Нар-Дос
Մահը
7
Երկրորդ մաս
Օրերն օրերի, շաբաթները շաբաթների ետևից անցնում էին Շահյանի համար դանդաղ, միակերպ, տաղտկալի։ Իսկապես ոչ մի պատկեր չունեցող իր կյանքը նա պատկերավորում էր այնպես, որ կարծես ինքը խրված լիներ անշարժ, կպչուն ճահճի մեջ և քանի գնում, այնքան խորն էր խրվում, մինչև որ բոլորովին կանհետանար, և ճահճի մակերեսը կհավասարվեր, ոչ մի նշան չթողնելով, թե այնտեղ, խորքում, մարդ կա թաղված։ Իր անպետքության և ապիկարության մասին ունեցած գիտակցությունն այժմ այլևս առաջվա ուժով չէր հալածում նրան։ Այդ գիտակցությունը կամաց-կամաց բթանում և փոխվում էր մի տեսակ ապատիայի, որի մեջ բանավոր արարածի կյանքը ստորանում է մինչև անբան կենդանու կյանքի աստիճանը, որի մեջ մարդը դառնում է զուտ կենդանական մի մարմին՝ առանց մտածումների, առանց հույզերի, առանց նպատակների։
Այն գիշերը, երբ Շահյանը, Մինասյանին և Աշխենին ճանապարհ ձգելուց հետո, երկաթուղու կայարանից տուն դարձավ, հորը մեռած գտավ կաթվածից։
Կես ժամ առաջ աղա Կարապետի սառած դիակը բարձրացրել և դրել էին մահճակալի վրա։ Խալաթը դեռևս հագին էր. թրքական կարմիր ֆեսն ընկած էր հատակի վրա. ձախ ձեռքը բռունցք կազմած կախ էր ընկել մահճակալից, դեմքը սառած էր ջղաձգական կծկումների մեջ։ Գլուխը բարձի վրա չէր, այլ ներքև և կուրծքն ու փորը սարի նման բարձրացել էին դեմքի և ոտների մակերեսից։
Շահյանը նայեց և ետ քաղվեց սարսափահար։ «Ահա մահը», մտածեց նա և, ազատվելով վշտահար հեծկլտող մոր գրկից, քաշվեց իր ննջարանը։ Ամբողջ գիշեր չկարողացավ քնել: Զարմանալի համառությամբ նրա մտքից չէր հեռանում մի բան հոր՝ մահճակալից կախ ընկած ձեռքը։ Նա մտածում էր, թե բռունցքը սեղմած այդ ձեռքն այնքան ծանր պիտի լիներ, որ եթե մեկը փորձեր բարձրացնել, չպիտի կարողանար։
Հոր մահը նրան խիստ ազդել էր իբրև շարժվող, մտածող, զգացող արարածից մնացած անշունչ, սառած մի մարմին, որը գերանի կտորից ոչնչով չէր տարբերվում։ Մարդը մոտ վաթսուն տարի ապրում, հուզվում, չարչարվում, մերթ ուրախանում, մերթ տխրում էր, անդադար ինչ-որ ծրագրեր էր կազմում, հետամուտ էր լինում ինչ-որ նպատակների, հանկարծ այդ բոլորից հետո ոչինչ չկա այլևս. կա միայն գերանի կտորից ոչնչով չտարբերվող, մսից և ոսկորներից բաղկացած անկենդան մի մարմին, որը թեկուզ մաս-մաս արա և ձգիր կրակի բոցերի մեջ, ո՛չ մի ձայն, ո՛չ մի շշուկ չի հանիլ։ Մինչդեռ որպիսի՜ սոսկալի աղաղակ կբարձրացներ այդ մարդը կենդանի ժամանակ, եթե կտրեիր նրա տասն մատներից մի ճկույթը... Ահա ուրեմն ինչ է մահը. ո՛չ մի զգացողություն, հետևաբար՝ ո՛չ մի տանջանք, ո՛չ մի բողոք. կատարյալ հաշտություն և անդորրություն...
Հորն այնպես թաղեցին, որ Շահյանը մի կաթիլ արտասուք անգամ չթափեց։ Նրան հուզում էր միայն մոր ծանր վիշտը, սակայն այդ վիշտն էլ չտեսնելու համար փակվում էր իր սենյակում։
Այժմ նա բոլորովին կտրել էր իրեն արտաքին աշխարհից։ Հորից ժառանգություն մնացած կալվածների կառավարությունը հանձնել էր իրենց հեռավոր ազգական Ստեփան անունով մի մարդու, որը փառավորապես խաբում էր նրան և եկամտի մի մասն իր գրպանը կոխում։ Շահյանը գիտեր այդ, բայց ամենևին չէր հուզվում։ Նա միանգամայն գոհ էր, որ ոչ ոք և ոչինչ չէր խանգարում իր հանգիստը: Իսկ նրա հանգիստը այն էր, որ ամբողջ օրը կամ չափում էր տաք սենյակի մի ծայրից մյուսը, կամ կարդում էր մաղձով լի հոռետես-փիլիսոփաների երկերը, կամ պառկում ու քնում էր օրվա որ ժամին էլ պատահեր։
Մինչդեռ այդ ժամանակներումն էր, որ Թուրքա-Հայաստանում հանկարծ երևան եկած շարժումները խլրտումն էին ձգել հասարակության մեջ և զբաղեցնում էին մտքերն ավելի ու ավելի։ Երբեմն լրագրերի մեջ սպրդած մի չնչին լուր ձեռքից ձեռք էր խլվում, մասնավոր տեղեկությունները շրջում էին բերնե-բերան. ամեն տեղ խոսում, դատում, վիճում էին. մեկը տասն էին շինում, տասը հարյուր։ Ինչ-որ քնած հսկայական մի բան շարժվել էր հանկարծ և իր հուժկու հոսանքի հետ քշում էր ամենքին ուր-որ... Մեռած հայության մեռած հույսերը կենդանացել էին, թեև ապագան ծածկված էր անթափանցելի մռայլ քողով...
Մի անգամ, կեսօրին մոտ, երբ Շահյանը, իր սովորության համաձայն, չափում էր սենյակի երկարությունը, հաճելի խտղտանք զգալով ոտներին թույլ կերպով հագած փափուկ մաշիկների շլպ-շլպոցից, ծառան մտավ և հայտնեց, որ մի պարոն ուզում է տեսնել նրան։ Նա պատվիրեց, որ այդ պարոնին ներս հրավիրե հյուրասենյակ, իսկ ինքը, զարմանալով, թե ո՞վ կարող է իրեն տեսնել ուզենալ, քանի որ ոչ ոքի հետ հարաբերություն չուներ, դեն ձգեց մաշիկները, հագավ կոշիկները, շտապով հանեց խալաթը, որ հոր մահից հետո սովորություն էր արել հագնելու, հագնվեց, մի քիչ կոկվեց և դուրս գնաց հյուրին ընդունելու։
Հյուրասենյակում նրան դիմավորեց Բազենյանը, որին նա բոլորովին մոռացել էր։
Այս էլ ես, իմ սիրելի վաղեմի բարեկամ, մտերմական շինծու քաղաքավարությամբ ասաց Բազենյանը, երկու ձեռքով սեղմելով Շահյանի ձեռքը։ Նա հագնված էր վերջին մոդով, մաքուր, գեղեցիկ և հոտավետ օծանելիքով սրսկված։ Հավատարիմ մնացի խոստմանս և, երկար տարիների բացակայությունից հետո, վերադառնալով այս օրհնյալ քաղաքը, նորից բախտ ունեցա քաղցր տեսությանդ արժանանալու։ Եվ ի նկատի ունեցիր, սիրելիդ իմ Լևոն, որ այստեղի հին բարեկամներիցս դու ես առաջինը, որին այցելում եմ, չնայելով որ այս կողմերի գավառական մի քանի քաղաքներն արած էքսկուրսիայիցս մի ամսից ավելի է, որ վերադարձել եմ։
Երկաթուղու կայարանում, կարծեմ, քեզ տեսա։
«Միխայլովո» կայարանում։
Ոչ, Թիֆլիս մտած օրդ։
Չեմ կարող ասել՝ տեսա՞ր, թե ոչ, որովհետև ես քեզ չեմ տեսել։ Է՛հ, ուրիշ ինչ բարիդ հարցնենք։ Ծնողներդ ո՞ղջ են, առողջ են։
Շահյանը հիշեց, որ հայրը մեռել է, և դեմքին տխուր արտահայտություն տվեց։
Հայրս մեռավ, ասաց նա։
Բազենյանն աչքերը չռեց անակնկալ լուր լսողի պես։
Մեռա՞վ... ե՞րբ, ի՞նչ ես ասում։ Նստիր տեսնենք։
Եվ, վերին աստիճանի նուրբ կեղծ ցավակցության հետաքրքրություն ցույց տալով, Բազենյանը վարվեց այնպես, որ կարծես ինքը չէր հյուրը, այլ Շահյանը։ Շահյանի ձեռքից բռնած՝ նստեցրեց նրան և ինքը նստեց նրա մոտ։ Շահյանը համառոտ կերպով պատմեց հոր մահը։
Շատ, շատ ցավում եմ, լրջությամբ լսելուց հետո ասաց Բազենյանը, պինդ սեղմելով նրա ձեռքը։ Ափսոս, չեմ իմացել, որ կատարեի ընկերական պարտքս և ներկա լինեի թաղմանը։ Խնդրում եմ, ներիր։ Այդ օրերին ես նոր էի եկել և այնքան խառնված էի, որ ժամանակ չունեի մինչև անգամ լրագիր առնելու ձեռքս։ Համենայն դեպս, դու էլի բախտավոր ես, Լևոն, ավելացրեց նա հառաչելով։ Գոնե տուն ունիս, տեղ ունիս, վերջապես, մայր ունիս։ Իսկ ե՞ս... Մանկությունից արդեն դատապարտված էի որբության և անտերության, և զարմանալի չէ, որ այնքան փչացած էի։ Նրանից հետո ավելի փչացա։ Երկու անգամ բանտ եմ նստել գողության համար։ Մի անգամ էլ մարդ սպանեցի և փախա արդարադատության ձեռքից, և այդ բանը փրկեց ինձ վերջնական անկումից։ Բացի դրանից, ես ընկա այնպիսի շրջաններ, ուր ինձ կատարելապես կերպարանափոխեցին, այո՛, կատարելապես, այնպես որ շատ անգամ, երբ համեմատում եմ անցյալս ներկայիս հետ, ինքս էլ ապշած եմ մնում, թե ինչպես կարող էի այսպես փոխվել։ Լինում են մարդիկ, որոնք բնավորության մի ծայրահեղությունից ընկնում են մյուս ծայրահեղության մեջ։ Այդպիսիներից մեկն ես եմ, երևի։ Գիտես, թե ինչ էի առաջ, բայց այժմ... Է՛հ, ես իմ մասին սկսեցի խոսել։ Չեմ սիրում, կանչեց Բազենյանը և, վեր կենալով, մի ծխախոտ վառեց։ Ավելի լավ է քո մասին պատմես։ Ի՞նչ ես անում, ի՞նչ չես անում։
Իմ մասին խոսելն ամենևին հետաքրքրական չէ, ասաց Շահյանը շփոթվելով։ Ես, այ, այսպես անգործ և անպետք ընկած եմ տանը։ Դու քո՛ մասին պատմիր։ Որտեղ էիր այսքան ժամանակ, ի՞նչ էիր անում, այդ ի՞նչ փոփոխություն է, որ կատարվել է քո մեջ։
Է՜, այդ մասին, որ խոսեմ, օրերով պետք է նստեմ քեզ մոտ. դա ձեռաց պատմելու բան չէ։ Բայց այժմ...
Բազենյանը զգուշորեն նայեց հարևան սենյակի դռանը և հարցրեց ձայնը ցածրացնելով.
Այնտեղ խո մեզ ոչ ոք չի՞ լսում։
Շահյանը զարմացած նայեց նրա խորհրդավոր դեմքին։
Չէ։ Ի՞նչ է որ։
Բազենյանը, շարունակելով նայել հարևան սենյակի դռան կողմը, նստեց Շահյանին մոտիկ և ձայնն ավելի ևս ցածրացրեց.
Ես քեզ, իբրև վաղեմի մտերիմ ընկերոջս, մի բան պիտի հայտնեմ, որը հույս ունիմ մեր մեջ կմնա։
Եվ Բազենյանը խորհրդավոր եղանակով ու մութ ակնարկներով սկսեց պատմել արտասահմանում կազմակերպված հայկական մի ինչ-որ կոմիտեի մասին, որի նպատակն է հեղափոխություն առաջ բերել Թուրքիայի հայկական գավառներում։ Հայտնեց, որ ինքն այդ կոմիտեի գործոն անդամներից մեկն է և եկել էր Կովկաս հատուկ այն նպատակով, որ տեղական մասնաճյուղեր կազմե, դրամ հավաքե և զենք ուղարկե։ Ասաց, որ գործն արդեն սկսված է, ապացույց բերեց վերջին անցքերը, բացատրեց այդ անեցքրի նշանակությունն ապագայի համար, մտավ նույնիսկ պետությունների դիվանագիտության նրբությունների մեջ և, վերջ ի վերջո, ազատ և անկախ հայրենիքի մի սիրուն պատկեր դրեց ապշած Շահյանի առաջ:
Բազենյանը ճարպիկ լեզու ուներ. խոսում էր կենդանի և ազդու կերպով. գիտեր իր պատմածներին խորհրդավոր գույն տալ։ Ընդսմին իր շարժումները, արտասանությունը, հետաքրքրություն զարթեցնելու և լսողին գրավելու բոլոր ձևերն արտիստական կատարելության էր հասցրել։
Շահյանը սկզբում սկսել էր վախենալ նրանից։ Բազենյանի պատմածները վերին աստիճանի համարձակ բաներ էին թվում նրան, և իր նախկին ընկերն ամեն մի խոսքի վրա աճում, բարձրանում էր նրա աչքում։ Բայց հետո կամաց-կամաց գրավվեց, իսկ վերջը լսում էր նրան ամենայն հաճությամբ, նույնիսկ ագահորեն։ Նրա ինքնասիրության համար խիստ հաճելի էր, որ այդպիսի մեծ գործի նվիրված մի երիտասարդ հավատ էր ընծայում իրեն և իր տան մեջ բոլորովին մտերմորեն պատմում էր իրեն իրենց գաղտնիքները։
Նա խնդրեց, որ Բազենյանը ճաշի մնա իր մոտ։ Բազենյանը սկզբում հրաժարվեց, բայց վերջը, զիջելով Շահյանի թախանձանքին, մնաց: Ճաշին հեղափոխականի գլուխը բավական տաքացավ և լեզուն ավելի բացվեց։ Շահյանն էլ այդ օր սովորականից շատ ավելի խմեց Կախեթի ընտիր գինուց։ Երբեք այդ օրվա պես լավ տրամադրության մեջ չէր զգացել իրեն։ Նրան թվում էր, թե այդ օր, ճաշի ժամանակ, երբ գինին արդեն գլուխն էր ընկել, վերածնության մի օր էր իր համար։ Մի առանձին եռանդ, երակների մեջ մի առանձին տաքություն էր զգում, որոնք առաջ բոլորովին անծանոթ էին նրան, և նա էլ սկսել էր խոսել։ Բանն այնտեղ հասավ, որ երբ Բազենյանը բաժակը կրկին բարձրացրեց «սուրբ գործի» կենացը, Շահյանը բաժակը ձեռքին վեր թռավ տեղից և համբուրեց ընկերոջ փոքրիկ ձիգ բեղերը։
Այդ գործի օգտին հինգ հարյուր ռուբլի ես եմ նվիրում, բացականչեց նա։
Այստեղ արդեն Շահյանն այն աստիճան զգացվեց, որ սկսեց ամենայն անկեղծությամբ խոստովանել իր ոչնչությունը մի բան, որ դեռ ոչ ոքի առաջ չէր արել: Էլ ցեխ ու մուր չմնաց, որ չթափեր իր վրա։
Ասա, խնդրեմ, ինչացո՞ւ եմ ես, ասում էր նա տաքացած, ռուսերեն լեզվով, որպեսզի մայրը, որ ներկա էր ճաշին, չհասկանա իրենց խոսակցությունը։ Հը՞, քեզ եմ հարցնում, ինչացո՞ւ եմ ես կամ ինչացո՞ւ են ինձ նմանները, եթե միայն ուրիշներն էլ կան ինձ նման։ Ես չեմ ընդունում, թե ինձ նման մեկ ուրիշն էլ լինի, որովհետև չգիտես, ախր, թե ինչ եմ ես։ Ես... ինչպե՞ս ասեմ... ես հասարակության, ազգի համար մի մինուս եմ, մի զրո, որն իր մեջ պարունակում է տորիչելյան դատարկությունից էլ մեծ դատարկություն։ Ողորմածիկ հայրս թեև, ի՞նչ ծածկեմ մեղքս, վախենում էր ինձնից, որովհետև իմ բոլոր մաղձը նրա վրա էի թափում, բայց երբեմն էլի ուղղակի կամ անուղղակի երեսովս էր տալիս իմ անպետքությունը։ Այդ ինձ կատաղեցնում էր։ Ինչո՞ւ։ Որովհետև ճշմարտություն էր ասում, և ես օգուտ էի քաղում այն հանգամանքից, որ իր միակ զավակն էի, և նա սիրում էր ինձ։ Մի անգամ էլ երկու օրիորդի, երկու զարմանալի օրիորդի հետ խոսակցություն ունեցա կյանքի և մարդու գոյության նպատակի մասին։ Թե ինչպես նրանք ցամաք-ցամաք ցեխը կոխեցին ինձ ու հանեցին իմ հոռետեսական հայացքներիս համար, չեմ կարող ասել։ Նրանք պարզապես հասկացրին ինձ, որ ես հոռետես եմ ձևանում նրա համար միայն, որ ծածկեմ իմ ոչնչությունը։ Երբ նրանցից հեռացա, ինձ թվաց, թե փողոց եմ դուրս եկել կաշիս մաշկած, անատոմիական ծանոթ նկարի պես։ Մինչև հիմա էլ, որ մտաբերում եմ, ուզում եմ գետինը մտնել ամոթից։ Հիմա համեմատենք ինձ ու քեզ։ Ի՞նչ ես դու և ի՞նչ եմ ես։ Դու կրակ ես, ես սառույց. դու հեղեղ ես, ես ճահիճ. մինչդեռ դու տարին տասներկու ամիս՝ հանգստությունդ, անձնական վայելներդ մոռացած թափառում ես երկրից երկիր անմահ գործի համար և մութ բանտը, տաժանելի կապանքներն ամեն րոպե աչքիդ առաջն են, ես ի՞նչ եմ անում, ես, ա՛յ, այս չորս պատերի մեջ առանձնացած, քնում եմ՝ երբ ուզում եմ, քնում եմ՝ երբ ձանձրանում եմ արթուն մնալուց, ապահով միանգամայն այն բանից, որ փողոցի մուրացիկն անգամ չի հալածում ինձ իր աղիողորմ աղերսներով։ Այս ի՞նչ կյանք է։ Այսպես վերջին մրջյունն անգամ չի ապրում։ Հավատա, Բազենյան, եթե մայրս չլիներ, ես վաղուց արդեն անձնասպանություն կլինեի գործած, որովհետև չգիտես, ախր, թե ի՛նշ զարհուրելի, ի՛նչ անտանելի կյանք է այս, որ ես եմ վարում։ Գիտակցություն ունիմ, գուցե, ավելի, քան պետք է ունենան ինձ նման ողորմելի արարածները, բայց կամք չունիմ, բնավորություն չունիմ, մի խոսքով՝ փալաս եմ, ամոթ է ասել, նույնիսկ աղտոտությունը սրբելու անարժան մի փալաս...
Բազենյանը սկսեց հանգստացնել նրան, լրջորեն համոզելով, որ իզուր է այդպես վատաբանում իրեն, որ նրա պես ազնիվ հոգու և ձգտումների տեր երիտասարդներն, ընդհակառակը, շատ պիտանի են ազգին, իսկ այդպիսի երիտասարդներ շատ չես գտնիլ: Նա ասաց, որ Թիֆլիսում, փոքրիշատե ունևոր դասակարգի մեջ, միայն Շահյանին է հանդիպում, որ խոշոր նվիրաբերություն է անում «սուրբ գործի» օգտին մի բան, որի համար հայրենիքի թշվառ զավակները երախտապարտ պիտի մնան նրան։ Ինքը, Բազենյանը, փող չունի՝ գործով է օգնում, Շահյանը փող ունի՝ փողով է ուզում օգտակար լինել, մի՞թե այդ միևնույն չէ. օգնությունը օգնություն է՝ փողով թե գործով. մեկը մյուսից ավելի է և մեկը մյուսին լրացնում է։ Այստեղ Բազենյանն երկար ու բարակ փիլիսոփայության մեջ մտավ, բացատրելով փողի և գործի փոխադարձ ուժն ու նշանակությունը։
Չնայելով որ գինին արդեն բավական կպել էր երկսին էլ, խոսակցությունն ամենևին թեթև բնավորություն չէր ստանում. ընդհակառակը, նրանք ավելի ու ավելի խոր փիլիսոփայությունների մեջ էին մտնում, մանավանդ Շահյանը, որի հիվանդությունն էր վերացական դատողություններով զբաղվելը։
Խոսակցությունը զուտ նեղ, մտերմական բնույթ ստացավ ճաշից հետո, երբ նրանք, փափուկ բազկաթոռների վրա իրար դեմուդեմ նստած, թանկագին սիգարների ծուխը դեպի առաստաղն էին բարձրացնում։ Շահյանն ամենայն անկեղծությամբ ասում էր այն բոլորը, ինչ որ սրտում ուներ, և համոզված էր, թե Բազենյանն էլ ինչ որ ասում էր, իր սրտինն էր ասում։ Մինչև անգամ ամենևին կասկած չտարավ այն մասին, որ երբ նորից հարցրեց, թե ինչպես է եղել, որ նա այդպես փոխվել և իրեն «սուրբ գործին» է նվիրել, Բազենյանը հառաչելով պատասխանեց, թե պատճառը գլխավորապես էլզասցի մի աղջիկ էր, զարմանալի, նմանը չունեցող մի աղջիկ, որը գրեթե խելագարված էր «ռըվանշի» վրա։
Նա կարող էր երկրորդ Ժանն դ’Արք լինել, եթե հիվանդ չլիներ, շարունակեց Բազենյանը։ Նրա հետ ծանոթացա Ցյուրիխում։ Ասում էր, թե փախել է Ստրասբուրգից պարզապես նրա՛ համար, որ այլևս չտեսնե «գարեջրի հոտած տակառների» երեսը։ Այդպես էր անվանում գերմանացիներին, որոնք, հիրավի, հոտած ազգ են և սարսափելի բռնակալ։ Ինքը հասարակ ծնողների զավակ էր, բայց բավական զարգացած։ Եղբայրը ծառայում էր գերմանական զորքի մեջ, և դու տես բախտի խաղը թունդ գերմանոֆիլ էր։ Դրա համար եղբորն ավելի էր ատում, քան թե իրեն՝ երկաթե կանցլերին։ Եղբոր անունն անգամ չէր ուզում լսել, իսկ երբ խոսակցություն էր բացվում նրա մասին, ուղղակի դավաճան էր անվանում նրան և դառնությամբ գանգատվում էր, որ իր պես թշվառ քույր չկա աշխարհիս երեսին։ Ես չեմ պատմիլ, թե ինչպես ծանոթացա նրա հետ, ինչպես մոտեցանք իրար, դա մի ամբողջ ռոմանի նյութ կարող է լինել, այսքանս միայն կասեմ, որ... գժվածի պես սիրահարվեցի նրա վրա։ Այո, գժվածի պես, Լևոն... Ի դեպ. դու երբևիցե սիրահարվե՞լ ես։
Այդ հարցի վրա Շահյանի աչքի առաջ իսկույն պատկերացավ Եվան և նրա սիրտը լցվեց դառն անձկությամբ։
Ոչ, պատասխանեց նա երկար տատանումից հետո։
Ուրեմն երջանիկ ես։ Այո՛, երջանիկ ես, Լևոն, որովհետև սիրո պատճառած դառնությունն ավելի է, քան քաղցրությունը։ Գոնե իմ սերն ինձ մեծ տանջանք պատճառեց: Նա մեռավ, Լևոն, մեռավ՝ ինչպես մեռնում է ազատություն սիրող թռչունը վանդակի մեջ, մեռավ, ինչպես մեռնում է մայր հողից կտրված ծաղիկն օտար հողի մեջ... Հարկավո՞ր է արդյոք պատմեմ, թե նրա մահն ի՛նչ ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Այսքանս բավական է ասեմ, որ մի անգամ նույնիսկ փորձեցի անձնասպանություն գործել, բայց դարձյալ նրա հիշատակն եղավ, որ ինձ փրկեց: Մի անգամ, մի հրաշալի գիշեր, ա՜խ, այդ սիրո գիշերները, երբ լուսնի ծիծաղկոտ լույսը չես իմանում տանջո՞ւմ է քեզ, թե փաղաքշում, այդպիսի մի գիշեր դուրս եկանք զբոսանքի: Նա ասաց, որ իր հայրենիքի վիճակն երբեք չի տանջում իրեն այնպես, ինչպես այդպիսի հրաշալի գիշերներին, և հանկարծ հարցրեց իմ հայրենիքի մասին։ Ինձ թվաց, թե հանկարծ ինքս էլ համակվեցի նույն վշտով, ինչ որ նա։ Սկսեցի պատմել մեր հայրենիքի աղետալի վիճակը և ասացի, որ երկուսս էլ միևնույն վիճակի մեջ ենք։ «Ա՜խ, դուք երջանիկ եք ինձնից, բացականչեց նա, որովհետև դուք տղամարդ եք»։ Այդ խոսքերն այնպիսի զորեղ տպավորություն գործեցին ինձ վրա, Լևոն, որ հետո, անձնասպանության միտքը հղանալիս, երբ հանկարծ միտս ընկան, ինքս ինձնից ամաչեցի։ Հիրավի, մի՞թե ամոթալի բան չէ անձնասպանություն գործելը, մտածեցի ինքս ինձ։ Մի՞թե տղամարդուն վայել բան է անձնասպանությունը։ Չէ՞ որ նա ինձ երջանիկ էր համարում հենց նրա համար, որ ես տղամարդ էի, այսինքն՝ մի ուժ, որ ավելի, քան կինը, միջոցներ ունի հայրենիքին օգտակար լինելու։ Մահը մահ է. «Մարդ մի անգամ պիտի մեռնի». բայց աժելի լավ չէ՞ ազնիվ, խելացի, օգտակար մահը, այնպիսի մի մահ, որով կարելի է կյանք տալ ուրիշներին ավետարանական ցորենի այն հատիկի նման, որ «եթե մեռանիցե, բազում արդյունս առնե»։ Եվ, ահա, այդ օրվանից ուխտեցի և գլխովին նվիրեցի ինձ սուրբ գործին, այսինքն այնպիսի մի գործի, որի համար, թեև ապարդյուն, բայց ինքն իր մեջ տանջվելով մեռավ նա։ Նրա մահից անցել է մոտ հինգ տարի, և ես... է՛հ, ինչ հարկավոր է հին խոցերը փորփրել։
Բազենյանը զորեղ շեշտով թափ տվեց ձեռքը, վեր կացավ և սկսեց մտազբաղ ու տխուր անցուդարձ անել հյուրասենյակի փափուկ գորգի վրա։
Նրա պատմությունը խիստ ազդել էր Շահյանին։ Շահյանին թվում էր, թե Բազենյանի վիշտն այնքան մեծ է, որ մեղք է նրան իր դժբախտ սիրո մասին երկար հարցուփորձ անել։ Բազենյանի սիրած աղջկան, ինքն էլ չէր իմանում ինչու, համեմատում էր Եվայի հետ, և նրան թվում էր, թե էլզասցի այդ աղջիկը ճիշտ Եվայի հասակն ու գեղեցկությունը պիտի ունենար և պետք է որ Եվայի պես վառվռուն մի աղջիկ լիներ։
Եվ Եվայի, ըստ երևույթին մոռացված, պատկերը նորից կենդանություն առավ նրա գրգռված երևակայության մեջ, տանջող անձկություն ու տխրություն պատճառելով նրան։
2
Շահյանն անկեղծորեն սիրեց Բազենյանին, որին, հիրավի, բոլորովին փոխված էր տեսնում։ Հենց առաջին օրվանից մտերմական այնպիսի մի սերտ կապ հաստատվեց նրանց միջև, որ Բազենյանին ամեն օր իր տան մեջ տեսնելը կատարյալ մի պահանջ դարձավ Շահյանի համար։ Նա վաղուց ի վեր ձգտում էր ունենալ այդպիսի մի մտերիմ ընկեր, որի առաջ կարող լիներ վստահորեն թափել իր սրտի բոլոր դառնությունը, անկեղծորեն դատափետել իրեն, իր վարած կյանքը և երկյուղ չունենալ, թե ինքը կնվաստանա այդպես անելով։ Եվ նա աներկյուղ այդ բանն անում էր Բազենյանի առաջ։ Իսկ Բազենյանը կարճ ժամանակում արդեն ուսումնասիրել էր նրա բնավորությունը, գտել էր նրա թույլ երակը և մեծ ճարպկությամբ շոյում էր անդադար նրա ինքնասիրությունը։
Ամեն անգամ, Բազենյանին ճանապարհ դնելիս, Շահյանն անկեղծ շնորհակալություն էր հայտնում նրան, որ ջերմություն էր տալիս իր սառած կյանքին, և խնդրում էր, որ ամեն օր գա իր մոտ. խնդրեց նույնիսկ, որ հյուրանոցից տեղափոխվի իր տունը։ Բազենյանը հյուրասիրությունից վճռապես հրաժարվեց, բայց ամեն օր գալիս էր Շահյանի մոտ, փառավոր ճաշ էր վայելում նրա տանը, շարժում էր իր ճարպիկ լեզուն, ծխում էր նրա թանկագին սիգարները և վերջը, այդ բոլորի համար շնորհակալություն ստանալով, հեռանում էր, որ հետևյալ օրը դարձյալ գա նույն պաշտոնը կատարելու։
Մի անգամ երկու օր շարունակ չերևաց Բազենյանը։ Այդ երկու օրը Շահյանի համար անցավ շատ տխուր։ Երրորդ օրն առավոտյան պատրաստվում էր գնալու Բազենյանի մոտ, երբ ստացավ նրա այցետոմսը, որի վրա խիստ անճոռնի տառերով գրված էր մատիտով հետևյալը.
«Սիրելի Լևոն, անշուշտ չգիտես, որ անցյալ օր ինձ մի փոքրիկ դժբախտություն պատահեց, որի շնորհիվ այժմ չեմ կարողանում սենյակից դուրս գալ։ Արի, մենակությունից սիրտս ճաքում է։ Էլի հին տեղումն եմ «Լոնդոն»։ Գրում եմ ձախ ձեռքով»։
Շահյանը շտապեց։
Երբ նա «Լոնդոն» հյուրանոցում բաց արեց Բազենյանի սենյակի դուռը և ներս մտավ, Բազենյանը պառկած էր մահճակալի վրա, անկողնի մեջ, և լրագիր էր կարդում ձախ ձեռքին բռնած։ Նրա գեղեցիկ դեմքը դժգույն էր և թվում էր, թե բավական նիհարել է, Շահյանին տեսնելով, ժպտաց և լրագիրը կամաց դրեց կողքին։
Ա՞յս ինչ է, դու պառկա՞ծ ես, զարմացած բացականչեց Շահյանը։
Էլ ասում ե՞ս, ասաց Բազենյանը թույլ ձայնով և ձախ ձեռքը պառկած տեղից մեկնեց նրան։ Աթոռը մոտ բեր՝ նստիր։
Շահյանն անհամբերությամբ մի աթոռ առավ և նստեց նրա մահճակալի վրա։
Հենց նոր պատրաստվում էի քեզ մոտ գալու, որ նամակդ բերեցին։ Ի՞նչ է պատահել։
Ա՛յ, կարդա, ասաց Բազենյանը ժպտալով և լրագիրը տվեց նրան։ Կարդա ահա այս լուրը, ձախ ձեռքի ցուցամատով ցույց տվեց նա։
Շահյանը կարդաց.
«Կիրակի օր, ժամը 12-ին մոտ, Գոլովինսկի պրոսպեկտի վրա մի կառքի ձիերը հայտնի չէ ինչ բանից խրտնեցին և գլուխներն առան թռան դեպի Բարյաթինսկայա զառիվայր փողոցը։ Կառապանը չկարողացավ զսպել ձիերը և ցած ընկավ կառքի ուժգին ցնցումից. մի կողմ շպրտվեց նաև կառքի մեջ նստած մի պարոն, սակայն, բարեբախտաբար, երկուսն էլ թեթև խեղումներ միայն ստացան։ Այնինչ ձիերը, բոլորովին ազատ զգալով իրենց, ցած էին վազում ավելի ևս կատաղած։ Այդ միջոցին մի օրիորդ չորս-հինգ տարեկան մի երեխայի հետ մի մայթից մյուսն էր անցնում։ Օրիորդը կարողացավ ազատվել, բայց երեխան անշուշտ պիտի ճխլվեր կատաղած ձիերի ոտների և կառքի անիվների տակ, եթե մի պարոն, որ այդ րոպեին անցնում էր այդ կողմով, իսկույն օգնության չհասներ. նա վազեց, խտտեց երեխային և ետ էր վազում, որ մոտեցող կատաղած ձիերից ազատվի, բայց դժբախտաբար, կառքը վրա հասավ, շուռ եկավ և մի կողքով դիպչելով պարոնին՝ մի կողմ շպրտեց նրան երեխայի հետ միասին։ Երեխան ոչ մի վնաս չստացավ, մինչդեռ անձնազոհության այսպիսի գեղեցիկ օրինակ ցույց տվող պարոնը ծանր վերք ստացավ, և նրան ուշագնաց տարան հիվանդանոց։ Նրա կյանքը վտանգի մեջ է։ Նրա ազգը Բազենյան է»։
Շահյանը կարդաց վերջացրեց և զարմացած նայեց Բազենյանի ժպտացող աչքերին։
Այդ դո՞ւ ես։
Ինչպես տեսնում ես։ Բոլորը ճիշտ է նկարագրված, միայն մի տեղ գլուխը քարովն է տվել լրատուն. կրծքիս վրա ոչ մի վերք չեմ ստացել, այլապես հարվածն այնքան սաստիկ էր, որ տեղնուտեղը բան-հոգի կլինեի։ Թևս է միայն վնասվել. ահա, Բազենյանը վերմակը կամաց ետ քաշեց և ցույց տվեց աջ թևը, որ ուսից սկսած մինչև արմունկը պինդ փաթաթված էր սպիտակ շորով, շապիկի թևն ուսին հավաքված։ Կյանքիս էլ, ինչպես տեսնում ես, ոչ մի վտանգ չի սպառնում։
Փառք աստծո, որ այդպես թեթև ես պրծել։ Ես էլ ասում եմ՝ ինչու այս երկու օրս չես երևում։ Հետո՞, պատմիր տեսնեմ։
Հետո ինչ։ Հետո երբ ուշքի եկա, տեսա, որ փառավորապես պառկած եմ հիվանդանոցում և ձեռքս պատում ու փաթաթում են ինչ-որ տաշեղներով։ Զարմանալի է. ուրիշ ոչ մի տեղ վերք չեմ ստացել և չեմ հասկանում ինչու պետք է ուշագնաց լինեի։ Բայց ո՞վ գիտե, գուցե լրատուի ասելով, կառքն իսկապես կրծքիս կամ մի ուրիշ վտանգավոր տեղիս է դիպել, թե չէ ձեռքից չեմ կարծում թե մարդ ուշաթափվի։ Այս էլ կա, որ ոչ մի տեղս ցավ չեմ զգում։ Ձեռքս էր միայն, որ սկզբում սոստիկ ցավում էր, իսկ այժմ ցավը բավական մեղմացել է։
Բաս ինչո՞ւ ես պառկած։
Չեմ կարողանում շորս հագնել։ Եվ վեր կենամ, ինչ անեմ։ Բժիշկն ասաց, որ մի քանի օր սենյակից դուրս չգամ, ցուրտ է, ասաց, կարող ես ձեռքդ մրսեցնել։
Ա՛յ թե օյին է եկել գլխիդ։
Օյին ասիր ու պրծա՞ր։ Նոր էի դուրս եկել հյուրանոցից և բարձրանում էի դեպի Գոլովինսկի պրոսպեկտ, որ տեսա, թե ինչպես ձիերը սարսափելի կատաղությամբ վերևից ներքև էին վազում։ Այն էլ տեսա, թե ինչպես կառքի մեջ նստած պարոնը և կառապանը գնդակի պես շպրտվեցին մեկն այս, մյուսն այն կողմը։ Խեղճ երխան այնպես շշկլվել էր փողոցի մեջտեղ վերևից մարդկանց բարձրացրած աղաղակների վրա, մյուս կողմից էլ քույրն այնպիսի հուսահատական ճիչեր էր արձակում, որ ես չէ՝ ով ուզում է լիներ, անկարելի էր, որ օգնության չհասներ։ Չէ՛, լավ պրծա։ Բայց ինձ խիստ ուրախացնում է այն հանգամանքը, որ երեխան անվնաս մնաց։ Նույն օրն երեխայի հայրն այցելեց ինձ հիվանդանոցում։ Ինչպիսի՜ շնորհակալություններ, երախտագիտական զգացման ինչպիսի՜ արտահայտումներ... Բայց ճիշտ ասեմ, ես ինքս չափազանց շնորհակալ կլինեի նրանից, եթե ամենևին նեղություն չկրեր ինձ այցելելու, որովհետև ձեռքիս կսկծից չգիտեի ինչ անեմ, իսկ նա կատարելապես զահլա տարավ իր շնորհակալություններով։
Ո՞վ էր, ի՞նչ մարդ էր։
Ազգանունն ասաց, տան հասցեն էլ հայտնեց, բայց գլխումս խելք կա՞ր, որ միտս մնար։ Թաթուլյան ասաց, Թումանյան ասաց, չեմ հիշում, ճշմարիտ։ Աշնանային ճանճն տեսել ես՞, որ ականջիցդ քշում ես՝ ճակատիդ է նստում, ճակատիցդ քշում՝ քթիդ է նստում։ Այդպիսի մի ճանճի տպավորություն թողեց ինձ վրա։
Միջանցքից շտապ քայլերի մի ձայն և կնոջ հագուստի շխշխոց լսվեց։ Դուռն ուժգնորեն բացվեց, և շտապ ներս մտավ մի հաղթանդամ կին՝ մոխրագույն ծանր մուշտակով, որ իջնում էր մինչև ոտների ծայրերը, և նույն գույնի մորթե գլխարկով, որ չափազանց փոքր էր թվում ծոծրակի վրա շքեղորեն հավաքված սաստիկ հարուստ մազերի հետ համեմատած։ Ըստ երևույթին, նա բուռն անհանգստությամբ ուզում էր վազել դեպի Բազենյանը, բայց տեսնելով, որ նա մենակ չէ, հանկարծ կանգ առավ և շփոթվեց կարծես։
Շահյանը իսկույն ճանաչեց նրան. դա այն կինն էր, որին տեսել էր «Միխայլովո» կայարանում Բազենյանին ուղեկցելիս։ Նա բոլորովին մոռացել էր այդ կնոջը, և դրա՝ այդ սենյակում այդպես անակնկալ հայտնվելը խիստ շփոթեց նրան։ Նա մեքենայաբար վեր կացավ տեղից և չտեսավ ոչ այդ կնոջ շփոթմունքը, ոչ ինչ-որ անհաճո զգացումից առաջացած այն այլայլումը, որ արտահայտեց Բազենյանի դեմքը այդ կնոջ հայտնվելուն պես։ Սակայն այդ բոլորը մի քանի վայրկյան միայն տևեց։
Պանի Զդանևիչ... դուք այստե՞ղ, կանչեց Բազենյանը ռուսերեն, շտապով վեր կենալով և նստելով անկողնի մեջ։
Պարդոն, ես առանց իմաց տալու մտա, ասաց պանի Զդանևիչը ախորժալուր, կրծքային ձայնով և արագ մոտեցավ նրան։ Բայց ես այնքա՜ն անհանգիստ էի...
Ներեցեք... ես... արտասանեց Բազենյանը, ըստ երևույթին, ամոթխածորեն ծածկելով շապկի կուրծքը ձախ ձեռքով։
Ա՛խ, խնդրում եմ, խնդրում եմ մի նեղանաք։ Այդ ի՞նչ դժբախտություն է պատահել ձեզ. ես այսօր կարդացի լրագրերում։
Դատարկ բան է, պանի Զդանևիչ։ Կուռս միայն փոքր-ինչ վնասվել է, ուրիշ ոչինչ չկա։ Խնդրում եմ դարձյալ, որ ներեք ինձ։ Արդյոք չէի՞ք հաճիլ նստել։
Պանի Զդանևիչը արագորեն նստեց այն աթոռի վրա, որի վրա առաջ Շահյանն էր նստել, և մուշտակը ետ ձգեց աթոռի մեջքին, երևան հանելով սև ատլասի հագուստի մեջ պինդ սեղմված երկայն շքեղ իրանն իր փարթամ կրծքով։
Ե՞րբ եք եկել, հարցրեց Բազենյանը։
Մի շաբաթ է, որ Թիֆլիսումն եմ։
Մենա՞կ եք եկել։
Ոչ... ամուսինս էլ հետս է... և, երևի... շուտով կվերադառնանք, պատասխանեց պանի Զդանևիչը տարօրինակ հապաղումով և Շահյանի կողմը անհանգիստ մի հայացք ձգելով։ Բայց դուք ձե՛րը պատմեցեք։ Ա՜հ, ինչքա՜ն ցավեցի և վախեցա... մանավանդ որ գրված էր, թե ձեր կյանքին վտանգ է սպառնում։
Լրագրերի մեջ չափազանցրել են, պանի Զդանևիչ։
Այո, տեսնում եմ, որ դուք լավ եք։ Եվ փառք աստծո։ Բայց դուք իսկապես որ օրինակելի անձնազոհություն եք ցույց տվել։ Չեք կարող երևակայել, որքա՜ն հիացած եմ... Պարդոն, հանկարծ դարձավ պանի Զդանևիչը Շահյանին, ես ձեր տեղն եմ նստել, կարծեմ, և դուք կանգնած եք մնացել։
Խնդրեմ, խնդրեմ, արագ վրա բերեց Շահյանը, մինչև ականջները կարմրելով, ու մեքենայաբար նստեց մի ուրիշ աթոռի վրա։
Բազենյանը շտապեց Շահյանին ներկայացնելու պանի Զդանևիչին։
Այնպես չէ՞, ձեր ընկերն անօրինակ անձնազոհություն է ցույց տվել, ասաց պանի Չդանևիչը, դառնալով Շահյանին։ Երևակայեցեք, որ եթե պարոն Բազենյանը օգնության չհասներ, այն խեղճ, այն փոքրիկ երեխան պիտի ջարդվեր մեռներ, և ի՞նչ սոսկալի թշվառության մեջ պիտի ընկնեին նրա ծնողները... Ա՛խ, պարոն Բազենյան, չգիտեմ, ճշմարիտ, ինչպես արտահայտեմ իմ հիացմունքը։
Պանի Չդանևիչ...
Լավ, լավ, դուք համեստ եք, ես այդ հասկանում եմ, բայց և այնպես, կարծում եմ, այդ բանն արգելք չպիտի լինի ձեզ մանրամասնությունները պատմելու։ Ես չափից դուրս հետաքրքրվում եմ։ Ա՜խ, ինչքան նիհարել եք։ Այստեղ, կարծեմ, ցուրտ պիտի լինի ձեզ համար։ Մի՞թե վառարան չեն վառում։ Խնդրում եմ, լավ ծածկվեցեք։ Սպասեցեք...
Պանի Զդանևիչը շտապով վեր կացավ, առավ Բազենյանի ոտների մոտ, մահճակալի վրա ձգված պլետը և ծածկեց նրա ուսերը։
Ահա այսպես։ Ներեցեք, որ ես այսպես տնավարի եմ վարվում, ասաց նա նորից նստելով իր տեղը, բայց որովհետև այն երեխային փրկելով ապացուցել եք, որ ուրիշի կյանքն ավելի թանկ եք գնահատում, քան թե ձերը, ուստի ուրիշներն էլ պարտավոր են հոգալ ձեր առողջության համար։ Այնպես չէ՞, հրաշալի ժպիտով դիմեց նա Շահյանին։
Անշուշտ, վրա բերեց Շահյանը` հափշտակված այդ գեղեցիկ կնոջ անսեթևեթ վարմունքից, և դարձյալ կարմրեց։
Դուք շատ բարի եք, պանի Զդանևիչ, արտասանեց Բազենյանը։
Իմ բարությունը մի կողմ թողեք և պատմեցեք մանրամասնությունները։
Բազենյանը սկսեց պատմելը։ Նրա պատմությունը չոր էր։
Շահյանը արդեն փոքր-ինչ ընտելացել էր պանի Զդանևիչի ներկայությանը և, լուռ նստած, հետաքրքրությամբ դիտում էր նրան իր պարզ ակնոցների միջից, օգուտ քաղելով այն հանգամանքից, որ այդ կնոջ ամբողջ ուշադրությունը Բազենյանի կողմն էր։ Չափից դուրս գեղեցիկ էր թվում նրան այդ հսկա կինը, ավելի գեղեցիկ, քան այն ժամանակ, երբ առաջին անգամ տեսավ նրան «Միխայլովո» կայարանում։ Սև ատլասի մեջ ամուր սեղմված այդ շքեղ իրանը, այդ բարձր կուրծքը, այդ փարթամ ուսերը և հպարտորեն բարձրացած այդ գլուխն իր չափազանց հարուստ մազերով, իր ազնիվ, պլաստիկական դիմագծերով, որոնց մեջ, չնայելով տարիքին, դեռևս նկատելի էր խնամքով պահպանված երիտասարդական թարմությունը, այդ բոլորը երկյուղ ազդելու չափ վեհություն և, միևնույն ժամանակ, անդիմադրելի հմայքի ուժ էին տալիս նրան։ «Սա կարող է թագուհի լինել», մտածում էր Շահյանը և զարմանում էր, թե ինչպես այդպիսի մի կին մինչև անգամ լայեղ էր արել մտնել այդ սենյակը։
Բազենյանի պատմությունը լսելիս պանի Չդանևիչը ջերմ հետաքրքրություն էր ցույց տալիս։ Այնտեղ, ուր կարեկցություն էր հարկավոր, նրա դեմքն արտահայտում էր ավելի, քան կարեկցություն, և այդ բանից Շահյանը եզրակացնում էր, որ նա խիստ բարի կին է։
Մինչդեռ Բազենյանը պատմում էր, կարծես, ակամա և ամենևին չէր նայում պանի Չդանևիչին։ Առհասարակ ինչ-որ օտարոտի ինքնազսպումն, նույնիսկ սառնություն էր նկատվում նրա վարվեցողության մեջ պանի Չդանևիչի վերաբերմամբ։ Շահյանը տեսնում էր այդ, և ընկերոջ այդ վարմունքն ավելի քան կոպիտ էր երևում նրան։ Ճնշված այդ բանից, նա նայում էր պանի Զդանևիչին և զարմանքով տեսնում էր, որ այդ կինը կամ չի նկատում Բազենյանի այդ կոպիտ վարմունքը, կամ այնքան կրթված կին է, որ չտեսնելուն է տալիս։
Պանի Զդանևիչը մոտ մի ժամ մնաց Բազենյանի մոտ. կարծես չէր ուզում հեռանալ այդ սենյակից։ Ի միջի այլոց, ասաց Շահյանին, որ ինքն առհասարակ համակրում է հայերին, որոնց մեջ կան այնպիսի երիտասարդներ, ինչպիսին Բազենյանն է, որի հայրենասիրական նպատակներին ու գործունեությանն առիթ է ունեցել մասամբ ծանոթ լինելու։ Հետո նուրբ հետաքրքրությամբ սկսեց հարցուփորձ անել իրեն՝ Շահյանին, առաջուց ներողություն խնդրելով իր հետաքրքրության համար։ Եվ Շահյանը, զարմանալի է, ամենայն անկեղծությամբ սկսեց պատմել ինչ որ հարկավոր էր, ինչ որ ճիշտ էր։ Այդ կինը, որի գեղեցկությունը սկզբում գրեթե սարսափեցնում էր նրան, այնքան բարի, կարեկից ու բարեկիրթ կին էր երևում և իր պարզ ու փոքր-ինչ հովանավորող վարվեցողությամբ այնպիսի մի պատկառանք էր ներշնչում նրան, որ նա ամաչում էր դիմել իր սովորական զենքին ստախոսության։ Եվ պանի Զդանևիչը լսում էր նրան այնպիսի հետաքրքրությամբ, որ կարծես մինչև անգամ շնորհակալ էր, որ խոսում էր այդքան անկեղծորեն։
Եթե համեստությունից չէ, որ դուք այդքան դատափետում եք ձեզ, ասաց նա ժպտալով, ապա ես ձեզ կասեմ հետևյալը. նա, ով զգում է իր պակասությունները, կորած չէ, պետք է միայն կամքի ուժ ունենալ զգացած պակասություններն ուղղելու։ Համենայն դեպս, դուք այնքան բարի եք, որ այսպիսի դեպքերում չեք մոռանում ձեր ընկերոջը։ Ես շատ ուրախ եմ, որ ծանոթացա ձեզ հետ։ Հույս ունիմ, մենք էլի առիթ կունենանք իրար տեսնելու։ Իսկ այժմ, նա վեր կացավ տեղից, ներեցեք։ Պարոն Բազենյան, թո՞ւյլ կտաք, որ դարձյալ այցելեմ ձեզ։
Պանի Զդանևիչ... չգիտեմ, ճշմարիտ, ինչո՞վ եմ արժանացել ձեր...
Դուք թույլ եք տալիս, ուրեմն դարձյալ կգամ, ծիծաղելով ընդհատեց պանի Զդանևիչը, արագորեն առնելով մուշտակը, ծածկեց, որի ժամանակ Շահյանը մինչև անգամ համարձակություն ունեցավ նրան օգնելու։ Մերսի, հրաշալի ժպիտով շնորհակալություն հայտնեց նա Շահյանին և ամուր սեղմեց նրա ձեռքը: Ցտեսություն, պարոն Բազենյան։ Զգույշ կացեք, չմրսեք։ Ցտեսություն, նույն հրաշալի ժպիտով վերջին անգամ դիմեց նա Շահյանին և դուրս գնաց արագ։
Կարճ ժամանակ խիստ անհարմար լռություն տիրեց երկու ընկերների մեջ։
Կարծեմ, մի քիչ... սառն ընդունեցիր, նկատեց Շահյանը։
Բազենյանը նայեց ընկերոջը, հայտնի չէ՝ զարմացա՞ծ, թե փորձող հայացքով։
Սառը՞... Մի՞թե... Հավատացնում եմ քեզ, երբեք այնպես անհարմար դրության մեջ չէի զգացած ինձ, ինչպես այժմ... Ո՜րտեղից որտեղ... Ամենևին չէի սպասում... այնքա՜ն պատվական կին է...
Շահյանը ժպտաց, բայց իսկույն էլ զսպեց ժպիտը։
Այո՛, պատվական կին է, ասաց նա լրջությամբ և, կարճ լռությունից հետո, ավելացրեց։ Գիտե՞ս ինչ։ «Միխայլովո» կայարանում քեզ որ տեսա նրա հետ, ճիշտ քեզ ասեմ, կասկած տարա ձեր հարաբերությունների մասին։ Բայց այժմ իմ այդ կասկածն արդարացնող ոչ մի նշան չտեսա, գոնե քո կողմից։ Դու մինչև անգամ կոպիտ լինելու չափ սառն էիր դեպի նա։
Բազենյանը տխրությամբ հառաչեց։
Է՜, բարեկամ, դեռ չգիտես, թե որքան խորտակված է սիրտս։ Նրա մահից հետո, որին առաջին անգամ սիրեցի և որին աչքիս առաջ գերեզման դրին, աստված է վկա, Լևոն, այլևս ոչ մի կին չի գալիս։ Իմ տեղ, որ ուրիշը լիներ, առանց ի չարը գործ դնելու չէր թողնիլ այս կնոջ բարեկամությունը, բայց ես... Քեզնից ծածկելու ոչինչ չունիմ, Լևոն։ Պանի Զդանևիչի հետ ծանոթացել եմ Ղրիմում և ամբողջ ճանապարհը միասին ենք եկել։ Ճանապարհին հետզհետե տեսնում էի, որ նրա համակրանքն ավելի է, քան մի պարզ համակրանք, և գրեթե ոչ մի դժվարության չպիտի հանդիպեմ նրան տիրանալու։ Բայց ո՛չ, ասացի. վերածնությունը պետք է կատարյալ լինի, այլապես նորից նախկին ցեխի մեջ խրվելու վտանգի մեջ կգտնվեմ։ Բացի դրանից, ես չէի կարող անարգել իմ առաջին մաքուր սիրո հիշատակը և, որ գլխավորն է, ես ինձ արդեն սուրբ երդումով նվիրել էի այնպիսի մի վեհ գործի, որի առաջ անձնական վայելքը, այսպես ասած, մի պրոֆանացիա պիտի լիներ։ Եվ զսպեցի ինձ, և մինչև այժմ, էլ զսպում եմ։ Եվ այդ է պատճառը, որ քեզ թվացել է, թե ես կոպիտ լինելու չափ սառն վարվեցի նրա հետ։
Դուռը դրսից կամաց ծեծեցին։
Ո՞վ է, կանչեց Բազենյանը։
Կարելի՞ է մտնել, լսվեց դրսից։
Լևոն, խնդրեմ՝ մի տես ով է։
Շահյանը դեռ դռանը չհասած, դուռը կամաց բացվեց, և երևաց Մարությանի գլուխը:
Պարոն Շահյա՞ն, բացականչեց Մարությանը և շտապով ներս մտավ։ Այստեղ ի՞նչ եք շինում։ Այստեղ չէ՞ ապրում Բազենյանը։
Ահա Բազենյանը, ցույց տվեց Շահյանը, զարմանալով, թե ի՞նչ գործ ունի նա Բազենյանի հետ։
Մարությանն արագ դարձավ դեպի Բազենյանի մահճակալը։
Ա՛հ, պարոն Բազենյան... Դուք այստեղ ե՞ք պառկած։ Ես գնացի հիվանդանոց, ասացին, որ դուրս եք եկել։ Կարծեցի, թե բոլորովին առողջացել եք և շատ ուրախացա, մինչդեռ եկել այստեղ եք պառկել։ Ինչպե՞ս եք, մի՞թե հիմա լավ չեք։
Փառք աստծո, հիմա բավական լավ եմ։
Ի սեր աստծո, շուտով առողջացեք, թե չէ՝ այդ բանի նման չէ։ Պարոն Շահյա՛ն... դո՞ւք այստեղ ինչ եք շինում։
Ընկերս է, եկել եմ տեսության։
Հա-հա՞, մի՞թե... Դուք այդպիսի պատվական ընկերներ եք ունեցել, մեկը Մինասյանը, մյուսը սա, և ես այդ պատահմունքո՞վ պիտի իմանամ։ Դուք գիտե՞ք, որ պարոն Բազենյանն իմ երեխիս է փրկել։
Շահյանը զարմացավ: Այդ հայտնությունը բոլորովին անակնկալ էր նրա համար։
Հապա՛, իմ Սուրենին։
Ճի՞շտ:
Բաս ի՞նչ ունիմ հիմա այստեղ։ Չէ՞ որ երախտապարտ եմ, անչափ երախտապարտ եմ պարոնին, որի հետ այդ ցավալի դեպքն է ինձ առիթ տվել ծանոթանալու։ Պարոն Բազենյան, դարձյալ և բյուր անգամ շնորհակալ եմ ձեզնից, և չեք կարող երևակայել, թե ինչքա՛ն ցավում եմ, որ ա՛յդ գնով եք որդուս կյանքը փրկել։ Որ իմանաք ինչ կպատահեր մերոնց, եթե... ո՛չ, ես սարսափում եմ անգամ այդ մասին մտածելուց։ Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ։
Եվ Մարությանն ամուր-ամուր սեղմեց Բազենյանի ձախ ձեռքը։
Բազենյանը ժպտաց և ասաց, որ չարժե շնորհակալ լինել, որովհետև յուրաքանչյուր մարդու բարոյական պարտականությունն է վտանգ եղած դեպքերում օգնության հասնել ուրիշներին, մանավանդ անզոր երեխաներին։ Հետո խնդրեց, որ նստի, և հարցրեց, թե երեխան իսկապե՞ս բոլորովին անվտանգ է մնացել։
Մի մազի չափ անգամ չի վնասվել, ասաց Մարությանը։ Այդ կատարյալ հրաշք է։ Աղջիկս միայն փոքր-ինչ վախեցել է, բայց այդ դատարկ բան է։ Հիմա գիտե՞ք ինչու եմ եկել, պարոն Բազենյան։ Եկել եմ, որ նախ տեղեկանամ ձեր թանկագին առողջության մասին և հետո՝ խնդրեմ, որ շնորհ բերեք մեր տուն։ Մերոնք այնպե՜ս ցանկանում են ծանոթանալ ձեզ հետ...
Ամենայն ուրախությամբ կգամ, իհարկե, երբ առողջանամ։
Մի՞թե հիմա առողջ չեք։
Առողջ եմ, իհարկե, բայց բժիշկն արգելել է, որ սենյակից դուրս չգամ. ձեռքս կմրսեցնեմ։ Բացի դրանից, չեմ կարողանում առայժմս շորս հագնել։ Եվ դրա համար է, որ պառկած եմ։
Հա՛, երբ որ այդպես է, իհարկե, լավ է, որ զգույշ մնաք։ Բայց որ վտանգն անցնի բոլորովին, խո կգա՞ք։
Շատ եմ ուզում և կաշխատեմ։
Չէ, ի սեր աստծո։ Կիսաբերան խոսքեր չեմ սիրում։ Վճռական պատասխան տվեք՝ կգա՞ք, թե ոչ։ Թե չէ, միևնույն է, ձեզ հանգիստ չեմ թողնիլ:
Կգամ։ Անպատճառ կգամ, ասաց Բազենյանը ժպտալով։
Այդպես։ Ա՛յ, պարոն Շահյանը գիտե մեր տունը. միասին վեր կկենաք կգաք։ Հա՛, պարոն Շահյան. դուք շարունակում եք մեզնից շատ հեռու ման գալ: Լավ չեք անում։ Է՛հ, ի՞նչ անենք, աստծո կամքն էր, որ ձեր ողորմածիկ հայրը վախճանվեց, բայց խո չի՞ կարելի այդքան երկար սուգ պահել:
Չէ, ի՞նչ սուգի բան կա, ասաց Շահյանը փոքր-ինչ շփոթվելով և ուզեց արդարացնել իրեն, բայց չիմացավ ինչ ասի։
Դե, երբ որ սուգի բան չկա, եկեք, էլի, առաջվա պես։ Երիտասարդ եք, պետք է գնաք, գաք, խոսեք։ Տանը նստելով բան չի դառնալ: Մինասյանից նամակ ունի՞ք։
Մինասյանի՞ց։ Չէ։ Առհասարակ մեր միջև նամակագրություն չկա։ Վերջերս միայն ցավակցական մի նամակ էր գրել հորս մահվան առթիվ։ Իսկ դուք նամակ ստանո՞ւմ եք ձեր օրիորդից։
Աշխենի՞ց։ Ինչպե՜ս չէ, համարյա ամեն շաբաթ։ Թեև ինքը, իհարկե, համեստությունից աշխատում է իր գործունեությունն իր համար աննպաստ գույներով նկարագրել, բայց ես համոզված եմ, որ նա արդեն ամբողջ գյուղի սիրելին է դարձել: Օ՜, ես գիտեմ ի՛նչ աղջիկ է։ Նա...
Մարությանը ձեռքով մի բազմախորհուրդ նշան արավ և թեթև հառաչեց։
Մի բան միայն ինձ անհանգստացնում է. աղջիկս շատ է դարդ անում նրա համար։ Բայց վնաս չունի, կսովորի։ Եղբոր համար էլ սկզբում շատ էր դարդ անում, բայց հետո սովորեց։ Այդպես ուրեմն, պարոն Բազենյան, դուք խոստանում եք, որ պետք է գաք մեր տուն։
Խոստանում եմ։
Ե՞րբ կգաք։
Հենց առաջին օրը, երբ հնարավորություն ունենամ սենյակից դուրս գալու։
Լավ: Մարությանը վեր կացավ։ Հույս ունիմ այդ առաջին օրը շատ չի ուշանալ։ Ուզեք-չուզեք, մենք այսուհետև բարեկամներ պետք է լինենք։ Եվ, հավատացնում եմ ձեզ, չեք զղջալ մեր բարեկամությունից։ Պարոն Շահյանը կարող է վկայել այդ մասին։ Առայժմ ցտեսություն։ Ցանկանում եմ ձեզ շուտափույթ առողջություն, այսինքն՝ ձեզ չէ, ձեր ձեռքին, որովհետև դուք հիվանդ չեք և փառք աստծո։ Կգաք պարոն Շահյանի հետ։ Պարոն Շահյան, խնդրում եմ մի մերժեք խնդիրքս. բերեք ձեր ընկերոջը և, առհասարակ, ինքներդ էլ եկեք, գնացեք, առանց քաշվելու։ Ձմեռ է, գիշերները երկար են, կնստենք, կասենք, կխոսենք։ Ցտեսություն։ Անհամբեր կսպասեմ երկուսիդ էլ։ Ցտեսություն։
Երբ Մարությանը դուրս գնաց, Բազենյանը նայեց Շահյանին, ժպտաց և կամաց ետ պառկեց բարձի վրա։
Տեսնում ես, մարդը գրեթե ծերունի, և ինչքան կենդանություն կա մեջը։ Այժմ համակրեցի, և արժե մոտիկ ծանոթանալ։
Շահյանը լուռ էր. ինչ-որ օտարոտի սառնություն էր տիրել նրան։
Այսօր բժիշկս գալու է. եթե իրավունք տվավ և կարողացա, վաղը կգնանք։ Հը՞, ի՞նչ ես կարծում։
Ինչպես ուզում ես, պատասխանեց Շահյանը։
Հա, վաղը կգնանք։ Զգում եմ, որ վաղը շատ լավ կլինեմ։ Ձեռքիս ցավը կարծես թե արդեն անցել է։ Համենայն դեպս, վաղն անցիր իմ կողմը։ Չէ, ավելի լավ է, ես կգամ քեզ մոտ և միասին կգնանք։ Ի դեպ մորդ էչ կտեսնեմ. կարոտել եմ։ Դու չգիտես գնահատել մորդ, բայց ես խիստ սիրեցի նրան։ Այնքա՜ն բարի պառավ է...
Շահյանը շարունակ լուռ էր և ինքն էլ էր զարմանում, թե ինչ է պատահում իրեն։ Նա երկար չմնաց ընկերոջ մոտ։ Ճանապարհին ավելի ու ավելի զգում էր, որ իր հոգու խաղաղ տրամադրությունը սաստիկ խանգարվել է։ Դեպի Բազենյանը տածած նրա զգացումը ենթարկվել էր հանկարծական մի հեղաշրջման, ընկերական նախկին անկեղծ սիրո տեղ նրա մեջ սկսել էր գլուխ բարձրացնել մի նոր, անծանոթ և ճնշող զգացում։ Նախա՞նձ էր այդ, չկամությո՞ւն, թե՞ մի ուրիշ բան, աստված գիտե. բայց կարծես, այնքան էլ նրա սրտովը չէր, որ Բազենյանի ձեռքով ազատված երեխան Մարությանի որդին էր։ Եվ, զարմանալի է, ամենևին չէր ուզում, որ Բազենյանը գնա Մարությանների տուն...
Բարև ձեզ, պարոն Շահյան, հանկարծ ինչ-որ կանանցի ձայն դիպավ նրա ականջին, և նա մեքենայաբար կանգ առավ։
Նրա առաջ կանգնած էր օր. Սահակյանը աշակերտական մի կույտ տետրակներ կռան տակին։
Չճանաչեցի՞ք, հարցրեց օր. Սահակյանը՝ ժպտալով իր համարձակ ժպիտով։
Շահյանը շփոթվեց։
Ինչպես չէ... ներողություն...
Հիշո՞ւմ եք, մենք ծանոթացել ենք երկաթուղու կայարանում, երբ ճանապարհ էինք ձգում մեր բարեկամներին' Աշխենին և Մինասյանին։
Այո, այո... ներողություն... Ես... ինչպես չէ, ինչպես չէ...
Եվ Շահյանը սաստկացած շփոթմունքից մինչև անգամ կարմրեց։
Ասենք ներելի է, որ ինձ իսկույն չհիշեիք, որովհետև մենք ծանոթացել ենք այնպիսի պարագաներում, երբ մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր մեր ամենալավ բարեկամների վրա, ասաց օր. Սահակյանր շարունակելով ժպտալ։ Ինչևիցե։ Ես այժմ, ներողություն, որ ձեզ անհանգստացնում եմ, ես այժմ ուզում եմ մի տոմսակ սաղացնել ձեզ վրա։
Ի՞նչ տոմսակ։
Կիրակի օր, այս կիրակի, մի աղքատիկ գյուղի ուսումնարանի օգտին պարահանդես ունինք, պետք է գաք։
Պարահանդե՞ս...
Օր. Սահակյանը նայեց Շահյանի՝ մի քիչ ապուշի տպավորություն գործող դեմքին և ծիծաղեց։
Կարող եք չպարել, բայց տոմսակ, կարծում եմ, կարող եք վերցնել։ Հա, տա՞մ։
Տոմսա՞կ... Ինչու չէ։ Խնդրեմ։
Օր. Սահակյանը տետրակների կույտն արագորեն մյուս թևի տակն առավ, շտապով հանեց հուշատետրը և սկսեց թերթել, որ մի տոմսակ հանի։
Գիտեք, ուզում էինք ներկայացում տալ, չհաջողվեց։ Ներկայացումն, ասենք ղալմաղալ բան էլ է և ծախսեր շատ է պահանջում։ Ավելի լավ համարեցինք բանը պարահանդեսով վերջացնել: Համեցեք, երկու ռուբլի արժե։
Շահյանն առավ տոմսակը և գինը վճարեց։
Շնորհակալություն։ Տեսնո՞ւմ եք, մինչև անգամ շնորհակալություն ենք հայտնում տոմսակ գնողներին, ասաց օր. Սահակյանը ծիծաղելով։ Ի՞նչ արած, բանն այդտեղ է հասել։ Երևակայեցեք, քսան հատ տոմսակ են տվել ինձ վաճառելու, և այդ ութերորդն է միայն, որ վաճառում եմ, չնայելով, որ էլ ծանոթ ու բարեկամ չեմ թողել, որին առաջարկած չլինեմ։ Հայերիս մեջ բանը այդպես է առաջ գնում։ Բայց, երևի, մի երկու-երեք հատ էլ կվաճառեմ։ Դեռ Մարությաններին չեմ տեսել. չեմ շտապում, որովհետև նրանք ամեն բանում նաղդ են։ Հա՛, իմացա՞ք, ինչ է պատահել Մարությանի որդուն ու աղջկան։
Որ կառքի տակ ընկնելուց ազատվե՞լ են։
Այո։
Ինչպես չէ։
Եվ Շահյանն ուզեց ավելացնել, թե ով է ազատողը, բայց ոչինչ չասաց, ինքն էլ չիմացավ՝ ինչու։
Չգիտեմ, ով է այդ երիտասարդը, ասաց օր. Սահակյանը, բայց ասում են, որ շատ հետաքրքրական մի անձնավորություն է և նոր է եկել արտասահմանից իբր թե ինչ-որ խորհրդավոր հանձնարարությամբ։
Շահյանը դարձյալ լռություն պահեց։ Այժմ նա զգում էր, որ չէր ուզում խոսել Բազենյանի մասին պարզապես նախանձից։
Դարձյալ մի քանի խոսք փոխանակելուց հետո նրանք սեղմեցին իրար ձեռք և բաժանվեցին իրարից։
Հետևյալ օրը Շահյանը չհանդիպեց Բազենյանին: Նա սպասում էր, որ Բազենյանն ինքը կգա միասին Մարությանների տուն գնալու համար, և առաջուց վճռել էր հրաժարվել այդ բանից: Բայց այդ օրը Բազենյանը չերևաց: Նա եկավ երկրորդ օրը, երեկոյան դեմ:
Զարմանալի մարդ ես, ասաց նա, խնդրեցի, որ հանդիպես ինձ, չեկար ոչ երեկ, ոչ այսօր: Բժիշկս այսօր միայն իրավունք տվեց սենյակիցս դուրս գալու: Ինչո՞ւ չեկար:
Ճշմարիտն ասած, ինքս մի քիչ տկար էի, դիմեց Շահյանն իր սովորական ստախոսության:
Է՛հ, դու էլ... Ճիշտ որ քնքուշ մեծացած աղջիկ ես եղել:
Այն միջոցին, երբ Բազենյանը Թամարին պատմում էր Մարությանի որդուն ազատելու դեպքը, Շահյանը դիտում էր ընկերոջը: Նրան թվում էր, թե Բազենյանի մեջ մի նոր բան է տեսնում, որ առաջ չէր նկատել, և այդ «նոր բանը» չափից դուրս գեղեցիկ ու գրավիչ էր, բայց և, միևնույն ժամանակ, համակրելի: Աչք ծակելու չափ աչքի էր ընկնում Բազենյանի վնասված ձեռքը, որը խնամքով փաթաթած՝ պահում էր շքանշանի ժապավենի պես վզից կախ արած սև շորի մեջ: Նրա արտաքինին առանձին գրավչություն էր տալիս ազնիվ մահուդից մեծ ճաշակով կարված հագուստը, որի սև ֆոնի մեջ ձյունի մաքրությամբ պլպլում էր փղոսկրի պես օսլայած նոր շապիկը չափազանց բարձր օձիքով: Փոքր-ինչ նիհարած դեմքը դեռևս դժգույն էր, իսկ աչքերի նախկին համարձակ հայացքը մեղմացել և ժպտում էր նոր առողջացած մարդու կենսուրախ քնքշությամբ: Շահյանը մի րոպե շունչը պահեց, որ չզգա նրանից սուր կերպով բուրող օծանելիքի հոտը այնքան այդ հոտը գարշելի թվաց նրան: Սակայն Շահյանին ոչինչ այնքան ատելի չէր թվում, որքան սև շորի մեջ լիրբ համեստությամբ հանգչող այդ ձեռքը, որ կարծես աղաղակում էր՝ «Գիտե՞ք ինչու եմ վնասված...»:
Դե, Լևոն, ի՞նչ ես նստել, դիմեց նրան Բազենյանը։ Ես ախր եկել եմ, որ գնանք Մարությանի տուն։ Վեր կաց հագնվիր։
Ես որ չգամ, լավ կլինի, ասաց Շահյանն անվճռականությամբ։
Ինչո՞ւ։
Չգիտեմ, ճշմարիտ... Ինչ-որ վատ տրամադրության մեջ եմ։
Ավելի լավ, կգնանք, տրամադրությունդ կբացվի։ Վեր կաց։ Ամոթ է, մարդը սպասում է։ Վերջապես, տունը չգիտեմ, ախր։
Մի Ժամից երկու ընկերները բարձրանում էին Մարությանների տան սանդուղքով։ Նախասենյակը լուսավորված էր առաստաղից կախված կապույտ լապտերով։ Հեռավոր սենյակներից աղջկանց տաք խոսակցության և բարձրաձայն ծիծաղի ձայներ էին լսվում։ Աղախինը ներս հրավիրեց հյուրերին հյուրասենյակ։ Այնտեղ ոչ ոք չկար։ Սեղանի վրա վառվում էր բրոնզյա ջլոտ մարդու ուսին դրած հսկայական լամպը։ Մի րոպե չանցած, բացվեց հյուրասենյակի խորքում դռներից մեկը, և արագ քայլերով ներս մտավ Մարությանը։
Ա՜, վերջապես, ուրախ բացականչեց նա և երկար ու պինդ սկսեց սեղմել իր երկու ձեռքով Բազենյանի ձեռքը։ Ինչքա՛ն ցավում եմ, որ ստիպված եմ ձեր ձախ ձեռքը սեղմել։ Ինչպե՞ս եք հիմա, լա՞վ եք։
Փառք աստծո։
Օ՜, որ գիտենաք օրական քանի անգամ եմ փառք տալիս աստծուն, որ այդպես հեշտ եք պրծել։ Համեցեք, համեցեք այստեղ։ Չեք կարող երևակայել, թե ինչքան ուրախացրիք ինձ ձեր այցելությամբ։ Պարոն Շահյան, բարև ձեզ։ Դուք էլ վերջապես եկաք։ Դուք էլ այստեղ համեցեք։ Սակայն ազատ եք, պարոններ, ուր կամենում եք՝ նստեցեք։ Սուրե՛ն, Սուրեն, արի այստեղ, տես ով է եկել, կանչեց Մարությանը, վազելով դեպի այն դուռը, որտեղից ինքը ներս մտավ։
Սակայն այդ դռնից, Սուրենի տեղ, դուրս եկավ Թեկլեն։
Արի, արի, դու արի, կնոջ առաջն ընկավ Մարությանը: Ահա ներկայացնում եմ քեզ մեր Սուրենի ազատչին, որին այնքան ցանկանում էիր տեսնել։ Իմ կինս է, դարձավ նա Բազենյանին։
Բազենյանն այդ աղմկալի ընդունելությունից չգիտեր ինչ աներ և շարունակ ժպտում էր ինքնավստահ համտեսությամբ։
Ներեցեք, տիկին, ես ստիպված եմ ձեզ իմ ձախ ձեռքը տալ, ասաց նա, թեթև խոնարհվելով։
Ա՜խ, ձեր ա՞ջ ձեռքն է վնասվել, մեղմորեն և ցավագին բացականչեց Թեկլեն։ Ինչքա՛ն ցավում եմ, ինչքա՛ն ցավում եմ։
Բան չկա, նկատեց Մարությանը, շուտով բախտ կունենանք աջ ձեռքը սեղմելու։ Ա՜, արի՛ այստեղ, չարաճճի, հանկարծ կանչեց նա և վազեց դեպի Սուրենը, որ կանգնել էր դռան շեմքում և երեխայական մտառու հետաքրքրությամբ նայում էր հյուրերին։ Հայրը բռնեց երեխայի ձեռքից և առաջ բերեց։ Տես ով է եկել։ Ճանաչո՞ւմ ես այս պարոնին։
Երեխան լուրջ հայացքով և փոքր-ինչ քաշվելով դիտում էր Բազենյանի ժպտող դեմքը։
Չե՞ս ճանաչում։ Սա ա՛յն պարոնն է, չարաճճի, որ քեզ ազատեց կառքի տակ ընկնելուց։ Դե, շնորհակալություն հայտնիր։
Սուրենն այս անգամ նայեց Բազենյանին հոնքերի տակից, ժպտաց մանկական ամոթխածությամբ և սիրուն աչքերը վայր թողեց։
Սնոլակալ եմ, շշնջաց նա, հագուստի փեշը մատի վրա փաթաթելով։
է՜, լավ ասա, է՛։ Ասա, շատ շնորհակալ եմ, պարոն, որ ինձ ազատեցիք։
Սատ սնոլակալ եմ, պալոն, ոլ ինձ ազատեցիք, կրկնեց Սուրենը։
Այ այդպես, ապրիս, բացականչեց Մարությանը և կամաց կմշտեց որդու թուշը։
Ես քեզ ազատեցի, որովհետև այդքան խելոք տղա ես, շոյեց երեխային Բազենյանը։ Եկ ինձ մոտ. մենք այսուհետև բարեկամներ ենք։ Իմ անունն էլ Սուրեն է։
Ամենքը նստեցին։ Բազենյանը երեխային առավ իր ծնկների մեջ և սկսեց ձախ ձեռքով փաղաքշել նրա բուկը։
Շուտով աղջիկս էլ բախտ կունենա ծանոթանալու ձեզ հետ, ասաց Մարությանը։
Հա՛, ինչպե՞ս է օրիորդը, վրա բերեց Բազենյանը։ Վախն անցե՞լ է։
Է՛հ, դատարկ բան է, ի՛նչ վախ։
Չէ, այդպես մի ասիր, նկատեց կինն ամուսնուն։ Նա բավական վախեցել է. չե՞ս նկատում ինչպես ամեն մի հասարակ բանից հանկարծ ցնցվում է։
Բան չկա. վախը չափել կտանք` կանցնի, ասաց ամուսինը ծիծաղելով։ Տե՛ս ինչ աղմուկ է սարքել այնտեղ։
Մարությանն այդ նկատողությունն արեց այդ րոպեին հանկարծ բռնկած ուրախ քրքջոցի ձայների վրա, որոնք լսվեցին հեռավոր սենյակներից։ Այնուհետև քրքջոցից և խառնաշփոթ խոսակցության հետ նախասենյակում լսվեցին ոտների ձայներ։
Բազենյանն ու Շահյանը հետաքրքրությամբ ականջ դրին, մինչև որ ձայները, հետզհետե խլանալով, լռեցին։
Գնացին, ասաց Մարությանը։ Այս գիշեր շուտ է վերջացրել դասախոսությունները։ Գիտե՞ք ինչ կա, պարոն Բազենյան։ Այդ աղջիկս է։ Այդպես շաբաթը մի երկու անգամ հավաքում է ընկերուհիներին և հայերեն խոսել-կարդալ է սովորեցնում։ Պետք է իմանաք, որ այդ ընկերուհիները բոլորն էլ հայ են, բայց ամեն լեզու գիտեն, բացի հայերենից։ Գիտեք, էլի՛, մեր այսպես կոչված բարձր դասակարգի աղջիկներն ինչ կլինին...
Դուռն ուժգնորեն բացվեց, և աղմկալի քայլերով ներս մտավ Եվան։ Իրանին պինդ սեղմված մոխրագույն շրջազգեստը, որի ծանր փեշերը հազիվ էին ծածկում ոտների ծայրերը, շատ շնորհալի կերպարանք էր տալիս նրա համարձակ հասակին։ Նա մի քանի քայլ առաջ շտապեց իր փութկոտ քայլերով, բայց հանկարծ կանգ առավ և զարմացած նայեց Բազենյանին։
Շահյանի սիրտը սաստիկ թրթռաց և հանկարծ, կարծես, դադարեց այլևս բաբախելուց։
Բազենյանը երեխային կամաց հեռացրեց իրենից և վեր կացավ։
Ի՞նչ կանգնեցիր, առաջ արի, ասաց Մարությանն աղջկան։ Արի ծանոթացիր պարոն Բազենյանի հետ, որին դու էլ ես պարտական։
Ա՛խ, եղբորս փրկի՜չը, բացականչեց Եվան սաստիկ ուրախացած և վազեց դեպի Բազենյանը, թույլ չտալով, որ նա մոտենա իրեն։ Չգիտեմ ինչպես պիտի արտահայտեմ ձեզ իմ շնորհակալությունը, պարոն Բազենյան։ Դուք որ օգնության չհասնեիք, եղբայրս խո հիմա չպետք է լիներ։ Երևակայեցեք, սարսափից այն աստիճան կորցրել էի ինձ, որ բոլորովին չեմ հիշում ձեր դեմքը։ Մինչև անգամ չեմ հիշում, թե ինչպես եղավ, որ եղբայրս անվտանգ մնաց, իսկ դուք... Ա՛խ, ի՛նչ դժբախտություն... Ահա, ձեր ձեռքը դեռ կապած ունիք։
Ի՞նչ վնաս, օրիորդ. թող մի-երկու ամիս կապած մնա։
Մի-երկու ամի՜ս...
Գոնե բժիշկն այդպես է ասում։
ՉԷ՛, չէ՛, դա չափազանց շատ է։ Ինչպե՞ս կարելի է... չեմ ուզում։
Տեսնում եք, պարոն Բազենյան, չի ուզում, լուրջ կատակով ասաց Մարությանը, ուրեմն ձեր ձեռքն իրավունք չունի մի-երկու ամիս կապած մնալու։ Շատ-շատ` մի-երկու շաբաթ։
Իհարկե, պնդեց Եվան։
Ավելի լավ չէ՞ մի-երկու օր, իր հերթին նկատեց Թեկլեն։
Ո՜ւու, մայրիկս ավելի լավ ասաց. շատ-շատ՝ մի-երկու օր, այսինքն դարձյալ մի-երկու օր, որովհետև մի շաբաթ է արդեն, որ կապած ունիք ձեր ձեռքը... Ա՛խ, պարոն Շահյան, հանկարծ բացականչեց Եվան, նոր տեսնելով Շահյանին, և արագ մոտեցավ նրան։ Դուք այնքան հեռու եք նստել, որ ձեզ չնկատեցի։ Բարև ձեզ։ Ինչո՞ւ մեզ մոռացել եք։ Համեցեք, մոտիկ նստեցեք, խնդրում եմ։
Շահյանը հենց սկզրից այնպիսի դրության մեջ էր զգում իրեն, որ կարծես ինքն առանձնապես ոչ մի նշանակություն չունի այդ տան մեջ կամ եթե ունի, այդ էլ նրա՛ համար միայն, որ Բազենյանի ընկերն է։ Նրա ինքնասիրությունը սաստիկ վիրավորվեց մանավանդ այն բանից, որ Եվան, Բազենյանով ոգևորված, չնկատեց իրեն սկզբում։ Եվ չար, անզոր նախանձը, որ երկու օրից ի վեր ծագել էր նրա մեջ դեպի ընկերը, այժմ արդեն զգալի արագությամբ պաշարում էր նրա ամբողջ էությունը։ Չէ՞ որ վնասված ձեռքը փաթաթանի մեջ դրած, արտիստական ճաշակով հագնված այդ վայելչահասակ, գեղեցիկ երիտասարդն արդեն կուռք էր դարձած Մարությանների համար, որոնց երեխային փրկել էր մահից անօրինակ անձնազոհությամբ։ Մինչդեռ Եվան այնքա՜ն շնորհալի, այնքա՜ն գեղեցիկ, այնքա՜ն հրապուրիչ էր և այնպիսի՜ եռանդուն ուշադրություն էր ընծայում Բազենյանին...
Շահյանի դրությունը հետզհետե ծանրանում էր։ Նա բոլորովին չէր խոսում, և ըստ երևույթին ուշադրություն դարձնող չկար նրան։ Երբ Մարությաններն երբեմնակի մի-մի խոսք էին ուղղում նրան, այդ էլ, Շահյանը կարծում էր, քաղաքավարության համար միայն։
Ամենքի ուշադրությունը կենտրոնացած էր Բազենյանի վրա։ Հարցեր էին, որ այս ու այն կողմից տալիս էին նրան, և նա ամենքին էլ գոհացում էր տալիս պարզ, ազատ և ինքնավստահորեն։
Խոսակցությունն ինքնաբերաբար անցավ Կ. Պոլսի անցքերին և՝ առհասարակ Թրքական-Հայաստանում սկսված գործին։ Այստեղ Բազենյանը, ինչպես ասում են, մտավ իր դերի մեջ, և «սուրբ գործն» սկսեց հոլովվել նրա բերանում ամեն կերպ:
Շահյանին թվում էր, թե նա բառ առ բառ կրկնում է նույնը, ինչ որ իր մոտ էր ասել. կարծես բերան էր արել այդ բոլորը, ինչպես մի լավ դերասան իր բազմիցս խաղացած դերը։
Մարությանները լսում էին նրան առանձին հետաքրքրությամբ։ Այդ բանը ոգևորում էր Բազենյանին ավելի խորը գնալու։ Արդեն այն հանգամանքը, որ մինչև անգամ շատախոս Մարությանը լռել էր, պարզ ապացույց էր Շահյանի համար, որ Բազենյանը կատարելապես տիրել էր ունկնդիրներին։
Շահյանը գաղտագողի դիտում էր Եվային։ Եվան կռթնել էր բազկաթոռի թիկունքին և, հայացքը Բազենյանի աչքերին հառած, լսում էր նրան ամենայն մտառությամբ։ Նրա հոնքերի միջև գոյացել էր մի կնճիռ, որ վերին աստիճանի խելացի արտահայտություն էր տալիս նրա խոշոր աչքերին:
Եվ որքան Շահյանը շատ էր դիտում Եվային, այնքան ավելի թվում էր նրան, թե Բազենյանի ճառախոսությունը սուտ է, խաբեբայություն է, անամոթ լրբություն է։ Մի ինչ-որ քննադատական և թերահավատության ոգի էր զարթել նրա մեջ. նրան խիստ հակասական էին թվում Բազենյանի վառվռուն խոսքերը նրա շիկ հագուստին և հոտավետ օծանելիքին։ Եվ Շահյանի սիրտն առաջին անգամ կասկած մտավ նրան տված իր գումարի նպատակի մասին։ Այդ կասկածն առանձին ուժ ստացավ այն միջոցին, որ երբ Մարությանը խոսք բաց արեց իր հեռացած որդու մասին և ասաց, որ նա ևս ծառայում է նույն նպատակին, ինչ որ Բազենյանը, վերջինս հանկարծ զսպեց իրեն և այնուհետև սկսեց խոսել զգուշորեն...