Мурацан
Լուսավորության կենտրոնը
8
ԺԵ
ՆԵՐՔԻՆ ԽՌՈՎՈԻԹՅՈՒՆՆԵՐ
Այն միջոցին, որ երիտասարդ Սարյանը Աշխենի նամակը համբուրելով ծոցը դրավ և մտածում էր, թե ի՞նչ պատասխան պիտի գրե նրան, սենյակի դուռը բացվեցավ և ներս մտավ տիկին Մարթան այլայլված դեմքով։
Վահանը սկզբում նրա այլայլությունը չնկատելով վեր կացավ տեղից և քաղաքավարությամբ աթոռ առաջարկեց նրան։ Իսկ տիկինը առանց ուշադրություն դարձնելու երիտասարդի այդ ծառայության վրա, ուղղակի խոսել սկսեց, աշխատելով, սակայն հանգիստ պահել իրեն։
Այս ի՞նչ եք անում, ո՛րդի. մի՞թե կարելի է... ես այդ հույսը չունեի ձեզանից... լուրջ ու ծանրախոհ եղանակով ասաց նա։
Ի՞նչ եմ անում, տիկին, զարմացած հարցրեց Սարյանը։ Ի՞նչ պիտի անեք. աղջկան անունը խայտառակում եք. մի՞թե իմ լավության փոխարենը ա՞յդ պիտի վճարեիք։
Ներեցեք, տիկին, ձեզ չեմ հասկանում, ի՞նչ ունիմ ես ձեր աղջկա հետ. ինչո՞ւ պետք է նրա անունը խայտառակեմ:
Հապա որ նրան թողնում եք, այդ խայտառակել չէ՞ նշանակում ։
Ինչպե՞ս թե նրան թողնում եմ։ Թողնում եք է՛լի. Շուշանը հայտնեց ինձ այդ նորությունը։
Աստված վկա, տիկին, ձեզ չեմ հասկանում, պարզ ասացեք, ո՞ւմ եմ թողնում, ի՞նչ կնշանակե թողնել։
Պարզ չասացի՞ . հայերեն չե՞մ խոսում։ Թողնում եք իմ Շուշանին, նրան էլ չեք ուզում, կամենում եք ուրիշ աղջկա հետ նշանվել։
Վահանը բարձրաձայն ծիծաղեց։
Ի՞նչ եք ծիծաղում, հարցրեց տիկինը։
Ինչպե՞ս չծիծաղեմ. այնպիսի մի հանցանքի մեջ եք մեղադրում ինձ, որ ես ոչ գործել եմ, ոչ կարող եմ գործել, ոչ էլ մտածել եմ գործելու։
Ինչպե՞ս, ուրեմն Շուշանին չե՞ք թողնում. հարցրեց տիկինը կարծես նորից հույս առնելով։
Տիկին, կատակ չե՞ք անում։
Ինչպե՞ս թե կատակ, ինչո՞ւ պետք է կատակ անեմ։
Հապա ես ի՞նչ ամուսնացող եմ, որ Շուշանին ուզեմ կամ մի ուրիշին։
Եթե ամուսնացող չեք, ինչո՞ւ համար էիք խոսք տալիս։
Խո՞սք... ո՞ւմն եմ խոսք տվել։
Ի՛նձ։
Ձե՞զ։
Այո', ինձ. մի՞թե մոռացել եք։
Ե՞րբ։
Մի ամիս առաջ։
Տիկին, ներեցեք, դուք ինձ զրպարտում եք. ձեր կամ մի ուրիշի աղջիկն ուզելու համար ես մի խոսք անգամ խոսած չունիմ ձեզ հետ։ Ուղղակի ինձ հետ չեք խոսել, բայց Մոմճյանի միջոցով թե՛ խոսել և թե՛ խնդրել եք իմ աղջկա ձեռը:
Տիկին դուք ինձ խելագարեցնում եք, եթե ինքներդ չեք արդեն խելագարը։ Այդպիսի զրպարտություն լսել ու տանել անկարող եմ ես, զայրացած բացականչեց երիտասարդը և վեր թռավ տեղից։
Ի՞նչ եք բարկանում, որդի․ թե՛ խոսք տվողր, թե՛ ետ կանգնողը դուք եք. բարկանալու ե՛ս ունիմ իրավունք, և ոչ թե դուք։
Բայց հավատացեք, վերջապես, որ ես Մոմճյանի մոտ ամուսնանալու մասին մի խոսք, մի բառ անգամ չեմ արտասանել, ուրեմն ինչպե՞ս կարող էր նա իմ կողմից գալ և ձեր աղջկա ձեռը խնդրել։
Կամենում եք ասել, որ ես սո՞ւտ եմ ասում։
Եթե դուք սուտ չեք ասում, կնշանակե Մոմճյանն է սուտ ասել։
Նա էլ ստախոս չէ. ես նրան ճանաչում եմ ինչպես իմ հինգ մատերը։
Տիկին, եթե դուք նրան ճանաչում եք, երևի նա էլ ձեզ է ճանաչում, իսկ ես երկուսեցդ ոչ մեկին էլ չեմ ճանաչում, բայ որովհետև ինքս ինձ լավ եմ ճանաչում, ուստի համարձակ կարող եմ ասել, որ ձեզանից մեկը կամ մյուսը անխիղճ ստախոս է։ Ես ձեր աղջկա մասին չեմ խոսացել, ամուսնանալու վրա չեմ մտածել, հետևապես չէի կարող ո՛չ խոսք տվող լինել, ո՛չ էլ խոսքից ետ կանգնող։
Հապա ի՞նչ եք շինում իմ տան մեջ։
Ինչպե՞ս թե ինչ եմ շինում, վարձով ապրում եմ այստեղ։
Վարձո՞վ։
Հապա՞...
Իսկ ձեր ապրուստի համար մինչև այսօր մի կոպեկ վճարե՞լեք։
Չեմ վճարել, բայց պիտի վճարեմ, ինչո ւ ավելի վաղ չէիք հիշեցնում ինձ իմ պարտքը։ Այսօր ամբողջ ամսականը կտամ։
Բայց մի կողմ թողեք ամսականը, ձայնը մեղմացնելով խոսեց տիկինը. ես ձեզ իմ տան փեսան էի համարում և չէի կամենում, որ ապրուստի համար փող վճարեք...
Տիկին, դուք Էլի նույն հարցին եք զալիս։ Լավ. ենթադրենք մի րոպե, թե խոսք եմ տվել ձեզ և ձեր աղջիկն էլ առնում եմ ինձ կնության։ Հապա ինչո՞վ պիտի պահեմ նրան։ Այս խնդրի մասին դուք չե՞ք մտածում։
Ինչպե՞ս թե ինչով, հապա ձեր հոր հարստությունը ո՞ւմ համար է։
Իմ հոր հարստությո՞ւնը, հա՛ , հա՛ , հա՛ , հա՛ , երիտասարդր սկսեց ուրախ-ուրախ ծիծաղել։
Ի՞նչ եք ծիծաղում, ձեր հոր որդին չե՞ք. նրա հարստություն ձեզ չպիտի մնա։
Իմ հայրը, տիկին, մի խեղճ գյուղատնտես է և հազիվ է կարողանում յուր ընտանիքի ամենօրյա հացը հայթայթել նրան ո՞վ է հարստություն տվել։
Ինչպե՞ս թե ով է հարստություն տվել։ Հապա նա ձեր քաղաքի ամենից հարուստ մարդը չէ՞,մեծ կալվածներ չունի՞ ահագին եկամուտ չէ՞ ստանում...
Երիտասարդը կրկին սկսեց ծիծաղել։
Դուք էլի՞ ծիծաղում եք, վրդովված հարցրեց տանտիրուհին։
Ի՞նչ անեմ, որ չծիծաղեմ, տիկին, այնպես լավ բաներ եք պատմում իմ հոր հարստության մասին, որ քիչ է մնում ինքս էլ հավատամ, թե արդարև հարուստ մարդու որդի եմ։ Չբարկանաք ինձ վրա, բայց հավատացեք, որ անկեղծությամբ եմ խոսում, այս րոպեին իսկ պատրաստ եմ ամուսնանալ ձեր աղջկա հետ, մի այն թե մեր այդ երևելի հարստության տեղը ինձ հայտնեիք, ասաց Սարյանը ծիծաղելով։
Եթե ձեր հայրը հարուստ չէ, որտեղից եք փողեր ծախսում...
Ի՞նչ փողեր եմ ծախսում, տիկին, մի ամիս է, որ դուք եք ինձ կերակրում։
Դրա համար հո պիտի վճարեիք:
Այո՛. Մոմճյանից պիտի ստանայի ռոճիկս և վճարեի։ Այնպես էլ պիտի անեմ։
Մոմճյանի՞ց. ռոճի՞կ։ _ Հապա՛. դուք կարծում եք թե առանց ռոճիկ՞ եմ գործ կատարում այստեղ:
Տիկին Մարթան լռեց է նա տեսավ, որ երիտասարդը անկեղծությամբ է խոսում և որ ինքը չարաչար խաբված է։ Յուր կարծիքով այս առաջին անդամն էր, որ Մոմճյանը մոլորեցնում էր իրեն, բայց թե ի՞նչ նպատակով, նա չէր կարողանում գուշակել, Այս հանգամանքը ծանր վիշտ պատճառեց իրեն, Տիկինը մտածում էր։
Այժմ, իհարկե, նա այլևս չէր ցավում, որ Սարյանը թողնում է յուր աղջկան, որովհետև քանի որ նա աղքատ էր՝ էլ ի՞նչ միտք ուներ նրան փեսայացնել. բայց նա ցավում էր, որ Մոմճյանը խաբելով իրեն, հեռացնել տվավ Մովսիսյանին, որը հաստատ փեսացու էր յուր աղջկա համար: Սարյանը այժմ տիկնոջ աչքում, յուր բոլոր գեղեցկությամբ, մի քանի աստիճան ստոր էր կանգնած տգեղ ու խոշորադեմ Մովսիսյանից, որովհետև, վերջինս փոքր ի շատե կարողություն ուներ, մինչդեռ Սարյանը մի խղճուկ ռոճիկով պիտի ապրեր։ Այժմ արդեն նա մտածում էր թե՝ ի՞նչ ճանապարհով հաշտություն կայացնե արտաքսված փեսացուի հետ։
Բայց այդ անելուց առաջ դեռ հարկավոր էր մի քանի բացատրություններ պահանջել Մոմճյանից՝ յուր սարքած խաղի համար։ Այս նպատակով դուրս գնաց տիկինը Սարյանի սենյակից՝ առանց նրան մի նոր խոսք ասել կամենալու։
Վահանը մնաց սեղանի առաջ նստած, ձեռքը ծնոտին հենած և մտքերի մեջ խորասուզված։ Տիկին Մարթայի' Մոմճյանի մասին խոսածները լսելուց ետ, նա այլևս չէր զարմանում ո՛չ Շուշանի սիրո խոստովանության և ո՛չ նրա մոր արած տարօրինակ պահանջի վրա։ Նա տեսնում էր, որ յուր դեմ շարվել է մի մեքենայություն, որի մեջ տիկին Մարթան և յուր աղջիկը միայն խաղացողների դերն են կատարում, իսկ մեքենայության լարերը գտնվում են Մոմճյանի ձեռքում։
Երիտասարդ Սարյանին այլևս չէր վշտացնում այն հանգամանքը, որ յուր իդեալ Մոմճյանը դարձել էր յուր աչքում մի անարգ մարդ, ստության բարեկամ և ստոր գործերի հեղինակ։ Վերջին խմբագրական ժողովից ետ ինչ էլ որ պատմեին նրա մասին, ինչ խարդախության և դավադրության մեջ Էլ մեղադրեին նրան, Սարյանը կհավատար, որովհետև փորձով տեսավ, որ այդ մարդը ամեն տեսակ նենգավոր ու խաբեական ճանապարհների ծանոթ, և շարունակ այդ ճանապարհներով ընթացող ու գործող մեկն է։ Բայց թե ինչո՞ւ յուր դեմ մեքենայություն էր լարում, ինչո՞ւ յուր մասին սուտ խոստումներ էր արել, ինչո՞ւ իրեն իբրև հայտնի հարուստ և պատրաստ փեսացու էր ներկայացրել, այս բոլոր պատճառը գուշակել չէր կարողանում ։ Երկար մտածելուց ետ նա որոշեց գնալ Մոմճյանի մոտ և բացատրություն խնդրել նրանից այս տարօրինակ նորությունների մասին։
Օրիորդ Շուշանն ավելի կտրուկ ճանապարհ բռնեց։ Վերջնականապես համոզվելով, որ Սարյանը յուրը լինել չէ կարող, նա որոշեց կրկին հին փեսացուին գրավել։ ՈՒստի երբ մայրը տանից հեռացավ, մի համառոտ նամակ դրեց Սարգիս Մովսիսյանին և հայտնելով նրան այն հոգեկան տանջանքները, որոնց, իբրև թե, կրել էր ինքը յուր հեռանալուց ի վեր, հրավիրեց նրան գալ իրեն տեսնելու, հայտնելով միևնույն ժամանակ, որ ինքը միայնակ է, հետևապես յուր հետ ազատ խոսելու հարմարություն ունի։ Փոքրիկ աղախինը յուր տիրուհու նամակը մի քանի րոպեի մեջ տեղ հասցրեց։
Հարկ չկա ասել, որ երիտասարդ Մովսիսյանը յուր սիրած աղջկանից այսպիսի հրավեր ստանալով գլուխը կորցրած և սրտատրոփ վազեց նրա մոտ։
Օրիորդը շատ սրտաշարժ ընդունելություն արավ նրան, գրկեց և մինչև անդամ (հույս ունեմ, դուք այդ ոչ ոքի չեք հայտնիլ) համբուրեց նրան։ Եվ որովհետև նա այն աղջկերանցից էր, որոնք դյուրահոս արտասուք ունին և ուզած ժամшնակ կարող են գրավիչ եղանակով արտասվել, ուստի յուր շառագունած դեմքի վրա մի քանի արցունքներ էլ վազեցրեց որով խեղճ Մովսիսյանի սիրտն ու հոգին այրեց, տոչորեց...
Երբ հուզման առաջին վայրկյաններն անցան, երկու սիրահարները (այսուհետև կարող ենք նրանց այդպես անվանել) կողքե կողք նստելով սկսեցին անցյալի սրտաշարժ պատմությունները անել։ Մովսիսյանը, որ իսկապես շատ էր տանջվել սիրուհուց հեռու գտնվելու համար, ավելի քիչ էր խոսում, որովհետև իբրև տղամարդ կարողանում էր կրած ցավերի մեծ մասը ծածկել. նա ավելի միջոց էր տալիս խոսելու յուր սիրուհուն, որովհետև հավատացած էր, որ եթե նա յուր կրած բոլոր վշտերը չպատմե, սրտի հուզմունքը չի անցնիլ և դրանից խեղճ աղջիկը կարող է վնասվել:
Երիտասարդի այս տրամադրությունից օգտվելով, Շուշանը պատմեց նրան այն բոլորը, ինչ որ կանխավ պատրաստել էր պատմելու, այսինքն, թե ինչպե՞ս հիվանդացավ ինքը, երբ մայրը Մովսիսյանին հեռացնելու որոշումն արավ, թե ի՞նչ հոգեկան տանջանքներ կրեց, երբ սա իրենց տնից հեռացավ, թե ինչպե՞ս յուր վիճակից հուսահատված կամենում էր գնալ և Քռի մեջ խեղդվել և այլն։ Վերջը պատմեց, թե այս բոլոր դժբախտությունների պատճառը Մոմճյանն էր, որը ցանկացել էր ամուսնացնել իրեն յուր մի նոր բարեկամի՝ Վահան Սարյանի հետ, թե այդ նպատակով էլ հաջողել էր նրան՝ Սարյանին բնակեցնել իրենց մոտ, թե յուր մայրը իսկապես մեղ չուներ այս գործում, այլ մոլորվել էր Մոմճյանի խոսքերից, ուստի վերջը յուր (Շուշանի) տանջանքները տեսնելով զղջացել էր:
Պատմեց նաև, իբրև գողարիկ գաղտնիք, որ Սարյանը անտարբեր չէր դեպի ինքը, որ նա շատ էր աշխատում գրավել յուր սերը, բայց ինքը (Շուշանը) քաղաքավարությամբ հասկացրեց նրան, որ Մովսիսյանից ետ ուրիշ ոչ մի երիտասարդ չի կարող գրավել իրեն։ Վերջը օրիորդը խնդրում էր Մովսիսյանին, որ նա հնար գործ դնե իրենից չհեռանալու. աշխատե մինչև անգամ Մոմճյանից վրեժխնդիր լինելու՝ հեռացնելով Սարյանին և նրա կացարանում ապրելով։ (Միով բանիվ կատարե այն բոլորը, ինչ որ ձեռնտու էր իրեն, իբրև ամուսնանալ ցանկացող մի օրիորդի...)։
Փակագծում դրած խոսքերը Շուշանի սրտի խոսքերն էին, բայց, իհարկե, նա նրանց չարտասանեց Մովսիսյանի մոտ:
Երիտասարդը, որ օրիորդի սրտաշարժ պատմությունը լսելով գորովվել և հուզվել էր, բռնեց նրա ձեռքից, մոտեցրեց յուր շրթունքներին և ջերմագին համբուրելով՝ բացականչեց.
֊ Վկա է այս համրույրը, որ սուրբ է ինձ համար, ես չեմ թողնիլ քեզ մինչև իմ մահվան վերջի՜ն րոպեն։ Դու իմ հարսնացուն ես, և ոչ ոք քեզ ինձանից խլել չի կարող։ Ես վրեժխնդիր կլինեմ նաև Մոմճյանից և կարտաքսեմ այստեղից այդ Սարյանին, որ համարձակվել է աչք տնկել իմ սիրած հարսնացուի վրա...
Բայց, խնդրում եմ, ինչ որ անելու ես, խոհեմությամբ արա. չեմ կամենում, որ այս տան մեջ իմ պատճառով խռովություն ծագի. թախանձեց Շուշանը, վախենալով, թե միգուցե Մովսիսյանը Սարյանի դեմ հարձակվելով գրգռե նրան և սա յուր խոստովանության գաղտնիքը երևան հանե։
Քո պատճառով ո՛չ մի խռովություն չի ծագիլ, ասաց Մովսիսյանը, բայց ես, իբրև տղամարդ, պարտավոր եմ հաշիվ պահանջել Մոմճյանից իմ պատիվը վիրավորելու համար։ Նա պիտի հասկանա, որ իրավունք չուներ փոխարինել Մովսիսյանին մի որևէ Սարյանով։
Օրիորդը տեսնելով, որ երիտասարդը գլխավորապես Մոմճյանի դեմ է գրգռված, այլևս չկրկնեց յուր խնդիրը։
Այն միջոցին, որ մեր երկու սիրահարները մտերիմ զրոցագրության մեջ էին, տիկին Մարթան Մոմճյանի սենյակում նստած բացատրություն էր պահանջում նրանից յուր գործած աններելի հանցանքի համար (տիկինը, առհասարակ, իրեն խաբելը աններելի հանցանք էր համարում)։
Մոմճյանը յուր հաշիվներում սխալված տեսնելով իրեն, սկսեց խոսքը կատակի շրջել, որպեսզի այդ ճանապարհով տիկնոջ հարցադրումից խուսափի։
Բայց վերջինս տրամադիր չլինելով գործը կատակով ավարտելու, շարունակում էր յուր հարցապնդումը։
Մոմճյանը ստիպված էր բացատրություններ տալ։
Հենց այդ միջոցին Մոմճյանի նախասենյակը մտավ և Վահան Սարյանը, բայց ներսում տիկին Մարթայի խոսելու ձայնը լսելով, չվստահացավ ներս մտնել, որովհետև հավատացած էր, որ տիկնոջ ներկայությամբ Մոմճյանը անկեղծությամբ չի խոսիլ, ուրեմն ավելորդ էր նրանց խանգարելը: Երիտասարդը ուզում էր վերադառնալ, բայց հենց այդ միջոցին լսելով, որ Մոմճյանը սկսում է բացատրություններ տալ տիկնոջը, մնաց տեղը կանգնած և ինքն իրեն մտածեց։
«Այս մարդիկը ուրիշներին վնասելու համար ամեն խարդախություն գործ են դնում, ինչո՛ւ ես էլ իրենցից չսովորեմ օգուտ քաղել հանգամանքից՝ գոնե վնասից ու վտանգից ազատվելու համար»։
Այսպես մտածելով Վահանը առաջացավ փոքր ինչ դեպի դուռը և մեջքը պատին հենելով սկսեց լսել։ Դռան փեղկը լավ չէր փակված, այնպես որ խոսակիցներին տեսնելու և մինչև անգամ, նրանց դիմաշարժը դիտելու չափ բացվածք էր մնում։
Իմ նպատակս Շուշանին բարիք անելն էր, խոսել սկսեց Մոմճյանը. ճշմարիտ է, Սարյանը ինձ ոչ մի խոստում չէ արել, բայց ես մտածեցի թե՝ նա անփորձ գավառացի լինելով, շարունակ ձեզ մոտ կապրի և Շուշանին շենք ու շնորհքով աղջիկ տեսնելով, վերջ ի վերջո վրան կսիրահարվի։ Որտեղից կարող էի գուշակել, թե նա ուրիշին է սիրում, կամ թե նշանված է։
Լավ. դնենք թե այդ չգիտեիք, և Շուշանի բարիքն ուզելով կամեցաք Սարյանին սիրահարեցնել նրա վրա. բայց հո գիտեի՞ք, որ նա աղքատին մեկն է. ինչների՞ս է պետք աղքատ փեսացուն. ո՞ւր էիք նրան մեր տունը մտցնում և Մովսիսյանի նման տղային հեռացնում։
Բայց ախր Սարյանի շենքն ու շնորհքը տասը Մովսիսյան արժե, դուք նրա գեղեցկությանը գին չե՞ք դնում։
Ինչի՞ս է պետք նրա գեղեցկությունը. աղջիկս որ քաղցած լինի, նրա գեղեցկությամբ հո չի՞ կշտանալ։ Դու էլ ես շատ գեղեցիկ՝ իմ Շուշանին ի՞նչ օգուտ...
Շուշանին ոչինչ, բայց նրա մորը հո օգուտ կա՞... այս ասելով Մոմճյանը ժպտադեմ ձեռքը մոտեցրեց տիկնոջ ծնոտին, իսկ վերջինս խփեց նրա ձեռքին։
Թող, թող, կատակի ժամանակ չէ, ասաց տիկինը բարկացած։
Սարյանը, որին խիստ հետաքրքրեց թե՛ հարվածի ձայնը և թե տիկնոջ վերջին խոսքերը, գլուխը ծռեց և սկսեց դռան ճեղքով նայել դեպի ներս։
Մոմճյանը կրկին անգ ամ ձեռքը դեպի խոսակցի ծնոտը տարավ և ժպտադեմ ու կաթոտ աչքերով նայելով նրան՝ շարունակեց։
Կատակի ժամանակը հիմա է. ես չեմ ուզում, որ դու բարկանաս... Ինչ էլ որ անհս, իմ սիրտը չես կարող շահեր ես արդեն բարկացած եմ, ասաց տիկինը և Մոմճյանի ձեռքը բռնելով մի կողմ հրեց նրան և շարունակեց, անպատճառ պետք է ինձ հայտնես, թև ի՞նչ նպատակով ես այս խաղը արքել. հակառակ դեպքում ես քեզանից թե՛ կհեռանամ թե՛ կվնասեմ քեզ։
Դու այդ չես անիր դու լավ կին ես, ասաց Մոմճյանը նույն ժպիտով և նույն աչքերով նայելով նրան։
Երդվում եմ, որ կանեմ, և դու շատ կզղջաս, սպառնաց տիկինը:
Ուրեմն թև հայտնեմ, բարկությունդ կանցնի՞:
Այո՛։
Լավ, դե լսի՛ր. այս ասելով Մոմճյանը ավելի մոտեցրեց աթոռը տիկնոջ աթոռին և ձեռքը մտերմաբար նրա ուսի վրա դնելով շարունակեց. այս երիտասարդի հետ ծանոթացա ես Մովսիսյանի հետ կռվելուց մի որ առաջ: Հենց առաջին ծանոթությունից իմացա, որ խիստ ուշիմ և ընդունակ տղա է և մեր գործին կարող է պիտանի Լիներ:
Հրավիրեցի նրան ինձ մոտ, խոսացրի, քննեցի և տեսա, որ իսկ և իսկ մեզ համար չափած ու ձևած է, բայց վախենալով, թե չլինի ուրիշները ձեռք ձգեն, մտածեցի քո հսկողության ներքո պահել նրան։ Այդ նպատակին հասնելու համար հարկավոր էր ներկայացնել Սարյանին իբրև հարուստ փեսացու. հակառակ դեպքում դու Մովսիսյանին չէիր հեռացնիլ։ Մյուս կողմից էլ մտածեցի, թե այս տղան կարող է սիրահարվել Շուշանի վրա և այդպիսով ավելի ամուր կերպով կկապվի մեզ հետ։ Երկու կողմից էլ օգուտը ակներև էր, բայց բախտը չհաջողեց և իմ կազմած հաշիվը սխալ դուրս եկավ։ Այս անգամ ուզես չուզես պիտի ներես ինձ:
Տո՛, չար սատանա, չէի՞ր կարող այդ բանը ինձ հայտնել. ինչո՞ւ էիր ինձ խաբում. Սարյանի նման տղին կապած պահելը ի՞նչ դժվար բան էր։ Այնքան տղերանց ու աղջկերանց ես չե՞մ գլխիդ հավաքել։ Այս ասելով տիկինը քնքշաբար ապտակեց Մոմճյանին՝ կամենալով հասկացնել նրան, թե արդեն ներում է յուր հանցանքը։ Մոմճյանը ավելի անպարկեշտ կատակով պատաոխանեց տիկնոջ քնքշությանը։
Երիաասարդ Uարյանը լսեց և տեսավ, ինչ որ պետք էր իրեն թե՛ Մենտոր֊Մոմճյանին կատարելապես ճանաչելու և թե՛ յուր դեմ լարված մեքենայության գաղտնիքը հասկանալու համար: Նա զզվանքով ետ դարձրեց երեսը և ինքն իրեն շշնջաց:
«Գարշելի արարածներ... չէի կարող հավատալ, թե ընդունակ կլինեիք մինչև այդտեղ ստորանալու...»:
Այս ասելով նա կամացուկ դուրս գնաց նախասենյակից և իջնելով փողոց արագ քայլերով դիմեց դեպի յուր բնակարանը։ Նրա հոգին վրդովված էր և սրտի ամենաքնքուշ զգացումները վիրավորված էին։ Նա հույս ուներ գոնե յուր մենավոր բնակարանում հանգստություն գտնել. բայց հենց որ մոտեցավ նրան, ամբողջ տունը յուր աչքում թվեցավ իթրև մի դժոխք՝ չարության ոգիներով լցված։
Երիտասարդը կանգնեց տան մուտքի առաջ, մեքենայաբար ձեռքն առավ հնչակի դաստակը և սկսեց մտածել՝ «Ո՞ւր և ինչո՛ւ համար եմ մտնում այստեղ։ Չէ՞ որ այս տանը ապրել այլևս չեմ կարող, գնամ գոնե մի կացարան որոնեմ ինձ համար»։ Այս ասելով նա թողեց հնչակը և հեռացավ, բայց ու՞ր էր գնում, ինքն էլ չգիտեր: Անցավ հանդիպակաց փողոցի բոլոր երկարությունը, մտավ շուկան, հասավ մինչև յուր հին իջևանը, տեսավ ամենքին իրենց գործերով զբաղված, իրենց ապրուստի և աղքատության ետևից՝ և տխրությունը սկսեց ճնշել յուր սիրտը։
«Ինչո՞ւ համար եկա այստեղ, ու՞ր եմ գնում, ի՞նչ եմ կամենում...», մտածեց երիտասարդը: Բայց հանկարծ մտաբերելով, որ կացարան որոնելու նպատակով է եկել այդտեղ, փոքր ինչ ուրախացավ։ «Այո՛ , կացարան, կացարան, պիտի գտնեմ, և այնպիսի տեղ, որ այդ չար ոգիներից հեոու լինեմ...», շշնջաց ինքն իրեն երիտասարդը, բայց մի վայրկյանից հետո մտածելով, որ կացարանի համար անգամ վճարելու փող չունի, ինքն իրենից կարծես, ամաչեց։
Չէ. ճակատագիրը հալածում է քեզ. մի՛ փախչիր նրա երեսից. կշտամբեց Վահանը ինքն իրեն. դարձի՛ր քո բնակարանը և ապրի՜ր Շաշյանի ու Մոմճյանի հետ. եղիր նրանց ստրուկը և թավալիր բարոյական ապականության մեջ. խոնարհի՛ր ազատ ճակատդ ստորության առաջ, որովհետև պարծենում էիր թե քո երիտասարդական անփորձությունը տեղի չի տվել հայրական վարձառու խոհեմության, որովհետև չէիր հավատում թե կարոտությունը լուսավորված երկրում էլ կարող է ճնշել քեզ... Գնա՛, այժմ ապաշխարի՛ր քո թերահավատությունը և սովորիր չպարծենալ երիտասարդական անփորձությամբդ...
Այսպես ինքն իրեն նախատելով դարձավ Սարյանը յուր բնակարանը։ Սանդուղքների վրա պատահեց մի անծանոթ պարոնի, որը մի խրոխտ և սպառնալից հայացք ձգելով յուր վրա, քթի տակ մռմռաց։
Հը՛մ... սպասիր. քեզ հետ էլ հաշիվ կտեսնենք... Անծանոթը Մովսիսյանն էր։
Վահանը բարձրացավ դեպի վեր, առանց այդ պարոնի սպառնալից հայացքի և մռմռոցի պատճառը հասկանալու։
Նախասենյակում պատահեց Շուշանին, որը եկել էր Մովսիսյանին ճանապարհելու։ Սա էլ արհամարհական հայացք ձգեց յուր վրա և ներս մտնելով սենյակի դուռը աղմուկով փակեց։
Իրավունք ունիս. դու էլ իրավունք ունիս ինձ արհամարհելու, ողորմելի որդն... մրմնջաց Վահանը և ներս մտնելով փակվեցավ սենյակի մեջ։
Ժամերն անցան, մութը կոխեց և նա դեռ տխուր մտքերի մեջ խորասուզված պառկած էր մահճակալի վրա։
Երբ փոքրիկ աղախինը ներս մտավ լամպարը վառելու, Վահանը տեղից վեր թռավ, կարծելով թե եկողը Շուշանն է, որովհետև այդ ծառայությունը միշտ օրիորդն էր անում, որպեսզի դրանով առիթ ունենան մի քանի վայրկյան ավելի խոսակցելու գեղեցիկ երիտասարդի հետ։ Բայց որովհետև նրանից սիրվելու հույսը կորցրել էր այժմ, ուստի այդ պաշտոնը հանձնել էր աղախնին։ Այդ բանը աննկատելի չմնաց Վահանից։
Բացի այդ, տիկին Մարթան ցանկանալով հասկացնել Սարյանին որ նա այսուհետև մի հասարակ տնկեց է և ոչ թե առաջվա նման հարգելի փեսացու, այդ երեկո թեյի չհրավիրեց նրան յուր մոտ, ինչպես միշտ անում էր, այլ մի բաժակ թեյ ածելով աղախնի ձեռքով ղրկեց նրան։
Վահանը զգաց, որ տանտիրուհին ցանկանում է դրանով վիրավորել իրեն, ուստի ետ դարձրեց թեյը, հայտնելով, որ խմել ու ախորժակ չունի։
Շաշյանը, որ Վահանի շնորհիվ նույն բախտին էր հանդիպել, բայց, իհարկե, յուր թեյը ետ չէր դարձրել, սրտատրոփ ներս ընկավ Սարյանի սենյակը իմանալու համար թե՝ ի՞նչ պատճառով արդյոք տանտիրուհին անբարեհաճ աչքով է նայում այսօր «Փնջիկ»֊ի խմբագրապետի և նրա շնորհալի աշխատակցի վրա, բայց Վահանից պատասխան չստանալով մի քանի անգամ սենյակը չափեց, տրովադորից մի կտոր երգեց և ապա բարի գիշեր մաղթելով յուր աշխատակցին, դուրս գնաց։
ԺԸ
ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ
Հետևյալ առավոտ Վահանը շատ ուշ զարթեցավ, որովհետև գիշերվա մեծ մասը անցրել էր մտատանջության մեջ, որի պատճառով շատ ուշ էր քնել։ Առաջին անգամ երբ աչքերը բացավ, տեսավ, որ արևի շողերը ընկել էին յուր մահճակալի վրա։ Այդ նշան էր, որ առավոտյան ժամերը անցել էին արդեն։ Բայց և այնպես նա հագնվելու և լվացվելու համար չշտապեց, որովհետև պարապելու ոչ սիրտ և ոչ տրամադրություն ուներ։
Չնայելով որ խմբագիր Շաշյանը ներս մտնելով գանգատվեց, որ առավոտյան ժամը ութից արդեն տպարանի ծառան նախասենյակում կանգնած նյութի է սպասում և սրտաշարժ ձևով նկարագրեց, թե ինչպես գրաշարները պարապությունից տպարանում նստած հեքիաթներ էին պատմում միմյանց և թե այդ բանը իրեն, խմբագրին, այնպես է զայրացրել, որ երեկ կամեցել է բոլորին էլ տպարանից արտաքսել, այսուամենայնիվ Վահանը չպատասխանեց նրան և մինչև անգամ գլուխը բարձի վրայից չրարձբացրեց։
Հիվա՞նդ եք, հարցրեց Շաշյանը, թև հիվանդ եք, բժիշկ հրավիրենք:
Սարյանը չպատասխանեց։
Դուք երեկվանից արդեն չեք խոսում, գուցե համրացել եք և չեք զգում, աչքերը մեծ բանալով հարցրեց խմբագիրը։
Սարյանը ժպտաց։
Հավատացեք, այդ կարող է պատահել. իմ հայրս, ասում են, ամբողջ մի շաբաթ համրացել էր և ինքը այդ չգիտեր:
Հետո՞, հարցրեց Վահանը։
Հետո մեռավ։
Մեռնելուց հետո է՞լ չզգաց յուր համրությունը։
Կարծեմ չի զգացել, լրջությամբ պատասխանեց խմբագիրը։
Սարյանը սրտանց ծիծաղեց, և այդ ծիծաղը կարծես զվարթացրեց նրան։
Ուրեմն նյութ կուղարկեք տպարան, այնպես չէ՞, սիրտ առնելով հարցրեց խմբագիրը։
Ո՛չ
Ինչպե՞ս. հապա ի՞նչ անեն գրաշարները:
Թող էլի հեքիաթներ պատմեն։
Խնդրում եմ, կատակը թողեցեք. վաղուց ձեզ սպասում է ծառան։
Այսօր ես պարապել չեմ կարող։
Բայց երեկ խո պարապել եք։
Երեկ էլ չեմ պարապել։
Իսկ անցյա՞լ օրը, անցյալի նախընթա՞ց օրը... վերջապես մի բան կունենաք, տվեք, որ ծառան ձեռնունայն չվերադառնա։
Թերթի խմբագիրն եք, ինչո՞ւ մի բան էլ դուք չեք պատրաստում։
Ո՞ւր է, կարողանում ե՞մ. մինչև ձեր գալը էլի վարժոՒթյուններ անում էի. բաներ էի գրում։ Մի անգամ էլ մի ոտանավոր գրեցի, ափսոս որ անիծած Մոմճյանը վեր առավ պատռեց. այնպես լա՜վ բան էր որ. կարծեմ կաչաղակների վրա էի գրել...
Կաչաղակների վրա՞։
Չէ, չէ մեղա աստուծո, ծիծեռնակների վրա, ծիծաղը զսպելով հարցրեց Սարյանը.
Գրել էի... լավ չեմ հիշում, թե ի՞նչ էի գրել, բայց կարծեմ այն միտքն էի հայտնում թե եթե ծիծեռնակները չլինեն, մենք չենք կարող իմանալ, թե գարունը գալի՞ս է, թե ո՛չ։
Շատ լավ միտք եք հայտնել, ինչո՞ւ համար է պատռել այն հիմարը, ասաց Վահանը ծիծաղելով։
Նախանձից, հավատացնում եմ ձեզ, նախանձից։ Վահանը սկսեց ավելի բարձրաձայն ծիծաղել:
Համրությունդ անցավ, ա՛յ, երախտիքս չեք իմանալ. դե, հիմա նյութը տվեք, որ տպարան ղրկեմ, ծառան սպասում է:
Վահանը ծիծաղը շարունակելով ձեռքը պարզեց դեպի սեղանը, որ մահճակալի մոտ էր դրված և մի քանի հատ ծալած թերթեր վերցնելով, նրանցից երկուսը ընտրեց, բաց արավ, ստորագրությունները ջնջեց և տվավ խմբագրին:
Դրանք ձեր գրածներն են. ստորագրություններդ ինչո՞ւ եք ջնջում:
Չեմ կամենում, որ այսուհետև իմ ստորագրությունները երևան «Փնջիկ»֊ի մեջ։
Ինչո՞ւ, զարմացմամբ հարցրեց խմբագիրը:
Դա գաղտնիք է. բայց եթե կամենում եք, ձեր ստորագրությունը կդնեմ այս հոդվածի տակ։
Ծաղրո՞ւմ եք ինձ։
Ոչ, ինչո՞ւ եմ ծաղրում։
Ուրեմն կատա՞կ եք անում։
Ոչ, կատակ էլ չեմ անում։
Հապա, գրեք տեսնեմ։
Վահանը վերցրեց գրիչը և երկու հոդվածների տակ էլ «Շաշյան» ազգանունը գրեց։
Ուրեմն այդպես էլ կթողնե՞ք որ մնա, հարցրեց խմբագիրը։ Այո՛, այսպես էլ կմնա։
Կնշանակե «Շաշյան» ազգանունն էլ պիտի շարվի:
Այո՛, այո՛, պիտի շարվի։
Խմբագիրը ուրախությունից չգիտեր ինչ աներ։
Որ այդպես է, պ. Սարյան, անունս էլ դրեք, թող «Մանուկ Շաշյան» լինի։
Ի՞նչ հարկ կա։
Հորեղբորս որդին էլ է Շաշյան, չէ՞ որ կկարծեն թե՝ նա է գրողը, բայց եթե «Մանուկ» անունն էլ լինի, այն ժամանակ հաստատ կիմանան, որ գրողը ես եմ։
Թող այդպես լինի, ասաց Վահանը և գրիչը վերցնելով «Մանուկ» անունն էլ ավելացրեց։
Շաշյանը վերցրեց հոդվածները, շնորհակալություն արավ աշխատակցին և ուրախ սրտով դուրս գնաց։
Վահանը դարձյալ հուզվեցավ և ընկավ մտատանջության մեջ։
«Ո՞վ կարող է հավատալ, թե այս բոլորը կատարվում է. թե սրանք իրողություններ են, իհարկե ոչ ոք, մտածում էր նա. «Փնջիկ»֊ը մի թերթ է, որ գոյություն ունի, տպվում է, տարածվում է ժողովրդի մեջ։ Նա պարծենում է յուր խմբագրով, յուր աշխատակիցներով, յուր խմբագրական ժողովներով, և սրանք բոլորը կան, ո՞վ կարող է հերքել. բայց... տեր աստված, ինչպե՞ս հեշտությամբ խաբում, ստում ու կեղծում են, ինչպե՜ս անխղճաբար հարստահարում են մարդկանց հավատը, վստահությունը... Սակայն, ի՞նչ եմ ասում, չէ՞ որ ես էլ այդ խաբվողներից և հավատացողներից մեկն էի, չէ՞ որ ես էլ հիացած, հափշտակված որոնում էի ա՛յն մթնոլորտը, ուր հասարակական բախտը ստեղծող և կառավարող, ուր ժողովրդին խելք և առաքինություն սովորեցնող իմաստուն գլուխներն են ապրում... և հասա այդտեղ․ մտա սիրածս ու գուրգուրածս մթնոլորտի մեջ և... ո՜վ զարմանք, հենց այդտեղ Շաշյանին ու Մոմճյանին պատահեցի... Իհարկե, եթե բախտը չարժանացներ ինձ նրանց աշխատակից լինելու պատվին, ես էլ ուրիշների նման Շաշյանին՝ հասարակաց ձայնի առաջնորդ և Մոմճյանին՝ ժողովրդի առաքինության ուսուցիչ պիտի ճանաչեի։ Դժբախտաբար ճշմարտությանը հասու եղա ավելի շուտ, քան հարկավոր էր, բայց ավելի ուրախ կլինեի խաբված մնալ, քան հուսահատվիլ։ Ի՞նչ են կորցնում նրանք, որոնք «Փնջիկ»֊ը առաջնորդող թերթի տեղ են դնում, որոնք չգիտեն, թե նրա խմբագիրը ապուշին մեկն է, թե նրա աշխատակիցները համբակներ են, թե նրա խմբագրական ժողովները ծառայում են թերթուս երեխաների բարքն ու վարքը փչացնելուն, թե, վերջապես, այդ հրապարակախոսական մարմինը, որի շուրջը պտտում են համակրողներ, պաշտպաններ, պաշտողներ և այլն, որին ուժ կամ կուսակցության բերան են համարում, ոչ այլ ինչ է ամփոփում յուր մեջ, եթե ոչ մի խեղճ Սարյանի, սահմանափակ զարգացման տեր մի երիտասարդի «պարապորդ ժամերի» աղքատիկ արդյունքը... Ի՞նչ են կորցնում նրանք, որոնք այս բոլորը չգիտեն, իհարկե ոչինչ։ Նրանք գոնե այն մխիթարությունն ունին, որ հավատում են, թե իրենց ազգը մի նշանավոր թերթ և մի քանի տասնյակ գործողներ ավելի ունի, իսկ ե՛ս, այդ հավատն էլ կորցրել եմ...
Այս մտածմունքների հետ միասին Վահանը արդեն հագնվել և լվացվել էր։ Նա պատրաստվում էր դուրս գալ, երբ հանկարծ դրսի դռան հնչակը քաշեցին այնպես ամուր, որ զանգը ամբողջ մի քանի րոպե սկսեց տատանվել ու ղողանջել։ Դուռը բացվելուն պես մեկը սանդուղքներով արագ֊արագ բարձրացավ դեպի վեր և աղախնից բարկացկոտ ձայնով հարցրեց.
Սարյանը տա՞նն է։
Այո՛, պատասխանեց աղախինը։
Եկվորը ոտքերը ամուր տրոփելով բարձրացավ, բայց հենց նախասենյակում մեկը նրա առաջը բռնեց հարցնելով.
Ո՞ւր ես գնում։
Սարյանի մոտ։
Ի՞նչ ունիս նրա հետ։
Ոչինչ. խոսելիք ունիմ։
Թո՛ղ, հանգիստ թող նրան. նա ո՛չ մի բանում մեղավոր չէ։
Անկարելի է. ես նրա հետ էլ պիտի հաշիվ տեսնեմ: Հանգիստ թող նրան, ասում եմ, հաշիվ ունիս, Մոմճյանի հետ վերջացրու։
Այդ էլ կանեմ, մի՛ շտապիր...
Այս խոսակցությունը, որ տեղի էր ունենում նախասենակում, որոշակի լսվում էր Վահանի սենյակում: Երիտասարդը թե՛ հետաքրքրվեց և թե՛ զարմացավ։ Նա դուռը բացավ տեսնելու համար, թե ո՞վ է այդ սպառնալիք կարդացող նորեկը և ի՞նչ հաշիվ ունի յուր հետ: Նորեկը Մովսիսյանն էր, որ նախընթաց օրը սպառնացող հայացք էր ձգել յուր վրա և որին, սակայն, Վահանը չէր ճանաչում, իսկ նրա հետ խոսողը օրիորդ Շուշանն էր։
Վահանին տեսնելուն պես Մովսիսյանը մի կողմ հրեց օրիորդին և խրոխտ քայլերով առաջացավ դեպի նրա մուտքը։
Վահանը քաղաքավարությամբ ներս հրավիրեց սպառնացող պարոնին և դուռը փակեց։
Դո՞ւք եք պարոն Սարյանը, կոշտ ձայնով հարցրեց Մովսիսյանը։
Այո՛, ձեր խոնարհ ծառան, առանց վրդովվելու պատասխանեց Վահանը։
Իմ ծառան չեք կարող լինել, քանի որ գործով ձեզ ինձ հակառակորդ եք ներկայացնում։
Ամենից առաջ, պարոն, խնդրեմ հայտնեք ինձ, թե ո՞ւմ հետ պատիվ ունիմ...
Սարգիս Մովսիսյանի։
Շատ բարի, պարոն Մովսիսյան, համեցեք նստեցեք։
Ոչ. շնորհակալ եմ. կանգնած էլ կարող եմ խոսել։
Ուրեմն խոսեցեք. ի՞նչ եք կամենում։
Դուք, պարոն, իրավունք եք տվել ձեզ հետամուտ լինել իմ հարսնացուին...
Ի՞նչ կնշանակե այդ:
Այդ կնշանակե, որ դուք կամեցել եք խլել իմ ձեռքից այն աղջկանը, որ միայն ինձ է սիրում:
եվ ո՞վ է այդ աղջիկը:
Օրիորդ Շուշանը։
Սարյանը ժպտաց։ Մի՛ Ժպտաք, պարո՛ն, թե չէ ևս պատասխանատու չեմ լինի՛լ, եթե գրգռվիմ:
Ամենից առաջ, պարո՛ն, հայտնեցեք ինձ, թե ինչո՞ւ համար եք մտել իմ սենյակը, ի՞նչ եք կամենում ինձանից, իսկ հետո ձեր գրգիռը զսպելու պարտքը թողեք ինձ վրա...
Այս խոսքերը, որոնք խրոխտ և սպառնացող ձայնով արատասանվեցան, Մովսիսյանի վրա զգալի ազդեցություն արին: Նա մի քանի աստիճան ձայնը նվազեցնելով՝ պատասխանեց:
Ես, պարոն, մտել եմ ձեզ մոտ վարձատրություն պահանջելու ա՛յն վրավորանքին, որ հասցրել եք ինձ՝ հետամուտ լինելով իմ հարսնացուին։
Պարոն, ես կարող էի մինչև անգամ ներս չթողնել ձեզ իմ սենյակը և ոչ էլ կամենալ լսել ձեր հայտարարությունն ու սպառնալիքը, բայց որովհետև տեսնում եմ, որ ձեզ մոլորեցրել են, ուստի կարևոր եմ համարում հայտնել, որ ես ձեր հարսնացուին ո՛չ հետամուտ եմ եղել, ո՛չ աշխատել եմ խլել նրան ձեր ձեռքից և ոչ էլ մտածել եմ, թե այս տանը ապրում է մի աղջիկ, որի վրա արժե ուշադրություն դարձնել...
Պարո՛ն, դուք այդ արհամարհական խոսքերով կամենում եք կրկնապատիկ վիրավորել ինձ. զգուշացեք, դուք կարող եք զղջալ, գոռաց Մովսիսյանը։
Չափավորեցեք ձեր ձայնը, թե չէ զղջացողը դուք կլինիք:
Ես վարձատրություն եմ պահանջում ստացածս վիրավորանքի համար, հասկանո՞ւմ եք, վարձատրություն... աստիճանաբար ձայնը բարձրացնելով գոռում էր Մովսիսյանը։
Ի՞նչ վարձատրություն, խելագար, ասում եմ, որ ես ձեր հարսնացուի փանաքի գոյությունն անգամ չեմ նշմարել այս տանը, չե՞ք հասկանում:
Իչպե՞ս, իմ հարսնացո՞ւն... փանաքի՞... դուք համարձակվում եք... այս ասելով նա բռունցքը շարժելով դիմեց դեպի Սարյանը։
Սյունեցի երիտասարդը ժամանակ չտվավ հակառակորդին յուր բռունցքը գործ գնելու և մի շեշտակի ապտակ չափեց նրա երեսին։
Այդ միջոցին ներս թափվեցան կռվողների մոտ օրիորդ Շուշանը, տիկին Մարթան, տան աղախինը և Շաշյանը, որոնք և մեծ դԺվարությամբ ազատեցին Սարյանի ձեռքից խրոխտացող Մովսիսյանին, որին սյունեցի կտրիճը կամենում էր տեղն ու տեղը ջարդել։
Երբ մայր ու աղջիկ դուրս տարան Մովսիսյանին, Սարյանը շտապ-շտապ հագավ վերարկուն, ծածկեց գլխարկը և դուրս գնաց։
Տասը րոպեյեից ետ նա վերադարձավ յուր սենյակը երկու մշեցի մշակների հետ, որոնց և հրամայեց հավաքել յուր իրեղենները և կապկպել։
Շաշյանի հարցին, թե ինչո՞ւ իրեղենները կապում է, նա պատասխանեց՝ տեղափոխվում եմ ավելի ընդարձակ սենյակ, ուր կարողանամ բռունցքներս ազատ շարժել. այստեղ կանայք արգելում են։
Շաշյանը չվիրավորվեց, այլ դուրս վազեց հայտնելու տանտիկնոջը Սարյանի հեռանալու մասին, որպեսզի նա արգելե յուր աշխատակցին։ Վերադառնալուց պատահեց Մոմճյանին, որը եկել էր բացատրություն պահանջելու խմբագրից այն ստորադրությունների մասին, որոնք դրված էին Սարյանի ձեռքով գրած հոդվածների տակ և որոնց խմբագիրը ղրկել էր տպարան շարելու։
Շաշյանը ավելորդ համարեց առայժմ այդ ստորադրությունների մասին խոսել և հայտնեց Մոմճյանին այն ցավալի նորությունը, որ տեղի էր ունեցել Սարյանի սենյակում։
Ի՞նչ է պատահել, ի՞նչ էր շինում այստեղ Մովսիսյանը, անհանգստությամբ հարցրեց Մոմճյանը և Շաշյանի հետ միասին մտավ նրա սենյակը։
Ի՞նչ պիտի պատահեր. իմ գուշակությունը կատարվեց, պարծեցավ Շաշյանը։
Ի՞նչ գուշակություն, հարցրեց Մոմճյանը զարմանալով, որովհետև հավատացած էր, որ Շաշյանը նախատեսելու այնքան շնորհք չունի, որ ապագա գալիքների մասին գուշակություն անե։
Ես չասացի՞ ձեզ մի օր, թե մենք վառոդը շատ ենք մոտեցրել կրակին։
Ի՞նչ առիթով էիք ասում, չեմ հիշում։ Սարյանի սիրահարության։
Հա. հետո՞։
Հետո ա՛յն, որ ես խորհուրդ տվի հեռացնել այոտեղից Սարյանին, թե չէ, ասում էի, մեծ վտանգ կտրող է առաջանալ:
Այո՛, այո՛, հիշում եմ. այժմ ի՞նչ է պատահել:
Այն է պատահել, որ Մովսիսյանը իմացել է այդ սիրահարության պատմությունը և եկել է այսօր յուր հակառակորդից հաշիվ պահանջելու:
Եվ ի՞նչ հաշիվ էր պահանջում։
Սիրահարները ինչպե՞ս հաշիվ կպահանջեն. եկել էր Սարյանին ծեծելու։
Եվ ծեծե՞ց նրան։
Ո՞նց չէ, ծեծե՞ց, կարծես թե իմ հայրենակցին հեշտ է ծեծելը։ Ընդհակառակը, Վահանը այնքան տվավ Մովսիսյանին, որ խեղճի շունչը կտրվեց։
Մինչդեռ Շաշյանը յուր հայրենակցի քաջագործության պատմությունն էր անում, Սարյանը արդեն յուր իրեղենները կապել և մշակների շալակն էր բարձել: Հազիվ վերջիններս կամեցան ոտքերնին դուրս դնել սենյակից և ահա տիկին Մարթան վրա հասնելով ճչաց.
Այդ ո՞ւր եք տանում, վայր դրեք։
Տիկին, իմ իրեղեններն են. տեղափոխում եմ ուրիշ տեղ. արգելելու ի՞նչ ունիք, առաջ անցնելով հարցրեց Սարանը:
Ձեր իրեղեններն է, կարող եք տանել, ես չեմ արգելում և արգելելու էլ իրավունք չունիմ. բայց առաջ այս տան մեջ ապրելուդ վարձը վճարեցեք։ Այդպես թաքուն ու գողունի փտխչելը պատիվ չէ բերում ձեզ և ես էլ թույլ չեմ տալ ձեզ այդպես վարվելու։
Սարյանը նոր զգաց յուր սխալը և մնաց կանգնած։ Տանտիրուհին իրավունք ուներ։ Ամբողջ ամիս էր, ինչ ինքը այդ կնոջ մոտ ապրում, ուտում և խմում էր, սեր, հարգանք և պատիվներ էր վայելում և, սակայն, այդ բոլորի փոխարեն դեռ մի որևէ փող չուներ վճարած։ Այդ բավական չէ, նա առանց մի խոսք ասելու տանտիրուհուն, դուրս էր գնում նրա տնից: Չէ՞ որ տիկինը իրավունք ուներ նրան «թաքուն ու գողունի փախչող» անվանելու։ Բայց մի՞թե խեղճ երիտասարդը դիտմամբ էր այդպես արել․ չէ՞որ նա յուր հուզման ժամանակ մոռացել էր ամեն բան. մոռացել էր յուր պարտքը, վայելած սերը, ստացած պատիվները և միայն հիշում էր մի բան, այն է որ այդ տունը, ուր բնակվում էր ինքը, չարության ոգիների մի ժողովարան է, որտեղից ժամ առաջ փախչել հեռանալ թե՛ անհրաժեշտ էր և թե՛ կարի ցանկալի։
Բայց երիտասարդի անխորհուրդ կերպով շտապելը ծանր ճգնաժամի մեջ դրավ իրեն, նա պարտավոր էր վճարել տանտիրուհուն յուր պարտքը, և ա՛յն՝ հենց այդ միևնույն րոպեին։ Բայց ո՞րտեղից վճարեր։ Յուր ունեցած փոքրիկ գումարը մինչև այդ օրը ծախսել վերջացել էր։ Նրան մնում էր նորեն ներս առներ յուր իրեղենները և այդպիսով արդարացնել տիկնոջ այն մեղադրանքը թե՝ ինքը թաքուն փախչել էր կամենում։ Այդ միտքը խորը վիրավորեց երիտասարդի ինքնասիրությունը։ Մի քանի րոպե նա մնաց լուռ արձանացած և չգիտեր ի՞նչ պատասխանել տանաիկնոջը։ Բայց հանկարծ մի բախտավոր միտք ծագեց նրա գլխում, որ յուր կարծիքով պիտի փրկեր իրեն ներկա ճգնաժամին։
Ներեցեք, տիկին, ձեր պարտքը վճարելու մասին, խոստովանում եմ, չէի մտածել։ Այնքան հուզված էի, որ այդ բանը կարող էի մոռանալ։ Բայց եթե սպասեք մի քանի վայրկյան, ես իսկույն կբերեմ։
Մի ժամ էլ կսպասեմ, գնացեք և բերեք, պատասխանեց տիկինը սառնությամբ, և երիտասարդը թողնելով նրան մշակների հետ, շտապ ներս մտավ Շաշյանի սենյակը։
Տեսնելով այդտեղ Մոմճյանին, Վահանն ուրախացավ, որովհետև նա թեպետ մտադիր էր Շաշյանից փող խնդրել, բայց կասկածում էր, թե գուցե նա չունենա, այժմ Մոմճյանին տեսնելով այդտեղ միամտվեց, որ ցանկացած գումարը անպատճառ կստանա։
Ես արդեն հեռանում եմ այստեղից, բայց նախքան հեռանալս տիկնոջը փող պիտի վճարեմ, եթե կարող եք տվեք ինձ մի երեսուն ռուբլի իմ ռոճիկի հաշվից. այս խոսքերով դիմեց Վահանը Մոմճյանին։ Հեռանո՞ւմ եք. ինչո՞ւ, հարցրեց Մոմճյանր զարմացած։
Գլխավոր պատճառը գուցե ձեզ հայտնի է, մանրամասնության մասին հետո կխոսեմ։
Պատճառը, այո՛, պարոն Շաշյանը մի հարևանցի պատմեց ինձ, բայց արժե՞ միթե մի որևէ Մովսիսյանի կողմից կրած վիրավորանքի պատճառով հեռանալ։
Արժե՞ թե ոչ հեռանում եմ. մնալ չեմ կարող. ձեզ միայն ա՛յն եմ խնդրում, որ միջոց տաք ինձ պարտքս վճարելու և այնպես դուրս գնալու։
Չէ, անկարելի է. ես չեմ կարող տանել, որ մեր աշխաաակիցը մի որևէ Մովսիսյանի վարմունքին այդքան մեծ նշանակություն տա. ձեզ չեմ թողնիլ։ Սպասեցեք, ես տիկնոջ հետ կխոսեմ։ Այս ասելով Մոմճյանր կամեցավ դուրս գալ, բայց Սարյանը նրան արգելեց:
Ո՛չ. ես արդեն վճռել եմ հեռանալ և կհեռանամ. տիկնոջ հետ խոսելու ոչինչ չունիք. տվեք ինձ խնդրածս գումարը և ես շնորհապարտ կմնամ ձեզ։
Բայց եթե այստեղից հեռանաք, խմբագրության գործը կդժվարանա, մենք պետք է միասին լինենք։ Արդյոք ամեն օր վաղ առավոտյան կարո՞ղ եք գալ այստեղ:
երբեք էլ չպիտի գամ:
Ինչպ՞ս Թե չպիտի գաք, զարմացած հարցրեց Մոմճյան:
Այնպես էլի, չպիտի գամ. կարծեմ բավական պարզ եմ խոսում:
Այո՛, պարզ եք խոսում, բայց և այնպես ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ չպիտի գաք։ Չէ՞ որ խմբագրատուն մտնել ձեզ չեն կարող արգելել ո՛չ տիկին Մարթան, ո՛չ Մովսիսյանը և ո՛չ ուրիշ մեկը։
Նրանք, իհարկե, չեն կարող արգելել, բայց ես... ինչպե՞ս ասեմ, չգիտեմ։
Շարունակեցեք, ի՞նչ էիք կամենում ասել։
Կամենում էի ասել... բայց չէ՜, այս մասին հետո կխոսենք, տվեք ինձ խնդրածս գումարը, տիկինը սպասում է ինձ։ Տիկինը համբերող է, նա կարող է երկար սպասել մի՛ անհանգստանաք. ասացեք միայն ա՛յն, ինչ որ կամենում Էիք ասել։
-- Եթե միայն քաջություն կունենաք լսել և իրավացի համարել ինձ։
Ամեն բան լսելու քաջություն ունիմ, բայց լսելուց առաջ իրավացի համարել ձեզ չեմ կարող. խոսեցեք տեսնենք։
Ես, պարոն Մոմճյան, իսկապես հեռանում եմ ձեզանից։
Ինձանի՞ց։
Ոչ միայն ձեզանից, այլ ձեր ընկերներից, բարեկամներից, ձեզ հետևողներից, միով բանիվ ա՛յն շրջանից, որի մեջ ապրում և գործում եք դուք։
Պատճա՞ռը, պարո՛ն:
Պատճառը բացատրել չեմ կարող, բայց հավատացեք, որ հարգելի է։
Որովհետև հրամայում եք, կհավատամ. գուցե այդ գոհացնե ձեր ինքնասիրությունը. բայց և այնպես դուք իրավունք չունիք ինձ վիրավորելու առանց ձեր «հարգելի» պատճառը բացատրելու։
Հարգելի պատճառն այն է, պարոն, որ ես ճանաչել եմ ձեզ ավելի լավ, քան կարող եք կարծել և հենց այդ ծանոթության շնորհիվ անհամակրելի են ինձ ձեր անձնավորությունը, ձեր գործունեությունը, ձեր գաղափարները, ձեր հայացքները։ Դուք բոլոր ժամանակ զբաղված եք ստելով, կեղծելով, դավեր լարելով, մեքենայություններ սարքելով, թե՛ թշնամիներիդ հավասարապես խաբելով։
«Ինչո՞ւ համար եք անում այդ բոլորը, չգիտեմ, գուցե ապագայում մեծամեծ բարիքներ եք սպասում այդ եղանակի գործունեությունից, ինչպես հաճախ կրկնում էիք դուք, բայց ես, ի՞նչ մեղքս թաքցնեմ, չեմ հավատում ձեզ և կարծում եմ, որ ձեզ դեպի այդ տեսակ գործեր մղողը ո՛չ թե ազգի ապագա երջանկության նախանձախնդրությունն է, այլ մի չարության ոգի, որը, չգիտեմ ի՞նչ խորհրդավոր նպատակով, բնակալել է ձեր երիտասարդ սրտի մեջ։
Պարո՛ն, պարո՛ն, չափավորեցեք ձեր հանդգնությունը... ներքին վրդովմունքով բացագանչեց վերջապես Մոմճյանը, որ մինչև այն համբերությամբ և մեծանձնություն կեղծելով լսում էր Սարյանին: իհարկե, նա կկամենար դարձյալ համբերել. նա կշարունակեր դարձյալ ժպտալ և մեծանձնություն կեղծել, որովհետև չէր կամենում Սարյանի նման պիտանի երիտասարդին հեռացնել իրենից, չէր կամենում յուր թաքուն նպատակներին ծառայող «Փնջիկ» թերթր զրկել այն անզուգական աշխատակցից, որը այդ անվան տակ բուն խըմբագրի դերն էր կատարում։ Սակայն Սարյանի նկատողություններն անցնում էին արդեն չափավորության սահմանը և շոշափում էին յուր արժանապատվությունը։
Մոմճյանը որքան էլ թանկ գնահատեր այդ երիտասարդի բարեկամությունը, այսուամենայնիվ, չէր կամենալ յուր պատվասիրությունը զոհել այդ բարեկամությանը, մանավանդ որ Սարյանի վերջին խոսքերից արդեն նա չափում էր այն անջրպետը, որը բաժանում էր իրեն այդ պահպանողական հոգով մեծացած երիտասարդից և նորից նրան գրավելու հույսը ի դերև էր հանում։
Մոմճյանի բացականչությանը Սարյանը ավելի մեղմ ձայնով պատասխանեց։
Մի՛ վրդովվիք և թույլ տվեք, որ վերջացնեմ, որովհետև մի քանի րոպե առաջ ասացիք, որ քաջություն կունենաք ինձ լսելու, ուրեմն լսեցեք.
Ձեր մասին այս աստիճան վատթար կարծիք ունենալուս պատճառը ինքներդ եք։ Ես միշտ ցանկացել եմ ազնիվ մարդ ճանաչել ձեզ. բոլոր ուժս գործ եմ դրել ձեր հայտնած տարօրինակ կարծիքները, բարոյական օրինաց հակառակ մտքերը, հայացքները և այլն հոգուտ ձեզ բացատրել․ միշտ աշխատել եմ ինձ տգետ և ձեզ գիտնական ճանաչել, որպեսզի այդպիսով կարողանամ արդարացնել այն անճոռնի և անհեթեթ քարոզությունները, որ շարունակ անում էիք թե՝ ինձ և թե՛ ձեր շրջանի մարդկերանց։ Ինձ համար ծանր էր հավատալ, թե արդարև դուք այն մարդն եք, ինչ որ երևում էիք. ցանկանում էի այդ դեպքում մինչև անգամ խաբվել... Բայց այս վերջին հայտնությունները հաստատապես համոզեցին ինձ, որ ես իզուր եմ մաքառում իմ խղճի և նախազգաըման դեմ, որ ես, արդարև, չեմ կարող ապրել ու գործել ձեզ հետ, որովհետև ես ազնվության, անկեղծության և ճշմարտության սիրահարն եմ, իսկ դուք՝ ստության, խարդախության և անիրավության...
Պարո՛ն Սարյան, բավական է վերջապես, դու փորձության եք ենթարկում իմ հարաբերությունը... ես կարող եմ ինձ մոռանալ, որոտալով բացականչեց Մոմճյանր և բռունցքով զարկեց սեղանին, որի կողքին կանգնած էր ինքը։
Լավ կանեք, որ ձեզ չմոռանաք, հակառակ դեպքում ինքս կհիշեցնեմ ձեզ ձեր գոյությունը, սառնասրտությամբ, բայց, սպառնացող ձայնով պատասխանեց Սարյանը. ես, պարոն, իմ ասելիքը արդեն ասել եմ։ Մնում է խոստովանել ձեզ մի գաղտնիք, որը կարող է արդարացնել իմ ձեզ արած նկատողությունների խստությունը. այդ ա՛յն է, պարոն, որ ես երեկ կանգնած էի ձեր նախասենյակում և լսում էի այն անկեղծ խոստովանությունները, որ դուք իմ վերաբերմամբ անում էիք տիկին Մարթային՝ համեմելով նրանց մտերմական կատակներով...
Դո՞ւք, իմ նախասենյակում, ի՞նչ իրավունքով...
Ես էլ եկել էի բացատրություն պահանջելու ա՛յն ինտրիզայի մասին, որը սարքել էիք իմ դեմ, և որի վերջաբանը այսօր Մովսիսյանի հետ ավարտեցինք։
Այդ ցածություն, այդ ստորություն է... բարկությունից կարմրելով և խաժակ աչքերը յուղոտ կապիճների մեջ սպառնալից ձևով շրջելով բացականչեց Մոմճյանը։
Ձեր ինձ քարոզած հարյուր ցածություններից մեկը միայն գործ գրի և այն, ոչ թե ուրիշին վնասելու, այլ ինձ վնասից ու վտանգից ազատելու համար և, տեսնում եք, ձեզ գրգռում է իմ վարմունքը։ Հապա ի՞նշ կանեիք, եթե մնացյալ իննսունինը ցածություններն էլ գործ դնեին ձեր դեմ... Այս փոքրիկ փաստը թող համոզե ձեզ, որ դուք անիրավության ճանապարհով եք առաջ գնում և որ ձեր ու ձեզ հետևողների վախճանը կորստյան անդունդն է:
Այս միջոցին սենյակի դուռը բացվեցավ և տիկին Մարթան գլուխը դռան միջից հանելով ճչաց. Պարոն, ինչո՞ւ ինձ այստեղ սպասեցնել եք տալիս, բերում եք, բերեք փողը, թե չէ ես գործ ունիմ։
Օհ, ներողություն, ներողություն, իսկույն, այս րոպեին, ասաց Uարյանը և ապա դառնալով Մոմճյանին, ավելացրեց. տվեք ինձ, խնդրեմ, իմ ռոճիկը, այդ կինը սպասում է։
Ձեր ռոճի՜կը. ի՞նչ ռոճիկ ենք խոստացել ձեզ:
Մոոացե լ եք։
Ոչ չեմ մոռացել... բայց ինչպե՞ս ենք որոշել... խնդրեմ նայեցեք մեր հիշատակարանը, դարձավ Մոմճյանը Շաշյանին։
Ինքս կարող եմ հիշեցնել ձեզ, ասաց Սարյանը, դուք ինձ խոստացել եք իբրև վարձատրություն «Փնջիկ»-ի տարեկան զուտ օգտի քսանևհինգ տոկոսը։
Այո՜, ես էլ այդպես եմ նշանակել այստեղ, վկայեց Շաշյանը նայելով հիշատակարանին։
Լավ, կնշանակե յուրաքանչյուր հարյուր ոուբլուց քսանևհինգ ռուբլի, ասաց Մոմճյանը։
Այո , ճիշա այդպես, հաստատեց Շաշյանը։
Ուրեմն, նայեցեք հաշվեգրքին և տեսեք, թե մեր այս տարվա զուտ օգուտը որքա՜ն է, որպեսզի նրան ամիսների վրա բաժանելով, պարոնին հասանելիք ռոճիկի չափը որոշենք։
Այս տարի մենք զուտ օգուտ չենք ունեցել. ընդհակառակը, ավելորդ ծախսերից առաջացած պարտք ունենք մոտ վեց հարյուր ռուբլի, հաշվեգրքին նայելով հայտարարեց Շաշյանը։
Կնշանակե յուրաքանչյուր ամիս վնաս ունենք հիսո՞ւն ռուբլի- հարցրեց Մոմճյանը։
ճիշտ այդպես։
Ուրեմն պարոն Սարյանի բաժինը կլինի 12 ռ. 50 կոպեկ, հաշվեց Մոմճյանը։
Ինչպե՞ս, ուրեմն մի ամսվա ծառայության համար միայն այդքա՜ն եք վճարում. զարմացած հարցրեց Սարյանը, Մոմճյանի խոսքը չհասկանալով։
- Ոչ թե վճարում ենք, այլ պիաի ստանանք ձեզանից: 12 ռ. 50 կոպեկ, որովհետև այս տարի ձեր բախտից մենք ոչ՜թե օգուտ, այլ վնաս ունենք։
Ի՞նչ եք ասում, ես չեմ հասկանում, շփոթված հարցրեց Վահանը։
Այն եմ ասում, որ մեր պայմանը ընկերական է եղել, այսինքն մեր թերթի զուտ օգտի քսանհինգ տոկոսը դուք պետք է ստանայիք, կնշանակե դուք մեր օգտի ընկերն եք եղել։ Եվ որովհետև առևտրական օրենքով օգտի ընկերը վնասին էլ ընկեր է լինում, կնշանակե այս ամսվա համար փոխանակ մեզանից փող ստանալու, ինքներդ պիտի վճարեք մեզ 12 ռ. 50 կոպեկ, որը մեր կրած վնասի ձեր բաժին քսանուհինգ տոկոսն է կազմում, ցինիկական լրջությամբ ասաց Մոմճյանը։
Սարյանը երկու քայլ ետ գնաց, խոժոռեց դեմքը և հրացայտ աչքերը Մոմճյանի շարժուն բիբերին ուղղելով, լուռ սրտմտությամբ նայեց նրան մի վայրկյան և ապա գլուխը շարժելով բարձրաձայն արհամարհանքով արտասանեց.
Դուք կարող եք պարծենալ այն առավելությամբ, որ անամոթությունը ձեր պատկերով է շրջում մարդիկների մեջ... այդ պարծանքը կլինի նաև ձեր հասարակական գործունեության վարձատրությունը... իսկ ես գոհ եմ արդեն նրանով, որ այս փոքրիկ զոհաբերության գնով կարողացա վերջապես խլել ձեր երեսից ձեր մարդախաբ դիմակը...
Այս ասելով նա շուռ տվավ երեսը և առանց ուշադրություն դարձնելու Մոմճյանի հայհոյանքներին, դուրս գնաց նախասենյակը։ Այստեղ սպասում էին նրան տիկին Մարթան, յուր աղախինը և երկու մշակները իրենց կապոցներով։
Իմ հաշվի մեջ չարաչար սխալվեցա, տիկին, ասաց Վահանը տանտիրուհուն. հույս ունեի թե այս մարդիկներից ռոճիկ կստանամ և պարտքս կվճարեմ, բայց բանից երևաց, որ դեռ ես եմ իրենց պարտական... Ինչպես տեսնում եք, իմ բոլոր կարողությունը այս երկու կապոցներն են կազմում։ Մեծի մեջ գտնվում են իմ անկողինը, ճերմակեղենը և իմ գրքերը, որոնք իմ գործածության համար անհրաժեշտ են. փոքրի մեջ՝ իմ նոր հագուստները։ Վերջին կապոցը պահեցեք խնդրեմ ձեզ մոտ, իբրև գրավ, իմ պարտքի համար, իսկ մյուսը իբրև անհրաժեշտություն, թույլ տվեք տանելու:
Համաձայն եմ, ասաց տիկինը և հագուստների կապոցը տալով աղախնին՝ հրամայեց տանել յուր սենյակը:
Մյուս կապոցը Վահանը հանձնեց մշակներից մեկին և նրա հետ միասին դուրս գնաց իրեն այնքան վիշտ ու զրկանք պատճառող ատելի տանից։