շնորհն է մեզ պահում։

Ես այս րոպեին ձեր ընկերն եմ, երբ խաշի տեղ սուր եմ կրում, պատասխանեց քահանան, և չնայելով այն պատկառանքին, որ ընկերները ցույց էին տալիս նրան։ Հրացանը մի կողմ դրեց և նստեց կրակի մոտ։ Մեխակը շատ էր փոխվել, դեմքը բոլորովին այրվել մուգ գույն էր ստացել, ձեռքերը կոշտացել էին, և երեսի մազերը, որ առաջ ածելում էր, թանձրացել և խիտ մորուք էին կազմել: Թեհրանի թիրմա շալերից և գույնզգույն, նուրբ աբրշումի գործվածքներից հագուստների նշանն անգամ չէր երևում նրա վրա, Թարաքամի ահագին փափախը, լեզգու մոխրագույն շալից չերքեզկան, մինչև վիզը կոճկած սև ղադաքի արխալուղը, բարձր վզերով, երկաթի կրունկներով, ոտքերին սեղմված Երևանի լափչիքը` տալիս էին նրա վայելուչ հասակին մի կերպարանք, որ սկզբից ծնեցնում էր նայողի մեջ այն միտքը, թե այդ տղամարդը կամ ավազակ էր, կամ փախստական մաքսախույս: Նրա կովկասյան զենքերը ավելի ահեղ ձև էին տալիս այդ քաջազնական հասակին: Մեջքը սեղմված էր արծաթի քամարով, որի առջևից քարշ էր ընկած խենջարը, ձախ կողմից յորդան (սուր), աջ կողմից լայնաբերան ղարաբինան։ Ատրճանակները, վառոդի և գնդակների պահարանները, ամեն մինը յուր պատշաճավոր տեղը ունեին բռնած։

Նրա ընկերները թե՛ հագուստի ձևերով, և թե՛ զենքերի պարագաներով շատ չէին որոշվում յուրյանց հրոսակի գլխավորից, դա Մեխակն էր։

Տղե՛րք, ես գայլի նման քաղցած եմ, ի՞նչ ունիք ուտելու, հարցրուց նա մոտենալով կրակին։

Ընկերները ցույց տվեցին ղաբանի վրա։

Հաց չունե՞ք։

Մի քիչ ալյուր կգտնվի, ասաց մինը և վեր կացավ տեղից սկսավ պտռել յուր խուրջինը։

Դե՛, քո հոգուն մատաղ, թե կարենաս միքիչ հաց թխել, ասաց Մեխակը և նստեց տերտերի մոտ։

Նա առավ պղնձե թասը, դուրս տարավ և դրեց անձրևի տակ. քանի րոպեից հետո թասը մինչև կեսը լցվավ ջրով։ Հետո գտնված ալյուրը նրա մեջ ածելով, խմոր շինեց, և ապա կրակը հետ քաշելով նա կտրեց խմորից բոլորակ բաղարջների նման և ձգեց տաքացած հատակի վրա։

Ընթրիքից հետո բոլորը պառկեցան քնելու, միայն երկու հոգի մնացին արթուն, նրանք այրի դռանը նստած հսկում էին ձիաներին։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Հարեմ"

Ятук Музыка
Sobre Dance
Арам Хачатрян

Sobre Dance

В гареме, 1918 год.
В гареме, 1918 год.
Играть онлайн