Нар-Дос

Մահը

11
21

Երբ հայր ու աղջիկ դուրս եկան հյուրանոցից, արևն արդեն մայր էր մտել։ Երկնքի անփայլ կապուտակը մթնում էր արագորեն։ Օդը, որ արև եղած ժամանակ շարժվում էր անախորժ սառնությամբ, այժմ ուղղակի խանձում էր մարդու դեմքը։ Սառած գետինը քարի կարծրություն էր ստացել։

Եվան վազում էր՝ հոր առաջն ընկած. կարծես փախչում էր մի բանից և, միևնույն ժամանակ, ուզում էր ցույց տալ, թե ոչ մի բանից չի փախչում։ Հայրը հազիվ էր հասնում աղջկա ետևից, թեև նա էլ չէր հասկանում ինչու, քայլերը սովորականից ավելի արագացրել էր։

Կամաց գնա, Եվա, ի՞նչ ես վազում, կանչեց Մարությանը:

Եվան կանգ առավ, մինչև որ հայրը հասավ նրան։ Նրանք չնայեցին իրար երեսի։ Բայց նրանցից ամեն մեկը հասկացավ, որ երկուսն էլ ճնշված են Բազենյանի թողած անախորժ տպավորության տակ։ Նրանք շարունակեցին ճանապարհն այս անգամ կողք-կողքի և հանդարտ քայլերով։

Է՜, դա խմում է՞լ է, խոսեց Մարությանը, կարծես ինքն իրեն։ Չհավանեցի... Թեև խմելն, իհարկե, սովորական բան է, ավելացրեց նա կարճ, մտախոհ լռությունից հետո. մարդը ուրախ տրամադրության մեջ մի քիչ խմել է. այդ բանը մեզնից ո՞վ չի անում. բայց չգիտեմ ինչու, ինձ վրա անախորժ տպավորություն թողեց։ Ափսո՜ս: Իլյուզիաս կորավ։

Եվան ցնցվեց և ակամա նայեց հոր մտախոհ դեմքին։ Նա տեսավ, որ հայրը նույն հիասթափությունն է զգում, ինչ որ ինքը, թեև, իհարկե, ոչ այնքան զորեղ կերպով, ինչպես ինքը։

Մարությանն այլևս ոչինչ չխոսեց Բազենյանի մասին։ Իսկ Եվան ամենևին ձայն չէր հանում։ Նա գնում էր և չէր իմ անում՝ ուր. մտածում էր և չէր իմանում՝ ինչ: Երբեմն վայրկենաբար նրա դեռևս թարմ հիշողության մեջ վերակենդանանում էին այն օրերը, երբ ինքը տանջող կարոտով սպասում էր Բազենյանին. հիշում էր իրենց սիրային առաջին և վերջին տեսակցությունը, այդ տեսակցությունից հետո իր զգացած սարսափը, դարձյալ իր հուսահատական դրությունը, Բազենյանին տեսնելու տենչը... Հիշում էր այդ բոլորը և տեսնում էր, որ բոլորովին հանգիստ, անկարեկից է. կարծես թե այդ բոլորն երեկ-մեկել օրը չէր, որ կատարվել էր, այլ շատ տարիներ առաջ, կարծես թե այդ բոլորն ինքը չէր զգացողը, այլ մի ուրիշը, բոլորովին մի այլ աղջիկ, որին չէր ճանաչում և որի հետ ինքը ոչ մի առնչություն չուներ։

Պարո՛ն Մարության, Եվա, հանկարծ լսեցին հայր ու աղջիկ իրենց ետևից կանացի մի ձայն։

Նրանք դարձան և տեսան օր. Սահակյանին, որ իր գեր մարմնով բադի պես օրորվելով՝ շտապում էր հասնել նրանց։ Չնայելով սառնամանիքին, նրա լիք այտերն այրվում էին տաքացած: Նա հասավ Մարությաններին և անցավ հոր ու աղջկա մեջտեղը։

Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք, ասաց նա իր աշխույժ, կայտառ ձայնով, և առնելով Եվայի թևը, առաջ անցավ նրա և Մարությանի հետ։ Այսօր դարձյալ նամակ ստացա Աշխենից։ Այս երկրորդ նամակն է, որ գրում է։ Այսպես շուտ-շուտ է հիշում ինձ։ Բայց, փառք աստծո, այս անգամ գոհ է և ուրախ։ Միայն խիստ գանգատվում է, Եվա, որ դու վերջերս կամ ոչինչ չես գրում իրեն, կամ միայն չոր ու ցամաք բարևներ ես գրում։ Լավ չես անում։ Մի մոռանար, որ կարոտը միայն քո նամակներից է առնում։ Երևակայիր, որ մինչև անգամ կասկածում է, թե միգուցե հիվանդ ես, որ ոչինչ չես գրում, կգժվեմ, ասում է, եթե...

Օր. Սահակյանը հանկարծ լռեց և զարմացած նայեց նախ Եվայի, ապա Մարությանի դեմքին։

Ի՞նչ է պատահել, հարցրեց նա անհանգստությամբ։ Ինչ-որ... տխուր եք երևում։

Մարությանը, զարմանք կեղծելով, նայեց օր. Սահակյանի փորձող աչքերին։

Տխո՞ւր... Ինչի՞ց պիտի տխրեինք։

Ես ի՞նչ գիտեմ։ Ձեզ դեռ երբեք այդպես չեմ տեսել... Որտեղի՞ց եք գալիս։

Բազենյանի մոտից։

Օր. Սահակյանը հանկարծ կանգ առավ, թողեց Եվայի թևը և բերանը բաց, աչքերը չռած՝ մնաց նայելիս Մարությանի դեմքին։

Ակամա կանգ առան և հայր ու աղջիկ և գրեթե սարսափած միաժամանակ նայեցին նրան, կանխազգալով, որ նա ինչ-որ բան պիտի ասի, կայծակի պես շանթող անսպասելի մի բան, որը կուզեին և՛ իմանալ, և՛ չիմանալ։

Բազենյանի մոտի՞ց, ասում եք... ի՞նչ ունեիք նրա մոտ։

Նամակ հանձնեցինք, որ տանի Արմենակին։ Վաղը չէ մյուս օրը նա գնում է այն կողմերը, ասաց Մարությանը։

Օր. Սահակյանը գլուխը ետ ձգեց և խիստ բարձրաձայն ծիծաղեց։ Շատ տարօրինակ էր նրա ծիծաղը։

Հայր ու աղջիկ ապշած նայում էին, թե ինչպես ծիծաղից դողդողում էր նրա կախ ընկած կզակը։

Եվ միայն նամա՞կ հանձնեցիք, հարցրեց օր. Սահակյանը։

Մարությանը այլևս քաջություն չունեցավ ծածկելու։

Փող էլ, ասաց նա։

Այսինքն ի՞նչ փող. Արմենակին տանելո՞ւ, թե...

Ոչ, իբրև նվիրաբերություն...

Սուրբ գործի օգտին, լրացրեց օր. Սահակյանը, և նրա ծիծաղը սաստկացավ։ Նա ծիծաղում էր երկար, և նրա ամբողջ մարմինն ուժգին ցնցվում էր այդ տարօրինակ ծիծաղից։ Բայց հանկարծ զսպեց իրեն, իր ուժեղ ձեռքով արագորեն բռնեց Մարությանի թևից և անհանգիստ մի շարժում արեց, որով ուզում էր հասկացնել, որ նա իսկույն ետ դառնա։

Այս րոպեիս գնացեք և ետ առեք նամակն էլ, փողն էլ, ասաց նա շատ լուրջ և հաստատուն ձայնով։ Շտապեցե՛ք, մի նայեք ինձ այդպես զարմացած... Դե, գնացե՛ք շուտով, ձեզ ասում եմ, աղաղակեց ուղղակի հրամայողաբար, տեսնելով, որ Մարությանն ապուշ կտրված միայն նայում է իր դեմքին։

Մարությանը պարզապես վիրավորվեց նրա այդ վարմունքից։

Սպասեցեք, ասաց նա և թևը կամաց խլեց օր. Սահակյանի ձեռքից։ Ի՞նչ եք ասում, չեմ հասկանում։

Ա՛յն եմ ասում, պարոն Մարության, որ դուք սրիկայի ձեռք եք ընկել, և նա փառավորապես խաբել է ձեզ, ինչպես խաբել է ձեզ նման շատերին։ Այժմ հասկացա՞ք։ Դե, գնացեք շուտով, այս րոպեիս գնացեք, թե չէ՝ ձեր փողերը կորած են... Տե՛ր աստված, ի՜նչ տեսակ մարդ եք։ Մի՞թե չեք հավատում ինձ։

Իհարկե, չեմ հավատում, աղաղակեց Մարությանը գրեթե կոպտաբար։ Ի՞նչպես թե սրիկա, ի՞նչ եք ասում։ Նրա մասին բան գիտեք, այնպես եք խոսո՞ւմ, թե հենց այնպես, որովհետև... Նրա քիթը դուր չի եկել ձեզ։

Իհարկե, բան գիտեմ, որ այդպես եմ խոսում, թե չէ՝ ես ի՞նչ գործ ունիմ նրա քթի հետ։

Ի՞նչ գիտեք։

Ա՛յն գիտեմ, պարոն Մարության, որ նա Հայաստանի մասին այնքան է մտածում ու հոգում, որքան ես ու դուք Չինաստանի մասին։ Ձեր այդ պարոն Բազենյանը, որին քիչ է մնում աստվածացնեք, ոչ այլ ինչ է, եթե ոչ մի կատարյալ խաբեբա, որ հանգամանքներից օգուտ քաղելով, գեղեցիկ դիմակի տակ, պարապում է նվիրական զգացումներ շահագործելով։ Այդ պարոնի իսկական անձնավորության հետ ինձ ծանոթացրեց շատ հարգելի, շատ պատվական մի տիկին, որ հենց ինքը զոհ է գնացել այդ աֆերիստի ճարպիկ խաբեբայությանը։ Այդ տիկինը Ղրիմից է։ Նրա հետ ծանոթ եմ Ղրիմում եղած վարժուհությանս ժամանակից և շատ լավ ծանոթ եմ։ Անձնական գործերի համար այս օրերս Թիֆլիս է եկել և անցյալ օր մեր տանն էր։ Հենց այդ օր փողոցում հանդիպել էր Բազենյանին, և տեսնեիք, թե ինչքան հուզված էր... Եվ, իսկապես, կարելի՞ է միթե խաղաղ հոգով տեսնել, թե ինչպես ամենասուրբ, ամենանվիրական զգացումներդ շահագործության առարկա են դարձած մի մութ անձնավորության ձեռքի, որին սկզբում հավատում էիր կուրորեն և համոզված էիր, թե նա քո ամենալավ, ամենաբարձր բաղձանքների իրագործողն է... Հենց դուք. այս րոպեիս դուք միևնույնը չե՞ք զգում, ինչ-որ զգացել է այն պատվական կինը. դուք ևս միևնույն ծանր հիասթափության տակ չե՞ք այս րոպեիս...

Եվ օր. Սահակյանը, լռելով, փոխեփոխ նայեց Մարությանի և Եվայի դեմքին։ Մարությանը վերին աստիճանի ապշած էր, ինչպես մի մարդ, որի մտքի առաջ հանկարծ սարսափելի և անհավատալի մի գաղտնիք է բացվում։ Իսկ Եվան կանգնած էր անշարժ և, հոնքերը կիտած, անթարթ նայում էր գետնին։ Վերին աստիճանի խիստ հանգստություն էր արտահայտում նրա ամբողջ արտաքինը։ Նրա անշարժացած դեմքը գունատվել էր և աչքերի վայր թողած կոպերը դողդողում էին իրենց երկայն թերթերունքներով։

Օ՜, իսկապես որ սարսափելի է, սարսափելի, հառաչեց Մարությանը ծանր երազից արթնացողի պես և առաջ անցավ։

Եվան և օր. Սահակյանը հետևեցին նրան։

Ա՜, վերջապես հասկացաք և հավատացիք. բացականչեց օր. Սահակյանը։ Ես զարմանում եմ, պարոն Մարության, որ դուք երբեք չեք հարցրել ինքներդ ձեզ, թե՝ լավ, եթե մեր այս պարոն Բազենյանը, որ այսքան շատ է խոսում հայրենիքի թշվառության մասին, իսկապես գործիչ է, հապա այս ինչպե՞ս է հագնվում սա, այս ինչպե՞ս է ապրում սա։ Հայրենիքի թշվառության համար մտածողն ու գործողն ո՜վ, առաջնակարգ հյուրանոցում ապրողն ով, վերջին մոդով հագնվո՞ղն ով, անդադար կառքով ու սահնակով զբոսնո՞ղն ով։ Ախր, այս բաներն ինչ-որ չեն բռնում իրար։ Հենց առաջին օրը, հենց առաջին րոպեին, որ տեսա նրան ձեր տանը, մեծ թերահավատությամբ նայեցի նրա վրա։ Նրա հագուստից այնպիսի հոտ էր բուրում, որ ամենակոկետ կնոջից անգամ չեմ առել։ Ախր սրանք ուշադրության արժանի բաներ են, պարոն Մարության, իսկ դուք, ինչպես երևում է, ամենևին ուշադրություն չեք դարձրել։

Է՛հ, ո՞վ էր հետևում այդ մանրամասնություններին, նկատեց Մարությանը դառնությամբ։ Նա մեզ այնպե՜ս կաշկանդել էր...

Ասացեք՝ կաշառել էր։

Ինչպե՞ս թե կաշառել։

Չէ՞ որ փրկել էր ձեր Սուրենի կյանքը։

Դուք էլ բան ասացիք. նա ի՞նչ էր իմանում, թե ով ենք մենք, որ մեր երեխայի կյանքը փրկելով կաշառեր մեզ։

Որ այդպես է, դուք չեք հասկանում այդ պարոնների հոգեբանությունը։ Ձեզ չկաշառեր, հասարակությանը խո կկաշառեր։ Չէ՞ որ Բազենյանի պես մարդկանց ամենամեծ ջանքն այն է, որ հասարակության աչքերը որքան կարելի է պինդ կապեն, և Բազենյանը դրա համար ավելի լավ առիթ չէր կարող գտնել, քան մի փոքրիկ երեխայի՝ կառքի տակ չարաչար մեռնելուց ազատելը։ Կարծում եք Բազենյանի համար քիչ բա՞ն է, որ լրագրության մեջ գրվում և հասարակության մեջ խոսվում է, թե այսինչ պարոնն այսինչ անձնազոհության օրինակ է ցույց տվել։ Եվ ինչպե՞ս նա մինչև այժմ էլ ձեռքը կապած է պահում... Ե՛ս մեռնեմ, թե նրա ձեռքն իմ ձեռքից էլ առողջ չլինի, բայց կապած է պահում, որովհետև չէ՞ որ նրա անօրինակ անձնազոհության նշանն է այդ, և, վերջապես, դրանով նա, ախր, ավելի գրավիչ է երևում... Է՜, պարոն Մարության, ինչպես տեսնում եմ, դուք դեռևս շատ միամիտ մարդ եք։ Դուք չգիտեք, թե որոշ ժամանակներ լավ մարդկանց հետ ինչպես վատ մարդիկ էլ են ստեղծում։ Մեր այժմյան ժամանակը ստեղծել է ձեր որդուն Արմենակին, բայց և ստեղծել է Բազենյանին։ Գուցե, Ժամանակն ու հանգամանքները շատ ժլատ են ձեր որդու նմաններին ստեղծելում, բայց երևում է, որ շատ շռայլ են բազենյաններ արտադրելում։ Մի րոպե թողեք տղամարդուն ոչ-վայել ձեր այդ պարզամտությունն ու դյուրահավատությունը, իրերի վրա նայեցեք առողջ, քննական հայացքով, և կտեսնեք, թե ովքեր են բազենյանները. կտեսնեք, որ այդ գարշելիները ոչ այլ ինչ են, եթե ոչ պարզապես մեր այժմյան կյանքի նշանավոր երևույթների զազրելի վիժմունքը: Դրանք ծույլ և անբարոյական արարածներ են, որոնք լավ ապրել են ուզում։ Ազնիվ գործը, չարքաշ աշխատանքն անմատչելի է դրանց։ Դրանք փող աշխատելու դյուրին ասպարեզ են հոտոտում, և ահա պատրաստ է մեր ներկա ժամանակի հասարակական նվիրական զգացումների շահագործության ասպարեզը, մի ասպարեզ, ուր, ինչպես ասում են, շունը տիրոջը չի ճանաչում։ Խավարի ծնունդ լինելով, խավարի մեջ էլ գործում են դրանք։ Զգացողներ և ձգտումներ կեղծելու բնատուր ճարպկությունը դրանց ամենամեծ զենքն է։ Այդ զենքով զինված թափառում են քաղաքից քաղաք, երկրից երկիր և ձեզ նման միամիտ հավատացողների գրպանից փողեր են կորզում։ Սուրբ գործի անունով հավաքած այդ փողերը ցրում են անձնական զազրելի կրքերի, ապականության ճանապարհի վրա։ Հասարակական ամենանվիրական գործն այդպիսով պատվանդան են դարձրել ցոփության հաղթանակի համար։ Սուրբ գործի այդ պարազիտները բախտավոր են նրանով, որ խառնաշփոթությունն ընդհանուր է և այդ խառնաշփոթության մեջ ոչ իսկական գործիչն է երևում, ոչ իսկական կորզիչը։ Այդ պատճառով էլ հաղթանակում են խավարի ծնունդները, իսկ մեծ գործը կործանվում է...

Մարությանի և Եվայի մեջտեղ ծանր քայլելով, օր. Սահակյանը խոսում էր ազնիվ բարկությամբ վառված։

Շատ ճիշտ է, շատ ճիշտ է, մեջ ընդ մեջ արտասանում էր Մարությանը դառն մտախոհությամբ։

Ցավալին այն է, որ չարիքը ոչ կարող ես ծածկել, ոչ կարող ես հրապարակ հանել, շարունակեց օր. Սահակյանը: Ծածկես Բազենյանի պես մութ անձերի վնասակար գործունեությանը պիտի ազատ ասպարեզ տաս. հրապարակ հանես ամենքը ետ պիտի փախչեն գործից հիասթափված և այլևս չպիտի հավատան ոչ ոքի։ Ո՞րն անես մնացել ես տարակուսած։ Իմ կարծիքով պետք է չարիքը չծածկել։ Իսկ այդ չարիքը չափից դուրս մեծ է և անկարելի է անուշադիր թողնել։ Պետք է բանալ հասարակության աչքերը, պետք է հասկացնել նրան, որ չհավատա ամեն մի բախտախնդրի...

Հեշտ եք ասում։ Համեցեք, խոսեցրեք Բազենյանին և կասկածեցեք, թե նա բախտախնդիր է։ Նշանավորն այս է, որ նա ոչ թե միայն ուղղակի չի առաջարկել մեզ, որ նվիրաբերություն անենք, այլև մի խոսք, մի ակնարկ անգամ չի արել այդ մասին։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ես ասել էի նրան, որ գա ստանա իմ խոստացած գումարը և նամակով էլ հրավիրեցի, չեկավ, և ես իմ ձեռքովս տարա տուն, տվի ինքնաբերաբար։

Ճարպկությունն էլ հենց այդ է, է՜։ Կնշանակի՝ ցանցն այնպես լարել է, որ ինքներդ եք գնացել մեջն ընկել։

Հենց այդ պատճառով էլ չեմ կարող գնալ և տված գումարս ետ պահանջել։ Ետ տալով ետ կտա, այդքան ազնվության ու պատվասիրություն կունենա, ես կարծում եմ, բայց... ի՞նչ փաստ կա ձեռիս, որ ես կարող լինեմ համարձակ ասել նրան, թե՝ պարո՛ն, իմ տված փողը ետ եմ պահանջում նրա համար, որ ձեզ չեմ հավատում այլևս, որովհետև դուք խաբեբա եք, աֆերիստ եք, սրիկա եք...

Փաստը իմ ասած տիկինը։ Ուզում եք, իմ անունս էլ տվեք։ Ես նրանից չեմ վախենում։

Ա՛յդ է, ձեր ասած տիկնոջ և ձեր անունը որ տվի փաստ դառավ, և Բազենյանը խոտ է կերել, ոչինչ չի գտնիլ ասելու։

Ոպում եք, տիկնոջ երես առ երես կկանգնեցնեմ նրա հետ։ Ուզո՞ւմ եք։ Ասացեք, ուզո՞ւմ եք։

Է՛հ, թողեք, թե աստված կսիրեք, արտասանեց Մարությանը գրգռված։ Լեզուն հեշտ է շարժվում։ Մեկ էլ կտեսնեք, այնպիսի օյին կհանի ձեր տիկնոջ և իմ ու ձեր գլխին, որ մի բան էլ դեռ մենք պարտական կմնանք նրան. ինքներդ եք ասում, թե բազենյանները ճարպիկ են և միևնույն ժամանակ այդպես եք խոսում։

Նա հանկարծ կանգ առավ և զսպած զայրույթով նայեք օր. Սահակյանի դեմքին։

Կուզե՞ք ուղիղն ասեմ, օրիորդ, նկատեց նա սրտանց։ Մեղավորը դո՛ւք եք։ Այո՛, դո՛ւք, որովհետև ձեզ վաղուց հայտնի է եղել, թե ինչ մարդ է Բազենյանը, և մեզ այժմ եք հայտնում այդ, այն էլ պատահաբար։

Եվ Մարությանը նորից առաջ անցավ գրգռված։

Դուք ճշմարիտ եք ասում, պարոն Մարության, կարճ լռությունից հետո ասաց օր. Սահակյանը Եվայի հետ քայլելով նրա ետևից։ Ես կատարելապես արժանի եմ ձեր հանդիմանությանը և ցավում եմ, որ անմիջապես չեմ շտապել հայտնելու ձեզ, թե ինչ մարդ է ձեր այդ Բազենյան կոչվածը։ Բայց այս էլ նկատի պիտի ունենաք, պարոն Մարության, որ ես երբեք չէի կարող կարծել, թե դուք, Արմենակի պես որդի ունենալով, կարող էիք ոգևորվել մի որևէ բախտախնդիր Բազենյանով։

Մարությանը ոչինչ չասավ, օր. Սահակյանի վերջին նկատողությունն, ըստ երևույթին, միանգամից զինաթափ արեց նրան:

Կարճ ժամանակ երեքն էլ քայլում էին լուռ։

Եվ դուք նամակ եք հանձնել նրան, որ ձեր որդո՞ւն տանի, նկատեց օր. Սահակյանը, գլուխը շարժելով դառնությամբ։

Եվայի դեմքը, օր. Սահակյանի այդ խոսքերի վրա, կարծես ներքին մի սուր կսկծից, ծամածռվեց, բայց նրա ամբողջ արտաքինը առաջվա պես պահանջում էր իր խրոխտ հանգստությունը։

Ամենակ Մարության և Բազենյան... ինչպիսի հեգնություն, ավելացրեց օր. Սահակյանը։

Մարությանը զայրագին պինդ թքեց մի կողմ և քայլերն արագեցրեց։

Այսպես թե այնպես, վերջապես, ասաց օր. Սահակյանը։ Պարոն Մարության, ցտեսություն, ես այս կողմն եմ գնում։ Հավատցնում եմ ձեզ, լավ կանեիք, որ ձեր փողերը մի կերպ ետ առնեիք, և ավելի լավ կանեիք, որ այդ փողերն ուղարկեիք Աշխենին իրենց աղքատ ուսումնարանի համար գործադրելու։ Բայց այդ դուք գիտեք։ Ցտեսություն։ Ցտեսություն, Եվա։ Այդ ի՞նչ է, մրսո՞ւմ ես, հարցրեց նա զարմանալով Եվայի դեմքի տարօրինակ գունատությունից։

Եվան հազիվ նկատելի կերպով շփոթվեց նրա թափանցող հայացքից։

Այո, ցուրտ է, կամաց արտասանեց նա և ավելացրեց։ Այս քանի օրս մի քիչ տկար եմ զգում ինձ։

Որ այդպես է, ինչո՞ւ էիր այս սառնամանիքին դուրս գալիս տնից։ Հիշո՞ւմ ես, Եվա, որ ձեր տանը Բազենյանի հետ վիճաբանության բռնվելուցս հետո, երբ գնում էի, նախասենյակում հարցրիր ինձ, թե ինչո՞ւ էի այնպես հարձակվում նրա վրա, և մինչև անգամ ասացիր, թե նրա մեջ մի գիծ կա, որ զարմանալի կերպով հիշեցնում է քեզ եղբորդ։ Այժմ գնա տուն և լավ մտածիր, թե բնազդը խաբո՞ւմ էր ինձ, որ այնպես հարձակվում էի նրա վրա, և կա՞ արդյոք որևէ նման գիծ եղբորդ և այդ խաբեբայի միջև... Է՜, մարդիկ, մարդիկ, ինչպես հեշտ եք խաբվում։ Բայց այսպես, թե այնպես, վերջապես։ Այս իմ սովորական երգն է, որ կրկնում եմ միշտ, երբ տեսնում եմ, որ բանը բանից անցած է արդեն։ Դե՛հ, գնացեք, ցտեսություն։

22

Աղջկա հետ որ տուն գնաց, Մարությանը պատմեց կնոջը, թե ով է եղել Բազենյանը և թե ինչպիսի խաբեբայության զոհ են դարձել իրենք նրա ձեռքին։ Այդ բանն այնքան անսպասելի էր Թեկլեի համար, այնքան ապշեց նա, որ երկար ժամանակ չէր կարողանում լավ ըմբռնել, թե ինչ է ասում ամուսինը։ Դրան նպաստում էր այն հանգամանքը, որ ամուսինը, սաստիկ գրգռված, պատմում էր կցկտուր բառերով, կարծես աշխատում էր շուտ վերջացնել այդ ծանր բացատրությունը։ Կինն իր չհասկանալովն այնքան չարչարեց ամուսնուն, որ Մարությանը, վերջապես, դուրս եկավ համբերությունից։

Օ՛հ, ի՜նչ բթամիտն ես եղել, հանկարծ բռնկեց նա և, ավելի զայրացած այն բանից, որ այդպիսի կոպիտ բառ թռցրեց բերանից, հեռացավ իր առանձնասենյակը։

Թեկլեն այս անդամ ձեռքն առավ աղջկան և նրան էլ բավական կչարչարեր, եթե Եվան կատարյալ հանգստությամբ, թեև համառոտ, բայց շատ պարզ կերպով չպատմեր նրան այն բոլորը, ինչ որ իմացել էր օր. Սահակյանից Բազենյանի մասին։

Մի՞թե այդ ճշմարիտ է, մի՞թե այդ ճշմարիտ է, կրկնում էր Թեկլեն ապշած։ Այնպես խոսողը խաբեբա՞... Սուրենիս ազատողը խաբեբա՞։ Այդ անկարելի է, այդ անհավատալի է։ Ուրեմն մեր փողերը մի ավազակի ձեռք են ընկել, ուրեմն նամակն էլ իզուր ենք հանձնել նրան։ Տեր աստված, մի՞թե այդ ճշմարիտ է, մի՞թե այդ կարելի է։

«Մի՞թե այդ ճշմարիտ է, մի՞թե այդ կարելի է», մտքումն կրկնում էր Եվան մոր բացականչություններն այդ գիշեր անկողնում պառկած։ Նրա դեմքի վրա հիվանդոտ, դառն մի ժպիտ էր խաղում շարունակ, և այդ ժպիտը, կարծես, ասում էր՝ մի՞թե այլևս տարակուսելու տեղիք կա. ամեն բան պարզ է հայելու նման, դիմակը վերևից մինչև ներքև պատռվել, և Բազենյանը կանգնած էր իր այլանդակ հոգու ամբողջ մերկությամբ։ Եվ Բազենյանի այդ պատկերն այնքան ավելի գարշելի էր, որքան գրավիչ էր գաղտնիքը բացվելուց առաջ։ Զարմանալի հանգստությամբ Եվան դիտում էր իր հոգու աչքերով այդ գարշելի պատկերը, և զգում էր, որ իրեն այնքան տանջող սիրո նշույլն անգամ չի մնացել իր սրտի մեջ։ Նրան թվում էր այժմ, թե այդ սերը ոչ այլ ինչ է եղել, եթե ոչ անտանելի մի կեղտ, որ բարերար մի ձեռքով հանկարծ ջնջվել, անհետացել է, անհուն թեթևություն պատճառելով իրեն։ Այլևս չեն կարող լինել անհանգիստ սպասումներ, անքուն գիշերներ, հարատև լարված դրություն, սարսափ ու զղջում. վերջացավ, անցավ այդ բոլորն իբրև ծանր մի պատրանք։ «Օ՜, որքան բախտավոր եմ, որքան շնորհակալ եմ օր. Սահակյանից, որ այսպես թեթևացրեց հոգիս», շշնջում էր նա։

Վերջին օրերից հետո այդ առաջին գիշերն էր, որ Եվան քնեց շատ հանգիստ, իսկ առավոտյան այնքան աոողջ ու զվարթ էր զգում իրեն, որ նրա հոգին, կարծես, ոչ մի ծանր հուզման չէր ենթարկվել: Նա բոլորովին անտարբեր մնաց մինչև անգամ այն ժամանակ, երբ թեյ խմելու համար դուրս գալով սեղանատուն, տեսավ, որ հայրն ու մայրը շատ վատ տրամադրության մեջ են։ «Խեղճե՜ր, մտածեց նա անկարեկից կերպով, ի՞նչ եք զգացել դուք՝ համեմատած իմ զգացումների հետ»։ Եվ, մինչև անգամ ժպտալով, նստեց իր սովորական տեղը, հոր մոտ։

Մարոլթյանը, չնայելով իր վատ տրամադրության, հավատարիմ էր մնացել իր ամենօրյա սովորությանը թեյի ժամանակ լրագիր կարդալուն։ Թեկլեն նորից սկսեց երկար ու բարակ բացականչությունները Բազենյանի մասին։ Ամուսինը համառորեն լռում էր, աչքը լրագրին տնկած, բայց վերջը, համբերությունից դուրս գալով, լրագիրը հանկարծ մի կողմ շպրտեց և այնպես պինդ գոռաց կնոջ վրա, որ Թեկլեի բերնից դուրս թռչող բացականչություններից մեկը կիսատ մնաց, իսկ փոքրիկ Սուրենը, որ, մոր կողքին նստած, հանգիստ վայելում էր իր հացը մեղր ու կարագով, վախից վեր թռավ տեղից։

Դարդդ այն փողի համա՞ր է, որ տվի նրան, բացականչեց Մարությանը։ Ջհաննամը. թող այդ փողը մի վարձատրություն լինի նրան, որ մեր երեխայի կյանքը փրկեց վտանգից։

Հայրիկ, ի՞նչ հարկավոր է, որ այդպես գրգռվում ես, ասաց Եվան հանդարտ, հաշտեցնող եղանակով։ Ավելի լավ չէ՞ որ այդ մասին ամենևին չխոսենք։

Այո՛, այլևս ոչ մի խոսք այդ ավազակի մասին։ Վաղը նա գալու է, եթե միայն արդեն չի ծլկել այստեղից, և ես շան պես դուրս կանեմ նրան մեր տնից։

Ինչո՞ւ այդպես խիստ, հայրիկ. ավելի լավ չէ՞ քաղաքավարի կերպով հասկացնես նրան, որ այլևս չի կարող տեղ ունենալ մեր տանը։ Այդպես ավելի ազդու կլինի։

Ո՛չ, շա՛ն պես, շա՛ն պես. կրկնեց Մարությանը։ Ոչինչ ինձ այնքան չի զայրացնում, որքան նրա անամոթ լրբությունը, որ մեզնից առավ Արմենակին գրած նամակը՝ իբր թե նրան տանելու, մինչդեռ այդ նամակը պետք է պատռեր և դեն շպրտեր, ինչպես արդեն արել է, իհարկե։

Ահա ա՛յդ է, որ ինձ այսպես այրում է, և ոչ թե քո՝ նրան տված փողը, նկատեց Թեկլեն ամուսնուց սաստիկ նեղացած։

Տեսնո՞ւմ եք, դուք դարձյալ սկսեցիք, ասաց Եվան նույն հանդարտ, նույն հաշտեցնող եղանակով։ Ի՜նչ մեծ ցավ է այդ նամակը. ուրիշը կգրենք, ի՞նչ կա որ։

Հարյուրը կգրես, բայց տանո՞ղն ով է, բարկացած կանչեց մայրն աղջկա վրա։

Միևնույն է, Բազենյանն էլ խո չպետք է տաներ։

Բաս ինչո՞ւ էր առնում, որ չպետք է տաներ, այն անաստվածը, այն անխիղճը...

Թիո՜ւ, թքեց Մարությանը զայրագին և նորից ձեռքն առավ լրագիրը։

Եվան տեսավ, որ իր միջամտությունը, հանգստացնելու փոխարեն, ավելի ևս գրգռում է հորն ու մորը, ուստի ավելի լավ համարեց լռել։

Դուք ամենևին ուշադրության չեք առնում իմ դրությունը, շարունակեց Թեկլեն լացակումած ձայնով, և նրա աչքերը լցվեցին առատ արցունքով։ Քանի ժամանակ է նամակ չունինք, իսկ այնտեղ այնպիսի բաներ են կատարվում... Գիշերները քուն չունիմ... Աստված գիտե, թե ինչեր եմ մտածում... Իսկ դուք ամենքդ էլ դեռ ինձ վրա եք հարձակվում:

Եվ Թեկլեն թաշկինակը պինդ սեղմեց աչքերին, հազիվ կարողանալով զսպել հեկեկանքը։

Եվան իր մեծ-մեծ աչքերով նայեց մորն անհուն կարեկցությամբ և ուզում էր քաջալերական խոսքեր ասել, բայց տեսավ, որ սաստիկ զգացվել է մոր սրտաճմլիկ խոսքերից և ինչ-որ մի բան, հակառակ իր կամքին, եկել դեմ է առել բկին։

Մարությանը դարձյալ լռում էր համառորեն. լրագիրը ոչ թե կարդում, այլ ուղղակի ճմռում էր ձեռքին, բայց ցույց էր տալիս, թե կարդում է։

Եվան արմունկներով հենվեց սեղանին և դեմքն առավ ձեռքերի մեջ։ Բազենյանի հմայքից ազատվելուց հետո այս առաջին անգամ էր, որ նա սկսեց լրջորեն մտածել իր հեռացած եղբոր վիճակի վասին, մոր խոսքերի ազդեցության տակ: Հիրավի, ի՞նչ է պատահել Արմենակին. ինչո՞ւ այսքան ժամանակ ոչ մի տեղեկություն չի տալիս իր մասին. ժամանակ չունի՞ արդյոք նամակ գրելու, թե հիվանդ է։ Եվ, առհասարակ, ի՞նչ է կատարվում արդյոք այնտեղ։

Եվան հանկարծ հիշեց Բազենյանից առած հեղափոխական թերթը։ Եվ հիշելուն պես վեր կացավ, անցավ իր սենյակը և վերարկուի գրպանից հանեց թերթը։ Ձեռքը թերթին կպչելուն պես նրան թվաց, թե քթին դիպավ ճիշտ միևնույն անտանելի քացախած հոտը, որ փչում էր Բազենյանի բերնից երեկ երեկո հյուրանոցում նրան այցելած ժամանակ։ Այդ հոտի հետ միասին Եվայի մեջ մի ակնթարթում վերարտադրվեց Բազենյանի պատկերն իր բարոյական բոլոր տգեղությամբ, այնպես, ինչպես ներկայացրել էր նրան օր. Սահակյանը։ Եվ Եվան, որ մինչև այժմ այնքան հանգիստ էր, հանկարծ գրգռվեց այնպիսի մի անզուսպ գարշանքով, որ քիչ մնաց թերթն ուղղակի շպրտի վառարանի մեջ ճրթճրթացող կրակը։ Սակայն զսպեց իրեն, և հիվանդոտ, դառն ժպիտը նորից ծամածռեց նրա գեղեցիկ դեմքը։ «Ինչո՞ւ, մտածեց նա։ Մեղավո՞ր է այս խեղճ լրագիրը, որ նա իր բազմաթիվ զենքերից մեկն է շինել՝ միամիտներին խաբելու համար»։ Առաջվա հանդարտությամբ վերադարձավ ծնողների մոտ, նստեց լուսամուտի առաջ և սկսեց թերթել լրագիրը։

Նախ կարդաց մանր լուրերը, ուր մի առ մի հիշատակվում էին զանազան տեղերից ստացված նվերները, հայտնվում էին տեռորի ենթարկված մի քանի մատնիչների անուններ, հաղորդվում էին հալածանքի և բռնության նորանոր դեպքեր։ Այդ լուրերի շարքում Եվան սկզբում զարմացած, հետո անհուն գոհունակությամբ կարդաց մի լուր, ուր մերկացվում էր Բազենյանի իսկական անձնավորությունը։ Կուսակցության օրգանը, բացեիբաց մերժելով Բազենյանի մասնակցությունն այն գործին, որի անունով փողեր է հավաքում, հասարակությանը զգուշացնում էր այդ «խաչագողից» և «սուրբ գործի պարազիտից»։ Քիլ մնաց, որ Եվան վեր թռչեր ուրախությունից և այդ հայտարարությունը բարձրաձայն կարդար ծնողների առաջ, բայց խելացի համարեց առժամանակ պահել այդ բանը, մինչև որ հայրն ու մայրը բոլորովին կհանգստանային։ Նա անցավ առաջնորդող հոդվածին, որի մեջ խմբագրությունը խիստ հարձակումներ էր գործում ազատ-կծու լեզվի ամենազորավոր արտահայտություններով։

Այնուհետև Եվան աչքի անցկացրեց մի քանի ուրիշ հոդվածներ և թղթակցություններ։ Թղթակցությունների մեջ նրա առանձին ուշադրությունը գրավեց մի նամակ, որ, ինչպես երևում էր, վերջին դեպքերի ընդհանուր մի տեսություն էր պարզ ու հատու լեզվով գրված։ Եվան ագահորեն սկսեց կարդալ այդ նամակը։ Ընթերցման միջոցին նրա սիրտը հանկարծ սկսեց արագորեն բաբախել և դեմքը մի ակնթարթում մեռելի գույն ստացավ...

Մեկ էլ հայրն ու մայրը լսեցին սարսափելի մի ճիչ, այնքան սարսափելի, որ Թեկլեի ձեռքից վայր ընկավ թեյի բաժակը և շրխկալով փշրվեց հատակի վրա։ Հայրն ու մայրն իսկույն վեր թռան տեղից և վազեցին դեպի աղջիկը։

Եվան քարացել էր աթոռի վրա և անմիտ չռած աչքերով նայում էր ձեռքին բռնած լրագրի տողերին, կարծես այդ տողերը զարհուրելի օձեր լինեին, որոնք շարժվում էին իրենց լպրծուն մարմնի ահաբեկող-ճկուն գալարումներով, և նա չէր կարողանում աչքերը հեռացնել դրանցից։

Ի՞նչ պատահեց, Եվա, ի՞նչ պատահեց, կանչեցին Մարությանն ու Թեկլեն սաստիկ վախեցած։

Տեսե՛ք, տեսե՛ք... Արմենակը... խելագարի նման արտասանեց Եվան, մատը դնելով կարդացած վերջին տողերի վրա։ Նրա ձեռքը սաստիկ դողում էր։

Մարությանը լրագիրը խլեց նրա ձեռքից։

Ի՞նչ կա այստեղ... ի՞նչ կարդացիր... Արմենա՞կն, ասում ես... Այս ի՞նչ թերթ է... Հա՛... Ո՞րտեղ կարդացիր Արմենակի մասին...

Եվան վեր կացավ տեղից։

Տեսե՛ք, տեսե՛ք, կրկնեց նա։ Արմենակը... Ա՜յ, այստեղ... Չէ՛, այստեղ չէ... Ա՛յ... Չէ՛, սպառեցեք, այդ էլ չէ... ո՞րտեղ է... Ա՛յ... Ո՜ւֆ, չէ։ Նա աչքերը պինդ տրորեց ձեռքերով և դողացող մատը նորից սկսեց շարժել լրագրի տողերի վրա։ Ա՛յ, ա՛յ, սարսափելի շարժումներով արտասանեց նա, վերջապես գտնելով կարդացած վերջին տողերը։


Մարությանն ագահ աչքերով սկսեց լափել այդ տողերը։ Սկզբում կարդում էր ցածր, բայց հետո նրա ձայնն սկսեց հետզհետե բարձրանալ և վերջն արդեն կարծես խելագարի ճիչեր էին դուրս թռչում նրա բերանից։

Լրագիրը դուրս պրծավ Մարությանի ձեռքից, և բարակ, խշխշուն թերթիկները, բաժան-բաժան եղած, թրթռալով օդի մեջ, թեթև ցրիվ եկան հատակի վրա։ Նրա ծնկները, սաստիկ դողդողալով, թուլացան, և նա, ձեռքով հենվելով լուսամուտի տախտակին, կամաց, կարծես խիստ հոգնած, նստեց աթոռի վրա, զգալով, որ աչքերը մթնում են։

Նրան ուշքի բերեց ինչ-որ փափուկ և ահագին մարմնի ուժգին մի հարված, որ հանկարծ դիպավ նրա ծնկներին և վայր ընկավ։ Նա բաց արեց աչքերը և կարծես երազի մեջ տեսավ կնոջն իր ոտների առաջ, հատակի վրա տարածված...

Լրագրի մեջ հիշատակվում էր Արմենակ Մարությանի չարաչար մահը թրքական ահարկու բանտի մեջ...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Մահը"

Ятук Музыка
Маркос и Маркос
Тигран Амасян

Маркос и Маркос

Война и мир
Война и мир
Играть онлайн