Раффи

Հարեմ

1 - Ե, Զ

Արևը սկսել էր խոնարհվել դեպի յուր գիշերային մուտքը։ Ամրոցի բարձր պատերի ստվերը հետզհետե լայնանում էր բակերի վրա։ Իսկ երեկոյան մեղմիկ զեփյուռը ոգի էր ներշնչում ցերեկվա տոթից թուլացած տերևներին։

Հարեմական ծառաների խումբը՝ սև ստրուկներ, ալևոր ծերունիք, փոքրիկ պատանյակներ բոլորը հարեմների անվտանգ մարդիկ, որը բակն էր ավելում, որն ավազաններից ջուր էր կրում և որը ցնցուղներով սրսկում էր սալահատակների և ծաղիկների վրա։ Նրանց մոտ կանգնած էր մի բարձրահասակ մարդ՝ լղարիկ կազմվածքով, բոլորովին լերկ ու թառամած երեսով և սպառնալից աչքերով։ Նա հրամաններ էր տալիս աշխատողների խմբին։ Նրա պատշաճավոր հագուստը, գոտկումը խրած ղաջարյան դաշնակն որոշում էր նրան մյուս ծառաներից․ դա ներքինապետ Հեյդարն էր։

Մարջանը, բոլորովին կազմած գլխումը յուր տիրուհու նպատակին ծառայող գաղափարի ծրագիրը, դուրս եկավ հովանոցից, երբ նրան հանդիպեց Հեյդարը։

Ի՞նչ է պատահել քո տիկնոջ հետ, քանի օր է նա չէ երևում, հարցրուց ներքինապետը։

Ա՜խ, մի՛ հարցներ, Հեյդար... պատասխանեց խափշիկը տալով յուր ձայնին խիստ ցավալի արտասանություն։ Մարգարեների մեծը թող օգնե նրան, իմ տիրուհին ողորմելի դրության մեջ է...

Ի՞նչ է, հիվա՞նդ է, հարցրուց ներքինապետը զարհուրելով։

Երանի՛ թե հիվանդ լիներ.․․ առաջ տարավ խափշիկը, նա տանջվում է չար ոգիներից։

Չար ոգիների՞ց, կրկնեց Հեյդարն ավելի սարսափելով։ Ո՛վ գթած և ողորմած ալլահ...

Այո՛, բարի Հեյդար, ցերեկները հանգստություն չունի և ամբողջ գիշերը նրա աչքերին քունը մոտ չէ գալիս։ Դևերը և ջիններն անդադար բզբզում են նրա ականջներին, վախեցնում են և ամենևին չեն հեռանում նրանից։

Նզո՜վք, շեյթանին, բացականչեց ներքինապետը։

Պետք է շուտով կանչել ջինդարին (կախարդ)։

Ես էլ այդպես եմ մտածում, Հեյդար։ Ես ճանաչում եմ մի պառավ վհուկ, նա կոչվում է «ջինների մայր»։ Նա իշխում է դևերի վրա, երկնքից աստղ է վեր բերում, ասում են, և փակյալ գանձերի դուռն է բաց անում։ Այս առավոտ ես նրա մոտ էի, խոստացավ գիշերը գալ, երբ ավելի են հավաքվում իմ տիկնոջ շուրջը չար ոգիները։

Ուրեմն կգա՞ նա։

Անպատճառ, այս գիշեր։ Բայց գիտե՞ս, ի՛նչ ասաց կախարդը։ Նա ասաց, խանումը պետք է միայնակ լինի յուր սենյակումն. ոչ ոք չհամարձակվի ներս մտնել նրա մոտ, որ նրա հմայքները չարգելեն։

Ես կհրամայեմ ամենին, մոտ չգալ այն ժամուն խանումի սենյակին։

Կախարդը կբերե յուր հետ դևերի իշխանին, առաջ տարավ խափշիկը, նա կհալածե ամրոցից բոլոր չար ոգիները. մեծ պատերազմ կլինի ոգիների մեջ և այդ միջոցին խանումի բակումն ոչ մի արարած պիտի չերևա, եթե ոչ կհանդիպի նրանց սրերին։ Այդպես ասում էր կախարդը։

Ես կկարգադրեմ բոլորը, որպես պահանջում է կախարդը, պատասխանեց ներքինապետը։ Բայց նույն րոպեին նա ամբողջ մարմնով դողում էր երկյուղից։

Միայն դու, Մարջան, այս գիշեր աշխատիր անպատճառ բերել նրան։

Խափշիկը հեռացավ ներքինապետից լի բավականությամբ որպես մի մարդ, որ կիսով չափ հասել էր յուր նպատակին։ Նա գտավ յուր տիրուհին նույն դրության մեջ, որպես թողել էր։ Զեյնար-խանումը, տակավին թիկն տված թավիշյա բարձերին, յուր սրտի ամենաքաղցր վրդովմունքի մեջ էր։ Խափշիկի պատմածները հարեմական գաղտնիքների մասին քաջալերում էին նրա սիրտը, և նա հույս ուներ մյուս անգամ տեսնել նրան, և այդ բախտավոր րոպեին սպասում էր նա մեծ անհամբերությամբ։ Տեսնելով Մարջանի ուրախ դեմքը, նա հավատացրեց իրան, թե խորամանկ խափշիկն արդեն կազմել էր յուր մեքենան։ Եվ այդ կարծիքի մեջ չսխալվեցավ նա, երբ լսեց հետագա խոսքերը.

Իմ տիկնոջ աչքը թո՜ղ լուսավոր լինի, ամեն բան արդեն կարգադրած է։

Ո՞րպես, հարցրուց Զեյնաբ-խանումը ուրախությամբ։ Խափշիկը պատմեց այն ամենը, ինչ որ խոսել էր ներքինապետի հետ։ Դու կատարյալ սատանա ես, Մարջան, խոսեց Զեյնաբ-խանումը ծիծաղելով. ուրեմն նա կմտնի ինձ մոտ որպես կախա՞րդ։

Այո՛։ Բայց լսեցեք, տիրուհի, այդ բոլորը չէ։

Այլևս ի՞նչ ունես ասելու։

Մենք չենք կարող այդ գաղտնիքը ծածուկ պահել Սայիդից, նա պետք է գիտենա բոլորը։

Ի՞նչպես հավատալ նրան։

Ես երաշխավոր եմ լինում իմ գլխով։

Տիկինը մտածության մեջ ընկավ։

Դու երևի ամենը պատմեցի՞ր նրան, հարցրուց խանումը րոպեական խռովությունից հետո։

Բոլորը։ Թո՛ղ իմ տիկինը չվրդովվի, Մարջանը լավ գիտե յուր գործը։ Ես խոստացա Սայիդին, թե խանումը կշնորհե քեզ ազատություն, եթե դու լուռ պահես լեզուդ։

Նա ի՞նչ ասավ։

Նա խոստացավ ոչ միայն լուռ մնալ, այլև ամեն բանի մեջ օգնել մեզ։ Եվ երդվեցավ սարսափելի երդումներով և իմ սիրով։

Քո սիրո՞վ, կրկնեց տիկինը մի փոքր սիրտ առնելով։

Այո՛, իմ սիրով, պատասխանեց Մարջանը ծանրությամբ։ Մենք մեր տիրուհուց գաղտնիք չունենք, Մարջանը և Սայիդը սիրում են մեկ-մեկու։

Թե՛ խափշիկը և թե՛ մալայեցի պատանին, Զեյնաբ-խանումի սեփական ստրուկները լինելով, նա կատարյալ իրավունք ուներ նրանց ազատություն շնորհելու։

Այս օրից Սայիդն ազատ է, խոսեց տիկինը գոհունակ կերպով, բայց լսի՛ր, Մարջան, թե դու և թե քո սիրականը չպիտի հայտնեք ձեզ ազատված մինչև մի հարմար ժամանակ, մինչև դուք պսակված կլինեիք։

Հասկանում եմ.․․ ասաց խափշիկն ուրախալի ձայնով և համբուրեց յուր տիկնոջ ոտքերը ի նշան յուր շնորհակալության։

Ուրեմն դու մի՛ ուշացիր, Մարջան, շուտով ազանը կկանչեն։

Դուք միայն ասացեք, թե որտեղ է նրա բնակարանը։

Դու կգտնես նրան քաղաքիս Սար-Ասքերի տանը, նրա կալվածքներն է կառավարում։

Այդքանը բավական է ինձ, ասաց Մարջանը վեր կենալով։ Դուք կախարդին սպասեցեք գիշերվա տասներկու

Զ

Քաղաքի ազնվապետական թաղերից մինի մեջ կանգնած էր փառավոր տուն, շրջապատված բարձր աշտարակներով և ատամնավոր պարիսպներով։ Գլխավոր մուտքի հանդեպ շարած մի քանի հրացաններն և նրանց մոտ մի թումբի վրա նստած պահապան սարվազները՝ ցույց էին տալիս, թե այդ ապարանքը պատկանում էր մի զինվորական աստիճանավորի։ Եվ արդարև, այնտեղ կենում էր զորքի Սեր-Ասքերը։

Առավոտյան ժամն էր։ Հոյակապ տան դահլիճներից մինի մեջ, որի լայն, գույնզգույն ապակիներով զարդարված լուսամուտները բացվում էին դեպի գեղեցիկ պարտեզը, նստած էին երկու ամուսիններ յուրյանց հասակի զառամյալ և պատկառելի տարիքում։ Կինը թեյի մեքենայի կողքին չայ էր պատրաստում, իսկ այրը նրանից հեռու յուր վաղորդյան նամազն էր կատարում։ Երբ վերջացրուց նա յուր աղոթքը, մոտեցավ կնոջը և նստեց նրա մոտ։ Կինը լցրեց մի բաժակ թեյ և դրեց նրա առջև։ Երբ վերջացրեց նա խմելը, սենեկասպաս փոքրավորներից մինը ներս բերավ դեյլանը և դրեց յուր աղայի առջև։ Նա սկսեց ծխել։ Նրանք երկուսն էլ դեռ չէին փոփոխել իրանց մեջ ոչ մի խոսք։ Բայց նրանց բազմահոդ դեմքերից երևում էր, թե երկուսի միտքն էլ զբաղված էր մի ծանրակշիռ ընտանեկան խնդրով։

Այրն առաջին ընդհատեց տիրող լռությունը։

Կին, դու ո՞րտեղից գիտես, թե Մահին սիրում է Քերիմբեկին։

Մեհրին ինձ պատմեց բոլորը, պատասխանեց տիկինը։

Բայց դու Մահիի լեզվից ոչինչ չե՞ս լսել։

Ես նրանից հարցրի, բայց նա ոչինչ չպատասխանեց, միայն լաց էր լինում։

Ուրեմն այդ հաստա՞տ բան է։

Նա Մեհրիից թաքուն բան չունի, նա յուր աղախնին պատմել էր բոլորը և աղախինը հայտնեց ինձ։ Ալևոր զորապետի խորշոմած, բայց միևնույն ժամանակ պատկառելի դեմքն ընդունեց խիստ ծանր արտահայտություն, և նա առաջ տարավ յուր խոսքը։

Յուր սիրո մեջ չէ սխալվել Մահին։ Քերիմ-բեկն արժան է նրան։

Տիկնոջ թառամած, բայց տակավին գեղեցիկ աչքերում փայլեցան ուրախության նշույլներ։ Նա գոհ էր, որ ամուսնի համազգայությունը համապատասխանում էր յուրյան։

Այդ երիտասարդին, առաջ տարավ զորապետը, Գուրջիստանի Թիֆլիս քաղաքից ես բերեցի որպես գերի։ Նա ազգով հայ էր, իսկ կրոնքով քրիստոնյա։ Բայց շուտով ճանաչեց նա մեծ մարգարեի կրոնքի ճշմարտությունը և ընդունեց իսլամը։ Այժմ նա ամենաբարեպաշտ մուսուլմաններից մինն է։ Նա այսքան տարի յուր ծառայության մեջ միշտ հավատարիմ մնաց ինձ, այդ պատճառով ես սիրում եմ նրան որպես իմ աչքի լույսը։ Վերջապես նա ազատեց ինձ մահից․.. և ես իմ կյանքով պարտական եմ նրան։

Նա ազատեց քեզ մահի՞ց, կրկնեց կինն ուրախանալով։

Այո՛։ Հերաթի կռվումը մենք հաղթվեցանք, իմ զորքը ցրվեցավ։ Ավղանների և բելուջների սուրը անխնա կոտորում էր մեր սարվազներին նրանց հալածելու միջոցին։ Ես նույնպես ստիպված էի խույս տալ կռվի դաշտից։ Բայց հանկարծ իմ թուրքմենցի ձին գլխիցը գնդակ ընդունելով գլորվեցավ գետին։ Ես թավալվեցա փոշիների մեջ։ Մին էլ այն տեսա, մի ավղան արծվի արագությամբ չոքեց իմ կուրծքի վրա։ Նրա դաշնակը փայլեց։ Բայց հեռվից ծխաց մի հրացան և ավղանը մի ակնթարթում գլորվեցավ իմ մոտ։ Ես տեսա իմ ազատիչը՝ Քերիմ-բեկը՝ վրա հասավ, ոտքով գլորեց դիակը դեպի մի կողմ և ինձ վեր բարձրացրեց։ Նա տվեց ինձ յուր նժույգը՝ ասելով «դուք փախեք, Սերթիփ, ես կարող եմ, ինձ ազատել»։ Ես համբուրեցի նրա ճակատը և այն րոպեից խոստացա նրան Մահիին...

Փառք քեզ, աստված, բացականչեց կինն յուր աչքերը դեպի երկինք ուղղելով։ Մի՞թե այդքան քաջ է Քերիմ-բեկը։

Նրա մեջ փղի ուժ կա և առյուծի սիրտ, պատասխանեց ծերունի զորապետը. նա յուր թրի մի հարվածքով վայր է գցում մի ահագին գոմեշի գլուխը։

Մաշալլա՜․․․ գոչեց կինը։ Բայց ո՜րքան ազնիվ է նա որպես տղամարդ, չնայելով որ Մահին նրա համար հանգստություն չունի, նա մինչև այսօր ուղղակի աչքով չէ նայել մեր աղջկա երեսին։

Քերիմ-բեկը կատարյալ տղամարդ է, նա արժան է մեզ փեսա լինել և մեր բոլոր հարստության ժառանգ։

Բայց ինչո՞ւ չհայտնել նրան մեր նպատակը։

Ես այս րոպեիս գնում եմ դրսի տունը, նրան կկանչեմ ինձ մոտ և բոլորը կասեմ, խոսեց Սեր-Ասքերը և վեր կացավ, վերարկուն գցեց ուսին և դուրս գնաց։

Սույն միջոցին ներս մտավ մի մանկահասակ աղջիկ հիանալի գեղեցկությամբ։ Նրա սև գանգուրները խիտ օղակներով ծփում էին կիսամերկ թիկունքի վրա։ Աղեղնաձև հոնքերն պատել էին երկայն թերթերունքներով հովանավորված աչքերը, որոնց մեջ մանկական կրակը վառվում էր յուր բոլոր արևելյան ջերմությամբ։

Դա Մահին էր։ Մայրը պատմեց նրան հոր խոսքերը և յուրյանց նպատակը։ Օրիորդն ոչինչ չպատասխանեց։ Մի քանի կաթիլ արտասուք երևացին նրա սևորակ աչերի մեջ և հանդարտ կերպով գլորվեցան մուգ-վարդագույն թշերի վրա։ Այդ նրա համաձայնության արտահայտությունն էր։

Սեր-Ասքերը, դուրս գալով հարեմխանայից, առանձնացավ դրսի տան սենյակներից մինի մեջ և իսկույն հրամայեց յուր մոտ կանչել Քերիմ-բեկին։

Քանի րոպեից հետո հայտնվեցավ մի տղամարդ վայելուչ կազմվածքով և համակրական դեմքով։ Նա խորին մեծարանքով գլուխ տվեց ծերունի զորապետին և կանգնեց։

Նստի՛ր, Քերիմ-բեկ, ասաց զորապետը։ Մոտ նոտի՛ր։

Երիտասարդը պահպանելով յուր պատշաճավոր համեստությունը, չոքեց զորապետից փոքր-ինչ հեռու խալիների վրա։

Լսի՛ր, բարեկամ, խոսեց ծերունին, ես այսօր պետք է հայտնեմ քեզ մի միտք, որ վաղուց դրած էր իմ սրտի մեջ։ Դու տեսնում ես, որ ես արդեն հասակս առած եմ, գերեզմանը շատ հեռու չէ ինձանից, մահը կանգնած է իմ վզի ետնեն։ Միակ ճրագն, որ պետք է վառ պահե իմ օջախը, է իմ սիրելի աղջիկ Մահին։ Բացի նրանից, դու գիտես, ես ուրիշ զավակ չունեմ։ Մահին այժմ տասն և վեց տարեկան է, ուրեմն ես կարող եմ կատարել իմ խոսքը, որ տվեցի քեզ Հերաթի կռվի դաշտումն, երբ դու իմ կյանքն ազատեցիր մահից։ Մահին քո կինը կլինի, Քերիմ-բեկ, իսկ դու իմ որդին։ Եվ իմ բոլոր հարստությունը կմնա ձեզ ժառանգություն։

Այդ երկար մոնոլոգի միջոցին Քերիմ-բեկի դեմքն ավելի և ավելի մռայլվում էր։ Կարծես թե նա սարսափելով սպասում էր ծերունի զորապետի վերջին խոսքերին։

Այժմ իմ որդի, ես այսուհետև այդպես պետք է կոչեմ քեզ, ե՛կ ձեռքս համբուրիր, որ քեզ օրհնեմ։

Ներքին պատերազմն ամենասաստիկ կերպով խռովում էր երիտասարդի սիրտը։ Մի քանի րոպե նա տարուբերվեցավ անվճռականության մեջ։

Աստված երկար կյանք տա ձեզ, իմ տե՛ր, պատասխանեց նա շփոթվելով․ Ես պատրաստ եմ համբուրել ոչ թե ձեր ձեռքն, այլ և ձեր հողաթափները։ Բայց ինչ որ վերաբերում է Մահիին, այդպես շուտ չեմ կարող ընդունել մի այդպիսի առաջարկություն։

Զարմանցքը ծերուհու մեջ սարսափի փոխվեցավ, լսելով մի այդպիսի անսպասելի պատասխանը, նա հարցրուց անհամբերությամբ։

Երևի դու չե՞ս սիրում Մահիին։

Երիտասարդը դարձյալ ընկղմվեցավ դժվարացուցիչ դրության մեջ։ Նա չգիտեր, թե ինչ պատասխանե։ Իսկույն ծագեցավ նրա գլխում մի միտք և նա վճռեց կեղծավորվիլ։

Ես սիրում եմ Մահիին, իմ տեր, բայց նրա սերից ավելի ես պատվում եմ իմ ուխտը։

Ո՞րպիսի ուխտ, զարհուրելով հարցրուց ծերունին։

Հերաթի կռվի դաշտումն, երբ հայտնեցիք դուք ձեր խոստմունքը Մահիի մասին, միևնույն րոպեին ես երդվեցա մեծ մարգարեի առջև, որ չպսակվեմ՝ մինչև Մեքկա ուխտավորության չերթամ։ Ես պետք է գնամ Մեքկա, ես պետք է մտնեմ Քաբայի տունը, համբուրեմ Մուհամմեդի գերեզմանը և հաջի դառնամ, որպեսզի կարողանամ դրանով սրբել իմ ձեռքերն այնքան արյուններից, որ թափել եմ ես...

Այս խոսքերն երիտասարդն արտասանեց այնպիսի մի ջերմեռանդությամբ, մինչ ծերունու սրտում ամենևին կասկած չմնաց նրանց ճշտության մասին։ Նոր իսլամը ընդունող այլակրոն երիտասարդի այդ մուսուլմանական զգացմունքն ավելի բարձր, ավելի վսեմ էր, քան թե Մահիի սերը և ամեն երկրային բան։ Այդ պատճառով ծերունին խոնարհվեցավ երիտասարդի այդ սուրբ կրոնական պարտավորության առջև։

Երբ որ այդպես է, խոսեց ծերունին, ես չեմ շտապեցնի քո հարսանիքն, իմ որդի։ Ես նախ և առաջ մեծ պատրաստությամբ կուղարկեմ քեզ Մեքկա, դու քեզ հետ կունենաս մի ամբողջ քարավան ծառաների և ստրուկների և կկատարես քո ուխտը։

Աստված թող երկար կյանք պարգևե քեզ, տեր իմ, պատասխանեց երիտասարդը և մոտեցավ համբուրելու ծերունու աջը։

Բայց զորապետը բռնեց նրա ձեռքից. Խոստանու՞մ ես, որդի, որ հաջի դառնալեդ հետո կկատարես իմ կամքը։

Երիտասարդը կրկին շփոթվեցավ։ Ասա՛, մի՛ ամաչի։

Խոստանում եմ... պատասխանեց Քերիմ-բեկն, իսկ այդ խոսքը կարծես այրեց նրա շրթունքը...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Հարեմ"

Ятук Музыка
Танго нашего детства
Тигран Мансурян

Танго нашего детства

В гареме, 1918 год.
В гареме, 1918 год.
Играть онлайн