Нар-Дос
Մահը
10
Հետևյալ օրը Շահյանն երկար ժամանակ սպասում էր Բազենյանին։ Այդ օրը հատկապես փառավոր ճաշ էր պատրաստել տվել նրա համար։ Բայց Բազենյանը չէր երևում։ Վերջապես մի նամակ ստացավ նրանից հետևյալ բովանդակությամբ.
«Սիրելի ընկեր.
Ներիր, որ խոստմանս հակառակ, այսօր չեմ կարող գալ։ Հենց այս րոպեիս մի խիստ կարևոր նամակ ստացա. անսպասելի նորություն են հայտնում. ամենաեռանդուն ընկերներիցս երկուսը սև մատնության զոհ են գնացել... Խիստ անհանգիստ դրության մեջ եմ։ Անհապաղ օգնություն է պահանջվում։ Մի խոշոր գումարի կարիք կա։ Ինձ մոտ այդ գումարը պակասում է։ Հարկավոր է դարձյալ հազար ռուբլի։ Պահանջը ստիպողական է։ Գնում եմ ճարելու։ Նամակս այրիր։
«Հ. Գ. Պակաս գումարը ճարելուս պես անմիջապես ուղևորվելու եմ։ Թերևս այլևս չտեսնենք իրար։ Մնաս բարյավ։ Կրկնում եմ, նամակս այրիր»
Կարդալուց հետո Շահյանը նամակը ձգեց վառարանը։ Հետո արագ մոտեցավ գրասեղանին և դուրս քաշեց գզրոցներից մեկը։ Այնտեղ հազար և մի քանի հարյուր ռուբլի կար։ Այդ գումարից հազար ռուբլին ստացել էր նախորդ օրն իր կալվածների կառավարչից, որը ծախել էր փուլ եկած շենքը։ Նա վերցրեց ջոկ դրած այդ հազար ռուբլին, դրեց մի ծրարի մեջ, ծոցը կոխեց և անմիջապես գնաց Բազենյանի մոտ։
Բազենյանը տանը չէր։
Շահյանը վերադարձավ տուն այն մտադրությամբ, որ երեկոյան դարձյալ գնա ընկերոջ մոտ։ Բայց երեկոյան էլ նրան տանը չգտավ։ Իր անելիք զոհաբերությունը Շահյանին ազնիվ անհամբերություն էր ներշնչել։ Այդ օրը գիշերն էլ գնաց։
Դեռևս բավական վաղ էր։ Հյուրանոցի դռնապանից իմացավ, որ Բազենյանն այս անգամ տանն է։ Դռնապանն ավելացրեց, որ նա «մենակ չէ», սակայն Շահյանը չլսեց և արագ բարձրացավ վերև։ Նա բռնեց Բազենյանի սենյակի դռան փականքից և առաջ մղեց։ Դուռը փակ էր։ Նա ծեծեց։
Ո՞վ է, լսվեց նորից Բազենյանի ձայնը։
Ես եմ։
Լևո՞ն։
Ես եմ։
Իսկույն։
Մի րոպե Շահյանին թվաց, թե ներսից ինչ-որ քչփչոցի ձայներ լսեց, հետո սեղան էր, թե աթոռ թրխկաց, և կարծես մեկը բոբիկ ոտներով վազեց սենյակի մի ծայրից մյուսը։
Դուռը բացվեց։ Շեմքում երևաց Բազենյանը սյուրտուկն ու ժիլետը հանած։ Նրա վնասված ձեռքը կապած չէր։
Շահյանը մտավ։ Սանդուղքներով արագ վերև բարձրանալուց և այն գիտակցությունից, թե շուտով պետք է ուրախացնի ընկերոջը, նրա սիրտը թրթռում էր։
Դու մենա՞կ ես, հարցրեց նա կամաց, շնչասպառ, նայելով սենյակի չորս կողմը։
Մենակ եմ։ Ներիր, որ քեզ այսպես եմ ընդունում։ Հենց նոր ուզում էի պառկել։
Շահյանը նոր նայեց ընկերոջ դեմքին։
Այսպես վա՞ղ։
Ի՞նչ անեմ, սիրելիս, սաստիկ հոգնած եմ. այսօր շան պես չարչարվել եմ... Ներողություն, այսօր երկու անգամ եկել ես, տանը չեմ եղել։
Այո՛, ես... Նամակդ ստացա... Իզուր այդքան նեղություն ես կրել... Խնդրում եմ, ընդունիր այս իմ կողմից...
Եվ Շահյանը, ծոցից հանելով ծրարը, տվեց Բազենյանին։ Նա աշխատում էր կարելույն չափ հանգիստ մնալ և ցույց տալ, թե բոլորովին հասարակ մի գործ է կատարում։
Բազենյանը մեքենայաբար առավ ծրարը և մի րոպե նայեց Շահյանին լուռ ու զարմացած։
Այս ի՞նչ է, հարցրեց նա։
Այդ... այն գումարն է, որ... պահանջել են քեզնից։
Ի՞նչ գումար։
Այսօր որ գրել էիր։
Բազենյանը ուրախությունից, կարծես հանկարծ, կորցրեց իրեն։
Լևոն... Սպասիր... Չգիտեմ, ճշմարիտ, ինչ ասեմ... Դու այնպիսի բարի, այնպիսի ազնիվ գործ ես կատարում, որ... ո՛չ, այդ մասին չեմ ուզում խոսել. ավելորդ է. ինքդ արդեն զգում ես, թե ի՛նչ արժե այս զոհաբերությունը... Եթե գեթ մի րոպե երևակայես, թե ինչ վիրավորանքներ եմ կրել, ինչքան ստորացրել են ինձ... Ամեն կողմից կասկածանք, ամեն կողմից երկդիմի հեգնություն... Բայց, որ ամենից ավելի սարսափելին է, վեհ զգացումների կատարյալ մեռելություն... Կարծես թե գործն իմ անձնական շահերին է վերաբերում, կարծես թե այդ գործը իրենցը չէ, ընդհանրությանը չէ... Կարծես թե ես մի եզվիտ, մի սրիկա, մի աֆերիստ եմ, որ ասպարեզ եմ եկել երեսիս դիմակ առած մարդկանց խաբելու... Քիչ է մնում, որ այս բանն ուղղակի երեսիս ասեն։ Այս սարսափելի է։ Քար, անզգա քար պետք է լինել այս բոլորը տեսնելու և տանելու համար։ Գործունեությանս ընթացքում ես այն համոզման եմ եկել, Լևոն, որ ամբողջ հայության, ամենաաննշան բացառությամբ, մի բան, մի ահագին բան է պակասում. դա հոգու այն լարն է, վերածնող այն ուժը, որ հիմն ի վեր ցնցում է մարդու ամբողջ էությունը, վառում, ոգևորում է նրան սրբազան գործի համար։ Ամեն տեղ անձնական նեղ սահմանափակումն. հեղափոխական գործի մեջ մկան վախկոտություն, քաղաքացիական զգացումների կատարյալ մեռելություն, նվիրաբերության մեջ չարչիական առևտուր. կոպեկի համար սատկում են, տալիս էլ կարծես թե իրենց մսից են կտրում։ Այսպիսի պայմաններում կարելի՞ է չհուսահատվել... Մանավանդ Թիֆլիսը, այս այլասերված, ապազգայնացած Թիֆլիսը... Ճիշտը քեզ ասեմ, Լևոն, այն նամակը գրեցի քեզ, բայց շատ զղջացի։ Մտածում էի, ո՞վ գիտե, գուցե կարծեիր, թե դա մի խաղ է իմ կողմից, թե դրանով ուզում եմ մի ավելորդ անգամ փող կորզել քեզնից...
Շահյանը խիստ անհանգիստ մի շարժում գործեց և նայեց նրան անկեղծ հանդիմանությամբ։
Բազենյանը նկատեց այդ և արագ առավ նրա ձեռքը։
Խնդրում եմ, Լևոն, ներիր ինձ, հուզված աղերսեց նա։ Կյանքի դառն փորձերն այն աստիճան հոռետես են դարձրել ինձ, որ ես տեսնո՞ւմ ես, թույլ եմ տալիս ինձ կասկածելու մինչև անգամ քո ազնիվ սրտի մաքրության վրա... Ա՜խ, Լևո՛ն, իմ պատվակա՛ն ընկեր, որքա՜ն շնորհակալ եմ քեզնից...
Եվ Բազենյանն ամուր-ամուր սեղմեց Շահյանի ձեռքը:
Շահյանը հազիվ ազատեց իր ձեռքը։ Այն աստիճան շփոթված և վերացած էր, որ չլսեց, թե ինչպես այդ միջոցին ինչ-որ, ըստ երևույթին կնոջ, հագուստի խշխշոց եկավ, և ոչ էլ տեսավ, թե ինչպես սենյակի անկյունում դրված պատվարի չթե պատերը թեթևակի շարժվեցին։ Մեքենայաբար բարի գիշեր մաղթեց Բազենյանին, ասաց, որ նա հոգնած է, չի ուզում անհանգստացնել նրան, դուրս եկավ, անցավ երկայն միջանցքով և սկսեց մանրիկ արագ քայլերով իջնել սանդուղքի ցածր աստիճաններով։ Դռնապանը շտապեց հարգական պատրաստակամությամբ բանալ նրա առաջ դուռը։ Շահյանը կանգ աոավ, վերարկուի գրպանից հանեց արծաթ մի դրամ, կոխեց դռնապանի բուռը, առանց նայելու նրան, կարծես ամաչելով, որ փող է տալիս նրան և շտապով դուրս գնաց փողոց։ Իր արած զոհաբերության գիտակցությունից, Բազենյանի խոստովանությունից և շնորհակալությունից շշմել էր նրա գլուխը։ Նա քայլում էր արագ և վստահորեն և ոչինչ չէր մտածում. զգում էր միայն, որ չափից դուրս երջանիկ է։ Դա հոգին ու միտքն ազնվացնող այն վեհ, այն հպարտ երջանկությունն էր, որ զգում է մարդ ինքնաբերաբար որևէ բարի գործ կատարած ժամանակ։
Պարո՛ն Շահյան... պարո՛ն Շահյան, լսեց նա իր ետևից։
Շահյանը կանգ առավ և արագ շուռ եկավ։ Խանութների վառ ճրագների լույսի մեջ տեսավ Մարությանին ու Եվային, որոնք գալիս էին իր ետևից։ Կանչողը Մարությանն էր։ Շահյանը շտապեց դեպի նրանց։
Դուք անցաք ուղղակի մեր կողքով և չբարևեցիք մեզ։ Չլինի թե դարձյալ խռովել եք, նկատեց Մարությանը ծիծաղելով։
Շահյանը սեղմեց հոր ու աղջկա ձեռքը։ Նա ժպտում էր։ Նրա դեմքը վառվում էր հոգեկան բերկրանքով։ Եվայի հանդիպումն այդ րոպեին մի կատարյալ երջանկություն էր նրա համար։
Ներեցեք, չնկատեցի, պատասխանեց նա Մարությանի նկատողությանը, և իսկապես որ չէր նկատել նրանց։
Մի րոպե կանգ առնելով, նրանք երեքը միասին շարունակեցին ճանապարհը։
Ներելի է, ասաց Մարությանը, որովհետև շտապում էիք, երևի ցրտից շուտով պատսպարվելու համար։ Տեսնո՞ւմ եք, ի՛նչ փառավոր ցուրտ է։ Բայց լազաթ ունի, որ սառած գետնի վրա ման ես գալիս այսպես կտկտալի։ Ինձ որ հարցնեք, ձմեռն էլ ունի իր բանաստեղծական հրապույրները։ Օրինակի համար մեկ նայեցեք երկնքին, ո՞ր մի գարնանային գիշեր երկնքի կապուտակն այնպես ամուր է լինում, այնպես հաստատ, ինչպես այժմ. ե՞րբ եք տեսել, որ աստղերն այնպես մեծ երևան, այնպես հուրհրատին տան, ինչպես այս գիշեր...
Մարությանն աչքերը հեռացրեց երկնքից, նայեց Շահյանին և ծիծաղեց։
Երևակայում եմ, թե ինչքա՛ն ծիծաղում եք ինձ վրա մտքներումդ, բացականչեց նա։
Ընդհակառակը, ես նախանձում եմ ձեր ոգևորությանը։
Մարությանը առավ նրա թևը։
Որ այդպես է, երիտասարդ բարեկամ, դուք դեռ շատ բանում պիտի նախանձեք ինձ... Աղջիկս է միայն, որ, չգիտեմ, ճշմարիտ, այս ի՞նչ փոփոխություն է, ոչ ոգևորվում է, ոչ խոսում։ Ասացեք խնդրեմ, կարելի՞ է այսպիսի մի հրաշալի գիշեր ման գալ լուռ ու մունջ. իսկ մենք, ես ու աղջիկս, ահա մի ժամ է, որ դուրս ենք եկել մի քիչ սառն օդ կուլ տալու, և, բացի մի քանի կցկտուր խոսքերից ուրիշ ոչինչ չեմ լսել սրա բերանից։ Մտածում է, ինչ-որ խորին խորհուրդներ է խորհում, բայց թե ինչ բանի մասին, այդ բարձրյալին է հայտնի։
Եվ Մարությանը, դեմքին ծաղրական արտահայտություն տված, ուսի վրայից նայեց աղջկա դեմքին. կարծես, ուզում էր գրգռել նրան, որ զայրանա, խոսի։
Բայց Եվան, կարծես, չէր լսում, թե ինչ է ասում հայրը։ Ձեռքերը մուֆթի մեջ դրած, մերթ առաջ ընկնելով, մերթ ետ մնալով, նա քայլում էր հոր կողքից և մեքենայաբար նայում էր ցրտից կուչ եկած անցուդարձ անողներին։ Նրա թե՛ քայլվածքի և թե՛ հայացքի մեջ նկատվում էր ինչ-որ զսպված անհանգստություն։ Երբեմն անհանգիստ հայացքն ուղղում էր Շահյանին, ըստ երևույթին ուզում էր բան հարցնել, բայց ոչինչ չէր ասում և դարձյալ կամ առաջ էր ընկնում հորից, կամ ետ մնում նրանից։
Ձեզ մի բան եմ ուզում հարցնել, պարոն Շահյան, ասաց Մարությանը, կատակով խոսելու եղանակը թողնելով: Ո՞ւր է այս ձեր պարոն Բազենյանը։
Եվան առաջ ընկավ և շեշտակի նայեց Շահյանի աչքերին անհամբեր հայացքով։
Շահյանն իր կողմից նայեց նրան և զգաց, որ հանկարծ փոխվեց իր ուրախ տրամադրությունը։
Բազենյա՞նը, արտասանեց նա, հազիվ զսպելով իր մեջ հանկարծ բռնկած նախանձի կիրքը։ Բազենյանը... Այս րոպեիս նրա մոտ էի։
Հա-ա՞։ Այս ո՞րտեղ է, որ էլ չի երևում։ Անցյալները, սրանից մոտ մի ամիս առաջ, ճաշին մեր տանն էր։ Խոստացա մի գումար նվիրել գործի օգտին. բայց այն օրվանից է՛լ չերևաց. չգիտեմ ինչն է պատճառը։
«Պատճառը», մտածեց Շահյանը և դարձյալ նայեց Եվայի դեմքին։ Տեր աստված, ինչպիսի՜ զայրացնող անհամբեր հետաքրքրություն էր արտահայտում այդ չքնաղ դեմքը...
Ինչ-որ նամակ էր ստացել, ասաց նա, աշխատելով կարելույն չափ անտարբեր ձևանալ։ Գրում էին, որ ընկերներից երկսին ինչ-որ դժբախտություն է պատահել և փող էին պահանջում նրանց համար։ Երևի, այդ փողը գտնելու ետևից ընկնելով, ժամանակ չի ունեցել ձեզ այցելելու։
Զարմանալի է։ Ես ձեզ ասում եմ, որ նրան փող էի խոստացել, ուրեմն ամենից առաջ, կարծում եմ, ինձ մոտ պետք է գար, եթե այդպիսի կարիք ուներ։
Շահյանը հիշեց իր նամակին Բազենյանի գրած պատասխանը, որի մեջ գրում էր, թե Եվայից հեռու մնալու համար վճռել է այդ օրվանից միանգամայն կտրել իր հարաբերությունները Մարությանների հետ, և նրա համար հասկանալի դարձավ, թե ինչու Բազենյանը փողի համար չէր դիմել Մարությանին։ Նա զարմացավ Բազենյանի այդ հաստատակամության վրա և զգաց, որ մի րոպե առաջ իր մեջ դեպի նա բռնկած նախանձի կիրքը չքացավ։
Սպասեցեք: Ե՞րբ եք ստացել այդ նամակը, որի մեջ գրում են ընկերների դժբախտության մասին և փող են պահանջում, հարցրեց Մարությանը:
Այսօր։
Այսօր։ Ուրեմն կարծում եմ գոնե վաղը կգա մեզ մոտ։
Չեմ կարծում։
Ինչո՞ւ։
Որովհետև... փողն արդեն ճարել է (Շահյանն ուզեց ավելացնել՝ «ես տվի», բայց համեստությունից լռեց այդ մասին) և շուտով գնալու է։
Հա-ա՞, բացականչեց Մարությանը և հանկարծ կանգ առավ։ Ա՜յ, այդ վատ բան ասացիք։ Ես վախենում եմ, թե մի գուցե գնա առանց մեզ հանդիպելու։ Հը՞, ի՞նչ եք կարծում:
Չգիտեմ... շատ կարելի է, ասաց Շահյանը վարանելով և թեպետ չէր նայում Եվային, բայց զգում էր, որ նա աչքերով ուտում է իրեն։ «Կասկած չկա. սիրում է», մտածում էր նա մի տեսակ բութ հուսահատությամբ։
Մարությանը հանկարծ մոտեցավ մերձակա խանութի լուսավորված լուսամուտներին, հանեց ժամացույցը և նայեց։
Ժամը 8½ է։ Չի՞ լինիլ, որ այս րոպեիս ինքներս գնանք նրա մոտ։ Հը՞, Եվա։
Եվան նայեց հորը։ Շահյանը տեսավ, որ նրա աչքերը վառվում են տարօրինակ վճռականությամբ։
Գնանք, ասաց աղջիկը հաստատուն ձայնով։
Շատ լավ։ Գնանք։ Իսկ դուք, պարոն Շահյան, կգա՞ք մեզ հետ։
Իզուր եք գնում, ասաց Շահյանը. նա այժմ քնած կլինի։
Ի՞նչ եք ասում, այսպես վա՞ղ։
Այո, ես, որ գնացի, արդեն պատրաստվում էր քնելու։ Ասաց, որ շատ հոգնած է։
Է՜, հուսահատորեն թափահարեց ձեռքը Մարությանը։ Ես զարմանում եմ, ճշմարիտ, ինչո՞ւ էլ չեկավ մեզ մոտ։ Ախր դուք չգիտեք, պարոն Շահյան, բանն ինչումն է։ Երկար ժամանակ է, որ մենք նամակ չունենք մեր որդուց։ Վերջին անգամ, որ Բազենյանը մեր տանն էր ճաշին, ասավ, որ գնալու է այն կողմերը։ Հիմա մենք մտածել ենք, որ նրա ձեռքով մի նամակ ուղարկենք մեր որդուն և ուզում ենք խնդրել, որ եթե աստված մի արասցե, որևէ բան է պատահել նրան, տեղեկություն տա մեզ։ Իսկ դուք ասում եք, թե շուտով գնալու է և հազիվ թե գա մեզ մոտ։ Հիմա ինչպե՞ս անենք, որ տեսնենք նրան։
Վաղն առավոտ անցիր նրա մոտ, ի՞նչ կա որ, ասաց Եվան։
Բանն ա՛յն է, թարսի պես, որ հենց վաղն առավոտ ես ժամանակ չունիմ։ Ա՜խ, ինչ լավ կլիներ, որ հիմա գնայինք։ Սպասիր, գիտե՞ս ինչպես կանենք։ Պարոն Շահյան, դուք խո վաղը կտեսնե՞ք նրան։
Չգիտեմ, ճշմարիտ...
Չէ, անպատճառ տեսեք։ Հատուկ խնդրում եմ, պարոն Շահյան: Եվ ասեք նրան, որ գնալուց առաջ անպատճառ հանդիպի մեզ։ Խոստանո՞ւմ եք։
Թեև Շահյանը խոստացավ, որ այդպես կանի, բայց մտքումը վճռեց, որ այլևս երբեք չհանդիպի Բազենյանին։
Ինչքան էլ որ նա հենց սկզբից համոզված էր, և շատ բնական էր համարում, որ Բազենյանի՝ իր խոստման հավատարիմ մնալը, այսինքն՝ Եվայից ընդմիշտ հեռանալը ոչ թե չի թուլացնիլ Եվայի մեջ դեպի նա ծագած սերը, այլ ընդհակառակը, ավելի ուժ կտա այդ սիրույն, այնուամենայնիվ, այն ժամանակ նա գաղտնի, վախկոտ ուրախությամբ պարուրում էր իրեն այն հույսով, թե կարող է պատահել, որ Եվան, եթե ոչ շուտով, գոնե ժամանակի ընթացքում, բոլորովին մոռանա Բազենյանին, և այնուհետև ինքը, Շահյանը, եթե քաջություն ունենա խնդրելու նրա ձեռքը, գուցե նա չմերժի։ Բայց այժմ, տեսնելով Եվայի տենդային դրությունը, միանգամից կորցրեց այդ հույսը։ Նա զգաց առաջին անգամ, որ ինքը շատ կեղծ, նույնիսկ անպատվաբեր դրության մեջ է դրել իրեն Եվայի ու Բազենյանի միջև։ Եվ մինչդեռ մի կես ժամ առաջ հավատացած էր, թե հազար ռուբլին Բազենյանին հանձնելով մաքուր սրտից բխած զոհաբերություն է անում մի շատ բարի գործի համար, այժմ իր սրտի խորքում զազրանքով զգաց, որ այդ զոհաբերությունն իսկապես վարձատրության պես մի բան է եղել այն բանի համար միայն, որ Բազենյանը Եվային զիջել է իրեն։ Այդ միտքն այնքան ծանր եկավ նրան, որ նրան թվաց, թե ինքը վերին աստիճանի անբարոյական մի քայլ է արել, որի համար ամենքը, առավելապես Եվան, գարշանքով պետք է դեմքը շրջեն իրենից...
Շահյանն այլևս քաջություն չունեցավ մնալու Մարությանի և նրա աղջկա մոտ։ Նա օգուտ քաղեց առաջին հարմար դեպքից և կանգ առավ, որ բաժանվի նրանցից։
Ուրեմն դուք խոստանում եք, որ վաղն անպատճառ կտեսնեք նրան և կասեք, որ գնալուց առաջ անպատճառ հանդիպի մեզ։ Հա՞, հարցրեց Եվան, նայելով նրան այնպիսի հուսահատական-աղերսական հայացքով, որ Շահյանի բարի սիրտը ճմլվեց անհուն խղճահարությամբ։
Այս անգամ Շահյանը հաստատ խոսք տվեց, զգալով, որ անպատճառ պարտավոր է հոր ու աղջկա խնդիրը հայտնել Բազենյանին ոչ թե նրա համար, որ այդ կարևոր էր նրանց, այլ նրա՛ համար, որ այդ անհրաժեշտ էր իրեն, որովհետև զգում էր, որ Եվայի ու Բազենյանի միջև նոր սկսված և իր պատճառով խզված սրտագին հարաբերությունները նորոգելով միայն կարելի է սրբել այն գարշելի կեղտը, որ սպառնում էր առ միշտ ծանրանալ իր խղճի վրա Բազենյանին տված հազար ռուբլու բուն շարժառիթի գիտակցությունից...
Հետևյալ օրը Շահյանը գնաց Բազենյանի մոտ։
Այն միջոցին, երբ ուզում էր բանալ ընկերոջ սենյակի դուռը, ներսից ինչ-որ տաք խոսակցության ձայներ լսեց։ Լսվում էր իրեն՝ Բազենյանի ձայնը և մի ինչ-որ կանացի ձայն. առաջինը խոսում էր բարկացած, երկրորդը՝ հանդիմանությամբ և լացագին։ Շահյանն ականջ դրեց մի րոպե միայն և հեռացավ։ Նա անցավ հյուրանոցի միջանցքի ծայրը և շուռ եկավ, որ ետ դառնա, երբ նույն րոպեին Բազենյանի սենյակից դուրս եկավ մի հաղթանդամ կին։ Շահյանն իսկույն ճանաչեց նրան։ Դա պանի Զդանևիչն էր։ Շահյանը չկամեցավ, որ նա տեսնի իրեն, և ծռվեց անկյան միջանցքը։ Պատի ետևից ծածուկ նայելով տեսավ, թե ինչպես պանի Զդանևիչը, գլուխը հպարտորեն բարձր բռնած, անցավ գլխավոր միջանցքով և իջավ սանդուղքներով դեպի դուրս։ Շահյանը սպասում էր, որ Բազենյանն էլ դուրս կգա սենյակից, բայց Բազենյանը չերևաց։
Այդ դեպքը շատ տարօրինակ թվաց Շահյանին։ Նա ամենևին չէր սպասում, թե Բազենյանի մոտ եղած կինը պանի Զդանևիչը կլինի և նա այդ կնոջ հետ կլինի այնպես բարկացած խոսելիս։ Բայց ի՞նչ կապ կար նրանց միջև... Շահյանի մեջ նորից զարթնեց Բազենյանի և լեհացի կնոջ փոխադարձ հարաբերության վերաբերյալ այն կարծիքը, որ ծագել էր նրա մեջ դեռևս «Միխայլովո» կայարանում, ուր առաջին անգամ հանդիպել էր նրանց իրար հետ աշնան սկզբին, երբ ինքը Բաթումից վերադառնում էր Թիֆլիս։
Նա չէր իմանում, այդ դեպքից հետո հարմա՞ր էր արդյոք, որ մտնի Բազենյանի մոտ։ Համենայն դեպս երկար ժամանակ սպասեց, հետո դուրս եկավ թաքստի տեղից և դիմեց դեպի ընկերոջ սենյակը։
Երբ նա մտավ, Բազենյանը ջղային արագ քայլերով անցուդարձ էր անում սենյակում։ Բարկությունից նրա դեմքը ձգձգվում էր, աչքերը չար արտահայտություն էին ստացել։
Շահյանը վճռել էր ցույց տալ, թե ոչինչ չգիտեր և ոչինչ չի տեսնում. բայց Բազենյանի դրությունն այն աստիճան արտասովոր երևաց նրան, որ չկարողացավ չհարցնել.
Ի՞նչ է պատահել. դու բարկացած ես երևում:
Դատարկ բան է։ Անախորժ լուր ստացա դրանից է, ասաց Բազենյանը, աշխատելով իրեն տիրապետել։ Նստիր, խնդրեմ: Լավ է, որ եկար։ Այս րոպեիս ինքս էի ուզում գալ քեզ մոտ մի շատ կարևոր գործի համար։
Ի՞նչ կա, հարցրեց Շահյանը, զարմացած նայելով նրա արտասովոր դեմքին։
Բազենյանը պատասխանելու տեղ ծոցից մի նամակ հանեց և տվեց նրան, որ կարդա։
Շահյանը կարդաց լուռ։ Նամակը Մարությանից էր, որը թախանձագին խնդրում էր Բազենյանին մեկնելուց առաջ հանդիպել իրենց և հիշեցնում էր իր խոստացած նվիրաբերությունը։ Ներքևը Եվան ավելացնում էր՝ «Ես ևս աղաչում եմ։ Չափազանց կպարտավորեցնեք»։
Ես էլ հենց այս բանի համար եմ եկել, ասաց Շահյանը, նամակը վերադարձնելով։
Ինչպե՞ս թե այս բանի համար, զարմացավ Բազենյանը:
Երեկ գիշեր, որ քեզանից հեռացա, հայր ու աղջիկ հանդիպեցին ինձ փողոցում։ Մարությանը խնդրեց քեզ ասելու, որ գնալուց առաջ անպատճառ հանդիպես իրենց, որովհետև ուզում են նամակ տալ քեզ, որ տանես իր որդուն։ Եվան էլ շատ խնդրեց, ավելացրեց Շահյանը միանգամայն անտարբեր եղանակով։
Բազենյանը ոչինչ չասաց։ Նա հոնքերը կիտեց և սկսեց նորից անցուդարձ անել սենյակում մտախոհ և մռայլ։ Հետո հանկարծ կանգ առավ Շահյանի առաջ և շատ լուրջ հայացքով նայեց ուղղակի նրա աչքերին։
Լսիր, Լևոն։ Ես, որ ուզում էի գալ քեզ մոտ, այդ բանի համար էի ուզում գալ, որ խոսեմ քեզ հետ։ Լսիր, ինչ եմ ասում և պատասխանիր ինձ անկեղծ կերպով։ Դու ինձ իրավունք տալի՞ս ես, որ գնամ Մարությանների մոտ։
Շահյանն ապշեց։
Ինչպե՞ս թե՝ իրավունք...
Ներողություն, այդ չէի ուզում ասել։ Ուղում էի ասել, թե անախորժ չի՞ լինի քեզ համար, որ գնամ...
Ի սեր աստծո, Սուրեն, այդ մասին ավելորդ է խոսելը, ընդհատեց նրան Շահյանը փոքր-ինչ նեղացած։ Եթե Մարությանների մոտ գնալդ անախորժ լիներ ինձ համար, ես ինքս չէի գալ քեզ մոտ, որ նրանց խնդիրքը հայտնեմ քեզ։ Դու ազատ ես. ինչ ուզում ես և ինչպես ուզում ես՝ արա։ Ես ոչ իրավունք և ոչ ցանկություն ունիմ խառնվելու: Կարող եմ քեզ հավատացնել, որ ես վճռել եմ բոլորովին հեռու մնալ։ Իմ մասին ամենևին մի մտածիր, խնդրեմ։
Բազենյանը մի րոպե տխուր նայեց Շահյանի աչքերին։
Բայց և այնպես, դու նեղանում ես, Լևոն։
Շահյանն ուսերը վեր քաշեց և հանգիստ հեռացավ նրանից։
Այսօր կամ վաղը ես գնում եմ, կարճ լռությունից հետո ասաց Բազենյանը, և գուցե այլևս երբեք չտեսնենք իրար։ Ուզում եմ, որ ինչպես մտերմական անկեղծությամբ, եղբայրական սիրով մոտեցանք իրար, այնպես էլ բաժանվենք իրարից։ Դրա՛ համար է, որ հարցնում եմ, թե անախորժ չի՞ լինիլ քեզ համար, որ գնամ Մարությանների մոտ։ Եթե գիտենամ...
Շահյանն անհամբերությամբ մի խիստ շարժում գործեց։ Այս անգամ ընկերոջ ամեն մի խոսքը կեղծավորություն և քսություն էր թվում նրան։
Դու դարձյալ ստիպում ես ինձ կրկնելու, ասաց նա հանգիստ ձայնով, բայց ամեն մի բառը շեշտելով, որ՝ եթե Մարությանների մոտ գնալդ անախորժ լիներ ինձ համար, ես ինքս իմ ոտով չէի գալ քեզ մոտ, որ նրանց խնդիրը հայտնեմ քեզ... մանավանդ որ առանձնապես խնդրողը... Եվան էր։
Ա՛խ, այդ բանն ես վերագրում եմ քո չափազանց ազնվությանը, և, ներիր խնդրում եմ, քո թույլ կամքին, Լևոն, բացականչեց Բազենյանը։ Հայր ու աղջիկ քեզ մի հանձնարարություն են արել, առանց հասկանալու, թե որքան ծանր պետք է լինի քեզ համար այդ հանձնարարության կատարումը, և դու քաջություն չես ունեցել մերժելու, և կատարել ես, բայց կատարել ես, մի՞թե չեմ տեսնում, սիրտդ սեղմելով... Լևո՛ն, ինձ գրած նամակիդ մեջ խնդրում էիր, որ անկեղծ լինեմ քեզ հետ։ Այժմ ես նույնը պետք է խնդրեմ քեզ։ Աղաչում եմ, ոչինչ մի ծածկիր ինձնից, ինչպես տեսնում ես, ինքս ոչինչ չեմ ծածկում քեզնից։ Եթե առանց քաշվելու, անկեղծորեն ասես ինձ, որ Մարությանների մոտ գնալս սրտովդ չի լինի, հավատացնում եմ քեզ, մեր եղրայրությունը վկա, Լևոն, հենց այսօր, հենց այս րոպեիս ես կհեռանամ, կգնամ, ինչքան էլ որ ծանր լինի ինձ համար այն գիտակցությունը, թե Մարությանները շատ դժգոհ և զարմացած պիտի մնան իմ վարմունքից, որը, իհարկե, անհասկանալի կմնա նրանց համար։ Տեսնում եմ, որ խոսքերս քեզ վրա բռնություն գործ դնելու տպավորություն են թողնում։ Բայց այս էլ ի նկատի ունեցիր, Լևոն, որ այս գործն ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան թե քեզ համար։ Եթե ես այսպես, գրեթե բռնանալով, թախանձում եմ քեզ, որ անկեղծ լինես ինձ հետ, այդ անում եմ, ինչու՞ ճիշտը չասեմ, այդ անում եմ ոչ այնքան նրա համար, որ չեմ ուզում քեզ տհաճություն պատճառած լինել, որքան նրա՛ համար, որ... Լսիր, Լևոն, ինչ եմ ասում։ Դու, անշուշտ, ուշադրության առար այն մի քանի խոսքը, որ ավելացրել է. Եվան հոր նամակի տակ։ Այդ մի քանի խոսքն ինձ համար մի ամբողջ պատմություն է, մի ամբողջ տրագեդիա։ Նամակդ ստանալուցս հետո, գրեթե մի ամիս, ես խուսափել եմ Մարությաններից, որպեսզի չտեսնեմ Եվային քեզ հայտնի պատճառով։ Բայց այժմ նա ուղղակի ինքն է հրավիրում ինձ։ Ի՞նչ անեմ։ Գնա՞մ։ Ուզում եմ գնալ, սիրտս ձգտում է գնալ, բայց չպետք է գնամ, որովհետև զգում եմ, որ այս այցը ճակատագրական նշանակություն պիտի ունենա ինձ համար. զգում եմ, որ եթե մի անգամ էլ տեսնեմ Եվային, կամքս սաստիկ պիտի թուլանա, և այն ժամանակ ես կորած եմ, կորած այն գործի համար, որին ուխտել եմ ծառայել անձնական ամեն երջանկություն մոռացած... Ահա սրա՛ համար եմ ուզում, որ գոնե դու պատրվակ դառնաս, որպեսզի չտեսնեմ Եվային և հեռանամ, գնամ այստեղից։ Փրկիր ինձ այս գայթակղությունից, աղաչում եմ քեզ, Լևոն։ Ուղղակի արգելիր ինձ Մարությանների մոտ գնալ։ Արա այս բանը եթե ոչ նրա համար, որ դու ևս սիրում ես Եվային, գեթ ի սեր այն մեծ գործի, որին ես ծառայում եմ... Լսո՞ւմ ես, Լևոն, ի՛նչ եմ խնդրում քեզ։
Եվ Բազենյանը նայեց Շահյանին այնպիսի հուսահատական աղերսանքով, որ կարծես նրա պատասխանից էր կախված իր փրկությունը։
Սակայն Շահյանը կանգնած էր շատ սառն և անտարբեր և զարմանում էր, թե ինչպես նա չի նկատում, որ ինքը չի հավատում նրա խոսքերին և նրա վարմունքը համարում է պարզապես մի դերասանություն, որը ոչ մի նպատակ չունի, բացի միայն այն բանից, որ սիրաշահե իր սիրտն իրենից ստացած հազար ռուբլու փոխարեն։ Շահյանն առանց այդ էլ գարշում էր, երբ մտածում էր, որ այդ գումարը տվել էր Բազենյանին այն բանի համար, որ նա Եվային զիջել էր իրեն. իսկ այժմ ավելի ևս գարշեց, տեսնելով, որ Բազենյանն էլ ուրիշ նպատակով չէր ընդունել այդ փողը և այժմ սոփեստություններով աշխատում էր ծածկել այդ նպատակը։
Դու ինքդ էլ գիտես, որ... անմիտ բան ես խնդրում ինձնից, ասաց նա, ուրիշ ավելի մեղմ բառ չգտնելով «անմիտ» բառի տեղ։ Ինչպե՞ս կարող եմ արգելել, որ Մարությանների տուն չգնաս։ Ուզում ես՝ գնա, ուզում ես՝ չէ։ Իսկ ինձ, խնդրում եմ, ազատ պահիր այս բանից։
Սառն եղանակով արտասանված այդ հատու խոսքերն, ըստ երևույթին, անսպասելի էին Բազենյանի համար, որովհետև նա շատ զարմացավ։
Սպասիր, Լևոն։ Այդ ինչպե՞ս ես խոսում։ Չլինի՞ թե որևէ վիրավորական բան ասացի։ Հա՞։
Վիրավորական ոչինչ չես ասել ինձ, միայն թե... ես չեմ հասկանում քեզ, ասաց Շահյանր, աշխատելով խուսափել Բազենյանի սրաթափանց հայացքից և զգալով, որ պատրաստ է ճշմարտությունը նետելու նրա երեսին։
Այսինքն ի՞նչ չես հասկանում։
Օրինակ... առաջ իրավունք էիր խնդրում ինձնից, որ գնաս Մարությանների մոտ, իսկ հիմա խնդրում ես, որ արգելեմ... Ես չեմ հասկանում, թե ո՞րտեղից հանկարծ այդպիսի մի իշխանություն ձեռք բերի քեզ համար...
Ինչ ասացի՞ր... իշխանությո՞ւն, արագորեն հարցրեց Բազենյանը, կարծես կայծակնահար եղած այն մտքից, որ հանկարծ ծագեց իր գլխում։ Ա՜, ուրեմն այն փողը, որ երեկ գիշեր...
Նա ձեռքը պինդ խփեց ճակատին, մատներով հուպ տվեց քունքերը և, կարծես ներքին մի սուր ցավի խայթոցից, աչքերը փակեց։ Մի րոպե այդպես մնալուց հետո ձեռքը հանկարծ հեռացրեց ճակատից, շտապով ետ արեց սյուրտուկի կոճակները, ծոցի գրպանից հանեց նախորդ գիշերը Շահյանի տված ծրարը և հաստատուն ձեռքով դրեց նրա առաջ, սեղանի վրա։
Որպեսզի չկարծես, թե այդպիսի մի իշխանություն տվել եմ քեզ այս հազար ռուբլու փոխարեն, խնդրեմ, ետ վերցրու, ասաց նա Շահյանի համար սպանիչ հանգստությամբ:
Շահյանը տեղնուտեղը ցամաքեց։
Սուրեն, շշնջաց նա։
Չէ՛, չէ՛, խնդրում եմ, եռանդով ընդհատեց նրան Բազենյանը և ծրարը քշեց նրա կողմը։ Ես կատակ անել չեմ սիրում։
Ախր ես... այդպիսի բան չասացի...
Ա՛խ, այդ միևնույն է։ Ինձ համար մի բառն էլ, մի ամենաթեթև ակնարկն էլ բավական էր։ Իմ մասին ամեն բան կարող ես կարծել. բայց, որ կարծել ես, թե հիմար եմ, սխալվել ես։ Այս փողը, որ տվիր ինձ երեկ գիշեր, վերադարձնում եմ քեզ ամբողջությամբ։ Ուրիշ հնար չկա, ուրիշ հնար չեմ տեսնում վարվելու քո կասկածը լսելուց հետո...
Սուրեն, մի՞թե չես նկատում, որ մորթում ես ինձ քո խոսքերով, հառաչեց Շահյանը։
Բայց դու ավելի առաջ մորթեցիր ինձ, նկատեց Բազենյանը անողոք խստությամբ։ Ինչպե՞ս, սկսեց տաքանալ նա։ Ուրեմն ես օգուտ եմ քաղել այն բանից, որ դու անտարբեր չես դեպի Եվան, իսկ Եվան անտարբեր չէ դեպի ինձ։ Ուրեմն ես կարողացել եմ շահագործել ձեր երկուսիդ զգացմունքներն էլ։ Ուրեմն, ավելի պարզ ասած, Եվային ես կամեցել եմ ծախե՜լ քեզ փողով... Գեթ մի րոպե, մի վայրկյան մտածե՞լ ես, թե ի՞նչ հրեշավոր կասկած է այդ... Այս փողը պիտի ուղարկեի այսօր, և ի՞նչ լավ է, որ դեռ չեմ ուղարկել, թե չէ՝ խո կգժվեի... Եթե դու այդպիսի մի հրեշավոր կասկած տարել ես իմ մասին, ուրեմն ի՞նչ զարմանք, որ այն էլ կարծած լինիս, թե ես քեզ խաբել եմ, թե ընկերներիս սև մատնության զոհ գնալը հնարել եմ, թե այս փողը նրանց փրկության համար չէ, այլ շորթել եմ քեզնից իմ անձիս համար... Օ՜, ինչպես հոգիս չէր խաբում ինձ, ինչպե՜ս չէր խաբում...
Եվ Բազենյանը նստեց, ըստ երևույթին, զորեղապես հուզված և գլուխն առավ ձեռքերի մեջ։
Շահյանը կանգնած էր գունատ ու կարմրած և նայում էր Բազենյանին սարսափով։
Սուրեն, թոթովեց նա, ինչո՞վ կարող եմ համոզել քեզ, որ սխալվում ես...
Ո՛չ մի բանով, աղաղակեց Բազենյանը և վեր թռավ տեղից, աչքերը փայլեցնելով։ Նա վերցրեց սեղանի վրա դրված մի բաժակ, ուժգին թափով զարկեց հատակին և փշրեց։ Միացրու այս կտորտանքը, խնդրեմ, ամբողջացրու այս բաժակը, եթե կարող ես։ Այսպես փշրեցիր դու իմ սիրտը։ Ես քեզ այնքան սիրում, այնպիսի ջերմ փափագով ուզում էի վերադարձնել քեզ քո խնդրած հոգու անդորրությունը, որ պատրաստ էի զոհելու իմ ամենալավ, իմ ամենաքնքուշ զգացումները. մինչդեռ ի՜նչ արիր դու ինձ, ի՜նչ բացատրություն կամեցար տալ իմ այդ անկաշառ ձգտումին... Եվ այդ բոլորն այս չարաբաստիկ, այս ատելի փողի պատճառով։ Ե՛տ վերցրու, ե՛տ վերցրու, խնդրում եմ, այս փողը, և թող այլևս ոչ մի խոսք չլինի մեր միջև Եվայի մասին։ Ես այժմ գիտեմ, թե ինչ կանեմ, և կապացուցեմ քեզ, որ ես, այնուամենայնիվ, գիտեմ կատարել իմ ընկերական պարտքը...
Եվ, որովհետև Շահյանը մոտենալ անգամ չկամեցավ սեղանի վրա գրված փողի ծրարին, Բազենյանը վերցրեց այն և զոռով ուզեց դնել նրա ձեռքը։ Շահյանը ձեռքերը ետևը տարավ և ետուետ քաշվեց։ Ծրարն ընկավ հատակի վրա։
Վերցրու, թե չէ՝ վառարանը կգցեմ, սպառնաց Բազենյանը։
Գցիր, բայց չեմ վերցնիլ։
Որպեսզի ինձ միանգամա՞յն ստորացրած լինես, հարցրեց Բազենյանը չարագուշակ հանգստությամբ, նայելով նրան հոնքերի տակից։
Ո՛չ, որպեսզի ապացուցեմ, որ դու... անարդար ես, եռանդով վրա բերեց Շահյանը:
Բազենյանն այլևս ոչինչ չասաց, նույն չարագուշակ հանգստությամբ կռացավ, վերցրեց փողի ծրարը և վճռական քայլերով դիմեց դեպի վառարանը, որի մեջ ճրթճրթում էր կրակը։
Նույն միջոցին Շահյանն առավ գլխարկը և դուրս փախավ սենյակից:
Երբ նա արդեն փողոցումն էր և քայլում էր սառած ձյունի վրա, նոր նկատեց, որ կրկնակոշիկները թողել է հյուրանոցում։ Բայց ուշադրություն չդարձրեց այդ բանին և շշմած շարունակ կրկնում էր մեքենայաբար. «Մի՞թե սխաչվեցի, մի՞թե սխալվեցի...»։ Այժմ չէր հիշում, թե ինչ ասաց իսկապես, որ Բազենյանն այնպիսի թափանցողությամբ հասկացավ իր ներքինը և ջախջախեց իրեն այնպիսի անողոք խստությամբ։ «Անկարելի է, որ այդ էլ դերասանություն լիներ», մտածում էր նա, մտապատկերելով փողի ծրարն այնպիսի համառությամբ վերադարձնելու տեսարանը։
Վերջին օրերը Եվան շատ անսիրտ և անկանոն կերպով էր պարապում ընկերուհիների հետ։ Մի-երկու անգամ նույնիսկ հիվանդ ձևացավ և չընդունեց նրանց։ Մինչդեռ գործին սկզբում կպել էր իր առաքինությանը հավատացող մոլեռանդ միսիոների եռանդով։ Անընդհատ զրույց ու ծիծաղ սիրող, մշտատև շարժունության ու աղմուկի պետք զգացող այդ աշխույժ, այդ անհանգիստ աղջիկն այժմ դարձել էր լռակյաց, մենակյաց, անհամբեր և ջղային։ Հոր սովորական կատակները նրան անտանելի էին թվում. իսկ երբ մայրը հոգացողությամբ հարցնում էր նրան, թե ինչ է պատահել, քիչ էր մնում լաց լիներ բարկությունից։ Ինչ-որ տենդային անհանգստություն էր տիրել նրան։ Տանը ոչ մի բանի վրա սիրտ չուներ. որևէ գործ կատարելիս ձգում էր կիսատ։ Աշխենին գրելիք մի նամակ մի երես չգրած՝ պատռեց դեն ձգեց։ Երեկոները նրա ականջը շարունակ դռան կողմն էր, և ամեն անգամ, երբ լսում էր դռան զանգի ձայնը, նրա սիրտը թրթռում էր ցնցողաբար։ Նրա մտքերը, հակալ-հակալ ընկած հավերի նման, թռչում էին առարկայից առարկա և ոչ մի բանի վրա չէին կարողանում կանգ առնել։
Չափից դուրս տպավորվող բնավորություն ունենալով, Եվայի վրա միշտ խոր ազդեցություն էր ունենում առհասարակ այն ամենը, ինչ որ այսպես թե այնպես, ավելի կամ պակաս հերոսության կնիք էր կրում։ Իր հեռացած եղբորը պաշտում էր ոչ այնքան նրա համար, որ նրա քույրն էր, որքան նրա համար, որ Արմենակի մեջ հերոս էր տեսնում։ Եթե այնքան սիրում էր հորեղբոր աղջկան, պատկառում էր նրանից, այդ միայն նրա՛ համար, որ Աշխենը կամքի այնպիսի ուժ, հոգու ամրություն և կատարյալ անձնուրացություն էր ցույց տալիս։ Իր չափազանց վառ երևակայությամբ Եվան արտասովոր իրականին միշտ իդեալական գույն էր տալիս։ Ամեն ինչ, որ վեհ էր, կրկնակի մեծություն էր ստանում նրա աչքում։ Բավական էր մի չնչին տպավորություն, այնուհետև երևակայությունն իր գործն էր տեսնում. ինչպես սերմը պարարտ հողի մեջ, այդ տպավորությունն աճում, զարգանում էր նրա հոգու մեջ արագորեն և կլանում նրա ամբողջ էությունը։
Այդ պատճառով, ահա, նա զերծ չէր մնացել Բազենյանի զորեղ ազդեցությունից։ Այդ ազդեցության սաղմն ընկել էր նրա հոգու մեջ, անշուշտ, այն օրից, երբ Բազենյանն ազատեց նրա փոքրիկ եղբորը կառքի կատաղած ձիերի ոտների տակ ջարդվելուց, և այնուհետև աճել, զարգացել էր այն օրից, երբ ծանոթացավ այդ անվեհեր երիտասարդի հետ։ Առաջին անգամն էր, որ նրա կուսական սիրտն սկսել էր բաբախել սիրո քաղցրատենչ զգացումով։ Եվ թեպետ, ինչպես առհասարակ լինում է անդրանիկ սիրո գիտակցության առաջին օրերին, նա մի կողմից բնազդական անհասկանալի վախկոտությամբ ուզում էր չճանաչել այդ նոր զգացումը, կարծես այդ մի հանցանք լիներ, այնուամենայնիվ, մյուս կողմից, երջանիկ ինքնամոռացությամբ, գողունի քաղցրությամբ շոյում, փայփայում էր իր հոգու խորքում այդ նոր զգացումը, կարծես անգին մի գյուտ լիներ այդ, որի կորուստն անտանելի վիշտ պիտի պատճառեր իրեն։
Եվ այդ վիշտը, ավելի՝ քան կարծում էր, զգաց նա, երբ Շահյանից անսպասելի կերպով տեղեկացավ, որ Բազենյանը շուտով մեկնելու է։ Գրեթե մի ամիս էր, որ չէր տեսել Բազենյանին, և այդ բանը առանց այն էլ մեծ կարոտ էր հարցուցել նրա մեջ. իսկ այժմ նրան թվաց, թե այլևս երբե՛ք տեսնելու չէ իր սիրած երիտասարդին։
Այդ գիշեր քնել չկարողացավ և իսկապես այդ օրվանից զգաց, թե ո՛ր աստիճան գերել է Բազենյանն իր սիրտը։ Հետևյալ առավոտյան չկարողացավ զսպել իրեն և հոր կողմից Բազենյանին գրած հրավիրատոմսի տակ ավելացրեց այն մի քանի խոսքը, որ կարդաց Շահյանը Բազենյանի մոտ գնացած ժամանակ։ Բայց որքան մեծ եղավ նրա հուսահատությունը, երբ այդ օրը ոչ Բազենյանն եկավ և ոչ որևէ պատասխան ստացվեց նրանից։ Սակայն ճաշին տուն եկած ժամանակ հայրը լուր բերեց, թե փողոցում հանդիպել է Բազենյանին։ Բազենյանը շատ ներողություն է խնդրել, ասել է, որ մի շաբաթ դարձյալ Թիֆլիսումն է, որ չափազանց զբաղված է և անպատճառ կայցելի, հենց որ ազատ ժամանակ գտնի։
Այնուհետև անցավ դարձյալ մի երկու օր Եվայի համար անտանելի սպասողական դրության մեջ։
Բազենյանն այցելեց չորրորդ օրը, կեսօրից առաջ։ Մարության ամուսինները տանը չէին։ Փոքրիկ Սուրենը մանկապարտեզումն էր։ Եվան մնացել էր մենակ և փակված էր իր սենյակում։ Այդ ժամին նա ամենևին չէր սպասում Բազենյանին, այնպես որ, երբ աղախինը մտավ և հայտնեց հյուրի գալուստը, նա գունատվեց և սրտի հանկարծական ուժգին բաբախումից քիչ մնաց ուշագնաց լիներ։
Անցավ բավական երկար ժամանակ, մինչև որ կարողացավ տիրապետել իրեն։ նա վճռեց բոլորովին հանգիստ պահել իրեն և նախապես զգաց, որ անկարող է։ Մինչև այժմ նրա բոլոր ցանկությունն այն էր, որ գեթ մի անգամ էլ տեսնի Բազենյանին, խոսի նրա հետ. այժմ գիտեր, որ այնտեղ, հյուրասենյակում, սպասում է իրեն իր ցանկալի երիտասարդը. սակայն ոչ մի ժամանակ այնպիսի անվստահություն, այնպիսի վախկոտություն չէր զգացել, ինչպես այժմ, երբ արդեն իր ցանկությունը կատարված տեսնելու համար մնում էր, որ մտնի հյուրասենյակ։ Համ ուզում էր մտնել, համ չէ։ Զգում էր, որ թե վախենում և թե ամաչում է Բազենյանից։ Թվում էր նրան, թե Բազենյանն արդեն ամեն բան գիտե կամ իրեն տեսնելուն պես ամեն բան պիտի հասկանա, և այդ կասկածը կաշկանդում էր նրան։ Նա փափագեց, որ հայրը կամ մայրը լինեին, որ ինքը մենակ չմնար Բազենյանի հետ։ Նրան թվում էր, թե այնտեղ, հյուրասենյակում, սպասողն իր ծանոթ Բազենյանը չէ, այն Բազենյանը, որի հետ խոսել, վիճաբանել, նույնիսկ կատակներ է արել, այլ միանգամայն անծանոթ մի մարդ, ահարկու մի իշխանավոր, որի մի հատիկ խոսքից է կախված իր բախտը, իր ապագան, իր ամբողջ կյանքը։
Նա ձեռքերով կամաց շփեց դեմքը, մազերը շտկեց, կամաց, կարծես չկամենալով, վեր կացավ և դուրս գնաց, զգալով, որ սիրտը նորից սկսել է բաբախել արագորեն։
Հյուրասենյակում Բազենյանը կանգնած էր լուսամուտի առաջ և մտազբաղ հայացքով նայում էր դեպի դուրս։ Վնասված ձեռքը տրագիկական հանգստությամբ հանգչում էր վզովը կախ արած սև շորի մեջ։ Դռան բացվելու վրա, կարծես, հանկարծ սթափվեց իր մտահոգությունից և, արագ շուռ գալով, առաջ շտապեց դեպի Եվան։
Եվան կանգ առավ և ձեռքը լուռ մեկնեց նրան։
Բազենյանը սեղմեց ձախ ձեռքով։
Ա՜խ, ինչ անհարմար է այսպես, կամաց արտասանեց Եվան և թույլ կերպով ժպտաց. ես աջ, դուք ձախ...
Բազենյանը ոչինչ չասաց և գլուխը, հայտնի չէ ինչու, թեթև խոնարհեց։ Լրջությունը չէր հեռանում նրա դեմքից։
Եվայի անձկալի հայացքն անվստահորեն թռավ նրա կարճ խուզած սևաթույր մազերի վրայով։
Ներեցեք, գուցե ձեզ սպասեցնել տվի, ասաց նա։ Բայց ես փոքր-ինչ տկար եմ...
Այդ ես տեսնում եմ, կամաց արտասանեց Բազենյանը, տխուր-մտախոհ հայաքցով նայելով նրա դժգույն և բավական նիհարած դեմքին։ Եվ, ներեցեք, գուցե ես անհարմար ժամանակ եմ եկել, ավելացրեց նա։
Ո՛չ, ո՛չ։ Ընդհակառակը։ Խնդրեմ նստեցեք։ Այսօր բոլորովին մենակ եմ մնացել տանը։ Լավ է, որ եկել եք։ Փոքր-ինչ կխոսենք, իր համար անսպասելի ազատությամբ շարեց իրար ետևից Եվան և նստեց բազկաթոռի վրա։
Բազենյանը նույնպես նստեց, բայց նրանից բավական հեռու: Նրա բոլոր շարժումների մեջ տարօրինակ զգաստություն և լրջություն էր նկատվում։
Քանի օր է, մենք ձեզ սպասում էինք։ Ինչո՞ւ չէիք գալիս, հարցրեց Եվան։
Անցյալ օր պատճառը հայտնեցի ձեր հորը։ Երկու ընկերներիս պատահած դժբախտությունն ինձ միանգամայն խառնել էր։ Բանն այն է, որ ես էլ վտանգից ազատ չէի... Բայց այժմ, փառք աստծո, վտանգն անցած կարելի է համարել։
Եվան ուզում էր հարցնել, թե այդ ինչ վտանգ էր, բայց զարմանքով տեսնում էր, որ այլևս չի տիրապետում իրեն այնպես ազատ, ինչպես պարահանդեսի գիշերը ժողովարանի սրահում Բազենյանի հետ խոսելիս։ Նրան շփոթում էր Բազենյանի աչքերի մեջ նկատվող տխուր մտահոգությունը և այն զգաստ-հանգարտ եղանակը, որով խոսում էր նա։ Եվայի ուշադրությունից չէր վրիպել և այն հանգամանքը, որ Բազենյանը նստել էր բավական հեռու։
Դուք ուզում էիք նամակ տալ ինձ ձեր եղբորը տանելու, ասաց Բազենյանը։ Այժմ եկել եմ դրա համար, որովհետև այս օրերս գնալու եմ։
Գնալո՞ւ եք, մեքենայաբար հարցրեց Եվան։
Ինձ հրամայված է ճանապարհվել վաղը։ Բայց եթե վաղը չկարողացա, մի գործ կա, որ դեռ չեմ վերջացրել, մյուս օրն անպատճառ կճանապարհվեմ։ Նամակը պատրա՞ստ է։
Նամա՞կ... Նամակը... արտասանեց Եվան, զգալով, ոտ մտքերը խառնվում են գլխում, որ ինքն այդ միջոցին ամենևին չի հետաքրքրվում նամակով, որ ինքն ուրիշ բան ունի ասելու, որ այդ բանն ահագին կարևորություն ունի իր համար։ Նա գիտեր, թե ինչ բան էր այդ, բայց չգիտեր, թե ինչպես պիտի արտահայտեր։ Բազենյանի տարօրինակ լրջությունն ու վճռականությունը պարզապես շփոթել էին նրան։ Նրա սիրտը պատռվում էր, որ Բազենյանն իր հեռանալու մասին խոսում Էր այնքան անփույթ կերպով։ Նրան թվում էր, թե Բազենյանը, իր առաջ նստած, հետզհետե հեռանում, անմատչելի է դառնում իրեն և շրջապատվում է ինչ-որ վեհ, ինչ-որ խորհրդավոր մշուշով, որի մեջ հանկարծ պիտի չքանա անհետ, իր տեղ թողնելով իր սիրելի, իր անձկալի և անշոշափելի ուրվականը միայն...
Եվան հուսահատական մի շարժում գործեց և ձեռքով և սկսեց շփել ծնկները ջղաձգաբար։ Սպասեցեք, ասաց նա, աշխատելով բռնի տիրապետել իրեն։ Մի՞թե դուք այլևս չեք հանդիպելու մեզ։
Հազիվ թե կարողանամ, օրիորդ։
Ուրեմն... Ուրեմն այս մեր վերջի՞ն տեսակցությունն է։
Ես կարծում եմ։
Եվան այլևս չհասկացավ, թե ինչ է պատահում իրեն։ Նրա գլուխը կարծես պտտվում էր տենդով բռնվածի պես։ Մի բան ալեկոծում էր նրա ներսն ուժգնորեն և, կարծես, ուզում էր հանկարծ դուրս ժայթքել։ Սաստիկ անհանգիստ, վեր կացավ, նստեց մի ուրիշ աթոռի վրա, մեջքը լուսամուտի կողմն անելով, և սկսեց աջ ձեռքով պինդ շփել ծնկան վրա դրած ձախ ձեռքի երեսը։ Նրա դեմքն այժմ գտնվում էր ետևից ներս թափանցող լույսի հակառակ կողմը, կիսախավարի մեջ։ Մազերը սանրած էր դեպի վերև և հավաքած գագաթի վրա, որից արտաքուստ ավելի հասակավոր կնոջ էր նմանում, քան նորատի մի աղջկա։ Հրաշալի անբիծ սպիտակությամբ փայլում էր նրա երկայն վիզը, որ լիքը նստվածքով բարձրանում էր մոխրագույն հագուստի օձիքի միջից և այնտեղ, ուր մտնում էր մազերի մեջ, թուխ թավշի գույն ուներ։
Իսկ այնտեղից... Ե՞րբ եք վերադառնալու, հարցրեց նա, ահագին ջանք գործ դնելով, որ խոսքի թելը չկորցնի։
Բազենյանը ժպտաց։
Դեռևս հարց է, օրիորդ, թե այլևս կվերադառնա՞մ արդյոք, ասաց նա մելամաղձորեն։
Ինչպե՞ս...
Կրակի մեջ նետվողը կարո՞ղ է ասել, թե դուրս կգա այնտեղից ողջ և անվնաս...
Եվան ցնցվեց, և նրա հայացքը քարացավ Բազենյանի տխրորեն ժպտող աչքերի մեջ։
Սպասեցեք... Ես ձեզ հասկանում եմ... Ուրեմն...
Ուրեմն էլ ի՞նչ։ Նա, ով իր անձը նվիրում է այսպիսի մի գործի, չի կարող երաշխավորել իր վաղվա կյանքի համար, վրա բերեց Բազենյանը շատ անփույթ կերպով, հետո հանկարծ վեր կացավ և ջղուտ քայլերով սկսեց անցուդարձ անել փափուկ գորգերի վրա։ Բայց մի բան ինձ սաստիկ զարմացնում է, ասաց նա իրենից դժգոհ մարդու եղանակով։ Վերջին օրերս զարմանալի մելամաղձություն է տիրել ինձ, հակառակ կամքիս։ Ես նախապաշարումներ չեմ ճանաչում և առավել ևս հեռու եմ միստիկականությունից։ Բայց, չգիտեմ ինչու, վերջին օրերս, կարծես, համ նախապաշարված եմ դարձել, համ միստիկ։ Աջ աչքս շարունակ խաղում է. ասում են՝ դա մահվան նշան է... Երեկ էլ մի երազ տեսա. ինչ-որ սև ու տձև ոգիներ, ագռավների նման, իջել էին մի մարդու դիակի վրա և չգիտես՝ հոշոտո՞ւմ էին, թե զմռսում... Իսկ նրանց գլխին, վերևում, օդի մեջ սավառնում էին, միշտ միևնույն շրջանակի մեջ պտտվելով, ուրիշ ոգիներ փոքրիկ ձյունափայլ թևերով և երգում էին զարմանալի ներդաշնակ մի երգ, որից ես հիշում եմ այս խոսքերը միայն. «Արյունը կարմիր, արյունը կարմիր միշտ սրբանում է, երբ թափվում է»։
Բազենյանը նայեց Եվային և կամաց ծիծաղեց։
Եվան նայում էր Բազենյանին, և նրա հայացքը անմիտ սարսափ էր արտահայտում։
Սրանք, իհարկե, գրգռված երևակայության արդյունք են, շարունակեց Բազենյանը, բայց զարմանալին այս է, որ մարդ որքան աշխատում է չհավատալ այդպիսի հիմար բաների, այնքան ավելի կաշկանդվում է դրանց ազդեցության տակ։ Առաջ ես ամենևին չէի մտածում, թե պիտի մեռնեմ. բայց այժմ ինչ-որ նախազգացում, կարծես, շարունակ փսփսում է ականջիս, որ իմ մահը շատ շուտ պիտի լինի... Է՜հ, ի՞նչ անենք, կարճ մտախոհ լռությունից հետո ավելացրեց նա անփութորեն և տխուր ժպիտով նայեց Եվային։ Ոչ հայր ունիմ, ոչ մայր, ոչ եղբայր, ոչ քույր, ոչ ոք չունիմ, որ դարդ անի ինձ համար...
Եվան զգաց, որ մի բան հանկարծ վեր նետվեց սրտից դեպի կոկորդը և սկսեց խեղդել։ Անհուն ցանկություն զգաց վեր թռչելու տեղից, ուղղակի փարվելու Բազենյանի վզին և աղաղակելու. «Անաստված, մի՞թե չես զգում, որ ես քո քույրն եմ, ավելի՝ քան քույրը․․․ և չեմ թողնիլ, որ մեռնես...»։ Բայց նա միայն մատներով ցնցողաբար սեղմեց աթոռի ծայրերը, կարծես աշխատելով պահել իրեն, որ այդպիսի խելացնոր բան չանի։
Վերջին ժամանակս հանկարծ ինձ շրջապատված եմ տեսնում այնպիսի անակնկալ և ծանր հանգամանքներով, որ մահը պարզապես ցանկալի է դարձել ինձ համար, նորից խոսեց Բազենյանը մելամաղձորեն, շարունակելով անցուդարձ անել սենյակում, Եվայի առաջ։ Բայց մարդը զարմանալի եսասիրական մի զգացում ունի. ուզում է իր ետևից թողնել գեթ մեկը, գեթ մի մերձավոր, մի սրտակից, որին իր մահով վիշտ լինի պատճառած։ Եթե ես ունենայի այդպիսի մեկը, որ արտասուքի գեթ մի քանի կաթիլ թափեր գերեզմանիս վրա...
Բազենյանը լռեց, անցավ դեպի լուսամուտներից մեկը և ճակատը սեղմեց ապակուն:
Եվան զգում էր, որ եթե նա դարձյալ այդպիսի մի քանի խոսք արտասանի, այլևս չի կարող զսպել իրեն և անպատճառ կանի այն խելացնոր բանը, որը չանելու համար այնպես պինդ պահում էր իրեն աթոռի վրա, մատների մեջ ցնցողաբար սեղմելով աթոռի ծայրերը։ Նա վախենում էր շարժվել տեղից և նայել ետևը, ուր կանգնած էր Բազենյանը։ Նրան թվում էր, թե այնտեղից դարան մտած, կամաց-կամաց մոտենում է իրեն ահարկու մի բան, որ հանկարծ վրա պիտի ընկնի և պիտի խլի, փախցնի իրեն փոթորկի պես ուժգնորեն...
Աշխարհիս երեսին երկու բան կա հզոր և ամենակարող՝ սերը և մահը, հնչեց Եվայի ականջին Բազենյանի ձայնը ետևից այնքան հանգիստ և տխրագին, որ կարծես գերեզմանից էր հնչում։ Մի ամբողջ ամիս չէի գալիս ձեր տուն... և այսօր էլ չէի գալ, եթե... դուք չստիպեիք... և եթե չհամոզվեի վերջ ի վերջո, որ սիրո դեմ մաքառելը նույնքան անկարելի է, որքան և մահի դեմ։ Այժմ որ եկել եմ, այլևս չեմ կարող զսպել ինձ և պիտի ասեմ, որ... սիրում եմ ձեզ...
Եվան մեկ վեր կացավ, բայց նորից նստեց, կարծես ուժ չունենալով ոտքի վրա կանգնած մնալու։ Նրա ամբողջ մարմինը թրթռաց հրաշալի, խելագարեցնելու չափ հրաշալի մի ցնցումով։ Շունչն իրեն քաշելով, նա տեղն ու տեղը մարեց. կարծես մի հրաշալի երազ էր այն, որ իր ամենափոքր շարժումից անգամ կարող էր չքանալ։
Բազենյանը կամաց դարձավ Եվայի կողմը, մի րոպե ինչ-որ օտարոտի հայացքով նայեց պերճ վզին, հետո մի քանի քայլ արավ դեպի նա, բայց հանկարծ ճանապարհը ծռեց և անցավ դռան կողմը։
Ներեցեք, ես... ես գնում եմ, ասաց նա։
Եվան վեր թռավ տեղից և ձեռքերը տարածեց դեպի նա։
Կացե՛ք...
Բազենյանն արագ ետ դարձավ։
Եվայի ձեռքերն ու գլուխն ընկան նրա ուսերի վրա։ Ահա՛, վերջապես, այն ահարկու բանը, որ եկավ և հափշտակեց նրան փոթորկի ուժգնությամբ... Հանկարծ նա ցնցվեց և դուրս խլվեց Բազենյանի գրկից։ Կարծես տենդի մեջ առավ Բազենյանի ձեռքը և դեմքն այնքան մոտեցրեց նրա դեմքին, որ նա զգում էր Եվայի տաք շնչառությունը։
Դու չես մեռնիլ, շշնջաց Եվան, խիստ արագ շնչելով։
Բազենյանը փորձեց նորից գրկել նրան, բայց նա թույլ չտվեց։
Դու չես մեռնիլ... Ասա՝ չէ։
Կմեռնեմ երջանկությունից...
֊ Չե՛մ ուզում... Ասա՝ չէ՛։
Չէ։
Ինձ էլ կտանես հետդ...
Եվա։
Ասա՝ այո՛։
Այո։
Եվան շուռ եկավ, մեջքով կպավ Բազենյանի կրծքին և վիզը ձգեց նրա ուսի վրա։ Անհուն երջանկության հրաշալի մի ժպիտ հալվում էր նրա կիսաբաց շրթունքների վրա և կիսախուփ աչքերի մեջ, որոնք նայում էին Բազենյանի աչքերին։
Բազենյանը էլեկտրականացել էր։ Նա ինքն էլ չիմացավ, թե ինչպես ետևից գրկեց Եվայի իրանն և, գլուխը կամաց-կամաց առաջ տանելով, շրթունքները պինդ սեղմեց նրա ծնոտի տակ...
...Հանկարծ Եվան ճչաց և դուրս պրծավ նրա գրկից այնպիսի սաստկությամբ, որ Բազենյանը մի երկու քայլ ետ մղվեց։ Նա կանգ առավ դողալով և նայեց Բազենյանի աչքերին չռած աչքերով։ Եվ նկատեց այնտեղ ինչ-որ անծանոթ, ինչ-որ սարսափելի մի բան, որ կարծես խլել էր նրանից այն ամենը, ինչ որ մարդկային է... Եվային թվաց, թե իր աչքերի առաջ մի րոպեի մեջ հրաշք կատարվեց, ահավոր մի հրաշք, որով կրթված մարդը հանկարծ իջել էր մինչև վայրենու աստիճանը, որով բնական արարածը գազան էր դարձել... Բնազդական սոսկումով նա ետուետ գնաց անգիտակցաբար և քիչ մնաց, որ նորից ճչա, որովհետև նրան թվաց, թե այդ գազանն ուզում է հարձակվել իր վրա և, եթե հարձակվի, այլևս փրկություն չկա...
Նա շուռ եկավ և խելագարի պես դուրս վազեց սենյակից։
Բազենյանն ուշքի եկավ և վախեցած նայեց չորս կողմը. կարծես մեկը դարան լիներ մտած սենյակում և, հանկարծ դուրս պրծնելով պիտի հարձակվեր իր վրա։ Հետո հանգստությամբ ուղղեց փողկապը և դիմեց դեպի դուրս։ «Շտապեցի... շատ շտապեցի...», մտածում էր նա մեքենայաբար, նախասենյակում վերարկուն և կրկնակոշիկները հագնելիս։
Դուրսը, փողոցում, հենց դռան մոտ հանդիպեց Թեկլեն, որը տուն էր գալիս։
Ա՛խ, դուք եկել եք, վերջապես, բացականչեց նա ուրախացած։
Ես գնում եմ, տիկին, վրա բերեց Բազենյանը ժպտալով։
Գնում ե՞ք... ի՞նչ եք ասում։
Օրիորդը տկար է, չուզեցի անհանգստացնել և բացի դրանից, ժամը երկուսին անպատճառ պետք է լինիմ մի տեղ, իսկ այժմ (Բազենյանը նայեց ժամացույցին) երկուսից քառորդ պակաս է։
Դե, ներս եկեք, լավ։ Ամուսինս էլ շուտով կգա։ Ճաշին կմնաք մեզ մոտ։
Հավատացնում եմ, տիկին, չեմ կարող։ Այժմ չեմ կարող, ոչ մի պայմանով։ Կաշխատեմ գալ երեկոյան, իսկ եթե երեկոյան չկարողացա գալ, կգամ վաղն անպատճառ։ Մի քանի օր դարձյալ այստեղ եմ։
Թեկլեն թախանձեց, որ անպատճառ գա, ասաց, որ իրենց որդուն տանելիք նամակն ահագին կարևորություն ունի իրենց համար, և մեծ անհանգստությամբ սկսեց գանգատվել, որ երկար ժամանակ է նրանից ոչ մի տեղեկություն չունին։
Բազենյանը նորից խոստացավ, որ անպատճառ կգա և, բաժանվելով տիկին Մարությանից, շտապով հեռացավ։ «Շտապեցի... շատ շտապեցի», շարունակ կրկնում էր նա մտքումը Եվայի հետ ունեցած իր վարմունքի մասին։
Թեկլեն աղջկան գտավ իր սենյակում չափազանց տարօրինակ դրության մեջ։ Եվան նստած էր աթոռի վրա և, կարծես, սառել էր նստած տեղը։ Դեմքը սպիտակել էր քաթանի պես։ Չռած աչքերի մեջ դեռևս նկատելի էին սարսափի հետքերը։ Կուրծքը նկատելի կերպով բարձրանում ու ցածրանում էր, կարծես վազել էր երկար տեղ ու այժմ հազիվ էր շունչը ետ բերում։ Դռան բացումը երկյուղի զորեղ ցնցում պատճառեց նրան։
Ե՛վա, ի՞նչ է պատահել քեզ, կանչեց մայրը վախեցած։
Եվան իր չռած աչքերով նայեց մորը, մի րոպե ոչինչ չկարողացավ արտասանել, հետո շատ հանգիստ ձայնով պատասխանեց.
Մի վախենար, մայրիկ, ոչինչ չկա. հանկարծ վատ դառա։
Նրա խաղաղ ձայնը բավական հանգստացրեց մորը։ Մայրը նկատեց սակայն, որ նրան առանց լուրջ բժշկության թողնել անկարելի է, որ այդ բոլորը կառքի կատաղած ձիերից վախեցած լինելու հետևանքն է և, վերջ ի վերջո, ստիպեց աղջկան, որ պառկի։ Եվան անխոս հնազանդվեց մորը և պառկեց։ Նա ուզում էր, որ մայրը շուտով հանգիստ թողնի իրեն, որպեսզի կարողանա կարգի դնել իր մտքերն ու զգացումները, որոնք մի կատարյալ քաոս էին կազմում նրա մեջ։
Բայց և այնպես, մոր դուրս գնալուց հետո էլ, Եվան երկար, շատ երկար ժամանակ չէր կարողանում կատարելապես ուշքը գլուխը ժողովել։ Այնտեղ՝ հյուրասենյակում կատարված իրողությունն իր վերջաբանով հիմն ի վեր ցնցել էր նրա հոգեկան աշխարհը։ Այդ բոլորն այնքա՛ն անսպասելի էր նրա համար, նրա մտքից այնքա՛ն հեռու էր Բազենյանի հետ ունեցած խոսակցության վերջաբանը, որ նա կասկածում էր, թե չլինի՞ այդ բոլորը երազի պես մի բան էր միայն, այլ ոչ կատարված իրողություն։ Այդ կասկածն այնքան ավելի բնական էր թվում նրան, որքան երազ համարած իրողությունը, անսպասելի լինելով հանդերձ, կատարվել էր արագ, գրեթե վայրկենաբար։ Մինչև այժմ էլ նա, կարծես, զգում էր Բազենյանի ծանր, սարսափ ազդող տաք շնչառությունն իր ծնոտի տակ... Նա ձեռքը քսեց ծնոտի տակ և նոր զգաց, որ ցավում է այդտեղ։ Վեր կացավ, նայեց հայելու մեջ և տեսավ, որ ծնոտի տակ, Բազենյանի շրթունքների կպած տեղը կարմրել էր և նույնիսկ ատամների հետքեր է կրում ։ Սակայն Եվայի վրա ամենից ավելի սարսափ էին բերել Բազենյանի աչքերը, առաջվա այն գեղեցիկ, մտախոհ, թախծալի աչքերը... Եվային թվաց, որ երբ շները կատաղում են, նրանց աչքերն էլ այդպես են փոխվում...
Սիրո, մանավանդ իր սիրո մասին Եվան չափից դուրս վեհ և անպայման մաքուր գաղափար ուներ, որպեսզի կարողանար հաշտվել Բազենյանի աչքերի մեջ նկատված փոփոխության հետ, մի փոփոխություն, որ ամեն անգամ մտապատկերելիս բնազդական դող էր զգում մարմնի մեջ... Եթե նա սիրել էր Բազենյանին, եթե իր անարատ սիրտը նվիրել էր նրան, դրա պատճառն ա՛յն էր միայն, որ Բազենյանի մեջ մսից և արյունից կազմված մարդ չէր տեսել, այլ գերբնական մի արարած, մի իդեալ, որի մեջ տեղ չպիտի ունենար ախտաբանական մարդը... Եվան նոր էր մտածում, որ այդ թերևս շատ անհեթեթ մի պահանջ էր իր կողմից, թերևս այդպիսի մարդ չկա աշխարհիս երեսին, որովհետև չի կարող լինել, որովհետև մարդը, ինչքան էլ որ այս կամ այն կերպ իդեալ ներկայանա, էլի նույն մսից ու արյունից կազմված մարդն է, բայց սիրո սրբագործող աշխարհում, որ նույնքան անիմանալի է, որքան և աստվածային էությունը, մարդու մեջ, Եվայի կարծիքով, իսպառ պիտի ոչնչանար անասնականը և շնայինը, կամ գոնե այդ անասնականն ու շնայինը պիտի ստանար աստվածային պատկերը կրող արարածին վայել ամենաբարձր, խելացի արտահայտումն։ Իր միամիտ անմեղությամբ Եվան հավատում էր սիրո սրբագործող այդ զորությանը, և որքան մեծ էր այդ հավատը, այնքան սարսափելի հիասթափությունը։ Նա տեսավ, որ ժամանակակից քաղաքակիրթ մարդը սիրո, թերևս ավելի՝ քան ուրիշ բանի մեջ նույնն է, ինչ որ նախատիպ մարդն իր ամենակոպիտ բնազդով... Եվան փշաքաղվում էր, արյունը սառում էր նրա երակների մեջ, երբ մտածում էր, թե որքան զզվելի և սոսկալի էր այդ նախատիպ մարդը։ Նա ավելի շուտ կհամաձայներ մեռնել, քան թույլ տալ, որ այդ գազանացած մարդը վիրավորեր ու անարգեր այն սրբությունը, որ կրում ու փայփայում էր իր սրտի մեջ սիրո անունով...
Սակայն դրանք ծանր տպավորության առաջին ծանր րոպեներն էին, րոպեներ, երբ նրա ուղեղը գործում էր գրգռված ջղերի ազդեցության տակ, գործում էր ուժգնապես լարված մեքենայի նման և միշտ միևնույն ուղղությամբ։ Այնուհետև, երբ նա կամաց-կամաց հանգստացավ և սկսեց մտածել սառն ուղեղով, տեսավ, որ իր վարմունքն իսկապես շատ օտարոտի, շատ զարմանալի էր։ Բազենյանը իր սիրելին էր, իր անձկալին. ամբողջ օրերով միմիայն նրա մասին էր մտածում, միմիայն նրան էր ցանկանում, նույնիսկ պատրաստ էի թողնել ծնողներին, թողնել տունը, ամենքին և ամեն բան և գնալ նրա հետ՝ ուր որ կտաներ, և այդ բոլորից հետո հանկարծ...
Եվան դեմքը ծածկեց ձեռքերով. կարծես մեկը ներկա լիներ, որ կարող էր տեսնել իր ամոթը...
Բազենյանը, հակառակ Թեկլեին արած իր խոստմանը, չեկավ ոչ այդ օրն երեկոյան և ոչ հետևյալ օրը։ Այնուհետև անցավ դարձյալ երկու օր, և նա դարձյալ չերևաց։ Այդ բանը շատ տարօրինակ էր թվում Մարության ամուսիններին։ Ուրիշ պատճառ չգտնելով իրենց բարեկամի այդ վարմունքը բացատրող, նրանց մնում էր ընդունել, որ Բազենյանն իսկապես ժամանակ չի գտնում իրենց այցելելու։
Կամ, գուցե, արդեն գնացե՞լ է, հարցրեց Մարությանն աղջկան։ Անցյալ օր որ եկավ, ի՞նչ ասաց, ե՞րբ էր գնալու։
Ասաց, որ եթե հետևյալ օրը չէ, երրորդ օրն անպատճառ պետք է ճանապարհ ընկներ, պատասխանեց Եվան բոլորովին հանգիստ կերպով։
Իսկ ինձ ասաց, թե մի քանի օր դարձյալ մնալու է այստեղ, ասաց Թեկլեն։
Սպասիր։ Երրորդ օրն երեկ էր, ուրեմն արդեն գնացել է, բացականչեց Մարությանը։ Այս բանից ես ոչինչ չեմ հասկանում, ճշմարիտ։ Ուրիշ ոչինչ չլինի, գոնե մեր խոստացած փողը պետք է ընդուներ. դրա համար էլ չեկավ։ Ասենք, այդ կողմից ես անքաղաքավարի եղա. պետք է փողն անմիջապես ուղարկեի իրեն։ Բայց ախր... Չէ՛, անկարելի է. դեռ գնացած չի լինիլ։ Պետք է ինքս անձամբ գնամ նրա մոտ։ Նամակն, երկու օր է, մնում է գրպանումս։ Փողն էլ ինքս անձամբ կտանեմ կտամ։
Ա՜խ, նամակը, արտասանեց Թեկլեն հուսահատորեն։ Երանի գոնե այդ նամակը հասնի Արմենակիս, և մի պատասխան ստանանք նրանից...
Ես իսկույն գնում եմ Բազենյանի մոտ, ասաց Մարությանը, վճռապես վեր կենալով տեղից։ Եվա, ուզո՞ւմ ես, դու էլ արի։
Ոչ, ես չեմ գալ։
Զբոսնելով կգնանք, ի՞նչ կա որ։
Չէ, հայրիկ, չեմ կարող։
Դե, գնա, է՛լի, ասաց մայրն աղջկան։ Մի քիչ պարզ օդ կծծես։ Քանի՜ օր է, տանից դուրս չես գնացել։
Ի՞նչ անենք որ։
Ա՛յն անես, որ տե՛ս ինչ ես դարձել, զայրացած վրա բերեց Թեկլեն։ Չեմ հասկանում, այս վերջին օրերն ինչ է պատահել քեզ։ Մեկ նայիր հայելում, տես ինչ ես դարձել։ Եղբորդ հոգսը բավական չէ, մի հոգս էլ դու դարձիր գլխիս։
Եվան ոչինչ չպատասխանեց մոր այդ հանդիմանական խոսքերին։
Այն հանգամանքը, որ Բազենյանը վերջին տեսակցությունից հետո խոստացել էր գալ և չէր գալիս և, գուցե արդեն հեռացել էր Թիֆլիսից, սաստիկ մտատանջում էր Եվային։ Նրա մեջ բոլորովին չքացել էր այն սարսափը, որ ազդել էր նրան Բազենյանի աչքերի մեջ նկատած փոփոխությունը. կարծես մի ծանր երազ լիներ այդ, որի ազդեցությունն անցել էր ժամանակի հետ։ Այժմ Բազենյանը ներկայանում էր նրան դարձյալ առաջվա նման իր անդիմադրելի գրավչությամբ. այժմ այդ երիտասարդն ավելի ևս անձկալի էր, թերևս այն պատճառով, որ Եվան հույս չուներ, թե երբևիցե այլևս պիտի տեսնի նրան: Եվ այդ բանում Եվան մեղքը լիովին իր վրա էր առնում. իր անփորձության մեջ, լոկ րոպեի ազդեցության տակ դեն հրեց իրենից այն երիտասարդին, որին սիրում էր և որը նրան էր սիրում. իր օտարոտի վարմունքով սիրած երիտասարդին կորցրեց ընդմիշտ իր համար, միևնույն ժամանակ կորցնելով իրեն նրա համար։ Եվան երևակայում էր, թե ինչքան զարմացած պիտի լիներ Բազենյանն իր վարմունքից, որ այժմ իր համար անհասկանալի էր մնում։ Բազենյանն անշուշտ վիրավորվեց և հենց այդ պատճառով չեկավ, որ նրան գեթ իր վերջին հրաժեշտը տա։
Որքան շատ էր մտածում Եվան այս մասին, այնքան ավելի անկեղծ զղջմունքը կրծում էր նրա սիրտը։ Այդ զղջմունքն երբեմն այն աստիճան էր հասնում, որ իրեն պատրաստ էր զգում ընկնելու Բազենյանի ոտները և ներողություն խնդրելու նրանից, եթե միայն Բազենյանին մի անգամ էլ տեսնելու լիներ։
Բայց ո՞րտեղ էր Բազենյանը։ Եվան գրեթե համոզված էր, որ նա անպատճառ արդեն հեռացել էր։ Եվ այժմ, երբ մերժում էր հոր հետ Բազենյանի մոտ գնալ, մերժում էր ոչ թե այն պատճառով, որ վերջին անցքից հետո ամաչում էր Բազենյանի աչքին երևալուց, այլ նրա՛ համար միայն, որ իր մեջ քաջություն չէր զգում անձամբ համոզվելու, որ նա իսկապես հեռացել է։ Այդ արդեն խիստ մեծ հարված կլիներ նրա համար, դրանով իսպառ պիտի փշրվեր հուսո այն վերջին նշույլը, որ դեռևս առկայծում էր այնտեղ, սրտի խորքում թաքնված: Սակայն միևնույնը չէ՞ր, խո արդեն համոզված էր, որ Բազենյանն այլևս Թիֆլիսում չէ. սխալն արդեն գործված էր և այլևս ոչ մի կերպ չէր կարելի ուղղել. ավելի լավ չէ՞ր, որ միանգամից վերջ դներ իր անտանելի դրությանը։ Եվ Եվան հանկարծ հուսահատական մի քաջություն զգաց իր մեջ, այնպես, որ երբ հայրը նորից առաջարկեց, որ միասին գնան Բազենյանի մոտ, նա համաձայնեց։
«Միանգամից, միանգամից... ինչի՞ց եմ վախենում...», մտածում էր նա, երբ հոր հետ անցնում էր սառած ձյունով ծածկված փողոցներով։
Նոր երեկոյանում էր։ Ձմեռային կարճատև օրվա անզոր արևը դժգույն երկնքի վրա արդեն բոլորովին թեքվել էր դեպի արևմուտք և անփայլ, թառամած ճառագայթներով ներկում էր բարձր շենքերի կտուրներն ու տերևաթափ ծառերի կատարները։ Օդը շարժվում էր անախորժ սառնությամբ։ Ցուրտը կրծում էր մարդու ականջներն ու քիթը։
Ուզո՞ւմ ես սահնակ նստենք, Եվա, հարցրեց հայրը։
Ոչ, ոտով ավելի լավ է, ասաց Եվան, չնայելով, որ եղանակը սաստիկ անախորժ էր թվում նրան։ Նրա ծնոտները թեթև դողդողում էին։
Գրազ կգամ, որ Բազենյանը դեռ այստեղ է, բացականչեց Մարությանը, երկար տեղ լուռ քայլելուց հետո։ Առանց ինձ տեսնելու անկարելի է, որ գնար։
Եվան ոչինչ չպատասխանեց։ Հիրավի, եթե Բազենյանն իսկապես դեռ գնացած չլիներ և այդ րոպեին էլ տանը լիներ, ինչպե՞ս պիտի հանդիպեր նրան, ի՞նչ երեսով պիտի ներկայանար նրան։ Եվան նոր մտածեց այդ մասին և զգաց, որ այդ հանդիպումը չափազանց ծանր պիտի լիներ իր համար։ Մի րոպե նա կանգ առավ սաստիկ տատանման մեջ և ուզեց հորն ասել, որ ուզում է տուն դառնալ, բայց ոչինչ չասաց և հոր հետ շարունակեց ճանապարհը։ «Ավելի լավ, մտածեց նա. կհասկանա, որ ես զղջացել եմ վարմունքիս համար, և այլևս չի նեղանալ ինձնից»։
Հիրավի, երբ հայր ու աղջիկ հասան «Լոնդոն» հյուրանոց, և Մարությանը դռնապանին հարցրեց, թե Բազենյանն արդեն հեռացե՞լ է Թիֆլիսից, դռնապանը պատասխանեց, որ Բազենյանը դեռևս բնակվում է հյուրանոցում, բայց այդ րոպեին տանը չէ։
Չասացի՞, չասացի՞, բացականչեց Մարությանն ուրախացած, դառնալով աղջկան։ Գիտեի, ախր, որ առանց ինձ տեսնելու չէր գնալ։ Բայց այս լավ չէ, որ հիմա տանը չէ։ Ի՞նչ անենք։
Այն միջոցին, երբ Մարությանը փոփոխակի նայում էր մերթ դռնապանին, մերթ աղջկան, մտածելով, թե ինչ անի, մի կառք դղրդալով մոտեցավ և կանգ առավ հյուրանոցի դռան առաջ։
Եվան դռան ապակու միջից դուրս նայեց և դողաց։
Կառքի մեջ նստած էր Բազենյանը։ Նա արագ իջավ կառքից և շտապ քայլերով դիմեց դեպի դուռը։
Ահա՛ ինքը, բացականչեց դռնապանը և շտապեց դուռը բանալ նրա առաջ։
Բազենյանը մտավ մուշտակի կոճակները բաց և մոխրագույն մորթե գլխարկը ճակատից փոքր-ինչ ետ գցած։ Դռների մոտ տեսնելով Մարությանին ու Եվային, հանկարծ կանգ առավ, ըստ երևույթին, խիստ ապշած։ Պարզ երևում էր, որ այդ հանդիպումը միանգամայն անսպասելի էր նրա համար։
Ա՜, պարոն Բազենյան, բացականչեց Մարությանը խիստ ուրախացած։ Տեսնում եք։ Մենք եկել ենք ձեզ մոտ, իսկ դուք տանը չեք։ Ի՜նչ լավ արիք, որ եկաք, թե չէ՝ մտածում էի, թե ինչպես անենք, որ ձեզ գտնենք։
Մի՞թե ես արժանի եմ այդ պատվին, արտասանեց Բազենյանը փոքր-ինչ խանձված ձայնով և սեղմեց Մարությանի ձեռքը վերին աստիճանի զսպած քաղաքավարությամբ։ Այնուհետև առանձին հարգանքով դարձավ դեպի Եվան, առանց նայելու նրան, խոնարհ գլուխ իջեցրեց՝ գլխարկը ձեռքին։
Եվան անհամարձակությամբ նայեց նրա վայր թողած աչքերին և մեքենայաբար ձեռքը մեկնեց նրան։
Բազենյանն արագ մի քայլ առաջ դրեց և նույն զսպած քաղաքավարությամբ սեղմեց նրա ձեռքն էլ։ Այդ միջոցին Եվան ակամա ուշադրություն դարձրեց այն բանի վրա, րր Բազենյանն իր ձեռքը սեղմեց վնասված աջ ձեռքով, թեև սև շորը դեռևս կախված էր վզից։ Այս անգամ Բազենյանն այնքան մոտ էր Եվային և գլուխն այն աստիճան խոնարհել էր ուղղակի նրա քթի տակ, որ Եվային թվաց, թե ինչ-որ քացախած հոտ առավ նրա բերանից։
Մարությանն սկզբից զարմացած էր մնացել նրա զսպած ընդունելության վրա և հետաքրքրությամբ դիտում էր նրան, հետո նրա ծանր շնչառությունից տեսավ, որ նա արբած է և աշխատում է այդ բանը ծածկել։
Եղբայր, այս ի՞նչ եք անում, ասաց նա ժպտալով. խոստանում եք, թե կգաք և չեք գալիս։ Կարծում էինք, թե արդեն գնացել եք։
Լիովին զգում եմ հանցանքս և հազար ներողություն եմ խնդրում, ասաց Բազենյանը նույն խանձված ձայնով։ Պատճառ ունեի, իհարկե, մի շատ հարգելի պատճառ, որ խոստումս չկատարեցի... չկարողացա կատարել... և չէի կարող կատարել...
Եվ ի՞նչ էր այդ պատճառը։
Այդ պատճառը, արտասանեց Բազենյանը և առաջին անգամ, բայց մի վայրկյան միայն, նայեց Եվային, որը իսկույն հասկացավ նրա միտքը և աչքերը վայր թողեց շփոթված։ Պատճառը... Շատ ցավում եմ, պարոն Մարության, որ պատճառը չպիտի կարողանամ հայտնել...
Ուրեմն, ներողություն անտեղի հետաքրքրությանս համար, արագ վրա բերեց Մարությանը։ Ես, իհարկե, այն մտքով չհարցրի պատճառը, որ ձեր գաղտնիքներն իմանամ, բայց... Մենք շատ սպասեցինք ձեզ։ Երկու օր է, որ նամակը փտում է գրպանումս։ Եվ եթե գիտենայիք, թե որքան երախտապարտ պիտի լինինք ձեզ, եթե այդ նամակը հասցնեք մեր որդուն։
Ես միշտ պատրաստ եմ, պարոն Մարության, իմ ծառայությունը մատուցանելու ձեզ։ Անցյալ օր հենց այդ նամակի համար էլ եկա էլի ձեր տուն, բայց դուք, դժբախտաբար, տանը չէիք։ Ես երեկ պիտի ճանապարհվեի, բայց մի քանի անակնկալ հանգամանքներ պահեցին ինձ այստեղ։ Ամենայն հավանականությամբ, կմեկնեմ վաղը չէ մյուս օրը, և իմ պարտքս կլինի ամենից առաջ տեղ հասցնել ձեր նամակը։ Բայց ի՞նչ ենք կանգնել այստեղ։ Խնդրում եմ, պատվեցեք թափառաշրջիկիս ժամանակավոր օթևանը ձեր ներկայությամբ։
Գնանք, Եվա, ասաց Մարությանը դիմելով դեպի վեր։
Եվան մի վայրկյան տատանվեց և հետևեց հորը։
Իսկ Բազենյանը ձեռաց հանեց կառքի փողը, տվեց դռնապանին, որ կառքը ճանապարհ ձգի, և վազեց նրանց ետևից: Սանդուղքի առաջին աստիճանների վրա հասավ Եվային և սկսեց բարձրանալ նրա հետ կողք֊կողքի։ Երկուսն էլ ոչ մի խոսք չարտասանեցին։ Եվան դարձյալ զգաց նրա բերնից փչող քացախած հոտը և այդ հոտն այս անգամ այնքան անախորժ թվաց նրան, որ նա մի քանի վայրկյան ակամա պահեց շնչառությունը։ Բազենյանը բաց արեց իր սենյակի դուռը և Մարությանին ու Եվային ներս հրավիրեց։
Ուրեմն վաղը չէ մյուս օրն եք գնում, ասաց Մարությանը, կողք-կողքի նստելով աղջկա հետ։
Այո։ Վաղը չէ մյուս օրն անպատճառ, արտասանեց Բազենյանը, ծանր շնչելով։
Նա հանեց մուշտակը և ձգեց աթոռի մեջքին։ Մուշտակի ծոցի գրպանից դուրս պրծավ մի ինչ-որ լրագիր, նամակի ծրարի չափ ծալված և, բացվելով, ընկավ հատակի վրա։ Եվան նստած տեղից կարդաց վերնագիրը և տեսավ, որ արտասահմանում հրատարակվող հեղափոխական թերթերից մեկն է։
Դուք ստանո՞ւմ եք այդ թերթը, հարցրեց նա, հարմար առիթ գտնելով խոսելու, որովհետև զգում էր, որ իր ակամա լռությունն արդեն չափից դուրս աչքի է ընկնում։
Այո, օրիորդ։ Ես էլ որ չստանամ, հապա էլ ո՞վ պիտի ստանա, ասաց Բազենյանը և թերթը վերցրեց հատակից։ Եթե հետաքրքրվում եք, կարող եք վերցնել կարդալու։ Վերջին համարն է, նոր ստացա։
Եթե դուք արդեն կարդացել եք...
Ոչ, դեռևս ժամանակ չեմ ունեցել կարդալու։ Բայց այդ միևնույն է. ինձ համար այստեղ հազիվ թե որևէ նորություն լինի, որովհետև բոլոր տեղեկություններն ես ստանում եմ, այսպես ասած, առաջին ձեռքից և ավելի մանրամասնորեն, խնդրում եմ, վերցրեք։
Եվան առավ թերթը, ծալեց և վերարկուի գրպանը դրեց։
Հա՛, մոռացա, այդ համարից երկու օրինակ ունեի, ասաց Բազենյանը և սկսեց քրքրել գրպանները։ Ո՞րտեղ դրի... Ահա գտա։
Նա հանեց նույնչափ ծալված մի ուրիշ թերթ, ձգեց սեղանի վրա և նստեց։
Ուրեմն, առանց մեզ այցելելու էլ պիտի գնայիք, դարձավ առաջվա խոսակցությանը Մարությանը։
Մի՞թե այդ կարելի էր, երբ խոսք էի տվել, որ ձեր հանձնարարությունը պիտի կատարեմ ամենայն պատրաստակամությամբ, ասաց Բազենյանը։ Ձեզ մոտ պիտի գայի այս երեկո, բայց դուք կանխել եք և ինքներդ եք եկել ինձ մոտ, որով մեծ պատիվ եք արել ինձ։
Մենք, դժբախտաբար, ոչ ոքի պատվել չգիտենք, բացի նեղություն տալուց, վրա բերեց Մարությանը բարեսիրտ կատակով։ Ահա այս այն նամակը, որ պիտի հանձնեի ձեզ։ Այս էլ, ահա, այն գումարը, որ խոստացել էի նվիրաբերել ձեր և մեր ամենիս սիրած գործին...
Եվ Մարությանը նամակի ծրարի հետ սեղանի վրա դրեց մի ուրիշ հաստ ծրար։
Զարմանալի ներգործություն ունեցավ այդ հաստ ծրարը Բազենյանի վրա։ Մինչև այժմ նա իրեն պահում էր բավական զգաստ և, եթե ծանր շնչառությունն ու բերնից փչող գինու անտանելի հոտը չլիներ, դժվար կարելի էր իմանալ, թե նա խմած է։ Բայց այժմ, սեղանի վրա տեսնելով փողի հաստ ծրարը, նրա աչքերը վառվեցին տարօրինակ կրակով, և այդ կրակը, կարծես, հանկարծ լուսավորեց նրա ներսը մի մութ աշխարհ...
Եվան նայեց նրա աչքերին և աթոռն ակամա մոտ քաշեց հորը։ Նրան թվաց, թե իր առաջ նորից տեսնում է այն Բազենյանին, որին տեսավ իրենց վերջին տեսակցության վերջին րոպեին։ Նա շրջեց դեմքը, որպեսզի չտեսնի Բազենյանի աչքերը։ Այդ սևաթույր ու կրակոտ աչքերը, որոնք զարմանալի ընդունակություն ունեին վայրկենաբար ամենածայրահեղ հակադիր զգացումներ արտահայտելու, փոփոխի, շատ օտարոտի տպավորություն էին թողնում Եվայի վրա. դրանք թե գրավում էին նրան վերին աստիճանի և թե սարսափեցնում։ Այդ աչքերը պարզապես տանջում էին Եվային, մանավանդ այն ժամանակ, երբ Բազենյանը նայում էր նրան լուռ ու անթարթ, հիպնոսահարողի պես։
Փողի հաստ ծրարը տեսնելուց հետո Բազենյանն այլևս չկարողացավ զսպել իր մեջ գինու եռացող շոգու ուժը, և այդ ուժն այժմ, ազատ զգալով իրեն, սկսեց դուրս ժայթքել մի երկար շարք ճռճռան ֆրազների մեջ հայրենիքի աղետների մասին... Երբեք Բազենյանը չէր խոսել այնպես ազատ, համարձակ և ոգևորված, ինչպես այժմ, թեև նրա ձայնը հետզհետե ավելի ու ավելի խանձվում էր, այնպես որ երբեմն ինչ-որ անորոշ խռպոտ հնչյուններ էին լսվում միայն։ Նրա դեմքը կարմրել էր, աչքերը պլպլում էին անմիտ, անախորժ փայլով և նրանց տակը ծածկել էին քրտինքի մանրիկ կաթիլներ։ Այն հանգամանքից, որ իր երկար ճառախոսության ժամանակ Մարությանն ու Եվան լռել էին ակամա և լսում էին նրան, նա, ըստ երևույթին, կարծում էր, թե կատարելապես տիրել է նրանց ուշադրությանն ու զգացումներին, ուստի ավելի ևս ազատություն էր տալիս իր խոսքերին, թեև այլևս հաշիվ չէր տալիս իրեն, թե ինչ է ասում...
Այնինչ հայր ու աղջիկ, ապուշ-ապուշ նայելով նրա այլանդակված դեմքին, այդ ժամանակ ճնշվում էին միևնույն անախորժ զգացման տակ։ Այդ այն զգացումն էր, որ պաշարում է լուրջ մարդկանց, երբ նրանք ստիպված են լինում լսել արբած մարդու անկապ, համառ շատախոսությունը, օդի մեջ շնչել նրա բերնից արտադրվող գինու անտանելի քացախած հոտը, և, շարունակ լռելով, ա՛յն են մտածում միայն, թե ինչպես անեն, որ հեռանան նրանից, հեռանան այնպես, որ նա չհասկանա (արբած մարդիկ խիստ կասկածոտ են լինում), թե իրենք փախչում են նրանից։
Երբ Բազենյանը, կարծես հոգնելով, փոքր-ինչ խաղաղեց, Մարությանը շտապեց վեր կենալ։ Նրա հետ վեր կացավ և Եվան, որին հասկանալի և անդիմադրելի մի նոր զգացում թելադրում էր շուտով դուրս փախչել այդտեղից դեպի ազատ օդ։
Շատ ցավում եմ, պարոն Բազենյան, որ մենք երկար չպիտի կարողանանք մնալ ձեզ մոտ, ասաց (Բարությանը և, որպեսզի նա չկարծի, թե իրենք փախչում են նրանից, որովհետև նա արբած է, շտապեց ավելացնել: Մենք այս րոպեիս մի տեղ պիտի գնանք մի շատ հարկավոր գործի համար... Բայց հատկապես խնդրում ենք, որ մեկնելուց առաջ մի անգամ ևս հանդիպեք մեզ։ Կգա՞ք։
Կգամ, արտասանեց Բազենյանը բոլորովին հոգնած ձայնով և կանգնած տեղը երերվեց։ Նա ինքն արդեն զգում էր, որ արդեն չի կարող զբաղեցնել հյուրերին, ուստի գոնե քաղաքավարության համար ամենևին փորձ էլ չարեց նրանց երկար պահելու իր մոտ։ Նա հավաքեց վերջին ուժերը և այցելուներին ճանապարհ դրեց մինչև հյուրանոցի սանդուղքի գլուխը։
Ուրեմն սպասե՞նք, վերջին անգամ հարցրեց Մարությանը։
Կգամ, կգամ, արտասանեց Բազենյանը բոլորովին խանձված ձայնով և սպասեց սանդուղքի գլխին, մինչև որ հայր ու աղջիկ իջան և չքացան աչքից։ Այնուհետև անհաստատ քայլերով վերադարձավ իր սենյակը, նստեց սեղանի մոտ, վերցրեց Մարությանի թողած փողի ծրարը, միջից հանեց չորս հատ հարյուր ռուբլիանոց թղթադրամ, նորից մեջը կոխեց և ծրարը դրեց ծոցի գրպանը դանդաղորեն և ժպտալով։ Հետո կամաց ետ ընկավ աթոռի մեջքին, ձեռքերը դրեց սեղանի վրա և սկսեց թրխկթրխկացնել մատներով։
Սպասավորը ներս բերեց վառած լամպը, դրեց սեղանի վրա և հարցրեց՝ հեշտաեռ դնի՞։
Բազենյանր գլխով բացասական շարժում արավ։ Հետո, երբ սպասավորը դուրս էր գնում, կանչեց հանկարծ.
Կա՛ց։
Սպասավորը կանգ առավ և ետ նայեց։
Մոտ արի։
Սպասավորը մոտեցավ և կանգնեց նրա ետևը։
Բազենյանը, առանց դիրքը փոխելու, երկու մատը կոխեց ժիլետի գրպանը, հանեց մի հատ արծաթ դրամ և տվեց նրան ուսի վրայից։
Սպասավորը փողն առավ և սպասում էր նրա պատվերին, բայց տեսնելով, որ ոչինչ չի ասում, հարցրեց.
Ի՞նչ կհրամայեք բերեմ։
Ի՞նչ պիտի բերես, հիմար, ասաց Բազենյանը։ Քեզ եմ բաշխում։
Սպասավորը սկզբում նայեց նրան զարմացած, չհասկանալով, թե ինչ էր նշանակում այդ անառիթ վարձատրությունը, հետո շնորհակալություն հայտնեց, առանց քծնելու, և դուրս գնաց հանդիստ։
Բազենյանի աչքն ընկավ սեղանի վրա ընկած հեղափոխական լրագրի վրա։ Լամպը մոտ քաշեց, կուրծքը հենեց սեղանի ծայրին և սկսեց թերթել լրագիրը։ Նրա արբած աչքերի առաջ տողերն ու տառերը թվում էր, թե շարժվում ու խաղում են լամպի լույսի տակ, և նա կարդում էր անուշադիր ու հորանջելով։ Մի տեղ նրա աչքովն ընկավ իր ազգանվան պես ինչ-որ մի բառ. լավ նայեց և տեսավ, որ այդ իսկապես իր ազգանունն է։ Նրա արբածությունը կարծես միանգամից անցավ, և նա, զարմացած ու հետաքրքրված, սկսեց կարդալ այն տողերը, որոնց մեջ նկատեց իր ազգանունը։ Կարդալիս նրա դեմքն արագապես փոխվեց, իսկ երբ վերջացրեց, հենց այնպես էլ խոնարհված մնաց կարդացած տողերի վրա լայն բացած աչքերով։ Հանկարծ հիշեց, որ լրագրի մի օրինակը տվել էր Եվային, և վեր թռավ տեղից կարիճից խայթվածի պես։ Աթոռը, որի վրա նստած էր, ետ թռավ և գլորվեց հատակի վրա։
Ա՜, այս ի՜նչ հիմարություն եմ արել, արտասանեց նա, ձեռքն ուժզին խփելով ճակատին, և մնաց քարացած։