Нар-Дос
Մահը
13
Պանի Զդանևիչն արագ խմեց իր սառած թեյը և, վերցնելով Շահյանի արդեն դատարկած բաժակը, վեր կացավ երկրորդ բաժակը լցնելու։ Այդ մի քանի րոպեի գործ էր։ Այնուհետև նորից նստեց իր տեղը և շարունակեց։
Մի երեկո ինձ մոտ հավաքված էին չորս երիտասարդ, երեքը մեր շլյախտիչներից, չորրորդն իմ ասած հուսար սպան. չորսն էլ մեկը մյուսից ավելի դատարկագլուխ, կանանց շուրջը քծնող, ձիերի անունով երդվող, կանաչ սեղանի սիրահար և վերին աստիճանի մեծամիտ։ Երբեմն ձանձրանում, երբեմն զայրանում, բայց շատ հաճախ զվարճանում էի այդ հիմարների վրա։ Սեղանի շուրջը բոլորած՝ թուղթ էինք խաղում։ Բայց ավելի շատ զբաղված էինք մի ինչ-որ շատ հիմար խոսակցությամբ։ Այդ միջոցին մտավ աղախինս և մի այցետոմս տվավ ինձ։ Նայեցի՝ Բազենյանի այցետոմսն էր։ Իսկույն հրամայեցի, որ ներս հրավիրի, և թղթերը խառնելով, վեր կացա սեղանի մոտից։
Վեր կացեք, պարոններ, ասացի. ամենքդ էլ ոտի վրա պետք է ընդունեք նրան։
Ո՞վ է։ Մինի՞ստր է եկողը, հարցրեց մեկը։
Ներս մտավ Բազենյանը։ Տեսնելով, որ ինձ մոտ հյուրեր կան, սկզբում կանգնած մնաց դռան մոտ և մի թռուցիկ հալացք ձգեց ամենքի վրա. հետո արագ մոտեցավ ինձ և բարևեց։ Ես կշտամբեցի նրան, որ ինձ մոռացել էր, և ներկայացրի հյուրերիս։ Մոտեցավ յուրաքանչյուրին և հարգանքով սեղմեց նրանց ձեռքը։ Այդ միջոցին ակամա դիտում էի հյուրերիս և տեսնում էի, որ նրանք մի քիչ զարմացած, մի քիչ հետաքրքրված, բայց ամենքն էլ նախանձով դիտում էին Բազենյանի արտաքինը։ Իսկ ես, այդ բանը դիտելով, երբե՛ք այնպիտի ինքնագոհ հաճույք չէի զգացել, ինչպես այդ րոպեին։ Բայց նախանձն ամենից ավելի վառել էր հուսարին։
Այս այն պարոնը չէ՞, դարձավ նա կիսաձայն, թթված դեմքով և բեղի սուր ծայրը ոլորելով։
Ո՞ր պարոնը։
Ա՛յն, որին դուք թատրոնում...
Նա՛ է, նա՛ է, վրա բերի ես, ջգրացնելով նրան, և բռնելով Բազենյանի ձեռքից, տարա նստեցրի կողքիս։
Հուսարս բեղն այնպես ձիգ տվեց, որ քիչ մնաց պոկի, և դարձավ ընկերներին.
Պարոններ, կարծում եմ, մենք կարող ենք շարունակել մեր խաղը։
Բայց, ի սեր աստծո, բացականչեցի ես, այդ սեղանը հեռացրեք մեր մոտից։
Մեր մոտից, ստորագծեց հուսարը և բռնեց սեղանի մի ծայրից։ Օգնեցեք, պարոններ, սեղանը հեռացնենք նրանց մոտից։ Կամ, հանկած դարձավ նա ինձ, գուցե, կհրամայեիք, որ մենք հեռանա՞նք մյուս սենյակը, որպեսզի չխանգարենք ձեզ:
Ոչ,ոչ խնդրեմ. մենք չենք քաշվիլ ձեր ներկայությունից, նկատեցի ես ծիծաղելով։
Սեղանը հեռացրին, և հուսարս, երևի ցույց տալու համար, որ մեզ արհամարհում է, նստեց մեջքը մեր կողմն արած։ Բայց և այնպես, նա չկարողացավ դիմանալ և աթոռի վրա հանկարծ դարձավ Բազենյանի կողմը։
Ներեցեք, պարոն, ասաց նա, դուք, կարծեմ, ասացիք, որ ձեր ազգը Բազենյանց է։ Ես եղել եմ Կովկասում, Թիֆլիսում, և, եթե չեմ սխալվում, այնտեղ բազազ անունը տալիս են ճոթավաճառներին։ Դուք ճոթավաճա՞ռ եք։
Բազենյանն սկզբում այնպիսի արագ և խիստ ու սուր մի հայացք ձգեց նրա վրա, որ ճիշտն ասած, ես վախեցա, բայց հետո ժպտաց և խիստ կոմիկական հանգստությամբ պատասխանեց.
Այո, ձերդ գերազանցություն, ես դժբախտություն ունեմ ճոթավաճառ լինելու, որովհետև ազգանունս Բազազյանց է։ Ուրիշ ի՞նչ կհրամայեիք իմանալ։
Ուրիշ ոչինչ։ Հա՛, մեկ էլ այս էի ուզում իմանալ. դուք Թիֆլիսի՞ց եք եկել։
Ոչ, ձերդ գերազանցություն. Թիֆլիսի մոտ մի գյուղ կա, այնտեղից եմ եկել։
Վարշավ եկել եք ինչո՞ւ համար, կոշիկնե՞ր գնելու։
Ոչ, ձերդ գերազանցություն. դուք ասացիք, որ ես ճոթավաճառ եմ։
Դե, այդ միևնույն է։
Ոչ, ձերդ գերազանցություն. ես կարծում եմ, ճոթավաճառը այստեղ որ գա, ճոթ կգնի, բայց ոչ կոշիկ։
Դե, ձեր արհեստից արդեն ես ոչինչ չեմ հասկանում, ասաց հուսարը և մեջքը նորից մեր կողմն արեց։ Այսքանս միայն իմացել եմ, որ ձեր Կովկասի վաճառականները մաշեննիկ են։
Մեծ մաշեննիկ, ձերդ գերազանցություն, վրա բերեց Բազենյանը նույն հեգնական խոնարհ տոնով։
Գալիս են խաբում այստեղի միամիտ գործարանատերերին, ապառիկ ապրանք տանում և հետո սնանկանում, փողերը տակովն անում։
Ձերդ գերազանցություն, թույլ տվեք նկատեմ, հապա ասացիք, որ բան չեք հասկանում մեր արհեստից։
Ես իմ լսածն եմ ասում։
Հա՜։
Ի՞նչ է, սխալվո՞ւմ եմ։
Ի՞նչպես կարող է սխալվել ձերդ գերազանցությունը։ Ձեր բերանով ինքը ճշմարտությունն է խոսում։
Այդ բոլոր խոսակցությունն այն աստիճան զվարճալի էր, որ կատարյալ հաճույք էր պատճառում ինձ, մանավանդ այն տոնը, նուրբ հեգնող, խայթող տոնը, որով խոսում էր Բազենյանը։ Եվ ես անդադար ծիծաղում էի։ Ինձ հետ զվարճանում էին և մյուս երեք հյուրերս, որոնք մի քիչ ավելի խելք ունեին, քան թե հուսարը, և որոնք հետո շատ բարեկամացան Բազենյանի հետ և իրենք էին ծաղրում հուսարին, յուրացնելով Բազենյանի հեգնական տոնը։
Մի ուրիշ անգամ դեպքն այնպես բերեց, որ հուսարն ու Բազենյանը դարձյալ հանդիպեցին իմ տանը։ Այս անգամ ինձ մոտ էին և ուրիշ բարեկամներ ու ծանոթներ, ի միջի այլոց, և մորեղբայրս։ Հուսարը խիստ գրգռված էր, որ իմ ուշադրության գլխավոր առարկան Բազենյանն էր, և, ինչպես նկատում էի, առիթ էր որոնում մի սկանդալ սարքելու։ Բայց ես կարևորություն չէի տալիս այդ բանին և միայն զվարճանում էի հուսարի անզոր կատաղության վրա։ Սակայն սկանդալը պատահեց։ Մորեղբորս ու Բազենյանի միջև վիճաբանություն էր ծագել սոցիալական խնդիրների մասին։ Ամենքս շրջապատել էինք նրանց և լսում հետաքրքրությամբ։ Հուսարը քաշված էր մի կողմ և լսում էր բեղերը կատաղի կերպով ոլորելով և համառորեն նայելով իր կոշիկների ծայրերին։ Բազենյանը պաշտպանում էր իր գաղափարներն այնպիսի եռանդով և պերճախոսությամբ, որ մորեղբայրս, վերջ ի վերջո, չկարողացավ դիմանալ և գրեթե սարսափահար բացականչեց. «Դուք պարզապես անիշխանական եք, պարոն. անպատճառ ռումբ էլ կունենաք ձեր գրպանում»։ Հուսարը մորեղբորս այս խոսքերի վրա հանկարծ բարձրացրեց գլուխը և ծիծաղեց շատ բարձրաձայն և շատ անբնական կերպով։
Հայ և ռո՜ւմբ, բացականչեց նա։ Դեռևս Պուշկինն է ասել խո՝ «ты раб, ты трус, ты армяшка...»
Նա դիտմամբ. «армянин» բառն «армяшка»-ի փոխեց, որ ավելի կծած լինի Բազենյանին։
Ես նայեցի Բազենյանին և սարսափեցի, այն աստիճան հանկարծ գույնը նետեց։ Չգիտեմ, ինչ էր ուզում անել, բայց հիշում եմ, որ ձեռքն ամուր բռնեցի։ Նա նայեց ինձ, սարսափով և աղերսանքով լի աչքերիս, էլ չխոսեց, հետո շատ շուտով վեր կացավ և գնաց։
Հետևյալ օրն ինձ լուր տվին, որ Բազենյանը ռեստորանում, մարդկանց ներկայությամբ, ապտակ է տվել հուսարին։ Լուր տվողը մորեղբայրս էր, որը, չնայելով իր ծերության և արիստոկրատիզմին, սկանդալների սիրահար էր։ «Այս բանն, իհարկե, առանց մենամարտի չի վերջանա», ավելացրեց նա։ Սակայն հետևյալ օրը նույն մորեղբայրս հաղորդեց ինձ.
Քո այդ Բազենյանին սկսում եմ կամաց-կամաց սիրել, չնայելով իր անտանելի անիշխանական հայացքներին։ Գիտե՞ս ինչ է պատասխանել հուսարի ուղարկած մարտավկաներին. «Ես իմ մենամարտը վերջացրած եմ համարում, ասել է. նա ինձ «армяшка» անվանեց, ես նրան ապտակ տվի, ուրիշ ի՞նչ է ուզում»։ Արևելցու պարզ ու սիրելի լոգիկա։ «Բայց որպեսզի չկարծի, պարոններ, թե ես «трус» և «граб» եմ, ավելացրել է նա, ես նրա սուրը կհանեմ պատյանից և կկոտրեմ ձեր և իր իսկ աչքի առաջ»։
Բայց և այնպես, ինչպես երկու օր հետո իմացա, Բազենյանը զիջել էր հուսարի սպառնալիքներին, թե ուղղակի փողոցում կբռնի կսպանի նրան, եթե վերջնականապես հրաժարվի մենամարտից։ Մորեղբայրս չէր դիմացել դեպի սկանդալներն ունեցած իր հիվանդությանը և, բոլորովին մոռանալով իր արիստոկրատիզմը, համաձայնել էր Բազենյանի մարտավկան լինելու։ Կատարելապես հիացած Բազենյանի սառնասրտության վրա, պատմեց ինձ, թե ինչպիսի հեգնական ժպիտով ատրճանակն արձակել էր օդում և թե ինչպես, այն բանից կատաղած, հուսարը լարել էր բոլոր ուժերը, որ չվրիպի, բայց հենց այդ պատճառով էլ վրիպել էր գնդակն արձակելիս։
Այս դեպքը վճռական նշանակություն ունեցավ դեպի Բազենյանը տածած զգացմանս համար։ Քանի որ խոսք ու զրույց կար մենամարտի մասին, ես սարսափելի անհանգիստ դրության մեջ էի, իսկ երբ մորեղբայրս հայտնեց, որ Բազենյանը ողջ ու անվնաս է մնացել, լաց եղա ուրախությունից։ Իր գեղեցկությամբ, հանդգնության աստիճանին հասցրած իր խիզախ, աներկյուղ բնավորությամբ նա ինձ համար դարձել էր արդեն այնպիսի մի արարած, որի վերաբերմամբ, այլևս չէի կարող ստիպել ինձ անտարբեր մնալու և չմտածելու այն մասին, թե ես արդյոք դո՞ւր եմ գալիս նրան, կնոջ սիրահարված լինելու ամենահաստա՜տ նշան։
Բայց նա ինձ ուրիշ բանով էլ էր գերել, իր խոսքի ուժով։ Արդեն գիտեի, որ ջերմ հայրենասեր է իբր թե և ինչ-որ գաղտնի առաքելություն ունի իբր թե։ Սկզբում խույս էր տալիս այդ մասին խոսելուց, ինչ-որ խիստ խորհրդավոր կերպարանք էր առնում, բայց հետո կամաց-կամաց, կարծես թե, մոռանում էր իրեն, մոռանում էր թե որտեղ է, ում հետ է խոսում, իր պատմած վայրերը, անձերը, անցքերը, կարծես թե, ուղղակի տեսնում էր իր աչքի առաջ, և այդ բոլորի մասին խոսում էր վարակիչ ոգևորությամբ, ներքին լափող կրակով, լսողի աչքերից արտասուք քամող պատկերավորությամբ, դառն կսկիծով, բայց երբե՛ք հուսահատությամբ, մի բան, որի նշույլն անգամ չէի տեսնում նրա մեջ, ընդհակառակը, ամենավառ հույսեր էին, որ այդպես կրակում էին նրան։ Երբ խոսում էր այդպես, ինձ թվում էր, թե նստած եմ նավակի մեջ և կատաղի մի հեղեղ քշում տանում է ինձ ուր-որ շշմեցնող արագությամբ։ Սովորաբար, երբ ոգևորվում էր, նստած չէր մնում, ամբողջ մարմինը ցնցվում էր, շարժվում, աչքերը զարմանալի կերպով վառվում, մեծանում, այրվում էին, և խոսքերը բերանից դուրս էին թռչում կարճ պարբերություններով, արագ առոգանությամբ, ուժեղ, միշտ պատկերավոր արտահայտությամբ և առանց ընդհատումների, սուր, կտրուկ, հեղեղի նման: Շատ անգամ ինձ թվում էր, թե նստած եմ թատրոնում, թե առաջս կանգնած է մի հանճարեղ տրագիկ իր ամենապաթետիկ դերում, մի դերասան, որ իր հանճարեղ խաղով, իր խոսքի ուժով ընդունակ է մոռացնել տալու հանդիսականներին իրենց տեղը, իրենց ներկան, իրենց գոյությունը և իր հետ քշելու տանելու նրանց այն աշխարհն, ուր այդ միջոցին ապրում է ինքը...
Պետք է ասեմ, որ հաճախ չէր այցելում ինձ։ Այցելած ժամանակ էլ թեև շատ ազատ էր պահում իրեն, բայց երբեք հարգանքի սահմանից չէր անցնում։ Շատ անգամ ուղղակի տանջանքով զգում էի, որ եթե մի տասը տարով ջահել լինեի, նրա հարաբերությունը դեպի ինձ բոլորովին ուրիշ բնույթ կունենար, այսինքն ա՛յն բնույթը, որ ես էի ցանկանում... Խոստովանում եմ, մինչև այդ ժամանակ երբեք չէի մտածել, որ ջահել չեմ, և միայն նրա հարաբերությունից զգացի, որ տարիքս արդեն ճնշում է ինձ, այնքա՛ն ճնշում, որ, մանավանդ նրա ներկայության ժամանակ, պարզապես ամաչում էի հասակիցս. ես տանջվում էի այն գիտակցությունից, որ նա ինձ վրա նայում է իբրև տարիքն անցած կնոջ վրա, մի կնոջ, որը, բացի հարգանքից, ուրիշ զգացում չի կարող ներշնչել: Մինչդեռ շուրջս քծնող ուրիշ երիտասարդների հետ վարվում էի իր հաղթանակող գեղեցկության վրա վստահ կնոջ նման, վարվում էի ազատ, արհամարհանքով, շատ անգամ իբրև բռնակալ, նրա ներկայությամբ, ընդհակառակը, մի տեսակ կուչ էի գալիս, շփոթվում, և ինձ միշտ թվում էր, թե դեմքիս վրա կնճիռներ կան, և նա տեսնում է այդ կնճիռները... Կյանքիս մեջ դրանք միակ րոպեներն էին, որոնք հոգեկան անասելի տանջանք էին պատճառում ինձ։
Մի անգամ բոլորովին անակնկալ կերպով նա եկավ ինձ մոտ, ասաց, թե հետևյալ օրը հեռանում է և եկել է հրաժեշտ տալու։ Մի րոպե ինձ թվաց, թե ինքս ինձ կորցնում եմ, թե պատրաստ եմ գժի պես փարելու նրա վզին, ստրկի պես թավալգլոր գալու նրա ոտների տակ, մի խոսքով հուսահատական այնպիսի մի բան անելու, որ նա չգնա, որ նա մնա, իմը լինքի... Այնուհետև, երբ կարևոր ջանք գործ դնելով զսպեցի ինձ և նայեցի նրա աչքերին, հարգանքով լի աչքերին, զգացի, թե ատում եմ նրան, այնքա՛ն ատում, որքան ոչ ոքի չէի ատել դեռ։ Այդ միջոցին կրկին անգամ և վերջնականապես համոզվեցի, որ միմիայն հարգանքի զգացում է տածում դեպի ինձ, որ նրան միմիայն այդ զգացումն է թելադրել վերջին անգամ գալու ինձ մոտ, որ նա ամենայն հանգստությամբ կարող էր, առանց ինձ վերջին անգամ տեսնելու էլ, հեռանալ գնալ, առանց մտածելու, թե ես գոյություն ունիմ աշխարհիս երեսին... Ոչ մի ժամանակ այնպես չէր վիրավորվել հպարտությունս, ինչպես այդ րոպեին։ Այդ պատճառով, երբ վերջին անգամ առավ ձեռքս և համբուրեց, սառն էի վերին աստիճանի. կարծես արյանս շրջանառությունը հանկարծ կանգ էր առել երակներիս մեջ։
Այդ բանն աննկատելի չմնաց նրանից. գլուխն արագ բարձրացրեց, իր թափանցող հայացքով նայեց աչքերիս և հարցրեց անհանգստությամբ.
ՒԻ՞նչ է պատահել ձեզ. ձեր երեսին գույն չկա։
Քիչ մնաց սիրտս փուլ գար։ Բայց անձնասիրության համառությամբ վճռեցի չընկճվել այդ կախարդի րոպեական քնքշանքի տակ և կրկնապատիկ սառնությամբ պատասխանեցի, թե այդ օրը վատ եմ զգում ինձ։ Շատ լավ զգացի, որ չհավատաց, բայց և այնպես ոչինչ չասաց, դռան մոտ խորին հարգանքով գլուխ իջեցրեց և դուրս գնաց։
Դռան ետևը կանգնած, ուշի-ուշով ականջ էի դնում, թե ինչպես նախասենյակում հագնում էր վերարկուն, թե ինչպես սանդուղքով իջավ ներքև, թե ինչպես դուռը բացվեց և ապա փակվեց։ Այնուհետև ոչ մի ձայն, ոչ մի շշուկ։ Երբ ուշքի եկա, տեսա, որ, ճակատս դռանը սեղմ ծ, ցնցվում եմ բոլոր ջղերովս և անզուսպ հեկեկանքի նման ինչ-որ վայրենի ձայներ դուրս են թռչում բերանիցս։ Վերին աստիճանի կատաղի մի հուսահատություն էր տիրել ինձ։ Զգում էի, որ եթե Բազենյանը վերադառնար և կանգներ առաջս, պատրաստ էի և՛ խեղդել նրան, և՛ փարվել նրա ոտներին։ Շուտով չհանգստացա, բայց հետո կամաց-կամաց այնպիսի մի ամայություն զգացի շուրջս, որ կարծես թե ամբողջ աշխարհը հանկարծ քարացել, մթնել է և այդ սոսկալի ամայության մեջ ես եմ միայն կենդանի մնացել...
Պարոն Շահյան, մի բաժակ էլ, խնդրեց պանի Զդանևիչը, նոր տեսնելով, որ նրա բաժակը դատարկ դրված է նրա առաջ։
Չէ՛, շատ շնորհակալ եմ։ Ձեր պատմությունն այնքան հետաքրքրական է, որ...
Կարելի է և երրորդ բաժակը չխմել, վրա բերեց պանի Զդանևիչը ժպտալով և ջրի պես խմեց իր սառած թեյը։
Նույն օրվա գիշերը ժամը, կարծեմ, տասնմեկն էր, դեմքս ծածկեցի հաստ վուալով և դուրս եկա, շարունակեց պանի Զդանևիչը։ Գիտեի որ հյուրանոցումն էր իջած։ Գնում էի, բայց չէի իմանում ինչու։ Այնպես էի զգում, թե սաստիկ տենդի մեջ եմ։ Հյուրանոցի դռնապանից իմացա, որ տանը չէ, դեռ չի վերադարձել։ Չհուսահատվեցի։ Գրեթե մի ժամ կանգնած էի հյուրանոցի դռանը, ամայացած փողոցում, խիստ քամի էր, և չէի վախենում ամենևին։ Կարծես ժամանակավոր խելագարություն էր եկել վրաս։ Սպասում էի։ Երբեմն-երբեմն մարդիկ էին անցնում առջևովս, և տեսնում էի, որ օտարոտի հայացքներ են ձգում վրաս։ Մեկը նույնիսկ մոտեցավ ինձ և ինչ-որ ասաց։ Կարծեմ, ապտակ տվի, և նա սուս ու փուս հեռացավ։ Քայլերի ձայները լսելիս, հեռու մթության մեջ մարդկային ստվեր տեսնելիս դողում էի ամբողջապես. միշտ թվում էր ինձ, թե նա է: Տե՛ր իմ աստված, այն ի՞նչ րոպեներ էին...
Վերջապես, դեռ շատ հեռվից, փողոցի լապտերի լուսավորության տակ, ճանաչեցի նրան ու վազեցի դեպի նա։
Սկզբում կանգ առավ շփոթված և, երևի խիստ զարմացած և չճանաչելով ինձ, նայեց վուալիս։
Արդեն բոլորովին կորցրել էի ինձ։ Այդ րոպեին չկար ինձ համար ոչ ամոթ, ոչ պատկառանք, ոչ արժանապատվության զգացման նշույլ անգամ, այն խստագույն արժանապատվության, որը ստիպեց ինձ այնքա՛ն սառնությամբ ընդունել նրա հրաժեշտը և որի համար այնպիսի սոսկալի կերպով պատժվեցի։ Վճռել էի ուղղակի բռնի կերպով նետվելու նրա գիրկը, եթե զզվանքով անգամ դեն հրելու էլ լիներ ինձ։ Վերին աստիճանի հուսահատված էի, վճիռս էլ նույնքան հուսահատական էր։
Շատ լավ հիշում եմ, ոչինչ չկարողացա արտասանել, այլ միայն որքան ուժ ունեի, ամուր բռնեցի ձեռքից և գրեթե քարշ տվի ետևիցս։
Նա, վերջապես, ճանաչեց ինձ։
Պանի Զդանևիչ, շշնջաց նա, չգիտեմ՝ խիստ զարմացած, թե խիստ վախեցած։
Ե՛կ, արտասանեցի ես ատամներս սեղմած և բոլոր ուժովս քարշ էի տալիս նրան։
Մտանք հյուրանոց։ Ես վազում էի առաջ և ամբողջ մարմնովս դողում։ Երբ մտանք նրա սենյակը, և նա ճրագը վառեց, ես վուալս, կարծեմ, պատռեցի ուղղակի և դեն շպրտեցի։
Տեսնո՞ւմ ես, ասացի, դու այնպիսի դրության մեջ ես դրել ինձ, որ ուղղակի իմ ոտովս եմ եկել քեզ մոտ։
Ճիշտը ձեզ ասեմ, այդ միջոցին արդեն այնքան կորցրել էի ինձ, որ այլևս ոչ մի ընդունակություն չունեի դիտելու, թե իմ հանկարծակի երևույթը, իմ խոսքերը, իմ դրությունն ինչ տպավորություն են գործում նրա վրա։ Պետք է որ չափազանց զարմացած լիներ։ Հետո միայն անհուն բերկրությամբ տեսա, որ նա չոքած է ոտներիս առաջ, քնքշանքով համբուրում է ձեռքերս և... լալիս է։
Այլևս ոչինչ չէի տեսնում, բացի առաջս խոնարհված այն գեղեցիկ գլխից հրաշալի սևաթույր մազերով ծածկված, այլևս ոչինչ չէի զգում, բացի անհուն մի երանությունից, որի ժամանակ մեռնեի էլ, ամենաերջանիկը կլինեի...
Ա՜խ, կախարդ էր նա, ավելի քան կախարդ...
Այդ գիշեր ամեն բան խոստովանեց։ Ասաց, որ ինքն իբր թե տանջվում է եղել ինձ սիրելուց, բայց զսպելիս է եղել իրեն, որովհետև ինքը կնոջ սիրո համար չէ ծնված, այլ իր թշվառ հայրենիքի համար։ Առաջս չոքած, ձեռքերս բռնած, ներքևից նայում էր աչքերիս և վերին աստիճանի վառված, կարծես բերան արած խոսքերով նկարագրում էր իր հայրենիքի անտերությունը, այնտեղ տիրող սարսափները, իր հայրենակիցների անտանելի վիճակը։ Նրա ձայնը մարդկային ձայն չէր, այլ հրաշալի մի մուզիկ, որ հնչում էր ականջիս ամբողջ էությունս տակնուվրա անելով։ Մեջ ընդ մեջ մերթ համբույրներ էր դրոշմում ձեռքերիս, մերթ հուսահատական աղերսանքով կրկին նայում աչքերիս և աղաչում ու պաղատում, որ արգելք չլինեմ իր սրբազան ուխտը կատարելու։
Դուք էլ ունիք մի թշվառ հայրենիք, ասում էր նա, բայց ոչ այնքան թշվառ, որքան իմը։ Աղաչում եմ, թույլ տվեք գնամ իմ պարտքը կատարելու...
Տե՛ր աստված, ինչքա՜ն գեղեցիկ, ինչքա՜ն հրաշալի էր նա այդ միջոցին. որքա՜ն ազդու, որքա՜ն գերող նրա հայացքը, ձայնը, ինքն ամբողջապես...
Ակամա խոնարհվեցի և ձեռքերովս առա նրա դեմքը։
Անմի՛տ, անմի՛տ, շշնջացի ուղղակի շրթունքների մոտ, մի՞թե ես կարող եմ որևէ բանում արգելք լինել քեզ։ Ես ուզում եմ նվիրվել քեզ, որպեսզի քեզ հետ միասին նվիրված լինեմ և քո հայրենիքին։ Ուզում ես ա՛ռ ինձ և տար՝ ուր ուզում ես. չես ուզո՛ւմ սպանի՛ր ինձ և ապա թե գնա՝ ուր ուզում ես...
Չգիտեմ՝ հոգեզմայլությունից, շնորհակալությունից, թե՞ նրանից, որ այլևս ուժ չէր զգում դիմադրելու, նրա աչքերը նորից լցվեցին արտասուքով։ Եվ նա անձնատուր եղավ ինձ, առանց որևէ առարկության, լուռ ու հնազանդ և ողջագուրանքի առարկա եղող երեխայի քծնող քնքշությամբ...
Պանի Զդանևիչը, կարծես ինքնամոռացության մեջ, վեր կացավ դեպի լուսամուտը և ետ քաշեց լուսամուտի ասվեգործ վարագույրը։ Ձեռքով նա սրբեց քրտնած ապակին և երկար ժամանակ լուռ ու մտախոհ նայում էր դեպի դուրս, որտեղ, գիշերային խավարի մեջ, հրապարակի վրա երևում էին խանութների և կառքերի անհամար ճրագներ։
Շահյանը, արձանի նման, լուռ, անշարժ, նայում էր նրա ետևից։ Նրա կարճատես աչքերի առաջ, ակնոցի պլպլան ապակիների միջից, լուսամուտի արանքում երևում էր պանի Զդանևիչի բարձր, ամուր, լի մեջքը՝ հագուստի մեջ պինդ սեղմված։ Սկզբում նա անհարմար դրության մեջ էր զգում իրեն, որ պանի Զդանևիչն այնպիսի անկեղծությամբ իր անձնական գաղտնի պատմությունն էր անում. բայց հետո շատ շուտով ընտելացավ այդ կնոջ ազատ, մտերմական վարմունքին և լսում էր նրան ամենայն հետաքրքրությամբ, միանգամայն պատկերացնելով իր առաջ նրա պատմության բոլոր մանրամասնությունները։
Պանի Զդանևիչը խորը հառաչեց, դանդաղ քայլերով վերադարձավ և նստեց առաջվա տեղը։ Այժմ նրա դեմքը խիստ տխուր էր։ Շահյանին մինչև անգամ թվաց, թե նրա աչքերը թաց են։ «Մի՞թե դեռևս սիրում է», մտածեց զարմացած։
Երկու ամսից հետո ես արդեն ծախել-ծախծխել էի շարժական և անշարժ կայքերիս մեծ մասը և նրա հետ գնացի արտասահման, առաջ տարավ իր պատմությունը պանի Զդանևիչը հոգնած ձայնով։ Նա զիջել էր իմ թախանձանքին, որ մի կարճ ժամանակ նվիրվի իմ սիրույն։ Շրջեցինք եվրոպական գրեթե բոլոր նշանավոր վայրերը, գնացինք և Ամերիկա։
Ի դեպ։ Միացյալ Նահանգներում ի մոտո ծանոթացա լեհ հայրենասիրական մի ընկերության հետ, որի մասին շատ բան էի լսել։ Չգիտեմ, ձեզ հայտնի՞ է, թե ոչ, լեհական վերջին անաջող ապստամբությունից հետո իմ հայրենակիցներից շատերը փախան օվկիանոսի այն կողմը և այնտեղ կազմեցին հայրենասիրական զորեղ մի գաղութ, որ մինչև օրս էլ գոյություն ունի և որի նպատակն է ազատ հասարակապետության ազատ հողի վրա նախապատրաստվել ապագայի համար։ Այդ տարագիրները սպասում են միայն քաղաքական աջող դիպվածների, որոնցից օգտվել չեն հապաղիլ: Այս րոպեիս ամբողջ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում երկու միլիոնից ավելի լեհացի կա և այնտեղ նրանք կատարելապես պահպանում են իրենց ինքնուրույնությունը, ունեն իրենց ազգային դպրոցները, մայրենի լեզվով հրատարակվող բազմաթիվ լրագրեր, ունեն իրենց կաստյոլները, որոնց միաբանությունները ոչ այնքան կրոնական նպատակ ունեն, որքան քաղաքական-հայրենասիրական, այնպես որ միաբաններից շատերը լեհ զինվորի հագուստ ու զենք են կրում։
Բայց այս ի միջի այլոց։
Պետք է խոստովանեմ, որ Բազենյանը սկզբում չափազանց նվիրված էր ինձ. առանց ինձ ոչ մի տեղ չէր գնում, առանց իմ կարծիքս իմանալու ոչինչ չէր անում. այնպիսի մի քնքշանք ու հոգացողություն էր ցույց տալիս, որ երբեմն նույնիսկ վիրավորական էր թվում ինձ։ Մի անգամ հիվանդացա. ամբողջ մի շաբաթ տանից դուրս չգնաց և շարունակ նստած էր մոտս, մի լավ հիվանդապահի պաշտոն կատարելով։ Օ՜, նա շատ խորամանկ էր և մեծ հոգեբան։ Հետո, շատ հետո իմացա, որ նրա ամեն մի քայլը չափված ու ձևված էր. անկաշառ զգացումից դրդված ոչինչ չէր անում և ինչ անում էր, միշտ հետին նպատակ ուներ։ Շատ լավ գիտեր, թե որքան սիրում էի իրեն։ Ինքն ինձ հպատակվելով ուզում էր ինձ ստրկացնել իրեն։ Ամեն կերպ ինձ պարտավորեցնելով ուզում էր, որ ինքն ազատ մնա որևէ պարտավորությունից։ Այո, վերջը տեսա, որ չէր սխալվել։ Կամաց-կամաց այն աստիճան ստրկացրել էր ինձ, այնպիսի անլեզու մի արարած էր դարձրել, որ երբ, ամիսներ անցնելուց հետո, տեսա, որ հետզհետե սառչում է դեպի ինձ, չէի համարձակվում բերան բանալ հանդիմանելու համար։ Պարզապես տեսնում էի, որ արդեն ձանձրացել էր ինձնից և ինձ հետ շարունակում է ապրել ճարահատված միայն։ Ես տանջվում էի, նրա սառնությունը մահ էր ինձ համար, բայց տեսնում էի, որ իրավունք չունեի բողոքելու և չէր կարողանում ձայն հանել: Զարմանալին այն էր, որ որքան սառչում էր նա ինձնից, այնքան սերս ավելի բորբոքվում էր։ Քանի որ ոչ մի կասկած չունեի նրա փոխադարձ սիրո և անձնվիրության վրա, ինձ մինչև անգամ թվում էր, թե իսկապես սիրահարված չեմ նրա վրա. բայց այժմ, երբ ոչ թե կասկածում, այլ ամենապարզ կերպով տեսնում էի, որ սոսկալի մի վիհ արդեն սկսել է բաժանել նրան ինձնից, զգում էի, թե որքան զորեղ ու խորն է այն զգացումը, որ կապում է ինձ նրա հետ։ Սարսափով տեսնում էի, որ վերջ ի վերջո պիտի ձգի ինձ ու հեռանա։ Եվ այդ բանն ինձ ավելի ևս ստիպում էր լուռ մնալ։ Ցույց էի տալիս, թե չեմ տեսնում իր սառնությունը, թեև նա ամենևին չէր էլ փորձում գեթ արտաքուստ ծածկել իր մեջ կատարվող փոփոխությունն իմ վերաբերմամբ։ Իմ այդ կամավոր կուրությունն, ըստ երևույթին, զարմացնում էր նրան. ինչպես նկատում էի, ուզում էր, որ տրտնջայի, հանդիմանեի, կռվեի հետը, որպեսզի առիթ ունենար ավելի հեշտ պրծնելու ինձնից: Դրա համար երբեմն ուղղակի կոպտաբար էր վարվում ինձ հետ, երբեմն էլ ամբողջ օրերով մենակ էր թողնում ինձ և վերադառնում էր ուշ գիշերին։ Բայց և այնպես, ես էլի լուռ էի, ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ տեսնում և աղի արցունքներ էր, որ թափում էի մենակ ժամանակ։
Իհարկե, չէր կարող այսպես երկար շարունակվել, մանավանդ որ նա, լռությունից խրախուսված, սկսել էր այլևս բանի տեղ չդնել ինձ։ Դանակը ոսկորին էր հասել, և մի անգամ, այլևս չկարողանալով դիմանալ, սկսեցի հանդիմանել։ Նա սաստիկ բորբոքվեց և ասաց, որ ես միանգամայն կործանում եմ իրեն, որ ես կապել եմ իր ձեռքերն ու ոտները, որ ես ստիպել եմ իրեն դավաճանել իր ընկերներին, դրժել իր սրբազան ուխտը և այն, և այլն: Բանը վերջացավ նրանով, որ հանցավորն ես եղա և գլխովին պարտական մնացի նրան։ Տե՛ր աստված, ինչքա՜ն միամիտ էի, ինչպե՜ս սիրում ու հավատում էի նրան...
Մի անգամ շատ զգուշորեն խոսք բաց արի այն մասին, թե ինչու մեր կապը չենք կնքում օրինավոր ամուսնությամբ։ Նա ծիծաղեց և նկատեց.
Մի՞թե դու որևէ նշանակություն ես տալիս այդ հիմար ձևականությանը։
Բայց ես շուտով մայր պետք է լինեմ, հայտնեցի ես։
Այս բանն, ըստ երևույթին, այնքան անակնկալ էր նրա համար, որ նա վեր թռավ տեղից գրեթե սարսափած։
Ճի՞շտ, բացականչեց նա, հետո ինչ-որ մտախոհության մեջ ընկավ և ասաց շատ հանգիստ. Հա՛, երբ որ այդպես է... պետք է օրինական անուն տալ մեր զավակին։
Ես խիստ ուրախ էի, որ գոնե օրինավոր ամուսնությամբ և զավակի միջոցով կարող կլինեի նրան առմիշտ կապել ինձ հետ, բայց շուտով այդ բանումն էլ հիասթափվեցի։ Ամուսնությունը նա միշտ հետաձգում էր զանազան պատրվակներով, իսկ զավակս ծնվեց մեռած... Ես սոսկում եմ հիմա, որ մտածում եմ, թե ինչ պիտի անեի այժմ, եթե զավակս մեռած չծնվեր և ապրեր...
Գարնանը վերադարձանք Վարշավա։ Այստեղ մորեղբորս մեռած գտա։ Ամուրի էր և անզավակ, միակ ժառանգն ես էի, ուստի մեծ հույս ունեի, որ բավական մեծ կարողությունն ինձ կլինի թողած, բայց կտակի մեջ մի կոպեկ անգամ չգտա իմ օգտին, որովհետև նրա արիստոկրատիզմը սաստիկ վիրավորվել էր, որ իր քրոջ աղջիկը ստորին դասակարգի պատկանող մի որևէ կնոջ պես փախել էր առաջին պատահած արկածախնդիր մի մարդու, այն էլ ոչ-կաթոլիկի և այն էլ «անիշխանականի» հետ, արատավորելով իր ամբողջ տոհմի անունը։ Մինչդեռ ես ավելի քան կարոտ էի նրա ժառանգության, որովհետև փողերս հատնելու վրա էին և Բազենյանին ես էի պահում, որովհետև նա գրոշ չուներ։ Բազենյանն ինչ-որ վիճելի կետեր գտավ կտակի մեջ և ստիպում էր ինձ ժառանգական դատ բանալ, բայց ես բացեիբաց մերժեցի, որովհետև ես էլ ունեի իմ պատվասիրությունը։ Դեռևս, փառք աստծո, այնքան ունեի, որ կարող էինք քաղցած չմեռնել։
Ամառն անցկացնելու համար գնացինք Յալթա, ուր մի քիչ կազդուրվելու պետք ունեի անաջող որդեծնությունից հետո։ Շուտով Յալթայում ինձ մենակ թողեց, ասաց, թե մի քանի կարևոր գործերի համար գնում է մոտակա քաղաքները և շուտով կվերադառնա։ Լռությամբ հնազանդվեցի վիճակիս և սկսեցի սպասել։ Հաշվում էի օրերը, ժամերը, րոպեները և կասկածներից քիչ էր մնում խելագարվեի։ Ինձ թվում էր, թե արդեն ձգել է ինձ և փախել և չի վերադառնալ այլևս։ Բայց բանից երևաց, որ կասկածներս հիմք չունեին, որովհետև մի ամսից վերադարձավ և այնքան ուրախ էր, այնպիսի կարոտով գրկեց ինձ, որ միանգամայն վարձատրեց ինձ պատճառած տանջանքների համար։ Հետո, շատ հետո իմացա, որ այդ ուրախությունն ինձ համար չէր, այլ նրա համար, որ Ղրիմում կատարած իր շրջագայության ժամանակ առատ հունձ էր ունեցել:
Ինձ թվում է, թե այն ժամանակ իսկ ես հասկանում էի արդեն, որ նրա անձնվեր հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի դիմակ միայն, որի տակ ծածկված՝ հետամուտ է լինում զուտ անձնական շահերի։ Բայց այն աստիճան ճարպիկ էր նա, և սերն այնքան կուրացրել էր ինձ, որ այդ բանը չէի տեսնում կամ, ավելի ճիշտն ասած, չտեսնելու էի տալիս։ Ինքս սրտովս ու զգացումներովս մաքուր լինելով, չէի ուզում որևէ արատ տեսնել ուրիշների, մանավանդ նրա՛ մեջ, որին սիրում էի, որին նվիրվել էի առմիշտ։ Ուրիշ ոչինչ որ չլիներ, խնդիրն այստեղ վերաբերում էր արդեն իմ պատվին։ Ես ուզում էի խաբված լինել չհիասթափվելու համար, իսկ հիասթափումն այդ դեպքում մահ կլիներ ինձ համար։
7
Օգոստոսի վերջերին ասաց, թե վերևից հրաման է ստացել անհապաղ գնալ Անդրկովկաս մի քանի գործեր կարգադրելու համար և ապա անցնել Հայաստան, ուր արդեն սկսված է ապստամբական շարժումը։ Ընդսմին ցույց տվեց հայերեն գրված ինչ-որ նամակներ, որ իբր թե ստացել էր արտասահմանից։ Այս անգամ ուղղակի ասաց, թե այլևս հնարավորություն չունի ինձ իր հետ ման ածելու և թե գործն արդեն ինքն է ստիպում, որ մենք բաժանվենք իրարից։ Նա խոսում էր խիստ վճռական լեզվով։ Երկար ժամանակ ընկած էի նրա ոտների առաջ և, հուսահատական արտասուք թափելով, աղաչում, պաղատում էի, որ չձգի ինձ, որ ես իր աղախինը կլինեմ, իր ստրու...
Օ՜, ֆիզիկական ցավ զգալու չափ հառաչեց պանի Զդանևիչը և դեմքը ծածկեց ձեռքերով։ Անցավ բավական երկար ժամանակ, մինչև որ կարողացավ ճնշել իր ինքնավստահության սուր հիշողության խայթոցը և շարունակեց պատմությունն այս անգամ գրգռված և արագախոսությամբ.
Նա համաձայնեց ինձ իր հետ առնելու, միայն հասկացրեց, թե փող չունի, կարծես թե ինքն էր պահում ինձ, և ոչ թե ես՝ իրեն։ Իսկույն հեռագրեցի հավատարմատարիս, որ ծախի վերջին կալվածքս (այդ կալվածքը պահում էի սև օրվա համար) և փողն ուղարկի այնտեղ, որտեղից նամակ կամ հեռագիր կուղարկեմ իրեն։ Ճանապարհ ընկանք դեպի Անդրկովկաս։ Պետք է ասեմ, որ հենց սկզբից պատվիրել էր ինձ, որ ոչ մի տեղ ցույց չտամ, թե որևէ մերձավոր կապ կա մեր միջև, այլ ես էլ, ինքն էլ պետք է ցույց տայինք միայն, թե մենք լոկ ուղեկիցներ ենք՝ ճանապարհին ծանոթացած, և ուր իջնում էինք, ես առանձին էի ապրում, նա առանձին, ինչպես այստեղ՝ Թիֆլիսում։ Այսպիսով շրջեցինք այս կողմերի գավառական հայաբնակ քաղաքները և վերջն եկանք Թիֆլիս։ Այստեղ ինձ թողեց և գնաց Բաքու։ Բաքվից վերադարձավ շատ վատ տրամադրության մեջ։ Երևի, սպասած հունձը չէր ունեցել։ Թիֆլիսում մանավանդ խստիվ պատվիրեց, որ բոլորովին հեռու մնամ իրենից և, եթե կարելի է, ամենևին տեսակցություն չունենամ իր հետ։ Ստրկի պես կատարում էի նրա պատվերները։ Դուք նկատեցի՞ք, թե սկզբում ինչքան զայրացավ, որ ես հանկարծ մտա իր սենյակը «Լոնդոն» հյուրանոցում, իր հիվանդ պառկած ժամանակ։ Այն աստիճան սաստել էր ինձ, որ մինչև անգամ, եթե հաստատ գիտենայի էլ, թե այդ միջոցին նրա մոտ մարդ չի լինիլ, էլի՛ չէի համարձակվիլ գնալ նրա մոտ. բայց լրագրի մեջ որ կարդացի այն լուրը, ինքս ինձ մոռացա և գլխապատառ վազեցի, որ տեսնեմ, թե ճի՞շտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Սակայն, չգիտեմ, իրեն պատահած դժբախտությունն էր պատճառը, թե՞ ա՛յն, որ այդ օրերը հավատարմատարիցս ստացած վերջին փողերս իրեն էի տվել, նա զարմանալի կերպով քնքշացել էր դեպի ինձ: Այդ բավական էր, որ ես կատարելապես մոռանայի նրա ինձ պատճառած այնքան տանջանքները և նորից առաջվա բուռն սիրով անձնատուր լինեի նրան։
Բայց այդ քնքշանքն էլ երկար չտևեց. շատ շուտով տեսա, որ նորից սառել է դեպի ինձ, և մի քանի անգամ էլ, մանավանդ վերջին օրերում, նկատեցի, որ իմ ներկայությունն իր մոտ պարզապես անտանելի է նրա համար։ Նորից կծկվել, նորից ձայն չէի հանում. ուզում էի տանջանքս մեջս խեղդելով և խոնարհ լռությամբ ընկճել նրան, շարժել նրա գութը, ոչինչ չէր օգնում. նա մռայլվում էր ավելի ու ավելի, վարվում էր ինձ հետ թեև զսպած, բայց արդեն խիստ աչքի ընկնող կոպտությամբ. նրա դեմքի վրա պարզապես ջղային ատելության նշաններ էի տեսնում։ Ինչքան էլ որ հիվանդ սիրո այս ատելի, այս գարշելի զգացումը մեռցրած լիներ իմ մեջ ըմբոստության ոգին և բարոյապես փալաս լիներ դարձրած ինձ, այնուամենայնիվ ֆիզիկապես արդեն անկարելի էր կրել այս հարատև տանջանքները, այս վիրավորանքները, այս նվաստացումը և ոչ մի անգամ բողոք չբարձրացնել։ Եվ ես գնացի բողոքելու։ Գնացի նրա մոտ։ Այդ անցյալ շաբաթ էր։ Բանը վերջացավ նրանով, որ ես, դարձյա՜լ ես, սև օրս ողբալով դուրս եկա նրա սենյակից...
Այլևս ավելորդ է, որ երկարացնեմ։ Դուք գիտնք, որ նա փախել է։ Եվ փախավ ամենաանարգ կերպով, փախավ իբրև գող։ Եվ իսկապես որ գող էր. ամենաճարպիկ կերպով գողացավ իմ ամենանվիրական զգացումները, իմ անունը, իմ պատիվը, գողացավ և իմ ամբողջ, այո՛, ամբողջ, կարողությունը։ Նա քամեց, ճզմեց ինձ կիտրոնի պես և երբ տեսավ, որ ծծելու այլևս հյութ չունիմ, ձգեց ու փախավ։
Բայց, պանի Զդանևիչը հանկարծ վեր կացավ տեղից, ո՛չ, ո՛չ, ո՛չ, նա մեղավոր չէ ամենևին։ Մեղավորը ե՛ս եմ միայն և ամենևին իրավունք չունիմ նրան դատապարտելու, ո՛չ, չունիմ, քանի որ նա գուցե արտաքուստ, հենց սկզբից կամենում էր հեռու մնալ ինձնից, և ե՛ս էի, որ զոռով փաթաթվեցի նրա վզին, ինչպես այդ բանը նա երեսովս տվեց մեր վերջին տեսակցության ժամանակ։ Օ՜հ, այս գիտակցությունը... սա ուղղակի խելագարեցնում է ինձ։ Ես, որ այնքա՛ն անձնասեր էի, այնքան հպարտ և, առանց այլևայլության, մերժում էի ձեռքս խնդրողներին, որոնց մեջ կային անպայման ազնիվ և պատվավոր մարդիկ, ինչպե՞ս թույլ տվի ինձ այս աստիճան կուրանալ և ընկնել անծանոթ, մի անհայտ, մի բախտախնդիր երիտասարդի գիրկը, որ կործանեց իմ անունս էլ, իմ պատիվս էլ, իմ կարողությունս էլ և շինեց ինձ պարզապես մի մուրացիկ։ Նա իր արհեստն էր բանեցնում, իսկ ե՞ս ինչ էի մտածում, այս ահագին կինս։ Եթե անփորձ մի աղջիկ լինեի, տղամարդկանց չճանաչող ու միամիտ, էլի հասկանալի կլիներ մոլորությունս և արդարանալի, բայց այս հասակում... տղամարդկանց այնպես լավ ուսումնասիրած լինելուց հետո... Օ՜, սարսափելի է, սարսափելի...
Շահյանը վեր կացավ. մի ուժգին բան ներսից դրդում էր նրան խոսել, քաջալերել։
Մի հուսահատվեք, պանի Զդանևիչ, ասաց նա անհամարձակորեն։ Թքեցեք և մոռացեք նրան։
Ա՛խ, դուք կարծում եք, թե ես դարձյալ նրա՞ համար եմ մտածում, բացականչեց պանի Զդանևիչը և նրա աչքերը վառվեցին անհուն ատելության կրակով։ Բավական չեղա՞վ, որքան այս գարշելի կիրքը կուրացրեց ինձ... Ո՛չ, պարոն Շահյան, դուք սվսալվում եք. ես այժմ այնպես ատում եմ նրան, ինչպես դեռ ոչ ոքի չեմ ատել։ Հուսահատությանս պատճառը, այո՛, այն չէ, որ ես դարձյալ սիրում եմ նրան, այդ խոսքն արտասանելուց անգամ գարշում եմ այժմ, այլ այն, որ ինքս իմ աչքում կորցրել եմ իմ հարգը։ Իմ տեղս պիտի լինիք, որ հասկանաք, թե ինչ է նշանակում, երբ մարդ դադարում է ինքն իրեն հարգելուց։ Հասկացող մարդու համար դրանից ավելի մեծ տանջանք չի կարող լինել։ Բացի դրանից, չէ՞ որ ես այժմ աղքատացած եմ, բոլորովին աղքատացած։ Ի՞նչ պիտի անեմ, ո՞ւր պիտի գնամ, ինչո՞վ պիտի ապրեմ... Այսպիսի դրության մեջ խելագարվել միայն կարելի է...
Շահյանը, առանց որևէ հետին մտքի, ինքնաբերաբար և ամենայն անկեղծությամբ, ուզում էր ասել, որ ինքը միշտ պատրաստ է նրան օգնելու, բայց հանկարծ մտածեց, թե մի գուցե պանի Զդանևիչն իր խոսքերը վատ մտքով բացատրի, և ոչինչ չասաց, ուրիշ բան էլ չգտավ ասելու։
Ես այժմ մի բան եմ մտածել, շարունակեց պանի Զդանևիչը։ Այսպիսի խայտառակությամբ և ամոթով Վարշավ վերադառնալ, հարկավ, չեմ կարող։ Ուզում եմ գնալ Ամերիկա իմ ասած լեհ հայրենասիրական գաղութի հետ միանալու։ Եթե որևէ բանով պետքական եղա այնտեղ, խո լավ, իսկ եթե ոչ, աշխարհս մե՜ծ, ման կգամ և կաշխատեմ որևէ վարձկան պաշտոն ճարել։ Փառք աստծո, եվրոպական մի քանի լեզու գիտեմ և շատ էլ տգետ չեմ։
Շահյանը նայեց նրան անկեղծ ափսոսանքով և նորից ուզում էր իր օգնությունն առաջարկել, բայց էլի չհամարձակվեց. այժմ վախենում էր, որ դրանով կարող է վիրավորել պանի Զդանևիչի հպարտությունը։
Պանի Զդանևիչը չթողեց, որ Շահյանը շուտ գնա և մինչև անգամ մի թեթև ընթրիք պատվիրեց սպասավորին։
Վաղը գնում եմ և չեմ ուզում, որ մեր բարեկամությունն անցողակի լինի, ասաց նա։ Ուր էլ որ լինիմ, միշտ պիտի հիշեմ ձեզ երախտագիտությամբ, որովհետև... Հա՛, մոռացա ձեզ ասեմ. նրա փախստի օրն, ախր, մի նամակ ստացա նրանից։ Այդ նամակը պահեցի, որ կարդամ ձեզ մոտ։ Տեսեք ինչ է գրում։
Պանի Զդանևիչն արագ մոտեցավ գրասեղանին, գզրոցը դուրս քաշեց, հանեց մի նամակ, գնաց նստեց Շահյանի կողքին և, նամակը բռնելով այնպես, որ Շահյանն էլ կարողանա կարդալ, կարդաց.
«Իմ քաղցրիկ Էլիզա։
Այս րոպեիս այնպիսի մի հսկայական հիմարություն գործեցի անզգուշաբար, որից ստիպված եմ անմիջապես հեռանալ։ Կուզեի անձամբ տեսնել քեզ, բայց ժամանակը չի ներում. գնացքը մեկնելու է մի ժամից, հազիվ թե վրա հասնեմ։ Այս րոպեիս ինքս էլ չգիտեմ, թե ուր եմ գնում, բայց պիտի գնամ, անպատճառ պիտի գնամ։ Ճանապարհից կհեռագրեմ քեզ, թե որտեղ կարող ես ինձ գտնել։
Նամակս գրում եմ, որպեսզի չկարծես, թե փախել եմ քեզնից։ Վերջին ժամանակս դու այդ բառը շատ էիր կրկնում, որով շատ էիր զայրացնում ինձ։ Վկա է աստված, որ ես քեզ սիրել եմ, սիրում եմ և պիտի սիրեմ, քանի շունչս բերնումս է։ Վերջին սրիկան պիտի լինեմ, եթե գեթ մի րոպե մոռանամ այն անփոխարինելի զոհաբերությունը, որ դու արել ես ինձ համար։ Եթե որևէ տհաճություն եմ պատճառել քեզ, այդ պիտի վերագրես միայն իմ դժբախտ կրքոտ բնավորությանը, որից ինքս էլ գոհ չեմ։
Ցտեսություն, կյանքիս քաղցրիկ ընկերուհի։
Հ. Գ. Փողի կարիք որ զգաս, դիմիր Լևոն Շահյանին, որի հետ ծանոթացար ինձ մոտ, երբ ես պառկած էի հիվանդ։ Նա շատ ազնիվ, շատ պատվական երիտասարդ է, և կարող ես վստահիլ նրան առանց քաշվելու։ Համենայն դեպս հայտնում եմ քեզ նրա հասցեն»։
Հետևում է ձեր հասցեն, միակ բանն ամբողջ նամակի մեջ, որ կարևորություն ունեցավ ինձ համար, մնացածը՝ գրոշ, ասաց պանի Զդանևիչը և հանգիստ ու կամաց ճղեց նամակը վերևից մինչև ներքև։ Եվ այս խորամանկ թշվառականը կարծել է, թե այնքան բաներից հետո պիտի հավատամ իր այս ստության և կեղծավորության դերին. ավելացրեց նա, նամակը ճմռելով ափի մեջ և հանգիստ գարշանքով շպրտելով վառարանի կողմը։ Ինչո՞ւ չի գրում, թե այն ի՞նչ հսկայական հիմարություն է, որ գործել է և որից ստիպված է եղել այնպես շուտափույթ հեռանալ և իբր թե ժամանակ չի գտել ինձ էլ իր հետ առնելու: Այսօր ճիշտ տասը օր է, որ գնացել է, և ո՞ւր է այն հեռագիրը, որով ճանապարհից պիտի հայտներ ինձ, թե որտեղ կարող եմ գտնել իրեն։ Աստծուն վկա է բերում, թե սիրել է ինձ, սիրում է և... Է՜հ, բավակա՛ն է, բավակա՛ն է։ Նորից արյունս տակնուվրա է լինում...
Պանի Զդանևիչը սաստիկ գրգռված վեր կացավ, հատակից վերցրեց նամակը, վառարանի դուռը բաց արեց և ներս շպրտեց։ Նա այլևս ոչ մի խոսքով չհիշեց Բազենյանին, ասելով, որ ուզում է իսպառ մոռանալ նրան և վերջին հուսահատական ուժերը հավաքած, մի նոր, խելացի, առողջ կյանք սկսել հիվանդ սիրուց հետո։ Նա նորից հիշեց Ամերիկայում իր տեսած լեհական գաղութը և մեծ ոգևորությամբ սկսեց խոսել այդ գաղութի նպատակների մասին։ Նրա տրամադրությունը հետզհետե այն աստիճան բացվեց, որ ընթրիքի ժամանակ մինչև անգամ ուրախ էր։
Շահյանը նույնպես բացվել էր. պանի Զդանևիչի ցույց տված մտերմությունը չափազանց գրավել էր նրան, և նա չէր իմանում ինչպես անի, որ ցույց տա, թե ինքը գնահատում է այդ մտերմությունը և ամենայնիվ պատրաստ է թեթևացնելու նրա վիճակը։ Երբ ընթրիքից հետո պատրաստվեց գնալու, այլևս չկարողացավ դիմանալ և ուղղակի ասաց.
Պանի Զդանևիչ, եթե, ուր էլ որ լինիք, օգնության կարիք զգաք, կարող եք, առանց այլևայլության, դարձյալ ինձ դիմել։
Պանի Զդանևիչն առավ նրա ձեռքը և ջերմագին սեղմեց։
Ոչ, ազնիվ, սիրելի բարեկամս, ասաց նա քնքշորեն. ես անչափ գոհ եմ ձեր ինձ արդեն արած օգնությունից և հույս ունիմ, որ այլևս կարիք չեմ զգալ ձեզ նեղացնելու: Բայց մի բան կխնդրեի ձեզնից ա՛յն, որ դուք շատ էլ դժգոհ չմնաք, եթե ձեզ հասանելիքը շուտ չկարողանամ վերադարձնել։
Շահյանը նայեց նրան հանդիմանությամբ։
Հավատացնում եմ, պանի Զդանևիչ, ես սաստիկ վիրավորվում եմ, երբ դուք խոսում եք այդ մասին։
Հապա ինչպե՞ս անեմ։
Ինչպես ուզում եք արեք, միայն թե այդ մասին ինձ ոչինչ մի ասեք, ասաց Շահյանը և սկսեց հագնել կրկնակոշիկները։ Հանկարծ նա ծիծաղեց։
Ինչի՞ վրա եք ծիծաղում, հարցրեց պանի Զդանևիչը հետաքրքրված։
Կրկնակոշիկներիս վրա։ Սրանք իրենց մի մազալու պատմությունն ունին, որ հանկարծ հիշեցի։
Եվ Շահյանը համառոտակի պատմեց Բազենյանի հետ ունեցած իր վերջին տեսակցությունը, իր նրան տված հազար ռուբլու միջադեպը, թե ինչպես Բազենյանը կամեցավ այդ գումարը ետ տալ իրեն և երբ ինքը հրաժարվեց ետ ընդունել, նա վերցրեց ծրարը և մոտեցավ վառարանին, որ կրակը նետի, իսկ ինքն այդ միջոցին առավ գլխարկը և դուրս փախավ, կրկնակոշիկները մոռանալով հագնել։ Շահյանն այս բանը պատմում էր այժմ իբրև մի կուրյոզ և անդադար ծիծաղում էր։
Հետո՞, ե՞տ ստացաք ձեր կրկնակոշիկները, հարցրեց պանի Զդանևիչը ժպտալով։
Նույն օրն իսկ ուղարկել էր հյուրանոցի ծառայի ձեռքով:
Իսկ փողը. կրա՞կն էր նետել, թե... գրպանը։
Այդ արդեն մի հանելուկ է, որ դուք ինձնից ավելի լավ կարող եք լուծել, ասաց Շահյանը, շարունակելով ծիծաղել և, բարի գիշեր մաղթելով, դուրս գնաց։
՚ Պարոն Շահյան, հանկարծ կանչեց պանի Զդանևիչը, դուրս գալով նրա ետևից։
Շահյանը կանգ առավ միջանցքում և արագ շուռ եկավ։
Վաղը կգա՞ք ինձ ճանապարհ դնելու։
Իհարկե, անպատճառ, բացականչեց Շահյանն անսովոր եռանդով և, նորից շուռ գալով, վազեց դեպի սանդուղքները։
Շահյանը վերադարձավ տուն խիստ ուրախ տրամադրված։ Հիշում էր. այդպիսի ուրախ տրամադրության մեջ մեկ էլ եղել էր Եվայի հետ ծանոթանալու առաջին գիշերը, երբ երկաթուղու կայարանից կառքով ճանապարհ էր դրել նրան մինչև նրանց տան դուռը։ Այժմ նա զարմանում էր, թե որքան հասարակ բան էր եղել պանի Զդանևիչի մոտ գնալը, որից այնքան սարսափում էր այդ օրը։
Գիշերը բավական ուշ էր, և Շահյանն անմիջապես պառկեց, որ քնի, բայց էլի, ըստ հին սովորության, ցնորքները թույլ չտվին, որ քունը շուտ մոտենա աչքերին, չնայելով որ նախորդ գիշերը վատ էր քնել և ամբողջ օրն անց էր կացրել անսովոր հուզման մեջ։
Նա մտածում էր պանի Զդանևիչի մասին։
Այժմ այլևս անասնական ցանկությունը չէր, որ զբաղեցնում էր նրա հիվանդոտ երևակայությունը պանի Զդանևիչի վերաբերմամբ, այլ մտածում էր այն մասին, որ ինքը մի մեծ բարիք էր մատուցել այդ դժբախտ կնոջը, հանելով նրան իր անել դրությունից։ Եվ նրան առանձին ինքնագոհություն էր պատճառում նրա անձնասիրությունը փայփայող այն հանգամանքը, որ պանի Զդանևիչի պես մի կին իր վրա նայում էր անկեղծ երախտագիտությամբ, իրեն անվանում էր իր «ազնիվ», «սիրելի» բարեկամը, իր «եղբայրը» և այնքան մտերմություն էր ցույց տալիս, որ մինչև անգամ պատմում էր իր անձնական ամենանվիրական գաղտնիքը, բաց էր անում նրա առաջ իր վիրավոր սիրտը և այդ բանի մեջ էր որոնում իր սփոփանքը։
Չոր ուղեղով նա շատ ցածր էր համարում Բազենյանի վարմունքը, բայց զգացումով բոլորովին անտարբեր էր. ընդհակառակը, սրտի խորքում, կարծես ինքն իրենից ծածուկ, մինչև անգամ նախանձում էր Բազենյանին, որ կարողացել էր այնպես գերել պանի Զդանևիչի պես մի կնոջ։ Ա՜խ, ինչ լավ կլիներ, եթե ինքն էլ ունենար այդպիսի գեթ չնչին մի շնորհք։ Այն ժամանակ ոչ թե Բազենյանի պես անխիղճ կերպով կվարվեր այդպիսի հրաշալի մի կնոջ հետ, այլ կաստվածացներ նրան, մինչև վերջին շունչը կպաշտեր նրան, ուրախությամբ կմեռներ նրա համար։
Եվ Շահյանի սիրտը նորից համակվեց հուսահատական թախիծով։ Թերևս երբեք նրա կուսական սիրտն այնպես ջերմ կերպով չէր փափագել սիրել ու սիրվել, ինչպես այժմ։ Իր անապատ-կյանքի մեջ հանդիպեց մի հրաշալի Եվա, որին, ըստ երևույթին, սիրեց հենց առաջին անգամից, բայց հուսախաբությունը շուտով էլ մեռցրեց սիրո առաջին սաղմերը։ Այժմ բախտը նրան դեմ հանդիման էր բերել մի պանի Զդանևիչ, որը կանգնած էր իր կանացի գրավչության գագաթնակետին, հսկայի պես գեղեցիկ ու հոյակապ։ Շահյանը մտքումը համեմատություն էր անում Եվայի ու պանի Զդանևիչի միջև և տեսնում էր, որ Եվայի կուսական անմեղ, անարատ գեղեցկությունը կամաց-կամաց աղոտանում, ցնդում է օդի մեջ, իբրև անմարմին մի բան, իբրև հրաշալի մի երազ պանի Զդանևիչի հուժկու և մեղսալից փարթամ գեղեցկության առաջ։ Եվ նա մտածում ու չէր կարողանում որոշել, թե որի՞ն արդյոք առավելություն կտար Եվայի՞ն, թե՞ պանի Զդանևիչին, եթե միաժամանակ երկուսն էլ ցանկություն հայտնեին իրենը լինելու։ Նա կփափագեր ունենալ երկուսին էլ, Եվային՝ պաշտելու իբրև սրբություն, պանի Զդանևիչին՝ տիրապետելու իբրև ցանկալի կնոջ։ Սակայն Շահյանը զգում էր, որ պատրաստ է իր իդեալական սերն էլ, իր կիրքն էլ հավասար չափով կենտրոնացնելու միմիայն պանի Զդանևիչի վրա, բայց և, միևնույն ժամանակ, զգում էր, որ ինքը, իբրև սիրահար և իբրև ամուսին, շատ չնչին արարած կլիներ այդ հոյակապ կնոջ առաջ։ Նրան թվում էր, թե պանի Զդանևիչի պես մի կին, եթե իրեն այնպիսի ուշադրության առարկա էր դարձրել, պատճառն այն էր միայն, որ կարիքն էր ստիպել, այլապես երբևիցե մտքովը կանցկացնե՞ր արդյոք, թե աշխարհիս երեսին Շահյան էլ գոյություն ունի։
Եվ Շահյանը նորից եկավ կանգ առավ այն մտքի վրա, որ ինքը ջրի տարած մեկն է, անշնորհք, ողորմելի մի արարած, որը կարծես թե ապրում է նրա համար միայն, որ ամեն դեպքի առիթով շարունակ մտածի իր ոչնչության մասին և ավելի ու ավելի տանջվի այդ գիտակցությունից։
Շահյանը նորից ուժգին մի կատաղություն զգաց ինքն իր դեմ։ Ո՛չ, պետք է կամ ապրել այնպես ինչպես ուրիշները, ինչպես ամենքն են ապրում, կամ պետք է չապրել ամենևին... Այլապես դիմանալ չի կարելի այդ հարատև տանջանքներին, ամեն մի առիթից ծագող այդ տանջալի ինքնաքննության։ Այս աշխարհում ապրելու և հոգեկան այդ սոսկալի տանջանքներից ազատ լինելու համար հարկավոր է Բազենյանի պես համարձակ, հանդուգն, անխիղճ, խաբեբա, նույնիսկ անբարոյական, այո՛, անբարոյական։ Այդ էլ մի շնորհք է, որ բնությունը տվել է գրեթե ամենքին, որով և ամենքն ապրում են անհոգ ու երջանիկ. Շահյանն է միայն, որ զրկված է մնացել այդ շնորհքից և այդ պատճառով այնքան որբ ու օտար էր զգում իրեն կյանքի խնջույքի մեջ։ Ուրեմն էլ ինչո՞ւ է ապրում։ Ի՞նչ բան է կյանքը։ Կյանքը կինն է, ցանկալի կինը։ Խլիր աշխարհից կին ասված արարածը, և ասկետներն անգամ չեն կամենալ ապրել։ Սխալվում են մորալիստները, որոնք անհատական երջանկության հիմքը համարում են ալտրուիզմը։ Այդ շատ միակողմանի վարդապետություն է, որովհետև քաղցածի փորը չի կշտանալ, երբ նա ուրիշի համար հաց բրդի։ Կինը, ցանկալի կինը ահա միակ բանալին, որ բաց է անում ոչ թե ցնորական, այլ իրական երջանկության դուռը։
Կնոջ գաղափարը Շահյանի համար միշտ մութ ու անորոշ էր եղել, բայց երեկվանից դեսը այդ գաղափարը միանգամից պարզ ու որոշ ձևեր էր ստացել և մարմնացել էր պանի Զդանևիչի մեջ։ Կին և պանի Զդանևիչ այժմ հոմանիշ էին նրա համար, և կին ասված արարածը նա ուրիշ կերպ չէր կարողանում երևակայել, քան պանի Զդանևիչի պես խելագարեցնելու չափ ցանկալի։
Շահյանի հիվանդոտ երևակայությունը նորից գրգռվեց։ Դեպի պանի Զդանևիչը փոքր-ինչ առաջ տածած ասպետական զգացումը նորից տեղի տվեց զուտ ախտական զգացման, և պանի Զդանևիչը նրա գրգռված երևակայության առաջ նորից կանգնած էր արուի մեջ անզուսպ անասնականը շարժող իբրև էգ միայն իր իգական բոլոր անդիմադրելի հրապուրանքով...
Հանկարծ նա վեր թռավ և նստեց անկողնում կայծակնահար այն մտքից, որ պանի Զդանևիչն առավոտյան պիտի մեկներ։ Առավոտյան... այդպես շուտ... Իսկ ինքը... ի՞նչ պիտի անի ինքն այնուհետև իր մեջ վառվող և իր ամբողջ էությունը լափող այդ զգացումով։ Կարո՞ղ է դիմանալ... չի՞ գժվիլ արդյոք... Չի՞ գժվիլ արդյոք այն մարդը, որ երկար ժամանակ ծարավից պապակվելով թափառում է անապատի մեջ և, հանկարծ մի աղբյուր գտնելով, վրա է ընկնում, որ ծարավը հագեցնի, բայց ջուրը հանկարծ ետ է քաշվում և երկրի ծոցը մտնում, առանց մի կաթիլ թողնելու... Ո՜չ, ո՛չ, անկարելի է։ Պետք է մի բան անել... պետք է այնպես անել, որ պանի Զդանևիչը չգնա, մնա, մնա անպատճառ և...
Շահյանը խոնարհվեց ծնկների վրա և տաքացած գլուխն առավ ձեռքերի մեջ։ Երկար ժամանակ նստած էր այդպես, մտածելով, թե ինչ պիտի անել և ինչ կարող է անել։ Քունքերին սեղմած ափերի վրա զգում էր գլխի երակների զարկն այնքան ծանր ու հատու, որ կարծես գլխի մեջ թաքնված մի բան տնքում էր տանջանքով։
Հանկարծ նստեց ուղիղ և չռած աչքերով նայեց օդի մեջ, իբրև մի մարդ, որի միտքը հանկարծ պարզվում է մի նշանավոր գյուտից։ Կարճ ժամանակ այդպես մնալուց հետո կամաց իջավ մահճակալից, ոտները մեքենայաբար կոխեց մահճակալի առաջ դրված մաշիկների մեջ, նույն չռած աչքերով, լուսնոտի պես, մոտեցավ գրասեղանին, նստեց, առավ մի թուղթ, առավ գրիչը և կանգ առավ։ Հետո կամաց ու զգուշորեն, կարծես վախենալով, որ այն, ինչ որ մտածել էր, կարող էր մոռանալ, սկսեց գրել.
«Շատ հարգելի պանի Զդանևիչ։
Մի չափազանց հանդուգն առաջարկություն եմ ուզում անել Ձեզ. կկամենայի՞ք արդյոք իմ կինս լինել, կինս աստծո և մարդկանց առաջ։ Եթե այո պատասխանեցեք, եթե ոչ նույնպես։ Երկու դեպքումն էլ Ձեր պատասխանը, որին պիտի սպասեմ սրտատրոփ, կընդունեմ ամենայն շնորհակալությամբ։ Համենայն դեպս, աղաչում եմ, առանց պատասխանի մի թողնեք։
-
-
- Մշտապատրաստ Ձեր խոնարհ ծառա
-
«Հ. Գ. Առաջարկությունս նամակով եմ անում, Ձեզ և ինձ ազատ պահելու համար այս մասին անձամբ խոսելու անխուսափելի ծանր դրությունից»։
Համենայն դեպս ներքևն ավելացրեց իր հասցեն, այնուհետև ամբողջ նամակը խնամքով արտագրեց ուրիշ թղթի վրա, փակեց ծրարի մեջ և կրկին ընկղմվեց խոր մտածմունքների մեջ։ Այժմ դժվար լուծելու մի ուրիշ հարց կար. ինչպե՞ս պիտի հանձներ այդ նամակը պանի Զդանևիչին անձա՞մբ արդյոք, թե ծառայի միջոցով։ Վերջինս անհարմար էր և, բացի դրանից, այդ դեպքում ստիպված կլիներ առավոտյան չգնալ պանի Զդանևիչի մոտ, մինչդեռ այս անգամ ուզում էր տեսնել նրան՝ դիտելու համար ոչ թե առաջվա պանի Զդանևիչին, այլ իր ապագա կնոջը, և այդ բանն այնպիսի անդիմադրելի հետաքրքրություն զարթեցրեց նրա մեջ, որ վճռեց անպատճառ գնալ և իր ձեռքով հանձնել նամակը։ Հանձնել բայց ե՞րբ, ո՞րտեղ. հյուրանոցո՞ւմ, երկաթուղու կայարանո՞ւմ, թե՞ ամենավերջին րոպեին, վագոնում, հրաժեշտ տալու միջոցին։ Վերջինը, իհարկե, ավելի հարմար էր, որովհետև առաջին երկու դեպքում նա ուղղակի գետինը կմտներ ամոթից, տեսնելով, թե ինչպես պանի Զդանևիչն իր աչքի առաջ բաց է անում նամակը, կարդում և...
«Այդպես, ուրեմն, նամակս կհանձնեմ ամենավերջին րոպեին, երրորդ զանգը խփած ժամանակ, այնպես որ այնուհետև ստվերս անգամ չի տեսնիլ», վճռեց Շահյանը և խիստ ուրախացած ու թեթևացած գնաց պառկեց։ Բայց հանկարծ նորից վեր կացավ, ծրարը պատռեց և նամակի տակն ավելացրեց հետևյալը.
«Եթե Ձեր պատասխանը դրական լինի, հարկավ կվերադառնաք առաջին իսկ կայարանից և կարող եք իջնել ուղղակի իմ տանը, ուր կգտնեք ամեն հարմարություն և անհուն երջանկությամբ բաբախող մի սիրտ...»։
Վերջին խոսքերը, որոնք գրվեցին ինքնաբերաբար, այնքան դուր եկան Շահյանին և այնպիսի վառ հույսով լցրին նրա սիրտը, որ այնուհետև, երբ նորից պառկեց, շարունակ կրկնում էր մտքումը, մինչև քունը կամաց-կամաց հաղթեց նրան։
Առավոտյան, երբ աչքերը բաց արեց, կարծեց, թե այդ օրն էլ իր սովորական պարապ օրերից մեկն է, որ կարող է դառնալ մյուս կողքի վրա և նորից քնել մի-երկու ժամ էլ, բայց հանկարծ միտն ընկավ, որ այդ առավոտ պիտի գնա ճանապարհ ձգելու պանի Զդանևիչին, և օձից խայթվածի պես վեր թռավ անկողնից։
Առաջին բանը, որ արավ, այդ այն էր, որ վրա ընկավ նամակին և կարդաց։ Կարդաց և սարսափեց։ Նամակի բառերը գիշերն անկողնի մեջ շատ կրկնելուց անգիր գիտեր, բայց այժմ նույն այդ բառերը թղթի անցկացրած և ցերեկվա լույսի տակ բոլորովին նորություն հանդիսացան նրա համար։ Գիշերը նա միայն ցնորում էր և այդ ցնորքների արտահայտությունն էր, որ անց էր կացրել թղթի. գիշերն անցել էր և իր հետ հօդս էր ցնդեցրել նրա ցնորքները, բայց այդ ցնորքների արտահայտությունը մնացել էր թղթի վրա։ Եվ այդ թուղթը պիտի հանձնե՜ր պանի Զդանևիչին, և պանի Զդանևիչը պիտի կարդա՜ր այդ թուղթը... Ի՞նչ անենք, թե ինքը ներկա չի լինիլ կարդալիս, բայց խո գիտե, երևակայում է, թե ինչպիսի ապշությամբ պիտի կարդա պանի Զդանևիչն իր հանդուգն առաջարկությունը, և եթե նրա պատասխանը մերժողական լինի կամ թե ճիշտ որ առաջին իսկ կայարանից վերադառնա և ուղղակի գա իր տուն... Շահյանը չէր իմանում, թե որն ավելի սարսափելի կլիներ իր համար։ Պանի Զդանևիչից մերժողական պատասխան ստանա՞լը, թե՞ նրան իր տան մեջ ընդունելը։ Առաջին դեպքում մահացու հարված պիտի ստանար իր անձնասիրությունը, իսկ երկրորդ դեպքում... Սակայն այստեղ Շահյանը հրաժարվում էր երևակայել անգամ, թե ինչ կպատահեր իրեն, երբ պանի Զդանևիչն ուղղակի երկաթուղու կայարանից գար իր տուն և ասեր. «Ահա, ես վերադարձա և համաձայն եմ ձեր կինը լինելու»։
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, անպատճառ խելագարված եմ եղել գիշերը, որ այսպիսի նամակ եմ գրել», ասաց ինքն իրեն Շահյանը և նամակը շտապով շպրտեց վառարանի մեջ ճրթճրթացող կրակը։