Нар-Дос

Մահը

9
10

Պարահանդեսի գիշերը, ժամը տասին մոտ, Շահյանը սյուրտուկը վերևից մինչև ներքև կոճկած, դեմքին կեղծ-անտարբեր արտահայտություն տված, բարձրանում էր Ժողովարանի սանդուղքներով։ Ահագին հայելու մեջ տեսավ իր պատկերը, ուզեց կանգ առնել, բայց ամաչեց, թե միգուցե տեսնող լինի, որ նայում է հայելու մեջ, և շարունակեց բարձրանալ։

Արդեն բավական թվով հասարակություն էր հավաքված, և դեռ գալիս էին։ Տղամարդկանց թիվն ավելի էր երևում, քան կանանց։ Բուն Թիֆլիսը բացակա էր, ինչպես լինում է հայկական ամեն մի հանդեսի ժամանակ։ Ներկա էր գավառը: Մեծ մասով աչքի էին ընկնում ղարաբաղցիք և զոկեր առաջիններն իրենց խոշոր արտաքինով և ծիծեռնակի թևերի պես ահագին բեղերով, վերջիններն իրենց պստիկ, նիհար մարմնով և ճմշկած դեմքերով։ Շքեղորեն լուսավորված դահլիճի խորքում, այս ու այնտեղ, կենտ ու կունտ մարդիկ էին երևում։ Մեծ մասը հավաքված էր դուրսը, սրահում։ Դահլիճի դռան մոտ, սեղանի առաջ, նստած էր օր. Սահակյանը երկու կանանց հետ և տոմսակ էր վաճառում։ Շահյանը մոտեցավ նրան, ուղեց բարևել, բայց օր. Սահակյանն այնքան զբաղված էր, որ չնկատեց նրան։ Նա անցավ։ Սյան տակ տեսավ Մարությանին, որ հաստափոր մի պարոնի հետ դեմ առ դեմ կանգնած՝ խոսում էր ձեռքերի և հոնքերի արտահայտիչ շարժումներով։ Մարությանը նույնպես չնկատեց նրան։ Շահյանը մի շրջան արեց սրահում, մտավ դահլիճ, նայեց բազմաթիվ մոմերով հուրհրատին տվող ջահերին, դուրս եկավ այնտեղից, քաշվեց մի անկյուն, սկսեց նայել առջևը խռնվող բազմությանը, և արդեն տաղտկալի թվաց նրան այդ ժողովը։

Արդեն մտածում էր, որ տուն գնա, երբ հանկարծ նրա աչքովն ընկան Մարությանի կինն ու աղջիկը, որոնք առաջանում էին դեպի նա։ Մի բան, որ հենց սկզբից զարմացրեց Շահյանին, այդ Եվայի շատ պարզ, ոչ-պարահանդեսի հագուստն էր, որ գրեթե աննկատելի էր դարձնում նրան աչք ծակելու չափ պճնված-զարդարված շրջապատող տիկինների և օրիորդների մեջ։ Կարծես հենց այդ էր պատճառը, որ Եվան այդտեղ այնքան գեղեցիկ ու գրավիչ չերևաց Շահյանին, ինչպես տանը։ Հասակով նա, կարծես, փոքրացել էլ էր։ Բայց և այնպես, նրան տեսնելուն պես Շահյանի սիրտը թրթռաց վերին աստիճանի քաղցր ու քնքուշ մի զգացումով։ Այդ զգացումը նոր չէր Շահյանի համար։ Եվայի հանդիպումը միշտ միևնույն գգացումն էր հարուցել նրա մեջ։ Սակայն այս անգամ այդ զգացումը մի առանձին ուժ ուներ, անդիմադրելի մի ուժ, որ քաղցրության հետ միասին ինչ-որ անորակելի մի դառնություն պատճառեց նրան։ Նա լուռ բարևեց Թեկլեին ու Եվային և զգաց, որ այժմ դեպի նրանց ունեցած իր բարեկամությունն այնպես ազատ ու ինքնաբուխ չէ, ինչպես առաջ, երբ նոր էր ծանոթացել նրանց հետ։

Դուք մենա՞կ եք եկել, հարցրեց Թեկլեն։

Այո։

Հապա պարոն Բազենյա՞նը։ Չի՞ գալու։

Շահյանն առաջուց արդեն զգում էր, որ առաջին խոսքը Բազենյանի մասին պիտի լինի, և հանկարծ մի տարօրինակ սառնություն տիրեց նրան։

Չգիտեմ, պատասխանեց նա չոր-չոր։

Ինչպե՞ս է այժմ նրա ձեռքը։ Հույս ունիմ, շատ լավ է։

Չգիտեմ, չեմ տեսել նրան։

Մի՞թե կարելի է, նրա ընկերն եք և չեք հետաքրքրվում նրա առողջությամբ։ Ա՜խ, որ իմանաք, պարոն Շահյան, որքա՜ն երախտապարտ ենք նրան... Ուղղակի որդուս պես սիրեցի։ Ինչքա՜ն բարի, ինչքա՜ն ազնիվ երիտասարդ է։

Շահյանը թույլ կերպով ժպտաց, բայց իսկույն, կարծես մի սուր ցավից, կծեց ներքին շրթունքը և նայեց Եվային։

Ասացեք, պարոն Շահյան, վաղո՞ւց է, որ բարեկամ եք նրա հետ, հարցրեց Եվան, նայելով նրան իր խոշոր աչքերով, տարօրինակ լրջությամբ։

Վաղուց է։

Չե՞ք կարող ասել, ի՛նչ գործի է նա իսկապես։

Ո՛չ մի գործի դուրս թռավ Շահյանի բերանից և նա թե՛ վախեցավ և թե՛ զարմացավ այն առանձին շեշտի վրա, որ տվեց այդ բառերին։

Բայց անցած գիշեր, մեր տանը, նա պատմում էր... նկատեց Եվան անմեղ տարակուսանքով։ Ես ա՛յդ գործի մասին եմ հարցնում։

Հա՜, երկարացրեց Շահյանը երկդիմի ու խորհրդավոր եղանակով և լռեց։

Եվան նայեց նրան ավելի մեծ տարակուսանքով։

Ներեցեք հետաքրքրությանս, արտասանեց նա իր մեղավորությունը զգացող մարդու ամոթխած անվստահությամբ։ Գուցե նրա գործերը գաղտնիք են, որոնք...

Այո, նա այդպես է ասել, ասաց Շահյանը մեքենայաբար և իսկույն էլ զղջաց, որ այդպես պատասխանեց, որովհետև զգաց, որ այդ պատասխանով, հակառակ իր ցանկության, ավելի ևս ուժ տվեց Բազենյանի անձի այն խորհրդավորությանը, որով, ինչպես երևում էր, առանձնապես հետաքրքրվում էր Եվան։

Եվան այլևս ոչինչ չհարցրեց։ Նրանք երեքով սկսեցին անցուդարձ անել սրահում։ Թեկլեն ինչ-որ բան էր պատմում Շահյանին, բայց Շահյանր չէր լսում. նրա ուշադրությունը Եվայի կողմն էր, թեև արտաքուստ ցույց էր տալիս, թե անտարբեր է դեպի նա։ Եվան ամենևին չէր խոսում։ Վերջին ժամանակները զարմանալի փոփոխություն էր կատարվել նրա մեջ. առաջվա շատախոսությունը մոռացել էր. թե շարժումների և թե խոսակցության մեջ զսպած էր պահում իրեն, դեմքի ծիծաղկոտությունը չքացել էր. այդ դեմքի և մանավանդ աչքերի մեջ երևացող առաջվա չարաճճի աշխույժի տեղ այժմ պարզ նկատվում էր մտքի մի առանձին լարումն և ինչ-որ անհանգիստ մի տխրություն։

Մարությանը թողեց հաստափոր պարոնին, որի հետ խոսում էր սյունի տակ, և մոտեցավ նրանց։ Շահյանին նա էլ իսկույն հարցրեց, թե մենա՞կ է եկել, որտե՞ղ է Բազենյանը: «Ի՞նչ դառավ այդ Բազենյանը սրանց համար», մտածեց Շահյանը նեղսիրտ վիրավորանքով, տեսնելով, որ այդ ընտանիքի բոլոր ուշքն ու միտքը Բազենյանով է զբաղված: Նա զգում էր, որ եթե այդ րոպեին Բազենյանը լիներ իր տեղ և ինքը լիներ չեկողը, նրան, Բազենյանին, այդպիսի հարցումներ չէին տալ իր մասին, թերևս ամենևին չհիշեին էլ, թե աշխարհիս երեսին գոյություն ունի Շահյան անունով մի երտասարդ։

Ահա՛ պարոն Բազենյանը, հանկարծ բացականչեց Եվան, և նրա փոքր-ինչ անհանգստություն արտահայտող դեմքի վրա մի ուրախ ժպիտ փայլեց։

Շահյանը գունատվեց։

Սրահի մեջ խռնվող հասարակության միջից, ոտները զգուշորեն հատակին քսմսելով, որպեսզի կոխ չտա կանանց շրջազգեստի փեշերը, ձեռքը դեռևս շորի մեջ կախ արած՝ առաջ եկավ Բազենյանը իր չափազանց գեղեցիկ կրակոտ աչքերով։ Ժպիտը դեմքին, ազատ քաղաքավարությամբ բարևեց ամենքին, առանց մեկին կամ մյուսին նախապատվություն տալու։

Այս ի՞նչ է, ասաց նա ուրախ. ես կարծում էի, թե ուշացել եմ, բայց, ինչպես երևում է, պարերը դեռ չեն էլ սկսել։

Ի՞նչ է, ուզում եք պարե՞լ, հարցրեց Մարությանը։

Այո, եթե միայն կարելի է մի ձեռքով պարել։

Մի՞թե ձեռքերով են պարում. ես կարծում էի ոտներով, բացականչեց Մարությանը և, շատ սրամիտ համարելով իր այդ կատակը, բարձրաձայն ծիծաղեց։

Ի դեպ. ինչպե՞ս է այժմ ձեր ձեռքը, պարոն Բազենյան, հարցրեց Թեկլեն։

Փառք աստծո, տիկին, լավանում է կամաց-կամաց։

Է՛հ, ի՞նչ կասի, որ չի լավանա, նկատեց Մարությանը։ Մեր օրիորդն էլ դժբախտություն ունի այս գիշեր չպարելու։

Բազենյանը հետաքրքրված նայեց Եվային։

Ինչո՞ւ։

Եվան թեթևակի շփոթվեց նրա թափանցող հայացքից։

Սրտի թրթռոց է ստացել, պատասխանեց Թեկլեն։

Երևի ա՞յն օրվանից։

Այո, այն չարաբաստիկ դեպքից հետո, որից ամենքից շատ տուժողը դուք եղաք, ասաց Մարությանը։ Եվ օրիորդիս դժբախտությունը դուք լիովին կհասկանաք, երբ ձեզ ասեմ, որ չափազանց շատ է սիրում պարել։

Ուրեմն կարող եմ երևակայել, թե որքան տխուր պիտի անցնի այս հանդեսը ձեզ համար, օրիորդ, դիմեց Բազենյանը Եվային կես-կատակով, կես-լրջությամբ։

Եվան նայեց նրան, հետո հորը և կամաց ծիծաղեց։

Դու միշտ չափազանցում ես, հայրիկ, ճշմարիտ է, պարոն Բազենյան, պարելիս ես բավական հաճույք եմ զգում, բայց ոչ չափազանց, ինչպես հայրս է ասում։

Այ, հիմա կուրանա, նկատեց Մարությանը։

Հայրիկ, շատ որ պնդես, կպարեմ։

Մարությանը վեր թռավ կոմիկական անհանգստությամբ։

Օ՛հ, չլինեմ-չիմանամ... Բժիշկը մինչև անգամ արգելել է, որ արագ ման գա, իսկ սա ասում է՝ պարեմ։ Ո՛չ, սիրելիս, պարն առայժմ պաս է քեզ համար, ավելացրեց Մարությանը և, կամաց առնելով աղջկա ձեռքը, սկսեց շփել հայրական քնքշանքով։

Երաժշտությունը նվագեց։ Սրահն արագորեն դատարկվեց։ Ամենքը հավաքվեցին դահլիճում, ուր արդեն սկսվել էին պարերը։

Մարությանները Բազենյանի և Շահյանի հետ մտել էին այնտեղ և, դռան մոտ կանգնած, նայում էին նոր սկսված պարերին, որոնք դեռևս շատ սակավամարդ էին։ Վիզն երկարացրած, պարզ ակնոցների միջից Շահյանը մի քանի գլուխների արանքով մեքենայաբար նայում էր պարողներին, բայց նրա բոլոր ուշադրությունը լարված էր դեպի Եվան ու Բազենյանը, որոնք կանգնած էին նրա մոտ, մի քիչ ետև, և երաժշտության աղմկալի ձայների միջից հազիվ կարողանում էր լսել նրանց խոսակցությունը։ Անցավ մի քանի րոպե, և նա այլևս չլսեց Եվայի ու Բազենյանի ձայնը։ Ետ նայեց, տեսավ, որ նրանք չկան։ Տեսավ միայն Մարությանին ու նրա կնոջը, որոնք, պատի տակ քաշված, խոսում էին ինչ-որ մի պարոնի և մի տիկնոջ հետ։

Շահյանը դուրս գնաց դահլիճից։ Սրահում նրա աչքովն ընկան Եվան ու Բազենյանը բազմոցի վրա նստած իրար հետ զրույց անելիս։ Շահյանը ցույց տվեց, թե չտեսավ նրանց և անցավ օր. Սահակյանի կողմը, որ այս անգամ նստած էր մենակ և մատիտով ինչ-որ թվանշաններ էր գրում թղթի վրա։

Բարև ձեզ, օրիորդ, արտասանեց նա սովորականից ավելի բարձր ձայնով։

Օր. Սահակյանը արագ բարձրացրեց գլուխը։

Ա՛խ, բարև ձեզ, պարոն Շահյան։ Ի սեր աստծո, մի նեղություն տամ ձեզ, հանձն առեք։

Հրամայեցեք։

Տեսնո՞ւմ եք այս թվերը, խնդրում եմ, գումարեցեք և տեսեք՝ իմ դուրս բերած այս վերջին գումարի հետ ճի՞շտ է, թե ոչ։ Գլուխս այնքան խառնվել է, որ մի քանի անգամ գումարեցի և ամեն անգամ տարբեր գումարներ ստացա։ Համեցեք, խնդրեմ, նստեցեք։

Շահյանը նստեց սեղանի մոտ, և, աշխատելով բոլոր ուշադրությունը կենտրոնացնել թվերի վրա, սկսեց գումարել։ Գումարը ճիշտ դուրս չեկավ օր. Սահակյանի ստացած վերջին գումարի հետ։ Կրկին գումարեց, և այս անգամ ուրիշ գումար ստացվեց։ Խնդիրը լուծել չկարողացող աշակերտի պես քրտինքը վրա տվեց նրան։ Որքան բռնի կերպով աշխատում էր ուշքն ու միտքը կենտրոնացնել թվանշանների վրա, այնքան շփոթվում էր և թղթի վրա, թվանշանների տեղ, տեսնում էր Եվային ու Բազենյանին՝ կողք կողքի նստած, իրար հետ քաղցր զրույց անելիս, ինչպես ահա այս 53 թիվը, որի 5-ը և 3-ը կտուց կտուցի տված՝ կարծես քչփչում են իրար հետ։ «Ի՞նչ են խոսում արդյոք», մտածում էր նա և միևնույն ժամանակ նրա շրթունքները կրկնում էին մեքենայաբար՝ «53 և 6...»։

Չվերջացրի՞ք, հարցրեց օր. Սահակյանը, գլուխը բարձրացնելով իր գործի վրայից։

Չէ, դուրս չի գալիս, թվանշանները շատ են, համարիչով հեշտ կլինի... Հետո, այստեղ այնպիսի աղմուկ է տիրում, որ...

Ինչևիցե, թողեք, սա վաղվա գործ է։

Շահյանը հանեց թաշկինակը և սկսեց սրբել ճակատի քրտինքը։

Ինչպես երևում է, եկամուտը լավ պետք է լինի, ասաց նա։

Վատ չէ։ Բայց այնպե՜ս հոգնած եմ... Երևակայեցեք, առավոտից մինչև այժմ ամենևին հանգստություն չեմ ունեցել: Էգուց էլ ժամը ութին դասի պետք է գնամ։ Ամեն բան իմ վզին են գցել ու հեռացել: Այնպե՜ս զայրանում եմ...

Միշտ այդպես է լինում, օրիորդ, երբ ընկերներից մեկը եռանդով է կպչում գործին, մյուսները ամեն բան նրա վրա են թողնում, նկատեց Շահյանը չլռելու համար, բայց ինքը խիստ հավանեց իր այդ նկատողությունը։

Դրա համար էլ գործին եռանդով կպչողները շատ շուտ են սառում, վրա բերեց օր. Սահակյանը։ Հիմա աստված ուժ տա մեր պարողների ոտներին. մինչև լուսադեմ պետք է մաշեն հատակը։ Դուք չե՞ք պարում։

Շահյանը Ժպտաց։

Ես պարել չգիտեմ:

Մի՞թե։ Զարմանալի է։

Թև թևի տված, բարձրաձայն խոսելով ու ծիծաղելով, մոտեցան օր. Սահակյանին ծանոթ երկու օրիորդներ։ Օր. Սահակյանը զբաղվեց նրանցով, իսկ Շահյանը անմիջապես վեր կացավ և հեռացավ։ Եվան ու Բազենյանը նստած էին առաջվա տեղը։ Շահյանը դարձյալ ցույց տվեց, թե չտեսավ նրանց և, շեղակի անցնելով, մտավ սեղանատուն։

11

Եվան թեթևակի նայեց Շահյանի ետևից և դարձավ Բազենյանին ժպտալով.

Գիտե՞ք ինչ կա, պարոն Բազենյան։ Փոքր-ինչ առաջ, երբ դուք դեռ չէիք եկել, ես այնքան անզգույշ եղա, որ ուզեցի իմանալ Շահյանից, թե դուք ինչ գործի եք։ Երևակայեցեք, նա ինձ այնպիսի չոր պատասխան տվեց, որ սաստիկ զղջացի անզգույշ հետաքրքրությանս համար։ Ինձ թվում է, թե Շահյանը իրավունք ուներ ինձ ոչինչ չասելու, որովհետև... Եվան, գլուխը թեթևակի ետ ու առաջ տանելով, մեքենայաբար սկսեց ուղղել շրջազգեստը ծնկների վրա, որովհետև լավ չէ առհասարակ, որ մարդ անտեղի հետաքրքրվում է ուրիշի գործերով... Այնպես չէ՞, հարցրեց նա և հանկարծ նայեց Բազենյանին համարձակ, մտերմական ժպիտով։

Չէ, ինչո՞ւ։ Վատ բան ես այդտեղ ոչինչ չեմ գտնում։ Ընդհակառակը, շատ լավ է, նույնիսկ անպատճառ հարկավոր է, որ մարդ իմանա, թե ում հետ գործ ունի։

Եվան բավական կոտրվեց Բազենյանի այդ լուրջ պատասխանից։

Այդ, իհարկե, այդպես է, բայց... ձեր վերաբերմամբ...

Հա՜, իմ վերաբերմամբ, երկարացրեց Բազենյանը։

Նրա ձայնը խիստ խորհրդավոր կերպով հնչեց Եվայի ականջին։ Եվան տեսավ, թե ինչպես իր հետ մինչև այդ ժամանակ ուրախ ու մտերմաբար խոսող այդ երիտասարդը հանկարծ սառեց, թե ինչպես մինչև այդ րոպեին նրա շարունակ ժպտող, անհոգ հայացքը վերին աստիճանի խորհրդավոր, նույնիսկ խիստ արտահայտություն ստացավ։ Եվ այդ առաջին անգամն էր, որ Եվան իրեն ճնշված դրության մեջ զգաց Բազենյանի առաջ, իսկ վերջն այդ դրությունը երկյուղի նման մի տեսակ զգացման փոխվեց, երբ տեսավ, որ Բազենյանը երկար ժամանակ, ինքն իր մեջ կենտրոնացած, լռություն է պահպանում, մեքենայաբար ուղղելով ձեռքի փաթաթանը։

Ես կարծում եմ, օրիորդ, վերջապես շատ լուրջ ձայնով և հատընդհատ խոսեց Բազենյանը, առանց նայելու Եվային և շարունակելով ուղղել ձեռքի փաթաթանը, ես կարծում եմ, որ դուք պիտի ներեք ինձ, եթե ասեմ, որ Շահյանն իրավունք ուներ կամ, ավելի ճիշտը, պարտավոր էր գաղտնի պահելու իր պաշտոնն ինչպես ամենքից առհասարակ, նույնպես և ձեզնից, որովհետև... կան բաներ, որոնք խիստ գաղտնի պիտի պահվեն, և եթե ասվում են մեկին, կնշանակի ամենքին են ասվում։ Իմ պաշտոնի գաղտնիքն ես միայն Շահյանին եմ հայտնել, իբրև շատ մտերիմ և շատ հավատարիմ ընկերոջս, և վստահ եմ եղել, որ նա այդ գաղտնիքն ուրիշներին պատմելու անխոհեմությունը չի ունենալ։

Տեսնո՞ւմ եք, ես էլ հենց ա՛յդ էի ուզում ասել, այսինքն... որ ձեր պաշտոնը... լավ չէ, որ ամեն մարդ իմանա։

Ո՛չ, ամեն մարդ, օրիորդ, բայց ո՛չ ամեն մարդ։

Եվան մտառությամբ նայեց Բազենյանի աչքերին։ Ինչպես միշտ, երբ աշխատում էր ըմբռնել լսած մութ խոսքերի իմաստը, այս անգամ էլ նրա աչքերը մեծացել, կենտրոնացել և խիստ գեղեցկացել էին։

Ներողություն, չկարողացա հասկանալ, թե ինչ եք ուզում ասել։

Ես ուզում եմ ասել, օրիորդ, որ մեր գործերը լավ կլինի, որ ամեն մարդ իմանա, եթե միայն իմացողը մարդ է իսկապես, ազնիվ, գործի սիրով վառվող մարդ։ Բայց որովհետև աշխարհս լիքն է վատ, մութ մարդկանցով, որոնք անկաշառ գործչին մոտենում են Հուդայի համբույրով, ուստի մեր գաղտնիքը պետք է իմանա ո՛չ ամեն մարդ։ Մենք առհասարակ խիստ զգույշ ենք, որովհետև գործն ինքը չափազանց մեծ զգուշություն է պահանջում...

Հասկացա... Այժմ հասկացա։ Հա, իհարկե, դուք իրավացի եք։ Բայց ես կարծում եմ, որ դուք միևնույն հայացքով չպետք է նայեք ամենքի վրա։

Ես պարտավոր եմ, օրիորդ, թերահավատությամբ նայելու ամենքին, որովհետև կրկնում եմ, գործն ինքն է պահանջում այդ. այլապես՝ մի՞թե չեք հասկանում, որ ես վաղուց արդեն հրաժեշտ պիտի լինեի տված ազատությանս և գործին էլ մեծապես վնասած։

Եվան անմեղ հանդիմանությամբ նայեց Բազենյանի աչքերին։

Մի՞թե կարծում եք, որ ինձ վրա էլ պետք է կասկածանքով նայել...

Բազենյանն իր հերթին նայեց Եվայի աչքերին և ակամա այնպիսի մի շարժում գործեց, որ կարծես թե ուզում էր բուռն ձգտումով առնել նրա ձեռքերը և ամուր-ամուր սեղմել։ Բայց նա զսպեց իրեն և նորից սկսեց ուղղել ձեռքի փաթաթանը։

Քանի որ իմ խոսքերը ձեզ վրա ընդունեցիք, օրիորդ, խոսեց նա մտախոհ հանգստությամբ, ես արդեն ստիպված եմ համոզել ձեզ, որ դուք չարաչար սխալվում եք, կարծելով թե ձեզ վրա էլ կասկածանքով եմ նայում: Պետք է ասեմ ձեզ, որ ես...

Բազենյանը հանկարծ թողեց ձեռքի փաթաթանը և արագ, շատ լուրջ հայացքով նայեց Եվային։

Լսեցեք, օրիորդ, շարունակեց նա արագախոսությամբ։ Ես չեմ ուզում, որ մենք այդպիսի ոլորապտույտ ճանապարհներով մոտենանք բուն խնդրին։ Քանի որ մենք հասկանում ենք իրար, ուստի զուր ժամավաճառություն է այսպիսի խոսակցություններով զբաղվելը։ Գանք ուղղակի գործին։ Դուք հանդիմանությամբ նկատեցիք ինձ, թե ինչո՞ւ ձեզ վրա էլ, ձեր կարծիքով, թերահավատությամբ եմ նայում։ Կրկնում եմ, դուք շատ սխալվում եք։ Ես ավելի քան տեսնում եմ, որ ձեր հետաքրքրությունը բխում է բոլորովին ազնիվ, մաքուր աղբյուրից։ Տեսնում եմ, որ դուք լոկ հետաքրքրության համար չէ, որ հետաքրքրվում եք։ Ուստի ավելորդ է, որ ուրիշներից եք ուզում իմ մասին տեղեկություններ ստանալ։ Հրամայեցեք ուղղակի ինձ։ Ես ինքս անձամբ պատրաստ եմ ամենայն ուրախութամբ լի ու լի գոհացում տալ ձեր հետաքրքրությանը։

Եվան թեթևակի շառագունեց։

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, շշնջաց նա։

Չի կարելի վստահել միայն նրան, ով այդպիսի գործերով հետաքրքրվում է չար դիտավորությամբ։

Եվան նայեց նրան և ժպտաց։ Նույնն արեց և Բազենյանը։ Այդ փոխադարձ հայացքից դրդված, ինչ-որ անմեղ չարաճճի մի զգացում հանկարծ թելադրեց նրանց, թե քաղաքավարական այդ խոսակցությունն արդեն չափից դուրս անհամ ու անհոտ է, որ իրենց համար ավելի լավ, ավելի հաճելի կլինի, եթե բոլորովին մտերմաբար խոսեն իրար հետ, և նույնիսկ վատ չի լինիլ, եթե մի քիչ էլ կատակ անեն։

Ի՞նչ գիտեք, թե ես այդպիսի հետաքրքրվողներից չեմ, առաջինն ինքը Եվան կատակի ձև տվեց խոսակցությանը։

Որովհետև այդ միևնույնը կլիներ, թե մեղուն ծաղկից հյութ է քաղում, որ թույն շինի, վրա բերեց Բազենյանը նույնպես կատակով։

Ինչո՞ւ մեղուն վերցրիք և ոչ թե օձը, որ ծաղկի հյութից իսկապես թույն է շինում, ասաց Եվան ծիծաղելով։ Դա ավելի հարմար կլիներ, քանի որ ձեր համեմատությունն ինձ է վերաբերում, իսկ օձ անունը հենց կանանց համար են գործածում։

Այո, բայց հրեշտակ անունն էլ են գործածում, նկատեց Բազենյանը նույնպես ծիծաղելով։ Օձը հակառակ ծայրն է։

Ինչպես և հրեշտակը:

Ուրեմն դարձյալ մեղուն է հարմարը, որ ես գործածեցի:

Բայց դուք մեղր շինելու կողմից վերցրիք. մեղուն, ախր, սարսափելի խայթում էլ է։

Այդ վնաս չունի, մեղուի խայթելը չի խանգարում նրա քաղցր մեղրը վայելելու:

Այդ այլաբանական խոսակցությունը բխում էր ինքնաբերաբար և մեծ հաճույք էր պատճառում երկուսին էլ։ Նրանք անկեղծ, ուրախ կերպով խնդում էին անդադար:

Մենք, կարծեմ... շեղվեցինք, առաջինը զսպելով իրեն, ասաց Եվան և լուրջ կերպարանք ընդունեց։ Ուրեմն դուք վստահում եք ինձ...

Մինչև անգամ ավելի, քան դուք կարող եք երևակայել, վրա բերեց Բազենյանը եռանդով։ Որովհետև... Թո՞ւյլ կտաք ինձ, օրիորդ, անկեղծ լինեմ ձեզ հետ:

Եվան զարմանքով նայեց նրա աչքերին:

Մի՞թե անկեղծությունն ամենամեծ առաքինությունը չէ, հարցրեց նա:

Նայելով թե ով ինչպես է նայում, հավատո՞վ, թե թերահավատությամբ:

Եվան այս անգամ ժպտաց:

Մեր դերերը կարծես թե փոխվում են, նկատեց նա, այժմ դուք եք սկսել կասկածել, թե ես թերահավատությամբ պիտի նայեմ ձեզ վրա... Առհասարակ պիտի ասեմ ձեզ, պարոն Բազենյան, լրջորեն ավելացրեց Եվան, որ ես մեծ դժվարությամբ եմ ընդունում, թե մարդիկ կարող են անկեղծ չլինել, որովհետև չէ՞ որ այդ լավ չէ... լավ չէ ամենից առաջ հենց իրենց համար: Չէ՞:

Շատ իրավացի է ձեր նկատողությունը, օրիորդ, և այդ միանգամայն պատիվ է բերում ձեր սրտի մաքրությանը: Դրանով դուք ավելի ևս խրախուսում եք ինձ, որ ձեզ հետ անկեղծ լինիմ։ Ձեզ վրա ունեցած վստահությունս այնքան մեծ է, որ ես ամենևին երկյուղ չունիմ ձեր առաջ բանալու մեր գործի այսպես ասած՝ սրբության սրբոցը: Ճիշտ է, անցած գիշեր ձեր տանն արդեն շատ բան պարզեցի, բայց ոչ այն, ինչ որ մեր գործի իսկական գաղտնիքն է կազմում: Ես ավելին կասեմ, մինչև անգամ Շահյանին չեմ վստահացել հայտնել այն, ինչ որ ձեզ պիտի հայտնեմ։ Այսքան ժամանակ ես թափառում եմ երկրից երկիր, քաղաքից քաղաք, անցել եմ համարյա բոլոր հայաբնակ վայրերը, շատ կանանց, շատ օրիորդների հետ եմ ծանոթացել, բայց ոչ ոք այնպիսի վստահություն և համակրանք չի ներշնչել ինձ, ինչպես դուք...

Եվան ամեն կերպ աշխատեց, որ հանգիստ մնա, բայց և այնպես նկատելի կերպով շփոթվեց, շփոթվեց ոչ այնքան Բազենյանի խոսքերից, որքան այն տարօրինակ վառվող հայացքից, որ Բազենյանը հառել էր իր վրա։

Բազենյանը տեսավ նրա շփոթմունքը և իսկույն զսպեց իրեն:

Ներեցեք, օրիորդ, ես, կարծեմ, արդեն չափից դուրս անկեղծ եղա, ասաց նա ժպտալով։ Այս դեպքում անկեղծությունն արդեն առաքինություն չէ։ Ես խիստ տպավորվող եմ, և բնավորությանս այս գիծն ինձ միշտ վնասել է: Խնդրում եմ, ներեցեք:

Եվան բոլորովին շփոթվեց։ Այդ րոպեին նա սաստիկ ցանկանում էր, որ հայրը կամ մայրը, կամ որևէ ծանոթ մարդ գար և խանգարեր այդ խոսակցությունը:

Սակայն Բազենյանը ինքը վերջ տվեց այդ խոսակցությանը:

Մենք պետք է խոսեինք ուղղակի գործի մասին, մինչդեռ ավելի հեռացանք գործից, ասաց նա և շուրջը մի զգուշավոր հայացք ձգելուց հետո շարունակեց։ Ես չեմ կարող և չպետք է ծածկեմ ձեզնից մեր գործի գաղտնիքները և հենց թեկուզ նրա համար, որ դուք, ինչպես տեսնում եմ, ի սրտե համակրում եք այդ գործը, և համոզված եմ, որ լոկ համակրելով չեք բավականանալ, եթե ամեն բան բոլորովին պարզ լինի ձեզ համար: Ի դեպ պետք է ասեմ, որ հասարակության մեջ, դժբախտաբար, կանխակալ կարծիքներ շատ կան տարածված մեր մասին։ Այդ կարծիքները շատ անգամ ուղղակի հրեշավոր գույներով են ներկայացնում մեզ: Մարդիկ կան, որոնք նույնիսկ ուրանում և վնասակար են համարում մեր կատարած գործը: Ձեր բարեկամ օր. Սահակյանն օրինակ: Ինքներդ տեսաք, թե անցյալ օր ինչ աչքով էր նայում նա գործի վրա...

Օ՜, նա շատ բարի է. դուք նրա լեզվին մի նայեք, բացականչեց Եվան։

Նրա բարության մասին ես տարակույս չունիմ, օրիորդ. բայց ես նրա աննպաստ հայացքն եմ ասում, որով նայում էր վերջին շարժումների վրա։ Դժբախտությունն այն է, որ մենք չենք կարող գործը հրապարակի վրա դնել, որպեսզի ամենքի համար պարզ լինի, որպեսզի ոչ ոք չկասկածի, թյուր կարծիքներ տանելու տեղիք չունենա։ Այդ, իհարկե, շատ ցավալի է և շատ է վնասում մեզ։ Բայց ո՞ւր կգնար, եթե այդպիսի բաներից հուսահատվեինք։ Մենք հավատում ենք մեր գործի սրբությանը և հանուն այդ գործի պատրաստ ենք ամեն հալածանք տանելու։ Զրպարտությունը մեզ համար ոչ մի նշանակություն չունի. դա մի ժանգոտ զենք է, որ կեղտոտում է միայն, բայց ոչ սպանում։ Ե՞րբ և որտե՞ղ չեն հալածել հասարակական գործչին։ Եվ հալածանքն այնքան սաստիկ է լինում, որքան հասարակական գործիչը բարձր է լինում կանգնած ամբոխի հոգու և մտքի ըմբռնողությունից։ Մեզ էլ հալածում են։ Է՛հ, թող հալածեն։ Մենք խո մեր անձնական շահերի համար չենք գործում, որ վախենանք։ Մենք միայն ցավում ենք, որ մեզ հալածելով ազգի շահերն են հալածում, այսինքն այն շահերը, որոնց օգտին աշխատում ենք մենք, որոնց պաշտպանությանը նվիրել ենք մեր կյանքը։ Ո՞ւմ համար խաշվեց քրիստոսը. հենց այն ամբոխի համար չխաչվե՞ց, որը խաչեց նրան։ Մեզ համար առանձնապես գործի դժվարությունն ա՛յն է, որ հալածանքը մեր դեմ երկու կողմից է ներքին և արտաքին: Մենք աշխատում ենք խուսափել արտաքին հալածանքներից, բայց արի տես, որ ստիպված ենք ներքին հալածանքների դեմ էլ կռվելու։ Այս իսկապես խիստ տրագիկական դրություն է։ Այսպիսի դրության մեջ, իհարկե, մեծ ուրախություն և խրախուսանք է մեզ համար, որ մեր ներքին հալածողների դեմ գտնվում են անհատներ, որոնք համակրում են մեր վարած դատը և այդպիսով մի տեսակ գործակից են հանդիսանում մեզ այդ դատի պաշտպանության համար։ Մեր նպատակներից մեկն էլ այն է, որ հասարակության մեջ որքան կարելի է շատ գտնենք այդպիսի անհատներ, ինչպես օրինակ, գտնվեցաք դուք։ Կանանց համակրությունը մեզ համար առանձնապես մեծ նշանակություն ունի, որովհետև նրանց սիրտը մաքուր է, հետևաբար ավելի ընդունակ գործը բուռն սիրով սիրելու։ Ես ավելին կասեմ. կանանցից մենք հերոսներ ենք սպասում։ Մի Ժանն դ՚Արք մի ամբողջ հայրնենիք փրկեց։ Հինգերորդ դարը... Ինչո՞ւ ամեն անգամ հրճվանքով ենք հիշում հինգերորդ դարը։ Նրա համար չէ՞ արդյոք, որ այդ դարում հայ կինը, թերևս ավելի քան տղամարդը, ցույց տվեց իր բուռն հայրենասիրությունը, իր հերոսական անզուգական անվեհերությունը...

Եվան անզգայաբար առավ Բազենյանի ձեռքը։

Սպասեցեք, պարոն Բազենյան։ Այս աղմուկն անտանելի է։ Գնանք... այնտեղ... առանձին սենյակներ կան։

Եվ Եվան արագ վեր կացավ տեղից։ Նրա գեղեցիկ աչքերը վառվում էին մի տեսակ ինքնամոռացության կրակով։

Բազենյանը հետևեց նրան։

Ներեցեք, օրիորդ. դուք եկել էիք այստեղ զվարճանալու, իսկ ես ձեզ զբաղեցնում եմ այսպիսի...

Ո՛Ւֆ, չէ՛... եկե՛ք:

12

Շահյանը շատ շուտ թողեց պարահանդեսը և դիմեց դեպի տուն։ Այդ պարող երկսեռ հասարակությունը, երաժշտության այդ խլացուցիչ ձայները, շուրջը տիրող ուրախ խոսակցությունն ու քրքիջները, ժողովարանի պայծառ լուսավորությունը ամեն ինչ ատելի էր թվում նրան, և նա այդ ամենի մեջ ճնշված, մենակ և տխուր էր զգում իրեն։ Առաջվա ծանոթ մելամաղձությունն իր ամբողջ ծանրությամբ նորից պաշարել էր նրան։ Նա շատ անգամ փորձել էր, որ հոգեկան այդ դրությունն առանձին ուժգնության էր հասնում միշտ այն ժամանակ, երբ ներկա էր լինում այդպիսի ուրախ հանդեսների:

Միքայելյան կամրջով անցնելիս նա մի-երկու րոպե կանգ առավ և նայեց ներքև։ Ձյունածածկ ափերի սպիտակին տվող զուգահեռական գծերի մեջ պարզորոշ աչքի էր ընկնում գետն՝ իր սևին տվող ժապավենով։ Հանդարտ ու դանդաղ շարժվում էր այդ ժապավենը։ Խուլ ու միահավասար լսվում էր գետի հոսանքի հետ առաջ ընթացող սառցաշերտերի ֆշշոցը։

Շահյանի աչքերը մխված էին մնացել գետի հոսանքի մի կետի վրա, ուր կամրջի բարձրությունից լապտերներից մեկի լույսը խավար կերպով անդրադառնում էր ջրի մեջ։ Գետի հոսանքն այդտեղ արագ, խորհրդավոր և սարսափելի էր թվում։ Շահյանի աչքերը կարծես մագնիսացել էին այդ տեղում։ Նա բռնել էր կամրջի վանդակապատից, և մատները ջղային ուժգնությամբ սեղմում էին սառը երկաթը։ Հանկարծ նրան թվաց, թե ոտներն իրենք իրենց բարձրանում, անցնում են վանդակապատի այն կողմը, մատներն ուղղակի ցցվում են երկաթի մեջ և... Նա ետ քաշվեց և աշխատեց կարելույն չափ շուտով անցնել կամուրջը։

Մայրը զարմացավ, որ որդին այդպես շուտ էր վերադարձել։

Ինչո՞ւ այսպես վաղ եկար, հարցրեց պառավը։

Շահյանը չպատասխանեց և ուղղակի անցավ իր ննջարանը։

Մայրը վախեցած հետևեց նրան։

Լևոն ջա՞ն... ասա, է՛։

Շահյանը ուզեց պինդ գոռալ մոր վրա, բայց պատասխանեց հանգիստ ձայնով.

Որովհետև ձանձրացա։

Թե՞ հիվանդ ես, չհավատալով հարցրեց մայրն անհանգստացած։

Շահյանը դարձյալ զսպեց իրեն, որ չգոռա։ Լուռ ու դանդաղորեն սկսեց շորերը հանել։

Լևոն ջա՞ն... դու վախեցնում ես ինձ:

Շահյանը կատաղորեն սյուրտուկը հանկարծ շպրտեց աթոռի վրա։

Հիմա շա՞տ պետք է զահլա տանես, բռնկեց նա։ Հազար անգամ ասել եմ, որ, երբ վատ տրամադրության մեջ եմ լինում, մի՛ խոսիր ինձ հետ, հարցուփորձ մի՛ անիր, հանգիստ թող ինձ։ Երանի չէ՞ր լինի, որ միանգամից հիվանդանայի ու սատկեի, որ վերջապես պրծնեի քո ձեռքից...

Աստված ոչ անի, որդի ջան, ինչե՞ր ես ասում, ես ի՞նչ եմ անում, որ...

Ա՛յ, հիմա կշարունակի, աչքերը ոլորելով մոր վրա արտասանեց Շահյանը զսպած կատաղությամբ։

Այն աստիճան սարսափելի էր նրա հայացքը, որ խեղճ մայրը, կուչ գալով, լռեց:

Շահյանը երեսն ի վեր ընկավ մահճակալի վրա, ձեռքերը դրեց գլխի տակ և մնաց անշարժ։ Երկար ժամանակ ծանր լռություն տիրեց։ Մոր վրա այդպիսի խստությամբ հարձակվելով՝ նա մի տեսակ վայրենի զվարճություն էր զգում։ Այդպիսի դեպքերում իրեն առհասարակ այնքան չէր կորցնում, որ շարունակ դիտում էր իրեն և, երբ տեսնում էր, որ լավ է բարկանում, հավանում էր։ Այս անգամ էլ հավանեց իր խիստ վարմունքը, որովհետև, տեսավ, որ լավ բարկացավ։ նա ուզում և սպասում էր, որ մայրը դարձյալ մի քանի խոսք ասի, որպեսզի ավելի լավ, այսինքն ավելի խիստ բառերով ու ձևերով արտահայտի իր բարկությունը:

Հիրավի, մայրը խոսեց, բայց ոչ այնպիսի բան, որ որդին պատճառ ունենար իր բարկությունը ցանկացած կերպով արտահայտելու:

Լևոն ջան, ասաց նա անհամարձակորեն։ Այս գիշեր Ստեփանն եկավ. ասաց, որ փակ խանութներից մեկի կտուրը փուլ է եկել ձյունից:

Ջհաննամը, արտասանեց Շահյանը:

Էգուց գնա տես:

Այդ ես գիտեմ, իսկ դու... գնա քնիր։

Մայրն այլևս ոչ մի խոսք չարտասանեց և սուս ու փուս դուրս գնաց։ Նույն րոպեին դռան ետևից ինչ-որ խուլ հեկեկանքի ձայներ լսվեցին։ Շահյանը փշաքաղվեց։ Գլուխը բարձրացրեց և շունչը իրեն քաշելով ականջ դրեց։ Մայրն էր լաց լինում։ Քիչ մնաց վեր թռչեր մոր մոտ ծնկաչոք ներողություն խնդրելու, բայց միայն ձեռքը ջղաձգաբար բռունցք սեղմեց և պինդ խփեց բարձին:

«Ո՛չ, հարկավոր չէ, այսպես ավելի լավ է», մտածեց նա և նորից պառկեց:

Հետևյալ օրն ավելի ևս վատ տրամադրության մեջ էր: Կարծես մեկը մահու չափ վիրավորել էր նրան, և նա երբեք չպետք է մոռանար այդ վիրավորանքը։

Թեյի ժամանակ եկավ կալվածների կառավարիչը Ստեփանը։ Դա միջահասակ մի մարդ էր խիստ մազակալած երեսով. արխալուղի վրա հագած էր հնամաշ մի սյուրտուկ, որի օձիքը պլպլում էր քրտինքի կեղտից։ Բացի Շահյանի կալվածներին վերահսկելուց, նա դալալի բազմազան արհեստով էր պարապում։ Վերջին հանգամանքը նրան վերին աստիճանի լեզվանի, խորամանկ և հաճոյախոս էր դարձրել իր գրպանի օգտին։ Ում հետ էլ որ գործ ունենար, անկարելի էր, որ չխաբեր նրան. իսկ Շահյանին խաբում էր ամեն մի քայլափոխում։

Նա պատմեց փակ խանութներից մեկի կտրան փուլ գալը և ասաց, որ քաղաքային վարչության և ոստիկանության կողմից մարդիկ էին եկել, որոնք, բոլոր խանութները դիտելուց հետո, գտել էին, որ ամբողջ շենքը պետք է հիմքից քանդվի, այլապես, խիստ խարխուլ լինելով, վտանգ է սպառնում անցուդարձ անողներին տակովն անելու։

Շահյանին խիստ անհաճո թվաց այդ պատմությունը. տեսավ, որ այդ խանութների գործը պետք է բավական անհանգստություն պատճառի իրեն, ուստի առաջարկեց Ստեփանին, որ ծախի։

Ստեփանն ընդդիմացավ. ասաց, որ խանութները թեև շատ էլ բանուկ տեղ չեն, բայց նոր որ շինվեն, լավ եկամուտ կբերեն։

Չէ, ծախիր, չեմ ուզում, կարճ կտրեց Շահյանը։

Ստեփանը, հակառակ իր ցանկության, ստիպված էր հնազանդվել։

Նա նոր էր դուրս գնացել, որ Շահյանի մոտ մտավ Բազենյանը խիստ ուրախ տրամադրությամբ։

Այդ անսպասելի այցը վերին աստիճանի անհաճո թվաց Շահյանին։ Ընկերոջ անհոգ, ուրախ դեմքն ու գեղեցիկ արտաքինն երբեք այնպես ատելի չէին թվացել նրան, ինչպես այժմ։ Բայց նրան ամենից ավելի ատելի թվաց Բազենյանի՝ սև շորի մեջ կախ արած ձեռքը։

Շահյանը աշխատեց սառն ընդունելություն տալ Բազենյանին և մինչև անգամ այնպես անել, որ նա հասկանա, թե այժմ այլևս ամենևին հաճելի չեն իրեն նրա այցելությունները, բայց իր թույլ բնավորության շնորհիվ այդ բոլորն արտահայտեց այնքան անշնորհք կերպով, որ Բազենյանն ամենևին չնկատեց էլ, թե նրա տրամադրության մեջ որևէ փոփոխություն է կատարվել դեպի ինքը։

Շահյանը կարծեց, թե Բազենյանի առաջին խոսքը լինելու է այն մասին, թե ինչո՞ւ ինքը, Շահյանը, երեկ գիշեր այնպես շուտ էր հեռացել պարահանդեսից, բայց խիստ վիրավորվեց, որ Բազենյանը հարցրեց.

Ինչո՞ւ երեկ գիշեր պարահանդես չէիր եկել։

Երևի արդեն շատ մեծ մարդ ես դարձել, որ ինձ չես նկատել, ասաց Շահյանը հանգիստ ձայնով։

Բազենյանը մի րոպե անկեղծ զարմացած նայեց Շահյանի դեմքին։

―Ա՛խ, իրավ, հանկարծ բացականչեց նա. դու խո Մարությանների հետ էիր, որ եկա։ ինչպե՞ս մոռացել եմ։ Բայց մեղավորը Մարությանի աղջիկն է, բռնեց և այլևս բաց չթողեց։ Նա հարցրել է քեզ իմ պարապմունքի մասին, և դու ոչինչ չես ասել։ Շնորհակալ եմ գաղտնապահությանդ համար. բայց ես ինքս ամեն բան պատմեցի նրան։ Նա պարզապես գերեց ինձ։ Որ ասեմ չիմացանք, թե ինչպես անցավ պարահանդեսը, չես հավատալ։ Ինքը մագնիսացել և ինձ էլ մագնիսացրել էր իր կողքին։ Պետք է տեսնեիր, թե ինչպիսի՜ ոգևորությամբ, ինչպիսի՜ համակրությամբ էր լսում... Խոստացավ հորը խնդրել, որ մի որևէ գումարով նպաստի գործին։ Մինչև անգամ հասկացրեց, որ ինքն էլ իր կողմից պատրաստ է զոհաբերելու, ինչ որ կարող է... Մի խոսքով՝ գանձ, կատարյալ մի գանձ, որ ես ամենևին հույս չունեի տեսնելու մեր ներկա հայ աղջիկների մեջ։ Հը՞, ի՞նչ կասես, Լևոն։

Շահյանը կամաց, կարծես ուժասպառ, երեսն ի վեր պառկեց փափուկ օթոցի վրա և ձեռքերը դրեց գլխի տակ։ Նա կարեվեր ջանք էր գործ դնում, որ կարելույն չափ հանգիստ ու անտարբեր մնա։ Նա ոչինչ չպատասխանեց։

Լսի՛ր, Լևոն, քեզ եմ հարցնում. գանձ չէ՞ այսպիսի մի աղջիկ։ Ի՞նչ անտարբեր և անքաղաքավարի մարդ ես, բացականչեց Բազենյանը ծիծաղելով և, նրա ոտներից հանելով ծաղկանկար մաշիկներից մեկը, ձգեց հատակի վրա։

Այդ բանը խիստ գրգռեց Շահյանին, և նա այլևս չկարողացավ զսպել իրեն։

― Դե որ գանձ է, թող գանձ լինի, էլ ի՞նչ ես ինձ հարցնում, շատ կոպիտ կերպով ասաց նա, նստեց և կռացավ, որ մաշիկը հագնի։

Բազենյանը նայեց նրա կարմրատակած ու ձգձգվող դեմքին և շարունակեց ծիծաղել։

Լավ, էլ ինչո՞ւ ես բարկանում։

Բարկանում եմ, որովհետև... ի՞նչ գործ ունիս մաշիկներիս հետ։

Եվ Շահյանը նորից պառկեց, բայց դեմքն այս անգամ պատի կողմն արեց։

Բազենյանը մատը կծեց։

Շահյանը, դեմքը պատի կողմն արած, թեև չէր տեսնում նրան, բայց իսկույն զգաց, որ նա հասկացավ, թե ինչ էր կատարվում իր ներսը, և շատ զղջաց, նույնիսկ ամաչեց, որ ակամա արտահայտեց իր ներքինը։ «Մաշիկները... ի՜նչ հիմար, ի՜նչ երեխայական պատճառաբանություն», մտածեց նա։

Բազենյանը կարճ ժամանակ լռեց և բեղի ծայրը ոլորելով, անթարթ նայում էր ընկերոջ ծոծրակին։

Շահյանը վախեցավ այդ խորհրդավոր լռությունից։ Այժմ նա բոլորովին համոզվեց, որ Բազենյանը լիովին հասկանում է իրեն։ Նա գրեթե սարսափով սպասում էր, թե Բազենյանն այդ մասին հարցումներ պիտի անի իրեն, և զգում էր, որ ինքը ոչ մի կերպով չպիտի կարողանա ծածկել նրանից, որ նախանձից ատում է նրան։

Սակայն Բազենյանը նստեց նրա մոտ, աթոռի վրա, և մեծ ճարպկությամբ փոխեց խոսակցությունը, առանց այլևս ոչ մի խոսք արտասանելու Եվայի մասին։

Բայց դրանով Շահյանի դրությունը չթեթևացավ։ Նա ավելի ուրախ կլիներ, եթե Բազենյանը շարունակեր խոսել Եվայի մասին, քան թե խույս տալով Մարությանի աղջկա մասին խոսելուց, դրանով զգացնել տար, որ խղճում է իրեն։

Բազենյանն այժմ խոսում էր ոչ առաջվա մտերմական անկեղծությամբ։ Նոր մտած ժամանակ այնքան ուրախ և ոգևորված լինելով, այժմ խիստ զսպած, նույնիսկ սառն էր պահում իրեն։ Բայց նրա ձայնի մեջ հետզհետե և ավելի ու ավելի տիրապետում էր լսողին գերող այն տխուր լարը, որ հնչում է ուրիշի թշվառության համար անկեղծորեն ցավող մարդու ձայնի մեջ։ Նա խոսում էր ազգի թշվառության մասին։

Շահյանը պառկած էր, դեմքը շարունակ պատի կողմն արած։ Նա ուշի-ուշով լսում էր Բազենյանին և մտածում էր ոչ թե այն մասին, թե ինչ էր խոսում ընկերը, այլ այն մասին, թե ինչպես էր խոսում նա, թե ինչպես էր հնչում նրա ձայնը։ Եվ Բազենյանն այդ կողմից կատարյալ կախարդ էր թվում նրան։ Նա զգում էր, որ այդ գեղեցիկ երիտասարդը եթե ամենքի հետ էլ այդպես է խոսում, անկարելի է, որ չգերե նրանց, մանավանդ Եվային, այդ անկեղծ բուռն զգացմունքներով ապրող անփորձ աղջկան։ «Եվ ես ուզում եմ սրա հետ մրցե՞լ», մտածեց նա խորին դառնությամբ։

Երբ Բազենյանը գնաց, Շահյանը դեռ երկար ժամանակ պառկած էր նույն դրության մեջ։ Նա ընկել էր խորը մտածմունքների մեջ։ Հետո կամաց վեր կացավ, նստեց գրասեղանի մոտ և մի նամակ գրեց։ Գրելուց հետո կարդաց, բայց չհավանեց, պատռեց և մի ուրիշը գրեց։ Այդ էլ չհավանեց։ Այդպիսով մի քանի թուղթ գրելուց հետո վերջ ի վերջո գրելիքը խմբագրեց հետևյալ կերպով.

«Սիրելի ընկեր.

Իհարկե, հասկացար, թե իսկապես ինչու այնպես հանկարծ գրգռվեցի այսօր... Եվ թերևս ինձ խղճալուդ համար էր, որ չհարցրիր պատճառը։ Բայց և այնպես, անկեղծորեն պիտի խոստովանեմ քեզ այդ պատճառը. միտք էլ չունի, որ ծածկեմ: Ես սիրում եմ Եվային, սիրում եմ անհույս, անպատմելի տանջանքով, որովհետև զգում եմ և հավատացած եմ, որ նա երբեք չպիտի կարողանա սիրել ինձ նման մի ողորմելի արարածի...

Տեսնում ես, ես խոսում եմ անկեղծորեն։ Եկ դու էլ ոչինչ մի ծածկիր ինձնից. ասա ուղղակի, որ արդեն սիրում ես նրան։ Ես համոզված եմ, որ նա էլ անտարբեր չէ դեպի քեզ, որովհետև ձեր ծանոթանալու առաջին իսկ րոպեից տեսա, որ դու զորեղ տպավորություն ես գործել նրա վրա։ Ուրիշ կերպ անկարելի էր։ Նա այնքա՜ն զգայուն աղջիկ է... Թերևս ոչ ոք նրա հոգին այնպես չհասկանա, ինչպես ես։ Մի զարմանալ, որքան արտաքուստ մեռած եմ երևում, այնքան նուրբ է հոգուս ըմբռնությունը։

Լսիր, Բազենյան։ Այն օրից, որ իմ մեջ գիտակցություն է զարթել, ես միշտ թշվառ եմ զգացել ինձ։ Բայց այժմ իմ այդ թշվառությունը հասել է իր գագաթնակետին։ Ես տանջվում եմ, անասելի կերպով տանջվում։ Անհնար է, որ այլևս դիմանամ այդ տանջանքին։ Ի՞նչ արած, բնությունը զրկել է ինձ այդ քաջությունից։ Այս տանջանքին վերջ տալու համար մնում է երկու բան կամ անձնասպանություն գործել, կամ վերջ դնել իմ ու քո միջև եղած բարեկամությանը։ Քեզ եմ թողնում ընտրիր՝ որն ուզում ես... Այս մասին չեմ երկարացնում։ Հույս ունիմ, ինձ հասկանում ես... Ա՜խ, տուր ինձ հոգու անդորրություն, հոգու անդորրություն միայն, մնացածը, աստված քեզ հետ, մնացածը թող քեզ լինի. ես կհաշտվեմ դրությանս հետ...

Մնաս բարյավ, երջանիկ ընկեր, կրկին անգամ մնաս բարյավ։

Քո դժբախտ Լևոն Շահյան»

Շահյանը խիստ հավանեց իր այդ նամակը, այնքան հավանեց, որ չծուլացավ մաքուր արտագրելու և արտագրածը մի քանի անգամ կարդալու։ Նամակը սպասածից ավելի հաջող էր դուրս եկել, թեև բոլորովին ուրիշ բնավորություն ուներ, քան մտադիր էր տալ սկզբում։ Ինչ-որ սրտաշարժ բան էր նկատում իր գրածի մեջ և հենց սրտաշարժ բանն էր, որ հավանում էր։

Նամակը փակելով ծրարի մեջ, տվեց ծառային, որ տանի հանձնի Բազենյանին «Լոնդոն» հյուրանոցում։

13

Ծառան վերադարձավ և հայտնեց, թե Բազենյանը տանը չէր, ուստի նամակը տվել է հյուրանոցի դռնապանին, որ նրան հանձնի։ Շահյանը համոզված էր, որ եթե ոչ այդ օրը, գոնե հետևյալ օրն անպատճառ պատասխան կստանա։ Բայց ոչ այդ և ոչ հետևյալ օրը ոչ պատասխան եկավ Բազենյանից և ոչ ինքն երևաց:

Շահյանը վախկոտ մտահոգության մեջ ընկավ։ Կարդաց նամակի սևագրությունը, թեև բառ առ բառ անգիր գիտեր, և այս անգամ խիստ դժգոհեց այն բանից, ինչ որ գրել էր։ Տեսավ, որ շատ բան կեղծել է և շատ բան չափազանցրել։ Գլխավորը, որ նա բոլորովին չհավանեց այս անգամ, այդ այն էր, որ նամակը սկզբից մինչև վերջը վիպական ինչ-որ ծիծաղելի սենտիմենտալ բնավորություն ուներ, այսինքն ա՛յն, ինչ որ նամակը գրած ժամանակ խիստ հավանել էր։ Եվ շատ զղջաց, որ այդպիսի նամակ էր գրել Բազենյանին։ Այդ նամակի մեջ նա ներկայանում էր իբրև վերին աստիճանի խղճալի արարած՝ զուրկ արժանապատվության զգացումից, սենտիմենտալ իր սիրո մեջ, վախկոտ իր ատելության մեջ։

Բայց նամակն արդեն գրված ուղարկված էր, և նա այս անգամ պատասխանին սպասում էր գրեթե սարսափով։ Պատասխանը ստացվեց երրորդ օրը քաղաքային փոստով։ Բազենյանը գրում էր.

«Անգին իմ Լևոն.

Թերես զարմացած ես, թե ինչո՞ւ այսպես ուշ եմ պատասխանում նամակիդ։ Զարմանքդ կփարատվի, եթե գեթ հարևանցի երևակայես դրությունս։ Նամակդ այնպես ցնցել է ինձ, որ մինչև այս րոպեիս էլ խելքս, կարծես, գլխիս չէ։ Հավատո՞ւմ ես, ոչ երեկ և ոչ այս գիշեր չեմ քնել կամ, ավելի ճիշտը, չեմ կարողացել քնել, որովհետև շարունակ մտածում էի, թե ինչ պատասխանեմ։

Հիրավի, ի՞նչ պատասխանեմ...

Սակայն փորձեմ պատասխանել։ Թերևս շատ էլ դժգոհ չմնաս իմ պատասխանից։

Դու ինձ անկեղծորեն խոստովանում ես բոլորը: Դա ինձ համար մեծ գին ունի։ Եվ ուզում ես, որ ես էլ ոչինչ չծածկեմ քեզնից։ Թույլ տուր միջանկյալ նկատեմ քեզ, սիրելիս, որ իզուր ես կարծում, թե ես որևէ բանում կարող եմ անկեղծ չլինել։ Եվ կեղծեմ ո՞ւմ առաջ։ Քո՞։ Ինչո՞ւ համար։ Եվ ի՞նչ միտք ունի կեղծիքն այս դեպքում։

Եթե դու այնքան սկեպտիկ չես, Լևոն, և խոսքերս որևէ նշանակություն ունին քեզ համար, ապա կարող եմ քեզ հավատացնել, որ ընկերներիցս ոչ ոքի, այո՛, ո՛չ ոքի, այնպես չեմ սիրել, ինչպես քեզ...

Սակայն այս մասին կարճ եմ կտրում, որովհետև ո՞վ գիտե ինչ բացատրություններ տաս խոսքերիս...

Գանք ուղղակի գործին։

Ինչպես տեսնում ես, սիրելիս, ես աշխատում եմ կարելույն չափ հանգիստ հոգով գրել։

Քո նամակովդ, Լևոն, իսկապես մեծ ծառայություն մատուցեցիր ինձ, այնպիսի մի անգնահատելի ծառայություն, որի համար երբեք չպիտի դադարեմ քո անունն երախտագիտությամբ հիշելու, քանի շունչս բերանումս կլինի։ Ասեմ ինչու։

Դու չես սխալվում. ես անտարբեր չեմ դեպի Մարությանի աղջիկը։ Կարծեմ իմ այցելության առաջին գիշերն իսկ ասացի քեզ, որ այդ աղջիկը խիստ դուր է եկել ինձ։ Տեսնո՞ւմ ես, առանց քո ասելու էլ ես անկեղծ եմ եղել դեպի քեզ։ Ճշմարիտը խոստովանելով, պիտի ասեմ քեզ, որ Եվայի ինձ վրա թողած տպավորությունը եթե արդեն սեր չէ, գոնե շատ շուտով կարող է սիրո փոխվել։ Ես այդ ավելի քան նախազգում եմ։ Գիտեմ, թե ինչ է այն զգացումը, որ «սեր» է կոչվում։ Այդ մասին ես քեզ մի պատմություն արդեն արել եմ իմ կյանքից։ Այժմ կարող եմ ավելացնել հետևյալը։

Եթե այն Ժամանակ այն էլզասցի աղջկան սիրել եմ, որքան ընդունակ է մարդ արարածը սիրելու, այնուամենայնիվ զգացել եմ, որ այդ աղջիկն օտար է ինձ համար, այնքան օտար, որքան օտար կարող են լինել թեև միևնույն գաղափարով համակված, բայց տարբեր ազգությունների պատկանող և յուրաքանչյուրն իր հայրենիքի թշվառության մասին մտածող երկու սիրող սիրտ։ Բայց այժմ զգում եմ, որ եթե հազարավոր այդպիսի օտարուհիներ պատահեն ինձ, ես դրանց բոլորին էլ չեմ փոխիլ մի, այո՛, մի, հայ Եվայի հետ: Մի հարազատն ավելի սիրելի է, քան հազարավոր օտարներ միասին առած։ Դա բնական օրենք է։

Ներիր, սիրելիս, ինձ թվում է, թե տրամադիր եմ գործից հեռանալու։ Կարճ կտրեմ, ավելի լավ է։

Քանի որ ասում ես, թե սիրում ես Եվային, իսկ Եվան դեպի ինձ է հակված (այդ ես էլ եմ նկատում. պարզ խոսելը լավ է), և հոգիդ անդորր պահելու համար անհրաժեշտ ես գտնում, որ վերջ տրվի իմ ու քո միջև եղած բարեկամությանը, համաձայն եմ, տուր ինձ ձեռքդ։ Հարկավ, դա շատ ծանր է ինձ համար, բայց ավելի լավ է՝ հեռու մնանք իրարից իբրև բարեկամ, քան մոտիկ լինենք իբրև թշնամի։ Անձնասպանության մասին ավելորդ եմ համարում խոսել, որովհետև այդ, իհարկե, շատ հիմար մի միտք է, որ ծագել է գլխումդ։ Ե՛ս միայն զարմանում եմ, թե այդ ի՜նչ հրեշավոր գաղափար ունիս իմ մասին, որ բավական չէ այդ մասին գրում ես ինձ, այլև իմ ընտրությանս ես թողնում...

Ինչևիցե, այս թողնենք։ Ես քեզ ուրիշ բան եմ ուզում ասել, և նամակովդ ինձ մատուցած մեծ ծառայությունն այդ բանը համարիր։

Քո և իմ միջև եղած բարեկամությանը վերջ դնելով, ես միևնույն ժամանակ այսօրվանից վերջ եմ դնում իմ և Եվայի միջև եղած բարեկամությանը, համակրությանը, սիրույն, ինչպես ուզում ես՝ անվանիր։

Այս բանը թերևս անսպասելի լինի քեզ համար։ Բայց մի զարմանար, Լևոն: Քեզ հայտնի է, որ իմ անձը սուրբ երդումով նվիրել եմ իմ թշվառ հայրենիքին, հետևաբար այդ անձը չի կարող, իրավունք չունի պատկանելու մի որևէ անհատի, թեկուզ այդ անհատը լիներ Եվայի պես մի աղջիկ, որի համար, օ՜, սիրո հանցավոր պաշտելի աստված, արժե մոռանալ հայրենիքն էլ, ամեն բան էլ... Մյուս կողմից, ի՞նչ խղճով ես կարող եմ վայելել մի սեր, երբ ինձ համար պարզ է, եթե ես չլինեի, կարող էր պատկանել իմ ընկերոջը։ Ո՛չ, այդպիսի սերն երջանկություն չէր բերիլ ինձ համար, այլ սոսկալի թշվառություն, որովհետև գիտակցությունս աչքիս առաջ շարունակ պիտի ներկայացներ այդ սիրո պատճառով թշվառացած թանկագին ընկերոջս տանջանքները...

Այդպես ուրեմն, անգին բարեկամ և ազնիվ ընկեր, այս օրվանից ամեն բան արդեն վճռված է։ Հավաքում եմ սրտիս բոլոր քաջությունը, մտքիս բոլոր խոհականությունը և հրաժեշտ եմ տալիս քեզ և քեզ հետ միասին Եվային։ Եթե մի քանի կարևոր գործերս չլինեին, որոնց, սակայն, հույս ունիմ շուտով վերջացնելու, կհեռանայի հենց այսօր ևեթ։ Սակայն այդ միևնույն է. այսօրվանից այլևս երբեք չեմ տեսնիլ Եվային և կաշխատեմ մտքիցս ու սրտիցս հանել նրա պատկերը:

Ի վերջո պարտավորությունս եմ համարում հատուկ շնորհակալությունս հայտնել քեզ, որ իր ժամանակին հանեցիր ինձ ինքնամոռացությունիցս և, թեև անուղղակի, հիշեցրիր ինձ վեհ նպատակը։ Ուրեմն մնաս բարյավ, իմ անգին ընկեր։ Մնաս բարյավ և դո՛ւ, Եվա։ Ես գնում եմ այնտեղ, ուր պարտավոր եմ գնալ... Թեև հույս չունիմ, թե կենդանի կմնամ այնտեղ, բայց այս անակնկալ դեպքից հետո մահն ավելի ևս քաղցր կլինի ինձ համար։

Կրկին անգամ մնաս բարյավ, իմ անգին, իմ ազնիվ, իմ անկեղծ ընկեր։

Ընդմիշտ քո Սուրեն Բազենյան»։

Շահյանը չկարողացավ միանգամից ըմբռնել այդ նամակի միտքը։ Կարդաց երկրորդ անգամ, երրորդ անգամ... և հետզհետե ազդվելով, ընկղմվեց ծանր մտատանջության մեջ։

Մի՞թե, հիրավի, Բազենյանն այդ աստիճան վեհանձն, անձնազոհ և հայրենիքին այդպես նվիրված երիտասարդ էր։ Մինչդեռ ինքը Շահյանը, իր համար անհաջող և անհույս սիրո մեջ նրա ախոյանը հանդիսանալով, լցվել է դեպի նա չար նախանձով ու ատելությամբ, Բազենյանն, ընդհակառակը, քրիստոնեական ամենամեծ պատվերի հետևող էր հանդիսանում, իր բախտը, իր երջանկությունը զոհում էր ընկերոջ օգտին։

Այդ այնքան պարզ էր Բազենյանի նամակից, որ Շահյանը մինչև անգամ զզվանքով ամաչեց դեպի նա տածած իր փոքրոգի և նախանձոտ ատելությունից։

Սակայն այդ ատելությունն այժմ չքացավ միանգամից։ Շահյանը զգում էր այժմ, որ պատրաստ է առաջվանից է՛լ ավելի բուռն զգացումով սիրելու և հարգելու Բազենյանին, եթե նրա հոգին չդառնանար այն գիտակցությունից, թե՝ միևնույն է, Եվան Բազենյանի հեռանալով խո չի փոխիլ իր համակրությունը. ընդհակառակը, իբրև չափից դուրս զգայուն աղջիկ ավելի ևս կսիրե անձնազոհ և հայրենիքի ազատության գործին նվիրված Բազենյանին, իսկ իրեն, Շահյանին, ատելով կատի, երբ իմանա, որ իր սիրած երիտասարդին իրենից անջատողը այդ չնչին, ողորմելի Շահյանն է։

Վերջին միտքը խելագարեցնելու չափ անտանելի թվաց Շահյանին։ Նա ապշեց։ Ի՞նչ միտք ուներ, որ խառնում էր Եվայի և Բազենյանի միջև սկսված հարաբերություններին, քանի որ հենց սկզբից համոզված էր, որ նրանց սրտերն արդեն կապված են իրար հետ, և Եվան ոչ մի կերպ չի կարող սիրել իրեն։ Ճիշտ է, Բազենյանին իր նամակը գրեց այն մտադրությամբ միայն, որ նա հեռու մնա իրենից, որպեսզի ինքը կարողանար հոգու անդորրություն գտնել, բայց ինչպե՞ս չէր հասկանում, որ իր նամակն իսկապես օտար նախանձով լցված սրտի խուլ ու ապօրինի մի բողոք էր այն երջանկության մեջ, որ պիտի ունենային Եվան ու Բազենյանն իրար սիրելով։ Մեղավո՞ր էր Եվան, որ համակրում էր Բազենյանին. մեղավո՞ր էր Բազենյանը, որ համակրում էր Եվային։ Ինչո՞ւ նրանց թշվառության պատճառ է դառնում։ Ի՞նչ իրավունքով։ Եսասեր մարդու ստոր նախանձի արդյունք չէ՞ արդյոք իր վարմունքը։

Շահյանը քստմնեց իրենից։ Այս անգամ զգաց, որ իր հոգին անդորր կարող էր լինել այն դեպքում միայն, երբ ամենևին չգրեր իր նամակը Բազենյանին և շարունակեր նրա հետ իր առաջվա բարեկամությունը։ Այո՛, հազարապատիկ ավելի լավ է, որ մարդ ինքը տանջվի ուրիշի պատճառով, քան թե զգա, որ ինքն է պատճառն ուրիշի տանջանքի, մտածում էր Շահյանը։

Շահյանի հանգիստը միանգամայն կորել էր, և նա որքան շատ էր մտածում իր վարմունքի մասին, այնքան ավելի ու ավելի զգում էր, որ արդարանալու ոչ մի կետ չունի։ Նրան թվում էր, թե մարդ է սպանել և ոչ մի զղջում չպիտի կարողանա քավել այդ հանցանքը։

Բազենյանի դրությունը նրան պարզապես տրագիկական էր թվում։ Եվ նա զգում էր, որ Բազենյանին ոչ թե միայն այլևս չի ատում և չի կասկածում նրա վեհ առաքելության մասին, այլ այդ երիտասարդը չափից դուրս բարձրացել է իր աչքում։

Չնայելով Բազենյանի պարզ ու հատու նամակին, Շահյանին թվում էր, թե իրենց հարաբերությունները չափազանց խճճվել են, թե այդ հարաբերությունները պարզելու համար անպատճառ հարկավոր է մի բան անել, բայց թե ինչ բան, չգիտեր։ Իհարկե, ամենից լավն այն կլիներ, որ անձամբ տեսնվեր ու խոսեր Բազենյանի հետ, բայց այժմ ավելի, քան երբեք, վստահություն չուներ այդ բանն անելու։ Նա խիստ ամաչում էր իր նամակից հետո գնալ Բազենյանի մոտ և չգիտեր էլ, թե իսկապես ինչ պիտի խոսեր նրա հետ։

14

Անցավ մոտ մի ամիս։ Շահյանը դեռևս մտատանջվում էր, թե ինչպես տեսնվի Բազենյանի հետ, երբ մի օր հանկարծ ուրախացած կանգ առավ այն մտքի վրա, թե Բազենյանն այդ մի ամսվա ընթացքում անշուշտ արդեն հեռացած կլինի Թիֆլիսից, ուրեմն ավելորդ է այլևս այդքան մտատանջվել նրա հետ տեսնվելու և խոսելու մասին։ Այս միտքն անասելի մի թեթևություն պատճառեց նրան, որպիսի թեթևություն զգում են առհասարակ անվճռական մարդիկ, երբ իրենց որևէ մի ծանր պարտականությունն անկատար թողնելու համար հանկարծ բանավոր պատճառ են գտնում։

Բայց սխալվեց։

Մի երեկո, երբ Շահյանը, զբոսանքի դուրս եկած ժամանակ, անցնում էր Միքայելյան կամրջով, հանկարծ նրա դեմն ելավ Բազենյանը մուշտակի մեջ կոլոլված և մոխրագույն մորթե գլխարկով, որը, ծուռ ծածկած, չափազանց սազում էր նրան։ Այդ հանդիպումն այնքան անակնկալ էր Շահյանի համար, որ նա ակամա կանգ առավ, կարմրեց ու գունատվեց։

Բազենյանը նրան դիմավորեց բավական զսպված կերպով։ Նրա դեմքը լուրջ էր, աչքերը նայում էին մտահոգ հանգստությամբ։

Մի՞թե, հիրավի, մենք պիտի բաժանվեինք իրարից այնպե՛ս, որ գեթ վերջին անգամ չպիտի տեսնեինք իրար, ասաց նա սառն, հավասար ձայնով և ձախ ձեռը մեկնեց Շահյանին։ Աջ ձեռքը դեռևս կապած էր։

Ես էլ այդ էի մտածում, պատասխանեց Շահյանը, խիստ անհարմար դրության մեջ զգալով իրեն ընկերոջ սառն ընդունելությունից:

Այդ մի փոքր տարօրինակ կլիներ, ավելացրեց Բազենյանր։ Գոնե ինձ համար...

Ինձ համար էլ, մեքենայաբար վրա բերեց Շահյանը։

Թողնենք մեր պատանեկությունը... այս վերջերս կարճ միջոցում այնքան մոտեցանք իրար, գոնե ես ինձ այնքան մոտ էի զգում քեզ, որ համոզված էի, թե ոչ մի բան չպիտի կարողանար արգելք լիներ մեզ անջատման ժամին եղբայրաբար սեղմելու իրար ձեռք և մնաս բարյավ ասել իրար վերջին անգամ։

Շահյանը զգացվեց։ Առանց հանդիմանության և թախծորեն արտասանված այդ խոսքերն այնպիսի ազդեցություն ունեցան նրա վրա, որ նա անկարող եղավ զսպել իրեն և բացականչեց ամենայն անկեղծությամբ.

Այո՛, այո՛, մենք դարձյալ ընկերներ ենք... Պետք է ներես, Սուրեն... Զգում եմ, որ մեղավոր եմ քո առաջ, չպետք է գրեի քեզ այն նամակը...

Բազենյանը փորձող հայացքով նայեց նրա շփոթված դեմքին և հանգիստ վեր քաշեց ուսերը։

Տեսնո՞ւմ ես, դու ուրիշ բան հասկացար, ասաց նա։ Իսկ ես այդ չէի ուզում ասել։

Գիտեմ, գիտեմ, արագ, ավելի ևս անկեղծորեն վրա բերեց Շահյանը։ Եվ իզուր ես կարծում, թե խոսքերդ ակնարկություն եմ ընդունում իմ այն չարաբաստիկ նամակի համար։ Ընդհակառակը, Սուրեն. ես ավելի քան հավատում եմ քո ընկերական անկեղծությանը, և եթե ասացի, թե չպետք է գրեի քեզ այն նամակը, ասացի նրա համար, որ... խիղճս հանգիստ չէ։ Կարծես մի ծանր հանցանք եմ գործել, որ ոչ ես և ոչ ուրիշն երբեք չպետք է ների ինձ...

Բազենյանը իր սուր հայացքով մի րոպե վերին աստիճանի լրջորեն նայեց Շահյանի խեղճ, միամիտ աչքերին։

Խղճիդ մի հավատար, Լևոն, ասաց նա հանգիստ։ Չափազանց զգայուն լինելուց խիղճդ ծայրահեղության մեջ է ընկնում: Երկար չեմ ուզում խոսել այս մասին, ավելացրեց նա կտրուկ կերպով։ Այսքանս միայն կասեմ, որ վատ բան արած կլինեիր, եթե այն նամակը չգրեիր ինձ։

Ինչպե՞ս, զարմացավ Շահյանը։

Այնպես որ... Բազենյանը բռնեց Շահյանի թևից և քաշեց կամրջի վանդակապատի կողմը, որպեսզի ազատ ճանապարհ լինի տված անցուդարձ անողներին։ Լսիր, Լևոն, ինչ եմ ասում։ Այնպիսի ընկերների մեջ, որպիսին ես ու դու ենք, գաղտնապահություն չպետք է լինի ամենևին։ Պարզ կերպով, առանց հետին մտքի, իրարու ամեն բան խոստովանելը միակ միջոցն է ընկերական հարաբերությունները հաստատ հիմքերի վրա դնելու։ Մինչև անգամ ես կարծում էի, որ երբ երկու ընկերների միջև ինչ-ինչ պատճառներով հակակրանք է ծագում, այդ դեպքումն էլ շատ լավ կլինի, որ նրանք իրենց այդ զգացումը չծածկեն իրարից։ Սիրում ես ընկերոջդ, այդ ինքնըստինքյան կարտահայտվի. սկսել ես ատել, այդ էլ մի աշխատիր ծածկել: Քաշվելն ավելի վատ է այդ դեպքում։ Խոսքն ուղղակի տուր ճակատին ու հեռացիր։ Այդ հանգստություն կտա քեզ, կամրացնե հոգիդ։

Շահյանը մնացել էր շփոթված և ապշած։ Նրան թվում էր, թե Բազենյանը թափանցել էր իր հոգու խորքը և գիծ առ գիծ երևան է հանում հակակրանքի այն զգացումը, որ ինքը սկսել էր տածել դեպի ընկերը։ Բայց այժմ այդ զգացումը այլևս չկար նրա մեջ։ Այս անգամ նա թե վախենում էր Բազենյանի թափանցողությունից և թե զգում էր, որ պատրաստ է առաջվանից ավելի սիրելու ընկերոջը, որի մեջ այժմ բոլորովին նոր ու սրտագրավ մի բան էր տեսնում։

Ինչպես տեսնում եմ, Սուրեն, դու դարձյալ կասկածում ես դեպի քեզ տածած զգացումներիս վերաբերմամբ, մեղմորեն կշտամբեց նա։

Է՜էհ, ի՞նչ տեսակ մարդ ես, նեղացավ Բազենյանը։ Ինչո՞ւ խոսքերս միշտ քեզ վրա ես ընդունում։ Ես խոսում եմ ընդհանրապես։ Դու ասացիր, թե մեղավոր ես իմ առաջ, թե չպետք է գրեիր ինձ այն նամակը, իսկ ես ուզում եմ ապացուցանել, որ դրանով վատ բան արած կլինեիր։ Եվ վատ բան արած կլինեիր նրանով, որ...

Բայց, ախր, դու չհասկացար ինձ...

Սպասիր։ Վատ բան արած կլինեիր նրանով, որ...: Ինչպե՞ս չհասկացա քեզ։ Ուզում եմ ասել, որ նամակովդ ակամա առիթ ես տվել ինձ հեռանալու Եվայից, որ դու ամենևին ի նկատի չես ունեցել, թե նամակդ ինձ համար, քո կարծիքով, այդպիսի ծանր հետևանք կունենա, որ հենց այդ բանի համար էլ խիղճդ տանջում է քեզ։ Այդպես չէ՞:

Այո։

Տեսնում ես, որ հասկացել եմ։ Ա՛յ, դու չես հասկացել քեզ գրած պատասխանիս միտքը... Դժբախտաբար, ժամանակ չունիմ, Լևոն, երկար խոսելու, մի շատ կարևոր գործի համար շտապում եմ մի տեղ, բայց որպեսզի քո գովելի բարեսրտությամբ շատ էլ չչափազանցնես դրութունս, ահա թե ինչ պետք է ասեմ քեզ։ Իրավ է, Եվան ինձ վրա մեծ տպավորություն է թողել. ընդամենը մի քանի անգամ եմ տեսել նրան, և նրա մոտ լինելը, նրա հետ խոսելը միշտ մեծ հաճույք է պատճառել ինձ, բայց միայն այդքան։ Այն զգացումը, որ ես տածում եմ դեպի նա, սեր չէ, ինչպես դու ես կարծում. հետևաբար այդ զգացումը մեռցնելու համար մի առանձին դժվարություն չկա։ Բավական է, որ հեռու մնամ, և ամեն բան կվերջանա ինքնըստինքյան։ Առանց այդ էլ շուտով պետք է հեռանայի այստեղից, և եթե մինչև այժմ մնում եմ այստեղ, պատճառը մեր գործի հետ կապ ունեցող մի քանի անակնկալ հանգամանքներ են։ Գուցե, քեզ գրած պատասխանիս մեջ, նամակիդ ազդեցության տակ, փոքր-ինչ չափազանցրել եմ դրությունս, բայց այժմ դեպի Եվան տածած զգացումս բոլորովին պարզ է ինձ համար։ Ծանոթանալուս առաջին օրերն էին... Եվան շնորհալի, հետաքրքրվող, ինքնուրույն, գեղեցիկ աղջիկ է, որպիսին առաջին անգամն եմ պատահում հայ աղջիկների մեջ... Վերջապես, ինքս խիստ տպավորվող եմ... Է՛հ, այդպիսի պայմաններում շատ հասկանալի է, որ փոքր-ինչ ինքնամոռացության մեջ ընկնեի։ Բայց, փառք աստծո, այժմ բանը չի կարող հեռու գնալ, որովհետև... շնորհակալ եմ, քո և միայն քո նամակի շնորհիվ ես, բարեբախտաբար, խոհեմություն ունեցա իր ժամանակին զսպելու ինձ և ետ քաշվելու: Այն գործը, որին նվիրված եմ ես, պահանջում է ամենից առաջ անձնուրացություն, իսկ սիրո մեջ իր շրջանակից դուրս չկա այդպիսի անձնուրացություն։ Ժողովրդական գործին նվիրված մարդը կատարելապես ազատ պիտի լինի անձնական զգացումներից, գոնե նա չպետք է թույլ տա, որ այդ զգացումները գերիշխող դեր կատարեն իր կյյանքի մեջ. իսկ սիրո զգացումն այն առանձնահատկությունն ունի, որ մարդուն ամենանեղ եսասեր է դարձնում։ Քիչ չի պատահել, որ մարդիկ հայրենիքի դավաճան են հանդիսացել նրա համար միայն, որ սիրել են: Այդ դավաճանությունն եղել է գիտակցաբար և անգիտակցաբար։ Անգիտակցաբար դավաճաններից մեկն էլ ես կարող էի հանդիսանալ. անձնատուր կլինեի սիրո հրապույրներին և... այդ հրապույրներից դուրս թեկուզ ամբողջ աշխարհը կործանվեր, այդ մասին ես ամենևին չէի հոգալ։ Մինչդեռ ես ընկերներ ունիմ... նրանք գործում են... հավատում են, որ ես էլ ցմահ իրենց հետ եմ... ես ինքս եմ խոսք տվել... մենք ուխտել ենք միասին, և ինչպե՞ս կարող եմ դրժել իմ խոսքը, իմ ուխտը... Ահա՛ թե ինչու համար եմ ասում, որ վատ բան արած կլինեիր, եթե չգրեիր ինձ այն նամակը, մի նամակ, որը սթափեցուցիչ մի դեղ էր ինձ համար։

Բազենյանը խոսում էր հանգիստ և իր մտքերին անձնատուր եղած մարդու ոչինչ չտեսնող հայացքով նայում էր գետի խաղաղ ընթացքին։ Այդ միջոցին նրա ամբողջ արտաքինն այն աստիճան ազդու կերպարանք էր առել, նրա հանգիստ ձայնի մեջ այնպիսի վշտաբեկ մի լար էր հնչում, որ Շահյանը զգաց, թե նրան երջանկացնելու համար պատրաստ է զոհել ամեն բան, ինչ կարող է։

Լսիր, Բազենյան, ասաց նա կամաց, բռնելով նրա թևից։ Իմ կարծիքով, սերն արգելք չպիտի լինի քեզ, որ շարունակես գործել հայրենիքի համար, մանավանդ Եվայի պես մի աղջկա սերը...

Բազենյանը չպատասխանեց։ Նա շարունակ նայում էր գետի հոսանքին, բայց այս անգամ հոնքերը կիտեց, և նրա մտախոհ հայացքը փոքր-ինչ խիստ արտահայտություն ստացավ։

Շահյանը կարճ լռությունից հետո ավելացրեց.

Ինձ թվում է, թե այդ զոհաբերությունն անում ես... ինձ համար։

Բազենյանը դառնությամբ ժպտաց և թեթևակի նայեց նրան։

Ուզում ես ասել, թե ավելորդ է, որ հայրենի՞քն եմ մեջ բերում...

Ո՛չ, աստված վկա, ոչ, Սուրեն, եռանդուն անկեղծությամբ վրա բերեց Շահյանը և մինչև անգամ նեղացավ, որ նա այդպիսի մի անակնկալ բացատրություն տվեց իր խոսքերին։ Ասում եմ, զոհաբերությունդ ինձ համար ես անում, որովհետև... Եվան երբե՛ք չի կարող քեզ արգելք լինի, որ դու շարունակես գործել հայրենիքիդ համար։ Ընդհակառակը, ես կարծում եմ, նույնիսկ համոզված եմ, որ նա քեզ սիրում է հենց ա՛յդ բանի համար... Չէ՞ որ ես ճանաչում եմ նրան։

Բազենյանը մի խիստ շարժում գործեց։

Ինչևիցե, այս մասին այլևս չխոսենք, ասաց նա, կարծես ինքն իր դեմ զայրացած: Գործի վրա ես ուրիշ տեսակետից եմ նայում։ Վճիռս անդարձ է։

Եվ նա պատրաստվեց, որ հեռանա։

Այս մեր վերջի՞ն տեսակցությունն է, թե՞ էլի կտեսնվենք, հարցրեց նա։

Է՛լի, է՛լի, արագ վրա բերեց Շահյանը։ Ե՞րբ ես գնում։

Կարծեմ, դարձյալ մի շաբաթ կմնամ։

Որ այդպես է, Սուրեն, վաղը ճաշին արի ինձ մոտ... առաջվա պես։ Կգա՞ս:

Տեսնեմ... չափազանց զբաղված եմ։

Չէ, անպատճառ արի. այլապես՝ կկարծեմ, որ նեղացած ես ինձնից։

Լավ, կգամ, ժպտաց Բազենյանը և ձախ ձեռքը մեկնեց նրան։

Զարմանալի է. ձեռքդ դեռևս չի՞ առողջացել։

Ինչպես տեսնում ես, աջ ձեռքս դեռևս դատապարտված է անգործության։

Նրանք բաժանվեցին իրարից խիստ սրտագին։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Մահը"

Ятук Музыка
Концерт для скрипки ре минор
Арам Хачатрян

Концерт для скрипки ре минор

Война и мир
Война и мир
Играть онлайн